ՔԱՐՈԶ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ - ԱՂՈԹՔԻՑ ԱՌԱՋ
(21 սեպտեմբերի,1997թ.)
«Մենք պարտավոր ենք միշր աղոթել և չձանձրանալ աղոթելուց» (ՂՈՒԿ.ԺԸ 1)
Քրիստոսի այս խոսքերը այնպիսի ներշնչողական ուժ ունեցան ամբողջ քրիստոնյա
Աշխարհի համար, որ աղոթքը եղավ սիրտը կրոնքին, սիրտը հավատքին: Առանց աղոտքի քրիստոնեություն գոյություն չի կարող ունենալ: Աղոթքը մարդուս հոգեկան շնչառությունն է: Ինչպես մեր ֆիզիկական մարմինը շնչառության պետք ունի ապրելու համար, այնպես էլ մեր հոգին աղոթքի պահին պետք ունի առողջ մնալու և հավերժորեն ապրելու համար:
Աղոթքը բոլոր կրոնքների մեջ գոյություն ունի, և առանց աղոթի կրոնը գոյություն չունի: Աղոթքը այն հաղորթությունն է, որ մենք կունենաք մեր Ստեղծիչին հետ, կյանքին բաշղիչին հետ, մեկ խոսքով` մեր գոյության աղբյուրին հետ, որ է Ինքն` Աստված:
Մենք մեզնից գոյություն չունեցանք, տիեզերքը ինքնիրեն գոյություն չառավ: Այս ամբողջ տիեզերքը` իր անջրպետյան հսկայության, անհունության մեջ, այնքան տարածուն, այնքան խորհրդավոր և տակավին մարդուս անծանոթ տարածքներուն մեջ, և մինչև հյուլեական անտեսանելի էություններու մեջ Արարիչ մը ունի: Եթե մենք կտրվինք այդ Արարչից, կտրված կլինենք նաև մեզ կյանք տվող ավիշից, մեր արմատից, մեր գոյության աղբյուրից:
Աղոթում ենք եկեղեցում, աղոթում ենք կերակրի սեղանի շուրջ, աղոթում ենք քնելուց առաջ, աղոթում ենք առավոտուն`գործի երթալուց առաջ: Աղոթքը մեր գոյության հետ շաղաղված է և ոչ թե կամավոր և պարագայական մի արարք մըն է: Ես պիտի ուզեի այսօր աղոթքի մասին երկու մտածումներ ձեզի փոխանցել:
Առաջինը այն է, որ աղոթքը բառ և խոսք չէ, մարդ կարող է շատ բան խոսիլ, բայց չաղոթել, կարող է և սակայն ոչ մեկ բառ արտասանել սակայն աղոթել զգացումով: Նույնիսկ բառերի շատությունը ձանձրույթ կպատճառի աղոթողին: Հիսուսը ասւմ է. «Միշտ աղոթեցեք, բաց մի ՜ ձանձրացեք»: Աղոթքը այն զգացումն է, որ մարդս կկապի իր Արարիչի հետ, և աղոթելու իղձն անգամ աղոթք է:
Երկրորդ` ինչպես ըսած է մեծ իմաստուններեն մեկը. «Աշխատանքը ինքը թանձրացյալ աղոթք է»: Սուրբ Գրքին մեջ կարդում ենք Պողոս Առաքյալին խոսքը, թե` «Մի ՜ ձանձրանաք բարիք գործելուց»: Բարիք գործելը, աշխատանք կատարելը մարդուս համար աղոթելն է, Աստծո` մեզի տված կարողությունները արժեցնելն է: Եվ չաշխատող մարդը չի կարող աղոթել անկեղծ, որոհետև աղոթքը միայն ձեռքերուն բարձրացումը չէ: Աղոթքը Աստծո` մեզի տվածին արժևորումն է`մեր կյանքով և գործով:
Աղոթքը կունենա տարբեր-տարբեր հասցեներ: Աղոթքի հասցեն կարող է լինել այդ, որով մեկը ասում է. «Ո՜ վ Տեր, ների՜ ր ինձ, քավի՜ ր իմ մեղքերը, ես մարդ եմ հանցավոր, ես մարդ եմ մեղանչական»: Երկրորդ` աղոթքը կարող է լինել ուրիշին համար, այն բարեխոսական աղոթքն է. «Ո՜ վ Տեր, տու՜ ր իմ հորս և մորս երկար կյանք և առողջություն», որը աղոթքի բարեխոսական տեսակն է, իսկ առաջինը աղոթքի ներանձնական տեսակն է: Աղոթքը կարող է ունենալ ուրիշ հասցե մը` Ազգը, Եկեղեցին, Հայրենիքը: Եվ այսօր 21 թ. սեպտեմբերի այս կիրակին, ամբողջ հայ ժողովրդին աղոթքին սլաքը ուղղված է մեր Հայրենիքին: Այսօր մեր աղոթքները արևի ճառագայթների նման պետք է կենտրոնանան մեր Հայրենիքին վրա, որովհետև այսօր մենք նշում ենք, պանծացնում ենք մեր Հայրենիքի` Ազատ և Անկախ Հանրապետության վեցերորդ տարեդարձը:
Այսօր թողնենք մեզ իբրև անհատ անձ, միանանք հոգևոր հաղորդակցությամբ իրար հետ և մեր աղոթքները միացնենք և զանոնք կենտրոնացնենք մեր Հայրենիքի և մեր Հանրապետուրյան վրա: Ա՛յս է այսօրվա Հանրապետական մաղթանքին իմաստը, որ պիտի կատարվի այս քարոզից անմիչապես ետքը մեր Ս. Եկեղեցին ոչ թե այստեղ` Մայր Տաճարում, այլ բոլոր եկեղեցիներում, ողջ աշխարհում տարածված բոլոր հայ եկեղեցիներում այսօր մեր Հանրապետության համար աղոթք է կատարում, որը «Հանապետական մաղթնաք» է կոչվում:
Սիրելինե՜ր, մեք այս դարում, քսաներորդ դարում ունեցանք մի անկախության շրջան, երկուն տարվա տեղովությամբ մի անկախություն; 1918 թվին: Այստեղ` նույն այս Ս. Եջմիածինի մեջ, մեր երջանկահիշատակ նախորդներից Գևորգ Ե Կաթողիկոսը Հանրապետության համար աղոթք էր բարձրացնում, Հայոց բանակն էր օրհնում և Հայոց Հանրապետությանն էր բաշխում իր հայրական խոսքը և օրհնությունը:
Դեպքերը սակայն այնպես դասավորվեցին, որ մենք այդ երկամյա անկախությունը կորցրեցինք: Բայց անկախության գաղափարը չկորցրինք. այդ երկամյա անկախության մեզի ներշնչած հույսը, հավատքը, ազգասիրությունը կենդանի պահեցինք 70 տարիներ շարունակ` խորհրդային կարգերի բռնապետական իշխանության ներքև: Չկարողացանք ազատությունը արտահայտել, բայց ազատությունը մեր հոգիներում չկորսվեց: Եվ ահվասիկ, -20րդ դարը չփակված` մենք ողջունեցինք մեր ն՛որ Հանրապետությունը, որը ահավասիկ վեցամյա կյանք ունի: Եվ այսօր մենք կոչված ենք աղոթելու, որ այլևս անկախության տարիները այնպես շարունակվեն, որ ոչ մի վտանք և ոչ մի սպառնալիք մեր անկախությանը չբերի ստվեր, չբերի այնպիսի վիճակ, որ մենք գտնվենք այնպիսի դրության մեջ, որ մեր հոգու, մեր զգացումների արտահայտությունը եղող այս անկախությունը չվտանգվի, մնա առողջ, մնա տոկուն, խոր արմատներ արձակի և զարգանա, ժողովուրդին կյանքը բարելավվի:
Այսօր իմ հայաստանցի, հայաստաբնակ եղբայրներ և քույրերի հետ ես միանում եմ և ասում. այս անկախության գերագույն բարիքը ճանաչենք մեր կյանքով և մեր գործով: Մեր շուրջը տակավին մութ ամպեր կան, Արցախի հարցը տակավին ամբողջովին չէ լուծված, տակավին շրջափակումը մեզ խեղդելու փորձ է կատարում, տակավին նոր տնտեսական, ստեղծագործական, արդյունաբերական զորությունը տկար է, մեր ժողովուրդի տնտեսական, ընկերային կյանքի պայմանները չեն այն, ինչ որ մենք սպասում ենք, որ լինեն: Բայց մենք է, որ պետի անենք, ինչ որ հարկ է անել:
Աստված երկնքից հրեշտակներ չպիտի ուղարկի մեր կյանքը փոխելու, բարելավելու համար: Մենք ենք Աստծո գործակիցները այս հողի վրա` մեր աշխատանքով, մեր ջանքերով մոր Հայրենիքը զորացնելու համար, որպեսզի մեր զավակները մի օր չգան ապագայում և չացեն` մեր հայրերը և մայրերը այնպիսի ճղճիմ հարցերով, ներքին պայքարներով իրար դեմ ըլլալով` մթագնեցին մեր անկախությունը: Մեր երեխաները, թոռները գան և օրհնեն մեզ` ասելով. «Ապրեք հայրեր և մայրեր, որ ամրացրիք մեր Հանրապետությունը միության, ամբողջականության, համագործակցության սկզբունքներով, նվիրումով և աշխատանքով և ոչ թե դժգոհանքով, բամբասանքով և ներքին հոգեմաշ այնպիսի արարքներով, որոնք ոչ մի բարիք չունեն մեր Հայրենիքի և ժողովուրդի համար»: Մենք ենք մեր Հայրենիքը կերտելու կոչված ժողովուրդը:
Այսօր որքան երջանիկ եմ զգում ես, որ այստեղ` Մայր Տաճարում ունենք նաև մեզնից անբաժան, Հայրենիքից անանջատ մեր արտասահմանի հայության զավակներից այնպիսի ընտրանի ներկայացուցիչներ, որոնց հայրաբար ողջունում եմ ես, որոնք գալիս են Պարսկաստանից, Լիբանանից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Անգլիաից, Ֆրանսիաից, մի խոսքով` արտասահմանյայն բոլոր այս երկրներից` այս համախումբը, այս միասնությունն է մեր ուժը: Ուրիշ ի՞նչ ունենք, դուրսից ի՞նչ ուժ, բարիք ենք սպասում: Աշխարհումս ոչ մի ազգ ուրիշին չի օգնի, եթե այդ ազգը շահ չունենա: Սա մենք սովորել ենք Համաշխարհային առաջին պատերազմից, մեր Ցեղասպանությունից մինչև Արցախյան մեր տագնապը, մինչև Սումգայիթի, մինչև Կիրովաբադի և Բաքվի այն բոլոր տանջանքները և տառապանքները, որոնց ենթարկվեց մեր ժողովուրդը:
Մի բան սովորենք ցավից` լինել համաղումբ, միասիրտ, միախոհ, միակամ, միաձայն; Այն ատեն է, որ աշխարհը մեզ կհարգի և այտ ատեն է, որ մեր զավակները մեզ կօրհնեն: Ճիշտ է, մեր երկրում շատ հարցեր կան, ինչպես երեկ Հանրապերության վեցամյակի տոնակատարության ընդունելությանը մեր Հանրապետության Վսեմաշուք Նախագահը ասաց` պրոբլեմներ կան, որոնք լուծեցինք, պրոբլեմներ կան, որոնք դեռ չենք լուծել, և թերևս էլ պրոբլեմներ լինեն, որոնք չկարողանանք լուծել: Բայց ինչպիսի պրոբլեմներ էլ լինեն, մ ՜երն են բոլորն էլ` ուրախությունն էլ է մերը, ցավն էլ մերն է, Հայրենիքն իր բոլոր կողմերով` դրական և ժխտական, մերն է:
Եթե մի զավակ իր հորը և մորը անտեսի, որովհետև հայրը կամ մայրը հիվանդ են, անիծված լինի այդ զավակը: Իմ հայրն և մայրն, որ իմ կյանքի պատճառն են եղել և ինձ կաթ են տվել, սնունդ տվել, ես նրանց հանդեպ միայն ու միայն երախտագիտություն կարող եմ ունենալ: Հայրենիքը, որ մեր պատմության կյանքն է տվել, այս Հայրենիքը իր բոլոր զավակների պետքն ունի: Վերք ունի Հայրենիքը, ցավ ունի, բայց մենք ենք, որ պիտի դարմանենք, մենք և ոչ դրսից պիտի սպասենք, որ գան և մեր ցավերը ուրիշները բժշկեն: Այսօր արտասահմանից եկած մեր հայ ժովովուրդի զավակների մեջ ես տեսնում եմ այդ միասնության, մասնակցության, Հայրենիքի մեջ իրենց ներդրումի փաստը և ողջունում եմ նրանց ամբողջական և անվերապահ աջակցությունը և մասնակցությունը Հայրենիքի կերտման այս նոր շրջանին: Եվ տա Աստված, որ երբ 2001 թվականը մտնենք` երրորդ հազարամյակը, պայծառ լինի մեր Հայրենիքը, հպարտանանք մեր Հայրենիքով:
Եղբայրնե՜ր և քույրե՜ր, այսօր գտնվում ենք Մայր Տաճարում: Այստեղ ամեն ինչ աղոթք է, քարերն անգամ աղոթում են: Իմ այս գահին վրա, որ ես խոնարհաբար և անարժանաբար նստում եմ, 130 Կաթողիկոսներ այստեղ աղոթել են, տառապել են, ճգնել են. այստեղ քանի՜ միլիոն հայեր եկել են դարերի ընթացքում և իրենց շունչը խառնել են այս քարերին, այս կամարներին, այս Մայր Աթոռի մեջ Սրբություն Սրբոց ճանաչված մեր Միածնաէջ Սեվանին: Այստեղ Աստված ինքն է իջել Միածին Որդու հետ, և եկինքն ու երկիրը հանդիպել են Սուրբ Էջմիածնում, Աստված այցելել է մեր ժողովրդին: Եկեք աղոթքով Աստծո հետ, Քրիստոսի հետ հաղորդությամբ մեր արտահայտությունը ունենանք մեր Հայրենիքի շինության համար, որովհետև նա, ով Հայրենիքը չի սիրի, նա ինքն իրեն սիրած չի լինի: Հայրենիքը միայն հողը չէ, Հայրենիքը հողի մեջ իմ և ձեր հայրերի թողած սրբություններն են, մշակույթի գործերն են, նրանց արյունն է, նրանց ոսկորներն են: Եթե մեկը Հայրենիքը չսիրի, ինքն իրեն սիրած չի լինի: Ես ո՞վ եմ, դո՞ւք ով եք իբրև հայ` առանց հայրենիքին, ի՞նչ եք դասավանդում դպրոցներում: Չինաստանի մասին չեք խոսում, Հնդկաստանի մասին չեք խոսում. Խոսում եք Հայաստանի ՜ մասին: Հայաստանը պատկերն է մեր ժողովրդի կյանքին: Մենք մաս և բաժին ենք, միս և ոսկոր այս ժողովրդին:
Պիտի գիտենանք մեր մասնակցությունը, պատկանելիությունը քրտինքով արտահայտել և ոչ թե անցյալի հիշողությամբ: Անցյալի հիշողությունը նոր ուժ կտա մեզի, բայց մենք ապրելու ենք ներկան և ապագան: Ատոր համար այսօր, ձեր բոլորին սրտերից, ձեր բոլորի մտքերից քաղելով աղոթքները իբրև ծաղկեփունջ հոգևոր, այսօր ևս` իբրև Ամենայն Հայոց Կաթողիկոս, վերառաքում եմ ձեր աղոթքները դեպի Աստված և ասում եմ. Հայր Երկնավոր, արևդ թող միշ շողա մեր Հայրենիքի վրա, ուժ տուր մեր Նախագահին, ուժ տուր մեր Խորհրդարանին, ուժ տուր մեր Կառավարությանը, ներշնչիր քաջություն մեր բանակին, զորացրու բոլոր հայրենակիցներին և ՜ Հայաստանում, և ՜ արտասահմանում, նորոգի ՜ ր մեզ, ո ՜ վ Տեր Աստված, պայծառեցրու ՜ մեզ, որպեսզի մեր հայրենիքը լինի մեր հոգու պատկերը, ինչպես եղել է մեր հայրերի պատկերը: Ինչ որ ուզում ես լինենք, ով Տեր Աստված, ներշնչիր մեզ, իմաստնացրու ՜ մեզ, զորացրու ՜ր մեզ վասն Հայաստանի բարեկարգության և զարգացման ու բարգավաճության: Հավիտյանս Հավիտենից. ամեն: