Jump to content

ԶԱՀՐԱՏ


Recommended Posts

---Անցավ---

Նստեր էին

Ոտքի ելան

Նորեն նստան

Դագաղ մը անցավ

----------Պատմություն ------------

...հանրակառքով ճամփորդության մը...

Տասը ղրուշ է կըսե - կնստի

Կերազե - կուզե որ հեռուներն երթա

--- Ուր --- ով գիտե ---

Թերևս ետ մանկության տարիներուն

Թերևս առաջ հուսացած օրերուն

---Բայց հանրակառք է այս --- գիծեն դուրս չելլեր ---

---Բայց հանրակառք է այս --- գիծեն դուրս չելլեր ---

------------Կանչ--------------

Մարդուն մեկը կանչեց - Նշան -

Ելա գացի բայց անունս Նշան չէր

Հիշատակներ էր կորուսեր - առավ ինչ որ ունեի -

Ինչ որ տվի մոռացություն է – մահ էր -

Ու ետ դարձա – ճամփան օտար

Վերադարձի ճամփան չէր -

-----------Լացի գիշեր--------------

Ինչպես դեմ դրիր փուշ-պսակին խոցերուն

Մենք մարդ ենք - կհասկնանք -

Իսկ մենք ինչպես կտոկանք այս թանձրամած տաղտուկին

Դուն մարդ չես - չես հասկնար

Edited by SAS
Link to post
Share on other sites

-----------------Նամակ--------------------

Քաղաք - պողոտաներուդ ձեռքերեն կհամբուրեմ

Անոնց լայնքին երկայնքին մեջ մեծցեր եմ ես

- Եթե ճիտս ծուռ ե մնացեր իրավ որ հանցանքը իմս չէ

Պողոտաներեդ պերճանքը պերճորեն կվազեր

Ես չէի հասներ

Քաղաք - լամբարներուդ լույս երեսը սիրեմ

Լամբարի մը տակ էր համբույրս առաջին

Համով աղջիկ մըն էր երազն աչքերուն մեջ

Հիմա եթե բաժնվեր ենք իրարմե շատոնց

լամբարն ինչ ընե

Քաղաք օր մ'ալ կուգամ հարկավ թուշս դնել մայթերեդ մեկուն

Կարոտս առնել - անցածս օրերու մենությանս վրա լալ

Անցորդներուն վրաս խղճալու առիթը տալ իբրև վողորմություն

Եվ այդպես կենալ կենալը մոռցած

Քաղաք - գիշերանցերբ լույսերդ վառին ու տանիքներեն վեր

Գույն գույն մառախուղ մը տարածվի - երբ ամեն ինչ նիհրե

Դուն պանդուխտ տղադ Զահրատը մի մոռնար

Հարցնողներուն բարև ըրավ ըսե

Link to post
Share on other sites

-------Նախազգուշություն---------

Պատին վրա մահազդներ կան փակցված

Մեկը կուգա-մեռնողներուն կնայի

Իր անունը կփնտրե

------Նախախնամություն---------

Գնաց շիշ մը հուսախաբություն բերավ

Լեցուց գավաթ գավաթ - բաժնեց

Խմեցին իրարու կենաց

ու մեռան

--------Նախադասություն-----------

Բառեր կորսամ

ու բառերը տեղն ու տեղոք կշարեմ

Գոյականներ կորսամ - ածականներ կորսամ

ածականները գոյականները կուտեն

Ես իմ կայտառ բայերս կափսոսամ

- կմնան առանց ենթակայի

Եթե գոյականներ ունիք ավելորդ

Բերեք - լավ գինով կառնեմ

Link to post
Share on other sites

-------------Կրկես--------------

Անասունները կշարժին մարդերու նման

ու մարդիկ կծափահարեն

անասուններու պես

Գազանազուսպը - միայն գազանազուսպը կիրագործե

գերիշխանությունը մարդուն

Մյուս բոլոր մարդիկ կստրկանան այդ ուժին առջև

անասուններու պես

Իսկ կրկեսեն վերջ

անասունները երկաթներուն ետև

մարդիկը դուրս

--------Մժեղի հաշիվ-----------------

Երբ ամուսնացավ

Կիկո խորհեցավ

Սենյակին մեջը որքան մժեղ կա

Կեսն իրեն երբ գա

Կեսն ալ իր կնոջ կերթա - կկիսվի -

Բայց մժեղները - աշուն էր - շատցան

Ու հիմա նորեն

Մժեղը նույնքան

Կին մ'ալ ավելի

Link to post
Share on other sites

-------------Սդրիպ-դիզ -------------

ՆԱԽ հագվիլ պետք է

ՀԵՏՈ արվեստով հանվելու համար

Կիկո արվեստը սորվեր է ՇԱՏՈՆՑ

ՀԻՄԱ հագուստին կսպասե

Edited by SAS
Link to post
Share on other sites

----------------Պոչ---------------

Թովմասին սիրտը կնեղանար

Տեսավ կատուն որ կխաղար պոչին հետ

Վեր նայեցավ - Տեր ըսավ

Ինչ կըլլար եթե զիս ալ պոչով ստեղծեիր

Link to post
Share on other sites

--------Մժեղի հաշիվ-----------------

Երբ ամուսնացավ

Կիկո խորհեցավ

Սենյակին մեջը որքան մժեղ կա

Կեսն իրեն երբ գա

Կեսն ալ իր կնոջ կերթա - կկիսվի -

Բայց մժեղները - աշուն էր - շատցան

Ու հիմա նորեն

Մժեղը նույնքան

Կին մ'ալ ավելի

:lol:

Լավն էին:

Link to post
Share on other sites
  • 4 months later...

Դարուն երգը

Ինչ գեղեցիկ է ծնիլ ամենուն հետ

Փոքր ինչ շշուկ բերել միատեղ

Երգել ամենուն հետ

Մեռնիլ ամենուն հետ

Մոռցվիլ ամենուն հետ

Բացեք ձեր պատուհանը դարուն երգերուն

Բացեք ձեր դռները այս դարն երգողներին

Անոնք ձեր մտերիմներն են

Դուք եք անոնք

Վաղն այս ճամփեն անցնողները մեր ոտքին հետքերը

պիտի տեսնեն գետնին վրա

Մենք անոնց պիտի ժպտինք մեր ոտքերուն հետքերով

Քանի անցորդները շատանան

Մեր ժպիտը պիտի անհետի նոր ոտքի հետքերու տակ

Փառք անոնց որ այս ճամփեն պիտի անցնին

Մեր հիշատակը թող զոհվի անոնց

Որովհետև գեղեցիկ է ծնիլ ամենուն հետ

Փոքր ինչ շշուկ բերել միատեղ

Երգել ամենուն հետ

Մոռցվիլ ամենուն հետ -- ամենուն պես

Link to post
Share on other sites

Շուրջ

Կդառնանք

Լույսին շուրջ

Մեր շուրջը

Մահ

Օր մըն ալ պիտի զգանք թե ավելորդ ենք

Պիտի մեռնինք

հոգնած

Լույսին

Կյանքին

Եվ ավելոդ ըլլալու վախին

շուրջը դառնալեն

Ու պիտի դեգերինք

Անմահության շուրջ

Հուսահատորեն

Կդառնանք

Մահվան շուրջ

Մեր շուրջը

Լույս

Link to post
Share on other sites

Համառոտ քերականություն

Ես վերջակետն եմ որմե վերջ ամեն բառ

Գլխագրով կսկսի

Ու ես նորտողն եմ որմե վերջ ամեն կյանք

Երջանկության կնայի

Link to post
Share on other sites

Գունտ

Փորձ՞եր եք բնավ -- փորձե՞ր -- չե՞ք փորձեր

Հաստատուն կենալ

Սանկ մեկ երկու մեթր տրամագիծով

գունտի մը վրա

Կենալ -- ու հետո գունտը թավալել

Փորձե՞ր եք բնավ

Հաստատուն մնալ միշտ գունտի վրա

Ես ու նմաններս ամեն օր այսպես

Կջանանք կճգնինք հաստատուն կենալ

Մեծն ու վիթխարի

Գունտի մը վրա

Հազարավոր մեթր տրամագծով --

-- Ու կմտացենք

Անոնց վրա որոնք

Կճզմվին այս հսկա գունտին տակ --

Այս հսկա գունտին տակ կճզմվին

Link to post
Share on other sites

Աղերսագիր

Ինչ դժվար է երբ մարդ ձեռքը աղերսագիր մը ունի

Ու չի գիտեր որո՞ւ հղե որո՞ւ տա

Փողոց փողոց կամ դռնե դուռ կպտտի ճարահատ

Փողոցն անել -- դռները գոց երեսին

Երազ երազ կամ սիրտե սիրտ կդեգերի շվարուն

Երազը մութ -- սիրտերը փակ իր սրտին

Ինչ դժվար է երբ մարդ ձեռքը աղերսագիր մը ունի

Ու չի գիտեր որո՞ւ հղե որո՞ւ տա

Մինչդեռ իր սիրտն ու թոքերը փրցուցեր

Մինչդեռ իր վիշտն ու հոգերը լեցուցեր

Ու շարեր է տող տողի

Դրոշմաթուղթերն իր արցունքին աղի ջուրով փակցուցեր

Մատն է կոխեր ստորագրեր կոխելու պես վերքին վրա

Ու վազեր է փողոց փողոց սիրտե սիրտ

Պաղատագին հարց է տվել ո՞վ կառնե ո՞վ կկարդա --

Ով կառնե ով կկարդա

Արար աշխարհ կելլե վրան կխնդա

Link to post
Share on other sites

Տիկին դուք և պարոն ես

Տիկին -- եթե կհաճիք

Մեկ ծայրեն դուք -- մեկ ծայրեն ես բռնենք սա լայն աշխարհին

Ծալլենք ծալլենք պզտիկնա

Անկողինի չափ ըլլա

Հետո եթե կհաճիք

Այս աշխարհին բազմություններն ավելորդ

Անկողինեն նետենք վար

Անդունդն ի վար գլորին

Ու մենք մնանք առանձին

Տիկին Դուք և Պարոն Ես

Link to post
Share on other sites

Կեր

Երբ զգաք թե

Այլևս

Մարդոց -- մարդկության տալիք բան չունիք

Ենիճամիի

Թռչուններուն կեր տվեք

Ենիճամի - մզկիթ է Ստամբուլում, ուր աղավնիներն են հավաքվում:

Link to post
Share on other sites

Փոշի

Տերս և մեծ իշխանս դուն փոշի

Իջիր

Ծառերու կարասիներու սրտերու

և հիշատակներու վրա

Իջիր

Վերքերու արյունին վրա

Իջիր

Իջիր -- չէ որ օր մը պիտի իջնես

հոյակապ մոռացության մը պես

անունիս և հավակնություններուս վրա --

Դուն տերս և մեծ իշխանս ամենազոր

Link to post
Share on other sites

Մի փոքր տեղեկություն. Ալեքսանդր Թոփչյան (1978թ.)

Զահրատի բանաստեղծությունները հայ դասական պոեզիային ընտելացած ընթերցողներին կարող են անսովոր թվալ, բանաստեղծություն ստեղծող գրեթե բոլոր ատրիբուտներից հեռու, պրոզաիկ, կես-լուրջ, կես-կատակ տողեր, երբեմն կարծես մի փոքրիկ քամի է մտնում այս «անբանաստեղծական» աշխարհը, որը մեզ տեղ-տեղ հիշեցնում է դուրյանական տողերը, մեծարենցյան թախիծը, պարոնյանական խիստ ու անողոք սարկազմը և զարիֆյանական կենսասիրությունը։ Բայց և այնպես, մեզ համար սովորական դարձած դասակարգումով և ավանդների հերթաշարումով գուցե դժվարանանք Զահրատի կամ, ասենք, իստամբուլահայ մեկ այլ բանաստեղծ Զարեհ Խրախունու ճյուղը սարքուկարգին զատել հայ պոեզիայի ծագումնաբանական ծառի մեջ։ Դժվար Է ասել, թե նման փորձերը որքանով արդյունավետ կլինեն որովհետև այստեղ կա մի քանի վտանգ և դժվարություն. Պեշիկթաշլյանից մինչև Զարիֆյան և Թեքեյան ձգվող հանրածանոթ ճանապարհի վրա այսօրվա Զահրատին և նրան շրջապատող պոետական մթնոլորտը դժվար թե գտնենք (այնպես, ինչպես մենք կուզեինք, այնպես, ինչպես տասնհինգերորդ դարի ծնունդ Վիյոնին զգում ենք քսաներորդ դարի գրեթե յուրաքանչյուր ֆրանսիացի բանաստեղծի տողերում): Պատճառը միայն այն չէ, որ հայ քերթության ծագումնաբանական ծառի ճյուղերը բավական խճճված են, այլ գուցե ավելի շատ այն, որ իրար հաջորդող դարաշրջանների էսթետիկական սկզբունքները երբեմն իրարից շատ տարբեր են լինում, չասած այն մասին, թե Զահրատի և արևմտահայ պոեզիայի միջև ընկած է ոչ միայն մի քանի տասնամյակ, այլև ազգային մի մեծ աղետ, որը կարող էր ամեն ինչ գլխիվայր շրջել։ Կարդալով այսօր արևմտահայ այս կամ այն բանաստեղծին, լավագույն դեպքում կարող ենք կռահել նրա ստեղծագործական որևէ սկզբունքի հնարավոր զարգացումը այսօրվա սփյուռքահայ պոեզիայում, և հակառակը, Զահրատի և իստամբուլահայ մյուս բանաստեղծների տողերում դժվարությամբ կգտնենք արևմտահայ մեծ պոետների պլեադան, այնպես, ինչպես, ասենք, սովետահայ մի շարք բանաստեղծների տողերում այսօր տեսնում ենք Չարենցին և Իսահակյանին։

Չշտապենք այս երևույթը դրական կամ բացասական գնահատել։

Զահրատին և նրա սերնդակիցներին արևմտահայ պոետներից (Դուրյան, Մեծարենց, Վարուժան, Սիամանթո, Զարիֆյան) բաժանում է 30—70 տարի, ըստ որում տարիներ, որոնց ընթացքում իստամբուլահայ գրական մթնոլորտում զգալի շարժումներ չեն եղել։

Բացի այդ, որքանով և ինչպես վերը հիշված արևմտահայ բանաստեղծները կարող Էին ներկա լինել Զահրատի կամ Խրախունու տողերում։ Մեզ քաջ հայտնի է, որ սփյուռքահայ գրականությունը այնպիսի համաչափ և աստիճանական զարգացում չունեցավ, ինչպես սովետահայ գրականությունը։ Յուրաքանչյուր գաղութի գրական շարժումը, մյուսների հետ ունեցած իր ընդհանրություններով, շատ հաճախ պայմանավորված Էր տվյալ երկրի սոցիալ-տնտեսական վիճակով, այդ երկրի ազգային մշակույթի մակարդակով, հետևաբար, տարբեր էր նաև անցյալի գրական ժառանգության գնահատման հարցը։ Եթե լիբանանահայ կամ եգիպտահայ գրողները ձգտում Էին շուտափույթ վերականգնել նախորդ սերունդների հետ կապող կամուրջները, ապա ֆրանսահայ գաղութում վիճակն ուրիշ Էր։ Իստամբուլահայ գրականության մեջ այս ակամա «բախումը» անցյալի ժառանգության հետ տեղի չունեցավ, այլ պարզապես մի քանի տասնամյակի ընդմիջումը և իրականության պարտադրող խնդիրները թելադրեցին յուրովի մոտենալու իրենց մեծ նախորդների պոետական ավանդներին։ Գնալ ոչ թե ոճավորման, արտաքին նմանության (որը նույնպես, ինչ-որ էտապում, ժամանակավոր կարող է ավանդների շարունակություն լինել), այլ ոգու, ավանդների ներքին Էության շարունակման և զարգացման ճանապարհով։ Եվ, վերջապես, պետք է անպայման հաշվի նստել քաղաքական այն պայմանների հետ, որոնցում ապրում և ստեղծագործում են թուրքահայ բանաստեղծները: Թերևս այստեղից է գալիս այդ պոետների ալեգորիզմը, խոր ենթատեքստը, ձգտումը դեպի համամարդկային իմաստները և հասկացողությունները, սոցիալական սուր պաթոսը և աբսուրդի զգացողությունը։

Մատթեոս Զարիֆյանը Մեծ Եղեռնի սարսափներից անմիջապես հետո նամակներից մեկում գրում Էր. «Երբեք չնայիլ կյանքի ողբերգական կողմին՝ առանց ժպիտ մը ունենալու շրթունքիդ... Ա՜հ, եթե կարելի ըլլար որ րոպե մը, միակ րոպե մը, ամեն մարդ մոռնար իր վիշտերը, ու խենթ զվարթություն մը տիրեր Երկրի չորս անկյուններուն՝ կերևակայեմ թե ինչ ապուշ դեմք մը պիտի առներ Չար Ոգին որ մեզ կկառավարե։

Կհավատամ, թե օր մ' ալ հարկ պիտի չըլլա պոռալու «կեցցե՛ ազատությունը», որովհետև ամեն մարդ կատարելապես ազա՜տ պիտի ըլլա, ու պիտի մոռնանք սա թշվառական բառը «քաղաքականություն», այն ատեն ուրիշ բան պիտի բարձրանա բոլոր շրթներեն «կեցցե՛ ծիծաղը»։

Զահրատի մուտքը գրականություն Զարիֆյանի այս տողերից մոտ երեսուն տարի հետո եղավ։ Դժվար է ասել, թե արևմտահայ ո՞ր մեծ բանաստեղծին էր աշակերտում իր առաջին փորձերում, բայց կասկածից դուրս է կենսահաստատման և լավատեսական այն առողջ ոգին, որ Զահրատը ժառանգեց իր նախորդներից՝ Մեծարենցից և Զարիֆյանից, Պարոնյանից և Օտյանից։

Ինչպիսի՞ն Էր ներկայանում աշխարհը Զահրատի առաջին բանաստեղծություններում։ Հասկանալի է, որ թուրքական իրականության պայմաններում «Հայրենի եզերքը» իր պատմությամբ ու ներկայով չէր կարող քերթողական այնպիսի ատաղձ լինել, որպիսին դարձավ Բյուզանդ Թոփալյանի, Վահե Վահյանի, ժակ Հակոբյանի բանաստեղծություններում։ Թերևս սա էր այն կարևորագույն պատճառը, որ հենց սկզբից պարտադրեց Զահրատին այլ ձևերի, այլ պատկերների և երբեմն ուրիշ բովանդակության մեջ որոնել ու ստեղծել բանաստեղծականի նոր սահմանները։ Բացի այղ, Զահրատից առաջ արդեն բանաստեղծական նոր դպրոց էր ծնվել Ստամբուլում. իստամբուլահայ բանաստեղծների սռաջին սերունդն արդեն ասպարեզ էր իջել սոցիալական պոեզիայի հետաքրքիր պրպտումներով։

Այս երկու հանգամանքները որոշիչ եղան Զահրատի ստեղծագործության համար։ Բայց Զահրատի էական տարբերությունն այդ պոետներից այն էր, որ կարողացավ սոցիալական քննադատության սուր պաթոսը գունավորել անսեթևեթ լիրիզմով և բարի հումորով:

կարելի է գրել` շարունակելի :hehe:

Link to post
Share on other sites

Լացի գիշեր

Ինչպես դեմ դրիր փուշ-պսակին խոցերուն

Մենք մարդ ենք - կհասկնանք -

Իսկ մենք ինչպես կտոկանք այս թանձրամած տաղտուկին

Դուն մարդ չես - չես հասկնար

Ես մարգագետինը և օրիորդ խաղաղությունը

Հոն ուր ծովը կվերջանա ու եղևնիներուն ետև

մարգագետինը կսկսի

Օրիորդ խաղաղության հետ թև թևի

պարելու գացի

Խոտերուն ու ճերմակ-դեղին մարգարտածաղիկներուն վրա

Պարեցինք չեմ գիտեր քանի պար քանի տարի

Օր մըն ալ - մայրամուտի մը

Երբ քաղքին լույսերը մեկ մեկ կվառեին

Հաստ կարմիր շրթներով կին մը նշմարեցի

Ժպտեցավ ինծի և ցուցադրեց գեղեցիկ զիստերը

Ես Ձանձրույթն եմ ըսավ միալար ձայնով

Մինչդեռ դեղնած խոտերուն ու թառամած ծաղիկներուն վրա

Օրիորդ Խաղաղությունը մեռավ ինծմե առաջ

Link to post
Share on other sites

Սիրերգություն

Սև հագնիմ

Ամպ հագնիմ անձրև հագնիմ

Ցավը սրտիկս է այրեր

Աշնան չոր տերև հագնիմ

Հուր ժողվեմ

Իմ սիրածես լուր ժողվեմ

Հուրը գողնան ու երթան

Ես նստիմ փրփուր ժողվեմ

Լուռ քալեմ

Ցավը սրտիս ծուռ քալեմ

Երբ հանդիպեմ սիրածիս

Ալ հարց չտամ ու քալեմ

Լույս իյնա

Աչքերուն թող լույս իյնա

Այդ աչքերովն երբ նայի

Նայվածքը հոգվույս իյնա

Հով ըլլամ

Հովուն պես գինով ըլլամ

Սիրտս զարնե խենդի պես

Երբ սիրածիս քով ըլլամ

Տոն ըլլա

Իմ սիրածս հոն ըլլա

Ծաղիկը շուտ կթոռմի

Սիրածս կոկոն ըլլա

Գինի տամ

Մարդ չտեսնե գաղտնի տամ

Վարդ այտերը կարմրնան

Համբուրեմ երանի տամ

Տուն մտնեմ

Տան սեմեն ժպտուն մտնեմ

Գլուխս դնեմ ուսին

Ու երջանիկ քուն մտնեմ

Երազիս

Աստղ մը գա նստի սազիս

Ես այդ սազով տաղ ըսեմ

Աստղերը թող լսեն զիս

Յար ըսեմ

Սիրածիս գոհար ըսեմ

Թե մեռնիմ լա ետևեն

Ողջննամ մի լար ըսեմ

Link to post
Share on other sites

Պարոն Այնշթայն

- զրույց -

— Բարև կըսեմ կբարևեմ երբ ես ձեզ

Բարև կըսեք կբարևեք երբ դուք զիս

Ըսեք—ինչո՞ւ տխուր եք

— Բարև կըսեմ կբարևեմ երբ ես ձեզ

Չեմ այն որուն բարև ըսիր քիչ առաջ

Ու դուն չես այն որ քիչ առաջ բարև ըսավ բարևեց

Որովհետև մեր փոխադարձ բարևներուն ընդմեջեն

Պահ մը անցավ ու երկուքս ալ այդ պահին չափ փոխվեցանք

— Բարև կըսեմ ես բոլորին ու բոլորն ալ սրտաբաց

Բարև կըսեն կբարևեն իրենց քերթողը բարի

Որովհետև անոնք գիտեն որ երբ վիշտեր ունենան

Միշտ քերթող մը պիտի գտնեն իրենց կողքին վշտակից

— Չափ ու կշիռ կբաժնեմ ես բոլորին

Ու որպեսզի չափն ու կշիռն անսեթևեթ գործածեն

Տարազներով ես կպարզեմ անխախտ օրենքը հայտնի—

Անոնց դեպի աստղ ու լուսին ճախրանքներն ես կվարեմ

— Աստղի վրա թե լուսնի

Ու որ ըլլան երբ ներզգամ թե կկանչեն զիս անճար—

Պատրանքներու խաբկանքներու հսկա ծրարս շալկած

Հոն կսուրամ պատրաստակամ—արագությամբը լույսին

— Արագությամբը լույսին

Երբ կսուրաս կկորսվի քու զանգվածդ ազազուն—

Կետ կդառնաս դուն հեք քերթող որ կտենչաս մեծ ըլլալ

— Համաձայն ձեր ամենակալ օրենքին

Պետք է կամ խուլ անշարժությամբ կանգնիլ-փրկել ամեն չափ

Եվ մնալ մեծ զանգվածիդ կշիռքով—

Կամ լույս դառնալ և անհետիլ տիեզերքին մեջ ի սպառ

— Իսկ քերթողներն այդ վառ լույսն են անկորուստ—

Ես կպեղեմ ու կչափեմ—ես ձեր աչքին կհանձնեմ

Այն ինչ որ կա պահված արդեն լինելության մեջ տարրին—

Դուն ոչինչեն արժեքներու նոր խրախճանք կկերտես—

Բարև կըսեմ ձեռք կերկարեմ ես քեզի

— Բարև կըսեք ձեռք կերկարեք երբ ինծի

Ըսեք—ինչո՞ւ ուրախ եք

Link to post
Share on other sites

ԼՈՒՍԱՆՑՔ

Ով ինչ ինքնիրեն լույս է նշմարեր

Ինչ լույս է քաշեր ինքզինքը հեռու

Բազմություններեն փոթորկոտ ու մեծ

Ով ինչ իմացեր ինքզինքն անջատեր

Ձեր անունները խառնեցեք ծովուն

Ով ինչ է ցաներ ծովափի խիճին

Ինչ լույս է ծլեր ինքնամփոփ ու խեռ

Այնինչ ալիքն ով չէ ուզեր ըլլալ

Լուսանցք է շիներ ով ինչ խարիսխով

Բազմություններեն անջատվեր հեռու

Ու լույսերուն մեջ փոթորկոտ ու մեծ

Ով ինչ ինքնիրեն լույս է նշմարեր

Link to post
Share on other sites

ՄՇՈԻՇ

Քույր—ե՞ս անունդ մոռցա

Թե ոչ քիչ մըն ալ դուն անուն չունեիր—

Ինչո՞ւ համար կմսեին սարփինաները բարի

Երբ ձեռք ձեռքի կքալեինք մշուշին մեջ որ չկար–

Հանկարծ շուրջս նայեցա

Չկայիր

Քույր—ե՞ս արդյոք չտեսա

Թե ոչ քիչ մըն ալ դուն երբեք չկայիր—

Ինչո՞ւ համար կմսեին սարփինաները բարի

Մշուշին մեջ որ չկար

Կքալեինք ձեռք ձեռքի

Միլիոնավոր առավոտներ ակնթարթի մեջ ծնան–

Կվախնայիր կմսեիր սարփինային պես բարի–

Քույր—ե՞ս արդյոք չկայի

Թե ոչ քիչ մըն ալ դուն կայիր առանձին–

Ինչո՞ւ անունդ մոռցա

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...