Jump to content

Հեռավոր Նյուվադի գյուղը` մոռացության գրկ


Recommended Posts

Պատանդ գեղեցկությանը. հեռավոր Նյուվադի գյուղը` մոռացության գրկում Արիս Ղազինյան «ԱրմենիաՆաուի» թղթակից ai164101.jpg Ժայռերի մեջ փորված դարուփոսերի 30 կիլոմետրանոց այս հատվածը, կարծես, տեղյակ չէ, որ քարտեզներում ներկայացված է որպես «ճանապարհ», որը կապում է Մեղրին Երևանից ամենահեռու բնակավայրի` Նյուվադի գյուղի հետ: Մայրաքաղաքից մոտ 450 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս վայրերն են հասնում արկածների սիրահար հայերը, որպեսզի տեսնեն Արաքս գետը: Գետը «մի անգամ տեսնելու ու մեռնելու» ոմանց իղձը երբեմն ողբերգական ավարտ է ունենում. հենց վերջերս մրգով բեռնված մի ավտոմեքենա չի տեղավորվել կտրուկ ոլորաններից մեկում ու գահավիժել է կիրճը: Բնությունն այստեղ հիրավի հիասքանչ է, սակայն կիրճ գահավիժելու հեռանկարի մասին մշտական միտքը թույլ չի տալիս հանգիստ զմայլվել շրջակայքի գեղեցկությամբ: Շատ ավելի նախընտրելի է ճանապարհորդել բեռնակիր կենդանիներով, եթե, իհարկե, չհանդիպես հովազի: Կատվազգիների ընտանիքի այս ազնիվ ներկայացուցչի վերադարձի մասին զանազան պատմությունները, կարծես, Նյուվադիի ճանապարհին մեր լսած լավագույն լուրն էին: Իմ վարորդ Հրաչյան, որը մոլի որսորդ է, վկայեց վերջին երեք տարում հովազի հետ առնվազն երկու հանդիպման մասին: Մեղրու որոշ բնակիչներ նույնպես պատմում են մեծ կատվի հետ իրենց «կոնտակտների» մասին: Առկա վկայությունների համեմատությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու հովազի ներկա բնակության տարածքի մասին` Մեղրի- Կապան-Լաչին: «Հայկական» հովազն անհետացել է այս վայրերից` հավանաբար, հայ-ադրբեջանական ճակատում պատերազմական գործողությունների սկսվելու հետևանքով քաշվելով դեպի Իրան: Մինչ այդ հովազը մտցված էր բնության պահպանության զանազան գրքեր: Խորհրդային տարիներին այս գիշատիչը պահպանվում էր Խոսրովի ու Շիկահողի արգելոցներում: 1986 թվականին մի հովիվ 2000 ռուբլի էր տուգանվել հովազ սպանելու համար: Երկարատև բացակայությունից հետո երեք տարի առաջ հովազը նորից վերադարձել է: Հաջողվել է նույնիսկ լուսանկարել նրան ու ներակայցնել Վայրի բնության պահպանության ֆեդերացիա: ai164104.jpg Այսօր հանդիպումները հովազի հետ նորից հազվադեպ չեն: Դրանք, որպես կանոն, տեղի են ունենում Արաքս գետի կիրճում` Նյուվադիի մերձակա տարածքներում: Գյուղի տարածքն իրոք արգելոցային է. գյուղը շրջապատող սրածայր գագաթները ստեղծում են նախաստեղծ կուսական համայնապատկեր: Հավանաբար, այդպիսին է եղել Երկիր մոլորակը, երբ մարդը սկսել է տիրել նրան: Լեռների լանջերով հոսող անհամար գետակների ափերին քարանձավներ են, որտեղ, անկասկած, կարելի է գտնել պալեոլիթյան բնակատեղիների հետքեր: 2003 թ. դեկտեմբերից գյուղի շրջակայքում աշխատել է բնապահպանության նախարարության արշավախումբը` հովազի հետքեր հայտնաբերելու նպատակով: Տեղացիներն ասում են, որ պետական հոգածությունն այստեղ ավելի հազվադեպ երևույթ է, քան հանդիպումը հովազի հետ: «Արդեն ժամանակն է Հայաստանի կարմիր գրքում ընդգրկել Նյուվադիի բնակիչներին, քանի որ նրանք իսկապես անհետացող տեսակ են,- ասում է գյուղի դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Լյուբա Մուրադյանը: - Մենք ոչ միայն շատ հեռու ենք հանրապետության սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներին ինտեգրվելուց, այլև մեկուսացված ենք Մեղրու շրջանի մյուս համայնքներից: Նյուվադիի դպրոցը միմյանց կցված մի քանի վագոններ են` առանց դասարանների հստակ բաժանման: Երեք աշակերտ ունենք առաջին դասարանում, մեկը` տասներորդում»: Միջին դասարաններում երեխաները սովորում են միասին: Մի հատ էլ վագոն-գրադարան ունեն` խորհրդային ժամանակներից պահպանված երեք տասնյակ գրքերով: Նոր գրքերի մասին այստեղ չեն էլ երազում: «Խորհրդային տարիներին աշակերտների թիվը հասնում էր 900-ի,- ասում է գյուղապետի տեղակալը: - Իսկ այսօր դպրոցի ամբողջ կազմը` 14 ուսուցիչների հետ, 45 մարդու էլ չի հասնում: Հենց այսպես էլ յուրացնում ենք նոր, ինչպես կենտրոնում են ասում, «ռազմավարական» գյուղը»: Նյուվադին նույնքան հեռու է Հայաստանի մայրաքաղաքից, որքան և Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից: Սակայն Բաքու կարելի է հասնել ընդամենը 4,5 ժամում, մինչդեռ Երևան հասնելու համար պահանջվում է 7 ժամից ավելի` տեղանքի կտրտվածության ու լեռների պատճառով (միջինը 2400 մ ծովի մակերևույթից բարձր): Շրջանի տարեկան միջին ջերմաստիճանը` +14,5 աստիճան, հնարավորություն է տալիս մշակելու մերձարևադարձային շատ պտուղներ` թուզ, նուռ, կիվի, արքայանարինջ, խուրմա, ձիթապտուղ և այլն: Սակայն երկար ու դժվարանցանելի ճանապարհը Երևան, ինչպես նաև բենզինի ու դիզելային վառելիքի բարձր գները, տնտեսապես անշահավետ են դարձնում արտահանումը հանրապետության առավել խիտ բնակեցված շրջաններ: Արտադրանքը Մեղրի հասցնելն արդեն մեծ մարտահրավեր է: Նյուվադիի համեմատությամբ շրջկենտրոն Մեղրին ժամանակակից քաղաքակրթության պսակ է, թեև այնտեղ չի գործում ոչ մի արտադրական ձեռնարկություն: Ճանապարհը շրջկենտրոնից Նյուվադի պետք է շահագործման հանձնվեր դեռ 2002 թվականին, սակայն ավելի շատ հիշեցնում է Փարիզ-Դաքար էքստրեմալ ավտոմրցարշավի երթուղի: «Հենց այդ պատճառով էլ մենք, ի տարբերություն, օրինակ, Մեղրու բնակիչների, ի վիճակի չենք արտահանելու մեր գյուղատնտեսական արտադրանքը,- ասում է գյուղի բնակիչ Եղիշե Բայանդուրյանը: - Մեր խուրման փտում է ուղղակի այգիներում և, ի վերջո, դառնում է անասունների կեր: Երբեմն ձմռանը Արարատյան հարթավայրից գալիս են «կասկադյորներ» ու գրեթե ձրի տանում մայրաքաղաքում այդքան թանկ ապրանքը»: Գյուղն ունի 153 բնակիչ, 45 տնտեսություն: 2005 թվականին Նյուվադիում գրանցվել է երկու ծնունդ` մի տղա ու մի աղջիկ: Նրանք չեն ընդգրկվել Կարմիր գրքում, բայց նորածին Ալեքսի ծնողները 150 դոլար են ստացել Երևանի մի բնակչից, որը շատ է ուրախացել, որ գյուղում արու զավակ է ծնվել: (Ոչ, աղջկա համար ոչինչ չեն տվել:) Գյուղի բնակիչները հիմնականում Շահումյանից ու Գետաշենից խորհրդային բանակի ու ադրբեջանցիների կողմից տեղահանված հայեր են: Բայանդուրյանն ինքն էլ այդ կողմերից է: Ղարաբաղյան պատերազմի հետևանքով փախստական դարձած Բայանդուրյանն իր ընտանիքով Նյուվադի է տեղափոխվել 1992 թվականի սկզբին: Հայրը` Վլադիմիր Բայանդուրյանը, ծնվել է 1926 թվականին ու դեռ չի հարմարվել տեղի պայմաններին: «Պայմաններ առանձնապես չկան էլ,- ասում է նա: - Գյուղում չկան ճանապարհներ, խանութ, ոռոգման ջուր, չկան բժիշկներ , չկա արտադրություն ու, երևի, չկա հեռանկար: Ամբողջ գյուղում կա մի հեռախոս, մի «ՈՒԱԶ» ավտոմեքենա: Նույնիսկ տները, որտեղ ապրում ենք, մեր սեփականությունը չեն: Ի վիճակի չենք 60000 դրամ վճարել սեփականաշնորհվող տարածքի մեկ քառակուսի մետրի համար, քանի որ գյուղում ընդհանրապես գոյություն չունի դրամաշրջանառություն հասկացությունը»: Ի հակադրություն իրականության` Նյուվադին հանդիսավոր կերպով վերանվանվել է Նոր Ագուլիս: Նախիջևանում գտնվող հին Ագուլիսը, 1921 թվականին Մոսկվայում ստորագրված բոլշևիկ-թուրքական պայմանագրով, հանձնվել է Ադրբեջանին: Այնտեղ 5-րդ դարի սկզբին ստեղծվել են հայոց գրերը: Հին ու միջնադարյան հուշարձանների խտությունը Մեղրիում ավելի բարձր է, քան միջին հաշվով Հայաստանում: Արաքս թափվող Կալեր, Մալև, Մեղրագետ ու Շվանիձոր լեռնային գետակների կարկաչը, որ լսվում է ամենուր, լրացնում է նախաստեղծ տեսարանը հնագույն բնական շարականներով: Լեռնային դրասանգների սրածայր գագաթներին զարմանալիորեն ներդաշնակող սլացիկ դահանակե նոճիները ճեղքում են երկնքի կապույտը: Ամենուր պղնձի բույր է` առաջին մետաղի, որի հետ կայուն կապի մեջ մտել է մարդը: Այս վայրերում է վեց հազար տարի առաջ մարդկային բանականությունը հղացել նեոլիթյան հեղաշրջումը: Երբեմն թվում է, թե այդ հեռավոր ժամանակներից հետո այստեղ ոչինչ չի փոխվել:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...