Jump to content

LINGUIST

Forumjan
  • Posts

    65
  • Joined

  • Last visited

Everything posted by LINGUIST

  1. Ինչպես երևում է, խոսքը բայի սեռի մասին է: «There’s no time to lose/to be lost»` երկուսն էլ ճիշտ են: Անգլերենում լինում են դեպքեր, երբ կրավորական և ներգործական սեռերը հանդես են գալիս նույն իմաստով, ինչպես` «She described me the job to do/to be done», բայց` «I’ve got no time to lose»: Կանոնը հետևյալն է. եթե գործողություն կատարողը նախադասության ենթական է, ապա գործածվում է ներգործական սեռը, օրինակ, «He still had a lot of questions to settle down», իսկ եթե ենթական կրում է գործողությունը, ապա «be» բայից հետո գործածվում է կրավորական սեռի բայ, ինչպես` «The work is to be finished tonight» (բացառությամբ երբ գործ ունենք «for …to» կառուցվածքի հետ` «…is for me to finish»): Քո բերած օրինակը, Ալիսկա, չի վերաբերում վերը նշված երկու դեպքին, և հնարավոր է դառնում և՛ ներգործական, և՛ կրավորական սեռի բայի գործածումը, օրինակ` «The suspects to interrogate/to be interrogated were brought to the police station», «There are still fifty runs to make/to be made»: Հիշիր նաև` «He’s not to blame (ոչ` to be blamed) for her death»: Իսկ այստեղ կախված ձևից` նախադասության իմաստը փոխվում է` «I’m so bored, is there really nothing to do?»` «…անելու բան չկա» և «There’s nothing to be done; we missed the train»` «Ոչինչ չես փոխի/չենք կարող անել…»: Հ.Գ. Ցավոք, այսօր ուսուցչական կազմի բազում ներկայացուցիչներ ամենատարբեր պատճառներով շատ հեռու են բավական չափով մասնագիտական պատրաստվածություն ունենալուց, և հաճախ նման անգրագիտության զոհն են դառնում աշակերտները:
  2. Smally, սխալներից մեկը, ճիշտ ես, հոդի բացթողումն է, իսկ երկրորդը` պետք է լիներ «go by unnoticed and undetected», և, իհարկե, կետադրական սխալները:
  3. Անգլերեն «dialogue»-ն ու հայերեն «երկխոսություն»-ը հաճախ համարժեք չեն համարվում իմաստային տեսակետից, քանի որ, ինչպես իրավացիորեն նշվեց, օտար բառերը (այդ թվում և ռուսերենում) կիրառելի են երկու կամ ավել անձանց միջև զրույցի համար, մինչդեռ հայերենում այս դեպքում սկսել են գործածել «տրամախոսություն» բառը: «-logue/log» բաղադրիչով կազմված և զրույց, խոսակցություն նշանակող մեկ այլ բառ է «travelogue»-ը, Smally, որ նշանակում է «ճանապարհորդության վերաբերյալ դասախոսություն, որն ուղեկցվում է ֆիլմի/դիապոզիտիվի ցուցադրությամբ» (թեև սա «dia-/monologue»-ի տրամաբանական շարունակությունը չէ): Իսկ այնպիսի բառեր, ինչպիսիք են «polilogue, multilogue, բազմախոսություն»-ը բառարաններում ամրագրված չկան:
  4. Phrigjan, գրաբարում փոխառության ժամանակ բառերը ենթարկվում էին որոշակի ուղղագրության, ձևափոխության: Այդ օրինաչափություններից մեկն էր օտար «l»-ի փոխարինումը «ղ»-ով, օրինակ` «leqa - ղեկ», «mangal - մանգաղ», «magallyda - մագաղաթ», «sesalta - շղթա» «Елена - Հեղինե» «աքաղաղ – աքաղքաղ - քաղ(կանչել) - kel»և այլն, նույն կերպ և օտար «f» հնչյունը հայերենում դառնում էր «փ»` «дельфин – դելփին (թեև նմացել է նաև դելֆին ձևը)», «phylosophy - փիլիսոփայություն», «светофор - լուսափոր»:
  5. Ի հավելումն ասվածի` սրանք հոմանիշներ են, Ալիսկա, բայց ոչ միշտ փոխարինելի: «Eatable» բառը նշանակում է «ուտելու համար պիտանի, չփչացած», մինչդեռ «edible»-ի իմաստն ավելի լայն է. այն ներառում է «eatable»-ի իմաստը և բացի այդ ունի «ոչ թունավոր, որպես կերակուր օգտագործվող» նշանակությունը, օրինակ` «She put so much salt into the dish that it was hardly eatable/edible», բայց` «These mushrooms are considered edible (այսինքն` կարելի է ուտել, թունավոր չեն)»:
  6. Բնօրինակը, Kars, գրական անգլերենի տեսակետից այնքան էլ գրագետ չէ և սխալներ է պարունակում: Դրան է ավելանում ստորակետների կիսատ գործածումը, որը դժվարեցնում է մտքի հեշտ ըմբռնումը: Թարգմանությունը կարող է լինել սա` «Իսկ քո խղճուկ/տկար մտքով չի՞ անցել, թե շատ հավանական է. որ, ասենք, վերը նշվածներից գոնե մեկը նկատել է անհաջող սքողված խաբեբային, ով, ինչպես ենթադրում էր ոմն տխրահռչակ մի հիմար, կարող էր անցնել աննկատ»:
  7. SAS, «ջութակ» բառի ծագման վերաբերյալ, իմ կարծիքով, ամենահավանականն առաջին տարբերակն է: Այս պահին, ցավոք, ձեռքիս տակ համապատասխան գրականություն չկա` ծագումը ստուգելու համար, բայց «ջուխտ + ակ» մեկնաբանումը տարածված տեսակետ է: Երկրորդ վարկածը, ինչպես նաև երրորդը, ըստ իս, արժանահավատ չեն («դ»-ից «ջ»-ի անցում չեմ մտաբերում): Eghern.net, պատասխանեմ հնարավորինս հակիրճ (թեման ինքը շատ երկար է): Գոյություն ունի այսպիսի մի չգրված օրենք, որը կիրառվում է լեզվի տարբեր մակարդակներում. իր զարգացման ընթացքում Լեզուն ընտրում է իր համար «ամենաճիշտ», ամենահարմար և ընդունելի դրսևորումը, լինի դա բառերի, արտասանության կամ այլնի առումով: Փորձը բազմիցս ցույց է տվել, որ նույնիսկ եթե մի խումբ անհատներ դեմ դուրս գան Լեզվի բնականոն ընթացքին, ապա նրանց հայացքները, միևնույն է, դատապարտված են անհաջողության (ինչպես –ություն վերջածանցի ականջ ծակող, այսօրվա տեսակետից անբարեհունչ, արհեստականորեն առավելագույնս գրականացված-զարդարված, որպես «միակ ճիշտ» արտասանություն պարտադրելու անիմաստ փորձերը` իբր ոչ թե [ուցյուն], այլ [ություն]): Տվյալ դեպքում այս խումբը ներառում է զանազան գործիչների, պատմաբանների, մի քանի լեզվանաբի և քաղաքագետների: Վերջինների վրա ուշարություն հրավիրեցի, որովհետև այս ուղղագրության միասնականացման հարցում շատերն իրավացիորեն տեսնում են քաղաքական դրդապատճառ (թեև ոչ միայն սա), ոչ լեզվական, սա լեզվի սահմաններից դուրս է, իսկ լեզուն այստեղ օգտագործվում է որպես միջոց… Բարեբախտաբար, այս խումբը փոքրամասնություն է կազմում, և այսօր տեսակետը զանգվածային բնույթ չի կրում: Հայաստանի Հանրապետության պետական լեզուն Արարատյան բարբառի վրա կազմված արևելյան հայերենն է եղել տասնամյակներ շարունակ և այդպես էլ մնում է: Ո՞րն է այն սարսափելի պատճառը, որ ստիպում է ոմանց փորձել ձևափոխել կայացած, զարգացող և իր ուրույն տեղն ունեցող արևելահայ հայերենը(իսկ ուղղագրության հետ մեկտեղ կձևափոխվի և լեզուն, բնական է): Միանշանակ համոզիչ պատասխան չի հնչում մինչ օրս… Հ.Գ. Կողմ լինելը միայն բավական չէ, Eghern.net: Եթե նման պահանջով հանդես եկող մի քանի արևմտահայեր իրոք ցանկանում են միասնություն այս հարցում, ապա ի՞նչն է խանգարում զիջումների գնալը (էլ չեմ ասում, պարզապես իրենց հայրենիքի պետական հայերենն ընդունելը):
  8. Ինչ վերաբերում է ըստ լեզուների հարցերի տեղափոխմանը տարբեր թեմաներ, ինձ այնքան էլ պարզ չէ դրա տրամաբանական պատճառը: Ինչպես նշվեց արդեն, հարմարության տեսակետից, այո, հարցերի կենտրոնացումը մեկ տեղում ավելի հեշտ է: Այլ բան է, եթե սա հակասում է սույն ֆորումի կանոնադրությանը, որը քիչ հավանական է սակայն, հատկապես որ հարևան թեմաներն աչքի չեն ընկնում մեկ լեզվի գործածմամբ: Բացի այդ, ինչպես հասկացա, առաջարկվում է, օրինակ, անգլերենի համար ստեղծել «LINGUIST answers» անվանումը կրող բաժին, ռուսերենի համար` «Отвечает Лингвист» և այլն, իսկ եթե տրվում է հարց, ասենք, լեզվաբանությունի՞ց, կամ թարգամություն երեք լեզվո՞վ կամ լեզվի այլ բնագավառի՞ց: Երևի կարելի է զանազան տարբերակներ գտնել, առաջարկել, բայց որ ի՞նչ:
  9. Այստեղ գրական-խոսակցական տարբերակում չկա, Կամսար. իմաստային նրբության հարց է: Տարբերակում են հետյալ կերպ. եթե համեմատության հիմքում ընկած է տարաբնույթ առարկաների նմանությունը, գործածվում է «to» նախդիրը, ինչպես` «He compared her to a newborn butterfly that was destined to die the same day» (ոճաբանության տեսակետից առկա է «simile»` «համեմատություն» հնարանքը), իսկ եթե նույն դասի պատկանող առարկաների նմանության ու տարբերության մանրակրկիտ վերլուծություն է արվում, ապա «compare»-ն ստանում է «with» նախդիրը, օրինակ` «He compared the computer data with his results» (ոճաբանության տեսակետից առկա է «comparison»` «բուն համեմատություն» հնարանքը, ոչ «simile»), այսինքն` համեմատեց, որ պարզի, թե ինչ տարբերություննեեր կան տվյալների միջև: Տարբերակման մեկ այլ եղանակ հուշեմ. սովորաբար, եթե մտովի ստացվում է գործածել «and» նախդիրը, ապա դա նշվածներից երկրորդ դեպքն է («and» = «with»)` «… the computer data and his results»: Սակայն, այս կանոնը չի վերաբերում «compared to/with» զուգաձևերին. այս դեպքում իմաստի նման տարբերակում չկա, և ձևերը փոխարինելի են, ինչպես «The new version is more sophisticated compared to/with the old one»: Իսկ երբ երկրորդ համեմատվող առարկան չի նշվում, ապա նախընտրում են «with» նախդիրը` «Our garden cannot compare with theirs»:
  10. Ճիշտ չէ մեկնաբանված: «Հոմանիշ/համանիշ» եզրերը նույնն են, նշանակում են իմաստով հարող, մոտ բառեր, ինչպես` «ցանկություն - մարմաջ» զույգից առաջինը թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով է գործածվում, մինչդեռ երկրորդը` միայն բացասական, նույն կերպ և «ձգտում - նկրտում» զույգը, «քնել - ննջել - խռմփացնել» հոմանիշները տարբերվում է ոճի տեսակետից, «քնել»-ը չեզոք է, «ննջել»-ը` գրքային, «խռմփացնել»-ը` խոսակցական և այլն: Սակայն, լեզվում գոյություն ունեն «նույնանիշ» կոչվող բառեր, որոնք, Ալիսկա, քո նշած, բուն իմաստով լրիվ նույն հոմանիշներն են: Այլ կերպ սրանց անվանում են «բացարձակ/լրիվ հոմանիշներ» (ցավոք, պետք է ընդունել, որ հայերեն դասավանդող շատ դասախոսներ իրենք էլ տեղյակ չեն այս երևույթին, որի հետևանքով շրջանցում են այն կամ տալիս սխալ մեկնաբանում ուսանողին): Բացարձակ հոմանիշների թիվը սահմանափակ է, օրինակ` «լոլիկ - պոմիդոր», «բադրիջան - սմբուկ», «լեզվաբանություն - լեզվագիտություն», «ոճաբանություն - ոճագիտություն» ևն:
  11. Երկուսն էլ ճիշտ են և ընդունելի, հարգելի՛ կոլեգա, սակայն այստեղ իմաստային նուրբ տարբերություն կա: Առաջին տարբերակի դեպքում կտրելը վերաբերում է «something»-ին, և նախադասությունը կարելի է վերափոխել այսպես` «We need something that’s used for cutting the grass»: Երկրորդ տարբերակը շեշտում է գործողությունը կատարողի մտադրությունը, և նախադասությունը մոտավորապես նշանակում է «We need something in order to cut the grass/because we want to cut the grass»: Smally, ես քննարկվող հարցի վերլուծությունն ամբողջությամբ ներկայացրել եմ այստեղ, բայց եթե ինչ-որ նկատառումներից ելնելով` դու ցանկանում ես ինքդ համոզվել, բացիր 124-րդ էջը, գտիր 8-րդ կետը` «pronouns after than» և կարդա:
  12. Smally, ուշադիր կարդա հետևյալը: Նախ` «His sister is taller than me» նախադասության ընդունելի կամ չընդունելի լինելու հարց չկա այստեղ, այն միանգամայն ընդունելի է (մի՞թե ես ասացի, թե անընդունելի է): Երկիմաստություն կա իմ բերած «You know him better than me» նախադասության մեջ, հիշեցնեմ` ոչ պաշտոնական ոճում: Եթե անգլերենին ծանոթ ես, հավանաբար լսել ես հանրահայտ Մայքլ Սուոնի և իր հայտնի «Practical English Usage» (1995) գրքի մասին: Նույն հարցի քննարկումը տարվում է այնտեղ (և ոչ միայն այնտեղ), և որպեսզի այլևս կասկածները փարատվեն, ուղղակիորեն մեջբերեմ այդ հոդվածը, իսկ դու կարդա` «In an informal style object pronouns are used after than. In a more formal style, subject pronouns are used (usually with verbs): She’s older than me (informal), She’s older than I (am) (formal). The use of object pronouns can occasionally cause confusion (ընդգծումն իմն է): I love you more than her – You mean more than you love her or more than she loves me?»: Ակամա հիշվեց Կարսի հետ բանավեճը… Չեմ զլանա կրկնել, հարգելի՛ անդամներ և մոդերատորներ, մինչև որևէ դրույթ, տեսակետ հերքելը, բարեհաճեք համապատասխան գրականություն թերթել, գտնել դրույթը հերքող վերլուծություն, և նոր միայն ստանձնեք հերքողի առաքելությունը: Դա (մասնա)գիտական բանավեճի տարրական սկզբունքներից է:
  13. MIG-35, համաձայն եմ քեզ հետ, բայց մասամբ: Կթարգմանվի միայն «connection»` «կապ» բառը: Այստեղ, սակայն, խնդիրը դա չէ, այլ հետևյալը. եթե բառը, բառակապակցությունը գործածման համազգային մասշտաբներ չունի, դա դեռևս չի նշանակում, թե այն կարիք չունի թարգմանության, որովհետև քո բերած օրինակի բնույթն այնպիսին է, որ դժվար թե դա նման տարածում գտնի, այլ կերպ ասած` դու բերում ես զուտ մասնագիտական եզրեր, որոնք ծրագրավորման հետ առնչություն չունեցող շատերի համար լրիվ անծանոթ են: Նույն կերպ կարելի է խոսել ոճաբանությունից «оксюморон»-ի մասին և ավելորդ համարել «նրբաբանություն» թարգմանությունը, փայտամշակման «прифуговка»-ի մասին` անտեսելով «դարզ(ակց)ում»-ը (ինչպես ժամանակին ջրածնի փոխարեն ասում էին հիդրոգեն) և այլն: Նման բառերին հիմնականում համապատասխան ոլորտի մասնագետներն են ծանոթ և թարգմանիչների մի մասը: Թարգմանություն, հաջող թարգմանության մասին է խոսքը, իհարկե պետք է: «Floppy»-ն նույնպես բացառություն չէ, և կարևոր չէ, որ այն աստիճանաբար դուրս է մղվում նոր տեխնոլոգիաների կողմից (եթե չեմ սխալվում այդ սկավառակներն առնվազն տասը տարի գործածվում էին Հայաստանում, և ինչ-որ չափով հիմա էլ, իսկ այդքանը բավական է, որպեսզի բառը, հասկացությունն իր որոշակի արտահայտումը գտնի գրական լեզվում): Պատկերացրու, թե որևէ առիթով շնորհանդես է անցկացվում, այն էլ բարձր մակարդակի, զեկույցներ պետք է գրել ևն: Մի՞թե քննարկված բառերը կներկայացվեն կամ կգրվեն մի մասը հայերեն, մյուս մասը` անգլերեն, մի երրորդ մասն էլ` ռուսերեն: Ամենևին, չեն գրվում և հավանական չէ, թե կգրվեն: Ահա թե որտեղ է պետք գալիս գրական հայերենը: Այլ բան է մաքրամոլությունը… Ժամերով կարելի է խոսել, բայց երևի կարիք չկա: Հաջորդը: Թարգմանության քո առաջարկած մոտեցումը միանգամայն տեղին է, բայց նոր չէ և արդեն կիրառվում է` «DVD» հենց այդպես էլ թարգմանում են «DVD սկավառակ» ևն: Այս առիթով մեկ անգամ չէ, որ ասել եմ և կկրկնեմ. նմանատիպ դեպքերում սովորաբար չեն թարգմանում, ինչպես «SRS, ABS»` «SRS, ABS համակարգեր», այլ նախընտրում են օտար բառից հետո տալ նրա կարգը բնորոշող անվանում (նույնիսկ երբ օտար բառի/հապավման մեջ դա կա` «SRS – Supplemental Restraint System»` «SRS համակարգ»): Թարգմանությունը, որպես կանոն, կատարվում է մեկնության, բացատրության համար (օրինակ, ի՞նչ է ներկայացնում իրենից «ABS»-ը` հակաբլոկավորման արգելակային համակարգ և այլն): «DVD»-ն նույնպես: Այդ դեպքում ինչու է թարգմանվում CD-ի՞ն: Թերևս այն պատճառով, որ շատ տարածված է, թարգմանությունը համեմատ մյուսների (DVD` թվային տեսասկավառակ) երկար չէ, և բացի այդ, երբեմն «CD» էլ ասում են: Եվ միգուցե վերոհիշյալ սկզբունքը դեռ ընդունված չէր թարգմանիչների մոտ, երբ հրապարակ եկավ լազերային սկավառակը: Հ.Գ. Egern.net, «կայք» բառն այսօր լայնորեն կիրառվում է և՛ գրական հայերենում, և՛ մամուլում:
  14. Aliska, նշված նախադասության մեջ իմաստային տարբերություն չկա, պարզապես ուղիղ ձևը (I/I am) ավելի հատուկ է պաշտոնական և գրական ոճերին, իսկ թեքվածը (me)` խոսակցականին: Սակայն լինում են դեպքեր, որտեղ կախված ձևից` նախադասությունը կարող է երկակի հասկացվել, ինչպես` «You know him better than me» նախադասությունը կարող է նշանակել և՛ «Դու նրան ավելի լավ ես ճանաչում, քան ես», և՛ «Դու նրան ավելի լավ ես ճանաչում, քան ինձ»: Նման դեպքերում երկիմաստությունից խուսափելու համար կարելի է օգտագործել համապատասխան փոխված տարբերակը` «…better than you know me» կամ «…better than I do» (հմմտ. հայ. «Դու նրան ինձնից լավ ես ճանաչում»` նույնպես երկիմաստ):
  15. «Մասիս» անվանման ծագման համար տարբեր վարկածներ են առաջարկվել, որոնցից առավել հաճախ նշվում է Խորենացու տարբերակը: Բառի արտաքին ձևով առաջնորդվելով` նա դրա ծագումը կապում է Ամասիայի հետ` իբր լեռը կոչվել է վերջինիս անվամբ: Վերոհիշյալ գրքում տրվում է ավելի հավանական ստուգաբանություն. փոխառություն է նորից ու նորից աքքադերենից` «մաշիշ» նշանակում էր «երկկողմ» (սա էլ իր հերթին` «մաշ»` «զույգ» արմատից և -իշ վերջածանցից), այսինքն` նկատի են ունեցել լեռան երկու գագաթ ունենալը: Իսկ «Արարատ»-ի ծագումը բացատրվում է այսպես. արաբերեն «ուրր»` «լեռ», որից «ուրուրատ]»` «(լեռան) գագաթ»` ի նշան ամենաբարձր լեռան:
  16. Իսկ դու կարծում ես, թե «սեղմապնակ»-ը խասակցականում «CD»-ին կփոխարինի՞: Բնավ, բայց գրականության մեջ ընդունված է գործածել գրական տարբերակները: «CD-R(ecordable)»-ը հայերեն թրագմանվում է «գրանցելի սեղմապնակ», իսկ «CD-R(ead)W(rite)»-ը` «վերագրանցելի սեղմապնակ»:
  17. «Floppy disk»-ի համար կան «ճկուն սկավառակ, ճկապնակ» համարժեքները: «U(niversal)S(erial)B(us)»-ը թարգմանվում է «(տվյալների հաջորդական փոխանցման) համակողմանի հաղորդաձող/դող, համակողմանի հաջորդական դող», սակայն բառակապակցություններում առանց բացատրության անհրաժեշտության կարիք չկա թարգմանելու, ինչպես` «USB card»` «USB քարտ»: «Flash memory»-ի համար բառարանում տրված է «արագ հիշողություն» թարգմանությունը: Իսկ «flash card»-ը իրականում քննարկվող սարքի ճիշտ անվանումը չէ (սա այլ իմաստ ունի), իրականում այն կոչվում է «flash E(lectrically)E(rasable)P(rogrammable)R(ead)O(nly)M(emory)/flash memory/memory card/stick etc.» կարելի է թարգմանել պարզ ու հասկանալի` «հիշողության քարտ/ձող»(ընդ որում, ոչ միայն համակարգչի USB միացքի, այլև ֆոտոխցիկների և այլնի համար): Իսկ եթե քեզ, այնուամենայնիվ, հարկավոր է սրա տեխնիկական թարգմանությունը, խնդրեմ` «ծրագրավորելի մշտական հիշողություն` բլոկների էլեկրտական (զուգահեռ) ջնջմամբ»:
  18. Egern.net, այդ գիրքը լույս է տեսել այս տարվա սկզբին, կարծեմ, և գրախանութներից մեկ-երկուսում կար, սակայն դա սահմանափակ տպաքանակով էր, այնպես որ այժմ չեմ կարող ասել` այսօր արդյոք կա՞ վաճառքում թե ոչ: Գիրքը ռուսերեն է, նախատեսված է մասնագետների համար: Կամսար, ենթադրում էին, թե «ջոկատ» բառի ջոկ մասը փոխառություն է պարսկերենից, իսկ ատ-ը մնում էր անմեկին: Այժմ արդիական է այս հիմնավորումը. -ատ մասնիկը արաբերենի հավաքական հոգնակիի ցուցիչն է (դրանով հերքվում է փոխառությունը պարսկերենից), իսկ արաբերենում կա «ջաուք, ջաուքատ»` «խումբ, ջոկատ» բառը: Սա էլ փոխառել է հայերենը: Ալիսկա, «մահիճ» բառի ծագումը հաճախ թյուր կերպ է մեկնաբանվում` իբր ծագած «մահ-իջումն, մահ-նինջ» բառերից: Իրականում այն արաբերենից է փոխառած` «մահջա»` «ննջարան», իսկ մա-ն այստեղ նախդիր է, որը դրվել է «հաջաա»` «քնել, հանդարտվել» նշանակությամբ արմատի վրա:
  19. Մինչև ավելի հանգամանալից բացատրությանն անցնելը և առիթն օգտագործելով` կուզենայի նշել հետագայի համար, որ բառերի ստուգաբանություն տալիս Linguist-ը չի հենվում իր անհատական ենթադրությունների վրա, այլ հիմք է ընդունում ստուգաբանական համապատասխան գրականություն, որը կնշեմ ընթացքում: Կարս, ի՞նչն է քեզ այդպես համոզել, թե «ծիծ»-ը բնաձայնություն է, ենթադրությու՞նը: Այսօր դա հերքված է համարվում: Նախ` «հավի ու հավկիթի» խնդիր այստեղ չկա, և ահա թե ինչու: Քանի որ «ծիծ» բառը, ինչպես արդեն նշվել է, ստուգաբանվում է որպես փոխառություն աքքադերենից, ամենևին էլ դժվար չէ եզրակացնել, որ «ծծել» բայն առաջացել է «-ել» լծորդության ավելացման հետևանքով` «ծիծ + ել=ծծել»: Իսկ եթե դու կասկածներ ունես աքքադերենից փոխառության մասին, խորհուրդ կտամ թերթել Ն. Մկրտչյանի «Սեմական լեզուները և հայերենը» (2005) արժեքավոր գիրքը մինչև նման հարցերում հերքողի դերում հանդես գալը: Գրքի հեղինակության, արժանիքների և հեղինակի նվաճումների մասին երկար կարելի է խոսել, բայց դա թող մնա մի այլ առիթով: Սխա՛լ է: Բնաձայնական կամ նմանաձայնական (իսկ եթե այստեղ էլ կասկածներ ունես, դիմիր Ֆ. Հ. Խլղաթյանի «Ոճաբանական բառարան»-ին, 2000) այս բառերը կոչվում են ոչ թե նրա համար, որ փոխառություն չեն կարող լինել, ինչպես ինքդ նշեցիր, այլ այն պարզ պատճառով, որ նմանեցվում են բնական, բնության ձայներին: Քո հետաքրքրությունը մասամբ բավարարելու համար, Կարս, բերեմ ևս մեկ օրինակ: «Ճպուռ» բառը սխալմամբ համարվում էր բանաձայնական (նույնիսկ Հ. Աճառյանի կողմից), իբր «ճըռ-ճըռ»-ից առաջացած: Հերքվում է ավելի համոզիչ ստուգաբանությամբ, մեջբերում եմ թարգմանությամբ «Հայերեն ճպուռ բառի հիմքում ընկած է սեմական «sbr»` «շատախոսել, շլվլալ, ճռվողել, ճլվլալ, ճոճռալ, ճարճատել» արմատը»*: Եվ շատ իզու՛ր: Միգուցե դու սխալ ես հասկացել այստեղ գազ բառի իմաստը, այն ոչ թե դիտարկվում էր որպես նյութի ֆիզիկական գոյության տեսակներից մեկը, ի հակադրություն հեղուկի ու պինդ մարմնի, այլ ընդամենը «մարսողության հետևանքով առաջացած գազեր, օդ»: Բոլորովին էլ պարտադիր չէ, որ աքքադերենում այն անվանեին գազ բառով, կարող էին, օրինակ, հենց օդ ասել, դրանից էությունը չի փոխվում: Ստուգաբանությունը տալիս հեղինակը բացատրում է այդ հասկացությունը այսօրվա բառով, այն է` գազ: Կարիք կա՞ ասելու, որ այս երևույթը մարդուն հայտնի է եղել վաղնջական ժամանակներից: Անհաջող օրինակ: Որևէ տեղ գրվա՞ծ է, թե կրծքին վերաբերող բոլոր լեզուների անվանումները աքքադերենի՞ց են: Ավելացնեմ, որ ի գիտություն քեզ, անգլերեն բառը չի ստուգաբանվում որպես բնաձայնություն: Գրականությու՞նը: Ինչու՞ չէ` «American Heritage Dictionary 2004»: Հ.Գ. Համամիտ չլինելու իրավունք բոլորն էլ ունեն, սակայն այդպես անողոքաբար դրույթներ հերքելուց առաջ ընդունված է գոնե (սուբյեկտիվ ենթադրություններից բացի, իսկ առանց փաստարկների այդպես է ընկալվում) նախ ստույգ աղբյուրներից տեղեկանալ թեմայի մասին և ունենալ որևէ փաստարկ ձեռքի տակ` այն հերքման հետ միասին ներկայացնելու համար: *Ն. Մկրտչյանի նույն գրքից:
  20. Հատվածական բարդությունը վերլուծական բարդության մի ենթատեսակն է (մյուսը կոչվում է կրկնավոր բարդություն): Սա –ական և -ային վերջածանցներով ածականների համատեղ կիրառությունն է, որոնք իմաստային որևէ ընդհանրություն են դրսևորում և հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն, օրինակ` «ազգային-ազատագրական, հասարակական-քաղաքական»: Հաճախ առաջին վերջածանցը բաց է թողնվում, և օգտագործվում է հոդակապը, իսկ հոդակապի բացակայության դեպքում դրվում է գծիկ, ինչպես` «գիտաուսումնական, ժողովրդատնտեսական, սոցիալ-քաղաքական, հունգարա-գերմանական, անգլո-ամերիկյան» ևն:
  21. Բնաձայնական բառ, նույն ինքը բնաձայնություն, նույն ինքը նմանաձայնություն, ինչպես` «բզզոց, սվսվալ, շրշյուն, թխել» ևն: Սակայն «ծերտ» բառը բնաձայնություն չէ, Կարս: Այն գալիս է աքքադերեն «ծարաատ» բառից, որ նշանակում էր «գազեր թողնել»: Իսկ հայերեն խոսակցական (և մինչ համեմատաբար վերջերս դժվար ստուգաբանելի, Աճառյանի և ուրիշների գրքերում բացակայող) «զիբիլ» բառը սեմական ծագում ունի, Կամսար, թեև ստույգ լեզուն չի նշվում: Այն ծագմամբ ազգակից է արաբերեն, աքքադերեն «zibl»` «աղբ, թափոն» բառերին: Ի դեպ, բնաձայնություն չէ նաև «ծծել»-ը, որը կազմվել է «ծիծ» բառից, սա էլ հայերենը կրկին փոխառել է աքքադերենից` «ziz»` «պտուկ»:
  22. Բացի տարածված «լազերային սկավառակ»-ից «CD» բառի համար հայերենում կա «սեղմապնակ» տարբերակը (հմմտ.` compact disc), որը կարելի է հանդիպել բառարաններում:
  23. «Ջան» բառի «հոգի» ստուգաբանությունը միանգամայն հավանական է` հաշվի առնելով այսպիսի օրինակները` «Մոտեցի՛ր ջանս/հոգյակս» (երկուսն էլ փաղաքշական իմաստով): Հնարավոր է, որ այս իմաստն ածանցված լինի առաջին` Աճառյանի նշած իմաստից («Մեռնեմ ջանիդ/ ջան ու ջանդակիդ», այստեղ ակնհայտ է «մարմին» իմաստը): Որպես լրացում «լոշ» բառի ստուգաբանությանն ասեմ, որ Արմատականի առաջին հրատարակության մեջ Աճառյանը ոչինչ չի ասում դրա ծագման վերաբերյալ, սակայն հետագայում փաստում է, որ «լօշ» բառն ունի սեմական ծագում: Տեսակետ կա, որ այն փոխառություն է հին խեթերենից:
  24. Համաձայն բառամիջյան ձայնվորների արտասանման կանոնի` «ո»-ն արտասանվում է [օ], իսկ «ե»-ն` [է], հետևաբար` «անորակ» [անօրակ], «անողնաշարավոր» [անօղնաշարավոր], «չորքոտանի» [չօրքօտանի], «անողոք» [անօղօք] ևն: Սակայն, այս կանոնը չի տարածվում «կ» և «չ» մասնիկներով սկսվող բառերի արտասանության վրա, ինչպես` «կորոշեմ» [կըվօրօշէմ], «կերգեմ» [կըյէրքէմ], «չելնի» [չըյէլնի], «չորսաց» [չըվօրսաց] և այլն:
  25. Աճառյանի բացատրությունը հավանական է, այնուամենայնիվ դրան զուգահեռ այդպիսի տեսակետ կա այսօրվա ամենահեղինակավոր բառարաններից մեկում American Heritage Dictionary 2004: Այստեղ համարում են, որ «լավաշ» հացատեսակի ծագումն անշուշտ հայկական է, բայց բառն ինքը հայերը փոխառել են թուրքերենից` «lavas»: Այդ կապակցությամբ ես նրանց գրել եմ և սպասում եմ պատասխանի: Թուրքերենից է նաև զուտ հայկական թվացող «դոլմա» բառը (թուրքերեն նշանակում է լցոն): Նաև շատ ուրիշ բառեր են օտար ծագմամբ` պայմանավորված հայ և այլ հարող ազգերի սերտ շփումով: Օրինակ բերեմ նրանց մի մասը միայն: «Հարիսա»-ն վերցրել ենք արաբերեն նույնահունչ բառից, որ նշանակում է «ծեծած միս ու ցորենից կերակուր», «հալվա»-ն փորառել ենք թուրքերենից («հելվա»), դա էլ իր հերթին` արաբերենից` «հալուա»` «քաղցր»: Բարբառային «ջիգյար»-ը գալիս է պարսկերենից, նույն` «լյարդ» իմաստից: «Շոկոլադ»-ը ծագել է Մեքսիկայի հնդկացիների բարբառներից մեկում` «խոկոլատլ»` «դառը ջուր», հետագայում իսպաներենի միջոցով տարածում գտել: «Կոմպոտ»` սկզբնապես ֆրանսերենից «composte» ձևով, որը նշանակում էր «խառնուրդ», սա էլ լատիներեն «composere»-ից` «միասին դնել» (композитор): «Կոտլետ»-ը միջնորդավորված փոխաառություն է ֆրանսերեն «cotelette»-ից` «կողիկ», իսկ դա լատիներեն «costa»` «կող»-ից (անգլերենում «cutlet» բառը ժողովրդական ստուգաբանության հետևանք է, այսինքն` այն հասկացել են որպես կտրած մսի կտոր): «Մարինադ»-ը հանգում է լատիներեն «(acqua) marina»` «ծովի` աղի ջուր»: «Ալկոհոլ»-ն արաբերենից է գալիս` «ալ քուհլ»` «ծարրափոշին» (քիմիական նյութ, որը ստանում էին թորման արդյունքում): Ժամանակի հետ այդպես սկսեցին կոչել նաև հենց թորման միջոցով ստացվող հեղուկները: «Սիրոպ» (գրական հայերենում` օշարակ) կրկին արաբերենից ենք փոխառել` «շարիբա»` «խմել»: «Աղանդեր»` խեթերենից, նշանակում է «բոված հացահատիկ» (որպես աղանդեր մատուցվող ընկուզեղենի նման): «Վերմիշել»-ն իտալերենից է եկել և անվանումնը ստացել է իր ձևից` «vermicello» «փոքր ճիճու»: «Բադրիջան»-ն արաբերենից է, սակայն նրա հոմանիշ «սմբուկ»-ը չի ստուգաբանվում դեռևս: «Սուրճ»-ի ծագումը նույնպես անհայտ է, իսկ «կոֆե»-ն արաբերեն «քահվա»` «մուգ նյութ»-ից է, «կարտոֆիլ»` հին գերմաներեն «գետնի խնձոր», «պոմիդոր»` իսպաներեն «ոսկե խնձոր», «նարինջ«` սանսկրիտերեն «պղնձագույն»: Չինարենն աշխարհին տվել է «թեյ» և «չայ» բառերը. չինարեն բարբառներից մեկն առաջին ձևն էր գործածում, որ տարածվեց եվրոպական երկրներում, մանդարին կոչվող հիմնական բարբառը` երկրորդը, որը տարածում գտավ մեծ մասամբ արևելյան լեզուներում: Նույնիսկ հայերեն «դարչին»-ն է Չինաստանից` պարսկերենի միջնորդությամբ` «դաար-ի-չիինի»` «փայտ Չինաստանից»: Եվ այլն, և այլն… Իհարկե, կան նաև բազմաթիվ զուտ հայերեն բառեր մեր խոհանոցում, ասենք, «դաղձ»-ը, «խաշը»-ը ևն: «Դաղձ»-ը հայերեն «դալ»` «խոտ, կանաչ» արմատից է` «ձ»-ի ավելացմամբ, որի հետևանքով «լ»-ն դարձել է «ղ»:«Խաշ»-ն առաջացել է «խար»` «այրել, եփել» արմատից, ավելացել է «շ» մասնիկը` դուրս մղելով «ր»-ին: Ամեն դեպքում վերը նշված փոխառությունները ոչ թե պատճառ էին լեզվական ռեսուրսների սակավության, ինչպես ոմանք երբեմն պնդում են, այլ, ինչպես արդեն ասվեց, վկայում են հարևան ժողովուրդների սերտ կապի մասին: Հ.Գ. Կարս, պես կապի հետ գործածության համար տես վերևում բացատրված կանոնն է:
×
×
  • Create New...