Jump to content

Էդգար Բաղդասարյանն արվեստի ու իրականութ&


Recommended Posts

«ՄԻ ՄԱՐԴՈՒ ԽՈՍՔ, ՈՐՆ ԱՐԴԵՆ ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐԸ ՀԱՎԱՔԵԼ Է»

«Իրավունք» №10 Փետրվար 2006 թ. http://www.iravunk.com/arm/2006/01/c1001.html

2005թ. ամռանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում «Արմենիա ֆիլմ ստուդիոս»-ի տնօրեն, կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Մարիամ» ֆիլմը եւս ցուցադրվեց: Կինոաշխարհի վերջին դասական Աբաս Քիառոսթամին խոստովանեց, որ «Մարիամ»-ը իր երբեւէ տեսած լավագույն ֆիլմերից մեկն է: Անցել է կես տարի: Իսկ ի՞նչ ճակատագիր ունեցավ ֆիլմը: Ահա այս հարցով սկսեցինք մեր զրույցը ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

-Քիառոսթամիին մի կողմ դնենք... Նա հայ չէ, ուստի նրա համար հեշտ է գովել որեւէ հայի ֆիլմ: Հային է դժվար հայի ֆիլմի մասին խոսել, դա գոնե մենք լավ գիտենք: Բայց որ ֆիլմ արտադրող ստուդիայի տնօրենն է ասում. «Մենք «ցցուն» ֆիլմեր չունենք պետական մրցանակի ներկայացնելու» ,- դա սկզբից ծիծաղելի է, իսկ հետո բավականին հետեւությունների առիթ է տալիս: Ես միամտաբար հավատում էի, որ ինքը ֆիլմը ամեն ինչ իր մասին ասում է: Սակայն այսօրվա մեր կինոաշխարհում ինչ չափանիշ ասես կա բացի գեղարվեստականից: Կարեւորվում է ինքնագովազդով զբաղվելը, լավ սեփական PR անելը, լավ տաղանդի իմիտացիա անելը, քաղաքական, սոցիալական կապիտալ կուտակելը, անհրաժեշտ ծանոթություններ ձեռք բերելը... Ի՞նչ արվեստի մասին է խոսքը:

Ընդհանրապես, կինոաշխարհում, ինչպես նաեւ արվեստի մնացած ոլորտներում ծանր պայքար է, եւ հոգեւոր դեգրադացիան կրիտիկական չափերի է հասնում: Իսկ եթե չկա «հոգեւոր կորիզը», ընդհանրապես չկա արվեստի առարկա: Ունենալով ոչ կոմերցիոն ռեժիսորի համբավ՝ այդ տեսակի մշակութայի ն իրականությունը ինձ լավատեսություն չի ներշնչում: Այսօր պետք է ոչ թե թերապեւտիկ, այլ կտրուկ վիրաբուժական միջամտություն: Բնավ պարտադիր չէ միլիոններ ծախսել արվեստ ստեղծելու համար: Դա ընդհանրապես նյութական համարժեք չունի:

-Ձեր «Սուրբ ծեսերի երկիր» ֆիլմը եւս չի ցուցադրվում:

-Ցավոք, ես իմ ֆիլմերին խորթ հոր նման եմ վերաբերվում. բերում եմ լույս աշխարհ եւ, լոռեցու լեզվով ասված, բրախում: Որովհետեւ չնկարված ֆիլմերը միշտ ավելի շատ ուշադրություն են պահանջում: Բայց իմ մեջ շոկ է առաջացնում ուրիշների լռությունը: Փաստորեն բոլորին ձեռնտու է, որ «Սուրբ ծեսերի երկիր»-ի նման ֆիլմը մինչեւ այսօր ունենա մեկ պատճեն, որն էլ ընկած է ինչ-որ խանութում:

«ՄԵՐ ԱԶԳԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԱԽԱՐՈՎ»

-Իսկ ի՞նչ նոր նախագծեր ունեք:

-Շատ ծանր հարց է: Ծրագրեր շատ կան, բայց... Ես արտագաղթելու շեմին եմ կանգնած: Իմ մեջ պանդխտության գեն չունեմ եւ միշտ մտածում էի, թե ինչ պետք է լինի, որ երկիրս լքեմ, անգամ այն մութ տարիներին, երբ վառարանի կողքին նստած, ճրագի տակ գիրք էի կարդում: Իմ երեխայի մեջ ես այլ իդեալներ եմ սերմանում, այլ աշխարհայացք ձեւավորում, մինչդեռ դրսում նա շփվում է հակառակ երեւույթների հետ: Այդ բախումը կարող է շիզոֆրենիայի բերել: Այսօր հասունացել է հեռանալու գաղափարը, քանզի այսօր մեր երկրում ես ինձ զգում եմ, ինչպես հոգեւոր գետտոյում: Ես երեւի թե խանգարում եմ՝ ընդհանուր ֆոնն եմ փչացնում: Տեսնելով, թե ինչ մթնոլորտ է մեր երկրում տիրում, չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է երեխա դաստիարակել: Երկիր, որտեղ միակ արժեքը փողն է դարձել: Հավատացնում եմ, որ նման հասարակարգն ապագա չունի: Նման հոգեւոր դեգրադացիայից հետո չգիտենք, թե մեզ հետ ինչ է կատարվելու: Կլինենք կուշտ, մաքուր, մեր վրայից լավ օծանելիքի հոտ կբուրի, բայց կլինենք դատարկ, մեզանից ոչինչ չներկայացնող մի բան: Ամեն ինչ արվում է այդ նպատակով. իշխանությանը ձեռնտու չէ ազատ արվեստագետներ ունենալը: Ավելին, իշխանությունն իր կողքին հավաքում է արվեստագետների, որոնք կարող են վաճառվել՝ մեկը 10 դոլարով, մյուսը՝ 100, երրորդը՝ 1000... Այդ տեսակ «պուտանկաների» են մեր իշխանավորները սիրում եւ իրենց կողքին պահում: Եվ Հայաստանում մտավորականության մեջ վաճառվողների քանակը այսօր կարող է մրցել Մոսկվայի Տվերսկոյ փողոցում կանգնած կանանց քանակի հետ: Որպեսզի մենք սկսենք մեզ հարգել, մեր ազգին անհրաժեշտ է մի Սախարով: Մարդ, որն ունի համոզմունք եւ հանուն դրա պատրաստ է հրաժարվելու ամեն ինչից: Փող կուտակելը չի կարող համոզմունք լինել, կաշառակերությունը չի կարող համոզմունք լինել, կոնֆորմիզմը չի կարող համոզմունք լինել, վարպետորեն քծնանքը չի կարող համոզմունք լինել:

ՑԱՎՈՔ, ՍԽԱԼՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

- Ի՞նչ մակարդակի է մեր հեռուսատահաղորդումների ռեժիսուրան:

-Ինչպես կարելի է խոսել մի բանի մասին, որը գոյություն չունի: Հեռուստատեսային ռեժիսուրա... Աջ ու ձախ տաղանդի իմիտացիա է: Ինչքան աղբ կա, ջրի երես է դուրս եկել: Այբուբենը չիմացողը կարո՞ղ է գիրք գրել: Նույնը մեր հեռուստահաղորդումների վիճակն է: Միակ ալիքը, որտեղ բնական ու անմշակ ռեժիսուրա կա, ԱԼՄ հեռուստաընկերությունն է, որը հոյակապ արտահայտում է մեր ազգի դեգրադացիայի աստիճանը: ԱԼՄ-ն հեռուստադիտողի նյարդը շոշափել է. բոլորն այդ ալիքը նայում են, իսկ ղեկավարն իր քաղաքական կարիերան է կառուցում՝ հույս է վաճառում: Դա էլ տարբերակ է, եւ չէի ասի՝ ամենաանբարոյականն է (անբարոյականության վարկանիշում մեջտեղն է): Համլետ Ղուշչյանը սկսեց այդ հույս վաճառելն ու միսիա ներկայացնելը՝ ժողովրդի անունից խոսելը: Եթե նկատել եք, այդպիսիները միշտ գործածում են ժողովուրդ բառը: Երբ հարցնում ես նրանց կարծիքը, պատասխանում են՝ իմ կարծիքը ժողովրդի կարծիքն է: Դա խելագարության աստիճանն է:

ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՍԵՎ «ԻԿՐԱ» ԵՎ ԿՂԿՂԱՆՔ

-Իսկ հայկական երաժշտական տեսահոլովակները հավանո՞ւմ եք:

-Նույնպես թեմա է, որտեղ խոսելու նյութ չկա: Անշուշտ, կան շնորհալիներ, բայց նման չնչին բյուջեով դժվար է աշխատելը: Եթե ցանկանում եք «Հենեսի» կոնյակ խմել եւ վճարել 500 դրամ, Դուք չեք կարող «Հենեսի» կոնյակ խմել: «Հենեսի» կոնյակի մեկ գավաթի համար պետք է վճարել 50 հազար դրամ: Մեր շուկան բավական սահմանափակ է, արդյունքում ունենք այն, ինչը ունենք: Իսկ այս երաժշտական մրցանակաբաշխությունները...Ամենուր ապաշնորհություն, ծանոթություն... Մեր երգիչների 99 տոկոսը աղբ է երգում՝ «Գիշեր է, դու չկաս, աչքս բացեի քեզ տեսնեի...» Պարզապես զզվելի է: Բայց պարզ եւ հասկանալի է, թե նման աղջիկները ինչպես են եթերում հայտնվում կամ տեսահոլովակներ նկարահանում: Ինձ առաջարկել են տեսահոլովակներ նկարահանել, բայց նման երգերը լսելուց հետո ցանկություն է առաջանում ժավելով կամ սպիրտով ականջներս լվանալ: Եթե մեր «տարվա լավագույն երգիչը», իմ կարծիքով, ընդհանրապես երգիչ չէ, էլ ինչի՞ մասին ենք խոսում: Մենք այսօր երգիչ ենք ասում նրան, ով երգել գիտի, ու դրանով ուրախանում ենք:

-Իսկ դիտեցի՞ք Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման միջոցառումը:

-Միշել Լեգրանի կատարումից եւ Շառլ Ազնավուրի անունը տալուց հետո այդ զզվելի ԿՎՆ-ը ոչ թե վիրավորական էր, այլ մեզ անպատվել էր նշանակում: Որպես հայ մարդու՝ իմ արժանապավությունը ոտնահարվեց: Այդ համերգի ամենալավ ցուցանիշը Վ. Պուտինի դեմքն էր, որին մոտավորապես գրված էր՝ երբ է այս միջոցառումն ավարտվելու, որ այստեղից փախչեմ: Դա խոսում է այն մասին, որ նմանատիպ կառավարական միջոցառումներն արվում են ինչ-որ մեկի ճաշակով, որը չունի մտածողության մասշտաբ: Միայն մեր երկրում է, որ սեւ «իկրան» եւ կղկղանքը կարող են դնել մեկ ափսեի մեջ ու նաեւ մատուցել: Կան լուրջ մտավորականներ, բայց վերջիններիս նման միջոցառումներին մոտիկ չեն թողնում:

«ՊՈՒՏԱՆԿԱՆԵՐԻ» ՀԵՏ ՀԵՌՈՒ ԳՆԱԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ»

-Հետեւո՞ւմ եք, թե ինչ է կատարվում կրթական համակարգում:

-Շփվում եմ ուսանողների հետ եւ տեսնում, որ նման են իրենց դասախոսներին, որոնք նկարահանման հրապարակում չեն կարողանում երկու նախադասություն բնական ասել: Գալիս են ու ասմունքում:

-Ինչո՞ւ Դուք չեք դասավանդում:

-Ինձ չեն թողնի, որովհետեւ իմ կարծիքով ամբողջ ուսուցման մեթոդոլոգիան 100% -ով պետք է փոխվի, որ դերասանները չգան նկարահանման հրապարակ եւ ասմունքեն, որ դերասանին սովորեցնեն «ասել», այլ ոչ թե «ցույց տալ»: Այստեղից է գալիս ամբողջ դերասանական խոտանը կինոյում: Ո՞վ է այդ մասին մտածում: Հերթով փոխվող մշակույթի նախարարնե՞րը: Հավատացնում եմ, որ նրանք ոչ թե չգիտեն ինչ է մշակութային ստրատեգիան, այլ չեն կարող նաեւ բացատրել՝ ինչով է արվեստը տարբերվում մշակույթից: Եթե բացատրեն, հրապարակայնորեն ներողություն կխնդրեմ:

-Իսկ պե՞տք է մեզ մշակույթի նախարար կամ նախարարություն:

- Վստահ չեմ: Ռազմածովային նախարարություն չունենք, որովհետեւ ծով չունենք: Կուլտուրա էլ չունենք, մեր ինչի՞ն է պետք նախարարություն: Ճիշտ կլինի այն վերանվանել «Մասսայական կուլտուրայի նախարարություն» եւ Տիգրան Կարապետյանին նշանակել նախարար՝ իբրեւ մասսայական կուլտուրայի մեծ մասնագետի:

Այսօր շատ է խոսվում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին: Ամեն դեպքում Եվրոպան պարտադրում է դա, իսկ ո՞վ է մշակութային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու: Միթե՞ սեռական փոքրամասնության չափ էլ չկանք: Ո՞վ ինձ կպաշտպանի ինձ վրա թափվող մշակութային աղբից:

-Դուք խոսում եք իրավունքների ոտնահարումից, բայց չէ՞ որ մենք ունենք մարդու իրավունքների պաշտպան:

-Ես չեմ հավատում ոչ մի ինստիտուտի: Բոլորը կաշառված են, որպեսզի իշխանության համար խնդիր չստեղծեն: Եվ իշխանությունները պետք է հասկանան, որ «պուտանկաների» հետ հեռու գնալ չեն կարող, վերջիններս վաղը եկող իշխանության կողմը կանցնեն: Մենք չունենք հոգեւոր բարձրության վրա գտնվող արվեստ, իսկ դա նշանակում է, որ ազգ չենք, ցեղախումբ ենք, որը երեւում է մեքենա վարելուց մինչեւ մեր դեմքի արտահայտությունը: Մի ռուս մտավորականի հարցրին՝ բա ժողովրդի կարծի՞քը, ասաց՝ ես թքած ունեմ ժողովրդի կարծիքի վրա, ինձ հետաքրքրում է անհատի կարծիքը: Մենք այսօր չունենք անհատներ: Եվ ժամանակն է խոստովանելու մեր հարմարվողականության մասին: Հարմարվողականություն, որը պատվավոր բան է համարվում: Նման ենք սիֆիլիսով կամ բորոտով հիվանդի, որը լավ գրիմավորվել է:

Իսկ ի՞նչ է մտածում այդ մասին Հայ Առաքելական Եկեղեցին... Ես չեմ լսում... Չնայած արտահայտվելու ճիշտ ժամանակն է... Գոնե մեկ անգամ... Գոնե ձեւի համար: Դրա համար էլ կամաց-կամաց նմանվում է Հայ Առաքելական նախարարության եւ խոսում է միայն աղանդների շատանալուց: Ես կզարմանայի, որ չավելանար: Եթե ես չլողանամ, ինձ վրա շատ ոջիլներ կհավաքվեն: Մարմինդ լվա՝ ոջիլները կփախչեն: Մենք քրիստոնեությունն ընդունած առաջին ազգն ենք, բայց այդպես էլ քրիստոնյա չդարձանք:

Ի դեպ, այս հարցազրույցը նման է մի մարդու խոսքի, որն արդեն ճամպրուկները հավաքել է:

Զրուցեց ԱՐԳԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...