Jump to content

ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՏՊԱՐԱՆԸ


Recommended Posts

ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՏՊԱՐԱՆԸ

(1636-1972)

Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի տպարանը հանդիսանում է բովանդակ Իրանի եւ Միջին Արեւելքի առաջին տպարանը, որի պատճառով էլ իր իւրայատուկ տեղն ունի, թէ՛ այս շրջանի զարգացման ու վերելքի եւ թէ հայկական այս ուղղութեամբ տարւող ճիգերի ու աշխատանքների մէջ:

ՏՊԱԳՐԱԿԱՆ ԳԻՒՏՆ ՈՒ ՀԱՅԵՐԵՆԱՌԱՋԻՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տպագրութեան գիւտը տեղի ունեցաւ գերմանացի Յովհան Գուտենբերգիձեռքով 1445 թւին, իսկ առաջին գիրքը տպագրւեց մէկ տասնեակ տարի յետոյ՝ 1455 թւին:

Այս գիւտից հազիւ եօթանասուն տարի անցած, Վենետիկում Յակոբ Մեղապարտի կողմից տպագրւեցին հայերէն լեզւով առաջին գրքերը, որոնք են՝ «Պարզատումար» (1512 թ.), «Պատարագատետր» (1513), «Ուրբաթագիրք», «Աղթարք» եւ «Տաղարան»:

Առաջին տպագրիչ Յակոբից յետոյ, երկրորդն եղաւ Աբգար դպիր Թոքատեցին կամ Եւդոկիացին, որ նոյնպէս Վենետիկում 1565 թւին տպագրեց հայերէն առաջին օրացոյցը «Խառնափնթուր տումարի գեղեցիկ եւ պիտանի» անունով:

Վենետիկից յետոյ երկրորդ վայրը, ուր հայերէն տպարան է աշխատել, եղել է Կ. Պոլիսը, որտեղ իր տպարանը տեղափոխել ու գրքերի հրատարակութիւնը շարունակել է Աբգար Դպիրը 1567 թւին:

Հետագայում յաջորդաբար հայկական տպարաններ են հիմնւել Հռոմում՝ 1594 թւին, Լւովում՝ 1616 թւին, Միլանում՝ 1621 թւին, Փարիզում ինչպէս եւ այլ վայրերում եւս հայերէն գրքեր են տպագրւել, բայց դրանք չեն եղել հայր տպարաններ:

Հայկական հիմնման 7-րդ տեղը պատկանում է Նոր Ջուղային, ուր տպարան է հիմնւել առաջնորդ Խաչատուր վրդ. Կեսարացու ջանքերով 1636-1637 թւականներին, իսկ առաջին գիրքը տպագրւել 1638 թւին:

Խաչատուր Վարդապետի Առաջնորդութիւնը Եւ Տպարանի Հիմնումը

Խաչատուր վրդ. Կեսարացին, համարւում է Ամենափրկիչ վանքի արժանաւոր ու ժրաջան առաջնորդներից մէկը, որ թէեւ յետոյ եպիսկոպոսական աստիճան է ստացել, բայց եւ միշտ էլ մեր գրականութեան մէջ յիշւում է վարդապետական պարզ աստիճանով:

Կեսարացին նախքան 1620 թիւը Մովսէս կաթողիկոսի կոնդակով, որպէս նւիրակ գնում է Նոր Ջուղա. նրա նւիրւած գործունէութեանն ու երիտասարդական եռանդին ի տես, մանաւանդ որ արդէն ծերացել ու տկարացել էր Ջուղայի առաջին առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոսը, տեղի ժողովուրդը սիրով է կապւում նրա հետ եւ խնդրում է կաթողիկոսին որ նրան նշանակէ որպէս իրենց առաջնորդ:

Կեսարացին 1620 թւին ստանձնելով Ջուղայի Թեմի առաջնորդական պաշտօնը, շուտով ընդլայնում է տեղի կրթական գործը եւ նոր շունչ ու եռանդ մտցնում:

Շուրջ մէկ տասնամեակ տեղում աշխատելուց յետոյ, երբ 1630 թւին որպէս նւիրակ գնում է Յունաստան եւ Լեհաստան, Նիկոլ Թորոսովիչի վէճին վերջ տալու համար, Եւրոպայում տեղեկանում է տպագրւած գրքերի մասին եւ կամ նոյնիսկ տեսնում, ու երբ Նոր Ջուղա է վերադառնում, ինքն եւս ձեռնարկում է գրքերի տպագրելու դժւարին աշխատանքին:

Վանքի միաբան հայրերը, այդ օրերում, իրենց նեղլիկ խուցերում, որ շարւած էին գլխաւոր մուտքի հիւսիսային կողմում, զբաղւած էին գրչութեան արւեստով, որոնց աշխատանքի դանդաղ ընթացքը չէր կարող բաւարարել մի լուսամիտ ու եռանդուն առաջնորդի, ուստի նա մտածում է ինքն եւս հիմք դնել տպարանի, երբ միանգամայն անծանօթ էր տպագրութեան արւեստին, ինչպէս որ իրաւամբ նա գրում է իր առաջին տպագրած գրքի՝ «Սաղմոս»-ի յիշատակարանում:

Տպարանական աշխատանքներն սկսւում են դեռեւս 1636 թւից. վանքի ողջ միաբանութիւնը լծւում է ծանր ու դժւարին աշխատանքի, տնային միջոցներով պատրաստում են մամուլ, թուղթ, մելան, տառեր եւ ձեռնարկում գործը գլուխ բերելու, որի աշխատանքները տեւում է մէկ տարի եւ հինգ ամիս եւ 1638 թւին տպագրւում է Ջուղայի առաջին գիրքը «Սաղմոս»-ը:

Ինչպէս որ մինչեւ այժմ յայտնի է, Խաչատուր Կեսարացու ժամանակ Ջուղայի տպարանում տպագրւել են չորս գիրք, որոնք ըստ թւականների հետեւեալ պատկերն են ներկայացնում.

«Սաղմոս Ի Դաւիթ 1638 թ.

«Հարանց Վարք 1641 թ.

«Խորհրդատետր 1641 թ.

«Ժամագիրք Ատենի 1642 թ.

Սոյն թւականները նրանց աւարտման թւականներն են, ուստի այդ հերթականութեամբ էլ ստորեւ առանձին առանձին անդրադառնում ենք իւրաքանչիւրին, բերելով դրանց լրիւ յիշատակարանները:

Կեսարացու Տպագրած Գրքերը

1. Սաղմոս Դաւթի

«Սաղմոս Դաւթի» -ն կամ գիրքի ունեցած հարազատ խորագրով «Սաղմոս ի Դաւթի» գիրքը, Խաչատուր վրդ. Կեսարացու տպարանից լոյս տեսած առաջին հրատարակութիւնն է, որը մինչեւ 1968 թիւը, այսինքն շուրջ 330 տարի անյայտ էր մնացել մեր բանասէրներին:

«Սաղմոս-ը տպագրւել, կամ աւելի ճիշտ, տպագրութիւնը աւարտւել է 1638 թւին. կպագրական աշխատանքը տեւել է մէկ տարի եւ հինգ ամիս, ինչպէս որ ասում է գրքի յիշատակարանը:

2. Հարանց Վարք

«Հարանց Վարք»-ը Ջուղայի տպարանից լոյս տեսած երկրորդ գիրքն է, որն իր ծաւալով գերազանցում է Խաչատուր Կեսարացու կողմից տպագրւած միւս գրքերին:

Համաձայն գրքի յիշատակարանին, տպագրութիւնը աւարտւել է 1641 թւին: «Հարանց Վարք»-ը որ հոգեւոր հայրերի՝ ճգնաւորների կեանքն ու մի շարք մոլութիւնների ու խրատական գրւածքների ժողովածու է, ինչպէս որ ասում է «Հայելի վարուց յորում կան պատմութիւն հեշտալուրք եւ բանի օգտակարք առ ի փրկութիւն մարդկան», իր տեսակի մէջ մի կոթողական գործ է, նորահիմն մի տպարանի համար:

3. Խորհրդատետր

«Խորհրդատետր»-ը կամ «Պատարագամատոյց» -ը հանդիսանում է Խաչատուր Կեսարացու տպագրած երրորդ գիրքը: Թէեւ սրա մասին յիշատակութիւն եղել է մեր բանասէրների կողմից, բայց իրականում գիրքը յայտնաբերւել եւ լրիւ նկարագրւել է վերջին տարիներում :

Ինչպէս յիշւեց «Հարանց Վարք» -ի նկարագրման ժամանակ, սոյն գրքոյկը աւարտւած լինելով նրա հետ միաժամանակ՝ 1641 թւին, պէտք է ընդունել որ այն տպագրւել է «Հարանց Վարք» -ից յետոյ, ուստի եւ պէտք է այն համարել Ջուղայի առաջին տպարանի երրորդ գիրքը:

«Խորհրդատետր»-ը, ինչպէս անունն է ցոյց տալիս, մի գրքոյկ է, բաղկացած 48 էջից եւ բաժանւած 6 պրակի, իւրաքանչիւրը չորսական թերթով (կամ 8-ական էջ):

Համարակալւած է այկական թւանշաններով՝ Ա-ԽԷ (1-47), էջահամարների մէկ թւի պակասն առաջացել է 44 եւ 45 (ԽԴ եւ ԽԵ) էջերի միջոցում չհամարակալւած մէկ էջի պատճառով :

4. Ժամագիրք Ատենի

«Ժամագիրք Ատենի» -ն կամ իր ընդարձակ խորագրով «Սաղմոսանց Դաւթի եւ կարգաւորութիւն հասարակաց աղօթիցեկեղեցեայց Հայաստանեաց» գիրքը, տպագրւել կամ, ասենք տպագրութիւնը աւարտւել է 1642 թւին, որով եւ հանդիսանում է Ջուղայի տպարանի չորրորդ գիրքը:

Աշխատանք է տարւել տառերը խոշորացնելու, որի պատճառով էլ գրքի մի մասը՝ սկզբից մինչեւ էջ ՈԶ (606), որ Ժամագրքի վերջն է, շարւած են խոշոր, իսկ յետոյ փոքր տառերով, որ դարձեալ աւելի մեծ են քան «Հարանց Վարք» -ի տառերը:

Խաչատուր Կեսարացու տպարանը, որ իր տեսակի մէջ կարելի է գիւտեմբերգեան երկրորդ գիւտը համարել, շատ կարճ կեանք է ունեցել: Հազիւ վերոյիշեալ չորս գիրքը տպագրելով, ըստ հասած տեղեկութեան, եղած հակառակութիւնների պատճառով, այրւել է տպարանն ու մամուլը, որից ներկայիս մնում են միայն որոշ թւով տառեր եւ մի քանի տառաշարի կաղապարներ:

Յովհաննէս Վարդապետ Քթրշենց Եւ Իր Տպագրական Աշխատանքները

Ջուղայի տպարանը զարգացնելու եւ լաւ ու նոր հիմքերի վրայ դնելու համար, Խաչատուր Կեսարացին, առաջին գրքի տպագրութիւնից յետոյ, իր ուշիմ աշակերտներից մէկին, Յովհաննէս վրդ. Քրթշենցին, ուղարկում է Եւրոպա, տպագրական անհրաժեշտ աշխատանքներին ծանօթանալու եւ նոր գիտելիքներով ու մամուլով վերադառնալու համար:

Յովհաննէս վարդապետի Եւրոպագնալու մասին, առաջին անգամ յիշատակւած է «Ատենի ժամագիրք»-ի յիշատակարանում (էջ 605):

Յովհաննէս վարդապետը Եւրոպայում մնում է եօթը տարի՝ 1639-1646 թիւը եւ շրջում զանազան երկիրներ՝ Վենետիկ, Հռոմ եւ այլուր, որի ընթացքում կանգ է առնում Լիվոռնոյ քաղաքում, ուր 1644 թւին տպագրութեան է յանձնում «Գիրք եւ Սաղմոսք Դաւթի որ եւ Սաղմոսարան կոչի» գրքոյկը եւ ուղարկում իր ուսուցիչ Խաչատուր Կեսարացուն :

Յովհաննէս վարդապետը իր տպագրական աշխատանքների ընթացքին, Եւրոպայի այլ յարանւանութեանց պատկանող կղերականների կողմից ենթարկւում է խիստ հալածանքի, բայց այդուհանդերձ յաջողում է իր առաքելութեան մէջ եւ 1646 թւին վերադառնում է Նոր Ջուղա իր հետ բերելով Մամուլ ու տառեր:

Մինչեւ Յովհաննէս վարդապետի վերադարձը վախճանւում է Խաչատուր Կեսարացին, զրկելով նրան իր պաշտպանութիւնից ու հովանաւորութիւնից, որի պատճառով էլ հանդիպում է խիստ հակառակութիւնների ու դժւարութիւնների:

Յովհաննէս վարդապետն իր ունեցած դժւարութիւններով հանդերձ, 1647 թւին տպագրում է «Գիրք տումարաց որ եւ պարզատումար կոչի» գիրքը, ապա ձեռնարկում է տպագրելու «Աստուածաշունչ»-ը, որ մնում է թերի, սոյն ժամանակներում նա տպագրում է նաեւ «Պօղոսի թուղթք» հատւածը եւ այլ «բազում» գրքեր, ինչպէս որ ասում է Խաչատուր աբեղան:

Ստորեւ համառօտ ձեւով, ըստ մեր ունեցած ժլատ տեղեկութիւնների, անդրադառնանք այդ լրիւ ու թերի մի քանի գրքերին, որոնք են:

«Գիրք տումարաց որ եւ պարզատումար կոչի» 1647 թ.

«Աստուածաշունչ» 1650՞ թ.

«Պօղոսի թուղթք» 1650՞ թ.

Յովհաննէս Վարդապետի Անձն Ու Վախճանը

Անհրաժեշտ ենք գտնում երկու բառով անդրադառնալ նաեւ մեր այս երախտաւոր վարդապետի անձին ու գործին, ինչպէս եւ նրա չարաբաստիկ ու արկածաւոր վախճանին, որպէս մէկ կամաւոր զոհի:

Նախքան այդ, տեղին է այստեղ ասենք, որ Յովհաննէս վարդապետի Եւրոպայից բերած մամուլից կամ տպագրական պարագաներից, այժմ մնում են միայն տառերի մայրեր եւ մի շարք պղնձեայ քլիշէներ:

Այս քլիշէներից 20-ը պատկանել են Գրիգոր Լուսաւորչին համարակալւած Ա-ի: Սրանցից երկուսը՝ համար Բ. եւ Ի. 1930-ական թւականներին բերւել են Ս. Յովհաննէս եկեղեցուց եւ դրւել թանգարան, համար 208 եւ 209 ի ներքոյ, որոնց ինչ լինելը անյայտ էր, մինչեւ որ սրանից մի քանի տարի առաջ, տպարանում տողերս գրողի կողմից կատարւած պրպտումների ընթացքին, երեւան եկան 13 նոյնանման քլիշէներ եւս, որոնց ուսումնասիրութիւնը ցոյց տւեց, որ պատկանել են յովհաննէս վարդապետին, եւ որոնց մաս են կազմում նաեւ թանգարանում եղած երկու քլիշէները:

Նկատի ունենալով, որ վանքի Տաճարի Գրիգոր Լուսաւորչին վերաբերող որմնանկարները, հարազատ նմանութիւնն ունեն այս քլիշէների հետ, ուստի վստահաբար կարելի է ասել, որ դրանք նկարւել են սրանց վրայից:

Ստորեւ առաջ ենք բերում քլիշէների լրիւ ցանկը, ըստ իրենց վրայ ունեցած հերթական համարների.

Ա.Գրիգոր Լուսաւորչի նկարը (դիմանկար).

Բ. Ձեռքերը փայտին կապելը (թանգարան).

Գ. . . . . . . . . . . . . . . . .

Դ. Ոտքերը կոճղի մէջ դնելը.

Ե. Ձերբակալելը.

Զ. Ծեծելը.

Է. Գլուխը ճզմիչի տակ դնելը.

Ը. Գլուխը պարկի մէջ դնելը.

Թ. Որովայնը իւղ լցնելը.

Ժ. Գամերի վրայ քաշ տալը.

ԺԱ. . . . . . . . . . . . . . . . .

ԺԲ. Ծառից կախելը.

ԺԳ. Գլխին իւղ ածելը.

ԺԴ. Ծիրապ գցելը (քլիշէի վերի ու ցածի մասից կտրւած է).

ԺԵ. Կրդատ թագաւորին բժշկելը.

ԺԶ. Կրդատի եւ թագուհու մկրտւելը (Քրիստոնէութիւնն ընդունելը).

ԺԷ-ԺԹ. . . . . . . . . . . . . . . . .

Ի. Գրիեոր Լուսաւորչի գահին բազմելը (թանգարան):

Այս քլիշէները բոլորն էլ մայրեր են, այսինքն հակադարձ տառերով փորագրւած, որ սովորական տպագրումով, գրութիւնը լինում է սպիտակ սեւ Ֆօնի մէջ : Սրանցից մի քանիսն ունեն թւականներ:

Այս քլիշէների գրեթէ բոլորի առաջին տողի վրայ քանդակւած է.

« ԿԱՐԳ (Ա) Ի ՅԻՇԱՏԱԿ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՋՈՒՂԱՅԵՑՒՈՅ: ՈՐ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՈՒԱՄԲ ՔԹՌԷՇԷՆՑ ԱՍԻ Ի ԹՒԻՆ ՌՂԱ (1642) »

Տպագրական Նոր Ճիգեր

Յովհաննէս վարդապետի Նոր Ջուղայից հեռանալուց յետոյ, դադարում են նաեւ տեղի տպագրական աշխատանքները, որ տեւում է մինչեւ 1687 թիւը:

Վերոյիշեալ թւերին, Ստեփանոս առաջնորդի ժամանակ, խիստ վէճ ու անհամաձայնութիւն է ծագում Ջուղայի կաթոլիկ եւ Հայաստանեաց Առաքելական եկեղեցւոյ հայերի մէջ, որի պատճառով էլ կրկին կարգի է դրւում Յովհաննէս վարդապետի Եւրոպայից բերած մամուլը եւ տպագրութեան յանձնւում երեք գիրք:

Տպագրւած այդ գրքերն են.

«Գիրք ատենական որ ասի վիճաբանական» 1687 թ.

«Գիրք ժողովածոյ ընդդէմ երկաբնակաց» 1688 թ.

«Գիրք համառօտ վասն իսկապէս ճշմարիտ հաւատոյ» 1688 թ.

Տպագրական Նոր Մամուլներ

Վանքի տպարանը շուրջ երկու դար (184 տարի) փակ մնալուց յետոյ, աշխատել է սկսում 1872 թւականից, սրանից ճիշտ հարիւր տարի առաջ :

Տպարանի այս մամուլը, որ երրորդը կարելի է համարել, նւիրւել է ջուղայեցի վաճառական ջաւաբնակ Մանուկ Յորդանանեանի (աղջկանց դպրոցի հիմնադիր) կողմից:

Համաձայն մինչեւ այժմ տիրող կարծիքին եւ տպարանի առթիւ տպագրւած առանձին գրքի տւած տեղեկութեան, մամուլը նւէր է ուղարկւել 1844 թւին, բայց ըստ «Ազգասէր» ամսագրի հաղորդած մի լուրի, մամուլը Ջուղա է ուղարկւել 1846 թւին, որի փոխադրութեան սխալ կարգադրման հետեւանքով, կազմածի մի մասը նախ գնացել է Հնդկաստան:

Համաձայն «Ազգասէր»-ի հաղորդած տեղեկութեան մեզ թւում է, որ մամուլի լրիւ կազմածը հազիւ թէ 1848-49 թւերին Ջուղա հասած եւ ամբողջացած լինի, բայց այդ ժամանակ եւս դրան միացնող չլինելով, երկար ժամանակ մնում է վանքի մի անկիւնում ընկած:

Սրա տառերը նոր ընծայ Տէր Դիոնիսիոս Տէր Եղիազարեանը ի մի հաւաքելով, մի փոքր ճնշիչ մամուլով տպագրում է 1863 թւի գրպանի մի օրացոյց:

Վանքի այս մամուլը մնում է անգործածելի մինչեւ 1872 թիւը երբ շնորհիւ առաջնորդ Գրիգորիս արք. եպիս. Յովհաննիսեանի ջանքերի, գործի է դրւում եւ սկսւում է աշխատել, որի օգտագործումը տեւում է մինչեւ 20-րդ դարի սկիզբները, որից յետոյ որպէս մաշւած ու հնացած դրւում է պահեստ:

Նոր թանգարանի կառուցումից յետոյ, այժմ այն դրւել է ցուցադրութեան, արձանագրւած է 348 համարի ներքոյ: Պատրաստւած է 1841 թ. եւ կոչում է «Արծիւ»:

Նախքան այս մամուլի աշխատելը, ըստ Տիգրան Աբգարեանի տւած տեղեկութեան «Ն. Ջ. Տպարանը» էջ 8), վիմատիպ մամուլով տպագրւել են դասագրքեր եւ այլ աշխատութիւններ, որոնցից դժբախտաբար մինչեւ այժմ որեւէ օրինակ չենք ունեցել ձեռքի տակ :

1904 թւականը գալիս է նոր թափ տալու Ջուղայի տպագրական գործին: Սոյն թիւն բագւեբնակ Թումանեան եղբայրների Առեւտրական Տունը, իրենց հանգուցեալ եղբօր՝ Յովսէփ Թումանեանի յիշատակին, վանքի տպարանին է նւիրում, այն օրերի հասկացողութեամբ մի արագատիպ արդիական մամուլ, իր բոլոր յարմարութիւններով, որն սկսում է աշխատել եռանդուն ձեւով, շնորհիւ բարեկարգիչ ու բարեջան առաջնորդ Բագրատ վրդ. Վարդազարեանի:

Այդ օրերի մեծ ու փոքր բազմաթիւ տպագրութիւնների հետ յիշատակութեան արժանի է նաեւ «Նոր Ջուղայի Լրաբեր» երկշաբաթաթերթը, որը իր ուղղութեամբ ու ազգային ոգով, յատուկ տեղ ունի Ջուղայի մշակութային աշխատանքների մէջ:

Թումանեանների նւիրած մամուլը աշխատում է այժմ եւս, միայն թէ մինչեւ վերջին տարիները բանում էր ձեռքով պտտւող անիւով, իսկ այժմ գործում է ելէկտրականութեամբ աշխատող մի շարժակով: Թէեւ դա հեռու է արդիական մի մամուլ լինելուց, բայց եւ մի միջոց է տպագրութիւնը մասամբ արագ կատարելու համար:

1971 թւի Հոկտեմբեր ամսին, տիկ. Վիկտորիա Շահբազեանը, մի այրիացեալ ու վաստակեալ ուսուցչուհի, ընդառաջ գնալով Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Գարեգին Սրբազանի կոչին, իր միակ որդու՝ Էմիլի յիշատակին: Տպարանին նւիրեց գերմանական «Հայդըլբէրգ» գործարանի մի ինքնաշխատ արդիական մամուլ, որը թէեւ իր տպագրական չափով փոքր, բայց իր արագ ընթացքով՝ ժամանակ մինչեւ 5500 օրինակ, հնարաւորութիւն է տալիս շատ արագ աշխատանքներ կատարելու:Ի լրացում այս մամուլին, տիկ. Շահբազեանի եղբօր՝ պրն. Սարգիս Մարտինի կողմից եւս նւիրւեց մի կայծի ոյժով աշխատող չեխոսլովական «Մաքսիմա» անունով արդիական մի կտրիչ մեքենայ, որն եւս եկաւ փոխարինելու ձեռքով աշխատող նախկին կտրիչին:

Ընդհանուր ակնարկ Տպագրւած Գրքերի Վրայ

Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի տպարանից, 335 տարիների ընթացքում, լոյս են տեսել 372 հատոր գիրք ու գրքոյկներ, որոնց կարելի է բաժանել վեց մասի, ըստ հետեւեալ ցանկի.

Գիրք ու գրքոյկներ

Օրացոյցներ

Տեղեկագրեր

Կանոնադրութիւններ

Պարբերականներ

Զանազան

1. Գիրք ու գրքոյկներ .- Գիրք ասելով հասկանում ենք 705 էջից բաղկացած «Հարանց Վարք»-ը եւ նրա հետ նաեւ 8 էջից բաղկացած «Աստւածաշունչ մատեան» -ը կամ աւելի փոքր՝ 4 էջից բաղկացած մի կանոնադրութիւն:

Այս գրքերի ու գրքոյկներից ոմանք ունեն շապիկների տպագրութեան յարմար դասաւորումներ եւ սկսեալ 1890-ական թւերից մինչեւ 1940-ական թւերը, վաճառւել են վանքում եւ ազգային դպրոցներին պատկանող գրավաճառանոցում:

2. Օրացոյցներ .- Նոր Ջուղայի առաջին օրացոյցը լոյս է տեսել 1863 թւի համար եւ վստահաբար տպագրւել է 1862 թւին, նոր ընծայ Տէր Դիոնիսիոս Տէր Եղիազարեանի ձեռքով: Ապա սկսեալ 1878 թւից, յաջորդաբար լոյս են տեսել վանքի օրացոյցները, որոնք երբեմն իրենց մէջ պարունակել են նաեւ շնչագրութիւններ, վիճակագրութիւններ, եւ հետաքրքիր այլ տեղեկութիւններ՝ խրատներ՝ գիտելիքներ եւ այլն:

Օրացոյցների յաջորդական շարքը ընդհատւել է երկու անգամ, առաջինը 1893-1897 թւերին, հինգ տարով եւ մեզ անյայտ պատճառներով , իսկ երկրորդը՝ 1939-1944 թւերին՝ 6 տարի, երկրում տիրող աննպաստ պայմանների հետեւանքով:Մինչեւ սոյն՝ 1972 թիւը, օրացոյցների ընդհանուր քանակը հասնում է 84 համարի:

3. Տեղեկագրեր .- Վանքի տպարանում թէեւ բազմազան տեղեկագրեր են տպագրւել, բայց յաջորդաբար տպագրւած ազգային հաստատութեանց տեղեկագրերի թիւը երեք է, որոնք ըստ թւական հերթականութեան հետեւեալներն են.

ա. Բատաւիայի ազգային հաստատութեանց «Տարեւոր Տեղեկագիր» -երը, որ սկսւում է 1880 թւից եւ դադարում 1930 թւին: Սրանցից 1888-1891-ի համարները՝ 4 տարի, լոյս են տեսել Կոստանդնապոլսում, իսկ միւս համարներից ձեռքի տակ չենք ունեցել 1885, 1887 եւ 1892 թւերինը, նաեւ տեղեակ չենք թէ 1926-29 թւերին տպագրւել են թէ ոչ, կամ եթէ այո՛ ո՞րտեղ: Այս մասին մեր բոլոր ջանքերն ու պրպտումներն անցան ապարդիւն:

Մեր ձեռքի տակ չունեցած երեք օրինակից բացի, միւսների թիւը հասնում է 39 հատորի:

բ. Նոր Ջուղայի ազգային հաստատութիւնների «Տարեկան հաշիւ»-ները տպագրւել են սկսել 1893 թւից եւ յաջորդաբար շարունակւել են մինչեւ 1926 թիւը, որոնք հաշւական տեղեկութիւնների հետ միասին, իրենց մէջ պարունակում են նաեւ պատմական որոշ թւականներ եւ այլ կարգի կարեւոր տեղեկութիւններ:

Հրատարակւել է 33 թիւ, որոնք բոլորն էլ, բացի մէկ - երկուսը, ունեցել ենք ձեռքի տակ:

գ. «Ազգային դպրոցների տեղեկագրեր».- Սկսւել է հրատարակւել 1899 թւից եւ շարունակւել է մինչեւ 1917 թիւը: Ձեռքի տակ չենք ունեցել 1901-1904 եւ 1908-1910 թւերի համարները եւ քանի որ հերթական համարներ եւս չունեն, ուստի վստահ չենք թէ այդ տարիներին տպագրւել են թէ ոչ: Ձեռքի տակ ունեցածների թիւը հասնում է 11 համարի:

Այս տեղեկագրերը, որոնց խորագրերն երբեմն ենթարկւել են փոփոխութեան, պարունակում են խիստ հետաքրքիր տեղեկութիւններ, մեր դպրոցների այն օրերի վիճակի մասին, որոնք կարեւոր նիւթեր են դպրոցական ապագայ պատմաբանների ու բանասէրների համար:

4.- Կանոնադրութիւններ .- Տպարանի շատ լոյս ընծայած գրքերից մէկն էլ կանոնադրութիւններն ու ծրագիր կանոնագրերն են, որոնք պատկանում են ազգային դպրոցներին, Թեմական ու Կրօնական խորհուրդներին եւ զանազան միութիւնների:

Սոյն գրքոյկները սովորաբար ունեն շատ փոքր ծաւալ: Դրանցից մի քանիսը բաղկացած են հազիւ չորս էջից: Ընդհանուր թիւը հասնում է շուրջ 30-ի:

5.- Պարբերականներ .- Վանքի տպարանում տպագրւած առաջին պարբերականը «Նոր Ջուղայի Լրաբեր»-ն է, որ լոյս է տեսել 1904-1908 թւերին, խմբագրութեամբ առաջնորդական տեղապահ Բագրատ վրդ. Վարդազարեանի:

Բագրատ վարդապետն իր գործունէութեամբ եւ տարած ազգօգուտ աշխատանքներով, համարւում է Նոր Ջուղայի երկրորդ Խաչատուր Կեսարացին եւ իրաւամբ արժանի է այդ կոչման:

«Նոր Ջուղայի Լրաբեր» -ից լոյս է տեսել 45 համար միայն, որի մանրամասն ցանկը տրւելու է իր տեղում:

«Լրաբեր»-ից բացի, այստեղ տպագրւել է նաեւ Նոր Ջուղայի «Բօյ սկաուտս» Միութեան «Ընկեր ամսագիր»-ը, 1920 թւին, որից լոյս է տեսել միայն երեք թիւ: Ջուղայում տպագրւել են նաեւ վիմատիպ ամսագրեր:

6.- Զանազան Տպագրութիւններ .- Բացի սովորական գիրք ու գրքոյկներից, տպագրւել են նաեւ զանազան ձեւ ծանուցումներ, յայտարարութիւններ, կոնդակներ, կրօնական բովանդակութեամբ գրութիւններ, ազդեր, ստացագրեր, հաշւեգրեր, հրաւիրագրեր, շնորհաւորագրեր, այցեկարտեր եւ այլն եւ այլն, որոնց նմոյշները թւական հերթականութեամբ եւ առանձին ցուցակով, պահւում են տպարանի արխիւներում:

Այս այլազան տպագրութիւնների մէջ, յատուկ յիշատակութեան արժանի են 1693 թւին տպագրւած երկու «Կոնդակ»-ները, որոնք բողոք նամակներ են կաթողիկոսական ընտրութեան առթիւ:

Տպաքանակ, Արժէք, Լեզու Եւ Բովանդակութիւն

Թէեւ դժւար է սպառիչ ձեւով խօսել կամ տեղեկութիւններ տալ, մինչեւ այժմ վանքի տպարանում լոյս տեսած բոլոր գրքերի տպաքանակների, արժէքների, լեզւի ու բովանդակութեան մասին, բայց այդուհանդերձ անհրաժեշտ է գէթ խիստ համառօտ ձեւով անդրադառնալ դրանց եւ որոշ ծանօթութիւններ տալ:

Ստորեւ մի քանի նշումներ դրանց մասին.

1. Տպաքանակ .- Տպագրւած գրքերի այլազանութեան նման դրանց տպաքանակն (թիրաժն) եւս եղել է շատ տարբեր:

Թէեւ մեր ձեռքի տակ չենք ունեցել բոլոր գրքերի տպաքանակը, բայց եղածների մէջ եւս նկատելի է անհամեմատելի տարբերութիւններ:

Մեծածաւալ գրքերի մէջ եղած ամենաշատ տպաքանակ ունեցողը, կարելի է 1895 թւին հրատարակւած «Աւագ Շաբաթ» -ը համարել, որն ունի 621 էջ եւ տպագրւել է 3158 օրինակով:

Այս գիրքն ունի բարդ տպագրութիւն (ձայնանիշների եւ տառատեսակների տեսակէտից), վերջին տարիներում Երուսաղէմից եւ այլ վայրերից խիստ պահանջ կար ու մինչեւ այժմ էլ դեռ չի սպառւել:

Նոյնանման գրքերից ամենաքիչ տպաքանակ ունեցողը 1963 թւին տպագրւած «Ժամագիրք Ատենի»-ն է, որ ունի 176 էջ եւ որից տպագրւել է միայն 200 օրինակ:

Տպարանի առաջին շրջանի գրքերից 1647 թւին հրատարակւած «Գիրք տումարաց որր եւ պարզատումար կոչի» գրքոյկից տպագրւել է 500 օրինակ:

Միւս ամենաշատ տպաքանակ ունեցող գրքերն եղել են դասագրքերը՝ 400-600 օրինակներով, իսկ վերջին տարիների ամենաշատ տպաքանակով գրքոյկն եղել է «Նոր Ջուղայի թանգարան» -ը, 1000 օրինակ:

Տեղեկագրերը տպագրւել են միջին հաշւով 100-200, իսկ որոշները 20-80 օրինակներով: օրացոյցներից մեր ձեռքի տակ ունեցած ցուցակում, ամենաշատ տպաքանակը ցոյց է տրւած մինչեւ 399 օրինակ, տպագրւած 1901 թւի համար:

2. Արժէք .- Գրքերի արժէքները, տպարանի հիմնման օրերին, բնականաբար եղել է շատ ցածր, հատորը 1-2 ռիալ, իսկ դարերի հետ եւ կեանքի թանգանալու համահաւասար, դրանց արժէքներն եւս սկսել են բարձրանալ:

«Պատմութիւն Նոր Ջուղայի» գրքի երկու հատորի արժէքը, սկզբնական օրերին եղել է 6 ռիալ, իսկ «Աւագ Շաբաթ»-ը՝ 5 ռիալ, որոնցից առաջինը դարձել է հազւագիւտ եւ այժմ վաճառւում է 1000-2000, իսկ վերջինը՝ 150-200 ռիալ արժէքով:

Նոր տպագրւած եկեղեցական գրքերից 1963 թւի «Ժամագիրք Ատենի»-ն ունի 200 ռիալ, իսկ 1965 թւի «Մաշտոց»-ը 150 ռիալ արժէք :

3. Լեզու .- Տպարանից լոյս տեսած առաջին գրքերի լեզուն, բնականաբար եղել է գրաբարը, մինչեւ որ 19-րդ դարի վերջերից սկսել են հրատարակւել նաեւ աշխարհաբար լեզւով գրքեր եւ կամաց կամաց իրենց տեղը բոլորովին զիջել են վերջինին:

Մինչեւ այդ թւականները, հայերէն գրական լեզուն ամենուրեք ընդունւած էր գրաբարը, այնպէս որ Նոր Ջուղան բացառութիւն չէր կարող կազմել եւ դրա համար էլ տպարանի հաստատսան օրից սկսեալ բոլոր գրքերը, դասագրքերը, ազդերն ու յայտարարութիւնները, տպագրւում էին բացառաբար գրաբար լեզւով:

Հայ կեանքում տիրող ընդհանուր զարթօնքի ու վերելքի հետ, Նոր Ջուղան եւս յառաջադիմութիւն է արձանագրում եւ կամաց կամաց գրաբարը տեղի է տալիս աշխարհաբարին:

Նոր Ջուղան որպէս կրօնական ու մշակութային կենտրոն, բնականաբար այնքան հեշտ էլ չպէտք է թողնէր նախնեաց սովորութիւնը եւ հէնց այդ նկատառումով էլ, գտնւել են անհատներ, որ մինչեւ վերջ էլ չեն հաշտւել աշխարհաբարի հետ եւ հաշտ աչքով չեն նայել աշխարհաբարի հետ եւ հաշտ աչքով չեն նայել աշխարհաբար գրողներին:

Որպէս օրինակ, յիշատակութեան արժանի է Հնդկաստանում ապրող ջուղայեցի յայտնի բանասէր մտաւորական Մեսրոպ Սէթեանցի անհանդուրժողականութիւնը, որ մինչեւ իր կեանքի վերջը՝ 1939 թ., անհաշտ պայքար տարաւ աշխարհաբարի դէմ, նոյն իսկ իր նամակները շարադրելով գրաբարեան պարզ ոճով:

Տպարանի առաջին աշխարհաբար գիրքը, այն էլ Ջուղայի բարբառով, կարծում ենք պէտք է համարել 1878 թւին տպագրւած Հ. Բագրատունու «Տարերք քերականութեան» գիրքը, որը աշխարհաբարի է վերածել Տէր Մեսրոպ քհնյ. Դաւթեանը, որպէս ձեռնարկ օգտագործելու համար Հայոց Ազգային Դպրոցներում:

Ջուղայի տպարանի առաջին դասագիրքը, պէտք է համարել 1772 թւի «Այբբենարան»-ը, եթէ իհարկ է մինչ այդ խմորատիպով չեն եղել, որոնց մասին յիշատակութիւն կայ, բայց մենք չենք ունեցել ձեռքի տակ:

4. Բովանդակութիւն .- Բովանդակութեան տեսակէտից եւս, տպագրւած գրքերը հնարաւոր չէ խմբաւորումների բաժանել: Այս առթիւ կարելի է միայն ասել, որ ամենաշատ տպագրւած գրքերն եղել են դասագրքերը, օրացոյցները, տեղեկագրերը, կրօնական ու եկեղեցական գրքերը եւ որոշ չափով էլ կենսագրական ու պատմական գրքերը:

Պատմական գրքերի մէջ ամենից արժէքաւորն ու կարեւորը, պէտք է համարել Յարութիւն Թ. Տէր Յովհանեանի «Պատմութիւն Նոր Ջուղայու» երկհատորը, որոնցից առաջին հատորն ունի 497, իսկ Բ. հատորը՝ 317 էջ:

Տպագրւած գրքերն եւս իրենց բովանդակութեան տեսակէտից ուսումնասիրութեան մի առանձին նիւթ են, որոնք սերտօրէն առնչութիւն ունեն տիրող դարի, շրջանի մտածելակերպի, ժողովրդի հասկացողութեան ու ըմբռնումների հետ:

Տեղին է այստեղ յիշել, որ բովանդակութեան եւ լեզւին կապւող յիշատակելի գրքերից է Սեղբեստրոս խաչ. քհնյ. Յովհաննիսեանի «Աշխարհաբար համառօտ աղօթագիրք» -ը, տպագրւած 1907 թւին, որով աղօթքները, կրօնական ասացւածքներն ու Պատարագը, իրենց գրաբարի տեղը զիջում են աշխարհաբարին:

Տպագրւած գրքերի մէջ կարեւոր տեղ ունեն նաեւ թարգմանութիւնները, որոնք սկսւեցին 20-րդ դարի սկիզբներից եւ շարունակւեցին մինչեւ 20 -ական թւականները:

Դրանցից յիշենք Եզնիկ վրդ. Երկարակեցեանի «Հնդկական», «Ճապոնական» եւ այլ հեքիաթներն ու Տէր Գարեգին քհնյ. Կիրակոսեանի «Մարտիրոսացած Հայաստան» գրքերը:

Պարբերականներ

Ա.Տպագիր

1. Նոր Ջուղայի Լրաբեր 1904-1908 Խմբագիր՝ Բագրատ վրդ. Վարդազարեան:

Ցանկ

1904 թ. Յունւ. - Դեկտ. 12 թիւ

1905 թ. Յունւ. - Դեկտ. 11 թիւ

1906 թ. Յունւ. - Հոկտ. 10 թիւ

1906 թ. Յունւ. - Հոկտ. 11 թիւ

1907 թ. Յունւ. - Դեկտ. 4 թիւ

1908 թ. Յունւ. Նոյեմբ. 8 թիւ

Գումար՝ 45 թիւ

Էջ՝ 4, շարւածք՝ 33 * 22 եւ 41.2 * 25.5 սմ.,

2. Բրիտանական եւ արտաքին Աստւածաշնչի ընկերութեան «Շաբթաթերթ» :

Տպւած՝ 1908 թ. եւ 1911 թւերին:

Ծանօթ. Անունը կայ 1908 եւ 1911 թւերի տպարանի ձեռագիր ցուցակում, (էջ՝ 24 եւ 55), որից տպագրւել է 500 -ակն օրինակներ:

3. Ընկեր ամսագիր :

Խմբագիր՝ Յովսէփ Աբգարեան:

Հրատարակութիւն՝ Նոր Ջուղայի «Բօյ Սկաուտս» Միութեան:

1920 թ., էջ՝ 18, շարւածք՝ 18.2 * 7 սմ. :

Լոյս է տեսել 3 թիւ 1 (Յունիս), թիւ 2 (Յուլիս), թիւ 3 (Օգոստոս):

Ծանօթ. «Հայ պարբերական մամուլի մատենագիտութիւն» -ի մէջ (Ա. Կիրակոսեան, Երեւան, 1970), յիշւած են Նոր Ջուղայում տպագրւած մի քանի այլ թերթերի անուններ՝ «Նոր Ջուղայի Աւետաբեր» (արդեօ՞ք Աստւ. ընկերութեան շաբաթաթերթ» -ը), «Զանգակ» եւ «Պելճիքա», որոնց տպագրութեան մասին մեզ չյաջողւեց որեւէ տեղեկութիւն ձեռք բերել: Երկար ջանքերից յետոյ չյաջողեցինք Բէյրութից ստանալ նաեւ Ա. Տէր Խաչատրեանի «Հայ մամուլի ցուցահանդէս» գրքոյկը, (Բէյրութ, 1963 թ.) դրանց աղբիւրը գտնելու համար:

Բ. Խմորատիպ

1. Ջանքեր , գրական, գիտական եւ զաւեշտական ամսագիր:

Օրգան Ն. Ջուղայի «Դասախօս» Միութեան:

Խմբագրական կազմ:

Լոյս է տեսել 1914-1918 թւերին:

Էջ20, գրութիւն՝ 18.5 * 14 սմ.:

2. « Կամուրջի Պատանեկան Միութեան Ամսագիր »:

Հրատարակութիւն՝ Հ. Յ. Դ. «Կամուրջ» -ի Պատանեկան Միութիւն:

1938 թ., էջ26, գրութիւն՝ 27 * 19 սմ.:

Ծանօթ Լոյս է տեսել 1938-39 թւերին, ճիշտ խորագիրը չյաջողեցինք իմանալ, քանի որ մեր ձեռքի տակ եղած միակ համարը յատկացւած է «Մայիս 28» -ին եւ յատուկ վերնագիր չունի:

Մեր ճիգերը դրանցից մի այլ օրինակ գտնելու համար անցան ապարդիւն:

3. Հայ Երիտասարդ Ամսագիր :

Հրատարակութիւն՝ Ն. Ջ. Հ. Յ. Դ. Ժատանեկան Միութեան:

Լոյս է տեսել 1953 թւին:

Թիւ 1-ը 1953 թ. Մարտ:

Էջ՝ 24 34, գրութիւն՝ 20 * 14 սմ.:

Edited by hravart
Link to post
Share on other sites
Guest
This topic is now closed to further replies.
×
×
  • Create New...