Ժամը 9.30-ին Ազատության հրապարակի մերձակայքում իրավիճակը չափազանց լարված էր:
Խաղաղ նստացույցի մասնակիցների ծեծուջարդն արդեն ավարտվել էր: Ազատության հրապարակում հավաքում էին ցուցարարների` ավերված վրանները եւ լվանում թափված արյունը` բռնության հետքերը թաքցնելու համար: Ազատության հրապարակն ամբողջությամբ պատած ոստիկանները այժմ էլ կանգառում ու մայթերին կանգնած մարդկանց էին մահակներով հրելով, երբեմն ծեծելով` հեռացնում հրապարակի մերձակայքից: «Հին Էրիվան» ռեստորանի կողքին, Հյուսիսային պողոտայում մոտ 15 մարդ կար հավաքված: Երբ մոտեցանք նրանց, փորձեցինք ձայնագրել ու նկարել, փողոցի այն կողմում գտնվող ոստիկանները վրա հասան այդ մարդկանց վրա ու սկսեցին մահակներով հարվածելով քշել` աննկարագրելի դաժանությամբ ու չարությամբ: Կարելի էր ենթադրել, որ ոստիկանները հոգեմետ ինչ-որ դեղերի ազդեցության տակ էին: Մեր աչքի առաջ սկսեցին մահակով հարվածել մի տղամարդու մեջքին ու գլխին, թե արագ քայիր: Մի տարեց մարդ ասաց` հիվանդ եմ, չեմ կարող վազել: «Հիվանդ ես, ստե հիվանդների տեղ չի», - եղավ դաժան դեմքով ոստիկանի պատասխանը ու մահակը իջավ տարեց մարդու մեջքին: Քիչ հեռու` Թումանյան փողոցի այլ հատվածում մի քանի հոգի օգնում էին Հայկ Առաքելյանին, ով գլխի պատռվածք էր ստացել մահակների հարվածից: Վերջինս պատմեց հետեւյալը: «Կանգնած էինք մայթին, լկտի բառերով մոտեցան մեզ, թե էստեղ մի կանգնեք: Ասացի` չե՞նք կարող մենք մեր քաղաքում հանգիստ կանգնել, ասացին` ոչ: Հարցրի` իսկ շնչել կարելի՞ է, այդ խոսքի վրա սկսեցին խփել: Սկզբում խփեցին մեջքիս, հետո գլխիս, գլուխս բացվեց, արյունը սկսեց հոսել: Էլ ի՞նչ ասեմ, էսպիսի լկտիությունը չեն մարսելու»: «Ազատության հրապարակում իմ աչքի առաջ ոստիկանության մի սպա ոտքով խփեց 12 տարեկան երեխայի փորին, որից հետո երեխայի բերանից սկսեց արյուն հոսել», - պատմեց նստացույցի մասնակիցներից մեկը, ով նույնպես ծեծվել էր` հավելելով. «Նրանք չխնայեցին մեր երեխաներին ու կանանց, մեր մայրերին, Քոչարյանն ու Սերժը պետք է պատասխան տան»: «Պրովոկացիան սկսվեց իրենց կողմից: Քաղաքացիական հագուստներով մի քանի հոգի մտան, սկսեցին ժողովրդին հրմշտել, հետո ինչ-որ բաներ, քարեր շպրտել, որից հետո բանակը մոտ եկավ: Հետո մտավ հատուկ ջոկատը: Էլ էս երկրի մասին ի՞նչ մտածես», - պատմեց նստացույցի մասնակից, Հաղթանակ գյուղի բնակիչ Կարինե Սուքիասյանը: Ըստ նրա` ոտիկանները հայհոյել են ժողովրդին` գոռալով, թե «բոլորդ պիտի սատկեք»: «Թող չխոսեն ցեղասպանության մասին, թող գային ցեղասպանությունը Օպերայում տեսնեին, - ասաց Կարինե Սուքիասյանը` շարունակելով, - Ես իմ ընտանիքով 10 օր մասնակցել եմ նստացույցի ու շարունակելու եմ պայքարը: Իրենք մեր երկրում չեն ապրելու»: Մեզ հետ զրուցած կինը նաեւ պատմեց, որ համատարած ծեծուջարդից հետո, ժամը 10-ի սահմաններում ոստիկանները Օպերայի մերձակայքում դաժան ծեծի են ենթարկել ՀԺԿ անդամ մի 20 տարեկան աղջկա: «Ես անձամբ Արթուր Բաղդասարյանին եմ ընտրել, ընտրությունից 10 օր հետո տեսանք` նա ով է: Նա անվտանգության խորհրդի քարտուղար դարձավ ու ապահովեց իր ժողովրդի անվտանգությունը, նա քարտուղարուհի է, ոչ թե քարտուղար», - հայտարարեց Կարինե Սուքիասյանը: Նստացույցի մասնակիցներից 40-ամյա մի արարատցի պատմեց հետեւյալը. «Ժամը 7-ի սահմաններում հարձակվեցին չորս կողմից ու սկսեցին հարվածել իրենց դուբինկաներով: Հատ առ հատ շենքերի մուտքերը մտնում, ստուգում էին, երեք հոգով մտանք շենքերից մեկի շքամուտք, որ փրկվենք դրանց ճիրաններից, մուտքերից մեզ դուրս հանեցին, մահակներով ծեծեցին: Ոտքերով խփում էին տղամարդկանց սեռական օրգաններին: Լկտիաբար ասում էին, թե` մի 15 անգամ էլ գոռա «առաջ Հայաստան», հայհոյում էին Տեր-Պետրոսյանին: Անխտիր ջարդուփշուր էին անում չորս կողմից»: Նորայր անունով մի ցուցարար պատմեց հետեւյալը. «Երբ եկան, շրջապատեցին հրապարակը, Տեր-Պետրոսյանն ասեց` զինվորների խաթրին չկպնեք, թողեք տեսնենք` ինչ են ուզում: Նրանք առանց պատասխանի վրա եկան, ասեցինք, դուք մեր մարդիկ եք, մեր վրա ձե՞ռք եք բարձրացնում, էս ի՞նչ եք անում, հաշվի չառան, սկսեցին հրել ժողովրդին գազ բաց թողեցին ու ջարդեցին: Չորս շարքով էին եկել` սկզբում ոստիկաններն էին, հետո ներքին զորքերը, դրանցից հետո Ղարաբաղի ՕՄՕՆ-ը եւ սեւ ու կարմիր բերետավորները: Անխնա, դաժանաբար ջարդեցին ժողովրդին: Փայտերով ու ձեռքերով ենք պաշտպանվել: Այն էլ ինչ ձեւով ծեծեցին»: Կատարվածից ահաբեկված էին նաեւ Կենտրոնի բնակիչները, որոնք ականատես էին եղել, թե ինչպես են մարդկանց ծեծուջարդի ենթարկում: «Առավոտյան ժամը վեցն էր, աղմուկ լսեցի, հասկացա, որ ինչ-որ բան է կատարվում, պատուհանից տեսա, կամաց-կամաց մոտենում են հրապարակին, լուսանները ոնց են իրենց որսին դարանակալում: Միանգամից հարձակվեցին: Մարդիկ քնած վրանների մեջ, սկսեցին ոտքերով ու դուբինկաներով ջարդել, կին, երեխա, ոչ ոքի չխնայեցին: Ջարդած գլուխներ, արյուն ամեն տեղ», - պատմեց Օպերայի մերձակայքում ապրող Գագիկ Այվազյանը: «Սա արդեն ապրելու տեղ չէ: Սա եղեռն է: Թուրքերի հրամանով հայերին ջարդում են, - ասաց նստացույցի մեկ այլ մասնակից: «Փողոցում կանգնած 5-6 հոգի են տեսնում, ոստիկանները հասնում, ծեծում են, - ասաց Սոնա Մովսեսյանը` շարունակելով. «Աֆյանը հայհոյում էր խաղաղ ժողովրդին: Կանգառում հավաքված ժողովրդին ոստիկանները եկան, սկսեցին բրթբրթելով հրել, մի կնոջ հրելով գետնին գցեցին, սկսեցին ոտքերով խփել: Կանգառում մի 20-22 տարեկան տղայի էլ դուբինկաներով ծեծեցին մի 6 ոստիկանով, հետո էլ համարեցին, որ ինքն է դիմադրել, տարան ոստիկանություն»: «Հավանաբար Ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Արթուր Բաղդասարյանի բարի լույսն է ժողովրդին», - եզրակացրեց մի կին:
Ժողովրդի պայքարը շարունակվեց Մյասնիկյանի հրապարակում: «Մենք շարունակելու ենք պայքարը մինչեւ վերջ, մենք էլ նահանջելու տեղ չունենք: Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տան ու թողնեն հեռանան էս երկրից, իրենք էստեղ ապրելու իրավունք չունեն, - ասաց մի կին: Մի երիտասարդ մեզ հետ զրույցում կոչով դիմեց ժողովրդին. «Ես ժողովրդին կոչ եմ անում, որ համախմբվենք ու բռնապետության դեմ պայքարենք: Սերժ Սարգսյանը մեկ է չի լինելու նախագահ: Ինքը չի կարող սա մարսել: Այս բռնությունները եւ սպանությունները, այսքան մարդկանց արյունը ինքը չի մարսելու»: «Անարդարության դեմ պայքարելու ենք մինչեւ վերջ», - հաստատեցին նրա ընկերները:
Հ.Գ. Մեր զրույցից մի քանի ժամ հետո իշխանությունը կանոնավոր զորք հանեց խաղաղ ցուցարարների դեմ ու հրահանգեց կրակ բացել սեփական ժողովրդի վրա, ինչի արդյունքում շատերը հրազենային վնասվածք ստացան, եղան նաեւ սպանվածներ:
1.03.08թ.