Sign in to follow this  
Followers 0
MONK

Կաթողիկոսության վերահաստատումը Ս. Էջմիա&

1 post in this topic

Տեր, անսասան պահիր Դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ՚:

Հայրապետական մաղթերգ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի Համբարձման տոնի հետ (այս տարի` մայիսի 17-ին) նշում է նաև պատմական մի կարևոր իրողության` Հայրապետական Աթոռի` Սսից Ս. Էջմիածին տեղափոխվելու հիշատակը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԶԼՄ-ներով գրեթե անդրադարձ չի կատարվում այդ փաստին, ավելորդ չենք համարում երկու խոսքով ներկայացնել այն:

Հայ Եկեղեցու պատմությունն անբաժան և միահյուս է հայ ժողովրդի պատմությանը. այն պատմությունն է քրիստոնյա մի ժողորդի, որն իր գոյության գրեթե ողջ ընթացքում շրջապատված է եղել բազմաթիվ թշնամիներով ու մահացու վտանգներով, հաճախ է ստիպված եղել օրհասական պայքար մղել հանուն իր անկախության և անգամ գոյության իրավունքի, ապավինել է իր հավատքին ու Եկեղեցուն` այն զենք ու պատվար դարձնելով թշնամի աշխարհի տարատեսակ սպառնալիքների դեմ: Հայ Եկեղեցին ապրել ու շնչել է իր հավատավոր զավակների ցավերով և ուրախություններով, պայծառացել իր ժողովրդի բարգավաճումով և թուլացել նրա անկումներով: Հայ ժողովրդի ճակատագրի վատթարացումներով հաճախ վտանգվել է նաև Հայ Եկեղեցու սիրտը ` Հայրապետական Աթոռը, որը հայ ժողովուրդն ու հայ հոգևորականները ձգտել են տեղափոխել առավել ապահով վայրեր` այնտեղ, ուր հզոր է եղել աշխարհիկ իշխանությունը:

Եվ այսպես, Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով հաստատված հայոց Հայրապետական Աթոռը 484թ., ժամանակի իրադարձությունների թելադրանքով, Հովհաննես Մանդակունի կաթողիկոսի կողմից դուրս է բերվել Միածնաէջ իր սուրբ վայրից և տեղափոխվել Դվին: Այնուհետև, մեր ժողովրդի ճակատագրի վայրիվերումների և աշխարհիկ վարչական կենտրոնի փոփոխման հետևանքով հաստատվել նախ` Աղթամարում (927թ.), ապա Արգինայում (947թ.), Անիում(1001թ.), Սեբաստիայում (1051թ.), Թավբլուրում(1062թ.), Ծամնդավում (1066թ.), Քեսունի Կարմիր Վանքում (1090թ.), Ծովքում (1116թ.), Հռոմկլայում (1149թ.) և ի վերջո 1192թ. հանգրվանել Սսում:

15-րդ դարի սկզբներին ակնհայտ դարձավ, որ բուն Հայաստանից դուրս գտնվող կաթողիկոսական Աթոռն այլևս չի կարող համահայկական նշանակություն ունենալ: Վերացել էին այն բոլոր պայմանները , որոնք կարող էին այս կամ այն չափով արդարացնել Մայր Աթոռի` Հայաստանից դուրս գտնվելը: Փոխարենը առաջացել էին խնդիրներ, որոնք անհետաձգելի էին դարձնում Աթոռի տեղափոխության հարցը: Ինչպես վկայում են ժամանակի պատմիչները` կաթողիկոսական Աթոռը խաղալիք էր դարձել մի քանի անարժան հոգևորականների ձեռքին: Կաթոլիկ Եկեղեցու` հետզհետե սաստկացող ճնշումները լրջագույնս վտանգել էին Հայ Եկեղեցու ինքնուրույնությունն ու գոյությունը: Կիլիկիայում վերացել էր հայկական պետականությունը, Սիսը քանդվել ու թալանվել էր: Կիլիկյան Հայաստանը հայտնվել էր մահմեդական երկրների օղակի մեջ և աստիճանաբար հայաթափվում էր: Մինչդեռ Հայաստանում տիրում էր քաղաքական ու տնտեսական համեմատական կայուն իրադրություն, բարվոք վիճակում էին վանքերն ու վանականությունը, ժողովուրդը զանգվածաբար վերադառնում էր Հայաստան:

Աստիճանաբար հասունացավ Մայր Աթոռն իր սկսբնահաստատ վայրը` Ս. Էջմիածին վերադարձնելու գաղափարը: Աթոռի տեղափոխության գաղափարը, որ արտահայտվել էր դեռևս Սյունյաց մետրոպոլիտ Ստեփաննոս Օրբելյանի և եռամեծար վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացու կողմից, սկսեց կյանքի կոչվել նույն Տաթևացու աշակերտների կողմից :

1441թ. Թովմա Մեծոփեցու, Հովհաննես Հերմոնացու և այլոց ակտիվ նախաձեռնությամբ հրավիրվեց ազգայինեկեղեցական ժողով, որի ավելի քան 300 (մեկ այլ վկայության համաձայն` 700) մասնակիցները հավաքվեցին նախ Երևանում, ապա մեծ թափորով ուղևորվեցին Վաղարշապատ: Ժողովը բացվեց 1441թ. մայիսի 25-ին` Համբարձման տոնի օրը: Ժողովին մասնակցում էին Արևելյան Հայսաստանի 4 մեծ վանքերի` Արտազի, Տաթևի, Հաղպատի և Բջնիի վանահայրերը, Աղթամարի, Գանձասարի կաթողիկոսության, Սյունյաց, Արարատյան Միջնաշխարհի և Արևմտյան Հայաստանի հոգևոր առաջնորդներ և բարձրաստիճան հոգևորականներ, իշխանավորներ և ժողովրդի ներկայացուցիչներ: Մինչ այդ արդեն ստացվել էր Կիլիկիայի մի խումբ եպիսկոպոսների ահազանգ-նամակը` Աթոռի տեղափոխության խնդիրը շուտափույթ լուծելու` հաշվի առնելով առկա սպառնալիքները: Ժողովին հրավիրված էր նաև օրվա կաթողիկոս Գրիգոր Թ Մուսաբեկյանը (1439-1441թթ.), սակայն ենթադրվում է, որ նա հրաժարվել է իր պարտավորություններից:

Ժողովի որոշումով Մայր Աթոռը Սսից տեղափոխվում է Ս. Էջմիածին, և Ամենայն Հայոց Կաթողիկոս է ընտրվում Կիրակոս Ա Վիրապեցին (1441-1443թթ.):

Հայրապետական Աթոռի` շուրջ հազարամյա տարագրությունից հետո վերստին իր աստվածընտիր սուրբ վայրում հաստատվելու իրողությունը Հայաստանյայց Եկեղեցին հայտարարել է ազգային տոն: Ամեն տարի` Համբարձման տոնի Ս. Պատարագից հետո, հայոց եկեղեցիներում կատարվում է Հայրապետական մաղթանքի արարողություն և աղոթք է բարձրացվում առ Աստված, որ անսասան պահի Իր իսկ հիմնած Մայր Աթոռը:

Իմ հրատարակված հոդվածներից մեկը:

MONK

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0