
Katranide
Forumjan-
Posts
106 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Katranide
-
Այստեղ զետեղված են 1902-1905 թթ.-ի գործերը: ՍԱՐՍՈՒՌՆԵՐ ՔՆԱՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՔ Կը ձոնեմ խորին երախտագիտությամբ Մուրատ և Ռափայել բարերարներու անմահ հիշատակին 1. ՄՈՒՍԱՅԻՆ –«Թևերս, ուղիղ դեպի բարձունքըդ վըսեմ` Քնարըդ կ’ուզեն, կ’ուզեն քընարդ. երկընցո՛ւր: Կը տրոփե մեջս երգերու սաղմն. կը սպասեմ, Ե՞րբ պիտ’ տըրվի անոր ծնուցիչ քու համբույր: Երգե՜լ կ’ուզեմ. թող սարսըռա բընությունն Մատերուս տակ, ինչպես մոր ծիծն հոլանի` Մանկան առջի բընազդական դըպչելուն. Եվ կյանքը թող շըրթունքիս վրա լուծանի: Երգե՜լ կ’ուզեմ. որոտներն ի՞նչ կ’ըսեն մեզ, Կ’առնե խոսք մ’հովն ամպեն, հովեն ալ` ջաղաց, Բա՛ռ ունի աստղն. երգել, երգե՛լ կ’ուզեմ ես, Զի կը խոսին երգով Բնությունն ու Աստված: Կ’ուզեմ ծովուն հետ սիրտ սըրտի ես հարիլ, Իմ անհունիս մեջ այդ անհունը թաղել, Բուռն իղձն ունիմ մըրըրկին հետ մաքառիլ, Եվ գլուխս` Էին գաղտնիքներուն դեմ բախել: Գըրված է Սերն` վարդին, Հավատքն` աստղին վրա, Զանոնք հեգել կ’ուզեմ քընարի շըրթունքով, Կ’ուզեմ բնությունն հորինել քող մը ծաղկյա` Մտածման ամեն ձև իր ներքև քողելով: Տո՛ւր, ո՛վ Մուսա, տո՛ւր այդ քընարըդ բըռնած, Պիտ’ իմին սիրտս, իմին աշխարհս ըլլա ան` Ուր գաղափարն պիտի բնակի զերդ Աստված, Վեհ գաղափարն աչքերով բո՜ց, թռիչքով լա՜յն: Անոր վըրա պիտի հալի խանդն հոգվույս, Անոր վըրա պիտի սիրտս հար քըրտընի, Ինչպես կարմիր և սարսըռուն արշալո՛ւյս Մը` սեզերուն, հասկերուն վրա գարունի: Պիտի այդ քնարը կապե իմ շըրթներուն Ժողովուրդին շըրթունքը հուր, սիրագին, Եվ պիտի այդ համբույրն ըլլա բուռն, անհուն, Համբույրին պես` տըրված ծովեն եզերքին: Երգերն անոր պիտի պատմեն Սարսուռներ` Մարմնավորված իմ արյունես, շարժումես, Ներշընչելով տողեր, թուշի ակոսներ, Ուր, հողմակոծ, պիտ’ ծըլի վիշտն աղեկեզ: Պիտի մռընչեն զարհուրանքները կյանքին` Մե՛ջը սուզած` արդարության, բարության. Սըրբազա՜ն քնար, պիտ’ լարերն իր մըկըրտվին` Մարտիրոսված եղբայրության ավազանն: Ո՛վ սուրբ Մուսա, Մուսա մատաղ, լանջաբաց, Կարծես դու նո՛ր ձըգած աստղե օրոցքդ հուր. Ո՜վ վարդ կույս, դո՛ւ, ժողովուրդին խոստացված, Լայն սերերո՜ւ դու խոստացված քնարըդ տո՜ւր: Երիտասարդ` բայց շուտ ճանչցած շատ բաներ` Գիրկը՛դ կու գամ երազելու առանձին. Մեկդի թողած ե, ժըպիտ, խաղ ու պարեր, Նորընծա եմ գաղափարի աշխարհին: Թևերս, ուղիղ դեպի բարձունքըդ վըսեմ` Քնարըդ կ’ուզեն, կ’ուզեն քընարդ. երկընցո՛ւր: Կը տրոփե մեջս երգերու սաղմն. կը սպասեմ, Ե՞րբ պիտ’ տըրվի անոր ծնուցիչ քու համբույր»: Այսպես ըսի: Եվ պատասխանն աղեկեզ` Մուսան` վերեն հովին հանձնեց դեպ ինծի. –«Տենչիդ ըզգո՜ւյշ, այս քընարս է շիված, տե՛ս, Սև նոճիե, փթթում մահվան ավիշի: Թըշվա՜ռ հոգի, անոր լարերն են բերված Փետըռտըված գանգուրներեն որբերուն. Կ’երթան երգերն, հևհևալով, սըրընթաց, Ուր որ կ’երթա ոտքը բոպիկ` խեղճությունն: Հեռո՜ւ ասկե. գիտցած ըլլաս` որ այս քնար` Քամահրանքով պիտ’ անտեսեն ձերիններ. Զի օտարին ոսկվո՜ւյն քով իսկ` ձեր գոհար` Աչքերնուդ շո՛ղ մըն ալ, ըստեպ, չի ցայտեր: Պիտի գոցե իրենց ալիքը բուստերդ, Եվ փուշերու, եղիճներու մոխիրով Պիտի թաղեն կայծերն հոգվույդ բոցակերտ` Նըվագներուդ ողբը քեզի՜ դարձնելով: Հեռատեսե՛. ապագադ խիստ մըթին է. Հեռատեսե՛. գերեզման մ’է ապագադ. Խանձարուրեդ պիտի օրոցք մը չելլե. Պիտ’ չը գըտնես միջոց թռիչքիդ համեմատ: Ժողովուրդի՞ն ըլլալ կ’ուզես մո՜րդ չեղած. Ծնողքիդ արցունքը քու դարձիդ կը սպասե. Արևմուտքի մեջ ծաղիկներդ ընձյուղած Պիտի խորշակն Արևելքի ազազե: Մըտածումի, ըզգացումի այս ճամբուն` Խընդի արևը չէ սըփռած իր շեկ բաշ. Հոն կը շըրջի Աբովյանի մ’հեգ ուրուն, Հոն Դուրյանն է լացած, տըխրած Պեշիկթաշ: Ի՛նչ կ’ուզես քնա՜րն, որուն շանթերը մեջի` Պիտի հաճո չը մըռնչեն շատերուն. Որուն վրայի քողն է սև քող մը խեղճի, Թեպետ ըլլա մեջն արշալույս մը շողուն: Ի՛նչ, այս քնա՞րը կ’ուզես, քնար սև փայտե՜. Այս` վերքերու գործի մըն է, այս է հուր. Ապագադ է, այս` դագաղդ է, անո՜ւնդ է»: Ես, անհողդողդ, ըսի անոր. – Ըլլա՛, տո՜ւր:
-
1905 ԱՂԵՐՍԱՆՔ Կաթեցուր հոգվույս մեջ հույզը կյանքին, Դո՜ւն, երազնեու ծաղիկ դողդոջուն. Դո՜ւն` որ գիշերին մեջեն մըթագին Հծծեցիր պարերգն իմ տենչանքներուն: Դո՜ւն` որ ժըպտեցար, դուն` որ կը ժպտիս, Ինծի տուր կաթը խանդաղատանքին. Կիքե́ր տո́ւր հոգվույս, հըրայրքներ սրտիս, Տենդոտ պահերու հուզմունքեն հեշտին: Նոր բարբառումներ ու հոգվո համբույր, Նոր նոր կսկիծներ ու ցա́վ տուր ինծի. Վարդավետ ցոլքով ծաղկին հեշտաբույր Թող որ շուրջն հըրուտ երազանքս հածի: Պահե́ր մոլուցքի, տենդի վայրկյաննե́ր, Տո́ւր ինձ երազին ոսկելար նարոտ. Երջանիկ ըրե սիրտս` որ լըռին էր, Եվ կյանքս` որ հիմակ հույզի է կարոտ: Կաթեցո́ւր հոգվույս մեջ հույզը կյանքին, Դո́ւն եազնեու ծաղիկ հեշտալիր, Դո́ւն` որ գիշերուն մեջ հեծեծագին Կյանքի վարդենիքն ինծի ցուցուցիր… ՍԻՐԱՁԱՅՆ ՀԾԾՅՈՒՆՆԵՐ Տո́ւր համբույրիս խանդոտ` շըրթունքըդ բուստե Հուրի՜ աննյութ, փաղփուն ծաղիկ երազի, Ըսպասումի հովեն տենչըս կը մսի՜, Ա՜հ, քու սիրույդ ջերմությունով զիս պատե: Կույս գրկիս մեջ նետե գըլուխըդ չքնաղ. Ջինջ նայվածքիդ զույգ եթերներդ ինծի՜ տուր, Ցանե հոգվույս մեջ սիրակայծ սրտիդ հուր Եվ հնչեցուր առջի սիրույն հոն թակաղ: Սև սաթի գույն վարսերուդ թովքը բոլոր, Ու ծաղկալից հոգվույդ շունչը վարդաբույր, Լեցուր գրկիս, լեցուր սրտիս մեջ թափուր, Թո́ղ գգվանքիդ ըմպեմ հեշտանքն անսորվոր: Ա́լ կը հաշմե հոգիս պաշտումն իտեալ. Լոկ հեռուեն ժպտող քու սերդ ալ չունի Ինծի համար իրեն թովանքն երբեմնի. Եկո́ւր, մոտեն զիս սիրովըդ պատե ալ: 1906 ՏԵՍԻԼ Երբեմն ամպոտ երկինք մը` շո՜ւտ կը պարզըվի, Ու լեղակի լիճ մը կ’ըլլա` Հոգվույս շլացիկ ծովուն դիմաց: Եվ իրարու կը ժպտին Լիճն այն լեղակ ու ծովն հոգվույս, Քույր ծաղիկներ անեկրային` Զոր մերթ հովի հոսանք մը կույս` Անզսպելի ինչպես ալիք գորովի` Կը խոնարհե իրարու դեմ: Ու լիճին վրա կապույտի, Կը բողբոջի հանկարծ կղզյակ մը բուստե. Ու կըղզյակին վրա, երփներփուն Ամպիկ մըն ալ կը ցայտե, Անջրածին ամեն գույնով կը ծպտի, Ծաղիկ կ’ըլլա, թռչուն կ’ըլլա, կ’ըլլա նայվածք ու ժըպիտ: Ու շիկնոտ Իղձս ալ, թիթեռնիկ բոցաթև, Կը թըռչըտի ծաղկաստանին մեջ սրտիդ: Ու գունագեղ ամպին ետև Բուստ կղզյակին վրա ծըուն` Չքնաղակա՜ն, կ’երևաս դուն: Ու տեսլական ձևեր կ’առնե դեմքդ համբուն. Մազերդ` անթոշ նաչկիս կ’ըլլան. Ճակատըդ` ձյուն կատարներուն` Զոր վարդագնեց արփն իրիկվան. Եվ աչքերըդ կ’ըլլան զույգ մը ծառուղիներ` Ուր կը ճըչե թռչնակն արձակ ու ճռվողուն Իմ խայտանքիս. ու շուրթերդ ալ` Ոսկեզօծ եզրը բաժակին` Ուր կը հակին, Վարդ ու հարսնուկ, կակաջ, նարդոս, գարնածաղիկ, նունուֆար… 10 ապրիլ, 1907 ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Կը թռվըռա զանգակին վանկը թռչուն, Ոսկի նափորտ հագած շաբաթ իրիկվան Տիրանըվեր քըղանցքին տակ դողդոջուն, Ու ծուխին մեջ մըթնշաղին երեկվան: Անդոհության ալիք մը ներս կը խուժե Պիրկ հորջանքեն պատուհանիս կիսաբաց. Հովին ծեծեն, մարդուն քաղցեն խուսափած` Թռչնիկ մըն է` որ իր ցավը կը գուժե: Եկքանիկ մը` դեղնակիտված, հողմահար Թևիներով` իրիկվան մեջ մոլորուն. Անծայրածիր իրիկվան մեջ դողահա́ր` Կ’եղբայրանա խուցիս գըթած իրերուն: Իրիկունս է խունկ ու ցավով միգամած.– Խնկամանն է ծուխով, թռչնիկն ոգևար: Հոգիիս մեջ կըզգամ շարժում մը դժվար. Անդրաշխարհին հակող շարժում մը կամաց: Նրբանցքին մեջ մայրս աղոթք մը կը հծծե, Կ’ապրեցընե սիելիներն իր ամեն, Լույսեու մեջ ընկողմանած` մեկնումեն Վերջ իրիկվան` ժպտող, անտես մեկ խուցե: Թռչնակն հոգին տախտակներուն կը ծեծե, Ու պատերուն, ու հոգիիս վրդոված. Թռչնակն` հոգին կ’ուղղե անտես մեկ գիծե` Անծանոթին մեջ որոնել իր Աստված: Խունկը ճամբա կ’ուզե անցքին անդրաշխարհ, Հեք թռչնակին հոգի՜ն կ’ըլլա այդ ճամբան, Ու թռչնակն ալ կ’ուզեր աննյութ մեկ դամբան,– Խունկին ծուխը կը պարուրե իր նշխար: Աներկրային, խաղաղ ձայնը կը լըսե Մեռածներու հուշքին` հոգիս իմ հանգիստ. Օ՜հ, ես չըկա՜մ իրիկվան մեջ լըռանիստ. Հոծ իրիկվան մեջ այս երանգ ու լույսե: Մայրս աղոթքեն վերջ արցունքը կը սրբե. Խաչանիշմը կ’ըլլա թռչնիկն` օրհնական Այս վայրկյանին` զոր կ’արծաթե լուսինկան` Կ’ողջագուրե՜ իր ծոցին մեջ սատափե: < 16 օգոստոս, 1907 > ԿԱՂԸ Նոր պտղեր է լիալուսնակը բուստե, Որ կ’ընկղմե մեջն իր շառայլ անդոհին, Կապույտներով պատարուն կաղ մանկուհին` Որ մարգին վրա թռչնիկին պես կ’ոստոստե: Թռչնիկի պես կ’առնե թևթափն իր ուժգին, Կ’ըլլա ծաղիկ, կախված անտես մեկ ոստե, Մատն անծանոթ` արարչության մը ձեռքին` Որ համաչափ քայլեն անոր կը շեշտե: Շուտ, կորագի քայլե՜րն անոր կշռական. Ո՜վ դաշնավոր չափակցություն, ուր կու գան Թռչունին սլացքն ու ջրվեժի մեջ վայրէջ: Եվ անծանոթ գրքի մը զերթ անծայր էջ, Մարգն` երկյուղած` ու լսնազօծ քւ կանանչ` Պահեց աղջկան քայլին դըրոշմն անճանաչ: ԽՈՒԼԸ Շուրթի վարդին վըրա կ’առնե ընդմիշտ թառ, Իր նայվածքին մեղուն` տափոտ, հև ի հև. Օ՜հ, շարժո́ւմ մը, որ ընտանի ձև́ը տար, Որ մե՜ղրը տար բառին ծանոթ: Ու թեթև Ու փախըստյա փըսփըսո́ւք մը` մերթ օտար Ու անսովոր ձայնի մ’ըլլար կշռույթ` և Օ՜հ, հնչական լըսելության, անվըթար ՊԱյծառ րոպեն ծըներ, մանկի՜կ բոցաթև: Բայց լռությո՜ւն. շուրթ-ծաղիկն է աննեկտար. Լսելիքն ալ չունի հնչյունն անսովոր. Կը թևածե լոկ անուրջին բոցը` որ Մերթ մեղվաժիր իր աչքերեն կը խայտար, Եվ հոգիին մեջ սուզելով, հոգեթով Կը բերե բոցն` ըղձալի բառը փութով: ՀԱՄՐԸ Պիտի հծծեր անհուն բառն իր տարփանքին, Աղբյուրին քով, աղջիկներու ականջին. Բայց անհունը գեթ չըլլար վա́նկ մը չնչին. Ջուրն` իրեն տեղ` կ’երկնե սիրերգն այդ անգին: Իր խո́կն է ծներ բառն` որ հծծյունն է սյուքին: Ջուրին կարկաջն, հովին մրմո՜ւնջն իսկ վերջին, Անհունորեն քաղցրազըվարճ և ուժգին` Սլացիկ թևն են իր մեղեդի անուրջին: Պիտի ըսեր, ա՜հ, ամենն ալ, ամե՜նն ալ… Բայց չէ՜ կերպեր տակավին բառն առաջին. Քանզի կ’ըղձա անհունին մեջ միշտ մընալ, Քանզի բնությունն ալ` պարզ ու մեծ` միշտ կ’ըսե, Մի՜շտ կ’ոլորե, մեջն երգեցիկ իր շունչին` Մտքին վանկերն, հոգվույն նըվագը լույսե: 1907, օգոստոս
-
< 1901 – 1903 > ԵԿՈՒՐ (Սիրերգ) Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե, Ըզգալ տո́ւր ինծի գորովանքն ու հույս. Պիտի գա օր մ’որ հոգիդ ավաղե Արագ խուսափումն երազին այս լույս: Եկո՜ւր. վաղը դուն գուցե՜ թարշամիս, Եվ գուցե տենդով մը մեռնի հոգիս, Մի́ խամրեցըներ հույզը պաշտումիս: Թո́ղ որ նայվաքիդ ըմպեմ բոցը ջինջ, Մոտեցի՜ր, քնքույշ ծաղի՜կը կյանքիս. Համբույրի մը մեջ մոռնամ ամեն ինչ: Ա՜հ, այս կյանքն աղվո́ր որքա՜ն դանդաղ է: Եկո՜ւր, ձանձրույթը հալեցուր հոգվույս. Լույս երազի մը մեջ զիս թաղե, Բե՜ր ինծի սըրտիդ գուրգուրանքը կույս: Սկյուտար ՄԱՀԸ (Մանուկնեը կը խոսակցին) – Հիմա աղբյուրեն անցան: – Հիմա այգիե՜ն ալ անցան: – Հիմա գերեզմանատո՜ւնն են: – Հիմա թաղեցի՜ն… – Հիմա կը կարդան վրան. կը լսե՞… – Հիմա ա՜լ չի լսեր: – Հիմա ա՜լ չի տեսներ: – Հիմա թուքը չի́ կրնար կլլել: – Հիմա չի կրնար պոռալ: – Հիամ ահլվեցա́վ… – Հիամ կը դառնան: – Հիմա մի՜ս մինակ է… – Հիմա ալ չը՜ պիտի գա: – Հիմա ալ չը՜պիտի գա: – Հիմա ալ չը՜պիտի գա: – Հիմա ալ չը՜պիտի գա… 1904 ՑԱՅԳԵՐԳ Դադրեցան ձայներն ամեն, Ցերեկվա ժըխորներուն, Կը հընչեն բայց հոգվույս մեջ Դեռ սիրույդ երգերն անհուն: Կը հյուծին ցոլքերն հիվանդ, Գիշերվան մեղկ լույսերուն. Կը փայլի հոգվույս մեջ վառ Տարփանքիդ բոցը սիրուն: Կը նիրհեն քունի մեջ խոր Թմբիրով իրերն ամեն. Կը հուզվի հոգին արթուն, Քու սիրույդ թունդ պաշտումեն: Թո́ղ մարին լույսերն ամեն, Ու մեռնին հույզ ու ժըխոր, Կ’ուռճանա, կյանքոտ հավետ, Սերդ անջինջ իմ հոգվույս խոր: ԵՐԱԶ ՕՐԵՐ (Քանթիլեն) Կարմիր ծաղիկ մը գարունի Առտու ինծի նըվիրեցիր. Ըզգացի թե տենդեր ունի Երազկոտ միտքս ուշացիր: Խանդաղատանք մը հորդեցավ Իմ նըվաղկոտ լանջքիս տակ` ուր Դողաց սիրո սարսուռն անցավ` Ու թովանքը համբույրին հուր: Եվ ըղձակաթ իմ հեք հոգիս Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն, Ու մետաքսե ուղի մը զիս Սեր-Ծաղիկին տարավ ածուն: Հոն ժըպտեցավ կյանքը ինծի, Հըմայքներու հույլովն անցավ, Եվ ուրվական մը կասկածի Անոր մոտեն երբեք չանցավ: ՍՊԱՍՈՒՄ Բողբոջ տենչեր բյուրավոր, Արագ արագ կ’անհետին, Ըսպասումեն` մինչև որ Մինակ մընամ ես մըթին Խոհերուս մեջ տարուբեր: Եվ ալեկոծ, փոթորկոտ Մըտածումներ զիս հանկարծ` Հորձանքներով, հիվանդոտ Երազանքով մըշտարծարծ, Կը պաշարեն տըխրաբեր: Հևքոտ ծովուն փըրփուրին, Կամ եզերքին ես հառած, Հորիզոնե՜ն ալ անդին, Սիականիս հեռացած Ուրվականը կը տեսնեմ: Բայց կ’ուշանա́, ան չի՜ գա, Ինչպես այսօ ու վաղն ալ, Եվ հատնումով ցավագար, Կը թըվիմ խոնթ մը դառնալ Ցընորքներու մեջ դըժխեմ: ԻՐԻԿՈՒՆԸ Ածունեուն մեջ հիրերուն քընքույշ Կը վարանի հուսկ հըմայքն հոտևան. Պերճ ցոլք մ’արևեն կը գըգվե անույշ Փայփալանքներով ծաղիկն իրիկվան: Խանդաղատանքի մեջ, ցոլք ու ծաղիկ, Բաժանումներու ցավին անգիտակ, Արբշիռ փարումով սիրո խաղաղիկ Վայելքին թովքը կ’ըմպեն անուշակ: Ու մեկը չ’ըսեր անոնց. «Իրիկուն Պիտի ընե ձեր գըգվանքին վրան». Կ’անհետի ցոլքը մութին մեջ, նըկուն, Ու կը թարշամի ծաղիկն հոտևան: Բերա Ա́Ն ԻՄ ՍԻ՜ՐՏՍ Է… Հովը պոնդեր կու տա տամուկ գիշերին, Որ կու լա խոլ, թրթըռուն, Ինչպես տավիղն եվոլական, Որուն հըզոր լարերուն մեջ բընավ չըկան Հեշտությունն ու մեղկ գգվանքը թույլ խազերու, Այլ կը դողան հեծքով, անթիվ հոն ձայներ` Հովն երբ պոնդեր կու տա տամուկ գիշերին: Գիշերն անվերջ կ’անցնի տըխուր ու թունոտ. Դեռ լարերը կը դողան, Ըմպած անդոիլ հույզերն` ուժգին պոնդերուն. Խավարին մեջ մոլորուն Կարծես Տենչը միջոցին մեջ կը թևե, Մինչ գիշերը կ’անցնի տըխուր ու թունոտ: Ա՜հ, սի՜րտս է ան, սի՜րտըս, գիշերը մըթին, Աշնան գիշերը լացող, Ուր կը դողա անհուսության հովն ուժգին, Մինչ անձրևին կ’իջնե ցող, Մինչ ես կու լամ` կու լա՜ հոգիս, կու լան լարերն իր բոլոր Ու կը խորհիմ թե սիրտս ալ է Աշնան գիշեր մը լացող…
-
33. ԼՔՈՒՄԿորիցէ օրն` յորում ես ծնայ:ՀՈՎԲ. Իրիկուն է: Մեր տան դըրան առջևի Պարտեզին մեջ բարտիներուն ըստվերներն Անհունորեն կ’երկարին: Իրիկուն է: Այնտեղ մինակ և տըրտում, Ջըրհորին եզրն արմըկած` Վար կը նայիմ, կը նայիմ խո՛րն ու կու լամ: Ներսը, տան մեջ, հանդարտավետ երգելով` Հանիիս հետ մայրըս խաղող կը հընձանե, Ու եղբայրներս, իր չորս դին, Ողկույզներուն բույրեն արբշիտ կը կայտռեն… Ո՛չ ոք, ո՛չ ոք գիտե վիշտն` Որ թոքերուս մեջ, զերդ խաշխաշ թունաբեր, Արագորեն կ’ուռճանա. Ո՛չ ոք գիտե թե ի՜նչ կերպ Հուսհատություն օրե օր զիս մահվան հետ Կ’ընդելացնե, թե կ’երթամ ի՛նչ ճամբայով Կյանքիս մոխիրն ես իմ ափիս մեջ կըշռել. Մահկանացու նայվածքներու վարագույր Պիտի ըլլա սարդի ոստայնը` զոր ես Լռությամբս հոգվույս ավերին վրա կը հյուսեմ: Դուն գիտես լոկ ճակատագիրս ահավոր, Ո՛վ Լուսնկա ուրվադեմ, Որ հուրին մեջ տըրտմաթախիծ կը ժըպտիս Եվ զիս քեզի՛ կը կանչես: Դո՛ւն գիտես լոկ թե ի՛նչ հողով թունավոր Թըրծըված է բաժակն այն` Որով կյանքս իմ խըմելու եմ սահմանված. Ու կը խոկաս բախտիս վըրա, կը գըթաս. Յուրաքանչյուր շիթն արցունքիս` որ կ’իյնա Խորության մեջ ջըրհորին` Կ’այլանդակե դեմքդ, ու հառաչել կու տա քեզ: Կանո՜ւխ է դեռ, իմ ձեռքերս իմ արյան մեջ Թաթխելու դեռ կանո՛ւխ է: Երբ շիրմաբույր իմ գոյությանըս կարոտ Սըրտերուն մեջ, սըրտերուն հետ նախ մեռնիմ. Եվ հանձնեմ քնարս աստվածներուն ոլիմբյան, Որ կը դարձնե դեռ հաճո Իմ կյանքս ուրիշ արեգնամոլ կյանքերու. Երբ հույսի Ուղտն, ալ խոնջ, ծալլե ծունկներն իր Անապատին մեջ օրերուս անծաղիկ, Այն ժամանակ, մըտերի՛մ հոր, Ամեն անոնք, որ ինձ դափնի կը քաղեն, Պետք է դառնան, թող դառնան, Շուրջն եզերքիդ, մեռելապսակս հյուսելու. Քանզի այն օրն, անիծելով հայրական Համբույրը կույր` որ եղավ Իմ սև սերմիս առաջնորդ, Դարձյալ քեզի՜ պիտի գամ, Քու երազկոտ, նիրվանական ջուրերո՜ւդ` Ուր ճակատեն կը սըրբըվի` արևուն Խարանը պիղծ, կը լըվացվի ամեն տարր Ու ամեն հոդ կը հաղթըվի, կը թողու Հոգին ազատ, հոգին մաքուր, մըտնելու Գիրկն Հանգիստին: Դարձյալ քեզի՜ պիտի գամ, Այսպես խաղաղ իրիկուն մ’երբ տնակին մեջ Մայրըս կ’երգե, ըզբաղած, Մահվան սաստիկ ծարավեն` Չըդընելով ուշ եզերքիդ բաղեղին` Որ գըթությամբ պիտի կառչի քըղանցքիս, Պիտի նետեմ մարմինս այս խոնջ, կարեվեր, Խորհուրդիդ մեջ… իմ հետին ճիչս օրհասի` Խորության մեջ դարձդարձիկ` Պիտի գանգյուն տա քարերուդ միջև թուխ, Որուն ի լուր` մերձակա Դըռնեն մայրս իմ լեղապատառ պիտ’ վազե. Սակայն զարթնուն պիտի քնացող ալիքներդ Ու զիս ընդհուպ ընկլուզեն. Հետո իրենց սովորական պըշնումով, Աղիտավոր գահավիժման ամեն հետք Պիտի ջընջեն: Լըռությունն` իր պատըռված Պատանքը վրաս պիտի հյուսե վերըստին Եվ Լուսնկան (որ պիտի փշրի անկումես Ծընունդ տալով հազարավոր աստղերու) Հետո դարձյալ, խաղաղիկ, Պիտի առնե ձևն իր նախկին, պիտ’ ըլլա Ջուրերուդ վրա` իմ անձնասպան հոգիես Բողբոջած մեծ արյունլըվա նունուֆար Մ’որույն արմատն ոչ ոք գիտե թե ո՛ւր է:46. ՍԻՐՏՍ Է ՀՈԳՆԱԾ Սիրտս է հոգնած, վիրավո՜ր. Ո՛չ մեկ գարնան ծաղիկներուն կը սպասե. Կին մը ապուշ մոլոցքով Զայն բըզըքտեց. արդ տասը լույս մատերեն Արյուններս են, որ հատերու պես նուռի, Կաթիլ կաթիլ կը ծորին… Սիրտս է հոգնա՜ծ, Ու սերս իր մեջ վիրավոր: Քնարս է տըրտում, փըշըրվա՜ծ. Կը սպասե ո՛չ մեկ տոնական գինիի. Կին մ’անգիտակ ոճիրով Անոր լարերն աղիքներուս մեջ փետտեց… Ու տոսախե պորտին մեջ Կըթեց թույներն իր ծիծերուն ու լեզվին… Քնարս է տըրտո՜ւմ, Ու երգս իր մեջ վիրավոր:47. ՎԱՐՈՒԺՆԱԿԻՍ Աղվո՜ր, աղվո՜ր, աղվո՜ր վարդն իմ Գարունիս` Որ սըրտիս վրա բացվեցար, Եվ քեզի հետ բացիր հոգիս վըշտահեղձ Նոր երազի մը պայծառ: Հին օրորանն, որ թաղարի պես լըքված, Կ’ըլլար խըշտյակը սարդին, Կենդանացա՜վ ճըռվողյունով, բույնի պես Պաճուճվեցավ վերըստին: Արև մը նոր, շողերուն հետ աչքերուդ, Շեմիս վըրա ցաթեցավ. Եվ վանդակին մեջ կաքավս վիրավոր Կարկաջեց երգ մը անձկավ: Դուն սենյակե սենյակ թըռար դեդևուն Բույնեն ինկած ծիտի պես. Ձայնեդ դյութված` այցելեցին տընակիս Սերոբեներ լուսագես: Աղվո՜ր, աղվո՜ր, աղվո՜ր վարդն իմ Գարունիս, Եկուր նըստե` ծունկերուս. Թող լուսնակի պես` մըռայլ ծոցս ողողեն Ոսկի վարսերըդ սընդուս: Շըղթայե վիզըս այդ թևերովըդ քընքույշ Նըման ծաղկե մանյակի. Ժըպտե՛ ինծի, որ ցուրտ անդունդը սըրտիս Արշալույսո՛վ բըռընկի: Խոսե՛ ինծի, անծանոթ խոսքը, զոր դուն Երկինքեն հետըդ բերիր, Կը բան շողը` վարդն, իսկ շուրթը մանկան Աստուծո մատը կարմիր: Նայե՛ ինծի, լուսնակն ինչպես կը նայի Դամբանին խորը խավար. Սերըս մեռած` պիտի առնե հարություն Ու պիտ’ ապրի քեզ համար: Քեզի՜ համար, որուն միսն է գոյացած Շուշաններու թերթերեն, Մյուռանաբույր շապիկն հյուսված է թևով Թիթեռներու նըկարեն: Քեզի՜ համար, ո՛վ իմ քերթվածըս անմահ` Զոր արյունովս հըղացա, Զոր երգեցի` հպելով սըրտիս լարերուն Լարն ամենե՛ն դյուրազգա: Քու ձեռքըդ լոկ դեռ կը բըռնե զիս կանգուն Ավազներուն վրա փառքիս. Եվ մազիդ մեկ թելը բա՛վ է կապելու Տիեզերքին հետ` հոգիս: Վարուժնա՛կդ իմ, իմ փափկասո՛ւն Դիցուհիս, Ո՛վ քընարե դու հոգյակ, Թող որ արցունքս, որ այտերուդ վրա կ’իյնա, Ըլլա ծիծաղ կամ սուտակ. Բիբերուդ թող սըրսկեն աստղե՛րն երկընքին Իմ խորշոմած ճակատիս` Որ իր վըրա, թագի պես, բա՛րձըր բըռնեց Խոր ըսպիները սըրտիս: Զի ես անդո՛ւնդն եմ` որ կ’ըլլա երջանիկ Փոսուռայի մը լույսով. Անապա՛տն եմ, որ երկինքին կը ժըպտի Իր ծըլարձակ մե՛կ բույսով:48. ԱՆԻՇԽԱՆՈՒՀԻՆ Պիտի մեկնիս: Սև պարեգո՛տդ ես հագած. Ներքև քու այդ բաղեղնազարդ փեղույրին Դուն կը թըվիս զոհ մը ինծի` բարձրացած Մարմարակերտ բագինին: Զո՜ւր հուսացի օծումն հոգվույդ սիրահալ Դուն փափկությունը չունեցար կիներուն. Մատերդ հինա չըներկեցիր, և ոչ ալ Հավերուն կուտ տըվիր դուն: Միշտ սերտեցիր Մարգարեներն ռահվիրա Քու կուսական գիշերներուդ մեջ արդար. Եվ Բրյուտոմի եղեռնաբույր գանկին վրա Գարուններով թուխս նըստար: Դուն կըկեցիր դավեր և ռումբ շաղվեցիր. Գաղափարի հուրե՛րն աչքերդ բըղխեցան. Սև գանգուրներդ, ուսերուդ վրա ցանուցիր, Եղան դրոշակը Մահվան: Ռունգրըդ արդ կը բաբախեն բոցանուտ Հորիզոնին դեպի հովերը անհուն. Կը փըրփըրի մարմինիդ մեջ կենեղուտ Հըրդեհն հըզոր գահերուն: Բո՞ց կը տանիս պալատներուն` թե ժանտախտ… Ծըրարվեր են շանթեր սըրտիդ մեջ խորով. Օրենքներուն, թագերուն վրա ձեռքդ է լա՛խտ, Գիրգ ձեռքըդ` լի վարդերով: Հակառակ իմ տարփանքներուս կ’երթաս դու: Զո՜ւր տեղ ըզքեզ խընդրեցի հարսն իմ հյուղին. Սիրտդ է պըտուղ մը նըռնագեղ` որ կ’հեղու Թո՜ւյն` ափին մեջ բացողին: Գընա՜, և ես թող միամիտ հավատամ Թե պիտ’ դընեմ օր մը գըլուխիդ պըսակներ, Եվ ռումբը սա` զոր հիշատակ քեզ կու տամ` Օր մը Աշխա՜րհն է ջահեր:49. ԵՓՐԵՄ Դագաղն արդեն փակվեցավ. վըրան վարդեր Շիրազի, Սուր մը հըսկա, դեռ ջերմիկ, ուրկե արյո՛ւն կը հոսի: Կափարիչին տակ կը նիրհե, անմահությամբ սըրարբած, Շանթն Աստուծո` խորտակված: Զինվորներ լուռ կ’արտասվեն. թնդանոթները կ’ողբան Ահեղ անունը անոր, բարձունքներուն վրա լերան, Եվ ձորերուն մեջ` իրենց պողպատակուռ երախեն Կ’հեղուն արցունք հըրեղեն: Եփրե՜մ… անունդ ավասիկ քանդակվեցավ խորասույզ Արծիվներուն կուրծքին վրա, և ճակատին վրա դարուս, Անուն մ’որ միշտ կայծակո՛վ փորագըրված պիտի մնա Ազատության սուրին վրա: Երիվարիդ վրա անցար` ինչպես ամպրոպը կ’անցնի` Տանելով կրակն երկնային իր ծոցին մեջ հոլանի. Դուն լոկ պատանք ըզգեցար, սըփռեցիր քու ծիրանին Ժող’վուրդներու քամակին: Կարիպալտին` Հռովմինն է, և Բոնաբարդ` Ոճիրին. Կը պատկանիս դո՛ւն միայն Ազատության Ոգիին: Ըզքեզ խրճիթ մը ծընավ, հայ վիշտը քեզ օրորեց. Այդ վիշտին չափ եղար մեծ: Հայրենիքն այն, զոր քու մեծ ըստվերովդ իսկ լեցուցիր, Ի՛նչ փույթ թե օր մը հյուղիդ քարերն ըրավ ցանուցիր, Գերիներու շըղթան ա՛յժմ էր քավությունը ինքնին Հազկերտներու ոճիրին: Պատառ պատառ կը հոշվեր ձեռքերուն մեջ Բըռնության Հաֆըզներու երկիրն հեգ, սոխակներու Վարդաստանն: Հարկ էր փըրկել Գեղեցիկն ու Գաղափարը ցանված. Կապեց սուսերըդ` Աստված: Նըժույգդ հեծար, հեծար այդ կայծակնավազ կենդանին` Որուն չհասան քամիներն ու ետևեն հևացին. Մռունչը փողիդ թավալեց գոռոզ վաշտերն հըրեղեն` Եվ Ահրիմանն` երկինքեն: Քաղաքներուն ապըստամբ դըռներն ի փուլ բացվեցան Հրանոթներուդ կատաղիշունչին առջև հրահոսան: Խըլեցիր թագն Իպլիսին, ու զայն դըրիր վերըստին Մանուկի մ’հեզ գըլուխին: Փախան Շահե՛րն առջևեդ. Պատմուճաննին պատառտուն Հազիվ բավեց ըլլալու պատանքն իրենց զորքերուն: Սիրեց նըժույգդ հաղթական դընել անոնց գահին վրա Լուսաբուղխ պայտն արյունլվա: Դուն սիրեցիր ողջունել ծագող Արևն Իրանին Աստվածորեն միշտ կանգնած թընդանոթիդ կատարին, Կառքիդ ետև շըղթայած` բերիր գերի բանակներ Ժողովուրդիդ զերդ նըվեր Բայց ակոսն այն, զոր սուրովդ հողին լանջքին վրա բացիր Պետք ուներ քու արյունիդ` որ բողբոջեր լուսալիր. Եվ մարմարյա՛ ճակատեդ պոռթկաց Արյունդ հըրաշող Արշալույսին պես ծագող: Ինկա՜ր… նըման արծիվին որ կ’իյնա վա՛ր ամպերեն` Ճանկին մեջ շանթը շոպած, հոգվույնմեջ մաս մ’արևեն. Անհունին մեջ քու անկումդ` ինչպես նաև սըրտերու` Բացավ ակոս մ’ահարկու: Ով որ զարկիր թուրիդ տակ` դյուցա՛զ մ’ըրիր զանիկա: Դյուցազնացար մ’ավելի դուն քու մահովըդ հըսկա: Ա՜յս է վըճիռն, երբ Աստված կարկառե պսակը փառքի` Հանճարն հարկ է խոնարհի: Խոնարհեցար արյունլվա` խորության մեջ անոհւնին Ինչպես Արևն հըրավառ կ’ընկըղմի ծոցն օվկիանին. Մարմինս` Անդունդը առավ, սուրըդ առավ` Եհովան, Անունդ առավ` Ապագան: … Կ’երգե Իրանն հաղթանակ, արդեն կու գա նոր Գարուն, Եվ կը հյուսվի դափնիի ճյուղ մը` քնարիս լարերուն: Իսպահանի լիճերուն մեջ կարապներն աղվական Մարգրիտներով կը լոգնան: Զո՜ւր է, Եփրե՛մ. Մինչ ազատ Ժողովուրդները արդեն Պըղընձախյուսն արձանիդ Արշալույսով կը շաղվեն, Հո՛ն, շիրմիդ վրա, հերարձակ Մայր մը կա միշտ ցավագին Լըքվա՜ծ Վիշտին մեջ կըրկին:50. ՄԱՏՅԱՆՆ ԱՀԱ…Բարեկամիս` Հովհ. Պալյանին Մատյանն ահա` զոր խոստացա… Երբ գըտնես Հոն դարերու կյանքին Երազն ահատակ, Եվ Բագոսի քըրմուհիներ վարդերես Որ կը պարեն բըլուրին վրա, լուսնին տակ, Եվ աստվածներ` որ կ’ուզեն սիրտն Հոմերին Դե ողջակեզ, կամ Մեսալին մ’հըրաչյա` Որ պատանքի տեղ կը սըփռե ծիրանին Սերեն մեռած ասպետներուն մարմնին վրա, Երբ հոն գըտնես Պոմպեյի գիշերներ, Նո՛ւռն` հրաբխին բերանին վրա հասունցած, Հետո այն Դարն` Հիսուսի պես կարեվեր` Արշալույսի մը երկունքեն բըռնըված: Երբ հոն գըտնես սիրտեր ճրագի պես մարող, Մաքառումներն երկաթներուն ու մարդուն, Ցեխեն կանգնող Ոճիրը խենթ, անսըքող, Որ կը խըմե արյունն անմեղ վարդերուն, Ո՛վ բարեկամ, խորհե թե Երգս է պատմեր Ցավն հաճույքին և հաճույքները ցավին. Սիրտն ըսկիհ մ’է` ուր երբ լեցվին գինիներ Աստվածներու սուրբ արյունին կը փոխվին. Խորհե թե սանձն արևաբիբ Բեգասիս Ոչ ոք կըրցավ իր ափին մեջ ամփոփել. Ագռավներուն կըռընչյուններն ամախեզ Խըրտչեցընել չըկըրցան վազն անարգել. Խորհե թե միշտ քըննադատն է միաչյա, Եվ ներքինի` բարոյագետը խոհեմ. Տառապած Սիրտն ո՞վ պիտի կշռել կարենա Նըժարին մեջ Տիեզերքին դեմ առ դեմ: Ա՛ն լոկ կըրնա ճանչնալ Երազը սրարբած` Ո՞վ կ’արբենա կյանքի դիրտովն ու խունկով, Ա՛ն որ Մարդն է` լույսով ցեխով թըրծըված, Ա՛ն որ Մարդն է` սըրբագործված արցունքով:Ավարտեցինք նաև «Գողգոթայի ծաղիկները» ժողովածուն:Այժմ ժամանակն է անդրադառնալու Վարուժանի առաջին ժողովածուին` «Սարսուռներ»-ին…
-
Թիկնապահը իջավ: Պարզ էր. մահվան կերպարանքի նման պարզ էր, որ ոչնչանում էին: Գարեգինը մտածեց արդեն պարզ և կարճ: Կա՛մ ինքը զորավար է և պետք է փրկի իրեն, հասնի զորագնդին, կա՛մ ինքը ևս մնում է և ոչնչանում: – Ե՛կ իմ հետևից, որքան կարող ես,– հրամայեց նա և նժույգը նստելով` քշեց նրան դեպի զորագնդի հեռացած կողմը, որքան որ կարծում էր, թե ճիշտ է իր ուղղությունը: Սակայն բուքը խեղդում էր նրան: Մահը մեկնեց իր ճիրանները դեպի նա: «Անմի՜տ, հիմա՜ր»` բացականչեց նա բուքի որոտների մեջ: Դա իրեն էր վերաբերում: Հիմար գտնվեց և ընկավ մահի վտանգը: Նա սկսեց անգթորեն մտրակել իր նժույգը, որ հոգնած էր: Նժույգը կանգ առավ: Նա սկսեց մտրակել ամենադաժան հարվածներով: Նա հանեց դաշույնը և սկսեց թեթև հարվածել նրա ծայրով: Նժույգը մի փոքր գնաց և ապա նստեց, մնաց: Մի փոքր հանգիստը կարող էր հնար տալ նժույգին շարժվել առաջ: Բայց այդ մի փոքր պահը կարող էր մահվան սպասում լինել երկուսի համար ևս: Գարեգինը դեռ բավական սեփական ուժ ուներ: Իջավ նժույգից և նրան ևս լքելով` գնաց առաջ: Նա սկսեց բարձրաձայն անիծել իշխաններին, որ լքեցին իրեն, թեև գիտեր, որ այս անհնարին բուքի մեջ հինգ-վեց քայլի վրա ևս մարդ մարդու կորցնում է: Թերևս իշխանները չգիտեն, որ նա ետ է մնացել, թերևս գիտեն և չեն կարողանում կապվել հետը, որոնել նրան: Թերևս անտարբեր են: Թերևս իրենք ոչնչանում են: Մի՞թե չկա շրջակայքում ոչ մի կենդանի շունչ: Թերևս: Ահա ձիգ ու խուլ մի ձայն: Մարդկայի՞ն է արդյոք: Ո՛չ, դա գայլի ոռնոց է: Ո՜, երանի՜, երանի՜: Թող գա, հայտնվի: Քանի ինքը ուժ ունի, թույլ չի տա գայլին ատամ հասցնել իրեն, իսկ եթե կուժասպառվի, միևնույն է, բո՞ւքը, թե՞ գայլը: Գոնե մի շունչ կլինի մոտը վերջին պահին… Գարեգինից, անհնարին էր իմանալ, հեռու թե մոտիկ ոգորում էր զորագունդը բքի դեմ: Դա գերմարդկային գրոհ էր նրա դեմ: Առջև էր ընկել Արսենը և իրեն զուգընթաց պահելով մի հինօրյա զինվորի` տանում էր զորագունդը: Զինվորը` թավակոշտ, ոլորամորուս, առնադեմ և ժայռեղեն մի էակ, ճանապարհ էր որոնում և գրոհում առաջ: Նրա նժույգը դանդաղում, ուժերը հավաքում և ապա ալիք տալով` բարձրանում, գցում էր իրեն առաջ` չկորցնելով հույսը: Երբեմն հեծյալը շոյում էր նժույգի բաշը, ափով տպտպում վիզը և հայրաբար մրմնջում. – Դե՜, գառնո՛ւկ, դե՜, մատա՛ղ, արի՛… Արսենը նայում էր զինվորին և լցվում հույսով. նրան հուսադրում էր զինվորի հանգիստ հայացքը, որ բուքի մթության մեջ նշմարվում էր: Իսկապես այս պահին նա էր զորագնդի առաջնորդը և հրամանատարը: Այնպես որ, երբ մի փոքր գնալով` զինվորի նժույգը կանգնեց, նա հրամայական ձայնով կարգադրեց. – Իջե՛ք, բռնե՛ք նժույգներից: Արսենը իջավ, բոլորը հետևեցին նրան: Հիմա գնում էին նժույգներից բռնած. որը` բաշից, որը` ասպանդակից, որը` պոչից: – Սարգի՜ս,– գոչեց Արսենը զինվորի կողմը,– ասում ես` կփրկվե՞նք… – Կփրկվե՛նք, իշխա՛ն,– պատասխանեց Սարգիսը` ձեռքը նժույգի բաշին սեղմած: Մի փոքր անց Սարգսի նժույգը հոտոտեց օդի մեջ: – Հա՛, մատա՛ղ, գտա՜ր,– գոչեց Սարգիսը: Նժույգը ուժ ու կող արեց և քայլերն արագացրեց: Զգաց կողմը: Դա ծխահոտ էր: – Ի՞նչ է, Սարգի՛ս,– հարցրեց Արսենը; – Ծուխ է, իշխա՛ն, պրծա՛նք,– ասաց Սարգիսը և գնաց արագ: – Ծո՜ւխ, ծո՜ւխ,– ձայնեցին զինվորները դեպի ետ: Զորագունգը ուժի եկավ: Գնաց արագ: Եվ Սարգսի նժույգը կանգ առավ հոնական ուրթի առաջ: Տագնապ ընկավ շենում: Գամփռները հաչեցին, ու հոները զենքով, գոչելով դուրս թափվեցին: Թարգմանը դիմեց հոներին, որ օգնեն զորագնդին կերով ու պաշարով: Հոները դիմադրեցին: Սկսվեց կռիվ, իրարանցում: Զորագունդը ստիպվեց ընդունել կռիվը: Կարճատև հարվածը խեղճացրեց հոներին. նրանք զիջեցին, և զորագունդը ընկավ ուտելիքի և խոտի պաշարի վրա:
-
* * * Երկար ու ձիգ գնում էր հայոց այրուձին Վրկանա ծովի արևելյան դժնի տափաստանով: Ձյունը նստել էր ծանր ու մահատիպ: Նժույգների շնչառության գոլորշին ծխում էր շարքերի վրա: Հեծյալները` կիսամերկ, պատառոտած, կմախքացած, օրորվում էին ծանր ու լուռ: Գարեգինը բոլոր հրամանատարներին շարել էր իրարից հավասար հեռավորության վրա, առջևից գնում էր Արսենը, իսկ ետևից ինքն էր Արշամ հարյուրապետի հետ: Ծանր, անհնարին դառնությունների ու տանջանքների շարան եղավ այրուձիի կյանքը այն օրից հետո, երբ խորացավ Քուշանաց անապատների մեջ: Քուշան զորավարի քաղցր ընդունելությունը փոխվեց դառնաղի դաժանության և բռնության: Գերիվեր թանկ վճարեց այրուձին իր հյուրընկալվելու և սնվելու համար քուշան խաքանին: Այրուձին պարտավորվեց կռվել քուշանների ներքին թշնամական ցեղերի հետ չոր, ամայի անապատներում, Օքսոսից արևելք: Ճիշտ է, ո՛չ քուշան հրամանատարը և ո՛չ էլ խաքանը հատուկ ատելություն չնյութեցին ընդդեմ հայ այրուձիի: Նրանք միայն դրսևորեցին իրենց հեղհեղուկ, անհաստատ բնավորությունը` նման իրենց շրջապատող ցեղերի կամ հենց այն բնության, որի մեջ ապրում էին: Նրանք ուխտ չդրժեցին և դաշինք չխախտեցին, որովհետև և՛ ուխտը, և՛ դաշինքը, և՛ այլ որևէ պայմանը նրանց համար մի խոսք էր` ասված միայն մի ժամի համար, որը հետո մոռացվում, տեղի էր տալիս այլ վերաբերմունքի: Հարավային Քուշանաց երկրում ծառայություններ մատուցելով և զորագնդի սնումը մի կերպ պահպանելով` Գարեգինը կարողանում էր «գործեր» հանձն առնելու պատրվակով շարժվել դեպի հյուսիս: Նա ձևացնում էր, թե այլևայլ ցեղերի դեմ մարտեր է մղում և շատ անգամ անցնելով «թշնամի» ցեղի կողմը` առաջ էր շարժվում: Այս դառնադաժան թափառումներին, հոգեսպառ կռիվներին ուղեկցում էին սովահարություններն ու մարդկային կորուստները: Գիշակեր թռչուններն էին ճախրում զորագնդի գլխավերևում, և չախկալները, գայլերն ու բորենիները` սոսկում նրանց կողքերից ու հետևից: Իսկ սրանից ավելի անհանդուրժելի էր չարագութ օտարի ցեղի հացը, անսիրտ խորթությունը, անգթությունը: Տոչորաշունչ ավազաբուքերի, դառանաղի հորաջրերի, անշունչ, անմարդ, ամայի անապատների բավիղ էր դա, որից դուրս գալու հնար չկար այլևս: Աշխարհը կարծես քաոսի մեջ էր, ուր բնությունը` սանձարձակ ու ինքնիշխան, բռնադատում էր, ավերում, ժխտում, խլում մարդու ամեն ապավեն, ամեն հանգրվան, կյանքի կարգ, կյանքի իրավունք, մի տեղ, մի անկյուն, մի ծածկ, մի որջ: Եվ այդ տարերային, օտար, թշնամի քաոսի մեջ մարդու աչքը որոնում էր այդ անկյունը, բունը, մի մտերիմ դուռ, կրակ, ժպիտ, կյանք, մի ջերմացած մարդկային շինվածքի, մարդկային գոյության ներկայությունը` այդ անծայրածիր, դժնի ամայության, մահի ահեղ թագավորության մեջ: Եվ այստեղ էր զգացվում, թե ինչ գին ունի մի քողտիկ, մի վրան, մի տնակ, մի շեն, վերջապես մի քաղաք, մի մարդու կամ ողջ մարդկության սիրելի ճարտարագործ շինվածքը, նրա շնչի, հոգու ներկայությունը: Կարիքը հաճախ ստիպեց կռվավարձ պահանջել «դաշնակից» ցեղից: Հետո սկսեց լքած պաշարներից վերցնելը: Վերջը սովն ու մահվան սպառնալիքը հարկադրեց մարտակից քուշանների հետ ավարը բաժանել, վերջը` ավար առնել… Սկսվեց հետզհետե վայրենացման մի ընթացք, որի դեմ սկզբում կռվում էր Գարեգինը, բայց վերջը ինքն էլ զիջեց և դաժանացավ: Սրվանձտյա Գարեգինը շատ էր տանջվում այս փախուստի ձեռնարկման հետևանքից: Նա զգում էր, որ Հայոց աշխարհի առաջ արյամբ և հոգով պատասխանատու է: Հետի իշխանները ևս իրենց մեջ խոսում էին այդ մասին, բայց չկամենալով խռովել Գարեգինին` լռում էին նրա մոտ: Սակայն և բոլորը հասկանում էին նաև այն, որ բացի այս վտանգի խաղը` ուրիշ ոչ մի հնար չկար այրուձիի համար, և որ այս անհնարին տառապանքների միջով միայն կարող են նրանք հասնել հայրենիք… Հոգնաբեկ զինվորների մեջ կային նաև բազմաթիվ վիրավորներ, որ նժույգների թամբերին կապված կամ իրենց բաշերից բռնած, բերանքսիվայր պառկած, տնքալով, երբեմն անտանելի ցավից ճչալով, քաշ էին գալիս շարքերի հետ: Մեկը նրանցից` ծանր ու դժվարը, երկու ձեռքերով նժույգի բաշը բռնած, սեղմում էր ատամները, կրճտում և դեմքը կծկելով` զսպում, որ ձայն չլսվի: Վերքը բացվել էր, մրմռում էր, և հնար չկար երթի ժամին կապելու: Զինվորը վերք էր ստացել քուշանների կռիվներից մեկում, և անդադար թափառումներն ու երթը հնար չէին տալիս խնամել նրան: Նա հեռու չէր Գարեգինից, որը դիտմամբ ընթանում էր վիրավորներին շատ մոտ` խստորեն հսկելու նրանց: Զինվորները չէին խոսում, մրթմրթում էին միայն հատուկենտ ու մռայլ նայում տափաստանին: Միայն ծանր վիրավորն էր քթի տակ մռմռում մի երգ, որ մերթ փոխվում էր տրտունջի, մերթ ըմբոստ անեծքի, երբեմն էլ իսկական մեղեդիի: – Դիմացի՛ր, Արշա՛կ,– ասաց մի աշխույժ զինվոր` հոգնած ու մարած աչքերով,– դիմացի՛ր, որ տեղ հասցնենք: Հո չենք թողնելու քեզ գայլի ճաշ: – Չեմ դիմանում` ի՞նչ եմ անում,– տնքաց Արշակը և հուսախառն վշտով նայեց ամայի ձյուներին: Նա սկսեց մռմռալ քթի տակ: Լա՞ց էր դա, թե՞ անեծք: Ե՛վ այս, և՛ այն: Հետո անհնարին ճիգով շտկվեց թամբի վրա, նայեց չորս կողմ, ընկերներին և սկսեց երգել. Հայրենի՜ք իմ, հա՜յր իմ, մա՜յր իմ, Հայրենի՜ք իմ, հո՜ւյս իմ, լո՜ւյս իմ, Ո՞ւր ես, ո՞ւր: Անձկալի՜դ իմ, հո՜ւր իմ, ջո՜ւր իմ, Սիրելի՜դ իմ, բո՜ւյն իմ, տո՜ւն իմ, Ո՞ւր ես, ո՞ւր: Երգեց Արշակը և խոշոր, սև աչքերը վառված ու կարոտալի նայեց զինվորներին: Նա հևում էր նկատելի ուժով և դժվարությամբ: Զինվորներն զգում էին` նա կընկնի: Հետևից արագացնելով նժույգի քայլերը` եկավ Գարեգինը: Նա անհանգիստ էր: – Հա, ի՞նչ վիճակի են վիրավորները,– հարցրեց նա զինվորներին: – Դեռ դիմանում են, իշխա՛ն,– պատասխանեցին նրանք: – Դե՛, արի՛ կացեք, կհասնենք: – Հրամա՛նդ, իշխա՛ն,– բոլորի տեղ թույլ ձայնով խոսեց մի վիրավոր: Գարեգինը գաղտնի նայեց Արշակին: Վիրավորի աչքերում այրվում էր մի այնպիսի կարոտ, ապրելու տենչ, անհուսության մի թախիծ, որ Գարեգինը շրջեց երեսը: Բայց Արշակը բարձր հառաչեց և ապա նվաղոտ աչքերը դարձրեց զինվորներին. – Իջեցրե՛ք, չե՛մ կարող: Զինվորները լռեցին, չմոտեցան: Շարունակեցին գնալ: Ոչ ոք չէր նայում Արշակի կողմը: Վիրավորն ուզեց մռմռալ և աղաչական նայեց զինվորներին: – Իջեցրե՛ք,– հրամայեց Գարեգինը: Մի խումբ կանգ առավ. Արշակին իջեցրին: Մյուս շարքերը գնացին: Արշակը խոշոր աչքերը բացեց նրանց վրա, հուզվեց և սկսեց մրմնջալ: Հետո ձեռը բարձրացրեց և սկսեց թափահարել թույլ ու մարող շարժումով: – Գնացե՛ք, ձե՛զ մատաղ, ի՛նձ թողեք, աչե՛րս տարեք` տեսնեմ նրանց… Շարքերն անցնում էին լուռ ու խստահայաց: Արշակը լիովին աչքեր էր դառել, որ մղկտացնում էին նայողին: Արշակը պետք է մեռներ, Արշակը պիտի մնար այդ չարագութ, անսիրտ օտարության մեջ: Բոլորն անցան: Գարեգինը հրամայեց մնացածներին ևս գնալ: Մնացին ինքը, Արշամը, թիկնապահը և մի բուժ զինվոր: Վերջինս գլուխը տարավ-բերեց և նայեց Գարեգինին, հասկացրեց, որ շուտ չի մեռնի: Գարեգինի մեջ խոսում էր տանջող ներքին ձայնը: Խստասիրտ զորականը այստեղ նրբազգաց մարդ էր դառել: Նրան տանջում էր ոչ զինվորի կյանքի կորուստը, այլ ազատության զինվորի դժբախտությունը, որի պատճառը ինքն էր կամ իրեն էր հաշվում: Այն օրից, երբ հռչակվեց հայրենիքի պաշտպանությունը, Գարեգինը այլ աչքով էր նայում զինվորին և գին տալիս նրա կյանքին: Արշակին պառկեցրին ձյան վրա: Եվ լուռ կանգնեցին: – Գնա՛, իշխա՛ն…– մրմնջաց Արշակը,– գնացե՛ք, եղբայրնե՛ր, ես մենակ է՛լ.. Չխոսեցին: Արշակը իր խոր աչքերը դարձրեց Գարեգինին և աղաչական նայեց նրան: Այլևս անհնար էր նայելը: Գարեգինը գլուխը կախեց: Ապա հանկարծ դարձավ թիկնապահին և բուժին: – Մնացե՛ք, մինչև… Եվ նշան անելով Արշամին, որ հետևի իրեն` մտրակեց նժույգը: Մի վայրկյան ևս ետ նայեց, և նրա աչքերում տպվեց Արշակի իրեն հառած հայացքը: Մենակի, լքվողի և ամեն տենչ ու կարոտ սրտում մեռնողի հայացքը: Մի սուր խայթ խրվեց Գարեգինի սիրտը խորը-խորը: Նրան նայեց մարդը, նա լքում էր մի մարդու: Գարեգինը բարձրացավ մոտակա բարձունքը` դիտելու համար զորագունդը, որ ձգված էր չափազանց բարակ ու կտրտված: Հետո նայեց շուրջը: Անհույս հեռաստաններ, ձյունի անհուն ծով, ամայություն սրտամաշ: Նայեց դեպի արևելք և տեսավ մի բան, որ իր չարագույժ տեսքով նսեմացրեց տափաստանի անապատային տեսքի տխրությունը: Հեռու հորիզոնից արագ բարձրացավ և մահվան սավանի նման վարագույրվեց մի ճերմակ ամպ: Արևը մայր մտավ արագ, երեկոն սողաց ամեն կողմից: Ամպը արագարշավ եկավ հասավ երկնքի մեջտեղ և փշրեց սառն ձնաթեփ դեպի երկիրը: Նայեց Գարեգինը բլրի լանջին և տեսավ, թե ինչպես այս ու այն տեղ փոքրիկ ձնափոշիներ սկսեցին գեղեցիկ պտույտներով չարաժպիտ պարել օձագալար: Քամին բարձրացավ, և նրա շարժումների մեջ արդեն սկսեց մահը վնգալ հեռավոր մանկան լացի ձայներով: – Շեփո՜ր,– հրամայեց Գարեգինը Թիկնապահի մոտ կանգնած զինվորը փչեց: Զորագունդը կանգ առավ: – Սեղմվե՜ե՜ե՜լ,– հրամայեց Գարեգինը: Հրամանը ձայնեձայն գնաց մինչև առաջապահ ջոկատը, և զորագունդը սեղմվեց: Գարեգինը հրամայեց օղապարաններով, սանձերով, նիզակներով կապվել իրար, նշան դառնալ, չկորցնել իրար: Օգնական իշխաններին հրամայեց շարունակ ստուգել շարքերը: Մութն ընկավ: Եվ ահա վե՜ր կացավ անդրվրկանյան տափաստանային խելագար բուքը, բարձրացրեց ձյուների շերտերը, թափահարեց հսկայական ջվալները, ժայթքեց գաջի ամպեր, սկսեց ձաղկել անծայրածիր տարածությունները: Երկինք-գետին դառավ միազանգված մի քաոս, որի մեջ սանձակոտոր քամին զարկում էր, ծեծկում, ցնցահարում, գզգզում: Դիվական սույլերով մի կոծապար, չարախինդ, չարասուգ, որ դառնում էր կատաղած, ոռնում էր, քրքջում, սպառնում, մռնչում: Եվ որը, իր մեջ առնելով ողջ զորագունդը, կաշկանդեց, փակեց ճանապարհը, դուրս քշեց ճանապարհից… Ո՞ւր են գնում, առա՞ջ, թե՞ ետ, դեպի կյա՞նք, դեպի մա՞հ. ոչ ոք չգիտեր: «Կհասնե՞նք, թե՞ ոչ,– մտածեց Արսենը` նայելով զինվորներին, որ լողորդների պես կրծքները դեմ արած բուքին` առաջ էին մղվում հարբած աչքերով:– Ի՞նչ է խորհում այս պահիս նա… Որքա՜ն գութ, սեր, խնամք պիտի լիներ նրա աչքերի մեջ, եթե հանդիպեր նա ինձ… Եվ ոչ միայն ինձ, այլևս սրանց…»: Սակայն ի՞նչ Խորիշա, ի՞նչ նրա սերը, ի՞նչ գութը, ի՞նչ խնամքը այս թշնամի բնությանը գերված վիճակում… Թող որևէ մարդ հանդիպեր, թշնամի մարդ, թող մի բորենի, մի գայլ նայեր ձյուներից, թեկուզ հետևեր դիակի հույսով… Շունչի մի նշան, մի էակի գոյության հետք: Գարեգինը հրամայեց, որ զորագունդը ավելի խմբվի և կանգնի: Ո՛չ շեփորը լսվեց, ո՛չ էլ որևէ ձայն հասավ զորագնդին: Բայց սա կանգ առավ և խմբվեց հարկադարաբար: Գարեգինը հրամայեց, որ օղակապարաններով իրար կապված զինվորների մի շարք դուրս գա մի քանի ուղղություններով` գուշակելու մի հետք, մի ուղղություն, շնչելու մի որևէ ծխահոտ, լսելու մի մարդկային ձայն: Զուր ճիգ: Բոլորը վերադարձան ձեռնունայն: Կանգնեցին տեղում: Եվ զգացին, որ ոչնչացումը մոտ էր, մահը` ստույգ: Զորագունը չսառեցնելու միակ միջոցը շարժվելն էր: Դա կտաներ կա՛մ որևէ բնակավայր, կա՛մ մահվան գիրկը: Գարեգինը հրամայեց գնալ մի ուղղությամբ: Բուքը սաստկացավ, սկսեց իրոք խեղդել: Անօրինակ ճիգով հնար էր լինում որևէ կարգ պահպանել: Զինվորները միտում էին կանգնել, մնալ: Գարեգինը մտրակում էր, գոռում, սպառնում սրով: Եվ որպեսզի ոչ ոք ետ չմնա, կրկին Արսենին գցեց առաջ, և ինքը մնաց հետևում: Մի վիրավոր ընկավ: Գարեգինը հրամայեց վերցնել նժույգի վրա: Հետո կրկին ընկավ վիրավորը: Գարեգինը հրամայեց բուժին օգնել նրան: Եվ նրա մոտ պահելով նաև իր թիկնապահին` ինքը հետևեց զորագնդին, որ սկսել էր հեռանալ և համարյա չէր երևում: Մի փոքր անց թիկնապահի նժույգն ընկավ: Թիկնապահն սկսեց քայլերով գնալ Գարեգինի մոտով: Շուտով հոգնեց, բռնեց Գարեգինի նժույգի ասպանդակից: Զորագուդը կորավ: Գարեգինը միայն ուղղությունն էր ճգնում պահել` նրան հասնելու: Իսկ թիկնապահը ուժասպառվում էր:: Բուժը արդեն մնացել էր հետևում, և Գարեգինը զգում էր, որ էլ չի հասնի հետևից: Միաժամ զգաց, որ թիկնապահը ևս կմնա: Հանկարծ նրա մեջ զարթնեց սթափ միտքը. ինչերո՞վ է զբաղված ինքը: Զորագունդը կորավ առաջից, իսկ ինքը մի զինվորի համար կորստյան մատնեց նաև իրեն: Զգաստացավ. մտածեց հստակորեն: Մտածեց, որ նա կորցրել էր զորականի հատկությունները, քնքշացել էր, և ահա՛ դրա հետևանքը: Զորագունդը կզոհվի իր հիմարության, ինչպես և ինքը` նույն հիմարության հետևանքով: Թիկնապահը թողեց ասպանդակը: – Էլ չեմ կարող, իշխա՛ն… – Քայլի՛ր… Թիկնապահը ճիգ արեց: Գնաց միառժամ ևս: Բայց ուժերը լքեցին: Գարեգինը հրամայեց թռչել իր գավակը: Մի փոքր անց նժույգը կանգ առավ: – Իջի՛ր: Թիկնապահը իջավ: Պարզ էր. մահվան կերպարանքի նման պարզ էր, որ ոչնչանում էին: Գարեգինը մտածեց արդեն պարզ և կարճ: Կա՛մ ինքը զորավար է և պետ
-
Ահա այդ հատվածները. (հատվածներ «Վարդանանք» պատմավեպից) * * * Հայոց այրուձին հասավ ճակատ, ուր տեղավորված էին պարսից զորքերը` միշտ ենթակա քուշանների անակնկալ հարձակումներին և պատրաստ նույնը դարձնելու նրանց: Զորքերի ճամբարերը թաքնված էին ցրիվ, անապատի իջվածքներում և հովիտներում: Գլխավոր ճամբարին մոտենալիս նկատեցին իրենց դիմավորող մի փոքրիկ զորամաս: Դա Նյուսալավուրտի տեղակալ Զորա զորավարն էր, որ գալիս էր ընդառաջ: Երբ մոտեցան, Զորա զորավարը զվարթադեմ ողջունեց այրուձիին, զինվորկան ողջագուրանքով գրկվեց Գարեգին իշխանի հետ և ապա բարձրաձայն հարցրեց այրուձիի ողջությունը: Գարեգինը պատասխանեց, որ այրուձին ողջ ու հաջող հասավ տեղ և պատրաստ է ընդունելու մարտական հրամանները: Գնացին ճամբար: Զորավարը հայ իշխաններին հրավիրեց իր տաղավարը: Ընթրիք տվին: Զորա զորավարը` հիսունից անց, կորովի և շատ ախորժելի զորական, զվարճախոսությամբ զատվում էր հայ իշխաններից: Նա դուրս եկավ շատ մտերիմ և հաճելի զորական: Հիշեց Վարդան Մամիկոնյանին հատուկ հարգանքով: – Մենք ունենք շատ մարտական զորավարներ, բայց Վարդան սպասալար չունենք: Չէր կարելի այդպիսի զորականի բանտարկել…– ցավեց Զորա զորավարը: Ընթրիքը կարճ տևեց, որովհետև հյուրերը հոգնած էին: Զորավարը արձակեց նրանց և բարեմաղթեց խաղաղ քուն: Գիշերը մի առժամ խաղաղ էր: Սակայն լուսադեմին պարսից գալարափողը տագնապ հնչեցրեց: Հարևան ճամբարներում պարսիկ զորքը ոտքի ելավ: Գարեգինը վազեց Զորա զորավարի մոտ: – Քուշանները հարձակման են պատրաստվում,– ասաց Զորա զորավարը,– գնում ենք մարտի: – Անշուշտ, նաև մե՞նք պիտի գանք,– հարցրեց Գարեգինը: – Ո՛չ: Դուք հանգստանում եք մի քանի օր: Պարսից զորքը, երկու թևի զատվելով, գնաց ճակատի գիծը: Ճամբարում մնաց միայն հայոց այրուձին: – Կարգին մարդ է երևում այս Զորան,– նկատեց Արսենը,– թերևս ազնիվ պատերազմ տանի մեզ… Առավոտյան ճեպագնաց եկավ Զորա զորավարից` շտապ արշավով ճակատ հասնել. տագնապ է: Գարեգին իշխանը կանչեց իշխան հրամանատարներին և կտակեց մահվան դեպքում այրուձին ղեկավարողների հաջորդությունը` Արսեն Ընծայնոց, Տաճատ Գնթունի, Ներսեհ Քաջբերունի, Արշամ հարյուրապետ: Այրուձին հասավ ճակատ: Անծայր անապատ, ոչ մի նշան թշնամու: Խաղաղություն, ինչպես նախաստեղծման օրերում: Ավազի մեռած ալիքներ և ամայի հորիզոն: Հայոց այրուձիի դիրքը որոշվեց` պարսից զորագնդերի երկու թևերի միջև: Զորքերը շարժվեցին` պատրաստ մտնելու մարտ: Սակայն քուշանների և ոչ մի նշան: Հայոց այրուձին սովոր էր քուշանական պատերազմին: Քաջ գիտեր քուշանական անապատի խարդավանքները: Այնպես որ ճակատի ամայությունը չզարմացրեց Գարեգինին: Զորա զորավարը եկավ ստուգատես, գոհունակ դիտեց այրուձին, հրամանատարներին, ապա հայացքը պտտեցրեց բոլորին մեկ-մեկ, և հանկարծ աչքերը լցվեցին: Նա խեղդված ձայնով ինչ-որ շշնջաց, որից միայն լսվեց որոշ «ափսո՜ս» բառը: Հետո հրամայեց: – Կսպասեք, մինչև մեր երկու թևերը կգրոհեն, կմտնեն մարտ, ապա միայն կգրոհեք դուք: Գրոհեցե՛ք շեշտակի, քառասմբակ, խրվեցե՛ք թշնամու շարքերը: – Հրամա՛նդ,– ասաց Գարեգինը: Զորա զորավարը ողջագուրվեց Գարեգինի հետ, համբուրեց նրան ջերմագին: Հետո դարձավ բոլորին: – Դե՛, զավակնե՛րս, քաջարի՛ զավակներս, Որմիզդը ձեզ օգնական: – Ամե՛ն,– ասաց ողջ այրուձին հայկական կարգով: Զորա զորավարը հեռացավ: Մինչ նա կհասներ իր գնդերին, անապատի տակից բուսան քուշանական գնդերը: Նրանք, փոթորկելով, արագ, մեջընդմեջ կտրելով իրար, արագ էլ կանգ առան կիսաբոլորակ. չէր հասկացվում` հարձակմա՞ն, թե՞ պաշտպանման պատրաստ: Պարսից աջ թևը դանդաղ առաջացավ: Նրան հետևեց ձախը: Հայոց այրուձին մնաց կանգնած: – Տարօրինակ ռազմակարգ է,– մռմռաց Գարեգինը: Ըստ երևույթին` քուշաններն էլ այդ մտածեցին: Չշարժվեցին: Բավական առաջացան պարսից զորամասերը, բայց քուշանները մնացին անշարժ: Ճեպագնաց եկավ Զորա զորավարից. «շեշտակի գրոհե՛լ»: – Գրո՜հ,– հրամայեց Գարեգինը և առաջ նետվեց: Այրուձին սլացավ դեպի քուշանները: Գարեգինը անհանգստացավ և սկսեց արագ լուծել հանելուկները` ինչ էր այս ռազմակարգը: Հավասարվելով պարսից զորամասերին` Գարեգինը նկատեց, որ նրանք հետզհետե դանդաղեցնում են ընթացքը: «Դա՜վ…»– կայծակեց հանկարծ Գարեգինի գլխում: Հասկացավ: Զորա զորավարը պատրաստվում էր նույնպես «շեշտակի» ետ շրջվել, ինչպես շեշտակի քուշանների բերանն էր տալիս հայկական այրուձին: Արդեն մոտենում էին քուշաններին, որ պարսիկները շեշտակի ետ շարժվեցին: Բարեբախտաբար քուշանները չէին շարժվում: Գարեգինը հրամայեց դանդաղել մի փոքր և կանչելով մյուս հրամանատարներին` ասաց. – Դա՛վ է, իշխաննե՛ր…– և հրամայեց.– դանդա՜ա՜ա՜ղ: Այրուձին կոտրեց թափը: Իշխանները զարմանալով հետևել սկսեցին: Արդեն այրուձին այնքան էր մոտենում քուշաններին, որ պարզ տեսնում-տեսնվում էր: Քուշաններից չորս-հինգ հեծյալ առաջ եկան և կանգ առան: – Իմ հետևի՜ց,– հրամայեց Գարեգինը և առաջ թռչելով` այրուձին շրջեց տարավ պարսից վրա: Պարսիկները գլխի ընկան իսկույն այդ շարժման նպատակը և հարձակվեցին հայերի վրա: Գարեգինը կոտրեց այդ հարձակումը ավելի վճռական գրոհով: Առաջին կարճ հարվածներով նա մի փոքր կասեցրեց պարսիկների թափը և իսկույն ետ շրջվեց և շեշտակի թռավ դեպի քուշանները` հանելով սաղավարտը և ճոճելով օդում: Նույնն արին և զինվորները: Քուշանները հասկացան և ծիծաղով ու վայրի գոչյուններով ընդունեցին այրուձին: Պարսիկները կանգ առան անվճռական: Ապա զգալով ուժերի գերազանցություն քուշանների կողմում` արագ տեղի տվին, քաշվեցին: Գարեգինն իսկույն բուժակներ ուղարկեց մարտադաշտը` վիրավորներին օգնության, և այրուձին տարավ դեպի քուշանների հրամանատարը: Քուշանները սեղմ օղակի մեջ առան այրուձին և լուռ սպասեցին իրենց հրամանատարի կարգադրության: Կարճոտն, շեղակն, սակավամորուս հեծյալներ` նժույգների հետ միամարմին, իրենց խորամանկ և միաժամ միամիտ հայացքներով չափեցին նորեկներին: Քուշանների զորավարը` համարյա անմորուս, աներևակայելի քաջառողջ մի երիտասարդ. սուր ու զվարթ նայեց այրուձիին և պարսկերեն իմացող թարգմանի միջոցով ողջունեց. – Խաղաղությո՜ւն և ողջություն քաջարի զինվորներին: – Անապատի որդիներին խաղաղություն և ողջություն: Ու սկսվեց հարձուփորձը: – Ինչո՞ւ փախաք: – Նրանք մեր թշնամիներն են,– ասաց Գարեգինը: – Ո՞ր երկնքի տակից եք: – Արևմտյան երկնքի,– թարգմանեց և հարմարեցրեց Արշամը, որ եղել էր Քուշանիայում և գիտեր նրանց ոճը: – Ո՞վ է ցեղապետը: – Զորավար Վարդան Մամիկոնեից տերը: – Ավարթա՜նը հա՜, հա՜… Քաջարի զորավար է: Ո՞ւր է նա: – Կռվում է պարսիկների դեմ: – Ինչո՞ւ: Գարեգինը բացատրեց: Քուշան զորավարը լսեց ուշադիր և լուրջ, բայց հետզհետե սուր ժպիտը շողաց փոքրիկ աչքերում, և նա բարձր քրքջաց. – Բոլորիս երկիրը մեկ չէ՞… Հո՛, հո՛, հո՛, հո՛… Մի քիչ դո՛ւք շարժվեք, մի քիչ` նրանք, հարմարվեք. էլի՜: Քուշանների զորագունդը հռհռաց մի ծայրից մյուսը: Գարեգինը բացատրեց կրկին: Բայց քուշան զորավարը բան չհասկացավ: Ապա անցան բուն գործին: – Բախտավո՞ր տեղ է,– հարցրեց զորավարը իր հետև կանգնած բրդոտ շամանին: – Բախտավոր է, թող վառեն իրենց կրակը խաղաղությամբ,– ասաց շամանը: – Է՛, մնացե՛ք մեր երկրում,– ասաց զորավարը: Գարեգինը հայտնեց իր մտադրությունը` Վրկանա ծովի ափերով հայրենիք վերադառնալ և կռվել պարսիկների դեմ: Քուշան զորավարը կնճռոտվեց և լռեց: – Քուշան իշխանը չի՞ վստահում մեզ… – Ինչպե՞ս կարող եմ չվստահել,– ասաց քուշան զորավարը լուրջ,– ա՛յ,– մատը մեկնեց ռազմադաշտ, ուր ընկած էին հայ մարտիկները,– արյունը հավատարիմ է, բայց մեր անապատներով անցնում են միայն գայլերն ու մենք… – Զորավա՛ր, հանձն ենք առել կրակ-ջուր, ահ-մահ,– վճռական խոսեց Գարեգինը,– միայն տո՛ւր մեզ մի ուղեցույց ու մի հավատարմախոսք: – Կտամ: Դուք ու ձեր ճակատագիրը: Քուշան զորավարը բացատրեց, որ Վրկանա ծովից արևելք որոշ տեղ իրենց աշխարհն է, և այրուձին կգնա իջևաններով, այնուհետև սկսվում է հեփթաղների աշխարհը, և այրուձին պետք է նոր դաշինք կռի նրանց հետ: – Որտե՞ղ է վերջանում ձեր աշխարհի սահմանը,– հարցրեց Գարեգինը: Զորավարը մինչև ականջները ժպտաց` փայլեցնելով իր սպիտակ ատամները և ապա անկարող զսպել իրեն` բարձր քրքջաց. – Սահմա՞ն… հո՛, հո՛, հո՛… թռչող ավազի, նժույգի, սրի հետ ի՞նչ սահման: Թռցնում են, արոտներդ փոխում. ո՞րն է նրանը, ո՞րը` քոնը: Մեր աշխարհը թռչում է: Երևի ձեր աշխարհը կանգնած է, հո՛, հո՛, հո՛… Գարեգինը ասաց, որ կմեկնի, երբ զորավարը թույլատրի: – Հանգստացե՛ք դեռ,– պատասխանեց զորավարը,– սրբազան շամանը կնայի աստղերին, կիմանա գնալու ժամը: Քուշան զորավարը հրամայեց իր գնդերին քաշվել մոտավոր թիկունք: Թողնելով հայոց այրուձիին մի ուղեցույց, որ հետո հասնեն` ինքն իր գնդերով սլացավ, քամու պես կորավ անապատի հորիզոնում: Գարեգինը ճանապարհ ընկնելուց առաջ այրուձին ետ տարավ մարտադաշտը, ուր ընկած էին մի քանի զինվորներ: Նրանց մի մասը վիրավոր էր, որոնց վերցրին նժույգների վրա, իսկ սպանվածներին հավաքեցին թաղելու: Մի խումբ զինվորներ անցան թաղման գործին: Նրանք մռայլադեմ հևալով սկսեցին փորել գերեզմանները: Այրուձին շրջապատել, տխուր դիտում էր գաջի պես դալկահար սպանվածներին, որ սառած աչքերով նայում էին օտար երկնքին: Մի աշխույժ, համարյա պատանի զինվոր, չարաճի աչքերը պսպղացնելով, պինդ գրկում էր դիակները, համբուրում, դնում էր գերեզմանի կողքին: Հասակավոր փորողը, քրտինքը սրբելով, խուլ մրթմրթում էր նրա վրա և ամեն անգամ սպանվածներին նայելիս ձեռքը խնամքով քսում էր սպանվածների դեմքին, սրբում արյունը կամ փոշին: Գարեգինը նայում էր քարացած, ինքնամփոփ: Նա սաղավարտը հանեց և գնաց դեպի բաց գերեզմանները: – Տղա՛յք,– հանկարծ բորբոքվեց նա,– տղա՛յք… ահա ձեզ հայրենիքի զինվորները. Մենք սրանց կթողնենք հիմա օտար աշխարհի հողի մեջ….– հուզմունքը խեղդում էր նրան,– եղբայրնե՛ր… Մենք կռվում ենք հայրենիքի ազատության համար: Մենք զինվոր ենք: Շատ անգամ եմ ես զինվորին ուղարկել մահվան: Ի՛նքս մահ շատ եմ տեսել: Զինվորը լաց չգիտե: Բայց ես ահա ձեր առջև լաց եմ լինում… Կնոջ պես… Սրանց մայրերի տեղ… Սիրտս է կտրատում, որ սրանց պետք է թողնենք օտար երկրում… որ արժանի չեղան տեսնելու հայրենիքը: Հանեցե՛ք հայրենի հողը, ցանեցե՛ք սրանց սրտին, թող հանգիստ քնեն, աչքերը չմնան մեր հետևից… Չդիմացավ և այրուձին: Լսվեցին խուլ հեկեկոցներ: Հանեցին քսակները և սկսեցին հող ցանել զոհվածների կրծքին: Զորագնդի քահանան, որ կեղծ ուրացման ժամանակ ծպտվել էր զինվորի զգեստում, կարճառոտ աղոթք ասաց զոհվածների վրա: Հետո արագ թաղեցին: Գարեգինը ետ քաշվեց, նստեց նժույգը և դարձավ կրկին զինվորներին. – Տղա՛յք, եթե այդ էլ հրամայելը ձեռս լիներ, կհրամայեի ձեզ` չմեռնե՛ք, մինչև կհասնենք հայրենիք: Ամեն մեկդ թանկ եք ինձ համար: Լա՛վ խնամեցեք, օգնեցեք իրար, դուրս գանք այս ահավոր աշխարհներից: – Պատվերդ կատա՛ր, զորավա՛ր իշխան,– ասաց ամենի փոխարեն Արշամ հարյուրապետը: – Դե՛, աստված ձեզ պահապա՛ն, գնում ենք անցնելու կրակն ու ջուրը, ահն ու մահը: Առա՜ա՜ա՜ջ… Այրուձին թեթև վարգով սուրաց անհետացած քուշանների ուղղությամբ: Երևաց նրանց ճամբարը: – Ինչո՞ւ եք կռվում պարսիկների դեմ,– հարց տվեց Գարեգինը քուշանին: – Ավազը դուրս է անում մեզ, իշխա՛ն,– պատասխանեց քուշանը: Գարեգինը սկսեց մտածել ուղեցույցի և նրանց զորավարի ասածների մասին: Իսկ քուշանը ինքն իրեն շարունակեց բարձր. – Ծածկում է շեները, քաղաքները, արոտները, գետերը… Մահի պես գալիս է հետևներիցս… – Ամեն ժողովուրդ մի ցավ ունի,– ասաց ինքն իրեն Գարեգինը:
-
ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ Լուռ, մարմարակերտ դամբանին խորեն, Հանճարի աչքերն անքույթ կը նային, Լույս հոգիներուն կյանքովն երկնային, Ա́լ մեկուսացած ունայն ժըխորեն: Մեռա՜վ, խանդավառ սերերն երգելեն` Ու պիտի հավետ միտքերն հըմային Իր թունդ քընարեն, ու երգերն ալ հին Պաշտումով ըզմեզ միշտ պիտի գերեն: Հույզով մեռա́վ ան, հուշքով` կ’ապրի դեռ, Ծառերուն նըման` որ թարմ ու դալար, Իր գերեզմանին կ’ելլեն քովն ի վեր: Հիացքներ կ’երթան իրեն ետևեն… Եվ իր հուշքերն ալ, հավետ անմոլար Ու միշտ ոգևոր` դեռ պիտի տևե՜ն: < 8 հուլիսի, 1903 > ՍԻՐՈ ՈՒՂԻՆ Ուղի մ’ունիմ ես նրբանույշ, – Սիրույս ուղին մետաքսավետ,– Որուն հըմայքն երջանկահուշ` Կ’ոգևորե զիս առ հավետ: Քընքույշ հյութեր կը փթթին հոն, Ու հարսնուկներ հըրահոսան. Հոն կը հյուսեմ երգ ու գեղոն, Ե́ս, սիրավառ, խանդո՜տ գուսան: Իսկ երբ օր մը խըլեն աչքես Իմ պաշտելի ուղիս` անհետ, Մութ գիշերներն` ու ոսկեգես Չըցոլա ա́լ արևն հավետ, Նորեն գըտնեմ պիտի ես հար Սիրույս ճամբան, մի՜շտ անմոլոր. Բավ է անոր ես անդադար Հըրայրքն ունիմ, պաշտո՜ւմ բոլոր: ԱՇՆԱՆ ԾՈՎ Տառապագին, աշնան հըզոր ծովը լըքուն, Երազողն է, միշտ այլայլված, ու միշտ դաժան. Իր տենդահար ալքերուն մեջ կա վիշտ մ’անհուն, Զոր ալիքներ մերթ հուզումով դուրս կը պոռթկան: Դեպ ի բարձունքն ամպերու գորշ գուլաներուն, Իր դողահար նայվածքները կը հառե ան. Լըքվա՜ծ, սիրող, տենչանքներով, հույզով եռուն, Որ կ’երազե միշտ դալուկ մը ճակտին վրան: Ու իր ցավը կըտանի լուռ խարակներուն, Որոնք ընդմիշտ կ’արհամարհեն զայն անտարբեր, Փափաքելով կարծես անկե խոսիլ հեռուն: Ծովեզերքեն մարդիկ կ’անցնին միշտ անգիտակ. Անկարեկիր` լայն ցավին որ զինքն է լափեր. Մեծ տառապողն ա՜լ երազուն է միս մինակ… < 1903, հունիս > ՀԻՇԱՏԱԿԴ Փըրփուրները քարափին Կ’երկնեն երազն հեշտավետ Իմ խոնջ հոգվույս մըրափին. Հույսի շող մը զիս հավետ Կը կապե նուրբ կապույտին. Կը պոստանա ծովն անհուն. Ու ալյակներ կը ժըպտին Հոգվույս տենդոտ իղձերուն: Անույշ արցունք մը սըրտիս Քուն կը բերե զովասուն, Ու դուն ինծի́ կը մոտիս Ջինջ նըկարով մը խոսուն: Ու սիրավառ, ես հանկարծ Աննյութ տեսքեդ խելահեղ, Կը պըլլըվիմ մըշտարծարծ Հիշատակիդ, ամեն հեղ: ԱՉՔԵՐԴ Փոքրիկ Արշալույսին Սընդուսե գըգվոտ եթերն աչքերուդ Ձյունափայլ ճակտիդ պարփակումին տակ, Գոհարատուփն է հըմայքով ջերուտ, Մետաքսառէջ, նուրբ կողքով ըսպիտակ: Բայց ադամանդի զերթ ցոլք փալփըլուն, Արցունքի երբոր շիթն հոն չի́ դողար, Թովանքը կապույտ այդ երկինքներուն Կը խուսափի, զերթ անծաղիկ թաղար: Եվ կամ գոհարի տուփին պես փայլուն, Բյուրեղ արցունքն, ուր երբեք չի ցոլար, Արևակին կամ թոշ սուտակներուն, Զըրկըված շողեն, ցոլքեն դողահար: ԱՇՆԱՆ ԾԱՂԻԿՆԵՐ Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն. Լըքված, անտերունջ հոգիներուն պես. Կը ցընդի անոնց բույրն անույշ ու վես, Հոգեվարք սիրտի հուսկ շունչին հանգույն: Գոս տերևներուն հետ, արագ արագ, Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն. Սիրազեղ բույրն ու թովքն իրեն հոգվույն, Կը մեռնին, հովուն հեծքերեն վայրագ: Արևուն վերջին ցոլքերն աննըշույլ Կը մարին գոգը ամպին մըթագույն. Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն, Օր մըն ալ ձյունեն սառելով բույլ-բույլ: Եվ հուզված սիրտն ալ սիրատանջ մարդուն Անըզգայության ձյունին տակ, ավա՜ղ, Կը սառի օր մ’ալ, ինչպես որ դեռ վաղ Կը մեռնի՜ն աշնան ծաղիկներ տըժգույն… < Բերա, 1903 > ՄՇՈՒՇԻՆ ՄԵՋԵՆ Բամբ սույլ մըն է` ո դեռ կը տառաքպի Այս գորշ առտվան մշուշին մեջեն. Տարտամ նայվածքներ դեռ կը դանդաղին Մըշուշին մեջեն, որ դեռ կը խոպոպի: Խոլ հսկան է ան` որ կը տառապի Հառաչ մը թողլով իր հիամր կողեն. Ձայնը` որ կու լա մըշուշին մեջեն Կարծես հոգեվար երգ մ’է կարապի: Թոշ ամպիկներեն դեռ կը վարանի Բոց տարփանքներու ցանցերովն հյուսված, Երազը կապույտ, հույսը ծիրանի: Հուրի մը սերըս անոր կը տանի. Թույլ մըշուշներուն մեջեն թանձրամած, Մինչդեռ կը հեծե սույլը տիտանի: < 1903 > ՔՈՒՆ Ցուրտ Աշուն մը սարսռագին Կը հևա իմ հոգվույս մեջ. Կ’իջնե գիշերը. Կյանքին Գիրքը կու լա էջ առ էջ: Սրսփանքներ տենդագին, Ու հծյուններ հիվանդոտ Հոն կը հածին, կը հանգին Եղերերգի մը տենդոտ: Ու, – Ձյունապատ հե՜ք քընար, – Իմ վես սիրտըս կը լըռե. Ու հոն հեծքն ալ չի մընար. Լոկ սարսուռն հոն կը բերե Իր վիշտերը խոլական, Ու տենչանքիս իմ հիվանդ` Ծաղիկները ա́լ չըկան, Չըկա՜ն անոնց բույրն ու խանդ…
-
Հանգի՜ստ երգեն թող ձեր բոլոր արծիվներ. Հանգի՜ստ երգե քընարս, որուն, ձեզ համար, Իբրև լար, Ես արծիվի տըվի այսօր աղիքներ` Որ գոռար: Թող ձեր շեմերը ողողվին վարդերով: Երբ գա լուսինն ու իր բիբերը բոցե Հածե` Բալասանո՜վ թող այս գիշեր ձեր դուռներն Օծե… 44. ՀՐԱՇՔԻՆ ԱՂԲՅՈՒՐԸ Աղջի՜կս, եկո՜ւր, քեզ տանիմ Բլուրին գոտի եղող ճերմակ ուղիեն Վըճիտ Աղբյուրն Հըրաշքին: Հիվանդներուն թափորն անոր կը դիմե Արևին տակ հազալով: Լուրթ ու կարմիր վարշամակով, խուռներամ, Կ’երթան դանդաղ. կը լըսե՞ս ձայնն աղոթքին Բլուրին գոտի եղող ճերմակ ուղիեն: Ձեռքդ ինծի տուր դո՛ւստըր, աչքերըդ ծածկե Ձյունասպիտակ քողիդ տակ` Որ ըզգաս խոր – մինչև դըպչիլը հոգվույդ – Արեգակին հոտն առողջ` Որ շուրջը մեր կը բարձրանա ավասիկ Անդորրավետ այգիեն: Տերևներուն տակ լայնշի Կը կարմըրին ողկույզներն, որքա՜ն ատոք. Որթատունկին կորակոր Կարծես գինին – որ աշնան Ծունկերուդ ուժ պիտի տա – Հողին վըրա պիտի թափի անհամբեր: Քալե՛, աղջի՛կըս, քալե՛, Մո՛տ է Աղբյուրն Հըրաշքին: Վատախտարակ ամբոխը զայն չըծածկած, Աղջի՛կըս, տե՛ս, ինչպե՜ս հըզոր կը բըղխի Ժայռին ծոցեն գուռին մեջ: Սարավանդեն թըխապըտուղ մորենին Անոր վըրա է կախվեր: Ո՜րքան մարգրիտ ակին մեջ. Եվ գուռին մեջ ո՜րքան լույս: Հովիտին խորը թագնված Ան ադամանդ ու երգ է, Երգ մըն է ան` մենության մեջ գըլգըլուն` Որուն ի լուր մայր բընությունը շուրջի Գիշերվան մեջ կ’ավշավետի, կը մեղմե Ծըլարձակման աշխատանքն իր ծանրակիր: Հեռուներե՜ն ու խորերե՜ն ան կու գա. Կ’անցնի թագուն անձավներե` ուր առկախ Շըթաքարեր կան լազվարթ Նայադներու աչքերուն մեջ արտասվող, Ուր կա սառույց բյուրեղյա` Որուն հազիվ կը հասնին Մայրիներուն վիմապատառ արմատներն. Հոն կան բրածո ադամանդյա խըլուրդներ, Մարգարտացած հին օձեր, Հոն կան հուրեր, լույծ ոսկիի լըճակներ, Լայնածավալ անտառներ` Իրենց մեջի մրրիկներով ածխացած… Հեռուներե՜ն ու խորերե՜ն ան կու գա: Եվ կը պատմեն թե առած է ա՛յն օրեն Պայծառությունն իր լուսեղ` Երբ սըրբուհի մը մոտակա գյուղերեն Եկավ անոր մեջ լըվալ Համեստ աչքերն այր մարդե բնա՛վ չհամբուրված: Ո՜հ, ջուրն է սուրբ, աղջի՛կս, ջուրը դեղ է` Գերեզմանի հոտ բուրող Ամեն տեսակ ախտերու: Հիվանդներու հոտն ահա Ի՜նչպես անոր լույսին վըրա կը հակի: Կ’ըմպե՜ն, կ’ըմպե՜ն, և ջուրին մեջ կը հազան. Կ’ըմպե՜ն, կ’ըմպե՜ն, և ջուրին մեջ կը տըքան: Կիներ են, տե՛ս, որ բընավ Վարդ շըրթունքներ և վարդ այտեր չունեցան. Ծըխախոտի արտերուն մեջ թունաբեր Ծառին բունին վրա բուսնող Սունկերուն պես դեղնեցան: Իրենց արգանդը երբեք Բեղմնավորել չզորեց սերմն առնական: Կ’ըմպե՜ն, կ’ըմպե՜ն, և կը կապեն մաքրենի Մորենիին ճյուղերուն Հարսանեկան նուրբ նարոտնին իբըր նվեր, Ու ավասիկ պտուկներն իրենց ծիծերուն Անգամ մըն ալ կը թաթախեն Աղբյուրին Զովության մեջ, ու կ’ըմպե՜ն… Տըղաքներ են, պատանիներ ջլախտավոր, Գործատունի մեջ ծընած, Որոնց աչքին մեջ խուժեց Արյուն մ’հիվանդ ու տեռատես, կամ որոնց Թևն ու սըրունքը, մեքենան հաստաբեստ Իբրև վիշապ մ’ամեհի` Խըլեց, խառեց, կուռ ժանիքովը կասկեց. Կու գան ահա՛ նըվիրական ջուրին մեջ Լըվալ իրենց Աշխատանքի վերքերուն Բերանն հրաբորբ, և բիծերն Իրենց երկար թարթիչին: Կույսեր են, տե՛ս, ժանեկազարդ քույրեր են` Որ բարձին վրա հալեցան Փըրփուրներու պես անգայտ, Որոնց թոքին կեսն, ավա՜ղ, Դատարկեց որդը սիրո, Եվ արդեն իսկ պըտըղցուց Սըրտերուն վրա իր սողոսկյունը ցըրտին: Ահա լայնշի քողերուն տակ կը հակին Աղբյուրին վրա, կը խըմեն փա՜կ աչքերով. Ավերն իրենց դեմքերուն Չըտեսնելու համար խորունկը ջուրին` Կը խըմեն փա՜կ աչքերով: Եվ կը զոդեն մազերնեն փունջ մ’օծանուտ Մորենիին` արդեն նվերով բեռնավոր, Ու կը դառանան մըմունջներով աղոթքի Բլուրին գոտի եղող ճերմակ ուղիեն: Դո՛ւստըր, ահա մինակ ենք. Հավատքը թող տաք անձրևի մը նըման Մեր սըրտերուն մեջ ցողի: Եկո՛ւր, եկո՛ւր, ո՜վ իմին Սերս անուշակ, Զանակացոլ ավազուտին վըրա նուրբ Ծալլե ծունկերըս դողդոջ Եվ Աղբյուրին վրա ծըռե: Ահա ես քողդ ե՛տ առի. ո՜րքան լույս Ճառագայթեց դեմքիդ վրայեն` ակին մեջ: Կարծես բերնին մեջ Աղբյուրին` երկինքեն Աստըղ մ’ինկեր կը ցոլա: Ըմպե՛, աղջի՛կըս, ըմպե՛… Եվ թող կուրծքիդ տակ մեռնի Եղեռնավոր սերն այն հըպարտ պարմանին` Որ քեզ տվավ իր մատանին, սիրտը` ո՛չ: Մի՛, մի՛ հազար, ըմպե՛, աղջի՛կըս, ըմպե՛: Այս ջուրը ջինջ Աստվածամոր արտոսրով Է քաղցրացած, թախիծդ ընդհուպ կը բուժե. Նորեն այտերդ գինիի մեջ թաթախված Շուշանի պես` պիտ’ բուրեն Գեղ ու առույգ թարմություն. Եվ երբ քալես պիտի սըրսփա միսըդ հույր Բյուր ձևերով ներդաշնակ: Ըմպե՛, աղջի՛կըս, ըմպե. Եվ Աղբյուրին ձոնելու Նըվերըդ ահա՛, կը տըրոփի ափիս մեջ. Տատրա՜կն է այս Աստղիկին, Վարդ կըտուցով, փետուրներով ձյունաթույր Տատրա՜կն` որ միշտ թևածեց Շուրջը գըլխիդ, ըստինքներուդ վրա թառած` Խըմեց ջըրիկն իր անհագ Սըրտիդ ակեն վիրավոր: Այս` քու հիվանդ սիրույդ պատկերը, մորթե՛, Գուռին քարին վրա մորթե՛: Հերի՛ք ծոցիդ մեջ գըգվես Գըլուխը ժիր և մագիլներն իր խոցող: Հերի՛ք լուսեղ ափիդ մեջ Կերցընես կուտն իր անգին. Աստղիկի պես տատրակը վարդ կըտուցով, Գուռին մամռոտ քարին վրա, Մորթե՛, աղջի՛կըս, մորթե՛:
-
40. ՃԻՎԱՂԸ Կ’ԱՆՑՆԻ Գիշերվան մեջ, փողոցներեն ամայի Կ’անցնի սարսափ մը թևին հետ հովերուն, Եվ բարտիներն անհունորեն կը սարսռան Աստղերուն մեջ ընկըղմած: Շուն մը նըստած գերեզմնատան պատվարին` Քաղքին վերև միշտ կ’ոռնա, Ու երդին վրա խոշոր կատու մը ճերմակ Բուխերիկին տակե հանկարծ կու տա խույս` Կենալով մերթ ուշադիր Քայլի մ’ըշտապ` որ թևին հետ հովերուն Կ’անցնի կ’երթա փողոցներեն ամայի. Կենդանացած կմախ մ’է, Կմա՛խ մըն է լուսասփյուռ Քողի մը սև ալիքին տակ ծածկըված: Գերեզմանի դեղին հողերն հորդառատ Կապիճներուն խոռոչներեն կը հոսին. Ու ծընոտները մըսաթափ Լըռության մեջ կը կափկափեն չարախինդ: Ջուրի նըման` ոսկորներուն մեջ քամին Հորձանապտույտ կը մըռընչե ու կ’անցնի: Ճամբուն վըրա պառկող շուներն` ավելի՛ Ցռուկնին իրենց պոչերուն տակ կը թաղեն: Գըլխուն վերև ճիվաղին Պատուհաններն շըռընդալից կը փակվին: Ան միշտ կ’անցնի. գարշապարներն ոսկրակուռ Մայթերուն վրա կը հընչեն` Ազդելով դողը մահվան Տուներուն մեջ հոգիներուն կըծկըված: Հոգիներուն դողահար: Քողին ծալքերը քամիեն փըքուռույց Փողոցն համայն կը ծածկեն, Եվ, ագռավի թևերուն պես, կը ծըփան Պատերն ի վեր լուռումունջ. Եվ կըմախքին անրակներուն ընդմեջեն Կը ջըրվեժին ժանտ թույներու փոշիներ: Օդը, աստղերը մինչև, Կը ժահրանա ու կը հեծե մահաբույր: Իր ժանտաժուտ շունչին տակ Վար կը թափին, թիթեռներու պես մեռած, Հիր ծաղիկները նըռենվույն գեղեցիկ: Ան միշտ կ’անցնի՜ կըրունկներով ոսկրակուռ… Պատուհանե պատուհան Ճրագներն ընդփույթ կը մարեն. Եվ գետակին սագերն, հանկարծ թևաբախ, Սարսափահա՜ր, սարսափահա՜ր կը կըռչեն: Բայց չի՛ կենար, կ’անցնի՛ ճիվաղն ահավոր… Մերթ ծիծաղով դիվահար Բաց մընացած դուռե մ’երկա՜ր կը նայի, Ու երբեմն ալ կը մըտնե նե՛րս: …Տունն այն խեղճ` Որ փողոցին ծայրը լըքված առանձին` Իբրև վանդակ մ’հովերուն մեջ կը դողա` Տեսավ անցնիլն իր շեմեն Սարսափելի ճիվաղին, Որ բարձրացավ սանդուխներեն զաղփաղփուն, Ընտըրեց քա՛ջն ամենեն` Որուն սըրտին բաբախյունները առույգ Կը լըսվեին լըռության մեջ գիշերվան: Մահասփյուռ քողն` իր ուսեն Անոր վըրա տարածեց. Ու համբույրով մ’ահավոր, Անկողնին մեջ, խեղդեց պարմանը կարշնեղ: Ժանտ շունչին տակ ածխացուց Արյունն, ու սիրտը լափեց… Հետո գընաց մըտնելու տուն մը ուրիշ` Անցքին վըրա թողլով բաց Հյուղակին դուռն, ու մարելով ներսն, ավա՜ղ, Տանը ճըրա՛գը պըլպլուն: Եվ դեռ նըստած գերեզմանատան պատին վրա Շուն մը կ’ոռնա քաղքին վերև անընդհատ: 41. ԳԻՐՔԵՐՈՒՆ ՄԵՋ Խոժո՛ռ գիրքեր, մե՛ծ գիքեր, Ահա ճակատըս այսօր ձեր էջերեն Վեր կ’առնեմ, դեպի արև՜ն, Ու կ’անիծեմ րաբունորեն բոլորնիդ… Բայց երկանային շողն ինչո՞ւ Հանկարծակի աչքերուս մեջ կը սառի: Եվ քայլերս այս, որ գիտության կրանիդե Ապառաժեն վերամբառնալ իշխեցին, Մարգերուն վրա ինչո՞ւ համար կը դողան: Ո՛վ խաբեբա գիրքե՛ր, գիրքե՛ր մահաբույր, Ես կը տեսնեմ որ ինծի Ոչի՛նչ տըվիք, առիք ամե՛ն բան ինծմե, Առիք գարունս և գարունն իմ հասակիս, Առիք վարդերը ճակտիս` Ձեր էջերուն մեջ դալկորեն թափթըփած. Եվ ջընջեցիք Աստվածս` որուն հավատալն Եթե իրավ պատրանք է Սակայն ո՛չ կյանքն, այլ Մահվան Ճշմարտությունն է պարտըվողը միայն: Այսօր ահա, գըրկած նոճի մը տըրտում, Գերեզմա՜նն եմ իմ սըրտիս` Որ իր թույնով թունավորված զերդ կարիճ` Այրեցավ իր իսկ կրակեն: Հանդեսներու խընծիղներուն դեմ փակված Պատուհանես` չանցա՜վ զեփյուռն Ապրիլին: Արշալույսներն երգեցին Եվ սըրսկեցին մարգրիտներ, Հարսնևորները, թըմբուկով ջահակիր, Դընելով պըսակ մը շեմիս` Տանս առջեն կաքավեցին ու անցան: Դուռըս փա՛կ էր, մընաց փա՛կ Դամբարանի մը նըման` Ուր հեգ մեռելը պառկած Լըռության մեջ կը ծյուրի: Ես ծյուրեցա… ո՜վ խոլություն մարդկային… Որ մարմինիս կաթիլներովը լեցնեմ Հոգվույս բաժակը լուսեղ: Եվ այսօր որ ավանդական ժամուն հետ, Եկավ Աղջիկն ըսպասված Ծըռիլ ուսես, և գիրքիս վրա ժըպտիլ, Շըրթներուս վրա մեռա՜ծ է Վաղանցավոր կյանքիս համբույրը արդեն, Համբույրն` որ հեշտ նախերգն է Իմաստնագույն կյանքերուն, Եվ վերցնելու համար, վայրկյա՜ն մը գոնե, Ձեռքն իր քնքույշ, բայց ծանրացած` գարունով, Իմ ձեռքս է տկա՜ր, դողդոջո՜ւն… Եվ, ո՛վ վիճակ ահռլի, Սիրտըս ծովուն ափին լըքված խեփորն է` Որուն մեջի կենդանին Արդեն մեռա՜ծ է շատոնց: 42. ԴԱԴԱՐ Միջօրեի դադարն է գեհենամռունչ գործատան. Ինչպես վիշապ մը թըմրած` կը նիրհե հընոցը տիտան, Բուխերիկին կլափին մեջ պահ մը ծուխն է խեղդըվեր. Ներսը գլանները արշավ, և անիվներն ընդհոլով Հանկարծ կեցեր են` իրենց ընթացքին մեջ խոկալով. Այդ անդորրին մեջ միա՛յն կարծես կ’ըլլան լըսելի Մեքենական ճախրանքին հոգնած հևքերն ահռելի: Ընկե՛ր, թույլ տուր շողշողա երկաթներուն գագաթին Բանվորներուն քիրտն առատ, գոհարն իրենց ճակատին. Թույլ տուր որ ներս մոռացվող արևուն մեջ, թռչըտուն, Զըմրուխտ ճանճերը բըզզան` հեգնելով կյանքը մարդուն, Կանգնե՛ դուն մայր-դըրան քով. Տե՛ս պատառուն շապիկով Անոնք փողոց կը խուժեն, ու կ’ընդլայնին իբրև ծով: Ռամիկ ուժին բանա՜կն է, հանճա՜րն է վաստակին Որ կըրեր է դարերու կոթողն իր հաղթ քամակին: Սա փոշիով և կուպրով ծեփված գլուխներըը տիտան` Որոնց վարսերը երբեք աստղերուն մեջ չըլոգցան` Կը կարկառվին, խենդի պես, դեպի հովերը քաղցրիկ, Գարնան բույրով կ’ողողեն իրենց բիբերը հըրձիգ: Ծերերն ունին կըռնակներ ծալլված մինչև գերեզման` Որոնց խորեն կը լըսվին ճարճատյուններ ողբական Համրորեն վար թավալող ողնային փուտ սյուներու: Եվ կույսերն են դալկահար, կմախներ թոռմած վարդերու, Թիթեռներուն թևին վրա զո՜ւր կը շողա թանկ փոշին, Հնոցին մոխի՜րն է ցանվեր իրենց երկար թարթիչին: Ահա մայրերն աղճատված, և արգանդները անբավ` Ուր սերմի հունտն արցունքի կաթիլներու փոխվեցավ, Ահա ծիծերը, քամված ողկույզներու հանգունակ, Որոնցմե բյուր սերունդներ խըմեցին մաղձ ու պատրանք: Հարյուր հազա՛րն են անոնք. բանակներն են զոհերու` Զոր կը տանին միշտ Ոսկյա Հորթին առջև մորթելու. Ունին տաղված դաստակներ, և կըռնակներ ողընտեռ. Այժըմ միայն թիթեղի կ’արձակեն փայլը աղոտ. Իրենց սըրտին ծաղիկներն են խամրած, ծղոտ առ ծըղոտ: Ճակատնե՜ր` լի խորշոմով, խորշոմնե՜ր` լի քըրտինքով. Արյունոտ հաց մ’են կերեր` իրենց հոգին ծախելով: Գիտեն որ այդ վաստակով պատանք մը լոկ կը ստանան. Բախտ մ’է սակայն ունենալ կուշտ փոր մը օրը մահվան: Հարյուր հազա՜րն են անոնք. անոնք են որ կանգնեցին Անմահությունն բուրգերուն, և խորհուրդներն ըսփինքսին: Կմախնին, մարմար առ մարմար, սանդուխ ելավ գահերուն` Ուրկե Դենպետն ու Արքան ելան մինչև աստղերուն. Մինչև այսօր, հիմին տակ պալատներուն, կը գըտնես Շուշանն անոնց կրծոսկրին, անբավ սրտերն ողջակեզ. Անոնց արյան շաղա՛խն են պատերը մռայլ Եըլտըզին. Անոնց լուսեղ քըրտինքին մարգրիտներով են ծեփված. Անոնց խոփին նախ հանձնեց կորդ բընությունը` Աստված. Կուռքերն անո՛նք դրոշեցին, և նույն անո՛նք զոհ եղան. Խաչն անոնցմով ճանանչեց, բայց ուրիշներ փըրկվեցան. Հըղկեցին միշտ իրենց հաղթ ոսկորներով կարծրացած Հաղթողներու նժույգներուն լայնշի պայտերը արծարծ: Փեռեկտեցան պարեխներն անոնց ուժին դեմ ռամիկ` Եվ հոսեցին ոսկիի և արյունի ջերմ ալիք, Եվ մեր դարուն Հաղթության Կամարն այսօր կը հանգչի Հարյուր հազա՜ր բանվորի ուսերուն վրա արճիճի: Ու երբ այսօր ելլելով գործատունեն` կը ցըրվին Կորագըլուխ, մերկալանջ, անոնք նըման են գերիին` Զոր աճուրդի կը հանեն տոնավաճառ օրերուն: Նըման գետին, որ ակեն դուրս ժայթքելով փրփըրուն Կը բաժնըվի սըրընթաց առվակներու անհամար, Անոնք կերթան ծավալիլ գռեհներուն մեջ հազար. Բյուրապատիկ գլուխներու անդընդածին ալիքով Քաղաքն ամբողջ կ’ողողեն` ամեն անկյուն հորդելով: Բոլոր քաղցա՜ծ են, քաղցա՜ծ, քոսոտած շան մը նըման` Զոր խաշնարածը հոտեն հալածեր է անգուման: Սակայն իրե՛նց է ինչ որ կ’իյնա կտուցեն վար ցինին. Իրե՛նց է խյուսը թեփին, բայց ո՛չ նըկանն ալյուրին. Խառնապուրներն իրե՛նց են զոր գըլխահակ կը լակեն Ճակատներե վար` անոնց մեջ քըրտինքներ հոսելեն. Նեխած միսերն իրե՛նց են, ու բորբոսները հացին` Զոր կը գնեն ումպ մը ջրով կըրպակներեն փողոցին. Երշիկն իրե՛նց է, լեցված ճարպով ծեր ջորիի, Հետո ծխարմո՜րճը սևցած, միակ ըսփո՜փն հոգիի: Ահա՛ բոլոր հույսն անոնց, երազն անոնց փորերուն` Զոր կ’երազեն գործատան միջօրեի հեշտ ժամուն… Ու կը քալե՜ն, կը քալե՜ն, փոշվով, կուպրով միշտ ծեփված Նեղ կու գան այդ ուղխերուն պողոտաներ լայնաբաց: Իրենց հորձանքը կարծես խուլ զայրույթով կը փորե Դղյակներու հիմունքներն ու սալարկներն որձքարե: Կարծես մեռե՜ր են Քաղքին մեջ մյուս կյանքերն ինքնագոհ Միայն Սարսափն այդ ահեղ բանակներուն` կու տա գրոհ. Սիրտերն հըզոր կը տրոփե՜ն, և միշտ կ’ըլլան լըսելի Սովալըլուկ կողերու բաբախյուններ ահռելի. Կը կըճըրտվին ակռանե՜ր, ու կը ծամվին լեզունե՜ր. Քաղցը ինքզինք կը կըրծե, գազանի պես շաղղակեր: Ախորժակներն, ավելի գըրգըռված եղկ արևեն, Կը զայրագնին ու քարեն իսկ հացի հոտը կ’առնեն: Դուն կը լըսե՞ս, ո՛վ Ընկեր, գըռեհներեն բյուրավոր Մըշտագալար փորերու խուլ աղաղակն ահավոր: Բիբերն հանկարծ կ’ընդլայնի՜ն, և ըղեղները կ’եռա՜ն. Կը սեղմըվին բըռունցքներն` ուր կը ձուլվի Ապագան. Ճարճատյունին ընդմեջեն կըմախներու տըրտմագին Աստվածային ոճիրներ կանչող ձայնե՛ր կը լըսվին: Օ՜, այս սիրտերը հըսկա, որոնց տրոփները, նըման Փոսապեղի մը բրիչին հարվածներուն, կը թընդան. Օ՜, բազուկներն այդ ստրուկ, խարանված բորբ երկաթով, Որոնք կարմի՜ր պիտ’ ըլլան օր մը գանկե՛ր դարբնելով. Օ՜, այդ քայլերն, որոնց բիրտ սանդալներուն հունչը գոռ Փողոցներուն թե՛ երգն է, թե՛ մահազանգն ահավոր. Օ՜, իրաններն այդ ռամիկ, այդ մարդակներն` որոնք ցանգ Աշխարհը վեր են բըռներ, ու փըտեր են անոր տակ… Ատոնք բոլոր մըրրի՛կ են, ատոնք բոլոր կայծա՛կ են` Որոնք գոռան պիտի օր մ’ու Մարդկությունը սարսեն: Վաղն, ո՛վ Ընկեր, պիտի այս ամբարտավան Քաղքին վրա Ճայթի Ամպրո՛պն, ու վառե հազար ջահերն իր հըսկա, Զի կը տեսնե՞ս գըռեհներն, հույր աղիքները անոր, Գետնահարկերը խոնավ, կոյուղիներն աղբաթոր. Եվ կը տեսնե՞ս անոնց մեջ Քաղցին ճիվաղն հոգնահեռ` Ով քինահույզ կը սողա, կուշտին կը կրե կայծակներ. Վաղն, ո՛վ Ընկեր, ո՛վ Ընկեր, Քաղաքին վրա այս գոռոզ Պիտի Ամպրո՜պը ճայթի, վառե ջահե՜ր բարբարոս: 43. ՄԱՅԻՍ ՄԵԿ Քընարս այսօր կըտըրտելով լարերն իր, Ձե՜զ կը կանչե Արևելքեն Արևմուտք, Ո՛վ դուք Հաց՛ի զոհեր, որ ունիք միշտ արևու Պասուք: Այս առավոտ` գըտա հասակըս թաղված Հեղեղին մեջ շուրջըս ծաղկած վարդերուն. Եվ կանգուն` Խմեցի ավիշն հողին, երգերը բոլոր Բույներուն: Ինծի՛ եկեք, ես կախարդն եմ Մայիսին. Ձեր քըրտինքն ես կ’ընեմ գոհար ցողն անգին Վարդին. Կը հեղում ձեր ոսկորներուն մեջ ցամքած` Արփին: Ինծի՛ եկեք գործատունեն` ուր երկար Շաղվեցիք դուք մեր աշխարհին ցեցակեր Նո՛ր հիմեր. Փուռեն` որ ձեր գըլխուն, սըրտին վրա` մոխիր Է ցաներ: Ինծի՛ եկեք նավարանեն` ուր կռեցիք Նավեր, վաղվան ձեր դագաղները պողպատ Ելե՛ք արդ Աղիքներեն հողին, ճահճին արգանդեն, Դա՜շտն ու ա՜րտ: Ինծի՛, ինծի՛ եկեք այսօր բոլորնիդ. Սիրտս ա՜յնքան բոց ունի, հոգիս` ա՜յնքան լույս` Որ ձեր խյուս Ցեխերեն իսկ կը շաղվեմ նո՛ր Մարդկություն Եվ նո՛ր Հույս: Հերի՛ք հյուծաք նըկուղներուն մեջ խոնավ, Եվ ունեցաք միշտ կարոտ, նման խըլուրդի, Օդի, Եվ ժանգի պես երկաթներուն փարեցաք, Նոթի՜: Թող ձեր մուրճն ա՛լ չըկայծակե սալին վրա. Մըխված մընան թող ատամները սղոցին` Հեցին. Կոճղին խըրված` թող խեժերեն ժանգոտի Կացինն: Ի՛նչ փույթ թե որբ մընա շարժիչ մեքենան, Եվ գործատան մեջ ճիվաղներ սողան լուռ. Ի՛նչ փույթ ո՛ւր Դառնա ճախրակն, ու խորտակվին լույծ փոկերն Ընդհանուր: Դե՛հ քրտնաբույր ձեր շապիկներն հանեցեք. Թող ճենճոտած ձեր գըտակները նետվին Հնոցին. Գլուխնիդ այսօր պիտի սուզիմ արևուն Բոցին: Ինծի՛ եկեք, եկեք ինծի՛, Եղբայրնե՛ր, Ձեր ամենուդ այսօր տոնն է Մայիսի, Վասընզի Հողն ըստեղծիչ, ձեր ըստեղծիչ արյան լոկ Կը խոսի: Զեփյուռն ահա՛, ո՛վ տառապյալ հոգիներ, Ձեր կուրծքերուն բացե՛ք վերքերն` իր անգին Խունկին. Աղբյուրն ահա՛, թո՛ղ գըլուխնիդ իր լույսին Հակին: Դեղձին ահա՛, ծաղիկներն իր կ’անձրևե Ձեր կոշկոճված ձեռքերուն վրա արյունոտ. Եվ կարոտ Կը զգա մայրին` որ գըրկեք զինք թևերով` Վիրոտ: Ահա Արև՜ն, Արև՜ն ահա. լոկ ձեզի` Այսօր կ’նայի. կը համբուրե միայն ձե՛ր Ճակատներ. Ան` բոլոր մյուս ճակատներուն վրա իշխող Է թըքեր: Ձե՛րն են դաշտեր, ձե՛րն է Քաղաքն, որուն լուռ Փողոցներեն պետք է անցնի լոկ այսօր Ձե՛ր թափոր, Դրոշներ ծըփան, ծաղկին հույսեր, և գոռա Շեփոր: Հանգի
-
ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ < 1 > ՓՈՇԻՆ Ռուբեն Զարդարյանին Շարքովն եզերված բարտիներու հոծ Լայն ճամբուն վրա, քաղաքին մոտիկ, Իրիկնամուտին, պայծառ խորոտիկ, Փոշիի պար մը կ’ելլե հողմակոծ: Կ’ոլորվի թախծոտ, կը շրջի տխուր Ուռեցած շունչովն բիրտ հովին հըսկա. Սիրտըս հուզված է, միտքըս կը խոկա Նենգություններուդ, դավերուդ անլուր: Եվ ինչպես հովը կը քալե արագ, Փոշիի անթիվ ամպերուն բոլոր Ցրվելով խառնակ տարրերը մոլոր, Տիրապետումի հույզերով վայրագ: Արհամարհանքիս հովն ալ անխընա Պիտի ընոտնե փոշին կեղծ սիրույդ, Եվ ժըպիտներուդ մեջեն պատրանուդ Սիրտըս միշտ կանգուն պիտի բարձրանա: < 2 > ԾԱՂԿԵ ՔԱՌՅԱԿ Քերթողի վառ խանդով գրված Քառյակներեն ավելի, Ես կը սիրեմ նրբակազմած, Գունեղ քառյակը ծաղկի: Նկարագեղ ոճով գծված Պատկերն հուզիչ է նվազ, Քան դաշտերե լայնատարած Քաղված ծաղիկն հեշտանազ: Հո́ն, բաժակին մեջ ծաղիկին Ոսկեփոշի թևով գեջ, Սիրով պատած սիրտի մ’անգին Կ’առնե պատկերն ելևէջ: Այդ պատկերը շատ ավելի Հուզիչ է` քան քերթողին Հույզով մ’անհուն, անպատմելի Գրած տողերն քառյակին: < 3 > ՄԵՐԺՈՒՄ Մեկ համբույրըդ զիս պիտ’ ըներ երջանիկ, Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկ, Դժնե «ոչ»ըդ թքիր ինծի անտարբեր. Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր: Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկ Ու սևերու մեջ թաթխեցիր իմ մեղմիկ Ժպտիս ցոլքը, մերթ վառվռուն, մերթ հանդարտ. Ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ: Դժնե «ոչ»ըդ թքիր ինծի անտարբեր, Այդ «ոչ»ըդ սուր սիրտես սորեց արյուններ. Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտածին Գալարեցուց սևերու մեջ իմ հոգին: Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր. Վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր. Այն օրեն երբ սև բաժակըն այդ թույնի Ըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ’արյունի: 1902, Սվազ 1903 ԴԵՂԻՆ ՎԱՐԴԵՐ Դեղին վարդեր մայիսի, Բուրումներով խնկավետ, Թալկության մը մեջ հավետ Կը տժգունին մեկուսի: Հեք սիրտերու մըտերիմ, Տժգո՜ւյն վարդե՜ր մայիսի, Հեշտ նազանքով մը կույսի, Ու, հատնումեն ոխերիմ, Կու լան: Հևքով նըվաղկոտ Եղկ բուրում մը կը խուսի Տժգույն վարդեն մայիսի. Ու կանգ կ’առնե իսկույն հոտ: Լըքված հոգին մեկուսի Որ կը մըխա անտերունջ, Մինչև խամրի ալ անշունչ Վարդերուն պես մայիսի: ՀԻՇԱՏԱԿ (Սիրերգ) Մութ ըստվերներ, ծավի լույսեր ցիրուցան` Ցուրտ սարսուռով, լույս-հույզերով պարուրված, Հըպումով մը ազդու` եկան ու անցան, Հուրքոտ բոցեր միայն թողլով շըրջահած: Այդ բոցերը փայլեցան հոս մըշտարծարծ, Մեր վառ սիրույն հընոցին մեջ ոսկեծին, Անէացած, խելահեղած հեղակարծ` Պըլլվեցա հիշատակիդ առանցքին: * * * Անցար, գացիր, բայց թողուցիր արյունող Ասղընտունքը տագնապահույզ լըքումիդ. Բոց սերեն վերջ` լըքումի վիշտը մրրկող: Չէ́, մի́ ըլլար, անգո՜ւթ, այդչափ եսասեր` Սըրտիս` որ դեռ չէ́ վարժըված աներկմիտ Մոռացոնքին: Ան չի կըրնար սառիլ դեռ: ՏՂՈՒ ՄԸ ՄԱՀԸ Գարուն է, ծիլ առին ծաղիկն ու դալար, Կը շողա լույսն եթերին մեջ կապուտակ. Ձըմրան խոժոռ երկինքը որ միշտ կու լար` Բիլ հըրճվանքով մը կ’ողողվի ա́լ հիմակ: Կյանքի գարնան մեջ դուն ծաղի՜կ նորածիլ. Աղետաբեր խորշակով մը խամրեցար. Մանուկ հոգիդ ալ – հեշտ բուրում մը – հածիլ Գընաց կապույտ անհունին մեջ լայնատարր: Անվերադարձ մեկնումդ, ավա՜ղ, մենք կու լանք Խուլ հեծքերով ու արցունքով դառնագին, Եվ կը մարի մեր սըրտին խինդն ու տենչանք Քու արևիդ շիջումին հոծ շուքին տակ ` Չըխորհելով թե անըստվեր քու հոգին Զըվարթումի վերացում մ’է ա՜լ հիմակ: ԲԱԺՆՎԱԾ ՍԻՐՏԵՐ Հևքոտ շունչեր կու գան ման, Ու հըրճվանքով կը ժըպտինք. Կ’երկնեն կապույտ մ’աննըման Բիլ ծովն անհուն ու երկինք: Եվ բուրումներ կու գան ման, Ոգևորում մը հեշտին Արբշըռանքվ մը հուզման Կ’ամոքե վերը վըշտին: Հոգիս ունի խինդն այգուն, Ու դայլայլը թըռչունին. Սիրտըս քընար մ’է անքուն Որուն երգեր ցավ չունին: * * * Երազի մը պես գացին, Տարիներըս սահեցան Այն օրեն` երբ ըզգացին Սիրտեր ցունցը բաժանման: Երբեմն արցունք մը ցավի, Զիս վըրդովեց խըռովքով. Երբեմն ալ հույս մը ծավի Շողաց հոգվույս մութին քով: Բաժանումեն վերջ, իրա́վ, Ի՜նչ գորովով, ի՜նչ խանդով Կը փարին սիրտեր, ծարավ` Միացումին հեշտանքով: * * * Երազանքներ զիս կ’օրրեն Օրորումով մը հանդարտ. Հեռուն լոռնեն, ձորերեն, Միշտ կը հառիմ ես անթարթ, Ծածանումիդ մոտալուտ Հույսերովը մոլորուն, Տենդով կըսպասեմ գալուդ, Ցընծումին մեջ երգերուն: Ալ սիրտս ունի խինդն այգուն, Ու դայլայլը թըռչունին. Հոգիս քընար մ’է անքուն Որուն երգեր ցավ չունին: Կ. Պոլիս
-
Բավականին երկարատև ընդմիջումից հետո փորձեմ շարունակել կիսատ թողած շարքը. 36. ՄԵՌՆՈՂ ԲԱՆՎՈՐ Քամին կ’ոռնա ու տընակն իր հիմերեն կը ցընցե Իբրև ահեղ դամբարան: Ծյուրախտավոր բանվոր մ’հոն կը վախճանի մազկըռինչ` Խարին վրա հոտևան: Հանո՜ւն պատառ մը հացի` գործատան մեջ թաղեց ան Ճառագայթներն հոգիին. Տըվավ փերթ փերթ որ ուտեն մեքենաները վիշապ Միսերն հուժկու կըռնակին: Անիվներուն ակռաներն ողնածուծո՛վն օծանեց, Եվ սըրբեց իր մազերով. Հընոցին դեմ` մերկալանջ, ժահրոտ օդին մեջ` մըղձկուկ Ապրեցավ միշտ մեռնելով: Արդ տապալող նոճիի հանգույն բան մ’է այդ տըղան, Այդ հա՛ղթ ռամիկն երբեմնի: Երկաթներու հետ պայքար մ’եղավ իր կյանքն հարատև. Արդ կը փըշրի զերդ վանի: Գերեզմանին դեղին հո՛ղն իր աչքերուն վրա կապույտ Սըփռեր է Մահն անժըպիտ. Մեղրամոմի պես մարմինն ահավասիկ կը հալի Մատերն ի վար շիթ առ շիթ: Ի զո՜ւր գարունն երազեց, և հովերուն մեջ ազատ Կաղնիացումն հասակին. Ի զո՜ւր տենչաց երգով լի շրթունքներն իր երկարել Աղբյուրներու ջինջ ակին: Արևուն տեղ` դալկություն, շուշաններու տեղ` մըրուր Պըսակեցին ճակատն իր: Սիրո երգին փոխարեն` եկավ փըրփրիլ շըրթունքին Հըրատապ հազ մը կարմիր: Արդ կը հազա՜, կը հազա՜ իր զոհի գլուխը դրած Ծոցին մեջ մո՛րն աղեկե՜զ` Որուն կուրցա՛ծ աչքերն իսկ արտասուք կը բըղխին` Հողեն պըտղող ջուրին պես: Վար կը կախվի սընարեն Հիսուսի խաչը կարմիր, Բայց ճակատին վրա չինկած Շիթ մ’Արյունեն փրկության-որ սառե՜ր է խաչին վրա– Ինք կը մեռնի, վաստակած: Քամին կ’ոռնա ու տընակն իր հիմերեն կը ցընցե Իբրև ահեղ դամբարան… Ու սև կատուն տընակին կը մըլավե՜ խելահեղ Ճանկըռթելով շեմքը դրան: 37. ԽԱԲՎԱԾ ԿՈՒՅՍԵՐ Կ’աշխատեիք հյուղակին մեջ, ճըրագին տակ արդար, Հարուստներուն պատմուճան, մերթ ալ պատանք կարելով. Ասեղն հյուծած մատներուդ միջև ցուրտեն կը սարսռար… Հոգինիդ էր անվըրդո՜վ: Բայց հեշտությունն ամբարիշտ կը դավեր քա՛ղցը ձերին, Եվ ծախեց ձեր հոգիները` գընելով մարմիննիդ: Անմեղությունն անպաշտպան` կուրություն մ’է երկնային` Զոր խաբեցին ուխտն ու ժպիտ: Օ՜, այն հարուստ պարոններն, այն հըտպիտները շըքեղ, Որոնք ոսկի ցանեցին` որ բոզությունը հըձեն, Ձեր հյուղերեն ներս մըտան սիրահարի պես անմեղ, Եվ դուրս ելան քըրքջալեն: Ձեր սիրտն անոնց համար լո՛լ բաժակ մ’եղավ գինիի` Զոր, պարպելե վերջ, հարբածը կը կոտրե հաճույքով: Ու օր մ’ալ երբ մայր եղաք` անոնք ըրին ձեզ այրի Արցունքներու մեջ թողլով: Եվ փողոցնե՜րը ինկաք. Դուք օր մ’ազնիվ բյուրեղներ, Կոխոտվելով մարդերեն` եղած էիք այժըմ ցեխ: Սակայն ոճիրն հըտպիտին արգանդնուդ մեջ գոհար մ’էր, Եվ կը մեծնար սիրազեղ: Դուք կոչվեցած Գաթինա, և կամ Ֆանթին արտալած` Որ պաշտպանեց բոզությամբ իր մայրությունը անզեն. Մարգարիտա կոչվեցաք` Դըժոխքեն իսկ պըղծըված, Մարիամ` եղծված Երկինքեն: Ես կը տեսնեմ ձեզմե մին կեցած ահա հորին քով: Սըրտաճըմլիկ փորին վրա կիներ ծածուկ կը ժըպտին: Իրմե հեռուն կը խուսեն կույսերն անբիծ` զինք թողլով Իր դույլին հետ` առանձին: Ահա ուրիշ մը լըքված` խավարներուն մեջ հյուղին… Կը հանդերձե նորածինն իր վարսերով տըխրաշուք. Քըքույշ բերնին կը ճըմլե ծիծերն, ուրկե կը ծորին Կաթերու տեղ` արտասուք: Խարտիշուհի մ’հերատո՜ւկն ահա կ’ըլլա փողոցին, Եվ իր սերը կը դընե հացի մ’համար գըրավի: Ու օր մ’ալ` երբ ճարահատ` դուռը զարնե բոզնոցին, Դըժո՛խքն իրեն կը բացվի: Եվ դուք, ծեփած սընգույրով բոլոր ամոթն այտերնուդ, Ահա կ’անցնիք բյուրավոր տըռփանքներուն ընդմեջեն. Ա՛լ միսերնիդ կը լըկտան` բաց ի ձերին մայրագութ Նվիրագործված ըստներեն: Ես կ’արտասվեմ ձեր վրա, ո՛վ տարաբախտ իմ Քույրեր. Ես ձեր այպանքը կու լամ` աչքերս այպեն փակելով. Գինետան հույր տակառին կատարն եք դուք պըսակեր Ձեր կուսության պըսակով: Զազրաթորմի ձեր մազերն հոգվույս վըրա կը սողան` Շընչելով քեն մ’արյունիս, օձերու պես թունավոր. Եվ ես քենո՛վ կ’անիծեմ դարուս կավատ Մարդկության Ոսկի Հորթերը բոլոր: 38. ՄԵՔԵՆԱՆԵՐԸ Արեգակին մեջ ամրան, որուն բոցով կը մըրրկին Արծաթացոլ գըմբեթներն ու տանիքները Քաղքին, Կը ցըցվի բա՛րձըր կատարը գործատան մըշտագոռ: Մուխը բարդ բարդ կը պոռթկա բուխերիկեն լայնորկոր` Ճակատն երկնի ծեփելով կարծես կուպրով թանձրամած: Կը սողոսկին շոգիներ պատերուն շուրջը քըրտնած. Ու կը մըռնչե գործատունն ընդերքներեն բոցավետ: Մենք, ո՛վ Ընկեր ջահակիր, այնտե՛ղ մըտնենք քեզի հետ, Մենք սերմանող մըրըրկի, տառապանքի հընձողներ: Օ՜, ի՛նչ ժըխոր, ի՛նչ պայթում. ալիքն օդին ջերմաջեր Մարմինս ամբողջ ողողեց ծըծումբի պես հոսանուտ:: Ի՜նչ թավալում ահավոր զանգվածներու մառախլուտ… Հազարավոր բանվորներ մըկանունքով կը ստեղծեն` Ողջագուրված` պողպատին, բիրտ ուժին հետ համորեն, Կը ծառանան բոցին հետ, ու մոխիրին հետ կ’իյնան, Ու կը պըրկեն, կը կըրծեն, ու կը կըռփեն հաղթական` Մինչև որ նյութն ապստամբ գեղ ու արժեք կը ստանա, Հոն բուրդն ըլլա` լուսակիզ, քըրտինքն ըլլա` շափյուղա: Եվ կը մըռընչե Աշխատանքն, Աշխատանքն հոն կը ստեղծե Իբրև վիշապ` բըռնըված օձագալար երկունքե: Փողրակներուն ընդմեջեն, մինչև չորս ծագն Աշխարհին, Կը հոսին միշտ ծութ առ ծուփ տաք ալիքներն ոսկիին: Մեքենաներն հոս կ’իշխե՛ն ըղեղին վրա մարդերուն` Իբրև հրեշներ վիթխարի` որջի մը մեջ մըշտարթուն: Հաստ գըլաններ զուգարշավ, գըլուխներով ահագին, Մինչև ձեղուն խորդալով կը ծառանան. կ’ընկըղմին Հետո իրենց կըլանող անդունդին մեջ մըթապատ: Դատարկին մեջ սուլելով կը թավալին անընդհատ Հըսկայածիր անիվներ, ու ակռանին իրարու Լինդերու մեջ մըխըրճած` կ’ոռնան նըման շուներու: Փոկերը պիրկ կը ձըգվին ճախարակե ճախարակ, Ու կը հոսին խըժալուր` ջըրվեժներու պես արագ Լիսեռներու գոգավոր շըրջանակին ընդմեջեն. Մեքենական կազմվածքին անոնց ջիղերն են հրեղեն` Որոնցմե մին թե բեկտի` աշխարհներն այդ ներդաշնակ Կը ջախջախեն մեկըզմեկ, աստղափըշուր, եղերգակ, Գուժելով մահն Ոսկիին, և փըրկությունը Ույժին: Կարկահներու անհամար կըկոցներուն մոլեգին Մեջեն կ’անցնին պատառները բուրդերուն մեծաշահ. Գեղմը փափուկ, ձյունեղեն, ատամներով պողպատյա Կը հոշոտվի գեղագեղ` անբըծության նըմանակ. Եվ ծվենները թըռչուն թիթեռներու պես ճերմակ` Գըլաններու կատարին, պատերուն վըրա կը թառին, Եվ կամ կ’իջնան լույսի պես` բանվորներու գըլուխին: Թեռերն հետո նըրբոլոր, առեչներուն ընդմեջեն, Ճաճանչի նըման հապըշտապ կը խուսափին ուղխորեն, Եվ շար ի շար, լուսաբեկ, բյուրապատիկ թելերով, Կը ջըրվեժին ճախրին վրա ճախրակներուն մըշտահոլով` Որոնք արբշիռ կը դառնան, ու կը փաթթե՜ն, կը փաթթե՜ն Զանոնք իրենց հաստաբեստ իրաններուն վրա շըրջկեն: Մեկ ծայրեն մյուսը կ’եռա գործատունն այս հաղթակերտ, Մեկ ծայրեն մյուսը կ’ոռնան մեքենաները ժըմերտ Իրարու մեջ թավալող, և իրարմե արտալած Աշխարհներու հանգունակ, անհունին մեջ խենթացած: Կը զեռա վարը կաթսանգոլորշիով առլըցուն` Ընդհատ ընդհատ պուղլով մեծ կափարիչն: որմերուն Աղյուսներն հար արյուններ կը քըրտընին շոգիեն. Ձեղունն ի վար կը կաթին արտասուքներ օդեղեն: Կյանքը այստեղ կը ստեղծե խավարին մեջ մեռնելով… Վա՛րը, հընոցն անդադար դեռ կը կատղի բոցերով, Ոսկի՜, ոսկի՜ կը լափե, դուրս կը փըսխե միշտ մոխիր, Եվ ծուխին հետ միասին տարածելով լույս մը հիր` Կարծես արյուն կը ծեփե մեքենաներն ու մարդեր: Այս գեհե՜ն մ’է, գեհե՜ն մ’է, ուր կը հուսան, ո՛վ Ընկեր, Սա բանակները կըմախք, սա բանվորները ոսին. Եվ միշտ ի զո՜ւր կը խընդրեն ազատությունը օդին` Որուն մեջ խըլուրդն իսկ լույսով և բուրումով կ’արբենա. Ի զո՜ւր անոնք կ’երազեն հողին համբույրը հըսկա Զոր լիաբուռ սերմանողն` անմահության է հընձող. Ի զո՜ւր կ’ուզեն, ծիտի պես, լոգանքն երկնի լուսաշող. Աչքերն անոնց կը կուրնան արեգակի կարոտեն: Միշտ կա երկաթն իրենց շուրջ, երկաթի ժխորն համորեն: Մեքենա՛ն է իրենց տերն, իրենց օրենքը անեղծ, Որ կը մռընչե անդադրում հոգիներուն մեջ տըխեղծ, Որուն անոնք կ’աղերսե՛ն, կը ծառայե՛ն, կը հուսա՛ն, Եվ փոշիին կ’ըմպեն ուղխն` աղբյուրին տեղ ռոշնական: Հընոցին բոց երախեն, ժանիքներեն ճախրակին Որպեսզի հացը կորզեն` տըվեր են կյանք գարնային: Արդ կը տեսնեմ, ո՛վ Ընկեր, որ խորդացող այս գլաններ Պատերն ի վեր կը զգայռեն անմարսելի արյուններ. Եվ իրար մեջ թավալող անվակներն այս գահավեժ Կը հափըշտակեն իրարու լինդե միսեր գեղագեշ: Ես կը տեսնեմ այս պահուս` որ աղմուկն այս խելահեղ, Մըշտաթավալ, շոգեմուղ մեքենաները ժանեղ Դահիճի պես կարմի՜ր են և կը պոռթկան ձեղունին Զիրենք ճընշող մեծ Եղեռն, անպատմելի Եղեռն հին` Որ կը սողա կռանակուռ իրենց փորին մեջ անկուշտ: Երեկ, Ընկե՛ր, սըրատամ սա ճախարակն արյունռուշտ Կատաղորեն հափափեց, փըշրեց ոսկոր առ ոսկոր, Աչքերնին լի գարունով զույգ մը կտրիճ գործավոր: Ու դեռ կ’հոսին ծուփ առ ծուփ մինչև չորս դին Աշխարհին, Փողրակներուն ընդմեջեն տաք ալիքներն Ոսկիին: 39. ՄԱՄՈՒՍ ԱՂՈԹՔԸ Լիալուսնին դմ նըստած Մամըս ալևոր կ’ընե աղոթքն իրիկվան: Գըլխուն վերև սև չըղջիկներ կը դառնան. Կ’ապրի սըրտին մեջ Աստված: Շըրթունքներն իր (սո՜ւրբ վարդեր Թոռմած առջևն Աստվածամոր խորանին) Կը շարժին ա՛յնքան մեղմորեն` որ հոգին Իր ըսածն ի՛նք չի լըսեր: Ցո՛ւրտ շողին տակ լուսինին Հանդարտորեն վար կը կախվի գլուխը ծե՜ր, Տըխրահա՜կ, խո՜նջ, իբրև նմանիլ ան ուզեր Մեր այս դարուն հավատքին: Հայր մեր… Բայց չի՛ դառնար ա՛լ Գարունն հին, մա՛մ, կալերուն երգը աղու. Արյուն ետ չի՛ շեղիր զարկեն. վայլելու Իղձդ արթընցավ, բայց մա՛հն ալ: Ողջույն… բայց միշտ պիտ’ պարապ Մընան ոսկրերդ ավյունի մեծ հոսանքեն, Եվ մերթ բեղուն կողերուդ մեջ Ա՛լ հին սերերն հըրատապ: Բայց ո՛հ, գիտեմ, դուն ծարավ Ես Երկինքին` որուն մինչ ցարդ հավտացիր, Որուն համար մարմինըդ միշտ ծընրադիր Հոգվույդ առջև ապրեցավ: Երկինքը քո՛ւկդ է, ո՛վ մամ, Քանի որ ծեր բիբերուդ մեջ դեռ անեղծ Մընաց անոր կապույտն` ամեն ամպե զերծ. Քանի որ, մայր բարեխնամ, Արյունիդ հետ միասին Ծիծերըդ հինգ զավակներու քամեցիր: Եղար աննենգ. և բարձեդ մաս չըտըվիր Օտարներու գըլուխին: Եվ հիմա որ, ո՛վ հանիս, Ճերմակ մազերդ լուսնին խառնած` մեր կրոնքին Փուլերուն վրա կանգուն կ’մեռնիս ծեր և կին` Պիտ’ վաղ կո՛ւյս վերածնիս:
-
ԱՅԼ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1901 ԵՐԳԸ Լուսինն հայլվույն մեջ առվակին հեզասահ Ձույլ արծաթի դեմքն իր անույշ պատկերե, Լուռ ու պարզկա գիշերին մեջ կ’ազդեն ահ Գունդեր հըսկա` կազմակերպված ծառերե: Հեռո՜ւն, հեռո՜ւն ձայն մը հուզիչ, տխրաշեշտ, Գունդերուն մեջ հըսկա ւ’ահեղ ծառերուն, Կը մարմըրի, տըխուր սըրտի սփոփ հեշտ, Փրփրոտ ծփանք ցավի հորդ ալիքներուն: Հեռու քաղքի ժըխորներեն տաղտկալի, Խորհրդավոր լռության մեջ գիշերին, Երգով մ’անշեժ, սիրով, հույզով, խանդով լի Թաղել կ’ուզե կարծես սերերն իր սիրտին: Լուսնակն աղու դալկության մեջ նվաղի, Առվակին ձայնն ալ կորսվի, կ’անհետի, Բլրույն կատարն սուրբ ալ քունի մեջ թաղվի Մասնակցելով մարդուն երգի սև սուգի: 1901, օգոստոս, Սվազ, Ս. Հակոբ ՄՈՒԹԻՆ ՏԱԿ (Սոսկում) Կիսալուսինն հազիվ թե շող մը արձակած, Թաղվիլ կ’երթա մութ-գույն ամպերուն ետին, Տարտամություն մը կը պատե խորհրդազդած, Լուսավորներն և հուսկ իրերն ալ հետին: Այդ անորոշ, տարտամագին մութին մեջ Գորշ ցցունք մը կողին վրա սեգ սարերուն Կը ներարկե երակներուս դող մ’անշեջ, Մութ սոսկում մը արհավիրքով պատատուն: Ու կ’ունենամ անդրադարձում մը կյանքիս, Լույսերն երկնի կ’ըսեմ հույսերս էին վառ, Որոնք սիրտիդ բաղխելով քու համակ սառ, Անհետացան` թողլով միայն մո՜ւթ` սիրտիս: Սարին ցցունքն ալ այդ մթին, ըստվերոտ, Մտաբերել կու տա լքումդ ինձ անգութ, Բաժնվեցանք մենք իրարմե, օ՜հ, շատ փույթ Ըսկսած դեռ, հազիվ, սիրույն մեր կյանքոտ: 190<1>, Սվազ 1902 ԻՐԻԿՎԱՆ ԴԵՄ Հեշտ այգուն մոտ երազեցի, մըրափիս մեջ, Վառ գույներով դրասանգված երգը կյանքին. Եվ դողդոջուն ծիածաններ մետաքսառէջ Ու փաղփածոպ, կ’երկարեին աշխարհ մ’անգին: Օրվան կյանքի տըվայտանքներ` իմ հորձանուտ Երազներուս հըմայքն ի սպառ փարատեցին. Ու դիտեցի կյանքը մոտեն, զերծէ օատրանուտ Խոլ խաղերե,– կոտտանքներով դաժան խոցին: Իրիկվան դե՜մ… Ըստվերները կ’իյնան արագ: Զուր առտըվան երազանքներս ես կ’որոնեմ. Ըմպեց անոնց լույս շիթերը սեր մը վայրագ. Հեծեծանքիս հետ մընացած մինակ, հո́ն եմ… 1902 ՀՈՒՇԱՊՍԱԿ Թուղթին վրա ճերմակ Էջ մը սարսըռուն, Կամ գանկերուն տակ Հույլերն հուշերուն, Կը ձուլեն հըստակ` Հիշատակն անհուն… Եվ թող անապակ` Նկարն այս սիրուն, Ձոն ըլլա` շիտակ Թարգման սիրտերուն. Ձոնը` հիշատակ` Անձայն, բայց խոսուն: 1902, Սվազ
-
Կ’ԵՐԹԱ ԱՐԵՎՆ ԻՐ ԶԱՏԿԻՆ… Կարմիր, նախշուն հավկիթի պես Կ’երթա արևն իր Զատկին. Ահա́ կ’առնեմ, կրկին կրկին, Մեղույշ բարևն` իր ծառերեն Ներս երկարող հուր թաթիկին: Անցա՜վ ծովեն մեծ կույսն հրավարս, Ու կապույտին եղավ ինք հարս: Ու ջրծաղիկ մը զերթ` լայնշի Լըճակին մեջ. ամպ-մըշուշի Լըճակին մեջ հոիզոնին` Դեղին թերթերն իր կ’ընդունին Զենիթին երգը վարդագին: Եվ երկինքի նոր տարփանքին Եվ հիացքին զերթ նըշավակ` Կ’ընծայվի թանկ ու փառունակ Շողակն առջի լուսավորին: ԻՐԻԿՎԱՆ ՄԵՋ ԽՈՐԻՆ… Իրիկվան մեջ խորին, Երբ օդահած կը թռչի, Ծիրանեծաղիկ փետուր անուրջի` Հիր ճառագայթն արևին` Հեծքն է աղբյուրին մեջն ամեն ճիչի: Իրիկվան մեջ խորին, Երանգներ երբ ջուրին Մեջը մարմըրին, Ու թանձրամած ժըխորին Իյնան թևերը մեկեն. Իրիկվան մեջ խորին` Կարկաջն աղբյուրին կը կանչե հստակ` Հովիկ նաժիշտն` իր ջուրին Խաժ հանդերձը փոթելու: Եվ իրիկվան մեջ խորին, Ծանըր ինչպես ալելու, Կարկաջն աղբյուրին կը կանչե հստակ, Դեռ համեցող հոտն ըսպիտակ Գառնուկներուն` Որոնք հեռո՜ւն` Մըթնշաղին մեջ կ’իյնան Բադիլներուն պես ձյունին: Եվ իրիկվան մեջ խորին, Իրիկվան մեջ ծավալական ու բուրյան, Կարկաջն աղբյուրին, Իր շրջակայքի Հովանոցներուն մեջ կը պըտուտքի, Հոն ծաղիկներուն ու տերևին հետ, Ըսպասելու որ ծագի Լույսն առաջին լուսավորին: ԻՐԻԿՎԱՆ ԻՂՁ Օրիորդ Նարդիկին Իրիկվան մեջ անհետելու հույսն ունենալ, Եվ հանձնըվիլ նուրբ կածանի մը քըմայքին. Խորխի մը պես թողո՜ւլ ձանձրույթն ու հափրա՜նքն ալ, Եվ անդորրով պատմուճանե՜լ հիվանդ հոգին: Ու լույսերո՜վ պարածածկել հիվանդ հոգին. Քույր ունենալ ջուրին կարկաջն ու կապույտ բալ, Եվ ունկնդրել ճամբուն քովերն երգող սյուքին, Մեծ քաղցրությա́ն մը խառնըվիլ, ու մենանա՜լ: Ընկե՜րն ըլլալ ցորեներուն, մրգաստանին Դուռը բանալ զավկի մը պես, մըտերմորեն, Ու թողուլ որ շահարիկներ ըզքեզ տանին Թևապարփակ` լայն լըռության մը համորեն: Հոն շրջասփյուռ ծառերուն հետ եղբայրանա՜լ. Տարփո՜ղն ըլլալ ծաղիկներուն. ծովածավալ Իրիկվան մեջ` անհետելու հո՜ւյսն ունենալ… ԻՐԻԿՈՒՆՍ Բանաստեղծ Վահրամ Թաթուլին Իրիկունս է բարի՜, բարի՜, ու լիաձեռ ու հոտևան, Ոսկի ուղ մը` կամուրջ եղած ընդմեջ տիվին ու գիշերվան: Վարսադիտակ ծառերուն տակ կը կղկաթիմ լույսին համար. Արևին պերճ լույսին համար` որ կը փաղփի քրքմանըկար Մեջն հոտևան ծայրիներու ծայրածավալ ծաղիկներուն` Ուր դիցանվեր բաժակներու քամեց ամբրոսն անհագ մեղուն: Ծառոց ետին ճաճանչավուխտ պաստառ մըն է արևն ոսկի, Ուր ծաղկածին ուղեշներու ճամուկ հյուսքը կը սողոսկի: Ու զեփյուռն ալ, կայտռուն համբույր, մանկություն մ’է վերադարձած, Ու ջրցայտքն ալ` փսփսուքն է բարեկամիս` մըտերմասաց: Սյուքն աղջընակ` որ հյուսիսեն կը քնքշանա հոգվույս վըրան. Ու ջըրցայտքն` որ լաջակ կըլլա նարկիսներու գլխուն դեղձան, Կամ արտասուք` աչքերուն մեջ շահպրակներու հույլին ցիրցան Ու քաղցրությամբ կ’օծե մենիկ ծաղիկներու այդ լըռարան: Ու թերթիկներ` շահարիկի շընորհք` կ’իյան ափերուս մեջ, Բաց ափերուս` որ կ’երկարին լույսի խուրձին փողփողենէջ: Ահա՜ կ’անցնի, մըշուշված բիլ կազով տեսիլ մ’ալ զերթ ալիք. Զարմանուհի մ’է վարսագեղ, կաթ ու վարդի՜ հըրաշալիք… Հավերժահարս կաթ ու վարդե, ծաղիկ, ճաճանչ, ջուր ու զեփյուռ… Շա՜տ էր լեցուն հոգվույս, ո՜վ Տեր, բազմազեղումն այս շրջասփյուռ… ԼՈՒՍՆԱԿ ՔՈՒՐԻԿԻՍ Ա Երեկ գիշեր մոռցեր էիր, Լուսնա՜կ, գիտե՞ս, Երեկ գիշեր մոռցեր էիր պատուհանիկս իմ համեստ. Պատուհանիկս իմ անտես` Ուր մութ մը գորշ վիժակի պես էր կախվեր: Հոգ չէ՜ր, այդ մութն ըրի խորան հսկումի` Որ պաշտանքի ո́չ մեկ ծաղիկ կը թոռմի, Ուր մութի տակ լոկ նինջ մը կա լուսանվեր: Երեկ գիշեր անցար քովես, Անցար, գո՜ւցե անգիտակ, Անցար` և ես` Քու հեռավոր պերճանքներուդ շլացքին տակ` Ջուրի ցայտքի մը պես զըվարթ հծծեցի: Օ՜հ, պարտեզը չէ՜ մեռցեր, Եվ արիշն ու սարբինան Իր լույսերովն է օծեր: Ու նայեցա հանդիպակաց ծաղկաստանին ալ վըրան, Լելակներուն վրա կապույտ, Չքնաղ, պչրոտ ու անփույթ` Դաստակդ էիր երկարեր: Ու դիտեցի, Չէիր մոռցեր սա ծըխանն ալ դըրացի, Չէի́ր մոռցեր և ճամբաներն ամայի, Չէի՜ր մոռցեր… Չէ́, այսօր ալ զիս մոռնայիր, Եթե այդպես պետք էր ըլլար, որպեսզի Արծաթեիր շուրջս անխըտիր Ամեն դալար ու ծաղիկ: Որովհետև ես քեզի Մտքիս թևո՜վն ալ կը հասնեմ երջանիկ. Քանզի նույն իսկ եթե ըլլաս Ամպին ետին ալ պահված` Ես կը հասնիմ անկասկած, Քու պերճ կայքիդ` հեք իրերուն համար անհաս: Ես կը հասնիմ անկասկած, Քեզի՜, քեզի՜, քո՜ւյր աստված, Եթե երբեք իմ հոգվույս Լուսախորշին մեջ պահված Վերջին նըշույլն ալ` անլույս Խոռոչի մը ծոցն իյնա. Վերջին նըշույլն այն ցոլքերեն` զոր գիշերներն եմ ժողված. Լիալուսնի արծաթաշող գիշերնե՜ր… Բ Մահի՜կ ոսկեսար, այս գիշեր նորեն Սարսռացի լույսիդ մեջ երանական. Եվ հոգիիս մեջ ինկան Խայտանքի նոր թիթեռներ. Ծիածանի սանդուխեն վեր` Նոր երանգներ տարորեն: Մահի՜կ ոսկեսար, այս գիշեր նորեն, Մոռցըված երգի ծըվեն, Կամ անուն, Անհուշություն ոլորտներուն Միգամածին մեջ կորսըված` Դուն` ծաղիկներ ցնծության Նըշուլեցիր հեղակարծ, Հոգվույս մեկ փըլուզակին վերև, Հինավուրց որմի մը բացատքեն: Մահի՜կ ոսկեսար, այս գիշեր նորեն, Մեկ լուսեղեն վայրկյանով, Տարագրեցիր հոգվույս մըռայլն համորեն: Օ՜հ, աս ի՜նչ ճախրանք, օ՜հ, աս ի՜նչ գորով, Այս գիշեր, նորեն, Պատուհանես ներս սահեցար հուլորեն. Շոշափեցիր վարագույրներն ըսպիտակ, Եվ աշտանակն արույրե, Եվ հայլիին մեջ վառեցիր նոր ճըրագ: Եվ ամեն մեկ հըպումիդ Հոգի՜ս է որ ինկավ լազվարթ ձեռքիդ տակ: Ներե́, ա՜հ, ներե՜, Որ վայրկյան մը վերջ, հիմակ, Սեղանին վրա նյութե լամպարս եմ վառեր, Ըսելու համար թե քեզ չե́մ մոռնար, թե չե՜մ մոռցեր… Ի՜ՆՉ ԱՐԲԵՑՈՒԹՅԱՄԲ… Գեղամ Բարսեղյան բարեկամիս Ի՜նչ արբեցությամբ, ծառեր, լույսին մեջ, Ծառեր հովին մեջ և անձրևներուն, Վարսավոր ծառեր, ծառեր երկնուղեշ, Ու ծառեր մատաղ` ծովածուփ կանանչ Ցորենի ցանքին գոգն ինկած շվարուն` Ամենն ալ կյանքին կ’ըմպեն հորդ ճաճանչ: Ի՜նչ արբեցությամբ խոտն` որ հողեն վեր Կ’ելլե, ըզմայլո՜ւն` կը բանա լույսին` Վայրկյան մը ապրող իր ցողե աչքեր: Ի՜նչ արբեցությամբ ծաղիկներ շաղին, Ծաղիկներ լույսին, մտերիմ ձեռքին, Ըսպասումներուն մեջ կը նըվաղին: Ի՜նչ արբեցությամբ ամենմեկ արոտ, Ամենմեկ բլրակ` իր կանանչ ճակտին Կը կապե երփնած ծաղկե նարոտ: Ի՜նչ արբեցությամբ դաշտերեն խորոտ, Եվ հարս հովիտեն` կարմըրոտանի Կ’առնե արագիլն իր դարձին կարոտ: Ի՜նչ արբեցությամբ սարյակներն, արթուն, Լո՜ւյսը կը ծըծեն, լո՜ւյսը կը հծծեն, Մրգաստաններու մեջեն սաղարթուն: Ի՜նչ արբեցությկամբ ձյուն ճայեր, ծըփին, Բարձրեն` օդաճեմ լյուղ կու գան. արփին Մեջ կ’ոսկեզօծին ու կը թևանան: Ի՜նչ արբեցությամբ տատրակն հարսենի, Առագաստ ըրած ծառի հովանին` Կըսպասե տարփոտ իր վարուժանին: Ի՜նչ արբեցությամբ թիթեռն է բացեր, Լելակի մանրիկ լիճին վրա փրփրուն` Առագաստաշեն իր կաթ թևիկներ: Ի՜նչ արբեցությամբ ծիրանի դաշտին Շեկ ծաղիկներուն մը վազե մեղուն, Ծըծել իգայի պտկունքներն հեշտին: Ի՜նչ արբեցությամբ ծովերն են կապույտ, Գետերն` հորդաջուր, աղբյուրներ` զեղուն, Լիճեր` խաժագույն, առուն` շուտափույթ, Լոռածամ առուն` որ կ’անցնի քովեն Ուռեստաններու գեջ լսնակապույտ: Ի՜նչ արբեցությամբ ամպեր կը թոթվեն Հրաշալի հեղուկն իրենց ըստինքին` Որ զերթ ասղանի վար կը սողոսկի` Մարելու երկրին պասուքը ոսկի: Ի՜նչ արբեցությամբ զայն կո՜ւշտ կը խըմե Համագրավ տապեն սարսատած հողին Ծընունդներն ամեն, ծակտիքներն ամեն: Ի՜նչ արբեցությամբ հոգին կ’ընդգրկե Ալյակն հորդահոս` ծայրիի բույրին, Ծաթրին, անանուխ, վայրի ռեհանի Բազմաբուրումներն ըստաշխ ու խունկե: Ի՜նչ արբեցությամբ կ’ընդգրկե անի. Բոլոր ձևերն ու երանգներն ամեն, Բոլոր գոյությանց, բոլոր տարրերուն Իր մեջ անդրադարձ ծիածանում են` Աստվա՜ծն` որ եղավ` չե՜ս գիտե ուրկե՜…
-
ԸԼԼԱՅԻ՜, ԸԼԼԱՅԻ՜ < 1 > ԻՐԻԿՈՒՆԸ Սա իրիկունն ըլլայի ես Եվ հըպեի ճակտին ամեն անցորդի. Չքնաղագեղ ու նըվաղուն համուրդի Սա իրիկո՜ւնն ըլլայի ես: Սա իրիկունն ըլլայի ես Լի երգովը թռչուններուն, մարդերուն, Ու տարրերուն աղաղակովը տրոփուն` Սա իրիկո՜ւնն ըլլայի ես: Սա իրիկո՜ւնն ես ըլլայի, Թույլ, նազենի, շըղարշային, վարդաբույր, Ու ծըփայի զերթ ոսկեսար վարագույր Վըրան ամեն հոգիի: Սա իրիկունն ըլլայի ես, Լի զանգակին ղողանջներովն երկնաճեմ. Խնկապատար, օծուն, ջահված ժամի պես Սա իրիկո՜ւնն ըլլայի ես: Սա իրիկունն ըլլայի ես, Իմ անդորրիս մեջ ոգևար աղջըկան Մարող ճըրագին բոցեր տալու իմ ցոլքես. Սա իրիկո՜ւնն ըլլայի ես: Սա իրիկունն ըլլայի ես, Լի գոռ ծափովն օվկիանի ջուրերուն. Սյուքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն, Սա իրիկո՜ւնն ըլլայի ես: Սա իրիկունն ըլլայի ես, Որ կը մարի սատափ բարձին վրա ցայոգւն. Թոթափող վարսքը գունագեղ ու ծըփուն, Սա իրիկո՜ւնն ըլլայի ես: Սա իրիկո՜ւնն ըլլայի ես, Համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագես, Եվ ամենուն տայի հուրքես, ոսկիես: Սա իրիկո՜ւնն ըլլայի ես: < 2 > ՀՈՎԸ Ալիքներուն վրա ոստոստող հովն ըլլայի, Ու ջուրերուն խուլ մըռունջին մեջ ամայի` Ձկնորսներու ականջն ի վար փսփըսայի Սիրված երգեր, քաղցրությունով օծուն բառեր: Հովն ըլլայի կատարներուն վրա պարանցկ, Եվ ձյունին մեջ սառող մարդուն համար լայի. Հովն ըլլայի` հողվրտիքին մեջ երգեցիկ` Ու ծըծեի տակավ գաղտնիքն ես Անդիի: Ձմեռներուն ես ամպավար հովն ըլլայի, Եվ անճըրագ խուղերու ճիչն հորձքիս ձուլած, Անցորդներու հոգվույն վըրա փշրվեի Իբրև ալիք: Ու տանեի հոն կոծն ու լաց Տըղաբերին, ո հողին վրա կը գալարի Եվ անսըվաղ մանուկներուն, ու գրկաբաց Մատաղատի, որդեկորույս մորն ալ` որուն Տարիքին բոցն հոգվույն մոխիրին մեջ կը մարի… < 3 > ՀՅՈՒՂԸ Դաշտի ճամբու մը վըրան, Կամ ըստորոտը լերան, Ուղևորին ժամանման Ըսպասող հյուղն ըլլայի: Ու գգվանքիս կանչեի Ես ճամբորդներն անժաման, Ու ճամբուն վրա մենավոր, Ու ճամբուն վրա ոսկեման, Եկվորներին դիմավոր` Ծըխանիս ծուխն ամպեի: Ու գգվանքիս կանչեի Ուղևորներ պարտասուն, Ու բարևի մը փոխան Հազար բարիք ես տայի: Հազար բարիք ես տայի. Գոլը կրակին ճարճատուն, Կութքը բերրի դաշտերուն, Բոլոր միրգերն աշունի, Ու մեղր, ու կաթ, ու գինի… Ու լըսեի ես ցայգուն, Քովը կրակի ճարճատուն, Երգն իրիկվան եկվորին. Ու ճամբեի ես ցայգուն Երազներով պատարուն Նինջ` իրիկվան եկվոին: Ու լսեի ես այգուն, Սրտապատար ու տրոփուն Գովքն իրիկվան եկվորին. Ու դիտեի ես այգուն, Ու խոկայի օրն ի բուն Երթն իրիկվան եկվորին… Ու ձմեռներն ալ համբուն, Հըրավիրակ զըվարթուն, Կանգնեի քովը ճամբուն. Ու ձյունապատ հեք մարդուն Ես հայրորեն, լայնաբաց Երկու թևս պարզեի. Մի՜շտ քաղցրագին, նյութացած Հըրավերն ես ըլլայի: Ա՜հ, ըլլայի՜, ըլլայի՜ Դաշտի ճամբու մը վըրան, Կա́մ ըստորոտը լերան, Ուղևորին ժամանման Ըսպասող հյո՜ւղն ըլլայի: ԲԱՂՁԱՆՔ Արտաշես Հարությունյան բանաստեղծին Բաղձանքներու լայնշի ճամբան ըլլայի, Որ ծաղկահյուս կողերե վեր կը մագլի, Ու գագաթին հասած` նոր ու հեշտալի Հորիզոնին սնդուս գիծին կը նայի: Ու տանեի հոն հոգիներն ըսպառած, Ձանձրույթն` որոնց ոլորտին վրա կը փլչի, Ու ցույց տայի` լայն հորիզոն անուրջի` Բերրի դաշտերն ու ճամբաներն անմոռաց` Ուր քաղցրությունն հոգվույն կ’ըլլա հակուրջի: Կատարներուն հագած երանգ հինայի, Մրգաստանին այգինեուն, դաշտերուն Մեջ պարագնաց հովին խմբերգն ըլլայի: Եվ ըլլայի ձայներիզը թրթըռուն, Աղբյուրներուն, կապուտաչվի ակերուն, Լիճին խաղաղ, ծալծալ մրմունջն երերուն, Շառարն հըզոր` օվկիանին, գետերուն, Համայնական Ձայնն ըլլայի, Ձայնն անհուն Ու խնծիղովս անպարագիծ կայտառուն Քերթողներուն լեցվեր հոգին ամայի: Անտառներու մենության մեջ սխրալի, Ամբարձուղեշ ծառերու մորճ թևերուն Վըրա թառող լըռությունն ես ըլլայի. Կամ ըլլայի արահետը խնկագույն, Ծառաստվերի մութ ձորձին մեջ պլլըվող. Կամ ըլլայի կոհակուռույց ալելուն Հարևանի հեղեղատին լուսաշող, Ու քերթողին տաղես վանկեր ես տայի: Երգն ըլլայի թռչուններուն ծնծղաձայն, Ու դառնայի ուրախության ճիչ մը լայն, Բանաստեղծի հոգիներուն մեջ նըկուն, Ուր կը թախծի խոհանքն ամպոտ, անանուն` Ինչպես որի` թառած շիրմի մը գլխուն: Եվ ըլլայի Լույս, Ձև, Երանգ, Թրթըռում, Կյանքի փաղփուն պատմուճանը ծիրանի, Կենսաբաղձիկ հոգվույն երազն անպատում. Եվ անձրևեն վերջ անարև ու տրտում, Հառաչաձայն անձրևեն վերջ երբեմնի, Նըշուլեի ես վայրկյաններ երջանիկ, Արևաշող ժըպիտ, ծափեր ու խնդում` Բանաստեղծի հոգիներուն մեջ մենիկ: ՀՈՎԸ Պատուհանըս մատնահարեց ու անցավ, Հովն հերաձակ աշունին. Չարաճըճի ինչպես աղջիկ մը, ինչպես Խաղընկեր մը` դրան ետին մոռցըված` Պատուհանըս մատնահարեց ու անցավ, Հովն հերաձակ աշունին: Իր ետևեն ես կը վազեմ շնչահատ, Ու շվարուն ու հոգնած. Ինք խույս կու տա իմ գրգանքես, թևերուս Պարապնդումն է դատարկ. Բայց ա՜նառակ` երկու ձեռքես կը փախչի, Մինչ ետևեն կը վազեմ ես շնչահատ, Ու շվարուն ու հոգնած: Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ, Մինչև անտա́ռն իսկ կ’երթամ. Բայց ամենուն կրնա ընել ինք դարպաս. Թուփին, ջուրին, տերևին. Ու լըճակին գիրկը կ’իյնա, կամ տեսնես Ծառին կատարն է թառած: Մանուկի պես կը պլլըվի երբեմն ալ Մայր թուփերու քըղանցքին. Եվ երբ զինքը կը կանչեմ ես սրդողած` Կը քրքըջա զինք անդին: Շա́չ, ապտակ մը կը զարնե մերթ երեսիս, Նույն վայրկյանին կը փախչի, Եվ ես ի զո՜ւր կ’իյնամ նորեն ետևեն, Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ, Մինչև անտա́ռն իսկ կ’երթամ… Եվ երբ հուսատ կը հեռանամ թիկնադարձ, Կըռնակես վե՜ր կը մագլի, Կամ մազերս կ’ուզե համրել, կամ հանկարծ Ուժգին մեջքիս կը փարի: Եվ երբ ցասկոտ նորեն ետիս ես դառնամ` Վաղո՜ւց փախեր է արդեն, Ու չորս կողմըս կ’ավրըշտըկե ու վարդեն Կ’առնե անոր սակավարյուն շափրակներ. Ու, դաևձյալ` երբ կը հեռանամ թիկնադարձ` Կըռնակես վե՜ր կը մագլի… ՏԵՐԵՎՆԵՐԸ Կ’ԸՍԵԻՆ… Ոսկի շաղով օծեցիր Կապույտ ծաղիկն ակերուն, Լիճերու պորտը սարսռուն, Ու գետակներն ափնածիր: Արև՜, մե՜զ ալ ոսկեզօծե, արև՜, մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ… Ոսկի թույրեր սրսկեցիր Բըլուրներու կողն ի վար. Փայփայեցիր հողմավար Դաշտերուն վարսքը ցանցիր: Արև՜, մե՜զ ալ գգվե մոտեն, արև՜, մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ… Ոսկի մատիկդ հըպեցիր Եվ համբույրիդ դըրիր բոց, Իրիկվան մեջ այս հեշտին, Մարիներուն ու մարդոց, Աղջիներուն կաթնաձիր Ու վարդ մըշուշ ճակատին: Արև՜, մե՜զ ալ ողջագուրե, արև՜, մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ… Ոսկի կյա՜նը մեզ տըվիր. Եվ առանցքը դուն եղար Մեր ավիշին հոծ տենչին. Տակավին մի́ բաժնըվիր Եվ հնչեցուր ոսկելար Անհուն քընարդ` հե՜ղ մըն ալ. Ուզե քիչ մը համենալ, Համբուրե́լ մեզ վերըստին: Ու չը ծագած դեռ ջնջին, Բայց անգորով ու ցրտին Լույսն անհունեն մոլորած Լուսավորին առաջին Կենսավետե մեզ ամենս ալ, արև՜, ամե՜նս, ամե՜նս ալ…
-
Ես ուղղակի չէի ցանկանա տարանջատել արձակը բանաստղեծությունից, եթե խոսքը գեղարվեստական արձակի մասին է, ինքնին մենք գործ ունենք նույն երևույթի զուտ ձևային տարբեր դրսևորումների հետ (չնայած, կարծում եմ, որ երբեմն այդ ձևային զանազանությունն էլ չի տարորոշվում): Այնպես որ բանաստեղծ-արձակագիր քարացած այս անջրպետը եկե՛ք ջնջեք և անդրադառնանք մեր քերթողների գործերին առանց խտրականության: Յուրաքանչյուր գրող, որքան էլ բազմավաստակ լինի, ունի մեն-մի ստեղծագործություն, որը կարծես թե նրա այցեքարտն է. Դեմիրճյանի դեպքում, անշուշտ, դա «Վարդանանքն» է: Ինձ համար, սակայն, Դեմիճյան անունը ասոցիացվում է նրա «Հայը» ստեղծագործությամբ: Այս փոքրածավալ (ընդամենը 2 էջ) գործը, որ առաջին անգամ տպագրվել է «Հայաստանի անկախության փոխառություն» միօրյա թերթում (Թիֆլիս, 1920, օգոստոսի 2), դրանից հետո մի շարք արտասահմանյան պարբերականներում, նույնիսկ թարգմանվել է անգլերեն, ինձ համար հայտնություն դարձավ: Որքա՜ն խորաթափանց դիտողականություն. արտաքուստ պարզունակ թվացող համեմատություններն ու բնութագրումները շատ մեծ խորություն ունեն ու ցնցող պատկերավորություն: ՀԱՅԸ Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք Հայից…Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած: Որքա՜ն խաբուսիկ: Երևույթը, ո՛չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը: Զո՛ւտ աշխատանք. որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում` նկարես: Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է: Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով` ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով ամենից անփոփոխը: Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան: Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա: Ասենք` իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ` բախտ, մեկ էլ հուսահատություն: Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես: Իր չափը չափազանցն է. զարմանա՜լի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է: < …> Ահա՛ նայիր այս բեռնակրին. ի՞նչ է սա. իսկական գրաստ, մեջքին մի սար բեռ` ճկվում է, մեջքը կոտրում: Աշխատա՞նք է կատարում, թե՞ ինքնախորտակումն: Վրե՞ժ ունի, ի՞նչ է, իրենից հանելու: Ո՞ւմ դեմ է չարացել, որ իրեն է պատժում: Որքա՜ն ուժ, որքա՜ն աշխատասիրություն: Ապա՞ տար տունդ ծառա: < … > Ի՞նչ է միտքը, մի փոքրիկ գումար շինե, գնա, դուքան բաց անե: Մարդը իր հացի և իր գործի տերն է ուզում լինել և ո՛չ թե սրա-նրա ծառան: Եվ արդեն Հայ նշանակում է տեր… Բայց տեսե՞լ եք նրան, երբ գաղթական է. ի՜նչ ծույլ մուրացկան: Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզիլ: Ազգը տա, ինքը ուտի: Եվ սովից կմեռնի անխոս, անխնա, կասես` ջգրու: Եվ սա այն գյուղացին է, որ երեկ կատաղած, գազանացած` հողը քանդում էր, չարչարվում, մզվում, հոգին հանում: Ամենաչարքաշ անասունը` իր արտի մեջ: Այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի թողնե: Բայց գնա՛ իր խրճիթը, հազար գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա է: Ուտում են նրա հացը, ինչպես Հայր Աբրահամի սեղանից: Տեսե՞լ եք նրա բնակարանը. խլուրդի ծակուռ… բայց անցիր նրա երկիրը: Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր: Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը: Խոսակցությունն ես լսում` հայհոյանքների կեսը եկեղեցի ու Աստված է: Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մեկ անգամ չի մտնում մեջը` աղոթելու: Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում. իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին: Եվ հավատալի՞ բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է, և այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված… Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն: Ռամիկ է գերազանցապես: Իր Խրիմյան Հայրիկը ամենից շատ կաթողիկոսությունը ատեց: Դիպլոմատիայի մեջ մի բանումն է շատ հոգածու` անկեղծ լինել: Այնքա՜ն անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է անում: Մինչդեռ իր հարևանները` այս աշխարհի բեմի վրա դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարվածում են դիմացինին, Հայը իսկապես կացինը իջեցնում է գլխին: «Ապա ճշմարտությո՞ւնը»,– մտահոգվում է նա: Դանդալոշ է և խոնարհ` իր Սասունցի Դավթի նման և անսպասելի ըմբոստ, հարվածող` նրա պես <…> երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ և ծառանում վիշապի նման: Բարի է առհասարակ, շոյի՛ր, ր կկողոպտվի, բայց և, առհասարակ, ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է: Այնտեղ ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միա՛յն սերը կարող է վաստակել, Հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու: Տաղանդ է` իր դեմ ատելություն ստեղծելու: Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է, ինչպես վարդապետ: Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է, ինչպես ուղտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ: Սա նրա անհրաժեշտությունն է: Անկարգ է և անիշխանական թե՛ հասարակության, թե՛ պետության և թե՛ գաղափարների մեջ: Իբրև ժողովրդական` անմիաբան է, անտանելի, խռովարար: Ուր հեղափոխություն` այնտեղ Հայություն: Բայց իբրև «ական»` ծայրահեղական է: Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ: Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ: Ասենք` ամեն հայ մի փոքր Շիրակացի է Դոն Քիշոտի պես: Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց: < … > Ինչո՞ւ է այսպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում… Ինչո՞ւ է այսպես անհավասար, ներհակ, մաղձոտ, <…> անչափելի` իր վեհ թռիչքներում: Երևի, վրեժ ունի նա, մի վատ բան սրտի մեջ, որի համար և մեկուսանում է, որ նյութե, դավե, վնասե: Ո՜չ. Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում. ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ: Ի՞նչ եղավ իր պատմությունը. զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում… < … > «Ջարդի՛ր ինձ,– ասում է նա,– ահա՛ քո պատիժը և իմ վրեժը»: Ինձ թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքը, շատ խորը թաքնված… Ինձ թվում է, թե դրա համար է նա ջարդվում, յապոնացու պես, որ, երբ մեկից խորապես վիրավորվում է, կանչում է իր բարեկամներին, հայտնում է իր վիրավորանքը և վերցնելով դանակը` պատռում է իր որովայնը: Այսպե՛ս է Հայը: Չի՛ ուզում, որ իրան դիչեն, մոտենան, սիրեն թեկուզ: Նա մեկուսի է, խստակյաց, բարի և ազատասեր: Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից: Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում: Կերակուր ես մեկնում` չի՛ ուզում: Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն: Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի մեկուսի ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է: Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ: Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից` ազատությունից: «Ոչինչ չեմ ուզում ձեզնից,– ասում է նա իր նեղիչներին,– ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը` Ազատությունը…»:
-
33. ՍՊԱՍՈՒՄ Ահավասիկ շուրջն ընդրիկի սեղանին Նըստան տղաքն ու կինը ծեր բանվորին: Մեջտեղը լուռ կը պաղի Ոսպապուրն իր գոլորշիին մեջ անդորր: Մայրը հացերը լեղի Իր սըրտին պես բաժնեց կըտոր առ կըտոր Տըղոցն համար և ամուսնույն` որ գործեն Պիտի դառնա… կը սպասեն… Մըխոտ ճրագին շառ լույսեն Հացերն ամբողջ կարմիր են. Կարծես անոնք թորեին Արյո՜ւն, նըման Քրիստոսի մը կողին, Ջուրը գույնով քացախի Կ’երազե հոն ըմպանակի մեջ մեծղի: Խաղաղավետ օրհնությունով մ’ընդհանուր Օծված սեղան, հաց և ջուր, Կ’ընեն աղոթքն ըսպասումի մը երկար Երբ իրիկուն հոգնած բանվորը չի՛ գար: Ի՜նքն է. ահա գոռ սանդալներ կը հընչեն Մայթին վըրա փողոցին… Ի՜նքն է. ո՛հ, ո՛չ. դըրացին` Որ տընակին առջևեն Կ’անցնի դանդաղ երգին հետ իր քայլերուն: Խե՜ղճ որդիներ, կի՜ն տըժգույն… Նորեն գըլուխնին կը խոնարհեն հուսակտուր Սեղանին վրա` ուր կը պաղի ոսպապուրն: Ո՛հ, ուշացավ ծերունին. Անոնք գիտեն` որ ունին Աշխատանքները վըտանգ. Ունի պայթում ամեն հանք. Անոնք գիտեն` որ սանդուխներն որմնադրին Մատնըչորեն կը կոտրին: Եվ մեքենան կը կասկե, Զինքը կըրթող թևը ժիր. Անոնք գիտեն` որ աշխատիլն է ոճիր Երբ լուսնկան երդիկին վրա կը հըսկե: Կու գա՜. ահա դուռն հյուղին Լալաճըռինչ բացվեցավ իր շեմին վրան. Ի՜նքն է. ո՛չ, ո՛չ. է քամին` Որ բոթաբեր դըրացիի մը նըման Ներս կը մըտնե, կը սողոսկի ճրագին մեջ` Որ բոցին տակ ծըխահարույց կը մեռնի: Նոթի տղաներն աղիողորմ աչքով գեջ Կը նային մորն երեսին տըխրունի… Ինչո՞ւ չեկավ… ո՞ր անիծված ընկերներ Զինքը իրենց ճամբուն մեջ են մոլորեր: Սուրբ զո՞հն եղավ բանթողի, Թե կը խըմե արդ օղի Գինետան մեջ, սեղանին տակ թըքնելով: Չեկա՜վ. ահա մորը կուրծքին վրա խորով Կրտսերագույնը լալեն Նընջեց… և դեռ կը սպասեն: Ո՞վ կը հազա դըրան առջև. ա՜ն է, ա՜ն: Անոնք հազն այդ կը ճանչնան: Կը ճանչնա կինն ամուսնույն Շուքն իսկ ջուրին վրա հոսուն: Ան կ’երևա՛ ավասիկ. Գլուխն է փոշոտ, փոշոտ լոդիկը բըզիկ. Եվ իր կապույտ տաբատն հին Շըպարն ունի շաղախին: Դըժնե բիբերը արյունի մեջ ի լող, Կը թավալին կոպերուն տակ շըլմորուն: Կը նետե մուրճը փողփող Օճախին մեջ. ու դըրան մեջը կանգուն Սեղմած կռուփները ջըղուտ Կ’աղաղակե կընոջ` մռունչով մ’առյուծի. –«Բո՛զ հերատուկ, չըսպասեցի՞ր դուն ինծի»: Շունչը լեցուն գինվո հոտով ժանտաժուտ` Կը հուզե հյուղն համորեն: Կինն ու տղաները զարհուր Կու լա՜ն… լացով կ’օծանեն Սեղանն` որուն վրա պաղե՜ր է ոսպապուրն: 34. ԸՆԿԵՑԻԿԸ Բուքը կը մռընչե: Շըքեղ տան մ’առջև. Կես գիշերին, հո՛ն, մայրը առավ կանգ: Հույզեն կը դողա սիրտը, զերդ տերև. Մարմինը ձյունեն հագեր է պատանք: Կը նիրհե գըրկին մեջ դեռ երեխան. Գուցե անոթի, գուցե նըվաղած… Կթեն կաթիլ մը, մարգարտի նըման, Բերանին վըրա ցուրտեն է պաղած: Պետք է լըքե՛լ հոս: Ի՞նչ նըկուղի մեջ Ծընավ ծաղիկն այդ զարնված եղյամեն… Ունեցա՞վ շապիկ, կամ օրոցք մը գեջ… Հրեշտակ մ’իջավ վար` ժըպտելու իրեն: Հայր մ’հավատարիմ ունեցա՞վ արդյոք` Որ խառներ քըրտինքն իր արտասուքին. Թե կույս մը խաբված սիրով մը բորբոք Անոր մայր եղավ` նախ չեղած դեռ կին: Չըգիտեմ. միայն այդ մայրն է տըժգույն` Խոնավ քարին տակ բուսնող սեզին պես: Ոտքերն են բոպիկ, հասակը նըկուն` Զոր պիտի փըշրե ցուրտ քամին կարծես: Թոշնած են ծիծերն` ուրկե բըղխեցուց Սերը` կաթի տեղ` շիթ մը շարավի: Մերթ թափը հովին կուրծքը կու տա ցույց, Ուր վիշտն է պառկեր, ձյունը կը մաղվի: Պետք է լըքե՛լ հոս. կը դընե տըղան Ծածքին տակ քիվին, տանը շեմին վրա… Իր կանեփ շալով կը սքողե վըրան. Ինք երընքին տակ, մերկ, կը դողդըղա: Զայն կը համբուրե և կ’ուզե փախչի՜լ… Բայց սիրտը քայլին չի՛ հըպատակիր. Ո՜հ, ինչպե՛ս բաժնել, փետե՜լ հոգեխիլ Իր աղիքն որդվույն աղիքեն կարմիր: Եվ հոն կը սպասե մինչև արշալույս. Խելահեղ ուրուն կ’ըլլա գիշերվան. Ու երբոր տըղան կու լա սըրտահույզ` Մարմար շեմին վրա մերթ կ’օրորե զայն: Կը խորհի. գուցե ունենա որդին Վաղը այս կյանքեն կյանք մը լավագույն. Դըրվի օրորան. ծիծերն ըստընուին Իրեն ավելի՛ առատ կաթ մ’հեղուն: Ունենա գուցե նույնիսկ խաղալիք. Պուպրիկ մ’իրեն պես բեհեզներ հագած. Մարդիկ զայն կարծեն իշխան մը փոքրիկ. Եվ զայն իր հրեշտակն ընդունի Աստված: Ա՛յսպես կը խորհի մայրը դողդոջուն, Մայրը` հոն հագած պատանքը ձյունին… Այգը կը ծագի. փողոցներն համբուն Կյանքի շըշուկով տակավ կը լեցվին: Կ’երգե աքաղաղն, որդին կը ճըչա, Զի կոպերն անոնց շո՛ղն է համբուրած: Մայրը խելացնոր, մայրը ակամա, Ըշտապ կը փախչի՜… սիրտը հոն թողած: 35. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՍ Ա. ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ Ֆերրա՜րա… երբ քու ամայի պալատներդ քար քարի վրա չմնան`քերթողի մը բանտը փառքիդ մեծագույն տիտղոսը պիտի ըլլա: ԼՈՐՏ ՊԱՅՐԸՆ «Ըսե՛, ծիծեռնա՛կ, Ճանճ մը կըտուցիդ կ’երթաս ծաղկավետ ո՞ր այգեստաներ. Ո՞ր աշտարակն է` որ գաղջ արևու մեջ է ընկըղմեր. Ըսե՛, ծիծեռնա՛կ»: –Մետեխի բանտին պատին նորոգել կ’երթամ բույնս ամա` Որուն մեջ ձյո՛ւն է տեղացեր ձմեռն, ու այնտեղ հիմա Օձ մը ծըվարած, գլուխը պոչին տակ, լուռ կը մըրափե: Օձի շապիկով կ’երթամ կարկըտել բույնըս կանեփե: «Ա՜խ, գընա՛, ծիծա՛ռ, երգը կըտուցիդ: Միայնության մեջ մեծ եղբայր մ’ունինք մենք հոն կալանված. Թեզաններն ի վար կը հոսեն թոքերն արյուն մ’անձնուրաց, Հաց մ’են դրեր իր քով, մոխիրո՜րով թըրուն, դառնահամ բըլիթ, Եվ կուժ մ’որուն մեջ ծըռած կ’արտասվեն մողեզներ դեղին: Ծիծա՛ռ, շող մը տար լուսնեն` որ օծե բիբերն անժըպիտ, Երգ մ’որ ըսփոփե հոգին` ուր տրոփեց հողը մայր Երկրին: Ա՜խ, գընա՛, ծիծա՛ռ, համբույրըս կտուցիդ»: «Ըսե՛, իմ կըռո՛ւնկ, Դեպի հորիզոն նետի պես սլաքած վիզըդ բոցեղեն` Այսպես ո՞ւր կ’երթաս ուրախ կրկռոցով երդիքիս վրայեն. Ըսե՛, իմ կըռո՛ւնկ»: –Կովկասը լիճեր ունի` որոնց մեջ եղեգներ ջով ջով Բարձըր ուռճացած արև կը շնչեն փրփրուն կատարով: Ու լըքվածներու տընակներ կան հոն` որոնք կը բաղձան` Որ իրենց շեմին երգեմ, իրիկունն, երգերս ըսփոփման: Ա՜խ, գընա՜, կըռո՜ւնկ, հույսը կըտուցիդ: Բայց բանտի մ’երդին պահ մը ամփոփե թևեըդ հոգնած: Հոն Արվեստի քուրմ մը կա` որ նվագեց Վիշտն համատարած Ըստեղնաշարին վըրա աստղերուն` մատերով վըճիտ: Արդ իր գանկին ջահն արյուն կը ծեփե պատերն Ոճրի Տան: Կըռո՛ւնկ, պըսակ տար ի ջախջախ քնարին սա ճյուղը փըթիթ Զոր մենք ամենքնիս օծանեցինք մեր ողբովն հավիտյան: Ա՜խ, գընա՛, կըռո՛ւնկ, արցունքըս կտուցիդ: Ըսե՛, արագի՛լ, Գորտ մը, զմրուխտի նըման, բերնիդ մեջ ո՞ւր կու տաս խույս. Ո՞ւրտեղ օգոստոսն իրենց փոսերեն իժերն հանեց դուրս, Ըսե՛, արագի՛լ: –Հեռո՜ւն, կը տեսնեմ գլուխներն ադամանդ լեռներուն Կավկաս` Որոնց կողերեն ձորերը կ’հոսի արևն հըրամազ: Գարունն է պճներ հոն հարսի նըման բարտի մը վըսեմ. Իր սոսափյունին մեջ բույնս ուռիով ես պիտի հյուսեմ: Ա՜խ, գնա՛, արագի՛լ, կարոտը կըտուցիդ: Հոն կապանքի տակ Հայրենիքն ունի հանճար մ’ողջակեզ: Գրիչը մատերուն մեջ խորտակեցին ճառագայթի պես: Արագի՛լ, վրայեդ փետուր մը ձգե, բանտն իր մահառիթ` Ուր ան օրե օր իր գերեզմանին համար կ’հասուննա: Ի՜նչ փույթ թե խլված փետուրեն` թևադ այդ արյունի շիթ շիթ. Անով հաղթանակն ան պիտի գըրե իր Ուխտին հըսկա: Ա՜խ, գնա, արագի՛լ, սիրտըս կըտուցիդ: Ըսե՛, խրոխտ բազե՛. Ճեղքելով անտառը կայծակներուն, ամպերուն խորեն, Ինչ կատարի վրա կ’երթաս քըթվըտել պորտըդ լուսեղեն. Ըսե՛, խրոխտ բազե՛: –Ռուս հորիզոնեն գաղթող մրրիկներն ինձ հոտը բերին, Հոտ դիակներու, հունտերը կարմիր բեղուն ժանտախտին: Հըզոր թըռիչներես վար գաղջ արյուններ ես անձրևելով` Կ’երթամ արածիլ մարդկային բիբերն ու սիրտերն համով: Ա՜խ, գընա՛, բազե՛, կայծակը կտուցիդ… Բայց մեռելներն այդ` զոհերն են լույսի. անոնց մի՛ դըպչիր. Սիրտեր` որ վրեժեն չեն գիտեր պաղիլ. անոնց մի՛ դըպչիր: Այլ այնտեղ Պայքարն Առաքյալ մ’ունի բանտին մեջ կրանիթ. Թևերովդ հուժկու զա՛րկ, փըշրե՛ խախամն իր լուսամուտին, Եվ շանթը կտուցիդ` Հույսն երգե՛` թառած իր ուսին վըճիտ: Ըսե՛ թե շուտով մենք պիտի կանգնենք արձանն իր փառքին: Ա՜խ, գընա՛, բազե՛, դափնի՜ մը կտուցիդ: Իմիջիայլոց, կարծես թե ոչ ոք չի անդրադարձել Ավետիս Ահարոնյանի ստեղծագործություններին: Չարժե՞ արդյոք շտկել այդ բացթողումը:
-
Շարունակենք «Գողգոթայի ծաղիկները» շարքը. 28. ԽԵՂԴՎԱԾ ՄԻՋԱՏԸ Գարնան բույրերեն արբշիռ` ինկար դուն Աչքիս մեջ` որ քեզ ծով մ’եղավ անհուն: Ափունքի մը հույսով ի զուր լըլկեցիր Թևերդ այդ մըռայլ ալիքներուն վրա` Որոնց տակ կ’ապրեր ցավը դավադիր, Ցա՛վն` որ քեզ ճըմռեց, ըրավ հեղձամահ: Հետո կոպս իջավ վըրադ` ամպի պես` Եվ բիբըս հոգվույս լույսով ողողված, Գերեզմա՛նդ եղավ: Նույն արցունքն ըզքեզ Ըսպաննեց, և նույն արցունքը ողբաց: Դուն հետաքըրքիր մեղքըդ քու մահով Քավեցիր, ես իմս` ակամա լացով: Գիտեմ թե քեզի եղավ ո՜րքան վիշտ Լուծվիլը հեռու կառերուն ծոցեն` Որոնց շուրջն ուրախ կը բըզզայիր միշտ` Կարծելով երգիդ ականջ կը դընեն Իրերը բոլոր, կամ քուկըդ է արփին Եվ տարափներուն մասրենին նըրբին: Եվ քուկըդ կ’ըլլար տիեզերքն անհուն` Երբոր կ’իշխեիր հորիզոններուն Մրըրկին թևին վրա: Ո՜վ կյանք երջանիկ, Կ’անցնեիր ծաղրով կարծես անտառին Գոռ ծըփանքներեն, երբ շուրջըդ` քաղցրիկ` Խիժոտ գիհերեն հար կը խընկեին: Բայց, ավա՜ղ, բախտիդ մարդն էր աչք տընկած, Եվ ահա քեզ այդ աչքին մեջ որսաց: Հոն մեռար: Վերջին բըզզյուներդ ողոք Մըտերիմ զեփյուռ մ’ի զո՜ւր կանչեցին Մահվանդ օգնության. ան չեկավ. ո՛չ ոք Իշխեց մոտենալ մարդկային աչքին: 30. ՄԵՆԱՎՈՐ Դեկտեմբերի պայծառափայլ իրիկուն. Երկընքին տակ, ադամանդի նըման ցուրտ, Ուղեկորույս հովը կ’անցնի մայելով: Վըճիտ լույսերն աստղերուն Արյուն կու լա սառույցին վրա լճակին: Հոգիս կառչած մըտածումի մը համառ` Կը սպասե գոց պատուհանին ետև լուռ… Չեկա՜վ. –«Եվ ա՛լ պիտի չըգամ»,– ըսավ ան: Որբ շեմիս վրա մըխիթարիչ քայլն անոր Պիտի բընավ չըծաղկի. և դեռ հոգիս կը սպասե՜: Ի՜նչ մենավոր սենյակ, ի՜նչ կյանք մոռացըված. Հիշատակի մեջ հանկարծ կը փըղձկի Սիրտըս տըրտում… Կը փըղձկի՜… Ըզգացումներն հանկարծ կուլան մութին մեջ, Քաղցըր, տըրտում, անհագո՜ւրդ: Եվ կը խըմեն շրթունքներես Արտասուքներս հոսանուտ: Ո՜հ, ի՛նչ ցուրտ է հոս, Տե՛ր իմ. Հանգեր է կայծը վերջին Կըրակարանիս մեջը քամի՜ն կ’ողբերգե: Կը զգամ եղյամն այս թողլըքված խուցին մեջ, Որ մազերուս վըրա սև Ձյունասպիտակ ծաղիկներն իր կը բանա. Բոլոր աստղերն, երկինքեն վար սառնաշիթ, Օրհասական յուղն օծման Ճակատիս վրա կը հեղուն: Կահերուն տակ թաքթաքուր Ամեն վայրկյան մութն ավելի կը բարդի, Կը տարածե անկողինիս վրա արդեն Դամբանական ծածկույթը իր սևաշղարշ: Ո՛հ, չեմ ուզեր, ես չեմ ուզեր այս ժամուն Լամբարիս լույսը մատնիչ. Վարագույրիս ժանյակներեն կաթկըթող Լուսնկան բա՛վ է ինծի: Մարդիկներուն շըռայլորեն տալե վերջ Ավյուն և սեր, ծաղիկներն իմ էության, Գըտնել զանոնք միշտ ծանծաղ, Գըտնել Աստված միշտ ըսփինքս Ոչնչությունը պըճնող, Եվ հեռացվիլ այն սիրելի էակեն` Որուն թարթափը կոպերուն կը բավեր Արծարծելու համար կրակներն արյունիս, Միսիս ճենճերն, սըրտիս բուրվառն հոտևան, Հիմա, ավա՜ղ, ի՞նչ կը մընա ալ ինծի. Մոխի՜ր, մոխի՜ր, և ավերա՜կ. և նույնիսկ Խորունկ սոսկում մ’իմ իսկ անձիս նայելու: Ո՜հ, չեմ ուզեր, ես չեմ ուզեր այս ժամուն Լամբարիս լույսը մատնիչ: Երբ ա՛լ դատարկ է հոգին Ահավոր է տեսնել հատակը անոր: Փլատակներուս կանգուն մնացած կատարին Լուսնին ոսկի ծեփող մեկ շողը բա՛վ է: Ես չե՜մ ուզեր լամբարիս լույսը մատնիչ. բայց լուսինն ալ, ավաղ, լուսինն ալ ահա Հո՛ն, դըրացի երդին ետև ծածկվեցավ: Հովը կու լա, կը կաղկանձե, կը թըռչի: Կրակարանիս մեջ պաղեր է մոխիրն իսկ: Հովը կ’ոռնա… հովը բացավ մեղմորեն Պատուհանիս փեղկը հին: Ո՜հ, ո՜վ Տեր իմ, ո՜վ Տեր իմ, Չայցելված ասյ սենյակը ո՜րքան ցուրտ է. Արցունք մ’ահա մարգարտի պես սառեցավ Ծայրին վըրա թարթիչիս, Եվ սիրտըս դեռ տըրտո՜ւմ տրտո՜ւմ կը փըղձկի: 31. ՄԻՋՈՆ Երիտասարդներուն մահը նավաբեկության մը կը նմանի ՊՂՈՒՏԱՐԳՈՍ Պատանի էր, հովերուն, ալիքներուն մեջ մեծցած, Իր հայրենիքն օվկիանն էր, և նավը իր օրորոց: Քամին հավետ կը լիզեր կուրծքն արևեն թըխացած. Նըստած էր ա՛ղը ծովուն ճակատին վրա քրտնազօծ: Միշտ ծըխամորճը բերնին մեջ կ’աշատեր անխըռով. Նավը բոպիկ կը լըվար, կայմին կ’ելլեր ժիրաժիր. Վեր կը քաշեր շանաձուկն` անոր քիթեն որսալով. Եվ ամբարի մուկերուն կու տար երբե՛մըն նախճիր: Ան մի առ մի կը ճանչնար աստղերն իրենց առաջնորդ. Կարծեմ նույնիսկ լըսած էր թընծկալն երկու Արջերուն: Ան կը ճանչնար լուռ դավերն ալիքներուն քինահորդ. Եթե անգամ մ’ականջ տար Շընիկ աստղին հաչելուն: Ան կըսիրեր ջուրին վրա երբ որ խարիսխ կը նետեր` (Ուր Միջոն սև բիբերով բոպիկ աղջիկ մ’էր սիրած) Արագաճեպ կը մագլեր թըռչարանեն դեպի վեր. Կը տընկեր դրոշն, հովերո՛ւն ճակտին մազերը տըված: Ու կայմեն վար հեղեղվող պարաններուն մեջ ծըփուն Ան կը լողար… ի՛նչ ճապուկ ճախրեր կ’ըներ այդ տղան. Մերթ կը սողար օձի պես, մերթ փորձելով վիհն անհուն, Թըռչարանին ճիշտ ծայրին կը թառեր ան բուի նման: Չըվաններուն գաղտնիքներն ո՛չ ոք կար իր չափ լուծող, Անոնք իր իսկ մատերուն կարծես ջիղերն ըլլային: Երբոր քամին կը հուզեր լարերը այդ լուսացող` Երգովն անոնց կ’արբենար, կը վերանա՜ր լուսինին: Վե՜րն էր դարձյալ, երբ շանթեց օր մը մրրիկն ախերոն. Նավուն ներքև կատաղի ցուլի պես ծովը խոպաց, Եվ ամպրոպի մ’հարվածով կոտերցավ կայմն, ու Միջոն Գըլորեցավ աստղերեն` անդունդի մեջ լայնաբաց: Անհունի՜ն էր միացած մասնիկը այդ Անհունին… Բայց երբ մարմինը դըպավ խարակներուն թըխերանգ` Դըժբախտ Միջոն ցանկացավ, հառած աչքերը նավին, Խուսող ճերմակ առագաստն… իր դիակին գեթ պատանք: 32. ԴԱՇՏԵՐՈՒ ՏՂԱՆ Ուշ ատեն դուն որ կը թողուս ա՛լ մարմանդ Սիրտըդ` սըրտին, ձեռքըդ` ձեռքին մեջ մորկանդ, Պահ մը կանգ առ, ո՛վ մանուկ. Վեր վերցուցած ծաղկալի փեշդ` որ ինծի Ցույց կու տա մերկ սրունքներըդ գույն բըրընձի, Թո՛ղ, բա՛ց թևերըդ փափուկ: Գըրկե՛ հոգիս. ես օտար չեմ. չե՞ս տեսնար` Որ բացած է Բնությունը, մեր Մայրն արդար, Իր մատերով բոցագույն` Սիրտըս` ամենուն. սերս ամենուն կ’հոսի դեռ, Սերս` որ ոսկի ճանկ մը կ’նետե վարեն վեր, Ծաղիկներեն` աստղերուն: Քեզ գըրկելու տենչ մ’հոգվույս մեջ կ’հոսի, Դաշտերո՛ւ տղա. չէ՞ որ եղբայր եմ քեզի Մեր Մայր-Բնության կողմանե: Բուրումներուն մեջտեղ գարնան դաշտերուն, Կամ բլուրին վրա – ծաղկե՜ բագին – մեր անհուն Տիրոջ մեր զո՛հը նույնն է: Քեզմե` սըրտիկդ, ինծմե` քընարս: Ո՛վ հոգիս, Ճակտիդ համար համբույր մ’ունիմ շըրթունքիս. Այդ համբույրովս հոգեծին` Կը ցանկամ որ – իղձ` զոր մեկո՛ւն դեռ չըսի – Գեթ պահ մ’հոգիդ իմ հոգվույս մեջ սուզի Ինչպես կարապը` լիճին: Խոշոր աչքերըդ` որոնք մեն մի թարթափեն` Զիս իրենց մեջ կը նըկարեն ու կ’ավրեն, Շուշան ճակատդ որ մերին Ճակատներուն ցոլք մը հավետ կը ձըգե, Բերա՛նդ, այտե՛րդ արդյոք դաշտի ի՞նչ ծաղկե Կամ ի՞նչ խունկով երկնային Հորինված են: Եվ քու հոգիդ փողփողէջ` Ինչպես կայծոռը վարդենվույն ծոցին մեջ` Զեփյուռներով կ’արծարծի: Հողի՛ն հոտով խընկըված է քու արյունն. Հողին հոտո՛վ ծըծված ես կյանք և ավյուն, Դաշնակո՜ւմ մ’ես կարկաչի: Հազիվ բացիր մեղույշ բիբերդ արևուն` Քաղքեն հեռու` տեսար դաշտերը անհուն. Օտար ձեռք քու երակներ Շոշափած չէ: Լերան կողին, թաքթաքուր, Դուն տորոնի ծաղիկ մըն ես` որուն բույրն Ուրիշ բույր չի՛ խանգարեր: Մեջդ եղծված չէ դրո՛շմն Աստուծո սըրբանվեր, Զի սրբության` բնությունը չի վընասեր. Շո՛ղ մ’ես, երբ զով մարգին վրա, Շուքին, ծաղկին, ճյուղին մեջեն կը սահիս: Ամեն ձորակ աշխարհ մ’է քեզ, ո՛վ հոգիս, Քանի որ մեջդ Աստված կա: Քեզ բնությունն է կազմած, կամ դո՛ւն ես բնություն, Եթե ա՛յսօր – ներե՛ այս սև բառերուն – Մահն հողին տակ լուծե քեզ, Այտերըդ վա՛րդն առնե պիտի, սերդ` լուսնակ, Սիրտըդ պըլպուլն, երգըդ հովն, աչքերդ մանիշակ, Հոգիդ երկինքն, արցունքդ… ե՜ս:
-
Բնականաբար դրանք բնաբաններ են այս պոեմի համար: Ինչ վերաբերում է պոեմի վերնագրին, ինձ թվում էր` ակներև է. «ՀԱՐՃԸ»: Իսկ տեխնիկական մի փոքր թերությունը իմ` այս կայքում ունեցած փորձի պակասից է հավանաբար: Սա կարող է ժամանակի ընթացքում շտկվել. քիչ-քիչ սկսում եմ կողմնորոշվել: Հույս ունեմ, որ այդքան էլ խիստ չեք դատի:
-
Շատ շոյված և քաջալերված եմ Ձեր խոսքերից, և անտարակույս պիտի ավարտեմ շարքը
-
25. ՏՐՏՈՒՆՋՔ ԵՂԻԱ ՏԵՄԻՐՃԻՊԱՇՅԱՆԻՆ Տրտում է անձն իմ մինչև ի մահ. ՀԻՍՈՒՍ Այս իրիկուն լալագին, ո՛վ սիրելի Եղիա, Նիրվանայիդ աստղահեռ կու գամ դըռները բաղխել: Իմ վիշտըս դուն կըրեցիր, դուն կըրնաս զայն հասկընալ` Մարդիկներե ծանակված մահաբաղձիկ տրտմությունս Հանճար մը լոկ իր գութով կրնա վայրկյան մ’ըսփոփել: Ես չեմ ցանկար` քու սիրույդ ըլլալով պահ մ’արժանի` Անմահությանդ նշույլն իսկ մեռած սրտիս մեջ կըրել, Իմ կյանքս է լուռ մըխանքին, և մահըս ալ Ոչինչին: Երբոր բաշխել ուզեց Տերն իր գանձարանն երկնաճոխ Տաղանդներուն տվավ աստղերն, և արևն ալ հանճարին, Բայց սընափառ իմ ճակատս արտախուրել ուզեցի Ասուպներով` որոնք պահ մը շողացին ու մեռան Մեռան անդա՜րձ. բայց այսօր կը համառիմ հավատալ Թե ջախջախված լարերես և աճյունես գերիվեր Կը մընա Վիշտս աննըվաճ, Հուսահատությունըս անմահ: Տե՛ս, գարունեն ես կու գամ, հայրենիքեն վարդերու. Օր մ’իմ շիրմիս առջև ալ մայիսն առույգ ծաղկեցավ. Աղավնիներս ըսպիտակ ավազանիս եզերքին Համբուրվեցան կարմրագեղ կտուցներով տարփահեղձ. Բայց տառափանքն անպատում շիրմաքարի մը պես սև Փակված էր սիրտըս ընդդեմ գարնանային ավիշին. Ու մայիսի վարդերեն ճակատիս շուրջ լոկ մընաց Փըշյա պըսակ մը խըրված մինչև ըղեղս արյունլվա: Դուն որ օր մը, ո՛վ Հընդիկ, բռնված ցավեն հանճարիդ Ծովակին մեջ Մոտայի, բուրումներով առլըցուն, Անհայտանալ ուզեցիր բուստերուն տակ լուսաշիթ, Բնավ երբեք չըտեսար` թե ինչպես շուրջըդ փարթամ Կը ծիծաղեր բընությունն, աքասիաներն եզերքին Կը ձյունեին ծաղիկներ անդունդներունվրա ծըռած. Ծիծառը դուն չըլսեցիր` թևն ալիքին թաթխելով` Երբ տափագին կը կանչեր քեզ վիհերու թովչանքեն Արևուն տակ փայլակող աստվածային խընճույքին. Չըխորհեցար դուն բընավ` թե կ’արժե՛ կյանքը ապրիլ, Կ’արժե նայիլ աստղերուն, և մըտածել Աստուծո, Կ’արժե՛ տալ սիրտ մը քընարին, և հետո զայն կըտակել Անմահական դարերու` քանի մը պարզ թըրթռումով: Այսպես ալ, ո՛վ Եղիա, կըրնաս դուն լավ հասկընալ Թե ա՜հ, ո՛րքան ահեղ է անցնիլ կյանքի գարունեն` Եվ միմիայն աչքերու մեջ արտասուք ունենալ, Քղանցքըդ քըսել վարդերու, ճակատըդ հըպել դափնիի, Եվ հուսկ վերքերը կըրել եղիճներուն դավադիր: Քեզի պես ես ալ նըստա ծովակներու ափունքին, Կամ նավեցի լըճին վրա բուրումնավետ իրիկունն, Բայց դեռ չըմպած անդորրանքն` անդունդը ես չափեցի, Եվ մաղթեցի որ մակույկն իսկույն դագաղըս ըլլար Եվ բըռնաշունչ մըրըրկե մ’Անծանոթին ծոցն հասներ: Սակայն կ’արժեր դեռ ապրի՜լ… ու փորձեցի ես սիրել. Սըրտիս տրոփյունն զգալու համար` կուրծքի մը փարիլ: Դուն չըրի՞ր նույնն, Եղիա՛, երբ հընդիկի փոստիդ վրա Կու գար նըստիլ Սըրբուհին և դրած գըլուխը ծունկիդ` Մըրըրկաշունչ նըվագներդ հրեշտակի պես կ’ունկնդրեր. Երբ դուն բուի աչքերով կը կարդայիր Ռիկ-Վետան` Անշուշտ գըտար իր գըլխիկը ավելի շնորհագեղ Քան թե լուտասը ծաղկած Մայայի լույս ծոցին մեջ. Ու երբ մազերն հորդառատ ջրվեժի պես թափեցան Գիրքիդ վըրա` անոնք քեզ հիշեցուցին անպատճառ Խորախորհուրդ ծըփանքներն անտառներուն հնդկական: Բայց օր մըն ալ Սըրբուհին հիացումին մեջ հոգնած` Մըտքիդ թըռիչն անհունին մեջ դիտելեն ձանձրացավ, Եվ չըհասավ համբուրել վըսեմ ճակատն արևուն. Ո՞ր գիրգ տատրակը արդյոք ատակեց ձուն արծիվին Թևերուն տակ ամփոփել, տալ կենդանի ջերմություն. Ո՞ր կընոջ սիրտը կըրցավ հանճար մ’ընել բարեբաստ: Սե՜րն ու հանճա՜րն` ըլլալով զույգ հաստիչներն Աշխարհի Երանության նպատակին բըռնակալներն են անհաշտ, Մին մըտքերու փոթորիկ, և մյուսը կրակ սըրտերու, Մին աստըղներ կը ստեղծե, կու տա մյուսն անոնց հուր, Տիեզերքի բարերար և իրարու ախոյան, Մեկըզմեկու արյունով անոնք Մեծե՜րն են ծըներ: Ա՜խ, բանաստե՛ղծ, ի՜նչպես քեզ պատմել եգերգը սերիս. Հիշելը զայն` վերըստին արյունիլ է ինձ համար: Ի՞նչպես ըսել թե ես ալ պաշտեցի կին մ’հրաշագեղ. Անոր հեղեղ մազերուն վըրա, քընար բյուրեղի, Մատերըս սեր նվագելով մեղրամոմի պես ծյուրան. Ամբողջ տարի մը նար բիբերու խորն ընկըղմած` Արյունթաթախ թըռիչներս արբշըռությամբ պարզեցի` Անեզրության մեջ ո՛րչափ ո՛ր կարելի է պարզել: Ամբողջ տարի մը եկավ աշխատության խուցիս մեջ Քնարիս լարերն հարդարել ու դըրած գլուխը կուրծքիս` Մեծ գաղտնիքներն երգերուս սըրտիս խորունկը փընտռել: Այն ատեն իր հետ դըռա՛նըս ծերպեն ներս ժըպտեցան Գարուններ բյուր դարերու, անցյալ վարդերը առույգ. Իսկ սըրբենի տատրակներն մեհյաններուն հինավուրց Վերադարձած ձեղունիս գերաններուն մեջ մըրոտ Տարածեցին եղկ հոտերն իրենց ճերմակ բույներուն: Սոսափն անոր քըղանցքին դեռ ըստորին սանդուխեն Տըվավ սըրտիս բաբախել և արյունիս պըղպըջալ. Ու պահ մը ես ըզգացի թե զըվարթուն մը կու գա Դուռիս մեջեն ավետել թե երջանիկն եմ երկրիս: Սակայն ի զո՛ւր մեր տարփանքն անմահանալ խոստացավ. Խիստ գգվելեն ա՛լ մեռած է թիթեռնիկն ափիս մեջ: Ի զո՛ւր անոր ծոցին մեջ դըրի գըլուխըս կոշկոճ, Եվ կուրծքիս տակ կանգ առնելն հավերժության ըզգացի Ի զո՛ւր ճապուկ թևերուն մատնեցի վիզըս հըլու. Ու գըլխիկոր պաշտեցի դավադրությունն իր սերին. Նեկտարաբուղխ բաժակին տակ` զոր առի հույր ձեռքեն` Իժ մը ծվարած մահվան թույն ատամներեն կը հեղուր: Ան կը դըրժեր, ու դըրժանքն համբույրը իր կը ծածկեր. Սիրտը` զոր ես բացի օր մ’ուրիշ բալլիք մ’էր կըղպած: Մինչ գլուխն իր ծունկիս դրած` կը սևեռեր նայվածքն իր Անծանոթի՛ մ’հոգվույն մեջ` որուն վըրա կը խորհեր: Եվ օր մ’ալ ես, ո՛վ վայրկյան հոգեվարքի պես տըխուր, Երբ լուսաբուղխ պորտին վրա ինկած` կասկածըս լացի` Տեսա որ փորը խայտաց գաղտ ծիծաղով մը խենեշ` Բերնիս վըրա համբույրն իր ուրի՛շ համբույր մ’համբուրեց. Սիրտը սըրտիս վրա ուրիշ սըրտի մ’համար բաբախեց: Եվ, ո՜վ սարսափ, երբ եկավ բազուկներուս հանձնըվիլ` Իր մարմինեն ես օտար անկողինի մ’հոտ առի: Ամայությանմեջ հոգվույս հընչեց մըռունչ մ’այն ատեն. Որուն անմահ արձագագն է այս քերթվածն, Եղիա՜: Կինը լըքեց զիս հավետ, և աղմուկն իր քայլերուն Վիշտս հեգնելով հեռացավ փողոցներուն ընդմեջեն: Սարսափահար իմ սըտես և խուցես դուրս նետվեցա: Ապրիլ ամիսը մինչև շիրմիս վերև կը ծաղկեր. Գերեզմանատան լայն ուղին նոճիներուն մեջտեղեն Մարեմխոտի բույրերով քայլիս առջև կ’երկըննար: Այն ատեն ձայն մը կյանքիս ավերակեն լըսեցի` Որ ըսավ.–«Գնա՛ թափառիլ ոսկորներուն մեջ փըտած. Գարունն ի՛նչ փույթ, երբ չ’ըլլար սիրտըդ ծիծառը անոր: Վարդերն ի՛նչ փույթ, երբ միայն կրնան վերքերդ հիշեցնել. Գընա՛, անշուշտ կը գտնես փոս մը փորված ու պատրաստ, Եվ հողը վրադ լեցնելու ո՞ր կինը բնավ չի փութար: Մահվա՛ն համար մենք կ’ապրինք, բայց ա՛ն է լոկ երջանիկ, Որ մահվան որս կը տանի ավելի՛ նվազ գարուններ»: Ես այդ ձայնին ունկընդիր շիրիմներուն փութացի, Բայց դատարկ փոս չըգտա` որ խոնջ գըլուխըս թաղեմ. Նահատակնե՜րը զանոնք էին բոլոր լեցուցած: Գուցե ես վա՛տ մըն էի. ուզած էի սոսկ ապրիլ Սըրտի՛ս համար սեփական, զայն լեցընել բերկրանքով` Երբ ան արդեն ճաթա՛ծ էր արցունքներուս կըրակով: Թերևըս զիս ուրիշի՛ն համար բախտն էր սահմանած, Եվ իմ կյանքիս նըպատակն էր ուրիշ կյանք մը գուցե: Ու ես խաչիս վըրայեն խաչված Մարդուն նայեցա. Ինչպես դուն իքըդ ըրիր, բազմաչարչա՛ր Տեսանող, Երբ զոհի պես, Մեշճիդիդ չորս պատերուն մեջ կանգուն, Հոսեցուցիր բամբռահար աստեղնահուպ մատերեդ Սըրտիդ երգերն – ինչ կ’ըսեմ – սըրտիդ ծովերը` բոլոր Եղբայրներուդ ճակատին շըղթայի պես ողջակեզ: Եվ որպեսզի կըտակես սերունդներուն ապագա Վըշտախոս քնար մը թըրթռուն` սարսուռին պես մըրրկին` Զայն հանճարեդ իսկ առաջ` վըհատությամբըդ օծեցիր: Անհույսներուն անոր հունչն արդ քույր մըն է ըսփոփիչ. Ոմանք անով կ’ամոքվին, կ’օրինակեն ոմանք զայն. Բայց ա՛ն միայն կը զորե երգը երգիդ դաշնակցել` Ո՛վ որ կ’ըզգա թե սիրտն իր Տիեզերքին առանցքն է, Եվ արյունլվա գըլուխն իր Նիրվանային կը դիպչի: Նըվիրվի՜լ պետք է ինծի. ու ես տեսա այն ատեն Իմ վերքերես ավելի՛ խորունկ վերքեր ու ցավեր. Կը մորթեին Ժողովուրդ մ’որ առած մուրճը ձեռքին` Սա կավեղեն դարուն վրա կը նետեր դարը մարմար: Այն ժամանակ վհատ հոգիս կայծակներով պընդեցավ. Ու լեցվեցավ ամբուռքով դատարկությունը սըրտիս. Կամքս նվաճված իմ ցավով` կազդուրեց ցավն ուրիշին: Ժողովուրդ մ’ես ըզգացի` որ լանջքիս տակ կը տրոփեր. Աստված մը, ո՜հ, եկած էր քաոսիս մեջ բընակիլ, Եվ խորն հնոցիս` որ դատարկ էր սերերեն եսապաշտ` Նետեց անմահ Գաղափարն, ոսկեփըրփուր եռեփեց. Ա՛լ հոն էի` ուր մըրոտ խըրճիթներուն մեջ մարդիկ Կ’անիծեն լույսը վաղվան` որ պիտի հանկարծ սառի Իրենց քաղցեն նըվաղկոտ բիբերուն մեջ մահաբաղձ. Այնտե՛ղ էի` ուր բանվոր բազուկներ հանք կը պեղեն, Կը բանան ծոցն ոսկիին, և չարադեպ վըտանգով Գերեզմաննին կը գըտնեն, ունենալով զերդ պատանք, Պատառ պատառ շապիկնին պանդըխտորեն քըրտնաթոր. Այնտե՛ղ էի` ուր բախտին խորթ զավակները համուռ` Ապրելու մեծ ու արդար իրավունքին ի խընդիր` Բըռընկցուցին կատարներն ոստաններուն ցասումո՛վ: Փողոցներեն գրոհն իրենց` եղավ արշավն ամպրոպին` Որուն ճակտին ճայթեցավ խոսքըս նըման կայծակի. Հառաջ մըղեց կամ զըսպեց, մըխիթարեց կամ սաստեց, Եվ ամբոխին արգանդեն ճառագայթներ պոռթկացուց: Օ՜, խրոխտ զարկերը Եսիս միլեոններու սըրտին մեջ. Օ՜, շանթակուռ բազուկս իմ որ կըրակներ տեղացուց Ծովածավալ մարդերու գըլուխներուն վրա` ամբարձ. Օ՜, խոյացումըս վարազ` ամբոխներուն ուսին վրա. Ես ժողովուրդը հեծա նըման ձիու մ’ամեհի, Եվ լուսաղբյուր բիբերս իմ Նպատակին սևեռուն` Մըրըրկավար քըշեցի զայն գահերուն վըրայեն. Մերթ խոցեցի խթաններովս հըրաբորբոք կողերն իր, Մերթ մատերովս քընքույշ բաշերուն ուղխն օծեցի Մըտրակիս տակ ծառացած` երեք տարի ան վարգեց Օրենքներուն բըռնակալ ավերակին ընդմեջեն. Երեք տարի գանկերուն մեջ պայտերն իր թաթախեց, Եվ արյունի խոշյունով լանջքին այրիլն ան ըզգաց: Բայց օր մ’ալ խեթ եղավ ձին և խարազանըս խոտեց, Ու տակավին Փըրկության կատարին վրա ադամանդ Վըրընջյունն իր չարձակած` ահիպարան ոստումով Զիս վար նետեց գավակեն, ժայռին դեմ կողըս պատռեց: Եվ ահա, ո՛վ Եղիա, Նիրվանայիդ դըրան դեմ Արշավանքիս արյունն է` զոր ճակատս իմ կը դրոշմե: Ազատության սահմանված ազգը մընաց անմըտրակ. Ծառացումին մեջ հոգնած, ընտրեց սողալը անարգ Եվ որպեսզի ավելի ըստըրկության մեջ հեղգա՛ Օձի շապիկն ըզգեցավ, խըլուրդին խուղը մըտավ. «Ի՜նչ փույթ,– ըսավ,– իմ կարթերս ապաժուժի մեջ թաթխել Լավագույն է տերերուս հըղփանքին սայլը քաշեմ. –Սայլ ո՛չ անբիծ մարմարով, ոսկի աղբով բեռցըված – Ի՜նչ փույթ,– ըսավ,– արևուն տակ քըրտընիլը ազատ, Ոտքիս շըղթան արգելք չէ` որ ես երբեմըն վերցնեմ Գանգուրներուն վրա բոզիս գինվո բաժակըս փըրփրուն»: Ու, Եղիա՜, օր մը ես աստվածային հպարտությամբ Նախատինքիս եղիճով բաժակը այդ պսակեցի: Վարժ չեղավ ձեռքս սեղմել ձեռքն` որ տըրմուղ զենքերու` Ժանգոտ դըրոշմը կըրեց շըղթաներուն կամակիր: Լա՛վ էր այրույթն ամբոխին, տոնախըմբելը վատթա՛ր. Ու շանթերես վերջ ժըպիտս անոր դեմքին չըցաթեց: Եվ երբ անոնք իմ փառքիս համար դափնի հյուսեցին` Ես քամակիս ապառաժն անոնց շընթման դարձուցած` Հեռացա, հյուղըս մըտա, մարեցի հույսըս վերջին Ու պապակովը մահվան, Հընդի՛կ, քեզի՜ ձայնեցի: Այժըմ ընդդեմ Բընության, և՛ Նըվիրման, և՛ Սերին Դըռներս պինդ փակած եմ և վհատությամբըս կընքած: Լուսամուտներս հյուսված են բաղեղներով տըրտմական` Ուր վաղեմի բույնին մեջ չի՛ գար ծիծառն ալ երգել. Լուսինն ինծի չըհասած դուրսն որմիս տակ կը մեռնի, Եվ կը կոտրի փեղկերուս մեջ սյուքին թևն անուշակ, Ես իմ կյանքես հալածված` խավարին մեջ կ’արտասվեմ. Այժըմ հողին քացն ունիմ. ծարավ ունիմ Լեթեին. Եվ օդն` երակըս շարժող, և լույսն` աչքերս կիտվածող Ես կ’անիծե՜մ… և ահա խելահեղված կը զարնեմ Նիրվանայիդ աստղահեռ դուռն, ու շեմն իր կը կըրծեմ: Դեռ ապրի պե՞տք է, Ատո՛մ, հուս’հատությունն աննվաճ Ոսկի կըռվանն ոտքերուս երբ փոխած է մըղեղի. Սընուցանել հա՞րկ է դեռ այս փուճ մարմինն` հակառակ Սրտիս անմեռ սադրանքին, որ մահվան լոկ կ’ունկընդրե: Ո՛վ Տեսանող, թե ունի երջանկությունը գաղտնիք, Թե կըրնամ ես պընդանալ մտածումով մ’անծանոթ, Վերքերս օծել նոր աստղի մը մեղրակաթ շողյունով, Ըսպիանալ թե կըրանամ, թե կըրնամ ես զըմըռսվիլ, Հայտնե՛ ինծի… Սակայն դու աստվածորե՜ն կը լըռես. Լուսացայտ մատըդ միայն ինձ ցույց կու տա զոհանվեր Պարանը սուրբ` զոր քու մահդ իմ վախճանիս կըտակեց. Կը հասկընամ թե անոր շուլլվելով է միայն Որ սիրտս ըսփինքսը կ’ըլլա, վիշտըս գաղտնիքը անոր Եվ ես զոհի մը ցընթող ճենճերին պես կը հասնիմ Նիրվանայիդ և քեզի, հավերժակա՛ն Հանգստին…
-
ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ Փա՜ռք սարբինային. Քրիստոս կը պատարագե: 22. ԱՍՏՈՒԾՈ ԼԱՑԸ Գեղեցիկ բաները արցունքի մեջ կը ծնանին: ՌԸՆԱՆ Երբ միջոցին մեջ տեղի տըված չէր Դեռ Ոչընչությունն այս Տիեզերքին` Ես կարծեմ Աստված բան մը կ’որոներ` Որ դարման ըլլա տաղտուկի վերքին: Շըրջան ըրավ Ան միջոցը մեկեն, Եվ հոն իրմե զատ բան մը չըգտավ. Էություն մ’ուզեց իր Էութենեն. Իր Էությունն իր արձագագն եղավ: Հետո դառնալով, տըխուր և մորմոք, Համըր լըռության և կույր Ոչինչին` Ան իրենցմե ինչ մ’ուզեց և անոնք Ինքզինքնին տըվին, կամ բան չըտըվին: Երբ Անհունն այդպես դատարկ գտավ Ան, Իր մեջ ըզգաց խոր, դառնակըսկիծ ցավ. Եվ Լըռության վրա ու Ոչընչության Հուսահատութենեն սըրտաբուղխ լացավ: Վարն իր արցունքներն ուզածը տըվին` Կազմելով մեյմեկ աստղեր երկընքին. Եվ Բանաստեղծին նըման Աստված ալ Որպեսզի ստեղծե` հարկ եղավ նախ լալ: 23. ՃԱՆԱՊԱՐՀ ԽԱՉԻ Ո՛վ մատնըված Հիսուս, Դու որ փըշապատ գըլուխ մ’ունեցար` Գըթա՛ իմ գըլխուս. Դերաներդ զայն քարկոծեցին հար Եկեղեցիին սալաքարերով: Վերքերես բըղխող ըղեըղ կերան Իշամեղուներն ամբարըշտության: Տե՛ս, մազերուս վրա եղյամն է նըստեր. Ես շա՜տ եմ տանջվեր: Տառապա՛ծ Հիսուս, Դուն որ ունեցար արտասվող աչքեր` Գըթա՛ աչքերուս. Անոնք ավելի արտո՛սր են քամեր Քան թե խըմեր լույս: Դագաղներու վրա Միշտ մահն են հըսկեր մոմերու հետ շեջ Բիբերս են ընկեր վիշտի հորի՛ն մեջ: Տե՛ս, կոպերուս վրա աճյուն է ցանվեր. Ես շա՜տ եմ տըքներ: Ապտակվա՛ծ Հիսուս, Դուն որ ունեցար ձեռքեր կալ ու կապ… Գըթա՛ ձեռքերուս. Ափերս են տաղեր պայտերով հրատապ, Եվ մատվըներս, ըստինքներու նման Արյունս են կթեր: Դաստերս ճաթած են Կըրելեն երկաթ, հողը փորելեն: Տե՛ս, եղունգներըս սիրտս ե հոշոտեր. Ես շա՜տ եմ խոցվեր: Թըքնըվա՛ծ Հիսուս, Դու որ ունեցար ձաղկըված կողեր` Գըթա՛ կողերուս. Անոնք աղբյուսի վըրա են պառկեր` Եվ վիշտը քունեն ճանչցրեր հաղթական. Բուծաներ են միշտ գըրկած Մահը կույր` Իրենց քաղցն անոր տալով կերակուր: Տե՛ս, փողոցի շուն մ’է կողըս պատռեր. Շա՜տ եմ հալածվեր: Մահապա՛րտ Հիսուս, Դու որ բևեռված ոտքեր ունեցար` Գըթա՛ ոտքերուս. Արյուն սըրսկելով թափառեցան հար Ավերակներու եղիճներուն մեջ: Զանոնք չըլըվաց ձեռք մը սիարկան Ո՛չ մեկ լալկանի մեջ ասպընջական Ոտնամաններս կ’հոսին մոխիրներ. Ես շա՜տ եմ քալեր: Ո՛վ խաչված Հիսուս, Դուն որ նիզակված սիրտ մը ունեցար` Գըթա՛ սըրտիս հույզ. Օր մ’որ անոր մեջ բաբախեց աշխարհ` Հույսին տեղ այսօր Ոչի՜նչը կ’ապրի: Սիրտըս սափոր մ’է, աճյունս` անոր մեջ, Զոր պիտի հովե՛րն առնեն մահես վերջ: Տե՛ս, տե՛ս, սըրտիս վրա դաշույն մ’է խըրվեր. Ես շա՜տ եմ սիրեր: 24. ԼՈՒՅՍԸ Դուն կը փայլիս մեծության և զոհագործումին համար: ՌԻԿ-ՎԵՏԱ Կ’երթամ աղբյո՜ւրը լույսին… Ուղին երկա՛ր է. սալարկված է ուղին Կայծքարերով, ցանկված` մուրտի փուշերով. Ուղին շեղ է ճառագայթի մ’հանգունակ: Անկե կ’ելլեմ` հենլով դողդոջ ծունկերուս, Եվ ծունկերես, զոր գամեցին եղբայրներս, Արյունըս տաք կը բըխի: Հևքն է ` կուրծքիս, թարթիչներուս վրա` փոշին, Սիրտըս սափորն է դատարկ, Ու ես կ’երթամ դեպի աղբյո՜ւրը լույսին… Լույսն աղվոր է, բարձրության մեջ հոսանուտ. Խոնարհումին մեջ` արդար: Օր մը տեսա էութենեն մաս մը սուրբ Մորս հոգվույն մեջ ճաճանչագեղ և ցաթած Մեր գյուղակին մեկ վաղեմի հերոսին Հողակույտին վրա դալար: Միջօրեին` զայն տեսա Որ` նըման մեծ թիթեռնիկի մ’ըսպիտակ` Կը քալեր գաղջ պատուհանիս քարին վրա, Որ մայթերեն կամ աղծապիղծ ճամբայեն, Ներողամիտ գըթությամբ, Կը հոսեր նոր կըթված կաթի մը պես եղկ, Որ իրիկունն, հորիզոնե հորիզոն, Կ’երիզանար գետերու պես հակինթի, Կամ կը կազմեր, երկինքնեուն վրա խաղաղ, Անըրջական ավազաններ, որոնց մեջ Կը բռընկեին նունուֆարե կըղզյակներ: Զայն ես տեսա՜ և հոգվույս մեջ արթընցավ Պանդուխտի տենչ մը անորոշ և լըլկիչ Դեպի գավառ մ’անծանոթ, լի արևով. Եվ արդ կ’երթամ դեպի աղբյո՜ւրը լույսին… Լույսն է Մըտքիս հարսը, աղջիկն` Աստուծո. Ան գինին է Տիեզերքի բերկրության, Որ իրիկուն մը, կողեն դուրս Հիսուսին, Հեղեղորեն հոսեցավ, Ներումի պես հոսեցավ, վա՛րը, Մեղքին Սեղանին շուրջը հավաքված մարդեուն Անհուսության ըսկիհներուն մեջ դատարկ, Լույսը արյո՛ւնն է բնության, Գիշերվան թագն, ու պատմուճանն է օրվան. Աստվածային Ակնին է` Որ` երկունքի մեջ մեռած մոր մը նման, Կը ստեղծե ի վախճանելու ժամանակ, Ակնին` հրեղեն բիբերով, Որուն հոգին ամեն գարուն կը տրոփի Հյուլեին մեջ և մարդկային մըտածման, Որուն համար զոհերով դեռ կը մըխան Նըվիրական ափերը հորդ Գանգեսին: Ու ես կ’երթամ դեպի աղբյո՜ւրը լույսին… Լույսը մարմարն է երկնային հանքերուն, Որով Արվեստն, անմահական երազով, Կը քանդակե ձյունամարմին աստվածներ: Իր ծոցին մեջ կը ծընին Մռայլ Տանդեներն ու Հոմերները հըսկա, Իր ծոցին մեջ իմաստությունը երգ մ’է` Զոր գիշերվան մեջ խորին Բանաստեղծները կը խըմեն աստղերեն` Որ նըվագեն ցերեկվան մեջ` Մարդերուն: Ան ամենո՜ւն զինքը կու տա, ամենո՜ւն Կը բաժնըվի, և կը մընա անբաժան Նըշխարքին պես. ան նըշխարքն է` որ կ’իջնե Ամեն առտու, սեղաններուն վըրա մեր, Մարդեղության արյունլըվա խորհուրդին: Ու ես կ’երթամ դեպի աղբյո՜ւրը լույսին… Քանի՞ հազար, քանի՞ հազար տարիներ Պետք է որ ա՛յսպես քալեմ. Քանի՞ անգամ պետք է իյնամ կարեվեր, Ճանապարհիս վրա բացված Նըպատակիս ժայռափըշուր մուրճերով. Չըգիտե՜մ ես. միայն թե, ո՜վ եղբայրներ, Ո՛վ խաչ հանող եղբայրներ, Թողուցեք զիս ճամբորդությանս մեջ մինակ. Ա՛յնքան մինակ և ա՛յնքան լուռ, որ լըսեմ Տըրոփը սըրտիս, զոր ընտըրած նըվագս է Նըվագներուն մեջեն բյուր. Արևով լի և արևները տանող Ուղիիս վրա մի՛ սըփռեք Ձեր շուքը, մռայլ թևի մը պես ուրուրի: Եվ ոչ ալ զիս կանչեցեք Խընճույքներուն ձեր զըվարթ` Ուր բոզությունը կը զարնե նվագարան: Ընդունա՜յն է խոստանալ Սըրտիս կույսեր, սիտըս սափորն է դատարկ Ու ես կ’երթամ դեպի աղբյո՜ւրը Լույսին…
-
ԻՐԻԿՆԱՅԻՆ Հորիզոնեն վար` քայքայված ու ցրվուն` Ոսկինարգես շառայլի փունջ մը կ’իյնա` Իրենց մոևկան կաթին կանչող ուլերուն Ժեռուտ ճամբեն գյուղակ դարձող հոտին վրա: Բաժնըվեցան իրարմե ափ ու մըշակ, Լո՜ւռ` ձեռքերնին ճակտին դըրած մեկմեկու. Ու` թիկնադարձ` արևն ա՜լ տուն կը դառնա Լեռներեն վեր` ինչպես մըշակն իջավ գյուղ. Առանց գոլին զույգ մ’հոգածու ձեռքերու, Բացավայրին մեջ կը մընան հասկ ու շյուղ, Գիշերին հետ անգա՜մ մըն ալ միս մինակ… Սարերուն վրա կանանչ լույս մը կը ցաթի, Աղբյուրներուն կ’ելլե խմբերգն արծաթի… ԱՅԳԱՅԻՆ Տանիքներուն վրա մըշուշը սնդուս լաթեր կը փռե, Ճամբաներուն վրա արևը` շոգոլիներ ոսկեման: Որմին մոտիկ սըրինգն անվերջ` մեղեդիներ արույրե, Որմին վըրան` աքլորն ըսթափ զարթոնքի ճիչն անսահման. Որմին դիմաց աղջընակ մը տարփոտ երգեր կ’ոլորե: Աղավնիներ, լաչակներու պես մետաքսե գունագեղ, Ճամբե ճամբա կը թռչըտին թույլ ծածանքով վաղանցիկ: Աղբյուրին լուրջ ջուրերուն մեջ Ճառագայթ մը կ’իյնա շեղ, Աղբյուրին հարթ քարին վըրա` ձայնն հոտաղին երգեցիկ, Աղբյուրին զով ծորակին հուպ` համբույրն հովին առտըվան: Խա˜չ հանեցեք ու ծա˜փ զարկեք, կարմրություններ հինայի Եվ արփածին թույրեր հագած` առտուն մեզի կը նայի: Ծառերուն վրա թռչուններու խմբերգն հիմակ կ’անձրևե, Ծառերուն տակ ծիծաղը ջինջ, մանկան` հոգնած կաքավե, Ծառերուն քով բույրը ծաղկին` ամեն գույնե ու ձևե... ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՄԸ Ա ԳԱՐՆԱՆ ՀՅՈՒՂԸ Դաշտին գոգը` արահետի մը եզերք` Հյուղակ մը կա կանանչներով ողողված. Իր առջևեն կ’անցնի ամեն տըվարած, Ճնճղուկներուն կը կարկաջե հոն խմբերգ, Ու տատրակներն ալ` ծիածան ուլերով` Քմշոտ գիծ մը կը գըծեն շուրջն երազե: Ու պորերը, խոշոր շարժուն շուշաններ` Կ’երազեն մեջն ավազանին տաղին զով, Ուր ծորակին մեներգն անվերջ կը վազե: Մասրենիներ, վարդենիներ, մորիներ Հոն, ձեռքձեռքի, դարձպար մըն են բոլորեր. Ծաղկանույշներ, ապրիմմեռնիմ, մանիշակ` Բուռ բուռ բերեր որմերուն տակ են ցաներ; Թաղարներեն մեխակի հույլ մ’աչվըներ Կը ժպտերգեն հյուղին հրճվանքն անապակ: Օ˜հ, գաղջ ավիշն` որ չորս կողմեն կը պոռթկա` Ընձյուղներով, շաքիլներով անհամար. Օ˜հ, արևոտ խայտա˜նքն արբուն աղջըկա` Որ կը զեղու բորբոք, արբշիռ ու հիմար, Կուրծքեն գարնան` որ թևերովն իր բաղեղ` Տարփո˜տ` հյուղին կը պլլըվի, ու հեղեղ Կանանչով մը կու տա համբույրն իր դալար: Բ ՀՅՈՒՂԱԿԻՆ ԳԱՐՈՒՆԸ Բերնիս քսած էր բաժակն մեղրակաթ Համբույրներու` նայադը ծով երազին. Ու չըլըքած դեռ ափունքները ակատ Շրթունքներու` քունես ընդոստ արթնցա: Ու գրկիս մեջ գըտա առտուն լուսոռագ. Առտուն, մանուկ` որ զերթ ծաղիկ կը ցնծա` Եվ հոգիին կը բերե բույրն իր նորոգ: Եվ ամեն կողմ երթալ ուզող զերթ մանուկ` Առտուն` իմ ալ թևես բռնեց ու տարավ Բըլուրեն վեր, դեպի դաշտերը տամուկ: Եվ անապակ իր աչքերուն նայեցա, Եվ աշխարհնե¯ր տըվավ հոգվույս իբր ընծա. Հորիզոններ` ուր լույսն անհուն կը ցնծա: Եվ հոտևան ձեռքին եղա ուշադիր` Որ շեշտակի Գարնան Հյուղը ցույց կու տար, Որուն դըրան առջին կանգուն կը խայտար Ծաղկապատար Հյուղին Գարունն անպատիր: Ծաղիկ մըն էր, ա́ն ալ, փափուկ ու բուրյան. Ծաղիկ` վարսերն ոսկինարգես` ու ծաղիկ` Թարթիչներն ու աչքեր, ճակատը շուշան, Եվ այտերը կակաջ, բերնակն ատրուշան, Թուշը շափրակ, այծտերևի` իր ձեռքեր: Եվ հոգին բուրմունքի հեշտ երգն ուներ, Արփիացող, ջերմին ինչպես ծաղկանոց: Ու կը կանչեր գունեղ Գարունն Հյուղին` զիս Իր համբույրին` ինչպես նայադն երազիս... Գ ԵՐԳԸ Ժամը վեցն է. հյուղակը ծառերուն դեմ կը խնդա, Ու չարանճար հովիկն ալ` ծաղիկներուն խաղընկեր` Կը պղպջա անհանդարտ, պզտիկ երգեր կը կարդա, Եվ կամ նայիս մերթ գաղտնի լըճակին ծոցն է ինկեր: Ես երազուն, ջըրեզրի ուռենիին կռթընած, Միջօրեին մեջ անհետ` թելն ըղձանքիս կը փնտռեմ Մըտամոլոր. և հանկարծ նուրբ կամրջակ մը ոսկի` Հյուղեն երգ մը` կ’երկարի մինչև ափունքը նըսեմ, Մինչև ափունքն իմ հոգվույս` ուր կոհակ մը հեղակարծ` Ոսկի գետեն արևին` եղկ ու հանդարտ կը պառկի: Օ¯հ, Գարունն է Հյուղակին, շատըրվանը իմ հոգվույս` Որ լուսասփյուռ ցայտք մըն ալ ինծի նըվեր կը խրկե. Ու միջօրեն բովանդակ մետաքսահյուս ցանց մըն է, Ուր բռնըված կը կանչե բաղձիկ թռչնակն իմ հոգվույս: Պիտի սիրե˜ քեզ հոգիս, պիտի սիրե́, սիրո˜ղ ձայն, Քու հոգիեդ բաժնըվող ցայտուն կոհակն արծաթի` Որուն փըշուրն անհամար աստղերու պես կը ցաթի Տիեզերքին մեջ հոգվույս` ուր ոլորտներ կ’իյնան լայն... Գ ՄՐՈՒՐԸ Իրիկունը, մետաքսներու պես փափուկ, Իրիկունը` շարբաթներու պես քաղցր է. Իրիկունը բաժակն է` շուրթը տամուկ` Զոր նայադ մը հըրամցնել կը բերե: Օ¯հ, զիս հիմակ Հյուղակին դուռը տարեք, Լուսաշապիկ օդանույշներն իրիկվան, Ավազանին մոտ, ուռիին շուքին տակ` Օ¯հ, զիս հիմակ Հյուղակին դու¯ռը տարեք... Այս բաժակին հեղուկն ո¯րքան հոտևան, Այս բաժակին հեղուկն ո¯րքան հեշտին է. Թավուտքներուն մեջը քիչ քիչ կը մթնե°. Պիտի փշրի¯, ավա¯ղ բաժակն իրիկվան... Շրթունքներըս վերջին պուտին են ծարավ, Ու ես Գարնան Հյուղին տարփոտ շուքին տակ Կը մոտեցնեմ երկչոտ` բաժակն իմ բերնիս. Դիրտ մը կա հոն, զոր հեգ հոգիս դժվարավ Ու դառնությամբ կ’ըմպե մինչև իր հատակ. Հյուղին կույսն է` որ մըթնշաղն իմ սրտիս Կը սևցընե` հեծկլտուքով մը գիշեր... Կը հեծեծե¯, ու չի¯ գիտեր թե քարին Քսվող սի°րտս ալ ինկավ ցայգուն մեջ խորին: Ե ՀՅՈՒՂԻՆ ԱՇՈՒՆԸ Այծամարդեր հովին քընարն են կապտեր, Ու պարտեզին մեջ անդադար կը զարնեն Խառնանըվագ եղանակ մը խոլական, Որուն ջուրն ալ կը խառնե մերթ իր կերկեր: Շահպրակները մընացեր են առանձին, Լըճակին շուրջ, թաղարներու մեջ թիթեղ, Ուր կայլակ մը կ’իյնա կարմիր, ամեն հեղ Որ հովն անխիղճ ենթարկե ծառն իր ցունցին: Հյուղն աներազ կու լա ժըպիտ մը դաժան. Պատուհաններն` անվարագույր, անթաղար, Տժգույն բաղձանքն ունին լույս ու կապույտի: Ու ցավագին և անթարթիչ զերթ կոպեր, Ուր անծաղիկ աշնան մը թուխպը խաղար` Հոն անանուն թախծություն մը կը փթթի: Բայց, երիզված ժապավենով ճառագայթ` Ամպերու գորշ վիժակներու ետևեն` Կ’երևա բիլ շարեշապիկ մը անգայտ` Որ երազել կու տա հյուղին, ոսկեղեն Պերճությունը նոր գարունի մը կույսին...
-
ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ Այսօր կաթվարդ երազե մը արթնցա, Գիրկս անսահման գրգանքներու է բացվեր. Այսօր, Հոգի՜ս, պիտի բերեն քեզ ընծա` Նոր տարփանքիս թիթեռնիկին հիր թևեր: Այսօր իղձով իմ հոգիս է կաթոգներ. Ու վարդի պես կը բացվի սիրտս իբր ընծա Այն լուսոռոգ պատարագին սրբանվեր` Զոր ծափեցին իմ երազներըս ծնծղա: Երեկ գիշեր իմ հոգիս էր ինկած, ա՜, Թավիշին մեջ կախօրրանին ոսկելույս` Զոր ճոճեցին մինչև առտու, մինչև Հո՜ւյս, Ըղձանույշներն իմ Տենչանքիս նախընծա: Այսօր լույսի ծովի մը մեջ արթնցա, Գիրկս անհամար գրգանքներու է բացվեր. Այսօր, Հոգի՜ս, պիտի բերեն քեզ ընծա` Մանուկ բույրեր ու աղջըկան պես հովեր: Մանուկ բույրեր ու աղջըկան պես հովե՜ր` Որոնց շուրթերն էին փնտռեր` ընդերկար, Ու գրկանքին խանդաղատ գիրկս էր բացվեր. Երանությո՜ւն, լույս րոպեին մեջ երկա՜ր… Եկո՜ւր անցնինք ծառաստանեն այս Լույսին Ու բացատքեն Գույնին, Ձևին ու Բույրին. Եկո՜ւր, Հոգի՜ս, եկուր երթա́նք միասին, Մինչ եդեմն աստվածաձայն, մինչև Կի՜ն… ԱՆՁՐԵՎ Համբույրն անձրևին կը թրջե շափշափ Վարդե գիծն անտես բերանի մը շուրջ. Օ՜հ, աս ի՜նչ գրգանք, օ՜հ, աս ի՜նչ անուրջ, Որ կը տամկանա, գաղտ ու հապըշտապ, Իմ ծարավահյուծ, իմ որբևայրի Իրիկուններուս շուշանին վրա լուրջ: Անձրևոտ գիշեր, գըթա՜ծ քահանա, Թոթվե́ սրբենի այդ տեղատարափ, Զերթ մասունքի ջուր, մինչև որ լենա, Մինչև որ լենա́ բաժակն այս պարապ Իմ երազներուս` որ ոսկեմըրափ Կեցեր է ցրտոտ մարմարին վըրա: Օ՜հ, աս ի՜նչ գրգանք, ո՜հ, աս ի՜նչ անլուրջ Կու տաս դուն ինծի, անձրևո՜տ գիշեր, Դո́ւն, բարեբարի, գըթա՜ծ քահանա, Որ հին Լլկանքին ժողվեցար փուշեր, Եվ հնչեցուցիր բարբառդ` ոսկի՜ մուրճ` Որ մտքիս նոր նոր դուռեր կը բանա… ՁՅՈՒՆԻ ՑՆԾՈՒԹՅՈՒՆ Պարն է ձյունին, փըսփըսուքը պարիկներուն, Որ տանիքին վըրա ճերմակ էջ մը կ’ըլլա` Ուր կը հածի գիրն անուրջիս իմ օրորուն. Որ հոգվույս մեջ ալ ըսպիտակ հորձք մը կ’ըլլա, Ու կը խուժե սարերեն վար գորշ խոհանքիս: Եվ արևի՜ն կըսպասեմ ես ցնծապատար, Միտքս երազով լեցուն համակ, ձեռքըս ծափո՜վ. Ունկնդրելու զանգակն անոր պատարագին, Ու դիտելու լույսե աղջիկն` որ պիտի տար Առջի բոցը` հուզումներուս մարած ճրագին: Ու տոնելու` ճերմակին փառքն այս ձյունեղեն, Որ կապույտին կը լըծորդվի հորիզոնին, Ու կանչելու համար հոգվույս մեջ վերըստին Ճերմակ հույլ մը վաղընջական անուջներեն, Ու ծիածան մը գույներե վայրավատին: ՄԵՌԵԼՈՑ Ձըմեռ օր մը, ձյունին մեջեն, մի՜ս մինակ, Ձյունին մեջեն, տարի դամբանն իմ հոգվույս, Ժըպիտով մը ծընած նախկին սեր մը կույս. Ըսպիտա՜կ վարդ` որ սառեցավ ձյունին տակ: Գարուն մըն էր, և համբույրով մը բացված Դամասկյա՜ն վարդ, գինով արփին գաղջ գոլեն, Նըվաղեցավ ուրիշ սեր մը. սե՜րն, Աստվա՜ծ` Զոր թաղեցի` հուսատ` կյանքին կանչելեն: Ամրան վերջն էր, նայվածքով մը բողբոջած Դեղին վա՜րդս ալ ինկավ աշնան շունչին տակ. Զայն վերցուցի` արդե՜ն եղած հիշատակ` Ու նետեցի փոսին մեջ, ցա́ծ, ա՜հ, շա՜տ ցած: Հիմակ ամեն մեռելոցի ես կ’երթամ Անոնց մարմար դամբանին վրա ցրտաշունչ, Աղոթքով մը, կորած մեգին մեջ տարտամ Անոնց հուշքին, մշտաթափառ, լուռ ու մունջ: Ու մըտածումս ալ, հե՜ք նժդեհ քահանա, Խաչ հանելով կ’ըսե բառեր լուսեղեն. Ու նայվածքըս կը բաժնըվի երբ հողեն, Հոգիս զանոնք անգա՜մ մըն ալ կը մոռնա… ԵՐԿՈՒ ՍՐԻՆԳ Սըրինգ մը կա մեջն երկդիմի այս առտըվան, Ծայրիի մեծ ծառին դիմաց ու փըլուզակ Մոլոշագույն որմին ներքև. սրինգ մը որ Կը սրսըփա ցավը լույսին, որ չի՜ ծագիր… Երգը` իղձի և հառաչի թել մըն է հիր` Որ կը հյուսվի անկյուններու մեջ արփավոր Ու կ’անհետի մըշուշին մեջ` որպես սուզակ` Որ ընդերկար հավետ չի՜ գար ա́լ երևան: Սըրինգ մըն ալ այս առտըվան մեջ մանիշակ. Սըրինգն է ան այծհորանի անդեորդին, Որ մեգին մեջ կը ծագեցնե երգ մը` արև Ու ասմազուն ըմպած դաշտին տեսիլն ագող: Ու տրտմությունն այգուն` կ’իյնա պահ մը զերթ քող. Ու պարի կը քումայթ` հոգվույն կու տա բարև. Ու ծառերու ծաղկանըկար սրահակն հեշտին Ընդնշմարել կու տա լիճին կույսը խաժակ:
-
ՆՈՐ ՏԱՂԵՐ < 1906 – 1907 > ՎԱՅՐԿՅԱՆ Սա արդեն կա այստեղ... ՋՈՒՐԻՆ ԴԱՐՁԻՆ Երբ բըլուրն ի վար Աղբյուրեն դարձին, Իր վասքի խուրձին Մեջը սողոսկի Նուրբ մատիկն ոսկի Արևի լույսին. Հին սափորն ուսին Երբ բըլուրն ի վար Աղբյուրեն դարձին, Մեղմով ծածանի Լաջակն հողմավար` Թևով թռչունի. Ու ծիածանի Թույրով պսպըղա Աչքն իր գեղանի. Եվ երբոր ցնծա Հնչյունը` ծնծղա Զարդոսկիներուն. Տենչանքով անհուն Հոգիս պիտ’ ըղձա Գանձեր` զոր չունի: Ծարավ շիղին պես Պիտ’ ըղձա անի Երկու կաթիլ ջուր Շուրթերուն իր կեզ: Եվ իր ճակատին` Զովացքը ցրտին, Ճակատին կըրակ` Զովացքը ցրտին, Կարմիր սափորի Ջուրին սառնորակ Ցողովը բերրի` Կակաջ ձեռքերու… Ա՜հ, այս իրիկուն Սափորն իր ուսին Աղբյուրեն դարձին` Սիրույս անանուն Ջերմ սարսուռներով Կը դողա սոսին… ՄԱՌԱԽՈՒՂ Նայ շոգոլին կապտորակ, թևատարած կը նստի Ավաններուն լըռանիստ` նըվաղումին մեջ ոսկի. Կարծես ծուխ մը հողն անդուլ դուրս կու տա իմ ծերպերեն: Ու կը խայթե իմ հոգիս պարապն այս հոծ կապույտին, Բիլ պատմուճան լուսաթել` որուն փախեր է կույսն հին: Ու մըշուշը կը լայննա, ու մըշուշը կը լենա Արտերուն մեջ` ուր խարտյաշ խուրձերն ինկան գիրկ գրկի: ԱՆՁՐԵՎ Բացաստանը վարագուրեց անձրևին քողքն ամպային. Գյուղակն համբուն ողողեր է ջուրին ծափծափն ընդհանուր. Անդերու մեջ կը կաթոտի ճերմակ փրփուրն արծպային: Օ՜հ լիությունն ու ամեն կողմ հրճվանքի պես կը գեղու. Օ՜հ, քաղցրությո՜ւնն ուր կը թառի անուրջս անհագ զերթ մեղու: Տարափն անդուլ կը լըճանա, կը շափշափե միշտ խայտակ, Եվ արևի պես կը փայլի ճամբուն սալարկն ըսպիտակ… ԱՆԴԱՐՁ Լուսնի լույսը ծառերեն ծաղիկի պես էր կախվեր. Ապրիմ-մեռնիմ մը ձեռքըս` սիրույս ճամբան ես ինկա. Ա՜հ, լսեի՜ր, տերևին հովը ինչեր կը հծծեր: «Կը սիրե́ զիս, չի սիրեր, քի՜չ մը, բընա́վ… տարփագի՜ն…» Մեկիկ մեկիկ փետտեցի, գաղձերուն հետ ձանձրույթիս Եվ արյունող փուշին հետ սրտիս մխվող թախծանքին: Ինչպե՜ս կրկնեմ բարբառը երիցուկին մարգարե, Հե՜ք ծաղիկ, զոր խեղդեցի վայրկյանի մը մեջ անհույս` Ուր ձեռքիս մեջ կը սուրար ձեռքիդ երազն համպարե: Ինչպե՜ս կրկնեմ տաղերը նարկիսներուն ու վարդին, Ու վիպերգը` կեռասե բադրոններուն վրա ձյունող Ճերմակ բուրյան շափրակի բադիլներու մեղեդի՜ն: Շամանդաղին մեջ` թել թել կ’իյնա ջրցայտքն անտարբեր. Լուսնի լույսին կ’երկարին առվակի զույգ մը թևեր, Ու շրջավայրը կ’ըլլա աղապատանք մը տարփոտ: Ճամբուն վըրա կը կրկնե աղբյուրն անվերջ հեքեաթներ, Գուռն հիացիկ մանուկի աչքի մը պես է բացվեր. Ջըրաբքին մեջ կ’ուրվագրե լուսինն աղջկան մը պատկեր: Թավուտին մեջ թևաբաց, ահա՜, տեսիլդ է կայներ. Այծտերևին հոտևան մատերն հերքըդ կը շոյեն, Ու տերևներ վահերոտ կու տան իրենց համբույրներ: Մառախուղով կը լենա հի շրջագիծն երազիս, Ուր ամբարձիկ մարմինիդ հըպարտ շուշանն է կեցեր. Հոգվույդ կարմիր կարոտի, ա՜հ, պատարա՜գ ըրե զիա: Ապրիմ-մեռնիմ մը ձեռքս` նորեն դաշտերն ես ինկա Ու տենչանքներըս գրկած լացի մարմինդ ըսպիտակ. Դարձիս` ճամբան` սառե՜ր էր` տամուկ` լո՜ւյս ու լուսինկա… ՍԻՐԵՐԳ Տրցակ մը հուսամ ու տրցակ մը ուրց Բե՜ր, ձեռքերովըդ դիր զույգ քունքերուս Խուցիս մեջ ցանե յուղեր հինավուրց: Դափը ձեռքս առնեմ նորեն այս գիշեր, Ու ձյուն լույսին հետ հոգվույս ցրցքնե Բամբիռի ծափեր, վարդի թերթ ու շեր: Բամբիռի ծափեր, վարդի թերթ ու շեր, Բուրյան շոգիներ համպար ու մուշկի, Որ կ’երփնազօծեն երեկվան հուշեր: Քիչ մը թեֆարիգ, քիչ մը վարդի ջուր, Արև ծիծաղի, ծաղիկ ծամերու, Զարդոսկիներու բազմաճաճանչ հուր: Եվ համբույր աննյութ, և համբույր անանց Վարդով գծգծված անհուպ շուրթերու Կուսածին այգեր` փաղփուն լուսացանց: Անուրջի ցայտքեր, ըղձակաթ գիծեր, Դո՜ւք, շարժուձևեր կաքավ ու պարի` Հոգիս բանտեցիք դղյակին մեջ ձեր: Հոգիս բանտեցի՜ք դղյակին մեջ ձեր, Ճերմակ ըստեղներ հուր դաշնամուրին, Պըղինձի թույրեր, ոսկեցոլ կայծե՜ր… ՋՐՏՈՒՔ Հոյհո˜յ, գետը կը թրջե ցայգուն քամակն արծաթված, Իր հորձքին մեջ ծեծելով անդուլ խարակն ու խութրե, Հոյհո˜յ, առուն հորդառատ դալարին ծոցն է նետվեր Գաղջ տափանքովն իր ջուրին` ուր արևը կապրի դեռ: Հակուրջի մը առկախված գյուղակն անդին կ’օրորեն Անրջական հյուսվածքով խումբ մը ժայռի ըստվերներ. Վանքին բակը` կ’աղոթեն հսկա ծառեր տարորեն` Վանքին տամուկ շուքին մեջ Աստվածամարն է կայներ: Ու գյուղակին դեմ նստած, երիտասարդ ու պչրոտ, Պարտեզները` վերեն վար վազեղ ջուրին կըսպասեն. Ա˜լ հափրացած խոլ գետին անարգավանդ դարպասեն, Ու լըռությունը խածնող լուտանքներեն արհավրոտ: Գիշերային ջրտուքի ժամն է. լույսին մեջ կայնած, Մըշակն անքուն կըսպասե˜, ոտքը բոպիկ, բահն ուսին. Պարտեզներուն վրա կ’իջնե թեթև քողք մը միգամած, Ու ծղրիդներ` լուսնակով արբշիռ` անվերջ կը խոսին: Ու կ’երկարի լուսարծաթ ժապավենն այդ բարբառին, Ինչպես փախչող ասուպի կոթունները կաթնավետ. Ավազին վրա ջուրերու կ’իյնա շառաչը վետվետ, Խարույկները` ոսկեբաշ` ուրեք ուրեք կը վառին: Հոյհո˜յ, առուն կը հասնի ցանկապատին քովերեն Եվ երգի քուղ մը կու գա պլլըված իր գոտիիեն. Սյուք մը կ’անցնի, տերևներ ծա˜փ կը զարկեն ցնծագին. Վարեն ջուրը կը խայտա, կը խնդա լույսն ալ վերեն: Թումբերն անդուլ կը բացվին, ջուրն անդադար կ’ոռոգե Վարդենիքը, թըթաստանն և ածուները բոլոր. Բահի երկու հարվածով նայիս առուն կը թեքե Օձաճապուկ ձևերով հեղուկ իրանն իր ոլոր: Ջուրն անընդմեջ կը հոսի, ածուները կը լենան, Ու, դարձուցե˜ք, կը կանչե ծեր մը մութին ընդմեջեն. Խիճերուն ու սիկին մեջ, բահերը` խու˜լ կը հնչեն, Ու դարձուցե́ք, դարձուցե́ք, կը կոչե ձայնն անխափան: Աղջնակ մը, արիշին տակ նստած, շե˜ր կը կանչե, Ու հոգնաբեկ մըշակին օրորի մը պես կու գա. Հողը ծըծեց ջուրերուն տարփանքն` որ դեռ կը հնչե, Եվ հիմակ` թա˜ց` կը խոկա իր երկունքին ապագա: ԱՍՏՎԱԾԱՄԱ՜Ր «… Ահա կաթիլ մի կաթին քումդ կուսությանն յանձն իմ անձևեալ…»: ՆԱՐԵԿԱՑԻ Կաթնածաղիկ ու կապտերակ գիշերին մեջ, Մեղեսիկի փոշի մըշուշն ըլլամ ըսփյուռ, Եվ առիգածն արծաթ` ջուրին վրա հոլանի. Ու ձա́յն ըլլամ, ըլլամ ծաղիկ, ըլլամ զեփյո՜ւռ` Ամեն իրի հըպիմ փափուկ թևերով գեջ: Ըլլամ ջրվեժ, ըլլամ գետափ մը գեղանի, Ըստվե՜րն ըլլամ խնկագունած այգիներուն, Կամ գետերու հողմիկ ավաչն, ու գետաձայն Հովին անցքը` երկնասլացիկ կատարներեն: Կաթնածաղիկ ու կապտերակ գիշերին մեջ Պատկե՜րն ըլլամ սրբազնացած ես համայնին. ԻՐԻԿՆԱՅԻՆ Հորիզոնեն վար` քայքայված ու ցրվուն` Ոսկինարգես շառայլի փունջ մը կ’իյնա` Իրենց մորկան կաթին կանչող ուլերուն Ժեռուտ ճամբեն գյուղակ դարձող հոտին վրա: Բաժնըվեցան իրարմե արփ ու մըշակ, Լուռ ձեռքերնին ճակտին դրած մեկմեկու. Ու` թիկադարձ` արևն ալ տուն կը դառնա Լեռներեն վեր` ինչպես մշակն իջավ գյուղ. Առանց գոլին զույգ մ’հոգածու ձեռքերու, Բացավայրին մեջ կը մնան հասկ ու շյուղ, Գիշերին հետ անգա˜մ մըն ալ միս մինակ... Սարերուն վրա կանանչ լույս մը կը ցաթի, Աղբյուրներուն կ’ելլե խմբերգն արծաթի... Օղամանյա՜կ մ’ըլլամ ես թանկ ու անմարմին. Ու շուշփա մը` հաղորդությանըդ կաթնաձիր. Գետեն անդին կանչե́ս ինծի. Անցի՜ր, անցի՜ր. Մեծ դյութության կայծակ մը տաս մըթար հոգվույս, Ա՜հ, չըգայթի՜մ կոհակն ի վար ցընորքներուս. Թող համբուրե́ աչքըս ջահումն աչքերուդ կույս, Ու չը գաթի՜մ կոհակն ի վար ցընորքներուս: Երազներու սատափ ճամբեն ցրվե ամպեր. Եվ իղձերուս կապույտին վրա, վարդ ամպը դուն, Վարդ ամպն եղիր` մերթ լուսինկան պատմուճանող. Դո́ւն, աստվածյան գեղեցկության արփավո՜ր հարս, Սրբության կո՜ւյսը ձյունաձիր ու հըրավարս: Գիշերին մեջ կ’իջնե դեռ ուղխը լուսեղեն, Կաթիլ մը կաթ` ծովացած քու սրբութենեն. Ու տե՜ս, ահա՜, կը մանկանամ, Աստվածամար, Ու տե՜ս, ահա՜ կը մանկանամ գիշերին մեջ` Ուր լըսեցի ես ատվածյան ձայնին վայրէջ` Որ կը շաչեր ատվածարյալ հոգվույս համար: