Jump to content

Պարույր Սևակ


Recommended Posts

Guest Guest12568

Զարմանալի Պարույր,որ դեռ Սևակ է դառնում:

Ի՞նչ անեն տարիները ,եթե չեն ծնվում ժամանակակից ու ժամանակ չեն դառնում:Ո՞մ համար են բառերը ,եթե չեն ծնվում ժամանակակից ու ժամանակ չեն դառնում:Պարույր Սևակը անտեր տարիներին տեր եղավ,բառերով զինեց տարիները, դրեց ժամանակի հոլովույթի մեջ: Զգում ենք ,որ և տարիները բան հասկացան, և բան հասկացավ ամենակուլ և ամենախուլր ժամանակը:ժամանակը դարձավ մարդ,մարդը վստահ կանգնեց տիեզերքում,իր հայրենի եզերքում ու էնքան ինքնաիշխան ,տիրական ,որ միշտ թվալու է մարդը մտել է բանաստեղծի ափի մեջ,բայց ափում չէ, երակներում մեջ է, հոգում ու սրտում:Բանաստեղծի անունը գրելը դժվար գործ է,ինչպես ասելը, թե մեր մեծ երթի գավազանակիրը,մեր հոգու անապատը Հայաստան-հայրենիք դարձնողը ,ներ երկնքի ամենահին ու ամենանոր աստղը լույս է տալիս իր երկնքից:Իսկ իր երկինքը իր Չանաղչի գյուղն է ,իր իսկ ձեռքով կառուցած տունը,իր իսկ ձեռքով հիմնած այգին:Ու իր տանը աշխարհի ու Հայոց աշխարհի մեծերն էին ` Սայաթ-Նովան, Հովհաննես Թումանյանը, Կոմիտասը ... Հենց Պարույրի այգուց,հենց նրա տնից օրը ցերեկով նայիր երկնքին:Ի~նչ մեծեր են նայում .ի~նչ մեծերի հետ է Պարույս Սևակը:Ու մի մտածիր ,որ էս փոքրիկ գյուղումծնվածը հայոց լեզվի իր խառնարանն էր ստեղծելու ,իր այգում նստած ` վիճելու էր ախշարհի մեծերի հետ .ախր , աշխարհ է, մարդու նման աշխարհ է ,հենց մարդու աշխարհն է,բայց ինչո՞ւ է ծուռ ճամփով գնում:Իր ժողովուրդը ինչո՞ւ եղեռնվեց:Աշխարհի մեծերի հետ զրուցողը կարո՞ղ է մի անսկիզբ-անվերջ զրույց սկսել Կոմիտասի հետ:Կոմիտասով ` աշխարհի բարի ու չար ուժերի հետ:իր տանը ` Չանախչիում, ինչո՞ւ չլինի մեծ զանգահարը:Եվ ի՞նչ իմանար կոմիտասապաշտը,որ մի օր իր գյուղը կոչվելու է ԶանգակատունԼ: Անլռելի Սևակի այգում,նրա շիրմաքարի մոտ քրքրվելով, մտորում եմ ` ախր, կարող էր հենց հիմա լինել իր նվիրած օրվա ծիրի մեջ:Տարիքն ի՞նչ է :Բանաստեղծը ,փիլիսոփան, մտածողը ,լեզաշինարարը,պարզապես Պարույր Սևակը քառասունյոթում գնո՞ւմ է:Արդեն 35 տարի հունիսի 17-ին նա հավաքում է պարույրապաշտներին,զինում նրանց , լիցքավորում,նրանց բջիջները լցնում Հայաստանով,հայրենիքով,խոսք ու բառով ,սիրով, հավատով:հավատի կրողներն ավելի շատ աշակերտներն են,որոնք Սևակ են զնգացնում,Սևակ են երգում:Պաշտամունքը նման է գեղեցիկ օր խոստացող լուսաբացի:Պարույր Սևակ մեր ափերը ողողող ու նորոգող լուսաբացն է ` լիքը ճաճանչներով:Ու գեղեցիկ է ,երբ սևակապաշտությունը ժողովուրդը կրում է աղոթքի ու զենքի նման:Ու գեղեցիկ է ,երբ Գորիսից երիտասարդ սևակագետ Թեհմինա Մարությանը Սևակի ծննդավայր է եկել իր նոր գրքով ` «Պարույր Սևակի պոեմների գրաքննադատական անդրադարձները», որով և դարձել է գիտությունների թեկնածու , համահեղինակությամբ հրատարակել է «Պ.Սևակ . Զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմ» գիրք – հուշալբոմը:Սա հիաշատակում եմ նրա համար,որ շեշտեմ ` սևակագիտությունը սևակապաշտության քույրն է : Շնորհակալություն չասենք ոչ մեկին , բայց ինչպես շնորհակալ չլինել սևակապաշտ-բարերար Հրաչ Շահսանամյանին է Սևակի թանգարում ու շրջակայքում շինարարական պատշաճ աշխատանքներ իրականցնելու համար...

պարույսևակյան օրը դառնում է ժողովրդի կենսամատյան:

Link to post
Share on other sites
  • Replies 335
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

Guest Guest12568

ՎԱՌԵՑԵՔ ԼՈԻՅՍԵՐԸ

Երազել է տալիս մութը,

Իսկ երազել մենք չենք ուզում։

Մենք ուզում ենք

Սին երազի երկար կապը քաշե~լ - քաշե~լ

(Ինչպես երկար թել ունեցող փուչիկների

Թելն են քաշում մանուկները),

Սին երազի կապը քաշե~լ

Ու ձգելով բերել նրան

Նստեցնել մեր ծնկներին՝

Սեր խաղացող աղջկա պես,

Եվ նայելով

Նրա լպիրշ ու խլրտուն աչքերի մեջ`

Համբերահատ և բարկացած արուի պես նրան բիբել.

- Խո՛սքդ ասա. այո՛ կամ ո՛չ...

Որովհետև չունենք այսքան հանդգնություն,

Որովհետև համբերահատ ու բարկացած արուներ չենք.

Որովհետև սեր խաղացող աղջկան մենք

Չե~նք զորելու նստեցնել մեր ծնկներին.

Որովհետև երկար թելով փուչիկ ունեն

Մանուկնե~րը, բայց ո՛չ թե մենք.

Որովհետև երազել է տալիս մութը,

Իսկ երազել մենք չենք ուզում,

— Շո՛ւտ, վառեցե՛ք լույսերն ամեն...

3. 11. 63

Երևան

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԳԻՇԵՐԱՄՈԻՏ

Ինքնաշարժերը,

Որ մինչև հիմա ասես կույր էին

Կատվի նորածին ձագերի նման,

Իրար ետևից աչքերն են բացում։

Ու լռությունը

Արդեն ամեն ինչ հրմշտորում Է,

Որ իրեն համար կարգին տեղ բացի.

Եվ այդ տևական հրմշտոցից Է,

Որ հեռացած են թվում լեռները:

Գինովանում Է մենակությունը՝ Խայամի նման,

Գինովանում ու հայհոյում... աստծուն։

Բարի շների հաչոցն էլ հիմա

Հաչոց չէ կարծես,

Աղոթք է՝ հղված հայհոյված աստծուն,

Որ հայհոյողին գթաբար ների։

Մութը դառնում Է գրատախտակի ջնջոց սպունգե,

Մինչդեռ երկինքը

Դանդա~ղ պատվում Է աստղաեղյամով:

Եվ սկսում են մարդիկ քիչ խոսել

Եվ ցածր խոսել,

Քանի որ լույսերն ու լապտերները

Ավելի լավ են խոսում-զրուցում:

Եվ ամեն մի տուն

Ազդանշան Է ճամփում տիեզերք՝

Մանկական լացով.

Կանչով մայրական,

Մեքենաների,

Անասունների

Ասես կետգծված շչակ–բառաչով

Եվ, ամենից շատ, լույսերով այս նույնը

Որ մարում-վառվում-թարթվում են անվերջ,

Կարծես թե ինչ-որ մի նո՛ր Մորզեի

Նո՛ր այբուբենի համապատասխան։

Իսկ հետո,

Երբ որ մարում են արդեն ձայներն այս բոլոր

Ու լույսերն այս նույն,

Երևի նաև հասնում Է պահը

Տիեզերական պատասխանների,

Որ ընդունում են մարդիկ... քնի մեջ`

Մղձավանջ ի կամ երազի տեսքով։

Բարի երազս` ձե~զ, սիրելինե՛ր,

Ու ձեր մղձավանջն ի՛նձ, ձեր սիրելո~ւն...

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ՆԱՄԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ

Դու ինչ ես ուզո՞ւմ։

Դու շա~տ բան կուզես,

Բայց ես որտեղի՞ց քո ուզածը տամ։

Չե՛ս ուզում արև մի քառակուսի

Ու եռանկյունի մի լուսին, գիտե՛մ։

Դու ապառնիից մահու չափ հոգնել

Եվ ապառիկ ես րնդամենն ուզում

(Պատմություն կոչված անբերրությունի՞ց):

Իսկ ես քեզ ինչպե՞ս ապառիկն այդ տամ,

Երբ ի՛նքս եմ ուզում ապառիկ ուզել

(Իմ մեծահարուստ... համբերությունի~ց)։

Բայց դու մի՛ նայիր ինձ այդպես՝ ցաված.

Ես չեմ մերժում քեզ,

Ես նա եմ, հենց նա՛,

Ով մարդկանց մերժել չի~ կարողանում...

Տե՛ս, գունափոխված ծառերը բոլոր

Իրենց սաղարթի ձուլածո ոսկին

Առանց զնգոցի մանրում են անվերջ,

Վերածում էժան թղթադրամի՝

Գնելով իրենց հանգիստ քնելու իրավունքը թանկ:

Ես թոռն եմ աշնան ու կտակառուն,

Ու թույլ եմ տալիս, որ դու տեր դառնաս

Մի ամբո~ղջ խտիտ թղթադրամի.

Բարո՛վ վայելես։

Կտրուկ քարափով վերջացող լանջը

Իր հնադարյան խզարով քարե,

Տե՛ս,

Համառում Է կտրել երկնքի կապտաջիղ կողը։

Ու ես էլ ահա

Մեկնած մատների իմ աղեղնաձև-անմաշ սղոցով

Ջանում եմ կտրել մի պատառ աշուն.

Ա՛ռ, որ ձմռանը ցրտում չտխրես:

Քամին ավազից ու փխրուն հողից

Երեխայական լեռնապարեր Է սարքում անընդհատ

Եվ դժգոհելով՝ երեխայի պես,

Հենց տեղն ու տեղն Էլ սարքածն Է քանդում՝

Քանդածը կրկին վերաշինելու նո՛ր ախորժակով։

Լիազորված եմ ես քամու կողմից,

Ու եթե կուզես՝ մի վայրկյան հետո

Սարքեմ ու տամ քեզ մի ո~ղջ լեռնաշխարհ.

Քեզ համար ապրի~ր

Եվ շնորհակալ մի՛ լինիր բնավ,—

Դրանով դու ինձ կվիրավորե~ս:

Էլ ի՞նչ ես ուզում։

Իսկ թե հոգնել ես դու ապառնիից

Եվ ապառիկի հույս ունես դարձյալ,

Ոչի՛նչ չես շահի ինքդ դրանով,

Իսկ ես դրանից շա՜տ եմ վնասվում,

Քանի որ ցավով տեսնում եմ կրկին,

Որ մարդկանց առաջ զո~ւր Է բացվելս,

Դաշտի պես փռվել ու տարածվելս.

Դարձյա՛լ չեն տեսնում ու չեն ճանաչում,

Թաքստոցներ են փնտրում կանաչում...

Թե քեզ չես խղճում՝ ինձ խղճա գոնե

Ու խոսքիս վերջին նվոցը լսիր.

Երբ որ աստղերը

Արդեն հոգնում են անշարժությունից,

Վերևից իրենց նետում են ջուրը,

Որ բարի քամին ման ածի իրենց:

Դո՛ւ,

Որ հոգնել ես քեզ միշտ պատեպատ խփելուց,

Արի՛,

Ապրիր հոգուս մեջ,

Որ չունի պատեր, որոնց դու խփվես:

Ապրի՛ր հոգուս մեջ,

Ու ր չես դեգերի նաև մտովին,

Ուր դու կնստես ու կիշխե~ս անգամ`

Ա՛յն զարմանալի առատության հետ,

Որ այնտեղ տե~ր է, արքայից արքա՛:

Ի՛նքդ հասկացիր

Եվ ուրիշների՛ն դու լավ հասկացրու,

Որ ոչի~նչ – ոչի~նչ ձեզ տալ չեմ կարող.

Ես լոկ կարող եմ ձեզ սիրե~լ... այսքա՛ն:

12. 2. 64

Երևան

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ

Առավոտ լուսո~,

Առավոտ մի ջի~նջ,

Ջի~նջ,ինչպես ... ոչի՛նչ,

Ջի՛նջ, սակայն դեռ պա~ղ:

Ու ես անհապաղ

Անջատում եմ ինձ

Աշխարհից ծանոթ

Ու պարպում եմ ինձ,

Դարձնում մի անոթ,

Որ լոկ դատարկ չէ,

Այլ նաև անօդ:

Եվ... նո~ր աշխարհ եմ ստեղծում հիմա

Առայժմ եթե ոչ ձեզ բոլորիդ,

Ապա գոնե ի՛նձ վրա

Բժշկի նման փորձարկեմ կարգին,

Ու եթե լինի այս անգամ սարքին`

Ն՛որ միայն վստահ հանձնեմ ձեզ նաև,

Եվ ապրեք այնտեղ դուք մարդավայել:

Ես` պատրանազերծ,

Բայց և հուսազեն,

Այս դեռ անվավեր ու նոր աշխարհում

Էլ չե~մ զբաղվում ու չե՛մ զբաղվի

Չեղածի վրա եղածի թերին իզո՞ւր քննելով,

Երազի վրա երեխայաբար անո՛ւրջ դնելով,

Կեղծված դրամով կեղծ բան գնելով,

Ոչ էլ ճարահատ ու միտումնորեն

Մահանալու պես անվերջ քնելով:

Ես ` զարթնած արդեն,

Բայց դեռ անլվա,

Հեղուկով մի կուց,

Որ պարգևում է ձնհալն անխուսափ,

Նախ զովացնում եմ դեմքն իմ` հիվանդի՛,

Իսկ հետո ` ամե~ն տեսակ հիվանդի`

Մա՞րդ լինի,երկի՞ր,թե՞ հավատ – մե~կ է

Զովացնում նրանց ամենքի դեմքը`

Իր ամենաբուժ մատների հետքը

Անջինջ թողնելով սրա ու նրա

Դեռ գոց կոպերի,

Դեռ փակ շուրթերի ,

Տակավին քնկոտ երեսի վրա:

Ու բոլորի՛դ մեջ,

Անխտիր բոլո~ր-բոլոի~դ,

Ինչ –որ սիրելի մի բան եմ գտնում ,

Սիրելու ինչ-որ արժանի մի բան,

Որ հավանաբար

Ա՛յն ժամանակ է ստեղծել արդեն,

Երբ հին ու չորս ոտքից երկուսը

Անդարձ

Մենք կորցրեցինք...

Եվ վեհ բարձունքից աններողության

Ես,քարի նման ,վար եմ թավալվում`

Հանելով փափուկ ա՛յն ստորոտին,

Որից քիչ անդին

Ճահիճն է ապրում

Իր հավերժական ինքնածին կյանքով,

Եվ,քարի լեզվով, ասում եմ . «Այբ Բեն»,

Այսիքն ` «Արեգակ»,

Կամ` «Եղիցի լույս»...

16.03.67

Արզնի

Edited by Heghine
Link to post
Share on other sites
Guest Guest12568

ՀՈՐԴՈՐ

Դիմավորեցեք... կասկա~ծը:Նա է

թակում ձեր դուռը:

նա է, հենց ի՛նքը:

Դիմավորեցեք և մի՛ վախեցեք.

Ես նրան արդեն ընդունել վաղո~ւց

Եվ մինչև անգամ ճամփել եմ կրկին:

Դիմավորեցեք նրան ծիսաբա~ր`

Նոր ու հնօրյա Տերընդառաջո՛վ`

Ձեր իսկ կրծքի տակ վառելով խարույկ.

Որպեսզի ... եթ ընդմիշտ չչքվի,

Ապա գեթ ճեղքվի մութը ձեր հոգու:

Դիմավորեցեք նրան գեթ հիմա՛,-

Ես նրան վաղո~ց ճամփել եմ արդեն:

Դիմավորեցեք ... կասկա~ծը:Ես իր

Ո՛չ մունետիկն եմ,ո՛չ էլ մարգարեն:

Իր երախտապարտ փրկյա~լն եմ ես լոկ:

Դիմավորեցե՛ք,քանզի ամենքիս

Լոկ հավա~տք է պետք ,ո՛չ հավատալիք:

Լոկ հավա~տք է պետք, ո՛չ հավատալիք:

11.02.63 Երևան

28.08.65 Չանախչի

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
Guest Guest12568

ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ,

ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ

Այդ ո՞վ է ասել ` նորից են սիրում:

Նորի՛ց չեն սիրում ,սիրում են կրկի~ն...

Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա~ք)

Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,

Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում

Եվ քո գունազարդ քնի փոխարեն

Անքնություն է փռում սպիտակ.

Երբ աստղերն իրենց կլորակ սանրով

Մազերդ են սանրում ,իսկ դու վերստին

Շոյանքի սովոր քո մազերի մեջ

Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում .

Երբ օտար մեկի շարժումի ,դեմքի

Նմանությունը հեռու – մոտավոր

ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,

Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,

Ինչպես լույսերի վետվետումներից

Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.

Երբ անձրևներից հողն է ասես թթվում

Եվ ստիպում է ռունգո էլ զգալ,

որ մենակ ես դու իբրև մի ... Իգրեկ,

Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին

Կա մի Իքս ուրիշ ,առանց որի դու

Խնդիր չե~ս կազմի,ո՛չ էլ կլուծես ,-

Մի՛շտ ,ամե~ն անգամ պաշարում է քեզ

Նույն զգացումը անճեղք ու անդուռ,

Եվ հասկանում ես ,որ մարդն ,ի վերջո,

Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի~ն,

Քանզի կա մթին մի կախյալություն

Ջղի և արյան ,հոգու ու կրէի .

Քանզի նշանը հանման – գումարման

Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.

Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,

Բայց բա՛խտը,

Բա՛խտը,

Բա~խտն է մեզ ընտրում ...

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին

Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի~ն ...

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,-

Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում:

Խաղաղությո՜ւն, որ խաղողը քաղցրանա,

Որ նորատունկ այգին տա բերք ու բարիք:

Խաղաղությո՜ւն, որ աչիկներն իր բանա

Դաշտում մի տուղտ, օրորոցում՝ մի բալիկ,

Մի ծով ցորեն՝ գարնանային արտի մեջ,

Անգիր մի երգ՝ բանաստեղծի սրտի մեջ,

Մի երեքնուկ՝ բացատի մեջ անտառի,

Անխոս մի սեր՝ սրտի խորքում պատանի...

Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,-

Մեզ հետ նույնը բնությունն է կամենում:

Խաղաղությո՜ւն, որ տատիկները բոլոր

Երգեն իրենց թոռնիկներին մեղմ օրոր.

Որ մայրերը և արտերը ծոցվորվեն,

Որ դաշտ ու ձոր հասունություն վայր ծորեն,

Որ բանվորը գոհանա իր վաստակով,

Շինարարը երկինք ելնի լաստակով,

Սերմացանը ափն իր խփի ու բանա,

Այգեգործը դեռ չխմած՝ արբենա...

Խաղաղություն ամենուրե՜ք, ամենքի՜ն,-

Այդ են ուզում ամե՛ն մարդ ու ամեն կի՛ն:

Խաղաղություն Կորեայի՜ն արնաքամ,

Չինաստանի հերոսների՜ն առնական.

Խաղաղություն օվկիանոսին այն խաղաղ,

Որ իսկապե՛ս լինի հանգիստ ու խաղաղ:

Խաղաղություն բոլո՜ր նրանց, ում համար

Ծանր է տեսնել սգավոր կին, քույր ու մայր,

Ծանր է տեսնել իր քաղաքը մոխրացած,

Այգին դարձած խրամատի անել ցանց...

Խաղաղությո՜ւն: Ո՞վ է կռիվ կամենում,-

Լոկ այս հարցն է, որ հնչում է ամենուր:

Պատասխանը միևնույնն է ամեն տեղ.

-Ո՛չ,- ասում է ամեն երկիր, ամեն ցեղ:

-Ո՛չ,- հնչում է ամեն լեզվով՝ մի բառով:

-Ո՛չ,- հնչում է կերտող մուրճի բարբառով:

Այգին ջրող բահը նույնն է պահանջում,

Նույնն է տենչում զուլալ հոսող ամեն ջուր,

Նույնն է ճչում ամեն մանուկ նորածին,

Նույնն է ասում լուռ հպումը սիրածի...

Խաղաղություն ամենքի՜ն և ամենո՛ւր,-

Ողջ աշխարհն է ողջ աշխարհին կամենում:

Link to post
Share on other sites

ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԼԻՆԵՆ

ԲՈԼՈՐ ՇՔԵՂ ԿԱՆԱՅՔ

ՈՒրիշներին լինեն բոլոր շքեղ կանայք,

Բոլոր շքեղ կանայք շքեղ քաղաքներում:

Իմըս լինես լոկ դո՛ւ, իմ հայրենի՜ քաղաք,

Եվ նա՛, ով մտքերիս ու սրտիս է տիրում:

Գիշերն ի լույս նստենք վառարանի դիմաց,

Դրսում ձմեռ լինի ու ձյուն լինի դրսում.

ՈՒրիշ քաղաքներից նրան պատմեմ կամաց,

Եվ նա այնպե՜ս լսի, կարծես չի էլ լսում:

Պատմեմ, թե ինչպես է իմ ծովահեն հոգին

Մերթ խորտակվել խութին, մերթ ծովի մեջ սկել,

Ինձ դեսուդեն ձգել՝ որոնել է մեկին

Շքեղ քաղաքներում ու կանանց մեջ շքեղ:

Պատմեմ թափառումիս, որոնումիս մասին,

Իսկ գտածիս մասին... և ոչ մի խոսք չասեմ:

Իսկ նա կողքիս՝ արթուն, նայի նիրհող Մասսին

Եվ ինձ այնպե՜ս լսի, կարծես չի էլ լսել...

Link to post
Share on other sites

Այս մեկը ես շատ եմ սիրում, իսկ դու՞ք:

ԵՐԲ ՄԱՐՍԻ ՎՐԱ ԶԲԱՂՎԱԾ ԷԻ...

Երբ Մարսի վրա զբաղված էի երկրագործությամբ՝

Երազկոտ նստած իմ քաղաքային նեղլիկ սենյակում,

Իմ խեղճ դռնակը հանկարծ ենթարկվեց ահեղ փորձության.

Դու էիր թակում.

Ես դա զգացի,

Ինչպես թռչունն է զգում վերահաս փոթորկի շունչը:

Թռչունն այս դեպքում բույնն է շտապում,

Իսկ քանի որ ես իմ բնումն էի,

Էլ ի՞նչ էր մնում,

Որ ի՛նչ անեի.

ՈՒ ես փակեցի աչքերըս վախով,

Թերևս ակամա ես հետևեցի

Ջայլամի հիմար իմաստությանը:

Իսկ դու որսորդ ես.

Եվ չսպասեցիր իմ «համեցեք»-ին,

Ի՛նքըդ ներս մտար:

Ասվա՜ծ իմ,

Չէ՞ որ մի փոքըր առաջ

Ես Մարսի վրա

Զբաղված էի երկրագործությամբ:

Եվ ահա փչեց քամին փորձության,

Եվ ահա խոփըս դիպավ ժեռ քարին,

Իսկույն չքացան ցորենն ու գարին,

Դեմըս լոկ մնաց դեմքն այդ ցորնագույն

ՈՒ գարեհատիկ վզնոցը զնգուն,

Մնացին միայն աչքերը՝

Նրա՜նք,

Որ միշտ կյանքիս մեջ ցանում են վարանք...

Ես չէի նայում աչքերին, դիտմա՛մբ,

Որ կեռ հոնքերի բացմամբ ու կիտմամբ

Փոխում են և՛ ձև,

Ե՛վ ցոլք ու երանգ:

Ես չէի նայում,

Բայց զգում էի,

Որ պիտի նայե՛մ,

Որ չե՜մ դիմանա,

Եվ նայեմ թե չէ՝

Իսկույն կիմանա,

Որ իմ կյանքի մեջ ոչի՜նչ չի փոխվել,

Որ առաջվա պես այդ ինքն է մխվել,

Մխվել իմ կյանքում,

Մխվել՝ որպես սեպ,

Որ ո՛չ ճեղքում է,

Ո՛չ դուրս է գալիս...

Ես չէի նայում,

Որ անինքնասեր իմ լեզուն հանկարծ

Չասի «Ցանկալի՜ս»:

Եվ իմ ցավատանջ գլխի կեսդարձով,

Առանց նայելու երեսին նրա,

Սուտ հանգըստություն երեսիս վրա՝

Նրան եմ դիմում նույն հիմար հարցով.

- Քեզ ի՞նչն է այսպես իմ դուռը բերում:

Նա հապաղում է,

Ես՝ մտաբերում,

Հիշում եմ հանկարծ

Եվ... մռայլ ու կարճ

Պատասխանում եմ ինքըս իմ հարցին.

- Հայտնի է կարծեմ,

Որ հանցագործին

Նրա ոտքերը սիրում են տանել

Այնտեղ, որտեղ նա... մարդ է սպանել...

Ելնում է ոտքի:

Հանգիստ է: Վսեմ:

Ասածըս կարծես նույնիսկ չի լսել:

ՈՒ դուրս է գնում այնպիսի՛ քայլքով,

Ասես ուզում է իր կրունկներով ողջե՜րթ նվագել:

Գնում է,

Թողնում,

Որ... Մարսի վրա կատարած ցանքիս

Բերքը հավաքեմ...

Link to post
Share on other sites

ԱՊՐԵԼԱպրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,թե ինքըդ քեզ արհամարհես ու համառես,քեզ հետ վիճի՛,քեզ չզիջի՛,համբերատար քեզ հետ խոսի՜,հակառակո՛ւմ քեզ համոզիինքը... հզոր Հանրությունը...Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,Որ ուրիշի խինդով խնդաս,Որ ուրիշի ցնծությունովԻնքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:Լինես, մնաս ամենքի հետ,Նրանց կամքին հպատակվես,«Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,Նրանց ցավով լուռ տապակվես:Տրվես նրանց լույսի նմանԵվ չխաբես՝ հույսի նման:Արշալույսի նման բացվեսնրա՛նց համար,Վերջալույսի նման բացվեսնրա՛նց համար:Թե լաց լինես՝ նրանց համար,Թե բաց լինես՝ նրանց համար:Եվ հա՜ց լինես նրանց համար՝հոգևոր հա՛ց,Քեզ նրանցով կյանքում զինեսԵվ նրանցով կյանքում լինեսոգևորվա՜ծ:Եվ նրանցով կյանքում լինեսթույլ կամ ուժեղ,Եվ նրանցով կյանքում լինես բույլ կամ մժեղ:Թշվառ՝ ինչպես անապաստան,Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս ,Որ նրանց հետ մթնես - ամպես,Եվ նրանց հետ շանթարձակվես.Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝Ինչպես նամակ և կամ բացիկ...Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,Կյանքդ խառնել նրանց կյանքին,Տառապանքդ՝ տառապանքին,Ջանքդ՝ ջանքին,Ցանքդ՝ ցանքին,Եվ ենթարկվել նրանց կամքին,Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել...

Link to post
Share on other sites

ԱՌԱՆՑ ԽՈՍՔԵՐԻԵս գիտեմ, որ դու հաճախ ես հիմաՄոտենում ձեր տան հայելուն շքեղ,Անծանոթ օտար մի կնոջ նմանԴիտում ես երկար, զննում ինքըդ քեզ:Մազերդ ես շտկում, հանդուգըն մի փունջՁեռքով մղելով ականջիդ ետև,Մարմարե վիզըդ ափերով շփումՈՒ ժպտում ես քեզ անփույթ ու թեթև:Հարդարում ես դու հագուստըդ այրող,Որ գրկում է քեզ սիրահարի պես:Նայում ես մերթ մեղմ, մերթ՝ հրավիրող,Մերթ՝ չարաճճի, մերթ՝ համեստ ու հեզ:Դառնում ես այս կողմ, դառնում ես այն կողմ,Կրնկիդ վրա պտույտ ես տալիսՈՒ նորից ժպտում, ժպտում ինքնագոհ,-Ինքըդ չափազանց քեզ դուր ես գալիս:Ինքըդ քո աչքում ուրիշ ես դարձել,Այնպե՛ս չես քնում, վեր կենում, գնում...Ինչ-որ բան հանկարծ փոխվել է կարծես,Թե ի՞նչ է փոխվել, պարզ չես հասկանում:Թե ի՞նչ է փոխվել, ես գիտեմ, անգի՛ն.Մի՛շտ, ամե՜ն անգամ այդպես է լինում,Երբ քեզ պես համեստ ու խոնարհ մեկին Ինձ նման մի խենթ, ինձ նման մի գիժԱռանց խոսքերի իր սիրտն է բանում... :inlove:

Link to post
Share on other sites

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՍԻՐԵԼՔիչ է պատահում, որ ինքըս ինձնիցՓոքր-ինչ գոհ լինեմ:Դժգոհ եմ հաճախ,ՈՒրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ:Բայց ես սիրում եմ ինքըս ինձ սիրել:Իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ:Ես ինձ այդ պահին այնպես եմ ժպտում,ինչպես ժպտում են ա՛յն կոր գերանին,Որ գետի վրա դարձել է կամուրջ,Եվ ա՛յն մանուկին, որ ոտաբոբիկՄտել է ար;ուն և - թա՜ց վարտիկով -Կավ է դուրս հանում,Որ նավակ շինի:

Link to post
Share on other sites

ՄԱՏՆԻՉ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻնչ դառնա՜մ:ԴառնամՈչ միայն խորունկ հանքահորերումՕդափոխություն,Շքանշանի գունեղ ժապավեն՝Իմ հողը փրկող հերոսի կրծքին,Այլ նաև դառնամ գերհզոր թևեր՝Սիրամարգերի՜նմՈր երկի՜նք սուրանԵվ ո՛չ թե քայլեն լոկ հողի վրա:

Link to post
Share on other sites

ԾԵՐ ԼԻՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԵս կուզեի հիմա լինել ծեր ու տկար,Ապավինած միայն անցյալների հուշին,Լինել ապրա՛ծ, անցա՛ծ, որ սիրտս այսպես չզգարՈչ սեփական զարկը, ոչ՝ ուրիշի:Լինել լու՜ռ ու պարտված,Արդեն հաղթա՛ծ դավին,Հուզումներից պարպվածԵվ անկարող ցավին,Եվ ուշացած սիրուց ու կարուտից դաժան,Հիշել - ու հասկանալ, զգալ գոնե այնժամ,Որ դժվա՜ր չէր այսպես,Անհնա՜ր չէր այսպես Ապրել առանց իրար և իրարից բաժան...

Link to post
Share on other sites

ՔԱՐՏԵԶԻ ԱՌԱՋԱհա քարտեզն իմ դեմ -Հողագունդը համայն,Որ չգիտես ինչից, ինչ խոլ ուժից , ահա Ծեփվել, տապակվել է իմ տան պատին.Եվ իմ մատն է շարժվում նրա երկայնքն ի լայն,Քաղաքներ է մտնում նա բազմաթիվ.-Չի՛ մոտենում ոմանց,Կարծես թե ինքն իրեն չանարգելու համար,Իսկ ոմանցից հեռու,Իբրև հարգ ու պատիվ,Մի պահ ակնածանքով անշարժանում...Ահա քարտեզն ին դեմ -Սարդոստայնի նմանՍարքած խաչմերուկներ ու գծերի հանգույց,ՈՒր ամեն գույն կարծես ունի տարբեր իմաստԵվ ամեն մի երկիր՝ ուրիշ մի գույն.-Մեկը դեղին՝ դեղնած կարծես ներքին մաղձից,Մյուսը մոխրագույն՝ մոխրի նման,Մեկը դժգույն, գունատ,Կարծես իր դարավոր ճնշումից ու քաղցից,Մյուսն՝ օտար փայլով շառագունած...Այս քարտեզն է ահա իմ աչքերի հանդեպ,ՈՒր գույների բոլոր երանգների ծովումԻմ երկիրն է շողում,Իմ երկիրը բոսո՛ր, կարմրահանդերձ...Եվ իսկապես արդյոք չունե՜ն ներքին իմաստԱյս գույները բոլոր, նշաններն այս թաքուն:Բարբաջա՞նք է անմիտ,Սակայն ահավասիկ իմ աս=չքրի դիմաց.Գծով ցանկապատված այս վանդակում,Կարծես թե պահված է մի գայլ պոչատ,Որ թթերը խրած Հռենոսից այն կողմ,Երախը լայն բացած,Դեպի մեզ է նայում վայրի ախորժակով:Եվ գծերն այս...Մի՞թե ձեզ չեն ասում ոչինչ:Չեմ հարգում գծերն այն, շոշափուկներն այն ջիլ,Որ երկիրն այս ծերուկՏարածում է հերու -Շոտլանդիայից մինչև Ցեյլոն ու Հնդկաչին,ՆԱ, որ Լամանշից վեր,Ծովային մի հսկա հիդրայի պես,Ցցել է իր մեջքը ջրերի մեջ վճիտ:Եվ կամ թե սա, կարծեսԼինի մի կենտ կոշիկ երկայնաճիտ(Մյուս թաթը իր հին փառքի հետ կորցրած),Որ թաղվել է կիսով ծովում ՄիջերկրականԵվ չի սուզվել սակայն...Է՛հ, թող և չսուզվի,ՈՒ թող ապրի, մնա, որքան ինքը կուզի,Միայն թե թող ապրի խղճով մաքուրԵվ անառիթ, կամ թե պատրվակով մի սուտԽաղաղ հարևանի տուն չխուժի......Հենց այստեղ է հատվում այն ծովային ճամփան,Որով կարող եմ ես ամենուրեք հասնել,Ամենուրեք, ուր որ սիրտս ուզի:Բայց միտք ունի՞ արդյոք ձանձրույթից սիրտ մաշել,Անցնել մյուս ափը անծայր օվկիանոսիԵվ այն հողը մտնել, որն իբրև պարզ կշեռքՊանամայի բարակ կշռափայտիցԿախված իր հակամետ նժարներով երկու՝Դոլլարների վարկով,Եվ նորագյուտ արնոտ ատոմային արկովԵրկրագնդի բախտը կշռե՞լ է հավակնում...Եվ ավելի լավ չէ՞ անցնել փոքր-ինչ կուզիկԴարավանդը այս թեք, որից փոքր այն կողմԷգեյանն է նազում անփութորե՜ն անփույթ...Ցուցամատս է դողում լարման ուժից,Առանձին չափով է այստեղ սիրտս խփում...Ծովն է կապու՜յտ, կապու՜յտ -Նման մաքուր խղճի՝Հանցապարտ ափերի քարե սրտին փարված,Իսկ մաքրատ;ույր ծովի երկու ափում,Իբրև խարխուլ մեջիթ,Մի երկիր է փռված...Իր ջրերով ծովը երկփեղկել է նրան,Կիսել անհավասար երկու մասի,Բայց այդ իրավու՞նք է միթե տալիս նրան,Որ իր օրինակով միջահատի, կիսիՄի հոգեշերտ (ծանո՜թ և հարազատ անուն),ՈՒր աղբյուրն այս մասիԱյնտե՜ղ է լիճ դառնում,Եվ այն մյուս մասում սկիզբ առած գետը,Չուզենալով օտար ծովերի մեջ թափվել,Մոլորվում է այնտեղ ու ճահճանում......Օ, դժվա՛ր է ապրել մեզ արտասահմանումԹեկուզ միա՛յն մատով...Հերռվից իմ երկիրն է հմայում ու գերումԵվ ես, ասես ծանոթ արահետով,Կամենում եմ դառնալ, դառնալ նրա՛ն փարվել,Փարվել նրան, իբրև արդարության,Փարվել նրան՝ իբրև այս աշխարհի խղճի՝Ցուցամատիս վրա բերած հարցումնագիր հազար նոտա՛,Բոլոր նրա՛նց կողմից, ովքեր չունեն կյանքում,Այո՛, չունեն կյանքում այլ իրավունք,Բացի քե՛զ, իմ երկիր, հավատալուց...Բերած և այն հույսը, և այն հու՛յսը նաև,Թե շտկվեն պիտի այն շեղումնե՛րն ամեն,Որ դեռ մնացել են, քարտեզ, իբրև սև բիծ,Իբրև բռնակալի յաթաղանի սպիՔո անտարբեր դեմքիԵվ ... պատմության պղտոր հայացքի մեջ:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
Guest Guest12568

ԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

Եվ պե՞տք է արդյոք

Քեզ միշտ ունենալ իմ կողքին :Ինչո՞:

... Ու ծխի տեսքով

Այս ջլախախտիչ ագահությունը դուրս փչեմ ինձանից,

Ջանամ գոհանալ իմ ունեցածով ,

Որ շա~տ այնքան:

Մի՞թե , տե~ր աստված ,շատ չէ իսկապես:

Բայց կյանքի փշոտ շարժումձևերից ,ինչպես կեռերից,

Կախված ճոճվում են

Ու մեզ են կանչում ագահ ըղձանքներ:

Բայց կյանքի փշոտ շարժումձևերից ,ինչպես կեռերից,

Կախված ճոճվում են

Կարկատանները մեր ծվատ հոգու ...

Ես չե՛մ կամենում ,որ իմ պատրանքը փոխվի պատանքի

Եվ հետո ,ծվա~տ ,կախվի աշխարհի կեռերից փշոտ:

Ես սիրում եմ քեզ

Ու քեզ հետ նաև ... անհնարինը `

Ա՛յն գոհությունը,

Ում չի~ հանդուրժում մեր գոյությունը :

Ուրեմն ինչ՞ անել,

Ի՞նչպես սիրել քեզ - սիրվել քեզանից և ...

... Էլ չուզենալ

Ոչինչ ավելի .

Սեփական իղձը ,դավաճանի պես ,

Գամել չորս մեխով,

Սեփական ցավին

Չորստապակ մեղր քսել ու կլլել `

Տհաճ ,բայց բուժիչ դեղահատի պես,

Սեփական մտքից

Կտրել ուղղանկյուն մի քառակուսի

Ու վրան գրել սեփական արյամբ .

«Եղա~ծն էլ շատ է»,

Գրել ու մեխել սեփական ափին,

Եվ ամեն վայրկյան ընթերցել ծածուկ `

Դասը չիմացող աշակերտի պես...

11.03.64

Դիլիջան

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
Guest Guest12568

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ

Արդեն 35 տարի, 45 տարի, սրանից հետո եւս 105 տարի (Աստված չանի) փորձ է արվում սպանել Պարույր Սեւակին: 1971 թվականի հունիսի 17-ը սոսկ սեւակասպանության օրվա փաստագրումն է: Նրան սպանել են 1971-ի հունիսի 17-ից առաջ, այդ օրը, նրան սպանում են այսօր: Կարող է թվալ, թե մարդասպանության մոլուցքը մեր մեջ վաղուց է նստած: Չէ, այդպես չէ: Պարզապես ոմանք կատարում են ուրիշների թելադրանքը` հայերիս, Հայաստանի հոգեւոր աշխարհն ավերել: Զարմանում ես, մի՞թե այսքան անմիտ ու դաժան մարդ ենք եղել, եւ միայն հիմա ենք իմանում այդ մասին:

Չէ, ինչո՞ւ: Հենց նույն` Պարույր Սեւակի օրինակով կարելի է ասել, որ հայ ժողովրդի մեծերի դեմ մենք հաջողությամբ պայքարել ենք:

Հիշենք 1971-ի հունիսյան օրերը, երբ վթարվեց բանաստեղծը: Հայ ժողովրդի համար այդ ողբերգական ժամանակի հզոր լիցքը, երբ փոքր-ինչ խաղաղվեց, հրապարակ նետվեց պատահական ավտովթարի վարկածը: Ավելին: Կարճ ժամանակ անց «պարզվեց», որ ավտովթարը տեղի է ունեցել միայն ու միայն այն պատճառով, որ Պարույր Սեւակը մեքենա վարել չի իմացել: Մեկ ամիս, մեկ տարի, երկու տարի հետո պարտադրեցին մեզ այս վարկածը: Եվ ամեն ինչ կարելի էր ավարտված համարել: Ժամանակի ընթացքում վերացվեց նաեւ ավտովթարի առիթով կազմված քրեական գործը: Անհեթեթ ու հիմար պատմություններ հնարվեցին, թե իբր Պարույր Սեւակի սպանության գործը չկա ՊԱԿ-ի արխիվներում, թե, իբր, Մոսկվայի (այսինքն` ԽՍՀՄ ՊԱԿ-ի) հրամանով այդ «գործն» այրվել է:

Եթե դա նույնիսկ այդպես է, որին չեմ հավատում, ապա մարդկային հիշողությունը այրել հնարավոր չէ: Մենք դա փորձել ենք անել մեր «Վթար» փաստագրական վիպակում, որը շահագրգիռ անձինք գտնելու պարագայում անպայման կհրատարակենք: Այս գրքում շատ մարդիկ, ովքեր չեն ենթարկվել ՊԱԿ-ի հանձնարարականներին, անչափ կարեւոր փաստեր են հաղորդում:

Սակայն խոսքն այսօր «Վթար» վիպակի մասին չէ:

Վերջին մի քանի օրվա ընթացքում Պարույր Սեւակի սպանության կոծկման եւս երկու դեպք եղավ:

Նախ. «Արմենիա» հեռուստատեսությամբ մի հաղորդում եղավ, որտեղ փորձ էր արվում քողազերծել ավելի քան 35-ամյա ողբերգությունը: Հաղորդման հեղինակների միտումը կարելի կլիներ ազնիվ ուսումնասիրողի ջանք համարել, եթե... Հաղորդման ժամանակ խոսվում էր այն դաժան մթնոլորտի մասին, որ ստեղծվել էր Պարույր Սեւակի շուրջը, անուններ էին տրվում` Անտոն Քոչինյան, Ռոբերտ Խաչատրյան, Հայկարամ Ութմազյան, Գեւորգ Հայրյան... Ուշադրությամբ դիտում էիր այդ դետեկտիվը եւ սպասում էիր հարցիդ պատասխանին. ի վերջո, ո՞վ սպանեց Պարույր Սեւակին: Եվ, ահա, պարզվում է, որ Պարույր Սեւակի շուրջ ստեղծված այդ թունոտ մթնոլորտի միակ պատասխանատուն մնում է... միայն Խիկար Բարսեղյանը, պետական հրատարակչության մի տնօրեն, որի զեկուցագրի հիման վրա արգելվել է բանաստեղծի «Եղիցի լույս» ժողովածուի տպագրությունը եւ որը բանաստեղծին հասցրել է հոգեկան դաժան տվայտանքների: Այս հաղորդումն էլ եկավ փակելու Սեւակի «գործը»: Գտնվեց ամենաանմեղ (սա` զուտ հարաբերական իմաստով) թիրախը, առավել եւս, որ Խիկար Բարսեղյանը վաղուց արդեն ոչ եւս է, իսկ նրա փոխարեն հազիվ թե գտնվեն պատասխանողներ:

Հենց այս նույն օրերին («Արմենիայի» այս հաղորդումից նույնիսկ որոշ ժամանակ առաջ) եւս մեկ փորձ է արվում սպանելու Պարույր Սեւակին: Ստեփանակերտում «Վաչագան Բարեպաշտ» հրատարակչությունը տպագրում է Սերգեյ Սարինյանի «Ի հեճուկս: Հուշերի երկրի առասպելը» գիրքը:

Հայաստանի անկախացումից հետո 1937-ական թվականների բազմաթիվ վկայությունների ծանոթացանք: Թվում էր, թե այս ամենը մեզ համար պիտի դաս լիներ ազնիվ ու խաղաղ ապրելու համար: Սակայն, չէ: Պարզվում է, որ կա մի «ականավոր մտածող», որի հուշագրականի գլխավոր առանձնահատկությունների մեջ ամենահատկանշականը «ճշմարտախոսությունն է, որը զուգորդվելով իրականության ընկալման սարինյանական ինտելեկտուալ մտքի կուռ տրամաբանությամբ, եւ որը ստեղծում է «հուշերի երկրի» առասպելը` «երկիր դրախտավայրի» արցախական համեմունքներով...»: Գրքի դարձէջին տպագրված այս շնչակտուր ներկայացումից հետո, խոսելով սարինյանների գերդաստանի ազնվական գոմշակովի եւ այլ հիշարժան բաների ու մարդկանց մասին, «ականավոր մտածողի» գրքի 270-րդ էջում մի ահասարսուռ բան ենք կարդում.

«... Պարույրի սկիզբը իսկական հայտնություն էր եւ պոետական նրա նախերգանքները միանգամայն այլ մոտիվ էին գծում ժամանակի հայ բանաստեղծության համապատկերում: Նրա մտահղացման շարքերը` «Խռովքի երգեր», «Մահվան Վեներա», «Խաչելության երգեր», «Հոգեվարքի երգեր», «Reqviem», «Վերադարձի կարոտ», «Սոնետներ», ինքնին արդեն նոր մտածողություն են հուշում հայ բանաստեղծությանը: Սակայն պոետական այդ մուտքը ընդմիջվեց տարիների ընդհատումով` թե ժամանակային եւ թե աշխարհայացքային իմաստով: Երբ Պարույրը եկավ Երեւան` համալսարանական ուսուցման, նրա առաջին խորհրդատուները եղան Հովհաննես Ղազարյանը եւ Սուսաննա Բաբայանը: Իսկ վերջիններս կապված էին համապատասխան օրգանների հետ եւ, բնականաբար, Պարույրին եւս ներգրավում են իրենց օղակում: Սա հայտնի բան է, եւ Պարույրը բնավ չէր թաքցնում, միանգամայն ազնիվ իմաստ տալով դրան, որ եթե ինքը չլիներ, ապա իր փոխարեն կլիներ ստոր մի արարած, որը ի չարը կգործադրեր հանձնառությունը...»:

Ես չգիտեմ, թե ինչն է ուղղորդել հարգարժան «ականավոր մտածողին», որի գրիչը կարողացել է այսպիսի տողեր գրել Պարույր Սեւակի մասին: Տեր Աստվա՜ծ, մի՞թե Սերգեյ Սարինյանը քիչ բաներ է ստացել եւ ստանում. որքան գիտենք, շատ ու շատ գրքեր է տպագրել, հավուր պատշաճի գովել է շատ ու շատ գրողների ու բանաստեղծների, արժանացել է շատ ու շատ բանի, հիմա էլ (ով զարմանք, «համեստության» ինչպիսի՜ փայլատակում) թույլ է տվել իր իսկ գրքում իրեն կոչել «ականավոր մտածող»... Իր ինչի՞ն էր պետք Պարույր Սեւակին անվանել «համապատասխան օրգանների» մարդ:

Այս խորհրդածությունը չէր լինի, եթե վերոնշյալ տողերի հեղինակը հիմար մեկը լիներ: Չենք կարծում, որ այդ այդպես է: Ի՞նչ է: Ուրեմն արդեն լրջագույն տարիքի հասած մարդը լծվո՞ւմ է Պարույր Սեւակի (այսինքն՝ մեր մեծագույն արժեքներից մեկի) ավերման գործին:

Հսկայածավալ քո գրքում, որը գոմշակովի փառաբանությունն է, մի՞թե արժեր այնպիսի բաներ գրել, որի համար քո ընթերցողը պիտի քեզանից խռով մնար: Չէր կարելի, չէ՞: Ինչո՞ւ այդպես դաժանորեն ավերեցիք Սերգեյ Սարինյան անունը, «ականավոր մտածող»:

Պարզ զգացվում է, որ Դուք միայն մեկ խնդիր եք կատարել. կրկին փորձել սպանել բանաստեղծին:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ

http://armtown.com/news/am/azg/20060817/2006081711/

Link to post
Share on other sites

ՄԻԱՅՆԱԿ ԾԱՌԸ

Պոկված անտառից՝

Մենակ ու մռայլ,

Մի ծառ է ցցվել բարձունքի վրա:

Ինչպե՜ս չի սիրում անտառը նրան,

Ինչպե՜ս է ծաղրում,

Քրքըջում վրան,

Ի՜նչ է թե հսկան

Այս թզուկների կամքին ու կյանքին

Չի՛ կարողանում իրեն ենթարկել,

Ի՜նչ է թե նրանք չե՛ն կարողանում

Իրենց նեղվածքում սրան բանտարկել...

Եվ չի՛ հասկանում անտառը հիմար,

Թե ծառն այդ ինչ է անտառի համար.

Կաղնի՜ն՝

Անտառ կանաչ շանթարգե՜լ...

Link to post
Share on other sites

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

Հարցաթերթի՞կ,

Խնդրեմ այսպե՛ս լրացրեք-

Կուզեք՝ ձեր մտքի մեջ, կուզեք՝ ձեր թղթերում.

-Երբ ողջ աշխարհը մեր

Առաջնորդի ննջող շիրմի առաջ

Ամբողջ հինգ րոպե համրացավ ու լռեց,

Ինչպես վշտահոձանք փոթորիկից հետո

Անտառներն են լռում խորախորհուրդ,-

Մայրս գալարվում էր... երկունքի մեջ...

Եվ առաջին ճիչը, որ կրծքիս տակ ծնվեց,

Իմ առաջին ճիչը - անգիտակից ցավով -

Անլսելի դարձավ սգո համազարկի

Ահեղ բոմբյունի մեջ...

Այնուհետև խնդրեմ լրացրեք այսպե՛ս.

-Նախնիքս - հողագործ,

Գաղթած Պարսկաստանի ինչ-որ գյուղերից,

Հայրս, որ դեռևս աշխատում է՝ նույնպե՛ս,

Մայրս - տնտեսուհի:

-Ազգությու՞նըս: - Հայ եմ՝

Ավելի քան ամբողջ երկու հազար տարի:

-Մասնագիտությո՞ւնըս:- Կյանքին նայել

Միա՛յն բարձունքներից ապագայի:

_Սովորել եմ կյանքից,

Թեպետ ավարտել եմ համալսարան:

_Վա՞յրը աշխատանքիս.-

Դեռ ուսանող էի, երբ ինձ բանակ տարան:

_Բարեկամներ ունե՞մ ես արտասահմանում.-

Որքան որ կամենաս, որքան շուրթդ բերի:

Երկրագնդի բոլոր գոտիների վրա,

Կա՛ն, տանջվու՜մ են նրանք,

Որքան էլ որ մերոնք

Հեռու Պրտ-Արտուրից հասնելով մինչ Բեռլին,

Իրենց անցած ուղու հաղթական հետքերով

Նրանցից շատերին ազատություն բերին:

-Դատի տա՞կ: Քավ լիցի, ո՛չ, չեմ եղել,

Չհաշվելով լոկ այն, որ երեք թե չորս օր

Ընկել եմ թշնամու օղակի մեջ

Իմ թեկուզ և փոքրիկ զորամասով:

-Չորս լեզու եմ, այո՛, տիրապետում-

Հայերենից բացի նաև երեք... զենքի,

Որով կարող եմ ես գալիք գոտեմարտում

(Հակառակ կամքի եթե մի օր նա գա),

Ինչպես հարկն է խոսել

Լեզվագարների հետ ամերիկական:

_ Ես արտասահմանու՞մ: Կասկածու՞մ եք միթե.

Ինչ խոսք, որ եղել եմ, կռվե՛լ և ո՛չ դիտել:-

Բուդապեշտո՛ւմ, Լոձո՛ւմ, Վարշավայու՛մ

Գարեջուր չեմ ըմպել, այլ թափել եմ արյուն,

Իսկ Վայմարում,

Մոռացած, որ արդեն կորցրել եմ մի թև,

Երկու թևով կարծես

Մորս պես գրկել եմ հաղթական Մայիսը...

Չկա՞ ուրիշ հարցեր:

Իսկ խառնվածքի՞ մասին,

Իսկ այն մասին, թե ես ի՞նչ եմ նախասիրում:

Իսկ այդ առթիվ, խնդրեմ, հաղորդեցեք այսպես.

-Սիրում եմ ես ապրել պայծա՜ռ, խնդումնասի՜րտ,

Ապրել առօրյայո՛վ, երազներո՛վ,

Հորիզոնո՛վ հեռու:

Չեմ զլանում երբեք

Ընթերցել այն, ինչ գրվում է ի՛նձ համար

Կանանց՝ գորովանքից մշուշված աչքերում:

Սիրում եմ նաև

Իմ սեփական սրտին ա՛յն հայացքով նայել,

Որով նայում եմ ես դեռ անմշակ,

Բայց արյունով գծված իմ երգերին...

Սիրում եմ ես նաև

Այս ամենի՜ց ավել,

Իմ սեփական բազկի երակներով

Զգալ շունչը դարի,

Շունչս նրա շնչին միշտ համաչափ պահել:

Եվ վերջապես՝ ապրել այնքա՛ն տարի,

ՈՒ չմեռնել այնքա՜ն,

Մինչև որ աշխարհում՝ Հիմալայից - Անդեր

Եվ Անդերից - Մասիս,

Իմ սեփական և իմ հաղթ ձեռքերով

Պարզեմ մի բորբ դրոշ...

Սակայն եղեք ներող...

ճիշտ որ ես մի վայրկյան

Մոռացա, որ գալիք օրվա մասին

Հարցաթերթիկի մեջ կետեր չկան...

Link to post
Share on other sites

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ

Սերգեյ Սարինյանը նրանցից մեկն էր, ով սկզբում քարկոծեց Սևակին, բայց ժամանակի ընթացքում փոխեց իր կարծիքը նրա արվեստի մասին, «մեղա եկավ»: Ես գրեցի «քարկոծել», քանզի լինում են խայտառակ ժամանակներ, երբ նույնիսկ տաղանդավոր մարդը, հանուն իր արագ ու հաջողակ կարիերայի, ջրամույն էր անում իր «հակառակորդներին», քաղաքական մտացածին ու շինծու մեղադրանքներ էր բարդում ՝ ի վնաս իր մասնագիտության, բարի անվան և խղճի:

Եթե թռուցիկ հայացք գցենք Սևակի ժամանակին,ապա կտեսնենք միայնակ բանաստեղծին:Շրջապատում չկար որևէ մեկը, որ կարողանար ինչ-որ չափով մրցակցել նրա հետ(Շիրազն ու Սահյանն արդեն իրեց ասելիքն ասել էին):Սա վերաբերվում է ոչ միայն բանաստեղծությանը, այլ գրականությանն ընդհանրապես:Կային շատ նախանձողներ, ովքեր չէին կարող հաշտվել նրա ժողովրդական սիրո և համբավի հետ:Իմ կարծիքով,Սևակի մահով՝ «մահացավ» նաև հայ բանաստեղծությունը:Արդեն երեսուն և հինգ երկար ու ձիգ տարիներ է տևում կլինիկական մահը և սպասում է մի նոր «ռեանմիատորի»:

Որ Սարինյանը կարող է զրպարտել Սևակին ու մրոտել նրա անունը՝ կասկած չունեմ: Մի անգամ արել է:

Կարո՞ղ էր Սևակը ՊԱԿ-ի գործակալ լինել:Չեմ հավատում...

Բայց չեմ հավատում նաև ՊԱԿ-ի կազմակերպած սպանությանը:

Ա.Նույնիսկ Ստալինյան դժնի տարիներին, երբ մարդու կյանքը ոչինչ արժեր, «ժողովրդի թշնամիների» մանկահասակ զավակներին չէին գնդակահարում: Իսկ Սևակի պարագայում պարզ է, որ զոհ կգնային նաև երեխաները:

Բ. ՊԱԿ-ը կարող էր Սևակին վերացնել այնքան անշշուկ ու բնական, որ ոչ մեկի մոտ ոչ մի կասկած չէր առաջա: Եթե հաշվի առնենք նաև Սևակի ոչ այնքան փայլուն առողջությունը, ապա պարզ կլինի գործի դյուրությունը:

Գ. Ի վերջո՝ Սևակը (դասական սովետական իմաստով) այլախոհ(դիսիդենտ) չի եղել, եթը մի կողմ դնենք այն պարզ ճշմարտությունը,որ ամեն մի մեծ բանաստեղծ գոնե արվեստում արդեն այլախոհ է:Տաղանդը՝ միշտ էլ հնի բացասում է և նորի հաստատում:

Հ.Գ.Սևակի մոտիկ ընկերներն( Վահագն Դավթյան, Լևոն Հախվերդյան, Հրանտ Թամրազյան) իրենց հուշերում գրում են, որ նա իսկապես մեքենա վարելու մեջ հմուտ չի եղել, իր ասելով՝ «մտածելով է քշում»:

Link to post
Share on other sites

ՎԱՌԱՐԱՆԻ ԱՌԱՋ

Իսկ քարածու՜խը...

Երբ նա վառվում է

Ձմեռվա ցրտին,

Հին վառարանում,

Եվ ձյունն է դրսում կրկնում ինքն իրեն, -

Լինում է այնպես,

Որ՝ մեկ էլ տեսար՝

Սոսափն եմ լսում ա՛յն անտառների,

Որոնք բյուրհազար տարիներ հետո

Այս քարածուխին պիտի վերածվեն.

Եվ գազանների ոռնոցն եմ լսում

Այդ անտառների անեզրության մեջ.

Եվ ձայնը նաև

Իմ նախա-նախա-նախապապերի,

Որ որս են անում այդ անտառներում,

Որ մերկանդամ են

Եվ ունեն դեռ պոչ,

Բայց անկարող են այլևըս ապրել

Լռին խավարում կույր անձավների,

Ինչքան էլ դրանք թվան ապահով:

ՈՒ հասկանում եմ,

Որ սերվել եմ ես

Դե՛ռ այն ժամանակ, հե՛նց այն ժամանակ...

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ՁԳՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՍԱՀԱՄՆՈՒՄԸ

Սիրո կապանքի ու տառապանքի

Հարցերն են անվերջ պատասխան փնտրում,

Եվ բառերն իրար ձգում են կրկին,

Ինչպես ողնաշարն` իր իսկ ողերը,

Եվ ... ստացվում է

Ահավո՛ր խոսքի ահավո~ր կմախք.

-«Այսպես ապրելը անկարելի է» ...

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԱՐԳԵԼԱՆՈՑ

Երկու նռնակ ` կրծքիդ վրա ...

Երանի ~ թե նրանց պայթյունն ինձ սպաներ

Անտառի մեջ`

Փասյանների ներկայությամբ,

Կամ սենյակում `

վարագույրի վկայությամբ...

ու երկու աչք ` հոնքերիդ տակ .

Պատերազմի երկու հրձ~իգ...

Ե՛կ ,գրավի~ր , միացրու քե՛զ.

Ես մի ամբողջ տիրություն եմ անտիրական,

Որ վաղուց է զգում կարիք

Քեզ պես վարյագ ու բարբարոս տիրակալի ...

Ու երկու ոտք ` նազանքիդ տակ.

Մկրատ մի նուրբ ,որ կոպտորեն

Կտրատում է թելն ըղձանքիս,

Ինչպես լույսի էլեկտրական լարն են հատում,

Եվ խավարը անհուսության

Ինձ է ներսից շրջապատում ...

Եվ զույգ ականջ `

Ցորենագույն գանգուրիդ տակ անթափանցիկ ...

Եվ զո~ւր մի կանչ .

Դու չե՛ս լսում ,

Որովհետեև ... մտքիս մեջ եմ հետդ խոսում,

Որովհետև մինչև անգամ ... ծանո~թ չեմ քեզ ...

Ու թերևս դու կի՛ն էլ չես,

Այլ գուցե մի ... արգելանո~ց,

Ուր հասնում են նռնե~ր վայրի,

Ուր փասյաններն են զբաղվում հրձիգությա~մբ,

Ուր հրազեն չի արձակում ո~չ մի որսորդ ...

Արգելանո~ց ... արգելանո~ց:

Ես հասկացա ՛,

Բայց ... ոտքե~րս չեն հասկանում

Եվ ,ինքնաշարժ կարկինի պես,

Բնա~վ կամքդ չհարցնելով `

հետևում են դեռևս քեզ

Եվ չափում ա՛յն,

Ինչ կոչվում է «անմատչելի»,

Ու ձգվում է

Իմ հիացքից մինչև անծիր հմայքը քո ,-

Մի անսահմա~ն տարածություն,

Որ թերևս հաղթահարվեր,

Թե աստղային օրացույցով մենք ապրեինք

Կամ թերևս չլինեինք այսքա~ն ... այսքա~ն օրինապահ :

26.11.63

Երևան

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...