Arm_Lionne Posted March 7, 2006 Report Share Posted March 7, 2006 ( եթե սխալներ կամ վրիպումներ գտնեք, ասացեք ուղղեմ: Հաճելի ընթերցանություն ) ԿՈՒՅՐ ԱՉՔԸ ԿՆԵՐԵ, ԿՈՒՅՐ ՍԻՐՏԸ ՉԻ ՆԵՐԻԼ ( Հատված " Գևորգ Մարզպետունի" պատմավեպից) Սևադա իշխանի խոսքերը ծանր տպավորություն արին Մարզպետունու վրա :Չնայելով, որ նա րոպեապես գրգռվելով սպառնաց իշխանին, թե " ապա թագավորը կգա եգերացոց զորքերով, կվանե Ցլիկ Ամրամին, կամ կսպանե Դավիթ որդուդ և այլն", այսուամենայնիվ Սևադայի վերջին գուշակությունը երկյուղ ազդեց նրա սրտին: Նա որքան քաջ, այնքան և բարեպաշտ և երկյուղած եր,, նա հավատում էր, որ աստված լսում է կույր ծերունիներին և կատարում է օրհնությամբ կամ անեծքով , նրանց հայցած խնդիրները: Այս պատճառով մի գաղտնի և մինչև այն իրեն անծանոթ կասկած պաշարեց յուր սիրտը: Նախազգուշացմո՞ւնք էր այս, թե նախապաշարման ազդեցություն, հարկավ, նա չէր կարող որոշել, բայց նա գիտեր, որ թագավորը հանցավոր է, և, որ աստված, թեպետ երբեմն ուշ, բայց և այնպես, պատժում է հանցավորին...Նա մտածում էր, որ թագավորը կարող է հաղթվել, որ ամբստամբները կարող են ցրել եգերացիներին...Եվ այդ մի անպատվություն կլիներ հայոց արքայի համար, որ եկել էր յուրայինների հետ պատերազմելու՝ օտար զորքով...Իսկ այդ անպատվությանը կհաջորդեին, անշուշտ նոր կոտորածներ, նոր ավերումներ... Այս մտքերը սարսափեցրին իշխանին: Բայց նա լուռ նստած սպասում էր, թե ուրիշ ի´նչ պիտի ասեր Սևադան:Նա որոշել էր չհակառակել այլևս նրան, չգրգռել, չվիրավորել հոգին, այլ խոնարհիլ և հետը խոսել ողոքանոք: "Գուցե այդպիսով ամոքեմ կարծրացած սիրտը, կենդանացնեմ ընդարմացած խիղճը և նրա արդար ցասումից հայրենիքին սպառնացող վտանգը հեռացնեմ..." _,մտածում էր նա : Այդ միջոցին ներս մտավ ծառաներից մեկը և ջուր բերավ հյուրին՝ լվացվելու համար: Մարզպետունին ակնարկեց նրան՝ նախ Սևադա իշխանին մատուցելու կոնքը, որովհետև իրան, իբրև տարիքով փոքրի, վայել չէր առաջ լվացվել: Սևադան, որի ուշադրությունից ոչինչ չէր վրիպում, ժպտալով նկատեց . _Զարմանում եմ , որ թագավորը մանկությունից սկսած մեծացել է քեզ հետ, բայց պատշաճից օրենքները հարգելու մասին ոչինչ չէ սովորել քեզանից: _Բայց նա ունի և ուրիշ շատ ավելի առավելություններ, որոնց համար կարժեր ներել յուր փոքրիկ թերությունները..._ մեղմությամբ պատասխանեց մարզպետունին: Երբ նրանք լվացվեցան, երկու ուրիշ ծառաներ ներս բերեցին ընթրիքը, որ պատրաստված էր երկու արծաթյա դրվագազարդ խաների մեջ, որոնցից մինը դրին մարզպետունու և մյուսը Սևադայի առաջ: Մանկահասակ ծառաներից մեկը չոքեց Սևադայի հանդեպ, որպեսզի օգնե նրան կերակուր առնելու, իսկ մյուսը կանգնած և արծաթե սրվակը ձեռքին գինի էր մատռվակում ինչպես յուր տիրոջը, նույնպես և հյուրին: Մարզպետունին հուզված էր և գրեթե ոչինչ չէր ճաշակում: Սևադան այդ իմացավ մատռվակի մի պատասխանից և ժպտալով ասաց. _Տեսնում ես իշխան, հասարակ ժողովուրդն ավելի խելոք է վարվում: Մի ժամ առաջ ասացի, թե նա յուր տանը մտնող հյուրի գալստյան պատճառները չի քննում , մինչև որ նրան կուշտ չի կերակրում: Բայց ես չկամեցա նրանց նմանվել: "Մենք օտրաներ չենք, ասացի. տարօրինակ կլիներ , եթե մի վայրկյան առաջ ցանկանայինք տեղեկություններ առնել իրարից, մեզ հետաքրքրող խնդիրների մասին...": Այժմ տեսնում եմ, որ սխալվել եմ: Եթե ես քո գալստյան պատճառը հարցրած և քեզ պատասխաններ տված չլինեի, այժմ դու ախորժանոք կերակուր կվայելեիր իմ տանը: _Այդպես է, իշխան, կեղծել չեմ կարող,- պատասխանեց Մարզպետունին, - և լավ չէ, որ մենք առհասարակ չենք հետևում մեր փորձված պապերի խրատներին: _Այո´, համաձայն եմ քեզ հետ, այդ խրատները սուրբ խրատներ են, երբեք չպիտի մոռանանք նրանց: Բայց մենք մոռանում ենք հենց ամենից կարևորները: Այդ խրատներից մեկն այն է, որ ասում է " Զուգություն է մայր բարյաց, անզգություն ՝ ծնող չարյաց...": Սևադան մի վայրկյան լռեց և ապա ժպտալով դարձավ խոսակցին. _Դու ինձ կշտամբում ես, տեր Մարզպետունի և իրավունք ունիս: Բայց ես խնդրում եմ, որ ընթրիքդ վայելես. այդ ինձ ավելի կուրախացնե, քան թե " զուգություններից" առաջացող բարիքները, որոնց շատ անգամ մենք չենք կարողանում բուն չարիքներից զանազանել...: Իշխանը հիշեց, որ որոշել էր չհակառակել, ուստի լռեց և սկսավ ուտել: Բայց նրա վրա, արդարև, ծանր ազդեցություն էր անում Սևադա իշխանի՝ ծառայի օգնությամբ կերակրվելը: Միայն այդ տեսարանին ներկա չլինելու համար նա կցանկանար, որ երբեք մեռած չլիներ Գարդման: Չէ՞ որ նա տեսել էր այդ իշխանին առողջ ժամանակ, երբ նա ճեմում էր իր առաջ ինչպես մի հսկա, կրակոտ աչքերով, հպարտ նայվածքով, դեմքի վես արտահայտությամբ...Իսկ այժմ...Այժմ կծկված եր նա տախտի մի անկյունում, ինչպես զառամյալ ծերում, նիհարած , դալկադեմ և միայն հոգին էր , որ չէր ճնշվում նրա մեջ մարմնի կրած զրկանքներից: Երբ ընթրքիը վերջացավ , Մարզպետունին հարցրեց, թե ինչո՞ւ Գրիգոր իշխանը չի կամենում գալ իրենց մոտ: _Գրիգորը նույնպես Ամրամի հետ է,- պատասխանեց Սևադան : _Դավիթ որդիս առաջնորդում է աղվանից գնդերին, իսկ Գրիգորը գարդմանացիներին : _Առաջնորդում է գարդմանացիների՞ն...զարմացած հարցրեց Մարզպետունին: _Այո´, առաջնորդում է : Միթե՞ այդ խոսքը զարմացնում է քեզ: Դու անշուշտ մտածում ես , թե ինչպե´ս կույրը կարող է առաջնորդել, այնպես չէ՞: Բայց իմ զորքերը պատերազմի համար ուրիշ առաջնորդներ ունեն: Գրիգորի ներկայությունը անհրաժեշտ է բանակում նրա համար, որ գարդմանացիք ամեն րոպե աչքի առաջ ունենան իրենց կույր իշխանին և սրտների մեջ վառ պահեն վրեժխնդրության կրակը: Ոչ մի զորապետի խրախույսը այնքան չի գրգռիլ իմ քորքերի քաջությունը, որքան իմ որդվո կուրությունը...Նրանք տիրասեր են և չեն հանգստանալ մինչև որ իմ և նրա վրեժը չառնեն թագավորից: շարունակելի Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted March 8, 2006 Author Report Share Posted March 8, 2006 Մարզպետունի զարմանում էր , որ Սևադան բանում էր նրա առաջ յուր սիրտն անկեղծորեն, , հայտնում էր նրան մինչև անգամ յուր նախահոգակ դիտավորությունները. և այդ անում էր առանց քաշվելու, կամ նույնիսկ վախենալու, թե ինքը, Մարզպետունին, իբրև արքայի հավատարիմ ու զինակից, կարող է խոչընդոտ լինել իրեն՝ յուր նպատակներն իրագործելու: Սևադայի այս վարմունքը ավելի ևս երկյուղ էր ազդում Մարզպետունու սրտին: _Եվ այսպես . դու ուրեմն հոգացել ես , որ գարդմանացոց վրեժխնդրությունը լինի անշիջանելի, իսկ ամսամբությունը՝ համաճարակ և կործանի՞չ,- հարցրեց իշխանը հուսահայտ ձայնով: _Այո´, տեր Մարզպետունի, ուրիշ կերպ վարվել չէի կարող. անիծի´ր ինձ , եթե կամնում ես, բայց գիտցի´ր, որ երբ բաժակը լցվում է, այն ժամանկ այլևս անկարելի է ավելացնել նրա վրա ուրիշ մի քանի կաթիլ և պահանջել, որ նա չթափվի... Մարզպետունին զգաց, որ հասել է արդեն ժամանակը՝ գործադրել այն զենքերը, որոնցով միայն հնարավոր էր անողոք իշխանի սիրտն ամոքել.- այդ զենքերը յուր խնդիրներն ու ախաչանքներն էին : Այդպիսի զենքերով , իհարկե, նա չէր հայցի օտարից , նույնիսկ հայրենիքի փրկությանը, բայց մի ներքին խռովություն դադարեցնելու համար նա չէր քաշվում աղաչել հարազատին, որովհետև դրանով նա չպիտի նվաստացներ իրան, այլ պիտի բարձրացներ նույնիսկ Սևադայի աչքերում: Այդ պաճառով ասաց. _Եթե ես ծունր չոքեի քո առաջ , Սևադա իշխան, համբուրեի քո ոտքերը և աղաչեի, որ խնայես դու եղբարցդ ու որդկերանցդ արյունը...արգելես այն կոտորածը, որ մի օրվա մեջ անթիվ ընտանիքներ պիտի կործանե, բյուրավոր մանուկներ պիտի որբացնե, կանայք ու հարսունք պիտի այրիացնե: Եթե հիշեցնեի քեզ նախ՝ քրիստոնեի և ապա՝ հայ մարդու սրբազան պարտքը, որ է չարին չարյավ չհատուցանել և հայրենիքը կործանելու գնով վրեժխնդրությունը չհագեցնել...Ի՞նչ կանեիր դու, Սևադա իշխան, միթե՞ անողոք կմնաիր իմ աղաչանքներին, իմ արտասունքների առաջ... _Ո´չ մի խոսք այդ մասին, տեր Մարզպետունի: Բնությունն ուրիշ կերպ է ստեղծել մարդուն, իսկ մենք այլ կերպ ենք հասկանում նրան: Իզուր ենք մենք այդ մասին խրատներ կարդում մեզ և իզուր էլ քրիստոնյաներ անվանում. մենք մեր կրքերի հպատակներն ենք և ոչ թե Քրիստոսի աշակերտներ: Քրիստոնյա մարդ չկա աշխարհում: Քրիստոսի պատվերները կատարում են միայն նրանք, որոնք զրկանք չեն կրել ապերախտ ընկերից կամ եթե կրել են չեն կարողանում " ակն ընդ ական և ատամն ըդն ատաման"փոխարինել: Բայց նրանք, որոնք ուժ ունեին փոխարինելու՝ փոխարինում են զրկանք. և այդ ավելի բնական է , քան քրիստոնեաբար ներելը: _Իսկ նրա՞նք, որոնք ուժ ունեին վրեժխնդիր լինելու , սակայն ներում են... _Եթե կան այդպիսի մարդիկ, ապա նրանք գերբնական արարածներ են, ճիշտ Քրիստոսի աշակերտներ են, բայց ես այդպիսիներին չեմ ճանաչում: _Դու եղի´ր նրանցից մինը, Սևադա իշխան, միթե՞ քո սիրտն ավելի չի հպարտանալ այն ժամանակ, երբ մտածում ես, թե կարող էի վրեժխնդիր լինել և սակայն ներեցիր. քան այն ժամանակ, երբ վրեժխնդիր լինելով՝ շուրջդ ավեր և սրածություն սփռես: Ով որ գիտե, թե որն է բարին և լավագույնը, և սակայն գործում է հակառակը, նա մի չարագործ է: Անշուշտ , Գարդմանա տերը չի ցանկանալ, որ մեզնից մեկը համարձակվի նրան այդ անունը տալ: _Գարդմանա տերը, դժբախտաբար ,մի հասարակ մարդ է. բնությունը նրա կրծքի տակ այնպիսի մի սիրտ, որպիսին ունեին և ուրիշները, նա չի կարող զգալ այն, ինչ չեն զգում յուր նմանները: _Ո´չ, Գարդմանա տերը մի սինքլոր կամ գեղջուկ չէ, որ չճանաչե առաքինությունը: Նա գիտե, թե որքան քաղցր է ներել, և պիտի ներե անշուշտ: Ես խնդրում եմ քեզանից այդ շնորհը այն մայրերի և կանանց բերանից, որոնց որդինենրն ու ամուսինները պիտի զոհվեն քո վրեժխնդրությանը: _Տեր Մարզպետունի, դու ինձ զինաթափ ես անում. քո խոսքերը ճնշում են իմ սիրտը, որովհետև դու նստած ես այժմ իմ առաջ, և ես լսում եմ քո կենդանի բարբառը: Բայց երբ դու հեռանաս, և ես մնամ միայնակ, երբ այս ահագին սրահի մեջ չղջիկները գան ինձ ընկերակցելու, երբ առավոտյան արևը բերե ինձ նույն խավարը, ինչ որ բերել էր գիշերը, երբ երկու քայլ փոխելու համար կարոտ եմ իմ ծառաների շնորհին, երբ տենչանոք տենչամ , բայց չկարողանամ լսել իմ լծակցի մխիթարական մի խոսքը և մտածում եմ, որ թագավորի անողորմ հրամանը գերեզման տարավ նրան, այն ամուսնասեր կնոջը, այն որդեսեր ծնողին...Երբ լսեմ իմ թշվառ հարսի տխուր երգերը կամ կույր ամուսնու սև բախտը լացող նրա ողբերը...Երբ Գրիգորի որդին՝ փոքրիկ Սևադան, գա հարյուրերորդ անգամ ինձ հարցնելու, թե ՝ " Պապիկ, դու ծերացար, աստված քեզ կուրացրեց, իսկ իմ հայրը ինչո՞ւ համար է կույր...": Ասա´, տեր Մարզպետունի, երբ սիրտս անընդհատ գոռա՝ " Վրե՜ժ, վրե՜ժ անզգամին...", ի՞նչ անեմ ես այն ժամանակ... _Ի՞նչ անես այն ժամանակ: _Այո՜, ասա, ես ինքս ինձ կամենում եմ հաղթահարել: _Ի՞նչ արավ Սմբատ թագավորը, երբ յուր աշխարհի ավերումը տեսնելով՝ իջավ կապույտ բերդից յուր անձը հանձնելով թշնամուն: Ի՞նչ արավ, երբ դահիճները յուր թաշկինակն առնելով վարոցներով բերանը խրեցին, երբ կզակին գելարաններ դնելով՝ չվանով պարանոցը պրկեցին, երբ ծանր բեռները գլխին թափելով՝ տասնյակ հոգի վրան նստեցին, երբ վերջապես դյուցազնի շունչը հատցնել չկարողանալով՝ նրա անդամներն սկսան հոշոտել և վերջը խաչի վրա տարածել... Սևադան լուռ էր: _Ոչինչ չարավ, նա ասաց. "Տե՜ր, ընդունիր այս զոհը, որ բերում եմ իմ ազգի համար, և նրա փոախրեն՝ փրկիր իմ ժողովուրդը պատուհասից...":Նա ասաց. "Լավ է մեզ, զի այր մի մեռանիցի ի վերայ ժողովրդյանս և մի ամենայն ազգս կորիցե...", և հոժարությամբ հանձն առավ նահատակությանը: Դու էլ, իշխան, ընդունիր , թե չարագործը հագարացու մինն է քեզ կուրացրել և այն ժամանակ անտրտունջ կարող ես կրկնել նույն խոսքերը, երբ տխուր միայնությունը, ցերեկվա խավարը, սիրեցյալ ամուսնուդ հիշատակը, հարսիդ ողբերը և փոքրիկ Սևադայի թոթովանքը կգան քո սիրտը և հոգին վրդովելու...: Հագարացի գազաններին աղաչել , համոզել անկարելի էր, նրանց հոգվո ծարավը արյունն էր զովացնում, բայց հայ իշխանին աստված այդ հոգին չէ տվել . ուրեմն նա պիտի լսե յուր խղճի ձայնին, պիտի լսե իմ աղաչանքնին և հավատա , որ նույնիսկ իմ բերանով խոսում է յուր հետ ազգի ամեն մի թշվառացող անդամ: Սևադան լուռ էր մի քանի վայրկյան. հանկարծ նա գլուխը բարձրացնելով հարցրեց. _Ի՞նչ է քո պահանջը ինձանից, Գևորգ իշխան: _Այն, որ հեռացնես Ամրամից քո զույգ որդիներին և ետ կանչես Ուտիքից թե´ Աղվանից և թե´Գարդմանա գնդերը: Սևադան կրկին գլուխը կախեց և սկսեց մտածել: Սենյակում մի առ ժամանակ լռություն տիրեց: Բայց Գևորգ իշխանն զգում էր արդեն , որ յուր խոսքերը ցանկալի տպավորություն արին Սևադայի վրա, ուստի սրտատրոփ սպասում էր նրա համաձայնությանը: Եվ ահա ´ վերջապես Սևադան խոսեց: _Դու ինձ համոզեցիր, տեր Մարզպետունի. իմ մեջ շարժեցիր նախանձավորության զգացում. ես չեմ կամենում, որ դու հայրենասիրությամբ գերազանցես ինձ: Թող այդպես լինի: Ես թողնում եմ վրեժխնդրությունը...:Բայց բռնկած ապստամբությունը խաղաղեցնելու համար կա և մի ուրիշ արգելք, որ ես բառնալ չեմ կարող: Այդ աշխատությունը դու պիտի հանձն առնես: _Ամենայն ուրախությամբ. աշխատությունից ես չեմ փախչում, միայն թե ասա´, որն է արգելքը: _Ես իմ որդիներին կհամոզեմ և կվերադարձնեմ իրանց զորքերով, բայց Ցլիկ- Ամրամին համոզել չեմ կարող, որովհետև ինքս եմ թշնամության կրակը վառել նրա սրտում. այժմ ինչպե՞ս հակառակ խորհուրդ տամ նրան: _Այդ նեղությունը ես հանձն կառնեմ,-ասաց Մարզպետունին: _Շատ գեղեցիկ, բայց իմացած եղիր, որ մինչև Ամրամը չհամոզվի ետ կանգնել յուր մտադրությունից, ես իմ զորքերը չեմ բաժանիլ նրանից: Որովհետև խոսք եմ տվել աջակցել նրան ամեն դեպքում, ուրեմն և իմ խոսքը դրժել չեմ կարող: Այժմ դու գնա´ Ամրամի մոտ, աշխատի´ր համոզել նրան, որ հնազանդվե յուր թագավորին: Եթե կհաջողես ձեռնարկությանդ մեջ, սուրհանդակ ղրկե ինձ , և ես իսկույն հարկ եղած հրահանգները կտամ իմ որվոց, որ հեռանան Ուտիքից իրենց զորքերով: Իսկ եթե չես հաջողիլ, այն ժամանակ իմացիր , որ աստված չի ցանկանում անցընել փորձության բաժակը , և ուրեմն մեզանից մեկը պիտի դատարկե այն: Մարզպետունի իշխանը սաստիկ ուրախացավ և յուր շնորհակալությունը Սևադային հայտնելու համար առավ նրա աջը և համբուրեց: շարունակելի Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted March 9, 2006 Author Report Share Posted March 9, 2006 Իշխանի կարծիքով ամենամեծ դժվարությունն արդեն բարձվել էր:Սևադան, որ ամենքից ճանաչված էր իբրև անողոքելի մի քարաժայռ, ահա´, համոզվել էր: Ի՞նչ դժվարություն կար, ուրեմն, Ցլիկ-Ամրմաին համոզելու, մի մարդու, որ համառություն չուներ և որ ի բնե ստեղծված էր բարի սրտով: Այս մտածմունքով հեռացավ Սևադայից իշխանը և գնաց հանգստանալու դղյակի լավագույն քնարաններից մեկում, ուր առաջնորդեց նրան իշխանի սենեկապետը: Փափուկ անկողինը և շրջապատող լռությունը շուտով թմրություն բերին իշխանի հոգնած անդամներին և անուշաբեր քունը նրա աչքերը փակեց: ...Հետևյալ առավոտ, հազիվ արևը հորիզոնից մի ասպարեզ բարձրացած , իշխանն ու յուր թիկնապահը Աղստևի հովիտ հասան: Դաշնակից ապստամբների վրանները բռնած էին հովտի բոլոր տարածությունը՝ սկսած Աղստևի գետաբերանից մինչև մոտաակա լեռան ստորոտը: Հովտի արեգընդդեմ մասի վրա զարկած էին ուտիացոց ու սևորդյան վրանները: Նրնացից մի ասպարեզ հեռու գտնվում էին գարդմանցիք ու աղվանք: Նրանց բոլորի վրաններն էլ շարված էին կանոնավոր ուղղությամբ և զբաղեցնում էին մի քանի ընդարձակ քառակուսիներ , որոնց յուրաքանչյուրի մեջտեղում գտնվում էր զորավորի կամ իշխանի վրանը: Բայց բանակի ոչ մի կողմից պատնեշ չկար դրված. այդ նշան էր, որ զորքը նպատակ չուներ այդտեղ երկար մնալու: Նոր էին հասել և դաշնակից աբխազցիները, որոնք խառն ու անկանոն կերպով խփել էին իրենց վրանները դեպի Կուրը ձգվող դաշտավայրի վրա: Ապստամբների այս ահագին պատրաստությունը տեսնելով՝ Մարզպետունի իշխանը դառնությամբ բացականչեց. _Ինչպե՜ս լավ համախմբվում են՝ իրանք իրանց կործանելու համար: _Չէիր սպասում այսպիսի կազմության, տե´ր իմ, այնպես չէ՞,- հարցրեց Եզնիկը ժպատլով: _Բնա´վ: Թշվառականները միայն հարազատի դեմ են լավ զինվում կամ երբ հարկավոր է լինում սեփական երկիրը ոտնակոխ անել... _Բանակատեղը պիտի մտնենք, այնպես չէ՞,- հարցրեց թիկնապահը: Իշխանը չպատասխանեց: Նա ձիու սանձը քաշած և հաստաբուն մի ծառի ստվերում կանգնած՝ դիտում էր բանակը, նրա տարածությունը, նոր զարկվող վրանների շուրջը տիրող շարժումը, մի խումբ հեծելազորի վարժությունները և հովտի մի կողմը հավաքված զորքերի մկնդախաղը: Երկար դիտելուց ետ, նա դարձավ թիկնապահին. _Տեսնո՞ւմ ես այն ընդարձակ վրանափակը, որի մեջտեղը զարկած է իշխանական վրան: _Ա՞յն , որի վրա ծածանվում է երկգունյան դրոշակը: _Այո´. Ամրամ սեպուհինն է այն. անցի´ր ուղղակի բանակի միջով... _Ավելի լավ չէ՞ հովտի եզրերից մոտենալ: _Ո´չ. սևորդիները վայրենի մարդիկ են. կարող են մինչև անգամ նետահարել: Անցի´ր բանակի միջով, բայց սրարշավ և առանց աջ ու ձախ նայելու, մոտեցիր իշխանի վրանին, ներս մտիր...ճանաչո՞ւմ ես դու իշւանին: _Ինչպե՞ս չէ. շատ անգամ եմ տեսել: _Հա´. նե´րս մտիր ու հայտնիր իմ կողմից, որ կամենում եմ տեսնվել յուր հետ: Ասա, որ կարևոր գործի մասին է խոսելիքս: _Կհրամայե՞ս հայտնել իրան պատճառը, եթե հարցնելու լինի: _Ո´չ, պաճառների մասին խոսելը քո գործը չէ. գնա´ , մի´ ուշանար: _Իսկույն, տե´ր իմ:_Այս ասելով Եզնիկը մտրակեց յուր ձին և սրարշավ դեպի բանակն ուղղվեցավ: Իշխանի ակնարկած վրանափակը մի ընդարձակ քառակուսի էր, բաղկացած չորս տասնյակ վրաններից, որոնցից յուրաքանչյուր տասնյակը զարկված էր մյուսի հանդեմ երկշար ուղղությամբ: Դրանց մեջտեղում գտնվում էր սեպուհի ընդարձակ վրանը, որի վրա ծածանվում էր զորավարական դրոշը: Վրանի ճակատը զարդարված էր իշխանական զինանշանով, իսկ ներսը պատած կարմիր պաստառներով: Վրանը վերամբառնող եռյակ սյունների վրա , որոնք զարդարված էին պղնձե փայուլուն օղակներով, կախված էին գեղեցիկ զենքեր, այն է՝ արծաթապատ սրեր և վաղակավորներ, դրվագազարդ վահաններ և ասպարներ, նետալից կապարճներ , արծաթազարդ աղեղներ, իսկ վրանի մի անկյունում հենված էին կարճաբուն մկունդներ ու գեղարդներ Իշխանակ վրանի առաջ կանգնած էին զրահազգեստ պահապաններ, երկաթի գլխանոցներով, երկար նիզակներ ու ասպարներ ձեռքներին: Իսկ վրանի մեջ անցուդարձ էր անում Ցլիկ-Ամրմաը. միայնակ ու մտախոհ: Սա մի բարձրահասակ ու հաղթանդամ տղամարդ էր, ամուր կազմվածքով և խոշոր ու ազդեցիկ դեմքով: Նրա լան ճակատը, որ ծածկված էր կնճիռներով, սուր և թափանցող աչքերը, որոնց հովանավորում էին թավմազ և գրեթե միավորյալ հոնքերը, մեծ և արծռունգ քիթը, որ իշխում էր կարծես երկար ու թավ ընչացքին, և հարուստ, գորշախառն մորուքը, որ ծածկում էր պղնձե լանջապնակի կեսը, տալիս էին նրան լուրջ և մինչև անգամ ահարկու կերպարանք: Նա ամբողջապես զրահազգեստ էր: Հագած ուներ պողպատից հյուսած վերտ, կրծքին՝ փայլուն լանջապնակ, կռներին՝ բազպաններ, ոտքերին՝ սռնապաններ, իսկ ազդրին ծանր արծաթապատ սուր: Պողպատե սաղավարտը, որի վրա փայլում էր պղնձե արծվաձև գարդմանակ և որ զարդարված էր սև , թավամազ ցցունքով, դրված էր փոքրիկ սեղանիկի վրա: Հանկարծ սեպուհը լսեց մի վիճաբանության շշուկ, որ տեղի էր ունենում յուր վրանի առաջ: _Ո՞վ է այդտեղ,- գոչեց նա ներսից ահարկու ձայնով : _Մի ոստանցի զինվոր, որ կամենում է ներկայանալ քեզ, տե´ր, բայց չի կամենում վաղակավորն ու վահանը ձգել,- պատասխանեց պահապանը, մոտենալով վրանի մուտքին: _Ո՞վ է այդ համառը, թողեք որ գա,- հրամայեց սեպուհը: Եկողը Եզնիկն էր: Նա յուր երկարաբուն նիզակը հանձնեց պահապանին և ներս մտնելով վրան, խոր գլուխ տվավ իշախնին: _Ո՞վ ես դու ,- հարցրեց Ամրմաը խրոխտ ձայնով: _Մարզպետունի մեծ իշխանի թիկնապահը, - պատասխանեց Եզնիկը: _Դու չգիտե՞ս , որ իրավունք չունիս սրով ու վահանով իշխանի վրանը մտնելու: _Երբե´ք հեռացրած չեմ ինձանից այս զենքերը, տեր իմ: _Ուրեմն երբեք էլ բանբերի պաշտոն չե՞ս կատարած: _Առաջին անգամ եմ կատարում և երկրորդ անգամ չպիտի կատարեմ, քանի որ հարկավոր է դրա համար զինաթափ լինել, պատասխանեց Եզնիկը, փոքր-ինչ այլայլված: Սեպուհը ժպտաց: _Ի՞նչ ունիս ինձ հայտնելու, հարցրեց նա: _Իշխանը հրամայեց ինձ՝ ասել, որ եկել է ձեր բանակը կարևոր գործի համար և կամենում է բանակցել տեր սեպուհի հետ: _Գևորգ իշխանն այստե՞ղ է, մեր բանակո՞ւմն է: _Այստեղ է, բանակից դուրս սպասում է քո պատասխանին: _Գնա ´, ասա´ թող շնորհ բերե,- պատվիրեց իսկույն սեպուհը և ապա կանչելով պահապանին՝ հրամայեց, որ հայտնի յուր թիկնապահներին՝ ընդառաջել իշխւանին: Իսկույն մի խումբ զրահավորներ պատրաստ ձիանը աշտանակելով դիմավորեցին իշխան Մարզպետունուն բանակից դուրս և առաջնորդեցին նրան սեպուհի վրանը: _Ամեն մարդու կսպասեի տեսնել իմ վրանում, բայց Մարզպետունյաց իշխանին, թագավորի զինակցին ու հավատարիմին՝ երբե´ք...._ ասաց սեպուհը ջերմագին ողջունելով իշխանին և հրամցնելով նրան մի փոքրիկ եռոտանի աթոռ: _Բարեբախտաբար ես միշտ այնտեղ եմ, ուր ինձ չեն սպասում,- ժպատլով պատասախանեց իշխանը: _Բարեբախտաբա՞ր. ի՞նչ կնշանակե այդ: _Կնշանակե, թե երբեք չար գործի համար չեմ այցելում բարեկամներին: _Բարեկամներին , այո´, բայց դու թշնամու վրանումն ես: _Ո´չ, Մարզպետունին հայ թշնամի չունի. նա այդպիսի թշնամի չի ճանաչում: _Իսկ թագավորի թշնամիները քո թշնամիները չե՞ն: _Դու մի օր թագավորի բարեկամն էիր և դարձյալ բարեկամ կլինես...: _Բարեկա՞մ...դժոխքը տանե նրան...իմ սատանային հաշտության ձեռք կպարզեմ, բայց նրան՝ երբեք,- ուժգին բացականչությամբ ընդհատեց սեպուհն իշխանին: Մարզպետունին լռեց և մի տեսակ տարակուսական հայացքով սկսավ դիտել սեպուհի դեմքը, որ այլայլվել էր հանկարծակի հուզմունքից: _Եթե գիտենայի, թե պիտի վրդովեմ քեզ...այքան երկար ճանապարհ չէի կտրիլ... մեղմ ու հանդարտ ձայնով նկատեց իշխանը: _Թագավորը հազիվ մի ավուր ճանապարհով հեռի է մեզնից,- խոսել սկսավ սեպուհը՝ նույպես մեղմությամբ,- վաղը գուցե մենք ճակատենք միմիյանց դեմ. եթե դու մեզ հաշտեցնելու համար ես եկել, ցավում եմ, որ ապարդյուն աշխատանք ես հանձն առել: _Ոստանում ոչ ոք չէր հավատում, թե սեպուհ Ամրամը կարող է ապստամբել յուր թագավորին... _Ես չեմ ապստամբել իմ թագավորից,- ընդհատեց սեպուհն իշխանին,- հիշում ես, թե ի´նչպես անձնվիրաբար էի ծառայում նրան:Քանի՜-քանի՜ անգամ յուր ապստամբ կողմնակալների դեմ պատերազմեցի, քանի՜ վտանգավոր կռիվների մեջ յուր անձը պաշտպանեցի, ինչ հերոսությամբ Շամշուլտեի վրա յուր դրոշակը պարզեցի, ո՞ր մեկը հիշեմ... _Եվ նա քեզ պարտապան չմնաց. իշխան կարգեց ամբողջ Ուտիքի և Սևորդյաց աշխարհի վրա. հյուսիսային զորքի հրամանատարությունը հանձնեց քեզ...Դու չպետք է օգուտ քաղեիր քո ձեռքում ունեցած իշխանությունից և պատրաստի զորքերից և ապստամբության դրոշակ բանալով՝ սուրդ ուղղեիր քո բարերաի և թագավորի դեմ: _Երբե´ք իմ թագավորի, մի´ ասիր այդ, այլ իմ անձնական թշնամու... _Անձնական թշնամի՞...միթե՞ թագավորը կարող է անձնական թշնամի լինել յուր պաշտոնակալին,- նկատեց իշխանը ՝ իբրև թե սեպուհի խոսքերը չհասկանալով: _իշխա´ն, եթե դու ոչինչ չգիտես այն ամենից, ինչ որ իմ մեջ թշնամություն է գրգռել դեպի թագավորը, ապա շատացիր ՝ ինչ որ ես քեզ ասացի. ավելին խոսել չեմ կարող: _Ես չեմ կամենում, որ շատ բաներ պատմես ինձ: Գիտեմ, թե առհասարակ ի´նչ պատճառներ են դրդում մեր իշխաններին թշնամանալ թագավորին կամ ապստամբիլ նրան... շարունակելի Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted March 14, 2006 Author Report Share Posted March 14, 2006 _Գիտես, այնպես չե՞, - ընդհատեց հանկարծ սեպուհը,- փառամոլություն, շահասիրություն, ընչաքաղցություն. ի՞նչ ես կարծում , դրանցից մեկը չէ՞, որ դրդել է ինձ թշնամանալ թագավորին... _Չգիտեմ, և ասացի , թե չեմ էլ կամենում իմանալ, բայց կամենում եմ, որ դու ապստամբության դրոշակը ամփոփես և թագավորիդ հանդեպ հանած սուրը յուր պատյանը դարձնես:: _Այդ սպառնալի՞ք է քո կողմից, իշխան: _Ո´չ, այլ լոկ խնդիր, աղաչնաք... _Զարմանում եմ. Մարզպետունյաց տերը խնդրում, աղաչում է սեպուհ Ամրամին...Այդպիսի խոնարհություն չեն ունեցել, կարծեմ, Մարզպետունի նախարարները...Արդյոք մի խորհրդավոր գաղտնիք չկա՞ թաքնված այս խնդրականության մեջ: _Լսի´ր, Ամրամ սեպուհ. Մարզպետունի նախարարները հպարտ էին ավելի, քան քո նախահայրերը, բայց նրանց ժառանգը գերադասում է հայրենասիրությունը, մի՞թե այդ մի արատ է նրա համար: _Բնավ. երանի նրան, ով կարող է անձնվիրաբար ծառայել հայրենիքին: _Եվ ահա´, հենց այդ հայրենիքի շահն է , որ իմ հպարտ ճակատը խոնարհեցնում է քո առաջ: Կարո՞ղ ես արհամրել այդ խոնարհությունը կամ անարգ գաղտնիքներ որոնել նրա մեջ: _Ո´չ: _Ուրեմն լսի´ր ինձ և կաղկացրու սրտիդ կարծրությունը և արգելիր այն կոտորածը, որ տեղի պիտի ունենա մի կամ երկու օրից: _Չեմ կարող: _Ուրեմն հայոց հազարավոր մայրերը որդիներ են ծնել ցավով ու հեծությամբ, մեծացրել են նրանց բազմամյա տանջանքներով, որ դուք իշխաններդ մի օրվա ընթացքում զոհեք այդ բոլորին ձեր անձնական կրքերի՞ն: _Իսկ երբ նրանց տանում եք հագարացոց դեմ, երբ նրանց մաշում է մահմեդականի սուրը, ինչո՞ւ այն ժաանկ էլ չեք հիշում հայ մայրերի ցավն ու հեծությունը: _Հայրենիքի թշնամու դեմ կռվելը, նրա ազատության համար զոհվելը սրբազա պարտք է, այդ պարտքից ոչ ոք չպիտի փախչի, բայց եղբայրասպանությունը մի ոճիր է, աստծուց և մարդկանցից անիծված: Ամրմաը, որ խոսելու ժամանակ բարձրացել էր տեղից , նստեց նորեն եռոտանու վրա և լուռ ու մտախոհ սկսավ դիտել վրանի անկյունին հենած գեղարդները: Ապա մեկ վայրկենաից ետ ձեռքը դեպի ծնոտը տարավ ու յուր հարուստ նրբահեր մորուքը շոյելով՝ մեղմ ձայնով ասաց. _Տեր Մարզպետունի , շահավոր խոսելն ավելի հեշտ է, քան շահավոր գործելը: Ես չէի ցանկանա չարագործի անուն վասատկել, բայց հանգամանքները չարագործ շինեցին ինձ: Այսուհետև ես չպիտի մտածեմ, թե ի՞նչ է ասում աշխարհն ինձ համար, ես միայն մի մարդու պիտի հաշիվ տամ. դա իմ ներքին մարդը, իմ խիղճն է... _Այդ խիղճը թույլ չի տա քեզ, որ եղբարցդ կյանքը վտանգի ենթարկես: _Մի´ ընդհատիր, իմ խիղճը ավելի ընտանի է ինձ: Բայց այդ չէ խնդիրը, եթե ես, մինչև անգամ, իմ արդար ցասումը ճնշեմ, իմ խիղճը բռնաբարեմ, դարձյալ չեմ կարող քո խնդիրը կատարել, որովհետև միայն ես չեմ, որ թագավորի դեմ եմ կանգնած, ինձ հետ է նայև Գարդմանա և Ափխազիո իշխանները իրենց դաշնակիցներով: Անշուշտ դու տեսար այս հովտի վրա զարկված բազմաթիվ վրանները. այստեղ խմբված են այն իշխանները, որոնք հին հաշիվներ ունեն թագավորի հետ վերջացնելու: Եթե ես ամփոփեմ Ուտիացոց դրոշը, միևնույն է, ինձ չեն հետևիլ ո´չ սևորդիները, ո´չ գարդմանացիք, ո´չ աղվանք, ո´չ տայոց իշխանը, ո´չ ափխազաց արքայորդին: _Բե՞ր իշխանը...նա՞ էլ այստեղ է: _Այո´, նա այստեղ է... հայոց թագավորի տոհմական թշնամին: _Որի հետ միացել ես դու: _Այո´, և երդվել եմ, ինչպես նրան, նույնպես և մյուս դաշնակիցներին, կռվել հետերնին միասին, մինչև իմ վերջին շունչը: _Եվ եթե հաշտվե՞ս: _Այն ժամանակ այդ բոլորի սուրը կդարձնեմ միայն իմ անձի դեմ: Այս է մեր պայմանը: _Հիշածների մեջ, սիրելի Ամրամ, միայն Ափխազիս երիտասարդ իշխանն է , որ դժգոհ կմնա հաշտությունից, որովհետև նա եկել է կոտորելու և ավերելու նպատակով: Ինքդ ասացիր, որ նա թագավորի տոհմական թշնամին է, և բնական է, որ չկամենա ձեռնունայն վերադառնալ յուր հոր մոտ: Բայց մյուս իշխաններն ընդեմ չեն լինի, եթե դու հաշտվես և արգելես առաջիկա կոտորածը: _Իսկ Սևադա իշխանը՞. նրա երկու որդիները՞. կատաղի գարդմանացի՞ք, որոնք եկել են իրենց կույր իշխանների վրեժը լուծելու թագավորից... _Սևադա իշխանը ներեց թագավորին: _Ի՞նչ, Սևադան ներե՞ց,- տեղից վեր թռչելով բացականչես Ամրամը: _Այո´, ես նրա մոտ էի, նա ներեց և ետ կկանչի յուր զորքերը, եթե դու էլ վեհանձնաբար վայր դնես քո սուրը: Բարկության հուրը ցոլած Ամրամի աչքերում, , նրա դեմքը այլայլվեցավ և շունչը կարծես թե բռնվեցավ, ինչպես հնոցի մեջ խեղդվող բոցի ծուխ: Նա մի քանի քայլ առաջ գնաց, նորեն ետ դարձավ և ապա կանգնելով իշխանի առաջ, հարցրեց կրկին. _Եվ այդպե´ս, նա ուրեմն ներե՞ց... և զորքերը ետ կկանչի , եթե ես հաշտվեմ... _Այո´, նա բոլորովին ներեց, նա հարգեց իմ խնդիրը, նա ապացուցեց որ սիրում է իր հայրենիքը: Ամրամը ձգեց յուր ձեռքը, բռնեց իշխանի թևից և կամացուկ ասած. _Այստեղ մեզ կարող են լսել, արի իմ առանձնարան: Այս ասելով նա առաջ անցավ և ներքին վարագույրը բանալով՝ մտավ վրանի երկրորդ բաժանմունքը: Իշխանը հետևեց նրան: _Այդ Սևադան, այդ հպարտ գարդմանացին, որ երդվել էր պատժել յուր դահիճին, ի՞նչ բարիքների հույսով է հաշտվում թագավորի հետ,- դարձավ Ամրամը Մարզպետունուն: _Յուր անձի համար և ոչ մի: Նա խնայում է յուր հայրենակիցների արյունը: _Իսկ նա պատմե՞ց քեզ, թե ինչո´ւ համար եմ սուր վերցրել ես: _Պատմեց, ես բոլորը գիտեմ: _Պատմեց և դու բոլորը գիտե՞ս...- զայրույթից կարծես խեղդվելով հարցրեց Ամրամը: _Այո´, բայց մի ´ վրդովվիր: _Չվրդովվե՞մ, այդ ի՞մ ցանկությունից է կախված. կարո՞ղ ես հրամայել առյուծին, որ նա չմռնչե, երբ դարանակալ սուրը ցցվում է յուր կողերի մեջ... _Համբերությունը ամենազորավոր զենքն է... _Ի՞նչ համբերությունից խոսելու ժամանակն է, Մարզպետունի իշխան...Սևադան ներել է նրան. ինչո´ւ , ինչո՞ւ ուրեմն այդ ծերուկը դժոխք վառեց իմ սրտում, ինչո՞ւ իմ հոգու խաղաղությունը վրդովեց, ինչո՞ւ իմ կյանքը թունավորեց... եթե այսօր պիտի ներե: _Երբ մարդու հոգին կուրանում է վրեժխնդրության կրքերից... _Է´լ ո´չ մի խոսք, Մարզպետունի´ իշխան: Սևադան թո´ղ ներե, նրա որդիք թող ներնե, բոլոր աշխարհը ներե, Ամրամ սեպուհը չի ներիլ. հաշտությո՞ւն... Աշոտ -Երկաթի հե՞տ, երբե´ք... Եթե կարողանամ՝ նույնիսկ դժոխքի հետ կմիանամ այդ անարժան թագավորին գահավիժ անելու համար... Եթե դու կկարողանայիր մտնել իմ հոգեկան աշխարհը և տեսնել, թե տանջանքների ինչ հրդեհ է վառվում այնտեղ, կսոսկայիր, կսարսափեիր... _Եվ ահա´, հենց այդ ժամանակն է, որ հերոսը և մեծ հայրենասերը կարողանում է ապացուցել, թե յուր մայրը հասարակ ծնունդ չէ պարգևել աշխարհին: _Ամենից հասարակ և ամենից սինքլորը կարող է հանդուրժել այս անպատվությունը, մեծ հոգին, ընդհակառակը, չի կարող տանել նրան: _Սևադան փոքրիկ մարդ չէ: Աշոտը կուրացրել է նրա երկու աչքերը, նրա որդուն. և սակայն ն մոռանում է այսօր այդ անփոխարինելի զրկանքը և ներում է անխիճ փեսային՝ միայն հայրենիքի սիրույն համար: _Աշոտը նրա աչքերն է կուրացրել, բայց իմ՝ սիրտոը: Կույր աչքը կարող է ներել, բայց կույր սիրտը չի ներիլ... չի կարող ներել: _Բայց... _Տե´ր Մարզպետունի, այն մարդը, որ գիտե թագավորն ինչ անարգանք է հասցրել իմ անվանը և սակայն խորհուրդ է տալիս հաշտվել, նա իմ թշնամին է: Եթե դու իմ վրանում չլինեիր, ես կմենամարտեի քեզ հետ... Quote Link to post Share on other sites
krunk Posted April 5, 2006 Report Share Posted April 5, 2006 Yesli u kovo yest', skinte pojalusta konec romana nachinaya so slov "im erdumn argelum e indz taghvel Garnium" glux "j" "Herosi Vaxjan@" Quote Link to post Share on other sites
Kars Posted April 9, 2006 Report Share Posted April 9, 2006 Yesli u kovo yest', skinte pojalusta konec romana nachinaya so slov "im erdumn argelum e indz taghvel Garnium" glux "j" "Herosi Vaxjan@" С удовольствием, krunk (правда заставили меня шлепать по клавиатуре достаточно долго). Вот она: Quote Link to post Share on other sites
Kars Posted April 9, 2006 Report Share Posted April 9, 2006 […] Իմ երդումն արգելում է ինձ թաղվել Գառնիում, - ասաց իշխանը. թաղեցե՛ք իմ հայրենիքի ո՛ր անկյունում որ կկամենաք: - Կցանկանայի քո մարմինը տանել Բագարան և թաղել Բագրատունյաց պայազատների դամբարանում, - ասաց թագավորը: - Բագարա՞ն... այո՛, տա՛ր ինձ այնտեղ. բայց մի՛ թաղիր քո հարց դամբարանում: Այնտեղ, այո՛, թաղված են քո նահատակ հայրը և նահատակ եղբայրը. կցանկանայի հանգչել դրանց մոտ: Բայց այնտեղ թաղված է նաև Աշոտ բռնավորը: Կյանքը հեռացրել է ինձ այդ դավաճանից. մահը չպիտի միացնե: - Ո՞ւր կցանկանաս ուրեմն, - հարցրեց թագավորը: - Ամփոփի՛ր ինձ միջնաբերդի առաջ, ժայռերի բարձրության վրա, որտեղից կարողանամ հսկել Աշոտ բռնավորի շիրիմին... որպեսզի նա յուր շուրջն ամփոփված սրբերին չդավաճանե... - պատասխանեց իշխանը նվաղած ձայնով: Մի քանի օրից հետ «Հայրենիքի բարերարը» յուր արդար հոգին ավանդեց: Ամբողջ արքունիքը, աթոռանիստ Կարսը և Արարատյան երկրները սգացին նրա մահը, իսկ Աբաս թագավորը արքայավայել հուղարկավորություն պատրաստեց «մեծ հայրենասերի» համար: Մարզպետունի իշխանի մարմինն ամփոփեցին Բագարանի միջնաբերդի առաջ, ժայռերի մի ահավոր բարձրության վրա, որի ստորոտը կոծում էին Ախուրյանի ալիքները՝ հավիտենական օրհներգ մրմնջալով հայրենավառ դյուցազնի սխրագործությանց համար: Ապա թագավորը սպարապետության պաշտոնը հանձնեց Գոռին, իբրև «մեծ հայրենասերի» արժանավոր որդուն, իսկ Մարզպետունու շիրմի վրա հրամայեց կառուցանել սուրբ Գևորգ անվամբ եկեղեցի, որ Բագարանի անհետացած ավերակների մեջ միակ կանգունն է մինչև այսօր: ՎԵՐՋ Quote Link to post Share on other sites
krunk Posted April 17, 2006 Report Share Posted April 17, 2006 Spasibo bolshoye. Na samom dele, kniga velikolepnaya, mne ochen ponravilos'. Yedinstvennoye, ochen udivilsya, kogda uznal, shto u Ashota Yerkata ne bilo lyubovnici (xotya do konca ya poka ne uveren, tak kak sam nastoyashchuyu armyanskuyu istoriyu poka ne chital). A Vam bolshoye spasibo Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.