Karen A Simonian
-
Posts
29 -
Joined
-
Last visited
About Me
Կարէն Ա. Սիմոնեանը ծնուել է 1936 թ. Մարտ 17-ին։ Երեւան։ Բարձրագոյն կրթութիւնը ստացել է Ճարտարագիտական ուսումնական հիմնարկի մեքենագիտութեան մասնաճիւղի մէջ։ Պաշտօնավարել է որպէս «Հայաստան» հրատարակչութեան Մանկական ու պատանեկան գրականութեան խմբագրութեան վարիչ (1960-68), «Պիոներ» ամսագրի փոխ-խմբագիր (1968-71), «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխաւոր խմբագիր (1975-82), «Սովետական Հայաստան» ամսագրի փոխ-խմբագիր (1982-90), «Հայրենի Եզերք» ամսագրի գլխաւոր խմբագիր (1990-91), «Ժողովուրդ» պարբերականի եւ «Աստղային Սուրհանդակ» պատանեկան երկշաբաթաթերթի հրատարակիչ եւ գլխաւոր խմբագիր (1991-92)։
Հայաստանի հեռատեսիլով իրականացրել է գրական-գեղարուեստական հաղորդաշարեր՝ «Գիրքը եւ Մենք», «Գեղեցիկի Աշխարհը» եւ «Գրական Կամուրջներ»։ Այս վերջինն ունեցել է հայ մշակոյթի եւ լեզուի պահպանութեան, հայերէնի այբուբենն ու դասական ուղղագրութիւնը վերականգնելու, եւ գրականութիւնը սոցռեալիզմի մեթոդով չեղծելու քօղարկուած, բայց ընդգծուած ուղղուածութիւն։
1985-ին նախաձեռնել եւ գլխաւորել է հոգեւոր ու նիւթական մշակոյթի եւ կենսոլորտի պաշտպանութան «Գոյապահպանութիւն» շարժումը։ 1989-ին ի հեճուկս կոմունիստական կուսակցութեան եւ իշխանութիւնների՝ ընտրուել է ԽՍՀՄ Գերագոյն Խորհուրդի դեպուտատ եւ ընդգրկուել է դեպուտատական ընդդիմադիր խմբի անդամ։ 1990-ին նշանակուել է Հայաստանի Մամուլի եւ հրատարակչութիւնների նախարար։ 1991-ի Սեպտեմբերին վարչապետին հրաժարական պարտադրելը եւ կառավարման նախագահական համակարգ ստեղծելը Հայաստանի իրականութեան մէջ գնահատելով որպէս կոմունիստական վարչակարգի մենատիրութեան դիմակափոխուած տեսակ, հրապարակել է իր դիրքորոշումը եւ հրաժարուել է նախարարական պարտականութիւններից։
Կառավարական պարգեւներ, պետական մրցանակներ եւ պատուաւոր կոչումներ չունի։
1994-ից որպէս քաղաքական վտարանդի հաստատուել է Փարիզ։
1995-ին Գրողների միութեան նախագահութիւնը նրան միաձայն հեռացրել է պետական այդ կազմակերպութիւնից եւ արտերկրի գրական համաժողովներին նրա մասնակցութեան հնարաւորութեան դէմ ստեղծում են հետեւողական արգելքներ։