Jump to content

ԱՐՏԱՇԵՍ ՅԱՎՐՅԱՆ (1932-2009)


Recommended Posts

Արտաշես Յավրյանը(Յավրիյանը) ծնվել է 1932թ.օգոստոսի 28-ին Գանձակի գավառի Փիփ գյուղում: «Օջախի ծուխ»«Ակունքներ».«Մանանա»,«Առյուծաձև մհեր»,«Այգեքաղ»,«Ժամանակի հորձանուտում»,«Աղետավոր իմ դար»,«Դյուցազունք Սասնա») և այլ ժողովածուներ:Նրա բանաստեղծություններով գրվել են երգեր :Հայաստանի գրողների միության անդամ, մահացել է 2009թ:

ՇԻՐԱԶ:  «...ուզում եմ իմ հին  խորհուրդներս վերաշշնջալ քեզ,քո սրտի ականջին,քո պոետական բախտի ականջին,քո նավաբեկյալ հույսի ականջին...Մի'հուսահատվիր,որ գիրքդ չի հաղթում բթամտությունը, որն այսօր գլխավոր խմբագիր է,մի' իջիր  ձիուցդ,որ մորուց է քեզ ընծայված բարի բնության անդաստանից,մի' թողնի լեռան տակ քո տաղանդի ոսկե հանքը,տքնաջանիր,հանի'ր ասում եմ և բախտդ գրչիդ արծվամագիլով կհանի չար ու կույր բթամտության աչքը... և սիրտը:Քո գրչի եղբայր՝Հովհաննես Շիրազ՝1960թ.,Երևան»:

ՇԻՐԱԶ:  «Կեցցե'ս,Արտաշես,քառյակներիցդ շատերը ես էլ կուզեի գրած լինել:Ոնց որ սրտի հանքից պոկված ոսկու երակ լինեն»:

ԼՅՈՒԴՎԻԳ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «Մինչև այսօր ինչպես հարկն է չեն արժեքավորվել Յավրիյանի ... քառյակները,որոնք ժամանակի ,ժողովրդի ճակատագրի ու բացվող դարի հանդեպ հայրենախոս բանաստեղծի հուզախռով տարերքն են փոխանցում մեզ, նաև սրտի բարի ու « տաք մեղմէրոցով»:   

ԼՅՈՒԴՎԻԳ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ) «...Յավրիյանի «Սասնա Դյուցազունքը հայ դյուցազնավեպի  ժողովրդական զուլալ,անխառն պատումից հրաշապատումներից ու տարբեր ժամանակներում գրառված առանձին տարբերակներում տեղ գտած արհեստական, էպոսի բուն ակունքներից չբխող շերտերից հիմնականում ազատազերծված և  այդ ակունքներին հարազատ տարերքով հյուսված մնայուն  երկ է...»:

ԼՅՈՒԴՎԻԳ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «...Արտաշես  Յավրյանը  շարունակում է «լուռ» հնչեցնել ժողովրդական քնարը՝դարավերջի տասնամյակների մեր պոեզիայի մայրուղում բացելով ինքնատիպ իր հերկը՝կարոտ արժեքավորման ու ճշմարիտ գնահատականի»:

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ: «Ժողովրդական վճիտ ու խորունկ երգը,որի հմայքի հաղորդումը գրչին նպատակ է դարձրել Յավրյանը,ընթերցողին է հասնում գրեթե  անկորուստ՝մտածողությունն է պահպանված և բառամթերքը»:

 «ՔԱՌՅԱԿՆԵՐ» շարքից 

***

Մրգի լավը քո սեղանին,համն ինձնից ես հարցնում,

Ժամացույցը քո թևին է,ժամն ինձնից ես հարցնում,

Սարից իջնող պարզ ջրերը պղտորվում են ձորի մեջ,

Բայց դու ջրի աղտոտվելը ակունքից ես հարցնում:

***

Առեղծվածները տիեզերքինն է,

Ոչ ոք չի կարող ստույգ վերծանել,

Արդարությունն էլ Աստծո ձեռքին է,

Մարդուն տրվածը միայն կեղծամ է:

***

Կյանքս մի օր՝ կեսը՝ մթնում,ի՞նչ մնաց,

Իմ արևն էլ մայր է մտնում,քիչ մնաց,

Լավն ես,ափսոս,մարդախաբ ես,է՜յ աշխարհ,

Ծով խոստացար,ինձ մի ցամաք լիճ մնաց:

***

Դեռ շուռ կգան սար ու ձորում սև անգղն ու գորշ բազեն,

Իրենց որսը կհոշոտեն ու նոր զոհի կսպասեն,

Գոյատևման երաշխիքը միայն ձեր մեջ որոնեք,

Ով միամիտ թևավորներ՝անմիաբան ու անզեն:

***

Ձմռան սարը գարուն հագավ,

Հին հարց տվեց մի նոր կաքավ.

-Արդարությունն ի՞նչ պտուղ է,

Որ աշխարհում շատ է սակավ...

***

Ինձ հարցնես՝ ամեն չարիք մի դև է,

Նշան չունի՝ սպիտա՞կ է, թե՞ սև է,

Թեկուզ տարով զավթի ղեկը քո կյանքի,

Վնասների շորշոփը դար կտևե:

***

Ճուտը ձվից դուրս է գալիս՝ տքնությամբ,

Սերմը ծլում,բույս է տալիս՝ տքնությամբ,

Իմաստունն էլ՝հոժարակամ վառվելով,

Մթնած հոգուն լույս է տալիս՝տքնությամբ:

***

Անտառն աչքիդ հեռվից հարթ է երևում,

Թուփն էլ մթնում խոշոր մարդ է երևում,

Թե որ նրա խորքն ես մտնում ցերեկով,

Քո պատրանքի ապարանքն է երերում:

***

Խաղալիք է, մեջը ի՞նչ է լինելու,

Ալևորի վեճը ի՞նչ է լինելու,

Մարդն ուզում է այնքան ապրի, որ տեսնի՝

Այս աշխարհի վերջը ի՞նչ է լինելու:

***

Երբ արթնանաս,քնից՝հետո կխոսես,

Գործդ տեսնենք,գնից՝ հետո կխոսես,

Ոչինչ չարած՝ամենքին ես փնովում,

Նորն ստեղծիր,հնից՝ հետո կխոսես:

***

Կյանքս մի օր՝ կեսը՝ մթնում,ի՞նչ մնաց,

Իմ արևն էլ մայր է մտնում,քիչ մնաց,

Լավն ես,ափսոս,մարդախաբ ես,է՜յ աշխարհ,

Ծով խոստացար,ինձ մի ցամաք լիճ մնաց:

***

Դեռ շուռ կգան սար ու ձորում սև անգղն ու գորշ բազեն,

Իրենց որսը կհոշոտեն ու նոր զոհի կսպասեն,

Գոյատևման երաշխիքը միայն ձեր մեջ որոնեք,

Ով միամիտ թևավորներ՝անմիաբան ու անզեն:

Բանաստեղծի  այլ գրվածքներից տե'ս 

ԱՐՏԱՇԵՍ ՅԱՎՐՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅԻՑ

Link to post
Share on other sites

Հատվածներ 

«Սասնա Դյուցազունք»պոեմից

Մաս4.«Սասնա Մհեր»

 

-1- 

Աստված կամեցավ,որ տունը Սասնա

Դավթի նման ժառանգ ունենա,

Հոր տեղը բռնի, հոր նման պահի

Սար ու սահմանը մեր լեռնաշխարհի:

Անցավ ինն ամիս, ինն օր ու ժամ,

Խանդութ խաթունը երկունքով դժվար,

Ծնեց մի մանուկ աստղի տակ բարի,

Արև պարգևեց հայոց աշխարհին:

Ով կաճեր տարով, նա կաճեր ժամով,

Ազնանց զարմ ու ցեղ՝ ամեն նշանով.

Դեռ օրորոցում հայտնի էր արդեն,

Փրթիկ էր անում իր կապ ու բանդեր:

Ճարահատ բերին երկաթե շղթան

Բարուրի համար արին փաթաթան,

Մեր խենթը լարեց ուժը ձեռ-ոտի,

Կտրատեց, թափեց հանց կեմը խոտի,

Մի զարզանդ գոռոց, մի աղմուկ դրեց,

Որ ձենը կալավ Սասնա քոլ ու քերծ.

Ահարկու ձենից փլվեցին տներ,

Շուռ եկան ծառեր, ծռվեցին սներ...

Այս դեպքի վրա մեծերն ալեզարդ

Եկան խնդրեցին, որ թողնեն ազատ,

Թողնեն իր կամքին, լեն օրորոցում,

Թե չէ քաղաքը սարսափ է գցում...

Եվ հավատարիմ հին ավանդույթին,

Կամքով մեր Դավթի, խանում Խանդութի,

Ջոջանց մանուկին կնքեցին ժամում

Ու տվին նրան իր պապի անուն:

-19-(վերջին հատվածը)

Եվ տարին մի հեղ՝ համբարձման գիշեր,

Երբ երկինք-գետին փարվում են իրար,

Լցնում ամեն սիրտ երազանք ու սեր,

Բացվում է կամաց էն Ագռավի Քար,

Մհերը հեծնում Քուռկիկ Ջալալին,

Ելնում կարոտով ու ման է գալիս.

Թե ոտք է գցում քար ու քարափի,

Պակսում է արգելքն իր դժվար ճամփի,

Թե ոտք է գցում դաշտ ու դուրանում,

Հողն է ոտքի տակ սաստիկ թուլանում...

Մի ախ է քաշում, ետ գալիս անձայն,

Դառն ափսոսանքով մտնում քարանձավ...

Ծորում է Քարից ուրբաթե ուրբաթ,

Քուռկիկ Ջալալու արցունքը կաթ-կաթ,

Խրխնջում է զիլ ու ձայնը նրա

Կարոտի կանչ է աշխարհի վրա,

Հույսի ղողանջ է աշխարհի վրա...

Բանաստեղծի այլ գրվածքներից տե'ս 

ԱՐՏԱՇԵՍ ՅԱՎՐՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՆ http://artashesyavryan.blogspot.com/

Link to post
Share on other sites

ՈՉԽԱՐԸ

(առակ)

Գայլն աչքը գցեց ոչխարի աչքին,

Իր պոչով զարկեց նրա դմակին,

Բռնեց ձոր տանող նեղ արահետը,

Ոչխարն էլ՝ հետը:

Նա զոհին տարավ, մութ ծմակ հանեց,

Սուր ժանիքներով բուկը աքցանեց:

Երբ վերջին շնչում ոչխարն էր հևում,

Տերը երևաց գլխավերևում.

–Գիտուն տիրոջից խրատ չես առնում,

Որ գել գազանի բաժին ես դառնում:

Ոչխարն անտարբեր նայեց ու տնքաց.

–Է՜,այն օրից է իմ բախտը ծռվել,

Որ իմ խեղճ մորից ոչխար եմ ծնվել,

Ինձ համար մեկ է, թե ով է սոված,

Նա ինձ հում կուտի,իսկ դու՝խորոված:

Link to post
Share on other sites

Արտաշես Յավրյանն ինձ համար հայտնություն է: Ես անչափ ուրախ եմ , որ բացել եք այս ֆորումը և շատ շնորհակալ:

 Քառյակներն ինձ շատ դուր եկան, հրաշալի նմուշներ են...

«Ոչխարը» առակը ,կարծես, մեր Հայաստանի   մասին   գրված լինի... ԲՌԱՎՈ... 

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ՋՈՐԻՆ

(առակ)

Թեև նա ուներ իշային ծագում,

Շուտ ընտելացավ ձիերի բարքին,

Ախոռ գրավեց առաջին շարքում,

Դարձավ տնօրեն մի երամակի:

Սանձեր ունեին ձիերը բոլոր,

Ջորին էր ազատ թոկ ու սանձերից,

Թե տուժած մի ձի նայում էր խոլոր,

Կանգնում ախոռին, զրկում էր կերից:

Ձիերը ցասկոտ վրնջում էին,

Գետինը ոտքով անհանգիստ փորում,

Բայց քացի տալու շնորհք չունեին,

Դա հատուկ էր լոկ խառնածին ջորուն:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

«ՍԱՍՆԱ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՔ»

Հատվածներ պոեմից

Հատվածներ «Առյուծաձև Մհեր» ենթապոեմից

մաս առաջին

-1-

Լուրը Մսրա երկիր հասավ,

Որ էլ չկա քաջ Սանասար.

Մսրա տերեր՝ անկուշտ դևեր,

Զորք շարժեցին Սասունն ի վեր,

Մորեխի պես շուրջը կալան,

Քաղաքն արին առ ու թալան,

Պայման դրին ուժով ահի,

Որ հարկ տի տան Մսրա գահին.

- Տարին քառսուն անծին երինջ,

'Քառսուն գութան, խոփ ու ձևիչ,

Տարին քառսուն ոչխար ու այծ,

Տարին քառսուն կով նոր ծնած,

Տարին քառսուն շարմաղ աղջիկ

(Կեսը՝ երկար, կեսը՝ կարճիկ),

Քառսուն կնիկ խորոտ ու խաս,

Քառսուն նժույգ արագավազ,

Քառսուն կոտ էլ արծաթ- ոսկի,

Հոժար կամքով, առանց խոսքի...

Զորքն իր ավարով ետ քաշվեց գնաց,

Սասունն այդ օրից Հարկատու մնաց:

Link to post
Share on other sites

-2-

Նստել են ջոջանց իրիկնահացի,

Խոսում են տաք- տաք, խոսում մտացիր,

Թե ում հույս դնեն , ոնց կառավարեն,

Որ կրակի մեջ նորից չվառվեն:

Քեռի Թորոսն էլ նստել է մթնած,

Անխոս, անհամբեր լսում է նրանց:

-Դու ես , Վերգո ջան, ախպերը մեր մեծ,

Ասաց Օհանը, ծնկերը շփեց,-

Մեր հերը գնաց, դու ես մեծը տան,

Դու գլխավորի ամեն գործ ու բան:

Անգլուխ՝ օջախն ու երկիրն՝ անտեր,

Քամի կբռնե, հիմեն կքանդե:

Վերգոն վախեցած գլուխն օրորեց.

-Չէ, Օհան,- ասավ,- երեկ փորձ արի

Վեր առնել գուրզը հայր Սանասարի,

Ճողվա-խճողվա ծանրության զոռից,

Առքս վախեցավ, որ փորձեմ նորից:

Մարդ, որ չկարա վեր առնի հոր զենք,

Ո՞նց պահի երկիր... լավ է՝ չխոսենք...

Ինձնից վազն արի,

Դու' կառավարի...

Վերգոյի խոսքից նեղվեց Օհանը.

-Ախպեր ջան, ասավ, մեղք չանես հոգուդ,

Ինձ հո լավ գիտի Սասնա ժողովուրդ.

Իմ շնորհքն էն է, որ գոռամ թեթև՝

Ձենս կթնդա յոթ սարի ետև,

Դա ի՞նչ բան է որ

Դառնամ թագավոր,

Մհերն է մեր մեջ կարգին հունարով,

Էն էլ պստիկ է, ափսո'ս, չի կարող...

-Բա ու՞մ փեշ բռնենք, ու՞մ անունը տանք,-

Հառաչեց Վերգոն, ընկավ մտքի տակ,

Քեռին, որ հանդից եկել բեզարած,

Ականջը կախել, լսում էր նրանց,

Էլ չհամբերեց

ՈՒ վրա բերեց.

Ինձ որ հարցնեք , էս հացը վկա,

Մեր Դեղձուն-ծամից հարմարը չկա,

Էն ծանր բեռը նա լավ կտանի,

Տղամարդ կին է, գլուխ կհանի,

Կարգին ուժ ունի, խելք ունի նաև,

Աստված տվել է ու չի խնայել...

Ջոջանց տղերքի սիրտը տեղն ընկավ,

Ծուլ ելան տեղից , ձեռ- ձեռի եկան.

-Վա՜յ քեռի Թորոս, դու մեզ փրկեցիր,

Էստեղ են ասել՝ կլսեն մեծին,

Բա էդ բանն իսկի կանցնե՞ր մեր մտքով,

Ուրախ ձայնեցին Օհանն ու Վերգոն,-

Թող կառավարե

Մեր Դեղձուն մարեն,

Մինչև Մհերը դառնա այր հասուն,

Պահի, պահպանի մեր տուն, մեր Սասուն:

Լուսը նոր բացված՝ եկան երեքով,

Եկան երեքով Դեղձուն-ծամի քով,

-Մարե ջան, ասին, Սասնա ամեն տուն

Քո արևովը երդում է ուտում,

Դու կառավարի մեր ազգ ու ցեղին,

Մեզ կարգի բերենք, դիմանանք նեղին,

Մինչև Մհերը դառնա այր հասուն,

Պահի, պահպանի մեր տուն, մեր Սասուն...

Էսպես խոսեցին

Ու համոզեցին:

Link to post
Share on other sites

-3-

Դեղձուն- ծամը, թեև սգվոր,

Սևը պահեց, հագավ նոր շոր,

Բերեց Քուռկիկ հրեղեն ձին,

Դրեց վրա թամբ սադափին,

Կապեց նախշուն, արծաթ գոտին,

Կապեց մեջին Թուր Կեծակին,

Առավ գուրզը Սանասարի,

Աղոթք ասաց՝ լուսն ի բարին,

Քշեց իր ձին, անցավ սար- ձոր՝

Աչք ածելու Սասնա բոլոր:

Գնա՜ց, գնա՜ց մեկ էլ ճամփին,

Արև օրվա շոգ ու տապին,

Պահ մի զգաց ջրի ծարավ:

Մտավ ձորակն ու կանգ առավ՝

Էն զորավոր, Էն գլգլան

Կաթնաղբյուրի ակի վրա,

Իջավ ձիուց, կուշտ-կուշտ խմեց,

Ծառի հովում պառկեց քնեց:

Եվ քնի մեջ երազ տեսավ,

Որ թխպած է Մարությա սար,

Պղտորվել է Բաթմանա գետ՝

Գալիս վարար, գոռում է խենթ,

Չի երևում կամուրջը հին,

Որ մոտենա, ձիով անցնի:

Մեկ էլ Քուռկիկն իրենն առնում,

Թռչում օդով, տուն է դառնում...

Քնատեղից ելավ նա վեր,

Տեսավ ինքը շատ է փոխվել.

Նեղ է արդեն սոլը ոտի,

Հագի շորը, մեջքի գոտին,

Ու էնպես է զգում իրան՝

Ասես փղի ուժ կա վրան:

- Ի՜նչ հրաշք է աղբյուրն ազնանց,

Անմահական ջուր է, ասաց

Ու ձին հեծավ, քշեց Դեղձուն,

Թեթև սրտով ետ եկավ տուն:

Երբ Սասունցիք տեսան նրան,

Հագած- կապած, ձիու վրա,

Քաղքի վերում,

Ճամփի ծերում

Ծափ զարկեցին

Ու կանչեցին.

- Քեզ երկար կյա՜նք, երկար արև՜

Մեր գովական Դեղձուն մարե...

http://artashesyavryan.blogspot.com/

http://artashesyavriyan.blogspot.com/

Link to post
Share on other sites
-3-

Կապեց մեջին Թուր Կեծակին,

Առավ գուրզը Սանասարի...

..........................

...Եվ քնի մեջ երազ տեսավ,

Որ թխպած է Մարությա սար...

Ես ներողություն եմ խնդրում ընթերցողներից՝ այս հատվածում թույլ տրված վրիպակների համար, այն է.

կապեց մեջին, պետք է լինի՝ կապեց մեջքին

Մարությա սար. պետք է լինի՝  Մարութա սար

http://artashesyavryan.blogspot.com/

http://artashesyavriyan.blogspot.com/

Link to post
Share on other sites
  • 3 years later...

ՀԱՃՈՅԱԽՈՍԸ ԵՎ ՆՐԱ ՎԿԱՆ

-1-

Հոպոպն աղավնուն

Հյուր տարավ իր տուն,

Հյուր տարավ ու մեծ

Ճաշկերույթ տվեց.

Առաջին կենաց

Բաժակի վրա

Ողջունեց սրտանց

Գալուստը նրա:

-Բարով եք եկել, հարգարժան ընկեր,

Ձեր ազնիվ վարքը, ձեր խաղաղ բարքը

Օրինակ է միշտ ամեն հոպոպի,

Ահա թե ինչու, չկա մի թռչուն,

Որ զգա մեր պես ձեր սիրտն ու հոգին:

Թող հանդիպումը, այս կերուխումը

Երկու հավքերիս դաշինքը կոփի...

-2-

Այսպես հոպոպը գլուխ էր տանում,

Իսկ բնի հոտը մարդ էր սպանում:

Աղավնին անխոս ուզեց դուրս թռչել,

Դաշտ ու անտառի մաքուր օդ շնչել,

Հոպոպն այդ զգաց ու տվեց մի հարց.

- Ափսո՜ս, մեկնում եք, գոնե չե՞ք ասի,

Ի՞նչ կարծիք ունեք դուք մերոնց մասին:

Բարի աղավնին այս տհաճ հարցին

Չէր էլ սպասում, բայց ասաց խոսքեր,

Որ նման դեպքում հյուրերն են ասում.

- Ինձ դուր են գալիս ձեր տունն ու տեղը,

Ձեր համեստ ցեղը...

Շատ եք հյուրասեր, շատ եք մաքրասեր,

Ձեր համբավը մեզ վաղուց է հասել...

-3-

Դե, հոպոպին էլ այդ էր հարկավոր,

Շտապեց դիմել հավքերին բոլոր.

-Ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն,

Հոպոպստանից խոսում է կկուն,

Աղավնասարից հյուր է իմ տանը

Մեր ժամանակի մեծ գիտնականը:

Լսեցեք նրան, տեսեք, թե ինքը

Ոնց է հասկանում մեր արժանիքը.

Այն օրից ինչ մենք աշխարհ ենք ընկել,

Չենք լսել այսքան ճշմարիտ մտքեր:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...