Sign in to follow this  
Followers 0
Unregistered - M

Ոճաբանություն

18 posts in this topic

ԲԱՌ

Բառը իմաստ ունեցող և ինքնուրույն գործածվող հնչյուն է, կամ հնչյունների խումբ:

Ցանկ`

1. Էջ

Համանիշներ, Համանուններ, Հարանուններ, Հականիշներ

Դարձվածքներ

Ոճաբանություն. ոճի տեսակները

Ոճաբանական կարգեր

Հնչյունական արտահայտչամիջոցներ`

Նմանաձայնություն

Հնչյունային բանադարձումներ

Հանգ

Խոսքի ռիթմ

Շեշտ

Հատուկ բառապաշար

Պատկերավորման-արտահայտչական բառապաշարային միջոցներ`

Մակդիր

Համեմատություն

Գ.Բ. Ջահուկյանի և Ֆ.Հ. Խլղաթյանի "Հայոց լեզու" դասագրքից

Շարունակելի...

Share this post


Link to post
Share on other sites

ՀԱՄԱՆԻՇՆԵՐ

Իմաստով մոտ բառեռ

1. Ոճական համանիշներ,

երբ համանիշները պատկանում են գործառական տարբեր ոճերի: Այս առումով պետք է առանձնացնել բառերի երկու շերտ` ոճականորեն չեզոք և ոճականորեն տարբերակված:

Օրինակ`

զբոսնել (ընդանուր գրական) – ճեմել (վերամբարձ)

կատարել (ընդանուր) – ի կատար ածել (վարչական)

ձի (ոճականորեն չեզոք) – նժույգ (բանաստեղծական)

2. Իմաստային համանիշներ.

սրանք արտահայտում են երևույթի կամ հատկության դրսևորման տարբեր չափեր:

Օրինակ`

հով, քամի, փոթորիկ, մրրիկ

3. Հուզարտահայտչական համանիշներ.

սրանց առանձնահատկությունը արտահայտած անձնական վերաբերմունքի տարբերության և հուզարտահայտչական տարբեր երանգների մեջ է:

Օրինակ`

ուտել – խժռել

խմել – լակել

մահանալ – սատկել

4. Բացարձակ համանիշներ (նույնանիշներ)

Օրինակ`

մազ – վարս – հեր

այտ – թուշ

հուր – կրակ

Share this post


Link to post
Share on other sites

ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐ

ձևով նույն, բայց իմաստով տարբեր բառեր

-Լրիվ համանուններ

են կոչվում այն բառերը, որոնք համընկնում են և գրությամբ, և արտասանությամբ:

Օրինակ`

կետ (ծովային մի կենդանի) – կետ (մի գրանշան)

հոտ (բույր) – հոտ (ոչխարի հոտ)

փող (խողովակ) – փող (դրամ)

-Մասնակի համանուններ

1. Համաձև են կոչվում համանուն բառաձևերը, այսինքն` արտաքնապես համընկնող քերականական տարբեր ձևերը. օրինակ`

արի (քաջ) – արի (եկ)

հացի (հաց բառի սեռական հոլով) – հացի (հացենի)

կրի (շաղախ) – թող կրի

գնում է (գնալ բառից) – գնում է (գնել բառից)

2. Համագիր են կոչվում միատեսակ գրվող, բայց տարբեր կերպ արտասանվող բառերը. օրինակ`

բարդ (երգիչ) – բարդ (ոչ պարզ, արտասանվում է բարթ)

3. Համահունչ են կոչվում տարբեր ձևով գրվող, բայց միատեսակ արտասանվող բառերը. օրինակ`

աղտ (կեղտ) – ախտ (հիվանդություն)

ուղտ – ուխտ

որդ – որթ

Share this post


Link to post
Share on other sites

ՀԱՐԱՆՈՒՆՆԵՐ

ձևով նման, իմաստով տարբեր

-պատահական զուգատիպություններ. օրինակ`

մարդ – մարտ

հարդ – հարթ

լուրթ – շուրթ

-նույնարմատ բառեր. օրինակ`

քարային – քարոտ

խոստանալ – խոստովանել

Հարանունները օգտագործվում են գեղարվեստական խոսքում հարանունություն կոչվող ոճական հնարք ստեղծելու նպատակով:

Share this post


Link to post
Share on other sites

ՀԱԿԱՆԻՇՆԵՐ

բառեր, որոնք, անկախ ձևից, ունեն հակադիր իմաստներ

Օրինակ`

բարձր – ցածր

վերև - ներքև

թշնամի – բարեկամ

սև - սպիտակ

Հականիշները կարող են լինել ինքնուրույն բառեր, ինչպես վերևի օրինակները, կամ ածանցավոր կազմություններ.

խելոք – անխելք

գեղեցիկ – տգեղ

Share this post


Link to post
Share on other sites

ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ

Դարձվածք են կոչվում միասնական իմաստով կապված և նույնությամբ վերարտադրվող կայուն բառերը, բառակապակցություններն ու արտահայտությունները:

Դարձվածքներ են`

-որևէ լեզվին բնորոշ և չթարգմանվող յուրահատուկ արտահայտությունները (իդիոմներ). օրինակ`

գլուխ դնել

դես ու դեն ընկնել

ձեռք բերել

-ժողովրդական ասացվածքներն ու առածները. օրինակ`

Ահը վեր է, քան մահը

Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի ուտի

Ձուկը գլխից է հոտում

-պատմական վեպերից, գրքերից սկիզբ առած և լեզվից լեզու տարածված թևավոր խոսքերն ու արտահայտությունները. օրինակ`

Ռուբիկոնն անցնել – վճռական քայլ կատարել

-զանազան հեղինակների իմաստախոսքերը` աֆորիզմները. օրինակ`

Լավ է կույր աչոք, քան կույր մտոք (Եղիշե)

Share this post


Link to post
Share on other sites

ՈՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆը

գիտություն է լեզվական միջոցների նպատակահարմար գործունեության մասին:

Ոճ (հուն. ստիլոս (ստիլ)) – ծղոտ, ցողուն

ՈՃԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Ա. Գործառական ոճեր

Գործառական ոճը լեզվական համակարգի պատմականորեն ձևավորված տարատեսակ է` տարբերակ, որը կապված է հանրային կյանքի մի որոշ բնագավառի հետ:

Գործական ոճերը լինում են` առօրյա խոսակցական, վարչական, գիտական, հրապարակախոսական, գեղարվեստական:

Բ. Իրադրական ոճեր

Պաշտոնական ոճը բնորոշ է իր անձնական վերաբերմունքն արտահայտելուց խուսափելու ձգտումով: Հանդիպում է գործնական գրագրություններին, պաշտոնական զրույցներին, գիտական շարադրանքին:

Հանդիսավոր (վերամբարձ) ոճը բնորոշվում է խոսքի թեմայի կամ առարկայի մեծարման, նրա վեհությունն ու կարևորությունն ընդգծելու ակնհայտ միտումով, նրանց նկատմամբ հարգանք ու պատկառանք առաջացնելու ձգտումով:

Հորդորական ոճը գործադրվում է այն դեպքում, երբ խոսողը կամ գրողը հորդորում է, խրատում, գործողության մղում կամ ընդհակառակն, աշխատում ետ պահել որևէ գործողությունից: Բնորոշ է ուսուցողական խոսքերին, բարոյախոսական զրույցներին:

Մտերմական-փաղաքշական ոճը բնորոշվում է խոսողի կամ գրողի կողմից խոսքի առարկա անձի, խոսակցի նկատմամբ մտերմական վերաբերմունքի, համակրանքի արտահայտմամբ: Այդ ոճը բնորոշ է մտերմական զրույցներին, անձնական նամակներին, գեղարվեստական որոշ ստեղծագործություններին:

Կատակաբան ոճը բնորոշվում է նրանով, որ խոսողը կամ գրողը բարեկամական կատակ է անում, աշխատում է առաջ բերել մտերմական ժպիտ, հարաբերությունները չսրել: Երբ ոճը ստանում է որոշ արհամարական երանգ, որով խոսողն աշխատում է ցույց տալ իր գերազանցությունը, ապա կատակաբանական ոճը վերածվում է հեգնականի:

Ծաղրական ոճը բնորոշվում է խոսողի կամ գրողի բացասական վերաբերմունքով խոսքի առարկայի կամ խոսակցի նկատմամբ, երբ նա սրանց ծաղրում է, խայտառակում, նշավակում:

Գ. Անհատական ոճեր

Անհատական ոճը ընդհանուր լեզվի իրողությունների ընտրության և օգտագործման այն առանձնահատկությունն է, որ պայմանավորված է խոսողի մտավոր զարգացմամբ, աշխարհայացքով, խառնվածքով ու ճաշակով:

Դ. Գրողի ոճ

Գրողի ոճը ոճական այն առանձնահատկությունների ամբողջությունն է, որոնք հանդես են գալիս գեղարվեստական ոճի մեջ` պայմանավորված այդ գրողի աշխարհայացքով, իրականության ընկալմամբ, խառնվածքով, ճաշակով և այլն:

Share this post


Link to post
Share on other sites

ՈՃԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԵՐ

-Լեզվի իրացման ձևեր (գրավոր և բանավոր խոսք)

-Գործառական ոճեր և ոճական երանգավորում

-Հուզականություն` հատկանիշ, որի շնորհիվ խոսքն արտահայտում է հույզեր, զգացմունքներ և խոսողի վերաբերմունքը խոսքի առարկայի նկատմամբ (փաղաքշական, կոպիտ, հայհոյական և այլն)

-Արտահայտչություն` հատկանիշ, որը լեզվին տալիս է գնահատիչ բնույթ. տեսանելի է դարձնում խոսքի առարկան, արտահայտում է խոսողի հոգեվիճակն ու ապրումները:

-Պատկերավորություն. խոսքային գեղարվեստական պատկերը բառ է, բառակապակցություն կամ խոսքի հատված, որի շնորհիվ միտքը զգայապես ընկալունակ է դառնում, այսինքն ասվածը զգացվում է զգայարաններով:

-Պատկերավորման և արտահայտչական հնարանքներ ու միջոցներ`

ա. լեզվական միավորների կրկնություն

բ. փոխաբերություն

գ. շարահյուսական ոչ սովորական կառույցներ

դարձույթներ (բառերի փոխաբերական գործածության վրա հիմնված պատկերավորման միջոցներ)

բանադարձումներ (խոսքին արտահայտչություն և պատկերավորություն տվող ոչ սովորական արտահայտություններ, բառակապակցություններ կամ շարահյուսական կառույցներ` անձնավորում, բառախաղ, հակադրություն և այլն)

-Համանիշություն` իմաստով համարժեք կամ հարաբերակից լեզվական միավորների գոյություն

ա. բառային համանիշություն`

հով – զեփյուռ – քամի – մրրիկ…

մաշկ – մորթի – կաշի – թաղանթ – փառ – կեղև…

բ. ձևաբանական համանիշություն`

ամառվա – ամռան

ուսման – ուսումի

արյամբ – արյունով

գ. շարահյուսական համանիշություն`

քնած երեխա – երեխա, որը քնած է

Share this post


Link to post
Share on other sites

ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՉԱՄԻՋՈՑՆԵՐ

Նմանաձայնություն

-հնչյունական կազմի նմանեցումը բնության կամ կենդանիների արձակած ձայներին, օրինակ`

գռմռալ, զռռոց, միա՜ու, ծի՜վ-ծի՜վ

Վըշվըշում է գետը – վո՜ւշ, վո՜ւշ,

Ու հորձանք է տալիս հորդ,

Ու կանչում է` “Արի՜, Անո՜ւշ,

Արի՜, տանեմ յարիդ մոտ…”

(Հ.Թումանյան, Անուշ)

Share this post


Link to post
Share on other sites

ՀՆՉՅՈՒՆԱՅԻՆ ԲԱՆԱԴԱՐՁՈՒՄՆԵՐ

Հնչյունական կրկնությունները բանաստեղծական խոսքի մեջ դրսևորվում են բաղաձայնույթ, առձայնույթ բառադարձումների և հանգի ձևով

Ա. Բաղաձայնույթ

միևնույն տողի, արտահայտության ներսում նույն կամ նման բաղաձայն հնչյունների կրկնություն.

Օրինակ`

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր և ծովն ծիրանի.

Երկն ի զովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող` ծուխ ելանէր,

Ընդ եղեգան փող` բոց ելանէր,

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,

(Ապա թե) բոց ունէր մորուս,

Եւ աչկունքն էին արեգակունք:

Բաղաձայնույթն օգտագործվում է`

ա. բնության երևույթների ձայնական տպավորություններ ստեղծելու նպատակով

բ. հնչյունախաղ է, և ուժեղացնում է բանաստեղծության երաժշտականությունը

Օրինակ`

Ծըփում է ծովն ալեծածան,

Ծըփում է սիրտը տըղի.

Գոռում է ծովն ահեղաձայն,

Նա կըռվում է կատաղի:

(Հ. Թումանյան, Ախթամար)

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն…

(Վ. Տերյան)

Բ. Առձայնույթ

միևնույն տողի, արտահայտության ներսում նույն կամ նման ձայնավոր հնչյունների կրկնություն, երաժշտականություն և բարեհնչություն հաղորդելու նպատակով

Օրինակ`

Ցրտահա՜ր, հողմավա՜ր

Դողացին մեղմաբար

Տերևները դեղին,

Պատեցին իմ ուղին…

Ճաճանչները թոշնան…

Կանաչներս աշնան –

Իմ խոհերը մոլար`

Ցրտահա՜ր, հողմավա՜ր…

(Վ. Տերյան)

Share this post


Link to post
Share on other sites

Գ. Հանգ

Երբ հնչյունները կրկնվում են կանոնավոր կերպով` որոշակի համակարգով, առաջանում է հանգ:

Հանգերը լինում են`

-կից ԱԱԲԲ

-խաչաձև ԱԲԱԲ

-օղակաձև ԱԲԲԱ

-արական (շեշտավոր)

Որպես կարմիր մի վերք, մի արնագույն քուրա,

Բռնկվել է ահա հորիզոնի վրա,

Այրվում է, որպես իրիկնային մի սեր,

Ու գնում է մայրամուտ ու գիշեր

(Ե. Չարենց)

-իգական (անշեշտ)

Եվ ինչ է տվել ինձ բնությունը, -

Հավիտյան նորոգ իր հնությունը,

Իր ջրվեժների անքնությունը

Եվ հոգնահոլով իր կրկնությունը

(Հ. Սահյան)

-ճշգրիտ`

Ծաղիկները թողած դեպի հուրն է թռչում,

Ու այրվում են, այրվում նրա թևերը նուրբ,

Բայց նորից ու նորից նա կրակ է տենչում

Ու բոցի մեջ փնտրում սիրո վայելքը սուրբ…

(Վ, Դավթյան)

-մոտավոր`

Այդ երբ էր… Անձրևն անցել էր արդեն,

Ու բուրում էին դաշտերը խաղաղ,

Երբ հանկարծ այգուց դու ելար իմ դեմ

Ոտքերով բոբիկ ու ցողաշաղախ

(Վ. Դավթյան)

-միջնահանգեր`

Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար,

Մոռացված երազներ` շուշաններ թառամած…

Մշուշներ են սահում… սոսափում է ուռին…

Իմ օրերն անհատնում, անհնդում և անտուն…

(Վ. Տերյան)

-գլխահանգեր`

Լուրթը մեզնից` երկինքը դու,

Շուրթը մեզնից` դու համբույրը,

Ցուրտը մեզնից, իսկ դու` կրակ,

Իսկ դու` օջախ,

Իսկ դու` թոնիր…

(Պ.Սևակ)

Անհանգ բանաստեղծությունները կոչվում են սպիտակ ոտանավորներ:

Share this post


Link to post
Share on other sites

ԽՈՍՔԻ ՌԻԹՄ

Ռիթմը խոսքի զանազան տարրերի կամ հատկանիշների համաչափ կրկնությունն է, որն արտահայտվում է

-մե՛րթ շեշտված և անշեշտ վանկերի,

-մե՛րթ խոսքի թափի արագացման ու դանդաղեցման,

-մե՛րթ միակերպ պատկերների ու արտահայտչամիջոցների որոշակի հաջորդականությամբ:

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,

Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,

Պայտերը խփում են, խփում են հողին.--՝

Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:

Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են, ձիերը,

Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,

Պայտերը դոփում են քունքիս մեջ հիմա.--՝

Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ...

(Ե. Չարենց)

Share this post


Link to post
Share on other sites

ՇԵՇՏ

-Հայոց լեզվի համար բնորոշ է վերջավանկ շեշտը

-բացառություններ`

1. Երբ վերջին վանկարար հնչյունը ը հոդն է, կամ ը գաղտնահնչյունը, շեշտվում է նախավերջին վանկը` քաղա՛քը, գնա՛ցքը, լո՛ւյսը, մա՛ն(ը)ր, ծա՛ն(ը)ր, այսի՛նք(ը)ն, երբե՛մ(ը)ն և այլն:

2. Մի՞թե, գո՛նե, նո՛ւյնիսկ բառերում ընդանրապես շեշտվում է առաջին վանկը:

3. Գրեթե, բացի, նաև, մանավանդ, նամանավանդ բառերում առաջին վանկի շեշտումը հատուկ է արտասանության ճարտասանական ոճին, իսկ վերջին շեշտումը` չեզոքին:

4. Իհա՛րկե բառում միշտ շեշտվում է նախավերջին վանկը:

5. Ճարտասանական արտասանության ժամանակ առաջին վանկը կարող է շեշտվել նաև այսքան, այդքան, այդչափ, այնչափ, ինչքան, ինչչափ, այդպես, այսպես, նույնպիսի բառերում, ինչպես նաև մի քանի դասական թվականներում (հինգերորդ, վեցերորդ): Այդ բառերում չեզոք արտասանության ժամանակ շեշտադրությունը սովորական է` վերջավանկ:

6. Տասից բարձր թվերից կազմված դասական թվականներում ընհանրապես շեշտվում է ոչ թե –երորդ ածանցը, այլ թվական բաղադրիչը (տասնմե՛կերորդ, քսա՛ներորդ…)

7. Ո՛ր, քանի՞ բաղադրիչներ պարունակող բաղադրյալ դերանուններում շեշտվում են այդ բաղադրիչները` ո՛րերոդ, քանի՞երորդ, ո՞րտեղ, ո՛րևէ:

8. Օժանդակ բայը և հակադիր բայերի բայ բաղադրիչները չեն շեշտվում (Նա գնո՛ւմ է: Ես լսե՛լ էի: Ցո՛ւյց տալ, դո՛ւրս գալ և այլն):

Share this post


Link to post
Share on other sites

ՀԱՏՈՒԿ ԲԱՌԱՊԱՇԱՐ

Ա. Հնաբանություններ և նորաբանություններ

Սովորական գործածությունից դուրս եկած բառերն ու արտահայտութունները կոչվում են հնաբանություններ. օրինակ` սույն (այս), նկրտում (ձգտում), և այլն:

Այն հնաբանութունները, որոնք արտահայտում են պատմական իրադարձություններ, առարկաներ կամ հասկացություններ, կոչվում են պատմաբառեր. օրինակ` սպարապետ, սեպուհ, տեգ:

Լեզվի մեջ նոր մուտք գործած բառերն ու արտահայտությունները կոչվում են նորաբանություններ. օրինակ` համալիր, մասնաշենք, տիեզերանավ, դահուկորդ և այլն:

Բ. Բարբառաբանություններ և ժարգոնային բառեր

Գրական լեզվում գործածվող և իրենց տեղական երանգը պահպանած բարբառային բառերն ու արտահայտությունները կոչվում են բարբառաբանություններ կամ գավառաբանություններ:

Նրանցից տարբեր են ժարգոնային բառերն ու ծածկանաբությունները, որոնք գործածվում են հասարակությունից մեկուսացած զանազան խմբերի կողմից:

Գ. Մասնագիտական բառեր և տերմիններ

Այն բառերը, որոնք գործածվում են ճշգրիտ կերպով սահմանված հասկացություններ արտահայտելու համար:

Օրինակ`

գոյական, ածական, բայ, շաղկապ, հոլովում և շատ այլ բառեր քերականական տերմիններ են:

Դ. Վարչաբանություններ (կաղապարային արտահայտություններ)

Վարչաբանություններ են կոչվում վարչական գործառական ոճին հատուկ բառերն ու արտահայտությունները. օրինակ` կցել գործին, առ այն, ի գիտություն, ի կատարում, վերոգրյալ:

Ե. Օտարաբանություն և փոխառություն

Փոխառությունն այն երևույթն է, երբ լեզուն իր չունեցած բառը կամ արտահայտությունը վերցնում է այլ լեզվից:

Օրինակ`

բժիշկ, հազար, փող, դաշտ, մոմ (պարսկերենից)

ադամանդ, մետաքս, թատրոն, ֆիզիկա (հունարենից)

եկեղեցի, կաթողիկոս (ասորերենից)

կինո, պլան, ալյումին, գրիպ, տաքսի և այլն…

Փոխառությունից տարբեր է բառապատճենումը, երբ վերցվում է ոչ թե օտար բառը, այլ նրա բառակազմական կաղապարը. օրինակ`

Сам – о – лет

ինքն – ա – թիռ

Օտարաբանություն են կոչվում այն այլալեզվյան բառերը, արտահայտություններն ու խոսքային կառույցները , որոնց համարժեքները մայրենի լեզվում գոյություն ունեն:

Զ. Գռեհկաբանություններ և հասարականաբություններ

Գռեհկաբանությունները բացասական արտահայտչական երանգ ունեցող, հանրորեն կոպիտ, գռեհիկ ճանաչված բառերն ու արտահայտություններն են:

-Ո՞վ ա, - կանչեց պառավը լեղապատառ:

-Զահրումար ու չոռ ա, բաց արա էլի… (Նար-Դոս)

Հասարակաբանություն տերմինը երկու իմաստով է գործածվում.

ա. լեզվական իրողություն, որ հատուկ է առորյա բարբառախառն խոսակցական լեզվին (զխտկվել, աչքերը չռել և այլն)

բ. այլ ոճերին հատուկ բառերն ու արտահայտությունները, որոնք գրական երկերի լեզվում օգտագործված են ոճավորման նպատակով` երբեմն ստանալով այլ իմաստ:

Վիճեմ նաև այն մութի դեմ,

Որ կուրացնում, աչք չի շոյում,-

Մթնաց վիճեմ

Այն բութի դեմ,

Որ կարծում է` շեշտ է դարձել:

(Պ. Սևակ)

1. Մեղմասածություն` երբ խոսքի գռեհկաբանություններն ու հասարակաբանությունները փոխարինվում են վայելուչ համարվող հոմանիշներով: Օրինակ`

Ճիշտ չեք ասում, փոխանակ` սուտ եք ասում

վախճանվել, փոխանակ` մեռնել

ննջեցյալ, հանգուցյալ, փոխանակ` մեռել

2. Կոպտասածություն` մեղմասածության հակառակը. օրինակ`

բարձրահասակ – լողլող

լռիր – ռեխդ փակիր

Share this post


Link to post
Share on other sites

ՊԱՏԿԵՐԱՎՈՐՄԱՆ-ԱՐՏԱՀԱՅՏՉԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Մակդիր

-առարկան, երևույթը, գործողությունն արտահայտչորեն բնութագրող բառերն ու արտահայտությունները

Մակդիր կարող են դառնալ նյութական իմաստ ունեցող բոլոր խոսքի մասերը. օրինակ`

ածական – պայծառ աշուն, դառնաշունչ քամի

գոյական – քար սիրտ, խոզ մարդ

մակբայ – տերևները դողացին մեղմաբար

դերբայ – վախեցած աչքեր, նիրհող քաղաք

բառակապակցություններ – մթնում կորած խրճիթներ

-գործողության մակդիրները արտահայտչորեն բնութագրում են գործողությունը. օրինակ`

դառն հեկեկաց, դիտապաստ ընկան, «Զինվորները սագաբար բարձրանում էին» (Դ.Դեմիրճյան)

-որոշ մակդիրներ մշտապես գործածվելու հետևանքով դարձել են կայուն մակդիրներ. օրինակ` կեռ հոնքեր, չինարի բոյ, ծով աչքեր, աղի արցունք և այլն:

Մակդիրները բաժանվում են տարբեր խմբերի.

1. Ըստ բնույթի.

ուղղակի – դալուկ դեմք, ոլործուն մորուս (Դ. Դեմիրճյան),

փոխաբերական – գիշերամորթ գոմեշ (Դ. Դեմիրճյան) արևահամ բառ (Ե. Չարենց), կուրաչյա ճրագ (Հ. Շիրազ)

2. Ըստ կազմության.

պարզ – անհուն գորով, հրաշագեղ աչքեր

բաղադրյալ – մթնում կորած խրճիթներ (Ե. Չարենց)

3. Ըստ շարադասության.

նախադաս – խավարակուռ մշուշ (Վ. Տերյան)

ետադաս – վարդերի բույրը վառման (Ե. Չարենց)

4. Ըստ բովանդակության.

-նկարագրական – արջի կերպարանք, տորքյան հասակ

-քնարական – խռովահույզ դեմք, երկնասլաց ու թեթև, նրբակապույտ ծածկած մեգ (Վ. Տերյան)

-նվազական – հավի հիշողություն

-չափազանցական – հրացայտ աչեր

-գունային – կարմիր առավոտ, կապույտ հածումներ

-համեմատական – եզան համառություն

Share this post


Link to post
Share on other sites

Համեմատություն

-ոճական դարձույթ, որը երկու առարկաների կամ երևույթների համադրման միջոցով մեկը բնորոշում է մյուսի օգնությամբ` նրանց նմանության կամ տարբերության հիման վրա

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես.

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ,

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ,

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

(Հ. Շիրազ)

Համեմատությունը երկանդամ է, և պարունակում է և համեմատելիի, և համեմատյալի անունները:

Համեմատությունները գրեթե միշտ ձևավորվում են ինչպես, պես, նման, ասես, կարծես, իբրև, հանց, զերթ, ոնց որ, կարծես թե, ասես թե կապերով ու շաղկապներով, և լինում են.

ա. հաստատական. օրինակ`

Ես քեզ այնպես եմ սիրում,

Ասես նորից արծվենի

Թևեր ունեմ ու գարուն

Ու սիրտ ունեմ պատանի:

Ասես նոր եմ սիրում, նոր,

Ու այնպես եմ ես վառվել,

Թվում է, թե իմ բոլոր

Գարուններն են ետ դառել:

(Հ. Շիրազ)

բ. ժխտական. օրինակ`

Դա ոչ թե քամին է փողոցում շաչում

Եվ ոչ էլ հրթիռը հրդեհում խավարը,-

Իր խմբի տղերանց հետ հյուրանոցում

Խմում, աղմկում է խմբապետ Շավարշը:

(Ե. Չարենց)

Share this post


Link to post
Share on other sites

Փոխաբերույթ

-դարձույթ, որ հիմնված է բառերի փոխաբերական գործածության վրա, ըստ նրանց արտահայտած առարկաների, երևույթների արտաքին կամ ներքին նմանության

ա. Պարզ և ծավալուն փոխաբերույթներ

պարզ` կազմված մեկ բառից. օրինակ` վարդ շուրթեր

ծավալուն` կազմված մի քանի բառից, բառակապակցությունից. օրինակ.

«Անթև թռչնակ է աշուղը...» Ջիվանի

բ. Անհատական և համալեզվյան փոխաբերույթներ

-անհատական կոչվում են առանձին անհատների, մեծ մասամբ գրողի կողմից օգտագործված և նրանց գործերում մնացած փոխաբերույթները. օրինակ` «Երեկոն բացեց իր սև թավիշները» Դ. Դեմիրճյան

-համալեզվյան փոխաբերույթները ունեն հիմնականում ժողովրդական բնույթ. բառապաշարում մեծ թիվ կազմող դարձվածքների մեծ մասը իրենց բնույթով փոխաբերույթներ են. օրինակ`

գլուխ բերել – հաջողությամբ ավարտել

գլուխ հանել – հասկանալ

ձեռք պարզել – օգնել

երես առնել և այլն

-նաև տարածված է կենդանիների անունների փոխաբերական գործածությունը`

օձ – վնասակար

խոզ – երախտամոռ, կեղտոտ

թութակ – ուրիշներին կրկնող

հնդկահավ – գոռոզ, փքուն

աղվես – խորամանկ

էշ – կամակոր, հիմար

սագ – անճարակ

ճանկեր – մատներ

թաթ – ձեռք

էշանալ, աքլորանալ և այլն

Share this post


Link to post
Share on other sites

Փոխանունություն

-ոճական դարձույթ, երբ իրար հետ սերտորեն առնչվող առարկաներիցլ երևույթներից մեկի անվան փոխարեն գործածվում է մյուսը:

-արտահայտում է

ա. պարունակողի անունը պարունակյալի փոխարեն.

"Մի թասը լավ է, երկուսը բավ է..." (Շիրազ)

Խմել երկու բաժակ

բ. արտադրողի, հեղինակի անունը արտադրանքի, ստեղծագործության փոխարեն.

"ես կարդացել եմ Թումանյան"

"ես սիրում եմ Տերյան" և այլն:

գ. չափը առարկայի փոխարեն.

"երկու կիլոգրամ գնեցի"

"երեք կիլոմետր քայլեցի"

դ. հատկանիշը առարկայի փոխարեն.

"Սևեր կհագնի, կնստի տանը" (Հ. Թումանյան)

կարմիր-կանաչ կապել:

ե. գործիքի անունը գործողության և նրա արդյունքի փոխարեն.

"Հանճարեղ գրիչ"

զ. նյութը առարկայի փոխարեն.

"Արճճով խոցված` պառկած են հողում":

է. տեղը, վայրը բնակիչների, մարդկանց փոխարեն.

հանդես գալ մեծ լսարանի առջև

"Դահլիճը քարացավ"

"Սպիտակ տունը զգուշացնում է" և այլն:

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0