Արևմտահայ գրող Հրանտ Հրահանի հուշը:
"...Ջարդի նախերգանքը սկսեց հայ մտավորականների աքսորովը:
Հայ ժողովրդի հանճարեղ զավակը՝ Կոմիտաս, այդ անբախտ կարավանի մեջ էր և առաջին ձերբակալվածը:
...Դեռ առաջին օրից աքսորական հայ մտավորականները նախազգացել էին իրենց եղերական վախճանը: Նրանց պարագլուխները՝ Սիամանթոն և Վարուժանը, դեռ Պոլսո բանտից Կոմիտասը դարձրել էին իրենց սիրո, գուրգուրանքի և հոգածության առարկա և ամեն կերպ աշխատում էին ապահովել նրա հանգստությունը: Ամիսներ տեվող այդ տառապանքի գողգոթայի ընթացքում Կոմիտասը Ֆիզիկական և հոգեկան չորս ահավոր ցնցումներ էր ունեցել, իսկ այդ չորս ցնցումները արդեն բավական էին խանգարելու իմացական հավասարակշռությունը այնպիսի մի մարդու, որ երգից ու երաժշտությունից դուրս ուրիշ աշխարհ չէր ճանաչել...
Կոմիտասի առաջին ցնցումը տեղի էր ունեցել այն ատեն, երբ նա երգեցողության միջոցավ իրենց սպառնացող վտանգը իր ընկերներին զգացնելու ժամանակ, հրեշ մի ոստիկան անակնկալ կերպով նրա ետևից խոյանալով ծոծրակին բռունցքի մի սոսկալի հարված էր իջեցրել, որի հանկարծական թափից ու ուժգնությունից Կոմիտասը զգտնվել՝ շշմել ու մնացել էր: Այդ ահավոր հարվածը նա երբեք չէր մոռացել, անգամ իր մելամաղձոտության 20 երկար տարիների գրեթե անզգա շրջանին:
Մյուս երեք ցնցումները, թեև ֆիզիկական ցավ չէին պատճառել նրան, բայց հոգեկան այնպիսի բուռն ալեկոծության էին ենթարկել, որ Կոմիտասը, կարելի է ասել, այդ երեք ցնցումների ծանրության տակ կքել ու ջախջախվել էր վերջնականապես:
Այսպես, դիակների, կմախքների և մահամերձ հոգևարքների միջից անցնելու ժամանակ Կոմիտասը Գոնիայի մոտ ականատես էր եղել մի սրտաճմլիկ տեսարանի... Կոմիտասը սարսափով տեսնում էր, թե ինչպիսի վայրագությամբ մի ոստիկան սվինի մի հարվածով ճեղքում էր փորը երկունքի ցավերով տառապող մի դեռատի հայուհու, որի նորածին երեխայի առաջին ճիչը խեղդվում էր թուրք ոստիկանի հարվածի տակ: Մայր ու երեխայի գեհենային այդ տանջանքը և սրտակեղեք մահը Կոմիտաս տեսնելով՝ մի րոպե արձանացած մնում էր գունատ ու այլայլված դեմքով:
Երրորդը պատահում էր Չանղըրի ճանապարհին վրա, Թավլիի հանգրվանում, ուր աքսորական մտավորականության կարավանը հասնում է տաժանելի հետիոտն ճամբորդությունից հոգնած, ուժասպառ և ծարավի... Մի քանի ընկերներ գնում են դույլով ջուր ճարելու, որ իրենց ծարավը հագեցնեն:
Կոմիտասը, այդ պահին խանից դուրս գալով՝ տեսնում է ջուրը և սկսում ձեռքերն իրարու մեջ շփել, ինչ որ նրա սովորությունն էր ամեն ուրախառիթ պարագաների: Բաժակի չգոյության պատճառով ստիպվել էին ուղղակի դույլով խմել: Վարուժանը և Սիամանթոն առաջին հերթին դույլը բերում են Վարպետին... Բայց, հազիվ նա շրթունքները դույլին մոտեցրած, մի անգութ ոստիկան հասնում է շտապ և դույլն ուժով քաշելով՝ դեն է շպրտում և ջուրը թափում գետնին... Կոմիտասը այլայլված ու սարսափահար անմիջապես թևը գլխի շուրջ տանելով ծածկում է իր դեմքը և անշարժ մնում է, մինչ ջուրը կաթիլ-կաթիլ թափվում է նրա փեշերի վրա...
Վերջապես թևը գլխիցը վար առնելով, մարած նայվածքով, դանդաղորեն նորից խան է մտնում Կոմիտասը, մեղրամոմի նման դեղնած: Այս պահին բժիշկներ Թորգոմյան, Ռուբեն Սևակ և Քելեկյանը գալիս են իմանալու, թե ի՞նչ է պատահել Կոմիտասին... Նրա դեմքի փոփոխությունը, մեռելական կերպարանքը մեծ հուզում և խուճապ է հառաջացնում մտավորականների ամբողջ կարավանի մեջ...
Մի ժամ հետո Կոմիտասը կրկին դուրս է գալիս խանից և միանում ընկերներին, որոնք այս անգամ նոր ջուր են բերել և իսկույն մի բաժակով առաջին անգամ տալիս են նրան: Բայց նա մի դառն ժպիտով շարժում է գլուխը դանդաղորեն և մերժում է խմել: Նա սկսում է խոսել ինքն-իրեն և ինչ-որ բառեր մրթմրթալ շրթունքների արանքից՝ բոլորովին անհասկանալի: Գիշերը շատ անհանգիստ է անցկացնում...
Հաջորդ առավոտ, ըստ հրամանի, կարավանը ճանապարհ է ընկնում դեպի Չանղըրը, հայ մտավորական ընտրանու պատմական ահավոր գերեզմանը...
Կարավանն անցնում է ձորերի միջից, հաճախ խանձող արևի տակ, կիսաքաղց, հոգնած ու ծարավ: Միշտ իր ընկերների գուրգուրանքի առարկա դարձած Կոմիտասը քայլում է գլխահակ, տխուր և խոսում է ինքնիրեն: Բայց ոչ ոք բան չի հասկանում նրա անկապ խոսքերից: Մի բլրի զառիթափին կարավանի կողքից անցնում է այդ պահին մի լքված, քոսոտ էշ...
Կոմիտասն անմիջապես վերարկուի ծալքերը հանգրիճում է փորի վրա, աջ ձեռքով բարև է բռնում և ձախ ձեռքով մի նշանով խոնարհվում է իշուն առաջ և այս անգամ բարձր ձայնով գոչում.
- Մի շտապեք, ընկերներ, թողեք, որ ճանտարման (ոստիկանը) անցնի:
Բնականաբար շատերը հանաք են կարծում, ինչպես հաճախ նա այդպիսի հանաքներ անում էր: Բայց բժիշկներ Թորգոմյան և Սևակ, որոնք իբրև սերտ մտերիմներ շատոնց ծանոթ էին նրա հոգեկան աշխարհին, լավ էին ճանաչում նրա հոգեբանական այլազան վիճակները, արդեն լրիվ հասկացել են, որ Կոմիտասի իմացական տագնապը սկսած է: Եվ այդ տագնապի երկրորդ հայտարար փաստը հայտնվում է Չանղըրի մեջ:
Հայ մտավորականները զգում են իրենց մոտալուտ եղերական վախճանը և խնդրում են Կոմիտասից երգել իրենց համար վերջին անգամ: Կոմիտասը չի մերժում և սկսում է երգել իր հայտնի ստեղծագործությունը՝ "Տեր ողորմյան"... Երբ ընդհանուր հուզումների և հառաչանքների մեջ վերջացնում է երգը, Կոմիտաս, տեսնելով իր գլխահակ ընկերների արցունքն ու հոգեկան տանջանքը, անօրինակ բոցով վառվում է, աչքերը մեծանում են, ամբողջ մարմնով դողում է և անսպասելիորեն, հանկարծ, խոլական քրքիջով քահ-քահ ծիծաղում է՝ անակնկալ սարսափի մատնելով իր ընկերներին, որոնք անմիջապես շրջապատում են նրան վշտալից և գորովագին և ուզում են հանդարտեցնել նրան, բայց ապսո՜ս, շարունակվում է Կոմիտասի խելագար ծիծաղը, որ նրա դեմքի վրա դրոշմում է հետզհետե հոգեկան տանջանքի և ներքին ալեկոծության մռայլ կնիքը: Կոմիտասը այդ րոպեին արդեն խելագարվել էր...
Վերջին պահին մայրաքաղաքից տրված մի հրաման-հեռագրով պահանջում են Կոմիտասին վերադարձնել..."