Jump to content

Գրիգոր Նարեկացի


Recommended Posts

Սբ. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

951-1003

Հայ բանաստեղծ փիլիսոփա, երաժիշտ։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ...

Link to post
Share on other sites

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003), հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի՝ X դ. հռչակված դպրոցում, Անանիա Նարեկացու ղեկավարությամբ։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր երոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են X դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։

Գեղեցկության իդեալը սովորաբար մարմնավորում է տիրամայրը։ Դրա ամենավառ արտահայտություններից է «Տաղ Վարդաւառի»-ն։

Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։

Հայ և համաշխարհային գրականության մեջ Գրիգոր Նարեկացին հռչակվել է «Մատեան ողբերգութեան» պոեմով, որը պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվեյով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ աստծուն։ Նա տարակուսում է, որ կարոդ է հասնել իր իդեալին՝ աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։

Նա գտնում է, որ մարդկային ծնունդներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, որովհետև չի կարողացել մտքի երիվարը բանականության սանձով կանգնեցնել և, «... մութ խորհոլրդների միջից սլանալով», մարդկանց գործած բոլոր հին չարիքներին նորերն է ավելացրել։ Նույնիսկ արարչի դեմ նենգավոր է գտնվել, ըմբոստացել, աստվածամարտ մտածումներ է ունեցել ու չի վախեցել նրա սպառնալիքներից։ «Մատեան ողբերգութեան» մեջ նա ասում է.

Սպառնացար, և ոչ զաոհուրեցայ,

Արգահատեցեր՝ և ոչ երբեք լուայ,

Որ է ապստամբութեան յայտնի նշանակ։

Կործանվելու սարսափներին հաճախ հաջորդում է փրկվելու հույսը՝ կապված մեղքերի խոստովանության հետ։ Պոեմի արտակարգ հուզիչ, դրամատիկ դրություններով հարուստ ընթացքն ավարտվում է լավատեսության հաղթանակով, Փրկության ե աստվածային էության հետ միանալու՝ աստվածանալու հավատով։

Ինչպես որոշ միստիկներ, այնպես էլ միստիկ Գրիգոր Նարեկացին ստեղծել է կատարելության ձգտող մարդու իդեալը՝ առաջ քաշելով կատարյալ էակի՝ աստծո պաշտամունքը։ Նա պանթեիստորեն առաջադրում և յուրովի լուծում է մարդ և աստված, բնություն և աստված հարաբերությունը։ Աստված ամենուրեք է և ամեն ինչում.

Զի դու միայն ես երկնքում անճառ

և երկրում՝ անզնին,

Գոյության տարրերի մեջ և աշխարհի

բոլոր ծագերում,

Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝

ամբողջ լրումով։

Պոեմի բովանդակության զարգացման ինքնատիպությունը, հույզերի, տրամադրությունների արտահայտումն ու պատկերումը պահանջում էին պոետիկական նորանոր հնարքներ ու միջոցներ։ Բանաստեղծը խորապես գիտակցել է իր ստեղծագործության էության առանձնահատկությունները և, դրանց համապատասխան, արտահայտչական ձևեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Թե՛ մարդկային կյանքի իրադրությունները, թե՛ բնության երևույթներն օգտագործված են բանաստեղծի կողմից իբրև համեմատություններ ու փոխաբերություններ՝ ապրումների ու հոգեվիճակների գեղարվեստական մարմնավորման համար։

Նարեկացու փոխաբերությունները, համեմատությունները, էպիտետները, որոնք պոեմում հորդում են հեղեղի նման, միշտ ինքնատիպ են, համարձակ և գեղագիտական բարձր ճաշակի ու զգացողության արտահայտություն։

Ժամանակի գրական լեզուն՝ գրաբարը, ինչ հարստության որ հասել էր պատմիչների, եկեղեցական գրողների ու բանաստեղծների գործերում, չէր կարող Նարեկացու ստեղծագործական երևակայության անսահման թռիչքը, իրարամերժ խոհերի ու զգացմունքների բոլոր նրբերանգներն արտահայտել։ Նրանից առաջ բուն բանաստեղծության լեզուն շատ ավելի աղքատ ու միակերպ էր, քան մեր պատմիչների լեզուն։ Եկեղեցական դոգմաներին հետևելը խանգարում էր հոգևոր երգերի (շարականների) հեղինակներին լեզվական նորամուծություններ կատարել ե՝ այն աստիճան, որ նրանց լեզվական անհատականությունը գրեթե կորչում էր։ «Մատեան ողբերգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրա պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամենահարուստը։

Գրիգոր Նարեկացին գրականության մեջ մնաց անգերազանցելի՝ բովանդակության համապատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու և օգտագործելու, ռիթմի ու երաժշտականության անկրկնելի արդյունքների հասնելու հարցում։ Մ. Մեծարենցը ճիշտ է նկատել, թե Նարեկացին «գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը»։

Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին, ութ-ձայնի դրությանը կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը։ Ընդհանրապես նախատեսված չլինելով պարտադիր-կիրառական նպատակների համար՝ տաղերն ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ (քան, օրինակ, շարականները) հարստացել ժող-գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով։ «Մատեան ոդբերգութեան» պոեմի գեղարվեստական անընդգրկելի մեծության ամենացայտուն ապացույցներից է մեր գրականության վրա թողած նրա հսկայական ազդեցությունը։ Նրանից սովորել և ներշնչվել են ոչ միայն միջնադարի, այլն նոր ժամանակների հայ պոեզիայի նշանավոր դեմքերը։

Երկ. Գիրք աղօթից սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ արարեալ, ԿՊ, 1700։ Սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Նարեկայ վանից վանականի մատենագրութիւնք, Վնտ., 1840։ Նարեկ. Մատյան ողբերգության ս. Գրիգոր Նարնկացիի, գրաբար բնագրի հանդիպադրությամբ աշխարհաբարի վերածեց Գարեգին եպ. Տրապիզոնի (Խաչատրյան), Բուենոս Այրես, 1948։ Մատյան ողբերգության, գրաբարից թարգմանեց Մ. Խերանյան, Ե., 1960։ Մատյան ողբերգության, գրաբարից թրգմ. Վ. Գևորգյան, Ե., 1970։

Գրկ. Չոպանյան Ա., Դեմքեր, Փարիզ, 1924։ Աբեղյան Մ., ՛Հայոց հին գրականության պատմություն, գիրք 1, Ե., 1944։ Մկրյան Մ., Գրիգոր Նարեկացի, Ե., 1955։ Թահմիզյան Ն., Կոմիտասը և Նարեկացու տաղերը, «ԲԵՀ», 1969, N 3։ Читая Нарекаци, Е., 1974.

Մ. Մկրյան

[ Ներկայացված է կրճատումներով։ Կ. Վրթանեսյան ]

Link to post
Share on other sites
  • 4 months later...

Մատյան Ողբերգության - հատված -

...Որպեսզի իզուր կրկնաբանվելուվ

Խոսքս չհասնի շատախոսության

Ու ավելի ողբալի դառնա

Ասեմ` թշվառս նրանով իրեն

Արքայություն չէ, որ հանդգնում է խնդրել, այլ միայն

Տառապանքների քիչ թեթևություն.

Ոչ թե հույս ունի ապրել լույսի մեջ` ապրողների հետ,

Այլ մեռյալների հետ` զգայական կյանքով` խավարում.

Եվ ոչ թե լինել բարձրյալների հետ,

Այլ ընկածների, խորտակվածների:

Հանգստի ժամին նա միշտ լինում է տանջահար, հոգնած,

Խրախճանքի մեջ` տխուր ու տրտում,

Տեսքը ծիծաղկոտ, աչքը ողբի մեջ,

Դրսից սփոփված է ձևացնում,

Բայց արտասուքը լուռ վկայում է կսկիծը սրտի:

Երկու ըմպանակ ունի ձեռքերում

Մեկն արյունով լի, մյուսը` կաթով.

Երկու բուրվառներ կայծակնացնցուղ,

Մեկը` խնկաբույր, մեկը` ճենճահոտ:

Անոթներ` երկու համեմունք կրող,

Մեկը քաղցրություն, մեկը` դառնություն.

Զույգ բաժակ` երկու պարունակությամբ,

Մեկը` արտասուք, մյուսը ծծումբ.

Գավաթներ` բռնած մատների ծայրով,

Մեկի մեջ գինի, մյուսում` լեղի:

Տեսնում է բացված զույգ ներհակ դռներ,

Մեկը` դեպի լաց, մյուսը` վրիպում,

Հակառակագործ երկու հալոցներ,

Մեկն արծածում է, մյուսը շիջում.

Աչքերի երկու տարբեր նայվածքներ,

Մեկում աննշան չնչին սփոփանք,

Իսկ մյուսի մեջ դաժան բարկություն.

Բարձրացած երկու ահեղ բազուկներ,

Մեկն` հարվածելու, մյուսը մերժելու.

Մի դեմք` երկնակի արտահայտությամբ – տխուր ու ցասկոտ

Մեկի փոխարեն երկու կշտամբանք,

Մեկը` ներկայի, մեկն` ապագայի.

Տարակուսելի երկու ապավեն

Մեկը` “թերևս”, մյուսը` “գոնե”.

Նույն բերանի մեջ երկակի բարբառ,

Մեկը` եղկություն, մյուսը խռովք,

Երկու զգացում միևնույն սրտում,

Մեկը կեղակարձ խաբուսիկ հույսի,

Մյուսն անկասկած, ստույգ կորստյան:

Ահագնատեսիլ լրթագույն մի ամպ` երկու տեղումով,

Նետեր ու քարեր.

Ահեղ որոտում` երկու պոռթկումով,

Մեկը` կարկտաբեր, մեկը` հրացան.

Ցավագին գիշեր երկու վտանգի` լալու ու մահվան.

Սգի առավոտ երկու գոչյունով,

Մեկը` սաստելու, մեկն` սպառնալու.

Զույգ արեգակներ երկու ծագերից,

Մեկը` խավարի, մյուսը` կիզման…

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Եվս մեկ հատված Մատյանից:

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ

ԲԱՆ ԿԷ

Ա

Քրիստոս Աստծո խոսքն արդարության

Դատապարտում է ինձ շատ ավելի

Խիստ, իրավացի, քան սատանային.

Զի նա հայտնվեց հենց նրա համար,

Որ չարիքների նախահոր բոլոր գործերը քանդի

Եվ նորոգի իմ պատկերն հնացած`

Իր ինքնության մեջ ստույգ խառնությամբ

Միավորելով մեր կերպարանքն ու էությունը ողջ

Մեծն Աստծո կերպ ու իսկության:

Նրան անհարմար իր շնորհներից ոչինչ չտվեց.

Ինձ շռայլորեն օժտեց բոլորով.

Նրա համար նա բնավ չտանջվեց,

Մինչդեռ ինձ համար պատարագվում է շարունակաբար.

Նա անհաղորդ է կյանքին, այնինչ ես

Վայելում եմ միշտ փրկագործություն,

Նա խաչով վանվեց, իսկ ես` զորացա,

Նա լույսից մերժվեց, ես միացած եմ անձկալի փառքին.

Նրան երկրում էլ հանգիստ չտվեց,

Ինձ սեփականից երկինքը անգամ.

Նրան կտրեց երաշխիքն հույսի,

Իսկ իմն հաստատեց առանց խզելու.

Նրան խոզերի բոլուկների մեջ արգելափակեց,

Մինչդեռ իմ մեջ հենց ինքը զորացավ.

Նրան բաղդատեց կարիճների հետ,

Իսկ ինձ հռչակեց լույսի ճառագայթ.

Նրան սողունի նմանեցրեց,

Մինչդեռ ինձ կնքեց իր իսկ արյունով:

Բ

Լքելով բոլոր երախտինքները բարերար Աստծո`

Հակամետ եղա չարին` նրա հետ

Դժողքի խորքը նայելու համար,

Ես, անարժանս ամեն բարիքի,

Երախտամոռս անշնորհակալ, դրժողս սիրո,

Կաշկանդվածս պիրկ մեղքի թոկերով,

Խոցվածս խորքից երիկամներիս,

Որ արմավենու ծառ եմ բզկտված,

Աղարտված գինի, հեղեղված ցորեն,

Ջնջոտված մուրհակ, պատառված վճիռ, խարխանդված կիրք,

Դիմափոխված տեսք, այրված հանդերձանք,

Կորած ըմպանակ, խորասուզված նավ,

Փշրված մարգարիտ, ընկղմված գոհար,

Իսպառ փտած փայտ, եղծված մանրագոր,

Փլատակված տուն, խարխլված խորան, արմատախիլ բույս,

Յուղ` թափված աղտոտ հրապարակում,

Մոխրակույտերի վրա հոսած կաթ,

Դժնի մահապարտ` քաջերի գնդում:

Քանզի շարունակ անձն իմ ողբալի,

Հին Բաբելոնի օրինակներով,

Երուսաղեմի հետ խրատ լսեց

Մարգարեներից, բայց չխրատվեց:

Եվ ահա, այստեղ անգոսնում գտա, այնտեղ` անարգանք,

Այստեղ` դսրովում, այնտեղ` պարսավներ,

Այստեղ` ծանակում, այնտեղ` նախատինք,

Այստեղ` դառնություն, այնտեղ` կշտամբանք,

Այստեղ` վարանում, իսկ այնտեղ` լքում,

Այստեղ` հեծություն, այնտեղ` հառաչանք,

Այստեղ` կասկածներ, այնտեղ` իրացում,

Այստեղ` տագնապներ, այնտեղ` հատուցում,

Այստեղ` փորձություն, այնտեղ` դատաստան,

Ուր չի լինի ո՛չ իրավունքի խոսք, ո՛չ ձայն աղերսի,

Ո՛չ օրերը` թիվ, ո՛չ ժամանակը վախճան կունենան,

Ո՛չ հուսո շավիղ կգտնես, ո՛չ էլ` ողորմության դուռ,

Ո՛չ պահապան աջ, ո՛չ էլ` օգնող ձեռք:

Գ

Բայց ապավեն ես դու և փրկություն,

Խնամարկություն ու երանություն,

Ողորմում ես դու, քավում, բժշկում, ո՛վ միակ հզոր,

Կենսաձիր, անճառ, Տե՛ր Հիսուս Քրիստոս բարերար Աստված,

Օրհնյա՜լ և օրհնյա՜լ և դարձյալ օրհնյա՜լ,

Քո Սուրբ Հոգու հետ բարձրացած հավետ

Մեծիդ իսկության Հոր փառքի համար`

Հավիտյաններից հավիտյանս. ամեն:

Link to post
Share on other sites
  • 4 weeks later...

ԲԱՆ Դ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Ա

Արդ, քանզի խոսել սկսեցի քեզ հետ,

Որիդ ձեռքում է կենդանի շունչը բազմամեղ հոգուս,

Ահից սահմռկած` սարսռում եմ, դողում սաստիկ տագնապով,

Քանզի, արարի՜չդ երկնի ու երկրի,

Մտաբերումն իսկ դատաստանի քո,

Անճողոպրելի, ահեղ, անաչառ,

Ուր հանցագործս պիտի կշտամբվի,

Անտանելի է, ահավոր, խոսքի սահմաններից դուրս:

Առավել ևս, որ չկա բուժում

Սաստիկ վերքերիս, անողջանալի ու բազմավտանք,

Որոնք ստացա կործարարիս դժնի, մահաբեր

Ժանիքների խայթ-խածոտումներից:

Իսկ "պատերազմի օրն" այդ ահարկու,

Ըստ առակողի, ոչ պաշտպանվելու ինչ-որ միջոց կա

Եվ ոչ էլ խոսքով արդարանալու.

Ո՛չ հնար կլինի պատսպարվելու վերարկուի տակ,

Ո՛չ դիմակներով ծածկված, կեղծելու,

Ո՛չ մոտենալու` խոսքով երեսպաշտմ

Ո՛չ խաբխբելու` կերպարանելով,

Ո՛չ կմկմալով ստախոսելու,

Ո՛չ ճողոպրելով փախչելու հապճեպ.

Ո՛չ էլ ծլկելու` թիկունք դարձնելով,

Ո՛չ երեսն ի վար գետնին կառչելու,

Ո՛չ հաստատվելու` բերանով հողին,

Ո՛չ թաքնվելու երկրի խորքերում:

Զի ծածկվածները մերկ են քեզ համար,

Իսկ անտեսները հայտի, անսքող.

Արդարությունս նվազել է ու չքացել իսպառ.

Մեղքերս բացվել են ու բազմապատկվել.

Չարիքները իմ մնացական են, ես` կորստական.

Թեթևացել է սաստիկ նժարը իրավունքներիս,

Անիրավության կողմը` ծանրացել.

Հալվել, ցնդել է բերքը բարիքիս,

Իսկ սխալներս` հաստատվել ամուր.

Ավանդը կորցրել, դատակնիքն եմ գտել այժմեն իսկ.

Մահվան մուրհակս գրված է արդեն,

Իսկ ավետիքի կտակը` ջնջված:

Երախտավորը տխրել է սաստիկ,

Իսկ նենգ բանսարկուն ցնծում է ուրախ.

Թախծում է գունդը հրեշտակների,

Սատանան` պարում լիրբ հռհռոցով.

Ողբերի մեջ է զորքը վերնական,

Ստորինները բերկրում են զվարթ.

Մահ տարածողի մթերանոցը լված է բերքով,

Եվ կողոպտված է գանձն ստեղծողի.

Օտարի կողմը անպակաս է, իսկ

Տիրոջ պարգևը տրված է քամուն.

Շնորհն հաստողի մոռացվել է, իսկ

Կորստաբերի վարմերը` պահվել.

Երախտիքները փրկչի հեգնելով`

Զվարճանում է Բելիարը նենգ.

Կենաց աղբյուրս խցվել է անդարձ,

Գոռոզի ժանգն է ժամանել ժանտիս:

Բ

Ավելի լավ չե՞ր, ինչպես որ Գիրքն է ասել նախօրոք,

Ո՛չ սաղմնավորվել բնավ արգանդում,

Ո՛չ ձևավորվել որովայնի մեջ,

Ո՛չ ծնունդ առնել, ո՛չ լույս աշխարհ գալ,

Ո՛չ մարդկանց թվում երբևէ գրվել,

Ո՛չ հասակ առնել, աճել, զարգանալ,

Ո՛չ գեղապատկեր դեմքով զարդարվել,

Ո՛չ օժտվել խոսքով, բանականությամբ,

Քան թե ենթարկվել այսքան սաստկագույն

Ու սարսափելի տառապանքների,

Որոնց դիմանալ կարծրակոփ ժայռերն անգամ չեն կարող,

Ո՞ւր մնաց տկար մարմինները լույծ:

Գ

Տո՛ւր ինձ, բարեգո՜ւթ, աղաչում եմ քեզ, տո՛ւր արդարություն.

Չէ՛ որ դու ինքդ քո խոսքով այդպես մեզ պատվիրեցիր`

Ասելով` տվեք այդ նվերն Աստծուն`

Ի փրկություն ձեզ և մաքրաքործվեք,

Զի ես ձեզանից ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ:

Ահա բարձրացի՛ր վերստին` խնկված այդ խոսքն հիշելով,

Դու, որ ամեն ինչ ունես լիապես

Եվ ամեն ինչի աղբյուրն ես միակ.

Բոլորից քեզ փա՜ռք հավիտյանս, ամեն:

Link to post
Share on other sites
  • 7 months later...

ԲԱՆ Ա

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Ա

Սրտիս դառնահեծ հառաչանքների

Վայն ու ողբաձայն աղաղակները

Վերընծայում եմ քեզ, ո՜վ գաղտնատես.

Եվ իմ սասանված մտքի ճենճերող

Իղձերի պտուղ նվերն այս դրած

Անձս տոչորող թախծի կրակին`

Կամքիս բուրվառով առաքում եմ քեզ:

Սակայն կնայես նրան, ո՜վ գթած,

Ու կհոտոտես ավելի սիրով,

Քան պատարագն այն բոլորանվեր,

Որ մատուցվում էր ծպով թանձրաբարդ.

Ընդունի՛ր հյուսվածքն իմ այս կարճառոտ ու սեղմ խոսքերի

Բարեհաճորեն, ոչ թե բարկությամբ:

Մտքիս խոհածուփ սենյակի խորքից

Սրտիս անձկությամբ ելած կամավոր նվերն իմ այս թող,

Որպես բանական զոհաբերություն,

Ողջակիզվելով պարարտակուտակ ճարպիս զորությամբ,

Բարձրանա ու քեզ հասնի անհապաղ:

Աղերսապառն այս դատի մտնելն իմ քեզ հետ, ո՜վ հզոր,

Թող քեզ տաղտկալի չթվա հանկարծ,

Ինչպես ձեռքերի կարկառումն ի վեր

Ամբարշտացած Հակոբի ցեղի,

Ըստ մարգարեի ամբաստանության,

Կամ թե սաղմոսի առակում հիշված

Անիրավությունն այն Բաբելոնի.

Ընդունելի թող լինի կամքին քո,

Ինչպես Սելովի խնկաբուրումն այն` Դավթի խորանում,

Կերտված ի հանգիստ սուրբ տապանակի,

Որն ի վերստին գերեդարձությամբ

Ասես նաև իմ կորուսյան հոգու

Վերագտնումն է խորհրդանշել:

Բ

Հնչում է ահա ուժգնապես ձորում վրեժխնդրության`

Ձայնը ահավոր քո դատաստանի,

Երկնելով իմ դեմ նորից մարտերի գրգիռ ու պոռթկում.

Այժմ իսկ զգում եմ արդեն անձիս մեջ

Տագնապախռով ալեկոծումներ ներհակ ուժերի,

Եվ չար ու բարի խորհուրդներն ահա խմբված բազմությամբ,

Սպառազինված զենք ու սուսերով`

Բախվում են իրար ոսոխների պես,

Դարձնելով համակ ինձ մահվան գերի,

Ըստ հին դիպվածի, երբ շնորհը քո դեռ ինձ չի հասել:

Առաքյալներից Պողոսը ընտրյալ

Մովսեսի օրենքն համեմատելով այդ շնորհի հետ`

Գերադասում է փրկագործումը Քրիստոս Աստծո:

Բայց եթե, ինչպես Գիրքն է վկայում,

«Մոտ է տիրոջ օրն», երբ արդարության ժամադրավայր

Հովսափաթի այն նեղանձուկ հովտում

Եվ հեղեղատի ափին Կեդրոնի

Փոքր հանդեսներում` երկրային կյանքի օրինակներով

Հանդերձյալները պիտի պատկերվեն,

Ապա ուրեմն հասել է արդեն նաև ինձ վրա

Դատաստանն արդար մարմնացած Աստծո,

Որը գտնելով ինձ վնասապարտ`

Իմ բազմատոկոս զանազանակերպ մեղանչումներով,

Որոնք ուղղախոս ամբաստաններ են,

Պիտի դատի ինձ ավելի սաստիկ,

Քան մի ժամանակ նրա բարձրացրած ձեռքն հարվածելով`

Եդովմայեցի ու փղշտացի

Եվ այլ բարբարոս ազգերի պատժեց.

Քանի որ նրանց պատուհասները կարճատև եղան,

Մինչդեռ պատիժն իմ ո՛չ սահման ունի և ո՛չ էլ վախճան.

Ահ, գուբ, որոգայթ անճողոպրելի,

Ըստ մարգարեի ու առակողի,

Դռանս հասած, տագնապելով ինձ,

Գծագրում են այստեղ իսկ ամոթն հավիտենական:

Արդ, դու, միայն դու կարող ես դեղեր հրաշագործել`

Կյանք տալու համար այն հոգիներին,

Որոնք մատնվել են ամենավարան

Վտանգների ու տարակուսանքի,

Ամենաքավի՜չ, անպատում փառքով հավիտյան գովյալ`

Ահնասանելի քո բարձրունքներում:

Link to post
Share on other sites
  • 1 month later...

ՄԵՂԵԴԻ ՅԱՐՈՒԹԵԱՆ

Հաւուն հաւուն արթնացեալ.

դիտելով զհեթանոսս`

Ձայնէր, ձայնէր տատրակին

սիրասընունդ սիրելւոյն.

Դարձի'ր, դարձի'ր սոմնացիդ

ընդ վիմին հովանեաւ.

Եկն հարսնուհիդ ի լերանց ընծուց,

ի դաշտաց այծեմեանց.

Եկեալ, եկեալ տաւաղին

յԵփրայիմ Բեթելին:

Ելեալ, ելեալ յասպարէզս

ի յայգին Կեդրոնի:

Հնձան կոխելով

գոյն ի գոյն բոսորի:

Արկեալ փայտ ի հաց,

ըզզենլիս իւր զենեալ:

Խառնել ի գինի

զխառնելիս անուշից:

Բաժակ մատուցաւ

ի հրաւէր հարսանեաց:

Հրաւէր հարսանեաց,

եկա'յք, նոր ժողովուրդք,

Կերա'յք յիմ հացէս

եւ արբէ'ք զիմ գինիս,

Զի կեցջիք յանսպառ,

յանվախճան յաւիտեանս:

Link to post
Share on other sites
  • 4 years later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...