Jump to content

Համլետ. «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ԵՐԳԵԼՆ ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ԲԱՆ &#1


Recommended Posts

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ԵՐԳԵԼՆ ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ԲԱՆ ՉԷ

«Իրավունք» № 10 Փետրվար 2006

http://www.iravunk.com/arm/2006/01/c1002.html

Երգիչ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, որն աչքի է ընկնում ժողովրդական երգերի կատարումներով, վերջերս արժանացավ «Կռունկ» փառատոնի սահմանած «Ժողովրդական երգերի լավագույն կատարող» մրցանակին, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության կողմից նրա «Ջեյրանս դու ես» երգի տեսահոլովակը ճանաչվեց տարվա լավագույն տեսահոլովակ: Ի դեպ, սրանք այնպիսի մրցանակներ են, որտեղ երգիչ-երգչուհիները, ի տարբերություն այլ մրցանակաբաշխությունների, իրենց ստեղծագործությունները չեն ներկայացնում ժյուրիի դատին:

-Ինչպես Հայաստանի քաղաքական դաշտում չկա քաղաքական մշակույթ, այնպես էլ մշակութային ոլորտում չկա մշակութային քաղաքականություն: Այսպիսի բարձիթողի պայմաններում ժողովրդական, գուսանական երգերը պահանջարկ ունե՞ն հայաստանյան շոու բիզնեսում:

-Ժողովրդական երգը այսօր, ավելի քան երբեւէ, մեծ պահանջարկ ունի, եւ նույնիսկ այն երգիչ-երգչուհիները, ովքեր գուցե այլ ոճերում են փայլել, սկսել են նաեւ ժողովրդական երգեր երգել: Նշանակում է, որ իսկապես պահանջարկ կա: Պահանջարկի մասին է խոսում նաեւ իմ աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Մարտ ամսին կկայանա իմ մենահամերգը, բնականաբար, կենդանի կատարմամբ՝ ժողգործիքների ու էստրադային գործիքների ուղեկցությամբ: Իսկ արդեն ամռանը կթողարկվի ձայներիզ՝ 10 տեսահոլովակներով (նաեւ ձայնասկավառակ՝ ԴՎԴ), որտեղ եւս ժողգործիքների նվագակցությամբ ես կերգեմ Ջիվանու, Սայաթ-Նովայի, ինչպես նաեւ մերօրյա երգահանների երգերը: Նախատեսվում են նաեւ մենահամերգներ ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում:

-Օտարամոլությունը լայն տարածում է գտել նաեւ շոու բիզնեսում: Այս պայմաններում դժվար չէ՞ ժողովրդական երգերով «առաջ գնալը»:

-Ճիշտ նկատեցիք: Հենց օտարամոլությունն է պատճառը, որ Շերամի, Սայաթ-Նովայի երգերը երգվում են «սոուլ» ոճում: Այսինքն՝ այնպես, ինչպես կերգեր այդ կատարումները, ասենք, Ուիտնի Հյուսթոնը: Բայց ուրախությամբ պիտի նշեմ, որ հասարակության մեջ կա մի խավ, որը չի խաբվում. նա հասկանում է, թե որն է ճիշտ կատարումը: Հիմա չկան տասնյակ տարիներ առաջ գործող գեղարվեստական խորհուրդները, որոնք, նկատելով, որ երգերը, մեղմ ասած, աղավաղվում են, արգելեն դրանց գոյությունը, այնուամենայնիվ, ժողովուրդը մի ճիշտ խոսք ունի. թացը չորից միշտ էլ տարբերվում է:

-Դժվար չէ՞ կենդանի ձայնով Սայաթ-Նովա երգել:

-Իսկապես Սայաթ-Նովա երգելն ամեն մարդու բան չէ (ծիծաղում է-Թ. Թ.): Ես շնորհակալ եմ Աստծուն եւ իմ ուսուցչին՝ մեծ վարպետ, լուսահոգի Հովհաննես Բադալյանին, որ հասել եմ այսօրվան եւ ճանաչում եմ վաստակել Սայաթ-Նովա երգելու համար:

-Ժողովրդական երգերն աղավաղողները չե՞ն խոչընդոտում այդ երգերի ճիշտ կատարողներին:

-Նրանք պարզապես ժողովրդի ճաշակն են փորձում փչացնել, քանի որ երգում են ժողովրդական երգեր, որոնք, ինչքան էլ վատ կատարվեն, միեւնույն է, հարազատ են մարդկանց: Բայց եթե երգչին զուռնան, թառն ու քյամանչան են ուղեկցում, դա չի նշանակում, որ նա ժողովրդական երգ է երգում:

-Բայց Դուք էլ ունեք կատարումներ, որտեղ ժողովրդական երգը մատուցվում է էստրադային ոճով:

-Եթե նկատել եք, իմ երգի ոչ մի տոնայնություն չի շեղվում իսկականից, միայն գործիքավորումն է ոճական փոփոխության ենթարկվում, որն ինչ-որ տեղ ընդունելի է: Խնդիրը երգի ճիշտ կատարումն է:

-Նույն օտարամոլությունը տարածվել է նաեւ երգիչների հագուստների վրա:

-Հագուստն իսկապես շատ կարեւոր է: Ես ունեմ տեսահոլովակ, որտեղ ջինսով եմ նկարահանվել ժողովրդական երգ կատարելիս: Սա մի նպատակ ունի. երիտասարդությունը, որը ժողովրդական երգը համարում է հնություն, ամոթ, չկարծի, թե դրանք պետք է ճիշտ կատարվեն անպայման փողկապով կամ տարազով: Խնդիրն այն է, որ 10-15 տարի ժողովրդական երգ չի մատուցվել, լայնորեն չի պրոպագանդվել, որովհետեւ մեր երկրի առջեւ այլ խնդիրներ են ծառացած եղել: Կարծում եմ, որ դա է պատճառը, որ երիտասարդությունը չի տարբերում ճիշտ կատարումը: Ես մեծ հաճույքով բոլոր երգերն էլ տարազով կկատարեի, բայց խնդիր ունեմ խոսքս տեղ հասցնելու եւ այն ոմանց համար ավելի ընդունելի դարձնելու:

-Ի՞նչ է հարկավոր մեզ օտարամոլության լուծը թոթափելու եւ նորից ազգային արժեքների գնահատմանը (գոնե երգարվեստում) վերադառնալու համար:

-Մեզ պետք է Սասունցի Դավթի սուրը (ծիծաղում է- Թ. Թ.): Սուրը այստեղ երգերի ճիշտ կատարումն է: Եթե մենք ճիշտ մատուցենք երգերը, ինչի համար ժամանակ, աշխատանք, ծախսեր են պահանջվում, կամաց-կամաց ազգայինը կսկսի շոու բիզնեսում գերիշխել, եւ երգիչ-երգչուհիներն էլ չեն ձգտի աղավաղել ժողովրդական երգերը՝ դրանք դարձնելով թվացյալ ականջահաճո:

Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...