Jump to content

Ակսել Բակունց


Recommended Posts

ԽՈՆՀԱՐ ԱՂՋԻԿԸ

Կարծես որ բամփես, տապին կփակչի - ասում եր Օհան ապերը նրա մասին:

Ես մտքումս դրել էի նրա հետ որսի գնալ, թեև մինչ այդ որս քիչ էի արել: Պառավը խոստացավ խնդրել հարևանի կայծքարով հրացանը:

Հենց հաջորդ կիրակի, առավոտ կանուխ, երբ երդիկներից դեռ նոր էին բարձրանում ծուխը, ես և Անտոնը բռնեցինք անտառի ճանապարհը: Այդ օրը ես չորս անգամ կրակեցի: Կրակոցից ծառի ճղներից ձյուն թափվեց , բայց իմ վառոդը չխանձեց ոչ մի աղվեսի մորթի:

Անտոնը սիրտ էր տալիս, թե առաջին անգամ այդ էլ շատ է: Բայց ես տեսնում էի նրա ծաղկատար դեմքի խորամանկ ժպիտը: Ինքը մի ծեր աղվես սպանեց և երկու մոշահավ: Ծեր աղվեսն այնքան չարչարեց մեզ:

Անտոնը կրակեց, մուխի մեջ ես տեսա, թե ինչպես աղվեսը գլորվեց: Վրա վազեցինք, աղվեսն ատամները կրճտացրեց, փոչը կախեց հետևի ոտքերի արանքը և փախավ: Ձյունի վրա մնացին նրա հետքերը և արյան շիթեր: Մի քանի տեղ ուժասպառ ընկել էր , արյունն ավելի շատ էր հոսել, և ձյունի վրա թափվել էին մորթու մազերը:

Աղվեսին փնտրելու ժամանակ Անտոնը մի մոշահավ էլ սպանեց: Միասին վազեցինք դեպի այն կողմը, և փոսի մեջ տեսանք ծեր աղվեսին, որ կծկվել , կուչ էր եկել ու դունչը մոտեցրել էր վերքին: Երևում էր , որ լիզել է վերքի արյունը :Անտոնը աղվեսին ուսովը գցեց, ես մոշահավերը վերցրեցի, և մենք վերադարձանք:

Ութ-տաս տարեկան մի տղա ցախ էր դարսում ձյունի վրա մեկնած պարանին: Մի քիչ հեռու կանգնել էր մի աղջիկ՝ պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին: Նրանք մեզ ավելի վաղ էին տեսել և կանգնած նայում էին:

Ահա այդ դեմքն էր , որ մեխվել էր հիշողությանս մեջ , թեև այն օրից անցել էր տասներկու տարի և այն էլ ի՜նչ տարիներ:

Ընկերս լռեց. ես նրա դեմքին տեսա երանության նույն ժպիտը , ինչպես առաջին անգամ , երբ մենք դեռ բարձրանում էինք արահետով:

Ասես աչքի առաջ, ձյունոտ անտառում տեսնում էր աղջկան, ձեռքին չոր ցախը:

_Տեսա ու կանգնեցի, - դանդաղ շարունակեց նա,-և թեպետ Անտոնն ասաց ում աղջիկն է , ասաց, որ ցախի են եկել, բայց ես նրան չէի լսում: Հիշում եմ , որ մի անգամ էլ , երբ բացուտն անցանք և իջնում էինք գյուղի կալերի վրա, ետ նայեցի: Գլուխը խոնհարեց ու փշրեց ձեռքի ճյուղը:

Մեր տան պատշգամբից ես տեսա աղջկան՝ ցախը շալակին: Մեր տան հետքերով իջան կալերի վրա: Մոխրագույն շորեր ուներ, գլխին՝ տանը գործած բրդե շալ: Ես պատշգամբից նայում էի այն կողմ , իսկ Օհան ապերը հարցնում էր մոշահավերի մասին, Աշոտը նրանց փետուրներն էր պոկում, և ես կցկտուր պատասխան էի տալիս և աչքի տակով հետևում , թե ո´ր տունը պիտի մտնի ցախով աղջիկը:

Որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մյուս օրն իմացա, որ նրա փոքր քույրը սովորում է դպրոցում:

Հենց այդ օրից էլ գլխին կարմիր շոր կապած աղջիկը, որ մինչ այդ իմ քառասուն աշակերտներից մեկն էր,բոլորից ջոկվեց և իմ աչքում դարձավ այն կետը, որի շուրջը պտտվում էր իմ ներքին աշխարհը:

Ուզում էի իմանալ աղջկա անունը: Հորինեցի մի դաս , երբ աշակերտները պատմում էին իրենց ընտանիքի անդամների մասին: Եվ որովհետև նրանք երկու քույր էին, դժվար չէր իմանալ, որ անտառում տեսած աղջկա անունը Խոնհար էր: Մյուս աշակերտներն էլ մատ բարձրացրին իրենց տան մասին պատմելու և զարմացան, երբ ես գրատախտակին գրեցի գումարման նոր վարժություն:

Խոնհար, Խոնհար...Նայում էի գրատախտակի թվերին, աչքերիս առաջ բրդե շալով աղջկա գլուխը, ոտքերը ձյունի մեջ և ձյունի ճերմակության վրա օձի պես սև պարանը:

Այդ դեմքը մերթ սուզվում էր անդունդը, որը սովորական էր դառնում, հիշում էի , որ անտառում մի ծեր աղվես ենք սպանել, երկու մոշահավ: Մեկ էլ դեմքը մոտենում էր, կանգնում էր աչքիս առաջ և ես ճգնում էի իմանալու՝ ժպտա՞ց աղջիկը, երբ ետ նայեցի, թե՞ միայն ինձ թվաց:

Անտոնի հետ մի անգամ էլ որսի գնացի: Բացուտին երբ հասանք, ես մոտեցա այն գերանին, որի մոտ կանգնել էր աղջիկը: Որսորդն իմ հետևից կանչեց, թե ճանապարհը աջ է ծռվում: Գերանի մոտ ձյունը ծածկել էր աղջկա հետքերը: Ոչինչ չէր երևում: Միայն ծառի տակ ընկած էր մի չոր շյուղ: Կռացա վերցրի:

Վերադարձին եկանք գյուղի ծուռումուռ փողոցներով, որպեսզի անցնենք նրանց տան առաջով: Այն թաղի շները հաչոցով ինձ վրա վազեցին: Բայց և այնպես կիսաբաց դռնից նրան տեսա բակում՝ գրկին մի խուրձ խոտ: Ինձ տեսավ՝ դեմքն իսկույն մյուս կողմ դարձրեց, տուն մտավ: Ես նկատեցի, թե ինչպես կարմրեց նրա դեմքը:

Այդ օրն այնքան ուրախ էի: Օհան ապերն էլ նկատեց իմ ուրախությունը և ծիծաղելով ասաց, թե վիզը ծուռ Անտոնի հետ անտառում երևի մի օյին եք սարքել: Ընթրիք հետո բուխարու մոտ երբ նա ննջեց, ես արագ թերթեցի նրա շարականի գիրքը, բրդե թելը ուրիշ թերթի արանքում դրի, որպեսզի առավոտյան Օհան ապերը զարմանա, թե ե՞րբ կիսեց շարականի հաստ գիրքը, կարդա ու կասկածով նայի մեկ ինձ, մեկ՝ Աշոտին:

Ձմեռվա ընթացքում Խոնհարին երկու անգամ տեսա: Մի ամիս հիվանդ էր և առողջացավ բարեկենդանի տոներից առաջ: Ես շատ անգամ էի նրա մասին հարցնում նրա քրոջից: Եվ ամեն անգամ տարբեր պատրվակով, հեռվից հեռու, շատ անգամ իբր թե պատահաբար, մեջ բերելով ուրիշ խոսք:

Դժվար էր միշտ պատրվակ գտնելը: Հիշում եմ, երբ երեք օր տեղեկություն չունեի, քաշվում էի հարցնել: Հանկարծ փոքրիկ աղջիկը գնար և տանն ասեր... Չորրորդ օրը սովորականից շուտ եկա դպրոց: Քույրը դեռ չէր եկել: Կանգնել էի մուտքի դռան մոտ: Աշակերտները վառարանի մոտ տաքանում էին: Աչքս բլրակին էր: Հանկարծ երևաց քույրը, ինձ տեսավ և կարծեց, թե հանդիմանելու եմ ուշանալու համար: Աղջիկը քայլերը արագացրեց և ինձ երբ հասավ՝ շնչակտուր ասաց.

_Խոնհարն արդեն վեր է կացել...

Հետո ես իմացա , որ նա դեռ չորս օր պառկել է: Աղջիկը սուտ էր ասել:

Բարեկենդանի մի օր Խոնհարին տեսա: Մեր դիմացի կտրան աղջիկները խաղում էին , իրար ձյունով տալիս և երգեր ասում: Շատերի ձեռքին խնձոր կար: Նրանք նոր շորերով էին՝ կարմիր , կապույտ, կանաչ: Նրանց մեջ էր Խոնհարը. նրա հագին երկար զոլերով կարմիր չիթ էր : Ձեռքերը պահել էր գոգնոցի տակ, կանգնել էր կտուրի ծայրին և նայում էր ավելի փոքրահասակ աղջիկներին, որոնք զվարթ ծիծաղով իրար հրմշտում էին և վազվզում կտուրների վրա:

Պատշգամբից ես նրան գունատ տեսա և մի քիչ նիհար: Նոր շորերի մեջ նա երևաց ավելի բարձրահասակ, մեջքը բարակ: Կապույտ գոգնոցի թելերը մեջքին հանգույց էր արել: Պատահմամբ նայեց պատշգամբի կողմը , տեսավ ինձ, հեռացավ կտուրից և խառնվեց աղջիկների խմբին:

Նորից տեսա Խոնհարի սպիտակ դեմքը, մանրիկ աչքերը: Կարմիր շորերով այդ աղջիկը ինձ թված որպես մի բարձրահասակ երեխա՝ գլխին նույն բրդե շալը, ինչ որ առաջ: Տուն մտա, նրան չխանգարելու համար, որովհետև մյուս աղջիկները քչփչացին, փոքրահասակներից մի քանիսը , որոնք դպրոցում սովորում էին, գոգնոցով իրենց դեմքը ծածկեցին և պահվեցին ինձանից:

շարունակելի

***

Link to post
Share on other sites

ԿՅՈՐԵՍ

[attachmentid=22886] [attachmentid=22887]

O tempora, o mores...

0՜ Զանգեզուր, օ Կյորես...

1

Քաղաքն ուներ երկու անուն` Գորիս և Կյորես։ Երրորդ անունը` Կորիս,— տալիս էր միայն մի մարդ` դեղավաճառ Քյալլա Ծատուրը, որը քաղաքում հռչակված էր որպես փիլիսոփա և հին գրքերի սիրահար։ Գուցե այդ գրքերից էր նա հանել քաղաքի Կորիս անունը, որ իզուր ճգնում էր տարածել: Նրան համամիտ էր միայն ժամհար Պարսեղը, որը և միակ ունկնդիրն էր Քյալլա Ծատուրի ձեռագիր խորհրդածությունների` ճշմարիտ հավատի, ամուսնալուծության և «Երից տարրի փոխակերպման մասին»:

Քաղաքն ուներ երկու անուն և այդ երկու անվան մեջ, ինչպես ընկույզի երկու կճեպի մեջ, պարփակվում էր մի քաղաք երկու իմաստով, մի բնակավայր` երկու տարբեր ժողովրդով, որոնք ունեին իրենց առանձին սովորությունները, առանձին շահերը և մինչև անգամ նրանց անունները տարբեր էին և պատահում էր, որ այդ երկու ազգերը իրար լեզու չէին հասկանում։ Մի կողմը «օտարականներն» էին, կամ ինչպես կյորեսեցիք էին ասում` ղարիբականներն էին,— մյուս կողմը բուն Կյորեսն էր և նրա միջնաբերդը` Շենը, և նրա նշանավոր պարագլուխները` Ղաթրինի Աղալոն, որ բեռնած էշը գետնից բարձրացնում էր, Պարան-Պարան Ավանեսը, որի ձայնը հասնում էր մինչև Դրնգանի ձորը, Գյուրջի Օբին, որի լեզվից վախենում Էր մինչև անգամ քաղաքագլուխ Մատթևոս բեյը։

Ղաթրինի Աղալոն, Պարան-Պարան Ավանեսը, Գյուրջի Օբին և շատ ուրիշ կյորեսեցիներ, լինելով բուն Կյորեսի պարագլուխները, ժամանակակից չեն եղել։ Այդ մի դինաստիա Էր հողագործների, բրուտների, ներկարարների, դարբինների և տավարածների, ցեղային դինաստիա, որ ի դեպ գլխավո¬րում Էր բուն Կյորեսի և նրա միջնաբերդ Շենի կռիվը Գորիս քաղաքի և նրա «օտարականների» դեմ։ Ղաթրինի Աղալոյի ժամանակ Գորիսը դեռ քաղաքագլուխ չուներ և քաղաքը դեռ չէր տարածվել մինչև Մեծ կամուրջը։ Ղաթրինի Աղալոն դեռևս կարող էր Գորիսի վաճառականներից երեքին խարձի թոկով շալակել և սպառնալ նրանց թափել ձորը, եթե վաճառականները Թավրիզի կտավը չծախեն յուղի հետ բարաբար։ Նրա ժամանակը հեշտ էր. ինքը` Շենն ուներ իր կտավագործ¬ները, իր դերձակները, իր իջևանատները, որտեղ գիշերում էին ուրիշ երկրներից քարավաններ։ Վերջապես Ղաթրինի Աղալոյի ժամանակ վաճառականների մեծ մասը դեռ «ղարիբական» չէր, այլ կյորեսեցի էր, այսինքն վարուցանք ուներ և մինչև անգամ ապրում էր Շենում, առևտուրն անելով Գորիսի շուկայում։

Այլ էր Գյուրջի Օբին և նրա ժամանակը... Գորիս քաղաքն ուներ երեք հարկանի բանտ, այնքան ընդարձակ, որ կարող էր Շենի կեսը մեջն առնել, ուներ ուրիշ կալանատուն` սուբահանոց, միայնակ կալանավորների համար,— այնտեղ էր նստում գավառապետը, այնտեղ էր ձիավոր պահակների զորամասը և Պենզայի 686-րդ դրուժինան։ Գյուրջի Օբին գզգզված շորերով, ինչպես հետին մուրացկան, հարբած դուրս էր գալիս Շենի միջնաբերդից և ծածանելով զգեստի ծվենները, քաղաքի հրապարակում հայհոյում էր քաղաք հիմնո¬ղին, նրա գլխավորին, Կյորեսը կույր դանակով մորթողներին... Այն ժամանակ իրենց մաղազաներից դուրս էին գալիս Գորիսի առևտրականները` Եփրատ Երեմը, Մալակրովնի Նիկոլայը, Բադիրին Չանթա-Ռեխ Գալուստը, եղբայր Բաղիրովները և զվարթ ծիծաղում էին, ինչպես եթե հրապարակում կապիկ պար ածեին։ Բայց երբ Գյուրջի Օբին սկսում էր խաղ ասելով տեսնել Գորիսի անվանի քաղաքացիներին,— այն ժամանակ նրա շուրջն էին հավաքվում հացթուխները, խմոր հունցողները, կոշկարարի աշակերտը, որին վարպետը ջրի էր ուղարկել, մշակները, որոնք անկյուններում սպասում էի, թե նրանց ով հացափոր աշխատանք կտա և մինչև անգամ քաղաքագլուխ Մատվեյ Մատվեյիչը, նույն ինքը` Մատթևոս բեյը չէր կարող կտրել Գյուրջի Օբու այդ լեզուն:

post-22830-1141333470.jpg

post-22830-1141333558.jpg

Link to post
Share on other sites

("Խոնարհ աղջկա "շարունակությունը......շատ հուզիչ ու տխուր պատմություն էր Հրեշտակ ջան :( )

***

Անտառն արդեն վերջացել էր և սկսել լեռնային փարթամ մարգագետինը, որի հատուկտոր թփերը ապացույց էին , թե ժամանակին մարգագետնի սևահողում աճել է կաղին:

Կանաչների միջով հոսում էր գետակը, որի ակունքները անտառի մթին ձորերի աղբյուրներն էին: Դրա համար էլ գետակի երեսին, կանաչ խոտերի հետ լողում էին չոր տերևներ:

Ձիերը հոգնել էին: Լեռնային կանաչը գրավիչ էր և´ մեզ, և´ հոգնած ձիերի համար:

_Իջնենք, ձիերը թող հանգստանան, - ասաց ընկերս: Ձիերը լեզվով դուրս հրեցին սանձի երկաթները և ագահությամբ պոկեցին խոտը: Մենք պառկեցինք գետակի ափին, խոտի վրա:

_Օհան ապերը գրքեր շատ ուներ, հին գրքեր: Մի կիրակի պատշգամբում նստած կարդում էի նրա հին գրքերից մեկը, կարծեմ Հուստինյանոս թագավորի մասին: Ձյունը դեռ չէր հալվել , բայց արևի ջերմությունը արդեն զգացվում էր, որ գարունը հեռու չէ: Այդպիսի օրերին կատուն էլ է հեռանում թոնրի տաք քարից և աչքը փակած պառկում արևի տակ:

Մեկը բարձրանում է սանդուղքով : Գլուխս վեր հանեցի: Գիրքը ձեռքիս դողաց: Կողքիս կանգնել էր Խոնարհը և մատներով խաղում էր գոգնոցի եզրի հետ : Երբեք նա ինձ այդքան մոտ չէր կանգնել , դրանից էր , որ գրքի տառերը շեղվեցին, և գիրքը դողաց:

_Հայրս խնդրում է ճաշի գաս մեր տունը:

Ինքս էլ չգիտեմ , թե ինչու, պատճառ բռնեցի գիրքը, ասեցի , որ չեմ կարող գալ: Խոնարհը ձեռքի արագ շարժումով գիրքս ծալեց, և ես դեռ ուշքի չեկած, բակից կրկնեց հոր խնդրանքը:

Չգնացի, բայց գիրքն էլ բաց չարի: Անելիքս չգիտեի:

Փորձեցի տետրակներն ուղղել, չկարողացա: Օհան ապերը եկավ և մինչև իրիկուն միասին էինք: Այդ որը ես նրա հետ գոմը գնացի կովերին խոտ ու դարման տալու:

Չգիտեմ , ամեն տարի Ձորագյուղում գարունն այնքա՜ն սիրուն է, ինչպես այն տարին: Քարերն էլ էին շնչում գարնան բույրը:: Անտառի հազարավոր լորենիների հոտը գիշեր-ցերեկ գյուղի վրան էր: Երբ դասերից հետո պառկում էի անտառում, լորենիների տակ, գլուխս պտտվում էր:

Ձորակներում հիմա էլ կան այգիներ: Գարնանը ուռել և հասել էին խնձորենու բողբոջները: Հարկավոր էր մի շաբաթ տաք եղանակ, որպեսզի բացվեին խնձորենու ծաղիկների կարմիր թերթիկները և ձորակները բուրեին: Հեռվից ծաղկած ծառերի սպիտակ ճյուղերը երևում էին ձյունով ծածկված, ասես գարունը ձյուն էր թափել ծառերի վրա, գունավոր և հոտավետ փաթիլներով ձյուն:

Գյուղի փողոցներից արևը գոլորշիացնում էր աղբաջուրը, կովերը ջրի գնալիս շլանում էին արևի լույսից, մռնչում էին արջառները, հոտոտում, դես ու դեն վազում և ոտքով փորում թաց գետինը: Եվ ինչ դժկամությամբ էին նրանք ներս մտնում գոմի ցածր դռնակներից:

Գարնան օրերը հիշեցնում էին ինձ, որ շուտով մայիս է: Դպրոցն արձակելուց հետո նույն ճանապարհով պիտի վերադառնամ և էլ երբե´ք, երբե´ք չպիտի տեսնեմ Ձորագյուղը:

Նրանց տուն չգնալու համար փոշմանել էի: Մի օր էլ փողոցում մայրը հանդիմանեց, որ հրավերը չեմ ընդունել: Ես ուզում էի, որ մեկ էլ կանչեր, թեկուզ մի թեթև ակնարկ աներ:

Այն ժամանակ սովորություն կար տարեվերջին դպրոցում կազմակերպելու հանդես: Ես էլ էի պատրաստվում , աշակրտները սովորում էին երգ և ոտանավոր: Հետո մեծահասակ աշակերտները տախտակներ բերին, տներից հավաքեցին գորգ ու կարպետ և սարքեցին բեմ: Աշակերտներին պատվիրել էի, որ շատ մարդու կանչեն: Եվ ամեն անգամ աչքս նրա քրոջ կողմն էր:

Կիրակին եկավ: Գուցե և ոչ մի տարի այս օրը այնքան բազմություն չէր հավաքվել գյուղի դպրոցում: Բաց պատուահաններով գարունը այգիներից բերում էր ծառերի բույրը, դպրոցի կտուրի տակ սարյակները բնից բույն էին թռչում աշխույժ ճռվողույնով: Նրանք էլ էին զուգվել և այնպես փայլում էին սարյակների սև փետուրները:

Բազմության մեջ ես միայն մի գլուխ էի տեսնում և այս անգամ առանց շալի, մազերը կիսած և խնամքով սանրած: Եվ ի՜նչ բարկ էին նրա շրթունքները:

Ընդմիջումից հետո հանդեսի երկրորդ մասը պիտի սկսվեր մի բանաստեղծությամբ, որ արտասանելու էր նրա քույրը: Կարպետը շարժվեց, բեմի ետևում երևաց Խոնարհը, իր գլխի սանրով կոկեց քրոջ մազերը:

Մանկան զիլ ձայնով և համարձակ փոքրիկը ինչ-որ բան էր ասում: Բազմությունը լուռ լսում էր: Չէի լսում ես: Կողքիս Խոնարհն էր: Նրա աչքերում ուրախության ժպիտ կար: Աչքերը փայլում են սարյակի փետուրների նման սև: Ձեռքը բռնեցի:

_Խոնարհս...Ձայնս դողաց:

_Թո´ղ,- ասաց ու ձեռքը մեկնեց քրոջը, որ ավարտել էր արտասանությունը և որի դեմքը անսովոր հաճույքից կարմիր էր: Դահլիճում ծափահարում էին. ոմանք անսովոր ձայներով, նույնիսկ ձեռնափայտի շարժումով գոհունակությունն էին հայտնում:

Քիչ հետո հանդեսը վերջացավ: Ինձ թվաց, թե հանդեսը տխուր անցավ և պղտորվեց գարնան օրը: Ականջիս տակ նրա խոսքն էր՝ թո´ղ: Ձեռքիս էի նայում և ուզում էի ստուգել ՝ բռնե՞լ եմ արդյոք նրա ձեռքը: Ինչո՞ւ այդքան ջերմ էին նրա մատները:

Հանդեսից հետո Խոնարհին մի քանի անգամ տեսա: Պատահմամբ իմացա նրանց այգու ճանապարհը: Դասերից հետո գնում էի ձորը, պառկում Օհան ապոր այգու կապույտ քարին, որից վերև ցանկապատի կողքով նա պիտի վերադառնար իրենց այգուց: Ոչ մի խոսք չէի կարող նրան ասել , թեկուզ մի քանի անգամ տեսա ցանկապատի ետևը: Հայրը գնում էր առջևից չոր ցախի կապը մեջքին, աղջիկը նրա հետևից, ջրամանն ու հացի շորը թևի տակ: Հետո գիրք էի առնում, բայց չէի թերթում ոչ մի էջ, որովհետև ամեն ոտնաձայնին նայում էի ճանապարհին:

Մի անգամ միայն ցանկապատի ետևից ինձ նայեց և ժպտաց : Թվաց, թե հացի շորը դիտմամբ վեր գցեց, որ կռանա ու մի քիչ ավելի կանգնի: Գուցե այդպես չէր, գուցե իրոք շորը սահեց, ընկավ: Նույն աչքերն էին, ինչպես բարեկենդանի օրը կտուրի վրա: Նրա աչքերի մեջ մանկական արտահայտություն կար թեև տասնհինգ տարեկան էր, և ամուր կոճկած զգեստի տակ երևում էր հասուն կուրծքը :

Ընկերս լռեց: Ձեռքով տրորեց ճակատն ու աչքերը , ասես ուզում էր հեռացնի այն դեմքը, որ հին տարիներից ժպտում էր այդքան պայծառ:

Գարնան ջինջ երկնքի վրայով սահում էր մի սպիտակ ամպ, ասես արար աշխարհին հպարտությամբ ցույց էր տալիս , որ անհաս բարձունքում լողանում է արևի շողերի մեջ:

_Եկավ և վերջին օրը: Դպրոցն արդեն արձակել էի. աշակերտների բաժանել էի հին տետրակները, վերադառնալու պատրաստություն էի տեսնում: Օհան ապերը առավոտը շարական չէր կարդում : Վաղ լուսաբացին նա գնում էր այգի, կամ վարուցանքի հոգսի ետևից էր:

Հրաժեշտը դժվար էր; Տանն ընտելացել էին ինձ , ես դառել է մտերիմ մարդ և´ Օհան ապոր, և´ Աշոտի, և´ պառավ նանի համար : Բակում ձիապանը բարձում էր իրերս, նանին պայուսակի մեջ դարսում էր գաթա և ճանապարհի պաշար:

Խոնարհին մի քանի օր չէի տեսել: Փողոցում մարդ չկար, բոլորն աշխատանքի էին, արտերում սկսվել էր քաղհանը, այս ու այն սարալանջին լսվում էր հորովելի ձայնը: Մի տեղ աշունքվա մուգ կանաչ արտերն էին, մի տեղ գարնան սև ցելը:

Օհան ապերը մի քանի խրատներ կարդաց : Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա: Նանին ձիապանին պատվիրում էր ինձ տանել և զգուշ մնալ , որ պայուսակը չընկնի, միևնույն ժամանկ գոգնոցով սրբում էր թափվող արցունքը:

Անցանք փոքրիկ ձորակը, աղբյուրը և ուռենու հաստ նովը , որ ձմեռը կովերը ջուր էին խմում: Ահա և Օհան ապոր այգու դռնակը: Արագ բարձրացա ձորակով, դռնակը բաց արի , մոտեցա այգու կապույտ քարին, ցանկապատի ետևը մարդ չկար : Այգում խաղաղություն էր, ծաղկաթափ էին ծառերը և բողբոջների փոխարեն նշմարվում էին կանաչ ու մանրիկ պտուղները:

Դպրոցի մոտ երեխաները խմբվել էին: Նրանք ինձ տեսան ու իջան բլրակով: Որպիսի՜ միամիտ պարզությամբ նրանք ինձ բարի ճանապարհ ասեցին: Մի քանիսը ծաղիկներ էին բերել: Հենց որ մեկը մեկնեց ծաղիկը, մյուսներն էլ հետևեցին օրինակին:

Աղջիկներից ոմանք լաց եղան; Նրանք և´ ժպտում էին, և´ ժպիտի հետ սրբում արցունքը, որ ծորում էր աղբյուրի պես: Լաց էր լինում և Խոնարհի քույրը:

Մեկը՝ թե " Ուսուցիչ մեզ չմոռանաս" : Լավ հիշում եմ Ճուտիկին, որ միշտ դպրոց էր գալիս հոր մեծ փափախը գլխին և երկար հնամաշ տրեխներով: Որբ էր Ճուտիկը, լռիկ -մռիկ մի երեխա, որին բոլորը սիրում էին: Խմբի մեջ Ճուտիկն էլ եր: Մյուսների պես նա մոտեցավ ձեռք տալու, տրեխի ծայրերն իրար դիպան, քիչ մնաց ընկներ: Ճուտիկը փաթաթվեց ծնկներիս :Մեծ փափախի տակից տեսա նրա խելոք աչքերը : Եվ այնքան խեղճություն կար Ճուտիկի աչքերում:

Ձիապանի կանչն ինձ հիշեցրեց, որ ժամանակն է հրաժեշտ տալու: Մանուկները մի անգամ էլ ձեռք տվին: Կռացա և համբուրեցի Ճուտիկի ճակատը , ինչպես Օհան ապերը՝ իմ ճակատը: Իմ աչքերում արցունք երևաց, արցունքի միջից մի անգամ էլ տեսա այգու դռնակը, դպրոցի ներկած թիթեղները: Հետո ծառերը ամեն ինչ ծածկեցին:

Քայլում էի ձիապանի ետևից : Մինչև զառիվայրի սկիզբը ճանապարհն անցնում էի փոքրիկ տափարակով: Կանաչ արտերում քաղհան էին առնում: Մի քիչ վերև, սարալանջին, եզները դանդաղ քաշում էին արորը, և հանգստացած հողը շրջում ակոսի մեջ: Արտերում կանաչի մեջ երևում էին կարմիր կապույտ ծաղիկներ : Բացվում էր պուտը:

Սպիտակ քարի մոտ ,գոգաձև ընկած երկարադարձ արտերում քաղհան անող կանանց մեջ տեսա Խոնարհին: Մեր հայացքները իրար հանդիպեցին , և ես նրա աչքերում ժպիտ չտեսա: Ի՞նչ էր ասում. նրա համար դժվա՞ր էր, որ ես հեռանում եմ Ձորագյուղից, չէ՞ որ ինձ ոչինչ , ոչինչ չէր ասել այդ խոնարհ աղջիկը: Հագին նույն գորշ զգեստն էր, ինչպես առաջին անգամ անտառում:Արտի մեջ կանգնել էր, ձեռքին քաղհան բիրը, կարմիր պուտ և մոլախոտի մի կապ:

Ոչինչ չասացի, հեռացա: Արահետով բարձրանալիս միշտ ետ էի նայում: Կռացած կանայք կանաչին ընկած թռչունների էին նման : Եվ այդ երամից մեկը , գորշ շորերով մի աղջիկ, ավելի հաճախ էր բարձրանում, ձեռքը դնում ճակատին, որ արևի շողերը չխանգարեն տեսնելու անտառի մեջ հալվող արահետը և միայնակ անցվորին: Ձորի գլխին կանգնեցի, և երբ աղջիկը մի անգամ էլ բարձրացավ, նայեց իմ կողմը, ձեռքով արի: Խոնարհն իսկույն կռացավ արտի վրա: Ես արագացրի քայլերս ձիապանին հասնելու:

Երբ ընկերս լռեց, ինձ թվաց, թե գետակը նույն հանգով է պատմում, խոսում է նույն կերպ, ինչպես նա, որ մեջքին ընկած փակ աչքերը երկնքին, անգիր ասում էր մի ծանոթ պատմություն, գրված Օհան ապոր հին գրքերում:

Վեր կացա, թուլացրի ձիու թամբի կապերը: Ձիերը հագեցել էին կանաչից և մեզ նման մեկնվել էին գարնան արևի տակ:

_Հետո տասներկու տարի...և ի՜նչ տարիներ: Կռիվ, քաղց, երկրներ ու քաղաքներ, հազարավոր դեմքեր տարբեր ցեղից, անցքեր՝ մեկը քաղցր, մյուսը դառը հիշողության հետ կապված...Եվ նրանց մեջ Խոնարհի դեմքը, ցանկապատի փշերի արանքից երկու մանրիկ աչքեր, որպես սև ձիթապտուղ, և բարա՜կ կարմիր շրթունքներ:

Հանկարծ ընկերս կողքի դարձավ, վիզը ձգեց իմ կողմ: Նրա աչքերն ավելի մեծացան:

_Գիտես, որ Խոնարհին տեսա:

_Ե՞րբ:

_Երեկ: Վերին գյուղում: Դու քնել էիր, դպրոցի բակում հավաքվել էին գյուղացիները: Խոսում էին հողի մասին, գանգատվում էին, որ հողը առաջվա բերքը չի տալիս: Այս տարվա ժանտախտից էին խոսում: Շատ կովեր են սատկել, ոմանք ցել անելու եզ չունեն: Հետո ինձ մոտեցավ մի կին, ցնցոտիների մեջ, ոտերը բոբիկ, ոտքերի կաշին ճաքճքած: Կնոջ փեշերից կախվել էին երեք կիսամերկ երեխա: Նրանք մերթ ինձ էին նայում, մերթ մորը:

Կինն արցունքն աչքերին չորս փութ ցորեն էր խնդրում, մինչև հունձը:

_Հետո մի ճար լինի,- ասաց:

Ամուսինն անցյալ տարի է մեռել: Ժանտախտից սատկել էր նրանց միակ կովը: Իսկ տանն ուրիշ աշխատող չկար:

Ես ճանաչեցի Խոնարհին...Աչքերն էլի առաջվանն էին, բայց առանց փայլի: Ես ճանաչեցի Խոնարհին...Բայց չգիտեմ , նա ինձ ճանաչե՞ց, թե ոչ:

...Անխոս նայեցինք ձիերին և անցանք գետակը: Արևն արդեն դեպի մայրամուտ էր կախվել:

Link to post
Share on other sites

:up: :D

Arm_lionne, zaratustra SHnorhakalutyun!!!! :) :) :)

Arm_lion jan, gitem, shat txur er. Es ev Na nuynpes txur patmvacq er. Hetaqrqir e urax siro patmutyun ka mer grakanutyan mej? :hm:

Link to post
Share on other sites

:up: :D

Arm_lionne, zaratustra SHnorhakalutyun!!!! :) :) :)

Arm_lion jan, gitem, shat txur er. Es ev Na nuynpes txur patmvacq er. Hetaqrqir e urax siro patmutyun ka mer grakanutyan mej? :hm:

:) Angel, Գորիսի հետ կապ ունե՞ս (ասել է թե` գորիսեցի՞ ես)

Link to post
Share on other sites

ԿՅՈՐԵՍ

(շարունակում եմ` բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են Բակունցին ու նրա յուրօրինակ լեզուն ու ստեղծած կոլորիտային պատկերները :victory: )

Կար Գորիս և կար Կյորես։ Երկու տարբեր ժողովուրդ էին և տարբեր էին նրանց լեզուն, սովորությունները, անունները և մշտաբորբոք կրակի նման նրանց միջև վառվում էր հին կռիվը։ Թե ինչ ազգի մարդիկ էին և ինչ լեզվով էին խոսում նրանք, այնքան էլ հեշտ չի պատմել։ Շենում ասում էին, որ գորիսեցիք խոսում են շան լեզվով.

— Խոջա-Բաղիրի թոռները մեր Բողարի նման են հաչում... Նրանք ի՜նչ մարդիկ են։ Մեր կծոտողի ճակատը նրանց ճակատից արդար է,— այդպես էր ասում Աթա ապերը, երբ Գորիս քաղաքից վերադառնում էր։

— Կյորեսի լեզուն շենավարի է... Ափսոս չի՞ մեր բլաղարոդնի լեզուն,— այդպես էր ասում տիկին Օլինկան` Մատվեյ Մատվեյիչի կինը, Անիկա տյոտյային, երբ նրանք նստում էին ֆրապ խաղալու։

— Հայ Գրիշա, Միշա, Մաշո, չեմ իմանում էլ ինչ շա-շո... Ափսոս չի՞ մեր Մանգասարը, մեր Մանուչարը, մեր Սոնան... Հերս որ հարսին կանչում էր Մանիշա՜կ, Մանիշա՜կ, տասը մանիշակ էր բացվում,— այդպես էին խոսում սւմենամոլեռանդ կյորեսեցիք, որոնք ծաղրում էին Գորիսի օտարականների ոմանց շլյապան, անվանելով կլիբո և ծղաման, ոմանց կանանց` անվանելով շինովի տիկնիկ, ոմանց մորուքն էին ծաղրում, անվանելով կուտուռուզ և այլ այնպիսի խոսքերով, որ գրքի մեջ ընդունված չեն։ Կյորեսեցիք ծաղրում էին քաղաքացիներին, հորինելով մականուններ՝ Պրիստավի Թազի, Թեփռած Երեմ, Ամբարի կատու Սողոմոն՝ ավագ եղբայրը Ավագիմովների, որոնք վաճառում էին ալյուր և բրինձ։

Եթե մի այդպիսի հին կյորեսեցու հարցնեիր, թե ինչ ազգից ես, նա կասեր տոհմի անունը` Ավետանց, Շալունց, Բակունց (իմն էլ ԲաՂունց է :inlove: - zaratustra) և ո՜վ գիտի ինչպիսի ազգանուններ,–– որովհետև նրանց լեզվով ազգ նշանակում էր տոհմ, գերդաստան, տուն, որի բոլոր անդամներն իրար հետ կապված են արյան կապով։ Իսկ եթե նրան բացատրեիր, որ ազգությունն ես հարցնում, այլ ոչ թե տոհմը, նա կպատասխաներ.

— Կյորեսեցի եմ... Զանգեզուրի մարդ եմ,— կարծես «Ջանգեզուրի մարդ» այդ նույնպիսի ազգ է, ինչպիսին ռուսը, անգլիացին, թուրքը։

— Աթա ապեր, բա դու հա՞յ չես։

— Ա քեզ մատաղ, դե ես ի՜նչ իմանամ ինչ եմ, է՜... Թողնում են գլխիս մեջ հուշ մնա, որ իմանամ, թե ես ինչ եմ... Էսպես որ գնա չեմ իմանա, թե ես Աթա՞ն եմ, թե՞ էն աղբանոցում հաչողը...

— Վերջը, Աթա ապեր, բա դու հայ չե՞ս...

— Դե հայ եմ մի տակով մի գլխով։ Որ ավազանում մկրտված եմ, ուրեմն հայ քրիստոնյա եմ էլի՜։ Հո անհավատ նասրանի չեմ... Հիմա որ հայ եմ, ի՞նչ եմ արել։ Գլուխս հո մեղրոտ չեմ արել։ Ոչ ու փուչ լինի խոջա-Բաղիրի թոռը, երկու բեռ ցորեն տարա...— Բայց ընդհատենք Աթա ապոր զրույցը, որովհետև բնիկ կյորեսեցի լինելով, նա խոսում է ծոր տալով և ծանր-ծանր, կարծես բառերը ձուլելով թափում է և դեռ երկար կպատմի, թե ինչպես խոջա-Բաղիրի թոռը նրան խաբեց և երկու բեռ ցորենի դիմաց տվեց մի ոչինչ բան` մի քանի արշին չիթ, պառավի համար հալավացու, երկու գրվանքա շաքար, մի քիչ բռնոթի, այն էլ կեսը հող։ Ընդհատենք Աթա ապորը և հարցնենք, թե խոջա-Բաղիրի թոռներն ի՞նչ ազգից են։

— Շան ազգից են խոջա-Բաղիրի ճտերը... Նրանք էն ազգիցն են, որ խիղճ ասածդ չունի։ Նրանք նասրանի են, նրանք մոլթանի են, նրանք մարդ պլոկող ազգից են...

— Աթա ապեր, նրանք էլ հայ են, տեղացիներ են, հայ վաճառականներ են Գորիս քաղաքից, մինչև անգամ կարող է, որ խոջա-Բաղիրը քո Օհան պապի խաչեղբայրը եղած լինի։

— Որ նրանք հայ լինեն, ես հայությունից դուրս կգամ,— Աթա ապերը սկսում է զայրանալ,— հայը ես եմ, Ղուրդանց Իսոն է, որ ցամաք հացին աստված է կանչում,— չկա՛: Հայը վար կանի, ծառ կտնկի, շալակով փայտ կբերի, քերծ կքանդի, հայը խեղճ ու կրակ ռահաթ է էս ձորերում բառաչող: Խոջա-Բաղիրի ժառանգներն ի՞նչ հայ են, կամ Ավագիմովներն ի՞նչ հայ են, ասենք նրանց պապի անունը հայ է: Իսկ եթե ասում ես, որ խոջա-Բաղիրն իմ Օհան պապի խաչեղբայրն եղած լինի, ուրիշն էլ ասի, չհավատաս: Իմ Օհան պապի խաչեղբայրը եղել է Բակունց Վիշապը, որ մի նստելում յոթ հաց կուտեր... Ա՜յ, թե ով է եղել իմ Օհան պապի խաչեղբայրը... Իսկ խոջա-Բաղիրը ուրիշ ազգից էր և կարող է, որ զիլանի եղած լինի:

Edited by zaratustra
Link to post
Share on other sites

ԿՅՈՐԵՍ

(շարունակում եմ` բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են Բակունցին ու նրա յուրօրինակ լեզուն ու ստեղծած կոլորիտային պատկերները :victory: )

Կար Գորիս և կար Կյորես։ Երկու տարբեր ժողովուրդ էին և տարբեր էին նրանց լեզուն, սովորությունները, անունները և մշտաբորբոք կրակի նման նրանց միջև վառվում էր հին կռիվը։ Թե ինչ ազգի մարդիկ էին և ինչ լեզվով էին խոսում նրանք, այնքան էլ հեշտ չի պատմել։ Շենում ասում էին, որ գորիսեցիք խոսում են շան լեզվով.

— Խոջա-Բաղիրի թոռները մեր Բողարի նման են հաչում... Նրանք ի՜նչ մարդիկ են։ Մեր կծոտողի ճակատը նրանց ճակատից արդար է,— այդպես էր ասում Աթա ապերը, երբ Գորիս քաղաքից վերադառնում էր։

— Կյորեսի լեզուն շենավարի է... Ափսոս չի՞ մեր բլաղարոդնի լեզուն,— այդպես էր ասում տիկին Օլինկան` Մատվեյ Մատվեյիչի կինը, Անիկա տյոտյային, երբ նրանք նստում էին ֆրապ խաղալու։

— Հայ Գրիշա, Միշա, Մաշո, չեմ իմանում էլ ինչ շա-շո... Ափսոս չի՞ մեր Մանգասարը, մեր Մանուչարը, մեր Սոնան... Հերս որ հարսին կանչում էր Մանիշա՜կ, Մանիշա՜կ, տասը մանիշակ էր բացվում,— այդպես էին խոսում սւմենամոլեռանդ կյորեսեցիք, որոնք ծաղրում էին Գորիսի օտարականների ոմանց շլյապան, անվանելով կլիբո և ծղաման, ոմանց կանանց` անվանելով շինովի տիկնիկ, ոմանց մորուքն էին ծաղրում, անվանելով կուտուռուզ և այլ այնպիսի խոսքերով, որ գրքի մեջ ընդունված չեն։ Կյորեսեցիք ծաղրում էին քաղաքացիներին, հորինելով մականուններ՝ Պրիստավի Թազի, Թեփռած Երեմ, Ամբարի կատու Սողոմոն՝ ավագ եղբայրը Ավագիմովների, որոնք վաճառում էին ալյուր և բրինձ։

Եթե մի այդպիսի հին կյորեսեցու հարցնեիր, թե ինչ ազգից ես, նա կասեր տոհմի անունը` Ավետանց, Շալունց, Բակունց (իմն էլ ԲաՂունց է :inlove: - zaratustra) և ո՜վ գիտի ինչպիսի ազգանուններ,–– որովհետև նրանց լեզվով ազգ նշանակում էր տոհմ, գերդաստան, տուն, որի բոլոր անդամներն իրար հետ կապված են արյան կապով։ Իսկ եթե նրան բացատրեիր, որ ազգությունն ես հարցնում, այլ ոչ թե տոհմը, նա կպատասխաներ.

— Կյորեսեցի եմ... Զանգեզուրի մարդ եմ,— կարծես «Ջանգեզուրի մարդ» այդ նույնպիսի ազգ է, ինչպիսին ռուսը, անգլիացին, թուրքը։

— Աթա ապեր, բա դու հա՞յ չես։

— Ա քեզ մատաղ, դե ես ի՜նչ իմանամ ինչ եմ, է՜... Թողնում են գլխիս մեջ հուշ մնա, որ իմանամ, թե ես ինչ եմ... Էսպես որ գնա չեմ իմանա, թե ես Աթա՞ն եմ, թե՞ էն աղբանոցում հաչողը...

— Վերջը, Աթա ապեր, բա դու հայ չե՞ս...

— Դե հայ եմ մի տակով մի գլխով։ Որ ավազանում մկրտված եմ, ուրեմն հայ քրիստոնյա եմ էլի՜։ Հո անհավատ նասրանի չեմ... Հիմա որ հայ եմ, ի՞նչ եմ արել։ Գլուխս հո մեղրոտ չեմ արել։ Ոչ ու փուչ լինի խոջա-Բաղիրի թոռը, երկու բեռ ցորեն տարա...— Բայց ընդհատենք Աթա ապոր զրույցը, որովհետև բնիկ կյորեսեցի լինելով, նա խոսում է ծոր տալով և ծանր-ծանր, կարծես բառերը ձուլելով թափում է և դեռ երկար կպատմի, թե ինչպես խոջա-Բաղիրի թոռը նրան խաբեց և երկու բեռ ցորենի դիմաց տվեց մի ոչինչ բան` մի քանի արշին չիթ, պառավի համար հալավացու, երկու գրվանքա շաքար, մի քիչ բռնոթի, այն էլ կեսը հող։ Ընդհատենք Աթա ապորը և հարցնենք, թե խոջա-Բաղիրի թոռներն ի՞նչ ազգից են։

— Շան ազգից են խոջա-Բաղիրի ճտերը... Նրանք էն ազգիցն են, որ խիղճ ասածդ չունի։ Նրանք նասրանի են, նրանք մոլթանի են, նրանք մարդ պլոկող ազգից են...

— Աթա ապեր, նրանք էլ հայ են, տեղացիներ են, հայ վաճառականներ են Գորիս քաղաքից, մինչև անգամ կարող է, որ խոջա-Բաղիրը քո Օհան պապի խաչեղբայրը եղած լինի։

— Որ նրանք հայ լինեն, ես հայությունից դուրս կգամ,— Աթա ապերը սկսում է զայրանալ,— հայը ես եմ, Ղուրդանց Իսոն է, որ ցամաք հացին աստված է կանչում,— չկա՛: Հայը վար կանի, ծառ կտնկի, շալակով փայտ կբերի, քերծ կքանդի, հայը խեղճ ու կրակ ռահաթ է էս ձորերում բառաչող: Խոջա-Բաղիրի ժառանգներն ի՞նչ հայ են, կամ Ավագիմովներն ի՞նչ հայ են, ասենք նրանց պապի անունը հայ է: Իսկ եթե ասում ես, որ խոջա-Բաղիրն իմ Օհան պապի խաչեղբայրն եղած լինի, ուրիշն էլ ասի, չհավատաս: Իմ Օհան պապի խաչեղբայրը եղել է Բակունց Վիշապը, որ մի նստելում յոթ հաց կուտեր... Ա՜յ, թե ով է եղել իմ Օհան պապի խաչեղբայրը... Իսկ խոջա-Բաղիրը ուրիշ ազգից էր և կարող է, որ զիլանի եղած լինի:

Link to post
Share on other sites

Կյորեսն ուներ իր սուրբերը՝ Կանաչ եկեղեցի, սուրբ Մարտիրոս («իմ երեսս նրա ոտի տակ»— կասեր Անա զիզին, երբ սուրբի անուն տար), Եզան Սուրբ, Ճգնավոր և այլ այսպիսի ուխտատեղեր՝ հին և հնավանդ, ինչպես այն ընկուզենիները, որ ով գիտե, քանի հարյուր տարի աղմկում էին Մատուռի ձորում։ Ոչինչ եկեղեցական չկար այդ ուխտավայրերում՝ ոչ գիր, ոչ խաչ։ Քարափոր այրեր էին բարձր քերծերի լանջին և կամ խուլ ձորում խոխոջող մի աղբյուր և մի քարակույտ։ Միայն Կանաչ եկեղեցին ուներ ժայռի մեջ փորած սանդուղքներ, որ իբրև թե յոթը տարի վարել էր մի մենակյաց, թեև Սայու Մադին, Կյորեսի նշանավոր քերծ քանդողն ասում էր.

— Չորս փութ կորեկ տվեք, թե յոթ շաբաթում էդքան չքանդեմ, իմ հոր տղան չեմ։

Կյորեսն ուներ այդպիսի ուխտատեղեր, մրոտած պատերով, հողե սև ճրագներով, օջախի քարերով, որը երբեմն տաքանում էր մատաղների կրակից և երբ ծուխը բարձրանար, մի ծերունի նայում էր, թե քամին որ կողմն է քշում ծուխը: Այդ միամիտ ծերունին հավատում էր, թե ծուխը ուր գնար, այն կողմի արտերն այդ տարի շատ բերք կտային...

Եվ պատահում էր, որ ծուխը գնում էր դեպի Ծլանգի տախտը, որտեղ խոջա-Բաղիրի քսան օրավար արտերն էին: Ծերունին բարկանում էր.

— Ես պիտի իմ ոչխարը քեզ մատաղ անեմ, որ դու հացը խոջա-Բաղիրի որդիներին տաս։

Եվ ասում են, որ մի անգամ, երբ մատաղի ծուխը փարթամ քուլաներով գնացել է քաղաքի վրա և մինչև անգամ փռվել է քաղաքի շուկայի վրա, Զդին Հաբուդ անունով մի բնիկ կյորեսեցի սուրբ Մարտիրոսի մատուռի առաջից կիսաեփ կաթսան գրկած տարել է Եզան Սուրբի ձորը, ասելով.

— Եզան Սուրբ, եթե դու էլ սուրբ Մարտիրոսի նման լիրբ ես, մատաղը կածեմ շների առաջ...

Երբեմն պալտոնավորը, այսինքն Գորիս քաղաքացիք՝ Եփրատ Երեմը, Անիկա տյոտյան, տիկին Օլինկան, Կիզիկով Իսակը հանդերձ ընտանյոք, Սահակ Սերգեյիչը՝ թագավորական ուսումնարանի տեսուչը, Ավագիմով եղբայրները, Ճաղարին Մուղրովը՝ արծաթյա մեդալներով, Կարճիկ Կևեր բեյի աղջիկները, նավթավաճառ Գյորգին, Լալազարանց տունն իրենց նշանավոր աղջիկներով, որոնցից մեկը Հերսելյան ամենաչքնաղն էր քաղաքում և կոչվում էր "Թևը կոտրած հրեշտակ", որովհետև Հերսելյան քայլում էր ձախ ուսը մի քիչ բարձր, երբեմն այդ ահագին բազմությունը լիքը զամբյուղներով ուխտ էր գնում սուրբ Մարտիրոս, գնում էր զուգված, զարդարված, գույնզգույն հովանոցներով, որոնցից ամենագեղեցիկը` երկնագույն մետաքսե,— հով էր անում օրիորդ Հերսելյային և երիտասարդ չինովնիկների ու գործակատարների մի խումբ, որ հետևում էր Լալազարանց աղջիկներին և մանավանդ թևը կոտրած հրեշտակին,— հիանում էր Հերսելյայի խշխշան շորերով, բարակ մարմնով և նրա երկնագույն հովանոցով։

Երբ պալտոնավորն ուխտ էր գնում, Շենը դժգոհում էր, կարծես եկողներն այլադավան էին։ Գորիսեցիք էլ էին մատաղ անում. մինչև անգամ Լալազարանց Հերսելյան, բարձ֊րացնելով զգեստի փեշերը, ծնկաչոք մտնում էր Կանաչ եկեղեցին և այդ ժամանակ երիտասարդ չինովնիկներից մեկը փռում էր մի թերթ, որ ավազը չծածկի նրա մարմար ծունկը։ Նրանք էլ էին մոմ վառում, ոչ այն դեղին մոմը, որը ճրագուից թափում էր սապոն եփող Սավադը, այլ սպիտակ և զառ նշանով մոմեր։

Պատահում էր, որ օրիորդ Հերսելյան և կամ Սահակ Սերգեյիչի դուստրը` Սուսաննան, համբուրում էին մատուռի քարը և մինչև անգամ խաչակնքում էին։

— Հողս գլխիդ,— նրանց հետևից ասում էր մի կյորեսեցի պառավ,– տեսնես բուլվարում քանիսին ես պաչպչել։ Էլ սուրբը քեզ հի՞նչ անի...

Եվ դուրս էին գալիս եկեղեցուց, գորիսեցիք ընկուզենիների տակ մատաղը մորթում էին, իսկ նրանք, որոնք կյորեսեցի էին, քաշվում էին վեր իրենց զուռնա նաղարայով, հին պարերով և հարս ու աղջիկ ծառերից կախելով պարանները, ճոճվում էին խոր անդունդի վրա, փռփռացնելով զգեստները։ Քաղաքացիները նայում էին նրանց և օրիորդ Հերսելյան ստուդենտ Ռուբենին ռուսերեն ասում էր.

— Երանի նրանց...

Երբեմն Կյորեսն ու Գորիսը ընդհարվում էին հենց ուխտավայրերում։ Եվ նույնիսկ քահանաները չէին կարողանում հաշտեցնել նրանց։ Ծաղրով, ծիծաղով կյորեսեցիք քշում էին բուլկի ուտողներին։ Այդ ժամանակ մի հարբած բրուտ մտնում էր Կանաչ եկեղեցու քարանձավը և այսպես էր գոռգոռում.

— Ապա դու սո՞ւրբ ես... էն որ նավթ ծախող Գևորգը քո պատին մոմ կպցրեց, ինչի՞ նրա մատները չբռնեցիր չկպցրեցիր քո պատին։ Ապա չե՞մ ասել քեզ, որ քսան մանեթի դիմաց երկու եզս տարավ, ինձ սոված թողեց։ Ի՜նչ է, նրա մոմը ոսկի զառով էր, հա՞... է, Կանաչ եկեղեցի, դու էլ ես ղալբացել,— և հարբած բրուտն սկսում էր հանգցնել քաղաքացիների մոմերը, գետնովն էր զարկում մոմերը և շարունակում էր նախատել սուրբին,— ա¯յ, ասում եմ, դրա վերջը որ չտաս, դուռդ կպատեմ... Դու սո՞ւրբ ես, թե յոթը դռան հաչող շուն...

Այդպես ամեն ինչով տարբեր էին Գորիսն ու Կյորեսը և մանավանդ Շենը՝ Կյորեսի միջնաբերդը։ Տարբեր էին նրանց լեզուն, սովորությունները, տարբեր ազգ էին և նույնիսկ նրանց հավատն ուրիշ էր։ Նրանք կողք-կողքի ապրում էին և նրանց միջև կռիվն անպակաս էր, հին կռիվը, ինչպես հին էր ձորը և ձորի գետը։

Link to post
Share on other sites

2

Ինչպես ձորը և ձորի գետը...

Բայց նույնիսկ ձորի գետը քանդում էր Կյորեսի կողմը, որովհետև Գորիսը փռվել էր բարձրադիր տափարակի վրա միանման տներով, որոնք բաժանվում էին հավասար քառակուսիների և ամբողջ քաղաքը նման էր զինվորական ճամբարի։ Այնտեղ ամեն ինչ այնպես էր, ինչպես քաղաքի սպիտակ բանտում։ Փողոցներն ուղիղ միջանցքներ էին` հավասար լայնությամբ, տները միանման կամերներ` մեծ ու փոքր, երկու-երեք կամ չորս պատուհանով, որոնք պատած էին երկաթե խիտ վանդակով, ինչպես բանտի պատուհանները։ Փողոցներում մայթերը նույն չափի էին՝ նույն քարով սալած։ Տների առաջ միանման ծառեր էին՝ ուռենի, բալ, ընկուզենի և երբեմն դեղին ակացիա։ Յուրաքանչյուր տուն զբաղեցնում էր չորս հարյուր քառակուսի սաժեն, որի անկյունում, փողոցի վրա, տունն էր, մի կամ երկու միանման հարկ,— իսկ մնացածը պարտեզն էր նույն ծառերով, ինչ որ փողոցում ուռենի, բալ, ընկուզենի, խնձոր և երբեմն դեղին ակացիա։

Գորիսն ուներ մի թագավորական ուսումնարան՝ ռուսաց շկոլ, և մի հայոց դպրոց։ Ուներ մի բանտ, մի ռուսաց ժամ, մի հայոց եկեղեցի, մի բիլիարդանոց, որի պատուհանները փակ էին, որովհետև անտիրական կատուները սիրում էին օթևանել այդ ապահով ներքնահարկում,— մի հյուրանոց երեք սենյակից, մի բաղնիս, որի դուռը ժանգոտել էր իբր թե ներսի գոլորշուց, բայց դռան առաջի խոտերը վկայում էին, որ այլ էր պատճառը. գուցե ճշմարիտ էին նրանք, որոնք իբր թե բաղնիսի ավազանների մեջ տեսել էին կանաչ գորտեր։ Քաղաքն ուներ մի ժամագործ՝ Սահաթսազ Սանդրոն, որը նաև ոսկերիչ էր և սիրում էր թարաքյամա քոչվորների դաշույնները։ Կար մի կանդիտեր, որ սրճատան հետևի մասը դարձրել էր գինետուն, որովհետև Գորիսի բնակիչները սուրճը համարում էին տիկին Օլինկայի խմիչք, իսկ տիկին Օլինկան միայն կիրակի օրերին էր սուրճ խմում։ Քաղաքն ուներ լիմոնադի մի գործարան, որ հիմնել էին Շոր աղբյուրի կողքին։ Երեք տարուց հետո տերը գործարանը ծախել էր ուրիշին և գնացել Բաքու, պատրաստի հագուստեղեն վաճառելու։ Քաղաքում պատմում էին, որ նա իր հետ փափուկ փող էր տարել և իբր թե հեռանալուց առաջ նա համբուրել էր Շոր աղբյուրի քարը և ասել էր. «Շեն մնաս, Շոր աղբյուր, իմ հարստությունը դու տվիր»... Քաղաքն ուներ միայն մի գործարան և այն էլ լիմոնադի գործարան` առանց ծխնելույզի, և երջանիկ այդ քաղաքում ուրիշ ոչ մի ծխնելույզ չէր մրոտում փիրուզե երկինքը։

Բայց ոչ այդ գործարանը, ոչ հյուրանոցը և ոչ նույնիսկ «Սասուն» տպարանը, որտեղ տպում էին հարսնյաց հրավերներ, գավառային վարչության բլանկներ և զանազան պուբլիկացիաներ տուրքի, քոչի և զինվորակոչության մասին,— ոչ այդ ամենը և նույնիսկ տիկին Օլինկայի Հայ կանանց Միությունը քաղաք չէին կազմում, Գորիսը չէին, որի միջուկը, այսպես ասած պարունակությունն էին վաճառականները և չինովնիկները, դյուքանդարները և մեծամեծերը, ինչպես կասեր Աթա ապերը։ Նրանք էին բուն օտարականները, որոնց դեմ կռվում էր իսկական Կյորեսը և նրա միջնաբերդը` հին Շենը։

Ինչքան էլ ձորի գետը քանդեր բուն Կյորեսի կողմը և Գորիսը բարձրադիր լինելով զերծ մնար,— այնուամենայնիվ գետը չէր քանդում կյորեսեցիներին, այլ «պալտոնավոր օտարականները», որոնք հետզհետե դուրս էին մղում Շենը իր հին հողերից և ջրովի խոտհարքներից, փակում էին ճանապարհները և այլևս ոչ Ղաթրինի Աղալո կար, ոչ Պարան-Պարան Ավանես, որ դիմադրեր նրանց, այլ մնացել էր մի խեղճ Գյուրջի Օբի` շորերը գզգզված, աղքատ, արքա` օրավարձ մշակների, ջրկիրների, այրիների և որբերի, որոնք դեռ մնում էին Կյորեսի միջնաբերդում, իբրև պաշարված զորք, որ սպառել է հացը և վերջին կաթիլ ջուրը և դեռևս մի քանի զինվորներ շարունակում են կրակել, իրենց աղաղակներով խլացնելով բերդի մեջ մեռնողների կանչերը։

Գորիսը հաղթել էր։ Ու թեև հին կռիվը շարունակում էր, բայց այդ պաշարվածների հուսահատ դիմադրություն էր և ոչ թե հավասարների պատերազմ։ Պատահում էր, որ Կյորեսի տղաները գետում լողանալու ժամանակ ընդհարվում էին «բուլկի ուտողների» հետ, մինչև անգամ նրանց ծեծում էին, քարերով քշում էին դեպի քաղաքը,— բայց այդ մանկական խաղ էր, ինչպես արդեն խաղ էր և այն, երբ Կյորեսի հարբած ուխտավորները ծաղրով և ահագին գոռում-գոչյունով Կանաչ եկեղեցու ուխտից քշում էին Կիզակով Իսակին հանդերձ ընտանյոք, նավթավաճառ Գեորգուն, Եփրատ Երեմին, Ավագիմով եղբայրներին, և մինչև անգամ քշում էին Ճաղար Մուղրովին, որի կուրծքը զարդարված էր մեդալներով։

Կյորեսը մեռնում էր, ինչպես մեռնում էր Խուռուփի ձորի վերջին կաղնին... Ամեն տարի մի ճյուղ չորանում էր, անձրևները մերկացնում էին անտառի հողը և հողի խորքից հետզհետե ցցվում էին տձև ժայռեր` սապատավոր և ահռելի։

Տեսնելով վերջին կաղնին, ոչ ոք չէր ասի, որ երբեմն Շհարի Տախտը, որտեղ քաղաքն էր, և նաև Տախտի հարևան ձորերը պատած են եղել խիտ անտառով, որից մնացել է միայն մի կաղնի Խուռուփի ձորում։ Այդպես էլ ոչ ոք չէր ասի, թե երբեմն Կյորեսը, նրա միջնաբերդը` Շենը իր թաղերով եղել է աղմկոտ փեթակ և այնտեղ, ուր միայնակ խոխոջում է Ղաթրինի աղբյուրը, մի ահագին գյուղ կար քարանձավների մեջ, քերծերի գլխին... Որ Սալ կամուրջը, որից մնացել է միայն մի կամար, եղել է ժողովուրդների կամուրջ, քարավանների կամուրջ և անհամար բազմություններ են անցել այդ կամուրջով, ինչպես հետո անցնում Լին թագավորական ճանապարհով։

Հետզհետե ամայանում էր Կյորեսը։ Անդունդն էր սուզվում հողագործների ազգը։ Ով մեռնում էր, առանց բարձրացնելու այն քարը, որ ընկնում էր հին տան պատից, ով ծախում էր վերջին հորթը պարտքի դիմաց և կամ գերի էր գրվում մի վաճառականի, կամ գլուխը փեշի տակ գնում էր օտարություն` Բաքու և Անդրկասպյան մի երկիր, մինչև Քերքի, մինչև Բուխար և ավելի հեռուներ էր գնում քարանձավում ծնված կյորեսեցին։ Այդպես «օտարականները» բնիկներին մղում էին օտար երկրներ և իզուր էր Գյուրջի Օբին սպառնում, թե մի օր նրանք գերությունից ետ կգան և բուլվարի ծառերից մեկ-մեկ կկախեն «պալտոնավորներին»։

Այդ սպառնալիքը վաճառականներին միայն զվարճություն էր պատճառում և երբեմն Բանդիրին Չանթա-Ռեխ Գալուստը՝ ճոթի մաղազայի տեր,– մի շիշ օղի էր խոստանում Գյուրջի Օբուն, եթե նա խանութի առաջ կանգներ և երգեր «Գորիսի գովքը»,— մի երգ, որ կապել էր Նիազանց Անդրին և որով ծաղրում էին Գորիսի վաճառականներին և չինովնիկներին՝ ո՛րի ագահությունը, ո՛րի պարտք ուրանալը, ո՛րի կաշառակերությունը և ո՛րի ընտանեկան կեղտը...

Հատուկենտ կյորեսեցիներ էին մնացել, որոնք հավատում էին, թե Գորիսի վերջն էլ կգա. բայց թե ի՞նչ վերջ կլիներ այդ,— նրանք չգիտեին։ Միայն Աթա ապերը, մի հարգևոր ծերունի, իբրև տեսիլք նկարագրում էր այն ժամանակը, երբ բազարի տեղն ինքը կամ մի ուրիշ կյորեսեցի վար կանի, պրիստավ Վասիլի տներից վեր նորից խոտհարքներ կդառնան և Կանաչ աղբյուրը, որի ակը խցկել են Սպիտակ բանտի տակ,— նորից կհորդա։ Այդպես էր ասում Աթա ապերը՝ ծոր տալով և երգելով, ինչպես երգելով խոսում էին հին կյորեսեցիք։ Բայց ո՞վ պիտի բացեր Կանաչ աղբյուրի ակը և ինչպես պիտի բացեին,— Աթա ապերը չէր ասում, այլ միայն պատմում էր այն օրերի մասին, երբ ինքը հոտաղ տղա էր և եզները պահում էր այնտեղ, ուր հիմա Սպիտակ բանտն էր... Պատմում էր Սալ կամուրջի և կորած ճանապարհների մասին և պատահում էր, որ նրան լսելով մեկը մոռանում էր առօրյայի հոգսը։

Իսկ Կյորեսն այնուամենայնիվ մեռնում էր: Մի կողմից գետն էր քանդում գետափի պարտեզները, երբեմն փլվում էին քերծերը՝ ծածկելով լանջերի փոքրիկ արտերը. հողը հողագործի ձեռքից գնում էր և այդ անխուսափելի էր, ինչպես մահը, ինչպես արևի մայրամուտը... Բայց նրան ամենից ավելի մաշում էր Գորիսը՝ վաճառականների և մեծամեծների քաղաքը, որի մոտ Կյորեսը՝ ինչպես մի բուռ ձյուն խարույկի մոտ։

Մի անգամ Կյորեսում եղավ մի դեպք, որից հետո նույնիսկ Գյուրջի Օբին այլևս չերևաց քաղաքի հրապարակում, և այնպիսի ահ պատեց Կյորեսին, ինչպես՝ եթե հանկարծ պայթեր Լաստի խութը։

Խաչի անունով մի մարդ՝ բուն Կյորեսից,— որին անվանում Էին Ծմակի Խաչի, որովհետև տարին բոլոր նա շրջում Էր անտառներում և վայրի ձորերում և այնքան էր մենակ շրջել, որ ասում էին, թե Ծմակի Խաչին խոսել չգիտե, այլ մռնչում է գազանի նման,— Ծմակի Խաչին աղվեսի, կզաքիսի և լիսեմնի մորթիների մի շալակ տանում է

Միրումովների մաղազան։ Շատ վաղ ժամանակ Ծմակի Խաչին նրանցից պարտք էր առել տասնմեկ մանեթ։ Եվ այդ ժամանակից տարին երկու անգամ, գարնանը և խոր աշունքին, Ծմակի Խաչին երկու շալակ մորթի էր բերում։

— «Նրա վիզը կմաշի, բայց Միրումովների դրած լուծը չի մաշի»,— ափսոսում էին կյորեսեցիք, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր լուծը և իր մաշվող վիզը:

Ծմակի Խաչին մտածում էր, որ այս անգամ կազատվի պարտքից, որովհետև մորթիների մեջ կային երկու աղվեսի արծաթափայլ մորթի, որ հազվագյուտ է։ Միրումովների մաղազայում նրան ասում են, որ պարտքից դեռևս մնում է քառասունչորս մանեթ և երեք աբասի։

— Երեք աբասին Էլ քո գլխին մատաղ,— և Միրումով Կյուքին, որին անվանում Էին Կույր գայլ, համրիչը դնում է տեղը։

Ասում են Ծմակի Խաչին գոռացել է, ինչպես եթե վրան կրակ թափեին։ Եվ փախել է առանց ետ նայելու...

Երեք օր փնտրել են նրան։ Փնտրել են որսորդ րնկերները, փնտրել են եզնարածները, մինչև անգամ տանուտերերին են հայտնում, երբ մի օր մի հորթարած լուր է բերում, թե Լաչին քերծի տակ երևում է մի դիակ։ Գնում և քերծի գլխից ճանաչում են Ծմակի Խաչու դիակը։ Ձորն այնքան խորն է և անառիկ, որ հնար չի լինում իջնել՝ ոչ պարանով և ոչ այլ կերպ։ Եվ վերևից հող են թափում դիակի վրա։

Այդ օրերին ջրաղացպանը պատմել է, որ ինքը գիշերով Լաչին քերծի կողմից լսել է մի ամեհի գոռոց.

— Քանդվե՛ս դու, Գորիս,— լսել է ջրաղացպանը։

Այդ դեպքից հետո Գյուրջի Օբին այլևս չերևաց քաղաքի հրապարակում և այնպիսի ահ պատեց Կյորեսին, ինչպես` եթե հանկարծ պայթեր Լաստի խութը։

Edited by zaratustra
Link to post
Share on other sites

3

Գորիս քաղաքի միջուկը, այսպես ասած պարունակությունը, կազմում էին վաճառականները և պետական պաշտոնյաները` դյուքանդարները և մեծամեծները,— ինչպես նրանց անվանում էր Աթա ապերը։ Այդ մի ամբողջ բանակ էր, որ իր քարաշեն զորանոցները կառուցել էր գետահովտում և Շհարի տախտից ռմբակոծում էր մինչև խուլ գյուղերը` անտառների խորքում, բարձր լեռների լանջին և այնպիսի խոր ձորերում, որի բնակիչներն իրենց գյուղի ճանապարհի մասին այսպես էին ասում.

— Մեր շենի ճանապարհը կարգին ճանապարհ է... մինչև անգամ բեռնած էշն էլ կանցնի։

Գորիսը կենտրոն էր` վարչական, ռազմական և տնտեսական կենտրոն մի լայնածավալ գավառի, որ ամենաընդարձակն էր Անդրկովկասում և տարածվում էր Սևանա լճի հարավային լեռներից մինչև Արաքս։ Լեռնաշղթաներով և խոր ձորերով կտրտված այդ աշխարհում ապրում էին այլացեղ և այլադավան ժողովուրդներ` նստակյաց և վաչկատուն, խաշնարած և հողագործ և այնպիսի ժողովուրդ, որ ոչ հողագործ էր և ոչ խաշնարած, այլ անտառաբնակ էր և ոչ ոք նրանց մասին ստույգ բան չգիտեր և նույնիսկ ասում էին, որ նրանք առանձին ազգ են` այրում են, և երկրպագում են բարձր ծառերի և իբր թե մութ ծմակներում նրանք շրջում են առանց զգեստի։

Այդ ընդարձակ գավառը` Զանգեզուրը լեռնաշղթաներով և խոր ձորերով բաժանված էր բազմաթիվ մահալների։ Իրենք` մահալները բաժանվում էին իրարից անջատ մանր գյուղախմբերի և հաճախ կարելի էր լսել այսպիսի խոսք.

— Մինչև սարի սեռը մեր երկիրն է, էն երեսը Աղավնու երկիրն է։ — Նույն գյուղացիները իրենց գյուղին «հայրենիք» կամ «երկիր» էին ասում, հարևան գյուղին` «օտար երկիր» կամ «ղարիբ տեղ»։

Շհարի տախտի բնակիչները գրավել էին այդ ամեն «երկիրները»,–– ինչպես մի իրական պետություն զենքի ուժով գրավում է իսկական երկրներ։ Մահալները և գյուղերը` մինչև վերջին բնակավայրը, որ նույնիսկ գյուղ չէր հաշվում, այլ ձմեռանոց,— այդ ամբողջ երկրներն իրար մեջ բաժանել էին Գորիսի վաճառականները և չինովնիկ մեծամեծները։ Բաժանել էին կռվով և ուժեղին բաժին էր ընկել ամենից հարուստ մահալը։ Այսպես` Միրումովները հնուց անտի տիրում էին Մինքենդի բոլոր գյուղերին,– այն լեռնային մահալները, որոնք այժմ կազմում են Քյուրդիստանի հյուսիսային մասը: Բայանդուրից մինչև Շոթանան սեփական ժառանգությունն էր Բաղիրովների առևտրական տան։ Սիսիանի մի մասը` Որոտան գետից ձախ,— տիրում էին Ֆրանգուլովները։ Սորերը` Ավագիմովների միահեծան թագավորությունն էր, Կյորեսը և քաղաքամերձ չորս գյուղ բաժանված էին առևտրական երկու տների միջև։ Յուրաքանչյուր առևտրական տուն իր մահալի գյուղերում ուներ մանր ու մեծ խանութներ և ահագին թվով մանր վաճառականներ, որոնք խանութ չունեին, այլ ձիերի վրա, երբեմն սեփական մեջքի վրա այդ խանութների ապրանքը բարձրացնում Էին մինչև լեռան ծերպը, եթե այնտեղ ծխում էր մի օջախ։

Նրանք ոչ միայն վաճառում էին շիլեյ, մահուդվարի, Ւրանի դադաք, փոնձա, շալ, շաքար, նալ ու մեխ, սաղսի, նավթ, սաղրի քոշ և այլ այսպիսի ապրանքներ որ քարավաններով ստանում էին Թավրիզից, Շուշուց (ռուսական մանուֆակտուրան` Պրոխորովի, Կրատնիկովի, Վիտովի, Ցինդելի և ուրիշ ֆիրմաների մեծաքանակ պահեստները Անդրկովկասի հարավի և Հյուսիսային Ւրանի համար կենտրոնացված էին Շուշի շահաստան քաղաքում),— ստանում էին Բաքվից և մինչև անգամ Տրապիզոնից էին ստանում,— նրանք ոչ միայն վաճառում էին, այլ յուրաքանչյուր առևտրական տուն իր մահալում մենաշնորհ իրավունքով գնում էր բուրդ, ցորեն, անասուն, յուղ, պանիր, հավաքում էր գորգեր` թիրմահի, եան, խորասան, մարդաշենք, պատնոց,— կարպետներ` դարախլու, շղթա-շղթա և առանց զարդի,— նրանք հավաքում էին պղնձե ամաններ կուժ, կուլա, ջամ, մարթար, սինի, բադիա, կաթսա,— ինչ որ ձեռք ընկներ և հալելով՝ իբրև կարմիր պղինձ, ուղտերի նույն քարավանով ուղարկում էին Թավրիզ, Խորասան և Եզդան շահար։

Link to post
Share on other sites
  • 1 month later...

ՄԻՐՀԱՎ

[...]Դռան ձայնին Դիլանը գլուխը դուրս հանեց: Այգում ոչ ոք չկար: Ու հանկարծ, երբ սիմինդրի մարգերում երևաց գլխի վառ կապույտ մանդիլը, ինքը պահվեց դռան հետևը:

Կարծես հավք էր թաքնվել անտառի մթին խորշում: Ապա վիզը երկարեց, ինչպես կաքավը դեղնած արտերում խշշյուն լսելուց, և մի ջահել կին դուրս եկավ սիմինդրի խիտ արտից: Դուրս եկավ, ճոճեց բարակ մարմինը, որպես եղեգ և կաքավի մանր քայլերով սուրաց դեպի հնձանը:

Սոնան էր. զառ մանդիլով նորահարսը, լույս ատամներով այն աղջիկը, որ որպես զրնգան ծիծաղում էր, երբ առվակի մեջ կախում էր սպիտակ սրունքները, իսկ դրացու տղան` Դիլանը, ջուր էր ցնցղում նրա ողկույզի պես գանգուր մազերին:

Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա, մոտեցավ հնձանին: Դռան մոտ զրնգացին Սոնայի շալե շապիկի արծաթ սուրմաները և ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով;

Հանկարծ տեսավ նրան, ցնցվեց, ոստյուն արեց դեպի ետ, բայց մի կրակված ձեռք փակեց հնձանի դռնակը:

-Բաղը մարդ կգա, Դիլան,- դողալով խնդրեց նա:

Ու չիմացավ գինուցն էր, թե հնձանն էր տաք, Դիլան դային չիմացավ: Սոնայի ականջին շշնջաց:

-Կա՛ց, անխիղճ…

Շշնջաց ու պինդ-պինդ փաթաթվեց նրան: Այնքան դուրեկան էր նրա շույը վեր չարած, լաջվարդ հալավի հոտը, այնքան տաք էր հնձանը:

Սոնան օձի պես կեռումեռ արեց, փորձեց ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրեց, խոստացավ: Որպես եղեգ ճոճվեց նրա դալար մարմինը և մեջքը խոնարհեց... Անիմաստ մաքառումից հոգնած, հարսը սրտաբուխ նրան ընծայեց իր մարմինը,- որպես անարատ զոհ: Եվ նա ագահ համբուրեց հարսի կարմիր լար շրթունքը, անհագուրդ հիացավ ոսկեդեղձան հյուսերով, որ ծփում և խշշում էին լուսեղեն լանջի վրա:

Հետո թևը ջարդված հավքի պես Սոնան ամաչկոտ դուրս թռավ հնձանինց, մի անգամ էլ շորորաց այգու շաղոտ խոտերի վրա և ներսը թողեց լաջվարդ շապիկի բույրը:

Իսկ զրնգան սուրմաները կայտառ կոհակների նման ծափ էին զարկում:

***

Նրանք մանկության ընկերներ էին և նրանց սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանիշակը: Առուների ափին, այգիներում, դաշտերից խուրձ կրելիս, ամառվա լուսնյակ գիշերներին խոտի դեզի մոտ, ամեն տեղից այդ սերը ծիծեռնակի պես ճռվողում էր, մինչև հասունացան նրանք, և մի օր էլ մեծատուն հարևանի շեմքով ներս մտավ Սոնան, հարսի քողը երեսին, արցունքից կարմրած աչքերը` պայծառ, որպես լեռնային ծովակ:

Հարսանիքից չորս ամիս հետո, պատահմամբ հանդիպել էին իրար այգիների ճանապարհին: Դիլանը նրան կանգնեցրել, հարցրել էր հալը, Սոնան թախիծով թոթվել էր ուսը և արագ հեռացել:

Հանդիպումը բորբոքել էր նրան, բայց առաջվա նման մոտիկ լինելու ցանկությունը, իբրև խոր երկնքում ճախրող թռչուն, երբեք չէր իջնում նրա շեմքին:

Ու հանկարծ այդ հավքը թառեց նրա ուսին...

Ինչո՞ւ եկավ այգին, արդյոք Սոնան մանկության առվակի ջրե՞րն էր կարոտել, թե՞ պատահմամբ մոտեցավ հնձանի դռնակին` մտածելով, որ ներսն էլ ամայի է, ինչպես այգում: Դիլան դային մինչև վերջ չիմացավ այդ:

Մի քանի անգամ մոտեցավ, կամեցավ նրա հետ խոսել, բայց Սոնան խույս տվեց:

-Թո՛ղ, Դիլան, գնա քեզ համար…

Եվ էլ իրար չտեսան:

***

Դիլան դային միայն գիշերը տուն գնաց: Ամբողջ օրը թափառել էր ձորում, եղել էր հարևանի այգու շրջակայքում, աղբյուրն էր գնացել, փողոցի անկյունում կանգնել էր, բայց ոչ մի տեղ Սոնային չէր տեսել:

Լուսնյակ գիշեր էր, երկինքն անամպ: Փչում էր գիշերվա հովը: Դիլան դային պառկեց դեզի գլխին, նոր հարած խոտերի վրա ու քունը չտարավ:

Հազարավոր չորացած ծաղիկներ էին բուրում խոտի խուրձերի միջից և լուսնյակ գիշերով նրան այնպես էր թվում, ասես այդ նույն դեզի վրա պառկել է Սոնան և խուրձերի մեջ թողել լաջվարդի բույրը:

Լուսաբացին հալվեցին աստղերը, գիշերվա լազուրը գունատվեց: Երբ ծաղիկներն արթնացան գիշերվա նիրհից և ցողը շողշողուն կաթիլներ շարեց նարնջագույն քարերի վրա, արևի առաջին շողերի հետ, գյուղի դիմաց, դեղնած արտերում, զարթնեց կաքավը.

-Կախ-կղա, շա՛խ-կղա...

Լսվում էր կաքավի թավ երգը: Ավելի վերև, անտառի խորքից, կանչում էր միրհավը:

Դիլան դային վեր կացավ, ուսը գցեց կայծքարով հրացանը և երեսը դարձրեց դեպի սարալանջի անտառը, որտեղից կանչում էր միրհավը:

Սիրտ չուներ իջնելու այգին, տեսնելու հնձանը:

Քայլում էր Դիլան դային շաղոտ խոտերի միջով, հնձած արտերն էր կոխ տալիս, ոսկեգույն ծղոտները, և գլուխը կախ բարձրանում դեպի անտառը` արահետի կեռմաններով և թփերի միջով:

Ահա ճամփի եզրին` մասրենու պառավ թուփը, նրա մոտ տափակ քարը, որի վրա հովիվներն այժմ էլ աղ են ցանում ոչխարի համար... Խուրձ էին կրում միասին` ինքը, Սոնան: Արևը խանձել էր աղջկա երեսը, ոսկեդեղձան հյուսերի ծայրը: Դեղին ծղնոտի փշրանքներ կային մազերի արանքում:

Կալից ձիերը քաշում էին, հասնում այդ քարին, և ձիերը կանգնեցնում: Ինքը բարձրացնում էր Սոնային ձիու վրա, հետո իր ձին նստում և գնում արտերը խուրձի:

Մի անգամ էլ Սոնան խնդրեց, որ միասին նստեն: Ու մի ձին հետևից քաշեցին: Առջևը Սոնան էր նստել, հետևում` ինքը: Մի ձեռով սանձն էր պահում, մյուսով գրկել էր նրա բարակ մարմինը: Աղջկա ծամերը քսվում էին նրա երեսին:

Իսկ մյուս առավոտը, երբ այդ քարին հասան, և ինքը առաջարկեց նորից միասին մի ձի նստեն, Սոնան հայտնեց, որ մայրը հանդիմանել է իրեն և խստիվ պատվիրել առանձին նստելու:

-Ինչո՞ւ:

-Ամոթ է,- ասաց աղջիկը արդար ժպիտով:

Դիլան դային մոտեցավ մի դեզի, ձեռքը կոխեց խուրձերի մեջ և տաքություն զգաց: Կեծացել էին խուրձերը, գիշերվա խոնավությունից հասկերը տմկել էին:

Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց կայծքարով հրացանին, միտք արեց: Սոնան այստեղ մի ամառ քաղհան էր անում, կռանում էր ցորենների վրա, մատները փուշ էին մտնում: Սոնան հնձվորի համար հաց էր բերում, քրտնում էր արևի տակ և քրտինքից շապիկը փակչում էր լանջին:

Լինե՜ր, այնպես լիներ, որ ինքը հնձվոր լիներ, նրանց արտը հնձեր, Սոնան հաց բերեր իրեն, շապիկը քրտներ և քրտնած նստեր կողքին:

Ետ նայեց Դիլան դային, եկած ճանապարհին նայեց: Մարդ չկար. աշնան մերկ դաշտերն էին: Ու միայն մասրենու կարմիր թփերն էին, և փայլուն մասուրները դեղնած տերևների արանքում:

Հանկարծ մի թփի հետևից լսվեց կաքավի ձայնը.

-Կա՛խ-կղա, շա՛խ-կղա...

Լինե՛ր, այնպես լիներ., որ ինքը հնձվոր լիներ, նրանց արտը հնձած արտում կաքավները հավաքում էին ընկած հատիկները, կտցահարում թափված հասկերը: Մեկը չէր, շատ էին: Ցատկոտում էին, օրորում գեր մարմինները: Գարնան երկու ճուտեր մի հասկի համար կռվում են` կտուց կտուցի:

Դիլան դային չոքեց, նշան բռնեց: Մի գեր կաքավ սպիտակ վիզը ձգեց, սկսեց չորս կողմը նայել: Մյուսները լռեցին, տապ արին ծղոտների մեջ:

Քամին խշխշացրեց թփերը, ինչպես Սոնան սիմինդրի երկար ցողունները... Ու խշշոցը կաքավներին հասավ թե չէ, իսկույն փռռալով մի քանի հանգույց արին օդում, իջան արև առած արտերի վրա:

Ճանապարհը շարունակեց: Քանի գնում, թփերն ավելի էին շատանում, արտերի մեջ երևում էին հատուկենտ կաղնիներ` ծռված, կռացած, կայծակի խառնված: Ասես պահապաններ էին կանգնել անտառի և արտերի սահմանում:

Արահետը բարակում էր: Վերջին արտերն էր կոխ տալիս: Անտառից հովը փչեց նրա դեմքին, ռունգերն ագահորեն ծծեցին անտառի խոնավ ու զով օդը:

***

Անտառը ծանոթ էր նրան, գիտեր, թե որտեղ է սիրում բույն դնել ու կանչել միրհավը, մթին անտառների ոսկեփետուր թռչունը:

Անտառի մեջ մամռոտ ժայռեր կային, արջաբներ, քամուց ընկած դարավոր կաղնիներ, որոնց վրա սունկերը շատ էին ընկել: Ծառերի կիսաչոր ճղները մամռոտել էին և կիսախավարի մեջ կարծես հետին որտքերի վրա բրդոտ արջեր էին կանգնած:

Ժայռերին չհասած` դիմացից լսվեց հրացանի պայթյուն:

Աղմուկից դրնգաց անտառը, դեղին տերևների ցողի խոշոր կաթիլները մետաղե ծանրությամբ ընկան խազալի վրա: Մթնկա խորշում թպրտաց գիշերահավը:

Ո՞վ պիտի լիներ: Կայծքարով հրացանի ձայն չէր: Իսկ գյուղում ուրիշ բերդան չկար:

-Տեսնես ո՞վ է որս անում,- մտածեց նա:

Տերևները խշշացին: Դիլան դային տապ արավ, պահվեց քարի հետևը: Միրհավն էր. հանգիստ քուջուջ անելով փոխում էր արնագույն տոտիկները և կտուցով քրքրում լորենու փափուկ տերևները:

Դիլան դային թաքստոցից գլուխը հանեց նշանի, հրացանի փողը երկարեց քարի վրա: Բայց հանկարծ թռավ միրհավը, հետքից մի ուրիշը, ապա երրորդը, չորրորդը...

Զգույշ է միրհավը, դժվար է նրան խփել: Երբեմն այնքան մոտ է գալիս, ահա ուզում ես կրակել, բայց մի թեթև խշշոցից, նույնիսկ որսորդի խոր շնչառությունից, բացում է թևերը, թռչում է գնդակից արագ, ծղրտում, պտույտներ անում թանձր սաղարթի վրա և անձայն իջնում մի ուրիշ տեղ: Զգույշ է միրհավը, քուջուջ անելիս ձգում է վիզը, աջ ու ձախ կռանում և ապա նորից երկարում վիզը, չորս կողմը նայում:

Դիլան դային թաքստոցից դուրս եկավ, ճանապարհը շարունակեց: Արդեն անտառի խորքն էր. տեղ-տեղ ծառերն անանց պատնեշ էին կազմել: Տերևները հարյուրավոր տարիներ թափվել էին իրար վրա, արևերես չէին տեսել ու չէին փնտրել: Ծառերի բները թաղվել էին տերևների կույտի մեջ և ճյուղերը թխսամոր թևերի նման փռել ստվերում կապույտ սունկերի վրա:

Դիլան դային կոխ էր տալիս չորացած տերևները, թաղվում, ինչպես հարդի շեղջի մեջ, սայթաքում և ճղներից բռնելով ճանապարհը շարունակում:

Հասավ աղբյուրը, կռացավ կուշտ ջուր խմեց: Քիչ հետո իջավ լորենիների ձորը:

Ներքև, քարերի վրա, այնքան շատ միրհավ կար... Արևը տաքացրել էր մամռոտ քարերը, ոսկեփետուր միրհավը, թևերին սև պուտեր, թռչում էր քարից քար, կանչում, կտցահարում հարևանին, էգի շուրջը պտույտներ անում:

Նշան բռնեց: Երբ քարը կայծ տվավ և կայծից բռնկվեց վառոդը, հրացանի փողից բոց ու մուխ ելավ, ձորերը որոտացին ահավոր արձագանքով, ձորից թռան միրհավները` թևերը լայն, փափուկ բմբուլով, թևերը փռած աշնան արևի ոսկե շողերի տակ:

Միայն մեկը թփրտաց, մամռոտ քարից վայր ընկավ թփուտների մեջ:

Դիլան դային վազեց և վազելիս նկատեց, որ մի սպիտակ շուն լեզու հանած, ցատկեց թփուտների կողմը:

Որսկան շան շունջն ու Դիլան դայու ձեռները միասին ձգվեցին դեպի արնոտ միրհավը:

Նրա մատները դիպան դեղին բմբուլներին, բայց վիրավոր միրհավը հանկարծ թևին տվեց, թռավ վեր: Երկու փետուր օրորվելով վայր ընկան, աշնան դեղին տերևների նման:

Դիլան դային ափսոսանքով նայում էր արնոտ միրհավի ետևից, երբ հանկարծ, շատ մոտիկ, լսվեց ոտնաձայն: Ետ նայեց, աչքերը զարմանքից լայնացան և հրացանը բնազդմամբ ձեռքից վայր սահեց ծառի հետևը:

Անտառապահն էր, աչքերը` կաս-կարմիր ածուխ...

Մոտեցավ, բղավեց և մինչև ուշքի կգար, նրա մտրակը օդը ճեղքելով չախեց Դիլան դայու ուսը, մինչև թիակների ոսկորը մրմուռը ծակեց, ինչպես եղինջի հարվածը բաց մսերը վրա:

Անտառապահը հարվածում էր նրան և զայրանում, որ Դիլան դային փախցրել էր նրա միրհավը:

Անտառապահի որսկան շունը մեկ նայում էր տիրոջը, մեկ` Դիլան դայուն, մռռում էր, պոչը գետնով տալիս, մեկ բերանը բաց` հուզմունքից հորանջում, մեկ էլ անհանգիստ հոտոտում թփերը, որտեղ քիչ առաջ թպտում էր արնոտ միրհավը:

Անակնկալ հանդիպումը նրան շշմեցրեց... Նրանք արդեն հեռացել էին, երբ Դիլան դային ուշքի եկավ, նայեց նրանց ետևից, մտաբերեց շան կարմիր երախը...

Դիլան դային նստեց քարի վրա: Ցավից նրա դեմքը կծկվում էր: Մեջքը կարծես շիկացած շամփուրներով խաշել էին, աչքի տակը հարվածից տաքացել էր: Երկար միտք արեց Դիլան դային, աչքը միրհավի փետուրներին: Մի անհուն դառնություն և կսկիծ ավերեվ նրա չքնաղ օրը:

...Արևը խաղում էր մայրամուտի ամպերի հետ: Անտառում լռություն էր: Միրհավը թռել էր հեռու... Մամռոտ քարի վրա երկու փետուր էր ընկած, դեղնագույն-սև պուտերով, իսկ թփի չոր ճյուղերին` արյան կաթիլներ:

Դիլան դային ձորով իջավ ներքև:

Երբեմն երազ էր թվում միրհավը, բայց մտրակի տեղերը մրմնջում էին, աչքի տակ ցավ էր զգում, ոտքերը դողում էին:

Սեղմել էր հրացանի տաք փողը, ինչպես միրհավի մարմինը, որին միայն մեկ վայրկյան շոշափեց և մատների ծայրով զգաց, որ բմբուլը փափուկ է: Միրհավի մարմինը` տաք բմբուլ, ինչպես Սոնայի մարմինը լաջվարդ շապիկի մեջ:

Տուն չգնաց: Քարքարոտ արահետով իջավ այգին: Ճռնչաց հնձանի դռնակը, ներս մտավ, մեկնվեց քարե հատակի վրա:

Երբ առավոտյան արևի շողքը հնձանի դռնակի ճեղքով փայլեց ներսում, Դիլան դային զարթնեց, տրորեց աչքերը և աչքի տակ ցավ զգաց: Ուռուցքը չէր անցել:

Այդ օրը նա քարե տաշտում ավելի զայրացած էր ճմլում սև խաղողը և չէր զգում, թե ինչպես քրտինքը գլորվում էր ճակատից, կաթում պղտոր գինու մեջ...

Link to post
Share on other sites

***

Աշուն էր, պայծառ աշուն...

Հնձանի առաջ նստել էր Դիլան դային, գլուխը խոնարհել կրծքին ու միտք էր անում արևի տակ` անցած-գնացած օրերի մասին:

Այդ աշնան հանջորդ ամառը Սոնան մեռավ երեխայի վրա և լաց լացին նրա մայրը, ամուսինը, բարեկամները: Ուրիշ աղջիկ գնաց նրա տեղը, Դիլան դային էլ կին առավ, բայց հիշողության մեջ հավիտյան անջինջ մնաց Սոնան, հնձանը, լաջվարդ շապիկը, արծաթե սուրմաները:

Դիմացի բլրակի լանջին գերեզմանատունն է: Սոնայի գերեզմանաքարի վրա մամուռ կա, գրերը վաղուց լցվել են հողով, քարը թեքվել է մի կողմի վրա և թաղվել հողի մեջ:

Սոնային լաջվարդ շապիկով թաղոցին: Արդեն վաղուց փտել է նրա լաջվարդն էլ, ոսկե մամուռի նման մարմինն էլ...

Քանի աշուն էր անցել այն օրից, համարք չունի: Գիտե, որ ինքը զառամել է արդեն, քայլելիս հենվում է փայտին, աչքը չի տարբերում աշնան անտառի գույները, ականջը սուր չէ մանրիկ ոտնաձայն լսելու:

Հնձանի առաջ խոխոջալով հոսում էր առվակը, գիշեր-ցերեկ ջուրն աղմկում էր, ջրի անվախճան և անքննելի զրույցն անում մամուռներին, քարերին...

Դիլան դային առվակի կողմը նայեց, ժպտաց: Նրա հիշողության խավար անդնդում բոցկլտաց այն օրը, ինչպես միայնակ աստղը մթին երկնքում: Այն օրը, երբ Սոնան սրունքները կախել էր առվակի վրա և ծիծաղում էր...

Ապա միտքը սահեց, արահետով անցավ դեպի անտառը:

Միրհավ կար անտառում, թռավ արնակոլոլ, երկու փետուր թողեց փափուկ մամուռների վրա: Միրհավի պես էր Սոնան, աչքերը խաղողի սև հատիկներ,- տարիներ առաջ, մի արևոտ աշնան, երբ իր ջլուտ ոտները պղնձաքարի ծանրությամբ ճմլում էին խաղողը և անապակ գինին շիթ առ շիթ ծորում էր մատների արանքով...

Միրհավի պես թռավ Սոնան, հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր:

...Դիլան դային վեր կացավ, ետ քաշեց հնձանի դուռը, երկաթե փակն ամրացրեց, մինչև մյուս գարուն: Ապա կռացավ, դժվարությամբ շալակեց չորացած ոստերի և ցողունների կապը և հոգնած ոտքերը ծերունու հուշիկ քայլերով փոխեց դեպի այգու դուռը:

Այգում էլ ոչ ոք չմնաց:

Միայն իրիկվա հովից խշշում էին սիմինդրի կոշտացած ցողունները. չորացած տերևներն անհանգիստ խմբվում էին այս ու այն անկյունում, թպրտում հուսահատ և անմռունչ պառկում սև գուբի մեջ:

Link to post
Share on other sites
  • 4 weeks later...

Կյորես (շարունակություն)

Այդ առևտրական տները նաև յուրատեսակ բանկեր էին: Նրանց ձեռքում Էր դրամը. նրանք վաշխ էին առնում` մանեթին երեսուն, քառասուն և ավելի։ Միրումով Կյուքին, որին անվանում Էին Կույր գայլ, իր որդիներին սիրում էր ասել պապից լսած խոսքը.

— Որտեղից լացի ձայն լսես, ներս մտիր. կամ մարգ է մեռել, կամ սոված են, կամ տան տիրող ձեռքը նեղ տեղն է։ Տո՛ւր, պարտք տուր, չա՛րմեխիր, էնպես մեխիր, որ հուր հավիտյան դռանդ կլանչի։

Եվ մեխում էին, շղթայում էին ծանր շղթաներով և որոնք սարերում ազատ վրնջացել էին,— նրանք դառնում Էին բեռան ձի։ Հետզհետե ուռչում էին սանադի դավթարները և ղաբզի մյուջրիները, այն փոքրիկ սնդուկները, որոնց մեջ հազար մուրհակ և հազար անուն կար։

Պատմում են, որ Ֆրանգուլով Բադալ ապերը մի անգամ նստած, բաց ու խուփ էր անում աջ բուռը:

— Ապեր, էդ ի՞նչ ես անում,— հարցնում է որդին։

— Ա¯յ որդի, նայում եմ բռիս և փառք եմ տալիս աստծուն, թե էս ահագին մահալը, ո՞նց եմ պահում բռիս մեջ...

Ջամբա Ծատուրը` հռչակավոր վաշխառուն, երբ բաց էր անում մյուջրին, մուրհակների դարսը զսպանակի նման վեր էր թռչում։

— Կա՛րդա,— ասում էր որդուն։ Եվ որդին առնում էր առաջին մուրհակը.

— Վեր առիմ և պարտ եմ քառասունվեց մանեթ... Էյվազ Խդըր օղլի...

— Էդ չի,— ընդհատում էր հայրը։

— Վեր առիմ... Հիսունմին մանեթ... Գիչունց Տանիել...

— Է՛դ չի...

— Վեր առիմ... Մեհտի Ղուլի Իմամվերդի:

— Թիվը քանի՞ է,– հարցնում էր Ջամբա Ծատուրը:

— Հուլիսի 25-ը։

— Էսօր 16-ը չի՞։

— 15-ն է:

— Էդ մեկը հանի... ասում են Մեհտի Ղուլի Իմամվերդին երկու լավ մատակ ունի,– և այդ մուրհակը հանում էին։

— Կա՛րդա,– և շարունակվում էր ընթերցումն, ինչպես միալար ժամերգություն:

Կային այնպիսի առևտրականներ, որոնք իրենց մահալում միահեծան տեր էին, բառիս լրիվ իմաստով։ Նրանք դատ էին անում, եղբայրը եղբորից բաժանում էին, խառնվում էին ամուսնության գործերի, կալանավորում էին, ծեծում և արյան գին էին որոշում,– մի խոսքով մահալում խան ու սուլթան էին։ Նրանց ձեռքի տակ էին գյուղական գրագիրները, տանուտերերը և մինչև անգամ պրիստավը լսում էր նրանց,– որովհետև նրանք բոլորը կերակրվում էին խոջայի հարուստ սեղանից։

Առևտրականների չափ, գուցե և ավելի, Գորիսն ուներ բեյեր և պաշտոնյաներ։ Կային երեք Ներսես բեյ` Հաստ Ներսես բեյ, Խուրդա կամ Կարճիկ Ներսես բեյ և Պրիստավի Ներսես բեյ։ Կային Կեվեր բեյ` Ճաղար, այսինքն կապուտաչյա և Բալասան Կեվեր բեյ։ Կային երկու Զիլֆուղար բեյ` հայ և թուրք, որոնց միջև կար միայն մի տարբերություն. տարին երկու անգամ հայ Զիլֆուղար բեյի անունն օրհնում էր տեր Զավեն քահանան (Տեր զի բազումը` ինչպես նրան անվանում էին), իսկ թուրք Զիլֆուղար բեյի տունն օրհնում Էր մոլլա Մուսին։ Ուրիշ և ոչ մի տարբերություն չկար երկու Զիլֆուղար բեյերի միջև։ Վերջապես կային բեյեր, որոնք մի հատ էին, ինչպես Գորիսում մի հատ էր տիկին Օլինկան, Փոշտի Անտոնը, Եփրատ Երեմը, նավթավաճառ Գյորգին և ուրիշները... Կար մի Ասատուր բեյ, որ ասունաս չէր խաղում, այլ սիրում էր որձ այծի միս, կար Պավլի բեյ` որ «Մշակ» թերթի անխափան բաժանորդն էր. կար Վաղարշակ բեյ` զար գցող, կար Խանլար բեյ` շուն պահող, կար... և այլ ինչպիսի բեյեր չկային երանելի Գորիս քաղաքում։

Այդ բեյերից ոմանք շառավիղն էին ազնվական հին տոհմերի և ունեին կալվածքներ, որոնց հասույթով անկարոտ ապրում էին։ Այդպիսին էր, օրինակ, Պավլի բեյ Օրբելյանը, «Մշակ» թերթի հավատարիմ բաժանորդը, որ առանձնացած ապրում էր իր տանը, ինչպես իշխանը դղյակում, հագնվում էր հին տարազով և ասում էին, թե իբր գավառապետը նրան չի սիրում, որովհետև Պավլի բեյը իր այգում վեճի էր բռնվել ռուս քահանայի հետ և հաստատել էր, թե հայոց կրոնն ավելի հին և ավելի ճշմարիտ է։ Այդպիսին էր նաև Համբարձում բեյը, որ երբեմն գյուղ էր գնում` տաքացրած թան ուտելու իր ազգի տանը։ Այդ ժամանակ նրա շուրջն էին հավաքվում ազգական ծերունիները և մունդիրը հանելով Համբարձում բեյը ննջում էր բարձերի վրա, իսկ ծերունիները շարունակում էին պատմել վաղի ժամանակներից:

Կային այդպիսի բեյեր` հին տոհմերից, բայց բեյերի մեծ մասը կեղծ ազնվականներ էին, որոնց հայրերը 1851 թվի բեկական հանձնաժողովին (бекская комиссия) ներկայացրել էին ինչ-որ թղթեր իրենց ծագման մասին` Տաթևի վանքից, խանի ժամանակներից, և նույնիսկ գնդապետ Սարոկինի ձիապան Խուդին հաջողացրել էր բեյի կոչում ստանալ և վերադարձել էր իբրև Խուդաբախշի բեյ: Բեյերի մի մասն այդպես էր ձեռք բերել կոչումը, իսկ մյուսները նախկին տանուտերերի, գրագիրների և հարուստ հողատերերի որդիներ էին, որոնք պետական ծառայության մտնելով, կոչվել էին բեյ, մի սովորություն, որ մնացել էր պարսկական տիրապետության ժամանակից։

Առևտրականների նման բեյերը ևս ունեին իրենց ազդեցության մահալները և գյուղերը։ Ոմանք այդ ազդեցությունն ունեին ի ծնե, որովհետև այդ գյուղերի ջրարբի հողերը նրանց հայրական սեփականությունն էին: Ոմանք այդ ազդեցությունը ձեռք էին բերել «քրտինքով» և մի անգամ ձեռք բերածն արդեն անքակտելի էր:

Բեյերի բույլը բոռերի նման վխտում էր գավառային վարչության դիվանում (դավթարխանա), զինվորական և հաշտարար ատյաններում (սուդարան), հարկային տեսչության մեջ, — վխտում էին` աղմկելով սապոգների պղնձե խթաններով, ոմանք թրերով, ոմանք ճռռացնելով սապոգները։ Ընդարձակ սենյակներում գործավար, սեղանապետ և քարտուղար բեյերի խմբերը մինչև ճաշ հնչեցնում էին իրենց ձայները` թավ, երբ Համզա բեյ Մահմուդբեկովը պատմում էր մի «անառակ» անեկդոտ, խռպոտ, երբ Հաստ Ներսես բեյը վերջացնում Էր ռապորտի պատճենը և մեջքը հենելով աթոռին, ասում էր. «Դա՜-աս..., երեկ լավ ժամանակ անցկացրինք... и не скучала душа моя...»: Իսկ մի հեռու սենյակից լսվում էր աղվեսահաչ` արագ-արագ և սուր ձայնով, ինչպես հաչում է տնային շնիկը կատվի վրա, որ նայում է պատի զլխից և բեղը չի շարժում։ Եվ բոլորն էլ ճանաչում էին ավագ գրագիր Նազար բեյի ձայնը և առանց տեսնելու գիտեին, որ նա բարկացել է շինականի վրա...

Գորիսը կենտրոնն էր Զանգեզուրի ընդարձակ գավառի, որտեղ ապրում էին այլացեղ և այլադավան բազմաթիվ ժողովուրդներ։ Բայց այդ կենտրոնն ուներ իր կենտրոնը, այսպես ասած քաղաքի միջուկը և այդ` Գորիսի շուկան էր։

Գորիսի շուկան ...

Ո՞ր ծայրից սկսել և ո՞ր ճանապարհով մտնել շուկա, որովհետև յոթ ճանապարհ էր մտնում շուկան` յոթ միանման և լայն փողոցներ, որոնցով մտնում և դուրս էին գնում ահագին քարավաններ, բեռներ, մալականի ֆուրգոններ, Խաչենի սայլեր և մարդիկ` հազար, տասը հազար մարդ,— մանավանդ ամառը, երբ Սալյանից, Մուղանից, Լենքորանից հազար-հազար քոչվոր բարձրանում էր Զանգեզուրի ամառային արոտները,— և ամբողջ ամառը նրանք առնում և ծախում էին Գորիսի շուկայում։

Ո՞ր ճանապարհով մտնել շուկա և ո՞ր ծայրից սկսել... մտնել լեռա՞ն ճանապարհով, որտեղով բերում էին պանրի և յուղի բեռներ, բուրդ, հազարավոր ձիեր, ոչխարներ,— և այդ ամենն այնպիսի աղմուկով, որ մինչև անգամ շներն իրար էին խառնվում և հենց քաղաքային ինքնավարության առաջ բարձր գոռոցով թեմիր-միսկյանլու մի չոբան ժխորի մեջ կանչում էր իր շանը` «Ալաբաշ հե՜յ, Ալաբաշ, Ալաբաշ..», կանչում էր այնքան բարձր, որ քաղաքագլուխ Մատթևոս բեյը դուրս էր գալիս քաղաքային դումայի պատշգամբը, որպեսզի հանցավորին պատժի, բայց հանցավոր չէր գտնում:

Link to post
Share on other sites
  • 5 months later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...