Jump to content

ԳՈՇՆ ՈՒ ԳՈՇԱՎԱՆՔԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ


Recommended Posts

ԼՔՎԱԾ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԿԻՐՃԸ

AZG Armenian Daily #204, 10/11/2005: http://azg.am/?lang=AM&num=2005111012

200520408.jpg

Գոշը «սողում» է անհայտ ուղղությամբ

Գոշեցիները շատ են սիրում իրենց գյուղը, այլ կերպ լինել չէր էլ կարող: Տավուշի մարզի այս բնակավայրն այցելող, քաղաքային տխուր ու վնասակար կենցաղին կառչած զբոսաշրջիկը գուցե եւ ենթագիտակցաբար հասկանում է նրան, բայց Գոշը նրա համար մնում է լոկ տուրիստական զվարճանք:

Գյուղն անմիջապես «Դիլիջան» ազգային պարկի եզրին է, բարձրադիր լեռների ու բլուրների վրա նստած անտառների մեջ, կողերից ջրվեժներ են հոսում: Թվում է, ավելի մոտ են Աստծուն, անգամ պարզ եղանակին ամպերը դեղնած ծառերի վրա մարմաշի նրբության քող են գցում: Բարձր դիրքերից անգամ Սեւանն է երեւում:Գյուղը հայտնի է Գոշավանքի արգելոցով, որ վանքից ու եկեղեցիներից բացի շուրջ 300 պատմական հուշարձաններ է ընդգրկում՝ քարայրներ, ժայռապատկերներ: Այս տարածքում է Կարմիր կեչիների պուրակը, որ աշխարհում հազվագյուտ ծառատեսակ է:

1986 թ. այստեղ են հայտնաբերվել Հյուսիսային Հայաստանի 6000 տարվա հնությամբ առաջին ժայռապատկերները: Արգելոցի պատմական տարածքը հնագետները չեն հասցրել լիովին ուսումնասիրել: Արտագրվել է միայն 120 ժայռապատկեր: Դրանց մի մասը մեծապես տուժեց խորհրդային տարիներին իրականացված մելիորացիոն աշխատանքներից: 41 դամբարան հրաշքով անվնաս է մնացել: «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի տնօրեն Արծրուն Հովսեփյանը չի ասում կոնկրետ որ հատվածում են դրանք, արկածախնդիրներից է զգուշանում:

Ճապոնացիներն այստեղ փորձարկումներ են անում

Գոշում 81 տնտեսություն սողանքի վրա է: Սարալանջից հոսող հողն ու քարը սանդղակներ են առաջացրել լեռան վրա եւ նույնիսկ անփորձ աչքի համար հասկանալի է, թե ինչ է կատարվում այստեղ: «Ես իմ ընկերոջ «պադվալում» եմ ապրում: Մայրս տնից դուրս չեկավ. բարեպաշտ կին է, ասում է՝ ես իմ սարքած տնից չեմ փախչի, թող գլխիս փուլ գա, սպանի», պատմում է Արծրուն Հովսեփյանը:

1988-ի երկրաշարժն ավելի աշխուժացրեց սողանքները: Ճաքճքված ու ծռմռված տներում ապրողների մի մասը՝ մոտ 20 ընտանիք, այնուամենայնիվ, լքել է դրանք: Տներ եղան, որ ամբողջությամբ փլվեցին: Անձրեւների ժամանակ հողի հոսքն անզեն աչքով նկատելի է: Մեծ աղբյուրներ կային, որոնք երկրաշարժից հետո անհետացան, անցան գետնի տակ եւ շարունակում են «փխրեցնել» հողը:

Սողանքի տակ են Մխիթար Գոշի դամբարանը, որտեղ թաղված է նաեւ Կիրակոս Գանձակեցին, հին գերեզմանոցը, 1255 թ. կառուցված Սուրբ Գեւորգ եկեղեցին: «Գոշ» հիմնադրամի տնօրեն Սուրեն Գրիգորյանը պատմում է, որ 1988-ից սկսած գյուղը տասնյակ նամակներ է հղել կառավարությանը, խորհրդարանին, պատասխան չկա: Այս տարի միջազգային ծրագրի շրջանակներում սողանքների դեմ աշխատանքներ է սկսել ճապոնական «Ջայկա» կազմակերպությունը: Վնասված հատվածներում ուղղաձիգ եւ հորիզոնական դրենաժներ են փորում, որոնք հողից հանում են խոնավությունը: Բայց ըստ երեւույթին ճապոնացիներն իրենք էլ չեն հավատում իրենց արածին: «Ես միշտ մասնակցում եմ նրանց խորհրդակցություններին: Նրանց ղեկավարներին հարցնում եմ՝ իմ տնից ես փախել եմ: Իմ տան տարածքում դուք գործ եք անում, կփրկվի՞ իմ տունը: Ասում են՝ ոչ: Իմ 3 հարեւանների տունը կփրկվի՞: Ասում են՝ ոչ: Էլ ինչի՞ համար են էդ գործն անում: Այդ խորհրդակցություններից այն եզրակացությանն եմ եկել, որ նրանք այստեղ պարզապես փորձարկումներ են անում՝ փորձն իրենց երկրում օգտագործելու համար», պատմում է արգելոցի տնօրենը:

Գոշավանքի դուռը կողպված է

Եվ բացվում է այն ժամանակ, երբ այցելու է հայտնվում: 4-5 տարի վանքը քահանա էլ չունի: Կիրակի օրերը, այնուամենայնիվ, գյուղացիներն այցելում են եկեղեցի: Վանքի տանիքը փլման եզրին է, պատերը՝ կիսաքանդ, դեղնած ու մամռակալած: Մեր շատ հուշարձանների նման այն էլ հայտնվել է պետական ու եկեղեցական ուշադրությունից դուրս: Գոշեցիները պատմում են՝ չհավատալով իրենց ասածին, որ վերջերս Երեւան այցելած արաբ շեյխերից մեկը խոստացել է նորոգել վանքը: Շեյխի կինը գյուղ է եկել, զրուցել արգելոցի տնօրենի հետ: Ասում են, որ ամերիկյան իրավաբանների ասոցիացիան եւս նախաձեռնել է Հայաստանի 5 հուշարձանների վերանորոգումը, որոնց թվում է եւ Գոշավանքը:

Bed and breakfast՝ հյուրընկալության նոր տարբերակ

Գոշ գյուղը էկոտուրիզմի զարգացման կատարյալ վայր է: Չնայած զբոսաշրջիկներին առաջարկվող պայմանները նախանձելի չեն, նրանց թիվը տարեցտարի ավելանում է: Անցած տարի Իտալիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից գյուղ այցելեցին 700 զբոսաշրջիկներ, այս տարի նրանց թիվը հասավ 1200-ի: Տեղացի այցելուները տասնապատիկ շատ են:

Գոշի լիճը աստվածատուր մյուս հրաշքն է գյուղին՝ դարձյալ լքված ու մոռացված: Անտառների մեջ թաքնված լիճն այսօր կամաց-կամաց ճահճանում է: Ափամերձ ծերացած ու փտած ծառերը լցվել են նրա մեջ՝ տարիներ չմաքրվելով ու լիճը տանելով դեպի վաղաժամ ծերացում: Լճի փրկության SOS «Գոշ» հիմնադրամը բազմիցս է հնչեցրել, բազմիցս է դիմել բնապահպան կազմակերպություններին, բայց առայժմ որեւէ տեղից որեւէ գործնական օգնություն չի եղել: Գոշի հպարտությունը նաեւ 800-ամյա ընկուզենին է: Գյուղացիները համոզված են, որ այն տնկել է անձամբ Մխիթար Գոշը, եւ վկայաբերում են. «Կիրակոս Գանձակեցին գրել է, որ Մ. Գոշը երկու զույգ ճյուղերով ընկույզի ծառ տնկեց գյուղի գրատուն-զանգակատան ետեւին»: Մինչ օրս էլ հնամյա ընկուզենին առատ բերք է տալիս:

Զբոսաշրջիկներին հրապուրում է նաեւ Գոշի թանգարանը, ուր տեղանքից հայտնաբերված Քրիստոսից առաջվա նմուշներ կան: Ամենահինը 1-ին դարի կավե կճուճներն են: Այսօր գյուղի տարածքում ոսկու պահարկված հանքեր կան, որոնք չեն օգտագործվում: Ժամանակին այստեղ ոսկու ձուլարան է եղել, եւ թանգարանում 8-րդ դարի ծննդյամբ ոսկու չափման տարբեր առարկաներ կան: Տնօրենի հավաստիացմամբ, աշխարհի ոչ մի թանգարանում այսպիսիք չես տեսնի: Իսկ 1710-ի թվագրությամբ երկաթե շքեղ մոմակալի համար ժամանակին նախկին դատախազ Օսիպովը «ԳԱԶ-24» ավտոմեքենա է առաջարկել, բայց տնօրենը չի տվել:

Զբոսաշրջության գայթակղիչ հնարավորություններով գյուղում աստիճանաբար ձեւավորվում է սպասարկման արեւմտյան, պարզագույն տարբերակներից մեկը՝ Bed and breakfast: Սրանք կիսահյուրանոցային հաստատություններ են, որոնցից արդեն մեկ տասնյակի չափ կան գյուղում: Գոշեցին իր տան մի մասը՝ ննջարան ու լողարան, տրամադրում է զբոսաշրջիկին եւ ուտելիքով ապահովում նրան: Հյուրանոցից շատ ավելի էժան է, նաեւ՝ եկամտի աղբյուր տանտիրոջ համար:

Գոշեցի կանայք հատուկ տաղավարում գյուղի այցելուներին են առաջարկում իրենց ձեռքով գործած գորգերը, ասեղնագործ աշխատանքները, այգիների բերք ու բարիքը: Տուրիզմը զարգացման մեծ խթան կարող է լինել գյուղի համար, առայժմ միայն ապրուստի օժանդակ միջոց է:

Գոշը 1300 բնակիչ ունի, հիմնականում անասնապահությամբ եւ հողագործությամբ են զբաղվում: Խոշոր եղջերավորներ ու խոզեր են աճեցնում, հավ ու հնդուհավ: Միակ աշխատատեղերը միջազգային կազմակերպությունների բանվորական ուժն են: Դպրոցն ու գրասենյակը հաշված, ընդհանուր առմամբ ընդամենը 300 մարդ աշխատանք ունի: Մյուսներն ապավինում են բնությանը: Անտառներում տասնյակ միրգ ու հատապտուղ կա՝ զկեռ, մամուխ, մասուր, վայրի տանձ, սունկի տարբեր տեսակներ: Գոշը հայտնի է վայրի դամբուլի ու տանձի անմահական օղիներով, որ միայն իրենք են վայելում: Երեւան հասցնելու եւ վաճառելու հնարավորությունները փոքր են: Սեզոնում շուրջ 3 ամիս ճանապարհներին սունկ են վաճառում, ոմանց հաջողվում է Երեւան հասցնել նաեւ հաճարը: Այս տարի մրգի ու հատապտուղների բերքատվությունը շատ բարձր է, իսկ կաղին այնքան կա, որ «ողջ հանրապետության անասուններին կհերիքի»: Այնուամենայնիվ, բերքի իրացման խնդիրը չի լուծվում, ստիպված են հույսը դնել միայն գյուղ այցելած զբոսաշրջիկների վրա: Իսկ հողագործությունն ու անասնապահությունն ընդլայնելու համար գոշեցին միջոցներ չունի: Գյուղացիները որեւէ տեղից օգնություն ստանալու մշտական սպասողական վիճակում են:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Link to post
Share on other sites

Я даже не знал, что существует такая угороза :/ , а сокрушатся на власти не имеет смысла они уже показали свой уровень культуры - безпредел в Ани, Ереван, Гарни..., жаль.

_________________________________________________________________________________________

Оброщение к фурумджанам :flower:

Может на следующее лето забудем более посещаемые маршруты(Гарни Гехард, Нораванк, Севан ... )направив не только внимание на Тавуш Ашхар - махнув на вершины Малого Кавказа, тем самым внеся маленькую лепту в ...

А совсем рядошком ещё и Дилиджан :victory:

Карта Тавуш Ашхара и Гош.

post-16846-1132173804.jpg

Edited by M.Vahe
Link to post
Share on other sites
  • 1 year later...

Թեմայի շարունակությունը:

http://www.academy.am/ecology/dilijan/dilijan_4.html

SOS - «Գոշավանք»” պատմաճարտարապետական համալիրը փլուզման եզրին է...

dilijan_4.jpg

Դիլիջանը հարուստ է պատմամշակութային գեղեցիկ հնամենի հուշարձաններով ու վանքերով: Դրանցից մեկը՝ “Գոշավանք” պատմաճարտարապետական համալիրը, որը մեզ է ժառանգվել 11-րդ դարից, այսօր փլուզման եզրին է:

Հատկապես խիստ անբարենպաստ վիճակում է նույնանուն եկեղեցին: Հայաստանի հուշարձանների պահպանության “Գոշավանք” պատմաճարտարապետական համալիրի տնօրեն Արծրուն Հովսեփյանը փաստում է, որ այս եկեղեցին 300 տարի է, ինչ չի վերանորագվել: 1961 թվականին այստեղ կատարվել է ծածկերի մասնակի նորոգում, եւ այն էլ՝ քարի սխալ տեսակի ընտրության հետեւանքով 5-10 տարում քայքայվել է այդ նորագված մասը, եւ հիմա ջրերը հանգիստ հոսում են եկեղեցու պատերն ի վար, թափանցում են եկեղեցու ներսը՝ քայքայելով դարեր դիմակայած որդան կարմիրով գրվածարձանագրությունները: Իսկ այդ վիմագիր արձանագրությունները բավականին հարուստ նյութ են պարունակում միջնադարյան Հայաստանի սոցիալտնտեսական, քաղաքական, պատմական իրավիճակի մասին: Համալիրի տնօրենի հավաստմամբ՝ հատկապես որդան կարմիրով գրված արձանագրությունների կորուստը կարող է անդառնալի լինել հայոց պատմագրության համար:

Վթարային վիճակում են Համալիրի մի շարք հուշարձաններ: Ինչպես նշեց Արծրուն Հովսեփյանը, հատկապես խիստ վթարային են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Գավիթը, Մատենադարանը, Զանգակատունը, Գրատունը, որոնց թեք լանջերի քարերը քայքայվել են տարիների ընթացքում եւ հիմա թափվում են ցած՝ սպառնալով նաեւ այցելուների կյանքին: “Գոշավանք” պատմաճարտարապետական համալիրի ամբողջական վերականգնման, նորոգման համար, ըստ Արծրուն Հովսեփյանի, անհրաժեշտ է ընդամենը 260 հազար դոլլար: Որոշվել է ստեղծել Գոշավանքի փրկության ֆոնդ: Տնօրենը հույս ունի, որ ներկայումս Ստավրոպոլի երկրամասում բնակվող գոշավանքցի մեծահարուստները կօգնեն ու կաջակցեն Համալիրի վերանորոգման աշխատանքների իրականացմանը: Այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են արդեն այսօր:

Սակայն Հովսեփյանը ցավով է նշում, որ մեր օրերում հայտնի շատ մեծահարուստներ գերադասում են ավելի շուտ իրենց անուններով նոր եկեղեցիներ կառուցել, քան պատմամշակութային նմանօրինակ եզակի արժեքների վերականգնման համար գումարներ տրամադրել:

“Գոշավանք” պատմաճարտարապետական համալիրի ողջ տարածքում կա մոտ 320 հուշարձան՝ ավանդված ամենավաղ շրջաններից: 1987 թվականին այստեղ կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է մեծ դամբարանադաշտ եւ ժայռապատկերներ, որոնք համարվում են Հյուսիսային Հայաստանի առաջին ժայռապատկերց եւ որոնց վաղեմիությունն անցնում է 6000 ատրուց: Այս փոքրիկ հատվածում իրար կողքի կա դամբարանադաշտ, բազմաթիվ հուշարձաններ, խաչքարեր, մատուռներ, գյուղատեղեր եւ եկեղեցական համալիր: Այստեղ է գտնվում նաեւ պատմական Գոշալիճը, որը ավանդության համաձայն համարվել է հայ Արշակունիների ամառանոցը: Եկեղեցական համալիրը բաղկացած է յոթ կառույցներից /Գրատուն-զանգակատուն եկեղեցի, Մայր աստվածածին եկեղեցի, Գավիթ, Սուրբ Գեւորգ Լուսավորիչ եկեղեցի, Սուրբ Գրիգոր եկեղեցի, Գոշի դամբարան-մատուռ/: Ամենահին կառույցը 1-ին դարի կիկլոպյան պատն է, որն հետագայում օգտագործվել է որպես սեղանատուն:

Տարածքում կան բազմաթիվ հնավայրեր, մեծ արժեք ունեցող պատմական հուշարձաններ, որոնցից շատերը դեռեւս ուսումնասիրված չեն: Իսկ պատմամշակութային համալիրի տնօրենը վստահ է, որ այստեղ ուսումնասիրելու բազում հնագիտական նյութ կա եւ բազմաթիվ գտածոներ դեռ սպասում են նոր տեխնիկայով եւ տեպնոլոգիաներով զինված իրենց ուսումնասիրողին: Իսկ Համալիրի պատմությունն այսպես է եղել: Մխիթար Գոշը 65 տարեկան էր, երբ 1185 թվականին եկավ այստեղ ու երկրաշարժից ավերված Հինգետիք եկեղեցու տարածքում հիմնեց փայտաշեն առաջին եկեղեցին, որը հետագայում դարձավ քարաշեն, կոչվեց Նորգետիք, իսկ Գոշի մահից հետո վերանվանվեց հիմնադրի անունով՝ Գոշավանք: Այստեղ հիմնված երկրորդ կառույցը՝ Գավիթն է՝ կառուցված 1191-1197թթ,որը Կենտրոնական եկեղեցու հետ միասին համարվում է հայ աշխարհիկ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը:

dilijan_5.jpg

Հետագա տարիներին, 65 տարվա ընթացքում, կառուցվում են պատմամշակութային մյուս կառույցները: Առաջին անգամ եկեղեցու շինարարկան աշխատանքները դադարեցվել են արաբական արշավանքների ժամանակ, երկրորդ անգամ՝ 1241 թվականին՝ արդեն թաթար-մոնղոլների Հայաստան ներխուժումը հնարավորություն չի տալիս շարունակելու Համալիրի կառուցապատումը, եւ Մայր եկեղեցու գմբեթը այդպես էլ մնում է կիսակառույց:

1198 թվականից սկսած Գոշավանում Մխիթար Գոշի ջանքերով սկսել է գործել հոգեւոր բարձրագույն ճեմարան՝ Համալսարան, ուր դասավանդվել են հայ վիմագրական արվեստ, աստղագիտություն, ճարտարապետություն, իրավաբանություն, դիվանաբանություն, երաժշտական արվեստ եւ այլ առարկաներ: Այս համալսարանում են սովորել միջնադարյան հայ գրականության եւ եկեղեցու բազմաթիվ նշանավոր դեմքեր, ինչպես Կիրակոս Գանձակեցին, Վանական Վարդապետը, Մարտիրոս Սարկավագը եւ ուրիշներ: Հենց այստեղ՝ Հինգետիքավանքում, 1184 թվականին Գոշը սկսում է գրել իր հանրահայտ “Դատաստանագիրքը”:

Բազմաթիվ անգամներ է այս համալիրը ծաղկում եւ անկում ապրել, բազմաթիվ անգամներ տեսել է հրոսակախմբեր, վայրագություններ, դաժանություններ, բայց ամեն անգամ կարողացել է ինչ-որ կերպ ոտքի կանգնել, ծռված իր մեջքը բարձրացնել: Արծրուն Հովսեփյանը համարում է, որ Գոշավանքը խորը անկում է ունեցել մեկ 1375 թվականին, երբ մոնղոլ զորապետ Նուխտայի բանակը նվաճեց Հյուսիսային Հայաստանը ու սրի քաշեց տեղի ողջ միաբանությանը: Անգամ այս օրերի մասին կա պատմական ավանդություն. հայ հոգեւորականները ոչ մի գնով չեն համաձայնել մոնղոլ փաշային տալ եկեղեցու գանձերը, եւ միայն այն ժամանակ, երբ Նուխտար փաշան սպառնացել է, թե կայրի Մատենադարանը, եկեղեցականները բերել եւ փաշայի ոտքերի տակ են թափել համալիրի ողջ գանձարանը, չնայած դրանով չեն էլ կարողացել փրկվել Մատենադարանը այրումից:

Երկրորդ անգամ. ըստ Հովսեփյանի, եկեղեցին խոր անկում ապրեց արդեն 20-րդ դարում, երբ թաթար-մոնղոլների հրից ու սրից փրկված եզակի գրականությունը հրի ճարակ դարձավ կոմունիստների ու կոմսոմոլների ձեռքով: Դա 1936 թվականն էր, երբ 4 օր շարունակ կոոմունիստներն ու կոմսոմոլները, շրջապատած եկեղեցու ողջ տարածքը, այրում էին հայոց մատյանները, այրում էին այնպիսի ուշի-ուշով, որ հանկարծ մի թերթիկ թուղթ անգամ չթռնի, չկորի, որ հանկարծ մի եզակի պատառիկ անգամ չմնա որպես հուշ: “Մոնղոլների 1375 թվականի այն օրն էր Գոշավանքի համար սեւ օր, եւ սեւ էր 1936 թվականը”,-ասում է Արծրուն Հովսեփյանը: Այդ սեւ օրերի շարանը չշարունակելու համար այսօր է պետք մտածել “Գոշավանք” պատմամշակութային համալիրի փրկության մասին:

Նարինե Վարդանյան

© ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...