Jump to content

LINGUIST

Forumjan
  • Posts

    65
  • Joined

  • Last visited

Everything posted by LINGUIST

  1. Այս և նման արտահայտությունների գործածումն ի-ով կամ առանց դրա քերականության խնդիր չէ և որևէ կանոնով չի սահմանվում: Պարզապես լեզվում պահպանվել են մի շարք գրաբարյան ձևեր, որոնք պետք է հիշել, ինչպես` ի լուր, ի հեճուկս, ի զարմանս, ի դեմս, ի կատար ածել ևն (բայց` հօգուտ, ոչ թե ի օգուտ): «Նկատի ունենալ/առնել» արտահայտությունները երկու ձևով էլ հանդիպում: Սակայն այս շարքին չի պատկանում «ի շնորհիվ» տարածված սխալ ձևը. այստեղ միակ ճիշտ ձևն է «շնորհիվ»-ը:
  2. Ճիշտ ձևերն են` «best in the world, highest in the city»: Ածականների գերադրական աստիճանից հետո սովորաբար գործածվում է in նախդիրը, եթե այն նախորդում է խումբ կամ տեղ ցույց տվող եզակիով գոյականի, ինչպես` «She’s the best pupil in the class», իսկ ժամանակ ցույց տվող գոյականի, հոգնակիով գոյականի կամ lot, bunch բառերի դեպքում գործածվում է of նախդիրը, օր.` «the most famous scientist of this century», «the tallest player of them all», «the most active of the bunch» և այլն:
  3. Տարբերությունն այս է. երբ պատրաստման, արտադրության արդյունքում սկզբնական նյութը փոխվում է, գործածվում է «made from» տարբերակը, ինչպես` «Cheese is made from milk», երբ պատրաստման արդյունքում նյութը մնում է նույնը, ապա գործածվում է «of» նախդիրը, ինչպես` «This watch is made of gold», իսկ «made with»-ը հիմնականում գործածվում է խոհարարական բաղադրատոմսերում, օրինակ` «The cookies are made with sugar and cinnamon»: Նույն կերպ և` «Paper is made from wood», «The table is made of wood», «What did you make this chocalates with?» և այլն: Հաճախ «of» նախդրի հետ գործածվում է «out» նախդիրը` «a statue made out of bronze», և սա ունի ծագման իմաստի ավելի լայն կիրառություն, ինչպես` «made out of envy» արտահայտության մեջ նախանձից դրդված իմաստն է:
  4. Ոչ: «Լիմոն» բառը հանգում է պարսկերեն «լիմուն» բառին, որը արաբերենի, իսկ այնուհետև` հին իտալերենի միջոցով մտել է եվրոպական լեզուներ: Իսկ հայերեն «կիտրոն» բառը փոխառյալ է լատիներեն «citrus»-ից:
  5. «Թոնիր» բառի ծագումը վերջնականապես պարզված չէ դեռևս: Հյուբշմանի վարկածը հերքվում է, փախառությունը պարսկերենից չէ, որովհետև համաձայն հնչյունական կանոնների` պարսկերեն բառից «թոնիր» ձևը չէր ստացվի: Հատկանշական է, որ այս բառը կար նույնիսկ աքքադերենում` «թինու՛րու», որ նշանակում էր ջեռոց: Սակայն դժվար է ասել` աքքադերե՞նն է փոխատու լեզուն, թե՞ մեկ ուրիշը: Բացի նշվածներից նույն արմատից է նաև անգլերեն բառը` «tandoor» (փոխառել են հնդկերենից, սա` պարսկերենից, սա էլ` արաբերենից, որն իր հերթին` աքքադերենից):
  6. Սաս, գրական հայերենի համար այսօր «ճիշտ չի» ձևն ընդունելի չէ: Այլ բան է, երբ հայտնի գրողների գործերում հաճախ միտունավոր գործածվում են գրականից շեղված ձևեր: Սևակի դեպքում (այդ նախադասության համատեքստին ծանոթ չեմ) դժվար է ասել, թե ինչն է եղել պատճառը: Եթե նա իրոք այդպես է գրել, և վրիպակի խնդիր չէ այստեղ, ապա հնարավոր է, որ դա միտումնավոր արված լինի. քիչ հավանական է, որ Սևակը նման տարրական սխալ աներ: Նման օրինակ կարող է ծառայել և Չարենցի «իմ մոտ»` բազմիցս քննարկված, գրական լեզվի տեսակետից սխալ ձևը: Սակայն սրանք առանձին, բացառիկ դեպքեր են, այլ ոչ այսօրվա հայերեն լեզվի գործածության օրինաչափություններ: Նման դեպքերում գրական հայերենի համար ընդունելի է վերոհիշյալ կանոնը:
  7. MIG-35,բանն այն է, որ Էքերսլին և շատ ուրիշներ իրենց գրքերում հիմնական շեշտը դնում են նյութի, բացատրության մատչելիության վրա` նպատակ չունենալով տալ համապարփակ քերականական վերլուծություն, օրինաչափություն (տվյալ դեպքում դա հնարավորություն է տալիս շրջանցելու հատուկ և հասարակ գոյականների քերականական տարբերակումը ևն): Դրանով է պայմանավորված նշված կանոնի անհամապարփակությունը, թեև հիմնականում այն ճիշտ է:
  8. Նյու Յորք, Պապուա-Նոր Գվինեա (նույնը` ռուսերենում), ցուցահանդես-վաճառք, չարաչք (նաև քաջառողջություն), բացօթյա, Վանաձոր, Վանա լիճ, կիլոմետր-ժամ, մերձավորարևելյան:
  9. Տարբեր բառեր են: «Ոչ ոքի»-ն ոչ ոք դերանվան սեռական հոլովաձևն է, ինչպես` «Ոչ ոքի գործը չէ, թե ես ու՛ր եմ գնում», իսկ «ոչ-ոքի»-ն խաղը հավասար հաշվով ավարտելն է` «Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի»: Այսպիսով, «Ոչ ոքի չհաջողվեց վարպետի հետ պայքարում խաղն ավարտել գոնե ոչ-ոքի»:
  10. Նման դեպքերի համար անգլերենում կանոն կա, որի համաձայն` երբ տեղանվան բառակապակցության մեջ որոշյալին հաջորդում է հատուկ անուն, ապա հոդ չի գործածվում, իսկ երբ հաջորդում է հասարակ անուն` գործածվում է որոշյալ հոդը, ինչպես` «Soviet Armenia», «Northern Ireland», «South America», «Eastern Europe», «Central Asia» բայց` «the Soviet Union», «the Persian Gulf», «the Middle East», «the Pacific Ocean», «the United States», «the Sahara Desert», «the Mediterranean Sea» և այլն:
  11. Կարելի է, դա չի հակասում ուղղագրական կանոններին, ինչպես` Հայոց Աշխարհ, Հայաստանի Հանրապետություն և այլն:
  12. Դրանցից առավել ընդունված է ապաթարցով ձևը (շնչավորների համար), ինչպես` «Our income is no business of Tom’s», «That’s a nice dress of hers»: Իսկ երբ խոսքը մարդկային հարաբերությունների մասին է, սրան զուգահեռ կիրառվում է նաև առանց ապաթարցի տարբերակը, ինչպես` «He’s a friend of my brother/brother’s»: Պետք է նշել սակայն, որ առանձին դեպքերում կախված ձևից` իմաստի տարբերակում է նկատվում, օր.` «a picture of Andrew» նշանակում է նկար, որում պատկերված է Էնդրյուն, բայց «a picture of Andrew’s» ցույց է տալիս, որ նկարը պատկանում է Էնդրյուին կամ նրա գործն է: Սրան համարժեք «Andrew’s picture» բառակապակցությունը երեք իմաստով էլ կարող է գործածվել (ինչպես հայերենում, ռուսերենում ևն):
  13. Համաձայն ավանադական գործածության կանոնների` «silk» գոյականը, որոշչի դերում հանդես գալիս, նշում է մետաքսից պատրաստված լինելու փաստը, ինչպես` «a silk scarf», «silken» ածականը կիրառվում է հիմնականում փոխաբերական` նուրբ կամ շքեղ իմաստներով, ինչպես` «The cat moved with silken grace», «silken wine», իսկ «silky»-ն սովորաբար գործածվում է «շոշափելիս մետքաս հիշեցնող, մետաքսի նման» գաղափարը նշելու համար, օր.` «silky cotton»: Սակայն այսօր այս կանոնը հաճախ խախտվում է նույնիսկ հեղինակավոր բառարաններում: Այդուհանդերձ, գրական անգլերենում խորհուրդ է տրվում պահպանել վերոհիշյալ տարբերակումը:
  14. Ներգործական բայերը միշտ չէ, որ հանդես են գալիս ուղիղ խնդրով (հակառակ տարածված կարծիքի): Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ դրանք ցույց են տալիս շարունակական, կրկնվող գործողություն, ենթակայի մշտական հատկանիշ, ինչպես` «Վերջերս սկսել ես վատ ուտել»: Ներգործական «ուտել» բայն այստեղ ցույց է տալիս պարբերաբար կրկնվող գործողություն, այդ իսկ պատճառով հնարավոր է դառնում նրա գործածությունն առանց ուղղակի խնդրի: Հնարավոր, թեև ոչ պարտադիր. անհրաժեշտության դեպքում բայը կարող է ուղիղ խնդիր ստանալ` «Վերջերս սկսել ես միս վատ ուտել»: Այդուհանդերձ, «ուտել» բայը համարվում է ներգործական, որովհետև այն կարող է ստանալ ուղիղ խնդիր, և սովորաբար այդպես է որ կա, հմմտ.` «Նա շատ է կարդում» և «Նա շատ է քայլում», առաջին դեպքում գործ ունենք ներգործական բայի հետ, քանի որ այն կարող է ստանալ ուղիղ խնդիր` «Նա շատ է գիրք կարդում», իսկ երկրորդ դեպքում «քայլել» չեզոք բայն ուղիղ խնդիր չի կարող ունենալ: Նեգործականների գործածումն առանց ուղիղ խնդրի կոչվում է ներգործական բայերի բացարձակ գործածություն:
  15. Smally, ճիշտ գրությունն է գծիկով` «Ի՞նչ կա-չկա»: Հայերենի ուղղագրության կանոնների համաձայն` բայերի զուգադրումով բարդությունները գրվում են գծիկով, եթե բաղադրիչները հականիշային հարաբերության մեջ են, ինչպես` «Ու՞ր ես գնում-գալիս», «Անընդհատ տանում-բերում են», «Ձեռքը բարձրացրեց-իջացրեց» և այլն:
  16. «Պաչել» բառն ամենայն հավանականությամբ ունի բնաձայնական ծագում (հմմտ. ռուսերեն «чмокать», անգլերեն «smooch, smack»), ինչպես նաև նույնարմատ այլ բառերը` «պաչպչել», «պաչիկ» և այլն:
  17. Irrevocable letter of credit – անչեղարկելի ակկրեդիտիվ/հաշվարկագիր Negotiable instrument – փոխանցելի գործիք Documents against acceptance – փաստաթղթերը հոժարագրման դիմաց Pricing – գների նշանակում, գնանշ(անակ)ում Grading - տեսակավորում Handling of goods – ապրանքի փոխադրային մշակում Հարկային տեսչության պետի տեղակալ – Deputy Chief of Tax Inspection Subsidy – լրահատկացում Convert/conversion – փոխարկել/փոխարկում Auditor – հաշվեստուգիչ Օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք – foreign legal entities and individuals Նվազագույն կենսամակարդակ – cost of living Board of directors – տնօրենների խորհուրդ Labour-intensive – աշխատատար Հայերենում այսօր տարբերակում է նկատվում «տնօրինություն» և «տնօրենություն» բառերի միջև: Առաջինը տնօրինելու իրավունքն է (իմաստով մոտ հայեցողություն, распоряжение բառերին), երկրորդը` տնօրենների խորհուրդը, հմմտ.` «Հարցի տնօրինությունը/տնօրինումը թողնում ենք հիմնարկի տնօրենությանը», այսինքն` թող տնօրենները որոշեն:
  18. Գրական լեզվի տեսակետից ընդունելի են «շուտվա, վաղուցվա» ձևերը, «անկողնու մեջ» հոլովաձևը: «Ամսեկան» բառը հաճախ քննադատում են, որովհետև «ե»-ի ներկայությունն այստեղ բառակազմորեն հիմնավորված չէ, հմմտ.` տարի + ական – տարեկան (ի + ա=ե), բայց` ամիս + ական – ամսական: Սակայն «ամսեկան»ը գնալով տարածվում է թե՛ մամուլում, թե՛ առօրյայում (միգուցե բարեհնչունության պատճառով):
  19. Ի հավելումն ասվածի` «dialogue» բառի առաջին արմատն այստեղ նշանակում է ոչ թե երկու, այլ միջև («dia + legein»` «միջև + խոսել»): Ամեն դեպքում, եթե անհրաժեշտ է շեշտել, որ զրույցը միայն երկու հոգու միջև է, գործածում են «dualogue» բառը:
  20. Վերոհիշյալ շաղկապները, Կամսար, հայերենի քերականության մեջ կոչվում են այսպես. «բայց»` ներհակական, «որ»` մեկնական (Ասաց, որ կգա) կամ նպատակային (Սպասեց, որ տեսնի), «այսինքն»` բացահայտման, «կամ»` տրոհական, «միայն թե»` պայմանի, «թեկուզ»` զիջական: Ինչ վերաբերում է «մինչև, փոխանակ» և նման բառերին, ապա կախված գործածությունից` դրանք պատկանում են տարբեր խոսքի մասերի, մասնավորապես` կապի կամ շաղկապի: Այսպես, «Մինչև անձրևի սկսվելը հասանք տուն» նախադասության մեջ «մինչև»-ը կապ է, իսկ «Մինչև անձրևը սկսվեց, հասանք տուն» նախադասության մեջ` շաղկապ, քանի որ շաղկապում է երկրորդական նախադասությունը գլխավորին: Նույն կերպ և «փոխանակ»-ը. «Փոխանակ արագացնելու` փորձում ես ժամանակ շահել», համարվում է կապ, մինչդեռ «Փոխանակ արագացնես, փորձում ես ժամանակ շահել» նախադասության դեպքում գործ ունենք շաղկապի հետ: Այս շարքին են պատկանում նաև «ինչպես», «նախքան», «չնայած» բառերը, որոնք հանդես են գալիս մեկ կապի, մեկ շաղկապի դերով:
  21. Ճիշտ չէ: Դա տարածված կարծիք է, սակայն թերի և անհիմն: Նախ` բացատրեմ «between» և «among» հոմանիշների տարբերությունը: Երբ խոսքը երկու առարկաների (լայն իմաստով) մասին է, օգտագործվում է «between»-ը, բայց այստեղից չի հետևում, թե երկուսից ավել առակաների պարագայում կիրառելի է միայն «among»-ը, օր.` «The camp is situated between the woods, the river and the village»: Այստեղ «between»-ի գործածումը պայմանավորված է նրանով, որ առարկաները` անտառը, գետն ու գյուղը, դիտարկվում են որպես առանձին, ինքնուրույն միավորներ` ի տարբերություն այս դեպքի` «The camp is situated among the trees», որտեղ ճամբարը գտնվում է ծառերի խմբի մեջ, նրանց միջև: Այլ կերպ ասած` «between»-ն այստեղ ցույց է տալիս, թե ճամբարի ո՛ր կողմում ի՛նչ կա` մի կողմից անտառն է, մյուս կողմից` գետը, երրորդ կողմից էլ`գյուղը: Իսկ «among»-ն ընդգծում է խմբի` ծառերի մեջ լինելու գաղափարը, հմմտ.` «wars between the Greek cities» նախադասությունը ենթադրում է, որ քաղաքներից յուրաքանչյուրն ինքնուրույն էր մարտնչում, մինչդեռ «wars among the Greek cities»-ը կարող է նշանակել է, որ քաղաքներից մի քանիսը միավորված էին պայքարում: «Divide/share» բայերի հետ գործածվում է «between»-ը, եթե առարկաները եզակի թվով են, և «between/among»-ը` եթե առարկան հոգնակիով է` «He divided his fortune between his sons, his wife and his daughter», և «He shared his fortune between/among his friends»: Ի մի բերելով` «between» նախդիրը երկուսից ավել առարկաների հետ գործածվում է այն դեպքում, երբ վերջիններս պարզորոշ կերպով եզրագծված են, առանձին են գիտակցվում, («The bomb landed between the houses»` առանձին տների միջև և ոչ թե որևէ տան վրա), իսկ «among»-ը գարծածվում է, երբ առարկաները դիտարկվում են որպես մի ամբողջություն, խումբ («The bomb landed among the houses»` տներով զվաղեցրած տարածքի վրա, տների վրա ընդհանուր առմամբ): Այդ իսկ պատճառով հետևյալ նախադասության մեջ «among»-ի գործածումը սխալ կլիներ` «What’s the difference/choice between between, among and amid?», «…the treaty/rivalry between the three countries», «contrast/distincion/link between these things», «between you and me and the bedpost»` «մեր մեջ ասած», «Between the children, my job and the cooking, I don’t have a minute»` «Երեխաները, աշախատանքն ու ճաշ պատրաստելն ամբողջ ժամանակս խլում են/ազատ րոպե չեն թողնում» և այլն: Այժմ «among(st)» և «amid(st)» բառերի տարբերության մասին: -st վերջավորությամբ ձևերը (որտեղ այն միջին անգլերենի մակբայի վերջավորություն է) հատուկ են գրքային ոճին: Ինչպես ասվեց, «among»-ը գործածվում է հոգնակի թվով գոյականից առաջ, խումբ, մեկ ամբողջություն ցույց տվող բառերից առաջ, նաև երբ նշանակում է «մեկը ինչ-որ խմբի միջից», ինչպես` «Among so many only a few can survive»: Իսկ «amid»-ը նախընտրելի է, երբ կա որևէ անորոշ, աննյութական բանով պատված լինելու գաղափարը, օր.` «amid the confusion, cries» կամ միմյանց հաջորդող երկու գործողություն, օր.` «He climbed the rope amid shouts and applause», իսկ մնացած դեպքերում` «among»-ի փոխարեն գործածվելիս, «amid»-ը հնչում է գրքային` «The hotel was in a beautiful position amid lemon groves»:
  22. «Տամար» բառը հայկական չէ, այն փոխառություն է սեմական լեզուներից, հանգում է թյուրքական նախալեզվի վերականգնված «դամոր» ձևին, որը նշանակում էր «արյուն, արմատ»: Առաջինից էլ ծագել է երակի իմաստը և տարածում գտել բազմաթիվ այլ լեզուներում, այդ թվում ադրբեջաներենում, թուրքերենում, ուզբեկերենում, թաթարերենում, չուվաշերենում, ղազախերենում, ղրղրզերենում և այլն: «Տամարը մտնել» նշանակում է համոզել: Կան նաև «տամարը բռնել»` թույլ կողմը գտնել նշանակությամբ և «տամարը կակղել» արտահայտությունները` մեղմացնել:
  23. Սիրելի՛ Գայանե, նշված տարբերակներից երկրորդն են գործածում, ասում են «Երեխան տենդում է», բայց ավելի հաճախ ոչ թե «տենդել» բայն են օգտագործում, այլ միտքն ուրիշ կերպ են արտահայտում, ինչպես` «Երեխան տենդի/դողէրոցքի մեջ է (ընկել)», «Երեխայի տենդը բռնել է» և այլն:
  24. Իհարկե, «տենց» չէ և ոչ էլ բացառություն է: Առաջին հայացքից հակասում է կանոնին, սակայն հարցն ավելի ուշադիր դիտարկելու դեպքում կարելի է նկատել, որ «well» բառը միայն մակբայ չէ, այլև ածական է և նշանակում է հիմնականում «առողջ, ապաքինված», ինչպես` «He’s well again»` «Նա ապաքինվել է»: «I feel good» և «I feel well» նախադասությունները ճիշտ են, բայց առաջինն ավելի ընդհանրական իմաստ ունի, նշանակում է «Լավ եմ զգում, այսինքն` Ինձ հաճելի է ևն», մինչդեռ երկրորդ դեպքում թարգմանվում է «Լավ եմ զգում, այսինքն` ինքնազգացողությունս լավ է»: Երբեմն հանդիպում են նաև այսպիսի ածականական կիրառումներ` «It would be well to leave immediately»` «Ճիշտ կլիներ/Խորհուրդ կտայի անմիջապես հեռանալ», «It’s well that he made it on time»` «Լավ է/լավ ստացվեց, որ ճիշտ ժամանակին եկավ», սակայն նման դեպքում հաճախ «good» բառն է գործածվում:
  25. Գրական անգլերենում ճիշտ է համարվում անհոդ գարծածումը, ինչպես «This kind/sort/type/variety of book is hard to find»: Սակայն, խոսակցական ոճում հանդիպում են հոդով գործածություններ, հատկապես երբ ուզում են խոսքն առավել հուզական դարձնել, օրինակ` «What kind of a man is he?» կթարգմանվի «Արա էտ ի՞նչ տեսակ/սոռտի մարդա հա էտի»: Եվ ըստ այդմ, երբեմն կարող է ի հայտ գալ իմաստի նուրբ տարբերակում, հմմտ.` «What kind of job is that?»` «Ի՞նչ բնույթի գործ է դա» և «What kind of a job is that?»` «Գոհ ե՞ս արածիցդ/Տեսա՞ր ինչ արիր»:
×
×
  • Create New...