Jump to content

Katranide

Forumjan
  • Posts

    106
  • Joined

  • Last visited

Everything posted by Katranide

  1. ՀԱՅԿԱԿԱՆ ԴՅՈՒՑԱԶՆԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ Դյուցազներգություն, այո՛, և ոչ ողբերգություն: Սև են լուրերը, որ մեր երկրեն կուգան, Ավելի սև, քան հավաքված սևությունը բոլոր գիշերներուն, Որ աշխարհի ծնունդեն ի վեր արևն սքողեցին… Գետերը հիմա կարմիր են հոն` մեր մարտիրոսներուն արյունովը, – Կարծես պողոտաները Մահվան` ծածկած վարդերով ցավագին, Դաշտերը հիմա ճերմակ են հոն` շեղջակուտմամբը մերկ դիակներուն, – Կարծես պարտեզները Մահվան` դալկասուգ շուշաններով ծաղկազարդ: Լիճերը հոն մեծ աչքեր են դարձած` արցունքով լեցուն, Որ իրենց շուրջը տիրող ամայության վրա կուլան: Լեռները, իրենց ոտքերը կատարված ոճիրներեն դողահար, Խելահեղ հովերով իրենց սարսափը կաղաղակեն աշխարհի չորս ծագերուն, Ու կցցեն, կերկարեն իրենց ալևոր գլուխները թափուր միջոցին մեջ, Փնտրելով Աստվածը, որ պիտի գա լուծել վրեժն այդ անմեղներուն… Աշխարհ ամբողջ, Արհավիրքի տիրապետության տակ կքած, Կցնցվի այս գերագույն արհավիրքեն, որ իր մեծությամբը կգերազանցե բոլոր սխրագործությունները չարին. Աշխարհ ամբողջ, զարհուրած, նայվածքները կդարձնե դեպի հոն, ու բոլոր բերանները կգոչեն` «Անօրինակ ողբերգություն, մեծագո՛ւյնը ողբերգությանց…» Ես կըսեմ` դյուցազներգություն ու մեծագո՛ւյնը դյուցազներգությանց: Ու եթե չեք հավտար, պահ մը ձեր աչքերը փակեցեք ներկա ժամու տեսարանին, Եվ դարերու անհուն կտավին վրա տեսեք պարզվիլը հերոսական վեպին, զոր այդ ժողովուրդը հոն գծած է: Ահա հինավուրց օրերը պատմության առավոտին. Արևմուտքի ցեղ մը կբաժնըվի հելլենական հողերուն արծաթափայլ ափունքներեն, Ծովը կանցնի, ոտք կդնե հողին վրա մռայլ Ասիո, Կքալե արկածախնդիր ու խրոխտ գնացքով մը, Ու կերթա մինչ դյութական ափունքը Վանա մեծ լճին` Գեղեցկագույն ծաղիկներով ու հնագույն ավանդավեպերով զարդարված, Մինչև ոտքը վեհաշուք Արարատին, սպիտակահեր նահապետին, որ Արևելքին կնախագահե, Հան կկանգնե իր վրանը, Կհավաքե իր շուրջ և կձուլե իր մեջ Բնիկ ժողովուրդները, որոնց վաղնջական արությունը Կմարտնչեր դարերե ի վեր արյունռուշտ Ասորեստանին դեմ, Ու կըսե` «Այստեղ է իմ տունս, Այստեղ պիտի կատարեմ իմ առաքելությունս, Բարբարոսներուն քարոզել Արևմուտքի ազատ ոգին, Արևմուտքին ծանոթացնել մոգություններն Ասիո– Մինչև այն օրն, ուր Արևելք ու Արևմուտք Ազատության հաղթական լույսին մեջ եղբայրանան»: Եվահա կծնի ազգը` ուղեղով Արևմուտք, սրտով Արևելք, Թվով փոքր, ճակատագրով մեծ, Փառավոր, այլև դժնդակ գործի մը կոչված: Բոլոր բռնակալությունները կուգան անոր վրա հարձակիլ, Բոլորը, խավարչտին Ասիայեն, տիրամոլության հին վառարան, Ու նույնիսկ Եվրոպայեն, Ազատության հայրենիք, Բոլոր բռնակալությունները, ինչպես կոհակներ ահագին, Կուգան զայն ընկլուզել, հետո կընկրկին, կցրվին, կցնդին: Եվ այն կվերևնա, միշտ կենդանի, ինչպես ժայռ մը անխորտակելի: Հսկա կայսրությունները կփլչին անոր շուրջը, Անոր առույգ բազուկը, անխոնջ, Կպահպանե, կվերաշինե, կհավերժացնե պապենական տունը: Եվ ահա կծագի արշալույսը Նոր Աշխարհին. Արարատը, որ ատենով տապանն ընդունեցավ, Կընդունի նոր այգուն ճառագայթներն առաջին, Ավելի մեծ քարն իր Մեծ Տիգրանը, որ իր մականին տակ խոնարհեցուց Արևելքը բովանդակ, Կանգնեց ոստան մը հզոր` հելլեն արվեստով համակ պճնված, Ու միայն Հռոմեն պարտվեցավ, Ավելի մեծ քան իր հերոսները բոլոր, Որ, տոհմական թագը գլուխնին, Պատերազմին դաշտին վրա ցեղին արիությունը պանծացուցին, Ավելի մեծ եղավ այդ ժողովուրդն ինքն իսկ, երբ առաջինը` ժողովուրդներուն մեջ, Իր արքաներեն մեկուն ճակտին վրա ցցեց Խորհրդանշանը եղբայրության և ազատության կրոնքին, Զոր պղատոնական ոգին հղացավ և զոր Գալիլեացին աստվածայնորեն ապրեցավ, Նշանը սիրո և արդարության, Պատկերը ոգեկան ուժին, Որ կկանգներ, ինչպես արևը խավարին դեմ, Ընդդեմ հին աշխարհի վարդապետությանց` Բիրտ Ուժի երկրպագու, Ատելության և անարդարության վրա հիմնված: Եվ ահա, այնուհետև, բոլոր հերոսներն Ասիո, Որ, ինչպես ամպեր մրրկածին, կարկուտով ուռած և կայծակներով բեռնավոր, Այդ ցեղին վրա կխուժեն… Երկար ատեն այն կմաքառի ու ամբողջ աշխարհի մը կդիմադրե, Կմաքառի ու նոր Գաղափարը կպաշտպանե, Կտառապի տառապանքն ամբողջ, ու կդիմանա. Իր հոշոտված մարմինը կփլչի հուսկ ապա, բայց հոգին կմնա անվթար. Ան պաշարված, ընկլուզված է խավարով, բայց իր ներքին լույսը կմնա անշեջ. Ան կկրե բոլոր մահերն ու չի՛ մեռնիր: Ուրիշ ժողովուրդներ իր շուրջը գլուխ կծռեն Բռնության, Իրենց հոգին կծախեն, իրենց կրոնքը կուրանան, Տառապանքե զերծանելու համար տիրող ցեղերուն հավատքը կընդգրկեն, Կտարափոխվին ու կայլասերին. …Ան իր ինքնության դեմ դավաճանելեն նախամեծար կհամարի մարտիրոսությունը, Ու տառապանքին մեջեն կսպասե արդարության ապագային, Կը սպասե անոր, վստահ իր հարությանը Եվ ամբողջ աշխարհի մեջ ազատության հաղթանակին… Սուրը փշրված է ձեռքին մեջ, Բազուկները ծանրաբեռնված են շղթաներով, Զանիկա ստրուկ են դարձուցած, Ու զայն կծաղրեն, Կարհամարհեն զայն, Եվ անոր ճակտին քրտինքը բրտորեն կշահագործե, Բայց ան ստրուկ չէ, քանի որ հոգին մնացած է ազատ: Իր շղթայակապ ձեռքերովը Ան գեղեցկություն կստեղծե, Արևելեքը կպճնե դյութական պալատներով ու տաճարներով, Զայն նուրբ քանդակներով ու շնորհալի նկարներով կը կիտվածազարդե, Կհորինե կերպասներ, ուր լուսնի լույսը կարծես սևեռված է, Ու կապերտներ, ու երազի դրախտներ կհայելանան կարծես, Ու պատմուճաններ, ուր կփողփողին Արևելքի իրիկուններուն վերջալույսները շքեղ, Արվեստի պերճությամբ մը պայծառացնե իր բարբարոս տերերուն կյանքը կոպիտ, Ամենեն աղվոր ծաղիկները, ամենեն մաքուր ու մտերիմ ծաղիկներն իր հոգիին` Կը պահե, կզարգացնե, կմշակե Իր հովիտներուն մեկուսացյալ անկյուններուն մեջ, ծոցն իր շինական խրճիթներուն ամփոփման Կամ խորը մենավոր բարձունքներու վրա բունված իր վանքերուն, Ջերմությանը տակ իր արցունքներուն, իր երազներուն և իր հավատքին: Ո՜վ լուսեղեն հոսումը, մաքուր, ինչպես աղբյուրները լեռներուն, Իր բանաստեղծությանը, սրտե համակ ժայթքած, Ո՜վ կենսախայտ ու սիրուն քմայքը սրբազան ձեռնադիրները զարդարող իր երփնագեղ պատկերներուն. Ո՜վ վսեմ տրտմությունը միստիկական տաղերուն, ճախրանքներն ու վերացումները` Թևերուն վրա ամենեն հրեշտակային մեղեդիներուն, Հեռու զազիր տեսարանեն աշխարհի անգթությանց, Դեպի արդարության Աղբյուրին լույսն անարատ, Ու վեհաշունչ ողբերը թշվառությանց վրա մարդկային, Ու ճիչերը գերագույն տառապանքի, Որոնք, ամենեն սև ժամերուն, կբարձրանան, հեծեծող կոչերով, դեպի Դատավորը Վերին, Ուր սրափողումը հույսի պայծառ աղաղակին, Քրիստոս հարյա՜վ, Որ, խրոխտ հանկերգի մը պես, կանցնի այդ ցավի սաղմոսներուն մեջեն Ու տիրող աղջամուղջներուն մեջտեղը Արդարության հաղթանակին ապահովությունը կգոռա, Ու կաթոգին շնորհը, գողտր մաքրությունը գեղջկական երգերուն, Ո՜վ անուշ օրորները մայրերուն, լավագույն ապագային տեսիլովը լուսավորված, Ու հովվերգությունները երիտասարդ սիրտերուն, Որոնք վարդ բոցովն իրենց տարփանքներուն ամոթխած Կլուսավորեն թախծագին ստվերն ցեղին ճակատագրին, Եվ հոգեզմայլ ներբողը Աստուծմե ստեղծված հրաշահեղց տիեզերքին, Զոր մարդուն չարությունը դժոխքի փոխած է. Ամբողջ նվիրական դայլայլ մը ոգեկան սոխակներու, Որ կթափի, ինչպես ցող մը մաքրագործման և ինչպես անձրև մը օրհնության, Օդը ժանտահոտ դարձնող ոճիրին ու փտության մեջեն, Երկրիս վրա թշվառ ու մարդկության վրա ցավատանջ, Ու երբ կդադրի երգելե, «Արդարություն» կաղաղակե աշխարհի հզորներուն, Արդարուիթյուն կհայցե, արդարություն կպահանջե Աշխարհի ազատ ազգերեն. Նույնիսկ իր բռնավորներուն Մեղմ ու համոզկեր լեզվով մը Կփորձե արդարություն ուսուցանել. Ու մերթ, մոլեգին պայքարով մը հուսահատ, Կճգնի զայն ստանալ… Բազուկը շղթայակապ, Ուզելով իր կապանքները փշրել, Կուզե նաև փշրել կապանքները, ավելի ծանր, Որ կկաշկանդեն ու կանդամալուծեն հոգին իր բռնակալներուն. Լույս կուզե ամենուն համար, Ազատություն Արևելքին համար բովանդակ, Արդարություն աշխարհի համար ամբողջ: Թանձր անգթությունը գազանասիրտ բարբարոսներուն Կրկնապատկված մոլեգնությամբ զինքը կկոխոտե… Աշխարհ անտարբեր անոր նահատակումը կդիտե. Աշխարհ զայն չի ճանչնար, աշխարհ զայն չի հասկնար… Նույնիսկ ազատ ազգերը, Եսականության գեշ գինիովը հարբած, Կքամահրեն զայն ու կծաղրեն: (Քանի մը արդարը հոգիներ միայն կլսեն զայն անոր ճիչը, Զայն կըմբռնեն Ու եղբայրաբար կհակին դեպի ան, մխիթարելու համար զայն ու պաշտելու…) Եվ ահա ցնորատեսիլ շվայտությունը Ոճիրին… Ահա պայծառ արևուն տակ, բաց օդին, օր ցերեկով, խաղաղության ատեն, Ցուրտ ու հաշշված գործադրումը Խելագար ծրագրին Ազգի մը զավակներուն մեծազանգված խողխողմամբ անոր հոգին սպանելու… Ու քաղաքակիրթ ազգերը Անշարժ հանդիսատես կըլլան այդ հրեշային սպանդին, Ինչպես թատրոնի մեջ մարդ խաղ մը կդիտե… Այսօր ոճիը զոր անպատիժ թողուցին, Տարապայմանորեն աճած, մեծցած, բազմապատկված, Կսպառնա աշխարհիս… Չարը, խրախուսված, փաղաքշված, շողոմված, Կուզե հիմա իր տիրապետությունը տարածել Մարդկության վրա բովանդակ… Ահա անկարեկիր հանդիսականները իրենք իսկ հարձակման ենթարկված, Որ զինվոր են հիմա, Որպեսզի պայքարին գունդերուն դեմ դահիճներուն, Որպեսզի սանձեն Ոճիրը, Որպեսզի Չարը զգետնեն… Եվ անսահման բանակին մեջ Ազատության զինվորներուն Կտեսնվի խումբ մը քու զավակներուդ, ո՜վ Հայոց ազգ ալևոր Որ առաջին կարգին վրա կմասնակցի կռվին… Եվ անոնց ձեռքերն են, անոնց ձեռքերն են, Որ կբռնեն դրոշը սուրբ պայքարին… Սև են լուրերը, որ մեր երկրեն կուգան (Աղետը, որ այս անգամ գերազանցեց բոլոր աղետներն անցյալին), Բայց այս սևությունը նվազ սև է, քան սևությունը մարդկային խղճին, Որ երեկ, կարող ըլլալով գործել, անշարժ մնաց ժողովրդի մը խողխողման հանդեպ… Եվ աղետը, որ Հայաստան աշխարհն այսօր կհարվածե, նվազ քստմնելի է, Քան ինչ որ պիտի ըլլար աղետը մարդկության մը որուն մեջ խիղճը մեռած ըլլար ընդմիշտ… Մեծ ջրհեղեղն է արյան, Ջրհեղեղը քավումի, Որ աշխարհը կողողե… Կոռնան հովերն արհավիրքի, Ինչպես փողերն աշխարհի կատարածին, Ու կատարածն է արդարև, կատարածը որ կմոտենա, Եսականության ու բռնության աշխարհին… Արթնցեր է ազնվությունը մարդկային, Կանգներ է իր արիության մեջ համակ, Որպեսզի ընդմիշտ սպաննե Մարդկային միսով ապրող Վաղնջուց վիշապը. Հեղաշրջումն է վերանորոգիչ. Մարդկային անասունը պետք է մեռնի Հարվածներուն տակ Ոգի-Մարդուն. Ուժին մռայլ շրջանը պիտի փակվի, Եվ ահա գալուստը պայծառ Բանականության տիրապետումին: Վաղը, երբ չարը պարտված ըլլա, Երազված դարագլուխին ծիածանը Պիտի ծագի. Ան պիտի ծագի վերստին Քու վեհափառ Արարատիդ կատարին, Ո՜վ երկիր ցավի ու հավատքի, Պիտի ծագի ու տարածվի ու շողա Նոր մարդկության մը վրա, Մարդկության մը վրա, Ոճիրին աղետումեն մաքրված Ու երբ փարատին ամպերն Այս ահավոր փոթորկին, Երբ երկիրը շողացնե կապույտ մը անարատ, – Հովերը այն ատեն պիտի տավիղ դառնան ու վին, Երգելու համար Հաղթանակը Ոգիին,– Ազգերը, որ Ազատության համար կկռվին, Պիտի գան քեզ ողջունել, ա՛զգ Հայոց, Հինավուրց խորհրդանշան անպարտելի Հոգվույն, Եվ քու ճակտիդ վրա արյունաթաթավ Պիտի դնեն դափնին անթառամ… Այն ատեն դուն պիտի կանգնիս ավերակներուդ մեջեն, Պիտի ցցվիս դարավոր հերոսուհիի հասակիդ բարձրությամբն ամբողջ, Եվ քու ծեր ձեռքերդ, քու բարի ձեռքերդ, լայնբաց, Նորաստեղծ աշխարհը պիտի օրհնեն: Ձեզ եմ ներկայացնում հրապարակախոսական մի հոդված` նվիրված Արշակ Չոպանյանի մահվան տասներորդ տարելիցին: ՀԱՅՈՑ ԴՅՈՒՑԱԶՆԱՄԱՐՏԻ ՆՎԻՐՅԱԼ ԶԻՆՎՈՐԸ ԵՐԵՎԱՆ. ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՏՈՒՆ 1897 թվականին Փարիզի աշխարհագրական ընկերության սրահում աշխարհահռչակ Անատոլ Ֆրանսը, ներկաների ուշադրությանը հանձնելով օրվա բանախոս, սուլթանհամիդյան ջարդերից ջադված և համընդհանուր ապաքինման ճանապարհներ գտնելու համար Պոլսից Ֆարիզ տեղափոխված բանաստեղծ Արշակ Չոպանյանին, ասում է. «Սա մի հայ է, որ պիտի հաղորդի ձեզ իր երկրի մասին: Նա սիրում է Ֆրանսիան և ազատությունը: Նա իր հայկական ընտանիքի հարազատ զավակն է: Եվ վերջապես, նա բանաստեղծ է, որ գիտի արձագանքել ժողովրդի խոհերին… Նա մեզ հայտնի պիտի դարձնի դարերից եկող հայ մտածումը և լսելի պիտի անի բողոքի ձայնը այն ժողովրդի, որ այնքան դարեր, թեև զրկված հայրենիքից, բայց համառում է, տոկում, շարուն
  2. ԲԱԳԻՆԻՆ ՎՐԱ 3. ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈԳԻՆ Ե՞րբ պիտի գաս. ե՞րբ մեր գետնին ույծքերեն, Իբր հարությունն հողին խըմած շողերուն, Պիտի պոռթկան շունչիդ բոցերն երկնապող. Կամ մեր երկրին արյուն կաթող ո՞ր աստղեն` Դու պիտ’ իջնես հրդեհել Զենքի տըրմուղ ժողովուրդդ` Որուն սըրտեն դարերն հավետ խըմեր են Թորգոմական արյունն և ո՛ղը պարպեր, Որուն համար մեր պապերուն ոսկրոտին` Հովտե հովիտ սըփըռված` Բաժին են լոկ գայլերու: Ո՜վ անդրանիկ Աստվածուհի, Իսկուհի` Հայ ջըրերուն, կըրակներուն և կավին, Տե՛ս. քու երկիրդ` որ մեր սերմին մայր ըրիր` Այլազգներու խըժդըժանքին մատնըված, Այսօր, ավա՜ղ, սուգ ու արյուն կը բըխե. Իր կործանած քաղաքներուն վրա լըռիկ Կը նըստի կռո՛ւնկն ողորմուկ. Հողն` հերկըված միայն սողովն օձերուն` Իր աղտաղտուկ խավերուն մեջ կը պահե Պաղլեղ, և իր սև տափերուն վրա` ոքոզ. Կը մընան մեր այգեստանները` առանց Շերտափակի, և կարասները` առանց Հայրենական գինիին. Եվ մեր խոյերն ըսպիտակ` Չըգըտնելով խոտնոցներուն մեջ առվույտ` Նոթութենե մոլեգնած` Մըսուրներուն դեմ կը ջարդեն եղջյուրնին: Իսկ որդիները թըշվառ Կամ հեռացած հորենական երկըրեն Կը խառնակին ազգերու խորդ արյունով, Կամ նույն երկրին ծոցին մեջ Կը մեռնին լուծն ուսերնուն, Ապրողներուն թողլով մաս Մերկացում <ն> ողջ հայութենեն, խորդացումն` Որով կ’ըլլան իրարու դեմ թըշնամի Եվ թըշնամվույն դեմ` ծառա: Ո՛չ մեր դաշտերն` եղած արյամբ ճախճախուտ, Ո՛չ պարիսպներն ու տաճարներ քարուքանդ Զիրենք կըրնան զայրագնել, Ո՛չ օտարին ծաղրանքն և ո՛չ անարգանք Կ’արթընցընեն իրենց հոգվույն մեջ ընթարմ Հըպարտությունն հայկական: Կը ծառայեն և կ’ողբան Եվ ողբալով ըստըրկությունն ավելի՛ Իրենց դեմքին կը հորինեն վայելուչ… Եկո՜ւր, եկո՜ւր. Ժամանակն ա՛յս է. Եկո՜ւր… Ահա ցեղեդ մաս մ’ազնիվ` Գաղափարի, գուպարի մեջ հալումաշ` Ճամբուդ վըրա կը սըփռե Իր արյունին հետ նոր վարդեր, կակաչներ… Եկո՜ւր, եկո՜ւր. Եվ Մասիսի կատարեն Դյուցազներու, վըկաներու հոգիներ, Ւբր աստղերու սերմընցան, Տեղա՛ բոլոր իգության մեջ մեր երկրին, Մեր սըրտերուն խորունկ խորքերը հոսե Արյունդ անբիծ, զոր շիթ առ շիթ ժողվեցիր Վարդաններու ռազմահարդար հետքերեն, Եվ ըրե մեր օրրաններն Արշակներու վերածընող շիրիմներ. Ամեն հայու լանջքին տակ Իր մեկ հին պապն արթընցուր. Եվ նվիրական, հավերժական զանգվածով Զանոնք խառնե և խըմորե և ձուլե Եվ ըստինքովդ ապրեցուր: Ա՛յնպես որ` քու մայրենի Ճաճամչավուխտ թև թռիչներուդ տակ ամփոփ Տաքնա՛ մեր հողն, և բլուրներուն վրա խայտան Գարուններն հին, Նավասարդները` լեցուն Մարտիկներու վահաններուն կոփյունով, Մեր արծիվներն ու ուրուրները ` թողած Ճախճախուտները նըվաստ` Կայծակներու թառերուն վրա կըռընչեն. Էգ առյուծներն ու էգ վագրերը բոլոր` Մայրագորով լիզումով` Ըլլան կայտառ հայկակներու կաթընտու. Մեր ամպրոպները (լեցուն Ըստվերներովն երգիչներու գողթական) Սըրտին մեջ հայ քերթողին Փոխվին երգի ու չափվին Կայծակներու շեշտերով. Բանվորն հեստի՛, հեստի՛ գեղջուկն ու` այգուն` Երբ իր քայլերն ուղղվին դաշտերն ավերված, Արշալույսեն արյունի հոտը առնե Եվ արյունի՛ ծարավի. Շունչիդ զեփյուռն ու ճառագայթն աչքերուդ, Նըման գարնան մեր տան շեմերը պըճնող, Թող ճամբորդեն հյուղե հյուղ, Բննակարանե բնակարան. Կանգնի՛ն այրերն ու մայրեր, Ծերը կանգնի՛, կանգնի՛ տղան. Ու ամեն ոք Ազգին սիրով լոկ արբշիռ, Ազգին ոգով հաղորդված Ա՛յնպես վառի, ապըստամբի, բորբոքի, Որ Թորգոմա Տունն ըզգա Թե իր օճախը մարած` Այսօր հրաբուխ է դարձեր: 4. ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՆ ՄԵՋ Ա Ըլլա լացի, համբույրի, Հիշատակի, մըտածման, Մըռընչելու համար ըլլա, օ՛ն, մըտնենք. Մըտնենք հըսկա քաղաքն հըսկա աճյունի, Մըտնենք Շիրիմն հայության… Ողջո՜ւյն, Անի, գերեզմնոց, Ուր կը փըտին ոսկորներն հաղթ Անցյալին. Ողջո՜ւյն, Անի, օրորան, Ուր փլուզի տակ, կարիճի սև արյունով Մեր Ապագան կը մեծնա. Ողջո՜ւյն, Մեռե՜լ, Մա՜յր, ողջո՜ւյն. Ահա կու գամ, ես վերջին Նորաբողբոջ գըլուխը հայ Հիդրային, Կու գամ կյանքիդ փառքովը մա՛հդ օրորել. Ըսել, թե մեծ եղար դու, Կամ մեծ խոստումը մեծության, դու եղար Լուսակայլակ պողպատ ըստինք մ’որուն դեմ, Խուժդուժ ցեղերը ծըծելու դեռ անվարժ` Եկան նոթի լընդերն իրենց ջախջախել. Ծեր Ասիո շեմին վրա դո եղար Երեք դարու սիրտն` եթե Հույնն ըղեղն էր, Սիրտ կենսաբուխ` որուն աչքերն հառած պիշ` Նենգ Բյուզանդիոնն, այդ բոզորդին Հըռոմի Քեզ կը դավեր լափլիզելու ախորժով: Եվ ան դավեց և ան հաղթեց. ու ավա՜ղ, Երբ դրոշակն իր ցըցված տըխմար արքայիդ Հովհաննեսի շիրմին վրա` Վեստ Սարգըսյան կ’ըլլար խըլան խոստացված, Քու բալլիքներըդ Վոսփորի բանտին մեջ Երիտասարդ թագավորիդ թևերուն Կուռ շըղթաներ կըղպեցին: Բ Ո՜վ պատուհաս. կորսըվեցար դու այլևս, Երբ Պարսն և Հույնն, երկու ոսոխ ոսոխներդ, Իրարու դեմ ըզքեզ ասպար կանգնեցին, Կամ իբրև որս մ’որ արդեն իր մագիլով Նախ իր սիրտն է խոցոտեր, Քեզ անցուցին Մոնոմախոսն ու Տուղրիլ, Պերոզն ու ժանտ Արփասլան` Ժանիքներե ժանիք, թաթե ի թաթուլ. Եվ, դեմ դիմաց կզակներն իրենց ջարդելով, Հիմնաքարերդ հանեցին` Որպեսզի սև դամաբանաքարդ հորինեն: Ա՛լ այն օրեն դու իբրև շենք մ’հոյակապ` Ուրկե հազար կայծակ մեկեն է անցեր` Քայքայվեցար մարմար մարմար, ծեփ առ ծեփ: Ու, ո՛վ ցասում, ո՛վ ամոթ, Քեզ դեմ առ դեմ բըզքըտողները նենգժոտ Չեղան արծիվ` այլ գայլե՜ր…. Գ Արդ քարուքանդ կը հանգչիս Եվ նըշխարներդ ինը դար է որ կ’ապրին. Ժամանակին ձեռքը չեղավ այնքան հաղթ Աճյուններդ այդ մըրրիկներուն հանձնելու. Բայց ծոցիդ մեջ ալ բընա՛վ Սըմբատի սոս նըժույգը չի՛ խըրխընջեր, Այն չի թոթվեր արյունթաթախ բաշերն իր Քած ձիուն դեմ Ափշինի, Ու կոչնակներն ու շեփորներն ոսեցոլ` Որոնց ի լուր թուրը խաչով կը ձուլվեր. Հոն լըռած են` ապրեցնելով իրենց տեղ Բուի հազար սերունդներ: Այդ լըռության չղջիկի լայն թևին տակ Կ'աճի եղիճն արտասուքովն աստղերուն. Եվ հոն բաղեղն հայրենասեր թևերով Կը գըրկե հողըդ տըրտում Իր պատառիչ կալծքարերով միասին. Եվ խոտ մ'հազիվ, բարձրացած Ճամբաներուն վրա անկոխ` Կը ծածկե սողն օձի մ'արփվույն տակ ճեմող: Դ Ի՞նչ մընաց, ի՞նչ. Պարիսպներեն քարակուռ` Որոնք ըզքեզ գըրկած տըվին կուրծքերնին Ասիական մըրըրկարշավ ցեղերուն. Պալատներեդ, ամրոցներեդ, սյուներեդ, Աշտարակի սըլաքներեդ` ուր ծըփուն Կարմիր դրոշակ մ'հայկական Կ'սրբեր քրտինքն արծիվներուն ճամբորդող, Խոյակներեդ, գըմբեթներեդ` որոնք օր Մ'ամպին մեջ` շանթն Էին մեջ բախտն հեգնելով` Ժամանակի բռունցքին դեմ Կ'ըլլային կումբ ձուլված փառքի հանքերեն, Զորանոցեդ, տաճարներեդ, այո՛, քու Հազարումեկ տաճարներեդ` որոնց մեջ, Դեպի հավատքն ուղղաբերձ Մինչ բազուկներ կը հոգնեին, կ'հեղգային Մինչ հին արյունն Արամյան Իր հեթանոս ռազմիկ թափեն կը սանձվեր, Եվ մինչ Հիսուսը կը ծըներ արցունքով Լաստիվերտցին և նենգ Հուդան` Կիրակոս, Այդ հազար մեկ տաճարներուդ մեջ կ'ըսեմ, Քանդակ քանդակ, զարդ առ զարդ, Արվեստ մը նոր, արվեստ մը հայ, Արվեստն աղջիկ Աստուծո, քույր Բընության, Արվեստը հարս Տիեզերքին, Ժող'վուրդներու և Ազգերու վախճանած Տապանագիրն ու շիրմապսակն այդ վերջին Իբր աղավնի մ'ոսկեդըրվագ ուրագով Քանդակված` այդ գըմբեթներուդ ներքև սուրբ, Բատուցներուդ, խոյակներուդ, մույթերուդ Մեջեն լըռիկ, գըլուխը դուրս կարկառած` Դեպի երկինք, աղվոր, վեհ, Թռիչները լա՜յն կը պարզեր... Հիմա, ավա՜ղ, ատոնցմե, Այդ բյուրավորճաճանչներեդ, ո՛վ Անի, Ըսե՛, ըսե՛, ի՞նչ մընաց... Ե Կը պատե շուրջը լըռություն: Լայնարձակ Դաշտին վըրա, լուսնակի քա՛ղցր շողով Ավերակները կ'ողողվին: Հեռուեն Միջոցին մեջ աստղալից Լոկ կը լըսվի սույլն հովերուն ճամբորդող: Անի հավե՜տ կը լըռե... Ոտքըս փըլած քարի մը վրա կը դընեմ, Եվ ուրիշի մ'հետո, հետո ուրիշի Մ'ու կ'ելլեմ դե՛պի կիսաքանդ պարըսպին. Ծերպերն որմին, ժամանակի վերքեր, ինձ Սանդուխ կ'ըլլան. քայլափոխես փըխըրված Կը թավալին կոշկոռներ, Եվ մատերուս տակ ճանկող` Բաղեղներեն, մորմերեն Քընաթաթախ մողեզներ վար կը թափին: Ու ես կ'ելլեմ. հոգիս խոր Արբշըռության մ'ուժին տակ Զիս աստղերուն կը քաշե. Կը շուլլըվիմ, կը մագլիմ. Կայծքարերուն դեմ կուրծքըս մերկ կ'արյունի, Կը մնա մաս մ'ըզգեստես Վարը փուշի մը ճանկին մեջ ավազակ. Բայց ես կամշոտ, որսին դիմող վագրի պես, – Եթե ազատ բարձրությունն որսն է հոգվույն – Կուռ ու տենդոտ խոյանքով, Մութն ու փլատակն ոտքերես վար թոթափած, Նախնիներուս բյուր գանկերուն վըրա գոս Հուսկ ոստումով մը խըրոխտ Պարիսպներուն հառաչակուլ կը կանգնիմ... Զ Ո՜վ բնազդական դու վերելք, Ո՜վ խոյացման գինովություն` նույնիսկ սև Դամբանի վրա կամ ոսկրի, Ո՜վ վեհ բարձունք` որ կը գըգվես ճիղմ հոգիս Զիս ընելով աճյունին վրա պապերուս Բողբոջ մ'որ դեռ կը զարդարե կոճղը հին. Ո՜վ բարձրություն թովչական` Որ կապույտին և խավարին մեջտեղ զիս Մըտածումի լազվարթ լարով կ'առկախես. Կու տաս անցուկ մխիթարությունը սըրտիս` Որ վարն ոտքիս տակ գըտնեմ Անիի մեջ ցոլքն երկընքի մեծության, Ըզգամ թե մեր շիրմին վրա Մոլորակները դեռ զիրենք կը գըծեն, Թե խավարն այս` է Խորհուրդին դեմքը վեհ, Փլատակը` մե՛ղքն Հավերժին. Անվո փոշին հարդգողն, և կամ աս շըրջմոլ Փոսուռան աստղ մ'է չըքնաղ. Սա գանկը հոս լուսին մըն է, ես` Աստված... Ըլլալ Աստվա՜ծ, ո՛վ հեգնություն, այս ըլլալ Է միմիայն ծաղրանըկարն Աստուծո, Քանի որ մեր հոգին հարճն է Բընության, Եվ սոսկ անոր տաք ծոցին մեջ` բեղնավո՛ր, Չունենալով նույն ինք իրե՛ն սեփական Հայրենիքի այս Ոչընչին, բոհին դեմ` Իբր առաջին սերմընցու Խո՜սք մ'որ ստեղծե, ներդաշնակե, պոռթկալով Փոշիներեն Անիի Քանան մը նո՜ր և ազա՜տ: Է Ի՜նչ, ունենալ աչքի ներքև դիակներ` Որ եղած են ատենով Արյանդ արյուն, սերմիդ սերմ Եվ, ո՛հ, առանց հարուցանել գիտնալու` Այսպես դիտե՜լ ծալապատիկ թևերով, Ի՜նչ, տեսնել որ խըխունջ մ'այսօր կը չափե Հըսկա շենքերն այն` երկու թել լորձունքով, Եվ խորանի խորշին մեջ լոկ կ'ապրի Բուն, սևազգեստ ճըգնավոր, Տեսնել, որ լուռ կը փըտին Ավերներու տակ հերոսի բազուկներ, Գանկեր, սըրտեր` որոնց արյունը եղավ Թույն` իժերուն, ա՛յնչափ որ լի էր ոխով. Տեսնել որ փլած պատվարներու, դըղյակի Ճեղքերուն մեջ կը մեռնի Շող մ'արևու, Անուն մը հին, Ազգ մը մեծ, Եվ գահերու բեկորներուն վրա թափուր Արծիվն ամպեն կը ծըրտե՜... Ի՜նչ, մինչդեռ վարը, անդին, Այս ջընջումին հավասար Կը ջընջըվին, կ'այլասերին հոգիներ Խեղդըվելով նույնիսկ իրե՛նց արյան մեջ, Կամ մալ ու կուրտ եզի պես Ժուժով մը վատ, յուրաքանչյուրհարվածի Ներքև ջըլատ կ'ըսեն. – Լըծե՛: – Ո՛հ, ի՜նչ, ի՜նչ, Առջևը այս ամենուն, Շուրջիս այս մութ ծըփանքին մեջ դիերու, Ոսկըրներու, նըշխարներու, արյունի, Մընալ կանգուն, մինավորիկ, անկարո՜ղ, Եվ չը կըրնալ այս թոհբոհեն հանել դուրս Վերածընո՜ւնդ, վերածընո՜ւնդ մ'արփագեղ... Ո՛վ այպանք, ո՛վ նախատիք, Ուրեմն ինչո՞ւ ապրիլ, ինչո՞ւ ընդունայն Հայրենիքի անունն ասա՛նկ մըռընչել, Երբոր Ողջերը թըմրած Քեզ չե՛ն ուզեր լըսել, ոստնուլ չե՛ն ուզեր, Եվ ռազմերգեդ` ահաբեկ` Ականջներնին ծոցերնուն մեջ ղողած Երբ գըլխուդ շա՛նթ կը մաղթեն, Ուրեմն ինչո՞ւ, ինչո՞ւ ապրիլ... Ը Վարը, հոս, Օձ մը հըսկա` գըլուխը փոսեն տընկած դուրս` Լուսնի շողով կը նայի ինձ. օ՛ն, եկուր. Դու, որ ունիս այդ աչքերուդ մեջ կանանչ Մահվան անուշ մխիթարությունն. օ՛ն, եկուր. Կըրունկս քուկդ է. քուկըս տաք Երակներս այս. խա՛ծ ու խայթե. թող տապալ Գըլորիմ վար, Ախուրյանի ողբին մեջ, Եվ վարը այն որձաքարին վըրա սև Ջախեմ գլուխս, ու իմ խեղճ Հայրենիքիս փոշիներուն վըրա սա` Ըղեղիս խյուսը փըռեմ...
  3. Կ’ըսեն: Իրենց գոռուգոչումն ահավոր Կը սասանե գահերուն վրա կայսըրներ, Եվ կ’օրորե պատվանդանին վրա նընջող Քերթողին քունն հանդարտիկ: Կ’ըսեն: Եվ նվե՛ր Աստվածուհվույն կ’ընծայեն. Անոր առջև արյունլըվա ձեռքերով Կը սըփռեն վարդ ու հասմիկ: Կույս աղջիկներ դալկադեմ Ասեղներե ծակծակված գիրգ մատներով Կ’հյուսեն անոր գըլխուն համար պըսակներ: Գյուղացիներ կ’ողջակիզուն վբերջին ուլն Իրենց թափուր և ցըրտացած փարախին: Տըղայք կընդրուկ կը ծըխեն. Իսկ բանվորներն ու ռազմիկները պարման Թուրերն իրենց, մուրճերն իրենց նվիրական Կու գան անոր կըռվանին վրա հեսանել: Եվ ժողովուրդը բովանդակ հանկարծ լուռ Լուսընկային տակ հանդարտող ծովու պես Կը խոնարհի աղոթքի… (Օրհնյա՜լ ըլլաք, հառաչանքի մեջ խեղդված Ո՛վ արցունքներ, մազերն ի վար կայլակող Ո՛վ արյունի կաթիլներ. Ո՛վ աղոթքներ նախատոնին կռիվներու Մանավանդ դուք օրհնյա՜լ ըլլաք. Ձեր մեջ է որ Հույսերը մոտ հաղթության Իբրև ճերմակ աղավնիներ` ամենուն Ծոցեն արփվո՜ւյն կը սլանան): Եթերական կրակին խորեն իրիկվան, Դեմի սարեն զառիվայր Այն որ կ’իջնե անչափելի քայլերով Հերո՜ս մըն է, պերճահասակ քըրմապետ Նեմեսիսին կուսական, Եվ անձնուրաց նախախնամող մարդկության: Արևը դեռ չըմեկնած ճաճանչներն իր ամփոփե է շեշտուղիղ Անոր կուրծքին կարմրաբորբ, Ցայտեցնելով զենուզարդեն պաղպաջուն Ճառագայթներ` նման բամբշի մը գըլխուն Ծամակալ մեծ ասեղներն: Արյուն մ’ահա կ’այլակի տակավին Իր գոտիին արդարադատ կեռ սուրեն: Կու գա՜,– ճակատն իր արդեն Շաղկապված դափնիով: Քայլերը ծանըր` փառքեն, Եվ բըռնությունը ճըզմելեն` տենդակոխ Ահավասիկ կ’երկփեղկեն Ժողովուրդն այն խոնարհած Ատելության և աղոթքին բեռին տակ: Նեմեսիսին ձոնելու Ան իր նըվերը ունի. Գըխուն շուրջեն կ’արձըկե Դափնեպըսակը` զոր կույսերն որբացած Շիրիմներուն նըստած տըրտում շուքին տակ Իրեն համար հյուսեցին. Կ’արձըկե զայն և ձախ ձեռքովը բըռնած Բուրյան ճյուղին մեկ ծայրեն Մյուսով զայն կը մերկացնե, սըփռելով Իր սաղարթներն օդապար Աստվածուհվույն ոտքերուն վրա անարատ, Որոնցմե հա՛մ’աղվոր տերև մ’արյունոտ, Կ’երթա, կ’իյնա արձանին տակ քընացող Քանդակագործ բանաստեղծին ճակտին վրա, Որ գրավված նո՛ր Տեսիլներով երազի Այդ հըպանցումը փառքին Ամենևի՜ն չ’իմանար:
  4. Այստեղ պիտի գրեի հոդվածի հեղինակի անունը` Արշակ Չոպանյան: Իսկ հիմա դառնանք «Ցեղին սիրտը» ժողովածուին. ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ Ընդ եղեգան փող բոց ելանէր ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (Առասպելք) 1. ՁՈՆ http://www.armenianhouse.org/varujan/poems-am.html#3 ՆԱԽԵՐԳԱՆՔ 2. ՆԵՄԵՍԻՍ Պաշտե՛ դահանակե աչքերով Աստվածուհին, ո՛վ Ժողովուրդ, երբ բռնակալությունները կործանես, կործանե այլևս զինքն ալ, և դո՛ւն բարձրացիր իր պատվանդանին վրա` շուշան մը ձեռքիդ մեջ: Քերթողն հըսկա, մըրըրկավարս, հըրաչվի, Նըվիրական արվեստանոցն իր մըտավ, Եվ փակեց լայն պողպատ դըռներն հապըշտապ. Ճեղքերուն մեջ մընացին Արեգակին մազերն ոսկի, սանտըրված: Լեռնակուտակ զանգված մ'ընտիր մարմարի Այդ շենքին մեջ մըթընշաղ Կը սպասեր` ձևն հագնելու հին դյուցազնի. Եվ կամ գուցե կը հուսար Որ աստղերեն իջնելով` Պիտի աստված մը գա իր մեջ բընակիլ: Զանգվածը այդ ապառաժ մ'էր բարբարոս` Որուն մեջ դեռ կը մընար Կիսավեր բույն մը արծվի. Եվ խորն իր մեկ խոռոչին Օձ մ'էր ծվարած ու կը նընջեր հանդարտիկ: Քերթողն ինքզինք պահ մ'անհունին մեջ հոգվույն Ըզգաց Աստված: Սոթտեց թևերը ջղուտ, Ոսկեղեն մուրճը ափին մեջ, տըժգույն, վեհ, Մարմարին դեմ, գըլխեբաց, Հըսկայի պես կանգնեցավ... Նըշմարեցին աչքերը ձեռք մ'այն ատեն Մութին ծոցեն` կարկառուն` Որ վիթխարի բըռնած սափոր մը` պարպեց Խորն իր հոգվույն լայնալիճ Տիեզերքին ըստեղծահյութն հողաբույր: Եվ քանդակեց, քանդակեց, Եվ քանդակեց, քանդակեց: Արվեստանոցին բյուզանդական գըմբեթեն Հույսի ձեթով լի սուրբի գանկ մը կախված Կ'ըլլար ջահն իր լուսատու: Ան կը տեսներ մարմարին շուրջը ձևված Հըզոր երազն` որ միս կ’առնուր և ծալքեր: Մըտածումն իր` այդ քարին կույս ծոցին մեջ Իր արմատներն հուշիկ հուշիկ կը խըրեր Ծառի մը պես ձիթենի: Եվ քանդակեց, քանդակեց, Եվ քանդակեց, քանդակեց... Ամեն մի բուռն հարվածին տակ հաղթ մուրճին` Ինչպես թե ռումբ մը պայթող` Ուղխ մը կայծեր, քարերու հետ խուռնախիտ, Կ’անձրևեին պատերն ի վար խավարչուտ Պսակի պես քայքայվող: Դուրսն ողկույզներն հասմիկին Կը թափեին մուրճին մեն մի թընդյունեն Փեղկերն ի վար իրենց կապույտ ծաղիկներ: Եվ քանդակեց, քանդակեց, Եվ քանդակեց, քանդակեց. Մինչև որ բիրտ վայրենությունը քարին Նըվաճվեցավ, և ահա գլուխ մը կընոջ Մարմարին մեջ թարմորեն Ծաղկեցավ բա՛րձըր շուշանի մ'հանգունակ: Չըքնաղ էր ան, միանգամայն էր ահեղ. Հելլենական արձաններու կուրությամբ Կը հառեին խորունկ աչքերն` որոնց մեջ Կարծես հոգին, անդունդն ի վեր մագըլցող Կարիճի պես` կամաց կամաց կերևնար: Եվ քանդակեց, քանդակեց, Եվ քանդակեց, քանդակեց... Բանաստեղծն իր բազուկին տակ կենսադրոշմ Կը փորագրեր կարծես քերթված մ'ահավոր. Խոր ծալքերուն մեջ կյանք առնող մարմարին Մեն մի հարված դաշնակություն մ'էր քնարի, Հանգ մ'էր, տուն մ'էր, և կամ շեշտ մ'օդասլաց: Մեն մի հարված ռըմբագոռ Ըմբոստ երգ մ'էր ոսկի մուրճով երգըված` Որուն Աստված երկընքին մեջ կ'ունկընդրեր: Եվ քանդակեց, քանդակեց, Եվ քանդակեց, քանդակեց, Ու ավասիկ ճոխ գանգուրներն այդ կընոջ Զերդ ողկույզներ իրար խըռնված օձերու Ուսերուն վրա թափեցան: Կերտեց թիկունքն և թիկնամեջը շըքեղ, Կերտեց թևերն ամազոնի` որոնք թե` Կարող էին արձակել Ոսկի փըքինը սիրո, Եվ թե հրաշեկ կայծակը` տեգ մահընկեց: Եվ քանդակեց, քանդակեց, Եվ քանդակեց, քանդակեց... Ո՜հ, ի՜նչ փույթ թե անցան անքուն գիշերներ Եվ ցորեկներ` անդադար. Ծիծե՜րն ահա, ծիծե՜րն ահա արձանին, Ա՜յնքան մաքուր կըլորցըված, պաղպաջուն, Որ անշուշտ կաթն անոնց մեջ պետք էր ըլլալ Կամ լույս` սառած, և կամ արծաթ` հալըված: Կողերն ահա, ահեղորեն շընչավոր, Որոնց ներքև կարծես արյամբ մեծնային Արդարության, վրեժի սաղմերն երկվորյակ: Շինեց ողն, հո՛ւյր բումբերն, ազդրերը ողորկ. Շինեց և՛ պորտն` որ զանգվածին մեջ հանկարծ Քաոսեն ծնող աստղի պես Ճառագայթներ դուրս պոռթկաց: Օ՛ն, հարվա՜ծ մ’ալ, հարվա՜ծ մ’ալ… Գանկ ջահին մեջ, ձեթն ըսպառիլ ըսկըսավ. Օ՛ն, հարվա՜ծ մ’ալ, հարվա՜ծ մ’ալ… Եվ քանդակեց, քանդակեց... <Եվ քանդակեց, քանդակեց...> Կերտեց գուճերն և սրունքներ. Կերտեց ոտքերն` որոնց տասնյակ մատերեն Ժահրով, մեղրով խառնըված Դըդըչահոս լույսի վտակներ բըխեցան: Եվ շինեց ան վերջապես Կնոջ մեջքեն վար ահեղ Սուր մ’երկսայրի, սուր մ’անպատյան, սուր մ’անբիծ, Եվ Աստուծո պես արդար: Այն ատեն հոն մարմարիոնին խորշին մեջ Քըացող օձն արթընցավ Եվ փաթթելով զինք մեղմորեն այդ զենքին` Կաթիլ կաթիլ ըսկըսավ թույն մը կաթել: Օ՛ն, հարվա՜ծ մ’ալ, հարվա՜ծ մ’ալ դեռ, և ահա Պիտի գործն այդ ավարտի: Քանդակագործ քերթողն հանկարծ խորշոմեց Մարգարտապսակ ճակատը ջինջ քըրքինքով. Այդ ի՞նչ արձան, անունն ի՞նչ էր այդ կընոջ. Գորգոնա՞ մ’էր, Հերա՞ն քինոտ, թե՞ Իսիս. Պատվանդանին վրա հըսկա Փորագրեց.– Նեմեսիս: Ահա երազն իր, կը շընչեր, կը խորհեր. Իր երազն այդ մարմարեղեն` զոր երկար Ատեն սըրտին հավքերուն մեջ այն կըրեց: Արդարության և Վրեժի Դիցուհին այդ` աղջիկն էր իր կորովին Զոր հըղացավ, ողնածուծովը սընույց Այն օրեն վեր` երբ հըլությամբ հարսնացավ Ժողովուրդին արյան հետ Գիտակցությունն իր բեղուն: Այլևս ի՛նչ փույթ թե մնաց թաղված օրերով Արվեստնոցին դամբանական մութին մեջ: Ի՛նչ փույթ թե արդ ճակատեն վար կը հոսի Բարի քըրտինքն հոգնության, Եվ ուսերուն և գըլխուն վրա սևահեր` Իբրև ըլլար ջաղացպան մ’ան կը նըստի Ճերմակ փոշին մարմարին. Եվ խիտ երկար թարթիչներն իր կը նմանին Աղավնյակի մը թևերուն ըսպիտակ. Ի՛նչ փույթ թե ան, ա՜հ, չըտեսավ կույս գարնան Լուսակարկաջ աղբյուրներուն մեջ ժըպտիլն, Եվ չըքամեց դեռ խաղողի ողկույզներ Բաժակին մեջ բյուրեղյա. Կամ չըխառնեց գանգուրներն իր ասպետի Բըլուրներուն վրա պարող Աղջիկներուն հողմատարիկ վարսերուն: Ո՜հ, ի՛նչ փույթ կյանքը մեռնող, Երբոր երազը կ’ապրի, Երբոր երազն անմա՜հ է: Մուրճը ձեռքին մեծ բանաստեղծը հաղթական Արձանին խիստ աչքերուն մեջ կը հառի. Եվ անոնց մեջ կը ճանչնա Ինքզի՜նք, ամբողջ, անթերի: Կը ճանչնա սուրբ մարմարիոնն այն` որ առավ Բազկին տակ կյանք, որ այդտեղ Եկավ զանգված մ’իր բըրտության մեջ նընջող Եվ արթընցավ Դիցուհի՜. Զերթ քարափերթ մ’ըստրուկ ինկավ մուրճին տակ, Եվ կանգնեցավ Վրիժուհի՜: Ավարտած էր ամեն գործ. Ահա մեջտեղն էր, Նեմեսիսը, կանգուն, Պաշտըվելու, ընդունելու ողջակեզ Այլևըս կա՛զմ և պատրաստ: Այն ժամանակ քերթողն ուրախ, գոհունակ, Քաշեց նիգերը, բացավ Պըղնձե դռներն հսկայական գավիթին. Նույն ատեն լույս մը դեմեն Երկինքն ի վար այնպես արձանն ողողեց Որ դիցուհվույն մարմինը շուրջն ըսկըսավ Ճառագայթներ աձակել: Խըտղըտեցույց ճերմակությունն իրանին Աչքերն աղվոր օրիորդի մ’որ դեմի Պատըշգամբին նըստած ժանյակ կը հյուսեր: Ձյունեղ ժայռ մ’էր կարծես` Որ կը ցըցվեր արևուն մեջ` հոլանի: Կը թափեին ուսերեն վար, կուրծքեն վար. Շողի հազար վտակներ, հազար ալիքներ: Քերթողն անգամ մըն ալ անոր նայեցավ. Եվ ճակատին վրա ճանչցավ Անգամ մըն ալ դուստըրն իր հեստ արյունին: Տըվավ համբյուր մ’երկյուղած Մեջտեղն անոր ծիծերուն, Ուրկե մընաց շըրթունքներեն վար առկախ Լույսի կաթիլ մը` վաղվան Նոր վրեժներու արգասիչ: Հետո նետեց ծանրակիմուրճը ձեռքեն. Թևը սոթտված պատվանդանին վրա դըրավ. Եվ գըլուխն ալ թևին վրա. Եվ իբր առյուծ մը պառկող` Հոգնած, քըրտնած և վըսեմ, Աստվածուհվույն ոտքերուն տակ քընացավ: Ժողովո՜ւրդն է, ժողովո՜ւրդն է, որ կու գա, Ճամբաներուն, փողոցներուն մեջ Քաղքին Գետեր են որ թըխակոհակ կը հոսին. Հարստահարված ժողովուրդն է որ կու գա. Անոնք տեսան Նեմեսիսի վեհ արձանն, Եվ քուրմեր են, վրեժի քուրմեր, և ահա Անո՜ր, անո՜ր կը դիմեն: Գործատունեն, թիարանեն, բանտերեն Գըրոհ կու տան: Արյունոտ են ու քաղցած: Դեռ բեկորներ շըղթայի` զոր ջարդեցին, Մերկ ոտքերուն հետ ընդքաշ Սալհատակին շըռինդ շըռինդ կը հընչեն: Ոմանք սակրով, ոմանք մուրճով են զինված. Դեմքերուն վրա արյունռուշտ Կը փայլակե կատաղությունն` հեռուեն Մերկացնելով մարգարտաշող կըրճըտումն Ակռաներուն մարդու միսի անոթի: Մերկ են կիներն իրենց ամբողջ ծիծերով, Եվ մանուկներ` բոպիկ` Որոնց տըժգույն ճակատեն Գարունն ընդհուպ կը թափթըփի վարդ առ վարդ Դեռ չավարտած իր բողբոջումը առույգ: Ատելության գոռուկոչ մ’է` կը պոռթկա, Կը տարածվի պողոտայե պողոտա Քաղաքին մեջ բովանդակ: Ամեն շըղթա կը բեկտի, Եվ կը փըլչի ամեն բանտ. Հրապարակին մեջտեղ կրակի կը տըրվի Կառափնարանն` հերոսներուն արյունեն Վարդակարմիր և ճարպոտ, Եվ իր մեծ բոցն երկնոլոր Ամբոխներուն գիտակցության կ’ըլլա ջահ: Ամեն խըրճիթ ըմբոստ մը դուրս կը պոռթկա, Ամեն շիրմե նահատակ մ’հաղթ կը հառնու Նո՛ր միսով, նո՛ր ըղեղով, նո՛ր զենքերով Ըսպառազեն: Ժողովո՛ւրդն է հող կըրծող. Մինչև մեջքն իր` տիղմին մեջ Ուրիշներու դըղյակ շինող ամբոխն է` Որ ոտքի միակ մոլեգնադռույթ ոտումով Նույն իր խորունկ գերեզմանին քարին վրա Ահավասիկ կը կանգնի: Եվ մարդկային օվկիանն այդ փըրփրագոռ Կ’եռա խորքերն իր մըռայլ. Եվ ալիքներն հառաջ կ’երթան մահադող. Եվ կը թըքեն իրենց փըրփուրը հորձքի Պալատներուն մինչև քիվերն, ու մինչև Ճակատն արփվույն անտարբեր: Քըրջավո՛ր են, ահավո՛ր են, բայց այսօր Հանճարներու, դարերու Ամբողջ մտածումն, ամբողջ վաստակը խըմող Գաղափարին արծիվի թևն ըսպիտակ Եկավ դըպչիլ անոնց դեռ կույս ճակատին: Եվ անոնք ուղխ ճամբաներե հավաքված` Այսօր ունին վըսեմությունն օվկիանի. Եվ կը մռնչեն, կը հայհոյեն, կ’աղոթեն, Կը մըրմըռան բըռնության դեմ ծուփ առ ծուփ. – Վըրե՜ժ, վըրե՜ժ, Նեմեսի՜ս: Եվ Նեմեսիսն հո՛ն է, հո՛ն է մխիթարիչ Քենն երկնային. ձյունափարփառ մարմինն իր Լուսնակին պես ալիքներն այդ կը քաշե Դեպի ծոցն իր մայրենի: Եվ ժողովուրդն արձանին շուրջ կը դիզվի Հետք հետքի վրա, խուռնախիտ, Եվ կըզակներ կըռթընցըված ուսերու: Առջևը վեհ Դիցուհվույն Ամեն ոք իր վերքը կուրծքին կը բանա. Պարմանիներ ցույց կու տան Թևերն իրենց կոտրած` շըղթա կոտրելեն. Մայրերն ահա վեր կ’առնեն սև-սև քողեր Անոնց ծալքին մեջ բանալով գանկիկներ Մանուկներու` այրուձիին տակ ճըզմված, Եվ պառավներն անոր առջև կը փըռեն Քըղամիդները կարմիր Դըրժված մորթված դյուցազնական թոռներու: Եվ կը բերեն ամենն ալ Իրենց վերջին հարըստությունը` նըվեր, Եվ ծընրադիր` անիծախառն աղերսով Արտասվագին միահամուռ կը գոչեն. – «Ո՛վ Նեմեսիս, Անվրիպելի՜դ, Վրիժուհի՜դ, Մեր տառապանքն, անկումը մեր կը տեսնե՞ս. Մեր արցունքի մեկ շիթին Օվկիանական անհունությունը արդյոք Քու ափիդ մեջ կըշռեցի՞ր: Բա՛վ է փառքերն ու հաճույքներն ապրեցնենք Մեր արյունին արյուններով ու մինչև Ոսկորներնուս քըրտինքով. Բա՛վ է սվինները պատռեն Մեր արգանդին մեջ հավետ Լուսաթաղանթն արշալույսի սաղմերուն. Բա՛վ է անիվը գործատան փերթ առ փերթ Խըլե մեր միսն և յուղոտե ճըղուղն իր. Բա՛վ է, բա՛վ է մեր բովանդակ կյանքին մեջ Խարազանված թիկունքներնուս վրա կըրենք Մեր շիրմաքարն ու երթանք ա՛յսպես շիրիմ: Վըրեժի ժամն ա՛լ հասավ. Նըշկահումի ամպրոպահունչ ժամն հասավ: Ո՛ւժ տուր մեզի, ոգևորե՛ և մըղե՛. Դո՛ւ մեզ Աստված, դո՛ւ Տիրամայր, դե՛հ իջիր Պատվանդանեդ և ձուլե մեզ կամքիդ մեջ, Եվ օրենքներըդ գըրե Մեր ճակատին վըրա արյան գըրերով: Քու ժողովուրդըդ մե՜նք ենք. Պիտ’ ըսպաննենք մեր աստվածներն հին և նոր Եվ աճյունին վրա անոնց` Ատտիկեի և մեհյանեդ ալ հոյակապ Պիտ’ քու մեհյանըդ կանգնենք Պիտ’ կործանենք ապարանքներ ու բանտեր` Եվ քառանկյուն սալքարերովն իրենց հաղթ Պիտի բագինը՜դ կանգնենք: Ամեն տարի մահատոնիդ նեմեսյան Ատելության ի՜նչ նըվագներ պիտ’ հընչեն. Պիտի զարթնուն ի՜նչ մոռցըված մեռելներ` Եվ խըմելով արյունախա՛ռըն գինին, Զոր սափորով իրենց շիրմին պիտ’ դընենք, Արևուն տակ, զոր կարոտցան, ձեռք ձեռքի Պիտի պարեն շուրջն արձանիդ ` հանձնելով Իրենց պատանքը հովին: Իջի՛ր մեջ, և բընակե լոկ մե՜ր մեջ. Օ՛հ, ո՜րքան դու չըքնաղ ես Եվ ո՜րքան ալ սարսափելի. աչքերդ այդ Արդարաբար կը սպաննեն միշտ, և ձեռքերդ Աճյուններու մեջ պատրաստ են սերմանել Շուշան հունտեր շուշանափայլ կյանքերու. Գանկի մը մեջ բույնն իր դընող տատրակն ես. Աղբյուր մ’ես դու ըՍտյուքսի` Որ կը բըխի գերեզմանե մը կանանչ: Ահա քեզի կր կարկառենք մեր քաղցած Երեխաները. թող որ քո՛ւ ծոցիդ մեջ Մըկըրտըվին, և ծըծեն կուռ ծիծերեդ Կաթը վաղվան վըրեժին: Օ՛ն, Նեմեսիս, իջիր մե՜ր մեջ. մեզ ըրե Վահա՛ն լանջքիդ մարմարե, Սո՛ւրը թևիդ անխընա: Զի մենք ծարավ ենք արյա՜ն, Արյա՜ն, արյա՜ն, Նեմեսիս»: Կ’ըսեն: Իրենց գոռուգոչումն ահավոր Կը սասանե գահերուն վրա կայս
  5. ԹՈՎՄԱՍ ԹԵՐԶՅԱՆԻՆ Եվ հիմա, որ դուն անդին անցար դռնեն խորհուրդին, Խոհուն ու քա՛ղցըր Վարպետ, որ դրախտի մ’մեջ անգիշեր Հոգվույն հավերժ թևածման կհավտայիր սրտագին, Ի՞նչ տեսար, ախ, ի՞նչ գտար` երբ սուզվեցար թանձրաստվեր Անծանոթին ծոցը պաղ… Ո՞վ, ո՞ր աստվածը գթած Պիտի շնորհ ըներ մեզ, որ սև վերմակը հողուն Նետելով պահ մը գլուխդ առնեիր վեր ու մթնած Աչքերդ հեղ մ’ալ հառելով այն ժպիտո՛վըդ սիրուն, Մեզ պատմեիր ինչ որ կա գերեզմանին սեմեն ներս: Արդյոք իրա՞վ աչվըներդ, հազիվ գոցված երկրավոր Արփվույն լույսին, բացվեցան լույսի մը մեջ մշտապես Շողուն ու քաղցր ավելի քան աշխարհին մեր բոլոր Լույսերն աղոտ. դուն գտա՞ր արդյոք սանդուխն ադամանդ, Ու միթե հոն հրեշտակներ եկա՞ն ձեռքերդ բռնելով Քեզ վեր հանել դեպ աշխարհն անապական, անկաշկանդ Երջանկության ու սիրո: Ինչքա՜ն մեր խեղճ սրտին զով Ու սփոփարար պիտ’ ըլլար գիտնալ, որ այժմ հանգչած, Հանգիստով մը գերագույն, ստվերներուն մեջ մաքուր Երգիչներուն մեր երկրին, հովանույն տակ լուսամած` Տիեզերքի դյուցազներգը, հորինող գերահուր Բանաստեղծին, կխոկաս, հեռու աղբեն, արյունեն Այս մեր սուտի ու ջարդի երկրագունդին ապիրատ Ու կհրճվիս նվագովն անճառ, զոր քեզ կձոնեն Հրեղեններուն տավիղներն ու կլսես մեղրակաթ Խոսքն ընտրված միտքերուն, որ կմեկնեն քեզ կյանքին Գաղտնիքը` մեզ համար փակ… Ինծ պահ մ’արդեն կթըվի Տեսնել հույլին մեջ զքեզ անմահներու կաճառին… Հոգիդ այլևս ազատված պատյանեն թանձր կավի, Զերծ տաղտուկեն ու ցավեն մեր կենցաղին այս ռամիկ, Դարձած համակ մաքրություն և ուժ, ավյուն ու ճախրանք, Սերովբեներուն երամներն, արփաճաճանչ, վարդերանգ, Կպաշարեն քեզ ու մեղմ երգելով քեզ կօրորեն. Ու երկրի մեծ զավկներուն վեհ ոգիներն ալ կուգա Դիմավորել քեզ ու քաղցըր ողջույնով մը կըսեն` –«Բարո՛վ եկար, ո՜վ եղբայր, վարն, Երկրին մեջ տրտմության Ու տվայտանքի, ծանրաքարշ հողի կյանքին մեջ ստոր, Դուն գեղեցիկն զգացիր, սիրեցիր ու երգեցիր. Դուն անցար հոն ինչպես շող մ’արփվույն ճահճին վրա պղտոր, Աչքդ հառած երկնավոր իդեալին լուսածիր, Դուն քու ճամփուդ վրա տղմոտ` հոգվույն վարդերն ու շուշան Ցանեցիր ու անոնցմով պճնեցիր ձորն այս տրտում: Երգերդ, ուր դուն թափեցիր սիրտըդ, սիրո ատրուշան. Աստվածության անստվեր արեգակեն անպատում Կքաղեին իրենց բոցն, ու հերշտակաց երգերեն, Զոր հոգիդ մենության մեջ կլսեր ներքնակի Անուշությունը իրենց: Բարո՜վ եկար: Քեզ Որ Էն Պիտի պսակը շնորհե մեծ հանգստյան ու փառքի»: Եվ ահա դուն, դեմն ելած Հոգիներու Հոգիին, Պսակը լույս կընդունիս ու շրթներով գերանյութ` Կերգես գեղոն մ’օրհնության, ա՛յնքան քաղցր ու կաթոգին, Այնքան լեցուն հրապույրով ու թարմությամբ ծաղկահյութ, Որ հրեշտակներն` զմայլած` քեզ կծափեն քնքշորեն, Ու մեծ Արքան վեհությանց, դաշնակությանց, զորությանց, Գորովագին կժպտի… Ավա՜ղ, ըսե՛ թե խորեն Ծնած սուգին` ասիկա չէ լոկ երազ մը վաղանց. Երևեցի՛ր մեզ, զերթ երբեմն Էմմավուսին մեջ նախկին` Հիսուս տրտմած իր հոտին: Խոսե՛, վարպետ, մես ըսե՛, Ապահովե՛, հաստատե՛ թե Բուրաստանն այդ վերին Կա՛ արդարև` իր անճառ ծաղիկներովը լույսե, Օդով իր միշտ գարնային, կանաչներովն անթառամ Ու մշտաջինջ երկնքով: Ըսե՛ թե Չարն ու Խավար Հավիտյանեն ի վեր հոն չեն մտած ոչ մեկ անգամ, Թե անոնք, որ աշխարհիս վրա տանջվեցան չարաչար, Զոհ ոճիրին կամ ազնիվ երազներու նահատակ, Արդարներն ու մաքուրներն, անձնվերներն ու քաջեր, Այնտեղ ընդմիշտ մոռնալով ցավի ամեն հիշատակ, Խաղաղ ու դաշըն կյանքով մ’ուր ալ մարմնո պիղծ տենչեր Ի սպառ մարած են, կապրին ծոցն հանգստյան մ’անվրդով, Կյանք մտավոր հեշտանքի, ուր Աղբյուրն իսկ գոյության Եվ պատճառն ու նպատակն ալ անսքող աչքերով Կնշմարեն, կըմբռնեն, ու ցնծալիր կարբենան Գեղեցկության գերագույն հայեցումովն հոգեզմայլ, Եվ Աստուծո գործակից կըլլան գործին մեջ հզոր, Ով կվարե Համասփյուռ կյանքին գաղտնիքը մռայլ` Արդարության ու սիրո դեպի նպատակ մ’հեռավոր, Զո՛ւր կոչ, ունա՜յն աղերսանք… Մեր ու քու մեջ լռությանց Լռություն է` որ կանգուն` կքարանա անողոք: Շիրիմն անխոս է, մահուն դիմակն հավերժ անթափանց, Մենք կմնանք շվարած, անձկության մեջ ծնկաչոք, Խոցված, մոլոր ու վհատ, ցանկանալով հին Բնազդին Հավտալ անուշ, կազդուրիչ երազին այն միամիտ, Բայց անկարող: Եվ ահա մտածման ձայնը ցրտին Մեր վիրավոր սրտին վրակհնչե` կուռ ու վճիտ. «Այն զոր կողբաք, լրացուց իր դերն, և այժմ անզգած Ծրար մըն է լոկ նյութի: Մարմինն անոր ծոցն հողուն Պիտի լուծվի ու տարրերն` հազար նոր ձև զգեցած` Նոր կյանքերու պիտի մաս դառնան Բնության մեջ անհուն: Անհատին կյանքն անցավոր, ամբողջությունն է անմահ: Կյանքը մեկ է և անվերջ, իր ձևերն են այլազան Ու վաղանցուկ: Ուժ մը կա, ամենակալ, բարձրագահ, Տիեզերքինմեջ տիրող, խորհրդավոր, անսահման, Անմեկնելի: Ան երբեք չի՛ սխալիր: Ամեն ինչ Ան հորինած ու լարած է օրենքով մ’անհեղլի. Դաշնակությամբ մ’անայլայլ, ուր մութը հոն, լույսը ջինջ Անհըրաժեշտ են նույնքան: Աշխարհըս չէ լոկ Չարի Հանդիսարան. կան մաքուր հոն հոգիներ ինչպես այն Զոր կողբաք դուք: Ցավը պետք է մարդկային հոգիին Մաքրագործմանը համար: Անփառունակ և ունայն Պիտի ըլլար կյանքն առանց ընդդեմ Չարի պայքարին: Լացե՛ք, զի դառն է զատվիլ մեծ հոգիե մը սիրված. Բայց մի՛ ի զուրակնապիշ երկինքն ի վեր սպասեք Վերերևմանը անոր, որ աչքն ընդմիշտ է փակած: Ան ա՛լ իր գործն ավարտեց և իր պայծառ ճակտին սեգ` Հոս իսկ արդեն ստացավ պսակն իր սուրբ վաստակին: Վարձքըն արդարին մարտիրոս` իր վեհ ցավն իսկ է արի, Եվ հանճարի՛նը` հանճարն, անշեջ լույսովն իր խորին: Ան, զոր կողբաք` անթառամ կյանքով մը միշտ պիտ’ ապրի Իր երգերուն մեջ աղվոր. հո՛ն է, հո՛ն է իր հոգին»: ԵՐԳ ՀԱՐՈՒԹՅԱՆ Ահա կտեսնեմ ողկույզներն ոսկի` արփվույն տակ զվարթ, Տերևներուն կանանչին մեջ ծիծաղով մը լուսեղ Ծաղկած բարի շոյանքին ներքև սյուքին խանդակաթ: Ձեռքեր, ձեռքեր կու գան, բիրտ, կտրել գլուխներն այդ անմեղ Եվ կտանին հնձանին մեջ նետել, դե՛զ ողբական, Ու գարշապարն անողորմ դահիճներուն մոլեգին Կջախջախե ողկույզնե՛րը լի հույզով սրբազան: Բայց կտտամահ դիակեն կենսածորան պտուղին Կվերածնի խաղողին հոգին, հզոր ավելի, Գինիին մեջ հրաբորբոք: Ու կտեսնեմ` հեղապար Ահա հովուն տակ կօրորվի օրհնանքով ու սիրով լի Խարտիշագեղ հասկերուն վետվետուն ծովը պայծառ. Կշողա սուր մանգաղին կապույտ փայլակը ցրտին, Ու հասկերուն կթափին վառ գլուխներն անջատված, Ու կալին մեջ կամնըված, երախին մեջ ջաղացքին Փշրվելով կդառնան փոշի անշարժ ու մեռած: Բայց մանրամաղ նշխարեն նահատակված հասկերուն Կվերածնի ցորենին հոգին, վեհաձն ավելի, Կենսապարգև Հացին մեջ: Ու հիմա քեզ, ո՜վ դժգույն Անուշ Քրիստոս, կտեսնեմ խաչիդ վրա պաշտելի. Քու մեծ հոգիդ անարատ, ինչպես ծաղիկ մ’անպատում, Կկանգներ լույսն իր խաղաղ` պիղծ ճահիճին վրա կյանքին: Ցցվեցավ ձեռքը քանդիչ` ճակտիդ վրա վեհ ու տրտում, Բռնեց վզեդ ու քաշեց տարավ քեզ բկուրը մթին Ու քեզ փայտին վրա գամեց: Բայց կենազրավ դու մարմնեդ Ու փրկագործ, վերածնավ, կյանքով մը վառ ա՛լ հավետ, Հոգիդ, գինին գերագույն, գերագույն Հա՛ցը մարդոց: Այսպես և դուն, ա՛զգ Հաոց, նահատակմամբ մը վսեմ Խորհրդավոր` մեծությամբ իր տարօրեն, սև թաթին Ներքև Չարին, դարերե ի վեր, բախտով մը դժխեմ, Բզիկ-բզիկ հոշոտված, կչարչարվիս ցավագին, Ներբանին տակ Բռնության կճմլըվիս անխնա, Կոգեվարիս համրորեն` գամված խաչի մը վայրագ… Բայց մոտ է օրն հայության, քու բյուրախոց, արյունլվա, Դառնակոշկոճ մարմինեդ, Արևելքին վրա համակ Խավարապատ, փրկությանն համար զոհին ու դահճին, Պիտի բխին նորոգիչ Ազատության գինին հուր, Արդարության հացը սուրբ, և լուսափաղփ զերթ արփին` Եղբայրության վեհանուշ ճաճանչն երիցըս մաքուր:
  6. Այժմ ես կանդրադառնամ արդեն իսկ իմ կողմից այստեղ տեղադրված արձակ էջերին, բայց քանի որ դրանցում որոշակի տեխնիկական թերություններ կային, ես այս անգամ դրանք կտեղադրեմ որոշ շտկումներ անելուց հետո, ինչպես նաև կշարունակեմ մնացածները... ՑԱՅԳԱՆՎԱԳ Պարզկա գիշերվան համատարած սպիտակ լույսերուն մեջ ո՞վ չզգար խորհուրդն անծայրածիր Գոյության. ո՞վ չի լսեր ձայները` որոնք միջոցին մեջ հավիտենության անծայրածիր գաղափարը կ’երգեն: Ծնունդի խորհրդասքող գիշե՜ր, ուր հոգիները կը վերածնին ու Մտածումները կը սլանան դեպ ի անհուն բարձունքը դարավոր խորհրդանիշին. ադամանդե երազունակ ու լայնալիճ նայվածք, որ հոգիներու վրա կը քրթի ու կը հալածե մշուշն անոնց ըստվերոտ ծալքերուն: Զանգակները կը հնչեն, երգերը կ'ոգևորեն, ու բոլոր ձայները ցնծագին համերգության մը մեջ կը միանան. հոգիներու ծնո՜ւնդն է: Լուսավորները կը վառին, խունկերը կը բուրեն, լույսերն ոսկի բոցերով կը փայլին. հոգիներու ծնո՜ւնդն է: Շրթունքները մեղմագին կ'աղոթեն, նայվածքները կը բոցափայլին, ու ձեռքերը կը վերանա՜ն. հոգիներու ծնո՜ւնդն է: Տաճարին մեջ, լուսավառ սեղաններու վրա, ոսկեհուռ թավիշե բահվանդներով միստիք գրքեր փակ ու լռին կ'աղոթեն. վայրկյանի լռություն մը հոգիներու մեջ անծանոթ դողեր կը թափանցե, ու նայվածքները, գութի ու գորովի տամկությունով լեցուն, կը պսպղան. հոգիներու ծնո՜ւնդն է: ...Երգերը կը վերսկսին, զանգակները դարձյալ կը հնչեն, մրմունջներն անդուլ կը բարձրանան, կնդրուկներն անընդհատ կը բուրեն, և սիրտերը միշտ, մի՛շտ, անհուն սլացքներով, կը վերանան. հոգիներու ծնո՜ւնդն է... * * * Քու խորհուրդիդ վեհության առջև, ո՜վ սիրական ու պաշտելի գիշե՛ր, կ'ըզգամ որ ձեռքերս, ներքին հզոր ազդեցությունե մը մղված, կը միանան, ծունկերս կը խոնարհին, շրթունքներս կը դողդոջեն, ու նայվածքներս կը մոլորին իրենց տենդահույզ թափառումներուն մեջ: Ո՛վ սուրբ գիշեր, հոսեցուր սրտիս մեջ կաթը քու սպիտակ խորհուրդիդ և զիս քու անբիծ գորովանքիդ հավիտենությանը մեջ ապրեցուր, քու հրայրքիդ բոցավառ ծիածանը շողացուր հոգվույս խավարին մեջ և էությանս պարապը քու հույզերովդ, քու սուրբ ու կենսառատ հույզերովդ լեցուր: Դուն որ Կյանքը տվիր ինծի, ո՜վ Տեր, ապրի՛լ սովրեցուր, ցողե իմ հոգիս ցողովն անհուն գթության, ու թող ձյունե սրտիս մեջ հավերժական սպիտակությունը քու սրբություններուդ, տու՛ր ինծի, ո՛վ Տեր, քաղցր մոռացոնքն աշխարհի մորմոքներուն և հետադարձ մոլորանքին ցավն ինծի խնայե: Քու սատափե երազիդ գունագեղ շողերուն մեջը զիս թաղե, ո՛վ սուրբ գիշեր, և հագեցուր անսահման պապակն որ անդադար կ'այրե հոգիս: Մանուկը` որ կը նիրհե իմ հոգվույս խորը, արթնցուր և հնչեցուր դարձյալ վաղեմի ձայնը` որ լռած էր սրտիս մեջ: Ո՛րքան քաղցր է սուզվիլ քու պայծառ խորհուրդիդ ջինջ անհունության մեջ. թո՛ղ որ հանգչեցնեմ հոգնաբեկ ճակատս սփոփանքիդ շողերով ու մոռնամ պահ մը անսահման խանդաղատանքիդ մեջ փանաքի վրդովումներն աշխարհի ունայնություններուն, ո՛վ սուրբ ու պաշտելի գիշերը հոգիներու Վերածունդին...
  7. Քանի որ ավարտեցի Մեծարենցի բոլոր բանաստեղծական շարքերը, այժմ կփորձեմ լրացնել բաց թողնված արձակ էջերը... ՑԱՅԳԱՅԻՆ[/color] Կը սիրեմ ես թափառիլ գիշերին մեջ. գիշերին մեջ, ուր այգուն դեմ, երազի անո՜ւյշ ծաղիկներ, ձյունե փթթումներով, կը բացվին հոգիներու շուշան համբույրին, գիշերի՜ն մեջ, ուր գետեզրին մոտեն լսվող կոչնակին գանգյունը կը ծավալի սարե սար ու խորհրդավոր կերպով կ'օրրե զգացումները: Կարավանը կ'անցնի¯ լերան արահետներեն, ու բոժոժներու ձայնին միստիք մելամաղձությունը հեռուեն հեռու կը լսվի գիշերին մեջ, որ լուռ է, որ մթին է և ահավոր: Եղնիկները,– անրջային ու պաշտելի՜ կենդանիներ,– թեթև, թեթև, գետափն ի վար կը սուրան, գետափն ի վար` որուն մեջ կըստվերանկարվին լուսնի լազվարթային սատափացումներեն, ինչ որ ունին խոլագիծ ու խուսափուկ ու անշոշափ` երազի մեջ վարշամակված իրենց ամպային ձևերը: Ու իրենց մեղրիկ նայվածքներուն լույսը կ'առկայծի գիշերին մեջ, որ լայն է, հեշտագին ու համապարփակ: Ու բոլոր մրտենիները, բուրումնալիր, դալար համբույրներ կը սոսավեն հոլանի միջոցին մեջ: Պարզկա գիշերվան սյուքը կ'անցնի տերևախիտ թավուտքին ճիշդ սրտին ընդմեջեն, սարսուռներ պտտեցնելով հոն: Ու ես կը մտածեմ, աչքերս կիսափակ ու հոգնած, գլուխս քարի մը հեցած և հոգիս հեշտանքով ու տենդով լեցուն, ես կը մտածե՜մ... Հո՜վը, գինով աղջիկ մըն է կարծես հովը, ծփացիկ պարեգոտով հո՜վը, գիշերվան դողահար ու բուրումնավե՛տ հովը, որ ջուրերուն վրա խոլ ու տատանուտ շրջպար մը կը դառնա հուլորեն, գիշերին մեջ, որ ցրտին է ու դողդոջուն: Կը սիրեմ ես թափառիլ քու հոգիիդ գիշերին մեջ, ո՜վ կին, գիշերին մեջ քու հոգիի՜դ, որ տրտում է և ահավոր, լայն ու հեշտագին, կրքոտ ու խանդաբորբ, ցրտին ու դողահար... : <1904>
  8. ԼԵՌԱՆ ԾԱՂԻԿ ՀԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Հրանդին Ա. Հոն, ուր ամեն բնակություն կդադրի, Հոն, որ մարդուն կվախնա ոտքն առնել քայլ, Երկնադրացի այն բարձությանց վրա վայրի, Ուր արևուն կիյնան շողեր նախափայլ, Ծնավ Արուս: Իր մայրն, աղջիկ լեռներու, Հողին, քարին, մացառին հետ միշտ ապրած, Ընկեր հուժկու արծիվներուն օդասլաց, Անվախ` ժայռեն գահավեժեն ահարկու, Ամուրանոնց պես և անոնց պես մթին, Լեռան մը սեպ կողին վրա ապալեր, Բացվածքին մոտ ապառաժուտ անդունդին, Այծյամներու քով զայն աշխարհ բերած էր: Եվ հոն, այդ չոր ամայության մեջ մաքուր, Մեծցած էր ան, կյանքով մը կարծր ու չարքաշ, Կյանք մը զվարթ, խաղաղ, առողջ, անփրփուր, Ինչպես կապրին վայրի վարդերը մատղաշ: Լեռներուն վրա իր մանկությունն անցած էր, Իր առաջին նայվածքն երկինքն է տեսած, Երկինքն ազատ և անշղթա իր ամպեր, Փայտե խեղդուկ ձեղուններու փոխան ցած: Միշտ օդին մեջ, հողին վրա, ժայռին քով, Աղվոր մանրիկ անասունի մը նման, Կյանք մը վարած էր լի վազքով, խոնջենքով, Ո՛չ խանձարուր ունեցած էր, ո՛չ օրրան, Հովերն ահեղ, մռընչելով կատաղի Օրրած էին իր նիրհումներն առաջին: Միշտ կիսամերկ, անհո՛գ տաքի կամ պաղի, Չէր ճանչցած իր մարմինը բանտն հագուստին, Կենդանիի մորթով հազիվ սքողված: Իր ոտվըներն, բոբիկ հողին, քարի վրա, Խոտին, ցողին մեջ էին միշտ թաթխըված, Ու միշտ արձակ թափած մազերն իր ոսկյա: Եվ իր հոգվույն մեջ լեռնեն բան մ’էր մտեր, Հողի կար համ մը իր մսին մեջ ամուր. Արծվի նայվածք մը կվառեր իր բոցեր Աչվըներուն մեջ. խոտի հոտ մ’հեշտաբույր Իր մազերեն կարտաշնչվեր հորդառատ. Այտին, բերնին վրա ու լանջքին մեջ ճերմակ` Վայրի պտուղի ու ծաղկի հյութն անարատ, Եվ հոգվույն մեջ հովերուն խենթ ու վայրագ Անկախությունն ու խոյանքը մոլեգին: Կճանչնային զինքը ժայռերն ու ծառեր, Այդ ընկերներն իր մանկական հասակին. Անոնց քույրն էր, անոնց փոքրիկ աղջիկն էր. Եվ ամենքը կսիրեին զանիկա. Ծառերն, երբ ան կանցներ, մրմունջ մը հեշտին Կարձակեին, և առվակներն արծաթյա Կերգեին քաղցր երբ զանիկա տեսնեին: Խոտերն անոր ոտքին ներքև գգվանքի Կփոխվեին, և ծաղիկները փափուկ Կուղղեին միշտ անոր ժպիտ մը ոսկի: Բ. Շատ հեղ կերթար, գլուխն առած, միս-մինակ, Թևը կողով մը ու ձեռքը ցուպ մը խոշոր, Կերթար, կերթար, ուր որ ելլեր իր դիմաց, Չվախնալով գազաններեն ահավոր. Մերթ կմտներ անձավներ խոր, մթամած, Որոնց խոնավ ալքերուն մեջ անվեհեր Կմխրճվեր թնդացնելով երգ մը խրոխտ. Եվ եթե օձ մ’այնտեղ իրեն դեմ ելլեր, Չէր տատաներ, իր քաջությունն անհողդողդ, Ցուպի հարված մը, և կանցներ ու կերթար: Գ. Երբեմըն մոտն անուշ մաքուր մեկ առվի, Կանգ կառներ և նստած եզերքը ոտքերն Երկարորեն կլվար, մերթ` վիթխարի Ծառերն ի վեր կմագլցեր մեծ ճիգով, Մինչև կատարն, հոն ուր երկինքն է մոտիկ, Եվ այնտեղ լայն ճյուղի մը վրա` անվըրդով Ընկողմանած, տերևներուն խաղաղիկ Փսփսուքին մեջ հեշտօրոր կհանգչեր: Դ. Գիշերները շատ անգամ ժայռ մը կընտրեր Իրեն բազմոց, և աստղերուն դալկահար Հառած իր բուռն ու սայրասուր նայվածքներ, Երկար ատեն կխորհեր լուռ, մութին մեջ, Իրեն համար անոնք ոսկի, ադամանդ Վառ ծաղիկներ էին, միշտ թարմ ու անշեջ, Եվ իր փափագն էր անոնցմե գեթ մեկ հատ Փրցնել դնել իր մազերուն մեջ ծփին: Ու գիշեր մը սարը ելավ բարձրագույն, Կարծելով թե աստղերն անոր կհպին, Աստղերն ուր բան մը կժպտեր իր հոգվույն: Ե. Իր հայրենիքն, իր տիեզերքը համբուն` Այդ ամայի լեռն էր, որմե դուրս ելած Չուներ երբեք: Վարն, իր դիմացը, հեռուն, Կնշմարվեր, մշուշի մեջ սքողված, Լայն դաշտերն ու մարգերեն ալ անդին, Շատ, շատ հեռուն, եռուզեռում մը շփոթ, Դիզված, խռված բաներու կույտ մը մթին. Եվ անհանգիստ, հետաքրքիր, վարանոտ, Կուզերգիտնալ արդյոք ինչե՛ր կան այնտեղ, Ի՛նչ գաղտնիքներ, ի՛նչ էակներ, ի՛նչ վայրեր: Ու գլուխն առած իր ձեռքերու մեջ կարշնեղ, Լեռան աղջիկն երկայն ատեն կերազեր: Զ. Օր մը, իշխան մը դեռատի և աղվոր Լեռան վրա որսի ելած ըլլալով, Հանդիպեցավ Արուսին այն պահուն որ Կուգար, զվարթ, այտերը վառ, սիրտը զով, Ոտքը բոբիկ, ուսերն ու լանջն ամբողջ բաց, Մազերուն մեջ վարդեր կարմիր ու ճերմակ: Երկուքն ալ պահ մը կանգ առին զարմացած. Արուս, ապշած, կդիտեր այն գարգմանակն. Որ կերևար անոր փայլուն ոսկեզօծ Գլխարկին վրա, և զգեստներն երփնագեղ, Ուր բյուր զարդեր կդիզվեին պերճ ու հոծ, Եվ ամեն, ինչ որ անոր վրա կար շքեղ, Ոսկե գոտին, սուսերը մեծ, շողշողուն, Ոլոր պեխերն ու մորուքը սրածայր. Եվ իր հոգվույն մեջ անորոշ ու անհուն Հանկարծ հուզում մը պայթեցավ մրըրկազայր. Իշխանը, նուրբ դեմքով, ազնիվ արյունով, Պալատներու մեջ միշտ ապրած սեգ տոհմիկ, Կդիտեր, սիրտը ցնցված ու վրդով, Առույգ աղջիկն այդ վայրի ու գեղեցիկ, Քաղքին մեջ դեռ էակ մ’այդ կերպ տեսած չէր, Դեռ լոկ նրբին դժգույն կույսրե էր սիրած, Թարմ ու կարմիր հյութազեղուն այդ այտեր, Եվ այդ մազերն որ կիյնային հորդ, անսանձ, Ուսերուն վրա ճերմակ, կլոր, մսավետ, Եվ մութ կապուտ աչքերը մեծ ու խորին Ու կիսամերկ մարմնույն գիծերը վետ-վետ, Այդ բոլորն իր սիրտը մատաղ գերեցին: Ու Արուս, իր միամտության մեջ անմեղ, Զայն կարծեց նոր տեսակ էակ մ’անծանոթ, Կենդանի մը ավելի վեհ ու շքեղ, Քան ինչ որ ինք տեսած էր, և իր շիկնոտ Այտերուն վրա ժպիտ մ’անուշ փթթեցավ: Իսկ իշխանը զմայլած, հուզված, կխորհեր Թե այդ աղջիկն հողեն ելած չէր հարկավ, Թերևս ոգի մ’որ կպահեր այդ լեռներ Կամ հրեշտակ մ’այդտեղ իջած ման գալու: Եվ այնպիսի տարփանքով մը անսահման Պաշարվեցավ, որ ուզեց այդ կույսն հուժկու Տանիլ պալատն և իրեն կին ընել զայն: Է. Թավշե լայն բազմոցներու վրա փափուկ, Ոսկեճամուկ հանդերձներով պաճուճված, Արուս հիմա դշխո մըն էր վեհաշուք, Իր լերկ ժայռերն և իր կյանքը լեռնահած, Իրպայքարներն, իր արշավներն ու խաղեր, Անասունի մորթն ու խոշո ցուպը բիրտ, Ատոնք ամբողջ թողեր էր ու հետևեր Այդ կտրիճին, որ կախարդեր էր իր սիրտ: Եվ իշխանը, անձ շատ մեծ և շատ հզոր, Տեր բազմաթիվ երկրներու, անվանի Իր քաջությամբ և աչքերովն ալ աղվոր, Կպաշտեր զայն իբր իր հրեշտակն ու հուրի: Եվ երջանիկ եղավ Արուս, հետզհետե Վարժըվեցավ այդ նոր կյանքին ու սիրեց, Զվարճացավ դիտելով իր ածաթե Զարդեն և իր գլխուն գոհար թագը մեծ: Հիմա անթիվ ուներ հլու նաժիշտներ, Որ իր կամքին ստրուկ էին անձնատուր. Ոսկի խոշոր հայլիի մեջ կդիտեր Իր այտերուն վարդն ու բերնին բացված նուռ. Եվ երբ ըլլար որ ձանձրույթ մը գար վրան, Իսկույն ճարտար երաժիշտներ կփութային Իր ոտքին տակ հնչեցընել նվագարան, Անուշ երգով վանել թախիծն իր սրտին: Եվ ազնվազարմ օրիորդները ոստանիկ Կկրծվեին իրենց սաստիկ նախանձեն Երբ տեսնեին զայն իր էրկանը քովիկ Ճո կառքին մեջ ընկողմանած պերճորեն, Անցնելով խրոխտ իր հրապույրովն հաղթական Ա՛լ իր լեռները մոռցած էր, ու վայրի Այդ արարածը հիմա մեղկ փափկության Մեջ թաթխըված` կթուլնար օր օրի: Ը. Ապարանքին ետևի մեկ սենյակեն` Հեռուն, հեռուն, հորիզոնին վրա գորշ` Լեռներու շարք մը կերևար մշշորեն, Շարք մը երկայն, որ կգծվեր անորոշ` Մուխի, խունկի, ամպի գույն ու երազի. Իրիկուն մը, Արուս մտավ դիպվածով Այդ սենյակը` այն պահուն, ուր կտատամսի Լույսը կյանքի ու մահվան մեջ. կրակե ծով Մը կվառեր հեռուն երկինքը կարմիր, Ուր արևը կտատաներ ոգեվար. Եվ արյունի այդ հորդության վրա հրալիր` Սև ու հստակ շրջագծերով ուրվանկար Կտարածվեր երկար շարքը լեռներուն: Սրտեն Արուս զարնվեցավ կարեվեր. Հո՜ն իր լեռներ, հո՜ն իր ամբողջ մանկություն, Հո՜ն իր բնակավայրն, հո՜ն իր վիհերն ու ժայռեր Հո՜ն քարայրներն, հո՜ն կատարները ձյունոտ, Հո՜ն իր վազքերը մոլեգին ու հիմար` Արհավիրքին, վտանգին մեջ անծանոթ, Հո՜ն իր խոշոր ծաղիկները գունավառ, Հո՜ն ճախրասլաց թռչունները մեծ ու սև, Հո՜ն իր բոբիկ ոտքերն ու մորթն անասնի, Հո՜ն իր աղվոր կյանքը, չարքաշ ու թեթև: Ու զգաց հանկարծ զարթնումն ըմբոստ, վայրենի Իր մանկության կրակներուն, խանդերուն. Զգաց, որ հովն ու ժայռն ու վիհն և արծվին Կբախեին իր մեջ իրենց թևն անհուն: Ու երբ աչքերն դարձուց շուրջն ու ծանրագին Տեսավ իրերն, առարկանեը փաղփուն, Կակուղ թավիշն ու բեհեզները նրբին, Լացավ Արուս լաց մը խորեն իր հոգվույն: Թ. Իշխանն հիմա կզարմանար, թե հանկարծ Ի՛նչպես Արուս փոխված, ուրիշ էր եղած, – Ա՛լ զինքը չէր սիրեր դուստրը լեռներուն,– Եվ թե ինչո՛ւ անոր լեցուն երեսներ Կհալեին` օրըստօրե դալկագույն, Քիչ հետո ան հիվանդ ինկավ անկողին, Անխոսուկ ու մռայլ, կհատներ համրորեն, Մնալով խուլ իր ամուսնույն աղերսին, Չհանելով բառ մ’իր դժգույն շրթներեն: Միայն խնդրեց, որ իր մահիճը տանին Այն խուցն, ուրկից լեռը հեռվանց կերևար, Եվ հոն, գաղտնի ամենքեն, երբ առանձին Մնար, կելլեր ու կհառեր իր աչքեր Հեռուն այն մեղմ անրջային գիծերուն: Եվ այդպես, միշտ անձայն, իր մեջ թաղելով Այդ սև գաղտնիքն, որ կըներ զինքը դժգույն, Պահելով միշտ դեմք մը հանդարտ, անվրդով, Արյունոտած հոգիի մը սուտ դիմակ,, Առանց լալու, առան ցիր քաղցր ամուսնին Իսկ հայտնելու ի ցավն, անդունդ անհատակ, Միշտ ինքը իր մեջ այրելով, փակ ու լռին, Մեռավ առտու մ’աչքերն անթարթ սևեռած Այն ստվերոտ տարտամ կապույտ լեռներուն, Որ առտըվան կարմրության մեջ լուսամած Կժպտեին իրենց ժպտով մը անհուն:
  9. Խոնարհեցա և հոգիս լի աղմուկով Դատարկեցի մեռածին լուռ սնարին քով. Գյուղի գիշեր մը երբե՛ք Ա՜յնքան լավ չի ծըծեր ղողանջը զանգին` Որքան ծըծեց մահվան այս փոսը լըռին Հոգվույս ճիչերն հուսաբեկ: Խոնարհեցա և կածես ինձ հետ բոլոր Բնությունը հոն խոնարհեցավ, ահավոր Ըստվերին մեջ ծընրադիր. Եվ միացավ իրերուն սիրտը սըրտիս` Խիզախորեն ընկըղմելու համար զիս Խորհուրդին մեջ սևածիր: Վար, վար: Լըռե՛, ճըպուռ սյուքե՜ր, լըռեցե՛ք. Դագաղին խորը չի հասնիր ձայնն երբեք. Գերեզմանին քարին տակ Մայր – լըռությունն է բանտարկված: Վար, վար, վար. Կը կարկի գետն, աստղը կ’մարի, հով չի գար. Վի՜հ, մութին պես անհատակ: Կը խափանեն մըտքիս թևերն. ո՞ւր է, ո՞ւր Վախճանողին գացած ճամբան. ո՛հ, ի զուր Կը փընտըռեմ հոն, իմ շուրջ, Անոր անունն ի՞նչ է, կամ ի՞նչ է անունն Անդըրշիրմի Եղածին, ո՞ւր է Անհունն, Ո՞ւր է Խորհուրդն. Աղջամո՜ւղջ: Ըսի վերև, որ Վաուժանի հատորը անհավասար է: Այն քերթվածներեն դուրս, զոր հիշատակեցի, մյուսները, առանց զուրկ ըլլալու մերթ գեղեցիկ իմաստներե ու սիրուն տողերե, թույլ են, երբեմն նույնիսկ տափակ: Ու նույնիսկ այն քերթվածները, զոր հիշատակեցի հիացումով, զերծ չեն ձևի թերություններե: Գրողի մը մեջ միայն և է՛ն առաջ թերություններ տեսնել և անոնց մեջեն նկատել անոր գործն ու տաղանդը, անոնցմով մրոտել և ուրանալ ինչ որ կա անոր մեջ գեղեցիկ և առողջ, գծուծ հոգիներու և կարճատես մտքերու վարմունք է: Կան գրողներ, որ բազմաթիվ տկար արտադրությանց հետ տված են մեկ կամ երկու հզոր ու կատարյալ գործ. ճշմարիտ քննադատը կնկատե է՛ն առաջ այդ դրական տարրը գործին մեջ:Հյուկոյի գործերուն, որոնց թիվը հարյուրը կանցնի, մեկ չորրորդ հազիվ պիտի ապրի, բայց այդ մեկ չորրորդ այնքան շքեղորեն ուժեղ է, որ մյուսներուն տկարությունը ոչ մեկ կերպով չի կրնար վնասել անոր անմահությանը: Ժամանակը, որ մեծ ընտրողն է, կուգա, կավլե կտանի ինչ որ թույլ է, ու կպահպանե ինչ որ կարող է դիմանալ դարերու կրծումին: Սակայն եթե սխա է գրողի մը մեջ միայն թերությունները տեսնել, նույնքան սխալ պիտի ըլլար զանոնք բնավ չնկատել: Երբ մանավանդ կգտնվինք հանդեպ նորածիլ տաղանդի մը, որ իր ճամփան դեռ նոր կբանա, անհրաժեշտ է իրեն ցույց տալ իր առաջին էջերուն մեջ գեղեցկություններուն հետ ինչ որ կար տկար, ատով իրեն օգնած կըլլանք ոչ միայն հզոր ներշնչումով ու խոր զգացողությամբ բանաստեղծ մը ըլլալու, ինչ որ Վարուժան է արդեն, այլև անթերի արվեստագետ մը, ինչ որ ըլլալու համար բոլոր ձիրքերն ունի: Վարուժանի թերությանց ամենեն աչքի զարնողը տեսակ մը «վարժապետական» նոթ է, որ հաճախ կուգա ավրել իր ներշնչմանց մաքությունը, դանդաղեցնել իր թռիչքը նույնիսկ իր ամենեն գեղեցիկ քերթվածներեն ոմանց մեջ, արձակունակ ու հասարակ գույն մը կբերե կսահեցնե իր քերթողական երանգապնակի վրա. …Երիտասարդ` բայց շուտ ճանչցած շատ բաներ… …Զի մարդըս այնքա՜ն կը շտապե` մեջտեղեն Վերցընելու իրեն նըմանը արդեն… …Աղքատությունն ըզմարդ կ’ընե ախտավոր. Բյուր գինովին ինն հազարն են չըքավոր… …Ո՛հ, փոթորկե փոթորիկ մի՛ հուզեք զայն, Այսինքըն` խոլ բարկութենե բարկություն… …Ըսպիտակ էջ, որուն մյուս կողմն է գըրված Անպատճառ բան մը Մահեն… Հատորին մեջ կան մի քանի քերթվածներ, որ ամբողջապես վարժապետական են նյութի հղացմամբ ու արտահայտության ձևովը («Դաստիարակը», «Տղաք, ներեցեք», «Չորս տարեկանի մը նամակը»), ահա քանի մը տողեր, որ գաղափար կուտան. Մի՛, մի՛ ծեծեք: Ի՛նչ, խառնակե՞ց ձերին խաղ. Կամ թե անգետ և դիպվածով, մըտազբաղ, Ձեր գընդակի՞ն զարկավ ոտքոբ մեկեն մեկ. Թափե՞ց մելանը թուղթներուդ. – Ներեցեք: Ո՜հ, ներեցեք, զի հայ մըն է, մեր եղբայր… (Դաստիարակը) Թոք կը սպառե, միտք կը լըլկե, շունչ կու տա, Եվ չի խորհիր իր վերքերուն. Մանկության դեմ դըրած ամբողջ ծերությունն` Կը բաժնե իր ծովը բազում լըճի վըրա… Վըսե՜մ կոչում… և այլն: Ասոնք հրապարակագրություն են կամ ճառախոսություն, բայց ոչ բանաստեղծություն: «Դաստիարակը» քերթվածը տասն անգամ արդեն ատենաբանված է մեր մեջ, ու շատ լավ կերպով, Ռեթեոս Պերպերյանեն: Վարուժան մեզի ուրիշ բաներ ունի ըսելու, ավելի նոր, ավելի ուժեղ, իր բանաստեղծի սրտի խորեն ժայթքած, իր քնարը ատո՛նց միայն թող պահե: Այդ նոթը Վարուժանին մեջ եկվոր է, իր բնության ու խառնվածքին զավակ չեմ կրնար ընդունել զայն: Պետք է – ատ ալ – մտած ըլլա իր մեջ Մխիթարյան միջավայրեն, որուն գրականության ժխտական կողմերեն մին կազմած է ան և որմե Ալիշաններն իսկ չեն կրցած զերծանիլ: Հյուկոյին ալ ներգործությունը կարելի է տեսնել հոտ, որովհետև ոչ ոք այնքան «վարժապետ» է, նույնիսկ «տիրացու», որքան Հյուկոն ամեն անգամ, երբ թևերը հոգնած ըլլալով, աթոռի մը վրա նստած քարոզ տալու կելլե: Արդ, ոչինչ ավելի անհաշտ է «բանաստեղծության» հետ, քան «քարոզը». բանաստեղծությունը պետք է երգե, ոչ թե տրամաբանե, դասախոսե, ապացուցանե: Ու ասով չեմ ուզեր սահմանափակել բանաստեղծության ոլորտը. ան այնքան լայն է, որքան տիեզերքը, ամեն բան, գիտությունը, ֆիլիսոփայությունը, գիտական հարցերը, ինչպես բնության գեղեցկություններն ու սերը, ու նույնիսկ կաթիլ մը ցող, ու նույնիսկ ճանճի մը բզզյունը կրնան նյութ ըլլալ բանաստեղծության, պայմանավ սակայն, որ քերթողի հոգի հաջողի հալեցնել, աննյութականացնել, թևավոր ու թրթռուն ու գեղեցիկ դարձնել այդ բոլորը: Ոչինչ ավելի դյուրին պիտի ըլլա Վարուժանի համար, քան իրմե դուրս նետել այդ անախորժ տարրը, որովհետև իր հոգին թևեր ունի ի բնե իեն շնորհված և շատ զորեղ, ու այդ թևերը` երբ կթրթռան` զմայելի երաժշտություն մը կարձակեն: Ուրիշ թերություն մը, պատկերներու և բառերու անճիշտ կամ անճաշակ ընտրությունն է, որ մերթ, նույնիսկ լավագույն կտորներուն մեջ, կնկատվի. Կը տրոփե մեջս երգերու սաղմն. կը սպասեմ, Ե՞րբ պիտ’ տըրվի անոր ծնուցիչ քու համբույր: Պատկերը ճիշտ չէ, քանի որ «սաղմ»-ը բնախոսապես արդյունք է «ծնուցիչ համբույր»-ին, և գոյություն առնելո հետո ա՛լ պետք չունի ոևէ համբույրի սպասելու: …Անոր վըրա պիտի սիրտս հար քըրտընի… «Սիրտ մը որ կքրտնի», աղվոր չէ, և բնական չէ պատկերը: Կսմըտեցի, կռփեցի… Այս բառերը` գործածած սատանին դեմ բանաստղծին պայքարը նկարելու համար, գռեհիկ են, քմծիծաղ կարթնցնեն, պայքարին մեծությանն ու վեհությանը համապատասխան բառեր չեն: Կան վերջապես Վարուժանի քերթվածներուն մեջ տաղաչափական անփություններ. ըսի որ քաջ գիտե հայկական տաղաչափությունը, և զայդ կապացուցանեն իր տողերուն մեծամասնության կուռ շինվածքը, դաշնակավոր սահքը, շեշտերու գիտակից կիրարկումը. բայց դժբախտաբար Վարուժան մերթ անհոգության նշաններ կուտա, իմաստին լիալիր արտահայտմանը համար տաղաչափության պահանջները զանց կառնե: Ատիկա արդեն գրեթե բոլոր հայ բանաստեղծներուն թերությունն է, ֆրանսիացի հետին բանաստեղծը տաղաչափական օրենքներուն կճգնի պատշաճացնել իր ներշնչման թռիչքը. ոտանավորը երաժշտություն է ամեն բանե առաջ, ու ոևէ մեղանչում երաժշտականության դեմ աններելի պետք է ըլլա բանաստեղծության մեջ. մեզ մոտ` նեղը մնալուն պես` կզոհե երաժշտականությունը: Հյուրմյուզն ու Պեշիկթաշլյանն են, որ ամենեն ավելի հարգած են այդ պայմաը իրենց տաղաչափած էջերուն մեջ. ու նույնիսկ Պեշիկթաշլյանին մոտ կգտնենք անկարելի տողեր, ինչպես հետևյալը… Թե երգք թռչին սրողաբար… Վարուժանին քերթվածներուն մեջ բավական բազմաթիվ տողեր կան աններդաշնակ, ուր բաղաձայնները կխճողվին, մերթ տողն անընթեռնելի դարձնելու աստիճան. Երբ տվիր անոր թանգ ավարի մ’հղփությունն. Կը ծնանի, – չի կար. է Լուռ ու տձև, (է-ն տողին ծայրը ստորոգելիներեն առաջ` խորթ է աշխարհաբարի մեջ): Երգեոնիկ մ’է միայն` իր մեծ հարստությունն… … Դիակ մ’ըլլալուն համար սոսկ… … Որ բաժանում մը մըխեց խոր, դժնդակ… … Տրվելով կրոնն` մարդուն, բառին ոտ’նավոր… Այս թերությունները Վարուժան ինքն իսկ պիտի նկատե անշուշտ և պիտի ուղղե իր ապագա արտադրությանց մեջ: Իրմե մեծ բաներ, ու կատարյալ բաներ կհուսանք: Իր սկզբնավորությկունը մին է ամենեն շքեղներեն, որ հայոց մեջ հայտնված ըլլան: Մեր այս ցավի ու սուգի օրերուն մեջ մխիթարություն մըն է տեսնել, իրմով, անգամ մը ևս, հոյակապ ապացուցումը հայ հանճարին հարանորոգ կենսունակության, հակառակ մեր վրա ծանրացող անողոք ճակատագրականության բոլոր խեղդիչ ու ջախջախիչ պայմաններուն:
  10. Նախ մի փոքր ուղղում անեմ ինքս ինձ. «Սարսուռներ» ժողովածուին անդրադառնալիս այն անվանեցի Վարուժանի առաջին ժողովածուն, այս ծանուցումը մասամբ է ճիշտ, իրականում «Սարսուռներ»-ը Վարուժանի կենդանության օրոք հրատարակված առաջին ժողովածուն է, բայց մինչ այդ գրի էր առել «Ծաղկեփունջ կամ բրգնիկցիի մը նվագները» շարքը, որը թեպետ արդեն իսկ կենդանության օրոք` 1902 թ.-ին, պատրաստ է եղել տպագրության և նույնիսկ ստացել գրաքննության թույլատվությունը, բայց ինչ-ինչ պատճառներով չի տպագրվել: Ինչևէ, խոստանում եմ այս շարքին ևս անդրադառնալ հետագայում: Իսկ գուցե գտնվեն նաև ուրիշ արձագանքողներ մինչ այդ: ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻՆ («Սարսուռներ» հատորին երևման առթիվ) Դանիել Վարուժան մին է այն անձնավորություններեն, զոր Մուրատ-Ռափայելյան վարժարանը կրնար հպարտանալ արտադրած ըլլալուն: Վարուժանի պես դեմք մը անշուշտ ոևէ դպրոցի արդյունքը չէ, այլ է՛ն առաջ իր բնածին ձիրքերուն. բայց միջավայրը միշտ իր ներգործությունն ունի նույնիսկ ամենեն ուժեղ խառնվածքին վրա, կաջակցի կամ կհակառակի անոր կազմավորման: Ակնհայտ է, որ Վարուժան իր ուսանողության իսկ շրջանին Մուրատ-Ռափայելյան վարժարանին հորիզոնեն դուրս ալ նայած է հաճախ, ուշադիր և ուշիմ աչքով մը Հայոց արդի գրական ու ազգային շարժման հետևած ու եվրոպական մտավոր աշխարհին քանի մը մեծ երևույթներուն վրա իր նայվածքը երկարորեն հառած է, բայց նույնքան հայտնի է, որ Մխիթարյան միջավայրին մեջ ինչ որ կա լավ, իր վրա ազդած է բարերարորեն, ու «Մխիթարյան միջավայր» ըսելով, կհասկնամ` ոչ որոշ վայրկյան մը Մխիթարյան տան կյանքին, այլ ամբողջ ավանդական մթնոլորտն այդ հաստատության: Վարուժան տեսած է հոն անցնիլն իր հոգիին առջևեն Բագրատունիներուն, Հյուրմյուզներուն, Պեշիկթաշլյաններուն ստվերին, Ալիշանը ճանչցած ու հասկցած է, խոկացած է օրինակին վրա մեծ նախորդներուն, որոնք ելած են Մուրատ-Ռափայելյան վարժարանեն, ու թևերը, զոր բնությունն իրեն արդեն իսկ շնորհած էր, ուժեղցած են այդ հզոր թռիչքներուն հպանցքեն: Ազնիվ ու ճոխ հայերենը, զոր կգրե, տաղաչափական հմտությունը, զոր ցույց կուտա, հստակ ու կուռ շարադրության, համաչափության ու կարգի դասական հատկությունները, զոր ի հայտ կբերե, Մխիթարյան մթնոլորտին շատ բան կպարտին: Ինչ որ ի՛րն է, այն բուռն ու սուր զգայությունն է, տաք ու քաղցր սրտի մը հզոր ու խորունկ բաբախումը, ամենեն սովորական տեսիլներն ուրույն եղանակով մը նկատելու, զգալու և արտահայտելու կարողությունը, որ կտիրե իր քերթվածներուն մեջ: Որոշ խնամություն մը կգտնեմ իր և Պետրոս Դուրյանի միջև: Ահա, օրինակի համար, քանի մը տուն իր հատորին առաջին քերթվածեն, որոնք «դուրյանական» բան մը ունին. Երգե՜լ կ’ուզեմ. թող սարսըռա բընությունն Մատերուս տակ, ինչպես մոր ծիծն հոլանի` Մանկան առջի բընազդական դըպչելուն. Եվ կյանքը թող շըրթունքիս վրա լուծանի: Երգե՜լ կ’ուզեմ. որոտներն ի՞նչ կ’ըսեն մեզ, Կ’առնե խոսք մ’հովն ամպեն, հովեն ալ` ջաղաց, Բա՛ռ ունի աստղն. երգել, երգե՛լ կ’ուզեմ ես, Զի կը խոսին երգով Բնությունն ու Աստված: Կ’ուզեմ ծովուն հետ սիրտ սըրտի ես հարիլ, Իմ անհունիս մեջ այդ անհունը թաղել, Բուռն իղձն ունիմ մըրըրկին հետ մաքառիլ, Եվ գլուխս` Էին գաղտնիքներուն դեմ բախել: Գըրված է Սերն` վարդին, Հավատքն` աստղին վրա, Զանոնք հեգել կ’ուզեմ քընարի շըրթունքով, Կ’ուզեմ բնությունն հորինել քող մը ծաղկյա` Մտածման ամեն ձև իր ներքև քողելով: Նմանապես սա տողերը. Օ՜հ, ինծի ի՞նչ` թե կփետտեմ վարդին թերթ, Եվ փուշինկյանք կու տամ միշտ, Թե գըրկաբաց հորձանքին մեջ կը նետվիմ, Խինդս է ձանձրույթ, սերս է վիշտ: Ամեն խայտանք ջախջախեցի սըրտիս մեջ,– Չեմ վախնար սև ծծելե. Վանք մտնող կույս մ’եմ որ խըզված իր վարսեր, Անխիղճ, անհոգ, կը դիտե: Ակներև է արդեն, որ Վարուժան հաճախ, ու մասնավոր գորովով մը, կարդացած է Դուրյանը, մեկե ավելի անգամներ իր քերթվածներուն մեջ կհիշե խանդաղատանքով «Իսկյուտարի Սոխակը»: Վարուժան չունի հոգեվարքի վարդերու այն անասելի դալկությունը, հատնող լույսի այն կսկծալի ու եղերական գեղեցկությունը, որ Դուրյանին մեջ արդյունք է ա՛յնքան մահվան սպառնալիքն իր կյանքին վրա ցցված տեսնող հիվանդի ճակատագրին, որքան անոր արդեն իսկ թրթռուն, ցավագին ու կույս հանճարին: Բայց Վարուժան ունի Դուրյանին հանկարծական, սեղմ ու վառ պատկերները, անոր կտրուկ ու սրտե ուղղակի ժայթքող ճիչերը, և այն չեմ գիտեր ինչը, որ ժողովրդական է ի բնե ու «հայ» և որ Դուրյանին բնազդական խորքը կկազմե: Վարուժան ավելի հմուտ է, ավելի գիտակից, ավելի բազմալար, ինք պիտի ըլլա, ինչ որ Դուրյան եղած պիտի ըլլար, եթե ապրեր ու զինքը մաշող ախտը չունենար իր ներշնչմանց գլխավոր աղբյուր Մանրամասն վերլուծում մը չէ, որ կուզեմ ընել հոս Վարուժանի հատորին, որ կպարունակե արդեն մեկ փոքր մասը միայն այն քերթվածներուն, զոր գրած է ցարդ և հրատարակած «Բազմավեպ»-ի մեջ և այլուր: Շտապելու հարկ չկա, երբ մարդ Վարուժանի մը պես բեղուն բանաստեղծի մը դեմ կգտնվի: Այս հատորիկը մինակ չպիտի մնա: Վարուժան մեզի պիտի տա դեռ մեկե ավելի հատորներ, ամբողջ բանաստեղծություն մը, բազմագույն, կենսախայտ, ու հետզհետե ավելի հզոր ու հասուն: Հատորիկը, ինչպես կուգա ներկայանալ հասարակության, ինքնին աղվոր ամբողջություն մըն է: Դեռ անհավասար իր արտահայտության մեջ, պատանեկան անփորձութենեն ու հապճեպեն դեռ ոչ բոլորովին ազատված, Վարուժանի քնարը ամենամեծ հատկությունն ունի ինքնահատուկ հնչյունով մը օժտված ըլլալու, ու հոն ուր ուժեղ կթրթռա` ուժը կձգտի դեպի շատ վեհ բարձունքներ, ուր մերթ կհասնի շքեղ թռիչով մը: «Մուսային», «Հայր, օրհնե՛», «Վշտին», «Հավերժության սեմին», «Հիվանդ է», «Արյունոտ ճյուղը», «Երազ և խոհ» տիտղոսված քերթվածները հոյակապ էջեր են, և գեղեցիկ բաներ կան «Հաշիշ»-ին, «Մեռածին համբույր մը»-ին մեջ: «Արյունոտ ճյուղը» զմայելի բալլադ մըն է, գոհար մը գրեթե անթերի այդ փափուկ ու թանկագին քերթողական սեռին, որմե այնքան քիչ նշույլ ունի մեր գրականությունը: «Հիվանդ է»-ին մեջ, Վարուժան կերգե ղարիպության մեջ մեռնող Վանցի կտրիճի մը եղերավեպը, հին պատմություն, զոր անթիվ ժողովրդական երգեր ավաչած են արդեն, բայց որ Վարուժան գիտցած է նույնքան խոր զգացմամբ և նոր շեշտով մը, թարմ գույնով մը վերանորոգել. Ըստվերին մեջ, խանի մ’անկյունը լըքված Թըշվա՜ռ պանդուխտ, հիվանդ է. Խոնավությունն անոր մարմինը շիթ շիթ Գերեզմանին կը նետե: …Մըթընշաղին մեջ կը մարմրի, կը հյուծի Մըթընշաղի մը նըման. Լըռությունն հոն կարծես դագաղ մը կ’երկնե. Օրոցք` տունեն գերեզման: Երիտասարդ է տակավին, և փեսա. Պոլսեն մինչև Վան հեռու, Հոն` հաց կ’ուզեն հարսն ու ծընողք. զի՜նք կ’ուզեն. Դեռ շատ շուտ է մեռնելու: Ան իր արյունն իր քըրտինքով կը շահեր… Տե՛ր, ի՞նչ սըրտով կը կոտրես Թևն` որուն վրա կը թըռթընին մանուկներ Եվ ծընողքներ ձյունագես: …Պիտի մեռնի. և իր բընիկ լուսնին տակ, Հարսը սիրո ծարավով` Պիտի զուր տեղ անոր գալուն ըսպասե… Խեղճ վանուհի, ապահով Հույսի ամեն խոստումներու վայելքին` Կը ծիծաղիս աստղին հետ. Մինչդեռ կյանքին երկընքին վրա կը գըծվի Շանթը շողին զուգահետ: Որո՞ւն համար շուշանն ու վարդ փոխ կու տան Իրենց միացումն` այտերուդ. Ինչո՞ւ Վանա լիճն աստղերով կը վառի Նախանձելով աչքերուդ: Որո՞ւն համար հաջաղիդ տակ կը պահես Ըմբոստանքներն համբույրին… Վաղն, հե՜գ ծաղիկ, պիտի ճամբորդ մը գուժե. «Մեկ աչքը բաց թաղեցին»: «Երազ և խոհ»-ը (որուն տիտղոսը չեմ սիրեր) ուժեղ տեսիլքով մը կգծե դեմքը սատանին, զայն ջախջախելու համար Աստուծո դեմքին ամենագեղ ճաճանչավորման տակ. Վարուժանի համար այդ երկու խորհրդանշաններն իրենց դասական նշանակությունը կպահեն. սատանը` չարն է, տգիտությունը, խավարը, Աստված` բարին, գեղեցկությունը, լույսը: Հյուկոյական շունչ մը կանցնի քերթվածին մեջեն. սքանչելի են տողերը, որ կպատկերացնեն սատանին երևումը. Պառկած էի. խոր լըռությո՜ւն. գիշեր էր… Ճըրագս յուղե պատերն արյուն կը ներկեր: Ծանրացավ մըրափ մ’աչքերուս. Մըտածումնե՛րըս երազի մեջ սուզան, Եվ բիբերես ամեն ճաճանչ լուսական Կոպերուս վրա՛ տըվին ######ս: Սև դեմքի մ’հետ ձեռք մը տեսա մահճիս քով. Կուրծքիս դըրավ մատերը բոց եղունգով, Սընդիկի պես խորամուխ: Փայտ կըտրեցավ լեզուս. վախցա՛ շեկ աչքեն: Ես ճանչցա զայն. սատններուն ամենեն Կատաղին էր` մ’է՛ն թուխ: Բացավ բերանն` որուն մեջ լինդ միայն կար. Իր ակռաները խորտակված էին վար Իյնալու օրն երկընքեն… Ըսավ. – «Սըրտե՛դ, սըրտեդ քաշել ես եկա Զայն` որուն տեղն իմ տեղըս պետք է ըլլա. Տո՛ւր, ինծի՛ տուր սերդ իրեն»: Հետո կուգա պայքարն բանաստեղծին հոգվույն ու սատանին միջև, որ կպարտվի. և երազողը արթնցած` հրճվանքով կզգա Աստված իր սրտին մեջ, անխախտ. Ա՜հ, արթընցա: Եվ միտքըս շուտ մ’ըշտապեց Սըրտիս վըհին. դեռ Ան հոն տեղ էր, անեղծ, Յոթն արևի նըման ջերմ: Դևն եղունգով լանջքըս շերտած էր տեղ տեղ. Ուրախ էի` որ եղա զրահ մ’արյունհեղ Անոր համար, Անոր դեմ: Տարօրինապես ազնիվ է ու սրտաշարժ զգացումը, որով տոգորված է «Հայր, օրհնե՛» քերթվածը. հոն, իր բյուրեղի մաքրությունովը, առտվան արևու աղվոր ու թարմ ջերմությունով` ի հայտ կուգա «բարի մարդու» սիրտը, որ կբաբախե այս բանաստեղծին մեջ. Հա՛յր, ես կ’էրթամ այն ճամբայեն՝ որ ճերմակ Մազերուդ զիս կը տանի, Վաստակաբեկ ոսկըրներուդ, ծեր սըրտիդ Եվ սերերուդ կենդանի.... Բավական է. - աշխատեցար, կըրեցիր, Ամեն նետի, հարվածի Վահան եղար ինծի համար. հոգիդ է՝ Որ հոգվույս մեջ կը հածի։ Իմ արյունս է գոյացած քու քըրտինքեդ. Հոգնությանդ ծիլն եմ տըխուր։ Հոգիդ, կաղնի՜, երբ կուրծք կու տար մըրըրկին՝ Ես շուքին տակ, հանգիստ, լուռ Կը մեծնայի։ — Հարկ է հիմա ա՛լ հանգչես Եվ ես քեզի հաջորդեմ... Խոնջե՜նք, խոնջե՜նք, կ’ուզեմ կըռվիլ, աշխատիլ, Ելլել կյանքին, կյանքին դեմ... Հայր իմ, օրհնե՛. դողդոջ ձեռքերդ գըլխուս դիր. Թող մատերեդ կաթի վար Աղոթքդ՝ եկած հոգվույդ պայծառ խորանեն։ Վերջին ժամն է. օրհնե՜, հա՛յր: Գեղեցիկ տողեր կան «Մուսային» տիտղոսված կտորին մեջ, որ կերպով մը բանաստեղծին քերթողական հավատո հանգանակն է – և հանգանակ մը մեծ ազնվությամբ ու արությամբ հղացած: «Վշտին»-ը հատորին ամենեն խորունկ ու ամենեն աղվոր կտորներեն է. Ինծմե հեռո՜ւ, ահավոր է տեսնալ քեզ. Գարնան ծաղիկն ուղխին կըրնա՞ դեմ դընել. Ո՛հ, քեզի հետ ի՞նչպես կըրնամ չափվիլ ես. Դու արհեստիդ մեջ վարպետ ես և ընդել: Դեռ նոր դըրի մեծ հովտին մեջ իմ քայլեր` Ուրկե` երկա՜յն ճամբան կ’երթա նեղնալով. Ծայրն է շիրիմն` զոր հասակս այս չի տեսներ Կամ կը տեսնե միայն սոսկմա՜ն մը դողով… Քայլիս առջև` մի՛ վերցըներ այդ հովտե` Ծաղկի, շողի և ցողերու պատմուճանն. Թո՛ղ որ երկնի հորդ ալիքներն հըրեղեն Հոն` կապուտակ իրենց ժըպտով հաշտ իջնան: Բայց, իր պարմանական հոգիին ամբողջ հասկնալի ու գեղեցիկ զարհուրանքն ու սոսկումը նետելե հետո վշտին, բանաստեղծը կվերջացնե երգը ունկնդրելով անոնց, որ կըսեն, – և իրավունք ունին, – թե վիշտը մեծցնող, ազնվացնող, դեպի իդեալն առաջնորդող մեծագույն ուժն է. Ճակտին վըրա, ակոսներուն մեջ վըշտի` Կը ցանվի սերմն իտեալին սեփական. Օր մ’այն հոգին` որ ցավերով կը տվայտի, Պիտ’ դառնա վարդը Անհունին խընդության: «Հավերժության սեմին»-ը ամենեն հզոր կտորն է հատորին, և մին ամենեն շքեղ էջերեն հայ բանաստեղծության: Մահվան խորհրդին հանդեպ այդ լայն ու սարսռագին խոկումը նորեն մտածել կուտա Հյուկոյին, ձևովը մանավանդ. եթե հայ բանաստեղծներեն Դուրյանը Վարուժանին վրա ազդած է ավելի, հայտնի է, որ եվրոպացիներեն Հյուկոն ամենից ավելի իր հոգին խոսած է և հոն իր մեծ արևեն քանի մը ճառագայթ ձգած: Չեմ կրնար ինքզինքս արգիլել հաճույքը հիշատակելու քերթվածին գեթ սկզբնավորությունը, որ հրաշալի է. Գերեզման մ’էր, լերան ոտքին, գետին մոտ. Թափառական քայլերըս զայն գըտան հոտ, Երբ կ’երթայի երազուն, Իրիկունն, հագած արևին հուսկ շողը լալ Սիրտըս հանձնած ծաղիկներուն և միտքս ալ, Փըթթելու մոտ աստղերուն: Գերեզման մ’էր: Խաչ մը անտաշ, քար մ’անխոս. Քարն անանուն, և խաչըն ալ` անքրիստոս, Հոն կը հըսկեն մենակյաց. Մին զետեղված է ձեռքերով մըտերիմ, Եվ մյուսն, երկու մասրի ճյուղեր, սև մազի մ’ Գիսակներովն հոն կապված: Այս է բոլորն. ու ասոր հետ բընությունն Որ կ’օրորե այդ քունն իբրև մայր մ’անքուն: Տերևներու սոսափներ, Գետին ողբանքն ու խոշոր բիբը լուսնին Մոռացությունն հոն կը սպաննեն. հոն երկինն Իր նայվածքներն է թափեր: Ի՜նչ լավ է հոտ. կարծես թե դա՛շտն է` հըսկա Ուխտավոր մ’այդ գերեզմանին, զի տեսա Անմոռուկներ ինքնաբույս` Զոր կապած է բնական ոլոռ մը` խաչին, Եվ համբուրող շըրթունքը բոց կակաչին Քարին ծըռած սիրահույզ: Խոնարհեցա և հոգիս լի աղմուկով
  11. Սա աշխարհի ամենագեղեցիկ, ամենաբարի հեքիաթն է… Չեմ կարծում, որ աշխարհը այսքան խելահեղ լիներ, եթե մարդիկ մեկ անգամ գոնե կարդացած լինեին այս հեքիաթը: Նրա ամեն տողը ուղղակի ճչում է. “Բարի՛ եղեք, մարդի՛կ”: Արձագանքը պետք է որ մարդկանց սրտերում լինի… Այն թարգմանված է աշխարհի շատ լեզուներով: Սպասում ենք շարունակությանը…
  12. ԱՍՏՂԵՐԸ Ոչինչին ծոցեն դեռ չէր նշուլած այգն առաջին, Անկերպարան և մռայլ, քաոսն անհուն կտարածվեր: Եվ ահա տենչն արթընցավ հոգիին մեջ Արարչին` Շարժուն կյանքի փոխարկել տխուր պարապը հրեշավոր: Իր մտքին մեջ տիեզե՛րքը հղացավ բովանդակ, Հավերժական իր շրջանովն, էակներովն, օրենքներով: Ձանձրացած իր երկայն մինավորիկ խոկումեն` Անհունության մը մեջ սև, զոր կլեցներ իր անձը լոկ, Ինքզինքին տեսարան մ’ընծայելու համար հաճո, Կուզեր Ոչի՛նչը զվարթացնել փթթեցնելով անոր մեջ Գեղեցկության, դաշնակության, երանության քերթված մը մեծ: Ուրվագծեց Տունն ամրավ, հիմեն մինչև ի կատարն, Իր սյուներով,զարդերով ու բյուրազան բնակիչներով. Ամեն ինչ նախատեսեց, ավազի մանր հատեն Մինչև լեռն հաղթանդամ, ցողի շիթն ու ծովն հսկա, Արևուն ջա՛հը վեհանձն ու զով անդո՛րրը գիշերին, Սլացիկ ծառերն հերագեղ, թարմ ծաղիկնե՛րը տարափոտ, Ու նվագներն հովերուն, ու քաղցրությո՛ւնը գարնան, Հասունացնող ամփոփո՛ւմը փառահեղ ձմեռին, Ամրան բարի ջերմությունն ու տոնն աշնան հունձքերուն Եվ անասուննե՛րը բյուրակերպ, իրենց դերո՛վը հատուկ. Եվ ամենե՛ն վերջ, իբր հանգու, իբր պսակ իր գործին, Մարդն հղացավ, բարձրագույն ուրվագծված էակներուն, Մարդը, որուն լոկ պիտի տար, իբրև շնորհ գերագույն, Կայծ մ’իր հզոր, ստեղծագործ, ամենահաս հոգիեն, Կարողությո՛ւնը մտածման, գիտակցությո՛ւնը լուսավոր: Եվ արբշիռ հաճույքով, գոհ իր ծրագրեն և հպարտ, Արձակեց Արարիչն իր «Եղիցի»-ն հրաշագործ, Ու րոպեի մը մեջ ի լույս եկավ աշխա՛րհը բովանդակ: Բայց անձկություն մը հանկարծ պատեց հոգին Աստծու: Զգաց սխալն աղետավոր և անողորմ, զոր գործեր էր: Այդ էա՛կը բացառիկ, որուն սիրով մը խորին Պարգևեր էր ինչ որ բոլոր մնացյալին էր մերժեր, Այդ էա՛կը միայն դատապարտված էր կքելու Անբուժելի դժբախտության մը բեռին տակ: Մյուս բոլոր Էակներն և իրերն, անգիտակից ու բնազդական, Պիտի հլու կատարեին դերն որ իրենց էր վիճակված, Առանց ոչինչ ըմբռնելու, անխուզարկու, անտրտունջ, Մինչդեռ մա՛րդը, խառնուրդ աստվածության և անասնության, Ունենալով գաղափարն հավերժության ու անհունին Եվ զգալով զինքն անցավոր ու զաղփաղփուն ու չնչին, Կարող հղանալու արդարությո՛ւնը բացարձակ Ու կարո՛ղ նաև ամբողջ տիեզերքին մեջ տեսնելու Անգոյություն արդարության, մարդը կյանքին մեջ իր կարճ, Բզքտված հակընդդեմ ձգտումներե տիրական, Տառապեր պիտի վայրագ տառապանքով մը ներքին, Տառապանք անդարման, որ տրտմությունն իր դըժընդակ Տարածեր պիտի համայն տիեզերքին վրա անիմաստ, Մըթընցներ պիտի զայն, ըներ զայն գործ մը վիժած: Եվ Արարիչը պահ մ’արդեն կարծեց լսել ճիչն անեծքի, Զոր անթիվ սերունդնե՛րը մարդկային դարեդար` Ապագային խորերեն իր ճակատին կարձակեին… Սակայն ստեղծված էր աշխարհ, և անհնար էր այլևս Ուղղել սխալն ահավոր: Մեծ տխրություն մը սեղմեց Սիրտն Արարչին: Ու լացավ: Մթության մեջ միջոցին, Ինկան հրեղեն արցունքներն աստվածային աչքերեն: Ահա ինչպես ծընան աստղերն, և ահա ինչու լույսն անոնց Խորհրդավոր է ու վեհ, և այնքա՛ն ալ թախծագին: ԵՐԱԶԸ Ա. Երազ մըն էր դողդոջուն ու դալկահար, Ոգի մ’կիսամեռ, Զոր իրիկուն մը լուսնի շող մը նիհար Սենյակս էր նետեր: Կարծես երկայն թաքուն վըշտով մը մինակ Տանջվելե խոնջած, Եկեր ինկեր էր, ոգեսպառ, տխրունակ, Թևերը փըրթած: Գիրկ առի զայն ու շոյեցի ընդերկար Մարմնիկը հատած, Որուն մեջ լույսը հիմա, հիվանդ, կդողար Զերթ կանթեղ մ’առկայծ: Ես սիրեցի, ինչպես տխեղծ աղջիկներ Կսիրենք գթոտ, Սիրեցի զայն` որովհետև դժբախտ էր Ցավով մ’անծանոթ: Բ. Շաբաթ մ’ամբողջ մեր խեղճ տարփանքը տևեց. Բարձիս վրա պառկած, Գլխուս մոտիկ երազն իր ողբը հըծծեց Խուլ ձայնով մը ցած: Կըսեր ինծի բոլոր իղձերը փշրած Իր դառըն կյանքին, Ու կպատմեր երկինքին մեջ լուսամած Իր վի՛շտը մթին: Եվ ես անոր կպատմեի մեր ցավերն Աշխարհի վրան, Ու կըսեի. «Ամեն տեղ, վարն ինչպես վերն, Ցավն է տիրական»: Ու մեր եղբայր հոգիներուն մեջ գորով Մը ծնավ անհուն, Եվ սփոփանք պահ մը գտանք իրարմով Մեր մորմոքներուն: Գ. Ինծի հաճախ երկնքին վրա կխոսեր Մելամաղձորեն. Կըսեր ինչպես հոն իրարու կուտան սեր Աստղե՛րը հրեղեն: «Հոգիներ են,– կըսեր,– որ ջինջ եթերին Մեջ կապրեին կյանքով Մը տենդագին, կյանքով մ’որ լի է խորին Հույզով, տանջանքով: Սերն է անոնց տենչն ու հրայրքն անհեղլի, Սերը բռնավոր, Սերը կույր, Սերն` անողորմ ու պաշտելի, Սերն ամենազոր: Երբոր ժպտի անոնց, անուշ ու պայծառ, Հպարտ կվառին, Ու երբ զրկվին անոր շողեն բարերար, Թոշնած կմարին: Դ. Բայց խոցվածներն այդ մերթ կիջնեն երկնքեն Ձեր երկրին վրա մութ, Ամոքել հոս` սրտի մ’հպմամբ մարդկեղեն Իրենց ցավն անգութ: Եվ ատոնց էջքն է որ հոգվույն մեջ մարդոց Կթափե տրտում Անրջանքներն անասելի, քաղցրաբոց Խանդերն անպատում: Ես այդ դժբախտ հոգիներեն մեկն էի. Անեծք մ’ահավոր Խամրեց օրերս, զանոնք դարձուց ամայի Անապատ մը չոր: Բայց մեջս արդեն հուրը տակավ կմարի, Կզգամ, վերջս է մոտ… Եղբա՛յր, հիշե՛ զիս` պահերուդ մեջ ցավի` Հուշով գորովոտ»: Ե. Ու գիշեր մ’ան մեռավ. իզո՛ւր ջանացի, Ժամերով երկայն, Թափելով վրան հեղեղներ արցունքի, Արթնցընել զայն: Հետո, մինակ, կատարեցի ես, ավա՜ղ, Սև հանդեսն անոր Թաղմանը, ե՛ս քահանա, ե՛ս դիաթաղ, Ե՛ս հուղարկավոր: Իմ սուգիս մեջ փաթթեցի զայն, ու կերոն Ըրի հառաչներս. Եվ ընդերկար հեծկլտացի, լացի հոն, Եղերամոր պես: Հետո, բացի սիրտս ու այնտեղ թաղեցի Երազն անկենդան. Քովիկն այնքա՜ն մեռելներու սիրելի` Որ հոն կքնանան: ՕՐՈՐ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Դուն նստեր ես ճամփաներուն անկյունը, Մազերդ ի վար իջեր կախվեր է ձյունը, Մարմնույդ վրան կփոսանան մութ խոցեր Եվ աչվըներդ արյունի լիճ են դարձել: Ո՞ր չար պարիկը հյուսեց թելը բախտիդ… Ո՞վ տեսնելով քեզ տապալած ու վտիտ` Պիտի հիշե, որ դուն երբեմըն հզոր Աղջիկն էիր սև աչքերով լուսավոր: Կծփային մազերդ ինչպես դրոշ մը լայն` Ազատ լեռան մեջ ուր հոգիդ մեծաձայն Կմռընչեր խոյանալով սարե սար, Ու ծոցդ հպարտ` մեղր ու կաթով կուռենար: Քեզ ցանկացին հելուզակները բոլոր. Պաշարեցին քեզ ոսոխներ ահավոր. Երկար ատեն ոգորեցար, կռվեցար, Մինչև ա՛լ խոնջ ինկար գետին ուժասպառ: Եվ քու հոգիդ արգավանդ էր ու բարի` Կործանարար ուժերուն մեջ վիթխարի. Դուն կայնքի ծիլ մ’ավելցուցիր աշխարհին, Մատերդ հողեն գեղեցկություն հանեցին: Դուն Անահիտն էիր խաղաղ աչքերով, Ոսկիամայրն էիր պայծառ լանջքերով, Ծոցեդ` բարիք, նայվածքեդ լուսյ կտեղար, Շրթներդ դաշն էին, ու ձեռքըդ` ճարտար: Եկան խուժերն ու ձեռքիդ կապ անցուցին, Բզըքտեցին, աղարտեցին ծոցդ անգին. Եվ բյուրախոց դարձար դուն Մայրը կարմիր` Գողգոթային ճամփուն վրա ծնրադիր: Ի՜նչ գեղեցիկ, ի՜նչ քաջ եղար ցավին մեջ… Աղետքին տակ հոգիդ մնացեր էր անշեջ. Կարծր լուծեր կոտրտեցիր ու մահեն Քանի՜ անգամ ոտքի ելար դուն նորեն: Աչքըդ լույսին կսևեռեր անդադար. Միտքդ, խիզախ, նոր աշխարհին կդառնար. Ու դարերով համառեցար, առանձին, Թումբ ձևանալ ասիական հեղեղին: Մեծցավ հեղեղն ու զգետնեց քեզ մոլեգին Ու մարեց բոցըդ թափով իր ալիքին. Չվառական, խավարին մեջ, հողամած, Միշտ կենդանի, դուն սպասեցիր գալարված: Գիշեր ատեն, մերթ հին շիրմաց խաչերը Կերերային, ու Մասիսի քաջերը Մութին մեջեն կշողային բարկաճայթ, Աչվըներեն աձկելով շառ ճառագայթ: Օդին մեջ խուլ կթընդային թմբուկներ, Դուն, դող ելած, կառնեիր պահ մ’աչքըդ վեր, Ու, վրդոված, կնայեիր լեռներուն, Ոչի՜նչ` բայց մութը ծանր ու պաղ լռություն… Օր մ’ալ ցավի ցնցման մը մեջ անսահման` Ցցվեցար մեծ ճիչով մ’անձկոտ ընդվզման, Աշխարհ ձայնիդ խուլ մնաց ու բիրտ ուժին Կույր գարշապարը ճզմեց ճիգըդ քուկին: Բարկ հուրերու մեջ ճիվաղներ ցատկեցին, Սիրտդ այրեցին ու աչվըներդ փորեցին, Տունեդ վանված, հովերուն տակ մնացիր, Մերկ տարածված – չորս դին արյուն ու մոխիր: Հիմա նստեր ես, ցավագի՛ն ուրվական, Ավերներուն պատկերին մեջ տխրական. Կխածկրտե վերքերըդ հովը սառուտ, Արյուն կիյնա ծիծերեդ կաս-կապուտ: Դանդաղորեն կժաժես գլուխդ ու կուլաս, Ու ցած անուշ ձայնով օրոր կկարդաս Զավկըներուդ, որ արյունին մեջ ինկան Եվ անոնց, որ չորս հովերուն ցրվեցան: Օրո՛ր կանանչ աչևներուն, լուսավետ Աչվըներուն, որ մարեցան առհավետ, Եվանոնց, որ դեռ կապրին ու կտանջվին Զնդաններուն մեջ ու մռայլ աքսորին: Հերի՜ք, հերի՜ք… այդ օրորդ ողբ է մահու. Ցավը սուրբ է, ցավը` մեծ ու փրկարար. Ոչինչ կա վեհ, քան աչին տակ զոհն արի, Գիշերին մեջ կհյուսվի այգը բարի: Ժանտ դահիճներն ու քանդողները մթին Փոշիի պես պիտի անցնին ու ցնդին, Ու մոխիրին մեջեն պիտի ելլես դուն, Տառապանքեն նորոգված ու շողշողուն: Մի՛ լար, մի՛ թույլ մազերդ հովուն տարտըղներ, Մի՛ լար, մի՛ խեղճ գլուխըդ վար կործաներ. Ճանչցիր դուն քեզ, ժողվե՛ ավյունըդ ցիրցան, Հերի՛ք ուժերդ օտար տան սյուն կանգնեցան: Հանգի՜ստ դժգույն եղբայրներուն, որ ինկան, Ելի՛ր, օրհնե՛ մեզ, տարածե մեր վրան Թևերդ անհուն: Թող մեր արյունն ու հոգին Քու արևուդ մատաղ ըլլան ու ցամքին: Մութին մեջեն պիտի ցցվիս հաղթական, Աչքերդ աստղեր պիտի դառնան ու ցոլան. Վերքերդ վարդ պիտի ըլլան հոտավետ Ու լույս պիտի թափի ճերմակ մազերեդ: Պիտի կանգնիս ճամփաներուն բերանը, Պիտի քանդես Բռնության սև խորանը. Ոտքի՛ ելիր, ցավերդ երկունքն են հսկա, Ո՛վ, Մա՜յր, աշխա՛րհ մը ծոցիդ մեջ կխլըրտա:
  13. ԱՆԹՎԱԿԻՐ ՏԱՂԵՐ ՏՎԱՅՏԱՆՔ Անոր ցավը` հո́ւր է վառող ինձ համար, Ինչպես սերն է` կյանք հորդաբուխ և անշեջ… Քանի դիտեմ դեմքն ըսպիտակ զերթ մարմար, Շիթ շիթ արցունք կը քարանա սրտիս մեջ: Թարշամներ է կաթնաբուխ ցո́լքը բերնին, Իր ժըպիտին քնքույշ ծաղիկն հոտևան, Ուր կը վառեր կյանքի ըղձանքը ջերմին, Լի հըրայրքովն հուզումնալից իր գարնան… Եվ գլխիկոր` ինչպես եղնիկ վիրավոր, Կը տեսնեմ, երբ հուրն երազանքն իմ ծաղիկ, Կը դաշունեն զիս մորմոքներ բյուրավոր, Խավարելով անուրջն հոգվույս խաղաղիկ… ԽԵՆԹԵ՜Ր Ա Մթնաշաղին բոցերուն մեջ երփնագույն, Երկու ձեռքը կը կարկառե, և իսկույն Կ’ուզե բռնել` հասկերուն վրա ցորենի` Փախչող լույսին թռչնակները ծիրանի: Կ’ուզե թրջել ճակատն` ինչով բոցարծարծ` Ճերմակ թռչնիկ ծփանքներուն վրա ծովուն. Վարազի պես կը խոյանա վրդովուն` Բայց մոր գի՜րկն է որ կը բանտե զինքն հանկարծ: Խե՜նթն է, կ’ըսեն, անխի́ղճ գութով, և հանգույն Ասուպներու` իրենց խոկին կը դառնան. Հորիզոնի դալկության մը պես տժգույն` Մայրն անդոհով կու լա պտուղն իր գարնան: Մայրը կու լա երջանկությունն իր զավկին. Ու կը կարծե փուշեր ժողվել, ուր վարդեր, Արձակունակ ծաղիկներու քաղցրագին Եդեմներ նոր` տըղուն անուրջն է գըտեր: Տըղուն` որ գո՜հ փակեց թևերն ու կարծես Կը հավատա անհունություն մը գրկել: Կ’ուզե մինակ ըլլալ. վազե՜լ անարգել Անրջական ի՜նչ կույսի մը ոսկեգես… Ու ջուրերուն եզրը կեցած, երբեմն ալ, Երկա՜ր ատեն, կը բաղձա հոն մենանալ, Մթնշաղին բոցերուն մեջ վարդագույն, Երկու թևը պարզած` խաչի մը հանգույն: Խա՜չ` որուն ցավն ու ըստվերները գորշգույն Կ’ադրադառնան` ինչպես մըռայլ ուրվական` Լուրթ ջուրերուն վրա ծով հոգվույն մայրական, Մթնշաղին բոցերուն մեջ վարդագույն: Բ Մութնուլուսուն պատըշգամբին վրա է. Եղյամին վրա, ոտքը բոպիկ, գլուխը բաց. Սըրինգ մը անտես իր շուրթերուն է հըպած, Եվ ջուրերու թույլ շրշյունին կ’ունկնդրե: Պի՜շ կը նայի ծովեն անդին, լրջացած Հորիզոնին. կը կարծե ի́նք կերպեր է, Իր անանուն սրինգով` բոլոր դաշն ու ցած Ձայնաշարը` զոր սյուքն հեզիկ կը բերե: Մեծ, ճշմարիտ ու նախնական այդ ձայնով, – Իր նըվագով,– ա՜յնքան կ’ըլլա ինք գինով, Որ կը պատե գրկած արևը ծագող: Բայց առաջին նայվածքներեն, ինչպես գող, Ներս կը սուրա ընդոստ խուցեն. իր շուրջի Մարդաձայնեն ինք զինքն հիշած` կը փախչի… Գ Դեռ կըսպասե՜, մտքին մութին մեջ դաժան, Զոր ցանցեր է շրջուն թալուկն անդունդին. Կ’ուզե նայիլ անգա́մ մըն ալ իր չորսդին,– Քաղցրություններն արդյոք կու գա՞ն, ա՜հ, կու գա՞ն: Համակրության պզտիկ բառ մը մեղրանույշ, Պզտիկ ճըրագ մը գորովի բոցարծարծ` Որ նշմարել տա խավարին մեջ հանկարծ Հին սիրական ուղին, հոգ չէ́, ա́յսքան ուշ… Դեռ կըսպասե՜, մտքին մութին մեջ դաժան Քարշեպին վրա. վարեն մըթար ջուրերուն Զինք կը կաթե շարժող տեսիլն ուրվական. Վարե՞ն. մըռայլ տարփի ձայներ կը վըժան… Փնտռեցե՜ք այս տըղան, ո՞ւր եք, ո՜վ սուրբեր. Թողե́ք անկյունն` ամուլ ձեր գութն ու մատյան. Աստվածն ա́ն է, ա́ն` որ արցունք է սրբեր, Ա՜հ, քաղցրություն, գոնե շի՜թ մը քաղցրություն: Դեռ կըսպասե՜, մտքին մութին մեջ դաժան, Նըշույլներո́ւն դեռ` դեռ սիրաշարժ շրթունքին, Դեռ սիրածագ բոցին` աչքի մը անգին… Դեռ կյա՜նք կ’ուզեմ անոնք Մա՜հն իր կը կարդան: Սև լաթի մը պես կը նետեն երեսին «Խենթ» բառն անհուն. բառ անգորով ու դաժան. Ու կը դառնան ապրիլ իրենց կյանքն ոսին, Սև եղբայր մը մատնած ցավին անբաժան: Դեռ կըսպասե՜ պզտիկ բառ մը մեղրանույշ, Դեռ կըսպասե՜ գորովանքի ճրագն արծարծ Դեռ կըսպասե՜ որ խավարին մեջ հանկարծ Հին սիրական ուղին ցույց տան, ա՜յսքան ուշ… ԵՐԳ Քո́ւյր, մոտեցի́ր կըրակին, Ծըխե տերևն այս բուրյան, Զի ամեն բան ինձ կրկին Կը դարձընե հոտն արյան: Քո́ւյր, մոտեցի́ր դարակին Ու բեր հեղուկն հընծանյան, Զի ամեն բան ինձ կրկին Կը դարձընե համն արյան: Քո́ւյր, մոտեցի́ր ճըրագին, Մարե́ զայն, թո́ղ լուսինկան, Զի ամեն բան ինձ կրկին Կը դարձընե գույնն արյան: Քո́ւյր, մոտեցի́ր նըվագին, Երգե́ դաշտերն ու ցորյան, Զի ամեն բան ինձ կրկին Կը դարձընե ձայննն արյան: Քո́ւյր, մոտեցո́ւր իմ ձեռքին Աստվածաբոցն հըացան, Զի ամե՜ն բան ինձ կրկին Կը հիշեցնե վրե́ժն արյան…
  14. 16. ՉՈՐՍ ՏԱՐԵԿԱՆԻ ՄԸ ՆԱՄԱԿԸ Այս նամակն իմ եղբայրըս է գրեր. քա՜ղցր էակ` Որ փոքր է դեռ. Էն իր համար քող չունի. Իր առջև դեռ մեծ գաղտնիքն է անդիմակ. Երանության ամեն երկինք` հոլանի՜: Մերթ վարդերու, թըռչուններու անուրջե Ոգիներուն հետ կը խոսի անարգել. Փոքրիկ ձեռքով թիթեռնիկներ կը կանչե. Կ’ուզե աստղերն երկնի դաշտեն հավաքել: Երկամյա էր` երբ զատվեցանք տըխրալի. Մեկնումին զիս դիտեց ապշած ու երկա՜յն, Թե ինքը է՞ր կ’երթար, ես է՞ր կը մնայի, Եվ ո՛հ, լացա՜վ. մարդն էր` շնորհքին տակ մանկան: Արդ կը գըրե: Այդ նամակն ե՛ս կ’ըմբռնեմ. Զայն կ’հասկընա ի՛մ սիրտըս լոկ հուսաթափ, Իբրև թե այդ գիրն անծանոթ ու նըսեմ` Մենք նույն ատեն գըտնեինք, նո՛ւյն ըզգացմամբ: Հորիզոն մ’հարկ է որ ինքն ա՛լ պաղ աղոտ, Ձայն տան նընջող արշալույսին. Ե՛լ ժամն է… Զեփյուռ մ’որ թույլ հունտին հըծծե. Տո՛ւր ծըղոտ: Մայր մ’որ տըղուն ըսե. Քալե՛… Հայր մ’որ` Գրե՛: … Եվ սա թուղթին մանուկ մ’հակեր է քընքուշ, Մանկան վրա հայր մը` ժըպտալով պեխին տակ. Այսպե՛ս կ’իջնե արշալույսին ամպ մ’անուշ, Արշալույսն ալ ձյունոտ դաշտին ըսպիտակ: Ու գըրեր է: Տարօրինա՜կ նըշաններ, Գիծե՜ր` որք ինձ թըվին երազ բեկբեկուն, Ժպիտներով ցանված քըսված մելաններ, Բիծեր` դըրված մանկան թափով մը նըկուն: Սա մինարե մըն է դեռ կես մընացած` Ուր չ’ամփոփվիր հոգվո մ’աղոթքը համակ. Հոն ծուռումուռ խաչափայտ մ’է զետեղված` Ուր կը գամվի խեղանդամ մարդ մը մինակ: Հոս տեղ թըռչուն մ’ուրվագըծված է, լըռի՜կ, Որուն երգերն իր շըրթունքներն են գողցեր. Անդին կա հոնք մ’առանց աչքի, թափառիկ, Իսկ ասդին աչք մ’առանց հոնքի, մերկ, անտեր: Սա կիսկատար գըմբեթ մըն է, ձյունի վրա, Որ կը սքողի ամպի մը տակ մելանե. Վերջապես հո՛ն գոց կոկոն մ’է անիկա` Որ, վարն, անոր ըստորագիրն կը դընե: Եվ ես ճաճանչ մը ասոնց մեջ կը գըտնեմ. Պատկերական գըրություն մ’է` մենք որով Կըրնանք կարդալ խորհուրդ-մանուկը վըսեմ` Մեր մութ երկնի` աստղ մ’օրեօր դընելով: Պիտ’ տարիներ կազմեն ամեն գաղափար` Երազը խոկ հորինելով օրեօր. Մանուկը մարդ պիտի ըլլա, գիծը` բառ, Տըրվելով կրոնն` մարդուն, բառին ոտ’նավոր: Ան` այժմյան այդ գաղափարներն մի քանի Ժողվեց երկրես (Թե երկընքեն չի բերեր). Ժողվեց իր մոր գըրկեն, դըպրո՜ց կենդանի, Գըգվող սյուքեն, ծաղիկներեն տարուբեր: Սոխակն ուսույց երգել, լալ` փուշը վարդին. Ամփոփ թառած տատրակն ըսավ. Կը նիրհեն: Բարձին ծաթող լուսնակն ըսավ. Կը ժըպտին: Իր քունն հըսկող մայրն ալ ըսավ. Կը սիրե՜ն: 17. ԱՆՀԱՎԱՏԸ Սև ագռավի մը ետևեն, զառ ի վար, Արբշիռ հոգվով մ’ան կը վազեր ուժգնորեն. Հեշտանքի մ’երգ իր շըրթունքին կը թըրթռար` Որ կը թովե գաղտագողի քեզ իրե՛ն: Անոր ըսի. «Հո՛ն, աղավնին տեսա՞ր ան` Որ ագռավին ներհակ թռիչքով կը սուրար. Սուրբ աղավնին Անբըծության, Գիտության Ու երկնային Միջոցներուն լուսատարր»: Ուղղեց այնպես հեգնող ժըպիտ մը ինծի` Որ ՚սել կ’ուզեր. «Կատա՞կ կ’ընես»: Եվ դարձավ: Ու կը վազե՜ր, երբոր նորեն գոչեցի Ետևեն իր խոլ վայրէջքին սըրարշավ. «Տեսա՞ր ծաղիկն` որ հակառակ վազքիդ` ան Քեզ հակառակ կ’անցներ կ’երթար, չը թոռմի՜լ, Ծաղիկն Հույսի, Ճըշմարտության, Հեզության, Որ է փըթթուն Արշալույսին փըթթուն ծիլն»: Ան հուսահատ փույթով մ’հեծեց դառնորեն. «Տեսա… Ո՜ւշ է: Ո՜հ, ոտքերուս բուռըն էջ Կեցընել ա՛լ դըժվար է այս դարվարեն»: Եվ գահավիժե՜ց, զերդ կույր, կյանքին ճամբուն մեջ: 18. ԵՐԱԶ և ԽՈՀ Պառկած էի. խոր լըռությո՜ւն. գիշեր էր… Ճըրագս յուղե պատերն արյուն կը ներկեր: Ծանրացավ մըրափ մ’աչքերուս. Մըտածումնե՛րըս երազի մեջ սուզան, Եվ բիբերես ամեն ճաճանչ լուսական Կոպերուս վրա՛ տըվին ######ս: Սև դեմքի մ’հետ ձեռք մը տեսա մահճիս քով. Կուրծքիս դըրավ մատերը բոց եղունգով, Սընդիկի պես խորամուխ: Փայտ կըտրեցավ լեզուս. վախցա՛ շեկ աչքեն: Ես ճանչցա զայն. սատններուն ամենեն Կատաղին էր` մ’է՛ն թուխ: Բացավ բերանն` որուն մեջ լինդ միայն կար. Իր ակռաները խորտակված էին վար Իյնալու օրն երկընքեն… Ըսավ. – «Սըրտե՛դ, սըրտեդ քաշել ես եկա Զայն` որուն տեղն իմ տեղըս պետք է ըլլա. Տո՛ւր, ինծի՛ տուր սերդ իրեն»: Անկողնիս մեջ թալթըլեցա, ու երկու Ձեռքով` սարսուռն բըռնեցի թևն ահարկու` Ինծմե անդին մըղելով: Մաքառեցա Անոր համար, անկրոննե՛ր. Խածեցի ձեռքն` որ Զինքն ինծմե կ’անջատեր. Իր ոսոխին արյունով` Ներկեցի շուրթս, և անցուցի ծարավս հուր: Դևն երեսիս կատղած պոռաց. «Տեղի՛ տուր` Թե չէ ըզքեզ կը խեղդեմ. Թոքերուդ տակ կը ճըմլեմ սիրտդ անխընա. Ճերմակ սավանդ վաղը կարմիր կը դառնա. Մա՛հը կ’հանեմ քեզի դեմ: Ագռավներու կեր կու տամ այդ սև աչքերդ. Քաղցած օձի բերաններու երակներդ Կը հանձնեմ ես. տեղի՛ տուր: Կը գողնամ քարն գերեզմանիդ վըրայե, Որպեսզի մա՛րդ ըզքեզ բընավ չարտասվե, Անգութ եմ, տե՛ս. տեղի տուր»: Պիտի չըտա՜մ: Կըսմըթեցի, կըռփեցի Թևն` որ ոսկրերս կը խորտակեր զերդ խեցի, Եվ մատներովս անխընա, Բըզիկ բըզիկ ճանկըռթեցի դեմքն անոր, Դողդըղացի, տառապեցա քըրտնաթոր, Եվ սուր ճիչով մ’արթընցա… Ա՜հ, արթընցա: Եվ միտքըս շուտ մ’ըշտապեց Սըրտիս վըհին. դեռ Ան հոն տեղ էր, անեղծ, Յոթն արևի նըման ջերմ: Դևն եղունգով լանջքըս շերտած էր տեղ տեղ. Ուրախ էի` որ եղա զրահ մ’արյունհեղ Անոր համար, Անոր դեմ: Ո՞վ պիտ’ կըրնար փետե Զայն սըրտես` Ուր (ինչպես ա՛ստղը կապույտին ծոցեն ներս) Ագուցված է ա՛յնքան խոր: Իր խարիսխներն ալի՛ք մ’ըն ալ չի շարժեր, Զի անհունին և բընության են կառչեր Անոնց ճանկե՛րը հըզոր: Վասընզի իր սուրբ Էությանն հաստատման` Բյուր բյուր աստղեր մեյմեկ հրաշեկ գամ եղան, Եվ իր հետն ենք մե՛կ խըմոր. Վասընզի սուրբ Ավետարանն իր ամեն Մեկ էջով` միշտ ծորեց Անոր երակեն Արյո՜ւյն մ’արյանս մեղավոր: … Անդունդ մ’է Ան զույգ որկորով անսահման` Որոնց մեկեն դուրս կը պոռթկա Ապագան Անցյալ եղած մյուսին մեջ, Եվ, կեդրոնն, ինքը ներկան է, որուն շուրջ Ժամանակն իր ճիշտ ոլորտովն, անմըռունչ, Կ’ընե անդուլ ելևէջ: Եվ այսպես, մեր աչքեն, մըտքեն իսկ անդին, Ան` իրեն չափ, իրեն միջև, յուրովին, Է հավիտյան և անհուն. Ան` Ամբողջն է, որուն անունն պարծանքով Կը հանձնեն այս մաքուր թուղթին սըրտիս ծով` Որ իր հայլին է տրոփուն: Թող գըրաշարը դողդոջե` երբ Անոր Անվան տառերն իյնան ձեռքին տակ անզոր. Չը շարե՜ ծուռ կամ անտած… Եվ մամուլն ալ` այդ անվան վրա բըրտորեն Թող չը ճընշե` թե չէ կ’հերձի սև կուրծքեն, Վասընզի Ա՛ն է. – Աստված:
  15. 13. ՀԻՎԱՆԴ Է Ըստվերին մեջ, խանի մ’անկյունը լըքված Թըշվա՜ռ պանդուխտ, հիվանդ է. Խոնավությունն անոր մարմինը շիթ շիթ Գերեզմանին կը նետե: Բըժիշկ չունի. եղած դըրամն ալ հատավ. Ցավը ծանր է. գըթությո՜ւն: Հոն չը կա սիրտ մ’որ բարությունը քամե Անոր ծարավ շըրթներուն: Եվ ինքն իրեն մըտերիմներ կը ստեղծե Ցընորքներուն մեջ ջերմին. Իր վիճակին կարեկցող մեկը չունի Բացի մամուկը որմին: Մըթընշաղին մեջ կը մարմրի, կը հյուծի Մըթընշաղի մը նըման. Լըռությունն հոն կարծես դագաղ մը կ’երկնե. Օրոցք` տունեն գերեզման: Երիտասարդ է տակավին, և փեսա. Պոլսեն մինչև Վան հեռու, Հոն` հաց կ’ուզեն հարսն ու ծընողք. զի՜նք կ’ուզեն. Դեռ շատ շուտ է մեռնելու: Ան իր արյունն իր քըրտինքով կը շահեր… Տե՛ր, ի՞նչ սըրտով կը կոտրես Թևն` որուն վրա կը թըռթընին մանուկներ Եվ ծընողքներ ձյունագես: Դուրսն արևին, զեփյուռին տակ կ’ուռճանան` Բախտավորներն աննիազ. Արտին մեջ աստղն ավշի ելքին կը ժըպտի. Տե՛ր, զինք ինչո՞ւ կը մոռնաս: Այդ բազուկներն աշխատանքի համար են` Ո՛չ մահվան դեմ կըռվելու: Բախտը խուցին մեկ անկյունեն կը խընդա Օձի ժըպտով մ’ահարկու: Պիտի մեռնի. խիստ մահացու հիվանդցավ. Եվ պատանքին մեջ երբեք Պիտ’ չը տանի սիրելիի մ’արցունքներն Ու սև ուխտերն հուսաբեկ: Պիտի մեռնի. և իր բընիկ լուսնին տակ, Հարսը սիրո ծարավով` Պիտի զուր տեղ անոր գալուն ըսպասե… Խեղճ վանուհի, ապահով Հույսի ամեն խոստումներու վայելքին` Կը ծիծաղիս աստղին հետ. Մինչդեռ կյանքին երկընքին վրա կը գըծվի Շանթը շողին զուգահետ: Որո՞ւն համար շուշանն ու վարդ փոխ կու տան Իրենց միացումն` այտերուդ. Ինչո՞ւ Վանա լիճն աստղերով կը վառի Նախանձելով աչքերուդ: Որո՞ւն համար հաջաղիդ տակ կը պահես Ըմբոստանքներն համբույրին… Վաղն, հե՜գ ծաղիկ, պիտի ճամբորդ մը գուժե. «Մեկ աչքը բաց թաղեցին»: 14. ԱՎԱԶԱՆԻՆ ՁՈՒԿԵՐՈՒՆ Մըտածողի մը նըման Ջուրին միջև կը շըրջիք: Ա՛լ գծված է ձեր սահման, Ո՛վ լողակներ խատուտիկ: Հոս պիտի ա՛լ չը գըտնաք Անհուն, կապույտ այն աշխարհ, Որուն հորձանքն ու վըտանգ Կը կըտրեիք հեգնաբար: Ձերին ճարպիկ թևերով` Ազատություն, զվարթություն Կը գըրկեիք անվըրդով, Անգե՜տ` նենգող խայծերուն… Արհեստն արդ ձեզ կը պատե. Ավազան մ’հին, ձեզի նեղ, Շատըրվան մ’ալ կրանիտե, Եվ փոքրիկ ժայռ մը մեջտեղ` Որ գործ մըն է ձեռքերու: Այս է ահա ձեր աշխարհ. Ամբողջ այս է, ո՛վ աղու Բանտարկյալներըս թըշվառ: Երբ կը կայտռեք ջուրին վրա` Կը զվարճանա անխըռով Անձնասեր մարդն` արծաթյա Պըղպըջակներն դիտելով: Ո՜հ, ի բընե չար է ան. Իր հաճույքին, իր փառքին Կ’ուզե զոհել ամեն բան. Բըռնավորն է աշխարհքին: … Այս սև ժայռին խոռոչներ Ձեր շիրիմներ պիտ’ ըլլան, Ուր կ’երկարին բողբոջներ` Բաղեղներու ցիրուցան: Ուր ջըրերուն թըրթըռմունք Կու գան բախիլ մեղմորեն, Ցընցըղկելով արտասուք` Ողբ ու հանգիստ կ’եղերգեն: Ո՜վ իմ դըժբախտ անմեղներ, Ճիշտ նըման է աշխարհս ալ Ձեր այդ տեղին: Դեպի վե՜ր Կը ջանա միտքս իմ ելլալ: Կ’ուզե ուրիշ մեկ աշխարհ Ան գըտնելու, ուր անհուն Ազատությունն իշխե հար` Եվ անխարդախ բարություն: Սակայն ի զուր: Լոկ բանտող Գըծուծ նյութեր կան չորս դիս` Որ թըռիչներս աղամող Կը ջախջախեն և հոգիս: Առկայծ հույսով մ’ո՞ւր կ’երթամ. Կ’երթամ նույն տեղըս գացած. Հոս, կյանքն ու սև գերեզման Իրարու ձեռք են տըված: Օր մը ձեզի պես ե՛ս ալ Պիտի իյնամ ցուրտ, անշունչ, Մոռացոնքի մեջ մըռայլ. Հոս ամեն բան է անուրջ: Պիտ’ լոռ ըլլաք, ես` հող. Բայց ինծմեն եք երջանի՜կ, Զի վըրանիդ միշտ լացող Գեթ շատըրվան մը ունիք: 15. ԱՐՅՈՒՆՈՏ ՃՅՈՒՂԸ «Հոն, ի՞նչ է ան` որ շուրթին վրա ջըրերուն Ինկած կու գա, օրորտկումով մը կու գա. Մըխըրճելով մերթ ծըփանքի մեջ հնայուն Կարծես բոցերն իր կը մարե` ճակտին վրա Վառված կարմիր արևմուտեն… «Այսպես հևքոտ, դանդաղորեն, Ո՜վ մեծ գետին ջուրերեն, արդյոք ձեր շըրթունք Ի՞կը բերեն` որք լեռներու ապալեր Քըղանցքներուն միշտ սըփռելով արտասուք` Կարծես ցավե մ’ կը խածխըծեն եզերքներ: «Ո՛հ, լըռությո՜ւն. ձեր լեզվեն չե՛մ հասկընար. Մի՛ մըրմըջեք ինծի բաներ հոգեհույզ, Այլ, կըրկնակի վազքով, հասեք սըրավար` Նըման իմ կույս կարոտակեզ օրերուս` Որոնք անձայն կ’անցնին կ’երթան… «Կանաչ ճյո՜ւղ մ’է ուղևորն այն` Որ կը ծըփա անդաստական, մոլորուն, Ցըցված մեջտեղ փըրփուրներուն ըսպիտակ, Ինչպես լանջքիս վրա կը ճոճ սուր դաշույնն, Որ բաժանումը մըխեց խոր, դըժընդակ: «Ո՜վ արմավի թափառական ճյուղն, ըսե՛, Մեջն ալեհույզ ճամբորդությանդ ի՞նչ տեսար. Կամ թե սըրտիս` որ միշտ հյուսեն կը խուսե, Եվ պաշտումի մը բացական կու լա հար, Արդյոք դու ի՞նչ լուր կը բերես… «Մարտի փառքին ավետի՞սն ես, Մարտին որ միշտ դաշտերե դաշտ, լեռնե լեռ Կատղած կ’ոռնա` ինչպես որոտն երկնի վրան. Հորիզոնին, ուր հազիվ իմ նայվածքներ Կը թափառին, ան կը ձըգե քող մ’արյան: Քաջամարտիկըս արդյոք ի՞նչպես կ’ընե Ըսպառնանքին մեջ սուրերու փայլակին, Կամ վրիժառու նիզակներե, տեգերե Եվ լախտերե ձևակերպված` մահածին Անտառներուն դեմ հանդիման… … Ո՛հ, ի՜նչ մտածում է այս դաժան. Ըրի՞ն այնպես, որ իր վեհ կուրծքն ինձ համար Այլևս երբեք չը բաբախե, չը հուսա, Որուն վըրա հանգիստ կ’առներ գըլուխս հար. Լոկ այտերո՜ւս տակ ապրած էր անիկա: Թե, իր ձեռքե՞ն կու գաս, բանբեր ալեխռով. Ի՞նչ, պարզեցի՞ն սահմանեն ներս թըշնամվույն Դրոշակը սուրբ` զոր շինեցի իմ ձեռքով. Կամ հաղթության ըրի՞ն հանդեսը ցընծուն. Խըմե՞ց ան իր և իմ կենաց: Ան պաշտպանե՞ց` ըսպաննըված Ծընողքներու հեգ մանուկներն անտերունջ, Կամ դյուցազներ` ինկած միայն սև բախտեն. Անոնց աչքին, թուրին փայլով թաթավուչ, Իր գըթության փայլն ալ ցըցո՞ւց վեհորեն: Եթե իր խրոխտ կորդակին հետ միասին Հոխորտեցի՞ր, կամ պըճնեցի՞ր հաղթական Լանջապանակն. եթե խիզախ ճակատին Դու ծըփացիր, եկուր, եկուր սըրտիս վրա՜ն Աճեցընեմ համբույրով քեզ»: Ըսավ: Եվ բոց արևուն պես, Որ մերթ կ’իջնե ալիքներուն ծովին լուրթ, Կույսն հակեցավ, մեղմիկ, ջուրին վրա պայծառ, (Անդրադարձած թովիչ դեմքին իր` անփո՜ւյթ) Եվ վեր հանեց խուսափուկ ճյուղը դալար: Ու վեհերոտ, ինչպես եղնիկ մը սիրուն, Սուր ճիչով մ’ետ ընկըրկեցավ ան հանկարծ. Մեկդի նետեց ձեռքերեն ճյուղ` որուն Ցից ծայրին վրա, ավա՜ղ, էին չորացած Կարմիր արյան մը նետվածքներ… Անոր համար գետը բոթբեր Լըռեց կարծես, չը ժըպտեցավ արեգակ. Խաշնահավն ա՛լ չերգեց երգն իր խընդության. Կարծես դըրին կարմիր դագաղ մ’աչքին տակ. Հատակը` տեգ, և կափարիչը` վահան:
  16. Եվ հոն համբույրն ա՛լ համբույրեն չի տաքնար. Եվ մոր ըստինքն որդվույն սառած բերնին վրա Կը քայքայվի. կյանքն իր ակե՛ն կը չորնա: Այրուձին մեծ հաղթանակեն իր գինով` Երբ կը կըտրեր մեծ ձոր մը մեկ ոստումով Մահվան փոսն այս` լայն կը գըտնե իր չափեն: Ո՜վ արհավիրք. երբ պատերազմն իր թափեն Ա՛լ կը դադրի, իր զայրույթեն փառքն անշեջ, Եվ թագավորն իր կընճիթն ա՛լ վերքի մեջ Մըխըրճելեն, կը բերե դաշտը վարդգույն` Որուն սերմն է` դիակ, տարափը` արյուն, Կը բերե հո՛ս, հոս պարպել իր մարմիններ, Հոս լըճացնել իր խոլահոս արյուններ. Մահաբեմերն (ուր միշտ պատրաստ Սատանին Մորթին վըրա դանակներն հար կը սըրվին) Կը պարպին հո՛ս, հոս քաղաքին ճամբաներ. Հո՛ս հիվանդին անկողիններն մահաստվեր` Որոնց մեջ հեգ հոգին, ջերմի ցընորքեն Կը համարի թե վարն դագաղ կը շինեն. Հոս կը նետե իր գահն արքայն մոլեգին, Հո՛ս կը նետե լեռնամեջն իր բորենին, Հո՛ս Բյուզանդիոնն ու Հռովմն ամեն սոս կեսար. Հո՛ս հաղթ արծիվն իր փետուրներ շանթահար: Այս է աշխարհս, ո՛վ Զորեղներ: Դար դարե Կը թավալի մըղված ուրիշ դարերե. Եվ հազիվ դող մ’Հավերժությունը կը զգա` Իբրև նետվեր քար մ’օվկիանի մը վըրա. Կը պարպըվին վարն անթիվ սև դագաղներ, Մըժեղներու հըսկա երամ, տարուբեր, Անվերադարձ կը կորսըվին ձորին մեջ. Ահա սիրտ մ’ա՛լ չի բաբախեր, անկե վերջ Ուրիշ մըն ալ, ուրիշ մըն ալ, զոհ, զոհ, զո՜հ, Ժամը ժամին, րոպե րոպե: Եթե ո՛հ, Մեկտեղ բերվին սգավորներուն արցունքներ, Ո՛վ Երկինք, քու ցասման շանթերդ մահաբեր Դեռ չե՞ն մարեր: Եվ կը վիժին մարդիկներ Գիշերվան մեջ` երբ հազիվ հազ է սառեր Իրենց քաղցրիկ օրոցքներուն տաքությունն Երբոր, ավա՜ղ, դեռ չէ սևցած` մատերնուն Ամուսնական սուրբ մատանին. և կ’իյնան Մեռա՜ծ, երբ դեռ մեղրալուսինն ըղձական Իրեն մահի՜կ վիճակին մեջ կը շողա, Կամ երբ, տարեց, դեռ գիտության պըղընձյա Բերանն հազիվհազ բանալւ տագնապին Մեջ` կը դողան իրենց մատեր… կը սառի՜ն: Ցավի, ողբի, ճիչերու մեջ, դեպի վար Կը սայթաքին. հե՜գ թըռչուններ նետահար, Որ չեք գիտեր հարվածն ուրկե՛ եկավ ձեզ, Կը սարսըռաք, կը թավալիք աղեկեզ, Եվ թըռիչնիդ ամփոփելով, շըվարած, Գըլուխնիդ կըծկած թևերուդ տակ, լուռ, սառած, Ձեր երգերուն արձագանգին մեջ, ավա՜ղ, Կ’անշընչանաք: Մութը կ’իջնե միապաղաղ, Արտասվաթոր պատանքին մեջ, հողին տակ, Արշալույսի մ’ըսպասելով` կը քնանա՜ք… Կու գա Քրիստոս, կը մոտենա ձեր շիրմին, Եվ վերքին մեջ մըխելով մատն երկնային, Ձերին երմակ քարին վըրա, անայլայլ, Արյուն գըրով մ’ան կը գըրե. – ՀԱՆԴԵՐՁՅԱԼ: Ամպի մը տակ լուսինն հանկարծ կը մարի, Կը լըռե հովն, ամեն աստղեր մի առ մի Ասուպ կըլլան, կ’ըլլան վարդերն ալ` վերքեր: Ո՛վ անանուն շիրիմ, դու որ անտարբեր, Ու երազկոտ կը նայիս դե՛պի երկին` Մարդիկ այսօր, օ՜հ, գիր առ գիր լիզեցին Այդ բառը քու քարիդ վրայե սըրբազան, Ահա ինչո՞ւ թե ճերմակ է մնացած ան:
  17. 10. ՄՈՒՐԱՑԻԿԸ Միաչյա է, անդամալույծ` մեջքեն վար. Դեղնություն մ’իր նիհար մարմինն է ծածկած. Իր խորթ կյանքին աշնանը մեջ կ’ապրի հար, Մինդեռ անցքին գարուն մըն ալ չէ ձըգած: Մեգերո՜ւ շող, հիվանդ ծաղի՜կ եղտյուրի, Մարդկության մեջ` ըստվե՜ր ձըգած մեր ճակտին: Միայնակ է. վըրայեն այս աշխարհի Բան մը չառավ, պիտի չը տա բան մ’ալ սին: Երգեոնիկ մ’է միայն` իր մեծ հարստությունն` Զոր, պատի մ’տակ, մորն օրհասին նեղ ատեն` Անոր ձեռքեն քաշեց հանեց շըլմորուն, Ահաբեկած` անտեր կյանքին ապրուստեն: Ո՞վ պիտի այդ գործիքն անոր զըլանար, Պակսած աչքին տեղ այդ երկրորդ աչքն հընչող` Զոր տըվավ Տերն, որպեսզի ան թափե վար` Գոց բըբին տակ ժողվված արցունքը ճընշող: Այդ երգեոնիկը շատ հինէ. գիտե ան Հիվանդ, տըխեղծ սերունդներու պատմությունն. Հին արցունքներ չորցած են վրան, որք եղան Պահարաններն իր նըվագած վըշտերուն: Բաբախուն կուրծ մհոն կ’ընե միշտ ելևէջ Ուրախ շեշտ մ’իսկ եկած չէ իր հևքին քով. Բուռ մը արցունք նետած է Տերն անոր մեջ` Մակընթացման, տեղատվության ծըփանքով: Փողոցին մեջ երգը կ’երթա դարձդարձիկ, Ճամբուն ծայրեն մինչև տունի մը ետև, Չը մնալով շատ հեղ անկե կըտոր մ’իսկ` Գիրգ լանջերու մեկ ժանյակի մ’ալ ներքև: Այդ երգեոնիկն իր մ’է որ մեզ կը խոսի` Բյուր ցավի բյուր լեզու ժողված իր բերան. Կը բան ա՛յն կյանքերուն քողը մեզի` Որոնք մեր կույր ոտքերուն տակ կը վըխտան: Ահա՛. Վիհ մութ, զազրատեսիլ, ահռելի, Ժըխոր զեռուն, իրարու վրա, կարեվեր, Զերդ խըռնըված պոլիպոտներ քըստմնելի, Տըժգույն դեմքեր, տըժգույն աչքեր, անդամներ: Հառաչանքներ` հանդիպած պինդ սըրտերու` Ինչպես ծովուն թույլ ծըփանքները ժայռին. Ելլող սրունքներ` սառին վրա մո՛տ հալելու, Ինկող գանկեր` խորն ըստվերին ու գայռին: Տապըլկըտող ուսեր` որոնք կը հըրեն Մերին գոց դուռն` որուն բըռնած ենք նիգեր. Սև՜ փըրփուրներ` նետված թյուրակն ալիքեն` Որք կը ցընդին մեր ոտքին տակ. չե՜նք տեսներ. Դողդո՜ջ քայլեր` մերին քայլին ետևեն` Որուն ճամբան իրենց ճամբա է միայն. Տըմույն այտեր` չը բոսորած արևեն. Իրաններ ցուրտ` սարսուռներու գերեզման: Աչքե՜ր որ լոկ (Գըթածը մերթ մոռնալով), Իրկունն, ձեռքին մեր կը սպասեն դողդղագին` Թե պիտ’ արդյոք արձանագրե՞նք գըթալով` «Վաղը» իրենց տետրակին մեջ ապրուստին: Օրոցքներ սո՜սկ շիրմի համար խավարչտին. Առանց բոցի և համբույրի մը` սերեր, Որոնք իրենց դեռ սաղմին մեջ կը մեռնին` Ինչպես չելած դռ կոկոնեն` ծաղիկներ: Անդամներ գոս, պակաս դըրված, և կամ ծուռ, Ցամքած սըրտեր` որոնք վախեն ժանտ Մահվան` Նույնիսկ տըղմի մեջ կը պահեն թաքթքուր` Մեկտեղ իրենց ներկային` կույր ապագան: Կուրծքեր` վերքով և արյունով պատարուն, Հազիվ ծընած` փոշի դարձած երազներ, Եվ արցունքներ հևքով մ’ինկած քուրջերու. Նըվաղումներ, կոծեր, դողեր, օրհասնե՜ր. Ահ, այս ամենն ոտքերեն մեր վեր կ’ելլա Եվ, վարանոտ ու դողդոջուն, ճիշտ նըման Քայլը դընողի մը անհաստատ ճյուղի վրա, Կը ծեծե սնարը մեր նընջող Գըթության: 11. ՄԵՌԱԾԻՆ ՀԱՄԲՈՒՅՐ ՄԸ Համբուրեցի, Մըտերմությամբ սիրահեղց, Սիրտս անտեսեց նախ սարսուռն այդ դիակին: Կը զատվեր ան. հոգիս մեծ փերթ մը ուզեց Իրմե հանձնել մահվան այդ սև թըռչանքին: Այդ համբույրն արդ կը ճամբորդե ու կ’ացնի Գերեզմանին մեջեն, մեջեն սևության. Մեռած ճակտի մը վրա սիրտ մ’է կենդանի.. Ծաղիկ` նետված ցուրտ մարմարին շիրմական: Եվ կը դողա՜ փաթթված այդ ճակտին վրա: Զինք մահվան այդ ճամբորդին` Սերն է հանձներ. Եվ Սերն է խի՜ստ, խիստ զորավոր, ան կըրնա Կայծը` մոխրին, ողջը` դիակին միացնել: Ո՜վ համբույր, դու արցունք մ’էիր շըրթունքի. Քեզ հըղացա խոցված սըրտի արյունով, Եվ դամբանի ջահին մրուրովը սուգի. Քեզ սընույց կոծն ուռիներուն հողմախռով: Երբ սիրելի Մեռնողն հևքոտ իր հոգվույն Թռիչները, լուռ, կը տարածեր դեպ երկին, Մինչ իմիններս անոր դեմքին դեղնագույն Կ’ամփոփվեին` ծընա՜ր դու այն վայրկյանին… Ո՜վ սերերուս ցայտումն անկեղծ և անանց, Գիտես այլևս ապրիլ նույնպես կյանքե՜ վերջ… Մըտերմական անունի մ’հետ սիրտ կապված` Կը հոսեցնես քաղցր հիշատակ մ’հոգվույս մեջ: Ուրիշ հազար համբույրներու մեջե հին` Քու վըրադ սոսկ կը մըտածեմ ընդերկար. Մյուսներն հիմա սըրտերու մեջ կը հանգչին, Մինչ, անձնանվեր, դու լոկ դագաղ դըրվեցար: 12. ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՍԵՄԻՆ Գերեզման մ’էր, լերան ոտքին, գետին մոտ. Թափառական քայլերըս զայն գըտան հոտ, Երբ կ’երթայի երազուն, Իրիկունն, հագած արևին հուսկ շողը լալ Սիրտըս հանձնած ծաղիկներուն և միտքս ալ, Փըթթելու մոտ աստղերուն: Գերեզման մ’էր: Խաչ մը անտաշ, քար մ’անխոս. Քարն անանուն, և խաչըն ալ` անքրիստոս, Հոն կը հըսկեն մենակյաց. Մին զետեղված է ձեռքերով մըտերիմ, Եվ մյուսն, երկու մասրի ճյուղեր, սև մազի մ’ Գիսակներովն հոն կապված: Այս է բոլորն. ու ասոր հետ բընությունն Որ կ’օրորե այդ քունն իբրև մայր մ’անքուն: Տերևներու սոսափներ, Գետին ողբանքն ու խոշոր բիբը լուսնին Մոռացությունն հոն կը սպաննեն. հոն երկինն Իր նայվածքներն է թափեր: Ի՜նչ լավ է հոտ. կարծես թե դա՛շտն է` հըսկա Ուխտավոր մ’այդ գերեզմանին, զի տեսա Անմոռուկներ ինքնաբույս` Զոր կապած է բնական ոլոռ մը` խաչին, Եվ համբուրող շըրթունքը բոց կակաչին Քարին ծըռած սիրահույզ: Խոնարհեցա և հոգիս լի աղմուկով Դատարկեցի մեռածին լուռ սնարին քով. Գյուղի գիշեր մը երբե՛ք Ա՜յնքան լավ չի ծըծեր ղողանջը զանգին` Որքան ծըծեց մահվան այս փոսը լըռին Հոգվույս ճիչերն հուսաբեկ: Խոնարհեցա և կածես ինձ հետ բոլոր Բնությունը հոն խոնարհեցավ, ահավոր Ըստվերին մեջ ծընրադիր. Եվ միացավ իրերուն սիրտը սըրտիս` Խիզախորեն ընկըղմելու համար զիս Խորհուրդին մեջ սևածիր: Վար, վար: Լըռե՛, ճըպուռ սյուքե՜ր, լըռեցե՛ք. Դագաղին խորը չի հասնիր ձայնն երբեք. Գերեզմանին քարին տակ Մայր – լըռությունն է բանտարկված: Վար, վար, վար. Կը կարկի գետն, աստղը կ’մարի, հով չի գար. Վի՜հ, մութին պես անհատակ: Կը խափանեն մըտքիս թևերն. ո՞ւր է, ո՞ւր Վախճանողին գացած ճամբան. ո՛հ, ի զուր Կը փընտըռեմ հոն, իմ շուրջ, Անոր անունն ի՞նչ է, կամ ի՞նչ է անունն Անդըրշիրմի Եղածին, ո՞ւր է Անհունն, Ո՞ւր է Խորհուրդն. Աղջամո՜ւղջ: Ո՜հ, դու ո՞վ ես, ո՛վ անծանոթ վախճանած: Ի՞նչ սըգավոր քեզ կը բերե ուխտ կամ լաց Ո՞վ, ո՞վ ես դու` որ ըրիր Շիրիմըդ դուռ, քեզ դըռնապան գաղտնիքին. Ո՞ւր կյանք առիր, և կամ ո՞ր շողն, ո՞ր երկինն Այտըդ ու շըրթունքդ երփնեց հիր: Ռազմի՞կ մ’եղար` որ սիրուհվույն ծունկին վրա, Ուր ժանտ Մահն իսկ խենթ սիրահար կը դառնա` Կը սպաննըվի անդարման. Թե դու հյուծախտ տղա մ’էիր, հեգ գեղջուկ, Որ հըրդեհված իրենց գյուղեն` խուսափուկ` Կը մեռնի հոս, կես ճամբան: Վըհուկ ծե՞ր մ’ես` թաղված երգով մը թովչոտ Եվ ողբացված` ժամերու մեջ անծանոթ Իրեն վըհուկ կընոջմեն: Կյանքի բաժակդ` որ ա՛լ դատարկ կը հըսե Գըլխուդ վերև, քանի՞ շիթով լեցվեր է Տարիքն համրող արցունքեն: Խոսե, ո՞վ ես. սակայն ո՛վ որ ալ ըլլաս, Թող ես շիրիմըդ համբուրեմ, քանզի այս Մեր կյանք – զոհին բագինն է. Քանզի քեզ ա՛լ չեն աղարտեր մեր օրեր` Ուր ապրողն, ո՛հ, մեռնողին չափ չի գիտեր, Ուր մարդուս չափ վիշտն հին է, Ուր մեր գըրքին երկրորդ էջերն են ճերմա՜կ: Եվ գիտության ծառին արմատն հողին տակ Դեռ միշտ թաղվա՜ծ է անհայտ: – Դու բարի ես` ինչպես սուրբ զոհն Աբելին, Զի մահվան սև համբույրին տակ կը փոխվին Ամեն շանթեր` ճառագա՜յթ: Եվ դու սուրբ ես` ժըպիտին պես բընության. Արշալույսն իր ցողը ճերմակ քարիդ վրան Ամեն առտու կը թափե, Զերդ արցունքներն` որոնք լըռիկ կը կաթին Գըրած սիրո նամակին վրա նոր հարսին` Որուն փեսան զինվոր է: Դու գիտո՜ւն ես. մըտածումն ա՛լ գանկիդ տակ Ճողոպրած է ուղեղեն փուտ ու ցամաք. Երակներուդ մեջ հիմա Արյունի տեղ ճառագայթներ կը սահին, Եվ վերնագիրն հին գիտությանըդ գըրքին Ադ փոխեց ձեռք մը հըսկա: Քու ճակատդ Էն կը շոյե, մերը խավար. Մեր գիշերն է հոտ միջօրե քեզ համար, Անշըրջելի՜ հակոտնյա: Մենք օրոցքին մեջ ըստինքեն մայրենի Սիրտ կը լեցնենք, իսկ դու հոգի՜դ հոլանի Գերեզմանին մեջ անգա: Եվ կ’ըլլա հոտ մեր մայրն` Աստված, կաթը` լույս, Թողլըքելով Տարակույսն ա՛լ շիրմեդ դուրս Աշխարհիս հետ միասին: Ո՛վ սուրբ մեռնող, ո՛հ, մինչև ե՞րբ շըլմորած Պիտ’ ճակըռթենք ահավոր ամպը` առանց Զայն շերտելու բընավին: Խորհուրդին դեմ մենք մինչև ե՛րբ, ծընրադիր, Առկայծ հույսով պիտի գոչենք. «Լո՜ւյս, իջի՛ր… Պատռե, պատռե, ո՜վ մըթություն, լըռությո՜ւն. Կարծիք, պատռե, պատռե ո՜վ մեգ, անվերջ քուն, Անդունդներն մեզի նայող, ո՛վ մեծ աչք` Որ չունիս քու բիբըդ, ո՛վ բիբ, դու նայվանծք: Մենք հերաձակ քեզի կ’նայինք. ծառերուն, Աստըղներուն, ալիքներուն, ժայռերուն Մեջե քեզի, քեզի կ’նայինք. մերկացիր: Դո՛ւ – որուն քողն է ապագան – մերկացի՛ր: Ո՜վ ներքին կողմը դամբանի քարերուն, Ո՜վ միգամած, ահեղ գիսաստըղ` որուն Գըլուխն է պահվա՜ծ ամպի մը տակ հավիտյան. Ուրեմըն մենք մեր ուղեղներն ընդունա՞յն Պիտի ճըզմենք ոտքերուդ վրա պըղընձյա, Եվ ընդունա՞յն պիտի նետենք անխընա Մռայլ գիշերվան մեջ մեր սըրտերն` որ կ’երթան Քեզի համար մրըրիկներուն բըռնության Դեմ գալարիլ, որ` մոլորած խավարին Մեջ` ժայռերուն դեմ ճըչալով կը բախին. Եվ բուերեն քըշված, քըշված լըքումեն, Խորը, ձորին մեջ կ’ընկընղմին, կ’որոնե՜ն, Անկե մեզի դուրս բերելով, ա՛լ հոգնած, Հեգ կայծոռիկ մ’ավա՜ղ, արև համարված: Ո՜հ, մինչև ե՞րբ ըսփինքսային ճակատով, Դու, ո՛վ Խորհուրդ, պիտի ծաղրես անվըրդով Առջևդ մեռած մեր խոհն, արծի՛վ – ողջակեզ. Ըսե, խոսե, պիտի մինչև ե՞րբ լըռես»: Մինչև ե՞րբ ան պիտի լըռե: Ո՛վ շիրիմ, Ճակատս ահա քարիդ դըրած կ’ընկըղմիմ Աղոթքիս մեջ: Կը հուսամ: Գանկիս ներքև կրակի տըվի ամեն բան. Հոն հըրդեհ կա. մըտածումներըս կու գան Քեզի կու գան հրավարսամ: Օ՜ն, սըրբագրե, կամ ավելցուր, կամ ջընջե: Ճերմակ քարեդ ճակտիս անցածը ի՞նչ է. – Խոր լըռությո՜ւն, այլ ոչ բառ: Լավ. կը հանե՜մ շուրջիդ բույսերն արմատեն. Սըրտիդ, գանկիդ մեջ անոնք ի՞նչ կը ծըծեն. – Մարմինն, այլ ոչ գաղափար: Լավ. վըրայե՛դ կը թավալեմ քարն անդին, Ըսպիտակ էջ, որուն մյուս կողմն է գըրված Անպատճառ բան մը Մահեն Անոր ներքև գաղտնիք մ’անշուշտ կը շնչե. Սի՞րտ թե հոգի՞. օ՛ն, ըսե ինձ, թե ի՞նչ է. – Երկու կարիճ, այլ ոչ Էն: Արդ, այս հուժկո՜ւ թևերովս ես կը բըրեմ Հողն, և աչքերս այդ գերեզմանըդ նըսեմ Ուղղահայաց կը չափեն: Ո՜վ խորություն. մութին ծոցեն ի՞նչ լուսին Պիտի պոռթկա, ի՞նչ հուր – բառեր պիտ’ ժայթքին Հավերժության շըրթունքեն: – Լըռությո՜ւն. տե՛ս. Հողերուն հետ դուրս կու գան Փուտ ոսկրոտիքը, մընացորդ մարդկության, Որով վանդակ մ’հորինեց ձեռքը կյանքին Հոգի կոչվածը մեզ անծանոթ փյունիկին: Ահա կողերը մերկացած զերդ ճանկեր, Ահա կըրծոսկրը` որուն դեմ կը բախեր Իղձն իր ճակատն երակային զարկերով` Իբրև հեզիկ ալյակին մեջ ուռչող հով. Ահա թևերն և ուլն անջատ ու լըքված` Որոնք երբեմն, ո՞վ գիտե, սիգապանծ Կ’հոխորտային. «Կը ծռենք, բընա՛վ չենք ծըռիր»… Լիսեռին հետ ահա սրունքներն անհարիր` Որք կարծեցին, թե ժայռն իրենց ներքև հար Պիտի թընդա` քանի որ դեռ, բոցավառ, Արևն արյունը կը շարժեր. և ահա Չորցած կըզակն, ահա ծընոտն` որոնց վրա Կը ծաղրեին այտերն վարդն` երբոր ան Կը դառնար հեգ իբր հյուծախտ սիրտ մը, աշնան. Եվ ահա գանկն, ոսկրեղեն թաս` ուրկե հար Մարդ կը խըմեր մտածման գինին կենսարար. Արդ ուղեղի տեղ հողով է լեցված ան` Որուն վըրա չար խորհուրդի մը նըման` Ոլոր պառկած օձ մը գլուխն յուր կը տընկե, Եվ սարսափն հոն սարսափողե միշտ զուրկ է: Ա՛լ ոչ կյանք կա, ոչ հույս, ոչ սեր և ոչ քեն, Իր որդնակներ, գոս ջըղերուն վըրայեն Ըզգացումն ա՛լ փախավ, նըման զեփյուռին Որ կը սահի տերևներեն, ողբագին: Փոշի՜, աճյո՜ւն, խառնորդ մըռայլ, վիթխարի, Փըսորներու, մոխիրներու, որդերու Ո՛վ կույր անդունդ, ալիքին տակ վարդերու: …Կ’իջնան, կ’իջնան: Ժամանակին ափը, հոս, Գերեզմանին ափին ծըռած է. քաո՜ս. Ահա Ադամն, Ներոնն ահա, և Վարդան, Սոկրատն է այս, Բարաբբան է, ես, դու, ան. Այս ծակծըկված կողերն իմին կողերս են. Իմ աչքերս` իմ ոսկրոտիքս հոս կը դիտեն: Մարդ կ’իյնա. ո՞ւր. ահեղ գոգն օվկիանին` Եվ ալիքներն անոր վըրա կ’համբուրվին, Հոն փըռելով ճերմակ փըրփուր մը անվերջ. Եվ կ’իյնա. ո՞ւր. երկրիս խորունկ կլափին մեջ` Ու վրան զիրար կա գան գըրկել սև հողեր` Հոն թողելով ըսպիտակ քար մը, հրավեր Ծընրադրության: Ժամանակն է խարբալ մ’հին, Ժողովուրդներն ավաղ` որ միշտ կը մաղվին: Որոտընդոստ ձայն մ’որուն ամպն է շրթունք` Կը մըռընչե. «Անդունդի՜ն. զո՛ւր է արցունք»: Եվ թըխաշուրթ խորխորատին մեջ մըթին` Կու գան դիակներ իրարու վրա կը դիզվին. Պապն հոր ներքև, ու զավակին ներքև հայր. Եվ հոն համբույրն ա՛լ համբույրեն չի տաքնա
  18. ՍԻՐԵՐԳ Ձյունին վրայեն կ’երթաս, արև՜ ձյունածաղիկ, Քայլիդ չափն է կոչնակին ձայնը ժամուն, Շուրջդ է ծիածան, օ՜հ, առտըվան այս ժամո՜ւն, Սիրտդ` ուխտադիր սրբության մը խաղաղիկ: Ձյունին վրայեն կ’երթաս, արև՜ ձյունածաղիկ, Մնջելով ունկն ի վար աղոթք անծանոթ, Ու շփելով շուրթիս սյուք մը մյուտոնհոտ, Հիմա կ’երգեն, օ՜հ, «Զարթի՜ք, փառք իմ, զարթի՜ք…»: Ձյունին վրայեն կ’երթաս, արև՜ ձյունածաղիկ, Կ’երթաս, ո՜վ կույս, ձյունին վրայեն իմ սրտիս, Հորինելով գունյան կայծեր ու աստղի՜կ. Իմ տաղարանս` ուր դուն կ’երգես, կը ժպտիս: ՄԻՏՔ ՈՒ ԲՆՈՒԹՅՈՒՆ Միտքս անդադար պատճառներու կը կանչեր, Ինչպես շան մը լիալուսնին դեմ հաչյուն, Կամ կոհակին ամբարտակին դեմ շողյուն. – Մեկուն պես շփոթ, մյուսին պես լե՜ռ մըռունջե: Փյունիկ մըն է միտքըս, իր թևերն են «ի́նչ է», Որ կը սլանա դեպի «քանզի»ին լույս հնչյուն, Հոն տատրա՜կ մը կը վերածնի իր աճյուն` Զույգ թևերով ծիածան ու ճաճանչե: Աղաղակի կ’ըլլա մըրրիկ ամպաթև, Միտքս` որ հասնող «ինչու»ներուն հնձանն է. Զոր կաթոգին ձեռք մը հանկարծ կը բռնե, Կը պարուրե՜ խաղաղությամբն իր թեթև, Հրաշալիո՜վն արեգակ ու կապույտի` Որ համասփյուռ ամեն բանի կը ժպտի՜: ԻՐԻԿՆԱՎԵՐՋ Կը ցնծա ուտն ալյակին հետ, Ճարճատելով ճիչ մը զըվարթ, Զի կը սփռե հարսն արփավետ` Համայնին վրա` մազերն իր վարդ: Կը ցնծա́ ուտն ալյակին հետ, Երբ կանգ կ’առնե կույսին նավակ. Ու բզզալով ջուրն ու նըվագ` Կ’երթան հոգվույն այն ծաղկավետ: Կը ցնծա՜ ուտն ալյակին հետ, – Օդն է քաղցրիկ զերթ մանանա,– Երկուքին վրա երբ կը բանա Լույսին աղեղն` արծաթ իր նետ… ՍԻՐԵՐԳ Երբ կը մեկնիմ ես քու քովեդ, Կ’ըլլամ շիկնոտ ու թըռվռուն` Ինչպես կ’ըլլա բուրումնավետ Վարդենիքեն անցնող առուն: Եվ ջուրին պես այն թռվռուն, Քու նախընծա գրկանքիդ հետ, Մոլորելով կ’ըլլա անհետ` Գետ հոգվույդ մեջ` սրտիս առուն: Ու գետին պես` սրտիս առուն Կը տանիս քու մահվան ճամբեդ` Զարնելով զայն մերթ ծաղկավետ Ափունքներուն` մերթ քարերուն: ԽՈՒՆԿ ՈՒ ԱՐՑՈՒՆՔ Շիթ մ’արցունքով` կաթիլ մը խունկ Սրբանոթին մեջ կը ցանե Մայրս` որ կ’անցնի անտես դռնե, Եվ երջանիկ` կը դնե ունկ Անդրաշխարհեն եկող ձայնին: Աչքերուն` որ զինք կը դիտեն Կիրակմուտքի խունկին ատեն` Ձեռքն անընդհատ կու տա խա՜չն հին: Եվ ամենուն կու բաժին` Ծուխեն ծաղիկ մը ծափելի: Ու ցայգամուտն է հայելի` Ուր կը ցոլա բոցն աշխուժին` Լուսահոգի զվարթուններուն` Զորս արբեցուց այս իրիկուն Շաբաթօրյա խունկն ու արցունք: Մայրս ալևոր չոքեր է ծո՜ւնկ…
  19. ՍԻՐԵՐԳ ԱՌ ԼՈՒՍԻՆ Ես փափկահյուս ամպն ըլլայի սպիտակ Որ իր կաթնաթույր թափանցկության տակ Կսքողե դեմքիդ փողփողումն հստակ: Մին ըլլայի ես անթիվ աստղերեն, Մեղունե՛ր, որ շուրջդ, ո՛վ վարդ լուսեղեն, Կպտուտքին միշտ ու հյութ կքաղեն: Ես լեռն ըլլայի ճակտով թխահեր, Ուր կթառիս պա՛հ մը երկինքն ի վեր Դեռ չբացած լայն անտես քու թևեր: Ըլլայի՜ անտառն, որուն խավարչտին Ոստերուն մեջեն հուշիկ կը սահին, Կը կախվին ոսկի մազերըդ նրբին: Ես ծովն ըլլայի, որուն վրա առատ Թույլ թույլ կը փռես քու լույսն անարատ, Արծաթ ու ոսկի, հուր ու մեղր ու կաթ: Ա՜խ, գեթ այն շիրիմն ըլլայի ցրտին, Ուր գըգվող շողերդ կուգան մեղմագին Հոսել լույս թախիծն իրենց արցունքին: ՏԵՍԻԼՆԵՐ ՎԵՐՀԻՇՈՒՄ Ա. Ինձ կթվի երբեմն հիշել կյանքը մը նախկին` Բագրատունյաց մայր-քաղաքին մեջ հոյաշեն, Օրովն անուշ մերին Աշոտ Ողորմածին, Երբ դեռ Կ’ապրեր մեր ցեղն իր կյանքն խրոխտորեն: Աչքիս առջև կուգա պալատն ամրապայծառ, Հաղթ սյուներով, նրբաքանդակ պերճ որմերով. Բարի արքան, խաղաղ դեմքով իր մեծափառ Սեղանին գլո՛ւխը կբազմեր հայրագորով. Իր քով` դշխոն ազնվագեղ, քնքշահայաց, Կնազեր գողտր, և իրենց շուրջը բազմաթիվ Խեղճեր, հաշմեր` սեղանակցիլ հրավիրված. Ես, դեռատի աշուղ, սազիս վրա մեղմիվ Կերգեի հին երգերն Հայոց. արքան, խոհուն, Լուռ, կերազեր, ու կժպտեր դշխոն սիրուն: Բ. Ու կտեսնեմ ահա պատկերն ալ առնագեղ` Մերկ սուրերուն կայծակնացայտ ընդհարումին, Երբ հայ կորո՛վը կկանգներ` թափով ահեղ` Վանել ամեն դիաց խուժող ժանտ թշնամին. Կելլեր արքան իր պալատեն` զերդ առտվան Քաղցր ստվերեն կելլե արևը փողփողուն. Դեմքն իր քնքուշ` վճիտ բոցով մ’արիական Կճաճանչեր ու կվառեր սիրտն ամենուն: Ու ցեղն ամբողջ կխոյանար հետն արքային, Ծիծաղերես, մահվան մեջեն փառապսակ, Անկախությունը պաշտպանել վեհ Քաղաքին: Ես հո՛ն էի, սուրբ պայքարին մեջ հրափայլակ. Ստվերները կերգեի հին հերոսներուն Անուշությունը Հայրենիքի համար մահուն: Գ. Կվերհիշեմ ասոնք… և սիրտս թունդ ելած, Երբ կանհետի տեսիլն աղվոր ու ներկային Կտարածվի դեմս ավե՛րը մռայլամած, Կդողամ դառն ամոթին դո՛ղը ցավագին… Չըլլա՞ պիտի երբեք, որ ցուրտ քու շիրիմեդ Հառնես դուն, ո՜վ Անցյալ փառքի ու ազատության. Ո՜վ մեծություն հին օրերուն, միթե անհետ Կորսվեցա՞ր ու մարեցա՞ր դուն հավիտյան: Ա՜խ, ո՞վ դարձնե պիտ’ ինձ բամբիռնը երբեմնի. Ու փչե մեջս աստվածային շունչը հրեղեն. Որ ես գոռամ, ո՜վ իմ ցեղս, երգը զարթոնքի, Ու ցըցվելով ստրկության անարգ մոխրեն Բոցավառված նորեն խանդո՛վդ դյուցազնի, Վերականգնես արևուն տակ տունդ Հայրենի: ՍՏՎԵՐՆԵՐԸ Լևոն Բաշալյանին Այն տեղը մութ է, ամայի և լռին. Հող մը ամուլ, ուր ոչ մեկ խինդ կցողի, Ուր չի շողար ծաղկին ժպիտն ու ծառին: Երկինք մը ցած, ինչպես ձեղուն մը հյուղի Ու ոճիրի պես սև. օդին մեջ` անվերջ Կծածանի փտումի հոտ մը լեղի: Ձեռքս որ, կույր, կխարխափե մութին մեջ, Երբեմն ցուրտ կու գա քրտինք մը յուղոտ, Զոր կը թափեն պատեր մռայլ, հին ու գեջ: Սրունքներուս մեջեն մուկեր գարշահոտ Կվազվռտեն, և ոտքիս տակ թանձր օձեր Իրենց մարմինը կքաշեն բազմահոդ: Գլխուս վերև, մերթ չղջիկներ` ծանր ու ծեր` Կանցնին անձայն. շրջմոլ հուրեր նվաղուն Կթըռչըտին մելամաղձիկ, համրերեր: Եվ միայնակ կթափառիմ այդ անհուն Այրին մեջ ուր արհավիքներ կբնակին Եվ ուր կտիրե սառուցիկ շունչը մահուն: Եվ ահաբեկ, մարմինս համակ սարսռագին, Կհարցնեմ` «Ո՞ւր եմ, ո՞վ զիս բերավ հոս. Ի՞նչ է այս տեղն որ նման է Դժոխքին»: Կարձագանքե ձայնիս խորինն այն քաոս, Եվ ստվերներ հանկարծ մութէն կհառնեն, Կիներ, որոնց լանջն ունի վերք մշտահոս: Ճերմակ քողեր վար կկախվին ճակատնեն` Ուր կկրէ անձյուրն աստղիկ մ’աղվալույս. Ու դողդոջ են, վտիտ, տղեղծ, դժգույն են: Կմոտենա մին, աչքերով մշտակույս, Կուրծքին վրա ծալլած թևերը նիհար, Դեմքն համակված ցավով մը ցուրտ և անհույս: Կհարցնեմ. Ո՞վ ես, աղջի՛կ դալկահար… Եվ ան` «Ես Սերն եմ,– կհծծէ խուլ ձայնով,– Տռփանքը զիս խոցեց մեռցուց չարաչար»: Երկրորդ ստվեր մը կսահի ինչպես հով, Ստվեր մը նուրբ ու թափանցիկ ու տմույն, Եվ իր բերնին շունչն հոտավետ է և զով. Կուգա, սպիտակ թեթև ամպի մը հանգույն, Ու կնայի աչքերուս մեջ շեշտակի. «Ո՞վ ես դուն, որ անմեղության ունիս գույն»: –«Ատեն մ’աղվոր, հզօր էի, հրեշտակի Պես` երբ մարդոց մէջ պարզ, վճիտ էր հոգին. Հավատքն եմ ես, դուստրը երկրի և երկնքի»: Երրորդ մը, խրոխտ, ազնվագեղ, տրտմագին, Իմ առջևես կանցնի համր ու կգոչեմ. «Ո՞վ ես դուն, ո՞վ է քեզ մատներ խավարին»: –«Ես Քերթությունն եմ, անցքիս վրայ օդաճեմ Կսփռեր ջինջ հրճվանքներ գերագույն Գեղեցկության, ուժթափ հիմա կդանդաչեմ Հերձողական ստվերներու մէջ մահագույն»: Կանցնի ուրու մը կապտաչվի. «Ո՞վ ես դու»: –«Ես Պատրանքն եմ, կբուժեի ցավն հոգվույն»: Կուգա ստվեր մը վարդերանգ և աղու, Որ պատասխան կուտա հարցմանս անփոփոխ` –«Երազն եմ ես, սրտին թռչունն երկնաչու»: Եվ ուրիշներ ալ դեռ կուգան խուռնամբոխ, Հեք մեռելներ, որ անցյալին վրա կողբան Եվ որոնց կյանքն չարն ըրավ ոտնակոխ: Բայց ահակին մը, քայլվածքով հաղթական, Ծփուն մարմնով օձագալար ու նրբին, Կուգա` գոռոզ ու նենգ ժպիտով մ’հեգնության: –«Ո՞վ ես դուն»: –«Ես թագուհին եմ այս վայրին. Միակ Ոգին եմ, որ ողջ է և որուն Կհնազանդի հիմա սիրտը մարդկային. Տարակույսն եմ»: –«Բայց ելքն ո՞ւր է, գթություն, Ելքն այս սավղին ուր ամեն հույս է մեռած…»: Ոչ մեկ ձայն ինձ պատասխանեց, և անհուն Խավար մ’իջավ ծածկեց ամեն բան հանկարծ:
  20. * * * Կուզեի որ սիրտս ըլլար Աղվոր ծաղիկ անթառամ, Զեղուն հյութով երկնահամ. Եվ դուն, մեղո՛ւ օդապար, Բաժակիս մեջ հեշտալիր, Կյանքս հավիտյան ծըծեիր: Հալե՛ր, հալե՛ր իմ հոգին Եվ ըլլար ծով կապուտակ, Ջուրերով քաղցր ու հստակ. Եվ դուն, կարապ տափագին, Թևերովդ լուսածի՛ր Ծոցս հավիտյան պատռեիր: ԿՆԱԽԱՆՁԻՄ ԵՐՋԱՆԻԿ Կնախանձիմ երջանիկ Զգեստներուդ, որ մոտեն Իրենց ծալքին մեջ փափկիկ Քու մարմինդ կգրկեն: Կնախանձիմ քու ոտքիդ Մանրիկ քնքուշ մուճակին Ու մանյակիդ մարգրիտ, Որ կը պարուրե վիզդ անգին. Կնախանձիմ սյուքերուն, Որ մազերդ կշոյեն, Անբիծ աստղին իսկ սիրուն, Որ կժպտի քեզ վերեն: Կատեմ երկինքն, ուր աչքերդ Հափշտակված կթաղվին, Ու մատյանը հրաշակերտ Ու կը սուզվիս հոգևին: Խոհերն որ քեզ կպատեն Ու երազներն անուշակ, Որ միտքդ ինջմե կանջատեն, Կատեմ հեռով մը վայրագ: Հավտա՛, Աստված իսկ կ’ատեմ, Խորհելով որ անոր, մերթ, Աղոթքիդ մեջ երկնաճեմ, Կուղղես քու սիրտդ ու աչքերդ: * * * Ծառերուն մեջ ավոտն իր վարդ Շողեն առատ կթափե. Երկինքն ի վար լույս մը զվարթ Կիյնա լույս մը սատափե. Ու քաղցրության մեջ առտըվան, Արկա՛յն ատեն, ցավագին, Անգութ վարդին մոտ կճվան Երգերն անհույս սոխակին: * * * Աչքերուս մեջ շեշտակի Նայե՛ անքթիթ Այդ նայվածքովդ հրեշտակի Աստեղափթիթ: Ու հետ այդ հուր նայվածքին Հոգիդ մեջս անցնի Եվ թող վառե իմ հոգին Լույսով գարունի: Կուզեի այսպես մնամ Երկար` աչքս հառած Աչքիդ` մինչև որ դառնամ Դիակ մը սառած: * * * Անձայն և աղվոր զերդ աստղ ու ծաղիկ, Բոլոր հրապույներդ կերգեն լռելյայն: Հոգիս կունկնդրե անոնց նվագը լայն, Մերթ բուռն ու տենդոտ, մերթ ջինջ, խաղաղիկ: Բուրումներու նուրբ երգը թափանցիկ Կդայլայլեն ճոխ մազերդ դեղձան. Ճակատդ երազուն` քնքուշ գթության Կ’երգե տաղն աղու և մելամաղձիկ: Երկնաշող աչքերդ հուշիկ կհծծեն Քաղցր անուրջներուն գեղոնն հրեղեն. Ծոծրակըդ շուշան` ծարավն հեշտանքին. Շրթունքդ` համբույրին տենչը վարդագույն. Ու լանջքդ` թաքուն` կմնչե լռին, Կարոտն անվախճան փայփայանքներուն: * * * Արևուն լո՛ւյսը կփռվի կպառկի, Մեծատարած շղարշի մը պես ոսկի, Իր մրափեն նոր արթնցած ծովուն վրա, Որուն նուրբ մորթը սյուքի մ’տակ կսարսռա. Մանրիկ-մանրիկ ալյակներուն վրա բյուր Կցրվի լույսն ու կցանե կետեր հուր, Որ ջուրերուն հետ կերերան անդադար` Ցատքեցնելով փաղփեցնելով կայծեր վառ: Եվ այդ կայծերը ջուրին վրա և օդին մեջ Կելևէջեն շարժմամբ արագ ու անվերջ, Միլիոնավոր ճանճիկներու պես հրեղեն Որ լույս թռիչով մը կխլրտան, կպարեն: * * * Ա՜խ, գեթ երբ սիրտդ փուշն զգա տրտմության, Երբ ձանձրույթի կամ զզվանքի վայրկյաններ Հոգվույդ վրա թույներն իրենց թափել գան, Երբ ցավ մը վիզդ վար ծռե կամ ստվեր Մը կյանքիդ լույսը մղտացնե, կամ երբ սև Գիշերին խորը քեզ թախիծ մը փարի, Երբ վերջալույսն իր ոգեվարն հևիհև Քեզ փոխանցե կամ իր ցուրտը մարմարի Ձմեռվան հո՛վը հոգիիդ մեջ կաթե, Գեթ այդ մաղձոտ վրդովումի պահերուդ` Երբ անձուկ մը կփոթտե շուրթդ բուստե, Հիշե՛, րոպե մ’հիշե՛ դժբախտ սերս մութ:
  21. ՄԱՆԻՇԱԿ ՈՒ ՄԱՄՈՒՌ Ժայռերու զով շուքին տակ Կանանչ խոտի խուրձ մը կար` Որ ունենալ կը ցանկար Քարին գույնը կապուտակ: Ինքը ցողի́ պետք ուներ, Որ գույներով զանազան Կարմիր ծաղիկ, ծիածան` Երբոր արևը փայլեր: Քարն երջանիկ էր ո՜րքան… Առանց ցողի ալ` գույներ Ու ծաղիկնե՜ր կը շիներ` Շողերուն մեջ օգնական: * * * Խոտին խուրձը բարձրացավ Քիչ մ’ամեն օր քարն ի վեր, Որուն` սրտիկն իր բացավ, Պատմեց բաղձանքն ու ցավեր: Ըսավ. Ի՜նձ ալ, ա՜ղբըրուկ, Տայիր գույներ անուշակ Ու նըվերիդ փոխանակ` Գույնիս ընծա՜ն այս խաժուկ: Ցանկալի՜ քույր, ա՜ռ, որքան Կ’ուզես գույնես և ընծան Տուր կանանչիդ կենսական` Երակներուս անկենդան: * * * Գիշերն համբուն քաղցրացան Քարն ու խրձյակը խոտին… Եվ երբ շողերն ավոտին Հորիզոնեն բարձրացան` Ժայռի շուքին տակ գըտան Խոտին ծաղիկն ու բաժակ, Եվ երբեմնի անկենդան Քարն ալ` ժպտուն ու խաժակ: Եվ այն օրեն մանիշակ Ծաղկեցավ թուփն, ու դաժան Ժայռեն եղավ անբաժան` Մամուռին գույնն անուշակ: ՀԱՆԳԱՊԱՏՈՒՄ «ՍԵՆՊՈԼԻԶՄ»Ը Ա ր փ ա ս լ ա ն ի ն` Հանգական խոնարհությամբ Կեցեք որ պատմեմ ձեզի արկածներս… Օր մ’Հալ Դպրության մտա սեմեն ներս. – Դռնապան չկա՜ր, բարեբա՜խտ էի, Բախտ` զոր քիչերուն պիտի մաղթեի…– Արդ, Հայ Դպրության մտա սեմեն ներս – Ա՜հ, ի՞նչպես պատմեմ ձեզի հուզումներս… Ուղղեցի քայլերս երկչոտ ու տըկար, Սանդուխներեն վա՜ր` ուր չկա՜ր սենյակ. Զո՜ւր հնչեցուցի ես երգ ու ձայնակ, Զո՜ւր ես պարզեցի երկնամփոփ աղեղ, Զո՜ւր պատ շարեցի, տնկեցի բաղեղ, Քար քարի վըրա դըրի ես հարմար. Տունն այս Դպրության, ավա՜ղ, չէ՜ր շեննար` Թե քար շարեին հազար հավիտյան Դավիթ Կուլանն իսկ և Առյուծն Ալփյան… * * * Հանկարծ ուրիշ դուռ մ’երևաց աչքիս. Պարտեզին դո՜ւռն էր, ու թրթռաց հոգիս: Քնարիս անցուցի նոբըզնոր թելեր, Ու ճիշդ այն պահուն մեկը դուրս կ’ելլեր, – Մեռճան Բալսամյա՜ն, ձայն մ’ըսավ ներսես– Ու սըպրդեցա նոր դուռեն ներս ես, Պարտեզին մեջ կար… սոխ, սխտոր, բանճար, Նրեցե́ք… կաղամբ ալ, և անպատճառ Ամեն ինչ` որուն կ’ըլլար միշտ վըճար, Զոր կողովալիր ծախելուն կար ճար: Կար քիչ մ’ամեն բան, ածու մ’ալ ծաղիկ Զոր կը հոտոտենք, թե չըսրդողիք: * * * Երբ ներս մըտա ես, ավա՜ղ, ի՜նչ մեծ ցավ, Ամենմեկ ծաղիկ հանկարծ մարդացավ: Ավանդ Տերանցյան, բացած իր գլխարկ, Ըսավ. – Ըզգացումդ` հըրա՜շք. ու չէ խակ Երբեք լեզո́ւն ալ զոր կը գործածես, Համբավիդ պիտի կատարեմ ես ծես: Մեռճան Բալսամյան նոր ներս կը մտներ, Այս անգամ Նովիք Առմանն ալ հետն էր: Նովիք Առմանին փսփսաց Մեռճան, – Ո́չ Չագմագճըլար, և ո́չ ի Մեռճան, Չին, Ճաբոն, Սեյլան, ո՜չ մեկ գրավառաճ Պետք չէ́ այս գիրք հանե ի վաճառ: Ի՞նչ, իմ համբավիս քայքայե՜լ տաճար, Ու քու ցորենիդ տեղ դընել հաճա՜ր. Ես ժանյակներու անհուն կրպակն եմ, Եվ ազնըվական կըրունկ կը պագեմ. Մինչ անոնք կ’երգեն գորտ, շերամ, պաճար, Ամեն ինչ` որ է գռեհիկ, անհանճար, Անոնց գրչակը կ’եղծե չարաչար: Այս մոլար կապկումն ո՞վ է մեզ բերեր. – Նովիք Առմանն էր որ կը փըրփըրեր. – Դուն մե՜ծ համբավովդ եղիր անվեհե՜ր. Անոնց ու քու մեջ կան անդունդ, վիհե՜ր. Դուն երազանք ես, անոնք` զառանցանք, Դուն` ծաղիկ, պատրանք, իսկ անոնք` փորձանք, Դուն դարիճենիկ` անոնք… քարմարցանկ: Ու Նովիք Առման, ճիգելով դժվար, Լոլիկի գույնով բըլուրե մը վար Գըլտորեց հանկարծ պարապ մեկ տակառ. Ու գինով անոր աղմուկեն վայրէջ, Կըսկսեր մոռնալ ինքզինքն էջե էջ: Անկոպ Քարակոփ, բացած իր թևեր, Կ’ըսեր. Վե՜ր անցիր, մի՜շտ ավելի վեր: Եվ ամեն ամի՜ քերթող Դրանիկ Ճրագ Կը հծծեր. Ավա՜ղ, ի́նչ աղբյուր ճրճրակ, Ե́ս մեկ հորդումով ծածկեմ ավազ, ակ. Ինձմե՜ է գողցեր ամենն… ավազակ: Ճաճանչ Եկույան շուտ արձագանգեց. – Ճիշդ է, մե՜ծ մասը անկե́ց է, անկե́ց: Թագվոր Զատիկյան ոտք ելավ. Արի՜, Դուն պիտի ըլլաս քերթող մեծ կարի՜: Օհան Ապտակցին հնչեցուց իր փող. – Կ’արժե որ կարդանք մենք ասոր ներբող. Քանզի ունի ան գաղտնիք, մոգություն, Ճառագայթ Ռեոնթկեն ու ճառագայթ… Տյո՜ւն: Այս պահուն մեկն` որ խիստ ըզբաղված էր, Հանկարծ բարկությամբ կուրծքը կը ծեծեր: Ի՞նչ, ի՞նչ «Սենպոլիզմ». խե՜նթ է, ո՜վ դիք, է՞ր Դուք ասոր ոտքն ու ձեռքը չեք կապեր. Մանավանդ… ջեռքերն, ա՜հ, ձեռքեր, ձեռքե՜ր, Որ կը հանդգնին ութ հարյուր տողով Առուն գլտորել իմ կութքիս կողով: Դավիթ Կուլանյան կըսեր` – Պո՜շ, չա́րժեր… Է՜հ, գեշ չէ… շա՜տ լավ… սակայն իր ույժեր Հանճարի հըզոր կամք մը չէ́ շարժեր: Երամ Տևտոնյան կ’ըսեր. Արշալույս Ու արև ծագեց ձեզ և… եղկելույս: Ու Զանդիկ Քոշյան. Լա́վ է, գեղեցիկ Քայլերնիդ դեպի ի Պառնաս ուղղեցիք. Բայց երբ հարկ ըլլա ձեզ գտնել տարտամ՝ Ես կարավանին առջևեն կ’երթամ: Եղյամ Պարստեղյան դատած էր. Կեցցե՜… Տաղարանդ, իրա́վ, մեզ համար գա́նձ է. Նոր քերթողության ռահահորդն ես դուն. Ճակատագի́րդ իսկ՝ լուտանքը մարդուն: Եդուարդ Արփիյան. «Լա́վ է, լա́վ,–ըսավ– Երբեք գիրքերուն չկարդանք պարսավ. Զի հեղինակն ալ պետք չէ́, որ հա՜րկավ, Իր ջանքին ի վարձ կ’ըլլե հող ու… կավ: Զատիկ Արգադիր. Ո՜հ, ամենն են մուխ. Դուն՝ բո՜ց մը մաքո՝ւր ծախի՜չ, խորամո՜ւխ: «Խո՜սք կ’ուզեմ, պոռավԳիստրոս Փաթեթյան՝ – Հապա ուրեմըն ե́ս ալ գամ ատյան. – Որ մեծ գիրքերու ետին ապաստան, Կը շիներ իմս ու իսթերու լիսթան: Բայց, ավա՜ղ, խոսքի կը տիրեր մե՜ծ սով. Ու խոսք չըտվին իրեն… ամիսով: * * * Երբոր պարտեզեն պահ մը դուրս ելա, Մեկը կը հծծեր. Ի́նչ քաղցրիկ լիլա. Մյուս մըն ալ. «Ո́վ Տե՜ր, ի՜նչ… խատա-պելա… Մեծարենցի տեղ գտավ` ՀՐԱՉՅԱ»:
  22. 7. ՎՇՏԻՆԱ Ինծմե հեռո՜ւ, ահավոր է տեսնալ քեզ. Գարնան ծաղիկն ուղխին կըրնա՞ դեմ դընել. Ո՛հ, քեզի հետ ի՞նչպես կըրնամ չափվիլ ես. Դու արհեստիդ մեջ վարպետ ես և ընդել: Դեռ նոր դըրի մեծ հովտին մեջ իմ քայլեր` Ուրկե` երկա՜յն ճամբան կ’երթա նեղնալով. Ծայրն է շիրիմն` զոր հասակս այս չի տեսներ Կամ կը տեսնե միայն սոսկմա՜ն մը դողով… Քայլիս առջև` մի՛ վերցըներ այդ հովտե` Ծաղկի, շողի և ցողերու պատմուճանն. Թո՛ղ որ երկնի հորդ ալիքներն հըրեղեն Հոն` կապուտակ իրենց ժըպտով հաշտ իջնան: Ինծի համար խորդենին մի՛’ներ եղիճ, Աղավնին` անգղ, ու ջինջ վըտակը` հեղե՜ղ. Վարդին ծոցեն հանե պիծակը խայթիչ, Մարգն` օձին մի՛ կապեր դիմակ մը շըքեղ: Բ Նորեն վըրա՛ս հարձակեցար բըրտորեն, Դո՛ւ, ողջերու զերդ բորենի դժոխային. Ժանիքիդ մեջ խըրած` արյուն կը կաթեն Ծըվեններն որս եղած սըրտի մը նախկին: Կը տեսնեմ. չե՛ս կըրնար ծածկել աչքերես Ձեռքիդ մեջի սըրվակն ողբի, արցունքի. Սըրվակն հյութի մ’ (մահացուցիչ` թույնի՜ պես) Որ մարմինն հար կը վարակե հյուծանքի: Մորթիդ ամբողջ ծակտիներեն կ’արտադրի Հուսհատություն և թախծություն հոգեկան. Արտաշընչմանըդ մեջ Լըքումը կ’ապրի` Որ միշտ ճամբա կը բանա քու հարձակման: Վայրի մազիդ ալիքին մեջ ծըփանուտ` Ես կը տեսնեմ պըսակ մ’հագած արյան գույն. Զոր ինքնակալ Մահը ձոնեց քու գըլխուդ` Երբ տվիր անոր թանկ ավարի մ’հըղփությունն: Գ Քեզ հըղացան փոթորիկնե՞րն ավրող հար, Թե՞ քեզ ծընան նավը փըշրող կոհակնե. Սև հրաբուխի մը ոսկորե՞ն դուրս ելար` Ուր մեզի դեմ Սատանան քեզ կը զիներ: Երբոր Աստված իջավ կավին փըսփըսաց, Որ ծընավ ա՛յսպես հողն` ըզմարդ, մարդն` ըզկին, Կը թագչեիր պըտուղի՞ն մեջ արգիլված` Որ փոքրիկ բան օրենք դրավ մե՛ծ աշխարհին. Բայց ա՛յս գիտեմ` թե ճանչցուցին քեզ ինծի` Երբ էակներ փափագեցան որ ապրիմ. Երբ օրոցքին մեջ մորըս շիթը լացի` Եկավ ըլլալ իմ շիթերուս մըտերիմ: Երբ աչքս, արբշիռ, դիպավ աչքի մը բոցե, Եվ փոքրիկ սի՛րտըս սիրո մեծ վիհն իջավ. Զերդ ծիտ մ’որ դեպ արփվույն հասնիլ կը փորձե, Եվ կամ արփին գըրկել` Անհունը անբավ: Երբ բաշխեցինք հիշատակներ զատվելու, Եվ մեռավ մամս, ու եղբայրներս ետևեն. Զի` փաստաբան` ծերը մանուկը կ’առնու` Սուրբ Դատողին դեմն ելլալու նեղ ատեն: Դ Ինծի կու գաս ո՞ւր տեղվանքներ այցելած. Դալուկ դեմքե՞ն սև դագաղի՛ մը հակող, Հառաչանքե՞ն որբիկներու, աղքատաց` Որոնց համար կը պարզե ձյունը սև՜ քող: Հուր ողբերգնե՞րն Ուսկյուտարի Սոխակին, Թե՞ Հուսահատ Ռեգանաթցվույն անհուն ցա՛վն Ըզքեզ սընույց, որոնց սիրած գեղն, ինքնին, Իր օրոցքեն գերեզմանին նայեցավ: Կուրծքե՞ն կու գաս Ավարայրի Պըլպուլին` Թ’Իսրայելի Երանելվույն սըրտին լայն, Որուն վըրա փորձություննե՛րը Դիվին Եվ Աստուծո համբերությունն կըռվեցան: Ե Արդ, այդ զոհե՛րըդ կը նընջեն ընդերկար. Վառ հիշատա՛կ մ’անոնք մեզի զըգեցին` Որ իրենց տեղ պաշտըվելով կ’ապրի հար, Քանզի կյանք կա` որ մահ չունի բընավին: Հիմա չը կա՜ն անոնք, շատե՜ր ալ նաև` Որոնց գըլուխն կեղեքումներդ թափեցիր. Ինծի՜ կու գաս. արդեն լանջքիս ճիշտ ներքև` Կը զգամ խորնալը թաթերուդ մահացիր: Խընդության հետ` կյանքըս ձեր մեջ կը բաժնեք, Ու է՛ն մեծ մասն, ագա՛հ, դու, դու կը խըլես. Ո՜հ, գոնե մի՛ լըմընցըներ այդ ամենք` Որ ուրիշ ալ չըլլա թ’ընես բաժին քեզ: Արդեն կը զգամ. կը խառնակին իմ աչքին` Ներդաշնակված կապն իրերուն մութ, և ջինջ Սըրտիս վըրա փըլատակներ կը սըփռին. Կարծես Բնությունն ինձ կը դառնա ցուրտ Ոչինչ: Իսկ դու ինձ չե՛ս ուզեր լըսել. ի՛նչ, այնքա՜ն Արշալույսին պիտ’ չը տամ փոխը ժըպտին. Դեռաբուսիկ այս հասակիս խընդության Օրենքին դեմ պիտ’ մեղանչե՞մ տակավին: Է՞ր կը խըլես ապագայիս կայծը վառ` Եվ բոցերու ճարա՜կ կ’ընես իմ ներկան: Անտառին մեջ չը մընաց ե՛րգ ինձ համար. Ամեն բան դեպ գերեզմաննե՜րը փախան: Զ Պիտի վայրկյա՜ն մը չապրեի քեզի հետ Հեգ սիրտըս այդ թաթերեդ դուրս կորզելով. Եվ իմ ձեռքով պիտ’ ընեի կյանքս անհետ, Թեպետև ես ըստեղծվեցի իմ ձեռքով: Պիտ’ չապչե՜ի, եթե ինծի չըսեին Անոնք` որոնք ունին տարվո խորշոմներ, Ու շա՜տ գիտեն, և ձըգելով ետևնին Արշալույսներ` կ’երթան վըհի մ’ալեհեր. –«Ճակտին վըրա, ակոսներուն մեջ վըշտի` Կը ցանվի սերմն իտեալին սեփական. Օր մ’այն հոգին` որ ցավերով կը տվայտի, Պիտ’ դառնա վարդը Անհունին խընդության»: 9. ՎԻԺԱԾԸ Առանց շունչի վըտիտ սիրտ, Առանց ժըպտի, սև ծաղիկ, Արյուններու մեջ խեղդված, Կը ծընանի: Չի լար. է Լուռ և տըձև. ուղխեն ափ Նետված քուրջի մ’է նըման Թըշվա՜ռ էակ, երբեք իր Աչքին մեջ` բիբ, կուրծքին` իղձ Չը թըրթըռաց. կույր հույսիս Նըման եղավ, զոր հոգիս Իր վիհեն դուրս կը նետե` Դիակ մ’ըլլալուն համար սոսկ: Ծընա՜ծ մեռել. ո՛հ, իզուր Մայրդ համբույրով ըսպասեց Շըրթունքներուդ վարդերուն. Անոնք թոռմած դուրս եկան. Իզուր հյուսեց երգերով Շապիկը սուրբ կընունքիդ. Ան քու պատանքըդ եղավ: Ինչո՞ւ, ըսե (թող քեզի Մոր մը ծարավը սիրո Լեզու հանե) , մեր կյանքին Այսպես ինչո՞ւ փութացիր. Դեռ սաղմըդ լավ չանցուցած Իրեն սուրբ քաղց իննամսյա Ծընող մարմնեն, արյունեն, Ինչո՞ւ համար, կոկո՞ն հունձք, Դեպ օրոցքի մ’ըշտապեն Գերեզմանի մեջ ինկար: Քեզ ո՞ր ծաղիկը դյութեց Դուրսը, հոս տեղ. և կամ ո՞ր Թիթեռնիկին ետևե Դու վազվըզել ուզեցիր… Ո՜վ տառապանք. ձեզ համար (Ըստեպ) ձեզի համար է Վիժումն, աղքա՜տ Հըղիներ, Քաղցածության, տաժանքի Սայլին լըծվա՜ծ Հըղիներ: Անոթության ժանիքեն Ցորչափ ձեր կուրծքը մաշի, Պիտ’ չունենաք դուք արյուն Արյան համար, միս` մըսի. Ցորչափ ըլլաք հազար ծանր Աշխատության սահմանված` Սեռի բընազդն, առնական Համբույրը ձեզ չարիք է. Ձեր արգանդները մեյ մեկ Գերեզմաններ պիտ’ ըլլան: Մինչդեռ կաթով մը վատուժ Ամսե ամիս, շիթ առ շիթ, Կը լեցվին ձեր ըստինքներ. Մինչ անգիտակ կը ժըպտիք, Երազի մեջ, մանկական Սև աչքերու, շըրթներու (Խոսուն վարդեր) և անոնց Սոխակն հաղթող կակազին, Խորը, ձեր մեջ, – լո՜ւռ ոճիր – Սև Մահն էակ մը, անձայն, Ձեր աղիքով կը խեղդե:
  23. ԸԼԼԱՅԻ՜, ԸԼԼԱՅԻ՜ ԱՌՏՈՒՆ Սա առտուն ես ըլլայի, Թույր ու ճառագայթ հոսելու համար Խոռոչներու մեջ մըթին, ամայի: Լուսաժպիտ մոմեր վառելու համար Սեղանին վրա հոգիներուն վըշտահար, Սա առտո՜ւն ես ըլլայի: Վարդ պարեգոտով ու խարտիշագես Ա՜հ, սա առտո՜ւն ըլլայի ես. Ու կաթիլ մը տայի աննյութ նեկտարես, Ու գեթ ցոլք մը տայի ոսկի իմ հուրես Մութ հոգիի ճըրագներուն ցրտահար: Ա՜հ, սա առտո՜ւն ըլլայի ես: ԹՂԹԻԿԸ Ամառ գիշերն` անույշ մեղր ու կաթի պես` Խուցեն ներս է հոսեր արծաթ ծորակով. Այծտերևին շուլլըվեր է որմեն վե՜ր` Պատուհանեն ներս նայելու ըղձանքով. Իր տարփանքը բույր` հովիկին պինդ փարած` Կ’երթա մինչև շուքին անկյունը լըճակ` Ուր ծաղկահեր գլխով աղջիկն ըսպիտակ Մահիճին մեջ ընկողմանած` աչքը բաց` Ձեռքը թուղթին` թուղթը սրտին` կ’երազե… Տա́ք է, մեկ կողմ կը նետե շուտ իր վերմակ Ու կը հանե շապիկն ալ` գաղջ ու ճերմակ Ու կը նային հոն, հերարձակ, հոլանի, Հայլիին դեմ, ձեռքն ըստինքին, երազո՜ւն, Ինչպես բոց մը, ինչպես խուրձ մը ցորեն. Թղթիկին պես հայլիին քաղցր է լեզուն… Թղթիկին` զոր դեռ իր կուրծքեն չէ́ բաժնած Զոր գոց գիտե, զոր սրտին մե՜ջ է դըրած: Ու կը սահի ճյուղ մը վարսքեն մետաքսե, Իր ծիծերուն մինչև ծմակը շուշան. Ու պտկունքներն հեշտությունով կը սարսռան, Ու թղթիկը իր բոց բառերը կ’ըսե, Իր տառերը կը տըրոփե մութին մեջ… Եվ հաճոյիկ, անույշ, բարի՜ լուսինկա Վարագույրեն շողիկ մը ներս կը խրկե` Որ շեշտ կ’իյնա ձեռքերուն մեջ աղջկան` Լուսավորել թղթիկն` որ դեռ կը հծծե… 1908 ԱՐԴԻ ՄԱՐԴՈՒՆ ՀԱՅՐ ՄԵՐԸ ՏՈ՜ՒՐ ԻՆԾԻ, ՏԵՐ… Դուրյան սրբազանին Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Ծաղիկներո՜ւ պես զայն ժողվեմ ճամբուս վրան` Նայվածքներուն մեջ ամենուն և ամեն օր: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Եվ ես` հանգույն երփնալուցկի վառող մանկան` Զայն գունաժպիտ տեսնեմ ուրիշ դեմքի մը վրան: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Զանգակներո՜ւ պես զայն կախեմ ամեն դըրան` Ու զերթ նարոտ ամեն դըրան զայն պըսակեմ: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Ճրագներու պես զայն բոցեմ բազմաստեղնյան` Խավարին մեջ ամեն երդ ու խրճիթներու: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Զայն սրբասաց իմ հոգյակիս ընեմ խորան` Զայն իմ մտքիս ծըխեմ` զերթ խունկ բազմաբուրյան: Տու¯ր ինծի, Տե¯ր, ուրախությունն անանձնական, Ու չըլլա որ ուիշներու կոծն ու կական Խեղդել ուզեմ ջրվեժին մեջ դափիս ձայնին: Տու¯ր ինծի, Տե¯ր ուրախությունն անանձնական, Ու չըլլա¯ որ ծափիս ձայնին երգը գուժկան Եսիս սենյա¯կն ունենա` ցու¯րտ առանձնարան: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Ու սեղանիս վըրա դրված մեն մի նըկան` Զույգ մը խինդե՜ր գեթ ունենա թող խաչանիշ: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Ու բաղխեմ զայն սրտի սժայռին` իբրև մական` Որ բղխեցնե ջուրն անեկմիտ երանության: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Զայն ջուրերու վըրա ձըգեմ իբրև ուռկան, Զայն իբր արոր ակոսներո՜ւն ձըգեմ վըրան: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Զայն իբր անձրև ցողեմ ամեն դաշտին վըրան, Զայն իբր արև բաշխեմ ամեն հորիզոնի: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Զայն ընդգրկած իտեալին ըլլամ սրսկան. Զայն լաստ ըրած ես Լույսերու նավո՜րդն ըլլամ: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Ժողվել` հոգվույն մեջ ծերերուն, կույսին, մանկան, Պարզ մարդերուն` գեղջուկներուն ու բանվորին: Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական. Ժողվել` հոգվույն մեջ ամենո՜ւն, համայնական Հոգվույն ամեն մասնիկներուն մեջ` ամեն ժամ: Ճամբաներեն, ու գետերեն, ու դաշտերեն, Անտառներեն, ու լեռներեն, ու ձորերեն, Տանիքներեն, ու տուներեն, ու դուռներեն` Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական:
  24. 5. ՀԱՇԻՇ Այս բանաստեղծությունն արդեն կա այս թեմայի առաջին էջում: 6. ՏՂԱ՛Ք, ՆԵՐԵՑԵՔ Մի՛, մի՛ ծեծեք: Ի՛նչ, խառնակե՞ց ձերին խաղ. Կամ թե անգետ և դիպվածով, մըտազբաղ, Ձեր գընդակի՞ն զարկավ ոտքոբ մեկեն մեկ. Թափե՞ց մելանը թուղթներուդ. – Ներեցեք: Ո՜հ, ներեցեք, զի հայ մըն է, մեր եղբայր. Ո՛հ, ներեցեք, զի տըկար է, ցավագար. Բնությունը այդ խեղճ էակն է անտեսեր. Չէ թափած իր կազդուրող հյութն և ուժեր` Անոր մարմնույն, և իր բոցերն` հոգիին. Կույր կ’է եղած անոր, մինչդեռ դայակ մ’հին Ձեզ շատերուդ: Սուգի շիթ մ’է այդ տըղան` Որ եկավ հոս` մեր լուտանքին, նենգության Մեջ ընելու իր սև շըրջանն արցունքով. Թողեք այդ աստղը, հանդարտիկ, անվըրդով, Իր հորիզոն իջնե, առանց զանիկա Ասուպ ‘նելու, թեպետ արև ալ չըլլլա: Թըշվա՜ռ ծաղիկ գերեզմանի, տըխրության, Ո՛հ, փոթորկե փոթորիկ մի՛ հուզեք զայն, Այսինքըն` խոլ բարկութենե բարկություն. Ինչպես դուք, ա՛ն ալ սիրտ մ’ունի ըզգայուն: Հակած ճակատն ու նայվածքները աղոտ, Ամեն քայլին` վարանումները վախկոտ, Եվ արցունքներն, որոնք կախած շըրթներուն Կը թափթըփին, կ’ըսեն ձեզի. – Գըթությո՜ւն: Երբ ծիծաղե դուք նոր ծիծաղ կը թըռչիք` – Ինչպես գարնան աչքը ծաղկե ի ծաղիկ – Խորշ մը քաշված` անիկա սև կը ծըծե, Այդ զըրկըվածը խայտանքե, քըրքիջե, Այդ վտիտ սիրտն, այդ թույլ ճաճանչը դեղնած` Որ ամպե ամպ կը փաթթըվի տըխրամած. Կարծես հոգվույն` Աստված դամբան մ’է դըրեր: Կարծես բըբին մեջ քամած է սև գիշեր: Օ՛ն, այդ տըխուրն հյուսեցեք ձեր զըվարթին Ձեր շողերուն, պայծառության, ժըպիտին: Գարունը իր ըստվերներուն հետ, տըղա՛ք. Է ավելի՛ քաղցրազըվարթ, ներդաշնակ: Թերևս օր մ’այդ սըրտեն տըխուր, վըհասույզ, Մարգրիտ բըղխի, տըխմար աչքեն` արշալույս. Երբ ժամն հասնի սին փոսուռան լույս չի՞ տար. Ո՞վ գիտե վաղն, այսօրը ո՞վ պիտ’ գիտնար: Դեռ տարաժամ` թող որ չը չափե այդ տըղան, Ձեր աչքին մեջ մըռայլ հոգին Մարդկության, Այգուն առջի թույլ շողին պես` որ կանուխ` Կը խեղդի մութ վըհի մ’մեջ խորամուխ, Եվ դեռ մատաղ` թող չը կարդա ձեր դեմքին` Մարդկությունն իր ճիրաններո՜վ միասին: Սիրտ սըրտի տվեք և ձեռք ձեռքի, սիրելիք, Քանզի աշխարհ կոր է, չըլլա՜ թե սահիք: Գիտցե՜ք սիրել. մի՛ անարգեք, մի՛ ծեծեք. Աստվա՜ծ մը կա, ո՛վ եղբայրներ. – Ներեցե՛ք: Ներեցեք դուք և պիտ’ ներվիք հավիտյան: Մեր եղբայրն է` դատաստանի մեր մատյանն. Ըզգույշ եղեք. օրենքը ո՞ր կոխկըռտող Նույն օրենքովը չի դատվիր: Թողե՛ք ոխ: Ներել գիտցեք և պիտի դուք ապրիք հար: Հավատարիմ մեր հայլին է` մեր եղբայր. Օր մը Աստված մեզ անոր մեջ պիտ’ դիտե. – Միթե ո՞ր աչքն, որ թունալից, պըղտոր է, Կ’անդրադառնա իբրև պայծառ արևակ, Ո՞ր արյունն – ձեռքն` իբրև շուշան ըսպիտակ: 7. ՄՈԽԻՐՆԵՐՈԻՆ ԱՌՋԵՎ http://www.armenianhouse.org/varujan/poems-am.html
  25. 2. ՀԱՅՐ, ՕՐՀՆԵ՛ http://www.armenianhouse.org/varujan/poems-am.html 3. ՁՅՈՒՆԵ ԴԱԳԱՂԸ Հոս կը պառկի: Ոսկե ձեղուն չը կա վրան. Եվ պատեր պերճ, դիպակազարդ, անսասան` Ցուրտը դըրսի` ներսի տաքեն չեն բաժներ Նըկարներե նըկար մրափուն իր աչքեր Հեշտ երազի մ’ետևեն չեն թափառիր. Եռոտանվույն վըրա հալվեն չի վառիր: Հոս կը պառկի: Քուն մըն է այդ` որ երբեք Պիտ’ չը բանա իր այդ գոցած աչքերն հեգ. Գիշեր մըն է` որուն արգանդը մութի Պիտ’ չհըղանա արշալույս մ’իսկ` որ փըթթի: Ան իր գըլուխն հըռըլտյունո՛վ վար դըրավ, Եվ աղոթքով ալ պիտի վեր չառնե բնավ: Երեկի ձյունն անոր դագաղ մ’է ճերմակ, Այսօրվան ձյունն ալ` կափարիչ մ’ըսպիտակ. Բնությունն ուզեց այդ մարմընույն մերժըված Պատըսպարան մը նըվիրել, ո՛հ, առա՜նց Մըտածելու թե գերեզման մը կու տա: Հե՜գ մոլորված, սա գինետան մոտակա Դըռնեն ելավ, և անգիտակ, խոլ, ինքնին, Ինկավ դըրան առջևը սա պալատին: Արբեցած էր: Ձյունի մեջ ըլլա՛լը չըզգաց. Հոս չը կար վիշտ, չը կար լալոնը մանկան, Եվ ողբը մոր ա՛լ անկարող դիեցման. Չը կար խեղդուկ ձեղուն, խավար և բորբոս, Չը կա մըրուրն առկայծ ճրագին. լավ էր հոս: Լա՜վ էր այստեղ: Սառ բուրգին տակ եղավ սառ, Եվ սա քարե սեմին վըրա եղավ քար, Հոն դընելով ահռելությունը կյանքին. Եվ իր ուրուն պտըտցնելով` ներսն հեշտին Ննջողներուն երազին մեջ, իբր օձ մի` Որ զինք ճընշող գավազանին կ’ոլորտի: Ա՛լ բնությունն այս իր խորթ որդին ընկեցիկ Մոռացոնքի մեջ թող պատե. թող մարդիկ Վաղն` այս իրենց խեղճ աքացածը տանին Լըռության ծոցն – երկրորդ աշխա՜րհը մերին – Երազանքի համար է մեր օրորանն, Ու անկողինն` հույզի, շիրիմն` լըռության… Դեմքն հեգնությամբ մը դարձած է երկընքին` Ուրկե շող մ’իսկ չինկավ անդունդն իր կյանքին. Ուրկե խուսած մեկ կաթիլ մ’իսկ կապտագույն` Չը միացավ իր օվկիան սևերուն. Մինչ շատերուն անծիր գըմբե՜թ խընդության, Իրեն համար նեղ առաստաղ մ’եղավ ան. Եվ չը սըփռեց լույս մ’իր քայլին այցելու` Որ, մոլորած, կ’երթար եղտյուրն ախտերու, Այդ երկինքն, ո՛հ, տըվավ անոր օրերուն Սև հյուղ մը լոկ, և դիակին` ճերմակ ձյունն: … Պիտի փայլի վաղն արեգակն անոր վրա, Այդ մեծ ճըրագն` որ կույր երկրիս լույս կու տա. Եվ պիտի ձյո՛ւնը շողշողա ցուրտ մարմնույն` Պըտույտքելով անոր դեռ սև՜ մազերուն, Ինչպես ճերմակկ եղյամն հովեն կը թըրթռա` Սև վեհությամբ կանգուն նոճի մը վըրա: Վաղը, ժողղված վառարանի մը չորս դին Մինչդեռ ժըպտով մը որդիներն հարուստին Գիրկերե գիրկ պիտի կայտռեն, – ըստորև, Հոն հյուղին մեջ, ցուրտ անկողնի մը առջև` Որ դատարկ է, խեղճին տըղաքն անխնա Պիտի ճըվան. «Հայրի՜կն, հայրիկը չը կա»: Ո՜վ լըքվածներ փոքրիկ, նոթի, ցըրտահար, Պիտի այլև՛ըս չը դառնա ձերին հայր. Թերևս առանց ողբացվելու ձեզմե` զայն Փութկոտորեն մոռացումի հողին տան. Զի մարդըս այնքա՜ն կը շտապե` մեջտեղեն Վերցընելու իրեն նըմանը արդեն: Ան հոն է, հեռո՛ւն մեծ տան մը սեմին` Ա՛լ անկենդան տարածված է իր մարմինն: Հոն սըգավոր աչք մ’իսկ չը կա` որ զինք լա. Դագաղի ծածքը սև չիյնար իր վըրա: Հավերժորեն գիշերն իջավ ծոցին մեջ. Թույլ երակները չունին ա՛լ ելևէջ. Ցուրտն իր ներսի` դուրսի ցուրտին միացած` Խեղճն ըրին մարդ մը սառույցե հորինված. Սև քուրջերուն, կընճիռներուն մեոջ ճակտին Կը քընանա կարծես սոսկումն ահագին. Կե՛ս բաց շըրթներն (ձյունե ակոս դեմքին վրա) Կ’ըսեն կարծես. «Ինձ գերեզմա՞ն մ’ալ չը կա»: Պիտի բացվին դըռներն հիմա պալատին. Պիտ’ միանա ծիծաղ մ’հիմակ այս սուգին: Ոտքի ծայրով` դիակը ցուրտ վըշտակիր` Պիտի շարժեն և պիտ’ ըսեն. «Արթընցի՛ր»: Եվ իր գըլուխն աստիճանեն մարմարյա Սալհատակին քարին, անշունչ, պիտ’ իյնա… (Ո՛հ, ո՜վ Տեր իմ, Տեր անայլայլ, անվըրդով, Է՞ր կը փըշրես ալիքն` եկող ալիքով. Է՞ր կը հանձնես տերևը` գուժ մըրըրկին, Լերան ավազն` հեղեղներուն մոլեգին. Է՞ր կը մատնես մարդը` մարդուն կեղեքման Եվ հեգ ճակատը` ոտքերու հաղթական): Օ՛ն, արթընցի՜ր: Եվ պիտի ան նընջե դեռ: Պիտի ըսեն. «Հողին տըվեք, չը խըմե՜ր»: Ի՞նչ, չը խըմե՜ր: Ոճիր մ’է այդպե՛ս խորհիլ Դատաստան մ’է քարե սըրտի, մըտքի շիլ: Մենք, անձնապուրծ, նավուն վըրա ջըրհերձիկ` Անոր համար ուսման լաստ մ’իսկ փըշրեցինք, Եվ արդ կ’ապշինք չը գըտնելնուս համար զայն` Հոս, ծովեզերքն ազատության, փըրկության: Անգետ մանուկ մ’էր առաջ` որ ամեն Մեր անարդար թողլքումի շարժումեն` Սահմռտկելով իջավ դեպի ցուրտ պատրանք. Ու երեկվան հեգ մերժվածն (այս գիտնա՜ք) Այսօրվան կույր կորսըվածն է` զոր կ’ատեն: Այն նոթի տղան` որ կը վըռնտվեր մեր դըռնեն` Այս մոլորած մաչդն է, որ մեր սեմին վրա` Կը դառնա Վրեժը սըրբազան և հըսկա: Ան` մեր հրածն է, որ խոցոտ քա՛ն թե գինով, Հոս տեղ ինկա՛վ, պատե ի պատ երթալով: Ի՜նչ, մաքրափայլ շիթը պըղտոր ուղխին վրա Կը կաթեցնեք և կ’ուզեք ալ պայծա՞ռ մնա: Թարմ տունկին չե՛ք տար ոռոգումն կենսական, Սյուքի համբույրն, լույսի հեղե՛ղը գարնան, Եվ կ’ուզեք ալ` որ հողմնավար, ազազուն, Անցքին վըրա չը կառչի՞ ձեր ոտքերուն: Աղքատությունն ըզմարդ կ’ընե ախտավոր. Բյուր գինովին ինն հազարն են չըքավոր: Զիրենք մոռցող աշխարհն մոռնալ կը ճըգնին` Ալքոլի մեջ խեղդելով կյանքը վըշտին: Կ’ուզեն իրենց հառաչին մեջ ու լըքման, Եվ լացին խորն իրենց կընոջ և մանկան` Գտնել ցնորքի մը երազներն սատապե Եվ խինդ մ’որ թույլ ուղեղը լոկ կը խաբե՜: Կ’ուզեն քողեր ձըգել իրենց աչքերուն` Որ չը կարդան ճակատագրին տողն-արյուն, Որ չը տեսնեն մըռնչող ալիքն ոտքի տակ, Եվ գըլխու վրա` գիշերվան սևն այլանդակ. Որ չը տեսնեն նույնիսկ զիրե՛նք, սև՜ թաղված Կիսով չափ խո՛րը դամբանի մ’մըթամած, Նման լացող ուռենիի մ’որ, տըկար, Կ’իջեցընե գըլուխը մութ վըհեն վար: Եվ այսպես, ո՛հ, նըման շուքին, սարսուռին` Հորիզոնեն դողդըղալով կը սահին: Զիրենք հիշող լոկ կը ձըգեն, մերկ, անտեր, Խոնավ հողին մեջ վիժած, փո՛քր անդամներ. Տալով (տխո՜ւր ժառանգ` որ միշտ կը մընա) Իրենց անցյալն` անոնց իբրև ապագա: Կ’երթա՜ն, կ’երթան փուշի մեջե և ձյունի. Փուշին վըրա կը սըրսկեն շիթն արյունի Բաց վերքերե, և ձյունին վրա կը թողուն Կաղապարներն իրենց նիհար, ցուրտ մարմնույն: Կ’անցնի՜ն, կ’անցնի՜ն մութի մեջե, եղյամի, Հուսալով միշտ հանգըստությունը շիրմի… Մինչ դո՛ւ, ո՛վ մարդ, պատուհանիդ առջև, գոհ, Կը ժըպտիս ցուրտ պըտույտքներու ձյունին… ո՜հ, Անոնք, անգետ, կը ծածկեն, հո՛ն, քիչ մ’հեռուն, Մարմի՜նն եղբորդ` որ կը հըծծե. – Գըթությո՜ւն: 4. ԴԱՍՏԻԱՐԱԿ Դաստիարակն է: Կը խոսի ծանր, հըստակ. Ձայնն աստղերեն, լույսեն կու գա: Բառը կ’ելլե, թըռիչքներուն վրա հուր կա. Զայն կ’արձակեն իրենց բույնեն գիրքն ու կյանք: Թոք կը սպառե, միտք կը լըլկե, շունչ կու տա, Եվ չի խորհիր իր վերքերուն. Մանկության դեմ դըրած ամբողջ ծերությունն` Կը բաժնե իր ծովը բազում լըճի վըրա… Վըսե՜մ կոչում: Հոգյակներու մեջ հըլու, Ըզգուշավոր հըպումներով` Կը գըրե գութն էջերու վրա ապահով, Կը ցանե սերն` անձնվիրություն քաղելու: Անոնց կոկոն ուղեղին մեջ կիսաբաց Կը զետեղե ճառագայթներ, Եվ կը լեցնե խավարն անոր` բարեբեր Իր գիտությունն Աստուծո մե՜ջ ամփոփած: Եվ հավաքած ամանին շուրջն իր սըրտին Մանկան շըրթներ` որք կը ծըծեն, Կը բաշխե, հեզ, անոնց արյուն արյունեն. Այդ իր կյանքն է` որ կ’անցընե ուրիշին: Եվ այսպես օր մ’երբոր ըլլա զոհ մը, ծեր, Մեռնելու մոտ և հոգեվարք, Պիտ’ մընա լոկ անոր այս մեծ մխիթարանք` Թե` իր կյանքն իր սաներուն մեջ կ’ապրի՜ դեռ:
×
×
  • Create New...