Jump to content

Միսաք Մեծարենց


Recommended Posts

ՍԻՐԵՐԳ

Ճառագայթի պես ոսկեվարս ու նրբին,

Երբոր ճամբեն կ’անցնի հըպարտ, լուսարագ,

Բան մը սրտես կ’ըլլա բոցին պատարագ

Իր աչքերուն` ուր կը մոռնամ ես արփին:

Երազային, ծաղիկի պես նրբավոր,

Երբ կը ժպտի պատուհանին ետևեն,

Թռիչներ հոգվույս մեջ լուսաբաղձ` կը թևեն

Խոլ անուրջով կապույտներու հեռավոր:

Ու երբ կ’երգե ջութակին հետ սարսըռուն

Մեղմածավալ հեշտերգն իրեն ցայգային,

Կարծես աչքերն իր լուսափաղփ կը նային

Տենդոտ պահին` մեջ իմ հոգվույս ալքերուն:

ՈՒՌԻՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ…

Ա

Ուռինե՜ր, լացե՜ք, լացե՜ք անդադրում,

Արտասուքնիդ շիթ շիթ հոգիս կ’արծաթե.

Ես կը փարիմ մենիկ պահին այս տրտում`

Ուր ձեր հեղուկ նըվագն հուշիկ կը կաթե:

Ծաղիկներուն գոտին դեղին, լայնարձակ

Արոտներու զյումրյութ իրանն երբ գրկե,

Ու միջօրի արևն ալ` խուրձ ու տրցակ

Շողերն իր` բիլ ժապավենով կը պրկե:

Կուգան կույսերն իմ անուրջիս, հերաձակ,

Մանիշակե բըլուրներեն ու դաշտեն,

Ես կ’ունկնդրեմ հապըշտապ ու համարձակ

Քայլերուն` որ լուռն ուժգնորեն կը շեշտեն:

Ու կը պարե՜ն, իրենց նազանքն հարսենի

Ու նայվածքին քողքած կազի մըշուշով,

Իրենց վարքին հետ կը խաղա սյուք մը զով

Եվ այտերնին կակաջի պես կը շիկնի:

Իրենց մարմինն` ակնվանի թափանցիկ,

Իրենց հոգին` համբույր համակ ու շուշան,

Իրենց սիրտը` հուր շրջմոլիկ ու բաղձիկ,

Իրենց ծիծաղն` արշալույս մը ջինջ գարնան:

Բ

Ուռինե՜ր, արտասվեցե՜ք տրտմագին

Գորովակաթ արցունքը ձեր արծաթե.

Քաղցր է ինծի զեղումն այդ ձեր թախծանքին`

Որ տրտմանույշ կայլակներով կը կաթե:

Տիվանդորին համբուն` ժամերն են ոսկի,

Ձեր սաղարթին գորշ ու տարփոտ շուքին տակ`

Ուր բուրմունքը կու գա ծաղիկ ու հասկի

Եվ կը հնչե հուշքերուս ծափը խայտակ:

Ուր մերթ ձայնն ալ թմբկիկներուն հեռավոր,

Ու ծիծաղը բաբիռներուն արծաթի,

Ու գնչուհի երգիչներու տարփավոր

Սիրերգներու արձագանքն ալ կը ցաթի:

Ու երբ դարձյալ հովիկն համակ ընդգրկե

Անդաստանին վայրի Լուռը թևավոր,

Ու երբ ծառուտքն ալ արբեցած խոնջենքե

Անշարժանա իր խոկին մեջ մենավոր:

Արագիլ մը կ’անցնի հանկարծ անվրդով,

Ցուցադրելով կարմիրն իրեն կտուցին

Ու կը տաքնա մեջն արևին հուր ցանցին,

Ու կը ցանե հոս հոն կափկափն իր թոթով:

Գ

Ուռինե՜ր, շիթ շիթ արցունք ցողեցեք,

Մինչ բուրմունքնիդ իմ հոգվույս մեջ կ’ամպանա,

Եվ այս չքնաղ անդորրության հեց` թող հեք

Երազանքըս պահիկ մը գեթ հեշտանա,

Եվ երբ իջնե լեռնեն հովիկն իրիկվան,

Ու սրսըփա թախծոտ օրհներգը սոսին.

Երբոր ցայտքերն ավազանին մեջ հոսին

Ու ձեր շուքին տակ թռչնիկներ թռվըռան.

Ու երբ արևն ալ քրքմնաներկ վրձինով

Ոսկեզօծե սըգատամուկ ձեր հոգին,

Երբ համբույրի պես փաթթըվի ձեր շոգին

Անոր ցոլքին` եղկ, տարփագին ու գինով.

Միշտ, համրագին կաթկըթեցեք դուք նորեն

Արծաթելու համար խորհուրդն անպարփակ

Որ շուքե շուք կը թռչըտի լայնորեն

Ընդգրկելով ամեն դալար շրջափակ:

Ու երբ ցայգն ալ ծառաստանին մեջ սահի

Սև մագիլով ձեր ջինջ հոգին ճանկելու,

Լացե՜ք նորեն, դուք համակերպ ու հըլու

Դողդըղագին ձեր տագնապին մեջ ահի:

ՑԱՅԳՆ Է ՊԱՅԾԱՌ

Ցայգն է պայծառ անհունորեն

Ցոլցըլանքովն իր խոլապար.

Օդանույշներ` որ մեղմաբար

Քնքշանքով զիս կը պարուրեն:

Բուստ համբույրով` որուն կարմիր

Կարոտովն իմ հոգիս կուլար,

Ինչպես փանդիռ մը մեղմալար`

Պոնդերու տակ մեղկ ու ցանցիր:

Պարզկա ցայգուն անուրջին մեջ

Լըվալ կ’ուզեմ հիմակ հոգիս,

Եվ հըրահրել երբեմնի շեջ

Աշտանակներն իմ երազիս:

Մըտածումըս կ’անցնի նորեն

Շավիղներեն իր լուսավետ,

Հեշտություններ հոգվույս հավետ

Բերելով իր ճամբաներեն:

Գինո՜վ եմ ես ծաղկանց բույրեն,

Տարաշխարհիկ ու գըրավիչ,

Ու ձայներն ալ` որ քիչ քիչ

Իմ երազներըս կ’օրորեն:

Եվ անծանոթ աշխարհներուն`

Անեզրին մեջ խորհրդազեղ`

Կ’անդրադառնա մեջն իմ հոգուն

Կրկներևույթը գունագեղ:

Պիտի ըզգա՜մ ես տևաբար

Բուրումն անոնց ծաղիկներուն,

Որոնք հեշտին կը դառնան պար`

Լուսացնցուղ ցողով լեցուն:

Պիտի ծըծե՜մ ես անդադար

Հոծ երազանքն անոնց բալին,

Ու շողերն` որ կը փալփըլին`

Ոսկեպաղպաջ` ինչպես նեկտար:

Պիտի անցնի՜մ ես խանդավառ

Այդ լուսոռոգ ուղիներեն.

Ես` ուխտավոր ուղեմոլար`

Խորհրդածուփ թափառելեն:

Պիտի անցնի՜մ ես Անհունին

Հավերժալուռ երկինքներեն,

Մինչև հույզերս ամեն թոշնին`

Ու ես երկիր դառնամ նորեն:

ԻՐԻԿՎԱՆ ՁԱՅՆԵՐ

Կ’ալեկոծին տարփոտ ձայներն իրիկվան,

Հորձանքին մեջ հոգնակոհակ հովերուն.

Անրջածուփ, նըվաղ բույրերն երերուն

Վերջալույսին մեջ ոսկեզօծ` կը հևան:

Խըրախության աղաղակներ հեշտալուր

Կը պլլըվին այդ ցնծագին նըվագին.

Ու կ’անհետին` մեջն այդ ծըփուն հորձանքին`

Հեշտերգությանց թույլ ծըվեններ կցկըտուր:

Զիլ գեղգեղներ ու նըվագներ վրդովիչ,

Ու ջութակի սարսուռին գիծը կարմիր…

Արևմարքին ծաղիկն, որ չի՜ թառամիր,

Ինքն ալ գինով ըզգլխանքեն այս թովիչ:

Աղմըկահար սույլն ու արշավն հովերուն,

Հծծյունները ծաղիկներուն խատուտիկ,

Բարտիներու խարշափն ու ծափն հանդարտիկ,

Եվ համերգը խանդոտ` գետին մոլորուն:

Կըստվարանա ալիքն հրճվոտ այս ճիչին,

Ու կը բախղի հոգվույս պորփյուր քարափին,

Ու կ’ոռոգե զիս փրփուրին մեջ ծըփին

Երբ խնկագույն լույսերն ինձմե կը փախչին:

Արծաթ լույսերն հիմակ տակավ կը ծաղկին,

Ու կը ցայտե թավ հեծեծանքն ուտերուն,

Լազվարթ ժամեր լուսնի շիթ շիթ կաթիլքին

Մեջ կը թրթռան իրենց համբույրն անանուն…

Եվ հոգիներ կ’իյնան անոնց ծնրադիր,

Սիերգությանց ըմպած հըմայքն հըրեղեն.

Պայեր անոնց միստիք ճամբան կը պեղեն,

Ու կը ցնծան լույսով` զենիթ ու նատիր:

Ու կը բացվի փալփլուն` գիշերն երջանիկ,

Արձագանգներ կը խաղան դեռ հոս ու հոն.

Քերթված մըն է ցայգն համորեն, ջի՜նջ գեղոն`

Որ կ’երփներգե ծափ ու ծիծաղ ու ծաղիկ:

ԱՌՏՎԱՆ ԱՐԵՎԻՆ ՄԵՋ

Ահա՜ կ’անցնի ցայգս անքուն,

Մութին ծածքը կը մաշի.

Ու կը կաթե կույսն այգուն

Իր քողքին մեջ մըշուշի:

Անցան սայլերն ալ դանդաղ,

Ու մըշակներն երգեցիկ,

Ու բանվորներն ու հոտաղ`

Ճամբաներեն բալաձիգ:

Ճառագայթներ խուսափուկ

Լիճերուն մեջ կը խաղան,

Եվ հանկարծ թույր մը դեղձան

Կը ներկե ջուրը փափուկ:

Ու բոցեղեն լեզվակներ

Կը ծըծեն մեգն համորեն,

Արևին կյա՜նքն հըրեղեն,

Արևին փա՜ռքն անըստվեր…

Հոգիես ներս կը խուժե

Քրքումն ալիքի նըման,

Եվ հովիկին առտըվան

Գինովությունն հաշիշե:

Լիճը բոսոր հարսնուկի,

Ցորենի ծովը կանանչ,

Կը հծծին տաղն անճանաչ

Մըտերմասաց շըշուկի:

Ու մարմանդները ճանճկեն,

Ու սարերը կապտորակ

Եղկ հծծյունով մը կ’երգեն

Լույսին ոսկի պատարագ:

Տունկեր ռեհան ծաթրինի

Կը ծըխեն խունկ մը վայրի,

Որ կ’ամպանա ու կ’այրի

Բուրվառին մեջ արփենի:

Հոգիես նե՜րս կը խուժե

Քրքումն ալիքի նըման,

Եվ հովիկին առտըվան

Գինովությունն հաշիշե…

ԿԱՊՈՒՅՏ ՀԱԾՈՒՄՆԵՐ

Կը դառնա ժիր կախիլներն իմ ապրըշումե անրջանքիս,

Ոլորելով դեղին, ճերմակ մահն երբեմնի շերասներուն.

Խըռովանքիս մեջ կըսպասեմ, ո՞ւր, արդյոք ո՜ւր պիտի հանգի

Կույս ու ծաղիկ երազներուս դեղձան շառափը մարմըրուն:

Դառն հրճվանքով ես կը դիտեմ խելխոլ շրջպարն այդ դարձդարձիկ,

Գիրկն անդորրիս կիսամըրափ և անձկանքիս մեջ ամրափակ,

Տենչ մը դալար բաղեղի պես կը պլլըվի հոգվույս բաղձիկ`

Զոր տենդագին կը գալարեր հուր սերերուն ուժգին պապակ:

Հապօ՜ն, անցի՜ր, ծըծե́ հեշտին համբույրն անույշ լելակներուն,

Ու թևաբախ սուրա հոն` ուր զույգ մը դաշտեր բիլ սմբուլի

Քեզ կըսպասեն` խնկապատար ցայգուն ցողովը թաթավուն,

Իրենց անհուպ միայնության մեջ` սըգավոր ու հեշտալի:

Շրջանն ըրե մարմանդներուն ու ծաղկածին հովիտներուն,

Անցիր տըմույն ըստվերներու մեջ աղոթող անտառներեն,

Գոտի հյուսե շուրջն ալևոր քարշեպներուն ու գալարուն

Գետին վըրա` որ կը վազե հըռնդալեն ու հևալեն:

Անցիր փաղփուն հյուսիսայգին բորբ աչքերու շամանդաղին,

Մինչև երդեմն արտորսրազօծ` կանացի բոց հոգիներուն,

Ըսե կրակոտ նայվածքներուն թե մանո՜ւկն եմ իրենց խաղին

Ու տար անոնց դողն ըստվերոտ պաղատանքիս իմ մոլորուն:

Այս իրիկուն, լուռ, անշըշուկ, օրհասին հետ բզզյուններուն,

Ու խաղաղիկ հորձանքին մեջ թռչուններու ցագանդորրին,

Այս իրիկուն, թե՜լն անուրջիս, գընա́, անցի՜ր, հուշիկ հեռո՜ւն`

Լուսածըրար երկինքներու ճամբաներեն լայն ու լըռին:

Խոլ դարձիդ մեջ, գընա́ պահ մը կայքն ադամանդ աշխարհներուն,

Ժապավենիդ վրա շարելով անոնց արցունքը գունագեղ.

Խորասուզե ծոպդ ոսկեզօծ` ծովածիծաղ ու թրթըռուն

Քընարին բիլ նայվածքներուն ծփծփանքին մեջ հորդազեղ:

Ու շնչահատ վազե մինչև միգամածներն ոսկեփոշի,

Ու ցնծագին անցիր անոնց մըշուշապատ շավիղներեն,

Բայց անոնց բյուր շըլացքներեն քու ճղճիմ հուրքդ երբոր մաշի,

Փոթով ինծի́, փոթով ինծի́, փութով ինծի́ դարձիր նորեն…

Link to post
Share on other sites
  • Replies 64
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

ՆՈՐ ՏԱՂԵՐ

< 1906 – 1907 >

ՎԱՅՐԿՅԱՆ

Սա արդեն կա այստեղ...

ՋՈՒՐԻՆ ԴԱՐՁԻՆ

Երբ բըլուրն ի վար

Աղբյուրեն դարձին,

Իր վասքի խուրձին

Մեջը սողոսկի

Նուրբ մատիկն ոսկի

Արևի լույսին.

Հին սափորն ուսին

Երբ բըլուրն ի վար

Աղբյուրեն դարձին,

Մեղմով ծածանի

Լաջակն հողմավար`

Թևով թռչունի.

Ու ծիածանի

Թույրով պսպըղա

Աչքն իր գեղանի.

Եվ երբոր ցնծա

Հնչյունը` ծնծղա

Զարդոսկիներուն.

Տենչանքով անհուն

Հոգիս պիտ’ ըղձա

Գանձեր` զոր չունի:

Ծարավ շիղին պես

Պիտ’ ըղձա անի

Երկու կաթիլ ջուր

Շուրթերուն իր կեզ:

Եվ իր ճակատին`

Զովացքը ցրտին,

Ճակատին կըրակ`

Զովացքը ցրտին,

Կարմիր սափորի

Ջուրին սառնորակ

Ցողովը բերրի`

Կակաջ ձեռքերու…

Ա՜հ, այս իրիկուն

Սափորն իր ուսին

Աղբյուրեն դարձին`

Սիրույս անանուն

Ջերմ սարսուռներով

Կը դողա սոսին…

ՄԱՌԱԽՈՒՂ

Նայ շոգոլին կապտորակ, թևատարած կը նստի

Ավաններուն լըռանիստ` նըվաղումին մեջ ոսկի.

Կարծես ծուխ մը հողն անդուլ դուրս կու տա իմ ծերպերեն:

Ու կը խայթե իմ հոգիս պարապն այս հոծ կապույտին,

Բիլ պատմուճան լուսաթել` որուն փախեր է կույսն հին:

Ու մըշուշը կը լայննա, ու մըշուշը կը լենա

Արտերուն մեջ` ուր խարտյաշ խուրձերն ինկան գիրկ գրկի:

ԱՆՁՐԵՎ

Բացաստանը վարագուրեց անձրևին քողքն ամպային.

Գյուղակն համբուն ողողեր է ջուրին ծափծափն ընդհանուր.

Անդերու մեջ կը կաթոտի ճերմակ փրփուրն արծպային:

Օ՜հ լիությունն ու ամեն կողմ հրճվանքի պես կը գեղու.

Օ՜հ, քաղցրությո՜ւնն ուր կը թառի անուրջս անհագ զերթ մեղու:

Տարափն անդուլ կը լըճանա, կը շափշափե միշտ խայտակ,

Եվ արևի պես կը փայլի ճամբուն սալարկն ըսպիտակ…

ԱՆԴԱՐՁ

Լուսնի լույսը ծառերեն ծաղիկի պես էր կախվեր.

Ապրիմ-մեռնիմ մը ձեռքըս` սիրույս ճամբան ես ինկա.

Ա՜հ, լսեի՜ր, տերևին հովը ինչեր կը հծծեր:

«Կը սիրե́ զիս, չի սիրեր, քի՜չ մը, բընա́վ… տարփագի՜ն…»

Մեկիկ մեկիկ փետտեցի, գաղձերուն հետ ձանձրույթիս

Եվ արյունող փուշին հետ սրտիս մխվող թախծանքին:

Ինչպե՜ս կրկնեմ բարբառը երիցուկին մարգարե,

Հե՜ք ծաղիկ, զոր խեղդեցի վայրկյանի մը մեջ անհույս`

Ուր ձեռքիս մեջ կը սուրար ձեռքիդ երազն համպարե:

Ինչպե՜ս կրկնեմ տաղերը նարկիսներուն ու վարդին,

Ու վիպերգը` կեռասե բադրոններուն վրա ձյունող

Ճերմակ բուրյան շափրակի բադիլներու մեղեդի՜ն:

Շամանդաղին մեջ` թել թել կ’իյնա ջրցայտքն անտարբեր.

Լուսնի լույսին կ’երկարին առվակի զույգ մը թևեր,

Ու շրջավայրը կ’ըլլա աղապատանք մը տարփոտ:

Ճամբուն վըրա կը կրկնե աղբյուրն անվերջ հեքեաթներ,

Գուռն հիացիկ մանուկի աչքի մը պես է բացվեր.

Ջըրաբքին մեջ կ’ուրվագրե լուսինն աղջկան մը պատկեր:

Թավուտին մեջ թևաբաց, ահա՜, տեսիլդ է կայներ.

Այծտերևին հոտևան մատերն հերքըդ կը շոյեն,

Ու տերևներ վահերոտ կու տան իրենց համբույրներ:

Մառախուղով կը լենա հի շրջագիծն երազիս,

Ուր ամբարձիկ մարմինիդ հըպարտ շուշանն է կեցեր.

Հոգվույդ կարմիր կարոտի, ա՜հ, պատարա՜գ ըրե զիա:

Ապրիմ-մեռնիմ մը ձեռքս` նորեն դաշտերն ես ինկա

Ու տենչանքներըս գրկած լացի մարմինդ ըսպիտակ.

Դարձիս` ճամբան` սառե՜ր էր` տամուկ` լո՜ւյս ու լուսինկա…

ՍԻՐԵՐԳ

Տրցակ մը հուսամ ու տրցակ մը ուրց

Բե՜ր, ձեռքերովըդ դիր զույգ քունքերուս

Խուցիս մեջ ցանե յուղեր հինավուրց:

Դափը ձեռքս առնեմ նորեն այս գիշեր,

Ու ձյուն լույսին հետ հոգվույս ցրցքնե

Բամբիռի ծափեր, վարդի թերթ ու շեր:

Բամբիռի ծափեր, վարդի թերթ ու շեր,

Բուրյան շոգիներ համպար ու մուշկի,

Որ կ’երփնազօծեն երեկվան հուշեր:

Քիչ մը թեֆարիգ, քիչ մը վարդի ջուր,

Արև ծիծաղի, ծաղիկ ծամերու,

Զարդոսկիներու բազմաճաճանչ հուր:

Եվ համբույր աննյութ, և համբույր անանց

Վարդով գծգծված անհուպ շուրթերու

Կուսածին այգեր` փաղփուն լուսացանց:

Անուրջի ցայտքեր, ըղձակաթ գիծեր,

Դո՜ւք, շարժուձևեր կաքավ ու պարի`

Հոգիս բանտեցիք դղյակին մեջ ձեր:

Հոգիս բանտեցի՜ք դղյակին մեջ ձեր,

Ճերմակ ըստեղներ հուր դաշնամուրին,

Պըղինձի թույրեր, ոսկեցոլ կայծե՜ր…

ՋՐՏՈՒՔ

Հոյհո˜յ, գետը կը թրջե ցայգուն քամակն արծաթված,

Իր հորձքին մեջ ծեծելով անդուլ խարակն ու խութրե,

Հոյհո˜յ, առուն հորդառատ դալարին ծոցն է նետվեր

Գաղջ տափանքովն իր ջուրին` ուր արևը կապրի դեռ:

Հակուրջի մը առկախված գյուղակն անդին կ’օրորեն

Անրջական հյուսվածքով խումբ մը ժայռի ըստվերներ.

Վանքին բակը` կ’աղոթեն հսկա ծառեր տարորեն`

Վանքին տամուկ շուքին մեջ Աստվածամարն է կայներ:

Ու գյուղակին դեմ նստած, երիտասարդ ու պչրոտ,

Պարտեզները` վերեն վար վազեղ ջուրին կըսպասեն.

Ա˜լ հափրացած խոլ գետին անարգավանդ դարպասեն,

Ու լըռությունը խածնող լուտանքներեն արհավրոտ:

Գիշերային ջրտուքի ժամն է. լույսին մեջ կայնած,

Մըշակն անքուն կըսպասե˜, ոտքը բոպիկ, բահն ուսին.

Պարտեզներուն վրա կ’իջնե թեթև քողք մը միգամած,

Ու ծղրիդներ` լուսնակով արբշիռ` անվերջ կը խոսին:

Ու կ’երկարի լուսարծաթ ժապավենն այդ բարբառին,

Ինչպես փախչող ասուպի կոթունները կաթնավետ.

Ավազին վրա ջուրերու կ’իյնա շառաչը վետվետ,

Խարույկները` ոսկեբաշ` ուրեք ուրեք կը վառին:

Հոյհո˜յ, առուն կը հասնի ցանկապատին քովերեն

Եվ երգի քուղ մը կու գա պլլըված իր գոտիիեն.

Սյուք մը կ’անցնի, տերևներ ծա˜փ կը զարկեն ցնծագին.

Վարեն ջուրը կը խայտա, կը խնդա լույսն ալ վերեն:

Թումբերն անդուլ կը բացվին, ջուրն անդադար կ’ոռոգե

Վարդենիքը, թըթաստանն և ածուները բոլոր.

Բահի երկու հարվածով նայիս առուն կը թեքե

Օձաճապուկ ձևերով հեղուկ իրանն իր ոլոր:

Ջուրն անընդմեջ կը հոսի, ածուները կը լենան,

Ու, դարձուցե˜ք, կը կանչե ծեր մը մութին ընդմեջեն.

Խիճերուն ու սիկին մեջ, բահերը` խու˜լ կը հնչեն,

Ու դարձուցե́ք, դարձուցե́ք, կը կոչե ձայնն անխափան:

Աղջնակ մը, արիշին տակ նստած, շե˜ր կը կանչե,

Ու հոգնաբեկ մըշակին օրորի մը պես կու գա.

Հողը ծըծեց ջուրերուն տարփանքն` որ դեռ կը հնչե,

Եվ հիմակ` թա˜ց` կը խոկա իր երկունքին ապագա:

ԱՍՏՎԱԾԱՄԱ՜Ր

«… Ահա կաթիլ մի կաթին քումդ

կուսությանն յանձն իմ անձևեալ…»:

ՆԱՐԵԿԱՑԻ

Կաթնածաղիկ ու կապտերակ գիշերին մեջ,

Մեղեսիկի փոշի մըշուշն ըլլամ ըսփյուռ,

Եվ առիգածն արծաթ` ջուրին վրա հոլանի.

Ու ձա́յն ըլլամ, ըլլամ ծաղիկ, ըլլամ զեփյո՜ւռ`

Ամեն իրի հըպիմ փափուկ թևերով գեջ:

Ըլլամ ջրվեժ, ըլլամ գետափ մը գեղանի,

Ըստվե՜րն ըլլամ խնկագունած այգիներուն,

Կամ գետերու հողմիկ ավաչն, ու գետաձայն

Հովին անցքը` երկնասլացիկ կատարներեն:

Կաթնածաղիկ ու կապտերակ գիշերին մեջ

Պատկե՜րն ըլլամ սրբազնացած ես համայնին.

ԻՐԻԿՆԱՅԻՆ

Հորիզոնեն վար` քայքայված ու ցրվուն`

Ոսկինարգես շառայլի փունջ մը կ’իյնա`

Իրենց մորկան կաթին կանչող ուլերուն

Ժեռուտ ճամբեն գյուղակ դարձող հոտին վրա:

Բաժնըվեցան իրարմե արփ ու մըշակ,

Լուռ ձեռքերնին ճակտին դրած մեկմեկու.

Ու` թիկադարձ` արևն ալ տուն կը դառնա

Լեռներեն վեր` ինչպես մշակն իջավ գյուղ.

Առանց գոլին զույգ մ’հոգածու ձեռքերու,

Բացավայրին մեջ կը մնան հասկ ու շյուղ,

Գիշերին հետ անգա˜մ մըն ալ միս մինակ...

Սարերուն վրա կանանչ լույս մը կը ցաթի,

Աղբյուրներուն կ’ելլե խմբերգն արծաթի...

Օղամանյա՜կ մ’ըլլամ ես թանկ ու անմարմին.

Ու շուշփա մը` հաղորդությանըդ կաթնաձիր.

Գետեն անդին կանչե́ս ինծի. Անցի՜ր, անցի՜ր.

Մեծ դյութության կայծակ մը տաս մըթար հոգվույս,

Ա՜հ, չըգայթի՜մ կոհակն ի վար ցընորքներուս.

Թող համբուրե́ աչքըս ջահումն աչքերուդ կույս,

Ու չը գաթի՜մ կոհակն ի վար ցընորքներուս:

Երազներու սատափ ճամբեն ցրվե ամպեր.

Եվ իղձերուս կապույտին վրա, վարդ ամպը դուն,

Վարդ ամպն եղիր` մերթ լուսինկան պատմուճանող.

Դո́ւն, աստվածյան գեղեցկության արփավո՜ր հարս,

Սրբության կո՜ւյսը ձյունաձիր ու հըրավարս:

Գիշերին մեջ կ’իջնե դեռ ուղխը լուսեղեն,

Կաթիլ մը կաթ` ծովացած քու սրբութենեն.

Ու տե՜ս, ահա՜, կը մանկանամ, Աստվածամար,

Ու տե՜ս, ահա՜ կը մանկանամ գիշերին մեջ`

Ուր լըսեցի ես ատվածյան ձայնին վայրէջ`

Որ կը շաչեր ատվածարյալ հոգվույս համար:

Edited by Katranide
Link to post
Share on other sites

ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ

Այսօր կաթվարդ երազե մը արթնցա,

Գիրկս անսահման գրգանքներու է բացվեր.

Այսօր, Հոգի՜ս, պիտի բերեն քեզ ընծա`

Նոր տարփանքիս թիթեռնիկին հիր թևեր:

Այսօր իղձով իմ հոգիս է կաթոգներ.

Ու վարդի պես կը բացվի սիրտս իբր ընծա

Այն լուսոռոգ պատարագին սրբանվեր`

Զոր ծափեցին իմ երազներըս ծնծղա:

Երեկ գիշեր իմ հոգիս էր ինկած, ա՜,

Թավիշին մեջ կախօրրանին ոսկելույս`

Զոր ճոճեցին մինչև առտու, մինչև Հո՜ւյս,

Ըղձանույշներն իմ Տենչանքիս նախընծա:

Այսօր լույսի ծովի մը մեջ արթնցա,

Գիրկս անհամար գրգանքներու է բացվեր.

Այսօր, Հոգի՜ս, պիտի բերեն քեզ ընծա`

Մանուկ բույրեր ու աղջըկան պես հովեր:

Մանուկ բույրեր ու աղջըկան պես հովե՜ր`

Որոնց շուրթերն էին փնտռեր` ընդերկար,

Ու գրկանքին խանդաղատ գիրկս էր բացվեր.

Երանությո՜ւն, լույս րոպեին մեջ երկա՜ր…

Եկո՜ւր անցնինք ծառաստանեն այս Լույսին

Ու բացատքեն Գույնին, Ձևին ու Բույրին.

Եկո՜ւր, Հոգի՜ս, եկուր երթա́նք միասին,

Մինչ եդեմն աստվածաձայն, մինչև Կի՜ն…

ԱՆՁՐԵՎ

Համբույրն անձրևին կը թրջե շափշափ

Վարդե գիծն անտես բերանի մը շուրջ.

Օ՜հ, աս ի՜նչ գրգանք, օ՜հ, աս ի՜նչ անուրջ,

Որ կը տամկանա, գաղտ ու հապըշտապ,

Իմ ծարավահյուծ, իմ որբևայրի

Իրիկուններուս շուշանին վրա լուրջ:

Անձրևոտ գիշեր, գըթա՜ծ քահանա,

Թոթվե́ սրբենի այդ տեղատարափ,

Զերթ մասունքի ջուր, մինչև որ լենա,

Մինչև որ լենա́ բաժակն այս պարապ

Իմ երազներուս` որ ոսկեմըրափ

Կեցեր է ցրտոտ մարմարին վըրա:

Օ՜հ, աս ի՜նչ գրգանք, ո՜հ, աս ի՜նչ անլուրջ

Կու տաս դուն ինծի, անձրևո՜տ գիշեր,

Դո́ւն, բարեբարի, գըթա՜ծ քահանա,

Որ հին Լլկանքին ժողվեցար փուշեր,

Եվ հնչեցուցիր բարբառդ` ոսկի՜ մուրճ`

Որ մտքիս նոր նոր դուռեր կը բանա…

ՁՅՈՒՆԻ ՑՆԾՈՒԹՅՈՒՆ

Պարն է ձյունին, փըսփըսուքը պարիկներուն,

Որ տանիքին վըրա ճերմակ էջ մը կ’ըլլա`

Ուր կը հածի գիրն անուրջիս իմ օրորուն.

Որ հոգվույս մեջ ալ ըսպիտակ հորձք մը կ’ըլլա,

Ու կը խուժե սարերեն վար գորշ խոհանքիս:

Եվ արևի՜ն կըսպասեմ ես ցնծապատար,

Միտքս երազով լեցուն համակ, ձեռքըս ծափո՜վ.

Ունկնդրելու զանգակն անոր պատարագին,

Ու դիտելու լույսե աղջիկն` որ պիտի տար

Առջի բոցը` հուզումներուս մարած ճրագին:

Ու տոնելու` ճերմակին փառքն այս ձյունեղեն,

Որ կապույտին կը լըծորդվի հորիզոնին,

Ու կանչելու համար հոգվույս մեջ վերըստին

Ճերմակ հույլ մը վաղընջական անուջներեն,

Ու ծիածան մը գույներե վայրավատին:

ՄԵՌԵԼՈՑ

Ձըմեռ օր մը, ձյունին մեջեն, մի՜ս մինակ,

Ձյունին մեջեն, տարի դամբանն իմ հոգվույս,

Ժըպիտով մը ծընած նախկին սեր մը կույս.

Ըսպիտա՜կ վարդ` որ սառեցավ ձյունին տակ:

Գարուն մըն էր, և համբույրով մը բացված

Դամասկյա՜ն վարդ, գինով արփին գաղջ գոլեն,

Նըվաղեցավ ուրիշ սեր մը. սե՜րն, Աստվա՜ծ`

Զոր թաղեցի` հուսատ` կյանքին կանչելեն:

Ամրան վերջն էր, նայվածքով մը բողբոջած

Դեղին վա՜րդս ալ ինկավ աշնան շունչին տակ.

Զայն վերցուցի` արդե՜ն եղած հիշատակ`

Ու նետեցի փոսին մեջ, ցա́ծ, ա՜հ, շա՜տ ցած:

Հիմակ ամեն մեռելոցի ես կ’երթամ

Անոնց մարմար դամբանին վրա ցրտաշունչ,

Աղոթքով մը, կորած մեգին մեջ տարտամ

Անոնց հուշքին, մշտաթափառ, լուռ ու մունջ:

Ու մըտածումս ալ, հե՜ք նժդեհ քահանա,

Խաչ հանելով կ’ըսե բառեր լուսեղեն.

Ու նայվածքըս կը բաժնըվի երբ հողեն,

Հոգիս զանոնք անգա՜մ մըն ալ կը մոռնա…

ԵՐԿՈՒ ՍՐԻՆԳ

Սըրինգ մը կա մեջն երկդիմի այս առտըվան,

Ծայրիի մեծ ծառին դիմաց ու փըլուզակ

Մոլոշագույն որմին ներքև. սրինգ մը որ

Կը սրսըփա ցավը լույսին, որ չի՜ ծագիր…

Երգը` իղձի և հառաչի թել մըն է հիր`

Որ կը հյուսվի անկյուններու մեջ արփավոր

Ու կ’անհետի մըշուշին մեջ` որպես սուզակ`

Որ ընդերկար հավետ չի՜ գար ա́լ երևան:

Սըրինգ մըն ալ այս առտըվան մեջ մանիշակ.

Սըրինգն է ան այծհորանի անդեորդին,

Որ մեգին մեջ կը ծագեցնե երգ մը` արև

Ու ասմազուն ըմպած դաշտին տեսիլն ագող:

Ու տրտմությունն այգուն` կ’իյնա պահ մը զերթ քող.

Ու պարի կը քումայթ` հոգվույն կու տա բարև.

Ու ծառերու ծաղկանըկար սրահակն հեշտին

Ընդնշմարել կու տա լիճին կույսը խաժակ:

Link to post
Share on other sites

ԻՐԻԿՆԱՅԻՆ

Հորիզոնեն վար` քայքայված ու ցրվուն`

Ոսկինարգես շառայլի փունջ մը կ’իյնա`

Իրենց մոևկան կաթին կանչող ուլերուն

Ժեռուտ ճամբեն գյուղակ դարձող հոտին վրա:

Բաժնըվեցան իրարմե ափ ու մըշակ,

Լո՜ւռ` ձեռքերնին ճակտին դըրած մեկմեկու.

Ու` թիկնադարձ` արևն ա՜լ տուն կը դառնա

Լեռներեն վեր` ինչպես մըշակն իջավ գյուղ.

Առանց գոլին զույգ մ’հոգածու ձեռքերու,

Բացավայրին մեջ կը մընան հասկ ու շյուղ,

Գիշերին հետ անգա՜մ մըն ալ միս մինակ…

Սարերուն վրա կանանչ լույս մը կը ցաթի,

Աղբյուրներուն կ’ելլե խմբերգն արծաթի…

ԱՅԳԱՅԻՆ

Տանիքներուն վրա մըշուշը սնդուս լաթեր կը փռե,

Ճամբաներուն վրա արևը` շոգոլիներ ոսկեման:

Որմին մոտիկ սըրինգն անվերջ` մեղեդիներ արույրե,

Որմին վըրան` աքլորն ըսթափ զարթոնքի ճիչն անսահման.

Որմին դիմաց աղջընակ մը տարփոտ երգեր կ’ոլորե:

Աղավնիներ, լաչակներու պես մետաքսե գունագեղ,

Ճամբե ճամբա կը թռչըտին թույլ ծածանքով վաղանցիկ:

Աղբյուրին լուրջ ջուրերուն մեջ Ճառագայթ մը կ’իյնա շեղ,

Աղբյուրին հարթ քարին վըրա` ձայնն հոտաղին երգեցիկ,

Աղբյուրին զով ծորակին հուպ` համբույրն հովին առտըվան:

Խա˜չ հանեցեք ու ծա˜փ զարկեք, կարմրություններ հինայի

Եվ արփածին թույրեր հագած` առտուն մեզի կը նայի:

Ծառերուն վրա թռչուններու խմբերգն հիմակ կ’անձրևե,

Ծառերուն տակ ծիծաղը ջինջ, մանկան` հոգնած կաքավե,

Ծառերուն քով բույրը ծաղկին` ամեն գույնե ու ձևե...

ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՄԸ

Ա

ԳԱՐՆԱՆ ՀՅՈՒՂԸ

Դաշտին գոգը` արահետի մը եզերք`

Հյուղակ մը կա կանանչներով ողողված.

Իր առջևեն կ’անցնի ամեն տըվարած,

Ճնճղուկներուն կը կարկաջե հոն խմբերգ,

Ու տատրակներն ալ` ծիածան ուլերով`

Քմշոտ գիծ մը կը գըծեն շուրջն երազե:

Ու պորերը, խոշոր շարժուն շուշաններ`

Կ’երազեն մեջն ավազանին տաղին զով,

Ուր ծորակին մեներգն անվերջ կը վազե:

Մասրենիներ, վարդենիներ, մորիներ

Հոն, ձեռքձեռքի, դարձպար մըն են բոլորեր.

Ծաղկանույշներ, ապրիմմեռնիմ, մանիշակ`

Բուռ բուռ բերեր որմերուն տակ են ցաներ;

Թաղարներեն մեխակի հույլ մ’աչվըներ

Կը ժպտերգեն հյուղին հրճվանքն անապակ:

Օ˜հ, գաղջ ավիշն` որ չորս կողմեն կը պոռթկա`

Ընձյուղներով, շաքիլներով անհամար.

Օ˜հ, արևոտ խայտա˜նքն արբուն աղջըկա`

Որ կը զեղու բորբոք, արբշիռ ու հիմար,

Կուրծքեն գարնան` որ թևերովն իր բաղեղ`

Տարփո˜տ` հյուղին կը պլլըվի, ու հեղեղ

Կանանչով մը կու տա համբույրն իր դալար:

Բ

ՀՅՈՒՂԱԿԻՆ ԳԱՐՈՒՆԸ

Բերնիս քսած էր բաժակն մեղրակաթ

Համբույրներու` նայադը ծով երազին.

Ու չըլըքած դեռ ափունքները ակատ

Շրթունքներու` քունես ընդոստ արթնցա:

Ու գրկիս մեջ գըտա առտուն լուսոռագ.

Առտուն, մանուկ` որ զերթ ծաղիկ կը ցնծա`

Եվ հոգիին կը բերե բույրն իր նորոգ:

Եվ ամեն կողմ երթալ ուզող զերթ մանուկ`

Առտուն` իմ ալ թևես բռնեց ու տարավ

Բըլուրեն վեր, դեպի դաշտերը տամուկ:

Եվ անապակ իր աչքերուն նայեցա,

Եվ աշխարհնե¯ր տըվավ հոգվույս իբր ընծա.

Հորիզոններ` ուր լույսն անհուն կը ցնծա:

Եվ հոտևան ձեռքին եղա ուշադիր`

Որ շեշտակի Գարնան Հյուղը ցույց կու տար,

Որուն դըրան առջին կանգուն կը խայտար

Ծաղկապատար Հյուղին Գարունն անպատիր:

Ծաղիկ մըն էր, ա́ն ալ, փափուկ ու բուրյան.

Ծաղիկ` վարսերն ոսկինարգես` ու ծաղիկ`

Թարթիչներն ու աչքեր, ճակատը շուշան,

Եվ այտերը կակաջ, բերնակն ատրուշան,

Թուշը շափրակ, այծտերևի` իր ձեռքեր:

Եվ հոգին բուրմունքի հեշտ երգն ուներ,

Արփիացող, ջերմին ինչպես ծաղկանոց:

Ու կը կանչեր գունեղ Գարունն Հյուղին` զիս

Իր համբույրին` ինչպես նայադն երազիս...

Գ

ԵՐԳԸ

Ժամը վեցն է. հյուղակը ծառերուն դեմ կը խնդա,

Ու չարանճար հովիկն ալ` ծաղիկներուն խաղընկեր`

Կը պղպջա անհանդարտ, պզտիկ երգեր կը կարդա,

Եվ կամ նայիս մերթ գաղտնի լըճակին ծոցն է ինկեր:

Ես երազուն, ջըրեզրի ուռենիին կռթընած,

Միջօրեին մեջ անհետ` թելն ըղձանքիս կը փնտռեմ

Մըտամոլոր. և հանկարծ նուրբ կամրջակ մը ոսկի`

Հյուղեն երգ մը` կ’երկարի մինչև ափունքը նըսեմ,

Մինչև ափունքն իմ հոգվույս` ուր կոհակ մը հեղակարծ`

Ոսկի գետեն արևին` եղկ ու հանդարտ կը պառկի:

Օ¯հ, Գարունն է Հյուղակին, շատըրվանը իմ հոգվույս`

Որ լուսասփյուռ ցայտք մըն ալ ինծի նըվեր կը խրկե.

Ու միջօրեն բովանդակ մետաքսահյուս ցանց մըն է,

Ուր բռնըված կը կանչե բաղձիկ թռչնակն իմ հոգվույս:

Պիտի սիրե˜ քեզ հոգիս, պիտի սիրե́, սիրո˜ղ ձայն,

Քու հոգիեդ բաժնըվող ցայտուն կոհակն արծաթի`

Որուն փըշուրն անհամար աստղերու պես կը ցաթի

Տիեզերքին մեջ հոգվույս` ուր ոլորտներ կ’իյնան լայն...

Գ

ՄՐՈՒՐԸ

Իրիկունը, մետաքսներու պես փափուկ,

Իրիկունը` շարբաթներու պես քաղցր է.

Իրիկունը բաժակն է` շուրթը տամուկ`

Զոր նայադ մը հըրամցնել կը բերե:

Օ¯հ, զիս հիմակ Հյուղակին դուռը տարեք,

Լուսաշապիկ օդանույշներն իրիկվան,

Ավազանին մոտ, ուռիին շուքին տակ`

Օ¯հ, զիս հիմակ Հյուղակին դու¯ռը տարեք...

Այս բաժակին հեղուկն ո¯րքան հոտևան,

Այս բաժակին հեղուկն ո¯րքան հեշտին է.

Թավուտքներուն մեջը քիչ քիչ կը մթնե°.

Պիտի փշրի¯, ավա¯ղ բաժակն իրիկվան...

Շրթունքներըս վերջին պուտին են ծարավ,

Ու ես Գարնան Հյուղին տարփոտ շուքին տակ

Կը մոտեցնեմ երկչոտ` բաժակն իմ բերնիս.

Դիրտ մը կա հոն, զոր հեգ հոգիս դժվարավ

Ու դառնությամբ կ’ըմպե մինչև իր հատակ.

Հյուղին կույսն է` որ մըթնշաղն իմ սրտիս

Կը սևցընե` հեծկլտուքով մը գիշեր...

Կը հեծեծե¯, ու չի¯ գիտեր թե քարին

Քսվող սի°րտս ալ ինկավ ցայգուն մեջ խորին:

Ե

ՀՅՈՒՂԻՆ ԱՇՈՒՆԸ

Այծամարդեր հովին քընարն են կապտեր,

Ու պարտեզին մեջ անդադար կը զարնեն

Խառնանըվագ եղանակ մը խոլական,

Որուն ջուրն ալ կը խառնե մերթ իր կերկեր:

Շահպրակները մընացեր են առանձին,

Լըճակին շուրջ, թաղարներու մեջ թիթեղ,

Ուր կայլակ մը կ’իյնա կարմիր, ամեն հեղ

Որ հովն անխիղճ ենթարկե ծառն իր ցունցին:

Հյուղն աներազ կու լա ժըպիտ մը դաժան.

Պատուհաններն` անվարագույր, անթաղար,

Տժգույն բաղձանքն ունին լույս ու կապույտի:

Ու ցավագին և անթարթիչ զերթ կոպեր,

Ուր անծաղիկ աշնան մը թուխպը խաղար`

Հոն անանուն թախծություն մը կը փթթի:

Բայց, երիզված ժապավենով ճառագայթ`

Ամպերու գորշ վիժակներու ետևեն`

Կ’երևա բիլ շարեշապիկ մը անգայտ`

Որ երազել կու տա հյուղին, ոսկեղեն

Պերճությունը նոր գարունի մը կույսին...

Link to post
Share on other sites

ԸԼԼԱՅԻ՜, ԸԼԼԱՅԻ՜

< 1 > ԻՐԻԿՈՒՆԸ

Սա իրիկունն ըլլայի ես

Եվ հըպեի ճակտին ամեն անցորդի.

Չքնաղագեղ ու նըվաղուն համուրդի

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես

Լի երգովը թռչուններուն, մարդերուն,

Ու տարրերուն աղաղակովը տրոփուն`

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկո՜ւնն ես ըլլայի,

Թույլ, նազենի, շըղարշային, վարդաբույր,

Ու ծըփայի զերթ ոսկեսար վարագույր

Վըրան ամեն հոգիի:

Սա իրիկունն ըլլայի ես,

Լի զանգակին ղողանջներովն երկնաճեմ.

Խնկապատար, օծուն, ջահված ժամի պես

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,

Իմ անդորրիս մեջ ոգևար աղջըկան

Մարող ճըրագին բոցեր տալու իմ ցոլքես.

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,

Լի գոռ ծափովն օվկիանի ջուրերուն.

Սյուքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն,

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,

Որ կը մարի սատափ բարձին վրա ցայոգւն.

Թոթափող վարսքը գունագեղ ու ծըփուն,

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,

Համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագես,

Եվ ամենուն տայի հուրքես, ոսկիես:

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

< 2 > ՀՈՎԸ

Ալիքներուն վրա ոստոստող հովն ըլլայի,

Ու ջուրերուն խուլ մըռունջին մեջ ամայի`

Ձկնորսներու ականջն ի վար փսփըսայի

Սիրված երգեր, քաղցրությունով օծուն բառեր:

Հովն ըլլայի կատարներուն վրա պարանցկ,

Եվ ձյունին մեջ սառող մարդուն համար լայի.

Հովն ըլլայի` հողվրտիքին մեջ երգեցիկ`

Ու ծըծեի տակավ գաղտնիքն ես Անդիի:

Ձմեռներուն ես ամպավար հովն ըլլայի,

Եվ անճըրագ խուղերու ճիչն հորձքիս ձուլած,

Անցորդներու հոգվույն վըրա փշրվեի

Իբրև ալիք: Ու տանեի հոն կոծն ու լաց

Տըղաբերին, ո հողին վրա կը գալարի

Եվ անսըվաղ մանուկներուն, ու գրկաբաց

Մատաղատի, որդեկորույս մորն ալ` որուն

Տարիքին բոցն հոգվույն մոխիրին մեջ կը մարի…

< 3 > ՀՅՈՒՂԸ

Դաշտի ճամբու մը վըրան,

Կամ ըստորոտը լերան,

Ուղևորին ժամանման

Ըսպասող հյուղն ըլլայի:

Ու գգվանքիս կանչեի

Ես ճամբորդներն անժաման,

Ու ճամբուն վրա մենավոր,

Ու ճամբուն վրա ոսկեման,

Եկվորներին դիմավոր`

Ծըխանիս ծուխն ամպեի:

Ու գգվանքիս կանչեի

Ուղևորներ պարտասուն,

Ու բարևի մը փոխան

Հազար բարիք ես տայի:

Հազար բարիք ես տայի.

Գոլը կրակին ճարճատուն,

Կութքը բերրի դաշտերուն,

Բոլոր միրգերն աշունի,

Ու մեղր, ու կաթ, ու գինի…

Ու լըսեի ես ցայգուն,

Քովը կրակի ճարճատուն,

Երգն իրիկվան եկվորին.

Ու ճամբեի ես ցայգուն

Երազներով պատարուն

Նինջ` իրիկվան եկվոին:

Ու լսեի ես այգուն,

Սրտապատար ու տրոփուն

Գովքն իրիկվան եկվորին.

Ու դիտեի ես այգուն,

Ու խոկայի օրն ի բուն

Երթն իրիկվան եկվորին…

Ու ձմեռներն ալ համբուն,

Հըրավիրակ զըվարթուն,

Կանգնեի քովը ճամբուն.

Ու ձյունապատ հեք մարդուն

Ես հայրորեն, լայնաբաց

Երկու թևս պարզեի.

Մի՜շտ քաղցրագին, նյութացած

Հըրավերն ես ըլլայի:

Ա՜հ, ըլլայի՜, ըլլայի՜

Դաշտի ճամբու մը վըրան,

Կա́մ ըստորոտը լերան,

Ուղևորին ժամանման

Ըսպասող հյո՜ւղն ըլլայի:

ԲԱՂՁԱՆՔ

Արտաշես Հարությունյան բանաստեղծին

Բաղձանքներու լայնշի ճամբան ըլլայի,

Որ ծաղկահյուս կողերե վեր կը մագլի,

Ու գագաթին հասած` նոր ու հեշտալի

Հորիզոնին սնդուս գիծին կը նայի:

Ու տանեի հոն հոգիներն ըսպառած,

Ձանձրույթն` որոնց ոլորտին վրա կը փլչի,

Ու ցույց տայի` լայն հորիզոն անուրջի`

Բերրի դաշտերն ու ճամբաներն անմոռաց`

Ուր քաղցրությունն հոգվույն կ’ըլլա հակուրջի:

Կատարներուն հագած երանգ հինայի,

Մրգաստանին այգինեուն, դաշտերուն

Մեջ պարագնաց հովին խմբերգն ըլլայի:

Եվ ըլլայի ձայներիզը թրթըռուն,

Աղբյուրներուն, կապուտաչվի ակերուն,

Լիճին խաղաղ, ծալծալ մրմունջն երերուն,

Շառարն հըզոր` օվկիանին, գետերուն,

Համայնական Ձայնն ըլլայի, Ձայնն անհուն

Ու խնծիղովս անպարագիծ կայտառուն

Քերթողներուն լեցվեր հոգին ամայի:

Անտառներու մենության մեջ սխրալի,

Ամբարձուղեշ ծառերու մորճ թևերուն

Վըրա թառող լըռությունն ես ըլլայի.

Կամ ըլլայի արահետը խնկագույն,

Ծառաստվերի մութ ձորձին մեջ պլլըվող.

Կամ ըլլայի կոհակուռույց ալելուն

Հարևանի հեղեղատին լուսաշող,

Ու քերթողին տաղես վանկեր ես տայի:

Երգն ըլլայի թռչուններուն ծնծղաձայն,

Ու դառնայի ուրախության ճիչ մը լայն,

Բանաստեղծի հոգիներուն մեջ նըկուն,

Ուր կը թախծի խոհանքն ամպոտ, անանուն`

Ինչպես որի` թառած շիրմի մը գլխուն:

Եվ ըլլայի Լույս, Ձև, Երանգ, Թրթըռում,

Կյանքի փաղփուն պատմուճանը ծիրանի,

Կենսաբաղձիկ հոգվույն երազն անպատում.

Եվ անձրևեն վերջ անարև ու տրտում,

Հառաչաձայն անձրևեն վերջ երբեմնի,

Նըշուլեի ես վայրկյաններ երջանիկ,

Արևաշող ժըպիտ, ծափեր ու խնդում`

Բանաստեղծի հոգիներուն մեջ մենիկ:

ՀՈՎԸ

Պատուհանըս մատնահարեց ու անցավ,

Հովն հերաձակ աշունին.

Չարաճըճի ինչպես աղջիկ մը, ինչպես

Խաղընկեր մը` դրան ետին մոռցըված`

Պատուհանըս մատնահարեց ու անցավ,

Հովն հերաձակ աշունին:

Իր ետևեն ես կը վազեմ շնչահատ,

Ու շվարուն ու հոգնած.

Ինք խույս կու տա իմ գրգանքես, թևերուս

Պարապնդումն է դատարկ.

Բայց ա՜նառակ` երկու ձեռքես կը փախչի,

Մինչ ետևեն կը վազեմ ես շնչահատ,

Ու շվարուն ու հոգնած:

Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ,

Մինչև անտա́ռն իսկ կ’երթամ.

Բայց ամենուն կրնա ընել ինք դարպաս.

Թուփին, ջուրին, տերևին.

Ու լըճակին գիրկը կ’իյնա, կամ տեսնես

Ծառին կատարն է թառած:

Մանուկի պես կը պլլըվի երբեմն ալ

Մայր թուփերու քըղանցքին.

Եվ երբ զինքը կը կանչեմ ես սրդողած`

Կը քրքըջա զինք անդին:

Շա́չ, ապտակ մը կը զարնե մերթ երեսիս,

Նույն վայրկյանին կը փախչի,

Եվ ես ի զո՜ւր կ’իյնամ նորեն ետևեն,

Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ,

Մինչև անտա́ռն իսկ կ’երթամ…

Եվ երբ հուսատ կը հեռանամ թիկնադարձ,

Կըռնակես վե՜ր կը մագլի,

Կամ մազերս կ’ուզե համրել, կամ հանկարծ

Ուժգին մեջքիս կը փարի:

Եվ երբ ցասկոտ նորեն ետիս ես դառնամ`

Վաղո՜ւց փախեր է արդեն,

Ու չորս կողմըս կ’ավրըշտըկե ու վարդեն

Կ’առնե անոր սակավարյուն շափրակներ.

Ու, դաևձյալ` երբ կը հեռանամ թիկնադարձ`

Կըռնակես վե՜ր կը մագլի…

ՏԵՐԵՎՆԵՐԸ Կ’ԸՍԵԻՆ…

Ոսկի շաղով օծեցիր

Կապույտ ծաղիկն ակերուն,

Լիճերու պորտը սարսռուն,

Ու գետակներն ափնածիր:

Արև՜, մե՜զ ալ ոսկեզօծե, արև՜, մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ…

Ոսկի թույրեր սրսկեցիր

Բըլուրներու կողն ի վար.

Փայփայեցիր հողմավար

Դաշտերուն վարսքը ցանցիր:

Արև՜, մե՜զ ալ գգվե մոտեն, արև՜, մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ…

Ոսկի մատիկդ հըպեցիր

Եվ համբույրիդ դըրիր բոց,

Իրիկվան մեջ այս հեշտին,

Մարիներուն ու մարդոց,

Աղջիներուն կաթնաձիր

Ու վարդ մըշուշ ճակատին:

Արև՜, մե՜զ ալ ողջագուրե, արև՜, մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ…

Ոսկի կյա՜նը մեզ տըվիր.

Եվ առանցքը դուն եղար

Մեր ավիշին հոծ տենչին.

Տակավին մի́ բաժնըվիր

Եվ հնչեցուր ոսկելար

Անհուն քընարդ` հե՜ղ մըն ալ.

Ուզե քիչ մը համենալ,

Համբուրե́լ մեզ վերըստին:

Ու չը ծագած դեռ ջնջին,

Բայց անգորով ու ցրտին

Լույսն անհունեն մոլորած

Լուսավորին առաջին

Կենսավետե մեզ ամենս ալ, արև՜, ամե՜նս, ամե՜նս ալ…

Link to post
Share on other sites

Կ’ԵՐԹԱ ԱՐԵՎՆ ԻՐ ԶԱՏԿԻՆ…

Կարմիր, նախշուն հավկիթի պես

Կ’երթա արևն իր Զատկին.

Ահա́ կ’առնեմ, կրկին կրկին,

Մեղույշ բարևն` իր ծառերեն

Ներս երկարող հուր թաթիկին:

Անցա՜վ ծովեն մեծ կույսն հրավարս,

Ու կապույտին եղավ ինք հարս:

Ու ջրծաղիկ մը զերթ` լայնշի

Լըճակին մեջ. ամպ-մըշուշի

Լըճակին մեջ հոիզոնին`

Դեղին թերթերն իր կ’ընդունին

Զենիթին երգը վարդագին:

Եվ երկինքի նոր տարփանքին

Եվ հիացքին զերթ նըշավակ`

Կ’ընծայվի թանկ ու փառունակ

Շողակն առջի լուսավորին:

ԻՐԻԿՎԱՆ ՄԵՋ ԽՈՐԻՆ…

Իրիկվան մեջ խորին,

Երբ օդահած կը թռչի,

Ծիրանեծաղիկ փետուր անուրջի`

Հիր ճառագայթն արևին`

Հեծքն է աղբյուրին մեջն ամեն ճիչի:

Իրիկվան մեջ խորին,

Երանգներ երբ ջուրին

Մեջը մարմըրին,

Ու թանձրամած ժըխորին

Իյնան թևերը մեկեն.

Իրիկվան մեջ խորին`

Կարկաջն աղբյուրին կը կանչե հստակ`

Հովիկ նաժիշտն` իր ջուրին

Խաժ հանդերձը փոթելու:

Եվ իրիկվան մեջ խորին,

Ծանըր ինչպես ալելու,

Կարկաջն աղբյուրին կը կանչե հստակ,

Դեռ համեցող հոտն ըսպիտակ

Գառնուկներուն`

Որոնք հեռո՜ւն`

Մըթնշաղին մեջ կ’իյնան

Բադիլներուն պես ձյունին:

Եվ իրիկվան մեջ խորին,

Իրիկվան մեջ ծավալական ու բուրյան,

Կարկաջն աղբյուրին,

Իր շրջակայքի

Հովանոցներուն մեջ կը պըտուտքի,

Հոն ծաղիկներուն ու տերևին հետ,

Ըսպասելու որ ծագի

Լույսն առաջին լուսավորին:

ԻՐԻԿՎԱՆ ԻՂՁ

Օրիորդ Նարդիկին

Իրիկվան մեջ անհետելու հույսն ունենալ,

Եվ հանձնըվիլ նուրբ կածանի մը քըմայքին.

Խորխի մը պես թողո՜ւլ ձանձրույթն ու հափրա՜նքն ալ,

Եվ անդորրով պատմուճանե՜լ հիվանդ հոգին:

Ու լույսերո՜վ պարածածկել հիվանդ հոգին.

Քույր ունենալ ջուրին կարկաջն ու կապույտ բալ,

Եվ ունկնդրել ճամբուն քովերն երգող սյուքին,

Մեծ քաղցրությա́ն մը խառնըվիլ, ու մենանա՜լ:

Ընկե՜րն ըլլալ ցորեներուն, մրգաստանին

Դուռը բանալ զավկի մը պես, մըտերմորեն,

Ու թողուլ որ շահարիկներ ըզքեզ տանին

Թևապարփակ` լայն լըռության մը համորեն:

Հոն շրջասփյուռ ծառերուն հետ եղբայրանա՜լ.

Տարփո՜ղն ըլլալ ծաղիկներուն. ծովածավալ

Իրիկվան մեջ` անհետելու հո՜ւյսն ունենալ…

ԻՐԻԿՈՒՆՍ

Բանաստեղծ Վահրամ Թաթուլին

Իրիկունս է բարի՜, բարի՜, ու լիաձեռ ու հոտևան,

Ոսկի ուղ մը` կամուրջ եղած ընդմեջ տիվին ու գիշերվան:

Վարսադիտակ ծառերուն տակ կը կղկաթիմ լույսին համար.

Արևին պերճ լույսին համար` որ կը փաղփի քրքմանըկար

Մեջն հոտևան ծայրիներու ծայրածավալ ծաղիկներուն`

Ուր դիցանվեր բաժակներու քամեց ամբրոսն անհագ մեղուն:

Ծառոց ետին ճաճանչավուխտ պաստառ մըն է արևն ոսկի,

Ուր ծաղկածին ուղեշներու ճամուկ հյուսքը կը սողոսկի:

Ու զեփյուռն ալ, կայտռուն համբույր, մանկություն մ’է վերադարձած,

Ու ջրցայտքն ալ` փսփսուքն է բարեկամիս` մըտերմասաց:

Սյուքն աղջընակ` որ հյուսիսեն կը քնքշանա հոգվույս վըրան.

Ու ջըրցայտքն` որ լաջակ կըլլա նարկիսներու գլխուն դեղձան,

Կամ արտասուք` աչքերուն մեջ շահպրակներու հույլին ցիրցան

Ու քաղցրությամբ կ’օծե մենիկ ծաղիկներու այդ լըռարան:

Ու թերթիկներ` շահարիկի շընորհք` կ’իյան ափերուս մեջ,

Բաց ափերուս` որ կ’երկարին լույսի խուրձին փողփողենէջ:

Ահա՜ կ’անցնի, մըշուշված բիլ կազով տեսիլ մ’ալ զերթ ալիք.

Զարմանուհի մ’է վարսագեղ, կաթ ու վարդի՜ հըրաշալիք…

Հավերժահարս կաթ ու վարդե, ծաղիկ, ճաճանչ, ջուր ու զեփյուռ…

Շա՜տ էր լեցուն հոգվույս, ո՜վ Տեր, բազմազեղումն այս շրջասփյուռ…

ԼՈՒՍՆԱԿ ՔՈՒՐԻԿԻՍ

Ա

Երեկ գիշեր մոռցեր էիր,

Լուսնա՜կ, գիտե՞ս,

Երեկ գիշեր մոռցեր էիր պատուհանիկս իմ համեստ.

Պատուհանիկս իմ անտես`

Ուր մութ մը գորշ վիժակի պես էր կախվեր:

Հոգ չէ՜ր, այդ մութն ըրի խորան հսկումի`

Որ պաշտանքի ո́չ մեկ ծաղիկ կը թոռմի,

Ուր մութի տակ լոկ նինջ մը կա լուսանվեր:

Երեկ գիշեր անցար քովես,

Անցար, գո՜ւցե անգիտակ,

Անցար` և ես`

Քու հեռավոր պերճանքներուդ շլացքին տակ`

Ջուրի ցայտքի մը պես զըվարթ հծծեցի:

Օ՜հ, պարտեզը չէ՜ մեռցեր,

Եվ արիշն ու սարբինան

Իր լույսերովն է օծեր:

Ու նայեցա հանդիպակաց ծաղկաստանին ալ վըրան,

Լելակներուն վրա կապույտ,

Չքնաղ, պչրոտ ու անփույթ`

Դաստակդ էիր երկարեր:

Ու դիտեցի,

Չէիր մոռցեր սա ծըխանն ալ դըրացի,

Չէի́ր մոռցեր և ճամբաներն ամայի,

Չէի՜ր մոռցեր…

Չէ́, այսօր ալ զիս մոռնայիր,

Եթե այդպես պետք էր ըլլար, որպեսզի

Արծաթեիր շուրջս անխըտիր

Ամեն դալար ու ծաղիկ:

Որովհետև ես քեզի

Մտքիս թևո՜վն ալ կը հասնեմ երջանիկ.

Քանզի նույն իսկ եթե ըլլաս

Ամպին ետին ալ պահված`

Ես կը հասնիմ անկասկած,

Քու պերճ կայքիդ` հեք իրերուն համար անհաս:

Ես կը հասնիմ անկասկած,

Քեզի՜, քեզի՜, քո՜ւյր աստված,

Եթե երբեք իմ հոգվույս

Լուսախորշին մեջ պահված

Վերջին նըշույլն ալ` անլույս

Խոռոչի մը ծոցն իյնա.

Վերջին նըշույլն այն ցոլքերեն` զոր գիշերներն եմ ժողված.

Լիալուսնի արծաթաշող գիշերնե՜ր…

Բ

Մահի՜կ ոսկեսար, այս գիշեր նորեն

Սարսռացի լույսիդ մեջ երանական.

Եվ հոգիիս մեջ ինկան

Խայտանքի նոր թիթեռներ.

Ծիածանի սանդուխեն վեր`

Նոր երանգներ տարորեն:

Մահի՜կ ոսկեսար, այս գիշեր նորեն,

Մոռցըված երգի ծըվեն,

Կամ անուն,

Անհուշություն ոլորտներուն

Միգամածին մեջ կորսըված`

Դուն` ծաղիկներ ցնծության

Նըշուլեցիր հեղակարծ,

Հոգվույս մեկ փըլուզակին վերև,

Հինավուրց որմի մը բացատքեն:

Մահի՜կ ոսկեսար, այս գիշեր նորեն,

Մեկ լուսեղեն վայրկյանով,

Տարագրեցիր հոգվույս մըռայլն համորեն:

Օ՜հ, աս ի՜նչ ճախրանք, օ՜հ, աս ի՜նչ գորով,

Այս գիշեր, նորեն,

Պատուհանես ներս սահեցար հուլորեն.

Շոշափեցիր վարագույրներն ըսպիտակ,

Եվ աշտանակն արույրե,

Եվ հայլիին մեջ վառեցիր նոր ճըրագ:

Եվ ամեն մեկ հըպումիդ

Հոգի՜ս է որ ինկավ լազվարթ ձեռքիդ տակ:

Ներե́, ա՜հ, ներե՜,

Որ վայրկյան մը վերջ, հիմակ,

Սեղանին վրա նյութե լամպարս եմ վառեր,

Ըսելու համար թե քեզ չե́մ մոռնար, թե չե՜մ մոռցեր…

Ի՜ՆՉ ԱՐԲԵՑՈՒԹՅԱՄԲ…

Գեղամ Բարսեղյան բարեկամիս

Ի՜նչ արբեցությամբ, ծառեր, լույսին մեջ,

Ծառեր հովին մեջ և անձրևներուն,

Վարսավոր ծառեր, ծառեր երկնուղեշ,

Ու ծառեր մատաղ` ծովածուփ կանանչ

Ցորենի ցանքին գոգն ինկած շվարուն`

Ամենն ալ կյանքին կ’ըմպեն հորդ ճաճանչ:

Ի՜նչ արբեցությամբ խոտն` որ հողեն վեր

Կ’ելլե, ըզմայլո՜ւն` կը բանա լույսին`

Վայրկյան մը ապրող իր ցողե աչքեր:

Ի՜նչ արբեցությամբ ծաղիկներ շաղին,

Ծաղիկներ լույսին, մտերիմ ձեռքին,

Ըսպասումներուն մեջ կը նըվաղին:

Ի՜նչ արբեցությամբ ամենմեկ արոտ,

Ամենմեկ բլրակ` իր կանանչ ճակտին

Կը կապե երփնած ծաղկե նարոտ:

Ի՜նչ արբեցությամբ դաշտերեն խորոտ,

Եվ հարս հովիտեն` կարմըրոտանի

Կ’առնե արագիլն իր դարձին կարոտ:

Ի՜նչ արբեցությամբ սարյակներն, արթուն,

Լո՜ւյսը կը ծըծեն, լո՜ւյսը կը հծծեն,

Մրգաստաններու մեջեն սաղարթուն:

Ի՜նչ արբեցությկամբ ձյուն ճայեր, ծըփին,

Բարձրեն` օդաճեմ լյուղ կու գան. արփին

Մեջ կ’ոսկեզօծին ու կը թևանան:

Ի՜նչ արբեցությամբ տատրակն հարսենի,

Առագաստ ըրած ծառի հովանին`

Կըսպասե տարփոտ իր վարուժանին:

Ի՜նչ արբեցությամբ թիթեռն է բացեր,

Լելակի մանրիկ լիճին վրա փրփրուն`

Առագաստաշեն իր կաթ թևիկներ:

Ի՜նչ արբեցությամբ ծիրանի դաշտին

Շեկ ծաղիկներուն մը վազե մեղուն,

Ծըծել իգայի պտկունքներն հեշտին:

Ի՜նչ արբեցությամբ ծովերն են կապույտ,

Գետերն` հորդաջուր, աղբյուրներ` զեղուն,

Լիճեր` խաժագույն, առուն` շուտափույթ,

Լոռածամ առուն` որ կ’անցնի քովեն

Ուռեստաններու գեջ լսնակապույտ:

Ի՜նչ արբեցությամբ ամպեր կը թոթվեն

Հրաշալի հեղուկն իրենց ըստինքին`

Որ զերթ ասղանի վար կը սողոսկի`

Մարելու երկրին պասուքը ոսկի:

Ի՜նչ արբեցությամբ զայն կո՜ւշտ կը խըմե

Համագրավ տապեն սարսատած հողին

Ծընունդներն ամեն, ծակտիքներն ամեն:

Ի՜նչ արբեցությամբ հոգին կ’ընդգրկե

Ալյակն հորդահոս` ծայրիի բույրին,

Ծաթրին, անանուխ, վայրի ռեհանի

Բազմաբուրումներն ըստաշխ ու խունկե:

Ի՜նչ արբեցությամբ կ’ընդգրկե անի.

Բոլոր ձևերն ու երանգներն ամեն,

Բոլոր գոյությանց, բոլոր տարրերուն

Իր մեջ անդրադարձ ծիածանում են`

Աստվա՜ծն` որ եղավ` չե՜ս գիտե ուրկե՜…

Link to post
Share on other sites

ԱՅԼ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1901

ԵՐԳԸ

Լուսինն հայլվույն մեջ առվակին հեզասահ

Ձույլ արծաթի դեմքն իր անույշ պատկերե,

Լուռ ու պարզկա գիշերին մեջ կ’ազդեն ահ

Գունդեր հըսկա` կազմակերպված ծառերե:

Հեռո՜ւն, հեռո՜ւն ձայն մը հուզիչ, տխրաշեշտ,

Գունդերուն մեջ հըսկա ւ’ահեղ ծառերուն,

Կը մարմըրի, տըխուր սըրտի սփոփ հեշտ,

Փրփրոտ ծփանք ցավի հորդ ալիքներուն:

Հեռու քաղքի ժըխորներեն տաղտկալի,

Խորհրդավոր լռության մեջ գիշերին,

Երգով մ’անշեժ, սիրով, հույզով, խանդով լի

Թաղել կ’ուզե կարծես սերերն իր սիրտին:

Լուսնակն աղու դալկության մեջ նվաղի,

Առվակին ձայնն ալ կորսվի, կ’անհետի,

Բլրույն կատարն սուրբ ալ քունի մեջ թաղվի

Մասնակցելով մարդուն երգի սև սուգի:

1901, օգոստոս, Սվազ, Ս. Հակոբ

ՄՈՒԹԻՆ ՏԱԿ

(Սոսկում)

Կիսալուսինն հազիվ թե շող մը արձակած,

Թաղվիլ կ’երթա մութ-գույն ամպերուն ետին,

Տարտամություն մը կը պատե խորհրդազդած,

Լուսավորներն և հուսկ իրերն ալ հետին:

Այդ անորոշ, տարտամագին մութին մեջ

Գորշ ցցունք մը կողին վրա սեգ սարերուն

Կը ներարկե երակներուս դող մ’անշեջ,

Մութ սոսկում մը արհավիրքով պատատուն:

Ու կ’ունենամ անդրադարձում մը կյանքիս,

Լույսերն երկնի կ’ըսեմ հույսերս էին վառ,

Որոնք սիրտիդ բաղխելով քու համակ սառ,

Անհետացան` թողլով միայն մո՜ւթ` սիրտիս:

Սարին ցցունքն ալ այդ մթին, ըստվերոտ,

Մտաբերել կու տա լքումդ ինձ անգութ,

Բաժնվեցանք մենք իրարմե, օ՜հ, շատ փույթ

Ըսկսած դեռ, հազիվ, սիրույն մեր կյանքոտ:

190<1>, Սվազ

1902

ԻՐԻԿՎԱՆ ԴԵՄ

Հեշտ այգուն մոտ երազեցի, մըրափիս մեջ,

Վառ գույներով դրասանգված երգը կյանքին.

Եվ դողդոջուն ծիածաններ մետաքսառէջ

Ու փաղփածոպ, կ’երկարեին աշխարհ մ’անգին:

Օրվան կյանքի տըվայտանքներ` իմ հորձանուտ

Երազներուս հըմայքն ի սպառ փարատեցին.

Ու դիտեցի կյանքը մոտեն, զերծէ օատրանուտ

Խոլ խաղերե,– կոտտանքներով դաժան խոցին:

Իրիկվան դե՜մ… Ըստվերները կ’իյնան արագ:

Զուր առտըվան երազանքներս ես կ’որոնեմ.

Ըմպեց անոնց լույս շիթերը սեր մը վայրագ.

Հեծեծանքիս հետ մընացած մինակ, հո́ն եմ…

1902

ՀՈՒՇԱՊՍԱԿ

Թուղթին վրա ճերմակ

Էջ մը սարսըռուն,

Կամ գանկերուն տակ

Հույլերն հուշերուն,

Կը ձուլեն հըստակ`

Հիշատակն անհուն…

Եվ թող անապակ`

Նկարն այս սիրուն,

Ձոն ըլլա` շիտակ

Թարգման սիրտերուն.

Ձոնը` հիշատակ`

Անձայն, բայց խոսուն:

1902, Սվազ

Link to post
Share on other sites
  • 4 weeks later...

ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ

< 1 > ՓՈՇԻՆ

Ռուբեն Զարդարյանին

Շարքովն եզերված բարտիներու հոծ

Լայն ճամբուն վրա, քաղաքին մոտիկ,

Իրիկնամուտին, պայծառ խորոտիկ,

Փոշիի պար մը կ’ելլե հողմակոծ:

Կ’ոլորվի թախծոտ, կը շրջի տխուր

Ուռեցած շունչովն բիրտ հովին հըսկա.

Սիրտըս հուզված է, միտքըս կը խոկա

Նենգություններուդ, դավերուդ անլուր:

Եվ ինչպես հովը կը քալե արագ,

Փոշիի անթիվ ամպերուն բոլոր

Ցրվելով խառնակ տարրերը մոլոր,

Տիրապետումի հույզերով վայրագ:

Արհամարհանքիս հովն ալ անխընա

Պիտի ընոտնե փոշին կեղծ սիրույդ,

Եվ ժըպիտներուդ մեջեն պատրանուդ

Սիրտըս միշտ կանգուն պիտի բարձրանա:

< 2 > ԾԱՂԿԵ ՔԱՌՅԱԿ

Քերթողի վառ խանդով գրված

Քառյակներեն ավելի,

Ես կը սիրեմ նրբակազմած,

Գունեղ քառյակը ծաղկի:

Նկարագեղ ոճով գծված

Պատկերն հուզիչ է նվազ,

Քան դաշտերե լայնատարած

Քաղված ծաղիկն հեշտանազ:

Հո́ն, բաժակին մեջ ծաղիկին

Ոսկեփոշի թևով գեջ,

Սիրով պատած սիրտի մ’անգին

Կ’առնե պատկերն ելևէջ:

Այդ պատկերը շատ ավելի

Հուզիչ է` քան քերթողին

Հույզով մ’անհուն, անպատմելի

Գրած տողերն քառյակին:

< 3 > ՄԵՐԺՈՒՄ

Մեկ համբույրըդ զիս պիտ’ ըներ երջանիկ,

Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկ,

Դժնե «ոչ»ըդ թքիր ինծի անտարբեր.

Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր:

Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկ

Ու սևերու մեջ թաթխեցիր իմ մեղմիկ

Ժպտիս ցոլքը, մերթ վառվռուն, մերթ հանդարտ.

Ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ:

Դժնե «ոչ»ըդ թքիր ինծի անտարբեր,

Այդ «ոչ»ըդ սուր սիրտես սորեց արյուններ.

Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտածին

Գալարեցուց սևերու մեջ իմ հոգին:

Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր.

Վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր.

Այն օրեն երբ սև բաժակըն այդ թույնի

Ըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ’արյունի:

1902, Սվազ

1903

ԴԵՂԻՆ ՎԱՐԴԵՐ

Դեղին վարդեր մայիսի,

Բուրումներով խնկավետ,

Թալկության մը մեջ հավետ

Կը տժգունին մեկուսի:

Հեք սիրտերու մըտերիմ,

Տժգո՜ւյն վարդե՜ր մայիսի,

Հեշտ նազանքով մը կույսի,

Ու, հատնումեն ոխերիմ,

Կու լան: Հևքով նըվաղկոտ

Եղկ բուրում մը կը խուսի

Տժգույն վարդեն մայիսի.

Ու կանգ կ’առնե իսկույն հոտ:

Լըքված հոգին մեկուսի

Որ կը մըխա անտերունջ,

Մինչև խամրի ալ անշունչ

Վարդերուն պես մայիսի:

ՀԻՇԱՏԱԿ

(Սիրերգ)

Մութ ըստվերներ, ծավի լույսեր ցիրուցան`

Ցուրտ սարսուռով, լույս-հույզերով պարուրված,

Հըպումով մը ազդու` եկան ու անցան,

Հուրքոտ բոցեր միայն թողլով շըրջահած:

Այդ բոցերը փայլեցան հոս մըշտարծարծ,

Մեր վառ սիրույն հընոցին մեջ ոսկեծին,

Անէացած, խելահեղած հեղակարծ`

Պըլլվեցա հիշատակիդ առանցքին:

*

* *

Անցար, գացիր, բայց թողուցիր արյունող

Ասղընտունքը տագնապահույզ լըքումիդ.

Բոց սերեն վերջ` լըքումի վիշտը մրրկող:

Չէ́, մի́ ըլլար, անգո՜ւթ, այդչափ եսասեր`

Սըրտիս` որ դեռ չէ́ վարժըված աներկմիտ

Մոռացոնքին: Ան չի կըրնար սառիլ դեռ:

ՏՂՈՒ ՄԸ ՄԱՀԸ

Գարուն է, ծիլ առին ծաղիկն ու դալար,

Կը շողա լույսն եթերին մեջ կապուտակ.

Ձըմրան խոժոռ երկինքը որ միշտ կու լար`

Բիլ հըրճվանքով մը կ’ողողվի ա́լ հիմակ:

Կյանքի գարնան մեջ դուն ծաղի՜կ նորածիլ.

Աղետաբեր խորշակով մը խամրեցար.

Մանուկ հոգիդ ալ – հեշտ բուրում մը – հածիլ

Գընաց կապույտ անհունին մեջ լայնատարր:

Անվերադարձ մեկնումդ, ավա՜ղ, մենք կու լանք

Խուլ հեծքերով ու արցունքով դառնագին,

Եվ կը մարի մեր սըրտին խինդն ու տենչանք

Քու արևիդ շիջումին հոծ շուքին տակ `

Չըխորհելով թե անըստվեր քու հոգին

Զըվարթումի վերացում մ’է ա՜լ հիմակ:

ԲԱԺՆՎԱԾ ՍԻՐՏԵՐ

Հևքոտ շունչեր կու գան ման,

Ու հըրճվանքով կը ժըպտինք.

Կ’երկնեն կապույտ մ’աննըման

Բիլ ծովն անհուն ու երկինք:

Եվ բուրումներ կու գան ման,

Ոգևորում մը հեշտին

Արբշըռանքվ մը հուզման

Կ’ամոքե վերը վըշտին:

Հոգիս ունի խինդն այգուն,

Ու դայլայլը թըռչունին.

Սիրտըս քընար մ’է անքուն

Որուն երգեր ցավ չունին:

*

* *

Երազի մը պես գացին,

Տարիներըս սահեցան

Այն օրեն` երբ ըզգացին

Սիրտեր ցունցը բաժանման:

Երբեմն արցունք մը ցավի,

Զիս վըրդովեց խըռովքով.

Երբեմն ալ հույս մը ծավի

Շողաց հոգվույս մութին քով:

Բաժանումեն վերջ, իրա́վ,

Ի՜նչ գորովով, ի՜նչ խանդով

Կը փարին սիրտեր, ծարավ`

Միացումին հեշտանքով:

*

* *

Երազանքներ զիս կ’օրրեն

Օրորումով մը հանդարտ.

Հեռուն լոռնեն, ձորերեն,

Միշտ կը հառիմ ես անթարթ,

Ծածանումիդ մոտալուտ

Հույսերովը մոլորուն,

Տենդով կըսպասեմ գալուդ,

Ցընծումին մեջ երգերուն:

Ալ սիրտս ունի խինդն այգուն,

Ու դայլայլը թըռչունին.

Հոգիս քընար մ’է անքուն

Որուն երգեր ցավ չունին:

Կ. Պոլիս

Link to post
Share on other sites

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ

Լուռ, մարմարակերտ դամբանին խորեն,

Հանճարի աչքերն անքույթ կը նային,

Լույս հոգիներուն կյանքովն երկնային,

Ա́լ մեկուսացած ունայն ժըխորեն:

Մեռա՜վ, խանդավառ սերերն երգելեն`

Ու պիտի հավետ միտքերն հըմային

Իր թունդ քընարեն, ու երգերն ալ հին

Պաշտումով ըզմեզ միշտ պիտի գերեն:

Հույզով մեռա́վ ան, հուշքով` կ’ապրի դեռ,

Ծառերուն նըման` որ թարմ ու դալար,

Իր գերեզմանին կ’ելլեն քովն ի վեր:

Հիացքներ կ’երթան իրեն ետևեն…

Եվ իր հուշքերն ալ, հավետ անմոլար

Ու միշտ ոգևոր` դեռ պիտի տևե՜ն:

< 8 հուլիսի, 1903 >

ՍԻՐՈ ՈՒՂԻՆ

Ուղի մ’ունիմ ես նրբանույշ,

– Սիրույս ուղին մետաքսավետ,–

Որուն հըմայքն երջանկահուշ`

Կ’ոգևորե զիս առ հավետ:

Քընքույշ հյութեր կը փթթին հոն,

Ու հարսնուկներ հըրահոսան.

Հոն կը հյուսեմ երգ ու գեղոն,

Ե́ս, սիրավառ, խանդո՜տ գուսան:

Իսկ երբ օր մը խըլեն աչքես

Իմ պաշտելի ուղիս` անհետ,

Մութ գիշերներն` ու ոսկեգես

Չըցոլա ա́լ արևն հավետ,

Նորեն գըտնեմ պիտի ես հար

Սիրույս ճամբան, մի՜շտ անմոլոր.

Բավ է անոր ես անդադար

Հըրայրքն ունիմ, պաշտո՜ւմ բոլոր:

ԱՇՆԱՆ ԾՈՎ

Տառապագին, աշնան հըզոր ծովը լըքուն,

Երազողն է, միշտ այլայլված, ու միշտ դաժան.

Իր տենդահար ալքերուն մեջ կա վիշտ մ’անհուն,

Զոր ալիքներ մերթ հուզումով դուրս կը պոռթկան:

Դեպ ի բարձունքն ամպերու գորշ գուլաներուն,

Իր դողահար նայվածքները կը հառե ան.

Լըքվա՜ծ, սիրող, տենչանքներով, հույզով եռուն,

Որ կ’երազե միշտ դալուկ մը ճակտին վրան:

Ու իր ցավը կըտանի լուռ խարակներուն,

Որոնք ընդմիշտ կ’արհամարհեն զայն անտարբեր,

Փափաքելով կարծես անկե խոսիլ հեռուն:

Ծովեզերքեն մարդիկ կ’անցնին միշտ անգիտակ.

Անկարեկիր` լայն ցավին որ զինքն է լափեր.

Մեծ տառապողն ա՜լ երազուն է միս մինակ…

< 1903, հունիս >

ՀԻՇԱՏԱԿԴ

Փըրփուրները քարափին

Կ’երկնեն երազն հեշտավետ

Իմ խոնջ հոգվույս մըրափին.

Հույսի շող մը զիս հավետ

Կը կապե նուրբ կապույտին.

Կը պոստանա ծովն անհուն.

Ու ալյակներ կը ժըպտին

Հոգվույս տենդոտ իղձերուն:

Անույշ արցունք մը սըրտիս

Քուն կը բերե զովասուն,

Ու դուն ինծի́ կը մոտիս

Ջինջ նըկարով մը խոսուն:

Ու սիրավառ, ես հանկարծ

Աննյութ տեսքեդ խելահեղ,

Կը պըլլըվիմ մըշտարծարծ

Հիշատակիդ, ամեն հեղ:

ԱՉՔԵՐԴ

Փոքրիկ Արշալույսին

Սընդուսե գըգվոտ եթերն աչքերուդ

Ձյունափայլ ճակտիդ պարփակումին տակ,

Գոհարատուփն է հըմայքով ջերուտ,

Մետաքսառէջ, նուրբ կողքով ըսպիտակ:

Բայց ադամանդի զերթ ցոլք փալփըլուն,

Արցունքի երբոր շիթն հոն չի́ դողար,

Թովանքը կապույտ այդ երկինքներուն

Կը խուսափի, զերթ անծաղիկ թաղար:

Եվ կամ գոհարի տուփին պես փայլուն,

Բյուրեղ արցունքն, ուր երբեք չի ցոլար,

Արևակին կամ թոշ սուտակներուն,

Զըրկըված շողեն, ցոլքեն դողահար:

ԱՇՆԱՆ ԾԱՂԻԿՆԵՐ

Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն.

Լըքված, անտերունջ հոգիներուն պես.

Կը ցընդի անոնց բույրն անույշ ու վես,

Հոգեվարք սիրտի հուսկ շունչին հանգույն:

Գոս տերևներուն հետ, արագ արագ,

Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն.

Սիրազեղ բույրն ու թովքն իրեն հոգվույն,

Կը մեռնին, հովուն հեծքերեն վայրագ:

Արևուն վերջին ցոլքերն աննըշույլ

Կը մարին գոգը ամպին մըթագույն.

Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն,

Օր մըն ալ ձյունեն սառելով բույլ-բույլ:

Եվ հուզված սիրտն ալ սիրատանջ մարդուն

Անըզգայության ձյունին տակ, ավա՜ղ,

Կը սառի օր մ’ալ, ինչպես որ դեռ վաղ

Կը մեռնի՜ն աշնան ծաղիկներ տըժգույն…

< Բերա, 1903 >

ՄՇՈՒՇԻՆ ՄԵՋԵՆ

Բամբ սույլ մըն է` ո դեռ կը տառաքպի

Այս գորշ առտվան մշուշին մեջեն.

Տարտամ նայվածքներ դեռ կը դանդաղին

Մըշուշին մեջեն, որ դեռ կը խոպոպի:

Խոլ հսկան է ան` որ կը տառապի

Հառաչ մը թողլով իր հիամր կողեն.

Ձայնը` որ կու լա մըշուշին մեջեն

Կարծես հոգեվար երգ մ’է կարապի:

Թոշ ամպիկներեն դեռ կը վարանի

Բոց տարփանքներու ցանցերովն հյուսված,

Երազը կապույտ, հույսը ծիրանի:

Հուրի մը սերըս անոր կը տանի.

Թույլ մըշուշներուն մեջեն թանձրամած,

Մինչդեռ կը հեծե սույլը տիտանի:

< 1903 >

ՔՈՒՆ

Ցուրտ Աշուն մը սարսռագին

Կը հևա իմ հոգվույս մեջ.

Կ’իջնե գիշերը. Կյանքին

Գիրքը կու լա էջ առ էջ:

Սրսփանքներ տենդագին,

Ու հծյուններ հիվանդոտ

Հոն կը հածին, կը հանգին

Եղերերգի մը տենդոտ:

Ու, – Ձյունապատ հե՜ք քընար, –

Իմ վես սիրտըս կը լըռե.

Ու հոն հեծքն ալ չի մընար.

Լոկ սարսուռն հոն կը բերե

Իր վիշտերը խոլական,

Ու տենչանքիս իմ հիվանդ`

Ծաղիկները ա́լ չըկան,

Չըկա՜ն անոնց բույրն ու խանդ…

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

< 1901 – 1903 >

ԵԿՈՒՐ

(Սիրերգ)

Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե,

Ըզգալ տո́ւր ինծի գորովանքն ու հույս.

Պիտի գա օր մ’որ հոգիդ ավաղե

Արագ խուսափումն երազին այս լույս:

Եկո՜ւր. վաղը դուն գուցե՜ թարշամիս,

Եվ գուցե տենդով մը մեռնի հոգիս,

Մի́ խամրեցըներ հույզը պաշտումիս:

Թո́ղ որ նայվաքիդ ըմպեմ բոցը ջինջ,

Մոտեցի՜ր, քնքույշ ծաղի՜կը կյանքիս.

Համբույրի մը մեջ մոռնամ ամեն ինչ:

Ա՜հ, այս կյանքն աղվո́ր որքա՜ն դանդաղ է:

Եկո՜ւր, ձանձրույթը հալեցուր հոգվույս.

Լույս երազի մը մեջ զիս թաղե,

Բե՜ր ինծի սըրտիդ գուրգուրանքը կույս:

Սկյուտար

ՄԱՀԸ

(Մանուկնեը կը խոսակցին)

– Հիմա աղբյուրեն անցան:

– Հիմա այգիե՜ն ալ անցան:

– Հիմա գերեզմանատո՜ւնն են:

– Հիմա թաղեցի՜ն…

– Հիմա կը կարդան վրան. կը լսե՞…

– Հիմա ա՜լ չի լսեր:

– Հիմա ա՜լ չի տեսներ:

– Հիմա թուքը չի́ կրնար կլլել:

– Հիմա չի կրնար պոռալ:

– Հիամ ահլվեցա́վ…

– Հիամ կը դառնան:

– Հիմա մի՜ս մինակ է…

– Հիմա ալ չը՜ պիտի գա:

– Հիմա ալ չը՜պիտի գա:

– Հիմա ալ չը՜պիտի գա:

– Հիմա ալ չը՜պիտի գա…

1904

ՑԱՅԳԵՐԳ

Դադրեցան ձայներն ամեն,

Ցերեկվա ժըխորներուն,

Կը հընչեն բայց հոգվույս մեջ

Դեռ սիրույդ երգերն անհուն:

Կը հյուծին ցոլքերն հիվանդ,

Գիշերվան մեղկ լույսերուն.

Կը փայլի հոգվույս մեջ վառ

Տարփանքիդ բոցը սիրուն:

Կը նիրհեն քունի մեջ խոր

Թմբիրով իրերն ամեն.

Կը հուզվի հոգին արթուն,

Քու սիրույդ թունդ պաշտումեն:

Թո́ղ մարին լույսերն ամեն,

Ու մեռնին հույզ ու ժըխոր,

Կ’ուռճանա, կյանքոտ հավետ,

Սերդ անջինջ իմ հոգվույս խոր:

ԵՐԱԶ ՕՐԵՐ

(Քանթիլեն)

Կարմիր ծաղիկ մը գարունի

Առտու ինծի նըվիրեցիր.

Ըզգացի թե տենդեր ունի

Երազկոտ միտքս ուշացիր:

Խանդաղատանք մը հորդեցավ

Իմ նըվաղկոտ լանջքիս տակ` ուր

Դողաց սիրո սարսուռն անցավ`

Ու թովանքը համբույրին հուր:

Եվ ըղձակաթ իմ հեք հոգիս

Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,

Ու մետաքսե ուղի մը զիս

Սեր-Ծաղիկին տարավ ածուն:

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,

Հըմայքներու հույլովն անցավ,

Եվ ուրվական մը կասկածի

Անոր մոտեն երբեք չանցավ:

ՍՊԱՍՈՒՄ

Բողբոջ տենչեր բյուրավոր,

Արագ արագ կ’անհետին,

Ըսպասումեն` մինչև որ

Մինակ մընամ ես մըթին

Խոհերուս մեջ տարուբեր:

Եվ ալեկոծ, փոթորկոտ

Մըտածումներ զիս հանկարծ`

Հորձանքներով, հիվանդոտ

Երազանքով մըշտարծարծ,

Կը պաշարեն տըխրաբեր:

Հևքոտ ծովուն փըրփուրին,

Կամ եզերքին ես հառած,

Հորիզոնե՜ն ալ անդին,

Սիականիս հեռացած

Ուրվականը կը տեսնեմ:

Բայց կ’ուշանա́, ան չի՜ գա,

Ինչպես այսօ ու վաղն ալ,

Եվ հատնումով ցավագար,

Կը թըվիմ խոնթ մը դառնալ

Ցընորքներու մեջ դըժխեմ:

ԻՐԻԿՈՒՆԸ

Ածունեուն մեջ հիրերուն քընքույշ

Կը վարանի հուսկ հըմայքն հոտևան.

Պերճ ցոլք մ’արևեն կը գըգվե անույշ

Փայփալանքներով ծաղիկն իրիկվան:

Խանդաղատանքի մեջ, ցոլք ու ծաղիկ,

Բաժանումներու ցավին անգիտակ,

Արբշիռ փարումով սիրո խաղաղիկ

Վայելքին թովքը կ’ըմպեն անուշակ:

Ու մեկը չ’ըսեր անոնց. «Իրիկուն

Պիտի ընե ձեր գըգվանքին վրան».

Կ’անհետի ցոլքը մութին մեջ, նըկուն,

Ու կը թարշամի ծաղիկն հոտևան:

Բերա

Ա́Ն ԻՄ ՍԻ՜ՐՏՍ Է…

Հովը պոնդեր կու տա տամուկ գիշերին,

Որ կու լա խոլ, թրթըռուն,

Ինչպես տավիղն եվոլական,

Որուն հըզոր լարերուն մեջ բընավ չըկան

Հեշտությունն ու մեղկ գգվանքը թույլ խազերու,

Այլ կը դողան հեծքով, անթիվ հոն ձայներ`

Հովն երբ պոնդեր կու տա տամուկ գիշերին:

Գիշերն անվերջ կ’անցնի տըխուր ու թունոտ.

Դեռ լարերը կը դողան,

Ըմպած անդոիլ հույզերն` ուժգին պոնդերուն.

Խավարին մեջ մոլորուն

Կարծես Տենչը միջոցին մեջ կը թևե,

Մինչ գիշերը կ’անցնի տըխուր ու թունոտ:

Ա՜հ, սի՜րտս է ան, սի՜րտըս, գիշերը մըթին,

Աշնան գիշերը լացող,

Ուր կը դողա անհուսության հովն ուժգին,

Մինչ անձրևին կ’իջնե ցող,

Մինչ ես կու լամ` կու լա՜ հոգիս, կու լան լարերն իր բոլոր

Ու կը խորհիմ թե սիրտս ալ է Աշնան գիշեր մը լացող…

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

1905

ԱՂԵՐՍԱՆՔ

Կաթեցուր հոգվույս մեջ հույզը կյանքին,

Դո՜ւն, երազնեու ծաղիկ դողդոջուն.

Դո՜ւն` որ գիշերին մեջեն մըթագին

Հծծեցիր պարերգն իմ տենչանքներուն:

Դո՜ւն` որ ժըպտեցար, դուն` որ կը ժպտիս,

Ինծի տուր կաթը խանդաղատանքին.

Կիքե́ր տո́ւր հոգվույս, հըրայրքներ սրտիս,

Տենդոտ պահերու հուզմունքեն հեշտին:

Նոր բարբառումներ ու հոգվո համբույր,

Նոր նոր կսկիծներ ու ցա́վ տուր ինծի.

Վարդավետ ցոլքով ծաղկին հեշտաբույր

Թող որ շուրջն հըրուտ երազանքս հածի:

Պահե́ր մոլուցքի, տենդի վայրկյաննե́ր,

Տո́ւր ինձ երազին ոսկելար նարոտ.

Երջանիկ ըրե սիրտս` որ լըռին էր,

Եվ կյանքս` որ հիմակ հույզի է կարոտ:

Կաթեցո́ւր հոգվույս մեջ հույզը կյանքին,

Դո́ւն եազնեու ծաղիկ հեշտալիր,

Դո́ւն` որ գիշերուն մեջ հեծեծագին

Կյանքի վարդենիքն ինծի ցուցուցիր…

ՍԻՐԱՁԱՅՆ ՀԾԾՅՈՒՆՆԵՐ

Տո́ւր համբույրիս խանդոտ` շըրթունքըդ բուստե

Հուրի՜ աննյութ, փաղփուն ծաղիկ երազի,

Ըսպասումի հովեն տենչըս կը մսի՜,

Ա՜հ, քու սիրույդ ջերմությունով զիս պատե:

Կույս գրկիս մեջ նետե գըլուխըդ չքնաղ.

Ջինջ նայվածքիդ զույգ եթերներդ ինծի՜ տուր,

Ցանե հոգվույս մեջ սիրակայծ սրտիդ հուր

Եվ հնչեցուր առջի սիրույն հոն թակաղ:

Սև սաթի գույն վարսերուդ թովքը բոլոր,

Ու ծաղկալից հոգվույդ շունչը վարդաբույր,

Լեցուր գրկիս, լեցուր սրտիս մեջ թափուր,

Թո́ղ գգվանքիդ ըմպեմ հեշտանքն անսորվոր:

Ա́լ կը հաշմե հոգիս պաշտումն իտեալ.

Լոկ հեռուեն ժպտող քու սերդ ալ չունի

Ինծի համար իրեն թովանքն երբեմնի.

Եկո́ւր, մոտեն զիս սիրովըդ պատե ալ:

1906

ՏԵՍԻԼ

Երբեմն ամպոտ երկինք մը` շո՜ւտ կը պարզըվի,

Ու լեղակի լիճ մը կ’ըլլա`

Հոգվույս շլացիկ ծովուն դիմաց:

Եվ իրարու կը ժպտին

Լիճն այն լեղակ ու ծովն հոգվույս,

Քույր ծաղիկներ անեկրային`

Զոր մերթ հովի հոսանք մը կույս`

Անզսպելի ինչպես ալիք գորովի`

Կը խոնարհե իրարու դեմ:

Ու լիճին վրա կապույտի,

Կը բողբոջի հանկարծ կղզյակ մը բուստե.

Ու կըղզյակին վրա, երփներփուն

Ամպիկ մըն ալ կը ցայտե,

Անջրածին ամեն գույնով կը ծպտի,

Ծաղիկ կ’ըլլա, թռչուն կ’ըլլա, կ’ըլլա նայվածք ու ժըպիտ:

Ու շիկնոտ Իղձս ալ, թիթեռնիկ բոցաթև,

Կը թըռչըտի ծաղկաստանին մեջ սրտիդ:

Ու գունագեղ ամպին ետև

Բուստ կղզյակին վրա ծըուն`

Չքնաղակա՜ն, կ’երևաս դուն:

Ու տեսլական ձևեր կ’առնե դեմքդ համբուն.

Մազերդ` անթոշ նաչկիս կ’ըլլան.

Ճակատըդ` ձյուն կատարներուն`

Զոր վարդագնեց արփն իրիկվան.

Եվ աչքերըդ կ’ըլլան զույգ մը ծառուղիներ`

Ուր կը ճըչե թռչնակն արձակ ու ճռվողուն

Իմ խայտանքիս. ու շուրթերդ ալ`

Ոսկեզօծ եզրը բաժակին`

Ուր կը հակին,

Վարդ ու հարսնուկ, կակաջ, նարդոս, գարնածաղիկ, նունուֆար…

10 ապրիլ, 1907

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Կը թռվըռա զանգակին վանկը թռչուն,

Ոսկի նափորտ հագած շաբաթ իրիկվան

Տիրանըվեր քըղանցքին տակ դողդոջուն,

Ու ծուխին մեջ մըթնշաղին երեկվան:

Անդոհության ալիք մը ներս կը խուժե

Պիրկ հորջանքեն պատուհանիս կիսաբաց.

Հովին ծեծեն, մարդուն քաղցեն խուսափած`

Թռչնիկ մըն է` որ իր ցավը կը գուժե:

Եկքանիկ մը` դեղնակիտված, հողմահար

Թևիներով` իրիկվան մեջ մոլորուն.

Անծայրածիր իրիկվան մեջ դողահա́ր`

Կ’եղբայրանա խուցիս գըթած իրերուն:

Իրիկունս է խունկ ու ցավով միգամած.–

Խնկամանն է ծուխով, թռչնիկն ոգևար:

Հոգիիս մեջ կըզգամ շարժում մը դժվար.

Անդրաշխարհին հակող շարժում մը կամաց:

Նրբանցքին մեջ մայրս աղոթք մը կը հծծե,

Կ’ապրեցընե սիելիներն իր ամեն,

Լույսեու մեջ ընկողմանած` մեկնումեն

Վերջ իրիկվան` ժպտող, անտես մեկ խուցե:

Թռչնակն հոգին տախտակներուն կը ծեծե,

Ու պատերուն, ու հոգիիս վրդոված.

Թռչնակն` հոգին կ’ուղղե անտես մեկ գիծե`

Անծանոթին մեջ որոնել իր Աստված:

Խունկը ճամբա կ’ուզե անցքին անդրաշխարհ,

Հեք թռչնակին հոգի՜ն կ’ըլլա այդ ճամբան,

Ու թռչնակն ալ կ’ուզեր աննյութ մեկ դամբան,–

Խունկին ծուխը կը պարուրե իր նշխար:

Աներկրային, խաղաղ ձայնը կը լըսե

Մեռածներու հուշքին` հոգիս իմ հանգիստ.

Օ՜հ, ես չըկա՜մ իրիկվան մեջ լըռանիստ.

Հոծ իրիկվան մեջ այս երանգ ու լույսե:

Մայրս աղոթքեն վերջ արցունքը կը սրբե.

Խաչանիշմը կ’ըլլա թռչնիկն` օրհնական

Այս վայրկյանին` զոր կ’արծաթե լուսինկան`

Կ’ողջագուրե՜ իր ծոցին մեջ սատափե:

< 16 օգոստոս, 1907 >

ԿԱՂԸ

Նոր պտղեր է լիալուսնակը բուստե,

Որ կ’ընկղմե մեջն իր շառայլ անդոհին,

Կապույտներով պատարուն կաղ մանկուհին`

Որ մարգին վրա թռչնիկին պես կ’ոստոստե:

Թռչնիկի պես կ’առնե թևթափն իր ուժգին,

Կ’ըլլա ծաղիկ, կախված անտես մեկ ոստե,

Մատն անծանոթ` արարչության մը ձեռքին`

Որ համաչափ քայլեն անոր կը շեշտե:

Շուտ, կորագի քայլե՜րն անոր կշռական.

Ո՜վ դաշնավոր չափակցություն, ուր կու գան

Թռչունին սլացքն ու ջրվեժի մեջ վայրէջ:

Եվ անծանոթ գրքի մը զերթ անծայր էջ,

Մարգն` երկյուղած` ու լսնազօծ քւ կանանչ`

Պահեց աղջկան քայլին դըրոշմն անճանաչ:

ԽՈՒԼԸ

Շուրթի վարդին վըրա կ’առնե ընդմիշտ թառ,

Իր նայվածքին մեղուն` տափոտ, հև ի հև.

Օ՜հ, շարժո́ւմ մը, որ ընտանի ձև́ը տար,

Որ մե՜ղրը տար բառին ծանոթ: Ու թեթև

Ու փախըստյա փըսփըսո́ւք մը` մերթ օտար

Ու անսովոր ձայնի մ’ըլլար կշռույթ` և

Օ՜հ, հնչական լըսելության, անվըթար

ՊԱյծառ րոպեն ծըներ, մանկի՜կ բոցաթև:

Բայց լռությո՜ւն. շուրթ-ծաղիկն է աննեկտար.

Լսելիքն ալ չունի հնչյունն անսովոր.

Կը թևածե լոկ անուրջին բոցը` որ

Մերթ մեղվաժիր իր աչքերեն կը խայտար,

Եվ հոգիին մեջ սուզելով, հոգեթով

Կը բերե բոցն` ըղձալի բառը փութով:

ՀԱՄՐԸ

Պիտի հծծեր անհուն բառն իր տարփանքին,

Աղբյուրին քով, աղջիկներու ականջին.

Բայց անհունը գեթ չըլլար վա́նկ մը չնչին.

Ջուրն` իրեն տեղ` կ’երկնե սիրերգն այդ անգին:

Իր խո́կն է ծներ բառն` որ հծծյունն է սյուքին:

Ջուրին կարկաջն, հովին մրմո՜ւնջն իսկ վերջին,

Անհունորեն քաղցրազըվարճ և ուժգին`

Սլացիկ թևն են իր մեղեդի անուրջին:

Պիտի ըսեր, ա՜հ, ամենն ալ, ամե՜նն ալ…

Բայց չէ՜ կերպեր տակավին բառն առաջին.

Քանզի կ’ըղձա անհունին մեջ միշտ մընալ,

Քանզի բնությունն ալ` պարզ ու մեծ` միշտ կ’ըսե,

Մի՜շտ կ’ոլորե, մեջն երգեցիկ իր շունչին`

Մտքին վանկերն, հոգվույն նըվագը լույսե:

1907, օգոստոս

Link to post
Share on other sites

ԸԼԼԱՅԻ՜, ԸԼԼԱՅԻ՜

ԱՌՏՈՒՆ

Սա առտուն ես ըլլայի,

Թույր ու ճառագայթ հոսելու համար

Խոռոչներու մեջ մըթին, ամայի:

Լուսաժպիտ մոմեր վառելու համար

Սեղանին վրա հոգիներուն վըշտահար,

Սա առտո՜ւն ես ըլլայի:

Վարդ պարեգոտով ու խարտիշագես

Ա՜հ, սա առտո՜ւն ըլլայի ես.

Ու կաթիլ մը տայի աննյութ նեկտարես,

Ու գեթ ցոլք մը տայի ոսկի իմ հուրես

Մութ հոգիի ճըրագներուն ցրտահար:

Ա՜հ, սա առտո՜ւն ըլլայի ես:

ԹՂԹԻԿԸ

Ամառ գիշերն` անույշ մեղր ու կաթի պես`

Խուցեն ներս է հոսեր արծաթ ծորակով.

Այծտերևին շուլլըվեր է որմեն վե՜ր`

Պատուհանեն ներս նայելու ըղձանքով.

Իր տարփանքը բույր` հովիկին պինդ փարած`

Կ’երթա մինչև շուքին անկյունը լըճակ`

Ուր ծաղկահեր գլխով աղջիկն ըսպիտակ

Մահիճին մեջ ընկողմանած` աչքը բաց`

Ձեռքը թուղթին` թուղթը սրտին` կ’երազե…

Տա́ք է, մեկ կողմ կը նետե շուտ իր վերմակ

Ու կը հանե շապիկն ալ` գաղջ ու ճերմակ

Ու կը նային հոն, հերարձակ, հոլանի,

Հայլիին դեմ, ձեռքն ըստինքին, երազո՜ւն,

Ինչպես բոց մը, ինչպես խուրձ մը ցորեն.

Թղթիկին պես հայլիին քաղցր է լեզուն…

Թղթիկին` զոր դեռ իր կուրծքեն չէ́ բաժնած

Զոր գոց գիտե, զոր սրտին մե՜ջ է դըրած:

Ու կը սահի ճյուղ մը վարսքեն մետաքսե,

Իր ծիծերուն մինչև ծմակը շուշան.

Ու պտկունքներն հեշտությունով կը սարսռան,

Ու թղթիկը իր բոց բառերը կ’ըսե,

Իր տառերը կը տըրոփե մութին մեջ…

Եվ հաճոյիկ, անույշ, բարի՜ լուսինկա

Վարագույրեն շողիկ մը ներս կը խրկե`

Որ շեշտ կ’իյնա ձեռքերուն մեջ աղջկան`

Լուսավորել թղթիկն` որ դեռ կը հծծե…

1908

ԱՐԴԻ ՄԱՐԴՈՒՆ ՀԱՅՐ ՄԵՐԸ

ՏՈ՜ՒՐ ԻՆԾԻ, ՏԵՐ…

Դուրյան սրբազանին

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Ծաղիկներո՜ւ պես զայն ժողվեմ ճամբուս վրան`

Նայվածքներուն մեջ ամենուն և ամեն օր:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Եվ ես` հանգույն երփնալուցկի վառող մանկան`

Զայն գունաժպիտ տեսնեմ ուրիշ դեմքի մը վրան:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Զանգակներո՜ւ պես զայն կախեմ ամեն դըրան`

Ու զերթ նարոտ ամեն դըրան զայն պըսակեմ:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Ճրագներու պես զայն բոցեմ բազմաստեղնյան`

Խավարին մեջ ամեն երդ ու խրճիթներու:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Զայն սրբասաց իմ հոգյակիս ընեմ խորան`

Զայն իմ մտքիս ծըխեմ` զերթ խունկ բազմաբուրյան:

Տու¯ր ինծի, Տե¯ր, ուրախությունն անանձնական,

Ու չըլլա որ ուիշներու կոծն ու կական

Խեղդել ուզեմ ջրվեժին մեջ դափիս ձայնին:

Տու¯ր ինծի, Տե¯ր ուրախությունն անանձնական,

Ու չըլլա¯ որ ծափիս ձայնին երգը գուժկան

Եսիս սենյա¯կն ունենա` ցու¯րտ առանձնարան:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Ու սեղանիս վըրա դրված մեն մի նըկան`

Զույգ մը խինդե՜ր գեթ ունենա թող խաչանիշ:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Ու բաղխեմ զայն սրտի սժայռին` իբրև մական`

Որ բղխեցնե ջուրն անեկմիտ երանության:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Զայն ջուրերու վըրա ձըգեմ իբրև ուռկան,

Զայն իբր արոր ակոսներո՜ւն ձըգեմ վըրան:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Զայն իբր անձրև ցողեմ ամեն դաշտին վըրան,

Զայն իբր արև բաշխեմ ամեն հորիզոնի:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Զայն ընդգրկած իտեալին ըլլամ սրսկան.

Զայն լաստ ըրած ես Լույսերու նավո՜րդն ըլլամ:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Ժողվել` հոգվույն մեջ ծերերուն, կույսին, մանկան,

Պարզ մարդերուն` գեղջուկներուն ու բանվորին:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Ժողվել` հոգվույն մեջ ամենո՜ւն, համայնական

Հոգվույն ամեն մասնիկներուն մեջ` ամեն ժամ:

Ճամբաներեն, ու գետերեն, ու դաշտերեն,

Անտառներեն, ու լեռներեն, ու ձորերեն,

Տանիքներեն, ու տուներեն, ու դուռներեն`

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական:

Link to post
Share on other sites

ՄԱՆԻՇԱԿ ՈՒ ՄԱՄՈՒՌ

Ժայռերու զով շուքին տակ

Կանանչ խոտի խուրձ մը կար`

Որ ունենալ կը ցանկար

Քարին գույնը կապուտակ:

Ինքը ցողի́ պետք ուներ,

Որ գույներով զանազան

Կարմիր ծաղիկ, ծիածան`

Երբոր արևը փայլեր:

Քարն երջանիկ էր ո՜րքան…

Առանց ցողի ալ` գույներ

Ու ծաղիկնե՜ր կը շիներ`

Շողերուն մեջ օգնական:

*

* *

Խոտին խուրձը բարձրացավ

Քիչ մ’ամեն օր քարն ի վեր,

Որուն` սրտիկն իր բացավ,

Պատմեց բաղձանքն ու ցավեր:

Ըսավ. Ի՜նձ ալ, ա՜ղբըրուկ,

Տայիր գույներ անուշակ

Ու նըվերիդ փոխանակ`

Գույնիս ընծա՜ն այս խաժուկ:

Ցանկալի՜ քույր, ա՜ռ, որքան

Կ’ուզես գույնես և ընծան

Տուր կանանչիդ կենսական`

Երակներուս անկենդան:

*

* *

Գիշերն համբուն քաղցրացան

Քարն ու խրձյակը խոտին…

Եվ երբ շողերն ավոտին

Հորիզոնեն բարձրացան`

Ժայռի շուքին տակ գըտան

Խոտին ծաղիկն ու բաժակ,

Եվ երբեմնի անկենդան

Քարն ալ` ժպտուն ու խաժակ:

Եվ այն օրեն մանիշակ

Ծաղկեցավ թուփն, ու դաժան

Ժայռեն եղավ անբաժան`

Մամուռին գույնն անուշակ:

ՀԱՆԳԱՊԱՏՈՒՄ

«ՍԵՆՊՈԼԻԶՄ»Ը

Ա ր փ ա ս լ ա ն ի ն`

Հանգական խոնարհությամբ

Կեցեք որ պատմեմ ձեզի արկածներս…

Օր մ’Հալ Դպրության մտա սեմեն ներս.

– Դռնապան չկա՜ր, բարեբա՜խտ էի,

Բախտ` զոր քիչերուն պիտի մաղթեի…–

Արդ, Հայ Դպրության մտա սեմեն ներս

– Ա՜հ, ի՞նչպես պատմեմ ձեզի հուզումներս…

Ուղղեցի քայլերս երկչոտ ու տըկար,

Սանդուխներեն վա՜ր` ուր չկա՜ր սենյակ.

Զո՜ւր հնչեցուցի ես երգ ու ձայնակ,

Զո՜ւր ես պարզեցի երկնամփոփ աղեղ,

Զո՜ւր պատ շարեցի, տնկեցի բաղեղ,

Քար քարի վըրա դըրի ես հարմար.

Տունն այս Դպրության, ավա՜ղ, չէ՜ր շեննար`

Թե քար շարեին հազար հավիտյան

Դավիթ Կուլանն իսկ և Առյուծն Ալփյան…

*

* *

Հանկարծ ուրիշ դուռ մ’երևաց աչքիս.

Պարտեզին դո՜ւռն էր, ու թրթռաց հոգիս:

Քնարիս անցուցի նոբըզնոր թելեր,

Ու ճիշդ այն պահուն մեկը դուրս կ’ելլեր,

– Մեռճան Բալսամյա՜ն, ձայն մ’ըսավ ներսես–

Ու սըպրդեցա նոր դուռեն ներս ես,

Պարտեզին մեջ կար… սոխ, սխտոր, բանճար,

Նրեցե́ք… կաղամբ ալ, և անպատճառ

Ամեն ինչ` որուն կ’ըլլար միշտ վըճար,

Զոր կողովալիր ծախելուն կար ճար:

Կար քիչ մ’ամեն բան, ածու մ’ալ ծաղիկ

Զոր կը հոտոտենք, թե չըսրդողիք:

*

* *

Երբ ներս մըտա ես, ավա՜ղ, ի՜նչ մեծ ցավ,

Ամենմեկ ծաղիկ հանկարծ մարդացավ:

Ավանդ Տերանցյան, բացած իր գլխարկ,

Ըսավ. – Ըզգացումդ` հըրա՜շք. ու չէ խակ

Երբեք լեզո́ւն ալ զոր կը գործածես,

Համբավիդ պիտի կատարեմ ես ծես:

Մեռճան Բալսամյան նոր ներս կը մտներ,

Այս անգամ Նովիք Առմանն ալ հետն էր:

Նովիք Առմանին փսփսաց Մեռճան,

– Ո́չ Չագմագճըլար, և ո́չ ի Մեռճան,

Չին, Ճաբոն, Սեյլան, ո՜չ մեկ գրավառաճ

Պետք չէ́ այս գիրք հանե ի վաճառ:

Ի՞նչ, իմ համբավիս քայքայե՜լ տաճար,

Ու քու ցորենիդ տեղ դընել հաճա՜ր.

Ես ժանյակներու անհուն կրպակն եմ,

Եվ ազնըվական կըրունկ կը պագեմ.

Մինչ անոնք կ’երգեն գորտ, շերամ, պաճար,

Ամեն ինչ` որ է գռեհիկ, անհանճար,

Անոնց գրչակը կ’եղծե չարաչար:

Այս մոլար կապկումն ո՞վ է մեզ բերեր.

– Նովիք Առմանն էր որ կը փըրփըրեր. –

Դուն մե՜ծ համբավովդ եղիր անվեհե՜ր.

Անոնց ու քու մեջ կան անդունդ, վիհե՜ր.

Դուն երազանք ես, անոնք` զառանցանք,

Դուն` ծաղիկ, պատրանք, իսկ անոնք` փորձանք,

Դուն դարիճենիկ` անոնք… քարմարցանկ:

Ու Նովիք Առման, ճիգելով դժվար,

Լոլիկի գույնով բըլուրե մը վար

Գըլտորեց հանկարծ պարապ մեկ տակառ.

Ու գինով անոր աղմուկեն վայրէջ,

Կըսկսեր մոռնալ ինքզինքն էջե էջ:

Անկոպ Քարակոփ, բացած իր թևեր,

Կ’ըսեր. Վե՜ր անցիր, մի՜շտ ավելի վեր:

Եվ ամեն ամի՜ քերթող Դրանիկ Ճրագ

Կը հծծեր. Ավա՜ղ, ի́նչ աղբյուր ճրճրակ,

Ե́ս մեկ հորդումով ծածկեմ ավազ, ակ.

Ինձմե՜ է գողցեր ամենն… ավազակ:

Ճաճանչ Եկույան շուտ արձագանգեց.

– Ճիշդ է, մե՜ծ մասը անկե́ց է, անկե́ց:

Թագվոր Զատիկյան ոտք ելավ. Արի՜,

Դուն պիտի ըլլաս քերթող մեծ կարի՜:

Օհան Ապտակցին հնչեցուց իր փող.

– Կ’արժե որ կարդանք մենք ասոր ներբող.

Քանզի ունի ան գաղտնիք, մոգություն,

Ճառագայթ Ռեոնթկեն ու ճառագայթ… Տյո՜ւն:

Այս պահուն մեկն` որ խիստ ըզբաղված էր,

Հանկարծ բարկությամբ կուրծքը կը ծեծեր:

Ի՞նչ, ի՞նչ «Սենպոլիզմ». խե՜նթ է, ո՜վ դիք, է՞ր

Դուք ասոր ոտքն ու ձեռքը չեք կապեր.

Մանավանդ… ջեռքերն, ա՜հ, ձեռքեր, ձեռքե՜ր,

Որ կը հանդգնին ութ հարյուր տողով

Առուն գլտորել իմ կութքիս կողով:

Դավիթ Կուլանյան կըսեր` – Պո՜շ, չա́րժեր…

Է՜հ, գեշ չէ… շա՜տ լավ… սակայն իր ույժեր

Հանճարի հըզոր կամք մը չէ́ շարժեր:

Երամ Տևտոնյան կ’ըսեր. Արշալույս

Ու արև ծագեց ձեզ և… եղկելույս:

Ու Զանդիկ Քոշյան. Լա́վ է, գեղեցիկ

Քայլերնիդ դեպի ի Պառնաս ուղղեցիք.

Բայց երբ հարկ ըլլա ձեզ գտնել տարտամ՝

Ես կարավանին առջևեն կ’երթամ:

Եղյամ Պարստեղյան դատած էր. Կեցցե՜…

Տաղարանդ, իրա́վ, մեզ համար գա́նձ է.

Նոր քերթողության ռահահորդն ես դուն.

Ճակատագի́րդ իսկ՝ լուտանքը մարդուն:

Եդուարդ Արփիյան. «Լա́վ է, լա́վ,–ըսավ–

Երբեք գիրքերուն չկարդանք պարսավ.

Զի հեղինակն ալ պետք չէ́, որ հա՜րկավ,

Իր ջանքին ի վարձ կ’ըլլե հող ու… կավ:

Զատիկ Արգադիր. Ո՜հ, ամենն են մուխ.

Դուն՝ բո՜ց մը մաքո՝ւր ծախի՜չ, խորամո՜ւխ:

«Խո՜սք կ’ուզեմ, պոռավԳիստրոս Փաթեթյան՝

– Հապա ուրեմըն ե́ս ալ գամ ատյան. –

Որ մեծ գիրքերու ետին ապաստան,

Կը շիներ իմս ու իսթերու լիսթան:

Բայց, ավա՜ղ, խոսքի կը տիրեր մե՜ծ սով.

Ու խոսք չըտվին իրեն… ամիսով:

*

* *

Երբոր պարտեզեն պահ մը դուրս ելա,

Մեկը կը հծծեր. Ի́նչ քաղցրիկ լիլա.

Մյուս մըն ալ. «Ո́վ Տե՜ր, ի՜նչ… խատա-պելա…

Մեծարենցի տեղ գտավ`

ՀՐԱՉՅԱ»:

Link to post
Share on other sites

ՍԻՐԵՐԳ

Ձյունին վրայեն կ’երթաս, արև՜ ձյունածաղիկ,

Քայլիդ չափն է կոչնակին ձայնը ժամուն,

Շուրջդ է ծիածան, օ՜հ, առտըվան այս ժամո՜ւն,

Սիրտդ` ուխտադիր սրբության մը խաղաղիկ:

Ձյունին վրայեն կ’երթաս, արև՜ ձյունածաղիկ,

Մնջելով ունկն ի վար աղոթք անծանոթ,

Ու շփելով շուրթիս սյուք մը մյուտոնհոտ,

Հիմա կ’երգեն, օ՜հ, «Զարթի՜ք, փառք իմ, զարթի՜ք…»:

Ձյունին վրայեն կ’երթաս, արև՜ ձյունածաղիկ,

Կ’երթաս, ո՜վ կույս, ձյունին վրայեն իմ սրտիս,

Հորինելով գունյան կայծեր ու աստղի՜կ.

Իմ տաղարանս` ուր դուն կ’երգես, կը ժպտիս:

ՄԻՏՔ ՈՒ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Միտքս անդադար պատճառներու կը կանչեր,

Ինչպես շան մը լիալուսնին դեմ հաչյուն,

Կամ կոհակին ամբարտակին դեմ շողյուն.

– Մեկուն պես շփոթ, մյուսին պես լե՜ռ մըռունջե:

Փյունիկ մըն է միտքըս, իր թևերն են «ի́նչ է»,

Որ կը սլանա դեպի «քանզի»ին լույս հնչյուն,

Հոն տատրա՜կ մը կը վերածնի իր աճյուն`

Զույգ թևերով ծիածան ու ճաճանչե:

Աղաղակի կ’ըլլա մըրրիկ ամպաթև,

Միտքս` որ հասնող «ինչու»ներուն հնձանն է.

Զոր կաթոգին ձեռք մը հանկարծ կը բռնե,

Կը պարուրե՜ խաղաղությամբն իր թեթև,

Հրաշալիո՜վն արեգակ ու կապույտի`

Որ համասփյուռ ամեն բանի կը ժպտի՜:

ԻՐԻԿՆԱՎԵՐՋ

Կը ցնծա ուտն ալյակին հետ,

Ճարճատելով ճիչ մը զըվարթ,

Զի կը սփռե հարսն արփավետ`

Համայնին վրա` մազերն իր վարդ:

Կը ցնծա́ ուտն ալյակին հետ,

Երբ կանգ կ’առնե կույսին նավակ.

Ու բզզալով ջուրն ու նըվագ`

Կ’երթան հոգվույն այն ծաղկավետ:

Կը ցնծա՜ ուտն ալյակին հետ,

– Օդն է քաղցրիկ զերթ մանանա,–

Երկուքին վրա երբ կը բանա

Լույսին աղեղն` արծաթ իր նետ…

ՍԻՐԵՐԳ

Երբ կը մեկնիմ ես քու քովեդ,

Կ’ըլլամ շիկնոտ ու թըռվռուն`

Ինչպես կ’ըլլա բուրումնավետ

Վարդենիքեն անցնող առուն:

Եվ ջուրին պես այն թռվռուն,

Քու նախընծա գրկանքիդ հետ,

Մոլորելով կ’ըլլա անհետ`

Գետ հոգվույդ մեջ` սրտիս առուն:

Ու գետին պես` սրտիս առուն

Կը տանիս քու մահվան ճամբեդ`

Զարնելով զայն մերթ ծաղկավետ

Ափունքներուն` մերթ քարերուն:

ԽՈՒՆԿ ՈՒ ԱՐՑՈՒՆՔ

Շիթ մ’արցունքով` կաթիլ մը խունկ

Սրբանոթին մեջ կը ցանե

Մայրս` որ կ’անցնի անտես դռնե,

Եվ երջանիկ` կը դնե ունկ

Անդրաշխարհեն եկող ձայնին:

Աչքերուն` որ զինք կը դիտեն

Կիրակմուտքի խունկին ատեն`

Ձեռքն անընդհատ կու տա խա՜չն հին:

Եվ ամենուն կու բաժին`

Ծուխեն ծաղիկ մը ծափելի:

Ու ցայգամուտն է հայելի`

Ուր կը ցոլա բոցն աշխուժին`

Լուսահոգի զվարթուններուն`

Զորս արբեցուց այս իրիկուն

Շաբաթօրյա խունկն ու արցունք:

Մայրս ալևոր չոքեր է ծո՜ւնկ…

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ԱՆԹՎԱԿԻՐ ՏԱՂԵՐ

ՏՎԱՅՏԱՆՔ

Անոր ցավը` հո́ւր է վառող ինձ համար,

Ինչպես սերն է` կյանք հորդաբուխ և անշեջ…

Քանի դիտեմ դեմքն ըսպիտակ զերթ մարմար,

Շիթ շիթ արցունք կը քարանա սրտիս մեջ:

Թարշամներ է կաթնաբուխ ցո́լքը բերնին,

Իր ժըպիտին քնքույշ ծաղիկն հոտևան,

Ուր կը վառեր կյանքի ըղձանքը ջերմին,

Լի հըրայրքովն հուզումնալից իր գարնան…

Եվ գլխիկոր` ինչպես եղնիկ վիրավոր,

Կը տեսնեմ, երբ հուրն երազանքն իմ ծաղիկ,

Կը դաշունեն զիս մորմոքներ բյուրավոր,

Խավարելով անուրջն հոգվույս խաղաղիկ…

ԽԵՆԹԵ՜Ր

Ա

Մթնաշաղին բոցերուն մեջ երփնագույն,

Երկու ձեռքը կը կարկառե, և իսկույն

Կ’ուզե բռնել` հասկերուն վրա ցորենի`

Փախչող լույսին թռչնակները ծիրանի:

Կ’ուզե թրջել ճակատն` ինչով բոցարծարծ`

Ճերմակ թռչնիկ ծփանքներուն վրա ծովուն.

Վարազի պես կը խոյանա վրդովուն`

Բայց մոր գի՜րկն է որ կը բանտե զինքն հանկարծ:

Խե՜նթն է, կ’ըսեն, անխի́ղճ գութով, և հանգույն

Ասուպներու` իրենց խոկին կը դառնան.

Հորիզոնի դալկության մը պես տժգույն`

Մայրն անդոհով կու լա պտուղն իր գարնան:

Մայրը կու լա երջանկությունն իր զավկին.

Ու կը կարծե փուշեր ժողվել, ուր վարդեր,

Արձակունակ ծաղիկներու քաղցրագին

Եդեմներ նոր` տըղուն անուրջն է գըտեր:

Տըղուն` որ գո՜հ փակեց թևերն ու կարծես

Կը հավատա անհունություն մը գրկել:

Կ’ուզե մինակ ըլլալ. վազե՜լ անարգել

Անրջական ի՜նչ կույսի մը ոսկեգես…

Ու ջուրերուն եզրը կեցած, երբեմն ալ,

Երկա՜ր ատեն, կը բաղձա հոն մենանալ,

Մթնշաղին բոցերուն մեջ վարդագույն,

Երկու թևը պարզած` խաչի մը հանգույն:

Խա՜չ` որուն ցավն ու ըստվերները գորշգույն

Կ’ադրադառնան` ինչպես մըռայլ ուրվական`

Լուրթ ջուրերուն վրա ծով հոգվույն մայրական,

Մթնշաղին բոցերուն մեջ վարդագույն:

Բ

Մութնուլուսուն պատըշգամբին վրա է.

Եղյամին վրա, ոտքը բոպիկ, գլուխը բաց.

Սըրինգ մը անտես իր շուրթերուն է հըպած,

Եվ ջուրերու թույլ շրշյունին կ’ունկնդրե:

Պի՜շ կը նայի ծովեն անդին, լրջացած

Հորիզոնին. կը կարծե ի́նք կերպեր է,

Իր անանուն սրինգով` բոլոր դաշն ու ցած

Ձայնաշարը` զոր սյուքն հեզիկ կը բերե:

Մեծ, ճշմարիտ ու նախնական այդ ձայնով,

– Իր նըվագով,– ա՜յնքան կ’ըլլա ինք գինով,

Որ կը պատե գրկած արևը ծագող:

Բայց առաջին նայվածքներեն, ինչպես գող,

Ներս կը սուրա ընդոստ խուցեն. իր շուրջի

Մարդաձայնեն ինք զինքն հիշած` կը փախչի…

Գ

Դեռ կըսպասե՜, մտքին մութին մեջ դաժան,

Զոր ցանցեր է շրջուն թալուկն անդունդին.

Կ’ուզե նայիլ անգա́մ մըն ալ իր չորսդին,–

Քաղցրություններն արդյոք կու գա՞ն, ա՜հ, կու գա՞ն:

Համակրության պզտիկ բառ մը մեղրանույշ,

Պզտիկ ճըրագ մը գորովի բոցարծարծ`

Որ նշմարել տա խավարին մեջ հանկարծ

Հին սիրական ուղին, հոգ չէ́, ա́յսքան ուշ…

Դեռ կըսպասե՜, մտքին մութին մեջ դաժան

Քարշեպին վրա. վարեն մըթար ջուրերուն

Զինք կը կաթե շարժող տեսիլն ուրվական.

Վարե՞ն. մըռայլ տարփի ձայներ կը վըժան…

Փնտռեցե՜ք այս տըղան, ո՞ւր եք, ո՜վ սուրբեր.

Թողե́ք անկյունն` ամուլ ձեր գութն ու մատյան.

Աստվածն ա́ն է, ա́ն` որ արցունք է սրբեր,

Ա՜հ, քաղցրություն, գոնե շի՜թ մը քաղցրություն:

Դեռ կըսպասե՜, մտքին մութին մեջ դաժան,

Նըշույլներո́ւն դեռ` դեռ սիրաշարժ շրթունքին,

Դեռ սիրածագ բոցին` աչքի մը անգին…

Դեռ կյա՜նք կ’ուզեմ անոնք Մա՜հն իր կը կարդան:

Սև լաթի մը պես կը նետեն երեսին

«Խենթ» բառն անհուն. բառ անգորով ու դաժան.

Ու կը դառնան ապրիլ իրենց կյանքն ոսին,

Սև եղբայր մը մատնած ցավին անբաժան:

Դեռ կըսպասե՜ պզտիկ բառ մը մեղրանույշ,

Դեռ կըսպասե՜ գորովանքի ճրագն արծարծ

Դեռ կըսպասե՜ որ խավարին մեջ հանկարծ

Հին սիրական ուղին ցույց տան, ա՜յսքան ուշ…

ԵՐԳ

Քո́ւյր, մոտեցի́ր կըրակին,

Ծըխե տերևն այս բուրյան,

Զի ամեն բան ինձ կրկին

Կը դարձընե հոտն արյան:

Քո́ւյր, մոտեցի́ր դարակին

Ու բեր հեղուկն հընծանյան,

Զի ամեն բան ինձ կրկին

Կը դարձընե համն արյան:

Քո́ւյր, մոտեցի́ր ճըրագին,

Մարե́ զայն, թո́ղ լուսինկան,

Զի ամեն բան ինձ կրկին

Կը դարձընե գույնն արյան:

Քո́ւյր, մոտեցի́ր նըվագին,

Երգե́ դաշտերն ու ցորյան,

Զի ամեն բան ինձ կրկին

Կը դարձընե ձայննն արյան:

Քո́ւյր, մոտեցո́ւր իմ ձեռքին

Աստվածաբոցն հըացան,

Զի ամե՜ն բան ինձ կրկին

Կը հիշեցնե վրե́ժն արյան…

Link to post
Share on other sites

Քանի որ ավարտեցի Մեծարենցի բոլոր բանաստեղծական շարքերը, այժմ կփորձեմ լրացնել բաց թողնված արձակ էջերը...

ՑԱՅԳԱՅԻՆ[/color]

Կը սիրեմ ես թափառիլ գիշերին մեջ. գիշերին մեջ, ուր այգուն դեմ, երազի անո՜ւյշ ծաղիկներ, ձյունե փթթումներով, կը բացվին հոգիներու շուշան համբույրին, գիշերի՜ն մեջ, ուր գետեզրին մոտեն լսվող կոչնակին գանգյունը կը ծավալի սարե սար ու խորհրդավոր կերպով կ'օրրե զգացումները:

Կարավանը կ'անցնի¯ լերան արահետներեն, ու բոժոժներու ձայնին միստիք մելամաղձությունը հեռուեն հեռու կը լսվի գիշերին մեջ, որ լուռ է, որ մթին է և ահավոր:

Եղնիկները,– անրջային ու պաշտելի՜ կենդանիներ,– թեթև, թեթև, գետափն ի վար կը սուրան, գետափն ի վար` որուն մեջ կըստվերանկարվին լուսնի լազվարթային սատափացումներեն, ինչ որ ունին խոլագիծ ու խուսափուկ ու անշոշափ` երազի մեջ վարշամակված իրենց ամպային ձևերը: Ու իրենց մեղրիկ նայվածքներուն լույսը կ'առկայծի գիշերին մեջ, որ լայն է, հեշտագին ու համապարփակ:

Ու բոլոր մրտենիները, բուրումնալիր, դալար համբույրներ կը սոսավեն հոլանի միջոցին մեջ: Պարզկա գիշերվան սյուքը կ'անցնի տերևախիտ թավուտքին ճիշդ սրտին ընդմեջեն, սարսուռներ պտտեցնելով հոն: Ու ես կը մտածեմ, աչքերս կիսափակ ու հոգնած, գլուխս քարի մը հեցած և հոգիս հեշտանքով ու տենդով լեցուն, ես կը մտածե՜մ...

Հո՜վը, գինով աղջիկ մըն է կարծես հովը, ծփացիկ պարեգոտով հո՜վը, գիշերվան դողահար ու բուրումնավե՛տ հովը, որ ջուրերուն վրա խոլ ու տատանուտ շրջպար մը կը դառնա հուլորեն, գիշերին մեջ, որ ցրտին է ու դողդոջուն:

Կը սիրեմ ես թափառիլ քու հոգիիդ գիշերին մեջ, ո՜վ կին, գիշերին մեջ քու հոգիի՜դ, որ տրտում է և ահավոր, լայն ու հեշտագին, կրքոտ ու խանդաբորբ, ցրտին ու դողահար... :

<1904>

Link to post
Share on other sites

Այժմ ես կանդրադառնամ արդեն իսկ իմ կողմից այստեղ տեղադրված արձակ էջերին, բայց քանի որ դրանցում որոշակի տեխնիկական թերություններ կային, ես այս անգամ դրանք կտեղադրեմ որոշ շտկումներ անելուց հետո, ինչպես նաև կշարունակեմ մնացածները...

ՑԱՅԳԱՆՎԱԳ

Պարզկա գիշերվան համատարած սպիտակ լույսերուն մեջ ո՞վ չզգար խորհուրդն անծայրածիր Գոյության. ո՞վ չի լսեր ձայները` որոնք միջոցին մեջ հավիտենության անծայրածիր գաղափարը կ’երգեն: Ծնունդի խորհրդասքող գիշե՜ր, ուր հոգիները կը վերածնին ու Մտածումները կը սլանան դեպ ի անհուն բարձունքը դարավոր խորհրդանիշին. ադամանդե երազունակ ու լայնալիճ նայվածք, որ հոգիներու վրա կը քրթի ու կը հալածե մշուշն անոնց ըստվերոտ ծալքերուն:

Զանգակները կը հնչեն, երգերը կ'ոգևորեն, ու բոլոր ձայները ցնծագին համերգության մը մեջ կը միանան. հոգիներու ծնո՜ւնդն է:

Լուսավորները կը վառին, խունկերը կը բուրեն, լույսերն ոսկի բոցերով կը փայլին. հոգիներու ծնո՜ւնդն է:

Շրթունքները մեղմագին կ'աղոթեն, նայվածքները կը բոցափայլին, ու ձեռքերը կը վերանա՜ն. հոգիներու ծնո՜ւնդն է:

Տաճարին մեջ, լուսավառ սեղաններու վրա, ոսկեհուռ թավիշե բահվանդներով միստիք գրքեր փակ ու լռին կ'աղոթեն. վայրկյանի լռություն մը հոգիներու մեջ անծանոթ դողեր կը թափանցե, ու նայվածքները, գութի ու գորովի տամկությունով լեցուն, կը պսպղան. հոգիներու ծնո՜ւնդն է:

...Երգերը կը վերսկսին, զանգակները դարձյալ կը հնչեն, մրմունջներն անդուլ կը բարձրանան, կնդրուկներն անընդհատ կը բուրեն, և սիրտերը միշտ, մի՛շտ, անհուն սլացքներով, կը վերանան. հոգիներու ծնո՜ւնդն է...

*

* *

Քու խորհուրդիդ վեհության առջև, ո՜վ սիրական ու պաշտելի գիշե՛ր, կ'ըզգամ որ ձեռքերս, ներքին հզոր ազդեցությունե մը մղված, կը միանան, ծունկերս կը խոնարհին, շրթունքներս կը դողդոջեն, ու նայվածքներս կը մոլորին իրենց տենդահույզ թափառումներուն մեջ:

Ո՛վ սուրբ գիշեր, հոսեցուր սրտիս մեջ կաթը քու սպիտակ խորհուրդիդ և զիս քու անբիծ գորովանքիդ հավիտենությանը մեջ ապրեցուր, քու հրայրքիդ բոցավառ ծիածանը շողացուր հոգվույս խավարին մեջ և էությանս պարապը քու հույզերովդ, քու սուրբ ու կենսառատ հույզերովդ լեցուր:

Դուն որ Կյանքը տվիր ինծի, ո՜վ Տեր, ապրի՛լ սովրեցուր, ցողե իմ հոգիս ցողովն անհուն գթության, ու թող ձյունե սրտիս մեջ հավերժական սպիտակությունը քու սրբություններուդ, տու՛ր ինծի, ո՛վ Տեր, քաղցր մոռացոնքն աշխարհի մորմոքներուն և հետադարձ մոլորանքին ցավն ինծի խնայե:

Քու սատափե երազիդ գունագեղ շողերուն մեջը զիս թաղե, ո՛վ սուրբ գիշեր, և հագեցուր անսահման պապակն որ անդադար կ'այրե հոգիս: Մանուկը` որ կը նիրհե իմ հոգվույս խորը, արթնցուր և հնչեցուր դարձյալ վաղեմի ձայնը` որ լռած էր սրտիս մեջ:

Ո՛րքան քաղցր է սուզվիլ քու պայծառ խորհուրդիդ ջինջ անհունության մեջ. թո՛ղ որ հանգչեցնեմ հոգնաբեկ ճակատս սփոփանքիդ շողերով ու մոռնամ պահ մը անսահման խանդաղատանքիդ մեջ փանաքի վրդովումներն աշխարհի ունայնություններուն, ո՛վ սուրբ ու պաշտելի գիշերը հոգիներու Վերածունդին...

Link to post
Share on other sites

ՈՐԹԻՆ ՏԵՐԵՎԸ

Իրիկնավերջը դալկոտ տերևի մը պես հողմավար անցեր է. բացաստանին մեջ գիշերը թևաբաց կ'ընկողմանի. գաղջ, բուրումնացան նազելի գիշերը: Աշխետ զամբիկս նյուսը կը թոթվե ու քվքվալով կ'անցնի այգեստանին մեջեն, ուր խաղողին զգլխիչ բույրը, գինիին նախերգանք, ու ցորեկվան արևին եղկ շոգոլին կը բարձրանան:

Հեռաստանին մեջ հարսենի, գեղանի լեռը նստեր է տարփատենչիկ շարժուձևով, մշուշի տարտամորեն հոգնաթույր քցաբ մը ուսն ի վար կ'իջնե. զույգ մը ծառեր թխլիկ դաստակներու պես արևակեզ իրաննին կ'երկարեն, և իրենց տերևունքը կը բացվի. լերան դալար ափն է ան, ուր ահա՜ լիալուսինը կը զետեղվի, շառագույն նրբարվեստ հողմահարի մը պես, որ հետզհետե կ'երփներփվի` ոսկեթույր, խնկաթույր, քրքում ու արծաթ:

Կ'անցնիմ, կ'անցնի՜մ անվերջ այգեստաններուն մեջեն, ուր անտես <գետի> մը մշկենի ալիքը կը ծփծփա. ու պտղառատ լիաբերրի հողին արգավանդ ծոցը կ'ուռի, գոյության եթերածին երակ մը անդադրում կը բաբխե. ա՜հ, վայրկյանին քաղցրությունը:

*

* *

Գյուղ կը դառնամ, ատեն ատեն կը շոյեմ ճայիկիս բաշը, որ լուսնի ծիածանումին մեջ կը փալփլի. ան սուրալով կ'անցնի դեղնորակ ճամբաներեն փոշիե ուրվականներ հորինելով, ատեն ատեն սանձը կը քաշեմ, ու կը կենա. պահին գեղեցկությունը շարժումի գաղափարը կը մոռցնե, ու տիեզերքի սրտին մեջ բաբախող րոպեներուն ու վայրկյաններուն զարկը ա՜լ չզգացվիր. ամեն ինչ իր սքանչացումին մեջ կ'արձանա. հովը, ծաղիկը, տերևը, մարդը. օ՜հ, վայրկյանին երանությո՜ւնը: Շրջանկարը կը դիտեմ անկշտում. գյուղակները` մանուկներու պես նստեր են բլրակներու ծունկին, հովիտներու գոգը, կամ գետին քղանցքին մոտ. զավակներ, զոր արգասավոր ամոլ մը ցանցեր է հոս հոն: Ահա՜ հեռուներեն սպիտակ իրան մը կը ցցվի, կ'ուռի. հովիտին աղջի՜կն է, գետը, իմ սիրականս, իմ տարփուհիս, որ լուսինեն արծաթ թռաններ կը քաղե իր ծփանուտ քղանցքին համար: Բայց պահը անցավ, ու ես ձիս խթանելով կը հառաջանամ, վայրկյանին արձանիկ դադարեն վերջ, ուր հավիտենությունը կը մղվեր կը խտանար. հիմակ աշ######ժով կը լսեմ դարձյալ իրերուն ձայնը, կյանքին աղաղակը, րոպեներուն ուժգին զարկը:

*

* *

Դեռ չհասա. տափաստանը այնքա՜ն ընդարձակ է, ա՜յնքան ծայրածավալ, որ գավազանի չափ երևացող ճամբան, առաձիգ, քմահաճ, ոլորված տրեզի պես հետզհետե կը քակվի, կ'երկննա: Ճամբուն վրա ալոճիներու, ընկուզիներու պզտիկ կայաններ կան. շուրջս, այգիները, այգիները, անվերջ այգինե՜րը. որթի տերևներ, ամե՜ն կողմ. գետնին վրա ու կապտորակ օդին մեջ ալ, որթի խնկագույն տերևներ. դիմացս, ետիս, գլխուս վրա, շուրջս, ամե՜ն դի, անրջային թիթեռնիկներու պես պարանցիկ կը դառնան. ի՜նչ երազի մեջ եմ: Ու այս տերևի բույլերուն մեջեն, հեռո՜ւն, հա՛տ մը, գեղեցիկ, հսկայական, լուսաշող, շե՛շտ կը նկարվի, իր դրասանգներուն շուրջը բիլ երիզ մը կը պտուտկի. ու իր երակիկները, մեղրամոմի պես տժգույն, իր դալար ծոցին մեջ կը խաղան. տեղ տեղ հրանյութ կայծեր, ոսկի աչքեր կը քթթին. կոթունը, փոշեգույն, պիրկ կը շեշտվի. ես այդ տերևին, ես այդ տեսիլքին կ'երթամ գրկաբաց. ու ինքն ալ, ժպտուն, խանդաղատ, ինծի կըսպասե, զի՜ս կը կանչե կարծես. ա՜հ, ի՜նչ երազի մեջ եմ:

Կը քալեմ, կը քալե՜մ, կը քալեմ և ահա՜ մոտեցա. մոտեցա ու կը բարձրանամ, փոշեգույն կոթունն ի վեր, կաթոգին, սրտազեղ. և ահա՜ կոթունին ալ ծայրն եմ արդեն ու պիտի սուզվիմ դալարին մեջ:

– Բարև՛, տնաշե՛ն:

– Բարին արևի՜դ,– կ'ըսեմ, ու տեսիլքը հալեր փախեր է արդեն. մոմագույն երակները սակայն դեռ կը խաղան քիչ մըն ալ ու կ'այլափոխվին հանկարծ. գյուղիս փողոցներն են, սալարկված միափայլ փողոցները. ու կոթունն ալ զոր մագլցեցա, գյուղիս ճամբան էր, տերևաձև գյուղիս ճամբան:

Վա՜խ, տեսիլքը փախե՜ր է, բայց ա՜հ, իրականությունը հոն է. իմ մշկենի, ծաղիկ ու ծափ գյուղս հո՛ն է: Երազը գնաց, բայց խանդաղատանքը դեռ կը մնա...

Link to post
Share on other sites

ՏԿՃՈՐԻՆ ԵՐԳԸ

(Արձակ բանաստեղծություն)

Իրիկնալույսին ծիրանի ծովուն մեջ կղզիացած արտասվող ուռիներու շուքին տակ, հովիտին խորը, ահա՛վասիկ իմ երգս, արոտներուն շունչովը լեցուն. ահա՛վասիկ իմ երգս, առվեզերքի աննուխին ու ռեհանին խունկովը օծուն. ահա՛վասիկ իմ երգս, հնձված արտերուն ու հերկված հողերուն բույրովը, արևեփ խաղողներուն ու մեղրացած թուզերուն անուշույքովը ակաղձուն. իմ երգս` իղձի մը, արցունքի մը պես պարզ ու վճիտ, որ իրիկվան ոսկի հրեշտակին հետ թև առած կը թռչի, սարերն ի վեր, կապու՜յտն ի վեր:

Ավանները, անշարժ անդորրիկ իրիկվան մեջ, իրենց ծխնելույզներեն փթթող ծուխի մանիշակները կ'ոսկեջրեն. տարածուն ու դաշնավոր քաղցրություն մը կը մշշանա անդաստաններուն վրա, ջուրերուն վրա, գյուղակներուն վրա: Իրիկունը, շեկլիկ, հերարձակ, առույգ արքենի իրիկունը շահասպրամներով, մանիշակներով, վարդերով զարդարված, իրիկունը, ոստոստուն, կը սահի կ'անցնի քովես: Ես իրիկվան տարփավորն եմ. ու իմ երգս պարզ, պարզ, իմ երգս, անանուն դողերով, անհամար թրթռումներով լեցուն է հիմակ, ուռիներու շուքին տակ, հովիտին խորը:

Ցերեկվան արևին հուրքովը գինովցած պարտասու՛ն հոգիներ, ճերմակ լաթերով դաշտի՜ մշակներ, եկեք ունկնդրել իմ երգիս. իմ երգիս, որ բյուրազան բուրմունքներու խուրձ մըն է. իմ երգիս, որ ձեր քրտինքին, ձեր երանությանց ու ցավերուն աղաղակը, ձեր սիրական հովերուն, ձեր սիրական ջուրերուն, ձեր սիրական, մտերիմ, դրացի արագիլներուն ու թռչուններուն համերգությունը կա թառած: Ահա՜ կ'անցնի իրիկվան բամբիշը. ահա՜ անցան իրիկվան օդանույշներ, ջրանույշներ, ա՜լ թողեք բահը. հերի՛ք հերկեցիք, հերիք հողին նայեցաք, հերի՜ք անոր հակեցաք այսքա՜ն ատեն. ստվերները կը լճանան տակավ. իրիկուն է. անգամ մըն ալ վեր նայեցեք, դեպի կապույտին փառքը. ու ձեր մտածումը, հողին գորշութենեն հափրացած, թո՛ղ սավառնի հոն. եկեք շարվիլ ծառերու շուքին տակ. թո՛ղ երազնիդ վազե` անծանոթ նազելի հուրիներուն ետևեն, դեպ ի անտես նիփարաններ. նայեցեք անծայր, անծիր դաշտերուն, ծավալական ջուրերուն, մինչև որ հեռապատկերներուն հոգնութենեն ձեր կոպերը խտղտին, պրկվին փակվին, ու փակաչք ունկնդրեցեք` իմ երգիս: Ո՜վ բարի մշակներ, ականջ դրեք իմ երգիս, ուռիներու շուքին տակ, հովիտին խորը:

Ահա՛ ծիծեռնակներու պարը. սարերեն վար իջնող ստվերի փերթերուն հետ, ծիծեռնակները` իրենք ալ թանձրացած մարմնացած ստվերներ` խուսափական լույսերուն հետ գրկված կը պարեն իրենց իրիկնային պարը. կը դառնան, կը դառնան և իրենց շրջշրջումին մեջ երբեմն ա¯յնքան կը մոտենան, կը հպավորին իմ կուրծքիս, ա՜յնքան, ա՛յնքան որ` նոր անծանոթ հորձանք մը իմ երգս կ'ալեկոծե. և անոնց թռիչքին երգը, պլլված իմ նվագիս, իրիկնավերջի սղոխին փայփայուն դաշնակության հետ, վիտակ վիտակ կը գծգծվի ասմազուն միջոցին մեջ, որ հետզհետե կ'ամպարծաթի: Ես պիտի թրթռամ, տերևներուն հետ, թռչուններուն հետ, բոլոր բուրումներուն հետ, ես տակավին պիտի սարսռամ հոս իմ երգս, ուռիներուն շուքին տակ, դալարստվեր հովտին ծոցը:

Դարձե՜ք ձեր օրվան աշխատութենեն, դարձե՜ք, բարի՜ մշակներ. գիշե՜ր. կիսալուսինը ոսկեզօծ. ձեր միգապատ տներուն ծիրանեցոլ բիբերը կը փթթին բլուրին կատարեն. ձե՜զ կը կանչեն. դարձե՜ք, դարձե՜ք, և ահա՛ տանիքներուն վրա ձերինները կը պարեն, ձեռքերնին իրենց ճակտին քիվ ըրած, հորիզոնին լուսալիճ անդորրին մեջ երազուն ձեր սիլուեթներուն ետևեն թափառելով. ամբողջ տունը թևաբաց կըսպասե ձեզի, դարձե՜ք, դարձե՜ք: Երդիքին ետին, արուսյակը մշտածիծաղ կը թարթափի, հեռավո՜ր, պայծառ ու լուսարձակ` ինչպես ձեր խղճին ձայնը, որ ձեր աշխատանքին արևոտ տիվեն վերջ, ձեր գոհունակ հոգիներուն զովասուն երջանիկ գիշերին մեջ կը ճառագայթե: Օ՜ն, դարձե՜ք, ձեր օրվան աշխատութենեն, դարձե՜ք: Տունը դեռ գրկաբաց կըսպասե ձեզի: Տունը, որ գիտե ձեր հոգնությունները, ամբողջ օրվան մը ձեր չարքաշությունները, ձեր բովանդակ հոգերն ու հոգին. և ինչպե՜ս գիտե ժպտիլ, ամոքել, սիրե՜լ: Դարձե՜ք, դարձե՜ք, ու երբ տանիքներու վրա փռված ձեր անկողիններուն մեջ, լուսավորներու աննյութ անձրևումին տակ անդորրավետ քնանանք, կիսալուսնին ոսկելույս համայիլն ալ պիտի առկախվի, մնա հոն` ձեր երդիքներուն վրա: Օ՜ն, դարձե՜ք ձեր օրվան աշխատութենեն, դարձե՜ք. որովհետև իմ երգս ալ ահա՜ գիշերվան մեջ կը հալի՜, կը հատնի. որովհետև չեմ ուզեր ա՜լ փեթռտել երջանիկ լռություններուն ծաղիկ ցայգերգը` որ թո՜շ` կը բացվի հովիտին խորը, ուռիներու շուքին տակ:

Link to post
Share on other sites

ՊԶՏԻԿ ԵՐԳԵՐ

ԱՌՏՈՒՆ

Ինչպես բարի քույր մը, սպիտակ առտուն, լուսեղե՜ն աստված, ձեռքը դրավ ճակտիս և համրորեն անցավ հոգվույս մեջ, իր շառ քղանցքին հոն անձրևելու շրշյունը մետաքս:

Ինչպես բարի քույր մը, ցանկալի առտուն` լուսացավ հոգվույս մեջ` կարոտով մթագնած. ինչպես բարի քույր մը, ինչպես շուշան մը` անձավի մեջ ծաղկած:

Ինչպես բարի քույր մը, գորովազեղ առտուն, իր խունկ ձեռքերով ամենն ալ գգվեց. գգվեց ամենն ալ ցավիս ծաղիկներուն, որոնց բաժակները բարձրացա՜ն` անոր նայվածքին լույսովը թրջվելու:

Եվ ինչպես բարի քույր, ինչպես բարի քույր` վաղաժամ մեռած` քնացավ առտուն, իր գորովանքով օծած` հասկերը իմ տարփանքներուս:

Link to post
Share on other sites

ՄԵԾՄԱՅՐԻԿԸ

Ճրագը ձեռքը ննջասենյակեն ներս մտավ ծերունի կինը: Դուրսը գարնային անձրևը կը հոսեր լիատարափ. դուրսը գաղջությունն ու մութը ծովացեր էին: Հերաձակ անձրևը ջուրի վեժքեր կը ցրցքներ ապակիներու վրա, պատերուն վրա, մայթերուն ու տանիքներուն վրա:

Ծերուհին լուսակալի վրա դրավ ճրագը ու գնաց պատուհանին հպեց ճակատը. որքա՜ն պետք ուներ այդ զովացքին:

Տարափը կը տենդոտեր ու մտրակներու հույլի մը պես կը շաղեր սալարկին սպիտակ քամակին վրա, և հետո չարաճճի ձեռքի մը նման գգվական ծեծիկներ կու տար ապակիներու երեսին:

Ծերուհին ընդերկար մնաց այդ դիրքին մեջ, ճակատը ապակիին հեց, նայվածքին նշույլը դուրսի մութին ու գաղջության մեջ տարտամած և կամ` մերթ` կայծակներու քրքում և օձագիծ խաղերեն լուսավառած: Ծերուհին ընդերկար մնաց այդ դիրքին մեջ, հոգին անսահմանելի անդոհով մը պրկված:

Անձրևի հոսքերը կը վերսկսեին խաղալ տանիքներուն հետ, բույսերուն ու ծառերուն հետ, մայթին ու մութին հետ: Ու կը վերադառնային ցպրտալ ու արցունքոտիլ ապակիներուն վրա. և երկնային ջուրը իր փափուկ զովությունով կը փայփայեր ծերուհիին ճակատը, կըսթափեցներ զայն իր խոհանքեն: Եվ երկնային ջուրը հմայական ձեռքի մը պես` լուսեղեն տեսլիլ մը կ’առկախեր հանկարծ խավարին մեջ. քաղցր ու դժնդակ պայծառություն, որ կը շրջագծեր մեղրանույշ ու նրբագիծ դեմքը իր թոռնուհիին: Եվ ի±նչ տեսիլ կրնար թելադրել իրեն գիշերային այս մենությունը, եթե ոչ անորը: Ահա՜ տասներկու տարիե ի վեր ցերեկներն իսկ անոր երազովը կը մտաթափառեր...

Տեսիլքը` վայրկենական` ժպտեր ու գացեր էր սակայն, դուրսը լեզու ելեր էր դարձյալ ջուրերուն խուժող բարբառը. ու ծերուհին հեղ մըն ալ կը պարուրվեր իր մտահոգությանց անարև ու տրտում մշուշով: Երբեմն կը ցնցվեր թեթևակի. կը բաժնվեր քիչ մը ապակիեն, բայց ճակատին ջերմությունը` հանկարծորեն զգացված` դարձյալ կը մոտեցներ զինքը պատուհանին, ու նայվածքները անգամ մըն ալ կ’ընկղմվեին մութին մեջ...

*

* *

Աշտանակին մոմը սպառելու մոտ էր. սենյակին լույսը հետզհետե կ’անոսրա-նար, քանի մը նշույլներ տակավին կ’ոգևորեին: Հանկարծ սենյակը մթագնեցավ, ծերուհին արթնցավ իր մտածությանց քունեն. որքա¯ն ատեն մնացված կրնար ըլլալ այդպես պատուհանին առջև. ո՜վ գիտե:

–Տե՜ր Աստված, զորությանդ մեռնիմ, վաղը պայծառ արև¯ մը... Վաղը սու¯րբ, սու՛րբ օր մը տայիր...

Ու բաժանվեցավ պատուհանեն, ու մութին մեջ Լույսին առջև ծնրադրեց, հոգեկան հորձանք մըն էր իր աղոթքը, որ մերթ զգայության ալիք մը կ’ըլլար ու կը տարուբերեր հոգիին մեջ և կամ մերթ բառերու շուշանական փրփուրովը կը ծաղկեր իր շուրթերուն վրա...

–Հիսո՜ւս Քրիստոս, զորությա՜նդ մեռնիմ, Սո՜ւրբ Աստվածամայր, բարեխո՜ս եղիր, ամենակարո՜ղ Տեր, դուն գիտես... ուզածս տո՜ւր հոգիս առ, ուզածս տուր հոգիս առ...

Աղոթքը լմնցավ, ծուփքը հանդարտեր էր անշուշտ ու հոգին թեթևցեր, այսքան տարիե ի վեր ուրիշ ի±նչ ամոքանք ուներ արդեն այս վշտագնած հոգին:

Մութին մեջ խարխափելով լուցկիին տուփը գտավ ծերուհին, լամպարը վառեց ու սեղանին առջև նստավ. դեմքեն կը զգացվեր գոհունակությունը, իր դեմքեն` որ գրեթե կը ճառագայթեր այլևս: Իր դողդոջուն ձեռքերով գզրոց մը բացավ, պահարան մը դուրս հանեց, բացավ, լուսանկար մը մարմարին վրա դրավ, հետո մոտեցուց լամպարին. մեռած աղջկանը պատկե՜րն էր: Կաղամախի նազելի հասակ մը, ճաճանչագեղ դեմք մը, գլխուն վրա հորդառատ պտույտք մը վարսերու` որոնց փափկությունը շոշափելի զգայություն մը կը դառնար գրեթե, աչքերը` թանկագին քար, զույգ մը խոշոր կայլակներ` առույգ ու տխրագին բոցով: Ծերուհին կը նայեր, կը նայեր, կը նայեր, ու տամուկ թարթիչները կը ծիածանվեին լամպարին դեղձան լույսին տակ:

Գիշերային աղոթքեն վերջ իր մյուս պաշտամունքը եղած էր այդ լուսանկարը. նորեն ու նորեն կը նայեր անոր, լույսին կը մոտեցներ, կը հեռացներ, զանազան դիրքեր կու տար, քովնտի կը նայեր, շեշտակի կը նայեր, դառնորեն կը ժպտեր, ցավագին կը շարժեր գլուխը, նորանոր վերհիշումներ կ’ունենար անոր կյանքեն, կը վերապրեցնե՜ր զայն ամեն գիշեր: Եվ ամեն գիշեր, ամենմեկ նայելուն, նոր խանդաղատանք մը կըզգար ու կենդանագիրը կը մոտեցներ անդադար աչքերուն ու շուրթերուն, շուրթերուն ու աչքերուն...

Link to post
Share on other sites

*

* *

Այս գիշերվան հափշտակությունը սակայն ամեն օրվանը չէր, պատկերը անշնչացած սիրելիի մը հուշքին լուսագրությունը չէր մինակ այս անգամ: Այս անգամ լուսանկարը բոլորովին կ’անձնանար կարծես, մազերը ոսկի-շագանակագույն շողեր կ’առնեին, աչքերը` մեղույշ, վառվռուն կենդանություններ, արյունը վարդագույն կը մշշանար այտերուն ու ձեռքերուն վրա, շնորհալի ամբողջը կը նորաստեղծվեր: Որովհետև այս գիշեր մանավանդ, պատկերը իր զավակը չէր միայն, այլ և թոռնուհին` Արփինե՜ն, ա՜հ, Արփինե՜ն, որուն անունը մինակ կրցեր էր պահել իր մտքին հեռավոր մեկ խորշին մեջ, իր սրտին մոտավոր մեկ անկյունին ծոցը: Արփինեն, իրեն համար, իր աղջկանը ցո՛լքը մինակ կրնար ըլլալ, նույն վարսերով, նույն շարժուձևով, նու¯յն հոգիով:

Աղջկանը մահեն վերջ, թոռնիկին առաջին մանկութենեն ասդին, այլ ևս տեսած չէր զայն, չէ¯ին թողուր որ տեսնե: Արփինեին հայրը, որ կնոջ մահեն վերջ հեռավոր արվարձան մը փոխադրված` անգամ մը ճամբել տված էր մեծմայրիկը, որ իր թոռնիկը ողջագուրել գացեր էր` աղապատանքով լեցուն, ու գլխիկո¯ր ետ դարձեր էր` կարոտով ու կսկիծով զեղուն. այդ օրեն ի վեր ահա տասներկու տարի է, որ զայն վերստին տեսած չէր: Ահա՛ տասներկու տարիե ի վեր գրեթե ամեն շաբաթ սիրտմաշուքով կ’ելլեր գյուղին զառիվերեն, թոռնիկին տան դուռը կը բաղխեր, ու... կը ճամբվե՜ր, չեխով ու լուտանքո՜վ կը ճամբվեր. ամեն անգամ սպառնալիքը խիստ ու վճռական եղավ: Հույսը չկտրեց նորեն, չդադրեցուց իր այցելությունները, իր ուխտագնացությունները. ա՜լ դուռը չէր զարներ. տունին շուրջը կը դեգերեր, իր հույսը դիպվածն էր մինակ, հեռուեն թերևս կարենար տեսնել սիրելի դեմքը, մազերուն մեկ գիսա՜կը գոնե:

Տարիներով այսպես պարապ գնաց եկավ մեծմայրիկը. Արփինեն մեծցեր ու դպրոց կ’երթար. անգամ մը ելավ նույն իսկ դպրոց գնաց. §Օրիորդին տերտս հասկցնեմ, հելպեթ կը թողու...¦: Ես Արփինեին մեծմայրիկն եմ ըսավ. շատ իսկ էր հայտարարությունը. ներս չառին զինքը. տնտես ախպարը բաներ մը մրթմրթաց, չըլլար, չի կա՛, ըսավ. վարժուհին վերի պատուհանը նստած` իր ակնոցին տակեն անտարբեր կը դիտեր ծեր կնոջ հուսահատ վերադարձը... Ծերուհին անգամ մըն ալ հուսախաբ կ’ըլլար, որովհետև ամեն ինչ նախագուշակված ու պատվիրված էր արդեն...

Բայց սերը հուսահատիլ գիտե±. տարիները անցեր էին, թոռնիկն ալ մեծցած կ’լլար հարկավ, չճանչցվելու աստիճան մեծցած. ծերուհին չէր հուսահատեր սակայն. գեթ հեռուեն անոր դեմքը ընդնշմարե¯ր. հավատքի պես կըզգար թե պիտի ճանչնար զայն:

Վերջին անգամ երբ դարձյալ կատարած էր վերելքը, թոռնիկին դրացուհիներեն մեկը հետաքրքրված ներս առեր էր զինքը ու տերտը հասկցե՜ր: Եվ արդեն շատոնց ծերունի կինը ուշադրության առարկա եղեր էր. ո±վ էր այդ սևավոր կինը` որ կանոնավորապես կու գար կը դեգերե այդ կողմերը. իրարու մեջ փսփսացեր, հետաքրքրվեր, հասկցեր էին վերջապես դրացուհիները. Արփինեին մեծմայրի՜կն է եղեր. և անոնցմե մեկուն սիրտը չէր դիմացեր այս անգամ, ներս կանչեր էր մեծմայրիկը, սփոփեր ու Արփինեն տեսնելու ժամադրություն մը խոստացեր էր. օհ, ի՜նչ ուրախություն, վերջապես պիտի տեսներ իր ձագուկը, իր խուզի՜ն. հոգ չէ թե հեռուեն մինակ, դրացի տան պատուհանեն` որուն դիմաց կայնած կ’երևակայեր արդեն իր սիրական սրտահատորը:

–Ո՜ւյ, Աստըծու խնտաք հեմեն, հիմա խենթանամ պըտոր...

Աստըծո՜ւ խնտաք, Աստըծո՜ւ խնտաք, ըսեր ու մեկներ էր:

Ու վաղը ժամադրության օրն էր. լուսանկարը անգամ մըն ալ համբուրեց, լամպարը մարեց ու քնացավ ծերուհին, երջանիկ քնացավ:

*

* *

Առտվան դեմ անձրևները դադրեր էին, անամպ ու միափայլ կապույտին վրա արևը վիժակի մը պես կը նշուլարձակեր. առտվան սյուքը` գարնային ծաղիկներու բուրումով խնկավետ` հեշտագին կը զովանար:

Ծերուհին, որ բաց պատուհանին առջև հագված, պատրաստ նստեր էր և արևածագին կըսպսեր անհամբեր` վերջապես գոհունակ ու լայն շունչ մը առավ. ուրեմն ահա պիտի երջանկանա՜ր:

Դողով ու նախազգացումով լեցուն` խաչ հանեց ու ճամբա ինկավ. շոգենավե-րուն հեռավոր սույլին հետ կը փութացներ, տենդոտ ու անգիտակից գրեթե:

Ղալաթիա հասեր էր. առաջին մտածումը եղավ մոմ մը վառել Ամեափրկիչին. ահա՜ մոտեցեր էր իր սիրական գաղափարին իրականացման, մոմ մը չվառե±ր:

Աղոթքը ըրավ, ժամեն դուրս ելավ, շոգենավ կա±ր: Ճիշտ ժամանակին կը հասներ, տոմսակը առավ, ներս նետվեցավ. նույն պահուն վերջին սույլը կ’արձակվեր, ու շոգենավը մեկնած էր արդեն:

Առտվան հաճելի արև մը կ’ողողեր խցիկը, ուր ծերուհին նստած էր` մինա՜կ` իր երջանիկ ակնկալության ու խռովքին հետ: Վոսփորը ոսկիով զանակված կապույտ ու երկարաձիգ շալի մը պես կը վետվետեր. նոր կտրված ձմերուկի հեշտավետ բույր մը կ’արտածորեր ծովը. շոգենավը կ’երթար թևաբախ` ծիրկաթինին ձյունաթույր ուրախությունը ձգած իր ետևեն:

–Յուսկյուտա՜ր...

Առտվան ցանցառ ուղևորներուն մեջ ծերուհին առաջինը եղավ դուրս ցատկող:

Վերելքը վայկենական երևցավ իրեն, բան մը չտեսավ ճամբուն վրա, բան մը չլսեց: Առաջին բանը որ զինքը հափշտակութենեն արթնցուց` ձայնը եղավ զանգակին, որուն կոճակին կը հպեր իր դողդոջուն ձեռքը:

Ճիշդ ժամանակին հասեր էր. Արփինեն արդեն դիմացի պատուհանեն կը խոսակցեր բարի դրացուհիին աղջկան հետ:

Պետք եղավ որ քիչ մը սպասի ծերուհին, շունչ մը առնե, սուրճ մը խմե, հետո ըսին որ կրնա պատուհանին առջև նստիլ ու սպասել,– չուզեցին հանկարծակիի բերել:

Բայց իր հոգիեն կը լսեր արդեն թե Արփինեն արդեն հոն էր. կթոտելով ու շնչահատ` ելավ վերի հարկը պատուհանին առջև. արևը լիաշող կը ծավալեր, և անոր շլացքին մեջեն ծերուհին ընդնշմարեց սակայն իր հոգիին երազը. ա՜յնքան ատեն իրականությունը երազ մը մինակ երևցած էր իրեն. ուրեմն Արփինեն էր անիկա, իր սրտահատոր թոռնուհին` Արփինեն...

–Ո՜ւյ, արևուդ կշտանամ, լուսերու պես աղջիկ, թպխսի մարն է, պոյըդ, պոսըդ սիրեմ... ֆուլիա մազերդ սիրեմ, հոգիդ սիրեմ, զավա՛կս, ձագու՛կս... պոյդ պոսդ սիրեմ... ֆուլիա մազե՜րդ սիրեմ... լուսերո՜ւ պես աղջիկ, լուսերու՛ պես աղջիկ...

Օ՜հ, շա՛տ էր այսքան ուրախություն հեք սրտի մը համար, որ այնքան ծարավ, ծարավ` հանկարծորեն կը լենար և կը զեղուր:

Մեծմայրիկը մեռե՜ր էր...

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ԱՅՍ ԻՐԻԿՈՒՆ

(Արձակ բանաստեղծություն)

Այս իրիկուն, թուրինջ ջրաներկ իրիկուն մը, քաղաքեն դուրս, քառուղիին բերանը, սոսիին տակ նստեր էի. սոսին վաղնջուց ծառ մըն է, ճամբուն վրա, մրգաստաններուն ու դալարուտներուն մեջտեղը, համայնական օրհնանքի մը պես բարձրացած: Գարուները` չարաճճի՜ աղջիկներ` նազանքով, գեղով, հեշտությունով լեփլեցուն` եկան անցան իր առջևեն. ամառները, արգավանդ ամառներն ալ, և հուռթի պտղաբեր աշունները` ամենն ալ տարիներով անցան իր քովեն, իր հոգիե՜ն ալ: Օր մըն ալ, ամպգոլի տոթագին օր մը, բոցագիծ ելեկտրաթև հոսանուտ մը անցավ իր ծոցեն, մինչև հոգիին ալքը կայծա՛կն էր և բունը` քարայրի պես բերանաբաց` երբեմն անցորդներու օճախը կ’ըլլա, և հոն վառող կրակը կայծակին հիշատակն է կարծես, որ մերթ կարթըննա հոն:

Սոսիին տակ, ուրեմն` նստեր էի այս իրիկուն:

Երկու տարեց կիներ անցան ցանկորմին քովի արահետեն. մեկը կը խոսեր գթոտ շեշտերով իր ձիուն վրա` որ արդեն հյուծավո՜ր` վաղահաս աշնան ցուրտին չէ դիմացեր` մեռե՜ր է. հեյվա՜խ կ’ըսեր մյուսը, հեյվա՜խ... քայլերը մեռան, ձայները փոշիացան, հեռացեր էին, ա՜լ չլսեցի...

Հանկարծ կեռասաստանին ծայրեն երեք տղամարդեր երևցան, ճառագայթող դեմքերով. մեկը կը պատմեր իր սիրային անցքերը. կնոջական արևոտ, վարդավետ անուն մըն ալ լսեցի... զիս տեսան, լռեցին անցան. քիչ մը անդին պատմությունը վերսկսած էր, ունկնդիրները կը քրքջային...

Քիչ մը վեր առի գլուխս, ճյուղատ սոսիին վրա պարս ելած մեղուներուն պես, բուռ մը տերև կը խժային, բայց կանանչ, կա՛փկանանչ... մինչդեռ դիմացի կեռասիներուն տերևները կարծրեր են ցուրտեն, և աքասիաները կարծես թալուկե բռնված. մեր ծերունի, օրհնաբեր սոսին երիտասարդի ծիծաղներ ունի: Տերևուտքին մեջ շշնկոց մը կա, որ հովինը չէ. վայրկյան մը կը դադրի, հետո հեռու¯ն կըսկսի, խելահեղ թրթռուն ցող մըն է. երկու վայրկյանեն, հանկարծակի, գորշ զույգ մը թռվռալով ցած կ’իջնե սաղարթներու սրահակը բանալով. հևքոտ, արագ, կը բաժնվին կը հեռանան երկու տարփավոր թռչուններ... օդահած տարփանքներու երջանի՜կ թաքստոց` վաղնջական սոսիին հետամնաց երիտասարդությունը... Խճուղիին վրայեն սայլորդ մը, արևակեզ, ժպտագին գեղջուկ մը` երգելով կու գար. երկու սիրուն ճերմակ եզներ, որոճալով, տատանելով, դանդաղելով կը քաշքշեին սայլը քաղքի բարիքներով բեռնավոր: Մտածեցի որ այս սայլորդը տուն կը դառնա հիմակ. հունա, բլուրին ծայրն է տունը. բուխարիկին ծուխը` քմահաճ` կապույտ ծաղիկներ կը ցրցքնե օդին մեջ. օճախը վառած է... ժամ մը ամբողջ պիտի երթա այդ ծուխին, այդ տանիքին, այդ հորիզոնին նայելով, ժպտալով տարփավորի պես, հոր մոր պես, սիրական, կաթոգնած. կաթերը կթվեցան, լճացան հիմակ անոթներուն մեջ. հանին քնացած ըլլալու է. եղինձը եփած պատրաստ է մաղմաղին վրա. պզտիկները կըսպասեն` հայրիկը ի±նչ պիտի բերե քաղաքեն. հազար բարի, որովհետև ածուխը լավ ծախվեցավ. վաղը, կանուխ, նորեն բեռնա տանի քաղաք... սայլը անցեր հեռացեր է շատոնց. սայլապանին երգը կը լսվի դեռ, միօրինակ երկարաձիգ, տարածական երգ մը, արևոտ թախիծներով լի, ճիշդ իր դաշտավայրերուն պես, բայց անույշ, անո՛ւյշ, ու ես...

Ուրիշ կառապան մը կը վերադառնա, քաղքեցի. խրոխտ, ամբարձիկ, աննկատ կ’անցնի, մտրակը շաչեցնելով ու շաչեցնելով. ձիերը կ’ըմբոստանան պահ մը` այնքան հոգներ են մինչև իրիկուն. բայց կառապանը քաղքեցի է¯,– կը կատղի, կը փրփրի, հեք կենդանիներուն ամբողջ ազգահամարը ձեռք կ’առնե... փոշիին մեջ կորսվեցավ կառքը. մտրակը կը շաչե տակավին, կը ծիծաղի՜...

Հինգ գնչուհիներ, սիրերգելով, կայթելով, կողովներ շալկած` կու գան դաշտերեն, քաղաք կը դառնան, եղերդ ու մոլոշով լեցուն կողովները վար կը դնեն. առտուն արևը չցաթած գացեր էին. ամբողջ օրվան մը հոգնությունը հոգերնին չէ. կու գան կը շարվին ճամբուն եզերքը, ծառերու շուքին տակ, կը խոսին, հայրատ կատակներ կ’ընեն, կը ժպտին, կը ծիծաղին. հետո երգ, մատի ծափիկ, պորտախա¯ղ... սիկառներ կը վառեն ու դարձյալ շաղակրատելով կայթելով կը դառնան տուն...

Ես կը մնամ սակայն, սոսիին տակ, անշարժ. այս իրիկնային համերգության մեջ, մեկնող արևին ոսկի գիրը, հեռավոր ծովուն կապույտ տառը, տերևներուն, թռչուններուն թրթռուն վանկը կը հեգեմ, կը հեգե՜մ: Բայց չգտա դեռ անսահման բառը, որ դյութական բալլիքի պես պիտի բանար ինծի այս փակ դուռները` ճամբաներուն վրա, ծառերուն տակ, ամբոխին մեջ, անցորդները` ամենն ալ` աներևութացան. ես տակավին մթնշաղին մեջ կըսպասեմ: Ո՜հ, ըսեք, ըսե՛ք ինծի գունագեղ անսահման բառը` այս իրիկուն...

Link to post
Share on other sites
  • 3 months later...

Երկար ժամանակ բացակայում եմ, և գործս կիսատ է մնացել...

ՁԵՌՔԵՐԸ

Ծովեզերքի պատշգամբին նստած, լուսաբաղձիկ մանուկի հափշտակություն-ներով, ու քիչ մը վախով, ու քիչ մը արցունքով, լուսերուն մեկնիլը կը դիտեի ամեն իրիկուն:

Ամեն իրիկուն, մթնշաղին ստվերախառնություններեն անդին, լեռնագիծ հորի-զոնին հուսկ բոցին մեջ, զույգ մը ձեռքեր` թափանցիկ լուսեղեն ձեռքեր` կ’անրջագծվեին:

Երանգներու և լույսերու համեցումին մեջ, քիչ մըն ալ դեռ, ձեռքերը ցոլաձակ կը մնային հոն ու երբ մութին հոծ ծուխը կ’իջներ ու կը շրջագծեր զանոնք, ձեռքերը գլխիվայր դարձած զույգ մը շուշաններու կը փոխվեին, որոշակի կը շեշտվեին իրենց զանգակի ձևերուն մեջ` ոսկեծայր թակաղներով:

Բայց լուսավորներու առաջին ծիծաղին հետ շուշանները կը թոշներին հանկարծ, կ’ինքնամփոփվեին, հետո երկու բոլորշի կաթնաթույր լույսերու կը փոխարկվեին, հետո կը պզտիկնային, զույգ մը փոսուռաներ` զույգ մը արծաթ զանակներ կ’ըլլային ու վերջապես կը խեղդվեին ստվերներու մածնումին մեջ:

Link to post
Share on other sites

< 3 > ՄԵՐԺՈՒՄ

Մեկ համբույրըդ զիս պիտ’ ըներ երջանիկ,

Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկ,

Դժնե «ոչ»ըդ թքիր ինծի անտարբեր.

Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր:

Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկ

Ու սևերու մեջ թաթխեցիր իմ մեղմիկ

Ժպտիս ցոլքը, մերթ վառվռուն, մերթ հանդարտ.

Ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ:

Դժնե «ոչ»ըդ թքիր ինծի անտարբեր,

Այդ «ոչ»ըդ սուր սիրտես սորեց արյուններ.

Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտածին

Գալարեցուց սևերու մեջ իմ հոգին:

Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր.

Վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր.

Այն օրեն երբ սև բաժակըն այդ թույնի

Ըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ’արյունի:

1902, Սվազ

Իսկ հիմա կտեղադրեմ Մեծարենցի առաջին ժողովածուն, իհարկե դուրս հանելով նրանք, որոնք արդեն կան այստեղ.

:flower: Այլ կրկնություններ ևս կան: :yes:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...