Sign in to follow this  
Followers 0
MONK

Խրիմյան Հայրիկ

1 post in this topic

Խրիմյան Հայրիկ` նուագող վշտից հայրենեաց

ՙԽրիմյան Հայրիկը պատմական այն դեմքերից է, որոնք իրենց ժամանակակիցների աչքում արդեն առանձնանում են որպես եզակի անհատականություն և որոնք հավերժ կապրեն իրենց ժողովրդի սրտում, ու նրանց պայծառ հիշատակը միշտ անմոռաց կմնա որպես գաղափարի ազատության ջահակրի՚:

Սիամանթո

Հոկտեմբերի 29-ին լրանում է հայ ժողովրդի երախտավոր զավակ, հասարակական, քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ, մեծ մտավորական ու գրող, Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյանի (1820-1892-1907թթ.) կամ, ինչպես նրան տակավին երիտասարդ հասակում կնքել էր ժողովուրդը, Խրիմյան Հայրիկի մահվան 100-ամյակը: Խրիմյան Հայրիկն ամենայն իրավամբ համարվում է մեր պատմության մեծագույն դեմքերից մեկը. մարդ, ով դեռ ժամանակակիցների աչքում դարձավ կյանքի ուղենիշ և չափանիշ, խորհրդանշեց մի բազմատանջ ժողովրդի ազատատենչ ոգին և դարձավ այդ ժողովրդի արդար պահանջի ու բողոքի խոսնակը: Նրա կերպարը ոգեշնչել է շատերի` հոգևորականների ու աշխարիկների, արվեստագետների ու գրողների, քաղաքական ու հասարակական գործիչների և մեր ժողովրդի ազատագրական պայքարին նվիրյալ բազում հայորդիների:

Ծնվել է 1820թ. ապրիլի 4-ին` Վանում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա խորացրել գիտելիքների պաշարը Լիմ և Կտուց կղզիների վանական դպրոցներում: Պատանի հասակից վճռում է ողջ կյանքով նվիրվել սեփական ժողովրդին և ծառայել նրա ցավերի ու վշտերի թեթևացմանը, հասնել օտարի լծից ազատագրմանն ու սեփական երկրում արժանավայել կյանքով ապրելուն: Նվիրյալ իր առաքելությանը` Խրիմյանը 1843թ. սկսում է ուսուցչական առաքելություն` նախ հաստատվելով Կ.Պոլսում, ապա ճանապարհորդում հայաշատ վայրերով ու երկրներով և ամենուրեք մեծ նպաստ բերում հայ կրթության և ինքնության ճանաչման զարգացմանը: Իր կրակոտ խոսքով, գործով ու գրչով նա ամենուրեք շահում էր ժողովրդի սերն ու համակրանքը, դառնում նրա իրավունքի անվեհեր պաշտպանը:

1854թ. Խրիմյանն Ախթամարի վանքում ձեռնադրվում է վարդապետ: Նա դառնում է Վարագա վանքի վանահյրը և հիմնադրում Ժառանգավորաց վարժարանը: 1855թ. Կ. Պոլսում սկսում է հրատարակել ՙԱրծուի Վասպուրականի՚ հանդեսը, որ 3 տարի անց փոխադրում է Վարագա վանք` հայրենի հողի վրա հիմնելով առաջին պարբերականը: Հանդեսին գլխավորապես աշխատակցում էին Խրիմյանի հիմնած դպրոցի սաները` Գարեգին Սրվանձտյանցը, Արսեն Թոխմախյանը և ուրիշներ:

1862թ. Խրիմյանը դառնում է Տարոնի հոգևոր առաջնորդը և Մշո Ս. Կարապետ վանքի վանահայրը: Նա այստեղ էլ հիմնադրում է Նոր Ժառանգավորաց վարժարան և սկսում հրատարակել ՙԱրծուիկ Տարոնո՚ երկշաբաթաթերթը:

1869թ. Ս. Էջմիածնում ձեռնադրվում է եպիսկոպոս, այնուհետև ընտրվում Կ. Պոլսի հայոց պատրիարք, սակայն 5 տարի անց հրաժարվում է այդ պաշտոնից` գտնելով, որ այն սահմանափակում է ժողովրդին ծառայելուն ուղղված իր ճիգերը: Նա բազմիցս իր բողոքի ձայնն է բարձրացնում ընդդեմ թուրքական կառավարության` հայերի նկատմամբ վարած դաժան քաղաքականության և պարբերաբար իրականացվող ջարդերի համար:

1878թ. Խրիմյան Հայրիկը գլխավորում է Բեռլինի վեհաժողովին մեկնած հայոց պատվիրակությունը: Հետագայում նա այդ ժողովը նմանեցրեց հարիսայով լի կաթսայի, որի շուրջ հավաքվածները ներկայացել էին երկաթե շերեփներով և ստացել իրենց բաժինները, մինչդեռ իր շերեփը թղթից էր և մնաց կաթսայի մեջ

Ազատագրական պայքարին բերած Խրիմյանի մեծ ակտիվության հետևանքով 1885թ. թուրքական կառավարությունը նրան աքսորում է Երուսաղեմ` ՙերկարատև ուխտագնացության՚:

1892թ. ողջ հայությունը, ի հեճուկս թուրքական և ռուսական կառավարությունների ընդդիմության, 72-ամյա Խրիմյան Հայրիկին ընտրում է Ամենայն Հայոց Կաթողիկոս: Հայրապետական գահին բազմաչարչար Հայրիկի ուսերին ծանրանում է պայքարի նոր բեռ` ուղղված ցարական արքունիքի հայահալած քաղաքականության դեմ: Այդ պայքարի ծանրագույն շրջանն ընկավ 1903-1905թթ., երբ ցարական կառավարությունը, գտնելով, որ ազատագրական պայքարի օջախը Մայր Աթոռն ու նրա հովանու ներքո եղող դպրոցներն են, կարգադրեց փակել հայկական դպրոցները և բռնագրավել վանքապատկան կալվածքները, որոնց միջոցներով պահվում էին այդ դպրոցները: Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ ռուսական հզոր կայսրության հանդեպ ողջ հայության ցուցաբերած համառ դիմադրությունն ի վերջո պսակվեց հաջողությամբ, և ցարական արքունիքն ստիպված եղավ հրաժարվել հակահայկական այդ ծրագրից:

Իր արգասավոր կյանքի ընթացքում Խրիմյանն ստեղծեց նաև գրական հարուստ ժառանգություն` ՙՀրավիրակ Արարատյան՚, ՙՎանգույժ՚, ՙՀայգույժ՚, ՙԴրախտի ընտանիք՚, ՙՊապիկ և թոռնիկ՚, ՙՍիրաք և Սամուել՚ և այլն:

Ամենայն Հայոց Հայրիկն իր բազմավաստակ մահկանացուն կնքեց 1907թ. հոկտեմբերի 29-ին և ամփոփվեց Ս. Էջմիածնի Մայր Տաճարի բակում: Շիրմաքարի վրա գրված է մի պարզ, բայց խորախորհուրդ նախադասություն. ՙ Խրիմյան Հայրիկ` նուագող վշտից հայրենեաց՚:

Edited by MONK

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0