
Katranide
-
Posts
106 -
Joined
-
Last visited
Content Type
Calendar
Profiles
Forums
Gallery
Posts posted by Katranide
-
-
Գ
–«Տե՛ս, Նազենիկ, ինչպես դաշտն ըսպառեց ձիս վըզանուտ
Ա՜յնքան երագ` որ կարծես մոխիրի մեջ բոցանուտ
Սըմբակներն իր խըրվեին: Ան հպարտ է, իմ Սիրուն,
Երբ այդ մազերըդ խառնված կը զգա իր հորդ բաշերուն»:
–«Ո՛վ իմ ասպետս և իմ քաջըս, մըտրակե՛ անդադրում`
Մինչև որ սա անիծված Սյունաց սահմանը թողում:
Սարսափն է դեռ սըրտիս մեջ, բայց մեն մի դռույթը ձիուդ
Հոգիիս մեջ կը սպաննե երկյուղի տրոփ մը անգութ:
Ո՛վ իմ ասպետս և իմ քաջըս, մտրակե՛, անդադրում»:
Այսպես անոնք խոսելով` հըճըվանքով մ’անպատում
Կ’արշավերին դեպ Շիրակ: Տըրդատի լայն կուրծքին վրա
Կը հանգչեցներ` հարճն ամփոփ` գըլուխն իբրև լուսնկա.
Մերթ ոտքերն իր կը զարներ ձիուն փորին տըղընդեր,
Մերթ Տըրդատի անութին տակեն ետև կը նայեր,
Հորիզոնին շըրջելով կապույտ աչքերն` որոնց մեջ
Բերկըրանքներ կը հյուսերին շողերն առեչ առ առեչ
Միշտ մեծցնելով հույսը զվարթ` ծախված ճամբուն մեծությամբ:
Շանթ կը տեղար արեգակը երկընքեն վար անամպ
Իր տոթին տակ խեղդելով կենդանությունը շուրջի.
Կարծես հողին մեջ ղողված ըլլար ամեն մեկ ճըճի.
Միմիայն մերթ կը լսվեր բըզզոցը թավ զամբուռին,
Որ ա՛լ հոգնած ընդերկար հալածելե կենդանին`
Արշավանքին փոշվույն մեջ կանհայտանար խորամուխ:
Անոնք իրար փաթթըված կ’ամբարտակեն սարին գլուխ:
Խուլ դըրոդյուն մ’հեռվեն եղավ հանկարծ լըսելի,
Կարծես գետնին ընդերքեն անցներ ամպրոպ մ’ահռելի:
Տըրդատ շըրուշակը դարձուց, և երիվարը խոկուն
Ծամծըմելե դադրեցավ պահ մը լըկամը փըրփրուն:
Վարը, դեմի հովիտեն դեպի գագաթ ծառացան
Ձիավորներ զինավառ մըրրկարշավ ու դաժան:
Ոմանք աղեղ ունեին և ոմանք լախտ ու տապար,
Ոմանց տեգերն ուղղաձիգ արեգակին տակ փարփառ
Հանկարծակի սարեն վեր փայլատակներ ճայթռեցին.
Բակուր մեջտեղն էր անոնց աշտանակած ահեղ ձին.
Կու գար լուծել իշխանեն վըրեժ, պատժել հարճն անխիղճ`
Մորթելով հոն` փոխանակ զայն փըրկելու աղծապիղծ,
Կոչնականները բոլոր զինված էին արդ իր հետ.
Երեկ գինով հըղփացած, այսօր արյան հակամետ:
Երբ Բագոսեն վերջ որրեց զանոնք Արեսն արդընկեց`
Հանդիսատես վատության հուշն հոգինին զայրագնեց:
Ըսկուտեղին արհավիրքը սյուներուն ընդմեջեն
Հետո իրենց սըրտին մեջ վառեց վրեժի մը գեհեն:
Տըրդատ երկար նայեցավ դեպի հրոսակն հալածիչ,
Աչքերեն թույն կ’հոսեին մոլուցքի զույգ մը կարիճ.
Գըրկին մեջ հարճը հանկարծ արձակեց ճիչ մը տրտում.
–«Ո՛վ իմ ասպետս,– ողոգեց,– օ՜հ, մըտրակե՛ անդադրում.
Գերին ըլլամ քու սուրիդ, անոնց գերին մ’ըներ զիս.
Ահա տեգերն ուղղեր են միահամուռ կոկորդիս`
Ուր համբույրիդ տաքությունը դեռ, ավա՜ղ, չէ պաղեր»:
Ըսավ: Թաղեց ասպետին ծոցին մեջ գլուխն ոսկեհեր:
Հա՞րկ էր արդյոք ճակատիլ. ո՛չ. պիտի կռիվն ունենար
Անհավասար հաղթանակ, թեև վըսեր մ’հավասար:
Ու Տըրդատես թոթվեց սանձն երիվարին հողմասլաց,
Երկրադըղորդ թընդաց դռույթն, փոշին ելավ, և սուրաց,
Ու ըսկըսավ հալածումն հըսկաներուն սանձարձակ:
Ողոգեց հարճը նորեն.–«Ո՛վ իմ ասպետըս վրիժակ,
Ես կը տեսնեմ անութիդ տակեն զանոնք` որ կ’իջնեն
Բըլուրն ի վար, աչքերնին մեյ մեկ անդունդ լուսեղեն.
Հարյուր ձիեր կարկառեր են վիզերնին դեպի մեզ,
Որոնց շունչերը կ’ելլեն պինչերնեն տաք մոխրի պես:
Օ՜, մտրակե՛, մտրակե՛, երբ բըռնեն զիս` վագրի նման
Պիտի կրծեն ոսկորներս, լակեն արյունըս լըման»:
–«Հեղեղին մեջ մազերուդ փակե աչքերդ, իմ Աղվոր,
Եվ կուրծքիս վրա քընացիր օրորումով այս հըզոր,
Անոնք այստեղ չըհասած` մենք Շիրակ ենք գիրկ գըրկի»:
Ու լայնալանջ երիվարը մըտրակեց ուժգնակի:
Անցավ խորունկ փապերեն, հեղեղատեն մեծագոգ,
Ընկըղմեցավ խորն հովտին, ճեղքեց ավազն հրաբորբոք.
Եվ ուղղաբերձ, մեծաշունչ, համբարտակեց սարն հըսկա
Թավալելով հետք ի վար ապառաժներ` որոնց վրա
Լուսնանըման կուռ պայտերն իրենց դըրոշմը դըրին.
Ճապուռներուն մեջ որսն իր սեղմելով միշտ ավելի.
Ժայռերն ի վար խոյացավ ջըրվեժին պես փըրփրալի`
Հորձանքին մեջ տանելով լերան ծաղիկ մը կարմիր
Իբրև դաշտին մեկ ընծան տըրված վիհին լայնադիր:
Ու մըտրակե՜ց, մըտրակե՜ց, երբոր հանկարծ լըսվեցան
Իր ետևեն սուլումները նետերու դավաճան:
–«Ասպե՜տ, ասպե՜տ, մահն հասավ մեր թիկունքեն, կը շչա:
Օ՜, կը վախնա՜մ, կը վախնա՜մ. ուսիդ վրայեն նետ մ’ահա
Հըրախայթոց օձի պես շըշըչալով սըլացավ:
Վայրկյա՜ն մըն ալ և անոնք կու գան կ’հասնին մեծարշավ.
Աղեղներեն լայնալիճ կարծես արյուն կը կաթի
Եվ կը ներկե ձիերուն հորդ հորդ բաշերը կաթի:
Ասպե՜տ, ասպե՜տ, մի մատներս զիս անոնց խեռ մոլուցքին,
Ես քու գերին, ձիդ ըլլա թող գերին քու մըտրակին»:
Այսպես ըսավ Նազենիկ. լալ ըսկըսավ դառնահեծ,
Եվ Տըրդատի կուրծքին վրա գըլուխը այնքա՛ն սաղմեց`
Որ զրահին մեջեն իսկ կը լսեր տրոփը սըրտին:
Գանգուրներն իր հողմածուփ ձիուն բաշին կը խառնվին.
Ինք կը սարսռա վարմն ինկած աղավնիի մ’հանգունակ:
Սարսափելի էր տարափը նետերուն մահարձակ`
Որոնք ջուրի նըման օդն եռանդահորձ ճեղքելով
Կ’երթային մահ երգել փախըստական զույգին քով:
Այն ժամանակ Տրդատես գլուխն իր դարձուց մըրրկահեր
Եվ հեգնորեն մըռընչեց.–«Հալածեցեք, դե՛հ, գայլե՜ր,
Մինչև շընչատ վար կախվին ձեր լեզուները դողդոջ.
Արձակեցե՜ք կըռնակիս ձեր ասեղները կընոջ»:
Ըսավ. և նժույգն այս անգամ խթեց այնքան ուժգնալի`
Որ արշավանքն եղավ շտապ մըտածումեն ավելի:
Ահա ձո՛րն ինք կը սուզի, սարի՛ն մյուսները կ’ելլեն.
Կը փայլակե ինք սարին, անոնք ձորին խորերեն
Կը փոթորկվին: Եվ նըման զույգ մ’ամպրոպի մոլեկան
Լեռնահարթին վրա անգամ մ’այնքա՛ն իրար մոտեցան,
Որ պիտի շանթը ճայթեր, պիտի պոռթկար նետն արյուն`
Եթե Տըրդատ ըզգեցած չըլլար քեմուխտ հաստատուն:
Անոնց հանած փոշիներն իրար միացան` կազմելով
Հըրատապ ամպ մը խարտյաշ` կարծես հըղի արյունով:
Այն ժամանակ պիտ’ հազիվ արձակեր տեգն իր Բակուր`
Որ ճեղքե թիկն ասպետին, և հարճին լանջը փըրփուր,
Երբ վիհ մ’հանկարծ դժոխորկոր լերան գըլխուն փեռեկված
Արհավիրքով մ’ընկրկեց հալածողները սրընթաց:
Ճողոպրեցավ Տըրդատես, և լեռն ի վար ուղղակի
Դիմեց անտառ մը մըռայլ` որ սահմանն էր Շիրակի:
Բակուրի խումը կեցավ հառաչակուլ, ոգեսպառ,
Կատաղության խարույկով ամբողջովին բոցավառ:
Ա՛լ հուսահատ` աղեղները պըրկեցին տըղընդեր,
Լարերն եղան լայնալիճ, անձրևեցին փըքիններ.
Նետե դատարկ կապարճներն եկան լեցվիլ վրեժ ու ոխ:
Հազիվ թե ծոցն անտառին կ’ընդգոգեր զույգը փախչող`
Բակուր իր նետը վերջին, հերձակ մ’ամբողջ ժահրաշիթ,
Արձակեց այնքա՜ն զորեղ, թիրախին ա՜յնքան ճըշգրիտ,
Որ օձի նման շչալով թունոտ լեզվովը սաղապ
Տըրդատեսի անութին տակեն սողոսկ անցավ թափ,
Ու մըխվեցավ վարձակին ծոծրակին մեջ լուսաբուխ
Եվ հոն մընաց` հորդառատ մազերուն մեջ խորամուխ:
Երեք անգամ սըրսըփաց զարնված աղվոր աղավնին,
Երեք անգամ չուզելով կարծես թողուլ իր հոգին:
Այս բանը ո՛չ Տըրդատես նըկատեց, ո՛չ ալ Բակուր,
Իրենց անզուսպ մոլուցքին փոշիներեն դարձած կույր.
Բնավ չըտեսան թե ի՛նչպես կը փըշրվեր ու կ’իյնար
Դաշնակության ու գեղի աստվածակերտը գոհար.
Միայն նըժույգը վրընջեց, ու երեք հեղ սարսըռաց
Երբ սառեցավ փորին վրա զարնըվող ոտքը հանկարծ:
-
Ձեռքերուն մեջ դեռ տենդոտ, Բագրատունվույն ճոշին վրա
Կը դողային բամբիռներն իր մարմնույն պես դյուրազգա:
Տըրդատ մատերը անոր համբուրելով մի առ մի
Եվ շամբշելով անոր հետ զերդ սեղեխներ վաղեմի.
–«Նահապե՛տ, ո՞վ է,– ըսավ,– վարձակը այս լուսաստինք:
Եթե Աստղիկ երկնի մեջ Վահագնի մ’օր հանձներ զինք,
Ու կաթիլները սերմին ըլլային նույնիսկ աստղեր`
Դարձյալ այսքան չըքնաղ ծնունդ մը երբեք չէր բողբոջեր:
Այս կինն ինձ տուր, եթե չէ օրեն` որ մենք ընենք վեճ.
Արշալույսին թող մեկնիմ արշալույսն այս գրկիս մեջ»:
Բազմականներն ըսկըսան նախանձահույզ քըրքըջալ.
Բակուր ծածուկ մախանքե մ’ակռաներն իր ձյունափայլ
Սեղմեց. և նուռ մ’որ ձեռքին մեջ բըռնած էր այն ատեն,
Ըսկըծանքեն ըսկըսավ ճըմլել: Ըսավ.–«Իշխա՛ն քաջազեն,
Վըրաց երկրեն, ուր կիները կը ծաղկին վարդի պես,
Զայն նիզակովս եմ շահեր, մարտիկներու ընդդեմ վես
Մղելով երկար պայքարներ: Այժըմ ներե որ ըսեմ`
Թե իմ հարճս է, և չ’ըլլար քեզ աղախին մը նըսեմ:
Եթե կ’ուզես` որ մեր զույգ բաժակներն այս մըտերիմ
Հազիվ թափուր գինիե, չլեցվին արյամբ ոխերիմ`
Թո՛ղ զայն, իշխա՛ն»: Բնավ չանսաց Բագրատունին սըրարբած
Սեղանեն վեր բարձրացուց դաշխուրանն իր գինեմած
Ու ձեռքովն իսկ զայն խմցուց, ծունկին վըրա, վարձակին`
Որ կը ժըպտեր ըմպելու ատեն ժըպտով մ’հեշտագին:
Իր գողտըրիկ բերանին երկու կողմեն ընդհոլով`
Թափեցավ քիչ մը գինին ու ծոցն ի վար սահելով`
Գընաց լճակի պես կարմիր ժողվիլ պորտին մեջ անհայտ:
Երբ դեռ բոսոր էին կզակն ու շըրթունքները, Տըրդատ
Զանոնք առած բերանին մեջ համբուրեց կըտղանքով`
Զվարթ հեղուկին մնացորդն ըսպունգի պես ծըծելով:
Լըռեց սրահը համուռ: Բոլոր դարձած Բակուրին
Կը նայեին, որ կը լմեր դեռ նուռը մեջն ագուռին:
Ամեն մարդ հոն թափվելիք արյան մը հոտը կը զգար…
Նահապետն ա՛լ վեր ցատկեց տեղեն իբրև քանասար.
Գնաց որ հարճն ազատե, ջախջախե գըլուխն Ասպետին`
Որ կինն իր տան մեջ կը լլկեր` իբր իր ողկույզն իր տաշտին:
Այս որ տեսավ Տըդատես վարազացավ ու խոպաց.
Հրեղեն սյունի մ’էր նըման, դահլիճին մեջ` վերամբարձ.
Կոպիճներուն մեջ աչքերն ըսկըսան ժիր թավալիլ
Մերթ ծովուն խորն ընկլուզվող գունդերու պես հրատեսիլ:
Ձախ թևով հարճը գըրկեց, հետո–«Հա՜, հա՜,– քըրքըջաց,–
Էգ վագրին հոտն ըմբոշխնել արու վագրի՜ն է տըրված»:
Եվ միշտ ժայռի պես կանգուն, շընչելով բոց աչքերեն,
Հուժկու ձեռքով սեղանին վրայե խըլեց, իբրև զեն,
Մեծաքանդակ ըսկուտեղ մ’ամբողջ պղնձով կուռ ձուլված,
Գազանացավ, փըփըրեցավ, շամբշոտացավ ու մըխաց.
Եվ ուղղակի արձակեց զայն Բակուրի ճակատին…
Վերնատան մեջ ահեղ ճիչ մ’արձակեց տան տիրուհին,
Ճորտ ու սեպուհ բոլորն ալ դուրս պուղեցան զահանդած.
Որոնց բազուկն էր միշտ վատ` երբ հոգին էր սըրարբած:
Սակայն կարծես մըրգակալն այն վրիպեցավ հըրաշքով,
Եվ Բակուրի լոկ մեկ ունկն արյունառուշտ խլելով`
Գընաց բաղխիլ դիմացի մարմար սյունին մեծադղորդ
Թոթափելով անկե վար կուճեր, կայծե լուսահորդ:
Ոմանք սատար փութացին Նահապետին կարեվեր`
Որուն խըլված ականջեն, ճըմլված քունքեն կը հոսեր
Հոն գինիի սափորին մեջ արյունն իր թըխագույն,
Այն ժամանակ Նազենիկ սարսափահար, հանկարծույն,
Փաթաթվելով Տըրդատի պարանոցին` ողոգեց.
–«Այս հարկին տակ, ո՛վ ասպետ, ա՛լ բաժինս է գան ու ծեծ.
Դուն որ գիտցար զիս վտանգել, ազատե արդ շուտափույթ,
Երբ ես հոժար խըմեցի ձեռքեդ գինին քու սիրույդ`
Հարկ է ասկե վերջ խըմեմ Բակուրի թույնն ոխության.
Դուն հոս արյուն թափեցիր, և պիտի ե՛ս քավեմ զայն:
Զիս հեռացուր այս երկրեն, եթե չէ գործ մ’արքենի
Որ ասպետի մը վրիպած հարվածը կին մ’ընդունի»:
Ու ավելի ցած ձայնով հարեց.–«Ես քեզ կը սպասեմ
Արշալույսին` որ մոտ է: Մեծ դրան քով արեգդեմ
Կա թուզի ծառ մը` որուն սաղարթներուն ընդմեջե
Պատուհանիս ճրագն առկայծ ճամբորդներն հար կը տեսնեն:
Հոն կը սպասեմ ես քեզի վարդենիի մը նման,
Որ կոկոններն իր բանա պիտի կուրծքիդ վրա տիտան»:
–«Ձիուս առջի խըրխինջին պատրաստ եղիր, Նազենի՛կ,
Դեռ ճրագդ արփվույն շառայլեն չընըվաղած` կը մեկնինք»:
Ըսավ Տրդատ: Թուրը մերկ միշտ ափին մեջ շողարծարծ,
Տալով կամա երևույթը մեկնումի մը անդարձ,
Գընաց թամբեց երիվարն ու խավարին մեջ, անտես,
Անհետացավ քառատրոփ, փայլակնացայտ ամպի պես:
Կոչնականներն ահաբեկ, կոչնականներն հիազարհուր,
Գինո՜վ ու վա՜տ, մի առ մի պարպեցին սրահն ընդհանուր.
Լոկ կույր գուսան մ’երգին մեջ անվերադարձ տեսլացած`
Դեռ լռության մեջ կը նվագեր սյունի մը հաղթ կռթընած:
Բ
Ահա առտվան շողերեն հագեր է վարդ ու սուտակ
Պատուհանին առջևի թըզենի ծառն ընդարձակ`
Որուն ետև հարճն արթուն.– «Ինչո՞ւ չեկավ,– կը խորհի,–
Արտույտն ահա արձակեց կալին մեջ երգը բարի.
Եվ պալատին պահապան շունն արթընցած ման կու գա
Բակին մեջ` մերթ միզելով պատերն ի վեր շըրջակա:
Ինչո՞ւ չեկավ, ո՛վ Երկինք»: Հորիզոնեն հեղակարծ
Արփվույն ճաճանչն անդրանիկ սլացավ ինկավ շողարծարծ
Նազենիկի խուցին մեջ. դալկացավ լույսը ճըրագին:
Օ՜, ի՞նչ խրխինջ, ի՞նչ դոփյուն, ի՞նչ փոթորկում թանկագին…
Կու գա իշխանն ազատել զինք Բակուրի նախանձեն:
Պատուահանին ներքև՛ է Տրդատ ձիուն վրա արդեն:
Բերկրանքեն հա՛րճը խայտաց. զեղան աչքերը վըրդով
Անպատմելի խընդությամբ, ինչպես երկինքն` արևով,
Գիշերն ամբողջ ինք հոն էր, զով խավարին մեջ արթուն,
Հանդերձներովը պարի, բամբիռներն ալ` մատերուն.
Աստղերուն տակ աղոթող բագոսուհվո մ’էր նման`
Վարդերը դեռ հանդեսին մազերուն մեջ ցիրուցան,
Եվ լանջքը մերկ` որուն վրա թափված գինին խըրախին
Տակավին միշտ կը սըփռեր իր զըվարթ բույրը չորս դին:
–«Ձեռքդ երկարե, ‘սավ Տրդատ»:– «Դու գիրկդ բաց, կը ցատկեմ»:
–«Գըլուխդ, ըզգո՜ւյշ, չըփշրես լանջապանիս զրահին դեմ»:
Եվ Նազենիկ անհամբեր հեղեղին հետ վարսերուն
Ասպետին մռայլ ծոցին մեջ նետեց ինքզինքը սարսռուն,
Եվ զայն հեղ մ’ալ ողողեց մազերովն իր դարալիր:
Դափրեց նըժույգն և ռունգերը փեռեկած լայնալիր`
Հորիզոնին դարձուց գլուխն ու մըտրակի մ’հարվածով
Թաղվեցավ իր արշավին ամպրոպին մեջ փոշեծով:
Փա՜ռք մեծազոր կենցաղին ասպետական դարերուն`
Ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորությունը արբուն,
Եվ խորհրդանիշը անմահ Գեղեցկին, Զորության`
Փըրփուրներու Դիցուհին Ըստինքներով ռոշնական:
Փա՜ռք ձեզի միշտ, գանգրահեր ո՛վ ասպետներ արդընկեց,
Որոնց զրահով վերտըված լանջքերուն տակ բաբախեց
Սիրտ մը հավետ անձնըվեր` տըկարներուն, ընկճվածին,
Եվ գեղանի կիներուն, անոնց մարմնույն բյուր գանձին:
Փա՜ռք ձեզի միշտ ձիամարտեր, մկունդխաղեր շանթասլաց`
Որոնց օդին մեջ շաչուն տեգերն հանկարծ բըռընկած`
Կայծակներու խաղն եկան երկրիս վրա փոխադրել.
Վիշապասպան սուսերներ, ժանգոտելու անընդել,
Կառարշավներ փոշեմուղ, գուպարահաղթ ոգորներ
Շառափնաթափ տեգ տեգի, կումբ կումբի դեմ ոսկեհեռ
Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ որսեր թըրթռուն ձայնով շեփորին,
Երբ լիճին քով վիրավոր կ’իյնա եղնիկն ողբագին,
Եվ վարազներ արդնահար կը թավալին մարգին վրա`
Որոնց կողեն արյունն հորդ կրակի պես կը մըխա:
Փա՜ռք ձեզի միշտ ավարներ, հափափումներ կիներու`
Որոնք տըվին իրենց տարփն ու համբույրները աղու
Առյուծներու քաջության, և ո՛չ ոսկի հորթերուն
Որոնց սիրտերն առավ լոկ սուրերու ծայրը փաղփուն:
Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ դարեր ասպետական կենցաղին,
Ուր մարդիկ հզոր և անկեղծ էին նըման գինիին:
Առաքինի քաջության տեղ նենգն այսօր կը տիրե.
Փոխան տեգին հոլանի` պատյանի մեջ դաշույնն է`
Որ կը շողա մութի՛ն մեջ, կը ժանգոտի՛ արևին.
Ոճիրներն արդ խավարի լռության մեջ կը դարբնվին
Մըխոտ ճրագի լույսին տակ ծըռած գունատ մարդերեն:
Երբ արեգակը նընջե` մեղքերն հայնժամ կը գործեն:
Չեն պաշտեր կնոջ մարմինին դաշըն ձևերն հըրահրուտ
Լոգցըված բյուր ջահերու շառայլներով հոսանուտ:
Կինը մարդուն միացնողը Աստղիկի սիրահոդ
Լուսեղ մատերը չե՛ն բնավ, այլ շանսըխուրը ցեխոտ:
Գեղեցկությունը ծընունդն է Զորության հորձանքին`
Ինչպես մարգրիտն օվկիանի անդունդներուն մոլեգին:
Բայց այսօր չե՛ն քանդակեր սուսերներով կորովի
Գեղեցկության սուրբ բագինն` ուր իգությունը խընկվի:
Բավական է լի գավաթ մը Մյունիխի գարեջուր,
Որ աճուրդի հանված սերը գնեն մարդիկ քրեիքուր,
Սեր վաճառվա՜ծ, ոչ նվիրված` ինչպես պըսակ սարդենի
Զոր հերոսին համար սուրն աստվածներեն կ’ընդունի:
Եվ այժըմ մարդն այս դարուն, մարդն ըղեղին տակ կըքած,
Ո՛վ ասպետներ հեթանոս, եթե բաղխե ոտքն հանկարծ
Ձեր բազուկի մեկ ոսկրին` որ հողին տակ ճերմկած է,
Անոր հըսկա զանգվածեն կը սարսափի, կը կարծե
Ձեզ առասպել դարերու առասպելյալ գազաններ,
Ո՜վ ասպետներ հեթանոս, ո՜վ ասպետի ոսկորներ:
-
Այսպիսով «Գեղեցիկի և Զորության» ձոնն է հնչելու այսօր.
ՀԱՐՃԸՓա՜ռք սարբինային. Ներոն կ’արբենա:
ՀԱՐՃԸ… զի յոյժ գեղեցիկ էր, եւ երգէր ձեռամբ:
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ, ԳԻՐՔ Բ
Ա
Գարնանամուտ երեկո մ’իր պալատին մեջ մարմար,
Բակուր, Սյունյաց Նահապետ, շքեղ հանդես մը կու տար,
Երբ Ուղևոր մը հանկարծ մըրըրկարշավ կը հասնի
Լուսնկափայլ ճամբայեն` մեծ դըրան քով արքենի:
Ձին կը հևա, ու բերնին փըրփուրն` հողմեն միշտ խլված`
Կը թըրջե թամբն համորեն, ասպանդակներն ոսկեմած:
Հեռուներեն ան կու գա, զայս կը մատնե թե՛ փոշին,
Որ դիզվեր է խավերուն մեջ թիկնոցին թավիշին,
Թե՛ նըժույգին վըրնջյունն աստեղացունց մաքրությամբ`
Որ կը խընդրե ախոռին գոլուտ հանգիստը անթամբ:
Բակուր այդ հյուրն իր անձեն և անունեն կը ճանչնա.
Բագրատունին Տըրդատն է, հըզոր իշխան ու փեսա
Տիրան հայոց արքային, որ կը փախչի Մարաստան.
Կը փախչ ան` զի կինն իր, Տիրանի դուստրն աննըման,
Գանակոծեր է խըստիվ, պալատեն դուրս արտաքսեր,
Խուզելով, իբր անարգանք, անոր խարտյաշ գանգուրներ:
–«Տրդա՛տ,– կ’ըսե Նահապետն,– այս գիշեր քուկդ է իմ տուն.
Մարաց աշխարհն հեռու է, և դու անշուշտ պարտասուն.
Մըտի՛ր սրահը տոնին, թող իրարու դեմ փըշրին
Մեր բաժակներն, ու մեր սերը մըկըրտե թող գինին»:
Եվ կոչունքի կը բազմի Բագրատունին վտարանդի
Աջ կողմը ճիշտ Բակուրին` որ իր կարգին կը նըստի
Գահի մը վրա` որուն լայն թիկնատեղն է քանդակված
Բագոսը` եզ մ’որթերով պըսակելու ըզբաղած:
Սեղանի շուրջը արդեն Մեծամեծերն հայկազուն
Դեմ հանդիման բազմեր են, բայց ո՛չ իրենց մեծանուն
Աստիճանին համեմատ, այլ սուրերու մեծության;
Հոն են ճորտերը Սյունյաց գավառներուն երկտասան,
Լերան ազատ զավակներ, միշտ զրահի մեջ կուրծքերնին`
Որոնք հըզոր կումբի պես ջահերու տակ կը փայլին:
Հոն կան նաև բըդեշխներ, ազատանին քաջարի`
Որ կը պատմեն թե ի՛նչպես կ’որսան վարազը վայրի
Ազնըվատոհմ սեպուհներ ոսկեճարմանդ խլաներով
Գինվո բաժակ ի ձեռին կը ծիծաղին կես գինով:
Պալատին մեջ ծով մը կա ծիծաղներու և լույսի`
Որ գաղջորեն ծուփ առ ծուփ դռներեն դուրս կը հոսի:
Կոչնականները զարմիկ պատերն ի վար կախեր են
Որսի գալար շեփորներն ու վահաններն ոսկեղեն.
Եվ նիզակները, դեռ թաց վարազներու արյունով,
Տըրձակ տըրձակ կը հանգչին հըսկայափեղկ դըրան քով:
Լայնակոնք սըրահը քըսան սյուներով է կառուցված`
Որոնց վըրա կը շողան քըսան ջահեր դեմ դիմաց.
Եվ այն քըսան սյուներուն մեջեն քըսան գերիներ
Կը բերեն թանկ սաներուն վըրա` խորոված երեներ`
Որոնց շոգին քըմապարար կը բարձրանա ոլորուն
Ջահերուն շուրջը կազմելով խըլատեռեր ծըփծըփուն:
Ըսպասներն ալ սեղանին մեծարժեք են. և կարծես
Արծաթազօծ դըգալներն ու դանակները նույնպես
Փողփողումին տակ լույսին փայլակներ են աղմըկոտ`
Որ կը ծըփան դիպակյա նըվարտանին վրա փութկոտ:
Ծաղկակալներ են դըրված երկայնքեն ի վեր սեղանին,
Որոնցմե եղկ բուրումներ շուրջը արբշիռ կը սըփռին.
Ծաղիկներուն ընդմեջեն, քըրքիջներուն հետ թըրթռուն,
Կը նըշմարվին ըսպիտակ ակռաներն հյուր ճորտերուն.
Եվ գինիին թանձըր հոտն և խահերուն գոլորշին
Վեր բարձրացած` կը սքողեն կատաղությունն այդ ճաշին:
Կու գա համեղ գերերին` որով Սյունիքն է առատ,
Զոր եփեր են տատրակի սըրտիկներով անարատ:
–«Աղավնիի սիրտ ուտենք,– կը կոչե ճորտը Բալի,–
Որ ունենանք վագրի լյարդ»:– «Ես այդ մասին ավելի,–
Կը կատակե հանկարծ մին,– կընտըրեմ սիրտը՛ կընոջ»:
Ծիծաղելով այն ատեն կից վերնատունը ամբողջ
Կ’ալեկոծի, ուր ժողվված հայ տիկիններ բազմական
Կ’ընեին նույն խըրախճանքները նույն շուքով տոնական:
Այն ատեն ներս կը մտնեն երկու ջուխտակ գերիներ
Կրելով երկու լախտ վարազ սաներու վրա ոսկեհեռ.
Եվ ուրիշներ նույն թիվով` իրենց ուսին վրա ունին
Ըսկուտեղները նուռին, սափորները հորդ գինիին.
Հաղթանա՜կն է այս խրախին: Հեղեղ մ’հանկարծ վարդերու,
Իբրև ամեն տիկին արձակեր սիրտն իր աղու,
Վերնատունեն կը տեղան կոչնականաց վրա գինով:
Քանի մ’ասպետ կը կոփեն վահանն իրենց աշտեով:
Աղավնիներ ավասիկ կամարին տակ կը ճախրեն,
Եվ ծայրն իրենց թևերուն մըխըրճելով ծուլորեն
Շատըրվանին մեջ` որ լույս կ’ողբա բակին առընթեր,
Կու գան իրենց թռիչներեն վար անձրևել մարգրիտներ:
Ու վարդ, տատրակ հոն խառնված հեղեղներով ճաճանչի
Կ’ստեղծեն դրախտ մ’ուր կարմիր հեշտության նուռը կ’աճի:
Մատըռվակներ ավասիկ կարապնավիզ սափորով
Բաժակներուն մեջ գինին կ’հեղուն դեմքով մ’անխըռով:
Բագրատունին այն ատեն, կորովաբիբ Տըրդատես,
Դաշխուրանն իր վեր կ’առնու, և.–«Ասպետնե՛ր,– կ’ըսե,– ես
Վանատուրին սերմնահորդ, և տըռփածոց Աստղիկին,
Անոր` որ հուրն է արու, անոր` որ հողն հեշտագին
Կ’ըմպեմ ի փառս: Անոնց տռիփն ու համբույրները հավետ
Այգիներուն մեջ ձեր թող ծավալանան ծաղկավետ»:
–«Ձեր Թագավոր աներոջ,– կ’ըսե Բակուր,– սուրբ կյանքին
Ըմպենք որ մեզ կը պահե խաղաղության մեջ հեշտին»:
–«Թագավորի՜ն, որ կ’հանգչի,– աղաղակեց ճորտ մ’հանկարծ,–
Ձյուներուն մեջ Մասիսի»: Այս հայտնությունն հեղակարծ
Ներկաները ապշեցուց:–«Մեռա՞վ Արքան մեր հայոց…»:
–«Արդ իր դիակը կ’իշխե հավերժանիստ սառին ծոց:
Գուժկան մ’երեկ ագռավի երագությամբ հոս հասավ,
Պատմեց թե ի՛նչպես Տիրան խեղդըված է բըքազրավ:
Կ’ըսեն թե թագը միայն ձյուներեն դուրս է մնացած,
Որուն վըրա կը շողա դեռ հայ արևը Մասյաց»:
Շըրջան ըրավ սև լուրն այս պալատին մեջ բովանդակ
Գինեփըրփուր բաժակե մ’ավելի և՛ըս արագ,
Որ միմիայն արբեցուց բերկրանքներով անպատում
Տըրդատի սիրտն` որ մինչև արքային մահն էր սըրտում:
–«Խըմե՜նք,– ըսավ,– ու տոնենք Արշակունի գահերուն
Թավալումներն անդունդի և մեղկանքի մեջ փըցուն»:
Եվ հազիվ հազ շըրթներուն դըրավ գավաթն հրահոսան`
Վերնատան մեջ աչքերն իր զույգ մ’աչքերու դիպեցան:
Կին մը իրեն կը նայեր, կը զգար սըրտին մեջ շըմոր.
Իր կազմին վրա կ’հիանար, առնագեղ, խրոխտ ու հըզոր,
Հըզոր` վիզովն առյուծի և բիբերով աստղահեռ`
Որոնց բոցեն այրելու համար անգամ մ’իսկ բավ էր
Որ անոնց մեջ հանդըգներ առնաբաղձ կին մը նայիլ:
Հըզոր` մարտիկ գըլուխով, լայնշի լանջքով անարգիլ
Որ ճոշանին մեջ կ’ուռեր կոհակի պես փըրփրազեղ.
Հըզոր` թիկնով մեծադիր, բազուկներով առնագեղ`
Որոնց միջեն կը սիրեն կիներն իբր օ՛ձ գեղածալ
Բյուր ձևերով գալարվիլ ու ծըվարիլ ու տաքնալ:
Վերնատան կինը սարսռաց: Տըրդատ մեկ ձեռքը հենած
Սեղանին վրա, մյուսով տաշտը բերնին գըլխիբաց,
Անոր կապույտ աչքերուն հառած աչքերն իր մըթին
Խըմեց երկա՜ր– փըրփուրեն մինչև մըրուրն– իր գինին:
Հետո ծոցեն դուրս քաշեց խուրձ մը դեղձան մազերու
Մութ ամպեն դուրս մացառվող ճաճանչներու պես աղու.
Եվ անով իր գինիոտ բերանն աղեկ մը սըրբեց…
Անոնք մազերն էին իր գոռոզ կընոջ` զոր բրածեծ
Ըրավ ու ա՛յսպես ահա ծաղրեց այն էգն անուղղա,
Եվ ապշեցուց ամենքն այդ իր անսովոր գործին վրա:
Հազիվ Տըրդատ սեղանին դըրավ գավաթը թափուր`
Լույսերու հոծ ծովուն մեջ թնդաց սըրահն ընդհանուր.
–«Վարձա՜կն ահա, տեղ բացեք, վարձա՜կը, վարդ տեղացեք.
Մազերուն մեջ, ոտքին տակ մարգարիտինե՜ր լեցուցեք» :
Սանդուխներեն վերնատան վար կ’իջներ կին մը խաժակ.
Կը թըռվռային գըլխուն շուրջ աղավնիներ ըսպիտակ:
Ճաճանչավուխտ քողին մեջ աստըղ մ’էր ան` որուն մեծ
Աչքերուն մեջ սևեռուն Տըրդատ գինին իր խըմեց:
Այդ ժամանակ սրահ մըտան հինգ ծերունի գուսաններ,
Ուսերուն վրա վիժանուտ գանգուրներով լուսահեր.
Ոլորակեց տավիղն հեշտ, փանդիռն հնչեց փառակոչ,
Նըման արծաթ կարկուտի երգ ջաղբեց դա՛փը դողդոջ.
Եվ յոթնաղի քընարին որովայնին մեջ տոսախ
Նըվագի ծով մ’ըսկըսավ մըրըրկոտիլ աղեբախ:
Հետո հանկարծ միացած բոլոր լարերն իրարու
Պանծացուցին անգամ մ’ալ փառքերը հին դարերու,
Երգը հըզոր դիքերուն, Դիցուհիի ոսկեմայր,
Երգն աստղահմա քուրմերուն` որոնք բագնին վրա մարմար
Վըզան օձեր այրեցին բոցերուն հետ ծառացող.
Երգն` ասպետի մը զարմիկ, դյուցազներու զինաշող,
Որոնք նըման կայծակի տեգերն` իրենց պիրկ ձեռքին`
Փաղանգներուն կազմը կուռ արյունառուշտ ճեղքեցին.
Հընչեցուցին երգերն հուսկ մեհենական պարերու,
Սերն հայկազուն կույսերուն և հարճերուն գինարբու`
Որոնք այգվույն զովալից հովանիին տակ պառկած
Լույս ծոցն իրենց կը թողուն սեպուհներուն համար բաց:
Կոչնականները համուռ դեպ գուսանները դարձան,
Որոնց մեջտեղ ըսկըսած էր պարել կին մը դեղձան:
Վարձակն էր ան, Նազենիկ, նազելագեղ անունով:
Հասակն ամբողջ կը թըրթռար բարտիի պես հողմախռով.
Դաշներգը իր ջիղերուն դաշներգին հետ լարերուն
Կը միանար, կը սըփռեր համանըվագ մ’հարաճուն:
Յոթն հարճերն հերքը խարտյաշ մատվըներով նախանձոտ
Արաբական յուղի մեջ օծաներ են քաղցրահոտ.
Եվ գըլխուն շուրջը պըսակ մը վարդերու հյուսեր են`
Որոնք եթե ճըզմըվին անշուշտ արյուն կը ծորեն:
Կը շողշողան ունկերուն ծայրը օղեր փողփողէջ
Աստղերու նման ցոլալով անրակներուն փոսին մեջ.
Արմունկեն վեր աջ բազուկը կը խածներ սեղմորեն
Նուրբ մարգրիտով հելուզված ապարանջան մ’ոսկեղեն.
Իսկ վիզեն վար մինչև ծայրն ըստինքներուն սևապտուկ
Կը բոլորվի վառ մանյակ մը լույսերով հեղեղուկ:
Եվ այնքան նուրբ է զառքաշեն` որ կը բըղխե դեպի դուրս
Ազդըրներուն գաղջություն և կաթնագույնը սընդուս.
Մուճակներուն մեջ խարտեշ կաղապարված ոտքերն ա՛լ
Դռույթ տալով կը սկըսին հատակին վրա պար դառնալ:
Կոչնականները լըռիկ հիացումով քարացած,
Մարմնակարկառ, ապշոպյալ, աչուներով լայնաբաց,
Կը դիտեն զինք: Նազենիկ նախ կ’օրորե մեղմորեն
Ալապաստրե ուսերուն վըրա գըլուխն հըրեղեն`
Ներկաներուն շըրջելով զույգ մը աչքերը աղվոր`
Ուր կ’ընկղմի մարդ հեշտին, բայց դուրս կ’ելլե վիրավոր:
Վեր կը վերցնե հոլանի բազուկներն իր հուլորեն
Լայնշի քողին կապուտակ խաղաղության ընդմեջեն
Զույգ մը տոսախ բամբիռները մատերուն մեջ ճարտար
Հանկարծակի կը հընչեն, կ’ըլլան պարին կառավար:
Մարմինն ընդհուպ կը զոփա, կու տան ոտքերը դըռույթ,
Եվ ան իր իսկ շարժումին անդունդին մեջ հորձանուտ
Կարծես վայրկյան մը այլևըս աչքերե կ’անհետի`
Ինչպես երկնի մեջ կորսվող լուսադայլայլ մեղեդի:
Օ՜, այդ մեծ պարն հեթանոս` որ Աստղիկի կը ձոնեն,
Գեղեցկության այդ աղոթքն, աղոթքը այդ մըսեղեն.
Օ՜, այդ իրանը ճապուկ ելևէջովն ըստինքին`
Որոնց մեջ կաթն իսկ կ’եռա հուզումներեն սաստկագին.
Օ՜, թևերն իր լուսածղի` օձերու պես պարարակ
Կարծես երկար կրթըված կախարդ սրինգով ներդաշնակ.
Եվ զիստերն իր արսռագեղ, գեր երաստանը շամբույշ.
Եվ բոլորին իբր առանցք մեջքն ուռիին պես քընքույշ`
Որուն շուրջ մարդ պիտ’ ուզեր բազեղի նման փաթթըվիլ,
Եվ վերջապես հյութասպառ բաղեղի նման թառամիլ:
Բամբիռներն իր կը հընչեն ձեռքերուն մեջ սաստկորեն
Իբրև օրենք մարմինին բյուր ձևերուն հոյաշեն.
Բամբիռնե՜րն իր կը հընչեն, ու անոնց երգը բյուրեղ
Կը քաղցրանա մեղրի պես ջահերուն տակ լուսազեղ.
Եղունգներով հինայված մատերեն վար աղածրի`
Դաշնակություն մ’հրաշալից մազերուն մեջ կը ծորի:
Բամբիռներն իր կը հընչեն, այնքան ճարտար` որ կարծես
Անոր ձեռքերն Ապողոն թաթախեր է տարփակեզ
Սըրտին մեջ իր տավիղին: Գործիքին ձայնը կերկեր
Կը զեղու սրահն` ուր շատոնց գուսաններն ա՛լ չեն նվագեր:
Կոհակներուն մեջ լոգցող աղկիոնին հանգունակ
Ան կը լողա մատերուն երգերուն մեջ ներդաշնակ`
Որոնց ի լուր տատրակներ ահա կու գան խառնըվիլ
Ցանցին մեջ իր մազերուն, իր մազերուն հիատեսիլ`
Որոնք, ալիք առ ալիք, կ’երթան սըփռիլ ման ի ման
Ասպետներուն գըլխուն վրա արշալույսի մը նըման:
Կոչնականները գինվո մեջ թաթախված, տըռփագին,
Բոլորը լուռ, սալացած` ըզմայլանքեն գեղեցկին
Կը դիտեն մրրիկն այդ կընոջ գանգուրներուն մետաքսե:
Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, կատաղորեն կը ճախրե՜:
Երբոր ետև կը թեքի` կուրծքին վըրա հոյաշեն
Բըլուրի պես կը դիզվին ըստինքներն իր սարսըռալեն.
Եվ վարսերն իր վիժանուտ, ուսերն ի վար հոսելով,
Կ’երթան փըփրիլ հատակին, հոն կազմելով ոսկի ծով.
Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, սանձակոտոր կը ճախրե՜…
Հոգվույն մեջ` ծով, շուրջը` լույս, ան Կիպերյան Աստղիկն է`
Որ իր չորս կողմն հավաքած աղավնիները լուսեղ
Փորձեր կ’ընե թըռչելու ինքն ալ անոնց հետ մեկտեղ,
Եվ հևհևուն, ծիծաղկոտ, վարդի մը պես բըռնըկած,
Վերջին թափով կը սուզի կապույտին մեջ վերասլաց
Թողլով որ քողն ամպերեն հորձանապտույտ իյնա վար
Տիոնիսյան բագնին վրա, գինիին մեջ հըրավառ:
Ա՛յսպես պարեց վարձակն ալ, մինչև որ քողն հոգիին
Հոն թաթախեց դիրտին մեջ ամեն մարդու բաժակին:
Ա՛լ հոգնած էր ու քըտնած, կ’ուռեր ծոցն իր լուսեղեն,
Երբոր վերջին ճախրին մեջ Տրդատ բըռնեց բազուկեն
Եվ ծունկին վրա նըստեցուց, գգվեց գըլուխն ոսկեհեր:
Վարսերն ի վար շիթ առ շիթ կը ծորեին քըրտինքներ.
-
21. ԲԵԳԱՍ
Ընկեր Մուրատին և իր ձիուն կայծակնավազ
Բե՛գաս, հրեղեն ձիս,
Երկնամուխ լեռն արևուն մեջ կը շողա
Զերդ շափյուղա.
Իր կատարին աստղապսակ` պիտի զիս
Տանիս:
Զետեղեցի քամակիդ ավասիկ թամբըդ` ծեփված
Ադամանդով,
Եվ դըրի սանձըդ` հյուսված
Շանթով.
Եվ նյուսիդ վրա զերդ մըրրիկ
Ես նետվեցա ավասիկ:
Դե՛հ, թող մտրակըս` հավետ լույսերու մեջ թաթախուն`
Կողերուդ շուրջը սուլե օձի նըման գալարուն.
Եվ դուն
Անդունդերուն վըրայեն և վըրայեն ձյուներուն
Տար զիս
Արևո՜ւն:
Ահա դափրեց բարձունքն ի վեր բարձրավիզ.
Ռունգերն հըզոր բացվեցան
Լեռնեն իջնող պաղ քամիին հանդիման.
Եվ բաշերն իր լուսալիր
Եկան մինչև թևերուս մեջ փըրփըրիլ:
Գլուխն ընդվիզ
Ա՛յնքան հըպարտ կը բըռներ`
Որ կը հըպեր
Կըզակիս:
Ու ան վարգե՜ց, վարգե՜ց, վարգե՜ց քառատրոփ…
Լեռը թընդաց.
Կը ցայտեին սըմբակներեն ոսկեմած
Աստղեր բորբ.
Փապարներուն մեջ ամփոփ
Հըղի օձեր ձագերն իրենց վիժեցին,
Բայց իմ ձին
Լոկ կը լըսեր պինչերուն մեջ մըռընչող
Քամին:
Օ՜, երբուծն հույր` մըկանունքով բըլրավետ`
Ուր արյունն իր զըսպըված հըրաբուխի պես հավետ
Կ’եռար:
Կ’ընդհատեր միշտ սեպերուն դեմ մրըրկաբար
Ու վերքերով կը պանծար:
Օ՜, պոչը իր լուսացընցուղ, աղեղնաձև,
Որ գավակեն կը հոսեր
Զերդ արև:
Օ՜, գլուխն իր պերճասոսորդ, մեծղի բիբերն` ուր կ’այրեր
Կարծես անհունն արփախայտ.
Եվ սըմբակներն ոսկեկուռ` որոնց ներքև իբրև պայտ
Լուսնկաներ գամեցի,
Ժայռերուն վրա Իտեալի մը պողպատ
Կ’երգեին երգն առնացի`
Զոր խըմելու համար ես սիրտըս բացի
Զերդ ծովու
Խեցի:
Ու բարձրացա՜վ, բարձրացա՜վ
Վայրենարշավ.
Միշտ նորահայտ միջոցներ անակնկալ բացերու
Նայվածքն հազիվ ընդգրկած` արշավն ընդհուպ կը սպառեր
Լեռնալանջին վըրա հըսկա նոճիներ
Եվ գիհիներ խընկարկու`
Որոնց մեջեն ան կանցնի նմա՛ն կայծակին:
Ի զո՛ւր ծաղկած վարդենին բռնել կ’ուզե քղանցքես
Հարսի պես.
Անոնց մեջեն ես կը վարգեմ սըրընթաց.
Ուսերս ամբողջ, ասպանդակներս ոսկեմած
Ծաղիկներ հիր կ’ողողեն…
Ես կը վարգեմ թամբին վըրա լուսեղեն
Զերդ թառած
Շահեն:
Ահա պարեխը կու գա թումբ կանգնելու արշավիս,
Բայց իմ ձիս
Փայլակնաթափ դռույթին տակ կը քանդե զայն քար առ քար
Կը հեղու
Լեռն ի վար:
Ո՛ւր որ դոփե սմբակն` հոն կը բանա վիհ ծուխերու,
Ո՛ւր որ բաղխե լանջը գոռ` կը թոթափե փըշըրված
Կայծ:
Կը բարձրանա ամպին վրա իր կուտակած փոշիին.
Աստեղաբիբ կը լողա լուսալիքին մեջ բաշին.
Կը վըրնջե ցնծագին`
Ռունգերը բաց
Անհունի՜ն:
Վա՛րը, այնտեղ, երանավետ այգիեն
Ցանկապատին վրա ծըռած ողկույզներու բիբեր մեծ
Ի զո՛ւր, ի զո՛ւր կը կանչեն
Զիս իրենց.
Եվ ծառեն վար նուռ մը ճեղքված` բերնի պես`
Կ’աղաղակե ետևես:
Եվ կիներ, վա՛րն, հովիտներու աղբյուրեն
Իզո՛ւր ինծի կ’երկարեն
Լույս սափորներ` ուր կըթեր են հեշտությունն
Իրենց մարմնույն
Եվ համբույրի մ’անձկությունով` համրեն
Գինին իրենց ծոցերուն:
Փոխան իրենց օրորին` երիվարիս ցունցը խեռ
Սիեցի,
Փոխան իրենց գըգվանքին` հոգիիս վրա լիզումներ
Բոցի:
Շուրջըս ի զուր ջըրվեժներ կը մոլեգնին ու կ’երգեն`
Կաթի նման փըրփրադեզ,
Հետո մեղմիկ կը սահին զմրուխտ մարգին ընդմեջեն
Օձի պես.
Իրենց ջուրեն` ես ավելի կը սիրեմ
Գաղջ փըրփուրներն երիվարիս երախին`
Զոր խըլած բո՛ւռն քամին
Կը լըվա
Անոնցմով բոց աչքերս իմ, կամ արևուն երկնաճեմ
Աչքն հըսկա:
Վե՜ր, դեպի բարձո՛ւնքը, Բե՛գաս…
Կըռանակուռ լույս պայտերդ ահավասիկ կը թաղես
Պորտերուն մեջ ոպնիազ
Վիշապներուն.
Եվ դուն
Ջախջախելով հրեշներուն
Կուռ պատյանին մեղեսիկներն հըրակեզ`
Կը ծառանա՜ս, կը ծառանա՜ս մոլեգին
Կատարն ի վեր հաղթական
Լերան:
Նընջող գազան մ’ավասիկ խըխընջյունեդ արթնցած
Նետվեցավ ծոցը վիհին
Զարհուրած:
Եվ անգըղներ ժայռերու կատարներեն կը թափին
Ձորերուն խորը մըթին:
Ահա փախչող վարազահավ մ’իր մախիզ
Խըլուրդ բզըքտող կըտուցեն,
Վերեն,
Շիթ մ’արյուն կայլակեց իմ գըլխարկիս
Արծվային
Փետուրին…
Ա՛լ քեզ համար ամայի՛ են գագաթները ահարկու.
Ո՛չ ջըրվեժի մըռունչ կա, ո՛չ հըրավեր կիներու.
Մեզ չի՛ հասնիր կալին մեջ պոռոչող ձայնն երինջին.
Կարծես արդեն մեր գլուխները աստղերու կամարին
Կը դիպչին:
Վե՜ր, վե՜ր, Բե՛գաս…
Բայց, հեռուն, ի՞նչ սպիտակ տարածություն լուսափառ
Ճառագայթեց աչքերուդ մեջ ամեհի.
Ցուրտ սըլաքներով դըժպըհի
Լուսնակին պես կ’արյունին ահա բիբերըս փարփառ.
Օ՜, Բե՛գաս,
Կատարներուն ձյունն է այս.
Ձըմեռներու մեջ բյուրավոր` բյուր աստղեր
Իրենց ծոցեն սառնաշիթ
Հո՛ն են, հո՛ն են տեղացեր
Ձյունն այս վճիտ:
Բե՛գաս,
Այդ ծովուն մեջ բյուրեղե
Նետվե`
Դըլբնի լանջքով հորդե ուղիդ երկնահաս:
Լողա՜, լողա՜…
Անապատի ավազին մըրրիկներուն փոխարեն`
Փորիդ ներքև կը փըրփրին
Մըրրիկնե՛րն այդ լուսեղեն
Ձյունին:
Նա՛վը եղիր կենդանի`
Որ զիս առած կը տանի
Աստեղազարդ նավահանգիստն հեռակա
Երկնի:
Լողա՜, Բե՛գաս, լողա՜…
Մեր Երազին ճեղքե՛ ակոսը հըսկա:
Բացած փոսերը պայտերուդ լուսագին,
Հետքիդ վըրա, շուշանի պես թող ծաղկին:
Ի՛նչ փույթ թե ձյունն իր տակ ծածկած է հավետ
Նենգություններն անդունդին,
Եվ մենք կըրնանք ըլլալ հանկարծ գահավեժ.
Միշտ Աստղերո՜վ թաթախված պիտի իջնենք խորն ալքին
Զերդ ջըրվեժ:
Բե՛գաս, Բե՛գաս, կաղնիացո՜ւր վիզըդ վես.
Ահավասիկ ձյունահյուս մ’աստվածաբնակ գագաթեն
Մըրըրկելով ճամբուն վրա փրփրուն փոշի մ’համորեն
Կու գա մեզ:
Ո՛հ, ի՜նչ պայքար, Բե՛գաս.
Անոր վըրա պերճասոսուդ կը խոյաս.
Առջի ոտքերդ լուսադըրոշմ պայտերով
Աշխույժով
Արդեն ահա փըխրուն ծոցին մեջ անոր
Կը մըխըրճին ահավոր…
Ո՜վ Ձիս-Աստված,
Այն հյուսն արդեն պորտիդ ներքև է լայնշի
Եղած
Փոշի:
Լողա՛, Բե՛գաս, լողա՛…
Զգեցեր են պատմուճանն կույս տարրին փողփողուն,
Բուքը կ’հալի լանջքիդ տակ, ռունգերուդ մեջ բաբախուն:
Դե՛հ, խոյանք մ’ալ, ոստում մ’ալ,
Զի բարձունքները շողալ
Կը սկըսին,
Հորիզոնները ծավալ
Կը բացվին:
Դե՛հ, խոյանք մ’ալ, ոստում մ’ալ.
Նըպատակի կատարին ադամանդները անհալ
Շողացին.
Եվ իմ ձին
Փայլակելով Գաղափարն աչքերուն մեջ ռոշնական`
Կոթողվեցավ-պինչերը բա՜ց արևուն–
Լերան
Գըլխո՛ւն:
Օ՜, Բե՛գաս,
Կողերուդ մեջ գալարվող լիաթոք հևքըդ ահա
Ռունգերեդ դուրս` ողողեց հորիզոններն հեռակա:
Օ՜, Բե՛գաս,
Ահա Կապույտը վըճիտ` շողակնաշող ալիքով`
Զերդ ծով.
Ահա Արևն հըրամազ
Լոկ ի՜մ վրաս…
Տիրապետման մեջ լույսին կանգուն` թագն ենք աշխարհին,
Երկինքը թագը մերին.
Եվ մեր ներքև Երկիրն է` բուռ մը ցեխի հանգունակ,
Ամպերն են մեր ոտքի տակ`
Որ ծույլ ծույլ կը սողան կայծակներով բեռնաբարձ.
Կը տեսնե՞ս վարը, հանկա՛րծ
Թուխ ամպրոպի մը խորին փայլակ մը աչքն ամեհի
Կը բանա,
Հետո դարձյալ` խուլ որոտ մ’արձակելով` կը թաղվի
Երկրիս ցեխին մեջ հըսկա:
Կը տարածվի քու խրխինջդ անհունին մեջ ալեկոծ,
Եվ աստղերուն ժայռակույտերն ոսկեզօծ
Շունչեդ ահա կ’արծարծվին
Իբրև բոց:
Բեգաս, ահա՛ վար կ’իջնեմ թամբիդ վրայեն վերստին:
Բաշերուդ հետ կը հանձնեմ անտառներն իմ մազերուն
Հովերո՛ւն.
Եվ կը թողում որ Մրրիկն իր պատմուճանը ծըփուն
Հագցընե հաղթ մարմինիս,
Եվ լոգցընե Արեգակն իր շողերով ոսկեզօծ
Աստվածացած միսըս բոց
Եվ հոգիս:
Տե՛ս, աշխարհիս զառամած քամակին վրա կոթողուն`
Իր հերկերուն մեջ թափուր`
Սիրտս, ուր հանճարըս կ’ապրի, կը սերմանեմ լիաբուռ.
Ի՛նչ որ Արևն ինձ կու տա` զայն կու տա միտքս Մարդուն.
Տե՛ս, աստղերու ժըպիտներ և հուր վարդեր անթառամ
Կը տեղամ
Որդիներուն մեջ կավի.
Կը տարածեմ Երկրիս վրա արշալույսի ծիրանին.
Մինչդեռ դյուրավ կըրնայի
Տարածել շուքն հասակիս` Երկրագունդին վրա փանաք
Ու խավարե՜լ զայն համակ:
Բեգա՜ս, Բեգա՜ս, այժըմ երբ ե՛ս կը պարզեմ
Առագաստները Մըտքիս լույսին վըրա ծովացած
Եվ քընարիս լարերով` քու բաշերովըդ հյուսված`
Կ’երգեմ
Արեգդեմ
Ազատությունը Մարդուն, և գերությունն Աստուծո,
Բեգա՛սդ իմ հաճո,
Դուն իմ քովիկըս կանգուն
Բաշերդ ու պոչդ հանձնելով ցըրտասարսուռ քամիին`
Վիզըդ ծըռե սիրասուն,
Ծըռե՛, և քու առջի ոտքովըդ նըրբին
Փորե՛ ընդթափ կույս ձյունը կույս բարձունքին.
Փորե՛, Բե՜գաս, փորե՛, մինչև որ գըտնես
Լուսածաղիկ Էտըլվայսները անտես
Եվ ճարակիս – նոթի Մըտքիս հետ միասին –
Էտըլվայսներն Երազին:
Հոս, ձյուներուն ու լույսին
Մեջ թաթախված` խաղաղորեն կը ծաղկին
Էտըլվայսներն Երազին:
Դանդաղ քայլերով, բայց հաստատուն, հասանք «Հարճին»…
-
18. ՍԱՆԴՈՒՌՆԱԿԱՆ
Այս իրիկուն նորեն Քաղաքն հեշտանքի,
Ծովափին վրա, գոհարազարդ բոզի պես,
Անթիվ ջահերն իր կը վառե: Երբ տակավ
Հըռընդյունները սըղոցին կը լըռեն,
Եվ սալին վրա մուրճերն ալ չե՛ն կայծկըլտար,
Ան` խորտակված սափորեն հանկա՛րծ թափվող
Հին գինիի մը նըման`
Կը փըրփըրի, կը պըղպըջա իր կարմիր
Կիրքերուն մեջ: Երեկոյան խորշակով
Բըլուրներեն այգեվետ
Հոտ մ’ողկույզի փողոցներն հորդ կը լեցնե,
Ու կըծու աղը ծովուն
Կու գա ռունգերը գըրգըռել կըտղուցի.
Այն ժամանակ մեհյաններեն դուրս կ’ելլեն
Քըրմուհիներ սանդուռնական տոներուն.
Կ’անցնին կիներ` վարդ դըրած
Իրենց քունքին ու գոտիին վրա արծաթ.
Կ’անցնին մարդիկ, նըվագներով ու պարով.
Պոռնիկ մ’հանկարծ, անոնց մեջ,
Կ’արձակե հերքն իր կըրունկները մինչև,
Եվ լողալով գանգուրներուն ծովին մեջ,
Կը ծիծաղի՜, կը ծիծաղի՜ խելահեղ
Երեսն ի վեր քարձ կավատի մը հարբած:
Քաղքին պատերն ամբարիշտ
Կարմրաշառայլ լույսով մ’ամբողջ ծեփված են.
Եվ նըռնենին, լապտերներով պաճուճված,
Պատըշգամբին տակ կը ծաղկի հեշտօրոր:
Սլարկներեն վար գինինե՛ր կը հոսին.
Տան շեմերն են թըրջըված
Մամացներով ու մաղձով
Դուռներեն վար կը կախվին
Հոմանիի դրասանգներ.
Եվ գիշերվան լոգարանները բոլոր
Կը քըրտընին գըմբեթներովը իրենց`
Որոնց ներքև կը թալկանա հեշտությունն
Ու կը զեղուն կոշարաները զըմուռս.
Ամփիթատրին մեջ, փըփրած,
Կ’հոսի արյունն, ու մեհյանին մեջ ծածուկ
Կը հոշոտվի հազածոն.
Բոզնոցներուն դրան առջև`
Որոնց պագշոտ ծերպերեն
Թըխակարմիր շառայլներ դուրս կը նշողին`
Կիներ պառկած` կ’ունկընդրեն
Փողոցներեն անցնող ձայները դափին,
Ու տըռփագին ու զոշաքաղ ակնարկով
Կը խայտացնեն պորտերնին…
Բոլո՛ր, բոլո՛րը կ’ընեն
Սանդուռնական գինարբուքները` մինչև
Արշալույսին ծագիլն արյան քողերեն:
Պալատներուն մեջ` խըրա՛խ
Պողոտային վրա` շուրջպա՛ր,
Եվ մըթընշաղ անկյուններուն մեջ, ավա՜ղ,
Ումպետ հոսումն ուղխորեն
Առնական գա՛ղջ սերմերուն:
Գերիներ, մերկ, ներբաններին այրելով,
Հըրաբորբոք կուպրին վըրա մայթերուն`
Կը հայթայթեն, վազն ի վազ,
Խեժն այդ փըրփրած հըրդեհին.
Ոմանք ըշտապ կը տանին
Համադամներ, ոմանք գինի` փարչերով.
Խառնածին մ’իր գոգին մեջ
Ծաղկի պսակները դիզած`
Կ’երթա արբշիռ ճակատներն իր տերերուն
Արտախուրել բաղեղներով, վարդերով.
Եվ Պահլագուն մը հուժկու`
Կույս մը շալկած մազերեն`
Պատրիկներու ոսկեճամուկ սեղանին
Կը տանի զոհ մը իբրև…
Գինի, ռետին ու տըռփանք
Քաղաքին վրա, կը պանծացվին տավիղով.
Քաղաքի՜ն վրա, որ նըստած
Ափը ծովուն, գոհարազարդ բոզի պես,
Կը պըճնե ծոցն իր` ջահերով անհամար.
Եվ Քաղքին վըրա ո՞ւր ես դուն, Է՜րոս.
Խա՞յթն էր ոսկի փըքինիդ,
Որ շաղաշույտ այդ ժողովուրդը կըտղեց…
Ո՛չ, ո՛չ, Է՜րոս. տատրակի պես տարագիր
Այդ Ոստանեն խույս տըվիր:
Աստվածներու կըղզիին մեջ` այժըմ դուն
Լուսնկային հետ, քնքշորեն կը հըսկես
Սոխակներու բույնի՜ն վրա:
19. ԳԻՆԱՐԲՈՒՔԵՆ ՎԵՐՋ
Նկարիչ բարեկամիս` Արսեն Մարկոսյանին
Սըրահն է լուռ: Կոչնականներն հեռացան:
Ջահերն ոսկի դեռ կը վառին մոլեգնած,
Եվ կը հեղուն, սեղաններուն վրա անձայն,
Արյունն իրենց երակներուն բորբոքած:
Վինը լըռեց: Կը թափառի նըվաղուն
Երգն իր վերջին` զոր հարբած սիրտը չըմպեց:
Անոնց բերնին վըրա և ցոփ աչքերուն
Կը սըփռե քունն իր չըղջիկի թևը մեծ:
Սեղանին վրա է ամեն ինչ ցիրուցան:
Սափորին մեջ կ’երազե մաս մը գինի:
Նուռ մը լըքված, ակռաներու վերքեր վրան,
Ջահերուն տակ, ջահերուն հետ կ’արյունի:
Եվ կը փըշրի բաժակ մ’հանկարծ, հեծելով
Լըռության մեջ: Զայն ճեղքած էր նախապես
Կին մը արբշիռ` երբ կը ներկեր կըտղանքով,
Գինիին խորն, ատամներն իր, բուստի պես:
Ծաղկամանին մեջ կը թոռմին հիրիկներ`
Որոնց բույրով գուսանն եղավ սըրարբած:
Աթոռին վրա հողմահա՛ր մ’է մոռցըվեր`
Զերդ հոլաձև մեծ թիթեռնիկ մը մեռած:
Դուրս կը հոսին բաց մընացած դուռներեն
Գաղջ ալիքներն հալվեներուն ու մուշկին:
Եվ քըրքիջներն ու կըտղուցներն համորեն
Հայլիներուն խորության մեջ կը մեռնին:
Կ’աշխատին հոն միայն երկու գերիներ,
Մին` աղախին, մյուսը` ծառա մ’անճոռնի,
Որ կը խըմե մերթ ավելցուկ գինիներն
Ու կ’համբուրե ընկերուհին, գողունի…
20. ՄԵՌԱԾ ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒՆ
Արյունափառ Խաչին տակ,
Որուն թևերը տըրտմություն կը ծորեն
Աշխարհիս վրա բովանդակ,
Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն
Կ’ողբամ ձեր մահն, ո՛վ հեթանոս Աստվածներ:
Մեռա՜վ Խորհուրդն. և Բնությունն է արյունե՛ր
Օրենքներու կարկինին սուր սըլաքով:
Ձանձրո՜ւյթը մնաց, պըճնըված փուշ պըսակով:
Մարդն է ինկած, գարշապարին տակ հըսկա
Խուլ Աստուծո մը հրեա:
Դիո՛ս, մեռար: Մեռար դուն,
Ո՛վ Ապողոն, որուն կառքեն քառաձի
Կու գար խըխինջն Արևուն:
Կայծակն անտեր` աստղերուն մեջ կը հածի
Կույր օձի պես: Սիրամարգներ չեն քաշեր
Հերայի սայլն` որ ուներ լույս սարիքներ.
Ոչ ալ կ’հոսին, իբրև սերմեր դիցական,
Զևսի անձրևն ոսկի, արյունն Ուրանյան:
Չե՛ն արծարծեր ոտնաթևերն Հերմեսին
Աստղերը որբ երկինքին:
Անտառին մեջ, Անահի՛տ,
Ալ չեմ լսեր շանդ հաչյուններն` ետևեն
Նախընտրած գեր երեիդ.
Կապարճդ հողին տակ կը փըտի. լիճերեն
Ջուրն իր խըմել կ’երթա եղնիկը անվախ:
Չի՛ պըսակվիր Պանը շոճով. ամեն ցախ
Անոր շունչով նորեն առույգ չի՛ ծաղկիր:
Դափ չե՛ք զարներ, Այծեմարդե՛ր բարեկիր,
Լոկ կը տեսնեմ Ավանդությունն` որ կու լա
Նըստած կոճղի մը վըրա:
Հավերժահարսե՛ր, մեռաք դուք.
Կը խածատեն փըրփրուն գետերը` ցավեն,
Իրենց ափերն հեղհեղուկ:
Նայուհինե՛ր, եղեգներուն ընդմեջեն
Ա՛լ չեք երգեր` երբոր ցաթե լուսնկան.
Կանանչ լոռերն այժըմ կ’ըլլան ձեզ պատան:
Լուսազմայլիկ աղբյուրին մեջ չեմ տեսներ
Բիբերուդ կայծն, անբա՛խտ Նարգիս: Տատրակներ
Երբ գուռին մեջ կու գան լըվալ կըտուցնին`
Դոդոշներեն կը խըրչտին:
Քեզմե, ո՛վ վեհ Պոսիդոն,
Ծովն է թափուր: Անտառներեն բուստերու
Չի՛ խոյանար բարձրահոն
Քառանըժույգը՛դ փըրփրագեղ. ոչ ալ քու
Երեքարձենըդ կ’առխըթե դըղըրդմամբ
Նըվիրական դելփինին նուսն ապըստամբ:
Մեռա՛վ Սիրենը ժայռին տակ Սիկիլյան.
Կ’անցնի նավազն անկե առա՛նց դյությության:
Չ’ըլլար փրփուրն` Աստղիկ, ոչ ալ կոնքը` կուր.
Ծո՜վն, Աստվածնե՛ր, ծո՜վն է տխուր:
Տանս ակութեն, Թերափնե՛ր,
Ո՞ւր հեռացաք, ո՞ր ջերմեռանդ սըրբուհին
Ձեզ իր խաչովն է փըշրեր,
Ձեր մեջ պապերս պապե՛րն իրենց դրոշեցին`
Ընծայելով ամեն օր աղ ու նեկտար:
Չըկաս, Էրո՛ս. պիտի քույրս իմ սիրահար
Որո՞ւ ձոնե դահամունքներն իր ուխտին.
Չըկա և՛ դուռը պահպանող Շան անդրին…
Միայն սնարես կախվեր է Խաչ մ’հաղթական`
Ուր կա լոկ փառքը Մահվան:
Եվ այժըմ այդ Խաչին տակ,
Որուն թևերը տըրտմություն կը ծորեն
Աշխարհիս վրա բովանդակ,
Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն
Կ’ողբամ ձեր մահն, ո՛վ հեթանոս Աստվածներ:
Տեսե՛ք, բոլոր մեր անտառներն ու ծովեր,
Աղբերակներն ու երդիկները խաղաղ
Ամայացա՜ն ու տաղտկացա՜ն: Այժմ, ավա՛ղ,
Մարդն է ինկած, գարշապարին տակ հըսկա
Խուլ Աստուծո մը հրեա:
-
Շնորհակալություն, օրիորդ Կատրանիդե:
Լավ կլիներ, եթե նշեիք, թե ո՞ր հրատարակությունից եք օգտվում:
Հ.Գ. Ինձ թվում է, թե Լալագե ծածկանունը ձեզ ավելի է սազական:
Լա՜-լա՜-գե՜...
Շնորհակալ եմ այդքան գեղեցիկ և թափանցող համեմատության համար, թերևս այստեղ դուք շատ ավելի մոտ եք իմ կերպարին, քան օրիորդ անվանելով
:
Իմ կողմից այստեղ տեղադրված Վարուժանի բոլոր գործերը 1986 թ. Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հրատարակած ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ Երկերի լիակատար ժողովածուից է (երեք հատորով):
Ինչևէ, կարծում եմ` արժե շարունակել…
15. ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ
Ձորերուն մեջ, սարերուն վրա կ’արածեր
Ան ամեն օր ուլն իր կապույտ աչերով.
Ոտքերը մերկ էին և միշտ ալ վըստահ
Մեն մի քայլին` շուշան վրա կոխելու:
Ճերմակ կրծքին մերկության վրա վիժանուտ
Ոսկի հերքեն կը ծորեին ծոթրիններ.
Ո՛չ մըրտենին և հասմիկները գըլխուն
Կը թոշնեին, ո՛չ ալ վարդերն այտերուն.
Ան միշտ կ’երգեր, ու երգն իր
Կը ծիծաղե՜ր սըրտին մեջ,
Իր ըզգեստիկը կապույտ
Երկընքի մեկ ջինջ կըտորեն էր ձևված.
Եվ հովվական իր ցուպն էր օձ մը բրածո`
Քարացա՛ծ օձ` որ իր մաքուր ձեռքին մեջ
Դեղձիի ճյուղ մը եղավ:
Երբ վըտակին եզերքեն
Ան կը քըշեր ուլն իր կապույտ աչքերով`
Ծառերուն մեջ` գաղտագողի` լուսնկան
Իր ետևեն կը քալեր.
Եվ լուսնկան տարփատենչ բիբն էր գուցե
Եհովային, կույսերու հի՛ն Սիրահար:
Բայց իրիկուն մ’ան հովտեն ձայն մը լըսեց`
Որ զինքը, վա՛րն, աղբյուրին քով կը կանչեր.
Երգ մ’էր կարծես, այնքա՜ն աղվոր և դյութիչ`
Որուն իր ուլը ճերմակ
Վիզը տընկած, խոտը բերանն, ունկընդրեց.
Նոր երգ մ’էր ան` որ կ’ըսեր.
«Ճերմա՜կ աղջիկ, ճերմա՜կ աղջիկ, վա՛ր եկուր,
Եվ աղբյուրին քով ուլդ ինծի զոհ ըրե:
Թզենիին շուքին տակ,
Ճերմա՛կ աղջիկ, ճերմակ ուլդ ինձ զոհ ըրե:
Այս լեռներուն ես Ոգին եմ լիազոր.
Իմ շունչիս տակ` թե ուզեմ`
Գետեն արծա՛թ կը հոսեն
Եվ հեղեղները` ոսկի.
Հասած տեղն իմ համբույրիս
Կ’անցնի սարսուռն` որ բաղձանքն է ծնունդին.
Իմ գըրկիս մեջ շուշաններ վա՛րդ կը դառնան,
Եվ կույսերն ալ` թագուհի:
Ես քու զոհիդ արյունեն
Դաշտերն ամբողջ ծաղիկներով կը լեցնեմ,
Եվ ուլիդ տեղ թիթեռնիկներ կ’արածես.
Ճերմա՜կ աղջիկ, ճերմա՜կ աղջիկ, վա՛ր եկուր»:
Ան լսեց այս ձայնը, երկա՜ր ու երկա՜ր,
Որ կարծես իր արյունին մեջ կը խոսեր.
Լըսեց ու, լուռ, աստղերուն տակ հառաչեց:
Հետո դյութված` ցուպն առավ
Ու քըշեց ուլը ճերմակ`
Բըլուրեն վար` դեպի հովիտն հեշտաբույր:
Հո՛ս է աղբյուրն, հո՛ս թզենին, և կը զգա՞ս
Արու Ոգին` որ ծոթրինի և թյումի
Ըզգըլխիչ հոծ բույրերով
Գըրկեր է քեզ: Զոհդ ըրե՛:
Ջինջ ու ողորկ քարերուն վրա աղբյուրին`
Ծունկին վերև ան պառկեցուց ուլն` որուն
Փոքրիկ եղջյուրն ավազին մեջ խըրեցավ:
Ո՛հ, ի՛նչ արբշիռ էր պահն ու որքա՜ն անույշ.
Ան կը հավտար թե զոհելեն վերջը դեռ
Պիտի ուլն իր ողջ մընա,
Պիտի մարգին մեջ պապաչե և ոստնու:
Ան` մահն ի՛նչ էր` կ’անգիտանար, ու երգե՜ց.
Երգեց բնության ներշնչման տակ մեկն այն մեծ
Հաճույքներեն` զոր կու տա
Զոհագործումը անձին.
Երգեց գարունն հասակին,
Դաշնակույթունն իր էության, և առանց
Ուլին կապույտ աչքերուն
Աղիողորմ նայիլն իրեն` տեսնելու,
Դրավ դանակն անբիծ վըզին, և արբշիռ,
Երգը շուրթին` զայն հեշտանքո՛վ մը զոհեց.
Ծունկին վըրա այն մոլորիչ Ոգիին`
Ճերմակ աղջիկն իր ճերմակ ուլը զոհե՜ց:
Բայց իր զոհեն նոր ծաղիկներ չըբուսան,
Եվ ինք չեղավ թիթեռներու հովվուհի.
Պըղտորեցավ աղբյուրն ուլին արյունեն`
Ուր ջուրին հետ պիտի ան ալ չըկըրնա՛ր
Խըմել աստղերը ցոլացիկ երկընքին.
Խոտերուն մեջ ցուպն հագավ
Իր նախկին բնույթը օձի.
Լուսինն իջավ լեռնեն վար,
Եվ ինք մութին մեջ, սարսռուն,
Բոպիկ ոտքով մեռա՜ծ ուլին քով կանգնած`
Լացա՜վ, լացա՜վ, և արյունլվա ձեռքերով
Իր թաց աչքերը շըփեց,
Մինչ գըլխուն վրա կը թոշնեին հասմիկներն,
Հրապուրված կույսն իր անուշ Մեղքը լացավ:
16. ԱՆԱՀԻՏ
Խոտին մեջ է թաղված բագինդ: Չեն ծըխար
Խունկերն անույշ, զոհն այնտեղ չի՛ արյունիր:
Կուգա լոկ բույր մը համպար
Խորխի` զոր հոն թողեր է օձ մը կարմիր:
Հոն կը նըստիմ, խո՛նջ ուղևոր: Ձիս կ’արծի,
Եվ Վահագնի զամբկին կարծես հոտն առած`
Կըտղուցեն խոլ կը խաձի:
Բայց արևեն մեզ չի գար ոչ մեկ Աստված:
Անհետացան անդարձ խորեն անտառին
Քուրմերը լայն թեզանիքով: Չի՛ երգեր
Ծիծերըդ` վինը Վրույրին:
Բագինիդ շուրջ կը հեծկըլտան եղեգներ:
Չես հանգըրճեր պատմուճանդ ալ, ո՛չ մեկ վիթ
Նիզակահար` կը ներկե ծունկդ արյունով:
Թանգարանին մեջ անդրիիդ
Կը տաղտկանա, և չի՛ պսակվիր գարունով:
Բայց դուն կ’ապրիս, պիտի ապրիս հավիտյան,
Ո՛չ երկրիս վրա. երկինքի՛ն մեջ, Անահի՛տ:
Ահա կ’ծագի լուսնկան,
Եվ կը ծագիս դարձյալ` մահիկը ճակտիդ:
Քեզ կը տեսնեմ աստղերուն մոտ: Ծիծերեդ
Լույս կը հոսի աղբյուրին մեջ` ուրկե խմող
Եղնիկին դունչը նամեդ
Եվ եղջյուրները կ’օծվին ոսկեշող:
Վա՛ր կը նայիս. օրիորդները վարար
Կը զգաստանան. գինիին տաշտը կի’իյնա
Բագուսուհվույն ուսեն վար:
Կ’աղոթե կույսը ծընրադիր մահճին վրա:
Կապարճըդ ուսիդ, լարած աղեղըդ լայնշի`
Կը վարես սայլը լուսնակին լըռելյայն…
Կյանքն անտառին կը շարժի.
Ձեռքիդ ջահեն վախցած` գայլերը կ’ոռնան:
Կ’երազե դաշտն. ու կոկոնները վարդին,
Փըքիններուդ խայթին ներքև, մի առ մի,
Բերանիդ պես կը բացվին:
Կ’եռա ավիշն այգիին մեջ վաղեմի:
Կ’հոսես ծիծերդ, կ’անցնիս կ’երթաս, բայց մարդիկ
Չե՜ն պաշտեր քեզ. տա՛րըր մը սոսկ կ’ընդունին:
Քանդած են հովն ու ալիք
Մեհյա՛նըդ իսկ քերսոնեսի ափունքին:
Միայն, գիշերն, որսական շունըդ լըքված
Կը տեսնե վերն անցքըդ, մահիկը ճակտիդ,
Ու բագինիդ վրա նըստած`
Կը նայի քեզ և կու լա, ո՛ Անահիտ:
17. ԱԿԱՆՋՆԵՐՈՒՆ
Մարգարտածո՛ց ականջներ, գանգուրներուն տակ սիրուն,
Ամենանուրբ մասն եք դուք իմ նըրբագեղ մարմինին.
Լոկ դո՛ւք կըրնաք հաղորդել երգը քնարիս լարերուն
Իր ըսքողած հոգիին:
Թիթեռնիկի՞ կը նմանիք, թե՞ ծովամույն խեփորի`
Որ խըմած է բուստին լույսն և նըվագներն անդունդին.
Ա՛յնքան փոքրիկ եք` որ տղեկ մ’իր ափին մեջ աղածրի
Պիտ’ ամփոփե ձեզ դյուրին:
Ո՛վ բավիղներ նըրբակերտ, ո՛վ ոլորտներ վարդագույն`
Որոնց մեջեն, չեչքարե մը վար թորող ջուրին նման,
Բոլոր ձայներն աշխարհի կ’հասնին մինչև իր հոգվույն
Եվ խորհուրդնե՛ր կը դառնան:
Ուշիմորեն կ’ամփոփեք ձեր ձագարին մեջ բյուրեղ
Անծանոթ խոսքը բոլոր դաշնակավոր իրերուն,
Հեռավոր երգն աստղերուն, որ անհունին մեջ լուսեղ
Կը ծովանա՜ փոփողուն:
Եվ ձեր քունքին առընթեր բռնեմ ճըրագս ադամանդ
Աղավնյակի մը կարմիր սըրտին նըման բաբախուն,
Թափանցկությամբ մը վճիտ կը բըռընկի ձեր թաղանդ
Կակաչի պես հըմայուն:
Սըրտիս վըրա՛, ականջնե՛ր, խոնարհեցեք սըրտիս վրա՛.
Դեռ չերգըված կույս երգեր հոն կը բզզան անհամբեր`
Ինչպես քընքույշ և խըլրտուն բըժոժներուն մեջ ոսկյա
Լուսակարոտ թիթեռներ:
Եվ թողեք, գո՛ղտր ականջներ, ձեզ համբուրեմ զգայնոտ,
Տամուկ լեզվովըս հըպիմ խորշերը ձեր սատափյա,
Որ ան սարսռա անպատում հեշտանքներով ջըղայնոտ`
Քընարիս պես դյուրազգա:
Թո՛ւյլ տվեք ձեզ ողբերգեմ` Գեղեցկության դաշույնին
Բյուր հարվածներն հոգվույս մեջ, և զույգ մ’արցունք աչքերես
Տըրտմորեն վար կախեմ ձեր բըլթակներեն փափկագին`
Իբրև օղեր` ընծա ձեզ:
-
10. ԳՐԳԱՆՔ
Անոր որ պիտի գա…
Ափը լճակին մենավոր`
Ուր տընակս իմ կախարդորեն շիներ եմ`
Ձեռն ի ծընոտ ըսպասեցի իր գալուն:
Նըռենիին տերևներուն տակ բոսոր,
Նուռի մը պես ճեղքըված,
Սիրտըս, շիթ շիթ, արյուն թորեց ծունկերուս`
Կարոտը սե՜րս արյունեց.
Եվ ամիսներ բովանդակ
Եղնիկի պես լացի գոհար արցունքներ
Ափը լճակին մենավոր:
Ու վերջապես ան եկավ
Այգիներեն քաղցրաբույր`
Ու ողկույզներն, ըստինքներու պես լեցուն,
Հողին վրա կը կախվին,
Մոր մը գըրկեն, որ իր մազերը խարտյաշ
Ամեն առտու, ճաճանչներու պես, սանտրեց,
Շուշաններու պարտեզեն`
Ուր տատրակներն Անմեղությո՛ւնը կ’երգեն`
Ան վերջապես ա՛լ եկավ:
Ո՛վ վարսագեղ հովվուհիս,
Որ աղբյուրին լույսեն ծըլած խոտին մեջ,
–Գալու համար իմ սիրույս–
Լըքեց անթիվ գառնուկներն իմ մոլորուն.
Եվ զարնելով փարախին դրան քարին վրա
Խորտակեց սրինգը տոսախ
Խենթի մը պես կողկողագին ողբալեն,
Ո՛վ վարսագեղ հովվուհիս:
Երբ նես մըտավ իմ շեմես,
Ձյուն կարապներս օձաճապուկ վիզերնին
Կարկառեցին դեպ անոր,
Դեպ մարմարե իր ոտքերուն համբույրին:
Եվ շունս հըլու, փորին վըրա սողալով,
Եկավ լիզել կրունկներն անոր ադամանդ.
Ժըպիտներով աչքերը լի, վիթի պես,
Ան ներս մըտավ իմ շեմես:
Տնակըս բույրո՜վ լեցվեցավ,
Զի ծոթրիններ ծորեցան
Պատմուճանին քըղանցքեն,
Զի արևով օծված ոսկի մազերեն
Բուրյան մեղրեր ծորեցան.
Եվ բիբերեն` մարգրիտներու պես փաղփուն`
Թափթըփեցան ասուպներ.
Տնակըս լույսո՜վ լեցվեցավ:
Մեզ գըրգարան շինեցի.
Գարնան բոլոր վարդերը գոգ գոգ բերած`
Հարդարեցի մեր անկողինն հիմենի.
Նունուֆարներն` որոնց ծղոտները կակուղ
Հոտող սուրիս ներքև արյուն ծորեցին`
Մեր գըլխուն տակ բարձ եղան.
Ծաղիկներովն հողին և ջինջ ջուրերուն,
Աղվամազով տատրակներու դունչերուն
Մեզ գըրգարան շինեցի:
Վարդերուն վրա փըրփրեցավ
Իր մերկությունն երե՛ք անգամ կաթնային,
Հընդկաստանի յուղերով
Լույսերու պես օծեցի շեկ վարսերն իր.
Եվ ծալերուն մեջ մարմինին` իր բոլոր
Խընկամաններըս քըրմորեն պարպեցի:
Ան, առաջին համբույրիս տակ խըռոված,
Օշնանի պես պըղպըջուն
Վարդերուն վրա փըրփրեցավ:
Ու քընացավ կուրծքիս վրա…
Օ՜, մատերս իմ` որ ժամերով լողացին
Մազերուն մեջ հորդառատ.
Օ՜, բերանն իմ` որ բերնին վրա ըզգըլխիչ`
Խըմեց սափորն իր սըրտին:
Իրար հյուսված, մենք բաղեղներ խանդակաթ.
Ծաղիկներուն միջև հեղ մ’ա՛լ ծաղկեցանք:
Ան քընացավ կուրծքիս վրա…
Կարապներն ա՛լ թուխս նըստան.
Եղեգնուտին մեջ քամին մեղմ նըվագեց
Ծըլարձակման մեծ օրենքները Գարնան.
Նունուֆարի հոտված ծղոտները դարձյալ
Ջուրին մեջեն արձակեցին փթիթներ:
Մերին սըրտերն ունկընդիր
Իրարու մեղմ տըրոփյունին` նընջեցին.
Եվ լիճին խորն, աստղերուն վրա թևամփոփ,
Կարապներն ա՛լ թուխս նըստան:
11. Ո՛Վ ԼԱԼԱԳԵ
Կը հիշե՞ս, ո՛վ Լալագե.
Ես քեզի հետ, ծանր ամիսին հըղությանդ,
Այգիիս մեջ ման եկա
Պըտղաբերձ օր մը աշնան:
Մայրամուտին շողերուն տակ դալկահար
Ծառերն էին ոսկեձույլ:
Եվ ողկույզներն աչքերու պես հըրեղեն
Քաղցրություններ կը ծորեին հողին վրա:
Օ՜, իմ այգիս, օ՜, իմ այգիս կութքի՛ մեջ…
Հարյուրավոր ժիր գերիներըս հըլու`
Երկայնքն ի վեր ցանկերուն`
Կը կըթեին սարբինան.
Եվ կողովներն հյուսված էին հրաշագեղ
Մայրամուտի ոսկեառէջ նշույլներով…
Անապատի անծանոթ երգ մը` շուրթին,
Եթովպուհին խընձորենին կը թոթվեր
Ծիծերն ի վար, գոգին մեջ:
Հոն, տըղաներ խառնածին`
Կանանչացած, լեղակե թուխ ձեռքերով`
Կը ժողվեին ընկույզներ:
Անդին բլուրեն վար, դեպ Քաղաքը, ճռընչուն,
Մեծղի եզներ, որոնց եղջյուրն այգեպանն
Որթատունկի սաղարթներով է պսակեր,
Կը քաշեին սայլերն ամբող բեռնաբարձ
Ողկույզներու դեզերով
Եվ ալիքով գինիի:
Եվ փարչին մեջ, աղբյուրներուն վրա բոլոր
Տերևներ լյո՜ւղ, տերևներ լյո՜ւղ կու գային…
Արդ հիշեցի՞ր դուն այն օրն, ո՛վ Լալագե,
Ակոսներու և կողերուդ ընդմեջեն,
Այն ծանր ամիսն հղությանդ,
Կ’անցներ ալիքն հողին հորդող ույժերուն:
Արեգակի արյունին նուռն էր` ծոցիդ
Մեջ հասունցած: Բուներն ի վար ծառերուն
Կը ծորեին շիթ առ շիթ
Հույզերը` նման արցունքի:
Քու համբուրված մարմինի պես ծանրակիր
Հողն էր թըրջված, էր կպչուն
Քաղցուներով և մեղրով:
Անուշաբույր իր բեռին տակ կը կըքեր
Դեղձենին քե՛զ նըմանակ,
Քու ծիծերուդ նըմանակ
Ողկույզներն այն լեցուն էին` ապագա
Ծիծաղներով, ցընծությունով ու կայթով:
Ու իրիկունն այն` կ’ուռեր կո՜ւրծքը հողին…
Հընձաններուն քովեն անցանք մենք դյութված
Խազմուզին բարկ բուրումեն:
Գերուհիներ, պարեգոտնին հանգրըճած
Մինչև իրենց պորտին տակ,
Կը կոխեին խաղողն ատոք`թըրջելով
Մինչև իրենց պորտին տակն, ո՛վ Լալագե:
Վայրածըփիկ մազերնուն ծայրը համակ
Կը ներկըվեր բոսորագեղ հույզին մեջ
Եվ քովն իրենց` հընաբույր լայն կարասներ
Նվիրագործված ամեն տարի, ծոցիդ պես,
Լեցո՛ւն էին գինիներով – ծոցիդ պես–
Լեցուն շողո՛վ, հաղթանակո՛վ, բերկրանքո՛վ,
Հավերժակա՛ն կյանքերով:
Հետըդ անցանք ծիծաղներու, երգերու
Մեջեն առույգ, զոր աշխատող հոգիներ
Կը պոռթկային տերևներուն ներքևեն.
Ու բուրումներն աշունին
Կը հասնեին մինչև աստղերն արծարծուն.
Ու այգին, լի պըտուղներով բազմազան,
Կարծես կ’այրեր, կը ծավալեր խունկ մ’անույշ
Վա՛րը, մինչև Քաղաքին վրա հեթանոս,
Քաղաքի՛ն վրա որ միշտ, տոնի խրախի մեջ,
Կը սպառեր հողն ու ավիշները հողին:
Այն ատեն (թույլ կու տա՞ս ինձ
Խոստովնիլ, Լալագե՛)
Ես ունեցա ընդվըզումներ արյունի:
Ու ցանկացա արեգակին, հողին պես
Ուռճացընել ինձ մերձեցող ամե՛ն հունտ.
Ու – Թո՛ւյլ տուր ինձ խոստովանիլ, Լալա՜գե–
Երբ դուն անդին` կարկառուն նուռը ծառեն
Կը քաղեիր, ու հետո
Կը խածնեիր լիաբերան հեշտանքով
Անոր բոսոր մարգրիտներուն շարքն անույշ`
Ես ասդին թուխ Եթովպուհին – որ ջլեբաց`
Հընձանին մեջ կը ճըմլեր կուզն –
Համբուրեցի՜… բըռնած հընդիկ ծամերեն
Պառկեցուցի ժըպտագին գլուխը կուրծքիս,
Եվ հեշտաբո՜ւռըն շրթներով, Լալագե՛,
Համբուրեցի՛…
… Բայց դուն ինչո՞ւ կ’արտասվես:
Այն հեռավոր աշունին
Բուրումներուն մատնըչությանը համար,
Ո՛վ աշնագեղ Լալագե,
Արտասվել չա՜րժեր այսօր:
12. «ՕՐՀՆՅԱԼ ԵՍ ԴՈՒ Ի ԿԱՆԱՅՍ…»
Մարիա՛մ, այս անկողնին վրա երբ նըստիս
Ու ես առջևըդ, գորգին վրա ծընրադիր,
Համբուրեմ խաժ երակներն
Այդ ձեռքերուդ` որոնցմե լույս կը ծորի,
Մարիա՛մ, տաք շըրթունքներուս տակ կը զգամ
Էա՛կ մ’որ, լուռ, արյունդ ումպ ումպ կը խըմե,
Այն գիշերեն` երբ մազերդ այդ բարձին վրա
Անփութորեն լեցուցած`
Ծոցդ հաճույքին բացիր, և բուռն հաճույքեն
Քըրտինք մ’առատ քունքերեդ ի վար հոսեցավ,
Եվ կուսությունըդ մեռավ
Արգանդիդ մեջ և աչքերուդ երկնաթույր,
Այն գիշերեն` թարթիչներեն կոպերուդ
Մե՜ղրը ծորեց, դուն եղար
Հեզահամբույր, լըռակյաց,
Ձյունափետուր դուն աղավնյակը եղար`
Որ արևուն տակ կըծկըված` կ’երազե
Բույնին վըրա շինվելիք…
Կը դիտեմ, արդ, քաղցրիկ հյուծումը դեմքիդ
Եվ բաց շապկիդ մեջեն ծիծերդ` որոնց մեջ
Կը բաժնըվի կյանքըդ և դուն
Բաժնըվելով մա՜յր կ’ըլլաս:
Մեն մ զարկին մեջ երակիդ` ես կը զգամ
Տրոփյունը նո՛ւյն իմ սըրտիս
Եվ բողբոջումը արյունիս ծաղիկին`
Որուն բուրումը կ’արբեցնե զիս և քեզ
Եվ սերն է մեր երկուքին:
… Օրհնյա՜լ ըլլաս, Մարիա՛մ,
Դո՛ւն որ անհուն գորովով
Կողերդ ինծի կու տաս, և ոսկրը՛դ ` ուրիշ
Ոսկրի մ’համար կը քամես,
Դո՛ւն` որ կ’ըլլաս ամենեն
Մաքուր ակոսն` ակոսներեն բեղնավոր,
Ու ամենեն չըքնաղ թաղարը` բոլոր
Թաղարներեն շուշանի`
Օրհնյա՜լ ըլլաս հավիտյան:
Դո՛ւն` որ, ըզգոն, կը կըրես
–Խեփորին մեջ ինչպես մարգրիտ մը ազնիվ–
Աստվածատիպ Մարդը խորն այդ արգանդիդ`
Օրհնյա՜լ ըլլաս, Մարիա՛մ…
13. ՀԻՆ ՍԵՐ
Մամ ու ծերուկ, երկու թարշամ հոգիներ,
Եկան նըստիլ շուքին ներքև ծիրանվույն`
Որուն քընքույշ Ծաղիկներն էին զարդարեր
Օր մը գըլուխը հանվույն:
Անոնք սաստիկ կը դողդոջեն` իբր ըլլան
Սիրահարներ հանկարծ իրար հանդիպած.
Բայց քովերնին` ցուպե՛րն իրենց լոկ կը մնան
Խոտին վըրա` գըրկըված:
Չունին այլևս հըրդեհումներն արյունին.
Անոնց հոգին համբույրի երգը չունի.
Ոչ ալ հոգնած կողերնուն մեջ կը ծաղկին
Սերմերը` նման շուշանի:
Պապուն նայվածքն աչվըներուն մեջ մամուն
Կը նվաղի` չըթափանցած դեռ սըրտին.
Եվ կը մըսի գաղջ ճառագայթն արևուն
Անոնց ծոցին մեջ ցըրտին:
Եթե փորձե՛ն իսկ տարփանքի փորձ մ’անմեղ
Գարնան դըրդիչ բուրումներեն սըրարբած`
Կը փըշրի՜ սիրտն` իբրև բաժակ մը բյուրեղ
Հանկարծ կրակին դեմ ճաթած:
Վարդերն անցա՜ն, անցան բոցերն այտերե.
Սերն անոնց կայծ մ’է մոխիրին մեջ թաղված`
Զոր հիշատակն իր շունչով իսկ կը մարե
Վայրկյան մ’հազի՛վ արծարծած:
Ու հիմակ այս գարնանային իրիկունն`
Երբ կը բուրեն կինամոնները բըլրան`
Կ’իյնա անոնց միտքը հին սերն հանկարծույն`
Հին աղոթքի մը նման:
Եվ կը հիշեն, շուքին տակ նույն ծիրանվույն,
Մեռած գըգվանքն, իրենց տարփանքը հեշտին,
Հետո համբույրն ու հետո ճի՛չը մամուն`
Եվ իրարու կը ժպտի՜ն…
14. ՎԵՆԵՏԻԿ
Ծավի՛ Վենետիկ, փառապա՛նծ Տիկին,
Զոր Իտալիան գինով սընույց,
Եվ Արևելքն իր զարդերով անգին,
Պըճնեց վեհ ճակատդ ու ոտքերըդ լույծ:
Ադրիականին բամբիշն ես հավետ,
Զարդարված` ջուրե ժապավեններով,
Լիտոյի արևն, ելլելով ծոցեդ,
Թագ կ’ըլլա գըլխուդ և կ’ընկըղմի ծով:
Կը հեղու երկինքն, իբրև սիրահար,
Աստղե՛ր գըրկիդ մեջ, աստղեր մազերուդ,
Ծովն առջևդ սըփռե՜ր է գորգ ու գոհար.
Զույգ կապույտի մեջ Երա՜զ մ’ես կապույտ:
Կըռթնած` բարձերուն վըրա փըրփուրե`
Որքա՜ն թովիչ ես, երգն ալքերուն լուրթ
Երբ որ կ’ունկընդրես, ո՛վ Քաղաք ջուրե,
Ո՜վ Լափյուրինթոս քայլերու պանդուխտ:
Ունիս ճամբաներ նեղ ու օձհոլով,
Կեսը սալաքար, և կեսը ալիք.
Հոն կըրնանք, ընկերս ու ես, խոսելով
Երթալ, ես` ոտքով, նավակի մեջ` ինք:
Անիվն անոնց մեջ ակոս տողած չէ.
Եվ ոչ ալ պայտն հուր կայծեր սերմանած.
Ձըկնորսին սանդա՛լն հըզոր կը հընչե
Հո՛ն, ուր ճեմեց Տոժն օր մը սիգընթաց:
Անթիվ կըղզիներ, շենքեր վըրանին,
Կոր կամուրջներով են շըղթայարկված:
Կարծես կուզ ուղտերն են կարավանին`
Անապատին մեջ ժայռերու փոխված:
Կը լվա ջուրն հի՛մը տուներուն գեջ`
Փոշի առ փոշի ծեփը լիզելով,
Երկու կըղմինտրի անջրպետին մեջ
Կ’ածե սլականջն ի՛ր ձուերն ալեխռով:
Պատուհաններուն տակ ջրանցներ շափյուղա
Հայլի են կարծես` զոր ծովն է հըղեր,
Ուր աստղերուն մեջ, լուսնին քով, կըրնա
Վենետկուհին իր դեմքը զետեղել:
Որմերուն ըստվերն հևհև կը նազի
Ալիքներուն վրա, ալիքն` որմերու:
Տունը ջուրին մեջ նորեն կը սկըսի,
Միշտ քայքայելով` առանց փըլչելու:
Դըռներուն խոնավ շեմը կոնտոլ մ’է.
Անզույգ Քաղաքին անզո՛ւյգ կարկուրա,
Որ գիշերվան մեջ` ճակտին կը կըրե,
Միակ աչք մ’հրեղեն, փայտե՛ կիկլոպա,
Որ լորտուի պես սև, սողագընաց,
Կամուրջներուն տակ կը սահի կ’անցնի,
Ինչպես զըղջումին տակ մե՛ղքն ամոթխած…
Ա՛յս տարբերությամբ` որ մեղքն աչք չունի:
Ահա Մեծ-Ջըրանցդ, ո՛վ Քաղաք-դըշխոդ,
Որ կոր երիզով քեզ կը պարուրե,
Իբր Ադրիականն իր թևը կապույտ
Վիզըդ անցըներ` որ թուշդ համբուրե:
Սուրբ Մարկո՛սն ահա, թանգարան անհուն
Գեղարվեստներու, բրածո սուրբերու.
Անոր կից պալա՛տն ահա Տոժերուն.
Խորանը գահեմ քայլ մըն է հեռու:
Ահա Փիոմպիններն` որոնց տակ հավետ
Այսօր կը մընչեն տատրակնե՛ր հըլու.
Երնե՜կ քեզ անկմանդ մեջ իսկ, ո՛վ Վենետ,
Բանտերդ են փոխված թըռչնո բույներու:
Եվ ա՛յլ տաճարներ, ա՛յլ ապարանքներ,
Կոթողներ կրոնքիդ, հանճարիդ հըսկա.
Ալիքներ անոնց առջև կ’երգեն դեռ
Փառքդ անցյալ` գըրված ծովերուն վրա:
Ու Հառաչանքի կամուրջն ավասիկ,
Կամուրջն` որուն վրա, իրիկնադեմին,
Երգը լըսեցի ջուրերուն հեզիկ`
Երբ կու գար աչքերս համբուրել քամին:
Կանգնած` արևուն առջև մայրամուտ`
Սերտեցի գույներ, շողեր մեղմընթաց.
Քու եկընքիդ մեջ և քու ջուրերուդ`
Հոգիս նըկարչի վըրձին մ’էր գըտած,
Ո՜րքան ալիքներ, ալիքներ լաժվա՜րդ,
Ալիքներ նարի՜նջ, հակի՜նթ ալիքներ…
Ո՛վ Վենետիկդ իմ, Լըճակըդ զըվարթ
Թիցիանոյի երանգապնակն էր:
Պիտի քընարս իմ քեզ հիշե հավետ,
Քու փառքըդ մուրճի, փառքըդ վըրձինի.
Պիտի հիշե և՛ խուցն այն տըխրավետ
Կանանչ ջրանցին վրա սուրբ Գարմինիի:
Իր պատուհանին ձողերուն առջև
Էր` որ ես լացի, նայելով լուսնին,
Կամքըս բանտարկված: Հոն սիրտս հևիհև
Ըմպեց հեռացող երգը ձըկնորսին:
Դարձյալ անկից է` որ ես առջի հեղ
Տեսա Լինտան, կույսն ատամներով բրինձ,
Որ նըստած իր հոր նավակին մեջտեղ`
Կը հյուսեր ուռկան մ’ու կը ժըպտեր ինձ…
-
6. ՋՈՒՐԻՆ ՎՐԱ
Նըվագե՛ կիթառդ, ո՛վ իմ Մելինա,
Լուսինն է ցաթեր, վերքի պես լանջքիս.
Երգդ, իբրև ըսպունգ, կը ծըծե ահա
Աստղերն երկընքին, արցունքներն աչքիս:
Աշխարհը մոռնա՜նք. ջուրին վրա` լուսնին
Լուսասփյուռ ճամբա՛ն ըլլա մեր ճամբան…
Երբ պըսակեմ գլուխս ողկույզով, Մելի՛ն,
Սըրտիս արյուննե՛ն իսկ գինի կ’ըլլան:
Թող երգդ հըրճըվի՜. Ծովը լուսավետ
Անդունդին աղով կ’օծե գանգուրներդ`
Զոր խառնեց ահա սյուքը` լարերուդ:
Թող երգդ արփենա՜. լեցուցի գինին
Կիթառիդ տոսախ պորտին մեջ հըրուտ…
Աստղի՜կն է նըստեր մեր նավուն քիթին:
7. Ո՜ ՏԱԼԻԹԱ
Կարմրաշառայլ լույսերուն մեջ կը վառի
Կապելադ, ո՛ Տալիթա:
Բե՛ր գարեջուրն, և թող փրփուրն հոսանուտ
Մատերդ ի վար պըղպըջա:
Ի՛նչ փույթ թե ես ազնըվական կը թվիմ,
Ունիմ ձեռքեր քընքշենի.
Եվ ի՛նչ փույթ թե դուն աղջիկ մ’ես ջըլեբաց`
Որ բանվորներ կ’ընդունի:
Կ’ատեմ կիներն` որոնք դիմացն հայլիին
Դիմաներկեր կը շաղվեն.
Կը ծըցընեն Ծերակույտի անդամներ
Տըռփանքներով տարորեն:
Դահլիճներուն փարթամ կիները կ’ատեմ.
Իրենց կավատն է` ոսկին.
Զիրենք սիրողը կը սպառեն, և իրենք
Տան շընիկեն կը սպառին:
Բե՛ր, Տալիթա՜, բե՛ր գարեջուրն, ու նըստե
Ծունկիս վրա` թույլ տալով
Որ աղախնի կարճ քըղանցքեդ երևնան
Բումբերըդ` սև գուլպայով:
Թող ճըրագներդ հյուծին մինչև առավոտ,
Եվ թող շեմին վրա երգե
Գինով աշուղն` հառած բիբերը մեզի,
Բիբերը զուրկ կըրակե:
Թող մազերուդ ոսկի հյուսկերը քակես
Գավաթին մեջ բյուրեղյա,
Եվ ծունկերես վար սըրունքներդ օրորես`
Մինչև որ սերս հասուննա:
Ինծի ի՛նչ փույթ թե շրթունքներդ են խածեր
Նավաստիները կոպիտ,
Եվ հոսեր են քըրտինքն իրենց տըռփանքին
Աչքերուդ մեջ` ու ծոցիդ:
Այսօ կ’ուզեմ կուրծքիդ վըրա գինովնալ
Ինչպես զինվոր մը արբուն.
Կ’ուզեմ պարպել գավաթդ, և դուն ալ պարպես
Սիրտըս` նուռի պես հասուն:
Այսօր կ’ուզեմ դահլիճին մեջ ծաղըրված
Սերըս առջևըդ պղծել,
Խաբված հոգիս բերել ռամիկ աղջըկան
Գարեջուրով մը ծախել:
8. ԱԴՈՆԻՍԻ ՄԸ
Արշալույսին դեմ խեփոր մը բացիր`
Զոր ծովն ոտքիդ տակ նետեց վիհերեն:
Արշալույսին դեմ խեփոր մը բացիր,
Կը փայլեր իր մեջ մարգրիտ մ’հոյաշեն:
Կը փայլեր իր մեջ մարգրիտ մ’հոյաշեն`
Զոր ճակտիդ վրա դըրիր ներդաշնակ:
Կը փայլեր իր մեջ մարգրիտ մ’հոյաշեն
Վայրի կատուի մ’աչքին հանգունակ:
Վայրի կատուի մ’աչքին հանգունակ`
Մարգրիտն ուղիիդ լույս տըվավ գիշերն:
Վայրի կատուի մ’աչքին հանգունակ
Թովեց Աստղիկին բոլոր տատրակներն:
9. ԱՐԵՎԵԼՅԱՆ ԲԱՂԱՆԻՔ
Մորճագըմբեթ բաղանիքին ներքնադուռն հո՜ւյլ կը բացվի,
Եբենոս դո՛ւռն հաստաբեստ` որ կը ծեծվի միշտ թակով,
Եվ անընդհատ կը քըրտնի, կը ճըռընչե ուժասպառ
Հուրիներուն ետևեն` որոնք դանդա՜ղ կը մըտնեն:
Բոլոր մե՛րկ են ու չըքնա՛ղ, – թևերն իրենց ծալլեր են
Լանջքերուն վրա հոյաշեն` որոնց վրա կըդիզվին
Կույտերն րենց ծիծերուն, պըտուկներով թըխագեղ:
Սատափազօծ սանդալներն հատակին վրա կը հընչեն.
Սրտերուն հևքն աղվական, ձայներն իրենց քաղցրանույշ
Բաղնիքեն ներս կը փոխվին անդընդասույզ ղողանջի.
Աստղերուն պես` լողացող մառախուղին մեջ աղոտ`
Իրենց աչքերը խոնավ նըշողյուններ կ’արձակեն,
Եվ գոլորշին, իր տամուկ շըղարշներով, կը պատե
Մարմինն իրենց` որ պըտղիլ կը սկըսի ա՛լ քրտինքով:
Հուրիները կը լոգնա՜ն. Պորտաքարին կիզանուտ
Ոմանք պառկած նըվաղկոտ նայվածքներով կ’երազեն:
Լուսացընցուղ գըմբեթեն` արևուն շողը ճերմակ
Ներս կը մաղվի` մարգարտյա հորդ անձրևի մը նըման.
Եվ ծփանուտ գոլորշին կը դառնա ծով մ’արծաթյա,
Ուր լյուղ կու գան կարապներն Արևելքի Հեշտանքին
Ըսպածանին` որ կըպած է զիստերնուն լոռի պես,
Ա՛լ կը նետվի. մարմինները կը փոխվին արձանի.
Եվ մազերնին, հյուս առ հյուս, ծովերու պես կը քակեն,
Ուրկե երբե՛մն կ’իյնան գոհարներու հատիկներ,
Օ՜, ծամե՜րն այդ, ծամե՜րն այդ, որոնցմով ա՛լ կը ծփա
Կարծես բաղնիքը ամբողջ. և պորտաքարը մարմար
Կը թըխանա անոնց հորդ սևափըրփուր ալիքով:
Գըլուխն իրենց կը սանտրեն ոսկեդրվագ սանտրերով
Երկա՜ր, երկա՜ր, մինչև ծայրն անծայրածիր մազերուն
Կ’երթան իրենց մատվըները ծեքծեքուն ու դանդաղ
Միշտ լողալով կայծերուն մեջ մատնիի ադամանդ:
Անոնք երբեմըն կը զգան նըվաղումներ, ու երբեմն
Հանկարծակի կը սարսռան` երբ գմբեթեն կը կաթի
Ցուրտ ցող մ’իրենց ծոծրակին հեշտագրգիռ փոսին մեջ:
Ահա հարյուր ծորակնե՜րն, ահա մարմար ծորակնե՜րն
Իրար ետև կը բացվին` աղմըկահույզ կարկաջով.
Մոխիրի պես գորշ շոգին կը բարձրանա ծուփ առ ծուփ,
Դատարկ գուռերը բոլոր կենդանություն կը ստանան.
Ջուրը կ’հորդի ամեն կողմ, ջուրը կ’երգե քաղցրահունչ.
Հուրիները կը լոգնա՜ն. Գուռերուն շուրջ հավաքված
Գանո՛վայի Շընորհներ, կարծես իրար կը փարին,
Եվ կը խառնեն ծիծերնին, կը խառնեն ժիր թևերնին
Եվ սըրունքնին պաղպաջուն, և պորտերնին կոշարա`
Ուրկե մուշկի հատիկներ, տարրալուծված, կը բուրեն:
Մարմարներուն վրա նստած զիստերն իրենց կ’ընդլայնին`
Ու կը խըմեն հեշտությունն իրենց տակեն սահող ջրին:
Ոսկի թասերը ահա քարերուն վրա կը հընչեն,
Տոսա՜խ թասերն, որոնք մերթ սիրտերու պես կը ճաթին`
Այդ անպատում մերկությանց ծառայելու ժամանակ:
Կը քըրքըրի կավն ահա, ծոթրինաբույր կավը զով,
Ծաղկահյութով զանգըված` զոր մեր նախնիք կ’ուտեին:
Մազերն անով կը ծեփվին, ու կը դառնան ապըրշում:
Լանջերն անով կ’օծանվին, ու կ’ըլլան նման փրփուրի.
Անոր խյուսովը պաղուկ, և լըպըրծուն շաղախով
Կը զովանան հուրիներն, որովայննին կը հըղկեն
Գետի խիճին պես ողորկ ու թավշորեն օծանուտ:
Կ’եռան ջուրերը, կը լվան Կըրակներն այդ պաշտելի.
Կը փըրփըրին օճառներն` Մաքրություններն անգամ մ’ալ
Իրենց մածան լույսերուն մեջ մաքրելու ի խընդիր,
Ջուրն, որ ամեն կողմանե, պորտաքարին շուրջն ի վար,
Կ’հոսի կ’երթա` կոյուղին իսկ բուրումով լեցնելու,
Գո՜րշ է կավով ու կիրով, լեղի կիրով հերաթափ,
Եվ իր ուղխին հետ մեկտեղ մերթ կը գըլե կը տանի
Թըխակուտակ թընճուկներ, անութներու գանգուրներ,
Եվ խըռիվներն աղվամազ այդ կիպերյան լուսեղեն
Արձաններուն կենեղուտ` որոնք այլևս ուժաթափ
Կը լեցընեն հուսկ թասերն, թասերը հուսկ կը պարպես.
Գուռերն հե՛ղ մ’ալ կը հորդին, բաղնիքն հեղ մ’ալ կ’աղմկի
Ջուրն եռեփուն կը վազե, հե՛ղ մ’ալ կ’լողնան հուրիներն:
Կը բըռնըկի մորթերնին վարդի մը պես բոցավառ.
Եվ նըվաղուն բիբերով, թասերն` իրենց գըլուխին,
Կուրծքերնուն վրա միշտ գրկած դեզերն րենց ծիծերուն`
Այլևըս դուրս կը փութան, շարան շարան, հևասպառ,
Անգայտացած շոգիով, կակաչներու պես բոսոր…
Օ՜, գանգուրներն հորդառատ` իրենց կուրծքին վրա մերկ,
Օ՜, գանգուրները խըխում, կաթիլնեով ծանրացած,
Որոնք բոբիկ ոտքերնուն` սատափ ցողեր կը ծորեն…
Ինչպես պատմել ձեր օծումն, ի՜նչպես պատմել ձեր զարդերն`
Երբ մարմիննիդ կը սըրբեք, և կուռքի պես կը հագվիք…
Թող համբուրեմ մատերնիդ` զոր դուք այսօր կը թաթխեք
Հինաներու գուշին խորն` իբր արյունոտ սըրտի մեջ,
Թող համբուրեմ մազերնիդ` կընդրուկներով օծանուտ`
Որոնք, գիշերը, լուսնին տակ, կը բուրեն բարձին վրա,
Եվ հոնքերնիդ ծարուրված, ամպանըման թարթիչնիդ,
Եվ լա՜նջքը ձեր` որ փաղփուն մանյակներով ոսկեշար
Ամուսնական անկողնին նըշողուն ջա՛հը կ’ըլլա.
Թող համբուրեմ պորտը ձեր` ուր ծըրարած կը ծածկեք
Թե՛ Արաբիո հաշիշներն և թե՛ մուշկերն Ափրիկյան:
Ձեր տուներն այժը՛մ կ’երթաք գահարներով բեռնավոր…
Թող սալարկները Քաղքին ձեր քայլերեն թարմանան…
Ցուրտը խածնե թուշերնիդ, ու այտերնիդ բոսորե:
Վարշամակեն ձեր տամուկ, քըղանցքներեն ծըփծըփուն
Արտաբուրե՛ և հորդի՛ լոգանքին հոտը ծոթրին.
Եվ լեցընե գըռեհներն, հըրապարա՜կն և ուղի՜ն.
Ավելցած մասն այն հացին` զոր դուք բաղնիք կը տանիք,
Զոր թասին մեջ կը դընեք և կը ծածկեք ղենջակով,
Թող արձակե՛ բուրումն իր`տարաշխարհիկ համեմով,
Զի այն ատեն փողոցներն Արևելյան Քաղաքին
Պիտի ըզգան թե Մայիսն հետքերնուդ վրա կը ծաղկի,
Եվ թարմացած մայթերեն Գարո՜ւն, Գարո՜ւնը կ’անցնի:
-
ՀԵԹԱՆՈՍ ԵՐԳԵՐ
Ես կերգեմ Գինին
–Բագիններուն ծիծաղը և
խորաններուն արյունը:
Դարերու կյանքը կերգեմ,
հանուն հաճույքի և
տառապանքի գեղեցկության:
Փառք Սաբինային. Բագոս կը պսակվի:
1. ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԻՆ
Կ’ուզեմ ըլլա քու մարմարիո՛նըդ պեղված
Ոլիմպոսի ամենեն խոր արգանդեն.
Եվ իմ մուրճիս տակ ըզգենու հըրեղեն
Միս մը կընոջ, լույսով, տենդով սըրարբած:
Աչքերդ ըլլան վիհեր` ուր մարդ երբ սուզի`
Հավերժին մեջ անմահացած ըզգա զինք.
Գիծերդ անե՛ղծ ըլլան, ըլլան քու ըստինք
Դաշնակություն մ’ուր կենսահյութը հուզի.
Մերկ ըլլաս դուն բանաստեղծի մ’հոգվույն պես,
Եվ հեթանոս այդ մերկությանըդ ներքև
Տառապի՛ մարդն ու չըկրնա դըպչիլ քեզ:
Թե հարկ ըլլա զոհ մը ընել քեզ պարգև,
Բագինիդ ե՛ս պիտի ուզեմ մորթըվիլ`
Որպեսզի կուճդ ըմպե արյանս հուսկ կաթիլ:
2. ՎԱՆԱՏՈՒՐ
… Ամենաբեր նորոց պտղոց տօնից
հյուրընկալ դիցն Վանատրի.
ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ
Նըստած պարարտ եզիդ վրա, ո՛ Վանատուր,
Մեկ ծագեն մյուսը կանցնիս
Հայրենական դաշտերուն:
Մեռա՜ն բոլոր մեծ աստվածները, իրենց
Բագիններուն վըրա մամուռը կ’աճի:
Անմահ եղար դո՛ւն միայն
Նըման հողին և կըրակին, ու նըման
Օվկիանոսի աղերուն:
Ուսերուդ հիր պատմուճանեն դեռ կու գա
Գինիի հոտն Ամանորի տոներուն:
Հակառակ այնքա՜ն դարերու ավերին`
Բիբերըդ դեռ զըվարթություն կը բըղխեն.
Ու կենեղուտ դեմքիդ վրա
Արբեցողի կարմիր ծիծաղն է ծեփված:
Ու երբ պարարտ եզիդ վըրա կ’այցելես,
Ծաղկամիսեն Միգաբեր,
Անեզրությունն հայրենական դաշտերուն`
Կ’հոսի ալի՛քը կյանքին
Ակոսներեն հայրենակա՜ն դաշտերուն:
Ահա գարունն ու զարթումներն իր առույգ.
Հիրիկներո՜վ պըսակվե, ո՛ Վանատուր,
Ճամբուդ վրա ճառագայթներ կը հոսին
Երակներո՛ւդ պես զեղուն.
Եվ կը թաղվին կանանչին մեջ ցողաթուրմ
Բոլոր քարերն ըսպիտակ:
Կըտուրներեն գեղջկական
Կը բարձրանա ծուխը, խունկի պես խաղաղ:
Թող ես վարդով և ուլունքով գեղաշար
Քառամանյաըս կախեմ
Պարանոցեն քու եզիդ,
Հըլու եզիդ` որ դարձած`
Մերթ կը լիզե բոպիկ ոտքերդ Աստվածի:
Օ՜, իր պոչյուը գերազոր, որ ահա
Քարանձավե քարանձավ
Կ’արթընցընե թըմրած օձերն ու արջերն,
Ու խաղաղ կյանքն արևուն տակ կը պոռթկա:
Ատղերը մեղը՛ր կը ծորեն երկընքեն
Նայադներու սափորներուն մեջ մարամար
Արշալուսված աղբյուրներուն եզերքին
Աղավնիներ կը լոգնան
Իրենց կտուցեն մարգարիտներ սըրսկելով:
Ծիծաղե՛, ո՛ Վանատուր,
Քու հեթանոս ծիծաղներովըդ վըճիտ,
Զի բընությունն արթընցա՛վ իր քողերեն.
Զի Բերկրությունն, արգասավոր և անհուն,
Օդին մեջեն կ’անցնի կ’երթա, նըման
Մեծ կարապի մը վայրի,
Քու հաղթանա՜կըդ կ’երգե:
Ահա ամառն ու իր անդերը խարտյաշ.
Որաներո՜վ պըսակվե, ո՛ Վանատուր:
Պըճեղներուն տակ եզիդ
Մատղաշ ցորյանն անտառացավ. այժըմ իր
Ծովերուն մեջ` ոսկյա լոգանքըդ ըրե՛:
Թուփերուն տակ ծաղկահեղց
Բույներն են լի՛ օրհնությամբ,
Եվ արտույտին երգն արևե՛ն մեզ կու գա:
Քու արգավանդ անույշ շունչդ է` որ կ’անցնի
Դալարավետ բըլուրներուն կողն ի վար:
Երդիքին վրա քընացող
Գեղջուկին աչքն ա՛լ կը բանա` Արշալույսն,
Եվ կը փակե` Լուսնկան:
Հյուղերն են լի համեմներու բույրերով,
Ավերակներն իսկ մոխրապատ` են զեղուն
Եղիճներու, մոլոշներու հունձքերով:
Ուռենիին տակ, Վանատո՛ւր, կը զոհեմ
Նոխազը, քեզ նըվիրված,
Քամակին վրա` ակոսի պես կը ճեղքվին.
Նոխա՛զն որ միշտ կը կըրծեր
Սուրբ շերտափակն այգիիդ:
Արյո՛ւն խըմե ու մի՛ս կեր, ո՛ Վանատուր,
Քու հինօրյա խըրախներովդ հեթանոս,
Զի հասկաթուռ ցորյանին մեջ փայլակող
Գերանդիներ քե՛զ կ’երգեն:
Ահա աշունն ու արյուններն իր հուռթի.
Որթատունկո՜վ պըսակվե, ո՛ Վանատուր:
Նիզակըդ ա՛ռ, որուն վըրա ոլորուն
Բարունակներ կը ծաղկին.
Թող ես եզիդ եղջյուներն
Ողկույզներո՛վ զարդարեմ:
Մըրգածառերն, հըղի կընոջ մը նըման,
Կ’հևան իրենց բեռին տակ.
Բուներն համակ կըպչուն են քա՛ղցըր հույզով.
Կորիզն ամեն պըտուղի
Քու սերմովդ է պընդացած.
Եվ քու եզիդ շողիքով
Օծված է հողը բեղուն:
Ամբարներն ողջ` խաղաղւթյամբ կը լեցվին,
Եվ կարասներ` ցընծությամբ…
Թող, թեղերուն մեջ, ուտե եզըդ գարի՛ն
Աստղերու պես: Իսկ դուն, Աստվածըդ զըվարթ,
Աստվածըդ գեր, վարդերես,
Ա՛ռ դաշխուրանդ, ըմպե՛ այրունը աշնան:
Աղբյուրին քով ես քեզի
Մատըռվակեմ թող գինի՜,
Մատըռվակեմ թող բոցե՜ր,
Ծիծաղե՛, ո՛ Վանատուր,
Ո՛ Վանատուր, կաքավե՛.
Զի այգիեն տերևաթափ` կ’երևան
Հավերժհարսերն, երկայնքն ի վեր ցանկերուն,
Եվ աղջիկներ, նուռ լեցուցած գոգերնին,
Դեպի մեհանըդ կ’երթան.
Զի դու անմահ ես` դիքերեն վերջ մեռած`
Օվկիաններու աղին պես,
Զի տաղտկալի ձըմրան մեջ,
Հայրենական օճախներուն քով խաղաղ,
Ամեն կիթառ քե՛զ կ’երգե:
3. ԵՐԵՔ ՔՈՒՅՐԵՐ
Անոնք երեք քույրեր էին
Նըման երեք Շընորհներուն.
Երեքն երեք ուխտեր ըրին
Առջևն երեք բագիններուն:
Երեցն ըսավ. – «Դի՛ք կայծակի,
Քե՛զ կը ձոնեմ մազերս ոսկի»:
Միջնեկն ըսավ. – «Ըզգա՛ստ Հիմեն,
Քեզ կ’ընծայեմ մատնիս հրեղեն»:
Կըրտսերն ըսավ. – «Վավա՛շ Աստղիկ,
Ա՛ռ իմ կույսի գոտիս ծաղիկ»:
Ո՛վ որ մազերն ձոնեց Զևսի`
Յոթը ազգի յոթ խույր կապեց
Գահին վըրա Արտաշեսի:
Ո՛վ որ մատնին տվավ Հիմենին`
Յոթը չըքնաղ հերոս ծընավ
Գերահըզոր Հայաստանին:
Ո՛վ կույս գոտին մեջքեն ձըգեց`
Ան` տառապյալ քույրը եղավ,
Եվ բոզնոցին մեջ նուռ ծախեց:
4. ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ
Ապարանքին մեջ մարամար կախարդական Երազին,
Ու աստղակուռ ջահեր լույս անձրևելով կը վառին,
Ես Արքա մ’եմ այս գիշեր Արևելքի ճոխությանց,
Եվ ունիմ գահ ու գանձեր, ճերմակ կիներ հերապանծ:
Բազմոցիս վրա` զարդարված հովազներու մորթերով`
Գըլուխս հեցած դաստակիս, և հեշտության մեջ գինով,
Ընկողմանիկ կը դիտեմ Չերքեզուհի մը անձնյա`
Որ կը պարե իմ առջև, մարգարտահեռ գորգին վրա:
Իր հոտևան մազերեն և մարմինեն ծալ ի ծալ
Կը հոսի ծով մ’հեշտության` ուր կը սիրեմ ես լողալ:
Ըզգեցեր եմ փառահեղ պատմուճաններս ըսպիտակ
Բանված հազար աստղերու արցունքներովը սուտակ.
Շուրջը գլուխիս փաթթեր եմ ապարոշս իմ ձյունափայլ`
Ծանըր` նըման իմ փառքիս, հանճարիս պես` բյուրածալ:
Մատնիներով ադամանդ ծանրաբեռնված ձեռքիս մեջ
Համրիչըս հի՛ռ կը գըլեմ մեծ սաթերով փողփողէջ:
Ինկեր եմ վար ոտքերես անխնամ գորգին վրա քըրքում
Հողաթափերս ոսկեհյուս և թաշկինաս ապըրշում:
Իսկ զետեղված է իմ քով, կենսաժըպիտ, փըրփրադեզ,
Հըսկա բաժակըս գինվո` որ հըրաշքով մը կարծես
Դեռ նոր հոսված արյան պես կը պըճըլտա իմ առջև:
Սակայն բիբերըս ծարավ գույն ու մարմնո գեղաձև`
Մագարեի մ’աղոթող բիբերուն պես տեսլացած`
Անհունորեն սուզեր են հորձանքին մեջ ճախրասլաց
Այն թըխաչվի աղջըկան, Չերքեզուհվույն համպարե`
Որ իմ առջև կը պարե՜, միշտ կը պարե՜, կը պարե՜…
Իր շարժումն հո՛ւյլ է երբեմն, ու իր հասակն է նըման
Հողմնասարսուռ եղեգին, բույր ու փըրփուր, երգ համայն.
Իսկ երբեմն այնքա՛ն զորեղ թափ մը կու տա ոտքերուն`
Որ խարույկված բոց կ’ըլլա` քամիներն ծըփծըփուն:
Օ՜, ան միսին ձևերուն և ծալքերուն հանճա՜րն է.
Գիտե հեղուլ հորդառատ նայվածքներե, մարմինե
Բոլոր հրապույրը կընոջ և տըռիփները հեշտին`
Որոնք նըման ծովերու առջևս անզուսպ կը փըրփրին:
Ու կը պարե՜, կը պարե՜, հորձանապտույտ կը պարե՜…
Քըրտինքներով կը պըտղի ճակատն հըստակ փայլարե:
Վեհ հասակն իր կախարդի` մազերուն տակ ծածկըված`
Ուռենիին խռովքն ունի` լըճակին վրա ցոլացած:
Մերթ դեպ ետև կը թեքի, մերթ ալ դեպի ընդառաջ.
Հազիվ եղած շամբ ճըկուն, կ’ըլլա բարտի մ’աննըվաճ.
Եվ մերթ ցընցուն ոստումով` կարծես իրանն հրաշագեղ
Հանկարծակի կը փըշրե փոշիաբար զերդ բյուրեղ.
Ու հազիվ հազ դաշնակում մ’իր մարմինեն եղծանած`
Նոր թեքումով կ’հորինե նո՛ր դաշնակում մը հանկարծ:
Մարգարտահեռ մուճակներն, ուր ոտքերն իր ձուլվեր են,
Կարծես հազիվ կը հըպին գորգին վըրա նըկարեն.
Ու իր հատուկ ճախրանքեն կ’առնու հով մ’ա՛յնքան ծավալ,
Որ կը մարե երբեմն հա՛պ, ու կ’արծարծե երբեմն ալ
Իր ականջին օղերուն փայլատակները լազվարթ
Ու իր բոլոր քայռերուն ճառագայթները զըվարթ:
Ու կը պարե՜, կը պարե՜, կատաղորեն կը պարե՜,
Միշտ հըպատակ ցոփ կամքիս` որ զինք ընդմիշտ կը վարե:
Գլուխեն վե՛ր կը նետե նուրբ պատմուճանն հապըշտապ.
Կը մերկացվին ըստինքներն ու պարանոցը կարապ,
Ու որովայնը բարի` իր սև պորտով կընքըված,
Եվ հույր բումբերը, բոլո՛ր մյուս մասերն առեղծված
Համակ խորհուրդը միսին ու իր անճառ ձևերուն`
Ուր դըրեր է իր վերջին հանճարը միտքն Աստըծուն:
Երբ կը տեսնե իր աչքով մերկությունն իր բյուրեղյա`
Հրապույրներու այդ բոլոր շռայլման վըրա կ’ամչընա.
Այն ատեն ցունց մը կու տա փորթորկալից մազերուն`
Որոնց քամին թափընդթափ կ’երթա մաել սըրսըփուն
Ադամանդե ջահերն այն մարմարակերտ պալատին,
Մարմարակերտ պալատին ձեղնալույսերը ռետին:
Ո՜վ մերկություն հրաշագեղ, Հավերժահա՜րս ամոթլյած`
Որ խորհուրդի մը նըման մըթության մեջ ես ղողված…
Այն ժամանակ կ’ոստնում վեր կիրքերուս մեջ ծարավի`
Թողլով որ ձյուն ապարոշս իյնա ոտքիս տակ լուծվի:
Մըթարին մեջ առխարխափ Չերքեզուհին կը գտնեմ`
Առաջնորդված իր կուրծքին հևքերեն բուռն ու վըսեմ,
Եվ քըրտնաթոր դաստակեն պինդ բըռնելով` մեկուսի
Կը պառկեցնեմ բազմոցիս մորթերուն վրա հովազի:
Օ՜, մագնիսով և լույսով թըրծունմարմինն աղարծրի`
Որ թևերուս մեջ կաթի արյունի պես կը փըրփրի.
Օ՜, իր մազերն հոդածուփ` որոնց մեջ ես կը լողամ
Խորը անոնց խեղդվելու վըտանգներով հարաժամ,
Օ՜, ջերմությունը սատափ բազուկներուն տարփակեզ`
Որոնցմով վիզըս զորեղ կը պարուրե օձի պես:
Հուսկ իրարու կ’միանանք մենք համբույրով մը հըզոր…
Երբ կը ծըծեմ բերնիս մեջ առած շըրթներն իր բոսոր,
Երբ ժամերով կը քամեմ բյուր երակներն, հուլորեն,
Օ՜հ, այն ատեն ճաշակած կ’ըլլամ կարծես համորեն
Հին դարերուն հեթանոս դահամունքներն հազածո,
Հընդկաստանի համեմնե՜րն, համյն խունկե՜րն Արաբիո:
5. ԿՂԵՈՊԱՏՐԱ
Կյուդնոսին վրա քարավազ
Հընչեց տավիղ, հընչեց վին..
Եթովպիացի մ’ոպնիազ
Կ’երգե` քիթին վրա կուրին.
–« Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ.
Արծաթ ցռուկիդ ես գերի.
Մեջըդ սիրտ մը բոցանուտ
Դափնեվարդի պես կ’այրի:
Դըշխո՛, նավակըդ բուրյան
Ունի սատափ թևճակներ`
Որոնց ծայրեն կը տեղան
Ադամանդյա կայլակներ:
Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ
Ահա Տարսոնը գինով:
Կ’ուզե Իտալը անգութ
Շըղթայվիլ մեղկ թևերով:
Բաբի՛շ, դեմքեդ կը ցոլան
Բոցեր` գետի երեսին.
Լուսինն այսպես կու գա ման
Ջուրերուն վրա Նեղոսին:
Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ
Ծաղկածիծաղ ափն ի վեր.
Նուռ մ’ավասիկ կարմրակուտ
Այգիեն մեջդ է ինկեր:
Դըշխո՛, վըրադ պարզեր են
Ամպհովանի մ’ոսկեթույր,
Առջևըդ խունկ կը ծըխեն
Յոթը նաժիշտ, յոթը քույր:
Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ
Եվ օրորե թագուհին…
Մեր տակ կ’երգե ջուրն ընդփույթ
Պատմելով թովքն անդունդին:
Բամբի՛շ, ծոցիդ բուրումեն
Վիհին օձերն արթընցան.
Շուրջըդ ահա կ’արտասվեն
Մարգարիտներ մոգական:
Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ
Տարսոնն հեռուն կ’երևա.
Ջահեր կ’այրին բոցանուտ
Նիզակներուն ծայրին վրա:
Դըշխո՛, կողեն նավակին
Ներս քաշե ձեռքըդ քընքույշ.
Մատնիդ կ’իյնա խորն ալքին.
Կ’ընկըղմվի կույսըդ, ըզգո՛ւյշ:
Սահե՛, ո՛վ նավ, վիհին վրան
Բաբելոնյան կա՛խ պարտեզ`
Ուր Շամիրամն է` շուշան,
Կղեոպատրան` վարդ մ’է վես:
Բամբի՛շ, գոհարը թագիդ
Եղավ Քաղքին ա՛լ փարոս:
Աչքը քեզի անքըթիթ
Հոն կը սպասե Անտոնեոս:
Սահե՛, ո՛վ նավ, շո՛ւտ սահե,
Քանի որ մեջդ է Իսիս`
Ցըռուկդ աշխարհ կը ջահե`
Քանի որ մեջդ է մայիս:
Դըշխո՛, երկիր պագին ա՛լ
Լեգեոններն Հըռովմի:
Ըզքեզ դատող սալարն ալ
Հմայքեդ դողալ կը թվի:
Կեցի՛ր, ո՛վ նավ, շո՛ւտ կեցիր.
Ափը կ’ելլե թագուհին,
Երգս ալ կ’ըլլա ցանուցիր.
Պետք է փոխեմ լարերս հին»:
Գուսանն ա՛լ վինը չածեց.
Իսկ համբույրով մ’այն գիշեր
Կին մ’Իտալիան նըվաճեց,
Մարդ մը Բուրգերն հաղթաժեռ:
-
ՍԻՐԵՐԳ
Ճառագայթի պես ոսկեվարս ու նրբին,
Երբոր ճամբեն կ’անցնի հըպարտ, լուսարագ,
Բան մը սրտես կ’ըլլա բոցին պատարագ
Իր աչքերուն` ուր կը մոռնամ ես արփին:
Երազային, ծաղիկի պես նրբավոր,
Երբ կը ժպտի պատուհանին ետևեն,
Թռիչներ հոգվույս մեջ լուսաբաղձ` կը թևեն
Խոլ անուրջով կապույտներու հեռավոր:
Ու երբ կ’երգե ջութակին հետ սարսըռուն
Մեղմածավալ հեշտերգն իրեն ցայգային,
Կարծես աչքերն իր լուսափաղփ կը նային
Տենդոտ պահին` մեջ իմ հոգվույս ալքերուն:
ՈՒՌԻՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ…
Ա
Ուռինե՜ր, լացե՜ք, լացե՜ք անդադրում,
Արտասուքնիդ շիթ շիթ հոգիս կ’արծաթե.
Ես կը փարիմ մենիկ պահին այս տրտում`
Ուր ձեր հեղուկ նըվագն հուշիկ կը կաթե:
Ծաղիկներուն գոտին դեղին, լայնարձակ
Արոտներու զյումրյութ իրանն երբ գրկե,
Ու միջօրի արևն ալ` խուրձ ու տրցակ
Շողերն իր` բիլ ժապավենով կը պրկե:
Կուգան կույսերն իմ անուրջիս, հերաձակ,
Մանիշակե բըլուրներեն ու դաշտեն,
Ես կ’ունկնդրեմ հապըշտապ ու համարձակ
Քայլերուն` որ լուռն ուժգնորեն կը շեշտեն:
Ու կը պարե՜ն, իրենց նազանքն հարսենի
Ու նայվածքին քողքած կազի մըշուշով,
Իրենց վարքին հետ կը խաղա սյուք մը զով
Եվ այտերնին կակաջի պես կը շիկնի:
Իրենց մարմինն` ակնվանի թափանցիկ,
Իրենց հոգին` համբույր համակ ու շուշան,
Իրենց սիրտը` հուր շրջմոլիկ ու բաղձիկ,
Իրենց ծիծաղն` արշալույս մը ջինջ գարնան:
Բ
Ուռինե՜ր, արտասվեցե՜ք տրտմագին
Գորովակաթ արցունքը ձեր արծաթե.
Քաղցր է ինծի զեղումն այդ ձեր թախծանքին`
Որ տրտմանույշ կայլակներով կը կաթե:
Տիվանդորին համբուն` ժամերն են ոսկի,
Ձեր սաղարթին գորշ ու տարփոտ շուքին տակ`
Ուր բուրմունքը կու գա ծաղիկ ու հասկի
Եվ կը հնչե հուշքերուս ծափը խայտակ:
Ուր մերթ ձայնն ալ թմբկիկներուն հեռավոր,
Ու ծիծաղը բաբիռներուն արծաթի,
Ու գնչուհի երգիչներու տարփավոր
Սիրերգներու արձագանքն ալ կը ցաթի:
Ու երբ դարձյալ հովիկն համակ ընդգրկե
Անդաստանին վայրի Լուռը թևավոր,
Ու երբ ծառուտքն ալ արբեցած խոնջենքե
Անշարժանա իր խոկին մեջ մենավոր:
Արագիլ մը կ’անցնի հանկարծ անվրդով,
Ցուցադրելով կարմիրն իրեն կտուցին
Ու կը տաքնա մեջն արևին հուր ցանցին,
Ու կը ցանե հոս հոն կափկափն իր թոթով:
Գ
Ուռինե՜ր, շիթ շիթ արցունք ցողեցեք,
Մինչ բուրմունքնիդ իմ հոգվույս մեջ կ’ամպանա,
Եվ այս չքնաղ անդորրության հեց` թող հեք
Երազանքըս պահիկ մը գեթ հեշտանա,
Եվ երբ իջնե լեռնեն հովիկն իրիկվան,
Ու սրսըփա թախծոտ օրհներգը սոսին.
Երբոր ցայտքերն ավազանին մեջ հոսին
Ու ձեր շուքին տակ թռչնիկներ թռվըռան.
Ու երբ արևն ալ քրքմնաներկ վրձինով
Ոսկեզօծե սըգատամուկ ձեր հոգին,
Երբ համբույրի պես փաթթըվի ձեր շոգին
Անոր ցոլքին` եղկ, տարփագին ու գինով.
Միշտ, համրագին կաթկըթեցեք դուք նորեն
Արծաթելու համար խորհուրդն անպարփակ
Որ շուքե շուք կը թռչըտի լայնորեն
Ընդգրկելով ամեն դալար շրջափակ:
Ու երբ ցայգն ալ ծառաստանին մեջ սահի
Սև մագիլով ձեր ջինջ հոգին ճանկելու,
Լացե՜ք նորեն, դուք համակերպ ու հըլու
Դողդըղագին ձեր տագնապին մեջ ահի:
ՑԱՅԳՆ Է ՊԱՅԾԱՌ
Ցայգն է պայծառ անհունորեն
Ցոլցըլանքովն իր խոլապար.
Օդանույշներ` որ մեղմաբար
Քնքշանքով զիս կը պարուրեն:
Բուստ համբույրով` որուն կարմիր
Կարոտովն իմ հոգիս կուլար,
Ինչպես փանդիռ մը մեղմալար`
Պոնդերու տակ մեղկ ու ցանցիր:
Պարզկա ցայգուն անուրջին մեջ
Լըվալ կ’ուզեմ հիմակ հոգիս,
Եվ հըրահրել երբեմնի շեջ
Աշտանակներն իմ երազիս:
Մըտածումըս կ’անցնի նորեն
Շավիղներեն իր լուսավետ,
Հեշտություններ հոգվույս հավետ
Բերելով իր ճամբաներեն:
Գինո՜վ եմ ես ծաղկանց բույրեն,
Տարաշխարհիկ ու գըրավիչ,
Ու ձայներն ալ` որ քիչ քիչ
Իմ երազներըս կ’օրորեն:
Եվ անծանոթ աշխարհներուն`
Անեզրին մեջ խորհրդազեղ`
Կ’անդրադառնա մեջն իմ հոգուն
Կրկներևույթը գունագեղ:
Պիտի ըզգա՜մ ես տևաբար
Բուրումն անոնց ծաղիկներուն,
Որոնք հեշտին կը դառնան պար`
Լուսացնցուղ ցողով լեցուն:
Պիտի ծըծե՜մ ես անդադար
Հոծ երազանքն անոնց բալին,
Ու շողերն` որ կը փալփըլին`
Ոսկեպաղպաջ` ինչպես նեկտար:
Պիտի անցնի՜մ ես խանդավառ
Այդ լուսոռոգ ուղիներեն.
Ես` ուխտավոր ուղեմոլար`
Խորհրդածուփ թափառելեն:
Պիտի անցնի՜մ ես Անհունին
Հավերժալուռ երկինքներեն,
Մինչև հույզերս ամեն թոշնին`
Ու ես երկիր դառնամ նորեն:
ԻՐԻԿՎԱՆ ՁԱՅՆԵՐ
Կ’ալեկոծին տարփոտ ձայներն իրիկվան,
Հորձանքին մեջ հոգնակոհակ հովերուն.
Անրջածուփ, նըվաղ բույրերն երերուն
Վերջալույսին մեջ ոսկեզօծ` կը հևան:
Խըրախության աղաղակներ հեշտալուր
Կը պլլըվին այդ ցնծագին նըվագին.
Ու կ’անհետին` մեջն այդ ծըփուն հորձանքին`
Հեշտերգությանց թույլ ծըվեններ կցկըտուր:
Զիլ գեղգեղներ ու նըվագներ վրդովիչ,
Ու ջութակի սարսուռին գիծը կարմիր…
Արևմարքին ծաղիկն, որ չի՜ թառամիր,
Ինքն ալ գինով ըզգլխանքեն այս թովիչ:
Աղմըկահար սույլն ու արշավն հովերուն,
Հծծյունները ծաղիկներուն խատուտիկ,
Բարտիներու խարշափն ու ծափն հանդարտիկ,
Եվ համերգը խանդոտ` գետին մոլորուն:
Կըստվարանա ալիքն հրճվոտ այս ճիչին,
Ու կը բախղի հոգվույս պորփյուր քարափին,
Ու կ’ոռոգե զիս փրփուրին մեջ ծըփին
Երբ խնկագույն լույսերն ինձմե կը փախչին:
Արծաթ լույսերն հիմակ տակավ կը ծաղկին,
Ու կը ցայտե թավ հեծեծանքն ուտերուն,
Լազվարթ ժամեր լուսնի շիթ շիթ կաթիլքին
Մեջ կը թրթռան իրենց համբույրն անանուն…
Եվ հոգիներ կ’իյնան անոնց ծնրադիր,
Սիերգությանց ըմպած հըմայքն հըրեղեն.
Պայեր անոնց միստիք ճամբան կը պեղեն,
Ու կը ցնծան լույսով` զենիթ ու նատիր:
Ու կը բացվի փալփլուն` գիշերն երջանիկ,
Արձագանգներ կը խաղան դեռ հոս ու հոն.
Քերթված մըն է ցայգն համորեն, ջի՜նջ գեղոն`
Որ կ’երփներգե ծափ ու ծիծաղ ու ծաղիկ:
ԱՌՏՎԱՆ ԱՐԵՎԻՆ ՄԵՋ
Ահա՜ կ’անցնի ցայգս անքուն,
Մութին ծածքը կը մաշի.
Ու կը կաթե կույսն այգուն
Իր քողքին մեջ մըշուշի:
Անցան սայլերն ալ դանդաղ,
Ու մըշակներն երգեցիկ,
Ու բանվորներն ու հոտաղ`
Ճամբաներեն բալաձիգ:
Ճառագայթներ խուսափուկ
Լիճերուն մեջ կը խաղան,
Եվ հանկարծ թույր մը դեղձան
Կը ներկե ջուրը փափուկ:
Ու բոցեղեն լեզվակներ
Կը ծըծեն մեգն համորեն,
Արևին կյա՜նքն հըրեղեն,
Արևին փա՜ռքն անըստվեր…
Հոգիես ներս կը խուժե
Քրքումն ալիքի նըման,
Եվ հովիկին առտըվան
Գինովությունն հաշիշե:
Լիճը բոսոր հարսնուկի,
Ցորենի ծովը կանանչ,
Կը հծծին տաղն անճանաչ
Մըտերմասաց շըշուկի:
Ու մարմանդները ճանճկեն,
Ու սարերը կապտորակ
Եղկ հծծյունով մը կ’երգեն
Լույսին ոսկի պատարագ:
Տունկեր ռեհան ծաթրինի
Կը ծըխեն խունկ մը վայրի,
Որ կ’ամպանա ու կ’այրի
Բուրվառին մեջ արփենի:
Հոգիես նե՜րս կը խուժե
Քրքումն ալիքի նըման,
Եվ հովիկին առտըվան
Գինովությունն հաշիշե…
ԿԱՊՈՒՅՏ ՀԱԾՈՒՄՆԵՐ
Կը դառնա ժիր կախիլներն իմ ապրըշումե անրջանքիս,
Ոլորելով դեղին, ճերմակ մահն երբեմնի շերասներուն.
Խըռովանքիս մեջ կըսպասեմ, ո՞ւր, արդյոք ո՜ւր պիտի հանգի
Կույս ու ծաղիկ երազներուս դեղձան շառափը մարմըրուն:
Դառն հրճվանքով ես կը դիտեմ խելխոլ շրջպարն այդ դարձդարձիկ,
Գիրկն անդորրիս կիսամըրափ և անձկանքիս մեջ ամրափակ,
Տենչ մը դալար բաղեղի պես կը պլլըվի հոգվույս բաղձիկ`
Զոր տենդագին կը գալարեր հուր սերերուն ուժգին պապակ:
Հապօ՜ն, անցի՜ր, ծըծե́ հեշտին համբույրն անույշ լելակներուն,
Ու թևաբախ սուրա հոն` ուր զույգ մը դաշտեր բիլ սմբուլի
Քեզ կըսպասեն` խնկապատար ցայգուն ցողովը թաթավուն,
Իրենց անհուպ միայնության մեջ` սըգավոր ու հեշտալի:
Շրջանն ըրե մարմանդներուն ու ծաղկածին հովիտներուն,
Անցիր տըմույն ըստվերներու մեջ աղոթող անտառներեն,
Գոտի հյուսե շուրջն ալևոր քարշեպներուն ու գալարուն
Գետին վըրա` որ կը վազե հըռնդալեն ու հևալեն:
Անցիր փաղփուն հյուսիսայգին բորբ աչքերու շամանդաղին,
Մինչև երդեմն արտորսրազօծ` կանացի բոց հոգիներուն,
Ըսե կրակոտ նայվածքներուն թե մանո՜ւկն եմ իրենց խաղին
Ու տար անոնց դողն ըստվերոտ պաղատանքիս իմ մոլորուն:
Այս իրիկուն, լուռ, անշըշուկ, օրհասին հետ բզզյուններուն,
Ու խաղաղիկ հորձանքին մեջ թռչուններու ցագանդորրին,
Այս իրիկուն, թե՜լն անուրջիս, գընա́, անցի՜ր, հուշիկ հեռո՜ւն`
Լուսածըրար երկինքներու ճամբաներեն լայն ու լըռին:
Խոլ դարձիդ մեջ, գընա́ պահ մը կայքն ադամանդ աշխարհներուն,
Ժապավենիդ վրա շարելով անոնց արցունքը գունագեղ.
Խորասուզե ծոպդ ոսկեզօծ` ծովածիծաղ ու թրթըռուն
Քընարին բիլ նայվածքներուն ծփծփանքին մեջ հորդազեղ:
Ու շնչահատ վազե մինչև միգամածներն ոսկեփոշի,
Ու ցնծագին անցիր անոնց մըշուշապատ շավիղներեն,
Բայց անոնց բյուր շըլացքներեն քու ճղճիմ հուրքդ երբոր մաշի,
Փոթով ինծի́, փոթով ինծի́, փութով ինծի́ դարձիր նորեն…
-
ՄԵՂՈՒՆԵՐԸ
Տենչանքներըս, տարագնացի՜կ մեղուներ,
Ոսկի երիզ մը բանալով
Ու զանակներ անձրևելեն
Թըռան գացին երամ երամ.
Անցան գացին դարուղիեն,
Կիսաթափանց մըշուշներու ապրշում քողքը պատռելեն
Եվ հածելեն մեջն արևին ոսկեծաղիկ մառախուղին:
Արևակի, սուտակներու ու զյումրյութի
Փաղփուն երանգը ծըծելով իրենց չորս դին.
Ծործորներեն, բացավայրեն
Ու ցորենի գանդաշներեն անցան անդին.
Ես գետափին մոտ մընացի վարատական,
Մելամաղձիկ երազս հըղած
Դեպ հեռավոր ծաղկաստաններ`
Ուր թառեցան մեղուներն իմ տենչանքներուս:
Մեղուներն իմ տենչանքներուս`
Միջօրետքի պահերեն վերջ,
Որոնց դարձին ես կըսպասեմ`
Ուղեկուրուս զակատելով:
Ահա՜ օրն ալ մըթագնեցավ,
Եվ ես ի զո՜ւր տարաժամ
Դեռ կըսպասեմ անոնց հևքոտ ու մեղրազօծ վերադարձին:
Ա՜հ, այս ցայգուն
Պիտի անցնիմ դարձյալ Վախիս ճամբաներեն.
Ալ հափրացա՜ծ, հուշակորույս,
Գիշերներու ըմպած գինին խավարածոր,
Պիտի անցնի՜մ ես այս գիշեր`
Երկյուղիս սեպ ճամբաներեն,
Իմ գանկիս տակ
Հույսի ոսկի բոցին անուրջն առկայծելեն:
Ալ հոգնա՜ծ եմ
Ըսպասելեն տենչանքներուս մեղրին անույշ,
Ու տարաժամ այս հածումին մեջ երջանի՜կ պիտի ըլլամ`
Եթե թունեղ խայթ իսկ բերեն
Ուղեմոլար մեղուներն իմ տենչանքներուս:
ԲՅՈՒՐԵՂԻ ԴՅՈՒԹԱՆՔ
Մանուկ մըն է, որ կայներ դեմն հըրածամ արևին,
Կ’օծե հոգին իր շուշան լուսացնցուղ երազով,
Ու կը ծըծե հոտևան խտղանքն ու դողն այգուն զով,
Մինչ մեղեսիկ աչուկներեն Եսին ցոլքով կը վառվին:
Նըշուլագեղ ու պայծառ ցոլքով վճիտ իր Եսին`
Երկինքն` որուն հրճվանքի ակեր ունի կապուտակ.
Ու կյանք սերն հորդած է հոն լեռնածին զերթ վըտակ`
Ուր կաթիլներ ու ցայտքեր հետզհետե կը հոսին:
Բյուրեղ մը կա ձեռքին մեջ` զոր կը ճոճե դարձդարձիկ,
Յոթը գույնին տե՜նչն ունի, լույսի անհուն խաղերուն.
Երանգներու, շողերու կ’ըղձա անուրջն օրորուն,
Եվ արևին կը նայի միշտ կաթոգին ու բաղձիկ:
Ա՜հ, ի՜նչ դյութանք, ծիածան ծոպե՜ր ունի ամեն բան…
Շափյուղակնե՜ր… կարկեհա՜ն… զյումրյո՜ւթ, շողակ ու թարշիշ…
Ծովն է լեցուն գույներով ու ծիրերով ոսկենիշ,
Ինչպես դաշտերն ու լեռներ, ինչպես մարմանդն ու ճամբան:
Ծափ կը զարնե, ծիծաղեն ծըլե՜ր է ծիրն իր այտին,
Անո՜ւյշ արև մանկական, ամպ ու մեգի անգիտակ,
Իմ երկինքս ալ կը հրճվի ոսկեծիծաղ լույսի տակ,
Ու մոռացված բուրմունքներ զիս կըզգլխեն վերստին:
Պրիսմակ մըն ալ ե՜ս ունիմ, ու կը դիտեմ ցնծագին
Սիրույդ արևը պայծառ, սիրույդ արև՜ը ջերմին,
Ու խանդաբորբ իմ հոգիս հանդեպ անոր պաշտումին,
Մանո՜ւկ մըն է, որ կայներ դեմն հըրածամ արևին…
ԻՂՁԵՐ
Կես գիշերվան բուրումնահեղձ վարդերով,
Որոնք գինով ցող ու շաղի կըսպասեն,
Պիտի հյուսեմ մանյակ մը նուրբ
Շուրջն սպիտակ պարանոցիդ.
Եվ այգուն
Պիտի գտնես ցողված` վարդերն այդ անույշ`
Իմ արցունքիս ցողերով:
Ու օր մըն ալ,
Երբ թարշամի
Քայռն այդ ծաղիկ անուրջին,
Պիտի հյուսեմ նոր նարոտներ ոսկելար
Անոր հուշքին տեղ բոսոր,
Իմ համբույրիս բոց ու բուրյան վարդերով:
Երազանուրբ ձյունաթորմի ձեռքերուդ
Պիտի բերեմ մեղեսիկե մատնիներ`
Ու քողեքներ արևակե.
Եվ երբ անոնց ցոլքը մարի աննըշույլ,
Տենչանքներուս բազմերանգ
Բոցով զանոնք պիտի վառեմ անդադար:
Ու լարերուն տեղ վինին հինավուրց
Պիտի դընեն արծաթ թելերն ըղձանքներուդ`
Որոնք հավետ պիտի թրթռան
Տրոփումներովն իմ սրտիս:
Գինով` դյութիչ բուրմունքներեն ծաղիկներուն ըզգլխիչ
Ո՜վ դյութանույշն իմ սրտիս,
Պիտի հածինք միասին,
Ընթադրելով բույս ու ծաղիկ ու դալար,
Ու լալով
Բուրումնացան մահն անոնց,
Պիտի հածի՜նք,
Լույսի արծաթ անձրևին տակ
Ու ծոցին մեջ
Թավուտքներու կիսաթափանց գիշերներուն,
Ո՜վ երազին իմ աղջիկ:
ՑԱՅԳԱՆԿԱՐ
Համատարած անդորրության մը մեջեն,
Կիսաթափանց մըշուշներուն մեջ հալած
Ուրվագիծը տուներու`
Որոնց լայնաքթիթ պատուհաններեն
Կը ժայթքեն
Լույսի ցայտքեր` տարփագին ծաղիկներուն պլլըված:
Ու հեշտոտ ու մարմըրուն
Աղաղակն ալ նըվագներուն լարավոր
Կը ծաղկեցընեն դյութանքն անդորրիկ,
Գիշերվան մը երջանիկ:
Ու կ’երկարի՜, կ’երկարի՜
Խմբանկարը տուներուն`
Տարտամորեն փաթթըված
Մեջն ապրշում մըշուշին,
Ու լայննալո՜վ, լայննալո՜վ
Դեպ ի ծովափն` ու երկչոտ
Կըսպասե
Ալիքներու համբույրին:
Ու եզերքեն հանդիպակաց,
Ծայրը դալար հրվանդանին,
Ուր վաղուց
Մեռան ճիչերը ցորեկին,
Ծովին փոթ փոթ երանգածուփ թավիշին վրա
Միապաղաղ կ’անդրադառնա
Ուրվանըկարը խուսափուկ
Լույսի ծըփուն ծաղիկին`
Որ կը ծըլի փողփողուն ծովեզերքի փարոսեն:
Ու դեռ հեռուն,
Քաղաքեն ու բացավայրեն ալ անդին,
Կ’ընդնշմարեմ արտևանները ցըցուն
Մանիշակե լեռներուն
Մարմաշի մեջ պլլըված
Հսկա հարսեր հեշտամոլ`
Որոնց տարփանքը կըզգաս
Հեռուներեն, հեռուներե՜ն…
Ու կը լըսեմ վարերեն թևճակներու նըվագն ալ,
Ջուրերուն վրա թըրթըռուն,
Ու կը լըսեմ ծաղիկներուն ալ երգը
Աղաղակ մը սիրածուփ`
Սահած ծոցեն դաշտերուն`
Ուր ցաները կը վետվետին սիրատարփ:
Ուր երկինքն ալ կը քնանա,
Կապույտներու խորհուրդին մեջ երազելով
Վաղորդայններն երջանիկ:
ԱՐԵՎԻՆ
Հարավի մեղմ ու լիաշունչ հովին հետ,
Որ վաղուց երազված համբույրի մը պես
Իմ սիրակարոտ հոգիս հեշտանքով կը լիացնե,
Շողա́, ո՜վ արև, շառափներովդ ոսկեծայր,
Մառախլապատ Երկունքիս մեջ`
Ուր Մտածումը կը դեգերի ուղեմոլար,
Շողա՜, շողա՜, բարի՜ արև, հիվա՜նդ եմ…
Պատուհանիս հեղուկ ծոցին մեջ ինկած խելահեղ,
Միջօրեի հեշտադալար ու բոցակապ երազին գիրկը,
Թևատարած կըսպասե՜մ.
Պլլե՜ զիս բոցեղեն ցանցերուդ մեջ
Ու օրորե՜ ջերմագին
Ու կիզանուտ համբույրիդ տակ.
Թող հոգվույս մեջեն անցնին կարգավ
Մանուկներն ընդարմացած:
Մինչև որ
Կանգնիմ նորեն ու անցնի՜մ դարձյալ
Տարփանքիս խանդաղատ ճամբաներեն:
Հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա՜, շողա́…
Հոգիս թռչնիկ մըն է,
Օդ ու լույսի, երգ ու ծիծաղի կարոտ,
Բայց երգը, որ իր ալուցքեն կը թռչի,
Անտես ու ստվերոտ սանդուխներու վրա
Կ’իյնա շնչահեղձ:
Շողա́, շողա́, բարի՜ արև, հինա՜նդ եմ…
Ճառագայթող գոլիդ մեջ հեշտագրգիռ,
Մինչ կը խժա տարօրինակ, խոլ պարը զամբուռներուն`
Հուրքե́դ գինովցած`
Ու, մինչ թուփ ու ծաղիկ ծարավեն կը մարմըրին,
Ես կ’ըմբոշխնեմ խտղտանքն անանուն` երջանիկ տիվանդորրիս,
Համրորեն ու գիտակից
Գինովությամբ հեշտագին:
Քի՜չ մըն ալ դեռ,
Ա՜հ, շողա́, շողա́, բարի՜ արև, հիվա՜նդ եմ…
Վերջին անգա՜մ մըն ալ,
Դեռ իրիկո՜ւն չեղած
Ու, դեռ տամուկ գիշերին վըհուկը զիս չընդգրկած,
Վերջին անգա՜մ մըն ալ,
Փարե́ հոգվույս խանդաբորբ ու կաթոգի՜ն,
Հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա́, շողա՜…
ՑԱՅԳԱՅԻՆ
Լուսնի մահիկն երբ
Սանդուխներու վրա
Մեղմով կը տեղա
Լույծ, անձրևակերպ
Սահանքն ի լույսին:
Եվ երբ մանիշակ
Գոլորշիներուն
Մըշուշն անապակ
Կը ծաղկի թրթռուն
Ծովերուն վըրա:
Խորն իմ սենյակիս
Կը հանգչի հոգիս.
Փակաչք ու անթարթ
Կը ծըփամ հանդարտ
Ըստվերի գորշ գորշ
Լըճակներուն մեջ:
Հայելիներուն
Հոգին պըրիսմակ
Կը դողա համակ
Երբոր սարսըռուն
Աշտանակներուն
Ծիրանի ցոլքեր
Կը սահին անոր
Վըճիտ ծալքերեն
Հոգվույս ալ մեջեն
Տակավ կ’երկարի
Փափուկ արծաթի
Շավիղ մը ձայնի:
Ու ճառագայթներ`
Որ զիս կը կանչեն
Հոգվույդ ալուցքեն
Կը հասնին ինծի:
Հապօ՜ն, կը մեկնին
Իմ անրջանքին
Թիթեռներն ամեն,
Ու միջոցին մեջ
Հուշիկ կը գըծեն
Շառայլ թըռիչքին
Ակոսն հեշտագին:
Ակոսն հեշտագին`
Որ ձայնիդ կառչած
Կ’երկարի մինչև
Քու սրտիդ արև…
-
ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՐԳ
Կսկիծ կա սրտիս մեջը վիրավոր`
Զոր արևին լո՜ւյսն անգամ չի բուժեր.
Խորունկ ու ցավոտ մորմոքում մը որ`
Ա՜հ, պիտի լայննա՜ երբ իջնե գիշեր:
Կը հյուծին ցոլքերն լույսին հեռավոր,
Խարույկի մը պես` որ վաղ է մաշեր.
Բայց դեռ կը հուզե զիս տեսիլք մ’աղվոր`
Զոր ինձ կը բերեն անցյալին հուշեր:
Ու պիտի ապրի՜մ, վիշտը նոր ուժեր
Կը բերե հանկարծ հոգվույս սիրավեր,
Կյանքին կը դառնամ դեռ չըրած գիշեր:
Փուշեր նետվեցան օրե օր վերքիս,
Ու հոն հեծեծանք մը բերին հովեր,
Բայց սիրո հույս մը կ’արևե հոգիս:
ԿԻՐԱԿՄՈՒՏՔ
«…Եկե’ալքս ի մտանել արեգականն
տեսանք զլույս երեկոյիս…»
Հուշիկ փախչող իրիկվան ծիրանի լույսն է զըվարթ…
Ոսկի թելեր` պլլըված խունկի թավիշ մըշուշին.
Կապույտ ծոպեր, ծիածան, ծըփուն ձայներ, միստի՜ք վարդ,
Լույսե արցունք մոմերու` որոնք հանդարտ կը մաշին:
Խունկի ծարավ իմ հոգիս կը ծըծե պահն այս հանդարտ,
Ոսկեկըրակ աչքերով բուրվառներն երբ կը ճոճին.
Պակուցում մը հոգեգրավ հոն կը թողու զիս անթարթ,
Կը զգամ համբույրն իմ հոգիս պարուրող բիլ մարմաշին:
Մեղեսիկի երանգներ կ’օծեն պարույրը խունկին.
Խորհուրդին եմ ծնրադիր բազուկներըս խաչանիշ`
Ու կըսպասեմ որ ծագի հոգվույս պայծառ Կիրակին…
Ջահերն հիմակ կ’երազե՜ն համակ զյումրյութ ու թարշիշ…
Կամարներեն, խորանեն կը ծագին լույս ու ծիծաղ.
Հոգիս քիչ քիչ կը թաղվի անուրջին մեջ այս չքնաղ:
Հուշիկ փախչող իրիկվան ծիրանի լույսն է զըվարթ…
ՆՈՊԱՆԵՐԸ
Մթության մեջ վըհուկի մը պես թախծադեմ,
Ցավոտ Սիրո հարվածն է որ կ’իջնե կուրծքիս.
Ու Տենչանքի ծիրանիեն հրաշեկ հոգիս
Դեռ կ’ընդգրկե հիշատակներ` զորըս կ’ատեմ:
Բոլոր լույսերն ալ մարեցան հետըզհետե.
Ես կը սիրեմ այս խավարը տառապագին,
Ուր վիշտ մը լայն` սիրտըս կուրծքես դուրս կը նետե,
Եվ ես կ’ըմպեմ սև հեշտանքը ցավոտ Կյանքին:
Խավարին մեջ չունիմ խարխափն Երազանքին,
Ու կը դադրիմ սերերու շուրջ թափառելեն.
Բոցեղ աչքերս ունին կայծակ մը թախծագին,
Սիրտես ցավերն հեծքեր վայրագ լոկ կը խըլեն:
ՏԱՊԻ ՆՈՊԱՆԵՐ
Ջըրաշոգին գետին վրայեն ամպանըման կը բարձրանա.
Կը փողփողին լազվարթ գույներ ճամբան ի վեր Կապույտ-Դարին.
Շինականներ արևահար ծերունի մը գյուղակ տարին.
Արեգակի բորբ ընձյուղներ կ’այրեն ամեն ինչ անխընա:
Դարուղիեն կ’անցնին դանդաղ ուղտերը գորշ կարավանին,
Թաթավելով իրենց հոգին հըրայքին մեջ տոթական.
Երազանքին կիսատ թողած, գինով գինով վարդեր ինկա՜ն,
Առանց սյուքի ու պլպուլի կը հեծե ցավն իր վարդենին:
Տիվագոլի երակներով բացավայրերն են բոցափայլ,
Ծաղիկներու հոգեվա՜րն է, ժամն արևոտ տաղտապանքին.
Բազմազեղուն բուրմունքներն են հեշտագրգիռ ու տապագին,
Մենաբաղձիկ անտառին մեջ ո́չ հեծություն կա, ո́չ դայլայլ:
Ժայռերն անփույթ դեռ կը տաքնան, հանդարտորեն, լուսափողփող,
Գիրկն անդորրին այս կիզանուտ և երազին տակ բոցավառ,
Հնձողներու ձեռքեն հոս հոն հանկարծ կ’իյնա գերանդին վար,
Ամենուրեք կը խըլրտի նոպան տապին տախտապարող:
Ըսպասումն է հեղգ ու ջերմին, կ’ուշանա դեռ հովն իրիկվան,
Որ զովացիկ, պիտի մեղմե տենդն անպարփակ այս թալուկին.
Ջերմակարոտ, փաղփուն օձեր լեռներեն վար կը սողոսկին,
Եվ` հըրաշունչ արբշիռ ու բոցերազ` մերթ կը հևան:
Դաշտերու մեջ ընկուզիներ կը քնանան հոս հոն ցանցիր,
Ո́չ ճամփորդ կա, ո́չ ալ թռչուն իրենց շուքին տակ ապաստան.
Հսկա խորխի պես կ’երկարի, լայնատարած, մենիկ ճամբա`
Ուր սըլացքի ու քայլերու հետին մրմո՜ւնջն իսկ չի հածիր:
Թուրինջ գույներ ջըրանըկար… ծիրանի հև՜ք արևմարին…
Մըշակներ ու ձիավորներ պարտեզներեն կը դառնան տուն,
Խարխուլ կամուրջն անոնց բեռին տակ կը հեծե խոնջ ու նըկուն,
Ահա գիշերն ալ ծանր ու մեղկ կը գըլորի սարերեն վար,
Ու տապահար դաշտավայրեր կը հագենան աղջամուղջով.
Կենսանորոգ շունչ կը բերե ըսթափանքի կազդույրն այս զով,
Բայց ցորեկին դեռ կը տևե բազմալեզու տենդն հըրավառ:
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իրիկուններն ես կը խոկամ,
Ամայության երգը կ’ացնի
Պատուհանիս երբ առջևեն,
Անկապ ձայներ զիս կը թովեն,
Հոգվույս մեջեն մերթ Աշունի
Կ’անցնի հանկարծ ուրուն տարտամ:
Գիշերն համբուն ես կ’երազեմ
Ցավը կյանքի Աշուններուն,
Ու շամբուշ հովն` որ կը տանի
Դեպ ի տամուկ խորշեր նըսեմ`
Զորս տերևի տեսիլն աղփուն
Որ օդին մեջ կը տատանի:
Եվ ցուրտ այգուն միշտ կը դիտեմ
Պարուտակը մըշուշներուն,
Զոր գիշերվան անտես ձեռքեր
Թույլ միջոցին մեջ են ձըգեր,
Վըհատության պես մոլորուն`
Զոր քաշած է սերն հոգվույն դեմ:
Բայց թափառի՜լ կուզիմ ընդմիշտ,
Մառախուղին ու հովին դեմ,
Ու դաշտերուն մեջ ամայի,
Ուր աչքն ահով միշտ կը նայի,
Դիտել` տժգույն ու դալկադեմ
Բարձունքներուն տամուկն ու վիշտ:
Հոգիս հիմակ հափրանքն ունի
Սիրո խանդ ու հըրայքներուն,
Ու ծաղկալից եղկ ջերմության
Վայելքեն վերջ բազմաբուրյան,
Կ’ուզե մշուշն այս օրորուն,
Ու ցրտագին զովքն Աշունի:
ԳԱՐՈՒՆԸ Կ’ԱՊՐԵՑՆԵ
Կը թանձրանան
Տերևներուն
Շեղջեր լըքուն,
Մինչ կը դառնան
Դեռ ծառերուն
Մեջ համորեն
Հովերն աշնան,
Պարն ամեհի:
Ու դեպ ի տուն
Միշտ կը դիմեն
Շեշտերն ամեն
Ծիծառներուն.
Միշտ դեպ ի տուն:
Ու դեպ ի ներս
Բոլոր իղձերս
Ա́լ տարիր դուն,
Չքնա՜ղ աշուն:
Դեպ ի տամուկ
Պատուհանին
Ա՜լ կը հառին
Աչքերս հիամկ,
Ու սե՜ր համակ,
Երգըդ կ’իջնե
Սրտիս` ուր նե
Իղձ մը ճերմակ
Պիտի գտնե:
Չէ՜, հովերուդ
Հետ ցավը չէ́
Որ կը տանջե
Սիրտըս հըրուտ.
Այլ կը դառնան
Իղձ, հուզմունքեդ
Բողբոջ գարնան
Արևաշող
Հույսերն հավետ:
ՀՈՎԻՆ ԱՆՑՔԸ
Անդնդագալար օվկիանի պես
Կ’ուռի այս գիշեր հովն ալիք ալիք,
Կը ծըծեմ լեղի սարսափն իր ճամբուն…
Իր լալոնին մեջ սենյակս է ծըփո՜ւն,
Հոգիս` իր ահեղ կոչին խաղալիք`
Մինչ լույս շառավիղ մը կ’երկարի մտքես…
Լեռներեն կ’իջնե հևքն իր մոլեկան,
Իրար բերելով ձեռքերս` անձկագին
Մինչ ես ծնրադիր` կ’ունկնդրեմ Երգի՜ն,
Երգին խոլարձակ, Երգին թախծագին…
Ե՞րբ պիտի հասնի իր հանգրվանին
Արհավրոտ Ուխտին այս գոռ կարավան…
Բուռն համեմունքով իր շունչն է լեցուն.
Ու կ’առնե ծովուն գույներն աղտաղտուկ`
Մինչ զայն կը տանին պայերն ամբարձիկ,
Համբույրն իր կու գա մինչև իմ խցիկ.
Եվ ես հըպումեն կը փախչիմ գաղտուկ,
Հըպումեն` վայրի վիշտով ակաղձուն:
Մարած է քրքում լույսը լամպարիս,
Հորդող մութին մեջ հևալեն տրտում.
Ես դեռ կըսպասեմ ալեկոծ Անցքի՜ն,
Ա՜հ, քո՜ւկդ եմ արդեն, ո՜վ միստիք ցնցում,
Ո՜վ ձայն, մինչ ուժգին հոգվույս կը փարիս…
ՍՈՆԱԴԻՆ
Միջոցին մեջ կը թոշնի
Լույսի ծաղիկը թրթռուն.
Ըմպած մըռայլն ամպերուն,
Տըխուր է ծովն աշունի:
Ցորեկներուն կը հակին
Գորշություններն հոգվույս մեջ`
Ու գիշերվա երգը գեջ
Լացավ թոնով մը մեկին:
Ամայության մը տրտում
Կու գա ինձ ցավն երբեմնի.
Եվ երազանքս անպատում
Կը կոծկոծի՜, կ’արյունի:
Հովը կ’ոռնա խուլորեն,
Ու գիշերը կ’երկարի՜.
Ալիքներու ժըխորեն
Ու սարսափեն խավարի:
Դալուկ սիրո մ’աշնանային
Կը կաթե դողն հոգվույս մեջ,
Ուր հուրիներ կը նային
Անրջածին, լուսամեջ:
Բայց կը վախնամ որ նորեն
Խուսափի՜ լույսն երազին,
Ու մըշուշներ գաղտորեն
Վայելքներուս շուրջ հածին:
Աղաղակ մը, մեջն հոգվույս,
Արագորեն կը ձայնե
Մահվան պարը սրտահույզ,
Մեռա՜ծ է կույսը ձյունե:
Տարփատենչիկ, զաղփաղփուն,
Աղջիկն է ան անուրջիս,
Երազունակ ու փաղփուն
Հոգին կանգնած է առջիս:
Ու կը տեսնեմ դեռ շողուն
Փայլը սրտին իր նըսեմ.
Մոգութենեն աչքերուն
Հափշտակված կ’երազեմ…
ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐ
Ո՜վ սիրական խավարներ: Կենդանի՜ երազ
դանդաղ գիշերներու, ուր կի́րքը միայն նայվածքներ
ունի: Ու մի́շտ, մի՜շտ, անխոնջ կերպով, անպատում
մելամաղձությունը Համբույրին:
ՌԵՅՄՈՆ ՊՈՒԵԵՌ
Հըրայրքի մեջ գիշերը զայն կ’երազեմ,
Շըրթունքներս պատրաստ իր մեղկ համբույրին.
Բայց ժըխորին մեջ կը մոռնամ վերստին
Այն պահերն` ուր զայն սիրած եմ մոլեգին:
Ու կը մոռնամ ես նոպաներն ալ բոլոր.
Հորդ կիրքերու ժամերն ամեն ըղձածոր`
Երբ կ’իյնամ ոտքն իր տեսիլքին` մինչև որ
Անշարժանամ պաղատանքիս մեջ մոլոր:
Ու չեմ հիշեր ցորեկն ասոնք, երբ խունկե
Ա́լ ավելի հեշտ բուրմունք մը մեղկօրոր
Իր ծըփանքին մեջ հույզերըս կը լլկե:
Այդ բուրումի եղկությունն, որ միշտ անկե
Կը ծորի և կը պարուրե զիս` բոլոր
Հոգիդ անծիր մոգությամբ մը կը խնկե:
……………………………………………….
ԱՅԳԵՐԳ
Այգն է ծաղիկ երազով ու բալաձիգ` թեթևորեն.
Մըշուշն անծալ ջրվեժի պես ամբարտակեն վար կը հոսի.
Իր չըփույթին մեջ կը շիկնի ոսկի աղջիկն արշալույսին.
Այգն է ծաղիկ երազով ու բալաձիգ` թեթևորեն:
Երկու բոցե թևերի մեջ ծովանըկարն է սխրալի՜.
– Կապույտի՜ փառք ամրափակված շրջագիծով ոսկեդրվագ,–
Ուր ցնծալից թևճակներու հեշտերգն ունին կուր ու նավակ. Երկու բոցե թևերու մեջ ծովանըկարն է սխրալի՜:
Պիտի ըմպե՜մ բոցն արևին, ճառագայթի՜ եմ ծարավի.
Պիտի ծըծեմ բույրն առտըվան`հոգվույս համար` որ հիվա՜նդ է.
Հոգվույս համար` որ կերազեր գգվոտ ու մեղմ շունչն հարավի,
Պիտի ըմպե՜մ բոցն արևին, ճառագայթի՜ եմ ծարավի:
Քիչ մըն ալ դո́ւն ժպտեիր, ա՜հ, հոգվույս համար` որ հիվա՜նդ է.
Նայվածքի խաղ` որով դառնա աշխարհն ինծի ծափ ու ծաղիկ,
Տարիներով իմ երազս էր սիրո գարուն մը խաղաղիկ,
Քիչ մըն ալ դո́ւն ժպտեիր, ա՜հ, հոգվույս համար` որ հիվա՜նդ է:
Սեր-Արևիդ բոցն երկարե խորերն հոգվույս իմ պատանի,
Զերթ արևին լեզվակն ոսկի` որ կը ծըծե մըշուշն այգուն.
Ո՞ւր է ճաճանչն, հուրքը ջերմին` որ մառախուղն առնե տանի,
Սեր-Արևիդ բոցն երկարե խորերն հոգվույս իմ պատանի:
ՄԹՆՇԱՂՆԵՐ
Վերջալույսին աղջիկն է իր կուսության մեջ քրքում.
Ինչո՞ւ մինակ մընացի երազիս հետ թախծագին.
Թմբիներու բույրին տակ, նուռիներու ծաղիկին`
Ա՜հ, ինչո՜ւ ես մընացի գիրկն երազին այս տրտում:
Ո՜վ դուն հիրիկ ծաղկանույշ, երբ անցար հետ լույսերուն,
Բան մը փըլավ հոգվույս մեջ, քայքայումով ողբագին.
Դարձիդ քի՜չ մըն ալ ժպտե սա́ լուսաբաղձ հիվանդին`
Որ քիչ առ քիչ կը մեռնի՜ կառչած իր խոլ հույսերուն…
Մութը կ’իջնե հոգվույս` ուր վաղո՜ւց գիշեր է արդեն.
Ըսպասումի՜ ցայգ` ուր դեռ չըշողաց լո՜ւյսն երազին.
Հազիվ քիչ մը բույր ծըծած մոռացումին ես վարդեն
Նորեն քեզի՜ կը դառնամ, ա՜կն արևիս ոսկեծին:
Լուսնի պայծառ տիվին տակ պիտի համրեմ անդադար
Բուստե զարկերն ոգևոր` առույգ սիրո երազին.
Ա՜հ, քիչ մը լո՜ւյս, ժըպի՜տ մը` որ կյա՜նք ինծի պիտի տար,
Եվ փարատեր լըքումն` որ կը ծանրանա իմ ուսին:
Եկո՜ւր, արդեն կը մըսի՜ն հեք երազներն իմ որբուկ,
Ա՜լ հոգնած եմ անցնելեն կածաններե մենավոր,
Անձրև կ’իջնե հոգվույս մեջ, կը զգամ մահվան սրսըփուք,
Ձեռքս է պարապ մընացեր դատարկին մեջ սըգավոր:
ՆԱՎԱԿՆԵՐԸ
Նավակներ մեկնեցան ամենն ալ, բաղձանքով ակաղձուն.
Հեռացան ամենն ալ` ծըփանուտ Երազիս ափունքեն.
Անձուկին բոցը զիս պաշարե՜ց. Ըսպասման հիվա՜նդն եմ.
Հոգեսարս դողերով և հուրքով միշտ ցայգերն են հըղի.
Գիշերներն ես համբուն կըսպասեմ ծիրանի այն դարձին.
Ու ցայգուն ալ կ’անցնիմ ավազուտ ափունքեն` դողահար`
Սրտաթափ ու խանդոտ երազի կայծերով առլըցուն:
Դարձուցե՜ք նավակներս հողմավար, ջրանո՜ւյշ պայիկներ,
Դարձուցե՜ք նավակներս դյութավար, իրիկվա՜ն հովիկներ…
-
ՑԱՅԳԱՆՎԱԳ
Կու գա սիրերգն հեղեղատին
Անտառներու մեջ մենիկ,
Երբ ժըխորներ պահ մ’ընդհատին,
Հասնի գիշերն երջանիկ:
Արևելքի գիշեր մը ջինջ,
Շափյուղազարդ երկինքով,
Ուր հեշտություն է ամեն ինչ,
Ամեն իր լի բուրմունքով:
Ծառաստվերի տակ սխրալի,
Բուներուն մոտ ու հեռու,
Ջինջ հեղեղը կը թավալի
Արծաթացող լույսերու:
Ու կը շրջի անտես ոգին
Հոն անտառի ծառերուն`
Խարշափն որոնց, թույլ հեշտագին,
Կը նվագե օրորուն:
Պիշ կը դիտեմ սաղարթախիտ
Արահետները նրբին,
Ու երազներս ականակիտ
Հետզհետե կը թափի՜ն…
… Դեռ մինչև ե՞րբ, ըսե՜, հոգի́ս,
Դեռ մինչև ե՞րբ տառապիմ
Պրպտելով անրջանքիս
Թոշ ծաղիկը մտերիմ:
Գուցե վաղը մթնե հոգիս,
Գուցե դո՜ւն ալ թարշամիս,
Մ’եղծեր հըմայքն անրջանքիս
Ու ծաղիկը պաշտումիս…
ԵՐԱԶԻ ՊԱՀԵՐ
Լույսը մարած սենյակիս մեջ,
Ուր կը հոսին գալար գալար
Հորդ ալիքները մութին,
Ու կ’անհետին
Արծաթ շողերն երազի.
Ես կը փնտռեմ մըտամոլար
Ըղձանույշի ձեռքն այն փափուկ, երկնային`
Որ պիտի տար ինծի ծաղիկն ըսփոփանքին:
Ես կը փնտռե՜մ,
Ըսպասումեն հոգիս համակ պատրաստած,
Ու տենչանքով մշտահած.
Ես կը փնտռեմ,
Հորիզոնին վըրա նսեմ,
Լույսի շող մը` զոր կը մարեն անդուլ վարանքն ու կասկած:
Ու տակավ,
Կ’իջնե ձանձրույթն երազանքիս,
Հանդիսավոր ու տրտում,
Ու կը պատե իր մըշուշե պարուտակին մեջ հոգիս
Անձկությունով անպատում:
Մըտածումը, ինչպես ճամփորդ ուղեկորույս,
Կ’անցնի փութով, անձկագին,
Երկարաձիգ, մերթ լուսավոր ու մերթ անլույս,
Ճամբաներեն իմ մտքին:
Ա՜հ, կը շտապեն, կը փախչի՜ն
Ճամբաներու լույսերն ամեն,
Հանկարծական խուճապի մը մատնըված.
Ճառագայթի հազիվ վերջին
Բիծ ու խաղեր կը համեն
Քովը ճամբուն մթամած`
Ուր համագրավ կը տարածվի վեհունի ցայգն համորեն:
Ես կը փնտռե՜մ,
Պատըշգամբին վրա կանգուն,
Զույգ մը աչքեր` մեղեսիկե, որոնց ճըրագը վառի
Հոգվույս մեգ ու խավարի
Անդոհության մեջ դժխեմ:
Պատըշգամբին վրա կանգուն,
Ձեռքս հոգնաբեկ ճակատիս,
Մինչ կը հոսի գիշերն ինչպես ծով անհուն
Դեպ ի ափունքն երազիս`
Ես կը սպասեմ հորդ ու վըճիտ լույսերուն`
Որոնց բոցը պիտի ցոլա անծիր ցայգուն մեջ հոգվույս:
ՇԵՐԱՄԻՆ ՆԻՆՋԸ
Շերամատան մեջ կը հնչեն բոժոժները զիլ` դափին,
Որուն հուշիկ կ’ընկերանա ձայնն երգեցիկ կիներու,
Եվ կը մարի մերթ ճարճատուն ծիծաղներուն մեջ ծափին,
Պատուհանեն լուսնի լույսի շափրակներ ներս կը թափին:
Ըսթափանքի ժամն է պչրոտ, փափկամարմին շերասին`
Խածումն որուն` կը քթքթա տերևուտքին մեջ դալար.
Ու սատափներ, ու զյումրյութներ, ու շողակներ… միասին.
Մեկ փաղփի մեջ կը նույնանան շերամ, տերև ու լուսին:
Երազանուրբ անասնիկին օրհասն ու մահը ըսպիտակ,
Վերջին քունն ալ դափ ու ծափով պիտի տոնեն վաղ գիշեր,
Օդանույշի ձեռքով բանված զանակածոպ լույսին տակ
Հինգ աղջիկներ հուսկ օրորը պիտի երգեն վաղ գիշեր…
ՄՏԵՐՄԻԿ ՏԵՍԻԼՆԵՐ
Ու կը դառնան ջըրանիվներ ծերունի,
Կափկափելով համբարուի հեքիաթներ.
Թախծապատում բարբառի հոծ կշռություն,
Որ կ’ակոսե լուռն աշնանի գիշերին:
Ու մարմանդին զյումրյութ` պայիկն օդանույշ
Նոր կը հագնի լույսի մետաքս թելերով
Շարամանված պատմուճանն իր մըշուշե`
Ուր մերթ շողակն օդաքարին կը վառի:
Ու բոժոժին ձայնեղ` գանգյունն արծաթե...
Ու սայլորդին ըստվերն որ գո՜րշ` կ’երկարի՜,
Ու սիկառին ծուխն` որ բիլ բիլ կ’ամպանա`
Ու լազվարթե գիծը ճամբուն հեռացող…
ՃԵՐՄԱԿ ՎԱՐԴԵՐ
Ըսպիտա՜կ վարդեր, ըսպիտա՜կ վարդեր,
Զոր հովն անտեսեց այս ճամբուն վըրա,
Շամբուշ հովն աշնան` որ կը դղրդեր
Մոլեգին` հողին ընդերքն համորեն:
Ճերմակ գաղափա՜ր, ճերմակ գաղափա՜ր,
Աշնան մոլուցքեն դողահար հիմակ,
Համբու՜յր շուշանի, դյութանք ձյունեղեն,
Փերթ փերթ լուսինկա, ապրշում համակ:
Բե՜ր ինծի իղձիդ կաթը խանդաղատ:
Մենավո՜ր վարդեր, որ մելամաղձիկ
Մառախուղներուն մեջ դեռ կը ժպտիք,
Ապրեցե՜ք հոգվույս մեջ հավերժորեն:
ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ
Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե
Բուրումներով օծուն հովիկն իրիկվան,
Հոգիներուն կ’իջնե երազ մը բուրյան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափե:
Աքասիաներ, գինով լույսե ու տապե,
Օրորվելով մաքուր շունչ մը կը հևան.
Մինչ կը ձյունե ծաղիկն իրենց հոտևան`
Զոր խոլաբար հովը գրկել կը շտապե:
Ու լույսն անոնց, անխոս հուրի՜ դյութական,
Հըմայագեղ ու վարսքերով արծաթե,
Շատըրվանին կ’իջնե գուռին մեջ կաթե:
Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե.
Վըճիտ, ինչպես լույսե արցունքը մանկան,
Նըվագն անոր կը հեծեծե հեշտական:
Ծաղիկներեն հովը թերթեր կը թափե…
ԱՅԳԵՐԳ
Սարերուն մեջ կը կոծկոծի այգուն` կոչնակը վանքին,
Եղնիկները մըթնշաղին դեպ ի գետափ կը դիմեն.
Աղջիկ մըն է կարծես հովը` գինով մուրտի բուրումեն`
Որ ջուրերուն վըրա կը դառնա սարսուռի պարն հեշտագին:
Վանքի քովի արահետեն կարավանները կ’անցնի՜ն,
Բոժոժներուն երգը լալով գիշերին մեջ տրտմորեն.
Մինչ կը սպասեմ ջինջ լույսերուն` որոնք ծագիլ կը համեն.
Ու կը լսեմ շշուկներն` որ կը հծծեն մեջը ցանկին:
Կիրճին խորը, ժայռին ծոցն է գյուղանըկարը փռված,
Տարտամորեն, հսկայական, արծիվի մը ձևերով,
Մագիլները խորասուզած խորշերու մեջ մըթամած:
Արբշիռ բույրեն` զոր կը բերե ինծի առտուն անխըռով,
Ես կ’երազեմ ծառերուն տակ ու կըսպասեմ խոլաբար,
Լույս պարիկին` որ իղձերս պըսակելու պիտի գար:
ԳԵՏԱՓԻ ԵՐԱԶԱՆՔ
Գյուղն համորեն կը մըրափե ծոցն արևոտ ժայռերուն.
Տիվանդորրի պահն ըմպած է մեղկ հեշտություն մը սյուքի,
Ու ջուրերուն վրա կը ցանե գինովի դողն իր թրթռուն,
Գետն համբույրի մը երազով դեպ ի ափունք կը թեքի:
Գետեզերյա ծառաստաններ, միջօրետքի այս պահուն,
Ինձ անծանոթ թավուտքներե կը խրկեն բույրն հեշտանքի,
Որ համրորեն կը ծավալի ծաղիկներեն այն լըքուն,
Ասդին անդին տարտըղնըված` որոնց հոգին կը ցամքի:
Եվ հընամի ծառեր զյումրյութ միայնությանց ընդմեջեն
Կ’արտածորեն մուշկի բույրեր ու ժպիտներ ալ բոսոր.
Կիսամըրափ կ’երազեմ, զիս աղաղակներ կը կանչե՜ն…
Ձայներ` դյութիչ աշխարհներե, տարտա՜մ, անո՜ւյշ, հեռավո՜ր`
Որոնք անդին զիս կը տանին երանաստան մը բաղձոտ
Ու կը նիրհեմ արբշիռ` հովին դյութիչ նեկտարն ըմպած հոտ:
ԽՈՆՋ ԻՐԻԿՈՒՆՆ ԱՐԱԳՈՐԵՆ…
Խոնջ իրիկունն արագորեն կը խոնարհի դեպ ի խավար
Բուրմունքներու հաշիշն հոգվույս մեջ կը ցանե հեշտանք մը թույլ,
Երգի խազեր կը կրքոտին տակավ տենդոտ հուզումնավար:
Անօրինակ մըրափի մը մեջ կիսազգած կը թափառիմ,
Ցնցված ձայնեն ճոկաններուն` որոնք կու լան դուրսը անդուլ.
Պատուհանեն կը խրկե ինձ հովիկն համբույրն իր մտերիմ:
Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն,
Ու շրթունքներս են բոցավառ` ջերմութենեն երազային.
Փա¯կ են աչքերս, և կամ հանկարծ մերթ անհամբեր դուրս կը նային.
Ա¯հ, լռությունն` որ կը տևե, և ըստվերներն ու կը քալե¯ն…
Շուրջիս անփույթ իրեն համակ հարցումերուս հանդեպ խուլ են,
Հանդիսատես կ’ըլլամ մտքիս պատկերներուն քայքայումին
Դու չե՜ս գիտեր թե ի́նչ կըզգամ գուրգուրանքես երբոր իմին`
Քեզի համար տենդով հյուսած երազանքնե́րս իսկ կը խըլեն…
ՑՆՈՐՈՏ ԱՆԴՈՐՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեշտ, փալփըլուն գիշերներու անդորրություն մը ցնորական…
Դոդոշներու մերթ կեղերջներ լուռին սրբույթը կը լլկեն.
Ծովախորշին մեջ ընկղմած լույսե աչքեր` որ կը խոկան`
Հոգնա՜ծ, մաշա՜ծ իրենց տարփոտ, իրենց բոցեղ տրտմութենեն:
Ցայգն է ժայթքած իր շողակի շատըրվաններն անրջական,
Հեռուներեն ուտի մը թավ հեծքը կու գա դողդըղալեն.
Այս գիշեր ջերմ ու երազված կայծեր հոգվույս խորերն ինկան,
Կը մարեմ լույսը լամպարիս, ու կ’երազեմ մըրափելեն:
Շանթե աչքեր, բոցե թևեր մըտածումիս կ’անցնին քովեն
Եվ հուրիներ` նոր հոլանած ալապաստրը իրենց կուրծքին`
Որոնց համար շրթունքներըս անթիվ իղձեր կը թոթովեն:
Որմին վըրա տրտմություն մը կը ցանե բիլ եղրևանին,
Դաշտերուն մեջ հարսնուկներու բոսոր իղձերը կը ցամքին.
Մինչ ես կ’ըմպեմ հաշիշն անհագ ցընորաբեր այս գիշերին:
-
Գիշերին մեջ չէ՞ ապաքեն, որ երազները ավելի վառ ու արագ վերթևումներ կ’ունենան. գիշերին մեջ, ուր շրջանկարը ա¯յնքան հմայիչ կ’ըլլա, և սպասումը` ա¯յնքան քաղցրորեն տաժանագին.
Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն,
Ու շրթունքներս են բոցավառ` ջերմութենեն երազային.
Փա¯կ են աչքերս, և կամ հանկարծ մերթ անհամբեր դուրս կը նային.
Ա¯հ, լռությունն` որ կը տևե, և ըստվերներն` որ կը քալե¯ն:
("Խոնջ իրիկունն արագորեն")
Շրթունքս են ծարավ միակ համբույրին...
Ցնծագին գիշերն է լույս ու լուսին,
Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի¯:
("Սիրերգ")
Բայց գիշերվան սերը միշտ կը վերածաղկի.
Զգացում մը բյուրեղե,
Ծիածանի երանգով,
Ըսպասումի մութին քով
Լույս ակոսներ կը պեղե:
Ու այս սերը կ’երկարաձվի մինչև պաշտամունք. և այդ պաշտամունքը այնքան խանդոտ է, որ բանաստեղծը կ’ուզե նույնիսկ գիշերին հավիտենությունը, բացարձակ, անկապտելի Աստվածությունը.
Կ’ուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,
Ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անհագ.
Կ’ուզեմ որ դադրին տիվ ու ժամանակ,
Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր:
Հետո երկյուղած աղերսանք մըն ալ.
Ցնորաբե¯ր գիշեր, ա¯հ, ընդունե¯ զիս.
Ընդունե¯, միստիք ո¯վ անդորրություն,
Իմ աղերսակոծ շունչիս սոսավյուն,
Եվ համբույրն անանց` զոր կու տա հոգիս:
Բայց վերջապես կու գան ատեն մը` որ գիշերներու այս տարփանքը ժամանակ մը տեղ կու տա արևին ու տիվին հրայրքին.
Պիտի ըմպեմ բոցն արևին, ճառագայթի եմ ծարավի.
("Այգերգ")
Ու թող նըշուլե բաղձիկ հոգվույս մեջ
Ճառագայթը նախածին,
Վաղորդայններու քրքում արևին:
("Դեպի մոռացում")
Շողա, ով արև, շառափներովդ ոսկեծայր,
Մառախլապատ երկունքիս մեջ`
Ուր մըտածումը կը դեգերի ուղեմոլար.
("Արևին")
Հոգիս ներս կը խուժե
Քրքումն` ալիքի նման
("Առտվան արևին մեջ")
Ամբողջ հատորը գրեթե սպասման երկարաձիգ գիշեր մըն է աղերսանքներով, հոգերով, ցավերով, ու երբեմն ալ կայծկլտուն հույսերով լեցուն.
Անձուկին բոցը զիս պաշարեց, ըսպասման հիվա¯նդն եմ.
Գիշերներ միշտ անքուն կըսպասեմ ծիրանի ես դարձին:
Դարձուցե¯ք նավակներս հողմավար, ջըրանու¯յշ պայիկներ,
Դարձուցե¯ք նավակներս դյութավար, իրիկվա¯ն հովիկներ:
Փորձած է քանի մը ազատ ոտանավորներ` որոնցմե ոմանք չափին ավանդութենեն թեև զերծած` չեն կրցած սակայն տեղ տեղ վտարել արտահայտումի սովորական դարձած, մաշած, թելատած կերպերը: Օրինա՞կ կ’ուզեք` "Դաշտերու մեջ"-ը` որ խճողված թանձրություն մը ունի.
Կյանքի թարմ կաթը ծծելու
Հեշտին այգուն ստինքներեն քաղցրածոր.
Այս կարգեն է նաև հետևյալ տողը "Ցնորոտ անդորրություններ"-ուն մեջ, որ մյուս տողերուն բնական խաղացքին մեջեն մարախի մը պես դուրս կը ցատկե.
Եվ հուրիներ նոր հոլանած ալապաստրը իրենց կուրծքին:
Ուրիշ տող մը "Գետափի երազանք"-են.
Ու կը նիրհիմ արբշիռ` հովին դյութիչ նեկտարն ըմպած հոդ:
Այս նեկտար բառին կրած չարչարա՞նքը հապա:
Տափակ տուն մըն ալ Այգերգ-են.
Սեր-Արևիդ բոցն երկարե խորերն հոգվույս իմ պատանի.
Զերթ արևին լեզվակն ոսկի` որ կը ծծե մշուշն այգուն.
Ո±ւր է ճաճանչն, հուրքը ջերմին` որ մառախուղն առնե տանի,
Սեր-Արևիդ (ևն, ևն,)
Անոնց թվում տաղտկալի հարկ մըն է. մինակ պետք է խոստովանիլ թե եթե ոչ շատ, գեթ բավական կարելի էր երկարել:
Հորինվածի տեսակետին գալով, ըսենք թե Մեծարենց ընդհանրապես հնչուն ու ինքնեկ հանգեր ունի, եթե ասիկա արժանիք մըն է. "ը" ձայնին հաճախությունը շատ զգալի է. բայց նորերը ատիկա ներդաշնակության պայման չեն նկատեր. ճաշակի խնդիր, թերևս: Գալով հատածի կազմության միջոցին բառերու վանկատումին, նորերը կը կարծեն թե եթե վանկը նայ տառերով կազմված ըլլա, ներդաշնակության դեմ չըլլալե ավելի արտասանության նրբություն մը կու տա. օրինակով խոսի՞նք.
Իր երանգնե/րը նրբին.
"րը" ձայնը, հոս ըստ տաղաչափության, ներելի չէ, իբրև դիմորոշ հոդով ավարտվող. նորերը անճաշակ չեն գտներ այս բանը, ըսի':
"Ծիածան"-ի բարբառը ունի երաժշտականություններ. իբրև օրինակ հիշենք "Շերամին նինջ"-ը և "Մտերմիկ տեսիլներ"-ը: Երկուքն էլ քերթության թանկ գեղորներ:
Կրճատումի խորթ ձևեր բնավ չունի "Ծիածան"-ի հեղինակը, որչափ որ կը հիշեմ, ասիկա իմ աչքիս արժանիք չի թվիր. դար մը վերջի սերունդը ապահովաբար մեզ ամենս ալ մեկ ջրով պիտի լվա. մեջը ըլլալով այս մասին ամենեն խղճամիտները. և կամ, օրինակի համար, լեզվական խորթություններ, ոչինչ, բայց ոչի'նչ կը պակսեցնեն արժանիքեն. ինչպես որ անոնց չգոյությունը դրական արժանիք մը չենթադրեր:
Իր ձայնյակները անստգյուտ հորինված մը ունին, կարծեմ ասիկա դրական արժանիք մը չէ անշուշտ, բայց մեկը որ ձայնյակներ (sonnet) գրել կ’ուզե` հարգելու եղած կանոնները և կամ հրաժարվելու է ձայնյակ գրած ըլլալու հավակնութենեն` որ մազի չափ իսկ արժեք չունի:
*
* *
Վերջակետեն առաջ կրնանք ըսել թե "Ծիածան"-ը ունի թերություններ` ինչպես արժանիքներ. մետը անշուշտ արժանիքին կողմը պետք է ծռի, այլապես գոյության իրավունք ձեռք բերելու չէր. սակայն այդ արժանիքը, հարաբերապես, այսինքն բանաստեղծության ընդհանրական ըմբռնումով` մեծ բա՞ն մըն է արդյոք. օ¯հ, ո'չ անշուշտ: Եթե "Ծիածան"-ը հասուն ու բազմակողմանի գործ մը չէ, տարակույս չկա, որ վիժած մըն ալ չէ: "Ծիածան" մութին մեջ խարխափանք մը չէ. նշմարված ճամբաներուն լույսը կը թրթռա հոն. ճամբորդը դեռ կը դեգերի սակայն, եթե չի վարանիր. ասիկա բնականու ներելի է դեռ շա'տ երիտասարդ հեղինակի մը համար` որ տակավին իր մտային զարգացումին լիությանը մեջ թևակոխած չէ: Ակներև է, որ համաշխարհիկ բաբախումներ չունի իր սիրտը. պզտիկ կամ մեծ, անձնականություններ միայն ունի դեռ. ամբողջովին բնությունով տոգորված չէ. բնությունը գխագիրով (ինչպես պիտի ուզեր ըսել Հարությունյան ճարտարամտորեն), լեռն ու դաշտը, հեղեղատն ու առուն չեն մինակ բնությունը, ըսելու հա±րկ կար:
Փափաքելի էր ուրեմն, որ Մեծարենց ջանար իր էութենեն դուրս ելլել. չէ թե մինակ "Ծիածան"-ի հեղինակը այլ մեր բոլոր բանաստեղծներն ալ մերկանալու են այլևս եսին տաղտկալի ոչնչաբանություններեն. մեկդի թողունք քիչ մը անմարդկային անձնաբանությունները, բաբախելու համար Բնության սիրով. բանաստեղծը Բնության ցոլացումը պետք է ըլլա. թե ոչ բանաստեղծ չէ' իրապես. քերթվածները իբրև բառ պետք է ունենան տերևին թրթռումը, թռչունին դայլայլը, մարդերուն գորովը, դաշտին ու լերան մշտանույն զորությունը: Բանստեղծին ձայնը տիեզերական հարաբերականության մը լարը պետք է ըլլա, բոլոր գոյություններուն համադրական թրթռումովը տրոփուն:
"Ծիածան"-ի գրախոսականներեն մեկը ըլլալու սահմանված այս գրությունը եթե այսքան ուշ կը հրատարակվի, իսկապես ժամանակավրեպ մը չէ սակայն, քանի որ այս "Ինքնադատություն"-ը (ինքնադատության փորձը) կրնա կերպով մը "Նոր տաղեր"-ուն հառաջաբանը նկատվիլ. վասնզի "Ծիածան"-ի հեղինակը գեթ մասամբ իր խոստումը հարգած ու հավատքը իրագործած ըլլալու գիտակցությունը ունի, իրեն և մանավանդ ուրիշներու ուրախության համար:
< 1906, հոկտ. 9 >
Այսօրվան "Ծիածանը" որչա՛փ ալ նախնական ու աղոտ գույներ ունենա իր վրա, առաքելությունն է այն հորդ արևին և բեղուն անձրևին, որ իր հետևը պահած կա:
Հ. Տեր-Հակոբյան
Ահա և «Ծիածանը». թող ծիածանվեն բոլոր զգացումները.
Նորից չեմ տեղադրի այն բանաստեղծությունները, որոնք արդեն կան այդ ժողովածուից:
ԾԻԱԾԱՆ
1903-1906
ԿԱՅԾԵՐ
Հոգվույս դափ ու թմբուկի
Կ’իջնե ծիծաղն այս գիշեր.
Ծնծղաներու պես ցնծուն`
Ծափ կը զարնեն իմ հուշեր:
Բամբիռներու երգին հետ
Քու շահենի աչքերուդ
Ծիրանեծին բոցն հըրուտ
Կ’այրի հոգվույս մեջ նորեն:
Գինով` աննյութ նեկտարեն
Համբույրներուն ծաղկանույշ`
Հոն խոլաբար կը պարեն
Շարժուձևեր բամբիշի:
Ցայգն համրորեն կը մաշի՜,
Ա՜հ, քի́չ մըն ալ, քի՜չ մըն ալ,
Կ’ուզե հոգիս գինովնալ
Նայվածքիդ մեջ հրահոսան:
-
ԻՆՔՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ՄԸ
"ԾԻԱԾԱՆ"-ԻՆ ԱՌԻԹՈՎ
"Ծիածանի"-ի հեղինակը գավառացի երիտասարդ մըն է. Ակնեցի` Մերուժան Պարսամյանին պես, սա՛ տարբերությունով որ մինչ Պարսամյան թոթափած է իր ծննդավայրին ազդեցությունը, Մեծարենցի մեջ տեղ տեղ նշմարելի է անոր հետքը: Բինկյան` Մեծարենցին գյուղը` Արածանիի ափունքը ժեռուտ խորշի մը մեջ ամփոփված է. բայց քերթողին թողունք իր գյուղին նկարագրությունը.
Կիրճին խորը, ժայռին ծոցն է գյուղանըկարը փռված,
Տարտամորեն, հսկայական արծիվի մը ձևերով,
Մագիլները խորասուզած խորշերու մեջ մըթամած:
("Ծիածան",– Այգերգ)
Այս գյուղը` որ իր ծառաստանները ու իր արոտավայրերը իր դիմացը առած նստեր է, թեև ինքնին համակ բանաստեղծություն, զարմանալի է որ ժամանակին չէ ունեցած իր սիրերգակները, աշուղները. իր երգերը ամենն ալ Ակնա մտքին ծնունդներն են` կամ անոնց այլացումները (variante). ուրեմն Մեծարենցին մնացեր է անոնց առաջին "Մտքի գինով"-ը ըլլալու փառքը. սակայն, որքան ալ որ հպարտ զգա ինքզինքը այս մասին, մյուս կողմեն ալ չի կրնա չցավիլ, որ իր հաճույքը անխառն չէ. որովհետև "Ծիածան" իր ծննդավայրին հարազատ ցոլացուցիչը չէ, կամ չէ' կրցած ըլլալ` այքնա¯ն կանուխ բաժնված ըլլալով անկե. ինչ որ մնացած է իր քով անկե, խանդաղատելի մանկականությամբ մը հիշակերտված, անշուշտ չպիտի բավեր հզոր լիություններ արտահայտելու:
Հիմակ որ "Ծիածան"-ին մեջ գյուղին դերը ճշդվեցավ, կարելի է ասել անմիջապես թե իրեն գլխավոր ազդակ եղած են Պոլսի միջավայրը, ֆրանսիական գրականությունը կամ քիչ մըն ալ անգլիականը. այս ազդեցությունները սակայն բացարձակ եղած չեն, քանի որ Մեծարենց անոնց մենամոլությունը ունեցած չէ:
"Ծիածան"-ի հեղինակը կամ Շավասպ Ծիածան, մեր նոր բանաստեղծներուն մեջ նորագույններեն է. 1903-ին սկզբնավորված, ահավասիկ քիչ ատենի մեջ խուրձ մը երգեր կը բերե մեզի. պե՞տք է բարեդեպ նկատել նորագույներուն այդ փութկոտությունը. "Անրջանք"-ի բազմաբեղուն հեղինակը վաղը իր մտքին երկվորյա¯կը պիտի ծնի... մինչ անդին, ավա¯ղ, Գոլանջյան դեռ չէ տրցակած իր երկին նախհունձքը :
Չ’ըլլա՞ որ օր մը այս աճապարկոտները զղջան իրենց եռանդին վրա, ինչպես ըրին երբեմն "Մրմունջք"-ին և "Հիշատակաց ծաղիկներ"-ուն հեղինակները . մեկը իր հատորին "ներողամիտ ընթերցողը ըլլալե ավելի անոր անխնա քննադատը" դարձրավ. իսկ մյուսը "մորուտի սեզեր" կոչեց իր երբեմնի ծաղիկները: Ի¯նչ լեղի հեգնություն ըլլալու է, իրա'վ, տարիներու ճշդացույց ապակիին մեջեն իր պզտիկությունը, իր ոչնչությունը դիտել. բայց այս դառնությունը միևնույն ատեն առողջ քաջալեր մը, զտված հպարտություն մը չէ՞ միթե. միշտ արհամարհել, նույն իսկ ատել կարենալ երկի գոյությունն ու արժանիքը դեպ ի բարեշրջում առնված երջանիկ քայլին մեջ, օ¯հ, ինչքա¯ն զգացված վայելք մը ըլլալու է ասիկա:
"Ծիածան"-ի հեղինակն ալ կրած է անշուշտ այս տպավորությունները, որովհետև իր ընթացքը թվաբանական հառաջատվություն մը եղած է դեպ ի բարելավում, ինչ որ պիտի կրնանք տեսնել հետևելով իր հետզհետեական բարգավաճումներին:
Երբ իր առաջին հրատարակությունները քննենք, կը տարվինք հարցնելու թե արդյոք կանուխ հրապարակ ելած չէ՞ Մեծարենց, և կամ պիտի չշահե՞ր սպասելով որ հակումները զարգանային իր մեջ. և ուժի կատարյալ գիտակցությունով սկսեր իր բանաստեղծական վերթևումներուն. այս հարցումին պատասխանը երևութապես դրական, կ’երկճղի սակայն երբ քիչ մը հոգեբանորեն քննվի խնդիրը. կամ այն է որ իրոք պիտի կրնար առանց հրապարակվելու աճեցնել իր ձգտումները, հակումները ճշդել, խորհրդածել, զարգանալ, լիանա°լ վերջապես. և կամ գուցե իր խարխափանքին մեջ չգտներ լուսավոր ճամբան, զուրկ ըլլալով լավագույնը արտադրելու փառասիրության օրըստօրեական մղումեն, այս մասին բացարձակապես խոսիլ անկարելի է:
Իր առաջին հրատարակությունները, ուրեմն, որոնք իր առաջին արտադրությունները չեն սակայն, ունին իրենց մեջ անարժեքներ. հեղինակը արդեն խոհեմությունը ունեցած է անոնց մեկ մասը կապոցեն դուրս թողնելու, տակավին նետվելիքներ կային անշուշտ, բայց հոս վարանած է հեղինակը, որովհետև իր կարծիքով, ինչպես առիթ պիտի ունենանք տեսնելու, ի'ր կարծիքով այդ զանցառելի հասկերուն թիվը ա'յնքան շատ պիտի ըլլար, որ ... հազիվ քանի մը ատոքներ պիտի մնային: Բայց ասիկա զուտ անձնական կարծիք մըն է, ու սահմանը մը կա` ուրկե անդի անցնելու իրավունք չունի հեղինակը. այդ սահմանը` ոչնչությունները կը գծեն զայն, ուրեմն ինչ որ աչքառու, բացարձակ ոչնչություն մը չէ, հեղինակը արտաքսել չի կրնար. ի՞նչ է որ բանաստեղծին կոչումը. "Բանաստեղծը Սիրո կը նամանի. և իր պաշտոնն է ճամբաները լուսավորել: Անիկա կ’առնե կտանի յուրաքանչյուր հոգի իրեն ճակատագրված վայրերեն և ցույց կու տա անոր հրեշտակային գանձեր": Այսպես կը սահմանե բանաստեղծին դերը Սեն Ժորժ տը Պուելիե` բնութենապաշտներուն ռահվիրան : Որքան ալ որ գեղեցիկ դեր մը արժանավորապես կատարած ըլլալու հավակնությունը ունեցած չըլլար "Ծիածան"-ի հեղինակը, դարձյալ ի՞նչպես չխղճահարեր մտածելով թե իր անարժեք նկատած մեկ ոտանավորը, ո՞վ գիտե, իրմեն շատ ավելի պարզ հոգիի մը համար պզտիկ լուսավոր ճամբա մը պիտի բանար թերևս...
*
* *
Տեսնենք հիմակ թե բանաստեղծին մտքին մեջեն ի՞նչպես ծիածանվեր են հավիտենական զգացումներն ու մտածումները:
Կրնանք երկու շրջանի բաժանել իր ոտանավորներուն շարքը, սկզբնական շրջանը` որ խարխափանքի շրջանն է. և մյուսը` որ քիչ թե շատ գիտակից է ու ինքնավստահ: Իր կանխագույն ոտանավորներուն մեջ, որոնք առաջին շրջանը կը կազմեն, նշմարելի է սկսնակի վեհերոտ թոթափումը. հոն զգացումներն ու անոնց արտահայտությունները սաղմնային անստույգություններ ունին. տեսակ մը տպավորական-նմանողական ազդեցության տակ գրված են անոնք` որ բնավ չեն կրեր եսին ցոլքը, ինքնության դրոշմը. այս կարգեն են, օրինակի համար, այս հատորեն դուրս թողվածները և անոնց անմիջական հաջորդները, ինչպես "Ցայգերգ"ը (Դադրեցան ձայներն ամեն...)` որ սիրային հասարակ ոտանավոր մըն է. նույնիսկ "Եկուր"-ը, "Վայրկյանները", երկու "Աշնանայինն"-ները, "Սեռենատ"-ը և ուրիշ մեկ քանիներ. ասոնց մեջ երբեմն նույնիսկ զգացումը կեղծված է:
Ո՞վ, արդյոք ո՞վ,
Պիտի տանի սրտես հեռու
Վայելքն աղու
Գրգանքներու`
Որոնց հոգիս հափրանքն ունի
կըսե բանաստեղծը, որ վերջեն պիտի երգե հաճախ սպասումը: Չմոռնանք հիշատակել այս առաջին շրջանին հրատարակած ուրիշ երկու ոտանավորներ ալ. "Քուն"-ը և "Ան իմ սիրտս է..."-ն. քննադատ մը "Վեռլենյան վարնոց կեղծարարություն" պատվանունը տված էր ասոնցմե առաջինին, մինչև հոդ երթալու պետք կա՞ր, չեմ գիտեր, ըսելու համար պարզապես, թե այդ ոտանավորը մեծ բան մը չէր արժեր. ես որ Վեռլենը դեռ կարդացած չեմ, փոխանակ ուրախանալու այդ մերձեցումին վրա, պարզապես զարմացա որ ինքնին շա'տ քիչ նշանակություն ունեցող բանաստեղծություն մը Վեռլենին հետ բաղդատության եզր կազմելու կը ծառայեր: Ուրիշ քննադատ մը լալկանություն կը հռչակեր "Ա'ն իմ սիրտս է..."-ն. օ¯հ, աս լալկանություն բառը շա'տ չարչարված է, իրա'վ որ. մեկը որ մեր բանաստեղծները դատափետելու մարմաջեն կը բռնվի, երգիծանքը բանաստեղծութենեն զանազանել չկրցող օրիորդ մը ըլլա ան թե հարգելի եկեղեցական մը, նեցուկ մը ունի արդեն պատրաստ` "լալկանություն"-ը, չե'մ ջատագովեր երբեք, ու մանավանդ կ’ատեմ, անջիղ, հիվանդագին ու մանավանդ ուզված, բռնադատված տխրությունը. սակայն մյուս կողմեն չմոռնանք ալ հոգեկան տրամադրություններն ու պարագաները` որոնց տակ կ’արտադրվին էապես զգացված տխրությունները: Դառնալով հիշված ոտանավորներին, ըսեմ դարձյալ թե հեղինակին աչքին մեծ բան մը չ’երևար անիկա. ու հետո, պզտիկ մեջբերում մըն ալ, եթե չեք ձանձրանար.
... Թույլ խազերու մեղկություններ չունի ան,
Այլ կը սահին հզոր կուրծքին բյուր ձայներ,
Բամբ թառանչներ` հոծ ու մըռայլ,
Հովն երբ պոնդեր կու տա նամետ գիշերին:
(գիշերը` Եվոլյան տավիղի նմանեցված)
Ակնածանքով դիտել կու տամ թե ասիկա լալկանություն չէ' երբեք: Այս հիշվածներուն հատուկ սովորականութենեն շեղված են "Սոնադին"-ը, "Նոպաներ"-ը, "Թրթռումներ"-ը. առաջին երկուքը զորեղ, իսկ երրորդը` վճիտ ու խորհրդավոր:
Երկրորդ շրջանին մեջ բանաստեղծը կը ցնցվի, քիչ մը ու փոփոխություններ կը կրե, թեև դեռ չի կրնար ամբողջովին սկրթել նետել սովորականությունը, ու երբեմն բոլորովին կ’ենթարկվի անոր` ինչպես "Աղերսանք"-ին մեջ: Իր սիրերգությունները` այս շրջանին` կը դադրին ձուլված բաներ ըլլալե. և կ’սկսի իր սերը միշտ բնագեղ տեսարանով մը շրջանակել. զգացումին ընկերացող տեսարան մը կա, և կամ տեսարանեն վերջ զգացումը կու գա.
Իրիկունը արագորեն կը խոնարհի դեպ ի խավար.
Բուրմունքներու հաշիշն հոգվույս մեջ կը ցանե հեշտանք մը թույլ,
Երգի խազեր կը կրքոտին տակավ տենդոտ, հուզումնավար.
հետո.
Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն...
ուրիշ օրինակ մը նախ.
Սարերուն մեջ կը կոծկոծի այգուն` կոչնակը վանքին,
Եղնիկները` մըթնշաղին` դեպ ի գետափ կը դիմեն.
հետո.
Ես կ’երազեմ ծառերուն տակ ու կըսպասեմ խոլաբար
Լույս-պարիկին` որ իղձերս պսակելու պիտի գար:
Եվ ուրիշ մըն ալ` որ սապես կը սկսի.
Այգն է ծաղիկ երազով լի, ու բալաձիգ` թեթևորեն.
Մշուշն անծալ ջրվեժի պես ամբարտակեն վար կը հոսի,
Իր չըփույթին մեջ կը շիկնի ոսկի աղջիկն արշալույսի.
և ապա.
Քիչ մըն ալ դո'ւն ժպտեիր, ա¯հ, հոգվույս համար որ հիվանդ է.
Նայվածքի խաղ` որով դառնա աշխարհն ինծի ծափ ու ծաղիկ:
Ասոնցմե զատ ունի զուտ նկարագրական ոտանավորներ` որոնք զինքը կը բնորոշեն: Այսպես` "Ցնորոտ անդորրություններ"-ը.
Հեշտ փալփլուն գիշերներու անդորրություն մը ցնորական...
Ցայգն է ժայթքած իր շողակի շատըրվաններն անրջական.
Շանթե աչքեր, բոցե թևեր մտածումիս կ’անցնեն քովեն.
Դաշտերուն վրա հարսնուկներու բոսոր իղձերը կը ցամքին.
"Աքասիաներու շուքին տակ"-ը` քնքույշ.
Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե
Բուրումներով օծուն հովիկն իրիկվան,
Հոգիներուն կ’իջնե երազ մը բուրյան.
Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե,
Վըճիտ` ինչպես լույսե արցունքը մանկան.
"Գետափի երազանք"-ը` արևոտ ու բուրումնավետ.
Գյուղն համորեն կը մըրափե ծոցն արևոտ ժայռերուն.
Տիվանդորրի պահն ըմպած է մեղկ հեշտություն մը սյուքի.
Գետեզերյա ծառաստաններ, միջօրետքի այս պահուն,
Ինձ անծանոթ թավուտքներեն կը խրկեն բույրն հեշտանքի...
"Երազի պահեր"-ը` գիշերով ու երազով լի.
Մտածումը, ինչպես ճամբորդ ուղեկորույս,
Կանցնի փութով, անձկագին,
Մերթ լուսավետ ու մերթ անլույս
Ճամբաներեն իմ մտքին:
Ու կը հոսի գիշերն ինչպես ծով անհուն
Դեպ ի ափունքն երազիս:
"Տապի նոպաներ"-ը` տապագին ու բարբարիկ.
Արեգակի բորբ ընձյուղներ կ’այրեն ամեն իր անխընա.
Ամենուրեք կը խըլրտի նոպան տապին տախտապարող.
Շինականներ արևահար ծերունի մը գյուղակ տարին.
Բայց կը տևե դեռ ցորեկին բազմալեզու տենդն հրավառ:
"Հովին անցք"-ը` միստիք ու երկյուղալի.
Անդնդագալար օվկիանի պես
Կ’ուռի այս գիշեր հովն ալիք ալիք,
Կը ծծեմ լեղի սարսափն իր ճամբուն...
Ե՞րբ պիտի հասնի իր հանգըրվանին
Արհավրոտ Ուխտին այս գոռ կարավան.
Մարած է քրքում լույսը լամպարիս
Հորդող մութին մեջ հևալով տրտում.
Ա¯հ քու'կդ եմ, ո'վ ձայն, ո¯վ միստիք ցնցում,
Մինչ դու կաթոգին հոգվույս կը փարիս:
"Սիրերգ"-ը, "Պետրոս Դուրյան"-ը, "Վերադարձի երգ"-ը, եթե ոչ հասարակ, գեթ հասարակ կերպով արտահայտված են: "Մթնշաղներ"-ը, "Այգերգ"-ը, հիվանդագին, ընկճող տխրություն մը ունին` որ քիչ մը կարդարանա թերևս սա' նկատումով, թե ճշմարիտ հիվանդ մըն է խոսողը, ասոնցմե տարբեր է անշուշտ "Արևին"-ը` սանձարձակ բանաստեղծություն մը` ուր հեշտագին, գրեթե այրող ջերմություն մը կա:
Գիշերերգությունները, լուսավետ կամ մթաստվեր, երկար տողանցք մը կը գծեն ամբողջ հատորին մեջ: Գիշերը երկար ատեն իր ազդեցության, իր խանդաղատանքին մեջ պահած է բանաստեղծը. սկիզբները քաղցր ու զվարթ է անոր գրգանքը.
Գիշերն անու¯յշ է, գիշերն հեշտագի¯ն.
կամ.
Քերթված մըն է ցայգն համորեն, ջի¯նջ գեղոն`
Որ կ’երփներգե ծափ ու ծիծաղ ու ծաղիկ.
և կամ.
Ցայգն է պայծառ անհունորեն,
Ցոլցլանքովն իր խոլապար.
Օդանույշներ` որ մեղմաբար
Կը մոտենան հոգվույս նորեն:
Պարզկա ցայգուն անուրջին մեջ
Լըվալ կ’ուզեմ հիմակ հոգիս.
Եվ հըրահրիլ` երբեմնի շեջ
Աշտանակներն իմ երազիս:
("Ցայգն է պայծառ...")
Գիշերին մեջ չէ՞ ապաքեն, որ երազները ավելի վառ ու արագ վերթևումներ կ’ունենան. գիշերին մեջ, ուր շրջանկարը ա¯յնքան հմայիչ կ’ըլլա, և սպասումը` ա¯յնքան քաղցրորեն տաժանագին.
Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն,
Ու շրթունքներս են բոցավառ` ջերմութենեն երազային.
Փա¯կ են
-
ԿՅԱՆՔԻ ԵՐԳԸ
Ահաբեկիչ կնճիռներուն մեջ կյանքին
Լալահառաչ, սուր հծծյուններ ինձ ըսին.
«Ամեն հույսեր մեծ պարապին կը հանգին,
Ունայնություն մը կը պրկե կյանքը սին:
Ամեն ծաղիկ խամրում մ’ունի իրեն մոտ.
Ու ամեն կյանք` մութ ստվեր մը իր ետին.
Ծաղիկներու բուրումին պես խնկահոտ
Ամեն հույսեր դեռ չըծլած կ’անհետին»:
Բայց մխացող խոհերուս մեջ ծիրանի
Լույս մը հանկարծ սըպրդեցավ շողալով,
Կյանքի փարփառ երգն ոսկեսար, գեղանի,
Որուն ցվերջ ունկնդրեցի դողալով:
«Տխուր ողբեր թող չքանդեն քեզ,– ըսավ,–
Թող չցնդին ոսկի հույսերդ ցիրուցան.
Իր վերջն ունի ամեն կնճիռ, ամեն ցավ`
Զինք մոռցնող ժպիտները լուսացան:
Ահա ի՛նչպես, տես, կապույտն ալ կամարին
Մերթ ամպերու գորշությունով կ’աղարտի,
Անձրևին տակ իր ժպիտներն կը մարին,
Անձրևն,– այդ լաց,– սակայն երգն է ավարտի:
Ամեն անձրև արև մ’ունի իրմեն վերջ,
Ինչպես ամեն լաց իր ժպիտն արփենի.
Ու տևական ուրախություն մը միշտ պերճ
Պիտ’ հաջորդե ժպիտներուն երբեմնի»:
1903, հունվար
ՀԻՎԱՆԴԻ ՀԵՎՔԵՐ
(Ցայգերգ)
I
Վանդակին մեջ փակված հեք
Թռչնիկին պես մենավոր,
Բանտըվեցան սրտիս սեգ,
Վարդ բաղձանքները բոլոր:
Դուրսն ամեն բան կը խայտա,
Ծառ ու ծաղիկ կամ դալար.
Սրտիս մեջ սև պար մը կա
Նվագներու տրտմալար:
Թռչնոց ճիչին պես հիմար
Եվ նվաղկոտ կ’երկերին,
Թույլ խաղերու մեջ տկար`
Մութ երգերս կ’երկարին:
II
Լուռ քերթված մը կապույտի
Կ’երգե ցայգը լուսավոր.
Լույս երգերով կը ժպտի
Ցերեկներուն հոծ ժըխոր:
Մայթին վրա մոտավոր
Քայլերը միշտ կը շտապեն.
Արձագանգ մը հեռավոր
Թողլով իրենց ըշտապեն.
Կապված անոնց շշուկին
Կու լա սիրտս սըգավոր,
Խուլ թափի մը մեջ ուժգին:
Պատուհանեն հեռավոր,
Երգեհոնի ձայնը մը ցունց
Կը հանե սիրտըս տխուր.
Իր շեշտերուն թափն ու ցունց
Կը խռովեն զիս անլուր:
III
Անշարժ կեցած մեկուսի
Կը հեծեծեմ սգավոր.
«Վայելքն ինձմե կը խուսի,
Կը հատնի կյանքն օրե օր:
Պիտի ըլլա՞ օր մ’արդյոք,
Որ դառնամ հին օրերուս.
Պիտի շնչե՞մ լիաթոք
Զվարթությունն անոնց կույս…»:
Բայց բնության հըրճվանքեն
Հույս ու ժպիտ կը քաղեմ.
Լույսեր հանկարծ կը ճեղքեն
Մտածումներս դժխեմ:
Եվ անուրջներ ոսկեզօծ`
Լուռ` մտքիս մեջ կը պարեն,
Դուրս վանելով անոնց հոծ
Թուխպը լույսի փապարեն:
1903, հունվար 29, 30, 31
ԴԵՂԻՆ ՎԱՐԴԵՐ
Փթթեցե´ք միշտ, դեղին վարդեր, լքվա՜ծ վարդեր,
Խորհրդանիշն առանձնացած հոգիներու.
Միշտ կը հուզեք դուք իմ հոգիս խռովքով մ’աղու,
Անհուսության դալուկն հագած տժգույն վարդեր:
Անհուսության դալուկն հագած տժգո՜ւյն վարդեր,
Զձեզ հավետ պիտի սիրեմ ես սրտագին.
Ու միշտ սիրել պիտի չուզե իմ դառն հոգին,
Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր:
Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր
– Սուր հեգնանք մը ցավով ճմլած հոգիներու,
Ինծի երբեք անույշ հրապույր մը չեն ազդեր…
– Կույս ու զվարթ երանությամբ օծված վարդեր,
Երգեցե´ք միշտ ընկճվածի երգերն աղու,
Լքված հոգվոց դուք մըտերիմ, տժգո՜ւյն վարդեր:
1902, մայիս
ՀԻՇԱՏԱԿ
Գիշեր է լուռ, մութը պատած է չորս դին,
Մըտածում մը կը սավառնի վեր, ետին,
Ստվերամած ու մթասքող ամպերուն.
Եվ կիսատված խուրհուրդներս թև կառնուն.
Մըտածում մը կը սավառնի վեր, հեռո՜ւն,
Խորհրդավոր քողարկումի մութին տակ.
Ու աչքերս խորհրդամած, սևեռուն,
Բյուր խորհուրդներ կը բերեն ինձ անհատակ.
Խորհրդավոր քողարկումի մութին տակ
Լուռ անձկություն մը կը պրկե զիս հանկարծ.
Կ’արթըննա մեջըս բյուրավոր հիշատակ:
Լուռ անձկություն մը կը պրկե զիս հանկարծ.
Մութը խորին, ու բույլ մ’անշեջ հիշատակ
Սարսուռներով կը համակեն զիս հանկարծ:
1902, հունիս
ՏԵՂԱՏԱՐԱՓ
Մութ մը թանձր ու հոծ պատեր է չորս դին.
Ամեհի հևքը կը լսվի ծովուն.
Տենդեր, բյուրավոր խորհուրդներ մթին
Կը ցնցեն հանկարծ միտքըս վրդովուն:
Օձաձև լույսի երիզներ ճերմակ
Կը փայլատակեն շողյունով արագ.
Եվ որոտումներ, ահավոր համակ,
Գոռ դըղրդումներ կը տեղան վայրագ:
Հորդ անձրևներու տարափներ թոնուտ
Խոլ ջրվեժներով մայթը կը ծեծեն
Խառնակ շողյուն մը երկարելով բութ`
Իրենց մոլոգին ու վայրագ ծեծեն:
Իմ սիրտս ալ տրոփուն կը փղձկի հանկարծ,
Եվ զայն կը ծեծեն հույզեր անհամար.
Անհաս տենչերու ճիգեր մշտարծարծ
Կը լուսավորեն իր մռայլ կամար:
1903, փետրվար. 12
ԱՆԴԱՐՁ
Գյուղին արևը կը հատնի լռին.
Նեղ արահետեն, մոտեն բլուրին,
Կապույտ-Դարն ի վեր դագաղ կը տանին.
Հոն կը նիրհե խոր, դժբախտ պատանին,
Ճերմակով հագված անդա՜րձ ուղևոր:
Ճերմակով հագված անդարձ ուղևոր,
Կը թողու հայր մ’ու մայր մը սըգավոր
Սև օճախի մը մեկ հատիկ բոցն ալ`
Ցուրտ հովեն փչված պիտ’ չըշողա ալ.
Խրճիթն ալ պիտի մխա օրե օր:
Խրճիթն ալ պիտի մխա օրե օր,
Ինչպես գիշերն որ կը խոկա տխուր,
Արագ խուսափումն արևին փարփառ`
Զոր ուրվականներ տարին անբարբառ,
Բոց դրոշներով, ցնցումով կարմիր:
Բոց դրոշներով, ցնցումով կարմիր,
Այգուն կը տոնեն սեգ վերադարձն իր,
Ու սև պրկումներ զայն շուտ կը թողուն:
Բայց կսկիծը սուր, սուգը վրդովուն,
Ճերմակ պատանքն ա՜լ չեն քակվիր տղուն:
1903, փետրվար 15
-
Վերջին տեղադրածս գործերի անորակության համար հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, ինքս էլ չեմ հասկանում` ինչն է դրա պատճառը. եթե հնարավոր է, կխնդրեի դրանք ջնջել, իսկ ես կփորձեմ մյուս անգամ ուշադիր լինել:
Իսկ հիմա կտեղադրեմ Մեծարենցի առաջին ժողովածուն, իհարկե դուրս հանելով նրանք, որոնք արդեն կան այստեղ.
ԲԱԲԱԽՈՒՄՆԵՐ
< 1901-1903 >
ԳԻՇԵՐԻՆ ԵՐԱԶԱՆՔԸ
Աղջամուղջին մեջ գիշերը կ’երազե
Պայծառ այգուն վառ շրթները կեռասե.
Ու ցնծության լույս աստղերը կը ժպտին
Հրաշափառ գոգն հրճվանքի կապույտին.
Բայց երբեմն ալ մղձավանջի մը մեջ թունդ
Գիշերն այգը կ’երազե զերթ անդունդ.
Ու հևքեն վերջ ոռնումներու բիրտ հովին
Անձրևի հորդ արցունքերը կը թորին:
1903, հունվար
ՀԻՇԱՏԱԿԸ
Կ. Մկրտիչյանի հիշատակին
Ձմրան ցրտին հովերեն վերջ
Զըվարթ գարունը ժպտեցավ.
Ընձյուղեցան թուփերն ու պերճ
Ծաղիկները ծլան կարգավ.
Բայց հիշատակն անոր, ավա՜ղ,
Հողին տակը թաղված մնաց.
Լքված հոգվույն անունը վաղ
Մոռացոնքի վիհին գնաց:
1902, հոկտեմբեր
ՓՈՒՆՋԵՐԸ
Գ. Շահինյանի հիշատակին
Դեռ չողջունած երազներու ջինջ առտուն`
Հովեն փչված մոմի մը պես շիջար դուն:
Տերևին հետ հովերն ըզքեզ ալ տարին
Միացընել մահվան ահեղ շրջպարին:
Հիշատակի ծաղիկներու փունջեր թարմ
Քու շիրիմիդ վըրա սփռել կ’ուղարկեմ.
Փունջեր ցողված արցունքներուս շիթերեն,
Զոր հեռավոր բարեկամեդ կը բերեն:
<1903, հունվար>
ՆՈՐ ՏԱՐԻՆ
Այս գիշեր հագված, սգված նոր տարին
Առտվան լույսին կըսպասե տենդոտ.
Ոգիներ անդարձ կորզեցին տարի՜ն
Մեր գիրկեն հինին ձայները ծանոթ:
Նոր տարվա ընծա պայծառ լուսինկան
Սազեր է գյուղին լեռները բոլոր.
Երգերը ծերին, ճիչերը մանկան
Կ’արձագանքեն թունդ խազերով մոլոր:
Իղձերու շարք մը պլլված սրտին`
Վառ հույզերու մեջ կ’օրրե զայն ուժգին.
Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ
Կը ծփան սիրտերը ըղձանքներու մեջ:
Գիշերվա վերջին պահերուն լռին
Ձայներն ու լույսեր հանկարծ կը մարին.
Եվ բեհեզներովն կապույտ կամարին
Պճնըված աշխարհ կու գա նոր տարին:
1902, դեկտեմբեր
ԱՍՏՂԵՐԸ
Լույսի բիծեր ծիրանի
Կ’ասղնտեն քողքը մութին.
Լուսնի ցոլքեր կ’անհետին
Խորքը ծովուն հոլանի:
Կապույտը կը ծածանի
Կամարին ջինջ ու հանդարտ.
Հրապույրն անոր գեղանի
Կ’առինքնե աչքերն անթարթ:
*
* *
Աստղերը լուռ կը հալին
Մութին մեջ մինչև առտու.
Նման ցավոտ սրտերու,
Որ թաղված են առանձին:
Անշեջ հուրքով մը վառած
Կայրին անոնք հավիտյան.
Իրենց վիշտը միշտ կու լան
Լույս արցունքով տխրամած:
1902, դեկտեմբեր
ԱՐԵՎԱԳԱԼԸ
Հորիզոնեն վար լույսի պար մը կ’իջնե,
Ընդելուզված` ճաճանչներով ոսկեհյուս.
Շուտ կ’անհետի մութն ու խավար կու տա խույս,
Աշխարհ արփվույն հուր գալուստը կ’ողջունե:
Կենդանություն կը հագնին դաշտ ու լեռներ,
Զվարթ երգերը միշտ կը լսվին գեղջուկին.
Ու զմրուխտի, ադամանդի երանգներ
Կը փողփողին մեջը լույսի վառ գըրկին:
Խորհուրդներու մռայլը շուտ կը մարի,
Բնության այս հըրատ զարթոնքին հանդեպ,
Ու կը հրճվի հուսահատ սիրտը կարի՜:
Կը սրբըվին թոնուտ աչքերը տխուր,
Ուրախության ժպիտներուն տակ անհուն.
Ցնծուն երգով կը լեցվի սիրտը թափուր:
< 1901, հունիս >
-
Katranide,
շնորհակալություն:
Հուսով եմ, որ շուտով այստեղ կկարդանք «Հարճը»:
Փա՜ռք մեծազոր կենցաղին ասպետական դարերուն՝
Ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորությունը արբուն,
Եվ խորհրդանիշը անմահ Գեղեցիկին, Զորության՝
Փրփուրներու Դիցուհին՝ ըստինքներով ռոշնական...
Կհիանանք կաքավող Նազենիկի պարով, որ «զերգեր ձեռամբ»:
Ան կը ճախրե՜,կը ճախրե՜, կատաղորեն կը ճախրե՜:
Երբոր ետև կը թեքի՝ կուրծքին վըրա հոյաշեն
Բըլուրի պես կը դիզվին ըստինքներն իր սարսռալեն:
Եվ վարսերն իր վիժանուտ, ուսերն ի վար հոսելով,
Կ'երթան փրփրիլ հատակին, հոն կազմելով ոսկի ծով,
Ան կը ճախրե՜,կը ճախրե՜, սանձակոտոր կը ճախրե՜...
Եվ, իհարկե, հարճին պետք է հետևի «Ո՜վ, Լալագե»-ն:
Իսկ հետո՝ հայ բանաստեղծության երկրորդ հանճարեղ «Տրտունջք»-ը
Ըզգալու համար ցավն հաճույքին և հաճույքները ցավին:
Շատ ուրախ եմ, որ գոհացրի Ձեզ, մյուս անգամ արդեն «Հեթանոս երգերը», բայց ես կաշխատեմ հաջորդականությունը չխախտել, իսկ «Գողգոթայի ծաղիկներին» կանդրադառնամ ավելի ուշ, թեպետ այդ շարքից բանաստեղծություններ արդեն այստեղ կան…
-
23. ԳՈՒՌԸ
Իրիկվան մեջ, գյուղին քով,
Կը մըրմընջե գուռն ուռիին տակ շըքեղ:
Զայն կը լեցնե աղբյուրին երգովը բյուրեղ,
Աստղը` բյուրեղ արցունքով:
Խորհուրդին մեջ ըստվերին
Կընունքի ջինջ ավազան մ’է կարծես ան`
Ուր քաղցրորեն կը մըկըրտվի լուսնկան`
Տըղու մը պես նորածին:
Հոգնաբեկ խումբն եզներուն
Հոն կը դիմե արահետեն ճախճախուտ`
Ուրկե կը հոսի, ճապաղելով, ջուրն անփույթ`
Մարգերուն տակ` պըսպըղուն:
Կողեր կողի դեմ ահա՛,
Եվ գավակներ գավակներու կ’ընդհարին.
Հանկարծ մոլուցք մ’եղջյուրներու ահագին
Կը տատանի գուռին վրա:
Միահաղույն կ’երկարեն
Վիզերն իրենց, և ռունգերնին հարդամած
Հըստակ ջուրին ադամանդին մեջ մըխած`
Հավերժորե՜ն կը խըմեն:
Կ’ըմպեն ալիքն անապակ,
Լույս ծյուրումը պարեխներուն սառնակերտ.
Ու չե՛ն խըրչտիր լուսնկայեն` որ մերթ մերթ
Կ’լողա իրենց բերնին տակ:
Կը վերցընեն երբեմն, հա՛գ,
Հըզոր գլուխնին, ու կը նային սարերո՜ւն…
Կը սորսորա իրենց դունչեն` քարերուն`
Ջուրը, երակ առ երակ:
Անդեորդն, հոն, մահակին
Վըրա կըռթնած` կը սուլե երգն հեշտօրոր,
Մինչև վետ վետ ցամքե հեղուկը բոլոր,
Մընա մամուռն` հատակին:
Կ’երթան հետո, օրորուն,
Գոմին խաղաղ գավիթին մեջ պառկելու.
Կը կարկաջե գյուղամեջեն, զերդ առու,
Զանգակն իրենց վիզերուն:
Ու երբ դարձյալ գան առտուն
Պիտի գըտնեն հըսկումին տակ ուռիին
Գուռը նորե՜ն լեցված երգովն աղբյուրին,
Եվ արցունքովն աստղերուն:
24. ԵՐՆՈՒՄ
Իրիկվան մեջ հովերն հևուն
Երբ դուրս կ’ելլեն քարայրներեն`
Մեկ ծայրեն մյուսը կալերուն
Ա՛լ կամնըված հունձքը կ’երնեն`
Հըծծելով երգն Աշխատության.
–Երնե՛, էրան, երնե՛, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:–
Հարս ու աղջիկ, պարմանիներ,
(Ժըպտուն վարդեր մասուրի քով)
Իրենց ձեռքին հոսելիներ
Կը ճեղքեն թեղն, հույսերու բով.
Ու կը պոռթկա երգն հաղթական.
–Երնե՛, էրան, երնե՛, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:–
Ժիր շարքերուն մեջ ի՜նչ խուճապ
Ելլող իջնող բազուկներու…
Հեղեղներ են` որ հապշտապ
Վեր կը նետվին` սաթ տեղալու.
Ու կ’եռա երգն ալետատան.
–Երնե՛, էրան, երնե՛, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:–
Հովեր կ’անցնին, խարտիշահեր,
Թողլով որ վա՛րը երկարին
Հարդգողի լույս ճանապարհներ`
Ու սարյակներ կը թափառին`
Սուլելով երգը ցընծության.
–Երնե՛, էրան, երնե՛, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:–
Ուսերե վեր ի՜նչ փոթորիկ,
Ի՜նչ փաղփումներ մազերու մեջ…
Ցորենին հետ, հատիկ հատիկ,
Կը թափի ցողն իրիկվան գեջ:
Ու կ’ըղձա երգն երանության.
–Երնե՛, էրան, երնե՛, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:–
Ու երբ ոսկվով ծեփվին կալեր.
Հարսերն ոսկի քողեր առնեն,
Եվ ցորյանի ձուլվին սարեր`
Զոր գա լուսնակն օրհնել վերեն`
Պիտի նվաղի երգն աղվական.
–Երնե՛, էրան, երնե՛, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:
25. ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ
Ափ մը ցորյան ափերուդ մեջ
Թող լեցընեմ, կըտրի՛ճ Որդիս.
Կըտրիճ Որդիս, գոտի՛ն մեջքիս
Թող մաճակալ բազուկներեդ
Քըսան ցուլի արյուն անցնի,
Եվ եղևնի քու հասակեդ
Քըսան տունի սյունը կանգնի.
Ու երբ թիվովը մատերուդ
Սերմանես քու սերմընցուն`
Հընձես թիվո՜վն աստղերուն:
Ափ մը ցորյան գըլուխդ ի վար
Թող որ թափեմ, Թոռնի՛կ սիրված,
Թոռնիկ սիրված, ցո՛ւպըս ծաղկած.
Թող ճակատիդ վըա գըրվի
Հարյուր սաղմոս իմաստության,
Եվ ուսերուդ վըրա դըրվի
Տապանակը ըզգաստության.
Ու երբ հոտիդ օր մ’այցելես`
Թող քու ափիդ գարիին
Հազա՜ր ոչխար երկարին:
Ափ մը ցորյան մազերուդ մեջ
Թող որ տեղամ, վա՛րդ Թոռնուհիս,
Վարդ Թոռնուհիս, պըսա՛կ շիրմիս.
Թող այտերուդ վըրա շողան
Ամեն գարուն նո՛ր կակաչներ,
Եվ աչքերուդ մեջը լողան
Ամեն ամառ նո՛ր ճաճանչներ.
Ու երբ տընկես ճյուղ մ’ուռիի
Ամեն ապրիլ դուն տեսնես
Իր շուքին տակ կանա՜նչ քեզ:
Ափ մը ցորյան ծոցերուդ մեջ
Թող որ ցանեմ, Հա՛րսըս աղվոր,
Հարսըս աղվոր, սե՜րս հեռավոր.
Թող անկողնիդ ակոսին մեջ
Հասկ մը ծըլի` լըման շարքով,
Եվ օրորած օրոցքիդ մեջ
Արշալույսնե՜ր նընջեն փառքով,
Ու երբ կըթես քառսուն երինջ
Դույլերուդ մեջ մակըրդի
Կաթը` արծաթ, դալն` ոսկի:
Ափ մը ցորյան, ափ մը ցորյան
Ա՜յ իմ պառավ, ա՜յ իմ Աննա,
Մեր գըլխուն ալ թող որ տեղա.
Թող չըսառի՜ արևն աշնան
Մեր մազերուն ձյուներուն մեջ.
Չը մարի՜ մեր մոմն իրիկվան
Ժամուն մարմար սյուներուն մեջ`
Ու երբ դրվինք ա՛լ գերեզման`
Մեր ներքև հո՛ղը, Աննա՛,
Քիչ մը կակո՜ւղ թող ըլլա:
26. ՎԵՐԱԴԱՐՁ
Այս իրիկուն ձեզի կուգանք, ե՜րգ երգելով,
Լուսնակ ճամբով,
Ո՛վ գյուղակներ, գյուղակներ.
Ձեր բակերուն մեջ ամեն
Թող գամփըռներն արթըննան,
Եվ աղբյուրները որեն
Դույլերու մեջ քրքըջան.
Ձեր տոներուն համար դաշտեն` մաղերով
Վարդ ենք բերեր` խաղերով:
Այս իրիկուն ձեզի կուգանք, սե՜ր երգելով,
Սարի ճամբով,
Ո՛վ հյուղակներ, հյուղակներ.
Եղջյուրներուն դեմ եզին
Թող ա՛լ բացվին ձեր դուռներ,
Թոնիրը մխա, պըսակվին
Կապույտ ծուխով կըտուրներ.
Ահա ձեզի հարսերը` նո՜ր մանչերով`
Կաթ են բերեր` փարչերով:
Այս իրիկուն ձեզի կուգանք, հո՜ւյսն երգելով,
Արտի ճամբով,
Ո՛վ մարագներ, մարագներ.
Ձեր պատերուն մեջ խավար
Թող նոր արև նըշողե,
Երդիկներուն վրա դալար
Լուսնակն ալյուր թող մաղե.
Ահա ձեզի բերեր են խար` խուրձերով
Հարդը` անույշ ուրցերով:
Այս իրիկուն ձեզի կուգանք, հա՜ցն երգելով,
Կալի ճամբով,
Ո՛վ ամբարներ, ամբարներ.
Փեր մութ ծոցին մեջ հըսկա
Թող բերկրության շող ցաթի.
Սարդոստայնը ձեր վըրա
Թող ըլլա քող մ’արծաթի.
Զի բերեր են սայլե՜ր, սայլե՜ր շարքերով
Ցորե՜նն` հազար պարկերով:
27. ԱՄԲԱՐՆԵՐ
Տընակին մեջ մըթըշաղ, կըտուրին տակ հայրական.
Ամբարնե՜րն են, շար ի շար, նոր բերքերով ծոցվորած:
Իրենց լայնշի արգանդեն` թանձր բույրերը կու գան
Աշուններուն պըտղալից և արտերուն մանգաղված:
Հո՛ն է վիգը թըխահատ, հո՛ն է գարին իլաձև.
Հո՛ն, քամվելով ակոսեն ու հոսելով սարն ի վար
Ցորյանն հեղե՜ղ է կազմեր: Անոնք ոսկի և արև
Գըրկած կարծես թե ըլլան արշալույսներ ամպածրար:
Գերաններեն ծըխապատ, և մենավոր պատերեն
Սարդն անոնց վրա է փըռեր պատմուճանները մոխրոտ:
Մերթ անոնց վրա կը ցաթե շեշտակի լույս մը վերեն
Տատամսելե վերջ երկա՜ր շուրջն երդիկին արևոտ:
Անոնք իրենց ծոցին մեջ գանձերն հողին ծըրարած`
Կարծես լըռիկ կը հեգնեն ձըմեռն ու սովը վաղվան…
Իրենց առջև, մըշտարթու, թավ պոչին մեջ ծըվարած,
Կը հըսկե տանը կատուն, Համբարուի մը նըման:
28. ՄԱՐԱԳՆԵՐ
Առվույտի՛ մարագ, լեցուն բույրերով
Խունկի, հաշիշի.
Երբ դուռըդ բանամ` ցուլերը բոլոր
Ճակատով լայնշի
Կը պոչոռեն, խո՛լ, կըտրելով իրենց
Վըզտեքը կաշի:
Ոլոռնի՛ մարագ, լեցուն լեռնաբույր
Հազար ծաղիկով.
Երբ մըսուրներուն խուրձերըդ տանիմ
Կողով առ կողով`
Կը խընկե ծոցիս, թեզանիքիս մեջ
Համեմդ` օրերով:
Հարդերո՛ւ մարագ, երդիքեն նայող
Արևով լեցուն.
Դու` որուն կակուղ դեզին վրա պառկած
Կը ցըկնի կատուն,
Դու` որ կ’արծաթես դունչը գառներուս
Օրհնյա՜լ ըլլաս դուն:
29. ԱՂՈՐԻՔ
Է՜յ աղորիք, դարձի՛ր, դարձիր,
Նըստած կանանչ խորը ձորին.
Աղաղակե՛ երգըդ խորին
Դեպի լուսնակն արծաթածիր:
Դուն դողդոջուն տընակ մըն ես
Ալյուրոտած պատերով` ուր
Կարծես կու լան հիազարհուր
Ջըրանույշներ հագած բեհեզ:
Միշտ կը հըսկե մեջըդ արթուն,
Աղորեպանը ճեփ-ճերմակ.
Եվ ըստ պետքի` մեղմ կամ արագ`
Կը լարե սի՛րտըդ բաբախուն:
Է՜յ աղորիք, բանտվա՛ծ մրրիկ
Ծառերուն մեջ. Աղա՛, աղա՛,
Փըրփուր խըմե՛, ալյուր տեղա՛.
Քարե կուրծքեդ տեղա՛ բարիք:
Կեցո՛ւր գետակն ընթացքին մեջ
Իր ծըփանուտ բաշեն բըռնած:
Ջըրվեժն ահեղ երգի փոխած
Պոռթկա վիհեն վար գահավեժ:
Սայլե՜ր, սայլե՜ր անծայրածիր
Ջաղացքներուն ճերմակ ճամբեն
Աղոնն իրենց քեզ կը բերեն…
Է՜յ աղորիք, դարձի՛ր, դարձիր:
Ցորեններ թող ալյուր ըլլան
Պորտին մեջ ժիր երկաններուն`
Որոնք բռնված տենդով մ’անհուն
Կը մըռըլտան ու հիռ կու գան:
Ցորեններ թող ըլլան փոշի
Զիրար գըրկող քարերուն տակ.
Զիրար կըրծող ժայռերուն տակ
Ցորեններ թող ըլլան նաշիհ:
Մինչև լեցվին շարան շարան
Պարկերն, ու վե՛ր կանգնին նորեն.
Եվ սայլերն ալ ճըռվողելեն
Ոսկի թողած լույսով դառնան:
Եվ մեկ էլ այս բանաստեղծությունը, որ թեպետ «Հացին երգը» շարքից չէ, բայց ես չեմ ուզում տարանջատել նրանից, քանզի այն կարող էր և՛ որպես նախերգ, և՛ որպես վերջերգ դառնալ շարքի համար.
ԱՆԴԱՍՏԱՆ
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղություն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քըրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հընչե կոչնակն ամեն գյուղակի`
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմըտյան կողմն աշխարհի
Բերրիութո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին`
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատությո՜ւն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աշուններուն երբ բացվի`
Բերկըրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պըտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թըխեն հարսերը հացը բարի`
Սիրերգությո՜ւն թող ըլլա:
-
Քանի որ խոստացել էի շարունակել «Հացին երգը», նախ ավարտեմ սա, իսկ մյուս անգամ մեծ հաճույքով կանդրադառնամ «Հեթանոս երգեր»-ին ու, անշուշտ, «Հարճը», եթե դրա անհրաժեշտությունը կա:
15. ՀՈՒՆՁՔ ԿԸ ԺՈՂՎԵՄ…
Հունձք կը ժողվեմ մանգաղով,
–Լուսնակը յարս է–
Ակոս ակոս ման գալով,
–Սիրածս հարս է:
Գլխեբաց եմ ու բոպիկ,
–Անո՜ւշ են հովեր–
Արտերուն մեջ թափառիկ,
–Մազե՜րս են ծովեր:
Ցորեն, կակաչ, կարոտով,
–Կաքավը կու լա–
Կապեցի մե՛կ նարոտով,
–Ձեռքերն են հինա:
Հասկերուն մեջ, վերևեն,
–Ասուպը անցավ–
Աստղեր մյուռոն կը ծորեն,
–Դեմքը լուսացավ:
Քանի՜ խուրձեր շաղերով,
–Վարդենին թաց է–
Ես կապեցի խաղերով,
–Ծոցիկը բաց է:
Արտըս խոզանով մընաց,
–Կ’երթա՜ լուսնակը–
Դեզերով լեռ եմ շինած,
–Սի՜րտս է կըրակը:
Մանգաղըս քարին եկավ,
–Յարըս յա՜ր ունի–
Քարեն լորիկը թըռավ,
–Լե՜րդըս կ’արյունի:
16. ՍԱՅԼԵՐԸ
Գյուղի ճամբայեն սայլերը կ’երթան
Հունձքով բեռնաբարձ:
Մայրամուտին մեջ շարժուն բուրգեր են`
Ճաճանչներ հագած:
Թխադեմ տղաներ, դեզերուն վըրա,
Կը խըթանեն մերթ
Մեծղի եզերուն կողը սըրսըփուն,
Կողը լուսաշերտ:
Գոմեշներ, համառ, ետև կարկառած
Իրենց մութ լեզուն`
Կը քանդեն որան` որ կը հեղեղվի
Իրենց նուսերուն:
Ցորեններ ի լյուղ պերճ արյունին մեջ
Իրիկնադեմին`
Նոր պըսակ կ’ըլլան պըսակին վըրա
Անոնց եղջյուրին:
Ճամբան, արտերեն կալերը մինչև,
Կը ծըփա հասկով`
Զոր ուշ մընացած հավեր կը քըրքրեն
Զըվարթ կըտուցով:
Ճամբան խարտյաշ է, կարմիր է ճամբան,
Որուն եզերքին
Արյուն կը ծորե չափազանց հասուն
Փոշոտ մորենին:
Սայլրեը կ’երթան, անդորրության մեջ
Աղաղակելո՜վ…
Կը տանին արև, հըրդեհ կը տանին
Հըսկա դեզերով:
Կը տանին հեղեղն ահա լեռնացած
Քըրտինքի, Հույսի,
Որ լուծեն մինչև անիվներուն վրա
Առատ կը հոսի:
Կ’երգե՜ն տըղաներ, խըթանելով միշտ
Կողը եզերուն…
Ջինջ անհունին մեջ զիրենք կ’օրորե
Ցունցը դեզերուն:
Կ’երգեն ճըպուռին, մանգաղին նըման,
Կ’երգեն հովի պես,
Մինչ հասնին կալերն, ու հոն տարածեն
Հունձքը ծովի պես:
17. ՃԱՐԱԿՈՒՄ
Բըլուրին գաղջ կողին վըրա ընկողմանած
Սըրինգ կ’ածեմ.
Եզներըս լայն հովիտին մեջ, սըրտի երգով,
Ես կ’արածեմ:
Լուսնակն իջած է մանգաղված լուռ արտերուն
Մակերեսին.
Կը ծավալե խոզանններուն մեջեն հեզիկ
Կաթը լույսին:
Ջինջ գիշեր է: Երգս անհունե անհուն, խաղաղ,
Կը ծըփծըփա.
Եվ սըրինգըս, հովերուն հետ, իր ծակերեն
Շաղե՜ր կու լա:
Հեռո՜ւն կը լսեմ բոժոժներն իմ նախիրներուս,
Որոնք կ’արծին
Ցորյաններուն ծիղն` ոռոգված մեղրերուն մեջ
Ծիր Կաթինին:
Կը լըսեմ մուշ մուշ ճարակումն` առվեզերքի
Թուփերուն մեջ`
Ուր մոզին իր դունչը մըխած` կը բըզըքտե
Խոլորձը գեջ:
Ցուլերն ամեն, գլուխնին կախ, կարծես դյութվա՛ծ
Ինձ կ’երևան.
Գոմեշներուն բիբերն ահեղ` աստղերուն տակ
Մերթ կը շողան:
Կ’ընե միջատ մը, շուրջն անոնց, ճաճանչաթիռ
Միշտ ելևէջ:
Ճերմակ եզը, կարծես կուռք մ’է, ձուլված լուսնին
Արծաթին մեջ:
Կը ճարակի՜ն, հովուն տըված թավ պոչերնին.
Եվ կը խըմեն
Իրեն մազոտ ու բաբախոտ ականջներով
Սըրնգիս ակեն:
Կը ճարակի՜ն, բութ ակռաներն իրենց` մինչև
Կանանչանան,
Եվ որովայնն անպարագիծ լեցվի՛, լեցվի՛
Մարագի նման:
Եվ ատեն ա՛լ դաշտերուն մեջ կը մակաղին
Մեծազանգված,
Մեկը մյուսին կըռնակին վրա, որոճալով,
Դունչը դըրած:
Մինչև որ ա՛լ Արփին ծագի, լույսն արտին վրա
Իջնե սարեն,
Եվ ժողվե ցողն, հակինթ հակինթ, անոնց խոնավ
Եղջյուրներեն:
18. ԽԱՉԲՈՒՌ
(Աստվածամոր սեղանին)
Քեզ կը բերեմ, Մա՛յր, հունձքերուս նախընծան:
Զոհագործե՛ սեղանիդ վրա` ուր, դարե՜ր,
Փեթակներուս մեղրամոմերը դեղձան
Լույս ու արցունք են հոսեր:
Դո՛ւն, սուրբ պաշտպան հայրենական հողերուս`
Որոնց տըվիր անմահությունը դրախտի.
Ծիլը ծաղիկ ըրիր, հույսը` Արշալույս,
Որ խըրճիթիս կը ժըպտի:
Դո՛ւն, Խաչաբուռն այս, զոր իմ ձեռքով եմ հյուսեր,
Ընդունե՛, Մա՜յր: Բյուր հասկերուս մեջ ասոնք
Կը նազեին կույսերու պես շիկահեր,
Արևահե՛ղց և ատո՛ք:
Գերանդիիս տակ, գըլուխնին դեռ ցողով,
Լուսնեն հնձված ճառագայթի պես` ինկա՜ն:
Ոչ մի արտույտ քանդեր է իր կըտուցով`
Անոնց շարքերը լըման:
Ես հյուսեցի զանոնք, գիսակ առ գիսակ,
Տալով խաչին ձևը Որդվույդ կարեվեր`
Որուն արյունն, ամեն Զատկի, սո՜ւրբ կըրակ,
Մեր ակոսներն են խըմեր:
Իր հույսերուս, իղձերուս հետ հյուսեցի:
Անոնց մեջ է հույզն արտին, հուրն արևուն,
Խոփին փայլակն ու թևիս թափն առնացի,
Պաղատանքն իմ թոռներուն:
Մա՛յր, Խաչաբուռն այս օրհնե՜. և տուր արտերուս
Ամառն` ոսկի, ինչպես գարունը` մարգրիտ.
Որքան ամբարքըս լի ըլլան` ջահեր լույս
Պիտի տան խորանիդ:
Ըրե այնպես` որ – նման հի՜ն օրերուն–
Երբ դաշտերե դաշտ ժուռ գալու դուն ելլես`
Փուշեր չըգա՜ն ոտքերուդ տակ` այլ սարսռուն
Կակաչներ` մեր սըրտին պես:
19. ԿԱԼԵՐ
Կալերու մեջ ես կը նըստիմ իմ երազուն
Հովանիին տակ էշիս`
Որ քովս սա կոճղին կապած` կը շըփե
Աղու ծընոտը ուսիս:
Տափաստանին վըրա, խաղաղ, կը փըռվի
Ճերմակ ալիք մ’արևու`
Որուն մեջ լյուղ կու գան դեզերն, և կըրիան
Եկեր է հոն տաքնալու:
Թևը հովին, ծանրացած գաղջ բույրերով,
Հազիվ ծույլ ծույլ կը շարժի:
Կովին ըստվերը փառահեղ լույսին վրա`
Սև կարկըտան մ’է լայնշի:
Շինականն իր կահն ու կազմածը բերած`
Հոն հիմներ է նո՜ր գյուղակ…
Հեռուն` լըքված իր մամռապատ շեմին վրա
Կը հըսկե գամփռը մինակ:
Կալերուն մեջ դեզը` ծեփված արևով`
Կարծես տընակ մ’է ոսկի:
Տերևախիտ ծառին զով շուքը կ’ըլլա
Առագաստ մը նոր հարսի:
Ու ես նըստած հովանիին տակ էշիս
Կ’երգեմ քաջերը հողին`
Որոնք մանգաղն հազիվ կախած պատն ի վար`
Կը կըրթեն ցուլը` կամին:
Կ’երգեմ հոտաղն` որ կը հարթե կալատեղ
Լողքարի՛ն զինքը լըծած,
Մինչ քըրտինքով կը թըրջըվի շապիկն իր
Կուրծքին վըրա` պատըռտած:
Կ’երգեմ հարսերն` որ հինան դեռ մատերնուն`
Կը մաղեն ժիր ժիր գարի.
Կը թափթըփին իրենց մաղին ծակերեն
Կարծես շիթեր գոհարի:
Կ’երգեմ մշակներն` որ սայլերուն կատարին
Աստվածներու պես կանգուն`
Երկժանիով կատաղորեն կը քանդեն
Ճակատն հըսկա դեզերուն:
Կա՜մը կ’երգեմ` որ կը նավե շուրջն հունձքին
Իբրև հրագույն լիճի վրա,
Հետո ցորե՜նն աշխարհածուփ` որ արդեն
Հարդերուն մեջ կը լողա:
Օ՛, ի՜նչ քաղցր է երթալ խառնվիլ էությամբ
Այդ սըրբագույն վաստակին.
Տըրեխներեդ մինչև մազերդ համակվիլ
Մըղեղներուն մեջ դեզին:
Փուռի կայծի՜ն, դաշտի հացի՜ն ի խնդիր
Ըլլալ Պա՜նը կալերուն,
Վերադարձնել ջաղացքներուն սըրտին մեջ
Իրենց երգերը անհուն:
20. ԿԱԼԵՐՈՒ ԳԻՇԵՐ
Ամարվան քա՜ղցր գիշեր, գլուխը կամին վրա դրած`
Աշխատանքի սուրբ Ոգին Կալերուն մեջ կը նընջե:
Կը լողա մեծ Լռությունն աստղերուն մեջ ծովացած:
Անհունը` բյուր աչքերու թարթափով` զի՛ս կը կանչե:
Կ’երգեն, հեռուն, ծըղրիդներ: Ջուրերուն մեջ լըճակին
Կ’ըլլա հարսնիք մը ծածուկ նայադներու` այս գիշեր:
Սյուքն հուզելով ուռենին ափերուն վրա գետակին`
Կ’արթընցընե անծանոթ լարերու վրա նըվագներ:
Ծոթրիններու բույրին մեջ, պառկած կատարը դեզին`
Ես կը թողում որ սըրտիս դըպչի ամեն մեկ ճաճանչ.
Ու կ’արբենամ գինիովն Անհունի մեծ կարասին`
Ուր կը ճըմլվին ասուպներ քայլի մը տակ անճանաչ:
Հե՜շտ է մըտքիս ընկըղմիլ կապույտին մեջ լուսալիք,
Նավաբեկիլ – թե հարկ է – կըրակներուն մեջ վերին.
Գըտնել աստղեր նորանոր, կորսըված հի՜ն հայրենիք`
Ուրկե ինկած հոգիս դեռ կու լա կարոտն եթերին:
Վերանալ քա՜ղցր է ինծի թևերուն վրա լըռության,
Լըսել միա՛յն Միջոցին շընչառությունն անխըռով,
Մինչև աչքերըս գոցվին քունի մը մեջ դյութական,
Ու կոպերուս տակ մընա Անհունը իր աստղերով:
Ա՛յսպես, ա՛յսպես կը նընջեն գյուղին մարդիկը ամեն.
Հոտաղն է իր սայլին վրա, վերմակին տակ լուսածոր,
Հարսն է դեզի կատարին` ծոցը բացված զեփյուռեն`
Ուր կը պարպե Հարդգողն իր կաթը սափոր առ սափոր:
Եվ այսպես` օր մը պառկած` փողփողումին տակ երկնի,
Իմ ծընողներըս մըշակ` զիս հըղացան կաթոգին,
Զիս հըղացա՜ն սևեռած իրենց աչքերը բարի
Վերն ամենեն մեծ Աստղին, ամենավառ Հըրայրքին:
21. ԿԱՄՆԵՐԳ
Կամ կը քըշեմ վաղվան հույսով`
Արևն առած ճակտիս վըրա:
Հորիզոնը, անհուն լույսով
Իմ աչերուս մեջ կը լողա:
– Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Նվաճե դեզերը հունձքերուս, ժիր ժիր:–
Կը թըռչըտի շուրջը կալին
Իշամեղուն, բռնկած գոհար,
Ու թափ տալով խըռպոտ տաղին`
Լըծկանն առաջ կը մըղե հաչ:
– Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Քանդե պըսակն որաներուն, ժիր, ժիր:–
Վարոցըս սուր, հըսկա մասուր,
Հոտված` սըրտեն անտառներուն
Իմ ծույլ եզիս կողեն հաստույր
Մերթ կը քաղե կաթիլ մ’արյուն:
– Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Խուզե հասկին բոց մորուքը, ժիր, ժիր:–
Հորձանքին մեջ աշխետ հունձքին
Ես կը լողամ երգերուս հետ.
Մըղեղներուն հետ միասին
Կ’ըմպեմ խարին հոտն ափավետ:
– Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Կույս հատիկին պատռե քողը, ժիր, ժիր:–
Ի՜նչ փույթ քաղցած ըլլան եզներ,
Ու մըշակներն ալ` ծարավի.
Խոտն է կանանչ ձորին մեջ դեռ,
Թան աղբյուրին մեջ կը պաղի:
– Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Հասկին սըրտեն սուտակ թափե, ժիր, ժիր:–
Զուր տեղը չէր, կա՛մս աղվոր,
Որ օծեցի քեզ կուպրերով,
Զինեցի պորտըդ սևավոր
Կայծքարե սուր ակռաներով:
– Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Կըրծե հարդին ոսկիները, ժիր, ժիր:–
Ցորե՜նն ահա, ցորե՜նն ահա,
Մըշուշին մեջ մըղեղներուն,
Անհունորե՜ն կ’արշալույսնա:
…Զվարթությո՜ւն խըրճիթներուն:
– Կեցի՛ր կամըս, ա՛լ կեցիր դուն,
Խաղաղությո՜ւն խըրճիթներուն…
22. ՄԻՋՕՐԵ
Այս այն ժամն է` երբ կալին մեջ Աշխատանքն առած կանգ`
Արևուն տակ կը հևա:
Կը նընջե մեն մի մըշակ:
Քարայրին մեջ հեռակա
Հեծեծագին կը մեռնի զով Զեփյուռը ամրափակ:
Միջոցին սիրտն` հըրեղեն ցանցի մը մեջ սեղմված`
Կը բաբախե հազի՜վ հազ:
Լըռության մեջ շողարծարծ
Ի՜նչ հըծծյուններ, ի՜նչ երազ.
Եվ ի՜նչ բույրեր առտըվան եղեգներուն կըտըրված:
Կը քընանան անտառներ թուխ կողերուն վրա սարին`
Արծաթահյուս քողի տակ
Կապույտին մեջ, առանձին,
Կ’երթա ամպ մը կաթնորակ
Փափուկ բուրդեն ծըվեններ թողլով ժայռի կատարին:
Կ’ընդունի հողն իր սըրտին մեջ` իր սըրտեն ճեղքելով`
Լույսին նիզակն արյունոտ:
Աղբյուր մը հոն, ծառին քով,
Կը հեծեծե նըվաղկոտ`
Իր ոռոգած ծաղիկին վրա մեռնի՜լ չուզելով:
Գոմեշներ` լուծը լըքած` ճահիճին մեջ կը պառկին
Իրենց բերնեն հոսելով
Թելերն արծաթ շողիքին:
Սայլերն, անդին, դեզին քով,
Հըսկա ցռուկներ ցըցած` դատարկությա՛ն կը նային:
Այս այն ժամն է, ո՜վ հոգիս, որ ճըպուռին պես մինակ`
Կատարներուն վրա մընաս.
Անդորրին մեջ անապակ
Դուն քու երգով արբենաս`
Ինչպես արևն իր լույսով, իր լույսին հետ մի՜ս-մինակ:
-
14. ՀՈՒՆՁՔ
Կը սոթտըվին թեզանիքներ, գերանդիներ թող հեսանվին.
Այսօր երկու հազար մըշակ կը հնձեն ցորե՛նը և գարին:
Քա՜ղցր է թեղվիլ հասկերուն մեջ` որոնց քիստերը խարշափուն
Կը խառնըվին բաց կուրծքերու անտառացած թուխ մազերուն:
Քա՜ղցր է լողալ համառորեն որաներուն մեջեն հեղեղ.
Ըզգալ ուռիլը բազուկին երակներուն արևազեղ:
Ահավասիկ գերանդիներ, կատաղությո՛ւն փայլատակի,
Ցորեններուն մեջ իբր արծաթ կ’ընկղմվին, դուրս կ’ելլեն` ոսկի:
Հասկեր կ’իյնան շարվեշարան, և կ’արյունին կակաչներ լուռ.
Բըլուրներուն քողը խարտյաշ կը ծալլըվի լայնասարսուռ:
Ծըփանքներ նո՛ր ծըփանքներու ներքև ընդմիշտ կը փըլուզին.
Ալիք կ’ըլլան ակոսին մեջ ծովե՛ր, ծովե՛ր, ծովե՛ր դեղին:
Ու կ’ընդլայնին դաշտեր, սարեր, խոզաններով միշտ քըստմընած.
Հովիտին մեջ հեղեղներ կան` որ կը ցամքին կամաց կամաց:
Հանկարծ թուփեր կը հատնվին, կամ կը ցըցվի քար մը ճերմակ.
Առվակ մ’հեռուն կը փալփլի, որ կը նիրհեր վասակին տակ:
Մըշակներ կան` որ փարչն իրենց բերնին դըրած, Արև՜ն ի վեր,
Կ’ըմպեն երկա՜ր ջուրը գըլգլուն` զոր աղբյուրեն հարսն է բերեր:
Ոմանք իրենց ափերուն մեջ` մերթ կը փըշրեն հասկ մը ատոք,
Եվ կ’օրհնեն թիվն հատիկներուն, ու կը ծամեն հետո զանոնք:
Հոտաղներ կան արտերե արտ` որ ժիրաժիր կը հեսանեն
Աղոտ մահիկը մանգաղին, աղմըկելով լուռ միջօրեն:
Եվ կը հնձե՜ն, միշտ կը հնձե՜ն. թևի ամեն լայն շարժումի
Ամառներու բերկրությունն է` որ քիստե քիստ կը ծավալի:
Օ՜, ի՜նչ կոծեր, հորիզոնե հորիզոն ի՜նչ նըվաճումներ,
Ի՜նչ հեծկըլտանք հանճարներու, ի՜նչ փըլուզվող օվկիաններ:
Ու կը հնձեն, դեռ կը հնձե՜ն. մինչև շուքերը երկարին
Եվ շըփոթվին իրարու հետ ա՛լ սահմաններն անդաստանին:
Այն ատեն լուռ ճամբուն վըրա կը տեսնըվին շարան շարան,
Հընձվորները որ դեպ իրենց տընակներուն ճրագը կ’երթան:
Գերանդիներն անոնց ուսին կը ցոլցոլան լուսնկայեն,
Կը հովանան անոնց քըրտնած կուրծքերն անուշ ծըմակներեն:
Իսկ անդորրին մեջ դաշտերուն ահա ծըղրիդ մը արթընցած
Կը լեցընե իր երգերով ամբողջ Անհունն աստեղամած:
-
Սաթենիկ,
իսկ Հայրիկյանի այս երգը լսե՞լ ես:
Պատմում են, որ Այաշում՝ աքսորի վայրում, շարունակել է «Հացին երգը» շարքը: Թուրքերը, գլուխը քարերով ջախջախելուց առաջ, խլել են տետրը և վաճառել մի նպարավճառի: Պատկերացնո՞ւմ ես, եթե այդ նպարավաճառը թուրք չլիներ ու պահեր այդ տետրը, այլ ոչ թե օգտագործեր թղթի փոխարեն...Գուցե ես ներեի բոլոր թուրքերին, որ նրանց մեջ էլ է եղել գոնե մի մարդ...Բայց չի՛ եղել:
Շնորհակալություն, վերհիշեցի պարմանության տարիներս, երբ առաջին անգամ կարդացի «Ձոնը» ու տեղնուտեղը անգիր սովորեցի...
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
- Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ -
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...
- Ձեզի ընցա՜, քաջ մարտիկներ -
Եղեգնյա գրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո'ց ելաներ:
-Ընդ եղեգան փող վըրե՛ժ ելաներ:
Իսկ այժմ անդրադառնանք «Հացին երգը» շարքին: Նախ այստեղ կտեղադրեմ այդ շարքը հերթականությամբ: Առայժմ կեսը շարքի, մյուս անգամ մնացած կեսը կտեղադրեմ:
ՀԱՑԻՆ ԵՐԳԸ
1. ՄՈՒՍԱՅԻՆ
Թե ջըլապինդ մըշակն ի՛նչպես կը փարի
Իր կոր մաճին, կը պատռե լանջն հողերուն:
Եվ սահանքին տակ արփական շողերուն
Ի՛նչպես կ’ըլլան լերկ ակոսները` բերրի:
Թե շիկագույն ցորյանն ի՛նչպես կալին մեջ
Կը բըրգանա, և աղորիք կը մռընչեն.
Ի՛նչպես կ’հորդի քաղցած խըմորը տաշտեն,
Զոր հուսկ կ’եփեն գեղջուկ փուռին մեջ անշեջ:
Թե կը սըփռե Հա՜ցը, Հա՜ցը սրբազան
Ի՛նչ բերկրանքներ, արարչական ի՛նչ կորով,
Սորվեցո՛ւր ինձ, ո՛վ հայրենի իմ Մուսան:
Սորվեցուր ինձ. պսակե քընարս հասկերով,
Զի կալին մեջ, զով շուքին տակ ուռիին
Ահա կը նստիմ, ու նըվագներս կը ծընի՜ն:
2. ԱՐՏԵՐՈՒՆ ՀՐԱՎԵՐԸ
Գյուղակներեն հորիզոնները մինչև
Կը տարածվի մեր մայրությունը հողի:
Գարունն եկա՛վ. չի բավեր ձյունը թեթև
Ա՛լ ծածկելու մեր մերկությունը հըղի:
Վերադարձեք մեր ծոցը, ո՛վ մըշակներ,
Առավոտներն արդեն Ապրիլ կը բուրեն.
Սառեն լուծված կը կարկաջեն առվակներ.
Մեր տաք կողեն ծըլավ նարգիսը արդեն:
Մեզի եկեք. ձեր սերմով լի բուռերուն
Մենք կը սպասենք կիներու լուռ ըղձանքով.
Ճաճանչն արդեն խըվեցավ մեր սիրտերուն:
Պիտի լեցվին քըրտինքներու համրանքով
Հասկերը շեկ, ու պիտի ո՜րքան բերկրինք
Երբ առջի հեղ խոփը ճըմլե մեր ըստինք:
3. ՄՇԱԿՆԵՐԸ
Մըշակնե՛րն են իմ գյուղիս, դաշտի հըզո՛ր զավակներ,
Քըրտինքներով մարգարտյա` բընության թա՛գն են հյուսեր:
Կը բաբախե սիրտն հողին իրենց բըրդոտ կուրծքին տակ.
Ու իրենց լայն երակին մեջ կը հորդի արեգակ:
Երբ որ քալեն` մայր-երկիրն իր արգանդեն կը սարսռա.
Բայց չի խամրիր ծիլ մը իսկ գարշապարնուն տակ հըսկա:
Գըլուխն իրենց, զոր կ’հակեն առջևը սուրբ խորանին,
Պըսակված է միշտ ոսկի փոշիներովը հարդին:
Ակոսներուն մեջ անոնք խինդ կը ցանեն, և Աստված
Իրենց ճակտին ակոսեն բարություններ կը հընձե:
Ավիշներուն հոսուն երգն անո՛նք միայն են լըսած:
Եզին շողիքն ի՛նչ փույթ թե իրենց ձեռքերը կ’օծե,
Եվ ախոռի հոտ կու գա իրենց նախշուն լոդիկեն.
Նախ անենց լայն ափի՛ն մեջ կը ծըլին սերմերն համորեն:
4. ՀԱՐԿԻՔ
Եզներս են խարտյաշ, լույս ճակատներով`
Զոր պաճուճեր եմ նուսխայով կապույտ:
Գարունի առտվան օդեն են գինով.
Կը նային, խաղա՜ղ, դաշտերուն անքույթ:
Ձըմեռը զանոնք խարո՛վ սընուցի.
Մեհյանին պարարտ կուռքերն են կարծես:
Իրենց սանտըրված պոչը թավարծի
Կը լիզե իրենց կողերն` օձի պես:
Կը սիրեմ անոնց նյուսը բյուրածալ,
Ռունգերնին տամուկ, բիբերնին խոշոր`
Ուր կա դաշտերուն երազն անայլայլ,
Եվ ճոճքը իրենց, և պոչյունն հըզոր
Հորիզոններե՜ն. երբ կ’երթան անվերջ
Եղջյուրնին մըխած Արշալույսին մեջ:
5. ՀԵՐԿԵՐ
Հո՜, հռո՛ հռո՛ հռո՛. Հողին տակ հըռընդյունն է արորին
Լուրթ մշուշին մեջ առտվան, կողին վրա բըլուրին
Կ’երթան եզները հուժկու` զանգակներով դաշնավոր,
Ու մսուրին վերջին հարդը կ’որոճան գլխիկոր:
Սարին ուսեն ծըյլացող արևն ահա կը ծագի
Ու մըշակին ճակտին վրա կը դնե հումբույրը ոսկի:
Մարդը կ’երթա երգելով` մաճն ափին մեջ պընդաջիղ,
Ու իր ճամբան կը գծե իր հոգիին պես ուղիղ:
Հո՜, հռո՛ հռո՛ հռո՛. Ակոսները կը բացվին մըխալով,
Եվ կը դիզվին արգավանդ հողակոշտերն իրար քով:
Մեկ ծագեն մյուսն հուլորեն կը սողա խոփը պողպատ,
Կը հեղեղե հերկերուն մեջ իր լույսերը արծաթ:
Իր տակ ճըմլված, կարեվեր, կը գալարվի հույր Ճըճին.
Կ’ահաբեկին խըլուրդներ իրենց խուղին մեջ մըթին:
Բունծերն ահա կ’ոռոգին մերթ օձերու արյունով,
Զոր ըսպաննած է արորն անոնց գլուխեն անցնելով:
Արևն արդեն կը հոսե իր երակներն հրածորան
Ակոսներուն նորաբաց արգանդին մեջ հոտևան:
Հո՛, հռո՛ հռո՛ հռո՛. Անդաստանն է կորդացած այս տարի,
Բայց հերկերուն ծարքն արդեն անհունորեն կ’երկարի:
Եզները հաղթ թափ կու տան, դողացնելով մերթ ընդ մերթ,
Սուր խըթանեն` ըստևներն իրենց փորին լուսաշերտ:
Ի՛նչ փույթ թե ճղուղն արորիին խութին դեմ հա՛նկարծ կու լա,
Եվ կը ծորի մըշակին քիրտը ամեն գուղձի վրա:
Դեռ սուրբ կոչնակը գյուղին` սարին ետև չըհընչած`
Բըլուրին կողը ամբողջ պիտի ըլլա թըխացած,
Եվ պիտի լայն ակոսները շար ի շար ավարտին`
Օծված շաղով իրիկվան, շողիքներովն հարկիքին…
Այն ատեն երբ արտին ծայրն հասած, ճիգով մը դողդոջ,
Տըղմուտ արորն հողին մեջ հանկարծ կասի, Մշակը խոնջ
Պիտի խորհի անկասկած – հանո՜ւն վաղվան հունձքերուն–
Թե կարասի՛ մ’ոսկելից կառչեր է խոփը իսկույն:
6. ՑԱՆ
Սերմանողն է: Հաղթահասակ կը կանգնի
Մայրամուտին շողերուն մեջ ոսկեթույր:
Ոտքին առջև անդաստաններն հայրենի
Կը տարածեն մերկություննին անպարույր:
Լի է ամբողջ ցորեններով աստղահատ
Խորունկ գոգնոցն: Հարկերն հերվան` ծարավի`
Կը սպասեն իր լայնշի բուռին, և բուռն այդ
Արտերուն վրա` զերդ արշալույս` կը բացվի:
Մըշա՛կ, ցանե՜. հանուն տանդ սեղանին
Թևիդ շարժումն անպարագի՛ծ թող ըլլա.
Վաղ` նետած ցորեններդ այդ կը թափին
Օրհնության պես թոռնիկներուդ գլխին վրա:
Մըշա՛կ, ցանե՜. Հանուն նոթի թըշվառին
Թող գոգնոցեդ կես չելլե ափըդ բնավ.
Աղքատ մ’այսօր ճըրագին մեջ տաճարին
Վաղվան հունձքիդ համար վերջին ձեթը դրավ:
Մըշա՛կ, ցանե՜. հանուն Տիրոջ նըշխարին
Թող մատներդ հորդին սերմեր լուսեղեն.
Վաղը ամեն հասկի մեջ կաթնային
Պիտ’ հասուննա մաս մ’Հիսուսի մարմինեն:
Ցանե՜, ցանե՜. նույնիսկ հեռու սահմանեն,
Աստղերու պես, ալիքներու պես ցանե՜:
Ծիտերն ի՛նչ փույթ թե հատիկներդ կ’ավերեն.
Տեղը Աստված պիտի մարգրիտ սերմանե:
Լեցո՛ւր ակոսն, հորդե՛ հերկերը բերրի,
Հողին ծոցեն ոսկի լույսեր թող հոսին:
Օրը ահա կ’իրիկնանա. կ’երկարի
Շուքը թևիդ հորիզոննե՜րն աստղային:
7. ՏԱՓԱՆ
Տափա՛ն, տափնե, կոշտերն հարթե,
Թաղե ցաներն հողին մեջ.
Ցորենն` ոսկի, սերմն հակինթ է`
Երբ միանա հողին գեջ:
Տափա՜ն, թևերըդ տարածե,
Գրկե արտերը հուռթի.
Հերկն աննըվաճ ալիք մըն է`
Զոր կ’անդորրես դուն հեշտին:
Տափա՛ն, տափնե, կոշտերն հարթե,
Փակե բերանն ակոսին`
Ուր ամեն մեկ ցորեն սաթ է.
Թող սարյակներ չը տանին:
Տափնեց տափանն, հարթեց կոշտեր,
Հըղկեց անդերը անհուն…
Այժմ հողին տակ կ’ուռին հունտեր`
Ինչպես ծիծերն ուլերուն:
8. ԱՌԱՋԻՆ ԾԻԼԵՐ
Զեղուն ավշին հողերուն տակ պայթեցուց
Սերմերն: Արտերս այս գիշեր
Կանանչցեր են լուսնկային տակ գարնան…
– Մայրի՛կ, ինծի ծիլ մը բեր,
Քըրտինքիս ցողը վըրան:
Կատաղորե՜ն, կատաղորե՜ն հորդեր են
Տե՛ս, ցորեններն աղածրի:
Դաշտերն հագեր են զմրուխտե պատմուճան…
– Քույրի՛կ, ծիլ մը բեր ինծի,
Եզիս շողիքը վըրան:
Կը փողփողին արտավարե արտավար
Կարծես կանանչ մոմիկներ:
Ամեն ընձյուղ մարգրիտ մ’ունի իր բերանն…
– Հոտա՛ղ, ինծի ծիլ մը բեր,
Արևուն շողը վըրան:
Կը զարդարե ամայությունը հողին
Մատղաշ ծաղի՛կը հացի.
Կանանչին մեջ կոշտերը թուխ կը լողան…
– Հարսնո՛ւկ, ծիլ մը բեր ինծի,
Մատերուդ բույրը վըրան:
Ծիլ արտերուս մեջն է ծըլեր նըշենիս,
Հոն միսմինա՜կը ծաղկեր…
–Մայրի՛կ, քույրի՛կ, հոտա՛ղ, հարսնո՛ւկ սիրական,
Բերեք անկե ծաղիկներ,
Բերեք վարդգույն ծաղիկներ,
Հընձվորին հո՜ւյսը վըրան:
9. ԳԱՐՆԱՆ ԱՆՁՐԵՎ
Դաշտերուն վրա իր տրտմությամբ համառող
Անձրևը չէ՛ ասիկա:
Գարնան ջաղբն է` որ ցանքերուն վրա անհուն
Լուսացընցուղ կը տեղա:
Աստղերն անհայտ, կարծես հալած արևեն,
Տեղատարափ կը թափին,
Եվ կը լըվան իրենց լույսին մեջ փաղփուն
Անդաստաններն ու այգին:
Կապույտն հանկարծ կու լա բուռն ծիծաղեն,
Եվ կը տեղա ադամանդ.
Կը լուսանան կույր աղբերակներն ու կ’երգեն
Իրենց ծընունդն արգավանդ:
Անհունն ի վար կը հեղեղվին շառաչուկ
Մեծ կաթիլներ շափյուղա,
Լի արևով, ցընծությունով, կապույտով,
Ծիծաղներով սատափյա:
Մարգերը թաց կ’արտաշընչեն զովություն…
Կը լըվացվին գառնուկներ…
Բո՜ւյրը հողին, հողին բո՜ւյրը, ծավալուն,
Կը լեցնե գյուղն ու եթեր:
Ու արտերո՜ւս, արտերո՜ւս մեջ քրտնաշատ
Իմ ցորյաններս համեցող
Նոր ուժերով հորդահոսա՜ն կ’ընձյուղին
Կայլակներու մեջ ի լող:
Եվ մաքըրված անտառին մեջ, այս պահուս,
– Ըստ իմ գյուղիս հեքիաթին –
Կը ծնի եղնիկը, գոտիին տակ ծիրանի,
Եզնորդ մը ` նման լուսինին:
10. ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ
Հովե՜ր կ’ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:
Հովե՜ր կ’ացնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:
Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:
Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:
Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:
11. ԿԱԿԱՉՆԵՐ
Քո՛ւյր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.
Ահա սիրող սիրտերու պես կ’արյունին:
Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե
Խըմենք ալիքն արևին:
Անոնք ա՛յնչափ բըռնըկեր են` որ կարծես
Հըդեհն իրենց կ’այրե դաշտերը անհուն:
Պիտի իրենց բաժակներեն հըրակեզ
Խըմենք կայծերն աստղերուն:
Քո՛ւյր իմ, քաղե՛, լորի մը պես ծածկըված
Ցորեններուն մեջ` որ մեղմիկ կը նազին:
Պիտի իրենց բաժակներեն բոսորած
Խըմենք արյունն ակոսին:
Անոնք ծըռած արտույտներու բույնին վրա
Լալ շողերով ողկույզ ողկույզ կը ծըփան:
Պիտի իրենց բաժակներեն հակընթյա
Խըմենք խոստումը Գարնան:
Քաղե՛, քո՛ւյր իմ, կակաչ չէ, բո՜ց քղե դուն.
Հըրդեհն իրենց լեցուր գոգնոցդ կույսի:
Պիտի իրենց բաժակներեն փափկասուն
Խըմենք կրակներն Հունիսի:
Ծաղկե՜ր, ծաղկե՜ր են բերնիդ պես քնքշենի,
Կը խոսակցին ցորյանին հետ օրորուն:
Պիտի իրենց բաժակներեն ծիրանի
Խըմենք գաղտնիքն հասկերուն:
Քաղե՛, քույր իմ, պիտի պսակվինք անոնցմով
Վաղվան զըվարթ տոնին համար գյուղակին:
Եվ պիտի այդ բաժակներեն, պարելով,
Խըմենք գինին Տարփանքին:
12. ԱՆԴԱՊԱՀԸ
– «Եհե՜. եհե՜. արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե՜»:
Հովեուն հետ սարեն եկող անդապահին աղաղակն է:
Ուսընդանութ պարկը կախած և մասրենի ցուպ մը ձեռքին`
Ցորյաններու զըմրուխտին մեջ կը թափառի ան առանձին:
Արևներուն մեջ կը լողա ինչպես ամրան իշամեղուն:
Աչքերուն մեջ կը ծավալի կականչ երազը դաշտերուն:
Գիշերը մերթ սարին նըստած լուսինին դեմ կ’ածե սըրինգ.
Խրտվիլակը ցանքին մեջեն, միակ ընկեր, կը լսե զինք:
Երգերուն տակ անդորրական հասկերն համայն կը ծոցվորին.
Կը կատաղի` երբոր զանոնք իր թևին տակ լըլկե քամին:
Ան սարսափն է բոլոր անոնց` որ կ’ավրեն անդ ու անդաստան.
Կը խըռովեն շողքն արևուն, կը կոխկըրտեն հացը վաղվան:
Ի՜նչ խլուրդներ ըսպաննած, և պնդագլուխ ի՜նչ գոմեշներ
Հարվածներեն իր ճարահատ ճահիճներն են ապաստաներ:
Ան դեռ երեկ քաղվորներու չըքնաղ երամ մ’հալածելով`
Հարսի մը ոտքը ջախջախեց սատկած իշու մ’հաղթ ծնոտով:
Ու սարին վրա միշտ հովերո՜ւն, հովերո՜ւն հետ կ’աղաղակե.
– «Եհե՜. եհե՜. արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե՜»:
13. ՀԱՍՈՒՆ ԱՐՏ
Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:
Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:
Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:
Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:
Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:
Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:
14. ՀՈՒՆՁՔ
Կը սոթտըվին թեզանիքներ,
-
Սաթենիկ,
իսկ Հայրիկյանի այս երգը լսե՞լ ես:
Պատմում են, որ Այաշում՝ աքսորի վայրում, շարունակել է «Հացին երգը» շարքը: Թուրքերը, գլուխը քարերով ջախջախելուց առաջ, խլել են տետրը և վաճառել մի նպարավճառի: Պատկերացնո՞ւմ ես, եթե այդ նպարավաճառը թուրք չլիներ ու պահեր այդ տետրը, այլ ոչ թե օգտագործեր թղթի փոխարեն...Գուցե ես ներեի բոլոր թուրքերին, որ նրանց մեջ էլ է եղել գոնե մի մարդ...Բայց չի՛ եղել:
Շնորհակալություն, վերհիշեցի պարմանության տարիներս, երբ առաջին անգամ կարդացի «Ձոնը» ու տեղնուտեղը անգիր սովորեցի...
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
- Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ -
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...
- Ձեզի ընցա՜, քաջ մարտիկներ -
Եղեգնյա գրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո'ց ելաներ:
-Ընդ եղեգան փող վըրե՛ժ ելաներ:
Տեսնում եմ, որ վաղուց չենք անդրադառնում այս թեմային, ցավոք: Բայց ես մտադիր եմ շարունակել: Ու քանի որ վերջին անգամ խոսք է գնացել Վարուժանի բանաստեղծություններով երգերի մասին, կուզենայի հիշեցնել Դավիթ Ամալյանի հեղինակած երգերից մեկը, կարծեմ, «Օրորոցային» վերնագրով, կատարում էր Արմինե Ամալյանը` շատ հուզիչ տեսահոլովակով, որտեղ որպես նախաբան հնչում էր այս բանաստեղծությունը.
ԱՌԿԱՅԾ ՃՐԱԳ
Հաղթանակի գիշերն է այս տոնական.
Հա՛րս, եղ լեցուր ճըրագին:
Պիտի դառնա կռիվեն տըղաս հաղթական.
Հա՛րս, քիթը ա՛ռ պատրույգին:
Սայլ մը կեցավ դըրան առջև, հորին քով.
Հա՛րս, վառե՛ լույսը ճրագին:
Տըղաս կու գա ճակատն հըպարտ դապնիով.
Հա՛րս, բե՛ր ճըրագը շեմին:
Բայց… սայլին վրա արյո՞ւն և սո՞ւգ բեռցեր են…
Հա՛րս ճրագդ ասդի՛ն երկարե:
Հերոս տըղաս հոն զարնվա՜ծ է սըրտեն.
Ա՜խ հարս, ճըրագըդ մարե՜…
-
Ու ձգվում է ակնթարթը, պահը, վայրկյանը… «մեղմավար հոգու ծովակն» շտապում է գրկել «ոսկի ավազե ափունքն իղձերի» «ոսկի արշալույսի» մեջ…
ԱՇՆԵՐԳ
Ե. Պ.-ին
ՍաЇրն ի վեր, թռա՛վ գնաց հոգիիս սպիտակ աղավնին. անու՛յշ հոգյակ. բայց իր թռիչքին ճերմակ աղոթքը, բայց իր նայվածքին մեղրիկ կաթիլքը, հոգվույս մեջ է դեռ. հոգվույս մեջ է դեռ:
Ամրան տաք երազիս, այս ճերմակ թռչունը, սահեցավ անցավ աշնահար ծառերուն սրսփուն հեծեծանքին մեջեն ու ծովուն ալեդող փրփուրներուն վրայեն. մինչև հորիզոնին ծայրը, ավելի անդին` հոգվույս հուսաբեկ դառնանույշ գալարումին վրա. ավելիЇ անդին` կորսված հորիզոնի մը ոսկեջինջ արշալույսին մեջ, օЇհ, իմ երազիս ճերմակ աղավնիЇն:
Հո±վը, հովը` որ ահա պատուհանս փակեց. հովը, գիսախռիվ, մոլեկա°ն Սեպտեմբերին հովը` որ ահա՛ կ'իջնե մինչև հոգվույս ալ լոսոռոգ պատուհանները, մինչև ծիրանի ճրագները իղձիս, իր անձրևոտ, ցուրտ ու փրփրոտ շունչը նետելու համար հոն. հոЇվը, որքաЇն մսեցուց արդյոք հոգյակդ, աЇհ, որքաЇն, որքաЇն, երազանքիս սպիտակ աղավնին:
Ամպամած գաղջ իրիկուն մըն է հիմակ, հոգվույս համար, հոգվու՛յդ համար. լուսինը` տիրամոր քաղցր, թախծագին, լացող նայվածքի մը պես ժպտեցավ այս իրիկուն ամպերուն շեկ շղարշին մեջեն. ու մանրահատ անձրև մը ուրախության արցունքի քաղցրությամբ իջավ մինչև հոգվույս հուշքերուն մեջ, ուր սիրացոլ նայվածքներուդ ողկույզն է կախվեր` անշիջանելիЇ: Այս իրիկուն, օЇհ այս իրիկուն, իЇնչ անբացատրելի քաղցրություն է որ կը ծորի լուսնին փախստյա նայվածքներեն, իЇնչ երանություն, ինծի համար, որ լուսնին ուխտավորն եմ, երբ ան մթագին գիշերներու ապաշխարանքին մեջեն հանկարծ կը բացվի լիարծաթ, լիաբակ, վազքի մը պես` որ հորիզոնին ծայրը կը բարձրանա` աղոթավոր, քմայական, միստիք շրջագծով. օЇհ, իЇնչ քաղցրություն է այս` զոր անտես ցայտք մը սրտիս մեջ կը հոսեցնե. աЇհ, այն ոսկի արշալույսին կուսությանը մեջ թառած, դու±ն ալ, սպիտաЇկ աղավնիս, դու±ն ալ լուսնին նայեցար...
Եվս մի քանի արձակ էջեր Մեծարենցի քնարերգության սիրահարների համար…
ՀԱՏՎԱԾԻԿՆԵՐ
Կը լսեմ որ էության մեջ կը հեծե անույշ սարսուռը սերերուն, որոնք պիտի ծաղկին ցավոտ սրտիս մեջ, ուր հիշատակներու փոշին կը քնանա` հառաչանքի մելամաղձիկ օրորներուն տակ:
Ու կը փախչիЇմ, չեմ գիտեր թե ինչեЇ, թերևս իմ հոգիես, իմ ցավատանջ հոգիես, ուր Տառապանքը լոկ երգեց երգը անծանոթ ու խորին տրտմության, որ իմ էությանս մեջ կ'ապրի:
*
* *
Հորդառատ ծուխ մը կը պլլվի Տենչանքիս խորտակող բոցին, որ սուտակային գոտիի մը պես կ'երկարի:
Անծանոթ դիցուհիներու չարագուշակ ձեռքեր` մշուշի խոպոպներով կ'աշնաներփեն երազագույն հոգիս, որ կը թվի թե կ'անէանա համրորեն, համրորեն: Մահերգի ուրվային թախծություններ, ջախջախող ու անբուժելի, հեռուներեն կը նվագեն ինծի մահը ծաղկատի աղջկան. «ՄեռաЇվ ան, ոЇվ դուն, անվերապաЇհ տարփավոր, միամիЇտ տղա, ու անկասկաЇծ: Թափառիկ ու դյուրաբեկ ստվերայնություն, որ կրցար քու հույզերդ պտտեցնել խավարչտին ու անել բավիղներու եզերքը, խեղդող պարապության մեջ, որ ծնրադրած կը թվեր քեզի` զգացումին ուժգնության առջև: Բայց, անխորհու՛րդ, գիտցի՛ր մեծ խորհուրդը ու կրկնե՛ մեզի հետ. «ՔնացաЇվ,– ու գուցե ընդմիշտ չ'արթննաЇ. անիկա իր անգոյությունը կ'ապրի հիմակ, աЇհ, իր անգոյությունը...»:
*
* *
Ալյակներու ընդհատ ընդհատ շաչող սրսփունքները, որոնք ավազին վրա կը մեռնին դողահար, ու ծովափին խուսափուկ լույսերուն ծիրանի երանգավորումները, որոնք կը թոշնին հանկարծ, տարտամ գույներու աղոտ ճաճանչումներ ու թերի լուսաժապավեններու երազունակ գիծեր սփռելով գորշ ծովախորշին վրա, կը թափանցեն հոգվույս մեջ հավիտենական գաղափարը խուսափուկ Գոյության ու մահագուշակ անդորրություններուն:
ԱЇհ, լուսնային անհուն, կապույտ, մետաքսե քաղցրություննեЇրը... փախչող վրդովմունքներու սպիտակ երազայնությունը... ծովուն աղաբույր շունչը, որ խորունկ զգացողության մը պես կստվարանա ու կը ճնշե տակավ հոգիիս:
Մահվան անդնային զգայնություն մը` մահագույն մտածությանց միապաղաղության մեջ:
Եվ մահական վանկեր, որոնք կը մագլցին սառ հանդարտություններու մեջ, նվագի մը պես, որ կը թմրեցնեЇ հետին...
Բայց չիЇ լռեր երբեք աղաղակը հոգվույս, որ դեպ ի կյանք կը վազե, խանդավառ ու բաղձալից...
1906
ՋՐԻՆ ԾԱՌԸ
Գետը, դեռ գյուղ չհասած, կը թոթվտի իր հողե անկողինին մեջ` փրփրալից ու հեստ. ու շաչելով, շչելով կ'անցնի հպարտ, խարակներուն առջևեն, որոնց մեջ կարծես զայն իր անպարագիծ հոխորտանքին մեջ արգիլելու շարժումներ ընողներ կան. ահա՛ մեկը, որ իր տեղը թողած գացեր կեցեր է ճիշդ հոսանքին մեջտեղը, ու, անտարբեր ու լուրջ, կուրծքը հեղուկ խարազաններու հարվածներեն կապուտցած, զայն պիտի պատվարեЇր կարծես. քիչ մը վարը, ճիշդ հոն, ուր ափունքի քարշեպներուն շղթայեն պրծած, գյուղ պիտի մտնե վիժանուտ ջուրը, երկու հաղթ ժայռեր, դեմ դեմի նստած, իրենց թուխ բազուկները կ'երկարեն իրարու. հոն գետը, աЇյնքան նեղցած ու ամփոփ լռին է, որ կարծես, պզտիկ ճի°գ մըն ալ, ու ժայռերը հավիտենապես պիտի ցցեին հոն իրենց անընկճելի ամբարտակը ու կապտեին խեռ տղան: Բայց ջուրը ճապկտուն է և ճուկ կու տա կը սահի դնդերոտ բազուկներու կամարին տակեն. ու դարձյալ, չարանճար, կը վազե դեպ ի գյուղ, մյուս ժայռերուն առջևեն, իրենց անգոսնումին մեջ մեկուսացած, որոնց բացատքին ընդմեջեն երկինքը կը հեռանկարվի և անոնց գլխուն վրա կը հանգչի կապույտ կափույրի մը պես. մինակ թե, երբ հոսանքը պիտի անցնի կամուրջին տակեն` հոն, ուր ժայռերուն հպարտանքը կ'իյնա, և սպիտակ, գմբեթարդ Աստվածամարը կը ժպտի անույշ, կամուրջին տակեն` կը սահի անշշուկ, հանդարտած, և բարի Ատվածամարը, զինքը շրջապատող ամբարձուղեշ ու բազմաստեղ ծառերեն, ստվերի խունկ մը` օրհնություն մը կը թոթվե, որ կը շղարշանա իր դարավոր անկողինին մեջ երկարած գետին ողորկ ու դողդոջուն մարմինին վրա` գրեթե հոլանի: Ու այս այսպես կ'ըլլա միշտ. գյուղին էն տարեցն անգամ պիտի վկայեր թե, գետը իր գարնանային հուզումներուն ամենեն հուռթի ու տարփոտ պահերուն իսկ, գեթ անգամ մը վեր չէ ելած ջուրին ծոցը իջնող վանքին քարե սանդուղներեն:
*
* *
Տարի մը, կ'ըսեն, գետը, գարնան ատեն, անսահման տարածված, տարածված էր. ամայի դաշտավայրերեն անցած պահուն, հանկարծ իր կայքեն դուրս նետված, և իր ափունքեն շա՛տ անդին, բոլոր դալար թուփերուն, բոլոր խատուտիկ ծաղիկներուն, քումայթ ու թուխ հողերուն իր բազուկները երկարած, անոնցմե բուռ բուռ խլած, առած, փախած էր. և որովհետև գետը անսահման քմայքներ ունի, պչրանքի նոպայե մը գրավված այդ ժամուն չէր խնայած նույն իսկ իր դրացի ալոճիներուն, ժանտ-թուզերուն, ու բոլոր այն բաներուն, որոնց, իր անցքին մեջ, ցանկությամբ նայած էր այնքա°ն ատեն, ու գրկած տարած էր զանոնք ամենն ալ. ու խեղդած էր իր ընթացքին մեջ գտնվող խութերը, պարեխները, կղզյակները, ամեЇն բան. որովհետև գետը անսահման քմայքներ ունի:
Բայց իր ցանկությունը չէր հագենար տակավին և հայրատ, իր կուրծքին վրա երկարած ծառերուն փարելե վերջ դեռ կ'ըղձար. վարար աղջկան մը պես, կ'ըղձար, կ’ըղձա՛ր ժայռերու բարձունքին վրա թառած տուներու տանիքներեն, ապշահար ու հետաքրքիր զինքը դիտող մարդերուն ալ կ'ըղձար. կ'ուզեր զանոЇնք ալ իր թևերուն մեջ ունենալ, հոգ չէ թե անկենդան, անոգիЇ: Եվ այս մոլական բաղձանքով չէ±ր, որ արդեն պարտեզ գացող կնկան մը քղանցքին փակավ ու քաշեց իր վիհե սրտին մեջ. և այս խոլ տենչանքեն չէ±ր, որ իր ափունքին վրա խաղցող զույգ մը կայտառ մաւնուկներ ալ առավ տարավ. առավ տարաЇվ այն տղեկները, որոնք իր կարմրորակ ջուրին մեջ ձեռքերնին լվալու և իր վայրի գեղեցկությունը ըմպելու եկեր էին. և այս անպարփակ, շամբուշ քմայքով չէ±ր վերջապես, որ նույն գետը, անծայր ցանկության վայրկյանի մը մեջ, կամուրջն ալ առեր վար էր իջեր, անոր վրա քանի մը մարդեր գտնելու հույսով:
Անհագ արշավը դեռ կը տևեր սակայն, գետեզերքի աղբյուրներն ալ խղդեր թաղեր էր իր ծոցին մեջ. ջաղացքին դուռը ափ առած, ջրանիվները խորտակած էր. և առուեն նախանձոտ, վազած էր ծործորն ի վեր, իրեն անծանոթ վարդերուն բույրը ծծելու և նշենիին ծաղիկներեն քանի մը շափրակ խլելու իղձով, ու ոռոգած էր ամբողջ սև խաղողի այգեստան մը ու պարտեզի մըն ալ ծառերը հետը տարած:
*
* *
Ի±նչ մնաց այդ բոլորեն... շաբաթ մը վերջը, երբ հորդումները դադրեցան ու գետը դարձավ ինք իր մեջ ամփոփվելու, ավազ ու սիկի անկողիննե±րը մինակ, բայց չէЇ. առջի օրերը աննշմար, հետո քիչ մը նշանակելի, հետո քիչ մըն ալ ավելի, ծառի խլյակ մը ծանծաղ ջուրերուն մեջեն իր երկու թուխ դաստակները դուրս կը ցցեր. քանի մը օր վերջը, երբ ջուրերը ամբողջովին վերադարձան իրենց անկողինը, այդ ծառը արմատացավ, բարձրացավ, մնաЇց հոն. ու պաղատագին, կարեկից բան մը կար իր շարժուձևին մեջ, ջուրերուն մեջտեղը. ի±նչ պիտի ըսեր արդյոք ու չէր ըսեր, չէ՛ր կրնար ըսել. ինքը հմայքի պես բան մը ուներ իր չորցած զույգ մը բազուկներուն մեջ. և երբ ամառ իրիկուններու քաղցր ու տարածուն, բուրումնավետ դաշնակությունը թավշյա-փափուկ կը շոշափեր հոգնած դադարած գեղջուկներուն քրտնախաշ հոգին, երբ հոգնած մարմիններին գետին մեջ երթալ թաղելու, ջուրը ծծելու, զովանալու, ապրելուЇ անընկճելի պետք մը կզգային, կարծես «ջրին ծառը», ինչպես կը կոչեին զինքը, ավելի կը ցցվեր իր ինքնության մեջ, իր պաղատանքին մեջ, իր կարեկից շարժումին մեջ: Օր մըն ալ, լուսինկա գիշեր մը, քանի մը մարդեր գացին ծառին տակ լոգնալու, և երբ հանկարծ ջուրը պիտի նետվեին, շշուկ մը կառչեցավ իրենց ականջին. կարծես ծառը կը խոսեր. խոսեցա՛վ, բայց բուЇհ, ծառը կը խոսի± միթե, ու բլըմբ, նետվեցան ջուրին մեջ, ջուրին տակ. գացին ու ալ չեկան...
*
* *
Հիմակ գեղացին կը հասկնա ծառին լեզուն, կը հակնա լեզուն այն երկճյուղ ծառին, որ թևաբաց կայներ է ծանծաղուտքին մեջ և լոգանքի գացողներուն մի՛ի մը պես ցույց կու տա իր առջև սյունացող պտույտքը:
Ու երբ իրիկվան արևին, կամ լուսնի լույսին մեջ, իր սիլուեթը կը գծագրվի ջուրերուն վրա, ինքն ալ խղդվող մը կը թվի իլլալ` բազուկները միայն ջուրեն դուրս մնացած:
ՈՐԹԻՆ ՏԵՐԵՎԸ
Իրիկնավերջը դալկոտ տերևի մը պես հողմավար անցեր է. բացաստանին մեջ գիշերը թևաբաց կ'ընկողմանի. գաղջ, բուրումնացան նազելի գիշերը: Աշխետ զամբիկս նյուսը կը թոթվե ու քվքվալով կ'անցնի այգեստանին մեջեն, ուր խաղողին զգլխիչ բույրը, գինիին նախերգանք, ու ցորեկվան արևին եղկ շոգոլին կը բարձրանան:
Հեռաստանին մեջ հարսենի, գեղանի լեռը նստեր է տարփատենչիկ շարժուձևով, մշուշի տարտամորեն հոգնաթույր քցաբ մը ուսն ի վար կ'իջնե. զույգ մը ծառեր թխլիկ դաստակներու պես արևակեզ իրաննին կ'երկարեն, և իրենց տերևունքը կը բացվի. լերան դալար ափն է ան, ուր ահաЇ լիալուսինը կը զետեղվի, շառագույն նրբարվեստ հողմահարի մը պես, որ հետզհետե կ'երփներփվի` ոսկեթույր, խնկաթույր, քրքում ու արծաթ:
Կ'անցնիմ, կ'անցնիЇմ անվերջ այգեստաններուն մեջեն, ուր անտես <գետի> մը մշկենի ալիքը կը ծփծփա. ու պտղառատ լիաբերրի հողին արգավանդ ծոցը կ'ուռի, գոյության եթերածին երակ մը անդադրում կը բաբխե. աЇհ, վայրկյանին քաղցրությունը:
*
* *
Գյուղ կը դառնամ, ատեն ատեն կը շոյեմ ճայիկիս բաշը, որ լուսնի ծիածանումին մեջ կը փալփլի. ան սուրալով կ'անցնի դեղնորակ ճամբաներեն փոշիե ուրվականներ հորինելով, ատեն ատեն սանձը կը քաշեմ, ու կը կենա. պահին գեղեցկությունը շարժումի գաղափարը կը մոռցնե, ու տիեզերքի սրտին մեջ բաբախող րոպեներուն ու վայրկյաններուն զարկը աЇլ չզգացվիր. ամեն ինչ իր սքանչացումին մեջ կ'արձանա. հովը, ծաղիկը, տերևը, մարդը. օЇհ, վայրկյանին երանություЇնը: Շրջանկարը կը դիտեմ անկշտում. գյուղակները` մանուկներու պես նստեր են բլրակներու ծունկին, հովիտներու գոգը, կամ գետին քղանցքին մոտ. զավակներ, զոր արգասավոր ամոլ մը ցանցեր է հոս հոն: ԱհաЇ հեռուներեն սպիտակ իրան մը կը ցցվի, կ'ուռի. հովիտին աղջիЇկն է, գետը, իմ սիրականս, իմ տարփուհիս, որ լուսինեն արծաթ թռաններ կը քաղե իր ծփանուտ քղանցքին համար: Բայց պահը անցավ, ու ես ձիս խթանելով կը հառաջանամ, վայրկյանին արձանիկ դադարեն վերջ, ուր հավիտենությունը կը մղվեր կը խտանար. հիմակ աշխույժով կը լսեմ դարձյալ իրերուն ձայնը, կյանքին աղաղակը, րոպեներուն ուժգին զարկը:
*
* *
Դեռ չ
Դանիել Վարուժան
in Literature
Posted
Դ
Իջևան մ’է կառուցված սահմանին վրա Շիրակին,
Գործ արքունի ճոխության, մեծազանգված, ահագին:
Լայն դըռներն իր կը բացվին ճամբուն վըրա հրատոչոր
Դուրս շընչելով զովություն և աղբերուն հոտը չոր:
Արևուն դեմ կիզանուտ ապաստան մ’է մըշտազով
Ճամբորդներն հոն կը հասնին տոթեն թխացած ծոցերով
Եվ հոնքերնին բեռնավոր փոշիներով տապախարշ.
Հո՛ն կը հասնին սայլերն հույլ գոմեշներե ծանրաքարշ,
Եվ կաղացող ջորիներն ու կարավանն էշերու
Քաղցրաողկույզ խաղողին կողովներուն տակ հըլու:
Հո՛ն կը հասնին շար ի շար ուղտերը հաղթ` բեռնավոր
Տարաշխարհի զանազան համեմներով քաղցրածոր
Եվ կը պառկին ծընկածալ, խըրոխտավիզ, կ’որոճան
Անծանոթ խոտն հեռավոր երկիրներուն արփական:
Թանձրակառույց իջևանը բարիք մ’է երկնատու
Երբ կը հըսկե ճամբուն վրա` որուն ծայրերը երկու
Հորիզոնին խորհուրդին մեջ տաղտկորեն կ’անհետին,
Երբ կը վառե անկենդան լըռության մեջ լեռնային
Իր պանդուխտի օճախներն ամեն մարդու անխըտիր
Եվ հոն ամռան ջերմությունը մարելու ի խընդիր
Թանին ալիքը կը հոսի երակներու մեջ ծարավ:
Բայց միշտ հասնիլն հոն, անկե մեկնելեն քաղցըր չէ բնավ:
Ավասիկ այդ իջևանն է` ուր կու գա Տըրդատես
Ապաստանիլ նետերուն և արևուն դեմ հրակեզ:
Ծալքերուն մեջ թիկնոցին և կուրծքին վրա զրահակուռ
Պարուրված է Նազենիկ մարմարի պես ջարդուփշուր.
Այլևս, ո՛հ, չի հուզեր ոչ մեկ սարսուռ, ոչ մեկ վանկ
Չըքնաղ մարմինն իր սառած լուսարձանի մ’հանգունակ:
–«Արդյոք քնացա՞վ (կը խորհի` ասպետն հասած իջևան)
Թե սարսափեն մարեցավ, ճըրագի պես, կուրծքիս վրան:
Ի՜նչպես կըրնա սալանալ այդքան եռանդ մ’հանկարծույն
Եվ տարածվիլ սըրտիս վրա շիրմաքարի մը հանգույն»:
Խորհելով այսպե՛ս Տըրդատ վար կը ցատկե նըժույգեն
Եվ կ’իջեցնե վարձակն ալ, բայց աչքերն իր կը տեսնեն
Մազերուն մեջ Բակուրի նետն ըսպաննիչ, արյունն հիր`
Որ հոսած է ծոծրակեն ժապավենի պես կարմիր:
Կընոջ մարմինը անշունչ գիրկը կ’իյնա ցըրտագին.
Կատաղություն ահավոր ասպետական խաբկանքին…
Մազերն ամբողջ կը քըստմնին` երբ սիրտն անոր կը տեսնե
Տիեզերքի մը սըրտին նըման` դադրած տրոփելե,
Երբ կը խորհի թե կինն այդ մեկ թարթափին մեջ աչքին
Գեղեցկության հեթանոս ուներ գանձերը անգին,
Թե իր մարմինն է լոգցած երկնի շողովը անշեջ,
Մեղր ուներ իր թուշին տակ, լույս ուներ իր ծիծին մեջ,
Եվ իր ձեռքին ու ոտքին մատերուն ծայրն էր խըտացած
Տիեզերքն այս հարդագող Ճարտարությունն առեղծված.
Եվ խորհեցավ վերջապես` սրահին մեջ Բակուրին
Աստվածացումն իր միսին, փոթորկումները պարին,
Եվ առջի հեղ ըլլալով ապառաժ մարդն այդ լացա՜վ…
–Ո՜վ պատրանքի արցունքներ հերոսներուն մեծ համբավ,
Որոնք երբեմըն սըրտի խորեն կ’հոսին տըխրամած
Հին օրերու հաղթության պըսակներուն վրա դեղնած:
Ե
Բարտի մը կար հինավուրց` զոր ձեռքերովն իր բարի
Իջևանին քով տընկեր էր Դիցանույշ մ’անտառի.
Սակայն այդ օրն ոստ առ ոստ ան կը չորնար տրտմորեն
Տերևներն իր դալկահար հողին վրա ողբալեն:
Ո՛վ գիտե ո՛ր մըրրկածուփ գիշերվան մեջ Արամազդ
Զարկեր պատռեր էր անոր սիրտն իր շանթով մեծասաստ.
Եվ գըլուխն իր գեղուղեշ` որ կը հասներ արևին`
Արդ սոսափներ չէր երգեր, կը նիզակվեր դեպ երկին:
Հո՛ն, ահա այդ բարտիին շուրջը եկան հավաքվիլ
Անտառաբնակ չորս քուրմեր կընգուղ ու ջանջիլ,
Ու Տըրդատի հրամանով անոր բունին ճիշտ ներքև
Միահամուռ փորեցին Նազենիկի փոսը սև.
Ու երգեցին Աստղիկին: Տըրդատ սըրտեն շանթահար`
Անոր դեռ թա՛րմ դիակն առած գրկին մեջ կու լար:
Երբ զայն փոսին հանձնեցին` մազերուն մեջ շաղապատ
Դեռ Բակուրի նետն ոսկի կը փայլակեր լուսացայտ:
Իջևանի քով տնկված վաղընջական այն բարտին
Վերընձյուղում մ’ըստացավ` բուժելով վերքն իր սրտին`
Երբոր Հարճին լույս մարմնույն ավիշներով կենսահորդ
Թաթախվեցան հողին տակ արմատներն իր խորդուբորդ,
Եվ ըսվեցավ թե անոր տերևուտքին մեջ դողդոջ
Չըքնաղ հոգին վարձակին բընակեցավ դար մ’ամբողջ,
Լուսնկային ժըպտեցավ, ծոծրակին վերքը տվավ ցույց,
Հովերուն հետ պար եկավ, բամբիռներն իր հնչեցուց: