
LINGUIST
Forumjan-
Posts
65 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by LINGUIST
-
Կամսար, թեև նշված նախադասության մեջ հարց չկա, այնուամենայնիվ հայերենում նման դեպքերում գործածված դերանունները համարվում են հարցական, որովհետև երկրորդական նախադասություն չեն կապում գլխավորի (սրանք արդեն հարաբերական դերանուններն են): Օրինակ` «Ինչպիսի՜ գեղեցկություն…» կամ «Քո գործը չէ, թե ո՛վ ինչքա՛ն է վաստակում»: Այս դեպքերում ևս ունենք հարցական դերանուններ:
-
«Չորրորդ դեմք» հասկացությունը դերանվան երրորդ դեմքի գործածումն է երրորդ անձից հետո խոսքին առնչվող, և հետևաբար, իբրև չորրորդ դիտարկվող անձին մատնանշելու համար, օրինակ` «Քրոջ/նրա հեծկլտոցից հասկացավ, որ նա մահացել է»: Այս նախադասության մեջ «նրա» և «նա» դերանուները ցույց են տալիս տարբեր անձանց, «նա»-ն չորրորդ դեմք է: Սակայն չորրորդ դեմքը ոճաբանության մեջ է հանդիպում միայն, իսկ քերականության տեսակետից նման դեպքերում գործ ունենք երրորդ դեմքի հետ, որովհետև խոսողից և խոսակցից բացի բոլոր անձինք քերականության համար երրորդ դեմքի են:
-
SAS, Պաւղոս-ից անցումը Պօղոս-ին կատարվել է այն ժամանակվա ուղղագրական օրինաչափություններով, ինչպես որ հետագայում այսօրվա օրինաչափություններով բառամիջի օ-ն դարձել է ո: Այդ օրինաչափություններով էլ բացատրվում է աւ-ից օ-ի փոխակերպումը: Ալիսկա, ինչպես արդեն իրավացիորեն նշեց SAS-ը, «հեշտ» նշանակել է «հաճելի», այսինքն` «հեշտոց» բառացիորեն նշանակում է` «տեղ, որտեղ հաճելի է, հաճույք կա»: Հատկանշական է, որ տարբեր ազգեր տարբեր կերպ են անվանում տվել հեշտոցին: Եթե հայերը հիմք են ընդունել հաճույքի գաղափարը, ապա եվրոպական մի շարք լեզուներ` անգլերենը, գերմաներենը, ֆրանսերենը, նույնիսկ ռուսերենը, իրենց բառը փոխառել են լատիներենից, իսկ վերջինս հիմք է ընդունել կառուցվածքը, ձևը` «vagina» ` բառացիորեն` «պատյան»: Ռուսներն ունեն նաև «влагалище» բառը. սա էլ ստեծվել է դնելու (влагать) հասկացության հիման վրա: Եթե «բոզ» բառի ավելի խորը ստուգաբանությունը տալու լինենք, պետք է նշենք, որ այն ծագել է սեմական «bgy» «փնտրել» արմատից և տարածվել արևելյան լեզուներում, օր.` արաբերեն «baģīy» «պոռնիկ, բոզ» (դա էլ արաբ. baģā բայից` փնտրել, արտամուսնական կապի մեջ մտնել): Այնուհետև վրացերենի միջոցով մուտք է գործել հայերեն: Նույնիսկ անգլերեն է հասել «baggage» տեսքով: Ինչ վերաբերում է «-ային/-ական» վերջածանցներին, ապա դրանց իմաստային տարբերակման որևէ սահմանում չկա, և սովորաբար դրանք որպես հոմանիշներ են հանդես գալիս` «բառական-բառային, հնչյունական-հնչյունային, լրագրական-լրագրային» ևն: Իսկ քո բերած օրինակների տարբերությունը, Ալիսկա, պայմանական բնույթ է կրում` պայմանականորեն այդպիսի տարբերություն են մտցրել, որպեսզի հասկացությունները չշփոթեն, ինչպես` «մարզական-մարզային, հիմնական-հիմնային, ձևական-ձևային, գրական-գրային, դասական-դասային» և այլն: Այլ կերպ ասած` նման դեպքերում տարբերությունն առաջնի հերթին պայմանավորված է այն բառի իմաստով, որին կցվում է վերջածանցը:
-
SAS, շնորհակալություն բարի խոսքերի համար: Ինչքանով որ կների ժամանակս, կփորձեմ պատասխանել սիրով: Բայց ասեմ հետևյալը. այստեղ թող պատասխանի ոչ միայն Linguist-ը, այլ բոլոր նրանք ովքեր գիտեն հարցի պատասխանը կամ պարզապես կարծիք ունեն հայտնելու, որովհետև հարցերը կարող են լինել այնքան (և թող լինեն), որ ժամանակ չգտնեմ բոլորին ինքս պատասխանելու, և բացի այդ, Linguist-ն ամենագետ չէ, և հնարավոր է լինեն հարցեր, որոնց պատասխանն իմանա ուրիշը (ես դա միայն կողջունեմ): Գնացինք: Տարածված հարցերից մեկն է: Սկզբում ասեմ, որ ի զարմանս շատերի` համար, վրա, հետ և այլ կապերի հետ միշտ չէ որ գործածվում է տրական հոլովը (մեկնաբանությունը` ըստ յոթ հոլովների տեսության)` ինձ հետ, քեզ համար ևն: Տրականն օգտագործվում է միայն չթեքված, այսինքն` չհոլովված դերանվան դեպքում, սակայն երբ դերանունը հոլովվում է, ապա կիրառվում է սեռականը, ինչպես` քո հետի տղան (նույնն է` հետիդ տղան), իմ վրայի ծածկոցը (նունն է` վրայիս ծածկոցը): Տրականով ձևերն այստեղ սխալ են` քեզ հետի, ինձ վրայի: «Չէ՞», թե՞ «չի». քանի որ ուսուցչուհիներ էլ են օգտվում ֆորումից, թեթևակի անցնեմ քերականությանը` տալով համապատասխան բացատրություն: Դիտարկենք հետևյալ նախադասությունը` «Մարդը բանական է»: Այստեղ ստորոգյալն է «բանական է». բանական-ը կոչվում է վերադիր, է-ն` հանգույց (ոչ թե օժանդակ բայ): Իսկ այս օրինակում` «Մարդը բանում է» քանի որ բանում-ը բայ է (կոչվում է անկատար դերբայ), ապա է-ն արդեն օժանդակ բայ է: Կանոնն էլ այսպիսին է. օժանդակ բայերը ժխտվում են «չի» մասնիկով (բացառությամբ հարակատար «-ած» դերբայների` հոգնած է – հոգնած չէ), իսկ հանգույցի պարագայում գործածում են «չէ» մասնիկը: Ավելի պարզ ասած` եթե ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ո՞րը և նման հարցեր կտաս, գործածիր «չէ»-ն (վախկոտ, շատ, այդպես, էժանը չէ), իսկ երբ բայական ի՞նչ չի անում/լինում, ինչպե՞ս չի անելու/լինելու և այլ հարցեր` օգտագործիր «չի»-ն (չի ուտում, պատահում, գալու, լինելու): Քննարկված երկու դեպքում էլ, ինչպես տեսար, գրական հայերենում գործածվում է մեկ այս, մեկ այն տարբերակը: Թերևս սա է հիմնական պատճառ հանդիսացել, որ խոսակցական ոճն ընտրի ավելի հեշտ` մեկ տարբերակ: Հ.Գ. Երրորդ կետն այնքան էլ պարզ չէր, դա հա՞րց է: Նաև` կամ «ինչի համար» կամ միայն «ինչու»:
-
Այսօր հանձնարարելի է, թեև ոչ պարտադիր, ասել «ջրի պակաս», որովհետև «պակասություն» բառն այժմ մեծ մասամբ մի փոքր այլ իմաստ է ձեռք բերել` «Դու մի ակնհայտ պակասություն ունես` նախանձկոտ ես», այսինքն նշանակում է «թերություն»: Առանձին դեպքերում կարող են երկուսն էլ ընդունելի լինել, մասնավորապես երբ ինչ-որ բանի պակասը միևնույն ժամանակ թերություն է հանդիսանում, օրինակ` «խելքի պակաս/պակասություն ունի»:
-
Ի հավելումն վերոգրյալի` բերեմ հայերեն եզրերի բազմիմաստության հետևյալ օրինակները միայն. «միջուկ» եզրը ռուսերենում ունի առնվազն վեց իմաստ` ա.«ядро», բ.«сердечник», գ. «капсюль», դ.«мякость», ե.«дорн» զ.«втулка» (օրինակները` Ռուս-Հայերեն Պոլիտեխնիկական Բառարանից), «ծածկոց»` ա.«чехол», բ. «одеяло», գ.«капот»: Եվ այստեղ նույնպես իմաստի զանազանումը կատարվում է համատեքստի միջոցով: «Update - թարմացնել» զույգն անընդունելի կլիներ այն դեպքում, երբ համատեքստում էլ լիներ երկիմաստություն, որը, սակայն, ինչպես ցույց տվեցին վերևի օրինակները, վերանում է կոնկրետ խոսքաշարում:
-
Ոչ, Egern.net, իրականում թյուրիմացության խնդիր չկա և ահա թե ինչու: Երբեմն, ոչ հաճախ, նույնսիկ տեխնիկական եզրերն են լինում բազմիմաստ, և ամեն տեղ չէ, որ հնարավոր է մեկը մեկի համապատասխանություն ապահովել թարգմանելիս: Այդ իմաստով, «թարմացնել»-ն, իհարկե, բազմիմաստ է ստացվում, սակայն դա տեղիք չի տալիս երկիմաստության, որովհետև այստեղ իր խոսքն է ասում համատեքստը (և ոչ միայն այստեղ, այլ ցանկացած բազմիմաստ բառի դեպքում): Նայիր` երբ թարգմանում ես «թարմացնել պատկերը, տեսքը, էջը ևն», ապա ակնհայտ է, որ «update» բառը չես գործածի, այլ «refresh»` ի տարբերություն «թարմացնել ծրագիրը, ծրագրակազմը, հին տարբերակը ևն»: Այսինքն` երկիմաստության պահը վերանում է կոնկրետ համատեքստում, և այս բառերը շփոթելու վտանգ այլևս չի լինում: Ինչ վերաբերում է Բարաթյանի «Հայ-անգլերեն Բառարան»-ից բերված օրինակին, ապա այն տվյալ դեպքում տեղին չէ, որովհետև բառարանում տրված է ոչ տեխնիկական թարգմանությունը, «refresh» բառն ունի նաև այլ գործածական իմաստներ` (հենց նույն բառահոդվածի օրինակը բերեմ) «to refresh one’s memory», և ավելացնեմ` «to refresh a drink» (թարմացնել` նորից լցնել), «to refresh one’s consciousness, with new details, oneself with a glass of whisky» և այլն: Չմոռանանք նաև, որ բառարանի բառապաշարը կազմելիս «update – թարմացնել» թարգմանությունը դեռ չկար: Ընդհանուր առմամբ այդ բառարանը վատը չէ, սակայն այն մի երկու տարի առաջ ձեռք բերելով և ուսումնասիրելով` ես դիտարկումներ էի գրել հեղինակին բառարանի բացթողումների վերաբերյալ, որոնց թվում էր նաև տեխնիկական թարգմանությունների սակավությունը բառարանում: Դիտարկումները միտումնավոր չեմ հրապարակում այստեղ` համարելով դա դեռևս անհարկի: Նման դեպքերում խորհուրդ կտամ օգտվել «Համակարգչային եզրերի բառարանից» (Գրիգորյան Խ.): Ի դեպ, «update - բեռնավորել» համարժեքի թերության համար նայիր http://forum.armkb.com/showthread.php?t=13803&page=11
-
«Պուլտ» և «վահանակ» բառերի ընտրության մեջ պարզություն մտցնելու համար պետք է հաշվի առնել մի կարևոր բան. ինչպես հայտնի է, կան խոսքի արտահայտման ոճեր, տվյալ դեպքում մասնավորապես` առօրյա-խոսացկական և գիտական: Խնդիրն այն է, որ այս երկու տարբեր ոճերը վերոգրյալ հաղորդագություններում խառնվում են, որի հետևանքով առաջարկվում է մի կողմից «վահանակ»-ը, մյուս կողմից` «պուլտ»-ը: Սակայն անհրաժեշտ է այդ տարբերությունը գիտակցել: Առօրյայում, համաձայն եմ, «պուլտ»-ն է տարածված, բայց դա դեռևս հիմք չի հանդիսանում ընդունելու այն որպես միակ ճիշտ տարբերակ: Ասեմ ավելին, այսօր այն անընդունելի է համարվում գրական հայերենում, գիտական և նման այլ ոճերում, ինչպես որ անընդունելի են «ռոզետկա, վիլկա, շտեպսել» և այլ բառերը (ինչքան էլ որ տարածված լինեն կենցաղում), որոնք անկասկած զիջում են իրենց տեղը գրական հայերենում «վարդակ, խցակ, երկժանի» համարժեքներին: Ավելացնեմ նաև, որ «պուլտ» հասկացությունը բավական լայն է, չի սահմանափակվում կենցաղային սարքերի ոլորտով և կարող է նշանակել ամենատարբեր «կառավարման համակարգերի կոճակնորի/ստեղների վահանակ», ընդհուպ մինչև տիեզերանավերի համար, իսկ այս դեպքերում հայերենում գործածում են միմիայն «վահանակ» բառը: Այնպես որ, առօրյա խոսքում կիրառելի է «պուլտ»-ը, բայց երբ անցնում եք գրական հայերենին, անցում կատարեք նաև «վահանակ»-ին:
-
Romeo-ին` Update – թարմացնել Install – տեղակայել, տեղադրել Uninstall – ապա(տեղա)կայել Upgrade – նորացնել, բարելավել Թեման արդիական է, տարբերակները` բազմազան: Դիտարկենք նշվածներից մի քանիսը, սակայն մինչ այդ աչքի անցկացրեք սա` http://forum.armkb.com/showthread.php?t=13803&page=11 : Համընդհանուր տարածում գտած տարբերակ «down-/upload» բառերի համար դեռևս չկա հայերենում: Առաջարկված «քաշել»-ը այսօր տարածվածներից մեկն է (որոշակի խոսակցական երանգով, իհարկե), բայց ոչ ամեն տեղ, «ներհոսք, արտահոսք»-ը, ինչպես նշվեց, գործածական են հենց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Անցնենք այստեղի տարբերակներին: «Վարբեռնում»-ի նախածանցը, ճիշտ է նշված, գործուն չէ արդի հայերենում, այդ իմաստով դժվար կլինի «վարբեռնում»-ի յուրացումը, ինչը չի կարելի ասել «վերբեռնում»-ի մասին: «Ներքաշել, հեռակայել»` թող մնան որպես պահուստային տարբերակներ, իսկ «ներկայել, արտակայել, ներբեռնել» ոչ անհաջող բառերի համար ժամանակը ցույց կտա: Վերջում նշեմ, որ 2004 Խ. Գրիգորյանի «Համակարգչային եզրերի բառարան»-ը տալիս է, կրկին դեռևս յուրացում պահանջող, «download - ներլցնել» և «upload - վերբեռնել» տարբերակները: Հ.Գ. «Online» – «առ ցանց, ցանցային, ցանցին միացված»
-
Քո նշած բառերը ստուգաբանվում են հետևյալ կերպ, Կամսար` «փնթի»-ն առաջացել է «փին» (կեղտ, կղկանք) և «թի» արմատներից` «ի» տառի հնչյունափոխությամբ, «քեռի» բառի արմատը «քույր»-ի հին սեռական հոլովոձևից է գալիս` «քեռ»` ցույց տալով ծնողներից մոր կողմը, «քավոր»-ը իրականում «քավել»-ու հետ կապ չունի (ինչպես ոմանք սխալմամբ կարծում են), այլ պարզապես «կնքավոր» բառի կրճատ ձևն է, «նարինջ»-ը հայերենը փոխառել է պարսկերենից, սա էլ` հին հնդկերենից, ծագում է «նագառանգա» բառից («նագա»` պղինձ, «ռանգ»` երանգ, գույն), սկբնապես պղնձագույն է նշանակել, «կույս» նշանակել է «կողմ», այժմյան իմաստի հիմքում հենց կողմի` իր կողմը քաշած, մեկուսի լինելու գաղափարն է ընկած, «կույս»-ից են առաջացել «կուսակցություն, մեկուսի» և այլ բառեր:
-
Aliska, համեցիր` Extraneous conductive part - արտաքին հոսանահաղորդ մաս Manual reset - վերադարձ ելակետային դիրք ձեռքով Response feedback system - հետադարձ կապով արագ արձագանքման համակարգ (այդպես է թարգմանվում) Hard-milling machining center – դժվարամշակ նյութերի ֆրեզման բազմանպատակ հաստոց Harmonic friction variable-speed gear - ատամնավոր/ալիքավոր շփական վարիատոր: («harmonic» բառը, Kars, այստեղ ատամնավոր/ալիքավոր է թարգմանվում, որովհետև նկատի ունեն ատամների միջոցով պտույտները համաձայնեցնող վարիատոր) Որպես «մոդեմ»-ի համարժեք առաջարկվող «հեռահաղորդակցման համակարգ» բառակապակցությունն, ըստ իս, այնքան էլ հարմար չէ (գիտեմ` որ ձեռնարկի մասին է խոսքը): Հարմար չէ մի քանի պատճառով. նախ` համարժեքը, ինչպես ասվեց, բառակապակցություն է, այնսինքն` շատ ավելի երկար է (սա ակնհայտ թերություն է բառագործածման համար), և ապա` «հեռահաղորդակցման համակարգ»-ի իմաստը շատ լայն է կոնկրետ «մոդեմ»-ի համար, այդ հասկացությունը հարմար կգար «communication system»-ը թարգմանելիս, բայց ոչ` պարզապես «մոդեմ»-ը: Բացի այդ, բառակազմական տեսանկյունից էլ «մոդեմ» բառն արտահայտում է իր բուն իմաստը` «modulator-demodulator»: Եվ արդյունքում համակարգչային եզրերի բառարանն էլ է տալիս «մոդեմ» թարգմանությունը: Initialize – նախակարգել Debug – վրիպազերծել Proxy (server)– միջնորդ, մոտակա (սպասարկիչ) Dial-up (connection etc.) – հեռախոսագծային (կապ) Վերջում ավելացնեմ, որ տեխնիկական եզրերի թարգմանության համար կարող ես աչքի անցկացնել նաև հետևյալ թեման` http://forum.openarmenia.com/index.php?showtopic=7588 Smally, ստուգաբանությունը ռուսերեն «этимология»-ն է:
-
Խնրեմ, Arm Lionne, եթե որևէ անհասկանալի բան կա, գրիր, կաշխատեմ օգնել:
-
Բարև՛, Arm Lionne: Այս ֆորումում առաջին վերլուծությամբ անդրադառնամ քո բարձրացրած հարցին: Թվարկված բառերը միևնույն մակարդակի վրա դիտարկելը ճիշտ չէր լինի, և ահա թե ինչու. ռուսերեն «прореха» բառի համարժեքը հայերենում «գրգռաճեխք»-ը չէ (սա հիմնականում կատակով են ասում, ինչպես «օրիօրդապնդիչ»-ը «gentleman»-ի համար), այլ «բացվածք»-ն է` հայեցի, ընդունելի և կիրառվող: Նշեմ նաև, որ «կիսաշրջազգեստ»-ը «юбка»-ի մասնավոր` կարճ տեսակն է, ի տարբերություն ընդհանուր («юбка»-ի համարժեք) «շրջազգեստ»-ի: «Հեռակառավարման վահանակ»-ը, եթե ճշգրիտ խոսենք, իրականում ոչ թե պարզապես «пульт»-ն է, այլ «пулть дистанционного управления» բառակապակցության թարգմանությունն է (այս իմաստով հայերենն ավելի կարճ է ստացվում` տեղավորվելով երկու բառի սահմաններում): Իսկ «пульт»-ը պարզապես «վահանակ»-ն է, և այլ բան է, երբ առօրյա-խոսակցական ոճում գործածում են ռուսերեն բառը` միանգամայն տարածված երևույթ, այնինչ ես բացատրում եմ գրական հայերենի տեսանկյունից: Ինչ վերաբերում է «պտուտակահան» ու «բջջային» տերմիններին, ապա այստեղ համաձայնել չի կարելի, որովհետև երկուսն էլ այսօր կիրառվում են, հատկապես «բջջային»-ը միանգամայն ազատ կիրառություն ունի: Որպես «պտուտակահան»-ի հոմանիշ կարելի է նշել «պտուտակիչ»-ը: Սա չի նշանակում, սիրելի՛ Arm Lionne, թե անհաջող թարգմանություններ չկան: Ամենևին: Բազում օրինակներ կարող եմ բերել, դրանց կարիքը չկա պարզապես: Այսքանը, եթե ուզում ես շարունակենք, գրիր այլ օրինակներ, կքննարկենք: