Jump to content

Katranide

Forumjan
  • Posts

    106
  • Joined

  • Last visited

Everything posted by Katranide

  1. * * * Իր մեծ ու քայքայիչ տխրություննեն զատ Նարեկացին ունի նաև հիվանդագին մելամաղձություններ. աղերսարկու, միջանկյալ բացասականներու թախծությունը` որ հոս հոն մանիշակի պես կը նշուլի. «Մի́ լիցի ինձ երկնել եւ ոչ ծնանել… ընթանալ եւ ոչ հասանել, ինձ ձայնել եւ քեզ ոչ լսել… զոհել եւ ոչ ճենճերել…» (Բան Բ): Եվ կամ լուսեղեն վայրկյաններու մեջ իսկ` մեղքի նախազգացման տրտմությունը. «Մի́ ընձիւղիր զծաղիկ մեղացս…»: Ու վերջապես հետևյալ աղաչանքը. «Մի մատուցաներ բաժակ դառնուփեան ’ի ժամ ծարաւու… մի́ իբր յանկարծադէպ հինից ասպատակ գիշեր մահուն ինձ պատահեսց`. մի́ տապ տօթոյն յանպատրաստ պահուն արմատս հատեալ ցամաքեցուսցէ… մի́ պահեսցի ինձ սառն մեղացս, և մի հոսանք ուղխից կենցաղոյս զիս ողողեսցեն» (Բան ՁԲ): Բայց բոլոր այս խավարներուն ու մշուշներուն, ծփծփումներուն ու հորձանքին ետին, հավիտենական, երջանիկ անշիջանելի գաղափարը կա պահված. և կու գա կամքի ու գիտակցության արևոտ այն վայրկյանն ալ` ուր երջանիկ ձայնարձակու-թյունը կը լսվի. «Տօնեա զկեալս կորուսելոյս վերնականացն պարերգութեամբ»: Եվ այս վայրկյա՜նը…
  2. 1908 ՆԱՐԵԿԱՑԻԻՆ ՀԵՏ Խուցիս ճերմակ վարագույրները կը սարսռան. գետընթաց հո՜վն է դարձյալ որ ապակիները կ’ալեկոծե ու կը փռվի մինչև բաղձանքիս ավազներուն վրա: Հո՜վն է դարձյալ. խուցիս աշունը` դեղին ու կարմորակ տերևի անդրադարձ խոշոր կայլակներով արցունքոտած` իղձի ու թախծության ամպոտ վայրկյանի մը մեջ` կըսպասե աղոթքին: Նախնականության բաղձանք մը` երկյուղով մակարդված, առհավության հեռալուր ձայն մը` կարծես հովին արհավրոտ ձայնին ընդխառնված` հետո անկե տարանջատ` կթողվի մեկեն հոգիիս մեջ: Ու բոլոր ուրվագիրներուն ու պատկերներուն մեջեն, որոնք անոր շրջանը կ’ընեն հիմակ, բոցով շրջանակված դիմագիծ մը, հայեցողի միստիք, մշուշոտ, աղոթավոր կենդանագիր մը կ’որոշագծվի հոն մինչև ճակատին ակոսները` զորս Մեղքի գաղափարին արորն է քաշած. մինչև աղերսակու աչքերուն թախծոտ նայվածքը` աստվածային հուրով մը տոգորված. ու մինչև շուրթերուն աղոթկեր երերումն ալ: Նարեկացի՜ն է. սրբության իղձին կրակովը վառված անշեջ մորենին , մեծ աղոթասաց բանաստեղծը` որ կը հառաչե. «Մատուցեալ եդեալ ‘ի հուր թախծութեան անձին տոչորման` զպտուղ ըղձից ճենճերոյ սասանեալ մտացս, բուրվառաւ կամացս առաքել առ քեզ…»: Հո՜վն է դարձյալ. և անոր հևքին հետ, իրար բաղխող ձայներու մակընթացու-թյան մեջեն` անտես ու զգալի Աստվածն է որ կ’անցնի, և հոգին կը տարվի հորձանքներեն, երկյուղի խորանին առջև իր աղոթքը աղաղակելու. «Ընկալ քաղցրութե́ամբ, Տէր Աստված, հզօր, զդառնացողիս զաղաչանս… բացադրեա, վերնային, զմոլոլոյն մառախուղ… պարփակեա քո ձեռամբդ զառաստաղ տաճարիս. գծագրեա քո արյամբդ զմուտ սեմոց սենեկիս… Տուր հանգիստ բերկրութեան մահահանգոյնս նիրհման…»: Որքա՜ն քաղցր պիտի ըլլար այս ամպամած գիշերոտ տիվին մեջեն ընդնշմարել հանկարծ կապույտ բարությունը` որ ճառագայթով մը ժպտեր շոգիի սրահակներուն մեկ ծերպեն` և աղերսագին կանչե́ր. «Պաղատիմ առ քեզ լուսոյ ճառագայթ…»: Բայց, ահա́ ճառագայթն է. «ամենափայլ ճառագայթը», «խոստովանեալ լոյսը», «արփիացնցուղ ցօղը», «տօնելի խոնարհութիւնը», «փրկական համբոյրն» է այդ ոսկեթել նուրբ շառայլը` որ կը սահի հոգիին խորը` քայքայված երազներու տրցակը ժապավինելու: * * * Նարեկը ալեկոծություն մըն է. հոգեկան վրդով մրրիկ մը և ալեկոծություն մը` ուր բառերն ու կշռությունները ալիքներուն բաղխումին չափակցությունը` անոնց ինքնակործան շաչումները` անոնց իրարահալած խաղացքն ու անկումները ունին: Եվ այս ալեկոծություններուն մեջ, հորձանքներու ափը ինկած պզտիկ նավակ մը կա` զոր կոհակները ոչինչի մը պես ձեռքե ձեռք կը նետեն, մինչև խորտակում. «…Ուստի նաւն ’ի բախմանէ վայրենի ալեացն խորտակեցաւ»: Հոս պատկերի խիստ ու նկարչական ճշգրտություն մը կա, իր մանրամասնություններուն ու ամբողջական ներկայացումին մեջ ալ` այնքան հուժկու և իրախնդիր` որ նմանությունը հրաշալի կերպով կ’անձնացնե. «Թեւոցն ձեռնարկութիւն քայքայեցաւ, կայմն ամբարձման ‘ի կայից իւրոց խլեցաւ, առագաստին թռչարան յանկարկատելի ծուէնս պատառեցաւ, շինուածոյն շուք անզարդեցաւ, առասանք ձգողականացն խզեցաւ, տեսարան գլխոյն դիտակի խոնարհեցաւ, ապաւանդակին պարան` կտրեցաւ, ապաւինութիւն խարիսխին լուծաւ… սամիք ուղղչացն հետոց գալարեցան…, ղեկացն կառուցումք անդրէն սուզան…, գոգք ամփոփման ծոցոյն կազմածոյ անարգեցան, խելք շրթանցն եզերաց խախտեալ ոստեաւ…»: Բայց դեռ չէ́ վերջացած նկարագրությունը այս նավաբեկության. հապա նավուղիղին անձկությո՜ւնը. «Նաւուղիղն հանդէպ նաւին դեգերեալ ողբայ, թեռն ’ի ծնօտի եդեալ` արտասուաց գետս իջեցուցանէ»: Եվ հուսկ ապա խլյակներու թախծագին երերումը ջուրերուն վրա. «Նշմարք սակաւ մնացուածոցն` ’ի ծայրից ծփմանց ազդելոյ ծովուն, իբր խողխողեալ բանաւոր, ողորմագին թախծանօք հեծէ»: Նմանությունը հոս կը վերջանա` բայց անդին հոգեկան վերականգնումին հույսը կա` թեև քիչ մը երկվական` ինչպես ճառագայթ մը մշուշի մեջ նշուլացած. «Իցէ՞ արդեօք տեսանել զփշրեալս նաւ ողբալի հոգւոյս ողջացեալ… արդօք մտի՞ց ’ի խրախճանութիւն խորանին լուսոյ քեւ առաջնորդեալ…»: Բայց վերջապես մշուշը կը փարատի, ու ոսկի ճառագայթը կը փալփլի հստակ. «Իսկ եթէ լոյս ողորմութեան բարերաց կամաց քոց ցուցցի, գթութեան քոյ դուռն բացցի, ճառագայթ փառաց քոց ծաւալեսցի…, առաւօտիդ ըղձալի տեսիլ մերկասցի, առատութիւն քաղցրութեան քոյ աղբերասցի…»: Ու հոգիին ցանկալի ցոլարձակ Վաղորդայնը… Ահավասիկ ուրիշ նմանություն մըն ալ` խեղդվողին նմանությունը` ուր բառերը պատկերին տեսողական ու ձայնագրական ճշդությունները միայն կը ցոլացնեն. «Եվ քանզի ’ի ծուփս բազմավտանգս ալէտանջ հողմոյ սաստկապէս զգուեալ ուժգին լլկանօք ’իսպառ տագնապմամբ ’ի ծովին, փոխեալ ընկեցեալ ’ի վտակն վայրենական ողողիչ. առ որս զմատունս ձեռացս այսր անդր տարաբերեալ, իբր ’ի հոսանաց գետոց գարնանազայր, արտաձգեալ յակամայ ընթացս ողորմագին գլորման, ջրակուլ ոգեսպառ պտղորարբութեամբ, դաժանահոտ սկախառն մամռարմատ խառնախռիւ մահաբեր երկամբք վանեալ, ըստ որոց յուղխիցն հեղեղիցն հեղձուցեալ…»: Եվ ասյ ալեկոծումներուն ու ծփանքներուն վերև միշտ կը փթթի` փրփուրներուն շուշան ծաղիկին պես` «լոյսի հարս» Աստվածամարին` ցնծության ու կուսության ճերմակ գաղափարը. «Անխառն իբրեւ զօդ, մաքուր որպէս լոյս, անշաղախ ըստ նմանութեան պատկերի արուսեկին բարձրութեան, գերազանց քան զբնակութիւն անկոխելին սրբութեանց, երանաւոր խոստմանն տեղի, Եդեմ շնչական, ծառ կենացն անմահից բոցեղէն սրովն պարունակեալ…»: Եվ ի՜նչ ավելի տոնելի ու ցանկալի էր քան այս խավարամած հոգիին մեջ կայլակող կուսության ձյունաթույր շիթը. «Ահա կաթիլ մի կաթին քումդ կուսութեան յանձն իմ անձեւեալ կենաց ինձ զօրէ…»: Բայց պահեր կան ուր վերստին կը բարձրանա, կշրջշրջի հոգիին մեջ Մեղքի գաղափարին միահեծան մրրիկը` խուռնամբոխ անթվելի տարրերով լեցուն. «Իսկ մեղանք իմոցս յանցանաց` անթիւք… ոմն եւ բիծք իւր… ոմն եւ փուշք իւր, ոմն եւ արմատք իւր… ոմն եւ ճիրանք իւր… ոմն եւ շանթք իւր, ոմն եւ հրդեհմունք իւր… ոմն եւ վիհք իւր…» (Բան Զ): Եվ դեռ անհամար, անհամա՜ր… Ուրեմն պետք է աղաղակե՜լ դարձյալ, իղձի կրակին մեջ աղոթքի խունկովը բուրվառանալ` և հառաչել թախծության երգը. «Ընդ աչացուացն նեղելոց մշտագիշերն խարխափանօք` մեծակական ձայնիւ հառաչեմ» (Բան ԾԳ): «Ահա կարկառեմ զկարկամեալ բազուկս հոգւոյս յանուն քո, հզօր…» (Բան ԺԸ) «Լուր լռութեան սրտիս, տե՜ր Յիսուս, որ հնչումն է առ քեզ մեծութեան ձայնի երկար գոչելոյ» (Բան ԾԳ): «Թշուառացեալ կիսամեռութեամբ, դիմօք այլայլութեան, տատանմամբ մատանցս, կարկամ հառաչմամբ, նուաղ հեծութեամբ, նրբական ձայնիւ, յոգի թախծութեան յոգնամասնեայ տարակուսանաց`… ողբալով հառաչեմ» (Բան ՀԳ): «Եւ արդ ջուր կամաց եւ կաթ արտասուաց` բեկութեամբ հոգւոյս մտացս լքմամբ` խորտակմամբ սրտիս հեղեալ առաջի…» (Բան ՁԸ): Եվ սակայն այս ողջություներուն մեջեն նորեն պիտի ծագի արևը. լուաշող այն արևը` որուն առջև աղերսագին կը հեծեծե աղոթողը. «Միասցի կնիքդ լուսոյ ի գեղ տեսակիս, ամրութեանդ նշան հաստատեսցի ’ի տիպ դիտակիս, երեւակ կենացդ փայտի ձեւասցի ’ի պատկեր այտիս, արուեստդ հրաշից ’ի ճակատիս շուք նշանակեսցի: Մի́ այլայլեսցի յինէն դրոշմդ լուսապաճոյճ, մի́ բարձցի ’ի տեսանելեացս բաց ճաճանչդ օրհնութեան…» (Բան ԿԵ): Կամ սա լուսախնդիր աղաղա՜կը կ’երկնե. «Ընդ սկզբան բերմանս լուսոյ` զողորմութիւն քո ծագեա, ընդ ելից արեւուն` արդարութեան արեգակնդ ’ի յանձկութիւն սրտիս մտցէ. ճառագայթ քո փառացդ ’ի յիմաստիցս խորհրդանոց ջահեսցի» (Բան ՁԴ): «Ամպով կամաց քոց հավանացիր հրաշապէս, հանդարտեցո փայտիւդ կենաց զծովուս մրրիկ…» (Բան ՁԵ): Եվ այդ արեգակը, «անբաւութեան այդ ձայնը», «անմատչելի հեռաւոր եւ անընդմիջելի մերձաւորը» այնքա́ն պայծառ, այնքա՜ն բարի է որ. «Ոչ կիզեր զբերանս լցեալ նանրութեամբ… ոչ ստուերացուցեր զտեսիլ աչացս ’ի քումդ ակնարկութեան… ոչ խորտակեցեր զդաստակ բազկիս որ անմաքրապէս առ քեզ համբառնար, ոչ մանրեցեր զոստս իմոց մատանցս ’ի շոշափելն զանդ կենաց…» (Բան Ե): Եվ իր ինքնությանը մեջ լոկ որքա՜ն բաղձալի է այդ «անմուտ արեգակը»` որուն կը վազե մեծ աղոթողին հոգին` ինչպես մարած մոլորակ մը իր մայր արևին. «Ոչ փառքն են ինձ անձկալի, այդ փառաւօրեալն է համբուերլի. ոչ կենացն փափագանօք, այլ կենարարին հիշատակաւն միշտ ճենճերիմ… ոչ հարսնարանին խճճոյիւք, այլ փեսային անձկութեամբ մաշիմ…» (Բան ԺԲ):
  3. * * * Այս բաղդատութենեն դուրս դիտելի կետ մը կա, որ ամբողջ ոտանավորը ոչինչով կը տարբերի ձանձրալի արձակե մը: Երրորդ տունին մեջ ընթերցողը կը փոխադրվի վայր մը` որ դաբիրան է Պարսամյանի ծանոթ զգացումներուն. Զանկապանը հարդարեց` շարժումով մը պչրավոր, Լերդ շառայլը ցույց տալով այդ կանացի երիզին, Ուր ալիքի պես վետ վետ ժանյակներու մեջ նրբին, Մարմնին ճերմակն ավելի շուշանաթույր կ’երևար: Ի՞նչ է այդ երիզը. զանկապանը կանացի գուլպայե տարբեր նշանակությո՞ւն մըն ալ ունի արդյոք` ինծի անծանոթ: Ո՜ւֆ, սա ժանյակը` որուն մեծաքանակ վաճառողն է Պարսամյան` որ փութաց մասնաճյուղ մըն ալ բանալ վերջերս… Դերերը որքա՜ն կը շրջվին երբեմն բանաստեղծը` որ ամեն գեղեցիկ բան սիրեցնելու պաշտոն ունի, ատել կու տա երբեմն իր երգած իրերը. այսպես չէ՞ր որ մեր նախորդ սերունդին բանաստեղծները սրբապղծեցին ու ատելի դարձուցին «սոխակ»ը «առվակ»ը ևն. և այսպիսով չէ՞ որ Պարսամյան ալ խեղդամահ ընել կը նկատի ժանյակն ու իր նմանները… Ու մտածել թե արվեստագետ կը կոչվի մեկը, որ ժողովրդային մեկ քանի սիրերգեր իր աղավաղ զգացումներով պղտորելե վերջ` նույն բանը կը փորձե նաև աստվածաշնչյան դեպքերու համար: Ո՜վ արվեստագիտություն… (հետաքրքիր էի իմանալ թե Ենովք Արմեն արվեստագետ ըսելով հանգի ու ոտքի սովորական ինքնաշարժ մեքենայե տարբեր բան մը կ’ըմբռնե՞): Տեսնենք թե նախ ի՞նչ կ’ըմբռնե Ենովք Արմեն գեղարվեստ բառով: Երբ Ենովք Արմենի փափաքով (այն ատեն երևի մոլար կապկող մը չէի) հոժարեցա «Մասիս»ի Մատենադարանին մեջ հրատարակել Ծիածանը` այս վերջինին կցվելու համար ազդ մը խմբագրեց «Մասիս»ի խմբագիրը. այս ազդեն մաս մը կ’արտագրեմ, իբրև նմուշ հեղինակին լեզվական գեղարվեստին. – … Հիմնած ենք «Մասիս»ի Մատենադարանը, որուն լույս կ’ընծայենք ԱՌԱՋԻՆ հատորը, Ծիածան, իբր սկզբնավորություն Մատենադարանի շարքին: Ես չկրցա հանդուրժել այս ճռզած հայերենով ազդին` զոր Ենովք Արմեն կ’ուզեր անպատճառ զետեղել գրքին ճակատը. հառաջաբանեն իսկ առաջ: Որուն լույս կ’ընծայենք առաջին հատորը (don’t nous publions le prémier volume). ահա́վասիկ, ո́ւր պետք է փնտռել մոլար կապկությունը. հայերեն մը` որ իսևիսկ ֆրանսերենին վրա ձևված ըլլա: գալով իբր սկզբնավորություն, կամ անհարկի կրկնությունն է այն առաջինին արդեն բացատրած իմաստին, կամ կը նշանակե թե Ծիածանի միակ արժանիքն էր Մատենադարանին իբր սկզբնավորություն ծառայելը. բայց քանի որ Ենովք Արմեն անձնապես ժխտած է այս վերջին մեկնությունը, կը հաստատվի առաջին դիտողությունը: Եվ այս ազդն է որ Ենովք Արմենին գրչի տակ գեղարվեստական խնդիր դարձած է : Ո՜վ գեղարվեստ: Ենովք Արմենի լեզվին մեջ կը վխտան այս կարգի մոլար կապկություններ ու սխալներ` զորս ամեն հետաքրքիր կրնա որսալ լիաբուռն: Ենովք Արմեն ուրիշ շատերու պես լեզվին մտահոգությունը չունի, գրաբարը կ’արհամարհե անպայման: Գրաբարի մոլեռանդության, կամ գրաբար ու գրաբարախառն գրելու ցնորքին հիմարական է կարծել թե աշխարհաբարը եղած լմնցած, ինքնուրույն, կազմված նկարագրով լեզու մըն է: Ու մանավանդ, անգամ մըն ալ կրկնեմ, մոլար կապկություն էզայն եվրոպական լեզուներու վրա ձևելը. օգտվենք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտահայտություններեն. բայց չմոռնանք գրաբարին հուռթի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ` ուրիշին ետևեն վազենք… Կրնա առարկիլ թե ի՞նչ հարկ կար այս որակներով այսքան զբաղելու: Բայց այս պղծագործությունները նվիրագործություն սեպվելու հավակնությունը ունին. ու մեղապարտ ու ցասուցիչ այսքա՜ն լռություններե վերջ, պետք էր որ հանուն գրականության և հանուն ցեղին լեզվական արժանապատվության ձայն մը բարձրանար գոնե… * * * Իսկ Տիգրան Չյոկյուրյան պարզապես հուսահատեցուցիչ է: Անիկա ազդեցություններ նշմարել կ’ուզե Պարսամյանեն, Հարությունյանեն, Մալեզյանեն, Չրաքյանեն: Ի՞նչպես կրնայի ազդված ըլլալ Պարսամյանի կնատ ու ճակաճան ու սամսարող բանաստեղծութենեն. ես` որ նույնինքն Չյոկյուրյանի բառերով «գավառացիի կատարյալ ավիշը ունիմ» ու բնության սերը. այս տեսակ ազդեցության մը տոկալե ավելի պիտի ուզեի յոթը անգամ գրիչս կոտրտել: «Պարսամյանին երջանիկ բառերովը օծած է բանաստեղծը իր գործը» կ’ըսե Չյոկյուրյան. բայց երբե՞ն ի վեր բառերը սեպհականություններ են կամ մենաշնորհ: Շնորհակալության պզտիկ պարտք մը ունինք անոնց` որոնք գործածութենե ընկած գեղեցիկ բառեր կը վերակենդանացնեն. բայց Պարսամյան այդ շնորհակալիքին ալ իրավունք չունի, քանի որ Սիպիլեն փոխ առած է իր հաճախակի գործածած բառերը կարծելով որ անոնք, կնոջական անունի մը միացած` պիտի կարենային հրապուրել արժանիքի առնացի աստվածությունը` որ, ավա՜ղ … Իսկ եթե վերնագիրներս Հարությունյանե փոխ առած եմ, ծիծաղելի է ավելի բան մըն է կարծեմ մանավանդ նույն ինքն Հարությունյանի աչքին: Ենթադրենք նույն իսկ որ անմտադիր կերպով Հարությունյանեն փոխ առած ըլլամ վերնագիրներես մեկ քանին (հավանորեն, չե́մ գիտեր). ի՞նչ կշիռ ունի ասիկա: Բոլոր գրականությանց մեջ ալ չկա՞ն միթե նույն մակագրությամբ անհամար գրություններ ու գիրքեր ալ. ի՞նչ կը պակսեցնե այս նույնությունը ներքին իսկական արժանիքեն: Ի՜նչ ողբալի կերպով բառերու մեջ խաղացողներ ենք: «Տապի նոպաներ» վերնագրության ծիծաղելի նկատվիլը բազմապատիկ ծիծաղելի, հաճոյական ու զբոսեցուցիչ թվեցավ ինծի: Ի՜նչ ավելի արտահայտիչ ու բնական ու բանաստեղծական քան համագրավ տապի մը պահուն` բնության նոպայե բռնված նկատվիլը: Բայց ի՞նչ հարկ ասանկ նուրբ դիտողությանց, քանի որ Չյոկյուրյան կ’ուզե որ «Տապի նոպաներ» ոտանավորիս իբր վերնագիր փռեի «Հունիսի Արեվը» մակագիրը` ծանրաբեռն ու վաստակաբեկ գրաստի մը պես… Զանց կ’ընեմ մյուս վերնագիրներուն համար եղած դիտողությունները` որոնք ինքնին կը չեզոքանան ուշադիր ընթերցումներե վերջ: «Ցնորոտ Անդորրություննե՜ր», «Անդորրություն մը որ ցնորոտ կ’ըլլա, տարօրինա՜կ բան» կը գոչե Չյոկյուրյան: Այո́, անդորրություն մը որ ցնորական կ’ըլլա, առանց տարօրինակ ըլլալու: Հայտնի կ’երևա թե Չյոկյուրյան հանդիսատես չէ́ եղած, կամ չէ́ անդրադարձած մեծ լռություններու և անդորրությանց, ծովափը սարավանդի մը վրա, կամ դաշտերուն մեջ` լեռներուն դրացի, գիշերվան լուսախաղաղ համանկարին վրա իշխող անդորրությանց ու լռություններու` որոնք գլխու պույտ կու տան: Զյումրյութը քանիցս գործածած եմ դալարիքի համար. Չյոկյուրյան ձանձրալի կը գտնե այս վերադիրը, թե ի́նչպես, ինք միայն կրնա գիտնալ; Ապրշումե երազներուն համար եղած դիտողության չեմ պատասխաներ, իրմե չկորզելու համար սրամտություն մը ըրած ըլլալու վայելքը: Դիտել կու տամ թե սատափին գույնը ո́չ թե գորշ սպիտակ դեղնություն է, այլ գորշ սպիտակ հատակի վրա ծիրանի ու կապտերակ երանգներու ցոլք մը: Եվ ի՞նչ արտահայտիչ է լուսաժամին նախընթաց գորշ սպիտակ պայծառության մը պես վերջալուսային հետամնաց ծիրանի երանգներուն ու մշշական կապույտ երակավորումներուն համար` քան սատափի ծիածանումը: Չյոկյուրյան կը քերե «Ծիածան»ի ճշմարիտ թերության եզերքը, երբ կը հակադրե իմ մեջս իրական ավիշով գավառացին ու քաղքենի ազդեցությանց նշավակ պոլսաբնակը` որ «Սոնադին»ը արտադրած է: Բայց կը քերե միակ եզերքը ու չի կրանար ցամաք նետել երկաթ ճապուռը և հաստատուն գետնի վրա գտնել ինքզինքը, որովհետև մակերեսային դիտողությանց հոսանք մը դարձյալ կը վարե իր մակույկը: Չյոկյուրյան Ծիածանի մեջ զգացումներուն բնագեղ տեսարաններով շրջանակած ըլլալը ստգտանք մը սեպել կ’ուզե: Բայց ինչո՞ւ զգացումները երաշտ անապատներու մեջ տարագրել, ինչո՞ւ մոռնալ մարդուն ու բնության անմիջական ահղորդությունը, ինչո՞ւ խզել այդ կապերը` փոխանակ ամրապնդելու զանոնք: Զգացումներն ու տեսարանները զուգորդելը չէ թե անկատարություն կամ անկապակցություն է, այլև ընդհակառակը` թե կատարելության ձգտում մըն է, իրերուն ու մարդուն հարաբերությանց կապակից կցորդության համար եղած ջանք մըն է: Եվ Ծիածանի միակ արժանիքը այս ձգտումն ու ջանքը կը ներկայացնեն: Իսկ Չրաքյանի հետևած ըլլալու վերագրությունը անճահ լոդիկի մը պոս վրայես կը նետեմ: Հղացման ընդօրինակություն ըսելով Չյոկյուրյան հավանաբար ակնարկել կ’ուզե Կիրակմուտքը որ Ներաշխարհեն ամիսներ առաջ տպված էր արդեն Մասիսի մեջ: Եվ արմատաքի ու ի սպառ ջնջելու համար Ներաշխարհի ազդեցության անհեթեթ կասկածը, ըսեմ թե Ծիածանի հրատարակության ձեռնարկը Ինտրայի հատորին հրապարակումեն վեց ամիս առաջ եղած էր արդեն: Եվ անկե վերջ գրիչ դպված չէ Ծիածանին, փորձի սրբագրության պահուն կարգ մը ոտանավորներու արտահանումեն զատ: Անգա́մ մըն ալ շնորհապարտությունս կը հայտնեմ Ենովք Արմենին: Գալով Չյոկյուրյանին` կը ցավեմ, որ շատ թեթևորեն ըմբռնած է քննադատությունը: ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈ՜ՒՆԸ…
  4. 1907 ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ Ո՜րքան շնորհապարտ եմ Ենովք Արմենին, որ իր գրական նկունության մեջ տիտանի շարժուձև մը կը փորձե` օձիքս ի վեր ցատկել ուզենալով: Ի՞նչ տեսակ բան է արդյոք այդ կապույտ հածումը. կրնան նկարագրել: Կրնա՞ նույնինքն նկարագրել անոր հեղինակը: Անիմաստ սենպոլիսմի [մը] նմանողական գայթումներն են մեկ քանի բանաստեղծներու փորձած այս մոլար կապկություննե-րը… Այսպես կը ծանոթագրե Ենովք Արմեն Մասիսի 28-29 թիվին մեջ հրատարակված Չյոկյուրյանի գրախոսության տակ, զոր ուզածին պես կրճատեր է Մասիսի խմբագիրը` հավասար հարգանք ցույց տալով «գրողին իրավունք»ին ու տող մը իսկ չջնջելու մասին իր ըրած խոստումին: Այսպես կը կը ծանոթագրե` ու առաջին անգամեն, առանց ոստումի ինքզինքը անտաշության շրջանակի մը մեջ կը դնե մոլար կապկություն անվանելով բաներ` որ իր մտքին անձուկ պարունակին մեջ չամփոփվելուն միակ ու մեծ հանցանքը ունեցեր են: Բայց ըսի արդեն թե շնորհապարտ կ’ընեն զիս Ենովք Արմենի արիական շարժումն ու համարձակությունը` որոնք առիթ կու տան ինծի գրականության անունով գործված կարգ մը պղծության դեմ ձայն բարձրացնելու: Գանք ուրեմն կապույտ հածումներու մասին ըրած իր դիտողության` զոր պարզամիտ բարձրահոնությամբ գուցե անառարկելի կը կարծե: Ենովք Արմեն սապես տրամաբանեց անշուշտ (կ’ենթադրեմ, քանի որ ինք հայտնապես տրամաբանելու քաջությունը չունեցավ). հածում=պտույտ, դեգերում, աննյութական, անտեսանելի բան մըն է` հետևաբար կապույտ չի կրնար ըլլալ: Չքնա՜ղ է տրամաբանությունը Ենովք Արմենին` զոր իր քննա######զի և ուրիշ գրական հավակնությանց մեջբևեռելու միտողներ ալ պիտի ըլլային` որպեսզի կատարյալ ըլլար մեր գրական ողբալի հիքությունը: Ենովք Արմեն թող ուզե կարդալ ու հասկնալ պզտիկ արտագրումները զոր պիտի ընեմ «Կապույտ Հածումներ» խորագրով ոտանավորես. նախ ըսեմ թե կապույտ հածում ըսելով կը հասկնամ կապույտներու մեջ հածում. ու հետո պետք է գիտնա թե այս պարագային հածումը կապույտե տարբեր չի կրնար ըլլալ, քանի որ օդը ինքնին կապույտ է: Իսկ եթե անբավական կը թվի իրեն այս բացատրությունը, ինչպես ըսի, թող ուզե հասկնալ հիշված ոտանավորին հետևյալ տողերը. Հապօ՜ն, անցի՜ր, ծըծե́ հեշտին համբույրն անույշ «լելակներուն», Ու թևաբախ սուրա հոն` ուր զույգ մը դաշտեր բիլ սմբուլի Քեզ կըսպասեն… Խորասուզե ծոպդ ոսկեզօծ` ծովածիծաղ ու թրթըռուն Քընարին «բիլ» նայվածքներուն ծփծփանքին մեջ հորդազեղ: Եվ որպեսզի չգայթի Ենովք Արմեն, հոս անմիջապես ըսել պիտի պետք ըլլար, թե լելակը սովորական մանիշակագույնեն զատ կրնար ըլլալ նաև ճերմակ, կարմրորակ, կապտորակ: Հոս տեղն է նկատելու որ եթե Ենովք Արմեն քիչ մը թափանցամիտ ըլլար ու պզտիկ հասկացողություն մը ունենար բանաստեղծության, փոխանակ կապույտ հածումին ծուղակը իյնալու, պիտի կրնար որոշակի դիտել թե այս ոտանավորը շատ ծանրաբեռնված է և հորդառատ բառերով կը քողածածկե բնականին ու պարզին վճիտ զգացողությունը: եվ այն ատեն մատնանիշ ըրած պիտի ըլլար իրական ու խոշոր թերություն մը` որ ընդհանրական է մեր բանաստեղծներուն համար: բայց Ենովք Արմեն անտեղերը չէ: հետաքրքրական ու հոգեբանական պիտի ըլլար եթե ուզեր ամբողջական գրախոսություն մը ընել «Ծիածան»ին վրա և այն ատեն անշուշտ դուրս կու գար բովանդակ խեղճությկունը իր գրագետ-հասկացողության և անգեղագետ մտքին: «Ծիածան»ը չնաշխարհիկ բան մը նկատելու չափ շլամիտ չեմ. ես իմ բոլոր գրախոսներես ավելի հստակորեն տեսնել կը կարծեմ անոր թերությունները, բայց թերությունները` որոնց հրապարակային մատնաշումին առիթը կ’ունենամ հարկավ: Տակավին պահեստի դիտողություն մըն ալ ունի Ենովք Արմեն. «Արևին» բանաստեղծության մեջ սա երկտողը կա. Թող հոգվույս մեջեն անցնին կագավ Մանուկներն ընդարմացած. Այս տողեր ալ հպելով իր խտրոցին, Ենովք Արմեն պիտի գոչեր. «Ի՞նչ, հոգիին մեջ մանուկ կրնա՞ ըլլալ»: Որովհետև Ենովք Արմենի միտքը ընդհանրապես գրականության ու մասնավորապես բանստեղծության անընդունակ միտք մըն է: Ու չի կրնար իմաստի պզտիկ կրճատումները լայնել ու հասկնալ անմիջապես, թե, օրինակի համար, մանուկը ամփոփ փոխաբերությունն է հոս մանուկ զգացումներուն, տենչերուն, հույսերուն, բաղձանքներուն` որոնք երկար ատեն ընդարմացած` արևին կենսաբաշխ ճառագայթներուն պետք ունին վերսթափելու համար: Ի՞նչ դժբախտություն պիտի ըլլար եթե բոլոր հասկացողությունները Ենովք Արմենի պես անձկանային. այն ատեն հարկ պիտի ըլլար մեր գրական հսկային` Նարեկացիին փոխաբերություններուն ալ դատավճիռը կարդալ («բուրվառ կենաց», «մանգաղ կամաց», «անկողին կամաց»): Ենովք Արմեն կ’ուզե անպատճառ ismeի մտակույր ու պանդույր տարփող մը գտնել իմ մեջս, մանավանդ բառամոլ խորհրդանշական մը, ծիծաղելի կապկող մը: Եվ որովհետև սկզբեն ի վեր գրեթե բնազդաբար, և հիմակ բացորոշակի, իմ գրական մեծագույն մտահոգությունս եղած է դպրոցի անճահ պիտակուներուն հիմարական հետավարող մը չըլլալ և խուսափիլ արտաքին ազդեցությանց նվաստացուցիչ դրոշմեն, մեկ խոսքով կարելի եղածին չափ ինքզինքս ըլլալ` ուժգնորեն կ’ըդվզիմ Ենովք Արմենի այդ անմտաց վերագրության դեմ: Ու բարբառուն ապացույց մը տալու համար թե սենպոլիսմը կրնա ստացական չըլլալ` դարձյալ մեջ կը բերեմ պանծալի Նարեկացիին օրինակը: Պզտիկ հետախուզություն մըն ալ` որ երևան պիտի բերե Ենովք Արմենին ըմբռնումը` արվեստագետ բառին մասին: Մինչև մեկ կողմեն Ենովք Արմեն զիս կապկող կը կոչե, մյուս կողմեն Պարսամյանը կը դավանի «արվեստագետ մը` որուն քնարը կորովի շեշտ ունի հուզիչ զգայություններու»: Պարսամյան նոր սեռ մը փորձած ըլլալ կը կարծե, աստվածաշնչյան կարգ մը անցքեր իր կաթոտ զգացումներով մակարդելով: Ունինք իր վերջին ոտանավորը (Մասիս, թիվ 28-29), «Դալիլա», որ չարափոխումն է Աստվածաշունչին մեծավայելուչ պարզությամբ ու հանդարտ խաղացքով վիպերգության: Հետաքրքրական պիտի ըլլար բաղդատությունը` ուր երևան պիտի գա գրականեն զատ լեզվական պղծագործությունն ալ` զոր կ’ընե Պարսամյան իր կոշկոռ կապած հայերենով: Աստվածաշունչինը.– …«Եւ եղեւ յետ այսորիկ սիրեաց կին մի առ եզերբ հեղեղատին Սովրեկա, և անուն նորա Դալիլա» (Դատաւորք, ԺԶ ձ): «… Եւ ննջեցույց զնա ի մեջ ծնգոց իւրոց. եւ կոչեաց վարսավիրայ, եւ եգերծ զեօթանեսին գիսակս գլխոյ նորա, եւ սկսաւ թօշնել, եւ մեկնեցաւ ի նմանէ զօրութիւն նորա…» (Նույն, 19): Պարսամյանինը.– Դալիլայի գիրկին մեջ` իր գլուխը ընկլուզած` Սամսոն` կիրքին մեղապարտ արբշռությունովը մըթին, Կը փայփայվեր Սովրեկի հեղեղատի նայադին Թունավորիչ, տռփանուտ գգվանքներեն հեշտախանձ: …………………………………………………………………. Գլխուն վրա մկրա́տն է, որ կը շարժի մեղմորեն…
  5. Ինչպե́ս պիտի ուզեի որ նայեին, ուշադիր, հանդարտության ծովուն խորերը թաքչած տենչանքիս բուստը կարմիր: Տենչա՞նքը, ուրեմն հոգը, հո՞գը, ուրեմն երջանիկ երազի մը ոսկի բաղձանքը. ուրեմն մշտանույն հաջորդությունը հառաչին ու ծիծաղին. Կյանքը: Անոր համար է որ իր քերթությունը արջնաթույր ագռավի թևաբախում մը չէ հարաժամ, այլ մերթ սպիտակ լայնաթև ճայի մը ճշմարտապես խայտացուցիչ վերթևումները ունի, որ երբեմնի տխրությանց վրա ոսկի կապույտ քող մը կը քաշեն. Օ՜, ջահերը վառեր են, – օվսաննա՜, լույսե՜ր, օ՜, ջահերը վառեր են, իրենց կարմիր ալելուն ես կը լըսեմ հեռուեն. տո՜ն է այս գիշեր: Ուրիշ մը. Ահա́ լճակը լուսին, ահա սարսուռն իր վճիտ. ահա աստղերն ու իրենց ձայնը, շիթ շիթ, ահա լճակը լուսին, ուր համբարուներ կ’երգեն միասին: Իր սերը կիսովին համարձակված, խպնոտ ու սրբահյուս սեր մըն է. բաղձախտավոր քաղքենի առհավական ըղձանք մը` արևազերծ, նախնական կյանքի հովվերգականությանց համար. տրիփի գրկաբացումներ, կամ ցնորատենչիկ, չարչարող վայրկյաններ չունի. վազող ջուրին պես պարզ է ու համեստ` մորչ մարմանդին վրա հեզորեն ընկողմանած գառնուկի մը պես. շիկնոտ սեր մըն է` որ կ’ընծայվի: Վայրկյանի մը մեջ ամոթի և իղձի: Իր նվագը լուսնագիշերի հեշտերգություն մըն է, և լուսնային ճառագայթի քուղեր են որ կը թելթելին իր երգերուն ցանցին վրա: Նվագարանը քնար մը չէ, ո́չ ալ տավիղ, ջութակ, ո́չ մեկ ուրիշ բան: Նեյի խորհրդամած, երկյուղավոր, փափկաձայն սլվլյուններ, մանտոլինի նրբագայտ, վճիտ կայլակիկներ, սրինգի ոգեկոչող շեշտեր` որոնք դաշտային ու հովվական տեսարաններ կը մանրանկարեն, ջութակի դողդոջուն գիծեր, ու լարանվագի փափկատրոփ հծծյուններ. ասոնց համդրույթն է Լուսնին տակ երգերու արվեստականին նվագարանը: Լուսնին տակ երգերու վերջընթեր նվագը, Ձյունը` սխրալի քնարերգություն մըն է. ձյունին սպիտակախաղաղ գաղափարը անսահման ուրախության ծաղկում մը կ’ըլլա քերթողին համար. Հո́, երեկ գիշեր ձյունը ծածկեր է, – ի՜նչ ուրախություն, ի՜նչ ուրախություն,– ձյունը ծածկե՜ր է` իմ հորանջող ձանձրույթիս, իմ վհատությանս դաշտերը տղմուտ: Ու պանծալի վայրկյան մը սա անձնուրաց ու խելահեղ կոչը կը խլե իր կուրծքեն, իր սուգին անզավակումը. Չէ́, անիկա որիներու պես հիմակ, պիտի չփորե ներդաշնակությունն այս լույս ու ճերմակ: Վասնզի ի՞նչ կրնա ըլլալ իր սուգը այս լայնանիստ բովանդակին մեջ` որ տիեզերքն է կամ այլուրը. ի՜նչ փանաքի բան. ու նախ, վասնզի ինքն ալ պետք ունի լիալիր ուրախության մը` որ իրեն համար ձյունախաղաղ համանկարին ճերմակ գաղափարին հետ կը նույնանա. և ասիկա ճերմակ տո՜նն է իղձերուս, և ասիկա բոլոր հարսնիքս է իմ կույս: Ի՜նչ գորովանք ու սրտազեղում. և ահա́ չորս դին, բուռ բուռ, պրիսմակ, զանակ, ադամանդ, մարգրիտ ու սարսուռ… Իսկ վերջին նվագը ներույժ ու ողբական ավաչներ, երազամոլ, հրուտ խանդավառություններ ունի: Ամայի վերջալույս մը. դաշտերու վրայեն չարագուշակ ստվեր մը կ’անցնի. առկայծող ճրագի վերջին լիալիր ցոլքը ունի մթնշաղը: Այս շրջանակին մեջ քերթողը կը ճանչնա իր հին երազները, խայտանքները, իր Հոգին` «անջրպետին մեջ ցրվուն». ու կարծարծի այդ հոգիին խնկամանը, իր հին երազները, բաղձանքները, հույզերը` կրակ կ’ըլլան, ստշխ կ’ըլլան, եթեր կ’ըլլան. ու` խնկամաը կը տոնվառի, խնկամանը կ’արծարծի, ………………………………………………………… եղբայրորեն, կարեկցորեն, քաղցրորեն. …………………………………………………………. վասնզի այս իրիկուն նախատոնա՜կ է… Իր վերհուշությանց նախատոնա՜կը. և ի՞նչ գրգալի անուրջ է, որ կը ծորի այդ հանդիսութենեն. Արդ խոհերուս ծաղկավետ ոստերուն վրա, ա́հ, ըղձալի աղավնեկի փափկությամբ, հիշատակ մը, ա́յնքան մեղմ, ա́յնքան աղու, կու գա մեկեն կը թառի… Եվ աղավնեկը կը կարկաջե, հին հին բաներ կը պատմե, ու վերջապես` իր խոսքն ավարտած, քիվի մը տակ կը ծածկըվի, նիրհելու… Հոս վերջ կը դնե, կամ սկիզբ կ’առնե, սրտի վիպերգությունը Վահրամ Թաթուլ բանաստեղծին… < 1907, ապրիլ >
  6. Ինքնադատության փորձ մը... արդեն վերևում գրել եմ 1907 ԱՆՏԻՊ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՄԸ Ի¯նչ ուրախություն ու մանավանդ ի¯նչ հպարտություն, հանապազօրյա դանդաղ ու միակերպ տեսարաններու մշտանույն ձանձրույթին մեջեն, հանկարծ, ճառագայթող դեմքով ու գիտակից ցնցությամբ ձայն բարձրացնել ու գոչել,– ահա՛ ճշմարիտ նորություն մը: Քանզի, ավա¯ղ, գրական հովիտին ծաղիկները, բանաստեղծներ` իրենց առաջին փթթումին ուրախացուցիչ հուսադրութենեն վերջ` ինչ դառնություն, հուսախաբություններ կը դառնան մեր աչքին: Հեռուեն տեսնված բաց բալերանգ թույրեր, մարմանդին ալեծուփ կանանչին վրա սփռված, նոր ծաղիկներու թափորի մը պատրանքը կու տան մեզ. բայց երբ արևին հուրքը կը բանա անոնց շափրակները, երբ ժամանակը աչքերը կը բանա` ի՞նչ հուսավրիպում. հավիտենական ճերմակ երիցուկներ են եղեր անոնք... Ահավասի՛կ ուրեմն, նոր ու նորանշան բանաստեղծ մը. եթերահած, աննյութաբաղձ, քիչ մը տարաշխարհիկ, բայց լիովին բանաստեղծ: Փառատենչիկ ու ունայնասեր չէ՛ ինքը. անտարբեր ալ չէ անշուշտ փառքի ծաղիկներու հմայքին. բայց վերապահ է, որովհետև մշտախաղաց զարգացումին տենչը ունի, և իր երբեմնի ծաղիկները` իր աչքին այլևս թարշամած` կարեկից ժպիտ միայն բաժին կըստանան. և սակայն գուցե անիրավորեն անտարբեր կամ վերապահ. որովհետև մեզի համար անթոշ ու թարմ է, ինչ որ բանաստեղծը բարձրագույն հարացույցի մը հետապնդումին մեջ անպետ ու օթեկ կը նկատե: Եվ ինչպե¯ս լքել մտքին երբեմնի սիրասուն զավակները` երբ մանավանդ Ջուրին պես ծիծղուն ու շնորհալի մանկուհիներ ըլլան անոնք.– Ջուրն է ծիածան, Ջանջիլ մը ջինջ, Դիպակ մ’անհուն, Փոփոխ ու ջինջ, Հյուսված` ցիրցան Ցոլքերով ջինջ. Ջու¯րն է ծիածան, Երիզ մ’է ջինջ: Եվ լուսինկան, Նո°ր, ոսկեջինջ, Շըքանշան Մ’է կախված ջինջ Ջուրին ծիածան: Ծածանուտ այս տաղիկը` մթին ջուրերու վրա հանկարծորեն անդրադարձած լուսնային ճառագայթում մըն է, ջուրին խաղացքեն հալած, նրբերանգված. կամ մանտոլինի երաժշտության նրբահյուս երգյակ մը: Եվ արդեն առավելապես նրբերանգությանց ու նրբաձայնությանց քերթողն է ինք, և իր հոգին անդրադարձությունը լուսնային ծիածանումի մը նրբակապույտ ու սաթի գույներուն. կամ զմայլագին խոնարհումի շարժուձև մը` լուսնային ջուրերու երազային ծփումին վրա. Եվ կամ մերթ հոգիս` Լուսնի ջուրեուն Մեջ` ինչպես նարկիս` Կը նայի, զմայլուն… Ի՜նչպես չթափանցիլ այս զմայլանքեն, կարենալով դիմադրել գրեթե կանացի այս ձեռքին փափուկ դյութանքին: Այս բանաստեղծությունը պիտի կրնար նմանցվիլ անհունորեն թարմ, չքնաղ, գեղատեսիլ ծաղիկի մը` որուն բույրն ալ կ’երևակայենք ու կըզգանք հեռուեն և որ սակայն քիչ մ ը կը տխրեցնե մեզ` վասնզի կը փորձե ու կը խաբե մեր հոտառությունը. Բայց ո՞վ պիտի ժտեր պնդել թե բույրը միակ հմայքն է ծաղիկին: Հետո, այս բանաստեղծությունը նրբության, բանաստեղծությունն է. Քանզի երգիչին սիրտը, իր սիրելությանց ափին մեջ (իր իսկ գործածա նմանությամբ) մետաքսե թաշկինակ մըն է, փափուկ, մեղմածալ, թեք, տեղատու. և կամ իր բարբառը ցանկալի երաժշտության հոգիին մեջ երկարաձհված արձագանգը, կամ նույն ինքն երաժշտության ընկերացող անանուն, բայց զգալի շրշյունն է, թելադրիչ, խաղաղածուփ. և իր վրձինը գրեթե աներևակայելի կերպով զանազանակ նրբերանգությանց ծորակ մըն է: Իր գույները պոռոտ չեն` այլ նվաղուն. իր ձայները` շրշյուն, հծծյուն, մեղեդի: Եվ ամբողջությունը կը նմանի քիչ մը, բայց քի́չ մը իր երգած պերճուհիին` որ կ’անցնի. Նոսր` ինչպես երազ, Չքնաղ` ամպի պես, Կ’անցնի երկինքես Միակերպ ու պարզ. ……………………… ……………………… Բայց իր բանաստեղծությունը չըլլա որ շփոթվի անկշիռ թեթևությանց ու տարամերժորեն ձևապաշտ արտադրությանց հետ: Իրա́վ է, առաջին ընթերցումով լիազոր ներգործություններ չըներ ան, ու կը կարծվի անկապաշտ կամ ծայրահեղ խորհրդանշական մը ըլլալ. Ասոր համար նորանան անվանեցի զինքը. կ’ընդունիմ որ իմ հոգին անցած ըլլա մանավանդ խորհրդանշական հոսանքի մը մեջեն, և այդ հոսանքին հետքերը կան իր մեջ, բայց երբեք մենամոլություններ կամ իրապաշտություններ: Ինքը էապես խորհրդապաշտ մը չէ. անգիտակցորեն թերևս. բայց ոչ թե դպրոցի մը հառելու միամիտ և ինքնուրաց կանխակալությամբ մը: Ո՞վ ըսեր է արդեն թե բոլոր խորհրդանշականները արհամարհելի կամ հակակրելի են. Կը հասկնամ որ գաղափարի և զգացումի կամ բառերու անհրապույր խավաբարդումներու հերոս մը այպանելի նկատվի. բայց այս տիպարը, եսապաշտ, մենամոլ, ամուլ տիպարն է Մալառմեն է, կամ մեր մեջ, քիչ մը, Ինտրան ու Գոլանճյանն են: Իսկ անդին կա թափանցիկ, գրավիչ ու մանավանդ թելադրիչ խորհրդանշականությունը` որ առողջ ու բեղմնավոր է: Մեր բանաստեղծն ալ թերևս այս վերջին դասակարգեն է. իր նրբերանգությունները երբեմն աննշմար կ’անցնին. ու գիտենք թե շեշտ ձայներ ու աչքառու գույներ առաջին վայրկյանին իսկ գրավելու առավելությունը ունին, բայց ասոնք մեր մեջ տափակներու ծնունդ տված են: Ըսել չեմ ուզեր թե առաջին վայրկյանեն իսկ գրավող բաաստեղծություններ տափակություններ միայն կրնար ըլլալ վարակիչ գեղեցկության զգացում մը. բայց ի՞նչ ընել երբ գեղեցկությունները միշտ բացերև չեն կրնար ըլլալ: Արվեստին մեծագույն դրդիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է. և հոս նոր բանաստեղծի մը ստվերոտությունները արդարացնել ջանալով, մթության և անհասկնալիության պաշտամունքին ջատագով հանդիսանալ չէր միտքս, ապահովաբար Լուսնին տակ երգերուն բանաստեղծն ալ պիտի չուզեր այս տեսակ ջատագովական մը. բայց մատչելի ընելու ըղձանքով չըլլա որ արվեստը ոչնչացնենք սահման մը կա` ուրկե վար չի́ կրնար իջնել գրագետը. թող ընթերցողը, եթե կ’ուզե, բարձրանա այդ աստիճանին ու ճաշակե գրագետին երկերը. բայց գրագետն ալ իր դիրքին հրապույրը ավելցնելու համար պետք չէ որ վերելակներու տենչեր ունենա և ասոր համար ստիպվի… գլխուն ծանրությունները պարպելու, օդապարիկի մը ըրածին պես: Խնդիր է հիմակ թե մեր քնարահարը ուզված աստիճանին վրա՞ է. ես պիտի ւսեի թե քիչ մը վեր է: Ու պիտի չզարմանամ, եթե վաղը մյուս օր վճիտ, բյուրեղի պես թափանցիկ տաղեր արտադրե, ինչպես հզորագույն ու լայնազդեցիկ քերթություններ, ու այն ատեն, կարծեմ, ճշմարիտ աստիճանին վրա պիտի գտնվի ու հասած իր գաղափարականին` որ ամայության ու խավարին պաշտամունքը չէ: Իր հրապարակելի նախապտուղ երկը ուրեմն, Լուսնին տակ երգեր, փոքրիկ, գրավիչ նրբերանգությանց գանձարան մըն է` որ պիտի սքանչացնե արվեստին սիրահարները ու բարեխառնե քիչ մը պոռոտագույն գեղեցկությանց տեսքով հղփացած ճաշակներու բթությունը: Իր գեղորները, ինչպես ըսի արդեն, տարամերժ ձևապաշտությանց արտադրություններ չեն, այդ պարագային` որքան ալ հորինվածքով արվեստագիտական` պիտի չկրնային հպանցիկ հմայքե ավելի բան մը ունենալ: Լա́վ գիտենք սակայն թե բանաստեղծը ունայնափառություններով խայտացող մը չէ. իրեն արտահայտածները հոգեկան զգացումի մակերեսային նշուլանքներ չեն` վարդագույն մշուշներե թափանցված: Իր նայվածքը գիտե խորերը սուզիլ, մինչև մայրական սիրտի ծովուն խորերը: Ահավասիկկ նմուշ մը իր Օրորեն` ուր մայրը իր սրտահատորին կ’ընծաերգե երեք գանձերու աղբյուր մը` ուրկե ծաղկավարս Կին մը կը խմե, գոհար Թռչնակի մը ապրշումե բույնը, ու փառահեղ Այգ մը. վերջավորությունը. երեք գանձ ունիմ, քեզի́ երեքն ալ…: Հիմակ, լացիդ վրա, Քունիդ եթերին Շլացիկ ջերմին, Թող իմ երգս ըլլա Ծիրանի-Գոտին…: Ու հետո պանդուխտի երգերը կան, գորովալիր, զգայազեղ. պանդխտավայրին առաջին իրիկունն է, երիտասարդը կ’ըսե. Երբոր ես այս իրիկուն գոտիս քակեցի, գըտա անոր մեջ թաքուն Ուլունք մ’ու խեցի, և գուղձ մ’ալ սին, բայց անհո՜ւն, – հռութնե՜ր կանացի,– երբոր ես այս իրիկուն գոտիս քակեցի: Իրա́վ է այս երգերը ժողովրդային ինքնաբուխ պարզություններ չունին.– կարմիր վարդի նման բացվիս, շուքըդ նստիմ, կանչեմ օրոր, օրո՜ր, կապեմ կախօրան ուռուն տըկտին, ու շուքն ի վրան, ցաթե պուտ պուտ արևն ի վրան. Ջըրի́կ, օ՞ր այնեն կու գաս Դուն, պաղուկ ջըրիկ ‘ւ անուշիկ. Գիշեր ու ցերեկ կ’երթաս, Քուն չունիս, անոր կու երթաս. Քուն չունիս, անոր չի ունիս` Քու յարին պաջչան կու երթաս, Դարձի՛ մըր պաջչան երթանք, Վարդ ու նուշ ունիմ ջըրելու. Վարդ ու նուշ ունիմ ջըրելու, Ռեհանս է կունծ կապելու: Քաղեմ ու տեսթե անեմ, Արմաղան անեմ խարիպիս…» Այլ սակայն գեղեցկություններ են` ուր մշակված միտքը խայտալով պիտի թառեր: * * * Այս բանաստեղծությունը երևակայել կու տա ինծի վերջալույսին խորը ընկղմած բլուրի մը կողքին վրա բարձրացող, նրբատաշ, գմբեթարդ շենք մը, մեհյա՞ն թե տաճար, ո՞վ գիտե: Շուրջանակի անտառներ ու մրգաստաններ կան. ծաղկանկար ածուներ ալ` դաշտավայրերուն մեջ. ծառաստաններուն մեջ թռչունի լիահագագ ճռվողումներ, նոր ծաղկած նշենիի ու սալորենիի բույրեր. վարը, հովիտին մեջ, հեղեղատին ձայնը, ուշացող հոտին աղաղակը: Շենքին բակին մեջ բազմածորակ աղբյուրներու շաչը, ու գրգացող տատրակի ու աղավնիի աղաչավոր հծծյուններ: Կարելի չէ́ դիմադրել սրբենի ու հովվերգական կյանքի այս կախարդանքին. սխրանքով ու երկյուղածությամբ ներս կը մտնենք. վերջալույսը տակավին կը դեդևի. գավիթի մեջ կ’ընդնշմարենք փափուկ, լուսաշող ձեռքի մը հարվիրակ շարժուձևը, հետո դեմք մը, ամբողջական հասակ մը. քո՞ւրմ մըն է, քահանա՞ մը. չենք գիտեր. որովհետև մթնշաղին մեջ դժվար պիտի ըլլար զանազանել թե զինքը պարածածկող շուրջառը քղմի՞դ մըն է արդյոք թե նափորտ մը: Բայց ի՞նչ փույթ, կը հետևինք իրեն. գորշ, հետզհետե մութ, ու վերջապես գրեթե խավարչուտ նրբուղիներե կը տանի մեզ. քիչ մը երկար կը տևի մեր գնացքը. կը դժկամինք ու վերադարձի հաստատ շարժուձև կ’ընենք. որովհետև մեր լայնաքթիթ աչքերը իրենց ծարավը հագեցնելու գրեթե ոչինչ կը գտնեն հուսադրական, պարապինդ մթություն. հանկարծ պատուհանիկի մը ծերպերեն նշուլանք մը կը վիտակի, հետո ուրիշ մը, ուրիշ մըն ալ: Ու վերջապես ինքզինքիս կը գտնենք դրան մը առջև, որ կը բացվի շենքի հետսակողմի պարտեզին վրա և լայնատարած դաշտերու, ճամբաներու, գրեթե հորիզոններու կ’իշխե: Ամեն ինչ նոր է սակայն, նրբագայված, շարմաղված, անոսրացած,. ձայները, բույրերը, լույսերը, ձևերը, ամե́ն ինչ: Կ’ըզգանք անմիջապես թե մեր նայվածքին պարզվող տեսարանը գիշերասկիզբի տեսարան մըն է. ամենօրյա գիշերասկիզբներուն հարևնման, այլ սակայն անոնցմե տարբեր. առաջնորդող ձեռքին արժանիքն ու հրապույրը կա ուրեմն` տեսարանին վրա ցանցնված: Ո՜րքան երախտապարտ ենք իրեն որ առաջին մարդու մը մանկականությամբ ու պարզությամբ հանդիսատես ըրավ մեզ այս տեսարանին, որ մեր գիտցածը չէր, հավիտենորեն կրկնված միօրինակ դանդաղությամբ. այլ կուսացած, քաղցր նորույթ մը` զոր ըմբոշխնելու հաճույքը պարգևեց մեզ` սիրելի́ ձեռքը: … բացատքեն անդին, ճամբուն վրա բարակ, իրիկվան ոսկի սեղանին դիմաց, քահանա սոսին կ’ընե պատարագ, մորչ շուրջառն ուսին` լույսերով բանված: Նույն կուսությունն ունի արևն ալ` ուր հրեշտակները լույս նափորտ հագած այգուն դուռը կը բանան և կու գան առնեն իբր հաղորդ լուսնին նշխարը մաքուր: Լուսնին նշխա՞րը. այգուն դեմ, ճերմկոտած նշխարը լուսնին` որ կը սրբանա… Վերջապես երբ կը բաժնվինք դյութական, նորատեսիլ երևույթեն, վերադարձին, նրբանցքին մեջ, արծաթյա դրան մը առջին, որ խորանի երևույթ ունի, կը տեսնենք ռոնտելներու2 կանթեղաշար մը` որ կ’աստղացոլա. ինչպե՜ս չնայիլ ուշադիր անոնցմե մեկուն. Վերջալույս Ծովեն շատ անդին, իրիկվան մեջ խոր, շահապ գըլուխին լերան դարավոր` Կը դնե արփին բոց թագն իր բոսոր, ծովեն շա́տ անդին, իրիկվան մեջ խոր: Եվ այս մեծ տոնին պայազա́տ եկվոր` կատարնե՜րն են հին, պարթև սոսն հզոր, ծովեն շա՜տ անդին…: Ու վերջապես, մի́շտ հետևելով ձեռքին շարժումին` որ մեզ կ’առաջնորդե, կառանձնանք խցիկի մը մեջ` որուն միակ մեծանիստ պատուհանեն լուսինը ներս կը նայի գորովագին, ու կ’առնե կը տանի մեզ տիեզերքին մեջ պտտեցնել. ու վայրկյանե վայրկյան դիցըմպելիի կալյակներ կամ լեղի շիթեր կը ցողե մեր ծարավ հոգիին. լեղի՞ն. չհասկցվիլը, համակերպիկ վշտակրությունը, լքումը. Ո՞վ մոռցավ, ավա՜ղ, այս ծաղկեփունջը, թոշնած, քայքայված, հոս, թմբին տակ… Եվ ինչո՞ւ այսքան թուղթի կտորվանք… Ի՞նչպես լավագույն կերպով կարելի ըլլար անձնացնել լքումին գաղափարը` որ մտատանջ ու խորհրդավոր կը դառնա սա երկտողով. Ա́հ, այս զանգակն ալ ի՞նչ է, որ այս ժամուն կը հնչե… Ուրեմն այս եթերահյուս կուսաթելերու բանվածքը, իր երազը` զոր մեզի տվավ, երևութական ոսկեցոլ փաղփի մը տակ մթին գաղափարի մը խոցտուկը ունի. պետք պիտի ըլլար ուրեմն խորը սուզվիլ իր հոգիին. Ինչպե́ս պիտի ուզեի որ նա
  7. < 2 > Գ. ԶՈՀՐԱՊ Վերադարձի գիշերն է... «Գետինը կակուղ է, փետուրներով շինված բարձի մը պես... հոս հոն` ծերացած ինկած ծառերու բուներ. ոմանք տարիներու բեռան տակ փճացած ու ոմանք իրենց առուգությանը մեջ օր մը կայծակեն զարնված... Մութ է չորս դիս. հսկա ծառերուն շուքը վերահաս գիշերին սևությամբը կը թանձրանա...»: Քիչ ատենեն սակայն պայծառություն մը կը ժայթքե, և դեղնորակ ճամբաներուն վրա կը ցանե հեշտանվաղ լազվարթի երանգներ. և մենք հափշտակված կըսպասենք անոր` որ իր գորովալիր ծաղիկներուն ազնվական բույրը պիտի բերե մեզի. այս սպասումը կ’երկարի սակայն. ան չի գար, ու մեր երազները քիչ քիչ կը ձանձրանան. լռությունը ալ տաժանելի կը դառնա. ու մենք կըսկսինք խոսիլ իր բուրումնավետ ծաղիկներուն տարաշխարիկ հմայքին, իր եղրևանիներուն և իր երիցուկներուն վրա. վտիտ փունջ մը տխրագին համակերպությանց և հեծեծող մոռացոնքներու... Ինքը` որ սեգ հոգի մըն է` վես իտեալներու հեռավոր գգվանքը կը սիրե, ու գերագույն համակերպության մը մեջ, տոգորված ճշմարիտ փոխադարձության մը երջանիկ համոզումով, կը մրմնջե. Դուն լայն ճամփեդ գնա, աղվո՛ր, Ես կ’երթամ մութ արահետես, Երջանիկ` այն համոզմամբ որ Սրտով գոնե ինծի հետ ես: Եվ կամ մերթ կ’անդրադառնա անցյալին. վայրկենական դող մը կը թափանցե իր հոգվույն մեջ` զոր ո՞վ գիտե գուցե տարակույսը ցանցած է արդեն. և հանկարծ կ’իյնա մտահոգ ու տենդոտ հարցապնդումի մը մեջ. ...Ըսե՛ ինծի, կարոտը հին սերերուս Կ’անցնի՞երբեմն ներսեդ, արագ ու թեթև, Գինովցընող պաշտումներեդ կը զարթնու՞ս Անցյալին մեջ զարթումով մը կարճատև: Տխրություններ ու հեծեծանքներ վերջապես, որոնցմե սակայն կը բղխի քաղցր հուզում մը` որ չի° ջլատեր, չի՛ խորտակեր. ունենայինք գուցե մտածողներ` որ դատապարտեին այս տխրությունը` զոր չեմ գիտեր թե տխրություն կոչելո՞ւ ենք. տխրությո՞ւն է միթե հոգեկան վիճակի մը հարազատ նկարագրությունը, որ քերթողին համար երանության վայրկյան մը կ’արժե և գիտակից ու ազնվական մտածողին համար ալ թանկագին հուզման պահեր կը հայթայթե: Բանաստեղծը կը սիրե նաև ըսել սրտազեղումով իր մտատիպարին` որուն մարմնին ամբարտավանութենեն կը գինովնա զմայլուն. ...Շքեղ արձա՛ն, միշտ ըզմայլիչ գիծերով, Ամբարտավան կո՛ւռք, մարմարե ծիծերով... Եվ սակայն այդ համակերպութենեն և զմայլանքեն վերջ հանակրծ կու գա պահ մը` երբ հոգին տխուր գիտակցության դողով մը կ’ուռենա, և քերթողը, որ իր ճակատագրին նմանություն մը գտած է բյուրեղե կլկլակին մեջ, կը հեծե. Անկյունը` մարդ մը, աշխարհքին պահող քեն, Վայելելով իր Նարկիլեն և ախորժ Ըզգալով այս հեծկլտուքի նվագեն Եվ օդին մեջ ցընցող մուխեն թույլ ու գորշ: Եվ իսկույն քե¯զ կը հիշեմ, երբ անխըռով Կ’ունկընդրես միշտ հառաչանքիս և կարծես Հաճույք կըզգաս, այդ մարդուն պես, դիտելով Մուխը սըրտիս կրակին` զոր դուն կ’արծարծես: Ասոցմե զատ, իր ամենեն տխուր ոտանավորն է թերևս §Զատկի առթիվ¦-ը, որ իր մյուս կարճ չափով ոտանավորներուն պես հիանալի պարզության հետ ունի խորունկ տխրություն մը, որ, սակայն, ինչպես միշտ, թույլ ու ընկճված հոգիի մը նկուն ողբը չէ. Անկյուն մ’ունիմ սրտիս մեջ ուր` Կ’առանձնանամ ատեն ատեն, Վերհուշումներ երբոր տըխուր Երկրես զիս պահ մը կ’անջատեն: Հոն կը մնամ ես ծնրադիր Ինչպես առաջքը խորանին, Եվ` ուր միայն կը ծաղկի իր Կես սուգին մեջ` եղրևանին: Հոն շարված են իրարու մոտ Մութ փոսերը իմ իղձերուս, Հիշատակներ հիմա աղոտ, Անուններ` զոր չըսեր լեզուս: Խոլ տենչանքներ, թռիչք անհուն, Զոր ձեռքովըս տվի հողին, Մեռելներ` որ ուրիշներուն Պես հարության հույսը չունին: Հետո ունի կրակոտ և ըղձավառ պահեր, մութին մեջ` ուր կնոջ հույր գեղեցկությունը կայծերուն իսկ գինովի ոստոստումներ կու տա. ...Եվ տեսնելով մարմինդ լեցուն խոստումով Քեզի նայող բոցը այդ լուռ կըրակին, Խելքը գլխեն գացածի պես, աղվո՛ր կին, Կը ցատկըռտեր հոս հոն հիմար ոստումով: Եվ հետո` անսովոր հանդիպումներ, անծանոթ կին մը` որ երազի պես գեղեցիկ ու խուսափուկ կ’անցնի ամբոխին մեջեն. հազիվ թե նայվածքներ կը շոշափեն իր դեմքին գիծերը, և ահա անիկա փախած է արդեն, թռչունի մը պես. և սակայն ի՞նչ փույթ, բանաստեղծը իր երազը կը շարունակե. անծանոթուհիին խուսափուկ թովչությունը` բուրմունքի մը պես է զոր կըզգաս առանց ծաղիկին հպելու. երաժշտության մը նման, որ հեռուներեն կու գա, անտես նվագարաններու կուրծքեն անջատված ու գրավիչ. և ո՞վ չէ ունեցեր այդ երազային դողը. տեսիլքի մը պես վաղանցուկ այդ դեմքը գիտես թե անգամ մըն ալ տեսանելիք չունիս. և այդ անմատույց ու փախչող էակին իտեալային քաղցրությունը անհունորեն հեշտագին համակրության մը ծաղիկը կը փթթեցնե հոգվույն մեկ սիրական խորշը. Աղվո՞ր, տգե՞ղ, ի¯նչ փույթ, բավեց որ մտքես Մարմին մը տամ ես ուզածիս պես իրեն, Վրդովիչ հով, պչրանք մը լուռ, վերջապե¯ս Ամեն բաներն որոնց համար կը սիրեն: * * * Ո՞վ չէ սիրած իր «Ապրիմ-Մեռնիմ»-ը, նույնիսկ անոնք որ դույզն համակրություն մը իսկ չէին տածած անխղճորեն փետռտած պահերուն այդ լքուն ծաղիկը: Քանինե¯ր գիտեմ ես, որ այնուհետև իրենց լամբակին ծաղիկը ըրած են այդ խոնարհ երիցուկը, որուն մահացումին մեջ կը փնտռե մարդ բռնադատված մարգարեությունը իր երկարատև կյանքին. և ապրիմին հիմարական խանդավառությամբ լեցվելե վերջ` անզգած անգոսնումով մը ճամբաներու փոշիին կամ ցանկորմի փշտուքին մեջ կը նետե լերկ դեղին կոճակը «Ապրիմ-Մեռնիմ-»ին... «...Ամեն անգամ որ քաղեմ քեզ,՛ով պզտիկ դեղին ծաղիկ, կը հիշեցնես ինծի այն ահավոր մերձավորությունը, զոր քու անունդ կը կազմե. Ապրիմ-Մեռնիմ. երբոր ամեն տեղ Կյանքը կը ջանա ըստ կարի խուսափել, հեռու կենալ Մահեն, քու վրադ միայն երկուքն ալ իրենց ճշմարիտ ու պատշաճ տեղը կը գտնեն: Այն քաղաքին պես որ իր գերեզմաննոցը իր ծոցին մեջ զետեղած է` փոխանակ հեռուն, շատ հեռուն, անտեսանելի անկյուն մը տանել դնելու, դուն ալ Ապրելուդ մեջ Մեռնիլդ պարփակած ես»: Սակայն պետք է խոստովանիլ թե ինք, աշխատության դույզն հանձնառությամբ մը, թերևս մեզի պիտի կարենար տալ արձակ բանաստեղծության հիանալի էջերեն մեկը. ինչպես իր մյուս բանաստեղծությանց մեջ, նմանապես հոս ալ զգալի է ոճի անխնամությունը. այս չփույթը, որ մեծ բան մը չի պակսեցներ, իր խիստ տաղանդալից արտադրությանց արժանիքեն, պիտի կրնար ջնջվելով` անոնց վրա ավելցնել գեղագիտական վայելքի մը հմայքն ալ, և ես կը հավատամ թե Զոհրապ շատ ճարտարորեն պիտի կրնար տալ իր ոճին արաբ-արվեստին խնամված գեղեցկություն մը: Շատ դյուրին է զգալ թե գրչի մեկ հարվածով արտադրած է իր գրությանց մեծամասնությունը, եթե ոչ բոլորը: Չանդրադառնալու և մեկ նայվածքով անցնելու իր այս բնավորությունը ինքն ալ խոստովանած է արդեն ուրիշ պարագայի մը տակ, որ նկարագրի միևնույն մասնահատկության արդյունքն է: «...Ես կը կարծեմ որ կարդացված գիրք մը մոռցվելու է... ասոր համար է որ այն սուղ վայրկյաններուս մեջ որ ընթերցանության կը հատկացնեմ, ակնարկ մը կը նետեմ ու կ’անցնիմ գրքի էջերուն վրայեն, զանոնք ավելի աչքե անցուցած ըլլալու քան թե անոնցմե բան մը հիշելու նպատակով»: Այս փակագծեն վերջ, որ սահմանված չէ° երբեք իր տաղանդը արատավորելու, պետք կզգամ հայտնելու ըղձանք մը` որ շատերունն է, պիտի փափաքեինք որ իր գեղեցիկ ոտանավորներուն երիտասարդությունը անդադար խոսեր մեզի, փոխանակ այս լռության որ մեզի զգալ կու տա անոնց կարոտը. և արդեն ինք, դեռ երիտասարդ ու կորովի, տակավին պիտի կրնար տալ մեզ իր եղրևանիներուն մելանույշ երազեն քիչ մը երազ և քանի մը կայծ` իր սիրավառ հոգվույն կրակեն...
  8. ՀՈԴՎԱԾՆԵՐ 1905 ԳՐԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԱԳԻՐՆԵՐ < 1 > ԵՂԻՇԵ ԵՊԻՍԿ. ԴՈՒՐՅԱՆ Բոլորովին հակառակը կարգ մը ճղճիմ իմացականությանց, Եղիշե եպիսկ. համեստության տիպարն է: Ճշմարիտ ու մեծահոգի բանաստեղծը` որ իր առօրյա զբաղումներեն դուրս ունի հոգելից ներշնչումներու և միստիք վերացման իր պահերը, երբ իր հոգնաշխատ միտքն ու վաստակաբեկ մարմինը հոգվույն սիրական հրճվանքներովը կը կազդուրվին ու անոնցմով կը հանգչին, երազանքի բեղուն ու խորհրդավոր վայրկյաններ ուր բանաստեղծ միտքը կը բաժնվի մերթ աշխարհի ունայն աղմկումներեն, ու Մտածումը կը սլանա թևաբախ դեպի հոգեկանը, որ իրեն կ’սպասե արդեն անանուն և զգլխիչ նեկտարին քաղցրությամբ ամոքելու համար թռիչքին հոգնությունը: Ինքը բանաստեղծ ծնած է արդեն, ինչպես իր եղբայրը: Եվ ի¯նչ մտերիմ, ի¯նչ սերտ շեշտ մը, ինքնաբուխ զգացման, բառի ու բացատրության տեսակ մը, ի¯նչ շնորհալի ու գողտրիկ բանականություն ունին երկու եղբայրներն ալ, որոնք կը նույնանան մեր դատումին առջև: Միևնույն միջավայրին մեջ ծնած, Սկյուտարի մեջ միևնույն բանաստեղծականությունը շնչած,– ու մանավանդ արդեն իսկ բանաստեղծ ծնած,– Միհրանիկը վաղամեռ Պետրոսին հարազատ շարունակությունը կը թվի ըլլալ: Կարծես միևնույն Դուրյանն է որ կը խոսի մեզի, միևնույն Դուրյանը` որ սակայն կրած է տարիքին ու կոչումին հարկադրած փոփոխությունները. և մեծ հաճույք մը չէ՞ միթե տեսնել մեր վաղեմի սիրական քերթողին շարունակությունը` իր հարազատին մեջ: Ու ո՞չ ապաքեն Եղիշե եպիսկոպոսը մեր երևակայած Պետրոսն է. հասուն տարիքեն բանաստեղծը, նվազ մելամաղձիկ, ավելի խոհուն ու հզոր, մի՛շտ քաղցր ու մի՛շտ խանդավառ: Բավական երկար լռութենե մը վերջ` բանաստեղծի իր տաղանդը, տեսիլքի մը, դյութանկարի մը պես գունագեղ ու փողփողուն հիմակ, եկավ մեզի հիանալի փետրափոխության մը հմայքը վայելել տալ. ու մենք, որ վարժված էինք միօրինակ ու ձանձրացուցիչ հարթավայրերու տաղտուկին, մենք, որ երկարաձիգ ու հոգնեցուցիչ անապատի մը մեջ հազիվ երբեմն կրկներևույթներու պատիր հմայքը վայելած էինք լոկ, հոգիի ճշմարիտ հրճվանքով մը ըմբոշխնեցինք իր սրբագեղ բանաստեղծություններուն թովքը: Իր սակավաթիվ քերթվածներուն անըստգյուտ հորինվածքը, զգացումներու նրբին ընդելուզումը, երաժշտական բառերու ադամանդազարդ ագուցվածքը, ու վերջապես գաղափարներու ներույժ արտահայտությունը, իրարու միացած, բանաստեղծի բնածին տաղանդին հետ մեզի կը հայտնեն նաև ճշմարիտ արվեստագետին տաղանդը, որ ազնվական ու շնորհալի մոգություն մըն ալ կ’ավելցնե իր բանաստեղծության թովանքին վրա: Ապաքեն ո՞վ պիտի կրնար մատնանիշ ընել մեզ իր քերթվածներուն մեջ գաղափարի անճարակ կաշկանդումներ, բացատրության բռնազբոսիկ դարձվածքներ և զգացումի անճահ արտահայտություններ, և մանավանդ ո±վ պիտի կրնար այնքան զգայազեղ ու խանդաբորբ բնականությամբ մը ներկայացնել մեզ, օրինակի համար, Անառակորդիին զղջումի այն հոգեխոր ցավերը` պոռթկացող ուժգնությամբ մը տոգորուն: «Անեծքըդ, Հայր, փոխեց ոսկիս մութ պըղինձի, Բայց քանի որ շամբուշ կուռք մը պետք էր ինծի` Ես պըղինձով ալ պատրանքներս ձուլեցի: «Անեծքդ, Հայր, փոխեց կընդրուկս անարգ գուղձի, Բայց քանի որ զգլխանք մը պետք էր ինծի` Ես այդ գուղձովն ալ երազներս ծխեցի: «Անեծքդ, Հայր, գոհար քարերս դարձուց խեցի, Բայց քանի որ գիրկ մը գրգանք պետք էր ինծի` Թամարներու կուրծքեն զանոնք ես կախեցի»: Գրություններ կան, որոնցմե մարդ մեջբերում մը ընելու կը վարանի. և միթե անիրավություն մը չէ՞ գեղեցիկ ամբողջության մը դաշնությունը հատվածել, քայքայել երազի նրբահյուս ու ճարտարագեղ այն շենքը, որուն ամբողջությանը վրա պետք է հիանալ մանավանդ, զայն վերստին ու վերստին կարդալով ու վերջապես զայն գոց ընելով: Տեսնենք նաև սա հատվածը, նմանապես Ս. Գրքեն առնված նյութի մը բանաստեղծականացումը. Կը սիրե՞ս զիս¦ երեքկնեց Տերն ու Կեփաս Ամպի մը պես խռոված` ըզգաց ներսիդին Ուրացումի ահեղ անկումը շանթին. –Ա¯հ, գիտես դու, գիտես ամեն ինչ, ո՛վ Տեր, Թե կը սիրեմ ըզքեզ, ցորչափ Սերդ անհաս Ճառագայթի մը քաղցրությամբ թափի վրաս... Քու՛կդ են բոլոր մեր հոգիներն ու սիրտեր: Եվ իբրև պատասխան` Հիսուս կը հրամայե անոր երթալ արածել իր ոչխարները. (և ասիկա` իր ալ պարագան): «Մինչև այն օրն` ու իյնա ցուպդ ի գետին, Եվ ուրիշներ կապեն մեջքիդ թույլ գոտին»: Դիտեցեք պատկերին նկարչականությունը. վաստակաբեկ ծերունին, տարիներու հոգնությանը տակ ընկճված, աչքերը անբոց ու տկարատես, անկարող իր դողդոջուն ձեռքերուն մեջ նույն իսկ ցուպը բռնելու, իր շրթունքերն ալ անզոր` վաղեմի սիրական սրինգին վրա տաք համբույրի մը խանդաղատ հպումին, և սակայն ավելի քան երբեք գոհ` կատարված պարտականության մը երջանիկ զգացումովը զեղուն: Այս քերթվածին մեջ իր իսկ հոգիեն բան մը դրած է Դուրյան, ինքը` իր աշխատության իտեալին նվիրված. ինքը` եռանդազեղ ու կորովի մինչև հոն` ուր ալ մաշած և ուժազուրկ մարմինը մերժե ծառայել իր տխրաբեկ այլ խղճահանգիստ մտածումին: Իր ուրիշ մեկ քերթվածը Տեառնընդառաջն է, հիանալի` սկզբնավորութենեն իսկ. «Հոտ մը կ’առներ Ծերունին խոլ հեշտանքի` Խանձարուրին տաքուկ, ճերմակ խորշերեն, Հյութե ցամքած մարմնին համար` ուղխորեն Արբում մ’էր այն ըզգայության ու կյանքի»: Երևակայե¯լ պատկերը ալեփառ ծերունիին, ըղձացված դիրքի մը մեջ, գրկած Գերագույն-Մանուկը, անոր վրա հակած խանդաղատորեն, և այս մերձեցումեն և այս հպումեն խելահեղ... «Ու երբ շուրթերն ալ դողահար ու տըմույն Համբուրեցին մաքուր կայծակը` Բերնին Շունչե կտրած ծոցին համար ի¯նչ ջերմին` Կաթում մ’էր այն` որ շարժեց լարը հոգվույն»: Ու գերագույն ու աստվածային վայելքեն վերջ, հուսկ գուրգուրանքի անհուն հորդումեն վերջ, անոր գոհ ու հանդարտիկ աղաչանքը` որ հեծկլտուքի մը կը փոխվի. «Ա՛լ արձակե զիս, Տե՛ր, եկավ ժամանակ, Որ ոսկորներս խաղաղին. Բայց մեյ մ’ալ դուն զիս գըրկեի¯ր, որ համակ Որսը չ’ը¯լլամ դագաղին»: Քերթվածին ամբողջությանը մեջ կա նույն ներդաշնակ, կորովի ու զգայագեղ թափը` որ երբեք չի կասիր: Ու մտածել որ իսկապես արժանավոր ու հոգելից այսպիսի մտավորական մը այսքան ուշ հրապարակ կ’ելլե, ամփոփված ըլլալով իր հուժկու և բանստեղծ Եսին մեջ, ու խոնարհած` իր կրոնաշունչ Մտածումին սրբանույշ խորանի առջև. մինչ ուրիշներ, բանաստեղծի վատառողջ գոյություններ կամ շպարված, սիրուն ոչնչություններ, միշտ երևալու, միշտ խոսվելու նիհար ու ճղճիմ փառասիրության մեջ մոլորած, և կամ իրենց անունին քով ներբողի երկու բառ տեսնելու շատ տղայական անձուկե բռնված, ասդին անդին կը թափառին, հոս ու հոն ծիծաղելի ուրվագիծեր նկարելով, և հուսկ հետո իյնալով տղայական և ունայնամիտ հոխորտանքի մը մեջ: Այս ամենեն վերջ, ինչ որ ամեն բանե բաղձալի պիտի ըլլար մեզի` ամենուս համար ալ, անտարակույս բանաստեղծ եպիսկոպոսին քերթվածներուն հատորի մը մեջ ամփոփված տեսնելն է: Պիտի սիրեինք ուրեմն մտածել թե իր վերապահ ընթացքը համեստության գաղափարին հետ այս մտածումին ալ վերագրելի է:
  9. Չեմ կարող ժխտել, իմ կամքից անկախ, այնուամենայնիվ որոշ կրկնություններ եղան: Կարծում եմ, որ այս անգամ էլ չեն լինի, առավել ևս, որ արդեն սրանով ավարտում եմ Մեծարենցի նաև արձակ էջերը: Սրանից հետո կանդրադառնամ նրա հոդվածներին... * * * Ծովեզերքի պատշգամբին վրա նստած, լուսաբաղձիկ պատանիի հափշտակու-թյուններով, ու քիչ մը վախով, ու քիչ մը արցունքով, տակավին լույսերու մեկնումը կը դիտեի ամեն իրիկուն: Ամեն իրիկուն, մթնշաղին ստվերախառնություններեն անդին, լեռնագիծ հորիզոնին հուսկ բոցին մեջ, զույգ մը ձեռքեր` լուսեղեն թափանցիկ ձեռքեր` կ’անրջագծվեին դեռ: Իրիկուն մը, այդ կենսական ձեռքերուն ճերմակ դյութանքին մեջ ընկղմած իրիկուն մը, խռովանքի կոհակ մը անցավ հոգիես, ու հեռավոր ճերմակ ձեռքերուն վրայեն մշշական նրբաթել քողք մը փեթըռտեցավ, ինկավ. աչքերս արթնցան անոնց հրաշալի գեղին վրա... Տեսա որ ձեռքերը զի՜ս կը կանչեին... Առաջին րոպեին, հանկարծածին խանդավառությանս մեջ, ուզեցի վազել, վազե՜լ այդ տեսլական ձեռքերու գրգանքին. բայց անհունություն մը կ’անջրպետեր մեզ. ու խորհեցա այն ատեն բոլոր այն բաներուն վրա զոր պիտի կրնայի երկարաձգել կամուրջի պես` մինչև սպիտակ ձեռքերուն կայքը. բայց մտածումս ամեն բան պզտիկ գտավ հոգիիս մեջ... Մյուս իրիկունը նստա դարձյալ պատշգամբին վրա, թաղարներեն ցայտող բույրերուն ողողումին տակ. և սպիտակ ձեռքերը` անգամ մըն ալ հորիզոնի լույսերուն մետաքսե վարշամակը թոթվելով ծաղկեցան իրենց անրջական ձյունաթույր, նրբենի մատներուն գրգոտ շարժուձևին մեջ: Սպիտակ ձեռքերուն այդ շարժուձևը կո±չն էր արդյոք, աղապատանքի կաթոգին հրավե±րը, թե± դրժումը, դաժան, դաժան դրժու՛մը. չէի հասկնար, ու վարանքը կը պարապնդեր հոգիս: Եղավ որ, երազի այդ հրեղեն իրիկուններու մեջ, կոչին կես գիտակցությունով արբեցած, եղավ որ հոգիս սահի երթա մինչև հանդիպակաց ծովափունքը, իրիկվան արևին ջուրին վրա գծած շառայլ ուղիներեն, եղավ որ վազեմ մինչև կես ճամբան, բայց այդ պահերուն, ձեռքերը` ճիվաղային դժնե տեսիլներու փոխված հանկարծ կը ցցվեին քարացած, ժխտական շարժուձևով, ու ես ահաբեկ, անսահման զզվանքով տուն կը դառնայի նորեն: Երբեմն ալ, խաղաղիկ իրիկուններ, կը կարծեի լսել ձայն մը համբույրներեն ավելի գգվոտ` որ հոգիս կը փայփայեր. երկարաձիգ, մեղեդի սլվլյուն մըն էր այն, բուրումնավետ ժապավեն` որուն հեշտութենեն ռունգերս կը սարսռային, ու ճիշտդ այդ պահուն կը տեսնեի զույգ ձեռքեր` որոնք հեշտին ծափի մը մեջ կը համբուրվեին. և հետո կը բոլորվեին անտեսանելի բերնի մը շուրջ. ձայնին ժապավենը դեռ կ’երկարաձգվեր. ու ես արդեն կենսանըվաղ... Այսպես, ծփացի շարք մը իրիկուններ այդ տարուբերումին մեջ և ալ բնավ, բնա՛վ չտեսա նախկին շուշանները, փոսուռաները, զանակները, ձեռքերը, հիրիկի հեշտալի ձեռքեր միայն կը մնային` անփոփոխ իրենց բացխփիկ շարժուձևին մեջ: * * * Ծովեզերքի պատշգամբին վրա նստած, լուսաբաղձիկ հափշտակություններով, ու քիչ մը վախով, ու քիչ մը արցունքով, լույսերուն մեկնիլը կը դիտեի ամեն իրիկուն: Ամեն իրիկուն, մթնշաղին ստվերախառնություններեն անդին, լեռնագիծ հորի-զոնին հուսկ բոցին մեջ, զույգ մը ձեռքեր` թափանցիկ լուսեղեն ձեռքեր` կ’անրջա-գծվեին: Իրիկուն մը վերջապես, անշիջանելի ավյունի իրիկուն մը, վարանքին պարապնդումը ի սպառ թոթափած, անցա զիս տեսիլքեն բաժնող անջրպետին հորանջումին վրայեն, սուրացի մինչև ծովափունքը, ու վեր, մինչև ձեռքերուն հորիզոնը. ու հոն տեսա որ երկու լուսեղեն աղջիկներ դյութական պարտեզ մը ցույց կու տային ինծի... Վերադարձիս մութը արհավիրքի պես թանձրացեր էր, ձեռքերուն տեսիլքը չկար: * * * Ծովեզերքի պատշգամբին վրա նստած, անհուն թախծանքով, հիմակ ալ լույսերուն մեկնումը կը դիտեմ դեռ, ամեն իրիկուն: Ամեն իրիկուն, մթնշաղին ստվե-րախառնություններուն մեջեն, կը հառնիմ լեռնագիծ հորիզոնին բոցին` ուր դյութական ճերմակ ձեռքերուն տեսիլքը թոշնեցավ` ա՛լ չվերածաղկելու համար... Եվ ամեն իրիկուն հոգիիս մեջ` հեռավոր ձայն մը կը կանչե պաղատագին. «Ո՛վ իմ հորիզոնիս վրա շուշանացած ուրվային ձեռքեր, անգամ մը, անգա՛մ մըն ալ գեթ երևցեք ինծի, ո՛վ շուշանե ծաղիկներ, անգա՛մ մըն գոնե հիշել տվեք ձեր վաղնջուց լռություններուն երգը մոռցված, ո՛վ լուսոռոգ փոսուռաներ ու զանակներ, հեղ մըն ալ գեթ պսպղացնեիք ձեր փարփառ շիթերը` հորիզոնին մութին մեջ»: Ձայնը ա՛յնքան հուզիչ է որ հեռավոր հորիզոնին մութին մեջ ձեռքերու տեսիլքին տեղը` բոց մը կը փայլատակե` որ սակայն` ավա՜ղ, վաղեմի սպիտակ շուշանական տեսիլքը չէ՜:
  10. Երկար ժամանակ բացակայում եմ, և գործս կիսատ է մնացել... ՁԵՌՔԵՐԸ Ծովեզերքի պատշգամբին նստած, լուսաբաղձիկ մանուկի հափշտակություն-ներով, ու քիչ մը վախով, ու քիչ մը արցունքով, լուսերուն մեկնիլը կը դիտեի ամեն իրիկուն: Ամեն իրիկուն, մթնշաղին ստվերախառնություններեն անդին, լեռնագիծ հորի-զոնին հուսկ բոցին մեջ, զույգ մը ձեռքեր` թափանցիկ լուսեղեն ձեռքեր` կ’անրջագծվեին: Երանգներու և լույսերու համեցումին մեջ, քիչ մըն ալ դեռ, ձեռքերը ցոլաձակ կը մնային հոն ու երբ մութին հոծ ծուխը կ’իջներ ու կը շրջագծեր զանոնք, ձեռքերը գլխիվայր դարձած զույգ մը շուշաններու կը փոխվեին, որոշակի կը շեշտվեին իրենց զանգակի ձևերուն մեջ` ոսկեծայր թակաղներով: Բայց լուսավորներու առաջին ծիծաղին հետ շուշանները կը թոշներին հանկարծ, կ’ինքնամփոփվեին, հետո երկու բոլորշի կաթնաթույր լույսերու կը փոխարկվեին, հետո կը պզտիկնային, զույգ մը փոսուռաներ` զույգ մը արծաթ զանակներ կ’ըլլային ու վերջապես կը խեղդվեին ստվերներու մածնումին մեջ:
  11. ԲԱՐԵԿԵՆԴԱՆ Եկո՛ւր ծպտինք, սիրելի՛ս, Փոխենք օրվան մը համար, Երազի մը մեջ հիմար, Դուն սիրտդ ու ես իմ հոգիս: Ես չար ըլլամ, դուն բարի. Դուն հեգնությունդ ծածկես, Ու ես սրբեմ աչքերես Արցունքներու ցողն աղի: Պահ մ’էակն այն չըլլաս ցուրտ, Որ զիս ա՜յնքան կ’չարչարե, Ու հոգվույդ մեջ մարմարե Իր դողն անուշ թափե գութ: Եվ յուրացնեմ ես պեսպես Քմահաճույքներն այլանդակ, Որոնց ցանցով դըժընդակ Զիս ամեն օր կտանջես: Օ՛ր մը, գեթ օ՜ր մ’, հասկցա՞ր, Կ’ուզեմ փոխենք դերերնիս, Դուն զոհն ըլլաս, սիրելի՛ս, Ես դահիճը սիրտով քար:
  12. 9. ՎԱՂՎԱՆ ԲՈՂԲՈՋՆԵՐ Երբ արտին մեջ երգելով, Խաղա՛ղ հոգի, կ’աշխատեր, Ըսպաննեցին: Տարին եզները ջուխտակ: Վըկա չըկար: Պիտի վրեժն ո՞վ կըշռե. Դո՛ւ, Ո՛վ շանթ, անոնց ետևեն շուտ դու հասիր, Որ լերան վրա ամպամած Խոժոռադեմ կը հըսկես. Անշուշտ տեսար ամպի մը մութ բացվածքեն` Թե ինչպես վարը բըռնի, Յաթաղանին տակ սըրբազան բահն ինկավ, Եվ պոռթկաց խոնջ ճակատեն Արյունը տաք, վարդերուն պես հունիսի: Գայլի՜ եղեռն: Մըթընշաղին մեջ հիմակ Ակոսներուն վըրա լուռ Բըզիկ բըզիկ կը պառկի: Գյուղացիի խորշոմներուն մեջ աղվոր` Ուր արեգակն առողջ արյունն եռեփեց Քըրտինքը ա՛լ սառած է. Աշխատանքի քըրտինքը սուրբ ու բեղուն Որ մինչ այսօր, ինչպես արյունը, եղավ Մըկըրտությունն Արարատյան մշակներուն: Հերկե խոնջած բազուկներն ա՛լ անգործ են. Կուրծքը մըռայլ, թավամազ, Դեպի աստղերը, արձակ, Շեջ հրաբուխ մ'է որ կ'ուզե բոց երկընքեն Դեպ Անհունին սև սառնության ժայթքելու. Կողը տված է հողին Զոր մըշակեց ամրան դեղին հասկերուն Երազանքեն ժըպտելով: Շարժմամբ աճած, աղվոր, զորեղ իր մարմնեն Արյունը խուլ դըղըչյունով կը հոսի. – Կարմի՜ր հեղեղ, սըրտի խորեն վար իջած – Տափանն ու թին ներկելով Կ'երթա գուղձերն ողողել. Ակոսներուն մեջ զետեղել լիազոր Կարողություն մ'արեգակի, անձրևի. Թափանցել մութ ծոցն երկրին, Իբրև ըլլար մարգարեի մըտածում, Եվ հոն ճըռզած հունտերուն մեջ ներշընչել Ուռչում մ'ատոք և առույգ, Դարձընելով կյանք մ'իր առջի օրոցքին, Նոր ծաղկումի մը համար, Եվ հոն հըծծել նախնիքներու փոշիին Թե – մինչ ե՞րբ իր արյամբ Հայ գյուղացին պիտի արտն իր ոռոգե: Կը լըռե շուրջն ամեն իր: Լուսնին լացող աչքերուն Ամպերը թուխ թաշկինակներ կը դառնան. Խավարն հոծ է, սև պատանք: Հեռուն կնոջ մ'հոգին տարտամ կասակծով Գիշերվան մեջ կը սպասե. Ջուխտ որդիներն ինկած ծունկին գըգվանուշ Հույսի մը մեջ վաղամահ, զերդ ծիածան, Հեծկըլտանքնին կը խեղդեն: ... Ահե՜ղ հանգիստ. դիակին քով արյունոտ Կյանք մը ծաղկի, աստղի առկայծ ճաճանչներ, Զույգ մը բիբեր, զույգ մ'հոգեվարք կայծոռիկ, Արտին մեջ շունչ մ'հովերու Մեռնող սուրբի մ'հուսկ սաղմոսին պես տըխուր, Խորշոմներուն և իր գեղջուկ լոիկին Ծալքերուն մեջ արևու Ջերմություն մ'հուր, երգ մը հովեն սորվեցված, Քըրտինքի շիթ մը սարսռուն, Հողի բույրեր, կըծու բույրեր ծոթրինի, Այլևս անդարձ, անվըրեժ, լուռ կը մեռնի՜ն... Ո՛չ, հանուն հայ մռունչներուն, Թափված արյունն անմեղին չի՛ մեռնիր. Ո՛չ... Վաղն հողը դուրս պիտ’ պոռթկա Արևուն տակ հասկեր առլի, կյանք մը նոր, Նոր և հըսկա, հըսկայացած դիակով, Բողբոջ մ’առույգ, գեղեցիկ, Վաղն այս բարի արյունեն վեր պիտ’ ելլեն Խառնըվելով ցորենին Նոր Սերունդի կարմիր կարմիր կակաչներ, Որոնց արմատը կը դըպչի, պայթման մոտ, Վարն հրաբուխի մ’ապագա… 10. ԿԱՐՄԻՐ ՀՈՂԸ
  13. ԱՆՇԵՋ ՀՈՒՐԸ Արևը հրավառ մայրամուտք ունի, Կսառի ամռան, շունչեն ձմեռվան. Մեր համբույրն, ո՜վ սիրական, Պիտի երբեք չպաղի: Դեղնած կը թափին տերևներն աշնան, Կթոշնին վարդեր, միգեր կփըտին. Մեր սիրտերը տարփագին Հավիտյան թարմ պիտի մնան: Այտեր կթոռմին, կմարին աչքեր, Ճակտին վրա անբիծ խորշոմք կփորվին. Մեր սերն, ո՜վ լույս իմ սրտին, Պիտի երբեք չըլլա ծեր: ՑԱՅԳԵՐԳ Գիշերն ահա իր բարեկամ Կհոսե ստվերն աշխարհի վրա. Եկուր նստինք սա ծառին տակ, Հոս չկա ձայն, հոս մա՛րդ չկա: Սեփ-սև է մեր շուրջն ամեն բան, Չունի երկինքն աստղ ու լուսին. Խաղաղությունն ահա անհուն. Լուռ է թռչունն ու լուռ քամին: Մոռնա՛նք, ամե՛ն բան հոս մոռնանք, Մոռնա՛նք երեկն, այսօր ու վաղն, Մոռնա՛նք ցավերն, անձկություններն Եվ կյանքի տենդն ու մահվան պաղն: Ճակատդ ի վար, իմ սիրելի՛ս, Ձգե թափե՛ մազերդ առա՛տ, Ու մի՛ խոսիր. գիշերին պես Եղի՛ր լռին ու մռայլապատ: Ես քու ոտքիդ տակ ծնրադրած, Գլուխս ծոցիդ, աչքերըս փակ, Մունջ ու անշարժ պիտ’ ունկնդրեմ Սրտիդ տրոփին նվագն անուշակ: ԻՐԻԿՎԱՆ ԵՐԳԸ Իրիկվններն ինչո՞ւ հոգին Կզգա թախիծ մ’անսահման, Արդյոք սո՞ւգն է եղերական Մահվանն անուշ արևին: Խավարին հետ, որ երկնքեն Կհեղեղե հորդառատ, Սրտին մեջ ալ մառախլապատ Տրտմություններ կ’անձրևեն: Օրվան խոնջենքն ի հուշ կ’ածե Սին հոգնությունը կյանքի. Եվ աչքն, ուր քունը կհածի, Մահվան պաղ քունը կ’ըգե: Կմեռնի լույսն, ու կմարին Ձայներն, աշխարհը կխոկա. Եվ հոգույն մեջ, որ կմութնա, Կտժգունի բոցն հույսին: Կ’ամփոփվի մարդ, հուշք կ’արթննան, Անցյալին հուշք չարագույն. Ու վաղը, վա՛ղն, ո՜վ ձանձրություն, Պետք է կրկնել միշտ նույն բան…
  14. ԱՅՍ ԻՐԻԿՈՒՆ (Արձակ բանաստեղծություն) Այս իրիկուն, թուրինջ ջրաներկ իրիկուն մը, քաղաքեն դուրս, քառուղիին բերանը, սոսիին տակ նստեր էի. սոսին վաղնջուց ծառ մըն է, ճամբուն վրա, մրգաստաններուն ու դալարուտներուն մեջտեղը, համայնական օրհնանքի մը պես բարձրացած: Գարուները` չարաճճի՜ աղջիկներ` նազանքով, գեղով, հեշտությունով լեփլեցուն` եկան անցան իր առջևեն. ամառները, արգավանդ ամառներն ալ, և հուռթի պտղաբեր աշունները` ամենն ալ տարիներով անցան իր քովեն, իր հոգիե՜ն ալ: Օր մըն ալ, ամպգոլի տոթագին օր մը, բոցագիծ ելեկտրաթև հոսանուտ մը անցավ իր ծոցեն, մինչև հոգիին ալքը կայծա՛կն էր և բունը` քարայրի պես բերանաբաց` երբեմն անցորդներու օճախը կ’ըլլա, և հոն վառող կրակը կայծակին հիշատակն է կարծես, որ մերթ կարթըննա հոն: Սոսիին տակ, ուրեմն` նստեր էի այս իրիկուն: Երկու տարեց կիներ անցան ցանկորմին քովի արահետեն. մեկը կը խոսեր գթոտ շեշտերով իր ձիուն վրա` որ արդեն հյուծավո՜ր` վաղահաս աշնան ցուրտին չէ դիմացեր` մեռե՜ր է. հեյվա՜խ կ’ըսեր մյուսը, հեյվա՜խ... քայլերը մեռան, ձայները փոշիացան, հեռացեր էին, ա՜լ չլսեցի... Հանկարծ կեռասաստանին ծայրեն երեք տղամարդեր երևցան, ճառագայթող դեմքերով. մեկը կը պատմեր իր սիրային անցքերը. կնոջական արևոտ, վարդավետ անուն մըն ալ լսեցի... զիս տեսան, լռեցին անցան. քիչ մը անդին պատմությունը վերսկսած էր, ունկնդիրները կը քրքջային... Քիչ մը վեր առի գլուխս, ճյուղատ սոսիին վրա պարս ելած մեղուներուն պես, բուռ մը տերև կը խժային, բայց կանանչ, կա՛փկանանչ... մինչդեռ դիմացի կեռասիներուն տերևները կարծրեր են ցուրտեն, և աքասիաները կարծես թալուկե բռնված. մեր ծերունի, օրհնաբեր սոսին երիտասարդի ծիծաղներ ունի: Տերևուտքին մեջ շշնկոց մը կա, որ հովինը չէ. վայրկյան մը կը դադրի, հետո հեռու¯ն կըսկսի, խելահեղ թրթռուն ցող մըն է. երկու վայրկյանեն, հանկարծակի, գորշ զույգ մը թռվռալով ցած կ’իջնե սաղարթներու սրահակը բանալով. հևքոտ, արագ, կը բաժնվին կը հեռանան երկու տարփավոր թռչուններ... օդահած տարփանքներու երջանի՜կ թաքստոց` վաղնջական սոսիին հետամնաց երիտասարդությունը... Խճուղիին վրայեն սայլորդ մը, արևակեզ, ժպտագին գեղջուկ մը` երգելով կու գար. երկու սիրուն ճերմակ եզներ, որոճալով, տատանելով, դանդաղելով կը քաշքշեին սայլը քաղքի բարիքներով բեռնավոր: Մտածեցի որ այս սայլորդը տուն կը դառնա հիմակ. հունա, բլուրին ծայրն է տունը. բուխարիկին ծուխը` քմահաճ` կապույտ ծաղիկներ կը ցրցքնե օդին մեջ. օճախը վառած է... ժամ մը ամբողջ պիտի երթա այդ ծուխին, այդ տանիքին, այդ հորիզոնին նայելով, ժպտալով տարփավորի պես, հոր մոր պես, սիրական, կաթոգնած. կաթերը կթվեցան, լճացան հիմակ անոթներուն մեջ. հանին քնացած ըլլալու է. եղինձը եփած պատրաստ է մաղմաղին վրա. պզտիկները կըսպասեն` հայրիկը ի±նչ պիտի բերե քաղաքեն. հազար բարի, որովհետև ածուխը լավ ծախվեցավ. վաղը, կանուխ, նորեն բեռնա տանի քաղաք... սայլը անցեր հեռացեր է շատոնց. սայլապանին երգը կը լսվի դեռ, միօրինակ երկարաձիգ, տարածական երգ մը, արևոտ թախիծներով լի, ճիշդ իր դաշտավայրերուն պես, բայց անույշ, անո՛ւյշ, ու ես... Ուրիշ կառապան մը կը վերադառնա, քաղքեցի. խրոխտ, ամբարձիկ, աննկատ կ’անցնի, մտրակը շաչեցնելով ու շաչեցնելով. ձիերը կ’ըմբոստանան պահ մը` այնքան հոգներ են մինչև իրիկուն. բայց կառապանը քաղքեցի է¯,– կը կատղի, կը փրփրի, հեք կենդանիներուն ամբողջ ազգահամարը ձեռք կ’առնե... փոշիին մեջ կորսվեցավ կառքը. մտրակը կը շաչե տակավին, կը ծիծաղի՜... Հինգ գնչուհիներ, սիրերգելով, կայթելով, կողովներ շալկած` կու գան դաշտերեն, քաղաք կը դառնան, եղերդ ու մոլոշով լեցուն կողովները վար կը դնեն. առտուն արևը չցաթած գացեր էին. ամբողջ օրվան մը հոգնությունը հոգերնին չէ. կու գան կը շարվին ճամբուն եզերքը, ծառերու շուքին տակ, կը խոսին, հայրատ կատակներ կ’ընեն, կը ժպտին, կը ծիծաղին. հետո երգ, մատի ծափիկ, պորտախա¯ղ... սիկառներ կը վառեն ու դարձյալ շաղակրատելով կայթելով կը դառնան տուն... Ես կը մնամ սակայն, սոսիին տակ, անշարժ. այս իրիկնային համերգության մեջ, մեկնող արևին ոսկի գիրը, հեռավոր ծովուն կապույտ տառը, տերևներուն, թռչուններուն թրթռուն վանկը կը հեգեմ, կը հեգե՜մ: Բայց չգտա դեռ անսահման բառը, որ դյութական բալլիքի պես պիտի բանար ինծի այս փակ դուռները` ճամբաներուն վրա, ծառերուն տակ, ամբոխին մեջ, անցորդները` ամենն ալ` աներևութացան. ես տակավին մթնշաղին մեջ կըսպասեմ: Ո՜հ, ըսեք, ըսե՛ք ինծի գունագեղ անսահման բառը` այս իրիկուն...
  15. ՈՐԲՈՒԿԸ Այնպես մութ էր այն գիշերն, Որ իրարու ականջեն Կփոփոային հրեշտակներն` «Ինչպես՞ իջնենք երկնքեն»: Այնպես ցուրտ էր այն գիշերն, Որ սուր ձաղկին տակ հովուն Կդողային մերկ ծառերն` Արձըկելով ողբ մ’անհուն: Երջանիկներն իրենց տան Մեկ, շուրջ շողուն սեղանին, Կաղանդին տոնն աննման Կտոնեին ցնծագին: Փողոցի մը մեջեն լայն Որբ տղա մը, միս-մինակ, Ստվերի մը պես անձայն, Կ’անցներ, խոհուն, գլխահակ: Ծանր թախիծ մ’իր դեմքին Վրա, մռայլ, կփըռվեր. Գիշերն աղվոր Կաղանդին Իրեն մահվան էր գիշեր: Վերցուց աչքերն ու տեսավ Տուներուն մեջ լուսավառ Զվարթություն այն անբավ, Զոր Կաղանդն հոն կտեղար: Եվ իր փոքրիկ խեղճ հոգին Այնպես խորունկ հուզվեցավ, Որ աչքն հառած երկնքին, Լալով աղոթք մը ըրավ: Հանկարծ թանձր մութին մեջ, Շուշանի պես սպիտակ, Բացած թևեր լայն ու պերճ Երևցավ վեհ մեկ հրեշտակ: Գութն էր, պաշտպան խեղճերուն, Զոր կասեցնել չեն կարող Ցուրտն ու հովն ու մթություն Եվ Մա՛հն իսկ, Մա՛հը լափող: «Ըսե՛ ինձ, ո՜վ հեք մանկիկ, Որ դառնորեն կ’արտասվես, Ի՞նչ կբաղձա քու սրտիկ, Ըսե, կարող եմ տալ քեզ, Աղվոր հագո՞ւստ կամ պատկեր, Շաքա՞ր և կամ խաղալի՞ք, Կ’ուզե՞ս անուշ խորտիկներ Կամ հյութալից համեղ միրգ»: – Երբ իմ մայրիկս ողջ էր դեռ,– Ըսավ որբուկն հրեշտակին,– Զիս կգրկեր կպագներ, Գիշերն երբ գար Կաղանդին: Բարի՛ հրեշտակ, չեմ ուզեր Խաղալիք կամ զգեստ մաքուր, Չեմ ուզեր միրգ կամ պատկեր, Մորս համբո՛ւյրն ինծի տուր: ԵՐԱԶ Հեռավոր ու ամայի Ծովերու մեջտեղ Ես ունենալ կուզեի Պալատ մը բյուրեղ. Եվ երթայինք միասին Քեզ հետ, սիրական, Թաղել մեր սերն այդ բույնին Մեջ առանձնության: Մեր շուրջը, գիծ բաժանման Երկնի և ծովուն, Խաժ հորիզոն մ’հեշտական Բոլորեր անհուն: Հոն պատմեինք իրարու, Հառած աչք աչքի, Մեր խոլ երազն օդաչու, Մեր երազն ոսկի: Ու մեզ միայն լսեին Լուռ ժայռերն անշարժ, Մեզ միմիայն տեսնեին Ամպերը շղարշ: Ծովուն շշունջն իր խորին Երգով վեհափառ Օրորեր սե՛րը մերին, Մինչև մահը գար…
  16. * * * Այս գիշերվան հափշտակությունը սակայն ամեն օրվանը չէր, պատկերը անշնչացած սիրելիի մը հուշքին լուսագրությունը չէր մինակ այս անգամ: Այս անգամ լուսանկարը բոլորովին կ’անձնանար կարծես, մազերը ոսկի-շագանակագույն շողեր կ’առնեին, աչքերը` մեղույշ, վառվռուն կենդանություններ, արյունը վարդագույն կը մշշանար այտերուն ու ձեռքերուն վրա, շնորհալի ամբողջը կը նորաստեղծվեր: Որովհետև այս գիշեր մանավանդ, պատկերը իր զավակը չէր միայն, այլ և թոռնուհին` Արփինե՜ն, ա՜հ, Արփինե՜ն, որուն անունը մինակ կրցեր էր պահել իր մտքին հեռավոր մեկ խորշին մեջ, իր սրտին մոտավոր մեկ անկյունին ծոցը: Արփինեն, իրեն համար, իր աղջկանը ցո՛լքը մինակ կրնար ըլլալ, նույն վարսերով, նույն շարժուձևով, նու¯յն հոգիով: Աղջկանը մահեն վերջ, թոռնիկին առաջին մանկութենեն ասդին, այլ ևս տեսած չէր զայն, չէ¯ին թողուր որ տեսնե: Արփինեին հայրը, որ կնոջ մահեն վերջ հեռավոր արվարձան մը փոխադրված` անգամ մը ճամբել տված էր մեծմայրիկը, որ իր թոռնիկը ողջագուրել գացեր էր` աղապատանքով լեցուն, ու գլխիկո¯ր ետ դարձեր էր` կարոտով ու կսկիծով զեղուն. այդ օրեն ի վեր ահա տասներկու տարի է, որ զայն վերստին տեսած չէր: Ահա՛ տասներկու տարիե ի վեր գրեթե ամեն շաբաթ սիրտմաշուքով կ’ելլեր գյուղին զառիվերեն, թոռնիկին տան դուռը կը բաղխեր, ու... կը ճամբվե՜ր, չեխով ու լուտանքո՜վ կը ճամբվեր. ամեն անգամ սպառնալիքը խիստ ու վճռական եղավ: Հույսը չկտրեց նորեն, չդադրեցուց իր այցելությունները, իր ուխտագնացությունները. ա՜լ դուռը չէր զարներ. տունին շուրջը կը դեգերեր, իր հույսը դիպվածն էր մինակ, հեռուեն թերևս կարենար տեսնել սիրելի դեմքը, մազերուն մեկ գիսա՜կը գոնե: Տարիներով այսպես պարապ գնաց եկավ մեծմայրիկը. Արփինեն մեծցեր ու դպրոց կ’երթար. անգամ մը ելավ նույն իսկ դպրոց գնաց. §Օրիորդին տերտս հասկցնեմ, հելպեթ կը թողու...¦: Ես Արփինեին մեծմայրիկն եմ ըսավ. շատ իսկ էր հայտարարությունը. ներս չառին զինքը. տնտես ախպարը բաներ մը մրթմրթաց, չըլլար, չի կա՛, ըսավ. վարժուհին վերի պատուհանը նստած` իր ակնոցին տակեն անտարբեր կը դիտեր ծեր կնոջ հուսահատ վերադարձը... Ծերուհին անգամ մըն ալ հուսախաբ կ’ըլլար, որովհետև ամեն ինչ նախագուշակված ու պատվիրված էր արդեն... Բայց սերը հուսահատիլ գիտե±. տարիները անցեր էին, թոռնիկն ալ մեծցած կ’լլար հարկավ, չճանչցվելու աստիճան մեծցած. ծերուհին չէր հուսահատեր սակայն. գեթ հեռուեն անոր դեմքը ընդնշմարե¯ր. հավատքի պես կըզգար թե պիտի ճանչնար զայն: Վերջին անգամ երբ դարձյալ կատարած էր վերելքը, թոռնիկին դրացուհիներեն մեկը հետաքրքրված ներս առեր էր զինքը ու տերտը հասկցե՜ր: Եվ արդեն շատոնց ծերունի կինը ուշադրության առարկա եղեր էր. ո±վ էր այդ սևավոր կինը` որ կանոնավորապես կու գար կը դեգերե այդ կողմերը. իրարու մեջ փսփսացեր, հետաքրքրվեր, հասկցեր էին վերջապես դրացուհիները. Արփինեին մեծմայրի՜կն է եղեր. և անոնցմե մեկուն սիրտը չէր դիմացեր այս անգամ, ներս կանչեր էր մեծմայրիկը, սփոփեր ու Արփինեն տեսնելու ժամադրություն մը խոստացեր էր. օհ, ի՜նչ ուրախություն, վերջապես պիտի տեսներ իր ձագուկը, իր խուզի՜ն. հոգ չէ թե հեռուեն մինակ, դրացի տան պատուհանեն` որուն դիմաց կայնած կ’երևակայեր արդեն իր սիրական սրտահատորը: –Ո՜ւյ, Աստըծու խնտաք հեմեն, հիմա խենթանամ պըտոր... Աստըծո՜ւ խնտաք, Աստըծո՜ւ խնտաք, ըսեր ու մեկներ էր: Ու վաղը ժամադրության օրն էր. լուսանկարը անգամ մըն ալ համբուրեց, լամպարը մարեց ու քնացավ ծերուհին, երջանիկ քնացավ: * * * Առտվան դեմ անձրևները դադրեր էին, անամպ ու միափայլ կապույտին վրա արևը վիժակի մը պես կը նշուլարձակեր. առտվան սյուքը` գարնային ծաղիկներու բուրումով խնկավետ` հեշտագին կը զովանար: Ծերուհին, որ բաց պատուհանին առջև հագված, պատրաստ նստեր էր և արևածագին կըսպսեր անհամբեր` վերջապես գոհունակ ու լայն շունչ մը առավ. ուրեմն ահա պիտի երջանկանա՜ր: Դողով ու նախազգացումով լեցուն` խաչ հանեց ու ճամբա ինկավ. շոգենավե-րուն հեռավոր սույլին հետ կը փութացներ, տենդոտ ու անգիտակից գրեթե: Ղալաթիա հասեր էր. առաջին մտածումը եղավ մոմ մը վառել Ամեափրկիչին. ահա՜ մոտեցեր էր իր սիրական գաղափարին իրականացման, մոմ մը չվառե±ր: Աղոթքը ըրավ, ժամեն դուրս ելավ, շոգենավ կա±ր: Ճիշտ ժամանակին կը հասներ, տոմսակը առավ, ներս նետվեցավ. նույն պահուն վերջին սույլը կ’արձակվեր, ու շոգենավը մեկնած էր արդեն: Առտվան հաճելի արև մը կ’ողողեր խցիկը, ուր ծերուհին նստած էր` մինա՜կ` իր երջանիկ ակնկալության ու խռովքին հետ: Վոսփորը ոսկիով զանակված կապույտ ու երկարաձիգ շալի մը պես կը վետվետեր. նոր կտրված ձմերուկի հեշտավետ բույր մը կ’արտածորեր ծովը. շոգենավը կ’երթար թևաբախ` ծիրկաթինին ձյունաթույր ուրախությունը ձգած իր ետևեն: –Յուսկյուտա՜ր... Առտվան ցանցառ ուղևորներուն մեջ ծերուհին առաջինը եղավ դուրս ցատկող: Վերելքը վայկենական երևցավ իրեն, բան մը չտեսավ ճամբուն վրա, բան մը չլսեց: Առաջին բանը որ զինքը հափշտակութենեն արթնցուց` ձայնը եղավ զանգակին, որուն կոճակին կը հպեր իր դողդոջուն ձեռքը: Ճիշդ ժամանակին հասեր էր. Արփինեն արդեն դիմացի պատուհանեն կը խոսակցեր բարի դրացուհիին աղջկան հետ: Պետք եղավ որ քիչ մը սպասի ծերուհին, շունչ մը առնե, սուրճ մը խմե, հետո ըսին որ կրնա պատուհանին առջև նստիլ ու սպասել,– չուզեցին հանկարծակիի բերել: Բայց իր հոգիեն կը լսեր արդեն թե Արփինեն արդեն հոն էր. կթոտելով ու շնչահատ` ելավ վերի հարկը պատուհանին առջև. արևը լիաշող կը ծավալեր, և անոր շլացքին մեջեն ծերուհին ընդնշմարեց սակայն իր հոգիին երազը. ա՜յնքան ատեն իրականությունը երազ մը մինակ երևցած էր իրեն. ուրեմն Արփինեն էր անիկա, իր սրտահատոր թոռնուհին` Արփինեն... –Ո՜ւյ, արևուդ կշտանամ, լուսերու պես աղջիկ, թպխսի մարն է, պոյըդ, պոսըդ սիրեմ... ֆուլիա մազերդ սիրեմ, հոգիդ սիրեմ, զավա՛կս, ձագու՛կս... պոյդ պոսդ սիրեմ... ֆուլիա մազե՜րդ սիրեմ... լուսերո՜ւ պես աղջիկ, լուսերու՛ պես աղջիկ... Օ՜հ, շա՛տ էր այսքան ուրախություն հեք սրտի մը համար, որ այնքան ծարավ, ծարավ` հանկարծորեն կը լենար և կը զեղուր: Մեծմայրիկը մեռե՜ր էր...
  17. ՄԵԾՄԱՅՐԻԿԸ Ճրագը ձեռքը ննջասենյակեն ներս մտավ ծերունի կինը: Դուրսը գարնային անձրևը կը հոսեր լիատարափ. դուրսը գաղջությունն ու մութը ծովացեր էին: Հերաձակ անձրևը ջուրի վեժքեր կը ցրցքներ ապակիներու վրա, պատերուն վրա, մայթերուն ու տանիքներուն վրա: Ծերուհին լուսակալի վրա դրավ ճրագը ու գնաց պատուհանին հպեց ճակատը. որքա՜ն պետք ուներ այդ զովացքին: Տարափը կը տենդոտեր ու մտրակներու հույլի մը պես կը շաղեր սալարկին սպիտակ քամակին վրա, և հետո չարաճճի ձեռքի մը նման գգվական ծեծիկներ կու տար ապակիներու երեսին: Ծերուհին ընդերկար մնաց այդ դիրքին մեջ, ճակատը ապակիին հեց, նայվածքին նշույլը դուրսի մութին ու գաղջության մեջ տարտամած և կամ` մերթ` կայծակներու քրքում և օձագիծ խաղերեն լուսավառած: Ծերուհին ընդերկար մնաց այդ դիրքին մեջ, հոգին անսահմանելի անդոհով մը պրկված: Անձրևի հոսքերը կը վերսկսեին խաղալ տանիքներուն հետ, բույսերուն ու ծառերուն հետ, մայթին ու մութին հետ: Ու կը վերադառնային ցպրտալ ու արցունքոտիլ ապակիներուն վրա. և երկնային ջուրը իր փափուկ զովությունով կը փայփայեր ծերուհիին ճակատը, կըսթափեցներ զայն իր խոհանքեն: Եվ երկնային ջուրը հմայական ձեռքի մը պես` լուսեղեն տեսլիլ մը կ’առկախեր հանկարծ խավարին մեջ. քաղցր ու դժնդակ պայծառություն, որ կը շրջագծեր մեղրանույշ ու նրբագիծ դեմքը իր թոռնուհիին: Եվ ի±նչ տեսիլ կրնար թելադրել իրեն գիշերային այս մենությունը, եթե ոչ անորը: Ահա՜ տասներկու տարիե ի վեր ցերեկներն իսկ անոր երազովը կը մտաթափառեր... Տեսիլքը` վայրկենական` ժպտեր ու գացեր էր սակայն, դուրսը լեզու ելեր էր դարձյալ ջուրերուն խուժող բարբառը. ու ծերուհին հեղ մըն ալ կը պարուրվեր իր մտահոգությանց անարև ու տրտում մշուշով: Երբեմն կը ցնցվեր թեթևակի. կը բաժնվեր քիչ մը ապակիեն, բայց ճակատին ջերմությունը` հանկարծորեն զգացված` դարձյալ կը մոտեցներ զինքը պատուհանին, ու նայվածքները անգամ մըն ալ կ’ընկղմվեին մութին մեջ... * * * Աշտանակին մոմը սպառելու մոտ էր. սենյակին լույսը հետզհետե կ’անոսրա-նար, քանի մը նշույլներ տակավին կ’ոգևորեին: Հանկարծ սենյակը մթագնեցավ, ծերուհին արթնցավ իր մտածությանց քունեն. որքա¯ն ատեն մնացված կրնար ըլլալ այդպես պատուհանին առջև. ո՜վ գիտե: –Տե՜ր Աստված, զորությանդ մեռնիմ, վաղը պայծառ արև¯ մը... Վաղը սու¯րբ, սու՛րբ օր մը տայիր... Ու բաժանվեցավ պատուհանեն, ու մութին մեջ Լույսին առջև ծնրադրեց, հոգեկան հորձանք մըն էր իր աղոթքը, որ մերթ զգայության ալիք մը կ’ըլլար ու կը տարուբերեր հոգիին մեջ և կամ մերթ բառերու շուշանական փրփուրովը կը ծաղկեր իր շուրթերուն վրա... –Հիսո՜ւս Քրիստոս, զորությա՜նդ մեռնիմ, Սո՜ւրբ Աստվածամայր, բարեխո՜ս եղիր, ամենակարո՜ղ Տեր, դուն գիտես... ուզածս տո՜ւր հոգիս առ, ուզածս տուր հոգիս առ... Աղոթքը լմնցավ, ծուփքը հանդարտեր էր անշուշտ ու հոգին թեթևցեր, այսքան տարիե ի վեր ուրիշ ի±նչ ամոքանք ուներ արդեն այս վշտագնած հոգին: Մութին մեջ խարխափելով լուցկիին տուփը գտավ ծերուհին, լամպարը վառեց ու սեղանին առջև նստավ. դեմքեն կը զգացվեր գոհունակությունը, իր դեմքեն` որ գրեթե կը ճառագայթեր այլևս: Իր դողդոջուն ձեռքերով գզրոց մը բացավ, պահարան մը դուրս հանեց, բացավ, լուսանկար մը մարմարին վրա դրավ, հետո մոտեցուց լամպարին. մեռած աղջկանը պատկե՜րն էր: Կաղամախի նազելի հասակ մը, ճաճանչագեղ դեմք մը, գլխուն վրա հորդառատ պտույտք մը վարսերու` որոնց փափկությունը շոշափելի զգայություն մը կը դառնար գրեթե, աչքերը` թանկագին քար, զույգ մը խոշոր կայլակներ` առույգ ու տխրագին բոցով: Ծերուհին կը նայեր, կը նայեր, կը նայեր, ու տամուկ թարթիչները կը ծիածանվեին լամպարին դեղձան լույսին տակ: Գիշերային աղոթքեն վերջ իր մյուս պաշտամունքը եղած էր այդ լուսանկարը. նորեն ու նորեն կը նայեր անոր, լույսին կը մոտեցներ, կը հեռացներ, զանազան դիրքեր կու տար, քովնտի կը նայեր, շեշտակի կը նայեր, դառնորեն կը ժպտեր, ցավագին կը շարժեր գլուխը, նորանոր վերհիշումներ կ’ունենար անոր կյանքեն, կը վերապրեցնե՜ր զայն ամեն գիշեր: Եվ ամեն գիշեր, ամենմեկ նայելուն, նոր խանդաղատանք մը կըզգար ու կենդանագիրը կը մոտեցներ անդադար աչքերուն ու շուրթերուն, շուրթերուն ու աչքերուն...
  18. ՊԶՏԻԿ ԵՐԳԵՐ ԱՌՏՈՒՆ Ինչպես բարի քույր մը, սպիտակ առտուն, լուսեղե՜ն աստված, ձեռքը դրավ ճակտիս և համրորեն անցավ հոգվույս մեջ, իր շառ քղանցքին հոն անձրևելու շրշյունը մետաքս: Ինչպես բարի քույր մը, ցանկալի առտուն` լուսացավ հոգվույս մեջ` կարոտով մթագնած. ինչպես բարի քույր մը, ինչպես շուշան մը` անձավի մեջ ծաղկած: Ինչպես բարի քույր մը, գորովազեղ առտուն, իր խունկ ձեռքերով ամենն ալ գգվեց. գգվեց ամենն ալ ցավիս ծաղիկներուն, որոնց բաժակները բարձրացա՜ն` անոր նայվածքին լույսովը թրջվելու: Եվ ինչպես բարի քույր, ինչպես բարի քույր` վաղաժամ մեռած` քնացավ առտուն, իր գորովանքով օծած` հասկերը իմ տարփանքներուս:
  19. 7. ՕՁԸ Իսկ ապրող Հայերն ալ` այսպես ապրեցան Լերան կողին, նըման վերքի մը լայնշի Հեղեղատն այն կը տեսնա՞ք. Ջուրեն բացված, այսօր ջուրի ծարավուտ Ան ճամբա մ'է կարմրորակ: Տըղա կյանքիս, օգոստոսի մ'արևով, Կ'ելլեի ես անկե վեր, Դեպի լեռն այն, դեպ իր դաշտերն ընդարձակ` Ուրկե ինծի դյուրին էր Քաղել աստղեր ու անոնցմով պըսակվիլ, Շընչել ամե՛ն երկրի հով, Եվ հետևիլ արծիվներուն ընթացքին Մատղաշ հոգիս պարզելով: Ու կ'ելլեի ես այդ կարմիր ճամբայեն... Հոն ո՛չ սյուք կար և ո՛չ խոտ. Թիթեռնիկներն այտեղ ինկած դիպվածով` Կը փախչեին հևհևկոտ: Արևն էր լոկ, իմ ուղեկիցս արև՜ն էր` Որ մըխած գլուխն հըրաբոց Ավազին մեջ` կը խըմեր հողն, ու հազար Պատիճներովն ոսկեզօծ`` Կը ճաթեցներ ապառաժները` սնելով Անոնց ծածկած տամկությամբ: Ու կ'ելլեի ես այդ կարմիր ճամբայեն Շուքս ետ թողած, միակ ամպ: Կեցա՛ հանկարծ, ու արևն հետըս կեցավ Խարըսխըված գըլխուս վրա. Վերեն` խրամատ ժայռե մը դուրս սըլացիկ` Վա՛ր կու գար օձ մը հըսկա: Ալիք ալիք օղակներով իր ճապուկ Դահանակի և լալի, Ու շըչելով` իբրև եղեգ մ'հողմակոծ` Ան կ'իջներ, ես կ'ելլայի: Տեսանք զիրար, կեցանք, զիրար չափեցինք... Իր բոլոր զենքը անի Բերանին մեջ հավաքեց, ես` աչքերուս, Ես, դեռ անզեն պատանի: Ոստում մ'ըրավ նավածքներուս ուղղությամբ` Զերդ շանթը դեպ լըսնոսկին` Որուն վախճանն հորն է մաքո՜ւր և նվաճո՜ղ... Ոստում մ'ըրավ մոլեգին, Եվ փաթթելով ինքզինք մատղաշ իրանիս Իբրև բաղեղ` վարդենվույն, Կուրծքը կուրծքիս դըրավ, ուղղեց շըրթներուս Կոր գըլուխն իր լիաթույն: Ես պարուրված ոլորտներուն մեջ իր ցուրտ Մահվան դողով դողացի. Մինչդեռ աչքերս իր աչքերուն խըմցուցին Թովչանքն հոգվույս մըտացի. Դըրին անոնց բոցերուն մեջ դեղնորակ Իմաստությունը մարդուն, Ըղեղին լույսն` որ քընացուց կամ սանձեց Բընազդը նենգ կենդանվույն: Խայթն ամփոփեց. ու ես կյանքի, մահվան մեջ, Կյանքի, մահվան արցունքով Արտասվեցի: Ան բերանն իր բացած լայն Կըզակիս տակ, անվըրդով, Խըմեց շիթ շիթ կաթող արցունքն արտերես, Քամեց բիբերըս բերրի, Եվ մարեց մեջն օգոստոսի արևն հուր Օձն այդ ծարավ արտոսրի: Հետո շըչաց ու նոր օղակ մ'ընելով Շուրջը վըզիս` զայն սեղմեց. Մինչ պոչն իր նո՛ր քաղցով ետևը ճոճուն` Կը ջախջախեր քար մը մեծ: Քընթըռնոցներն ամփոփելով իրար մեջ` Կոկորդըս պինդ պըրկեցին, Ու ես վայրկյան մ'ըզգացի մեջըս փակված Չորս ճամբաները կյանքին: Ու ունչերես ու աչքերես բըխեցավ Արյունըս դուրս սորսորուն, Եվ ըզգացին, կարծես, շըրթունքըս դողդոջ Սըրտիս ամբողջ ջերմությունն: Իսկ ան հեցած կըզակն ուղիղ կըզակիս Խըմեց արյունս անդեղյա: Մեն մի կըլլված շիթ, որ կ'իջներ` կը զգայի իր մարմնույն մեջ, մարմնույս վրա: Ինչպես շողերը արևուն կը սուզին Հին ջըրհորներուն մեջ ցամքած` Ա՛յսպես կարծես երակներս իմ քամվեցան Որկորեն վար թըխպամած: Կըշտացած էր. վիզես, մեջքես, ծունկերես Լուծեց օղերն համրաբար, Միշտ հիշատակն իր օձ – ձևին թողելով Շուրջն իրանիս դալկահար: Կըշտացած էր իմ արցունքով, արյունով... Ա՛լ, զերդ ոճիր կենդանի, Արփվույն ներհակ, միշտ այդ կարմիր ճամբայեն` Ան կ'ջներ, ես կ'ելլա՜յի.... 8. ԹԻԱՊԱՐՏՆԵՐԸ Պատերազմ է հըռչակված: Թընդանոթի մը պողպատ Ծանըր սայլին լըծեր են թիապարտներ մերկիրան. Անհեթեթ բեռը պետք է մինչև գագաթը տանին Սա դիմացի խրոխտ լերան` որ իր գլուխն է մըխըրճեր Կապույտին մեջ արևոտ` իբրև հալած կապարի: Անկե ո՛չ ես, ո՛չ գոմեշ ելավ, և ո՛չ ալ ջորին. Սեպերեն վար սահեցան պճեղներն անոնց կըրկաճիղ. Ծալլըվեցան ուժասպառ և դողահար ծունկերնին, Կամ թե երբուծը անոնց հանկարծակի պայթեցավ Բուռըն հևքեն զըսպըված թոքրենուն մե տապահեղձ: Եվ արդ մընաց կըրելու հերոսներո՛ւն մըկնագեղ Բեռը ձուլված արյունով, բեռը մահվամբ ծանրակիր: Ետևեն բիրտ զինվորներ կը մըտրակեն անխընա Թիապարտները բոպիկ, մերկ կըռնակով, գըլխեբաց, Որոնց մարմինն` որ ուներ անբըծություն մարմարի, Այսօր թուխ է իբրև պղինձ քուրա մը միշտ հըրամերձ: Կը տոչորե անդադար սևցած հըզոր ծոծրակնին Ամրան արևն ու հանկարծ կը կեցընե, կը խըմե Քըրտինքի շիթ մը մարգրիտ` ողնաշարնեն վար սահող… Վե՜ր, վե՜ր. Փոկերը ճարպոտ դժնե հարված մըտրակին Կը շառաչեն կըռնակնունյ, մեջքերնուն շուրջ կ’ոլորտին, Եվ ուսերնեն վար մինչև պորտերն անոնց սողալով` Կը գալարվին լըզվըռտվող օձերու պես քըստմնելի. Եվ թողված հետքը կապույտ, կաղապարով խոտորնակ, Կամաց կամաց կը սկըսի սրյան ծիլեր դուրս բըխել: Հոլա՛, վե՜ր, վե՜ր: Ու պարանը անճոռնի, հաստաբեստ, Մարմինն իրենց կը պըրկե, միսերնուն մեջ կը թաղվի. Նյարդերու բեկտումին, ոսկորներու փըշըրման Աղաղակն է` որ կարծես իրենց ճիգեն կը լըսվի: Դեմքերուն վրա՛ թափված են խառնափընթոր մազերնին` Որոնց ծայրեն կը թորի առատ քըրտինք մ’հողին վրա: Շունչերնին դուրս կը պոռթկա ընդհատ ընդհատ ռունգերնեն` Եվ միացած կուռ սայլին երկրասասան դըղըրդյունին Վայրենի նըվագը կ’ըլլա աշխատանքին այդ դաժան: Ահավասիկ կը կաթի խարազանված ուսերնեն Արյունն արդար, սուրբ գինին մարտիրոսված այդ Ուժին, Որով խըխում` կ’արբենա ամուլ լերան ճերմակ հողն Ուրտեղ նույնիսկ չի գըտներգաղտնամես օձը սընունդ: Ո՛չ ալ կյանքն իր բաշխելու համար արևն հունտ մը էգ: Այդ կատաղի վերելքեն` անոնց ոտքի տակ լայնշի Հանկարծակի կը փըրթին լայնաձեռեկ ճեղքվածքով Ժայռեն մեծղի կըտորներ. և ձորին մեջ թավալող Պայծառահունչ կրանիդի յուրաքանչյուր կոշտ հարված Ներբաններուն վիրավոր վարդագույն դրո՛շմը ունի: Հոլա՛, վե՜ր, վե՜ր: Այդ մահվամբ հըղի հրանոթն ուռնակուռ Միջօրեի անողորմ ամառնաբորբ տոթին տակ Ճաթելու չափ տաքցած է, շիկնալու չափ` հրազօծ. Երբ կ’ընկըղմի մերթ արևն երախին մեջ լայնաբաց` Ան վիշապի մ’աչքին պես կը ժայթքե թուխ փայլակներ: Մինչ խարազանն անընդհատ եղեռնաբար կը շաչե` Թիապարտները կարծես, գլուխնին հակած անմըռունչ Թանձր ու կախ հոնքերուն տակ մըտասույզ, ինքնամփոփ, Դեռ կը խորհին լեռներու իրենց ազատ կյանքին վրա, Ո՜հ, այն լայն կյանքն` ուրկե շեշտ կայծակներու պես անցան Մահ և փայլակ դրոշմելով ամեն հինցած շենքի վրա. Ամեն պայծառ կյա՜նքն` որ իրենց կամքին թռիչքովը միայն Գաղափարին աստղալից խորաններուն կը սուրար: Ո՛չ մեկ մտածում պահպանող, ո՛չ մեկ հեշտանք, ո՛չ մեկ կույս Կըրցավ վայրկյան մ’օդին մեջ բըռունցքն իրենց կեցընել, Որ շեշտակի թագերուն և գահերուն վրա կ’իջներ: Իրենց ճակտին շողացող երկնային մե՛ն մի ճաճանչ Սանձակոտոր եռանդի մը փոխվեցավ մրըրկահույզ. Իրենց մեջ ոսկր ու արյուն դարձավ ամեն գաղափար. Եվ այսպեսով մկանունքներուն ամեն մեկ բուռն հաղթանակ Մեկ հայակապ հաղթանակն էր մարդկային մեծ Մըտքին: Երբոր անոնք կ’անցնեին հորիզոնեն արփամուտ, Աշխարհ վախով և հույսով տեսավ կարմիր շուքն անոնց. Եվ արյունի մեջ մեռնող շողերուն տակ լըռավետ Իրենց զենքերը բահեր կը թըվեին` որոնցմով Խուզարկելու կ’երթային արշալույսներ նորանոր… Սակայն հի՞մա. Ա՜հ, հիմա բըռնադատված են քաշել Կույր հըրանոթն` որ պիտի վաղն արձակվի կույրերե: Պարանն` որ ձիգ կըռնակնեն կաշկանդումով մը կ’անցնի Կը պըղծի սուրբ ուսերնին` որոնք էին արժանի Լոկ փառքը կրել մազերնուն արփվույն շողով սանտըրված: Հոլա՛, վե՜ր, վե՜ր. Բայց ահա խրոխտ խոյանքով մը վերջին Թընդանո՜թն այն տըղըդեր լերան կատարն հանեցին Այն թընդանոթն` որուն շունչը պիտ’ երթա լափլիզել Կատաղաշարժ բանակներ, կամ քաղաքներ մարմարե. Խաղաղ գյուղեր` որ ցանված բըլուրներուն լանջքին վրա` Արեգակին տակ կ’օծվին, կամ լուսնին տակ կ’աղոթեն: Թիապարտներն ավասիկ հառաչակուլ հևալով Լերան վըրա լուսողող կոթողվեցան գըլուխնին վեր. Իրենց աչքերն, որոնց մեջ արյուննին է խըռնըվեր. Արևուն տակ, պըղինձին մութ ու կարմին փայլին պես, Ըսկըսան շող մ’արձակել: Անոնք տեսան իրենց շուրջ Հորիզոններն` որոնց վըրա բերդեր էին կառուցված, Պատերազմի ճամբաներ` բանակներու իբր ուռկան, Եվ հասկըցան` որ աշխարհն իրենց թողած օրեն վեր Մընացեր է միշտ զառամ, միշտ մեղքին տակ կորակոր. Այն ատեն դող մը անցավ ոսկորներուն մեջ հոգնած. Սըրտերնուն մեջ հին մոլուցքն ու մըռընչյուններն արթընցան, Եվ զինվորները մինչդեռ կը սկըսեին վերստին Դառնակոշկոճ, արյունոտ կրունկներն անոնց շըղթայել, Անոնք իրենց չհասկըցված, հոգնությամբ լի հոգիով Երեք անգամ օրհնեցին լերան գագաթը հանած Ինքնափճացման կույր գործիք, թընդանո՛թն այն եղեռնի:
  20. ՍԻՐՈ ՃԻՉ Օ՜հ, կայծակը, որ ամպերեն Զիկզակելով կսլանա Եվ որ, հսկա օձն հրեղեն, Կաղնիներուն կսպառնա, Կրնա՞ հանկարծ այրեին մեջ Կասիլ, մնալ առկախյալ, Կամ խոլ վազքին իր տալով վերջ` Կրնա՞ երկինքը դառնալ… Եվ սա հեղեղն ամեհի, Որ դաշտերը կ’ողողե, Որ ժայռերուն դեմ կկռվի, Ընդերքն հողին կպեղե, Կըրնա՞ միթե, փըրփրադեզ Ահեղ սողունն այդ հեղուկ, Կըրնա սանձել արծաթագես Իր կոհակներն հեղհեղուկ… Իմ սրտիս մեջ ալ ինկավ շանթ, Հեղեղք հոգիս ողողեցին. Մնա՜ք բարով, խինդ, հույս ու խանդ, Զիս դըժոխքին մեջ թաղեցին… ՏԱՂ Անո՛ւշիկ աղջիկ, քեզ կգտնեմ ամեն տեղ. Երբ գիշերանց հառեմ աչքերս աստղերուն, Ա՛յնքան ջինջ են, ա՛յնպես քնքուշ ու անմեղ, Որ կկարծեմ անոնց լույսին մեջ սիրուն Տեսնել նայվածքդ բյուրեղ: Ծառերու տակ երբ որ ելլեմ իրիկվան Ման գալ անունդ հիմարաբար կրկնելով, Այն փայփայիչ նվագն աղվոր խոլական, Զոր ոստերուն մեջեն կ’երգե սյուքը զով, Ինձ կթվի ձայնդ աննման: Առավոտուն, երբ երկնքին մեջ վճիտ Պատուհանես դիտեմ ծնունդն արեգին, Զեփյուռը, շունչ Արշալույսին վարդաժպիտ, Որ իմ մազերս կուգա շոյել մեղմագին, Կուտա սարսուռն համբույրիդ:
  21. ԿԱՊՈՒՅՏ ՀՆՉՅԱԿ Աստղերուն պես, որոնց շնորհն ավելի քաղցր է և սուրբ, Որովհետև հեռավոր և անամատույց մեր ձեռքին, Եվ որոնց ջինջ բիբերին ժպիտն աղու, գերանուրբ. Աննյութ տենչով մը միայն կթրթռացնե մեր հոգին, Աստղերուն պես, գողտր աղջիկ, մեկուսացի՛ր, հեռացի՛ր, Թև առ ու վե՜ր բարձրացիր կրքերու թանձր աղբյուսեն. Թույլ մի՛ տար, որ շրթներուդ դպչի համբույրը զազիր, Թույլ մի՛ տար, որ ցանկությունք ծոցիդ վարդերը պղծեն: Փաթթե մարմինդ ու հոգիդ քողերու մեջ սպիտակ. Շուշա՛ն եղիր, տեսլացի՛ր, թող մեջդ կինն անհետի Եվ երևան գա հրեշտակն, անբիծ, թեթև, լո՛ւյս համակ. Եվ սերդ թող սրտիս խորն, ամենեն խորն հաստատվի, Ինչպես պատկե՛րը Կույսին` մատուռին մեջ առանձին, Որուն մարդիկ ծնրադիր, աղոթքներով կմերձին:
  22. 5. ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ Սովամահ ժողովուրդին – «Սովէ. հա՜ց, հա՜ց...» – Ո՞վ կ'հեծե Շեմին վըրա խըրճիթիս ո՞վ կը հեծե: Սերըս մարած է օճախիս բոցին հետ. Մեջս է մոխիր, շուրջըս մոխիր. օ՛հ, ի՜նչ շահ Մոխիրներու վըրա արցունք սերմանել: Բան մը չունիմ, բա՜ն մը. այսօր իմ վերջին Լումայով թույն գընեցի, Ներսը թույնս իմ կը շաղվեմ: Վա՛ղը եկուր գերեզմնոց, ո՛վ Անոթի, Բուքին մեջե, կանուխ, երբոր գյուղին շուրջ Գայլերը դեռ կը հածին, Վա՛ղը եկուր… պիտի ես Շիրմիս մեջեն, իբրև հաց Քերթողի սիրտս այդ մախաղիդ մեջ ձըգեմ. Քերթողի սիրտս արյունդ, արյունն որբերուդ Պիտի ըլլա ո՛րքան որ Վիշտըդ ապրի… Վաղը եկուր գերեզմնոց, ո՛վ Անոթի: 6. ՄԱՐԱԾ ՕՃԱԽԸ Այս տունին մեջ` որուն շեմին վայրահակ Այսօր կու լա ուռենին, Եռաց զըվարթ կյանք մը թորգոմ գեղջուկի: Ատեն մ’եղան հոն թարմ հարսեր` որ լույսին Հետ արթընցած, վարդենիի պես հագված` Աշխատեցան, կաթ կըրեցին սափորով, Կամ դույլերով հորը ջուրի գընացին: Ատեն մ’անոր դըրան առջև նըստեցավ Ծերուկն, և թո՛ռը ծունկերուն մեջ առած, Պատմեց զըրույցն Արտավազդի, Վահագնի, Անոր հոգվույն տեղալով Վերջին ազնիվ մնացորդը խոնջ օրերուն. Կամ` իրիկվան` տեսավ անցնիլն առջևեն Հարուստ հոտին` զոր իր որդին լեռնեն վար Դեպի փարախ կը քըշեր. Եվ ծեր ռունգերը բացած Ոչխարներուն բուրդին բարկ հոտը ծըծեց` Օրհնելով թիվն ու ընտիր ցեղը անոնց: Ատե՜ն մ’էր ան… Այսօր ոչ ոք այդ տունեն Կ’ելլե կամ ոտքն անոր շեմին կը դընե: Կոտրած դըրան արյան չորցած կաթիլներ, Ներսեն ձայներ ագռավի, Եվ հարատև մլավյուններ Կը լեցընեն գեղջուկին սիրտը դողով, Որ անցնելու վայրկենին այդ փողոցեն Խաչ կը հանե կամ քայլերն իր կ’երագե: Կոտորածի օրեն (երբ գյուղը բոլոր` Կյանքն հանձնելով նենգ գայլին քա՛ն թե մարդուն` Դիմեց դեպի ճերմակ լեռներն հայրենի) Այս բնակարանն այս սև խորհուրդն է հագած, Եվ մեռելի մ’անփակ աչքին հանգունակ Ան` արևուն և կյանքին Եղած է միշտ բաց, նաև միշտ ալ զրկված: Ըմբոստ բաղեղն և ուռենին հեզանազ Կը ծածկեն մուտքն անոր զիրար գըրկելով: Գավիթին մեջ կա բողբոջումը լըռիկ Բաղըրջուկին և թավշանման մամուռին, Որոնց մեջ մերթ կ’երևի Կըտցահարումն աներկյուղ Վառյակներուն դըրացի, մե՛րթ ալ հանկարծ Փախուստն անոնց կարկաչելով դեպի դուրս: Ի՞նչ կ’ապրի հոն, ի՞նչ գաղտնիք Կը մեծնա այդ բնակարանին մեջ խոժոռ. Արդյո՞ք անթաղ դիակներու ոգիներ Հոն կը ժողվին լալու կամ դափ զարնելու, Թե վըհուկներ ճերմակ և թավ հոնքերով Օձ կը կըրթեն կամ կը հյուսեն պատանքներ: Իրիկուն մ’էր – լավ կը հիշեմ – սիրտ ըրի Այդ շեմեն ներս մըտնելու: Գյուղացիները ետևես, գըլխաբաց, Աղոթեցին հուսակտուր, ա՜յնքան Աստված, Անոնց հոգվույն մեջ և հոգվույն ի խընդիր, Սատանային սև պատկերն իր պատկերեն Մեծ և որոշ էր գըծած: Մըթընշաղ մ’այն գավիթին մեջ կը տիրեր, Եվ պատերեն` ուր կը շըրջեր ցողկը մերթ` Բորբոսանքի և շիրմի հոտ մը կ’ելլար. Կը լըսվեին գերաններուն ծերպերեն Ճիչերը սև չըղջիկներուն սըրաթև. Բոլոր դըռներն հոն բաց էին. չէր լըսվեր Հավանոցեն կամ գոմեն Ո՛չ եզներու բարի պոչյունն, և ո՛չ իսկ Բեղուն կըրկռոց մը հավի. Ամբողջ մարագը դատարկ էր, դատարկ էր Մառանը բաց` ուր բուրեցին օր մը մուշկ Սաթ ողկույզներն հայրենական այգիին: Այնտեղ ամեն ինչ տըխուր, Հեգ մնացորդ մ'էր կողոպուտի մը վայրագ: Ո՛չ մեկ սյունի, ո՛չ մեկ անկյան մը ետև Կը տեսնըվեր մարդկային ձև, կամ ապրող Շողյուն մը զույգ բիբերու: Կը լըսվեին ձայները լոկ հարատև Թոնրատունեն` ուր սարսուռով մոտեցա, Ու մըտա ներս... Ո՜վ խեղճ տուն, Լավ էր դու բանտ կամ գերեզման ըլլայիր, Այդ հողդ ոսկոր փըտեցըներ. սյուներուդ Մեջ դագաղներ փորեին. Լավ էր ըզքեզ հորինող մեն մի կրաքար Ծովափներուն փոշի փոշի քայքայվեր, Քան թե կանանչ երդիքիդ տակ ծածկեիր Մարած օճախ, մեռած սիրտ հայ գեղջուկի` Որուն համար կանգնելը հարկ չէ այլ ինչ Բայց թե դամբանն իր և իր հեգ սերունդին. Ավա՜ղ, շինել իր ձեռքերով... Մըտա, հոն: Մեջտեղը տան, ըստվերին տակ այն խոնավ Նըշմարեցի մարդու դիակ մը պառկած,, Կըռնակի վրա, դեմքը ճերմակ կը հառեր Լուսամուտին` ուրկե` երդին վրա բուսած Ճյուղ մ'ոլոռի կարկառուն Մինչև ճակտին կը հասներ. Երիտասարդ կուրծքին վրա Կար վերք մը խոր, և թերաքամ ափին մեջ Դաշույն մը նույն իր արյունեն ժանգոտած. Աչքերը, բաց, միապաղաղ, կարծես դեռ Կը նայեին փախած հոգվույն ետևեն. Եվ թուխ մազերն իր խառնակ, Արյութաթախ, շըրջասփյուռ, Կը մնային պի՛նդ մածանված այն սև գետնին: Ես հոն կանգուն կը խորհիմ` Թե սյունն էր ինք այս հարկին, բո՛ցն օճախին, Որ հաղթվեցավ, որ բիրտ ուժին տակ տեսավ Ծալլըվումն իր գուճերուն. Եվ մընաց ա՛յսպես ահավոր և մինակ` Ըսպասելով ընդունա՜յն Իրեններուն արցունքին, Որոնք իր սև բախտին եղան բախտակից. Մորթըվեցան այրերն, հարսերը բոլոր Հանվեցան լեռն` հոն լալու Ճերմակությունն իրենց մարմնույն լըլկըված. Իսկ ծերուկ հոր հետին մոխիրն արդ գուցե Թոնիրին մեջ դեռ կը սըրսփա ջերմաջերմ. Իսկ իր մարմինն երկա՜ր ատեն անտերունջ, Այսպես առանց շիրմի, առանց աղոթքի, Կը մընա լուռ, և կեսն արդեն խաթարված. Միայն կատուն տիրասեր, Տան գորշ կատուն, նիհար, նոթի, անդադար Կը մըլավե շուրջն անոր, Եվ լի գութվ մը կը սպառնա, կը վանե Չորս դին երամ մ'ագռավներու աղմըկոտ` Որ դիակին ախորժեն` Լուսամուտեն կը մըտնե ներս, ու հավետ Ամայի տան ըստվերին մեջ կը դառնան: Կը խոնարհիմ ես վայրկյան մ'հոն երկյուղած, Հին վըրեժ մ'այդ հին մեռելին վրա կ'երդնում. Հետո առած զայն ուսիս, Աղիողորմ մլավյուններովը կատվին, Կը ճեպեմ դուրս: Դուրսը դեռ Գյուղացիները գըլխաբաց կ'աղոթեն:
  23. ՏԿՃՈՐԻՆ ԵՐԳԸ (Արձակ բանաստեղծություն) Իրիկնալույսին ծիրանի ծովուն մեջ կղզիացած արտասվող ուռիներու շուքին տակ, հովիտին խորը, ահա՛վասիկ իմ երգս, արոտներուն շունչովը լեցուն. ահա՛վասիկ իմ երգս, առվեզերքի աննուխին ու ռեհանին խունկովը օծուն. ահա՛վասիկ իմ երգս, հնձված արտերուն ու հերկված հողերուն բույրովը, արևեփ խաղողներուն ու մեղրացած թուզերուն անուշույքովը ակաղձուն. իմ երգս` իղձի մը, արցունքի մը պես պարզ ու վճիտ, որ իրիկվան ոսկի հրեշտակին հետ թև առած կը թռչի, սարերն ի վեր, կապու՜յտն ի վեր: Ավանները, անշարժ անդորրիկ իրիկվան մեջ, իրենց ծխնելույզներեն փթթող ծուխի մանիշակները կ'ոսկեջրեն. տարածուն ու դաշնավոր քաղցրություն մը կը մշշանա անդաստաններուն վրա, ջուրերուն վրա, գյուղակներուն վրա: Իրիկունը, շեկլիկ, հերարձակ, առույգ արքենի իրիկունը շահասպրամներով, մանիշակներով, վարդերով զարդարված, իրիկունը, ոստոստուն, կը սահի կ'անցնի քովես: Ես իրիկվան տարփավորն եմ. ու իմ երգս պարզ, պարզ, իմ երգս, անանուն դողերով, անհամար թրթռումներով լեցուն է հիմակ, ուռիներու շուքին տակ, հովիտին խորը: Ցերեկվան արևին հուրքովը գինովցած պարտասու՛ն հոգիներ, ճերմակ լաթերով դաշտի՜ մշակներ, եկեք ունկնդրել իմ երգիս. իմ երգիս, որ բյուրազան բուրմունքներու խուրձ մըն է. իմ երգիս, որ ձեր քրտինքին, ձեր երանությանց ու ցավերուն աղաղակը, ձեր սիրական հովերուն, ձեր սիրական ջուրերուն, ձեր սիրական, մտերիմ, դրացի արագիլներուն ու թռչուններուն համերգությունը կա թառած: Ահա՜ կ'անցնի իրիկվան բամբիշը. ահա՜ անցան իրիկվան օդանույշներ, ջրանույշներ, ա՜լ թողեք բահը. հերի՛ք հերկեցիք, հերիք հողին նայեցաք, հերի՜ք անոր հակեցաք այսքա՜ն ատեն. ստվերները կը լճանան տակավ. իրիկուն է. անգամ մըն ալ վեր նայեցեք, դեպի կապույտին փառքը. ու ձեր մտածումը, հողին գորշութենեն հափրացած, թո՛ղ սավառնի հոն. եկեք շարվիլ ծառերու շուքին տակ. թո՛ղ երազնիդ վազե` անծանոթ նազելի հուրիներուն ետևեն, դեպ ի անտես նիփարաններ. նայեցեք անծայր, անծիր դաշտերուն, ծավալական ջուրերուն, մինչև որ հեռապատկերներուն հոգնութենեն ձեր կոպերը խտղտին, պրկվին փակվին, ու փակաչք ունկնդրեցեք` իմ երգիս: Ո՜վ բարի մշակներ, ականջ դրեք իմ երգիս, ուռիներու շուքին տակ, հովիտին խորը: Ահա՛ ծիծեռնակներու պարը. սարերեն վար իջնող ստվերի փերթերուն հետ, ծիծեռնակները` իրենք ալ թանձրացած մարմնացած ստվերներ` խուսափական լույսերուն հետ գրկված կը պարեն իրենց իրիկնային պարը. կը դառնան, կը դառնան և իրենց շրջշրջումին մեջ երբեմն ա¯յնքան կը մոտենան, կը հպավորին իմ կուրծքիս, ա՜յնքան, ա՛յնքան որ` նոր անծանոթ հորձանք մը իմ երգս կ'ալեկոծե. և անոնց թռիչքին երգը, պլլված իմ նվագիս, իրիկնավերջի սղոխին փայփայուն դաշնակության հետ, վիտակ վիտակ կը գծգծվի ասմազուն միջոցին մեջ, որ հետզհետե կ'ամպարծաթի: Ես պիտի թրթռամ, տերևներուն հետ, թռչուններուն հետ, բոլոր բուրումներուն հետ, ես տակավին պիտի սարսռամ հոս իմ երգս, ուռիներուն շուքին տակ, դալարստվեր հովտին ծոցը: Դարձե՜ք ձեր օրվան աշխատութենեն, դարձե՜ք, բարի՜ մշակներ. գիշե՜ր. կիսալուսինը ոսկեզօծ. ձեր միգապատ տներուն ծիրանեցոլ բիբերը կը փթթին բլուրին կատարեն. ձե՜զ կը կանչեն. դարձե՜ք, դարձե՜ք, և ահա՛ տանիքներուն վրա ձերինները կը պարեն, ձեռքերնին իրենց ճակտին քիվ ըրած, հորիզոնին լուսալիճ անդորրին մեջ երազուն ձեր սիլուեթներուն ետևեն թափառելով. ամբողջ տունը թևաբաց կըսպասե ձեզի, դարձե՜ք, դարձե՜ք: Երդիքին ետին, արուսյակը մշտածիծաղ կը թարթափի, հեռավո՜ր, պայծառ ու լուսարձակ` ինչպես ձեր խղճին ձայնը, որ ձեր աշխատանքին արևոտ տիվեն վերջ, ձեր գոհունակ հոգիներուն զովասուն երջանիկ գիշերին մեջ կը ճառագայթե: Օ՜ն, դարձե՜ք, ձեր օրվան աշխատութենեն, դարձե՜ք: Տունը դեռ գրկաբաց կըսպասե ձեզի: Տունը, որ գիտե ձեր հոգնությունները, ամբողջ օրվան մը ձեր չարքաշությունները, ձեր բովանդակ հոգերն ու հոգին. և ինչպե՜ս գիտե ժպտիլ, ամոքել, սիրե՜լ: Դարձե՜ք, դարձե՜ք, ու երբ տանիքներու վրա փռված ձեր անկողիններուն մեջ, լուսավորներու աննյութ անձրևումին տակ անդորրավետ քնանանք, կիսալուսնին ոսկելույս համայիլն ալ պիտի առկախվի, մնա հոն` ձեր երդիքներուն վրա: Օ՜ն, դարձե՜ք ձեր օրվան աշխատութենեն, դարձե՜ք. որովհետև իմ երգս ալ ահա՜ գիշերվան մեջ կը հալի՜, կը հատնի. որովհետև չեմ ուզեր ա՜լ փեթռտել երջանիկ լռություններուն ծաղիկ ցայգերգը` որ թո՜շ` կը բացվի հովիտին խորը, ուռիներու շուքին տակ:
  24. ՈՐԹԻՆ ՏԵՐԵՎԸ Իրիկնավերջը դալկոտ տերևի մը պես հողմավար անցեր է. բացաստանին մեջ գիշերը թևաբաց կ'ընկողմանի. գաղջ, բուրումնացան նազելի գիշերը: Աշխետ զամբիկս նյուսը կը թոթվե ու քվքվալով կ'անցնի այգեստանին մեջեն, ուր խաղողին զգլխիչ բույրը, գինիին նախերգանք, ու ցորեկվան արևին եղկ շոգոլին կը բարձրանան: Հեռաստանին մեջ հարսենի, գեղանի լեռը նստեր է տարփատենչիկ շարժուձևով, մշուշի տարտամորեն հոգնաթույր քցաբ մը ուսն ի վար կ'իջնե. զույգ մը ծառեր թխլիկ դաստակներու պես արևակեզ իրաննին կ'երկարեն, և իրենց տերևունքը կը բացվի. լերան դալար ափն է ան, ուր ահա՜ լիալուսինը կը զետեղվի, շառագույն նրբարվեստ հողմահարի մը պես, որ հետզհետե կ'երփներփվի` ոսկեթույր, խնկաթույր, քրքում ու արծաթ: Կ'անցնիմ, կ'անցնի՜մ անվերջ այգեստաններուն մեջեն, ուր անտես <գետի> մը մշկենի ալիքը կը ծփծփա. ու պտղառատ լիաբերրի հողին արգավանդ ծոցը կ'ուռի, գոյության եթերածին երակ մը անդադրում կը բաբխե. ա՜հ, վայրկյանին քաղցրությունը: * * * Գյուղ կը դառնամ, ատեն ատեն կը շոյեմ ճայիկիս բաշը, որ լուսնի ծիածանումին մեջ կը փալփլի. ան սուրալով կ'անցնի դեղնորակ ճամբաներեն փոշիե ուրվականներ հորինելով, ատեն ատեն սանձը կը քաշեմ, ու կը կենա. պահին գեղեցկությունը շարժումի գաղափարը կը մոռցնե, ու տիեզերքի սրտին մեջ բաբախող րոպեներուն ու վայրկյաններուն զարկը ա՜լ չզգացվիր. ամեն ինչ իր սքանչացումին մեջ կ'արձանա. հովը, ծաղիկը, տերևը, մարդը. օ՜հ, վայրկյանին երանությո՜ւնը: Շրջանկարը կը դիտեմ անկշտում. գյուղակները` մանուկներու պես նստեր են բլրակներու ծունկին, հովիտներու գոգը, կամ գետին քղանցքին մոտ. զավակներ, զոր արգասավոր ամոլ մը ցանցեր է հոս հոն: Ահա՜ հեռուներեն սպիտակ իրան մը կը ցցվի, կ'ուռի. հովիտին աղջի՜կն է, գետը, իմ սիրականս, իմ տարփուհիս, որ լուսինեն արծաթ թռաններ կը քաղե իր ծփանուտ քղանցքին համար: Բայց պահը անցավ, ու ես ձիս խթանելով կը հառաջանամ, վայրկյանին արձանիկ դադարեն վերջ, ուր հավիտենությունը կը մղվեր կը խտանար. հիմակ աշ######ժով կը լսեմ դարձյալ իրերուն ձայնը, կյանքին աղաղակը, րոպեներուն ուժգին զարկը: * * * Դեռ չհասա. տափաստանը այնքա՜ն ընդարձակ է, ա՜յնքան ծայրածավալ, որ գավազանի չափ երևացող ճամբան, առաձիգ, քմահաճ, ոլորված տրեզի պես հետզհետե կը քակվի, կ'երկննա: Ճամբուն վրա ալոճիներու, ընկուզիներու պզտիկ կայաններ կան. շուրջս, այգիները, այգիները, անվերջ այգինե՜րը. որթի տերևներ, ամե՜ն կողմ. գետնին վրա ու կապտորակ օդին մեջ ալ, որթի խնկագույն տերևներ. դիմացս, ետիս, գլխուս վրա, շուրջս, ամե՜ն դի, անրջային թիթեռնիկներու պես պարանցիկ կը դառնան. ի՜նչ երազի մեջ եմ: Ու այս տերևի բույլերուն մեջեն, հեռո՜ւն, հա՛տ մը, գեղեցիկ, հսկայական, լուսաշող, շե՛շտ կը նկարվի, իր դրասանգներուն շուրջը բիլ երիզ մը կը պտուտկի. ու իր երակիկները, մեղրամոմի պես տժգույն, իր դալար ծոցին մեջ կը խաղան. տեղ տեղ հրանյութ կայծեր, ոսկի աչքեր կը քթթին. կոթունը, փոշեգույն, պիրկ կը շեշտվի. ես այդ տերևին, ես այդ տեսիլքին կ'երթամ գրկաբաց. ու ինքն ալ, ժպտուն, խանդաղատ, ինծի կըսպասե, զի՜ս կը կանչե կարծես. ա՜հ, ի՜նչ երազի մեջ եմ: Կը քալեմ, կը քալե՜մ, կը քալեմ և ահա՜ մոտեցա. մոտեցա ու կը բարձրանամ, փոշեգույն կոթունն ի վեր, կաթոգին, սրտազեղ. և ահա՜ կոթունին ալ ծայրն եմ արդեն ու պիտի սուզվիմ դալարին մեջ: – Բարև՛, տնաշե՛ն: – Բարին արևի՜դ,– կ'ըսեմ, ու տեսիլքը հալեր փախեր է արդեն. մոմագույն երակները սակայն դեռ կը խաղան քիչ մըն ալ ու կ'այլափոխվին հանկարծ. գյուղիս փողոցներն են, սալարկված միափայլ փողոցները. ու կոթունն ալ զոր մագլցեցա, գյուղիս ճամբան էր, տերևաձև գյուղիս ճամբան: Վա՜խ, տեսիլքը փախե՜ր է, բայց ա՜հ, իրականությունը հոն է. իմ մշկենի, ծաղիկ ու ծափ գյուղս հո՛ն է: Երազը գնաց, բայց խանդաղատանքը դեռ կը մնա...
  25. Նա իր հայկական ընտանիքի հարազատ զավակն է: Եվ վերջապես, նա բանաստեղծ է, որ գիտի արձագանքել ժողովրդի խոհերին… Նա մեզ հայտնի պիտի դարձնի դարերից եկող հայ մտածումը և լսելի պիտի անի բողոքի ձայնը այն ժողովրդի, որ այնքան դարեր, թեև զրկված հայրենիքից, բայց համառում է, տոկում, շարունակում է հուսալ»: Մեծ հայասեր Ֆրանսի այս խոսքերը վերաբերում էին դեռևս քսանհինգամյա երիտասարդի օրվա դասախոսությանը միայն: Սակայն այս բնորոշումը իմաստուն մի կանխատեսություն եղավ Արշակ Չոպանյանի ողջ կյանքի համար. կյանք, որ ձգվեց ութ տասնամյակ և ավելի, և որի յուրաքանչյուր օրը, ժամը, վայրկյանը անցավ` լցված այդ նույն առաքելական մտասևեռումով` աշխարհին հայտնի դարձնել դարերից եկող հայ մտածումը և լսելի անել բողոքի ձայնը այն ժողովրդի, որը Երկար ատեն կմաքառի ու ամբողջ աշխարհի մը կը դիմադրէ… …Ան կկրե բոլոր մահերն ու չի՛ մեռնիր… …Ան իր ինքնության դեմ դավաճանելեն նախամեծար կհամարի մարտիրոսությունը, Ու տառապանքին մեջեն կսպասե արդարության ապագային, Կը սպասե անոր, վստահ իր հարությանը Եվ ամբողջ աշխարհի մեջ ազատության հաղթանակին… Սուրը փշրված է ձեռքին մեջ, Բազուկները ծանրաբեռնված են շղթաներով, Զանիկա ստրուկ են դարձուցած, Ու զայն կծաղրեն, Կարհամարհեն զայն, Եվ անոր ճակտին քրտինքը բրտորեն կշահագործե, Բայց ան ստրուկ չէ, քանի որ հոգին մնացած է ազատ: Իր շղթայակապ ձեռքերովը Ան գեղեցկություն կստեղծե, Արևելեքը կպճնե դյութական պալատներով ու տաճարներով, Զայն նուրբ քանդակներով ու շնորհալի նկարներով կը կիտվածազարդե, …Արվեստի պերճությամբ մը պայծառացնե Իր բարբարոս տերերուն կյանքը կոպիտ, Ամենեն աղվոր ծաղիկները, ամենեն մաքուր ու մտերիմ ծաղիկներն իր հոգիին Կը պահե, կզարգացնե, կմշակե Իր հովիտներուն մեկուսացյալ անկյուններուն մեջ, ծոցն իր շինական խրճիթներուն ամփոփման Կամ խորը մենավոր բարձունքներու վրա բունված իր վանքերուն, Ջերմությանը տակ իր արցունքներուն, իր երազներուն և իր հավատքին… Սրանք տողեր են Չոպանյանի «Հայկական դյուցազներգություն» լայնաշունչ բանաստեղծության, որը գրված է 17 թվի փետրվարին ֆրանսերեն լեզվով: Դա մեծ եղեռնի օրերին էր, երբ ի տես Սասնա լեռներից մինչև արաբական անապատները ծավալվող զարհուրանքների, աշխարհում շուրթից շուրթ անցնում էր «անօրինակ ողբերգություն, մեծագույնը ողբերգությանց» մրմունջը: «Ես կըսեմ դյուցազներգություն, մեծագույնը` դյուցազներգությանց»,– հպարտ գոչում է Չոպանյանը` լաց ու ողբի փոխարեն աշխարհի ուշադրությանը պարզելով դարեր շարունակ բարբարոս ուժերի դեմ իր ոգով, իր ստեղծագործ կորովով դյուցազնամարտի ելած մի ժողովրդի հոգևոր պատկերը: Արշակ Չոպանյանը իր ողջ կյանքով այդ դյուցազնամարտի նվիրյալ զինվորը եղավ, զինվոր, որը վարդագույն արյուն հեղող հակառակորդի դեմ որպես դրոշ ծածանեց «Վարդենիք Հայաստանին», ճակատամարտեց 60-ից ավելի գեղարվեստական, հրապարակագրական և մանավանդ թարգմանական իր հատորներով, իր` 20000-ի հասնող ամենաբազմազան հասցեներ կրող և բազմաբովանդակ նամակներով, իր` երկրից երկիր և հաստատությունից հաստատություն ցանցվող մշակութայինկապերով, իր` Անատոլ Ֆրանս, Սառա Բեռնար, Զոլա, Ժորես, Բուրդել, Մեյե, Մելարմե, Վերհարն, Բրյուսով և բազմաթիվ ուրիշ մեծություններ ընդգրկող ծանոթություններով, հարազատ ժողովրդի կյանքի բախտորոշ դարձակետերին` իր բերած եռանդուն, բայց և ողջախոհ մասնակցությամբ: Արշակ Չոպանյանը արտասահմանում այն փոքրաթիվներից է, որ, ի տարբերություն սփյուռքի մյուս գործիչների, գնահատվեց ու մեծարվեց դեռևս իր կենդանության օրոք թե՛ հայ և թե՛ ֆրանսիական շրջանակների կողմից: Երեք անգամ, որոնցից երկուսը Սորբոնի համալսարանի պատերից ներս, մեծահանդես տոնվեցին նրա հոբելյանները, նա ստացավ ֆրանսիական ակադեմիայի զույգ պարգևատրությունները, արժանացավ «Պատվո լեգեոնի խաչ» շքանշանին, մեծարանքի և գնահատութայն թանկագին խոսքեր լսեց հռչակավոր շատ մարդկանցից: Եվ գուցե հենց այդ պատճառով էլ առավել վշտալի է գիտակցել, որ գնահատության այդ համանվագի մեջ ցավագնորեն խոտոր հնչեցին ձայները, որ գալիս էին հայրենի Հայաստանից, որի մասին դեռևս 26 թվին Չոպանյանը ասում է. «Նորածին մըն է Հայաստանը, և անոր ոտքի ելնող տղու քայլերը տեսնելիս է, որ մեզ կհրճվեցնե, մանավանդ, որ այդ քայլերը առույգ և ամուր են ու առողջ և ուժեղ հասակ մը կավետեն»: Սակայն մխիթարականն այն է, որ Չոպանյանը իր մեծ հոգով ու փիլիսոփայի իր ընդհանրացնող մտքով զգաց ու հասկացավ որ այդ խռպոտ ձայները չէին պատկանում հայրենի ժողովրդին, ժողովուրդ, որ միշտ էլ սրտի թաքուն անկյուններում սեր ու ակնածանք պահեց Արշակ Չոպանյանի նկատմամբ: Չոպանյանը զգաց այդ և մինչև կյանքի վերջը բարեկամ մնալով Սովետական Հայաստանին և նրա իրավակարգին` հավատաց, որ վաղ թե ուշ պիտի հաղթանակի արդարն ու ճշմարիտը, որ գալիք մի օր քաղաքամայր Երևանի մտերիմ մի սրահում հայրենիքի գրասեր հասարակությունը պիտի հավաքվի արժանին մատուցելու արժանավորաց, և հայ մշտադալար գրականության նորոգ ներկայացուցիչներից մեկը` անմեղ մեղավորության, ցավի, ուրախության, այլև խոնարհ երախտագիտության խառը զգացումներով պիտի բացի հիշատակի երեկոն` նվիրված հայ ժողովրդի ինքնանվեր զավակներից մեկի` մեծանուն Արշակ Չոպանյանի մահվան տասներորդ տարելիցին:
×
×
  • Create New...