Sign in to follow this  
Followers 0
MONK

Հայ Եկեղեցու տոները

1 post in this topic

Թեեկեղեցական, թեազգային կյանքում տոները, հիշատակության օրերը հաստատված են հստակ առաքելությամբ` անհատի գիտակցության մեջ արթուն պահել պատմական իրողությունների հետ կապը: Դրանք ենթագիտակցական կապակցում են ստեղծում անցյալի և ներկայի միջև` երաշխավորելով ապագայի կերտումը:

Եկեղեցական օրացույցով տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Եկեղեցական տոները կոչված են հոգևոր խորհուրդներով օժտելու և կարգավորելու ժամանակը` տարին բաժանելով շրջանների, որոնք յուրօրինակ հոգեղեն իմաստ են հաղորդում քրիստոնյայի կյանքին: Եկեղեցական տոները պատմական իրադարձությունների պարզ վկայակոչումներ չեն. աստվածային տնօրինությունների ուղիով ընթանալը հնարավորություն է ընձեռում հոգով մասնակից դառնալու Փրկչի երկրային կյանքին և տոնից տոն հասունանալու հոգևոր իրողությունների կենդանի վերապրումով: Տոները նաև Եկեղեցու կյանքի տարեգրության յուրօրինակ արտահայտությունն են, ուստի դրանք դարեդար զարգացել են` ներառելով ոչ միայն Քրիստոսի, այլև սրբերի և ազգային-եկեղեցական կարևոր իրադարձությունների հիշատակները:

Եկեղեցական տոները ժամանակագրական առումով բաժանվում են երկու խմբի` անշարժ և շարժական: Անշարժ տոներն իրենց հաստատուն տեղն ունեն օրացույցում, իսկ շարժականները տեղաշարժվում են` կախված լինելով Զատկից, որը նշվում է գարնան գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը:

Հայոց Եկեղեցու տոները կարգավորվում են Տոնացույցի միջոցով և բաժանվում են երկու խմբի` Տերունի և Սրբոց: Տերունի տոների շարքն իր հերթին բաժանվում է չորս խմբի` Տնօրինական, Աստվածածնի, Խաչի և Եկեղեցու:

Տնօրինական տոները ներկայացնում են Աստվածորդու երկրային առաքելության հանգրվանային դրվագները` Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն (հունվարի 6), Անվանակոչություն (հունվարի 13), Տեառնընդառաջ (փետրվարի 14), Վարդավառ կամ Պայծառակերպություն (Զատկից հետո 14-րդ կիրակին), Ծաղկազարդ (Զատկի նախորդ կիրակին), Ավագ Շաբաթ (Զատկին նախորդող ամբողջ շաբաթը), Սուրբ Զատիկ կամ Հարություն, Համբարձում (Զատկից հետո 40-րդ օրը), Հոգեգալուստ կամ Պենտեկոստե (Զատկից հետո 50-րդ օրը):

Աստվածամոր տոները յոթն են և կապված են նրան առնչվող կարևորագույն իրողությունների հետ` Աննայի հղացվելը (դեկտեմբերի 9), Ս. Կույսի ծնունդը (սեպտեմբերի 8), Ընծայվելը տաճարին (նոյեմբերի 21), Ավետում (ապրիլի 7), Վերափոխում (օգոստոսի 15-ի մոտակա կիրակին), Գոտու գտնելը (Վերափոխմանը հաջորդող կիրակին) և Տուփի գտնվելը (Հոգեգալստին հաջորդող 5-րդ կիրակին):

Խաչի տոները չորսն են. Խաչի երևումը. հիշատակն է Երուսաղեմում 351թ. Խաչի լուսեղեն նշանի երևման, որ ճառագում էր Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռ և տեսանելի էր ամենքին (Զատկին հաջորդող 5-րդ կիրակին):

Խաչվերաց. հիշատակն է խաչափայտի վերացման` վեր բարձրացման: Խաչափայտը 629թ. պարսկական գերությունից վերադարձվել ու բարձրացվել էր Գողգոթայում (սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակին):

Վարագա Ս. Խաչ. տոնը զուտ հայկական ծագում ունի և հիշատակն է 660թ. Վարագա վանքում խաչափայտի մասունքի հայտնաբերման, որն այդտեղ թաքցրել էր Ս. Հռիփսիմե կույսը (Խաչվերացին հաջորդող 2-րդ կիրակին):

Խաչի գտնվելը. 326թ. Հեղինե թագուհու կողմից Տիրոջ խաչափայտի գտնվելու հիշատակը (հոկտեմբերի 26-ի մերձակա կիրակին):

Եկեղեցու տոները երկու բնույթի են. վերաբերում են Եկեղեցի-ժողովրդին և Եկեղեցի-տաճարին:

Նոր կիրակի. Քրիստոնեական Եկեղեցու ստեղծման հիշատակը (Զատկի հաջորդ կիրակին):

Աշխարհամատրան կիրակի. Քրիստոնեական առաջին եկեղեցու` Երուսաղեմի Վերնատան հիշատակը (Զատկից հետո 2-րդ կիրակին):

Շողակաթի տոն. Հայ Եկեղեցու հիմնադրման Լուսավորչի տեսիլքի հիշատակը (Հոգեգալստից հետո 11-րդ օրը):

Ս. Էջմիածնի տոն. Ս. Էջմիածնի կառուցման հիշատակը (Հոգեգալստից հետո 2-րդ կիրակին):

Տապանակի տոն. Եկեղեցու նախատիպ-խորհրդանիշ Ուխտի Տապանակի հիշատակը (Վարդավառի նախորդ շաբաթ օրը):

Տերունական օր է համարվում նաև յուրաքանչյուր կիրակի (հունարեն կյուրակե նշանակում է տերունական), որ նվիրված է Տիրոջ Հարությանը, ուստի ամեն կիրակի մատուցվում է Ս. Պատարագ:

Սրբոց տոները մեծավ մասամբ շարժական են և կոչված են պայծառացնելու Քրիստոսի վկաների հիշատակը և նրանց սրբության ուղին իբրև օրինակ մեզ ավանդելու: Մեր Տոնացույցում նշված են մինչև 15-րդ դարի սրբերը (վերջինը` Ս. Գրիգոր Տաթևացի): Հետագա դարերի սրբերի համար սահմանված է ՙԱմենայն սրբոց՚ տոնը, որով հիշատակվում են բոլոր հին ու նոր, հայտնի ու անհայտ սրբերը: Սրբոց տոներից առավել մեծ ժողովրդականություն են վայելում Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների, Ս. Գրիգոր Լուսավորչի, Ս Սարգիս զորավարի, Վարդանանց և Թարգմանչաց սրբերի տոները:

Եկեղեցական գլխավոր հինգ տոները` Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Զատիկ, Վարդավառ, Վերափոխում և Խաչվերաց, կոչվում են ՙտաղավար տոներ՚: Այդ անվանումը կապվում է Հին Կտակարանի Տաղավարահարաց տոնի (Ղևտ. 23. 41-43) հետ և տրվել է այս հինգ տոներին` որպես մեկից ավելի տոնական օրեր ունեցողների: Տաղավար տոներն ունեն իրենց նախընթաց պահոց շրջանը (օրինակ` Զատկին նախորդում է Մեծ Պահքը): Ս. Ծննդյանն ու Ս. Զատկին նախորդող երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Պտտարագ: Տաղավար տոներին միացված են նաև առանձին արարողություններ, որով յուրահատուկ շուք և ժողովրդականություն է հաղորդվում այդ տոներին (օրինակ` Ս. Ծննդյանը միացված է Ջրօրհնեքը, Վերափոխմանը` Խաղողօրհնեքը և այլն): Տաղավար տոների հաջորդ երկուշաբթիները կոչվում են Մեռելոց: Մեռելոցներին մատուցվում է Ս Պատարագ և կատարվում Հոգեհանգիստ` ի հիշատակ ՙհավատով ի Քրիստոս ննջած՚ հանգուցյալների:

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0