Այսօր` նոյեմբերի 10-ին, Սարյան փողոցի վրա գտնվող Բյուրոկրատ գրախանութի սրահում կայացավ Տաթև Քերոբյանի` երիտասարդ ստեղծագործ տաղանդի նկարների ցուցահանդեսը: Մենք ներկա գտնվեցինք ցուցահանդեսի բացմանը և հարցազրույց ունեցանք նկարչուհու հետ:
-Ո՞ր տարիքրց եք սկսել ստեղծագործել:
-Նկարել սկսել եմ շատ վաղ տարիքից, 3-4 տարեկանում: Այդ վաղ տարիքում նկարելու ձգտումն իմ մեջ առաջացել է մեծ քրոջս շնորհիվ, ով նույնպես շատ լավ նկարում է, մասնագիտությամբ դիզայներ է և այժմ ապրում է Իտալիայում: Հենց նա է ինձ ուղեկցել արվեստի աշխարհ:
-Ո՞րն է եղել Ձեր առաջին նկարը:
-Մի փոքր դժվարանում եմ հենց առաջին նկարս հիշել, բայց հիշում եմ, որ մանուկ հասակում շատ էի սիրում նկարել մուլտֆիլմերի հերոսներին:
-Որտե՞ղ եք սովորել նկարել և մասնագիտական ուսում ստացել:
-Սկզբում սովորել եմ Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցում՝ Հայաստանում, այնուհետև, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա, ընդունվեցի և ավարտեցի Սերովի անվան նկարչական դպրոցը, իսկ այժմ սովորում եմ այստեղ՝` Հայաստանում, Գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայի առաջին կուրսում:
-Ո՞վ է Ձեր ամենասիրելի նկարիչը:
-Իմ ամենասիրելի նկարիչը Դալին է, նրա նկարները պարզապես հիասքանչ են:
-Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:
-Ինձ համար ոգեշնչման աղբյուր է երաժշտութոյւնը, գրեթե բոլոր նկարներս նկարված են երաժշտության ներքո, ստեղծագործում եմ հատկապես Քուինի երգերի ուղեկցությամբ:
-Ինչու՞ եք ընտերել ստեղծագործելու հենց այս ոճը:
-Ստեղծագործելու այս ձևի մեջ ինձ ամենից շատ գրավում է դրա ակնթարթային լինելը, այսինքն ապագա ստեղծագործության տեսքը կախված է հենց այդ պահին ներկը "ցփնելուց": Երբեք չես կարող կանխատեսել, թե ինչ կստացվի, թեև նախօրոք արդեն որոշել ես` ինչ ես ուզում նկարել:
-Ո՞րն է Ձեր ստեղծագործություններից ամենասիրելին Ձեզ համար:
-Իմ ամենասիրելի նկարը Դալիի նկարն է, այն ինձ ամենաշատն է դուր գալիս: Այսօր էլ ցուցադրված է այստեղ:
-Ի՞նչպես ստեղծվեց այս հավաքածուն:
- Միշտ ցանկանում էի կազմակերպել նման մի բան, բայց երբեք համարձակութոյւնս չէր հերիքում: Վերջին տարվա ընթացքում փորձեցի գտնել իմ ոճը, ինչի արդյունքում էլ հենց այս հավաքածուն ստեղծվեց: Ցուցադրված նկարները նկարել եմ մեկ տարվա ընթացքում:
-Ինչի՞ վրա եք այժմ աշխատում:
-Կասեմ, որ այժմ նոր միտք ունեմ, սակայն դեռևս չեմ ցանկանում այն բարձրաձայնել, թող որ անակնկալ լինի:
-Եվ ի՞նչ կավելացնեք վերջում:
-Կցանկանայի, որ Հայաստանում էլ արվեստը դառնա մարդկանց ավելի հասանելի, ինչպես այլ երկրներում է, և ուզում եմ, որ մարդիկ արվեստիը դիտեն բոլոր տեսակի կաղապարներից դուրս և մի փոքր էլ հումորով:
Տաթևի մասին մեզ հետ մի փոքր զրուցեց նաև վերջինիս մայրիկը, ասաց, որ նկարելու հանդեպ սերը վաղ մանկության հասակում արտահայտվել է Տաթևի մոտ և եղել է իր ընտրությունը, իսկ ինքը որպես մայր միշտ սատարել է նրան և փորձել է օգնել բարդ իրավիճակներում:
Տաթևի նկարներն ուսումնասիրելիս մեզ շատ հետաքրքրեց, թե կոնկրետ ինչ ոճ է սա և ինչպես է կոչվում: Այդ հարցում մեզ օգնության հասավ Աթայան Արթուրը, ով ապագա արվեստագետ է, սովորում է Գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայում: Վերջինս մեզ բացատրեց, որ Տաթևն օգտագործում է մասսայական մշակույթի տարատեսակ նշաններ: Մի նկարում նա համադրում է և աբստրակտը և կոլաժը և շատ այլ էլեմենտներ` կախված կոնկրետ նկարի թեմատիկայից: Նրա մոտ շատ ուժեղ է նկարի ստեղծման պահի արտացոլումը: Արթուրի սուբյեկտիվ կարծիքով Տաթևը կարողանում է բավականին հաջող աշխատանքներ ստեղծել` համադրելով այդ բոլոր տարրերը:
Ցուցադրությանը ներկա էր նաև նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով ևս գնահատական տվեց Տաթևի աշխատանքին և կիսվեց մեզ հետ իր տպավորություններով.«Ընդհանուր առմամբ Տաթևի աշխատանքները հետաքրքիր են: Ինձ շատ է դուր գալիս, որ նա շատ աշխատասեր է և արդեն գտել է իր ոճը, ինչը խոսում է նրա հասունության մասին: Նա ունի և շատ հաջող գործեր և այնպիսիք, որոնք կարող էին ավելի լավը լինել: Կցանկանայի նրան խորհուրդ տալ նկարել ավելի իրական կերպարներ, ոչ թե ինտերպրիտացիա անել լուսանկարներից: Բարձրարժեք արվեստին հասնելու համար սա դեռ բավարար չէ: Սակայն, այնուամենայնիվ գնահատում եմ Տաթևի համարձակությունը, քանի որ նա դեռ ուսանող է, սակայն արդեն անցկացնում է ցուցահանդես, ինչն այնքան էլ հեշտ բան չէ: Նա ունի շատ աշխատանքներ, ինչը խրախուսելի է, այս ցուցահանդեսը գնահատում եմ բավականին դրական»:
Տաթևին շնորհավորելու էին եկել շատ հյուրեր, հարազատներ ու ընկերներ: Հաջողություն մաղթենք երիտասարդ նկարչուհուն և հուսանք, որ նա իր աշխատանքներով հայկական արվեստը կդարձնի շատ ավելի հարուստ ու գեղեցիկ:
Ցուցահանդեսին ներկա էր նաև artisto.am կայքի ղեկավարությունը,ովքեր Տաթևին համագործակցության առաջարկություն արեցին,ուստի դուք շուտով կտեսնեք մեր համագործակցության արդյունքները:
Նշենք նաև, որ artisto.am նախագիծը սատարում և օգնում է երիտասարդ և տաղանդավոր արվեստագետներին: Հուսով ենք,որ կարճ ժամանակում artisto.am-ը համագործակցություն ձեռք կբերի ավելի շատ երիտասարդ արվեստագետների հետ: