Jump to content

Ճարտարապետ Հովսեփ Սարաֆյանի


Recommended Posts

AZG Daily #191, 10/22/2005

http://www.azg.am/palm/?lang=AR&num=2005102213

ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՀՈՎՍԵՓ ՍԱՐԱՖՅԱՆԻ ԿՐԿՆԱԿԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

200519102.jpg

Օրերս հանդիպեցի ծնունդով պոլսահայ, ճարտարապետ Հովսեփ Սարաֆյանին, որը մինչեւ 1980 թ. իր ճարտարապետական գրասենյակն է ունեցել Ստամբուլում եւ այդ տարիներին իրագործել է բազմաթիվ ծրագրեր թե՛ նախագծելով եւ թե՛ վերահսկողություն իրականացնելով: Դրանց շարքում են Ստամբուլի եւ Թուրքիայի ողջ տարածքում այդ տարիներին կառուցված համալսարաններ, մարզական եւ սպորտային համալիրներ, հիվանդանոցներ, բնակելի բարձրահարկ շենքեր, խոշոր հյուրանոցներ եւ առեւտրական կենտրոններ: Այդ գործերում առանձնահատուկ պատմական նշանակություն ունեն Ստամբուլի «Չրաղան» պալատի (հեղինակներն են նշանավոր Բալյան ճարտարապետները) վերանորոգման աշխատանքները, որ իրականացրել է Հ. Սարաֆյանը, եւ այն համարվում է ամենաշքեղը: Աշխարհում երկրորդ առեւտրային կենտրոնը Shopping mall (Ամերիկայի Մինեսոտա քաղաքից հետո) նույնպես նախագծել է պրն Սարաֆյանը եւ այժմ էլ Հայաստանից մեկնելու է Ստամբուլ՝ մասնակցելու 400 մլն դոլար արժողության իր նախագծած այդ խոշոր առեւտրային կենտրոնի բացման արարողությանը:

Ստամբուլից Հ. Սարաֆյանը գաղթելով ԱՄՆ (Դետրոյթ), աշխատանքի է ընդունվել աշխարհահռչակ «Յամասակի» ճարտարապետական ֆիրմայում որպես փոխնախագահ: «Յամասակի» ֆիրման ճանաչված է որպես միջազգային մեծ կառույցներ նախագծող, որի նշանավոր գործերը կառուցված են Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում, Իսպանիայում, Ճապոնիայում եւ Կանադայում: Արժե նշել, որ Հովսեփ Սարաֆյանը նախագծողներից է եղել Նյու Յորքի զույգ երկնաքերների- Twin Towers World Trade center, որոնք փլվեցին 2001 թ. սեպտեմբերի 11-ին: Հովսեփ Սարաֆյանն իր ստեղծագործական կյանքում մասնակցել է 66 միջազգային ճարտարապետական մրցույթների, որոնցից 44-ում շահել է մրցանակներ: Դրանց թվում է նաեւ Երեւանի Մայր տաճարի համար հայտարարված մրցույթը, որի ժյուրիի կողմից պրն Սարաֆյանի նախագիծը համարվել է շատ արդիական եւ չի ընդունվել: Բայց դրանից հետո, Ալեք Մանուկյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի խնդրանքով, պրն Սարաֆյանն իր ճարտարապետական մասնագիտական խորհուրդներով սատարել է տաճարի նախագծման ու կառուցման աշխատանքներին՝ ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի հետ:

Ճարտարապետ Հ. Սարաֆյանի տիկինը՝ դոկտոր Նադիա Սարաֆյանը 20 տարի շարունակ, մինչեւ վերջերս, աշխատել է Դետրոյթի ՀԲԸՄ Ալեք Մանուկյան միջնակարգ դպրոցի տնօրենուհի:

1995 թ. վաստակած հանգստի անցնելուց հետո Հ. Սարաֆյանը կամավոր հիմունքներով աշխատում է Ստամբուլում, ԱՄՆ-ում եւ Հայաստանում որպես խորհրդատու մասնագետ: Արտերկրում իր ունեցած հեղինակության ու ծանոթության լայն ցանց ունենալով բազմաթիվ բարերարների կողմնորոշում է դեպի Հայաստան եւ նրանց ընդգրկում բարեգործական ծրագրերի մեջ: Վերջին 18 տարում, ինչպես նշեց պրն Սարաֆյանը, հանգանակություններով 10 միլիոնից ավելի ԱՄՆ դոլար օգնություն է հայթայթել Հայաստանին՝ ԵՊՀ-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանին, սիմֆոնիկ նվագախմբին, Նորքի հայորդաց տանը, Էջմիածնին եւ մի քանի գյուղերի ջրամատակարարման, մշակութային կենտրոնների կառուցման ծրագրերին, Բյուրականի աստղադիտարանին: Նա տարին 2-3 անգամ Հայաստան է այցելել եւ հետեւել է, թե տրամադրված գումարները, որոնք հանգանակվում են իր շրջապատի կողմից, ինչպես են օգտագործվում: Անվանի ճարտարապետն այժմ իր լուման է ներդնում Երեւանի պետհամալսարանի նոր շենքի կառուցման գործում:

Պրն Սարաֆյանը շահագրգռված է իր մասնագիտական գիտելիքները ներդնելու Հայաստանի ճարտարապետության զարգացմանը: Լինելով Ալեք Մանուկյանի խորհրդատու ճարտարապետը, 18 տարի առաջ, առաջին անգամ գալով Հայաստան, մանրամասն ծանոթանում է քաղաքաշինության նորմերին ու զգալով, որ կարող է իր օգնությունը բերել մայր հայրենիքին, սկսում է կամավոր աշխատել: Հովսեփ Սարաֆյանը Հայաստանի հետ իր կապերը մշակում է երկու հիմնական ուղղություններով: Առաջին՝ ճարտարապետի իր գիտելիքների ներդրումը Հայաստանի ճարտարապետության զարգացմանը, դրանք միջազգային չափորոշիչներին մոտեցնելու նախանձախնդրությամբ, իսկ երկրորդ՝ սփյուռքից բարեսիրական օգնություններ հասցնել Հայաստան՝ տարբեր ծրագրերի համար:

Հայաստանի զարգացման ուղղությամբ պրն Սարաֆյանն ունի իր մասնագիտական մոտեցումները, որոնք պատրաստ է սիրով առաջարկել: Դրանք վերաբերում են այսօրվա ճարտարապետական միջազգային կանոններին, կոդերին... Նա գտնում է, որ Հայաստանում կառուցվող միլիոնանոց շենքերը պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին, եւ դրանք հայ ճարտարապետները կարող են անել: «Խոսքս վերաբերում է դռների, աստիճանների լայնությանը, հատուկ հաշմանդամների համար անցուղիներին, միջանցքների երկարությանը եւ նման շատ կարեւոր այլ խնդիրների, որոնք պետք է նախատեսվեն, եթե հրդեհ կամ մեկ այլ ուրիշ դեպք տեղի ունենա, ժողովուրդը հեշտությամբ կարողանա դուրս գալ շենքից...», բացատրում է պրն Սարաֆյանը եւ նշում, որ «այսօրվա տեխնոլոգիաները, միջազգային չափանիշների գործադրումը պիտի երաշխավորեն նոր կառույցների ապահովումը, ինչպես նաեւ հանգստավետությունը: Ամեն անգամ նոր շինանյութեր ու նոր տեխնոլոգիաներ են ի հայտ գալիս, եւ առանց այդ նորմերի իրագործման հնարավոր չէ ժամանակի հետ քայլել: Իհարկե, Հայաստանում վերջին 70 տարիներին ճարտարապետները հրաշալի գործեր են թողել, սակայն այսօր դրանք պետք է համաքայլ ընթանան նոր տեխնոլոգիաներ, շինանյութեր ու նորմեր օգտագործելով»: Հովսեփ Սարաֆյանը 4-5 տարի մանրամասն ուսումնասիրելով Հայաստանի ճարտարապետությունը եւ գործող շինարարական նորմերը, եկել է այն եզրակացության, որ Հայաստանի համար հարկավոր է ստեղծել հատուկ մի ստեղծագործական խումբ, որը կմշակի համաշխարհային ճարտարապետության մեջ գործող շինարարական նորմերը եւ դրանք համապատասխանեցնի հայկական ճարտարապետության էլեմենտներին ու նորմերին, կներկայացվի կառավարության հավանությանը՝ հիմք հանդիսանալով հետագա օգտագործման համար: Հենց այդ էլ հնարավորություն կտա հայ ճարտարապետներին հրավիրվելու այլ երկրներ՝ իրենց մտահղացումներն իրականացնելու համար: Երբ հայ ճարտարապետները տիրապետեն միջազգային նորմերին եւ ստանդարտներին՝ դա ոչ միայն կսատարի Հայաստանի ընդհանուր կառույցների բարելավմանը, այլ նրանք կկարողանան միջազգային հրապարակում գործ անել:

Պրն Սարաֆյանն ունի նաեւ մեկ այլ ցանկություն՝ Հայաստանում իրականացնել ճարտարապետական գրադարանի ստեղծումը, որպեսզի մեր ճարտարապետները կարողանան ծանոթանալ աշխարհի նորություններին ու ինտեգրվեն: Այդ ծրագիրը մոտ 100 հազար դոլար կարժենա, եւ արդեն պրն Սարաֆյանն աշխատում է հովանավորներ գտնելու այդ ուղղությամբ:

«Հայերը դարեր շարունակ գերազանց շինարարներ ու ճարտարապետներ են եղել, արժեքավոր շինություններ են կառուցել եւ ճարտարապետի նկատմամբ, ինչպես ես տեսնում եմ, հատուկ հարգանք են տածում: Ես չեմ տեսել որեւէ երկրում ճարտարապետի նկար լինի ազգային փողի վրա, իսկ Հայաստանում Երեւանի հատակագիծը գծողի՝ Թամանյանի նկարը կա դրամի վրա: Դա կարեւոր ցուցանիշ է: Հայաստանում բարձր են գնահատում ճարտարապետի դերը, նրան արձան են կանգնեցնում, փողոց ու պողոտա անվանակոչում», ասում է նա:

Իսկ իմ այն հարցին, թե հավանո՞ւմ է Երեւանը, հնչեց պատասխանը. «Թամանյանի հատակագիծը եւ Երեւանը կարող եմ համեմատել Վիեննայի կամ Փարիզի հետ, հրաշալի քաղաք է, իր մեծ պողոտաներով, հուշարձաններով, շենքերով, ցայտաղբյուրներով շատրվաններով... Շատ անհանգիստ եմ եւ մտահոգ, որ վայրի կապիտալիզմը գլուխ է բարձրացրել, ու Երեւանն ավերվում է՝ կորցնելով իր ուրույն դեմքը: Օպերայի շենքի, նաեւ ուրիշ պատմական արժեք ունեցող շենքերի հարեւանությամբ շատ մոտ կրպակներ են հայտնվել, զվարճավայրեր, ու պատմական շենքի շուքը կորչում է: Դա անթույլատրելի է: Դժբախտաբար, Երեւանի քաղաքապետարանը կամ չի զգում այս, կամ էլ չի կարող արգելել: Այդպիսով մոտ 5 տարի հետո Երեւանը շատ ավելի վատ տեսք է ունենալու, քան այսօր»: «Ինչո՞ւ այդքան մեծ գովազդային վահանակներ են դրված եւ այդքան խիտ, որ խանգարում են ամեն քայլափոխի գեղեցիկ, հին ու պատմական շենքերին, իր հերթին հարց տվեց պրն Սարաֆյանը: Եթե չենք ուզում, որ թամանյանական Երեւանը կորսվի գնա, ապա այն կարգավորող պիտի լինի, մտահոգվող պիտի լինի, ափսոս է... Ի՞նչ է, այստեղ ճարտարապետները չե՞ն պայքարում...»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

[Posted by 193.232.206.233]

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...