Jump to content

"Ես քեզ սիրում եմ"


Recommended Posts

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

"Ես քեզ սիրում եմ"

"Հագուստը ծածկում է մարմինը` բացահայտելով հոգին" տրամաբանությամբ` հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Կարինեն հագավ մուգ սև վերարկուն, նույն գույնի գլխարկն ու հյուրասենյակում լուռ նստած ամուսնուն նետելով "Ես գնացի" բառերը, դուրս եկավ տնից:

Կարինեն ու ամուսինը միասին էին արդեն 6 տարի, երեխաներ չունեին, ինչը, սակայն, ոչ թե բժշկական խնդիր էր, այլ պարզապես զույգը չէր ցանկանում դեռ երեխա ունենալ: Երբ ամեն անգամ բարեկամները հետաքրքրվում էին, թե ինչու երեխա չեն ունենում, չէ որ նրանք"կյանքի ծաղիկներ են", Կարինեն` ուշադիր նայելով հարցնողի ուղիղ աչքերին, նախ պատասխանում էր. "Իմ ամուսինը ինձ հաճախ է իսկական ծաղիկներ նվիրում, հետևաբար ծաղկի պակաս ես չունեմ", ապա հայացքը գցելով ներքևի աջ հեռավոր մի անկյուն, հավելում էր. "Երեխա ունենալու համար զույգը պետք է համատեղ անցյալ ունենա` զուգորդված փոխադարձ վստահությամբ, միասին ճանապարհ անցած լինելու գիտակցությամբ: Ոչ թե ուղղակի պետք է երեխա ունենալ": Ճիշտ է, Կարինեի այս խոսքերը սեփական երեխաներին` "չունենայի քեզ" ասող հետաքրքրասերները չէին հասկանում, բայց դա չէր խանգարում Կարինեին` պարբերաբար կրկնել նույն բառերը:

Չնայած իրոք Կարինեի ամուսինը հաճախ էր կնոջը իսկական ծաղիկներ նվիրում, բայց զույգը հաճախ էլ վիճում էր: Նախաամանորյա այդ օրը, երբ Կարինեն հոգու թելադրանքով հագավ մուգ սև վերարկուն, հենց այդ հերթական վեճերից մեկի օրն էր: Բանն այն էր, որ հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհին երբեմն բարձրաձայն, երբեմն երթուղայինում` անձրևից թրջված պատուհանից նայելիս` մտքում, երբեմն էլ գիշերը` բարձը ամուր սեղմած, "պահանջում էր" ամուսնուց բառեր… Իսկ նկարիչ, բայց գրեթե ամեն օր սափրվող ամուսինը դրանց անհրաժեշտությունը ուղղակի չէր զգում: Օրինակ այն ժամանակ, երբ Կարինեն բղավում էր` բառեր պահանջելով, ամուսինը այնքան էր զգում այդ նույն բառերը` բայց ներսում: Դե իսկ, երբ Կարինեն երթուղայինում անձրևից թրջված պատուհանից իբր նայում էր խանութների անվանումները, ամուսինը հերթական նկարը կիսատ թողած` մոտենում էր տան պատուհանին ու մտքում ասում այն, ինչ նույն վայրկյանին իր մտքում "պահանջում էր" Կարինեն: Ի դեպ, Կարինեն ու ամուսինը գրանցված չէին, պարզապես որոշել էին միասին ապրել: Եվ երբ ճիշտ այն բարեկամները, որոնք ամեն հարմար առիթով ուշադիր նայում էին Կարինեին ու հարցնում. "Բա զագս ինչու չեք ընկնում", ամուսինը, առանց նույնիսկ կտրվելու նկարից, պատասխանում էր` "Իսկ ում են պետք խոսքերն ու կնիքները, երբ ամեն ինչ պարզ է": Բնականաբար հետաքրքրասեր բարեկամները էլի չէին հասկանում, փոխարենը հիանում էին, թե ինչպես կարելի է "առանց խոսքերի, կտավի վրա ասել այն, ինչ ուզում ես ասել": Մի խոսքով` դպրոցական կիսամյակի վերջին օրը հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Կարինեն ամուսնուն "նետելով" "ես գնացի" բառերը, հագավ սև վերարկուն ու գլխարկը և գնաց դպրոց` աշխատանքի:

***

Ամեն օր աշխատանքից վերադառնալիս` Գոհար տատիկը, ով մասնագիտությամբ բուժքույր էր, ուներ երկու պարտականություն. կերակրել Արցախյան պատերազմում երկու ոտքից զրկված, կուրացած, իսկ պատերազմից հետո պետական հոգածության չարժանացած ամուսնուն և հեքիաթ պատմել 5-ամյա թոռնուհուն, ում չնայած որդին մոր անունով Գոհար չէր անվանել, բայց միևնույն է` տատիկը պաշտում էր թոռնուհուն: Վերջինիս ծնողները Ռուսաստանում էին, իսկ փոքրիկին թողել էին տատիկ-պապիկի մոտ, քանի որ նախ` "Մենք ընդմիշտ չենք գնում այնտեղ ապրելու, ուղղակի մի քիչ փող աշխատենք գանք", բացի այդ` "Մեր երեխան պետք է մոսկվաները չտեսնի":

Կնոջ պատրաստած կերակրի ամեն գդալի հետ կույր ամուսինը վերհիշում էր… Մարտակերտը, Ասկերանը, Քարվաճառը: Հիշում էր, թե ինչպես այդ ճանապարհներով գնում էր` հանուն իր կնոջ ու երեխաների, որոնց սակայն մենակ էր թողել` հանուն այդ նույն ճանապարհների… Չէ, երբեք չէր փոշմանում իր անձնազոհության համար, ու չնայած պետությունից երբեք որևէ գումար կամ շնորհակալական խոսք չէր ստացել, այդուհանդերձ ամեն անգամ, երբ հնչում էր ՀՀ պետական օրհներգը…ճիշտ է, չէր կարող ոտքի կանգնել, բայց կապում էր իր կարմիր փողկապը: Ազատամարտիկն ուներ երկու ցավ. չէ, ամենևին էլ ոչ հանուն հայրենիքի տված երիտասարդական տարիները, զույգ ոտքերն ու աչքերի լույսը, իսկ հիմա նաև` նույն այդ հայրենիքի կողմից մոռացության մատնված լինելը, այլ այն, որ որդին հայրենիքում չէր` մեկ, և ինքը ոչնչով չէր կարողանում օգնել կնոջը, փոխարենը բեռ էր վերջինիս ուսերին` երկու:

Իսկ 5-ամյա Լիլիթը եզակի երեխա էր. նա մեծ հաճույքով էր պառկում քնելու, քանի որ ամեն օր, երբ նա հագնում էր իր սպիտակ, վարդագույն պուտիկներով գիշերազգեստը, տատիկն արդեն կերակրած էր լինում պապիկին ու գալիս էր իր սենյակ: Թոռնուհու մազերին "աշխարհի ամենագեղեցիկ քնած դշխուհու" սանրվածքը տալուց հետո, տատիկը սկսում էր հեքիաթը:

***

Տեղացող առատ ձյունն իր մեծ-մեծ փաթիլներով համառորեն ճերմակեցնում էր Կարինեի սև վերարկուն ու գլխարկը` կարծես բացահայտելով կնոջ իրական հոգին: Սակայն "մենք այնքան քիչ բան գիտենք մեր հոգու մասին" տրամաբանությամբ՝ Կարինեն պարբերաբար մաքրում էր վերարկուի ու գլխարկի վրայի ձյունը` "ես տխուր եմ" դեմքի ծիծաղելի արտահայտությամբ: Վերջապես եկավ երթուղայինը, ու ճիշտ այն ժամանակ, երբ Կարինեի ամուսինը պատուհանից չէր կարողանում կտրվել` ձյան մեծ-մեծ փաթիլների պատճառով ու վերհիշում էր իրենց առաջին պարը` Իջևան-Երևան ճանապարհի 57-րդ կիլոմետրի վրա` բացօթյա ու հենց նման տեղացող ձյան տակ, Կարինեն տեղավորվեց երթուղայինում, իհարկե, պատուհանի կողքին: Գուցե վերջինս էլ հիշեց այդ պարը, իսկ թերևս երթուղայինում հնչող "զարմանալիորեն լավ" երգը ստիպեց կնոջը մի բան հասկանալ: Կարինեն հասկացավ, որ չնայած այդ երգում ոչ մի խոսք չկար ձյան մասին, առավել ևս այն ձյան, որը ինքը հենց այդ վայրկյանին տեսնում էր, բայց նույն այդ երգը "ախր այնքաան ձյան մասին է…": Կարինեն որոշեց. գնում է դպրոց և աշակերտներին հանձնարարում` գրել տեղում շարադրություն սիրո մասին, բայց որ այդ շարադրության մեջ ոչ մի տեղ չօգտագործվի "ես քեզ սիրում եմ" բառերը:

***

"Փոքրիկ տղան երբեք բակ չէր իջնում: Նրան հնարավոր էր տեսնել միայն իրենց շենքի մոտով գիշերային ժամերին անցնելիս: Այն ժամանակ, երբ երկնքում ավելի շատ աստղեր կային, քան փողոցում մարդիկ, կամ երբ երկնքից ճիշտ այնքան ձյան փաթիլներ էին իջնում, որքան ամռանը աստղ կար, փոքրիկ տղան, նստած պատուհանի գոգին, նայում էր միշտ նույն ուղղությամբ: Այդ շենքի հենց դիմաց մեկ այլ շենք կար և ճիշտ տղայի բնակարանի դիմահայաց պատուհանից նույն ժամերին նայում էր մի փոքրիկ աղջիկ: Տղան ու աղջիկը նայում էին միմյանց: Այդ թաղամասում ապրում էր մի կին, ով երեխա չուներ և հաճախ էր հագնում սև վերարկու ու կրում սև գլխարկ: Այս կինը սիրում էր զբոսնել` ինչպես աստղերի, այնպես էլ դրանց թափվող տեսակի` ձյան տակ: Ու պատահական չէ, որ հենց այս կինը պետք է նկատեր այս երկու "փոքրիկ հայացքները": Ավելին, կնոջ մոտ արդեն բնազդ էր դարձել. ինչպես ճանապարհ անցնելիս` բակ մտնելով սկզբում նայում էր ձախ` տեսնելու փոքրիկ տղայի այնքան հասուն հայացքը, հետո աջ, որտեղ հանդիպում էր փոքրիկ աղջկա այնքան բառառատ հայացքին:

Մի երեկո, երբ երկնքից թափվում էին "ամառվա ամենախոշոր աստղերը", սև վերարկուով ու գլխարկով կինը մտավ բակ ու սովորության համաձայն նայեց ձախ: Սակայն ոչինչ չտեսավ. Կինը սկզբում մտածեց, թե հավանաբար տեղացող առատ ձյունն է գոլորշիով պատել փոքրիկ տղայի պատուհանը, սակայն ավելի մոտենալով հասկացավ. տղան ոչ միայն պատուհանի գոգին նստած չէր, այլև պատուհանից այն կողմ խավար էր: Կինը սկսեց վազել հակառակ ուղղությամբ. աղջիկը նույնպես "տեղում չէր", նրա լույսերը ևս անջատված էին, ասես երբեք էլ վառված չեն եղել: Կինը ուժասպառ ընկավ փոքրիկ աղջկա շքամուտքի աստիճաններին: Նա "չգիտես ինչու, ում համար" սկսեց լաց լինել: Եվ հավանաբար գերհոգնած լինելուց, կամ "հենց այսպես էլ պետք է լիներ տվյալ պահին", կինը քնեց…ու անմիջապես հայտնվեց երկրագնդի մեկ այլ ծայրում. ծով, հեռվում կարծես հատուկ հենց այդտեղ "տեղադրված" լուսին ու ալիքների աղմուկ: Սև վերակուով ու գլխարկով կինը կանգնեց ու զգաց, որ վերարկուն կարծես խեղդում է իրեն, բայց "իսկ ով ասաց, որ ես չեմ ուզում խեղդվել" տրամաբանությամբ կինը ավելի սեղմվեց սև վերարկուի մեջ ու սկսեց քայլել ծովի ալիքների ու ավազի հպման եզրագծով, ոտաբոբիկ, վերարկուի մեջ սեղմված, բայց ոտաբոբիկ: Ամբողջ այդ ընթացքում կինը, չնայած մարմնի բոլոր մասերով զգում էր ծովի հպումը, սակայն ոչ մի անգամ, նույնիսկ մտքում չասաց "ծով" բառը: Հանկարծ ծովի ափին` հենց իր դիմաց, նա տեսավ փոքրիկ աղջկան ու տղային` կողք կողքի նստած: Նրանք էլի լուռ էին ու նայում էին, թե ինչպես է արդեն ասես մի ամբողջ հավերժություն, լուսինը ցանկանում մտնել ծովը, բայց չի կարողանում: Կինը մի պահ կանգ առավ, հետո սկսեց վազել ու գրկել երեխաներին` ասես հենց նրանց է ամբողջ կյանքում որոնել: "Ինչու փախաք, ինչու մարեցին ձեր պատուհանների լույսերը",- հարցրեց նրանց կինը: "Որովհետև մենք հասկացանք",- ասաց տղան` առանց հայացքը կտրելու այնտեղից, որտեղ նայում էր մինչ այդ: "Ինչ հասկացաք",- սրբելով "չգիտես ինչու" հոսող արցունքները` հարցրեց կինը: "Մենք հասկացանք, որ սերը այն չէ, երբ նայում ենք իրար, այլ այն, երբ նայում ենք միևնույն ուղղությամբ", կրկին անշարժ հայացքով պատասխանեց աղջիկը և սև վերակուով ու գլխարկով կինը նկատեց, որ այդ պահին փոքրիկ աղջիկն ավելի գեղեցիկ էր, քան աշխարհի բոլոր "ծովերն ու լուսինները" միասին վերցրած", հենց այս հեքիաթը Գոհար տատիկը պատմեց Լիլիթ թոռնուհուն` նախաամանորյա այդ գիշերը: Ճիշտ է, հեքիաթի ավարտին փոքրիկ Լիլիթը քնած չէր, ու երբ տատիկը պատրաստվում էր հեռանալ, հարցրեց. "Տատ, իսկ հրաշքներ Նոր տարում լինում են, չէ՞": "Իհարկե բալես", ասաց տատիկը` "Դու ինչ ես ուզում": "Ուզում եմ, որ մաման, պապան գան ու երկուսով նայեն մի տեղ, այսինքն` ինձ":

***

- Աննային կարելի՞ է,- հարցրեց տղամարդը` զանգահարելով ռեստորան:

- Աննան հիմա շատ զբաղված է,-պատասխանեցին նրան:

- Բայց սա շատ կարևոր է, ասեք, որ ամուսինն է, ու շատ կարևոր բան պետք է ասեմ:

-Լավ, մի րոպե տեսնեմ…

Երբ հեռախոսին մոտեցավ Աննան, տղամարդը շարունակեց.

- Ա'ն, կարող ես հենց հիմա դուրս գալ:

- Ռուբեն, դու պատկերացնում ես ինչ ես ասում, 70 հատ պատվեր ունեմ, չեմ հասցնում, մարդիկ էսօրվանից արդեն Նոր Տարի են անում,-ասաց Աննան` "ախր այնքան կուզենայի հենց հիմա դուրս գայի" ձայնով:

- Ան, տոմսեր եմ առել, 3 ժամից Երևան ենք թռնում, երեխու մոտ…

- (10 վայրկյան դադարից հետո)…Գալիս եմ, հենց հիմա գալիս եմ…:

Ռուբենը նույնիսկ չհասցրեց բացատրել, թե կինը որտեղ կոնկրետ գա, բայց միթե դա կարևոր է, կամ կարևոր է արդյոք այն, որ 70 մոսկվացի այդ օրը չստացան իրենց պատվերները… Աննան ու Ռուբենը փոքր Լիլիթի ծնողներն են:

***

Մտնելով դասարան` Կարինեն էլի չհանեց սև վերարկուն ու գլխարկը և դիմելով դասարանին ասաց այն, ինչ որոշել էր երթուղայինում. գրել շարադրություն սիրո մասին, բայց առանց գործածելու` "ես քեզ սիրում եմ" բառերը: Եվ մինչ երեխաները աշխատում էին, Կարինեն հասցրեց զանգել տուն` ծնողներին, հարցնել վերջիններիս որպիսությունը, բայց 5 րոպե տևած զրույցում ոչ մի անգամ չասաց` "ես ձեզ սիրում եմ". ոչ թե որովհետև այդպես էր որոշել, այլ` ինչու. միթե ամեն անգամ, երբ դուք ծառ եք տեսնում բացականչում եք` ծառ:

Չնայած կիսամյակի վերջին օրն էր, բայց սերն այն թեման է, որը կարող է գրավել ավարտական դասարանի աշակերտներին, անգամ առավոտյան շուտ` հազիվ աչքերը բացած ժամանակ: Հետևաբար Կարինեի հանձնարարությունը բոլորը կատարեցին: Օրինակ, միշտ բոլորից տարբերվող գույնի վերնաշապիկ հագնող Գևորգը գրել էր պարզապես` "Ես քեզ սիրում եմ" ու վերջ: Երբ ուսուցչուհին հիշեցրեց, որ հենց այս բառերը պետք էր չգրել, Գևորգը պատասխանեց` "Իսկ ով ասաց, որ դրանք բառեր են": Կարինեն ժպտաց, անգամ վերջապես սև գլխարկը հանեց` էլ ավելի սև վարսերը ձախ ձեռքով թափելով մեջքին: Մնացած շարադրություններում աշուն էր, գարուն, անգամ ամառ, արև, անտառ, նույնիսկ` բարձր լեռներ և միայն մի շարադրություն հատուկ գրավեց Կարինեի ուշադրությունը. Ուսուցչուհին անգամ գունատվեց: Ապագա նկարիչ Տիգրանը գրելու փոխարեն նկարել էր` գիշեր, ծով, նրա մեջ մտնող լուսին և անշեղորեն դեպի լուսինը նայող երկու երեխա` աղջիկ և տղա… Կարինեն ոչինչ չասաց, ուղղակի այս վերջին "շարադրությունը" արագորեն դնելով պայուսակի մեջ, հեռացավ դասարանից: Իսկ 26 աշակերտների հայոց լեզվի ու գրականության կիսամյակը այդպես էլ չփակվեց, բայց միթե դա կարևոր է…

***

Քնեցնելով փոքրիկ Լիլիթին` Գոհար տատիկը դուրս եկավ երեխայի ննջասենյակից ու մոտեցավ ամուսնուն: Ազատամարտիկը ոչ միայն չէր կարող քայլել և տեսնել, այլև հազվադեպ էր խոսում. Նախ, որովհետև կինը` Գոհարը շատ լավ գիտեր, ինչ է կոնկրետ այդ պահին իրեն պետք, հետո էլ…ամաչում էր, այո ամաչում էր, և այո` ամաչում էր կնոջից: Տիկին Գոհարը, որն այդ տարիքում էլ հրաշալի տեսք ուներ, ուղղակի նստեց ամուսնու կողքին "Սերը` միասին լռելու ցանկությունն ու կարողությունն է" տրամաբանությամբ: Դռան զանգը հնչեց, տիկին Գոհարի դուստրն էր, Մոսկվայից հենց այդ ժամին Երևան վերադարձող Ռուբենի քույրը, հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Կարինեն: Վերջինս կրկին սև վերարկուով էր, բայց նույն գույնի գլխարկն այլևս անհետացել էր: Եղբոր քնած աղջկան ու հորը համբուրելով` Կարինեն նստեց հյուրասենյակում, նրա դիմացի պատին ամուսնու նկարներից էր` ծով…: Կարինեն զգաց, որ սև վերարկուն խեղդում է իրեն: Փոքր-ինչ դստեր, իսկ ավելի ճիշտ՝ ինքն իր հետ զրուցելուց հետո տիկին Գոհարը դուրս եկավ սենյակից, վերադարձավ տաք ծածկոցով, ծածկեց արդեն քնած ամուսնուն: Կարինեն այլևս չդիմացավ. "Մամ, դու պապային սիրո՞ւմ ես", հարցրեց նա: "Իսկ դա պե՞տք է ասել",- վերևում ինչ-որ կետի նայելով` պատասխանեց մայրը: Կարինեն դուրս վազեց հայրական տնից…

***

Արագ վազելով բարձրանում էր շենքի շքամուտքի աստիճաններով, հասավ իրենց դռանը, այն` "Այստեղ դու տանն ես" տրամաբանությամբ, բաց էր: Մտավ, տունն ավելի քան տարօրինակ էր. անհետացել էին ամուսնու բոլոր նկարները` ավարտված, թե անավարտ: Լավ, թքած. չկար ամուսինը: Եվ, երբ Կարինեն հյուրասենյակի` երբեմն այնքան նյարդայնացնող կտավների բացակայությունից առաջացած էլ ավելի նյարդայնացնող դատարկության մեջ շփոթված կանգնած էր, ձեռքում ամուր սեղմած իր աշակերտի, ապագա նկարչի "շարադրությունը"` միևնույն տեղը նայող փոքրիկ աղջկա ու տղայի մասին, ու երբ մտածում էր, իսկ միգուցե ամուսին ունենալն էլ երազ է, ինչպես "երկու փոքրիկ պատուհանների" երազը, հետևից մի ձեռք հպվեց նրան: Կարինեն շրջվեց. ամուսինն էր, ով ուղիղ նայելով կնոջ աչքերին՝ բարձրաձայն ասաց. "Ես քեզ սիրում եմ": Կարինեն բեթղեհեմյան աստղ տեսած երեք մոգերի հայացքով, ուղղակի ամուսնուն մեկնեց ձեռքում սեղմած նկարը` "գիշերը, ծովը, աղջիկն ու տղան…": Ճիշտ այդ պահին Կարինեի վրայից ուղղակի ու վերջապես ընկավ սև վերարկուն` "կինը երբեք միայնակ չի կարող բացահայտել իր իրական հոգին" տրամաբանությամբ:

…Արդեն Նոր տարում Կարինեի ամուսինն իր առաջին նկարում "խոստովանեց". Կարինեն այդ օրը ավելի գեղեցիկ էր, քան աշխարհի բոլոր "ծովերն ու լուսինները" միասին վերցրած:

***

Մենք չիմացանք, թե Նոր տարում ինչ եղավ փոքրիկ Լիլիթի և նրա ծնողների հետ, երբ վերջիններս եկան, բայց գիտենք, որ Լիլիթի կույր պապիկը այդ օրը "տեսավ" որդուն…"։ Եվ ամենևին էլ հակված չենք այս ամենին տալու "հրաշք" անվանումը, քանի որ, միևնույն է, հրաշքներին հավատացողներն առանց այս պատմությունն էլ շարունակելու են հավատալ հրաշքներին, իսկ հրաշքներին չհավատացողներին այս պատմությունն էլ չի ստիպելու` հավատալ հրաշքների…:

Իսկ տարին սկսվեց, որը ըստ մայաների` վերջինն է լինելու: Չնայած "ասում են" արմատներով մայա, այժմ` Պերուի քաղաքացի Լուսիան պատրաստվում է հաջորդ տարի ամուսնանալ շվեդ ազնվական ընտանիքից Սվենի հետ ու բազմաթիվ երեխաներ ունենալ:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...