malxas Posted June 23, 2010 Report Share Posted June 23, 2010 На днях вышел в свет новый исторический роман Армена Малхасяна <Тигран Великий>. Посвяшается к 2150 летию правителя. Интересующие вопросы можно задавать автору книги тут, или написать на емайл [email protected] Quote Link to post Share on other sites
Kars Posted June 23, 2010 Report Share Posted June 23, 2010 На днях вышел в свет новый исторический роман Армена Малхасяна <Тигран Великий>. Посвяшается к 2150 летию правителя. Интересующие вопросы можно задавать автору книги тут, или написать на емайл [email protected] Приветствую Вас на нашем форуме, уважаемый malxas! А где была опубликована эта книга? Quote Link to post Share on other sites
malxas Posted June 23, 2010 Author Report Share Posted June 23, 2010 Спасибо огромное !!! Книга была напечатана в издательстве Бавиг сотрудничая с общественной организацией <Серунд Хайкакан Миаворум > Можно спросить уже в книжных магазинах !!! Quote Link to post Share on other sites
malxas Posted January 4, 2011 Author Report Share Posted January 4, 2011 ՆԱԽԱԲԱՆ Պատմագրությունը, որպես կանոն, արքայատոհմերի, նախարարական տների, զինվորական դինաստիաների պատմություն է, ըստ հարկի ներկայացվող անհատներն էլ գերազանցապես սիմվոլներ են, ժամանակի պետական-քաղաքական-ռազմական մտայնության կրողներ, բայց ոչ կենդանի մարդիկ, որոնք ներկայանում են իրենց առաքինություններով և արատներով, առօրյայով ու կենցաղավարությամբ, օրախնդիր համակրանքներով ու հակակրանքներով: Պատմագրությունն, ըստ էության, ժամանակի և իրադարձությունների հաշվետվություն է, ոչ Մարդու պատում-վերլուծություն: Սա հատուկ է ոչ միայն հայ պատմագրությանը և ոչ առավելություն է, ոչ էլ թերություն, պարզապես պատմագրության խնդիրն է այդպիսին. պատմիչը տարեգրում է ժամանակը, անվանում ժամանակաստեղծ իրադարձության հեղինակներին ու պատասխանատուներին և գնահատում Գործը: Ահա այստեղ է պատմագրության և պատմավիպասանության սահմանաբաժանը. ի տարբերություն պատմիչի` վիպասանի խնդիրը, թերևս, ոչ այնքան Գործը, որքան Մարդուն գնահատելն է, ժամանակի ոչ թե արձանագրումը, այլ` վերագնահատումը, իրադարձությունների ոչ թե փաստումը, այլ վերստեղծումը: Պատմիչն, այսպիսով, «գույքագրում է» աշխարհը, վիպասանն աշխարհ է ստեղծում: Հենց այդ աշխարհաստեղծումն է, որ չի կարող տեղի ունենալ առանց մանրամասների. մարդու և աշխարհի հարաբերակցության նյութը մանրամասներն են, որոնց բացակայությունից էլ դժգոհել են բոլոր ժամանակների ու ժողովուրդների վիպասանները: Մանրամասների չգոյության պարագայում պատմավեպի հաջողության միակ ճանապարհը դրանք «հորինելն» է: Չակերտյալ եմ ասում, որովհետև դա իրականում հորինում չէ, այլ` վերականգնում, ինչպես, օրինակ, աղճատված կամ անընթեռնելի հանգաբառն է վերականգնվում բանաստեղծության մեջ: Վերականգնվածը կարող է ճշգրիտ նույնը չլինել, բայց համարյա առանց բացառության` ստույգ տարբերակ է: Գրականությունն, ի վերջո, կյանքն է, որը գուցե և վավերական չէ, բայց այդպես է ապրվել... Արմեն Մալխասյանի «Տիգրան Մեծ»-ը այս մտածողության ու տեսանողության շրջանակում է, և վեպի հաջողվածության գաղտնիքն էլ` «դասական մոտեցման» շրջանցումը: Հակառակ դեպքում, առաջին հերթին, ընտրված թեման էր գրողի պարտության նախապայման լինելու: Տիգրան մեծի գահակալության շրջանը, թերևս, ամենաարծարծվածներից է մեր պատմագիտության ու վիպասանության մեջ, Տիգրան Մեծը` ամենասիրված ու պաշտված արքան` ժողովրդի կողմից և մեր ազգային ինքնագիտակցության մեջ. վերջապես, Տիգրանի Հայաստանը մեր եզակի կայսրությունն է, ինքը` մեր միակ աշխարահակալը: Բայց հենց այստեղ էլ թաքնված է ծուղակը` հանրահայտնին վերապատմելու գայթակղությունը, որքան հեշտ ու հաճելի, նույնքան էլ` անպտուղ ու անհեռանկար: Արմեն Մալխասյանը նաև այս ծուղակն է շրջանցել` գրելով ոչ թե աշխարհակալության, նույնիսկ` ոչ աշխարհակալի պատմությունը, այլ Տիգրան Արտաշիսյանի մասին, որը պետական այր է, զորապետ, որդին իր ծնողների, հայրն իր զավակների, ընկերն իր բազկակիցների, տղամարդն իր կանանց, մարդ` միով բանիվ, բայց ոչ գաղափարախոսական խորհրդանիշ ու պաշտամունքի մասունք: Նույնիսկ Տիգրանի կենսագրության բոլոր ժամանակներից «վերադարձի ժամանակի» ընտրությունը վկայում է գայթակղությունից խույս տալու ջանքի մասին. վեպի ողջ ընթացքում Տիգրանը «մեր իմացած» Տիգրան Մեծը չէ, այլ` պատանդ (թեկուզև` պատվավոր), հայրակորույս որդի, գահակալության ինքնակոչ թեկնածուների հետ արքայությունը վիճարկող այր, դժվար ու վտանգաշատ վերադարձի ճանապարհն անցնող արքայազուն, արքունական վարքականոնին, նաև խարդավանքների գաղտնի զսպանակներին կատարելապես տիրապետող փայլուն պալատական... Եվ միայն վերջաբանում է ներկայանում «մեր իմացած» Տիգրանը, այն էլ` առավելապես «գործք մեծացի» սեղմ թվարկումով: Ավելին, Տիգրանն այս «ոչ աշխարհակալական ներկայությամբ» էլ հաճախ «բացակա ներկայություն» է, սակայն, միևնույն ժամանակ, կառավարող, կողմնորոշող ու կանխորոշող ներկայություն: Աստղագետ Զարեհն ու նրա որդի Առնակը, Արտան Երվանդունին ու Միհրդատ Եվպատորը, քրմապետ Վահունին, Աստղիկն ու Նազենիկը, Սաուլն ու Հայր Արտաշեսը, պանդոկապան Խալդիտան ու ավազակապետ Արտաշեսը, վեպի, ըստ էության, բոլոր կերպարները, որոնք մակերեսային հայացքով` ավելի ցայտուն ու գործնական են, քան Տիգրանը, իրականում ապրում ու գործում են նրա «ձգողականության դաշտում», գիտակցաբար կամ ենթագիտակցաբար ենթարկվում նրա գործողությունների տրամաբանությանը, կատարում նրա ուղղակի կամ չբարձրաձայնված հրամանները: Այսինքն ժամանակն ու զարգացումները, խորքային դիտարկմամբ, ենթակա են թվացյալ երկրորդ պլանում գտնվող գահաժառանգի, ապա և` գահակալի կամքին ու ծրագրերին: Այս մոտեցումը ընթերցողին թույլ է տալիս ինքնուրույն գտնել «իր» Տիգրան Մեծին, այլև վեպի մյուս «բնակիչներին» զերծ է պահում նրա կցորդը կամ սպասարկուն դառնալու տխուր հեռանկարից: Այսօրինակ հղացման շնորհիվ նրանցից յուրաքանչյուրը ոչ միայն ամբողջական ու կենսունակ կերպար է, այլև ինքնուրույն աշխարհով կենդանի ու հետաքրքիր մարդ, որը Տիգրան Մեծի «ձգողականության դաշտում» գտնվելով հանդերձ` ինքնաստեղծ է, ինքնիշխան և ապրում ու ընդլայնվում է իր ներքին կանոններով ու տրամաբանությամբ: Փաստորեն, «Տիգրանի ասքին» զուգահեռ վեպում ունենք Առնակի և Աստղիկի, Սաուլի ու Նազենիկի, քրմապետ Վահունու և Արտան Երվանդունու, նույնիսկ աստղագետ Զարեհի ու բանտապահ Մերվանի ընդամենը մի քանի էջանոց, բայց զարմանալիորեն խիտ ու յուրօրինակ «ասքը»: Կենդանի մարդիկ` հոսող ժամանակի և առարկայական մանրամասների մեջ, որոնց կյանքն ու գործը հեղինակը ոչ թե պատմում է ի հավելումն «Տիգրան Մեծի ասքի», այլ ցուցանում` ներքին կապերի և առնչությունների հայտմագործման հաճույքը թողնելով ընթերցողին: Մի առանձնահատկություն ևս, որով Արմեն Մալխասյանի «Տիգրան Մեծ»-ը տարբերվում է ավանդական պատմավեպից: Հայ պատմավեպը, որպես կանոն, ծրագիր-վեպ է, ծրագրային վեպ և, ըստ ժամանակի ու իրավիճակի պահանջի, միշտ խնդիր է ունեցել սպասարկել որոշակի գաղափարախոսություն` ազգային-պետական խնդիրների արծարծում, ազգային ազատագրական պայքար, պետականության վերականգնում ու պահպանում, պատմության մեջ անհատի կամ ժողովրդի առաջնայնության քննություն և այլն: Վեպ-ծրագրի գերակայությունն, ինչ խոսք, օբյեկտիվ երևույթ է` պայմանավորված մեր անպետականությամբ և գոյապայքարի ու ազգապահպանության խնդիրներով, ինչը առաջնային էր դարձնում գրականության, այս դեպքում` պատմավեպի միջոցով խնդրի բարձրաձայնումն ու ժողովրդականացումը: Արմեն Մալխասյանն այս դեպքում հետևում է ոչ թե հայրենական, այլ եվրոպական պատմավեպի (Վալտեր Սքոթ, Ալեքսանդր Դյումա, այլք), ավելի ստույգ` արկածային-պատմական վեպի ավանդույթին, ըստ որի` պատմական իրադարձությունը «բացվում է» մասնավորի, ինտրիգի, հերոսի անձնական կյանքի, արկածի զարգացման միջոցով: Այդպիսով վեպում ունենում ենք երկպլանային ժամանակ. իրական-պատմական անցքերը զուգորդվում են «հնարված» իրադարձություններին և իրենց արկածայնությամբ ու գրավչությամբ իրական պատմությունն ապրեցնում որպես գեղարվեստական իրականություն: Սա պատմությունը հանրային ու մատչելի դարձնելու, ժամանակակից մարդուն անցյալի հերոսների կյանքով, նրանց ժամանակում ապրեցնելու արդյունավետ եղանակ է: Դժվար չէ տեսնել, օրինակ, որ Ալեքսանդր Դյումայի վեպերը շատ ավելին են արել, ասենք, Վալուաների ու Բուրբոնների արքայատոհմերի պատմությունը ֆրանսիացունը (և ոչ միայն ֆրանսիացունը) դարձնելու համար, քան ժամանակի հարուստ ու հրապարակի վրա գտնվող տարեգրությունները: Եվ նույնքան դժվար չէ համոզվել, թե որքան կշահեր, օրինակ, «Սամվել» պատմավեպը, եթե Րաֆֆին «շեղվեր» վեպի «Հա՞յր, թե՞ հայրենիք» գերխնդիր-սխեմայից` եթե ոչ առաջնային, ապա գոնե համակշիռ դարձնելով արկածային շերտը` զարգացնելով, ասենք, Սամվելի սիրո պատմությունը, կամ որևէ այլ ինտրիգ, որը գերխնդրին զուգահեռ «կպահեր» վեպից «վտարված» կյանքը և, ըստ այդմ` ընթերցողական հետաքրքրության խարիսխը: Հասկանալի է` այլ են եղել մեծ վիպասանի (մեր վիպասանների գերակշիռ մասի) ժամանակն ու խնդիրները, և բարեբախտություն է, որ Արմեն Մալխասյանը տուրք չի տվել ծանոթ ճանապարհով գնալու գայթակղությանը, շեղվել է ավանդույթից, քանի որ իր ժամանակն ու խնդիրները, նաև ընթերցողը միանգամայն այլ են: «Տիգրան Մեծ»-ի հեղինակը ոչ միայն ընթերցողին հնարավորություն է տալիս, այլև մղում է մտնելու իր վիպական հերոսների կյանքի շրջանակը, ապրելու նրանց արկածները, տրվելու նրանց սիրո հորձանուտին, վերապրելու ու զգալու դրամատիկ իրադարձությունները, հրճվելու զավեշտական անցուդարձով, և միայն վերջում, երբ պատումն արդեն ամփոփված է կամ հասնում է ավարտին, հանկարծ հասկանում ես, որ աննկատելիորեն քոնն է դարձրել այն կարևորը, որ սխեմատիկորեն առաջին պլան էր մղվում ավանդական պատմավեպում` Մեծ Հայքի հզորացում, սահմանակից պետությունների հպատակեցում, կենտրոնախույս ուժերի զսպում, բանակի արդիականացում, արհեստների ու արվեստների զարգացում և այլն: Գլխավորն, ըստ էության, ասվում է, բայց` աննկատ, խույս տալով մերկ հղումներից, առաջին պլան մղելով կենդանի մարդկանց, նրանց կյանքը, հարաբերությունները, նրանց կրքերն ու ուրախությունները, հաջողություններն ու պարտությունները: Փաստորեն, ինչպես վեպի հերոսների պարագայում երկրորդ և նույնիսկ երրորդ ու չորրորդ պլանի կերպարները ընթերցողի ենթագիտակցության մեջ «առաջին գիծ» են բերում Տիգրան Մեծին, այնպես էլ արկածային-ինտրիգային-մատչելի տեքստը գաղափարական ենթատեքստն է առաջնային դարձնում` միաժամանակ պահպանելով պատումի հետաքրքրականությունն ու «ընթեռնելիությունը»: Այս հետաքրքիր մոտեցումը, պատմավեպի դիտումը ժամանակակից տեսանկյունից և կառուցումն ըստ այդ ընկալման` դարձել են հեղինակի հաջողության գրավականը և թույլ են տալիս փաստել գլխավորը. «Տիգրան Մեծ»-ը վեպ է ոչ միայն սոսկ հայոց հզորության, այլ հարատևության մասին, քանի որ «բնակեցված» է մարդկանցով, որոնք երբեք չեն հաշտվում պարտության նույնիսկ մտքին, իսկ հարատևում է պարտության հետ չհաշտվող մարդկանց ժողովուրդը: Այս հատկությունն ընդհանրական է բոլոր հերոսների համար և բոլոր, անգամ ամենաանելանելի վիճակներում` սկսած Տիգրան Մեծ արքայից մինչև «բարոն Մյունհաուզեն» Հայր Արտաշեսը, մինչև երիտասարդ աստղագետ Արեգը, ում համար պարտությունն անընդունելի է նույնիսկ... ուսուցչապես Զարեհի հետ գիտական բանավեճում... Սա է, թերևս, առանցքային ասելիքը, որ ամփոփ ու դիպուկ վկայում է Արմեն Մալխասյանը «Տիգրան Մեծ» պատմավեպի վերջնախոսքում. «Հարցերը տեղում էին ինչպես առատության եղջյուրից: Աստղագետը սկսեց կատակի տալ և այլևս ոչ մի հարցի լրջորեն չպատասխանեց: Արտան թագավորի հետ շփումները նրան սովորեցրել էին ժամանակին կանգ առնել: Ճիշտ է, գիտնականի կյանքին այլևս ոչինչ չէր սպառնում, բայց ծաղրանքներից ու սրախոսություններից հաստատ չէր փրկվի: Իսկապես, միայն խելագարը կմտածեր, որ պարթևների տիրակալը ծնկաչոք հաշտություն կխնդրի Տիգրանից և նրան կզիջի «արքայից արքա» տիտղոսը: Անմտություն էր նաև մտածել, որ հինգ կամ վեց հարյուր տարի անց աշխարհի երեսից իսպառ կվերանան Պարթիան էլ, Հռոմն էլ, այս տարածքի համարյա բոլոր ազգերն էլ կձուլվեն ավելի երիտասարդներին, իսկ ահա հայերը, իրենց լեռներին կառչած, հավետ կիշխեն ժամանակի վրա... »: Ներսես ԱԹԱԲԵԿՅԱՆ Quote Link to post Share on other sites
malxas Posted January 4, 2011 Author Report Share Posted January 4, 2011 1.Տիգրան թագավոր Թագավորական պալատը երբեք այդքան անմարդաբնակ չէր թվացել: Լռություն էր այնտեղ, չարագուշակ, սահմռկելի լռություն: Աղոտ լուսավորված անհամար դահլիճներն ու միջանցքները, որոնք այնքան շքեղ ու կենսախինդ էին ցերեկային լույսի տակ, այժմ, երեկոյան, ասես լցված լինեին չար ոգիներով ու դևերով: Թվում էր` մոտակա անկյունից ուր որ է մի ալ դուրս կգա և իր դիվական հմայություններով բազում փորձանքներ կբերի: Դա մի մարտադաշտ էր կռվից հետո, ուր գիշակեր թռչուններն արդեն հոշոտել էին դիակները և միայն ոսկորները թողել` իբրև հիշատակ մի հերոսական ու վեհ ճակատամարտի: Մահն էր ասես սողոսկել Տիգրան թագավորի հինավուրց նստավայր ու սև թևերը տարածել վրան: Մեծ Հայքի թագավորի առողջությունը կտրուկ վատացել էր: Ութսունամյա Տիգրանը` Արտաշես Մեծի վերջին, վեցերորդ որդին թուլանում էր օրեցօր, և արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ երկար չի ապրի: Օրվա մեծ մասը թագավորն անցկացնում էր իր ննջարանում, միակ բժշկի` Արբակի խնամակալության ներքո, իսկ երեկոյան ժամերին նրան այցելում էր արքայազն Գուրը: Այսօր նա սովորականից շուտ էր եկել, բժշկի հրավերով: Կամակորության հերթական տենդով բռնված արքան գրողի ծոցն էր ուղարկել բժշկի խորհուրդները և անկարելիության աստիճան հարբել, իսկ բժիշկն արքայազնին շտապ կանչելուց լավ բան չէր կարողացել մտածել: Բժիշկ Արբակը և արքայազն Գուրը, ահա միակ մարդիկ, որոնք ինչ-որ չափով կարող էին ազդեցություն ունենալ Մեծ Հայքի թագավորի վրա, և որոնց նա ցանկանում էր տեսնել: Նախարարներն արդեն վաղուց չէին այցելում արքային: Քրմապետ Վահունին դժվար հիշեր, թե երբ է նրա հետ որևէ տոնախմբության մասնակցել, իսկ պալատականներին արքան վռնդում էր նրանց հայտնվելուն պես: Ուտելիք նրան աշխատում էին բերել, երբ քնած էր, հակառակ դեպքում բժիշկն ու արքայազնն էին հանձն առնում կատարել սպասավորի դերը: Երբ Գուրը մոտեցավ, Տիգրանը ոտքերը կախած` նստած էր մահճակալին ու լուռ մտորում էր: Մի քանի քայլի վրա գեղեցիկ փորագրություններով զարդարված սեղանն էր, վրան կիսով չափ դատարկված արծաթե սափոր, ամբողջովին թանկարժեք քարերով պատված ոսկյա գավաթ և մրգերով լի մի սկուտեղ: Արքայազնը զգուշորեն գրկեց հոր ուսերն ու մեղմաձայն ասաց: - Պառկիր ու ծածկվիր վերմակով, հա՛յր: Նույնիսկ մահամերձ` թագավորը վեհ տեսք ուներ: Սև խոշոր աչքերի սառը, դաժան հայացքը հառել էր անորոշ մի կետի և ասես բոլորովին չէր լսում որդուն: - Այդ ապուշ Արբակը փորձում էր արգելել ինձ գինի խմել,- վերջապես ասաց նա,- ուզում էի ոսկյա գավաթով ջարդել գլուխը, բայց չգիտես ինչու` չարեցի: Երևում է ճիշտ են ասում` իսկապես ծերացել եմ, դարձել անկամք ու թույլ: - Չես արել, որովհետև քաջ գիտակցում ես, որ Արբակը քո թագավորության ամենահավատարիմ հպատակն է և լավագույն բժիշկը: Հայր և տեր արքա՛, նրան պետք է լսել: - Մի ժամանակ ասում էիր, «Տեր արքա և հայր»,- նկատեց Տիգրանը: - Օտարների ներկայությամբ քեզ միշտ դիմել եմ «Տեր արքա և հայր», իսկ երբ մենակ ենք եղել` «Հայր և տեր արքա»,- ժպտաց Գուրը: - Իսկ տերության մեջ ինչպես միշտ ամեն ինչ կարգի՞ն է,- հեգնական հարցրեց թագավորը: Արքայազնը միանգամից չպատասխանեց: Ցանկանալով խնայել հոր առողջությունը` Գուրը վերջին ժամանակներս փորձում էր նրան հեռու պահել գործերից: Թագավորը դրանից ավելի էր գրգռվում ու նյարդայնանում: Իմաստ չուներ ամեն ինչ թաքցնել, ուստի արքայազնը երբեմն նրան կարևոր լուրեր էր հաղորդում, բայց ամեն ինչ ներկայացնում էր լավատեսորեն և ակնհայտորեն «թեթևացրած տարբերակով»: - Գլխավոր քուրմ Վահան Վահունին կրկին Հռոմից եկած մարդկանց է ընդունել, սակայն բոլորն էլ աննշան մարդիկ են: Արևմտյան նախարարություններն ուշացնում են տերունական հարկը, բայց դա ժամանակի խնդիր է: Ամենաշատը երկու երեք օրից... - Իսկ գուցե Վահան Վահունին Մաննիոս Աքվիլիոսի մարդկա՞նց է ընդունում իր մոտ: Գուցե արևմտյան նախարարությունները բոլորովին հրաժարվո՞ւմ են հարկ վճարել,- բարկացած գոռաց թագավորը: Նայելով Արտաշես թագավորի և Սաթենիկ թագուհու վերջին` վեցերորդ որդուն, ակնհայտ կարելի էր տեսնել, որ սկյութական վայրագ արյունն այդ պահին հաղթել էր առավել հավասարակշռված հայկականին: Տիգրանի աչքերը ցասկոտ չռվել էին, բերանը` տգեղ ծամածռվել: Արքան հաստատապես ցանկանում էր պատժել հանդուգն քրմապետին և անհնազանդ նախարարներին, ինչպես իր կյանքի լավագույն տարիներին կաներ: Գուրը փորձեց հանգստացնել հորը. ասաց, որ, իրոք, երկու-երեք նախարարներ իրենց այնպես չեն պահում, ինչպես հարկն է, բայց նրանց դեմ միջոցներ են ձեռնարկված, իսկ գլխավոր քրմի գործողությունների նկատմամբ հսկողություն է սահմանվել: Թագավորը ուժասպառ ու հոգնած շարժում արեց ձեռքով: Գուրը լռեց: - Մենք այլևս չենք հսկում տերության արևմտյան նախարարությունները, իսկ գլխավոր քուրմն ինքն է հսկողություն սահմանել մեր գործողությունների վրա: Հիմա շրջափակած կլինի հարավային բոլոր մայրուղիները, որպեսզի խանգարի եղբորդ վերադարձին: Փոքր լռությունից հետո թագավորը գինի պահանջեց: - Քեզ այլևս չի կարելի, հա՛յր... - Դու հիմար ես, Գո՛ւր, ավելի հիմար, քան բժիշկ Արբակը: Ասում եմ` այստե՛ղ տուր գավաթը: Արքայազնն աղերսական հայացք գցեց հոր վրա, բայց լուռ կատարեց հրամանը: Տիգրանը մի շնչով դատարկեց գավաթը: - Առաջ ամբողջ տակառ գինի էի խմում, իսկ հիմա մի գավաթն էլ են արգելում... - Հա՛յր, մեկ գավաթից շատ ավելի ես խմել... - Այո, բայց մեկ տակառից շատ ավելի պակաս: Այս ասելով թագավորը վեր կացավ անկողնուց ու սկսեց քայլել սենյակում: Արքայազնն անմիջապես միացավ նրան: Տիգրանը մի գավաթ գինի էլ պահանջեց, խմեց նախկին հաստատակամությամբ, ապա սեղանից մի կարմրաթուշ խնձոր վերցնելով ու գոտկատեղից հանելով դաշույնը` սկսեց մաքրել: - Ծերությունը դառը բան է,- վերջապես ասաց նա,- առաջ ճաշին մի ամբողջ ոչխար էի ուտում, իսկ հիմա մաքրում եմ խնձորի կճեպը, որ ստամոքսիս աշխատանքը թեթևացնեմ: - Անհրաժեշտ է զորք ուղարկել արևմուտք,- խոսակցության նյութը փոխեց արքայազնը, - դու պետք է կնքես այս թղթերը... Թագավորը դեն նետեց կիսատ խնձորն ու հիացմունքով նայեց իր ոսկեզօծ դաշույնին: - Սա իմ հոր` Արտաշես թագավորի նվերն է,- ասաց նա` անտեսելով որդուն,- ստացել եմ տասնհինգ տարիս լրանալու առթիվ և այդ օրվանից երբեք չեմ բաժանվել սրանից: Շեղբը մաքուր պողպատից է ու մինչև դաշույն դառնալը հազար անգամ կոփվել է թագավորական դարբնոցներում, իսկ արծաթյա կոթն ու ոսկեզօծ պատյանը լավագույն ոսկերիչների մի քանի ամսվա աշխատանք են: Այս ասելով` Տիգրան թագավորը տեղը դրեց իր համար այնքա՜ն թանկ իրը ու կրկին ձեռքն առավ գինով լի գավաթը: Վստահ, որ արքան իր մյուս հարցին կպատասխանի վերհիշելով, թե ումից է նվեր ստացել ոսկյա, նույնպես լավագույն վարպետների մի քանի ամսվա աշխատանք գավաթը կամ ոչ պակաս հետաքրքիր կպատմի, թե ինչպես էր երիտասարդ տարիներին մի ամբողջ ոչխարի վրայից մեկ տակառ գինի խմում, Գուրը համբերությունը կորցրեց: - Հա՛յր,- ասաց արդեն խստաձայն,- Մի կողմ դիր գինու գավաթը և լսիր: Հյուսիսից` իբերները, արևելքից` աղվանները անհանգստացնում են մեր սահմանները: Արտան Երվանդունին բանակցությունների մեջ է մտել Տուրուբերանի նախարարների հետ և ցանկանում է նրանց իր կողմը գրավել: Վասպուրականի նախարարությունները որոշել են առանձնանալ Մեծ Հայքից և ինքնուրույն պետություն ստեղծել: Թշնամին տերության չորս կողմից խեղդում է մեզ, պետությունը ձեռքներիցս գնացել է, մի կողմ դիր գինու գավաթը... Տիգրանը պատասխանեց անմիջապես, համարյա առանց մտածելու. - Մոռացար երկու ամենախոշոր սրիկաներին` Միհրդատ Եվպատորին ու Միհրդատ Արշակունուն: Իսկ եթե որոշել ես հանդես գալ իբրև գալիք սերունդների փոխարեն գնահատական տվող,- վիրավորված հավելեց թագավորը,- ապա հիշեցնում եմ, որ ես դեռ կենդանի եմ և իմ թագավորած տարիներին ոչ մի ափ հող չեմ պակասեցրել այն երկրից, որն իմ հայր Արտաշեսը փոխանցեց Արտավազդ եղբորս, նա էլ` ինձ: - Այդ գինին... - Ես ութսուն տարեկան եմ, Գո՛ւր,- բարկացած` գավաթը սեղանին զարկեց թագավորը,- և իմ կյանքի վերջին օրն եմ ապրում: Մի խանգարիր, ուրեմն, ծերուկիս վայելել այս գինին և բոլորովին դադարիր մտածել դրա մասին: Ես առաջվա նման մի ամբողջ ոչխար չեմ կարող ուտել, բայց մեկ տակառ գինին խմում եմ ուզածդ երիտասարդից լավ ու միևնույն ժամանակ սթափ եմ մնում: Ծանր լռություն տիրեց: Գուրը սպասում էր, իսկ թագավորը հայացքը հառել էր մի անորոշ կետի և շարունակում էր փոքր կումերով գինի խմել: Քիչ անց Տիգրանը նորից սկսեց հետուառաջ քայլել սենյակում և կիսաձայն խոսել ինքն իր հետ: Ծերունի թագավորը հետզհետե ձայնն այնքան բարձրացրեց, որ արքայազնը հստակ հասկանում էր ասածները: - ... արևելքում` աղվանները, իսկ հյուսիսում` իբերները... քնձռո՜տ թշվառներ, շուտով պոչներդ ձեզ կքաշեք ու մարդ կուղարկեք Հայաստանի թագավորին հավաստիացնելու, որ պատրաստ եք լիզել նրա ոտքերը... Վասպուրականի և Տուրուբերանի նախարարնե՛ր, դուք էլ կխաղաղվեք, բայց թերևս հարկ լինի մի քանիսիդ գլուխը կտրել... Միհրդատ Եվպատո՜ր, եղեռնագո՜րծ մայրասպան... դու նույնպես բարեկամություն կխնդրես մեզնից... Միհրդատ Արշակունի՜, սրիկա և գող, ինչպե՜ս եմ ուզում այս գինու փոխարեն քո արյունը խմել... Արտա՛ն, խորամանկ դավաճան, ինչո՞ւ քեզ չճզմեցի ոտքերիս տակ, երբ առիթը եկել էր... Որոշել եք մաս-մաս անել Հայաստանը, հա՜-հա՜-հա՜... ողորմելի՜ մարդիկ, մոռացե՞լ եք ով է նստած Մեծ Հայքի գահին: Հենց միայն հորս անունը պիտի հերիք լիներ ձեզ` հավերժ մոռանալու մեր երկրի տեղը, բայց երևում է բոլորիդ պետք է դաս տալ: Կարծում եք Տիգրանը ծեր է և անօգնական, հա՜-հա՜-հա՜... Մի հարվածով վերջ կտամ բոլորիդ բանսարկություններին: Ուժեղները մեծապես կտուժեն, իսկ թույլերը ոտքի տակ կգնան... Ամբողջ սրտով ծիծաղել եմ ուզում, երբ պատկերացնում եմ դրանց հիմարացած դեմքերն ու կտրված գլուխները: Որքան կուզենայի ապրել և տեսնել այդ ամենը... Մի՛ խռովվիր, հա՛յր, ես երկիրն իմ հաջորդին կհանձնեմ առանց կորուստների... Քիչ համբերիր մորս հետ, կգամ շուտով և ամեն ինչ կպատմեմ: Ինչպե՜ս եմ կարոտել ձեզ, եղբայրնե՜ր... Արտավազդ, Զարեհ, Տիրան, Մաժան, Վրույր... Իսկ ամենաշատը որդուս եմ կարոտել, սակայն աստվածները կամեցան, որ այլևս չտեսնեմ նրան... Մոտ քառորդ ժամ Տիգրան թագավորը խոսեց ինքն իր հետ: Ծերունին սպառնում էր թշնամիներին, երդումներ տալիս իր հայր Արտաշեսին, քնքուշ խոսքեր ուղղում իր մայր Սաթենիկին և վաղուց մահացած կնոջը, կարոտալից ուղերձներ հղում եղբայրներին, որոնք վաղուց թողել էին այս աշխարհը: Հետո դառնությամբ հիշում էր Մեծ Հայքի գահաժառանգին` իր ավագ որդի Տիգրանին, որը պատանդ էր պարթևական արքունիքում: Ապա թագավորն անսպասելի խաղաղվեց ու ևս քառորդ ժամ արձանի պես լուռ էր: - Գո՛ւր,- անսպասելիորեն ասաց արքան, երբ արքայազնն իսպառ հույսը կտրել էր նրանից,- ես իմ կյանքի վերջին օրն եմ ապրում և կուզեի ավարտել կիսատ գործերս: Թագավորի` իր մահվան մասին երկրորդ անգամ խոսելը անհանգստացրեց արքայազնին, և նա փորձեց կատակի տալ. - Դու դեռ երկար կապրես, հա՛յր: Մեր ցեղում բոլորն էլ երկար են ապրում: Ինչպես ասում է պալատական բանաստեղծ Համազասպը` յուրաքանչյուր Արտաշիսյան երկարակյաց է արծվի նման: - Երազումս Դեմետրե աստվածն այցելեց, Գո՛ւր: Ոչ ավելի ուշ, քան այս գիշեր, կմեռնեմ: - Իսկ ես պատրաստ եմ գրազ գալ, որ ամենաքիչը տասնհինգ տարի էլ կապրես: - Այլևս չեմ ցանկանում ապրել, Գո՛ւր: Հոգնել եմ ապրելուց և շատ եմ կարոտել ծնողներիս ու եղբայրներիս: - Վաղ է խոսել մահվան մասին, հա՛յր: Մենք միասին ուժեղ երկիր կդարձնենք Հայաստանը: Դու դեռ բոլոր թշնամիներիդ կտեսնես ծնկի եկած: Թագավորը հոգոց հանեց: - Պարթևները մեր դաշնակիցներն են,- շարունակեց Գուրը Ամեն անգամ, երբ Միհրդատ Արշակունին պատերազմում է, մեր քառասուն հազարանոց այրուձին... - Հավատա, զավա՛կս, երբ օգնելու իր հերթը գա, նույնպես քառասուն հազար այրուձի կխոստանա, բայց չորս հազարից ավելի մարդ չի ուղարկի: - Ըստ պետական պայմանագրի... - Ճիշտ է, մենք փոխադարձ օգնության պայմանագիր ունենք, բայց նա ի հավելումն` պատանդ է պահում եղբորդ` թագաժառանգին Թագավորը դադար տվեց Դու, որպես սիրասուն զավակ, ուզում ես հանգստացնել հորդ, բայց երբ հայրը Հայաստանի տիրակալն է, նրան պետք է ասել միմիայն ճշմարտությունը: Եկ վերջ տանք դատարկ խոսակցություններին: Ես այս գիշեր կպառկեմ քնելու և այլևս չեմ արթնանա: Անհրաժեշտ է վերջացնել բոլոր կիսատ գործերը: Եվս մի քանի րոպե Տիգրան թագավորն ու արքայազն Գուրը լուռ մնացին: Վերջապես թագավորը խոսեց. - Մի պահ պատկերացրու, որ Հայաստանի թագավորն ես: Ի՞նչ միջոցներով կպահես ու կհզորացնես երկիրը: - Քանի դեռ Մեծ Հայքն ունի թագաժառանգ,- վիրավորված պատասխանեց արքայազնը,- ես ինձ երբեք թագավոր չեմ պատկերացնի: - Նեղացար, հա՞- ծիծաղեց Տիգրանը և մոտենալով որդուն` շոյեց գլուխը: - Դու լավ տղա ես, Գո՛ւր: Քեզ նման հավատարիմ որդի ու եղբայր ամբողջ աշխարհում չի գտնվի: Հիշու՞մ ես ինչպես էիր ուզում պատանդ գնալ եղբորդ փոխարեն: Բայց հիմա մենք ոչ թե հայր ու որդի ենք, այլ` սառը դատող պետական այրեր: Երբ մեռնեմ, երկրի իշխանությունը միառժամանակ կմնա քո ձեռքերում: Ի՞նչ գործողությունների կդիմես մինչև եղբորդ գալը... Թագավորը էլի մի քանի հարց տվեց որդուն և առանց ուշադրություն դարձնելու նրա վիրավորվածությանը` նորից աներկիմաստ ակնարկներ արեց` ի՞նչ կաներ նա, եթե թագավոր լիներ: Բնավ խմած մարդու շատախոսություն չէր: Տիգրանն իր նպատակներն ուներ, և Գուրը դա հասկացավ: Արքայազնի մտքով իհարկե չի անցնի թագադրվել եղբոր փոխարեն, բայց քանի դեռ թագ կրելու գայթակղությունը մեծ է բոլոր արքայական տներում, Գուրն ամեն դեպքում թող իմանա, որ իր թագավոր դառնալու դեպքում ոչ մի լուրջ քաղաքական հենարան չի ունենա և շուտով կորստյան կմատնվի: - Իսկ հիմա, որդի՛ս, այստեղ կանչիր Աստղիկին: - Բանաստեղծ Համազասպի դստե՞րը: Ինչի՞դ է պետք այս ուշ ժամին: - Մեզ համար գիրք կկարդա: Արքայազնը չհակառակվեց: Քիչ անց ներս մտավ մի սևաչյա գեղեցկուհի ու խոնարհ կանգնեց Տիգրանի առաջ: Թագավորը մոտեցավ աղջկան, մի քանի վայրկյան հիացմունքով զննեց նրա անկրկնելի դիմագծերը ու ճակատը համբուրելով` ասաց: - Սեղանից վերցրու այն գիրքը և կարդա մեզ համար, աղջի՛կս: Աստղիկը փոքր-ինչ շփոթված կատարեց թագավորական հրամանը, որ ավելի շատ հայրական խնդրանքի էր նման, ապա հաղթահարեց հուզմունքը և շարունակեց իր երգեցիկ ու կարկաչուն ձայնով: Գիրքը Արտաշես թագավորի և Սաթենիկ թագուհու սիրո պատմությունն էր և համառոտ ուներ հետևյալ բովանդակությունը: Ալանների անհամար զորքը ասպատակել էր Կովկասը և շարունակում էր դեպի հարավ առաջանալ: Բարեհաջող հասնելով մինչև Քուռ գետը` նրանք հանդիպեցին Արտաշես թագավորի հեծյալներին և դաժան հակահարված ստացան: Ալանները քաջարի ռազմիկներ էին և անշուշտ նոր գրոհի փորձ էլ կանեին, բայց այդ ճակատամարտում Արտաշեսը գերել էր նրանց թագաժառանգին, և նույնիսկ միամիտ լինելու դեպքում կարելի էր հեշտությամբ գլխի ընկնել, որ դա առավելագույնս օգտագործելու էր ի շահ իրեն: Ալանների թագավորը որոշեց խորամանկության դիմել և Արտաշեսի հետ բանակցելու ուղարկեց իր դուստր Սաթենիկին, որ հազվագյուտ գեղեցկուհի էր, և նրա հմայքները պետք է որ դրական ազդեին բանակցությունների վրա: Ալանների թագավորը չէր սխալվել, բայց, ինչպես հայտնի է, ցանկացած չափազանցություն իր հետ նաև անցանկալի հետևանքներ է բերում: Սաթենիկին տեսնելով` Արտաշեսը խելացնորության աստիճան սիրահարվեց և ժամանակավորապես մի կողմ թողնելով ալանների թագաժառանգին ազատ արձակելու հրատապ հարցը` իր հերթին արքայական պատվիրակություն կազմակերպեց ու խնամախոսության ուղարկեց հակառակորդի ճամբար: Լսելով Արտաշեսի առաջարկը` ալանների թագավորը առուծախի ամենախայտառակ բանակցություններ սկսեց և այնքան տարվեց դրանով, որ նույնիսկ մոռացավ որդուն փրկելու նվիրական գործի մասին: Հայտնի չէ, թե ագահ ալանն ինչքան է պահանջել դստերը կնության տալու համար, բայց ստույգ հայտնի է, որ ալանների և հայերի միջև այդ կապակցությամբ միջպետական սակարկություններ չեն եղել: Լսելով ապագա աներոջ պատասխանը` Արտաշեսն առանց երկար-բարակ մտածելու թռչում է իր հրեղեն ձիու վրա, կայծակի պես անցնում Քուռ գետը և առևանգում Սաթենիկին: Թե քանի մարդ է Արտաշեսը կոտորել, վախեցրել և փախուստի մատնել մեն-մենակ այդ քաջագործությունը կատարելիս, պատմական աղբյուրները լռում են: Ասվում է միայն, որ Սաթենիկին առևանգեց օղապարանով, որը փոքր-ինչ ցավեցրել էր գեղեցկուհու մեջքը և, ինչը, սակայն, չխանգարեց, որ նա սիրի Արտաշեսին եզակի և կրքոտ սիրով, իսկ այդ սիրուց ծնվեցին վեց որդիները... Սիրո թեման փակելով` թագավորը վերջապես անդրադարձավ երկրի խնդիրներին և երկար ու հանգամանալից խորհուրդներ տվեց որդուն: - Արևմտյան նախարարների դեմ առայժմ ոչինչ մի ձեռնարկիր: Մի քանիսին արտոնություններ կտաս. դա կխարխլի նրանց միասնական շարքերը և որոշ ժամանակ թույլ չի տա միաբան լինել: Աշխուժացրու բանակցություններդ պարթևների հետ, խնդրիր նրանց որպես կրտսեր եղբայր և, ի միջի այլոց, հիշատակիր հռոմեացիներին: Բոլոր կարող ուժերը և մեզ հավատարիմ զորքերը հավաքիր Արտաշատում ու մատույցներում: Փոքր խմբերով, բայց այնպիսի տարածության վրա, որ կարողանան անմիջապես ի մի գումարվել: Պատրաստվիր դիմավորելու եղբորդ: Շատերին ձեռնտու չէ նրա վերադարձը, առաջին հերթին` գլխավոր քրմին, և նա բազում դարաններ ու ծուղակներ կսարքի: Շքեղ հագնված թույլ զորքեր կդնես այն ճանապարհին, որը կհայտարարես եղբորդ գալստյան ուղի, իսկ մեկ այլ, նրա գալիք իսկական ճանապարհին գեղջուկների հագուստներ հագած ամենաընտիր զորքեր կդնես: Լուր ուղարկիր եղբորդ, որ գալուց առաջ կեղծ քարավան ուղարկի` իր անունով եկող, իսկ ինքը գա մեկ այլ, ծածուկ ճանապարհով: Այսօրվանից լուր ուղարկիր մեր պետության սահմաններն` իմ մահվան կապակցությամբ: Նախ` դա հեռու չէ ճշմարտությունից, իսկ երկրորդը` կխառնի մեր հակառակորդների հաշիվները: Մեծ Հայքի գահն ազատ է, օրինական թագաժառանգը` հեռվում... Շատերը կուզենան հարմարավետ տեղավորվել Արտաշես թագավորի գահին, ուրիշներն` իրենց մարդկանց նստեցնել: Հանգամանքներն ամեն օր փոփոխական կլինեն: Երբ ուժեղ կլինես, զգույշ շուրջբոլորդ նայիր և դարան մտնելով` կործանիր ամենալկտիացած թշնամուն: Իսկ երբ թույլ կլինես, քեզ առյուծ ձևացրու և նույնիսկ ամենամերձավորներիդ մոտ ի ցույց մի դիր անկարողությունդ: Ամենուր լուր տարածիր, թե թագաժառանգ Տիգրանը գալիս է` հսկայական զորքի գլուխն անցած, և իմիջի այլոց նշիր, որ Մեծ Հայք է գալու` սկզբնապես այցելելով երկրի արևմտյան նախարարությունները: Դրանից հետո կրկին արտոնություններ խոստացիր նախարարներից ոմանց և սպասիր իրադարձությունների զարգացմանը: Արդեն հասկացար, որ այդ խոստումներից ոչ մեկը չես կատարի: Եթե Միհրդատ Արշակունին օգնության դիմաց հողային զիջումներ պահանջի, սակարկեք ամեն մի ափ հողի համար, սակայն վաճառականի պես մի տարվեք դրանով և առավել ուշադրություն դարձրեք հարցի քաղաքական կողմին: Այժմ պետք է, որ կենտրոնանանք տերության արևմտյան սահմանին, որտեղ, խելացի և հաշվենկատ լինելու դեպքում, տասնապատիկը կհատուցենք հարավում կորցրած հողերի դիմաց... Միհրդատ Արշակունին իմ անձնական թշնամին է, երբեք չեմ ների նրան: Սակայն իմ մահից հետո նա պետք է Մեծ Հայքի բարեկամը դառնա: Ավելի լավ է որոշ ժամանակ կախված ձևանալ պարթևներից, քան մաս-մաս անել տերությունը: Հավատա՛, մեր երկրի թուլությունը թվացյալ է: Հայաստանը վաղուց մեծ պատերազմի մեջ չի եղել: Մեծ Հայքի լեռներն այլևս նեղ են իմ ժողովրդի համար, ինչպես մանկան համար` օրօրոցը: Ուժեղ ու եռանդուն ձեռք է անհրաժեշտ: Եթե տարիքս և հիվանդությունը չխանգարեին, շատ երկրներ կնվաճեի: Հիշի՛ր, ամենակարևորը եղբորդ բարեհաջող վերադարձն է... Տիգրան թագավորը հաջորդ օրը չմեռավ, ինչպես համառորեն պնդում էր: Ոչինչ չպատահեց նաև մյուս օրը: Բայց երևում է ծերունին իսկապես ինչ-որ բան զգացել էր: Այդ զրույցից երեք օր անց Հայաստանի տիրակալը ծանր հիվանդացավ և անկողին ընկավ: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.