Հայ Ա Posted January 16, 2010 Report Share Posted January 16, 2010 Մենք՝ հայերս, պետք է ոչ միայն հասկանանք համազգային միասնության շատ կարեւոր նշանակությունը Հայոց պետականության գոյատեւման ու հարատեւման համար, այլեւ` տեսնենք այն ուժերին, որոնք ազդում ու առաջնորդում են աշխարհի հզորների արտաքին քաղաքականությունը, ռազմավարությունը, որն իր ամենօրյա ազդեցությունն է թողնում Հայաստանի ու հայության վրա: Անցած 100 տարիների ընթացքում մեծ տերություններն ավելի ու ավելի են միջամտել այլ երկրների գործերին՝ աստիճանաբար վերածվելով համաշխարհային ոստիկանների: Նրանք էլ ստեղծել են այսպես կոչված «Նոր աշխարհակարգ», ինչը Պարսից ծոցի պատերազմի ժամանակ առավել բացահայտ հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Այդ «աշխարհակարգի» իրական իմաստը բոլոր պետությունների սերտաճումն է մեկ-եզակի պետության՝ համաշխարհային տնտեսական (եւ ոչ միայն տնտեսական) միանձնյա իշխանության հասնելու համար: Եթե մի քիչ վերհիշելով զբաղվեն մեր ընթերցողները, ապա նորովի կհասկանան ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի «Պետությունների վախճանը» հրապարակախոսական տարօրինակ տեսությունը, որում նա նույնպես ակնարկում է ազգային պետությունների կորստի անհրաժեշտության (գրեթե անխուսափելիության) եւ մեկ համաշխարհային պետության ստեղծման մասին... Դե՜, ինչ պիտի անի կառավարական աթոռին բազմած վարչապետը, երբ Համաշխարհային բանկի հովանավորությամբ է հասել իր պաշտոնին եւ առ այսօր էլ պատսպարվում է նրանցով... Բայց մինչեւ ե՞րբ: Ժամանակին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին սկսեցին ահազանգել նաեւ մեզանում (նախապես ասում էին, թե մեզ վտանգ չի սպառնում), եւ ՀՀ-ն Արժույթի միջազգային հիմնադրամից եւ այդ կարգի այլ կազմակերպություններից վարկեր ստացավ, հայկական որոշ զլմ-ներ գրեցին, թե գաղտնիք չէ, որ «ֆինանսական կառույցներն այս միջոցները տրամադրում են նաեւ այն պատճառով, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վայելում է հիշյալ կառույցների վստահությունն ու աջակցությունը»: Պատահական չհամարվեց նաեւ այն փաստը, որ Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ասադ Ալամը մեր վարչապետին պարգեւատրեց մրցանակով` «իբրեւ աղքատության դեմ արդյունավետ պայքար մղող կառավարության ղեկավարի»: Նույնիսկ լուրեր էին «նետվում» զլմ-ներ եւ հանրության մեջ, թե Տ. Սարգսյանը իր «կառավարական շրջանակները» հայտնի օթյակային ձեւերով է «ամրացնում»... Ազատ եւ անկախ (եթե չասենք ազգային) պետությունները անեծքի պես մի բան են «Նոր աշխարհակարգ»-ի նախաձեռնողների եւ կողմնակիցների համար: Միակ եւ ընդհանուր համաշխարհային կենտրոնի հետ կապված միջազգային ու շրջանային հաստատությունների զարգացմամբ պետությունները կկառավարվեն մեկ «համաշխարհային կառավարության» կողմից, որը իր վերջնական խոսքը կունենա աշխարհի բոլոր գործերում՝ արտահայտելով հզորների (փողատեր անդեմների եւ դիմակով սիոնա-մասոնական խմբերի) շահերը: Նախ փոքր երկրների կենսական շահերը կստորադասվեն հզոր երկրների շահերին, ապա մեծ տերությունները կփորձեն ուժով համոզել, որ իրենց առաջնային շահերը նաեւ ցանկացած այլ երկրի շահերն են: Այս ամենը արվում է եւ կարվի, մինչեւ չհաջողեն մեկ համաշխարհային պետության ձեւավորումը: Այսօր էլ աշխարհի 80-90%-ի կամքը թելադրվում է այդ ուժերի կողմից, սակայն մնացյալ 10-20%-ը թույլ չէ բարեբախտաբար եւ համաշխարհային բեւեռների ստեղծմամբ կարողանում է դեռեւս տապալել մութ ուժերի գերնպատակը... Երբ մարդկությունն իրապես հասկանա, թե ինչ ուժերի ազդեցության տակ է հիմնականում, բազմաբեւեռ աշխարհը կկործանի միաբեւեռ-մեկաշխարհական երազանքները... «Նոր աշխարհակարգ»-ի ժամանակ միջպետական սահմանները կդառնան անիմաստ, եւ տարածքային արդարացի վեճերն անգամ կընկալվեն որպես անցյալի մնացորդ ու սպառնալիք՝ նոր աշխարհի անվտանգության ու գոյության համար: Աշխարհի «միանձնյա տերերի» եւ նրանց պաշտպանների կողմից կմշակվեն քաղաքականություններ եւ կձեռնարկվեն քայլեր միակողմանի բարոյա-կրթական եւ ազգեր-ժողովուրդների ազգային-պետական գիտակցությունը թուլացնելու նպատակով (ինչը հիմա էլ նկատելի է մեզանում)՝ քողարկված «գլոբալիզմ» եւ «ինտերնացիոնալիզմ» գաղափարական անվանումների տակ: Կխրախուսվի բազմազգ երկրների ձեւավորումը եւ կխոչընդոտվի ազգային միատարր պետությունների՝ ազգ-պետությունների ստեղծումը: Այդպիսի երկրներում միշտ օրենքներ կընդունվեն, որոնք կխրախուսեն եւ նույնիսկ կարագացնեն ազգեր-ժողովուրդների ձուլումը, որ ոչ մի էթնիկ-ազգային խումբ չհավակնի որեւէ տարածքի՝ պատմական կամ ժողովրդագրական հիմքի վրա: Որքան քիչ լինեն պետությունները, այնքան հեշտ կլինի ղեկավարել աշխարհը, մինչեւ մեկ պետության ստեղծումը: Որքան քիչ էթնիկ խմբեր եւ փոքրամասնություններ գոյություն ունենան, այնքան ավելի քիչ կլինեն ազգամիջյան բախումները: Ինչքան շատ լեզուներ եւ մշակույթներ ձուլվեն կամ անհետանան, այնքան ավելի հեշտ կլինի զբաղվել ապազգային ու մարդատյաց հարցերով, այդ թվում՝ բացառապես շահույթի վրա հիմնված ձեռնարկչատիրական գործունեությամբ՝ վաճառելով (իմա՝ պարտադրելով) միանման ու թելադրվող արտադրանքներ, ապրանքատեսակներ ամբողջ աշխարհում: Միջազգային հաղորդակցության եւ տեղեկատվության համակարգերը, որոնք ղեկավարվում են նույն «գլոբալ» ուժերի կողմից, նույնպես աշխատում են այդ ուղղությամբ: Ճնշված եւ փոքրաթիվ ազգեր-ժողովուրդների ազգային ազատագրական կամ հանրային բողոքի այլ շարժումները՝ նպատակաուղղված ազգային ազատությանն ու ինքնորոշմանը, կընկալվեն որպես «նոր չարիք», որի դեմ միջազգային կոչված հանրությունը (մարդկության 3-5%-ը թերեւս) կպայքարի մեծ տերությունների (իրականում վերոնշյալ մութ -գաղտնի ուժերի) գլխավորությամբ: Սա եւս մեկ անգամ վերահաստատվել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, ազգությամբ հրեա Մադլեն Օլբրայթի բացահայտ հայտարարություններով: Նա ասել էր, որ «ՆԱՏՕ-ն ներկայումս նոր թշնամի ունի. պետությունների անկայունությունը՝ առաջացած աղքատության, սահմանային խնդիրների եւ էթնոնացիոնալիզմի հետեւանքով»: Քաղաքականություն մշակող հաստատությունների մի ամբողջ բանակ պատրաստ է ազգային ազատագրական պայքարը սահմանելու որպես «Էթնիկ կոնֆլիկտ»: Նրանք կանխամտածված հակադրվում եւ միջամտում են այս պայքարին՝ ձգտելով անկայունացնել իրադրությունը եւ նվազագույնի հասցնել այդ կոնֆլիկտ-բախումի հետեւանքով ուժեղ ու անկախ պետությունների առաջացման հնարավորությունը: Ինչը սպառնալիք է նրանց համաշխարհային տիրապետությանը: Իսկ եթե դա անխուսափելի է, ապա այդ պետությունը ստեղծվում է ի շահ իրենց նպատակի: Դիցուկ՝ Կոսովոն ճանաչվեց անկախ, իսկ Արցախ-ԼՂՀ-ն՝ ոչ: Եվ էլի կան նման օրինակներ, ու ամեն բան այս առումով պարզ է ու հստակ, միայն «լվացած ուղեղներին» սա հասու չէ... Սա իր հերթին կարող է նշանակել «օգնություն» աշխարհի հզորների կողմից այն երկրներին, որոնք ունեն սահմանային խնդիրներ եւ հատկապես ազգային-ազատագրական պայքարի հնարավորություն՝ իրենց վիճելի սահմաններում: Սա կարող է նշանակել նաեւ նոր արյունահեղություններ՝ հանուն պետությունների տարածքային ամբողջականության՝ ի վնաս իրենց ազատության համար պայքարող ազգեր-ժողովուրդների, ազգային արժեքների: Աշխարհի այս ձեւափոխությունն արագացավ 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ «ապագայով մտահոգված» 100 հասարակաստեղծ ինժեներների մի խմբի ստեղծմամբ, որի առաջին գործը եղավ Վերսալի հաշտության պայմանագիրը: Այս խումբը ձեւավորեց «Միջազգային հարաբերությունների ինստիտուտի» միջուկը, որը հետագայում հիմնեց Նյու Յորքի «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» եւ Լոնդոնի «Միջազգային գործերի թագավորական ինստիտուտ» մասնաճյուղերը: Այդ ժամանակվանից ի վեր այս համակարգը, որ ներկայացնում է հզոր տնտեսական ու քաղաքական շահեր, վերածվել է այսօրվա 7-ի կամ 8-ի խմբի (նաեւ՝ 20-ի խմբի) եւ ներկայումս փորձում է իրեն ծառայեցնել հատկապես Ռուսաստանը, որը նվազագույնը ապահովում է երկբեւեռ աշխարհի գոյությունը: Իշխանության այս կենտրոնացումը իրագործվել է Միավորված ազգերի կազմակերպության միջոցով: ՄԱԿ-ը ցուցադրաբար ստեղծվեց այն պատրանքով, որ իբր վերջ կդնի պատերազմներին ու տարբեր աղետներին: (Բայց ոչ մի լուրջ բացատրություն չկա Կորեայի, Վիետնամի, Արգենտինայի, Սոմալիի, Պարսից ծոցի, Իրաքի, Պաղեստինի, Աֆղանստանի, Բոսնիայի, Կոսովոյի կամ այլ պատերազմների համար): Դեռ ավելին, ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան, վերածվել է ՄԱԿ-ի իրավապահ թեւի: Սրանով կարելի է բացատրել 8-ի խմբի կողմից եւ՛ Թուրքիային եւ՛ Ադրբեջանին ցույց տրվող օգնությունները: Այս խումբը ներառում է հետեւյալ երկրները՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա, Ճապոնիա, ԱՄՆ եւ ՌԴ: Ահա սրանք ու սրանց կառավարող գաղտնի ուժերը պարտադրում են նաեւ հայ-թուրքական կոչված արձանագրությունները, որին կհաջորդի Արցախի հարցը կամ հայ-ադրբեջանական արձանագրությունների պարտադրումը... Այս «Նոր աշխարհակարգ»-ում հայության եւ Հայաստանի կենսական շահերը պաշտպանելու համար ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն ավելի ու ավելի հզոր զինված ուժերի եւ անվտանգության համակարգի կարիք կունենան՝ աջակցված ուժեղ տնտեսությամբ, բնակչության աճով, միացյալ եւ բնական ազգային հավատով, գաղափարախոսությամբ, մշակույթով ու լեզվով` ներառելով անվտանգության ու հաղորդակցության շրջանային եւ միջազգային արդի կառուցվածքները, այլ` հնարավորությունները: Մի խոսքով` պետք է լինենք մեկ ազգ-մեկ հայրենիք: Արամ Ավետյան Հ.Գ. - խմբագրությունը պատրաստակամ է այս թեմայի շուրջ ծավալվող քննարկումներ հրապարակել: "Լուսանցք" Թիվ 132, հունվարի 15 - 21, 2010թ. ՎԱՀԱԳՆԱԿԱՆՉ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.