Ստորև բերում եմ մի հոդված, որը տպագրվել է 2004 թ. փետրվարի 3-ին «Իրավունք» (885) թերթում: Սա հավանաբար նախամաշտոցյան հայ գրերի մասին մեր ունեցած միակ արժանահավատ գիտական վարկածն է: Ուզում եմ նշել, որ հոդվածը լույս է տեսել Առեղծված խորագրի տակ, որը, թերևս, ակնարկում է հոդվածագրի` տվյալ փաստի նկատմամբ ունեցած թերահավատությունը: Գուցե ձեզանից շատերին արդեն ծանոթ է այդ հոդվածը, համենայնդեպս ես այն կներկայացնեմ ամբողջությամբ, առանց կրճատումների, որպեսզի առանց այն էլ խմբագրված նյութը ինչ-որ պատկերացում տա այս վարկածի հեղինակի` ակադեմիկոս Պարիս Հերունու առաջ քաշած փաստերի ու փաստարկների իսկության ու հավաստիության մասին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ակադեմիկոս Պարիս Հերունին բոլորովին վերջերս բաց նամակ է ուղարկել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովին: Այնտեղ մասնավորապես նշվում է, որ հայոց այբուբենի գյուտի 1600-ամյակը նշելը սխալ է, քանի որ ինքն ունի հիմնավորումներ, որոնք ապացուցում են, որ մեր այբուբեմնը նույն տառերով գոյություն է ունեցել մոտ 10000 տարի առաջ: Ակադեմիկոսը, հղում կատարելով հայոց պատմիչների աշխատանքներին, գրում է. «Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելիս` 301 թ., նախաքրիստոնեական ողջ տաճարները, գիտությունն ու մշակույթը, այդ թվում նաև բոլոր հայոց գրքերն ու գրերը, ոչնչացվել են և արգելվել: Այդ մասին մանրամասն գրում էԱգաթանգեղոսը (IV դար) և մյուս հայ պատմիչները` Խորենացին (V դար), Բյուզանդը (V դար) և ուրիշներ: Հարյուր տարի օգտվել են հունական ու սիրիական այբուբեններից (և գրերից), որոնք եղել են ընդօրինակված հայկական այբուբենից մ.թ.ա. IX դարում և ավելի ուշ:
ՀԱՅՈՑ ԳՐԵՐԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ 10000 ՏԱՐԻ ԱՌԱՋ
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ
100 տարուց հետո հայ թագավորը (Վռամշապուհը) և կաթողիկոսը (Սահակ Պարթևը) համոզվեցին, որ պետությունը չի կարող գործել առանց սեփական գրերի:
Ունենալով հայոց այբուբենը (այդ թվում, այսպես կոչված, «Դանիելյանը»)` նրանք հանձնարարեցին Մեսրոպ Մաշտոցին վերականգնել հայոց գիրը: Բայց որոշվեց չասել, որ դա հին նախաքրիստոնեական (քուրմերի) գիրն է` տրված հայերին Աստծո կողմից:
Հայոց գիրը վերականգնելու համար բավական չէր ունենալ այբուբենը, քանի որ տառերի մեծամասնության հնչողությունը մոռացված էր 100 տարվա ընթացքում: կար միայն մեկ ելք. գտնել որևէ հայերեն գիրք:
Կորյունը (V դար)` Մաշտոցի աշակերտը, վկայում է ու նկարագրում, թե ինչպիսի տառապանքներ ու չարչարանք կրեց Մաշտոցը` Հայաստանում տարիներով փնտրելով, բայց չգտավ: Ի՞նչը: Որևէ հայերեն գիրք: Բայց Կորյունը չէր կարող գրել այդ մասին, քանի որ դա արգելված էր: Կորյունը, ինչպես և այլ պատմիչներ չեն գրում, թե Մաշտոցը հորինեց, հնարեց կամ ստեղծեց հայոց այբուբենը: Ստեղծված իրավիճակից կար միայն մի ելք, որին և դիմում են թագավորն ու կաթողիկոսը` ուղարկել Մաշտոցին արտասահման, քանի որ այնտեղ հայերեն գրքերը չէին վառել:
Մաշտոցն աշակերտների հետ գնում է Եդեսիա և Սամոսատ, ուր կային մեծ գրադարաններ: Կորյունը գրում է, որ Եդեսիայի իշխանը շատ լավ ընդունեց Մաշտոցին և ասաց, որ այն, ինչը նա փնտրում է, ունի մի ծերուկ գիտնական, որը, սակայն, գնաց Սամոսատ:
Մաշտոցը գալիս է Սամոսատ, և այստեղ հանգուցյալ գիտնականի աշակերտն ասում է, որ ինքը «տիրապետում է հայերենին» (Կորյուն), այսինքն` ունի հայերեն գիրք: Մաշտոցի գտած գիրքը, իմ կարծիքով, Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունն» էր: Սակայն պատմիչները գրում են (այլաբանորեն), որ Մաշտոցը տեսիլք ուեցավ, թե մի ձեռք գրեց հայոց այբուբենը ժայռի վրա: Սա զարմանալի չէ, քանի որ բոլորը գիտեին, որ հայոց տառերը կային Հայաստանի լեռներում` ժայռերի վրա` փորագրված հազարավոր տարիներ առաջ: Ուրեմն գիտենք, որ այբուբենը կար, բայց նրա առկայությունը բավական չէր հայոց գիրը վերակագնելու համար: Գտնելով գիրքը` ինչպես գրում են պատմիչները, Մաշտոցը սկսում է «թարգմանել» (նկատի ունենալով հայոց գրավոր գիրը) և վերադառնում է Հայաստան, որտեղ նրան հանդիսավոր դիմավորում են (մ.թ. 406 թվական):
Մեսրոպ Մաշտոցի դերը հայոց պատմության մեջ շատ մեծ է, նա արժանի է ամենայն հարգանքի ու պատվի, քանի որ կրելով տառապանքներ` կարողացավ վերականգնել հայոց գիրը 100 տարվա ընդմիջումից հետո: Բայց նա չի հնարել հայոց տառերը, այբուբենը և գիրը, որոնք կային հազարամյակներ դրանից առաջ:
ՀԱՅՈՑ ՏԱՌԵՐԻ ՈՒ ԳՐԵՐԻ
ՆԱԽԱՄԱՇՏՈՑՅԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ
Պատմիչների խոսքը (փաստեր)
ա) Ագաթանգեղոսը գրում է, որ Տրդատ թագավորի օրոք (նկատի ունի Տրդատ II, 215-252 թթ. կամ Տրդատ III Մեծ, 298-330 թթ. Պ.Հ.) հայոց գրի արվեստը տարածված էր Հայաստանում:
բ) Խորենացին, Կորյունը, Բյուզանդը և ուրիշ պատմիչներ գրում են, որ հայոց այբուբենը նախքան Մաշտոցը գոյություն ուներ, այդ թվում անգամ Սիրիայում` Դանիել եպիսկոպոսի մոտ: Այդ այբուբենը բերում են Հայաստան, բայց դա չի պահպանվել և տարբեր հեղինակներ դրա տառերի քանակի մասին բերում են տարբեր թվեր` 17, 19, 22, 24, 29: Զարմանալի է, որ հայերը գիտեին և գիտեն, որ հայոց այբուբենը եղել է նախքան Մաշտոցը, բայց շարունակում են ասել, որ դա հնարել է Մաշտոցը:
գ) պատմաբան Վարդանը գրում է (էջ 50), որ հայերն ունեին այբուբեն` 22 տառով, դեռ շատ հին ժամանակներից:
դ) Փիլոստրատը (175-249 թթ.)` Կարակալա կայսեր պատմիչը, իր «Դիանա և Ապոլլոն» գրքում գրում է, որ Հայկական Տավրոս լեռներում բռնել էին մի մեծ հովազ` ոսկե վզնոցով, որի վրա հայերեն գրված էր` «Հայոց թագավոր Արշակից (մ.թ.ա. 127-114, Պ.Հ.) Դիոնիսոս աստծուն» (Հ. Աճառյան, «Հայոց գրերը», Ա. Էնջիկյան, «Դարապատում և հնախոսություն», Վենետիկ, 1827 թ.):
ե) Ա Էնջիկյանը գրում է նաև (էջ 239-240), որ 1788 թ.Ստամբուլում Անգլիայի դեսպան Ինզլեյի մոտ (սուլթան Համիդ I ժամանակ) տեսել է Փոքր Ասիայում հավաքված մետաղե հին դրամների հավաքածու, մոտ երկու հազար հատ, որոնց մեջ գտել է Ռուբինյանների դիանստիայի (Հայկական Կիլիկիա) 12 տեսակի դրամներ` պարզ ջոկվող հայակական կ, ճ, պ, տ և այլ տառեով: Նա նույնպես գրում է (էջ 75), որ Ինզլեյի այդ հայտնի հավաքածուում ինքը տեսել է հայոց թագավոր Պարթև Արշակունու (113-114 թթ. Պ.Հ.) հարյուրավոր դրամներ: Դրամների մի երեսին պատկերված էր տաճարի բեմը ջահով, իսկ մյուս երեսին` թագավորի պատկերը, որի շուրջ կային հայական բառեր` հ, տ, պ, կ, ճ և այլ տառերով:
զ) Հայ լեզվաբան, պատմաբան, երաժշտագետ Մինաս Բժշկյանը (1777-1851 թթ.) «Պատմություն Պոնտոսի, որը Սև ծովն է» հայտնաբերել է Օդեսա քաղաքի (որը կառուցել էին Էդեսիայի հայոց թագավորությունից եկած հայերը) հարավային մասում գտնվող հայկական քրիստոնեական տաճարներից մեկում մ.թ.ա. VII դարի մի գիրք` հայկական տառերով:
է) Հայտնի է, որ հիկսոսները, որոնք հայ էին, ունեին այբուբեն (մեր տառերին նման) մ.թ.ա. XVII դարում:
«ՔԱՐԱՀՈՒՆՋ» ՆԱԽԱՊԱՏՄԱԿԱՆ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ
(Տե՛ս «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր 4, էջ 875,
«Քարահունչ» աստղադիտարան)
Գտնվում է Սիսիան քաղաքի մոտ: Բաղկացած է որոշակի ձևով շարված հարյուրավոր կանգնած մեծ քարերից: Հետազոտվել է` սկսած 1994 թվականից տվյալ նյութի հեղինակի կողմից: Կազմված է քարտեզը, և համարակալված է 223 քար, որից 84-ն ունեն 4-5 սմ տրամագծով անցքեր` ուղղված հորիզոնի և երկնքի տարբեր ուղղություներով: Կան բազմաթիվ ճշգրիտ քարե աստղագիտական գործիքներ: Արեգակի, և աստղերի դիրքերի փոփոխման օրենքներով, օգտագործելով աստղագիտական չորս իրարից տարբեր մեթոդներ, հենված պտտման առանցքի տատանման և պրեցեսիայի օրենքների վրա` հաշվարկվեց «Քարահունչ» աստղադիտարանի տարիքը` ավելի քան 7500 տարի է: Այս 7500 շատ սենսացիոն է, քանի որ մեզ հայտնի առաջին քաղաքակրթությունները (Եգիպտոս և Շումեր) ծնվել են 5000 տարի առաջ: Բայց 7500 տարին արդեն լայն ճանաչում է գտել, օրինակ, հնագույն հուշարձաննների թվագրման աշխարհի մեծագույն մասնագետ Ջ. Հոուկինոսի կողմից (1998 թ.): Քարահունջի ժամանակվա հայ գիտնակակնները գիտեին արդեն, որ Երկիրը կլոր է, պտտվում է իր առանցքի շուրջը և մյուս մոլորակների հետ` Արեգակի շուրջը: Նրանք չափել էին Երկրի չափերը, կառուցել մեծ բուրգերը Եգիպտոսում (Քարահունջից 3000 տարի հետո), հանրահայտ Ստոունհենջն Անգլիայում (3500 տարի հետո) և այլն:
Քարահունջը վկայում է հետևյալը.
ա) հայերի քաղաքակրթությունը եղել է առաջինն աշխարհում
բ) հայերը կրթել են այլ ազգերին և աշխարհով մեկ կառուցել են բուրգեր, տաճարներ, քաղաքներ, ճանապարհներ և տարածել Ար աստծո բարի պաշտամունքը
գ) ավելի քան 7500 տարի առաջ հայերն ունեցել են պետականություն և կարգուկանոն, առանց ինչի մեծ աստղադիտարանը չէր կարող գործել ավելի քան 5500 տարի
դ) ավելի քան 7500 տարի առաջ հայերը ունեցել են թվեր (այդ թվում` «զրո», սա հայերեն բառ է, որ նշանակում է սկիզբ տվող, բայց աննյութական), մաթեմատիկա (նույնպես հայերեն բառ է` մատ-է-մատ-իկա (գա), այսինքն` «հաշվել»), այդ թվում` երկրաչափություն և սֆերիկ եռանկյունաչափություն, տիեզերագիտություն, աստվածաբանություն, ճշգրիտ արեգակնային ժամացույց
ե) Քարահունջի ժամանակ հայերն ունեցել են այբուբեն և գիր, ենթադրաբար` 34 տառերով, որոնք ունեցել են ժամանակակից տառերի տեսքը:
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
Լեզուն պարունակում է մեծ ինֆորմացիա հին ժամանակների մասին: Սա հատկապես վերաբերում է հայոց լեզվին, քանի որ այն եղել է առաջին լեզուն (աստծո լեզուն) և հնում զարգացել է ինքնուրույն` չունենալով հնարավորություն փոխառելու բառեր այլ լեզուներից, նրանց բացակայության պատճառով:
Հայոց լեզվի վերլուծությունը ցույց է տալիս հետևյալը.
ա) հայոց այբուբենի ամեն տառը ունեցել է և ունի որոշակի իմաստ: Օրինակ` ա- կյանք, մարդ; ր- անել, տալ; վ-դեպի; -կ- հավասար կես և այլն:
բ) Քարահունջի ժամանակվա ավելի քան 7500 տարի առաջ հայոց այբուբենն ու գիրը չէին կարող ծագել հանկարծ: Նրանց ձևավորման համար անհրաժեշտ էին հազարամյակներ: Այնպես որ 10000 տարի առաջ եղել է նախնական հայոց այբուբենը` 19 տառով: Ես գտել եմ այդ տառերը, որոնք նման են այժմյան տառերին: Այդ տառերի շարքը տալիս է երկու նախադասություն, ինչը նշանակում է, որ «ա» և «բ» կետերում գրվածը ճիշտ է:
գ) 19 տառերի շարքը նման է տասը թվերին, ինչը նշանակում է, որ ժամանակակից թվերը հայկական են և սկիզբ են առել դեռ մեզնից մոտ 10000 տարի առաջ հայոց նախնական այբուբենից
դ) այսպես կոչված արամեական (սեմիտական) լեզուն գոյություն չի ունեցել: Ես դա ապացուցեցի կարդալով հայերեն (մեր տառերով) երկու հողաբաժան քարերի վրայի գրերը, որոնք արված էին Արտաշես I Բարի թագավորի (մ.թ.ա. 189-160 թթ.) հրամանով, Մեսրոպ Մաշտոցից մոտ 600 տարի առաջ
ե) աշխարհի բոլոր այբուբենները վերցված են հայկականից (հիմնականում փյունիկականից: Իսկ Փյունիկիան նույնպես եղել է հայկական թագավորություն և օգտագործել հայկական այբուբենը)»:
Այսպիսով, ըստ Հերունու, Մեսրոպ Մաշտոցն իսկապես կատարել է մեծ գործ` վերականգնելով հայոց գրերը 100-ամյա ընդմիջումից հետո, իսկ 2004 թ. հայոց այբուբենի գյուտի 1600 տարին տոնելը, ըստ ակադեմիկոսի, սխալ է, քանի որ «100 տարվա ընդմիջումը կազմում է հայոց գրերի տասհազարամյա օգտագործման 1%-ը»:
Պատրաստեց
Թագուհի Թովմասյանը
ԻՐԱՎՈՒՆՔ 3 (885) փետրվար 2004 թ.