Jump to content

Դանիել Վարուժան


Recommended Posts

Այստեղ պիտի գրեի հոդվածի հեղինակի անունը` Արշակ Չոպանյան:

Իսկ հիմա դառնանք «Ցեղին սիրտը» ժողովածուին.

ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ

Ընդ եղեգան փող բոց ելանէր

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

(Առասպելք)

1. ՁՈՆ

http://www.armenianhouse.org/varujan/poems-am.html#3

ՆԱԽԵՐԳԱՆՔ

2. ՆԵՄԵՍԻՍ

Պաշտե՛ դահանակե աչքերով Աստվածուհին,

ո՛վ Ժողովուրդ, երբ բռնակալությունները կործանես, կործանե այլևս զինքն ալ, և դո՛ւն բարձրացիր իր պատվանդանին վրա` շուշան մը ձեռքիդ մեջ:

Քերթողն հըսկա, մըրըրկավարս, հըրաչվի,

Նըվիրական արվեստանոցն իր մըտավ,

Եվ փակեց լայն պողպատ դըռներն հապըշտապ.

Ճեղքերուն մեջ մընացին

Արեգակին մազերն ոսկի, սանտըրված:

Լեռնակուտակ զանգված մ'ընտիր մարմարի

Այդ շենքին մեջ մըթընշաղ

Կը սպասեր` ձևն հագնելու հին դյուցազնի.

Եվ կամ գուցե կը հուսար

Որ աստղերեն իջնելով`

Պիտի աստված մը գա իր մեջ բընակիլ:

Զանգվածը այդ ապառաժ մ'էր բարբարոս`

Որուն մեջ դեռ կը մընար

Կիսավեր բույն մը արծվի.

Եվ խորն իր մեկ խոռոչին

Օձ մ'էր ծվարած ու կը նընջեր հանդարտիկ:

Քերթողն ինքզինք պահ մ'անհունին մեջ հոգվույն

Ըզգաց Աստված: Սոթտեց թևերը ջղուտ,

Ոսկեղեն մուրճը ափին մեջ, տըժգույն, վեհ,

Մարմարին դեմ, գըլխեբաց,

Հըսկայի պես կանգնեցավ...

Նըշմարեցին աչքերը ձեռք մ'այն ատեն

Մութին ծոցեն` կարկառուն`

Որ վիթխարի բըռնած սափոր մը` պարպեց

Խորն իր հոգվույն լայնալիճ

Տիեզերքին ըստեղծահյութն հողաբույր:

Եվ քանդակեց, քանդակեց,

Եվ քանդակեց, քանդակեց:

Արվեստանոցին բյուզանդական գըմբեթեն

Հույսի ձեթով լի սուրբի գանկ մը կախված

Կ'ըլլար ջահն իր լուսատու:

Ան կը տեսներ մարմարին շուրջը ձևված

Հըզոր երազն` որ միս կ’առնուր և ծալքեր:

Մըտածումն իր` այդ քարին կույս ծոցին մեջ

Իր արմատներն հուշիկ հուշիկ կը խըրեր

Ծառի մը պես ձիթենի:

Եվ քանդակեց, քանդակեց,

Եվ քանդակեց, քանդակեց...

Ամեն մի բուռն հարվածին տակ հաղթ մուրճին`

Ինչպես թե ռումբ մը պայթող`

Ուղխ մը կայծեր, քարերու հետ խուռնախիտ,

Կ’անձրևեին պատերն ի վար խավարչուտ

Պսակի պես քայքայվող:

Դուրսն ողկույզներն հասմիկին

Կը թափեին մուրճին մեն մի թընդյունեն

Փեղկերն ի վար իրենց կապույտ ծաղիկներ:

Եվ քանդակեց, քանդակեց,

Եվ քանդակեց, քանդակեց.

Մինչև որ բիրտ վայրենությունը քարին

Նըվաճվեցավ, և ահա գլուխ մը կընոջ

Մարմարին մեջ թարմորեն

Ծաղկեցավ բա՛րձըր շուշանի մ'հանգունակ:

Չըքնաղ էր ան, միանգամայն էր ահեղ.

Հելլենական արձաններու կուրությամբ

Կը հառեին խորունկ աչքերն` որոնց մեջ

Կարծես հոգին, անդունդն ի վեր մագըլցող

Կարիճի պես` կամաց կամաց կերևնար:

Եվ քանդակեց, քանդակեց,

Եվ քանդակեց, քանդակեց...

Բանաստեղծն իր բազուկին տակ կենսադրոշմ

Կը փորագրեր կարծես քերթված մ'ահավոր.

Խոր ծալքերուն մեջ կյանք առնող մարմարին

Մեն մի հարված դաշնակություն մ'էր քնարի,

Հանգ մ'էր, տուն մ'էր, և կամ շեշտ մ'օդասլաց:

Մեն մի հարված ռըմբագոռ

Ըմբոստ երգ մ'էր ոսկի մուրճով երգըված`

Որուն Աստված երկընքին մեջ կ'ունկընդրեր:

Եվ քանդակեց, քանդակեց,

Եվ քանդակեց, քանդակեց,

Ու ավասիկ ճոխ գանգուրներն այդ կընոջ

Զերդ ողկույզներ իրար խըռնված օձերու

Ուսերուն վրա թափեցան:

Կերտեց թիկունքն և թիկնամեջը շըքեղ,

Կերտեց թևերն ամազոնի` որոնք թե`

Կարող էին արձակել

Ոսկի փըքինը սիրո,

Եվ թե հրաշեկ կայծակը` տեգ մահընկեց:

Եվ քանդակեց, քանդակեց,

Եվ քանդակեց, քանդակեց...

Ո՜հ, ի՜նչ փույթ թե անցան անքուն գիշերներ

Եվ ցորեկներ` անդադար.

Ծիծե՜րն ահա, ծիծե՜րն ահա արձանին,

Ա՜յնքան մաքուր կըլորցըված, պաղպաջուն,

Որ անշուշտ կաթն անոնց մեջ պետք էր ըլլալ

Կամ լույս` սառած, և կամ արծաթ` հալըված:

Կողերն ահա, ահեղորեն շընչավոր,

Որոնց ներքև կարծես արյամբ մեծնային

Արդարության, վրեժի սաղմերն երկվորյակ:

Շինեց ողն, հո՛ւյր բումբերն, ազդրերը ողորկ.

Շինեց և՛ պորտն` որ զանգվածին մեջ հանկարծ

Քաոսեն ծնող աստղի պես

Ճառագայթներ դուրս պոռթկաց:

Օ՛ն, հարվա՜ծ մ’ալ, հարվա՜ծ մ’ալ…

Գանկ ջահին մեջ, ձեթն ըսպառիլ ըսկըսավ.

Օ՛ն, հարվա՜ծ մ’ալ, հարվա՜ծ մ’ալ…

Եվ քանդակեց, քանդակեց...

<Եվ քանդակեց, քանդակեց...>

Կերտեց գուճերն և սրունքներ.

Կերտեց ոտքերն` որոնց տասնյակ մատերեն

Ժահրով, մեղրով խառնըված

Դըդըչահոս լույսի վտակներ բըխեցան:

Եվ շինեց ան վերջապես

Կնոջ մեջքեն վար ահեղ

Սուր մ’երկսայրի, սուր մ’անպատյան, սուր մ’անբիծ,

Եվ Աստուծո պես արդար:

Այն ատեն հոն մարմարիոնին խորշին մեջ

Քըացող օձն արթընցավ

Եվ փաթթելով զինք մեղմորեն այդ զենքին`

Կաթիլ կաթիլ ըսկըսավ թույն մը կաթել:

Օ՛ն, հարվա՜ծ մ’ալ, հարվա՜ծ մ’ալ դեռ, և ահա

Պիտի գործն այդ ավարտի:

Քանդակագործ քերթողն հանկարծ խորշոմեց

Մարգարտապսակ ճակատը ջինջ քըրքինքով.

Այդ ի՞նչ արձան, անունն ի՞նչ էր այդ կընոջ.

Գորգոնա՞ մ’էր, Հերա՞ն քինոտ, թե՞ Իսիս.

Պատվանդանին վրա հըսկա

Փորագրեց.– Նեմեսիս:

Ահա երազն իր, կը շընչեր, կը խորհեր.

Իր երազն այդ մարմարեղեն` զոր երկար

Ատեն սըրտին հավքերուն մեջ այն կըրեց:

Արդարության և Վրեժի

Դիցուհին այդ` աղջիկն էր իր կորովին

Զոր հըղացավ, ողնածուծովը սընույց

Այն օրեն վեր` երբ հըլությամբ հարսնացավ

Ժողովուրդին արյան հետ

Գիտակցությունն իր բեղուն:

Այլևս ի՛նչ փույթ թե մնաց թաղված օրերով

Արվեստնոցին դամբանական մութին մեջ:

Ի՛նչ փույթ թե արդ ճակատեն վար կը հոսի

Բարի քըրտինքն հոգնության,

Եվ ուսերուն և գըլխուն վրա սևահեր`

Իբրև ըլլար ջաղացպան մ’ան կը նըստի

Ճերմակ փոշին մարմարին.

Եվ խիտ երկար թարթիչներն իր կը նմանին

Աղավնյակի մը թևերուն ըսպիտակ.

Ի՛նչ փույթ թե ան, ա՜հ, չըտեսավ կույս գարնան

Լուսակարկաջ աղբյուրներուն մեջ ժըպտիլն,

Եվ չըքամեց դեռ խաղողի ողկույզներ

Բաժակին մեջ բյուրեղյա.

Կամ չըխառնեց գանգուրներն իր ասպետի

Բըլուրներուն վրա պարող

Աղջիկներուն հողմատարիկ վարսերուն:

Ո՜հ, ի՛նչ փույթ կյանքը մեռնող,

Երբոր երազը կ’ապրի,

Երբոր երազն անմա՜հ է:

Մուրճը ձեռքին մեծ բանաստեղծը հաղթական

Արձանին խիստ աչքերուն մեջ կը հառի.

Եվ անոնց մեջ կը ճանչնա

Ինքզի՜նք, ամբողջ, անթերի:

Կը ճանչնա սուրբ մարմարիոնն այն` որ առավ

Բազկին տակ կյանք, որ այդտեղ

Եկավ զանգված մ’իր բըրտության մեջ նընջող

Եվ արթընցավ Դիցուհի՜.

Զերթ քարափերթ մ’ըստրուկ ինկավ մուրճին տակ,

Եվ կանգնեցավ Վրիժուհի՜:

Ավարտած էր ամեն գործ.

Ահա մեջտեղն էր, Նեմեսիսը, կանգուն,

Պաշտըվելու, ընդունելու ողջակեզ

Այլևըս կա՛զմ և պատրաստ:

Այն ժամանակ քերթողն ուրախ, գոհունակ,

Քաշեց նիգերը, բացավ

Պըղնձե դռներն հսկայական գավիթին.

Նույն ատեն լույս մը դեմեն

Երկինքն ի վար այնպես արձանն ողողեց

Որ դիցուհվույն մարմինը շուրջն ըսկըսավ

Ճառագայթներ աձակել:

Խըտղըտեցույց ճերմակությունն իրանին

Աչքերն աղվոր օրիորդի մ’որ դեմի

Պատըշգամբին նըստած ժանյակ կը հյուսեր:

Ձյունեղ ժայռ մ’էր կարծես`

Որ կը ցըցվեր արևուն մեջ` հոլանի:

Կը թափեին ուսերեն վար, կուրծքեն վար.

Շողի հազար վտակներ, հազար ալիքներ:

Քերթողն անգամ մըն ալ անոր նայեցավ.

Եվ ճակատին վրա ճանչցավ

Անգամ մըն ալ դուստըրն իր հեստ արյունին:

Տըվավ համբյուր մ’երկյուղած

Մեջտեղն անոր ծիծերուն,

Ուրկե մընաց շըրթունքներեն վար առկախ

Լույսի կաթիլ մը` վաղվան

Նոր վրեժներու արգասիչ:

Հետո նետեց ծանրակիմուրճը ձեռքեն.

Թևը սոթտված պատվանդանին վրա դըրավ.

Եվ գըլուխն ալ թևին վրա.

Եվ իբր առյուծ մը պառկող`

Հոգնած, քըրտնած և վըսեմ,

Աստվածուհվույն ոտքերուն տակ քընացավ:

Ժողովո՜ւրդն է, ժողովո՜ւրդն է, որ կու գա,

Ճամբաներուն, փողոցներուն մեջ Քաղքին

Գետեր են որ թըխակոհակ կը հոսին.

Հարստահարված ժողովուրդն է որ կու գա.

Անոնք տեսան Նեմեսիսի վեհ արձանն,

Եվ քուրմեր են, վրեժի քուրմեր, և ահա

Անո՜ր, անո՜ր կը դիմեն:

Գործատունեն, թիարանեն, բանտերեն

Գըրոհ կու տան: Արյունոտ են ու քաղցած:

Դեռ բեկորներ շըղթայի` զոր ջարդեցին,

Մերկ ոտքերուն հետ ընդքաշ

Սալհատակին շըռինդ շըռինդ կը հընչեն:

Ոմանք սակրով, ոմանք մուրճով են զինված.

Դեմքերուն վրա արյունռուշտ

Կը փայլակե կատաղությունն` հեռուեն

Մերկացնելով մարգարտաշող կըրճըտումն

Ակռաներուն մարդու միսի անոթի:

Մերկ են կիներն իրենց ամբողջ ծիծերով,

Եվ մանուկներ` բոպիկ`

Որոնց տըժգույն ճակատեն

Գարունն ընդհուպ կը թափթըփի վարդ առ վարդ

Դեռ չավարտած իր բողբոջումը առույգ:

Ատելության գոռուկոչ մ’է` կը պոռթկա,

Կը տարածվի պողոտայե պողոտա

Քաղաքին մեջ բովանդակ:

Ամեն շըղթա կը բեկտի,

Եվ կը փըլչի ամեն բանտ.

Հրապարակին մեջտեղ կրակի կը տըրվի

Կառափնարանն` հերոսներուն արյունեն

Վարդակարմիր և ճարպոտ,

Եվ իր մեծ բոցն երկնոլոր

Ամբոխներուն գիտակցության կ’ըլլա ջահ:

Ամեն խըրճիթ ըմբոստ մը դուրս կը պոռթկա,

Ամեն շիրմե նահատակ մ’հաղթ կը հառնու

Նո՛ր միսով, նո՛ր ըղեղով, նո՛ր զենքերով

Ըսպառազեն: Ժողովո՛ւրդն է հող կըրծող.

Մինչև մեջքն իր` տիղմին մեջ

Ուրիշներու դըղյակ շինող ամբոխն է`

Որ ոտքի միակ մոլեգնադռույթ ոտումով

Նույն իր խորունկ գերեզմանին քարին վրա

Ահավասիկ կը կանգնի:

Եվ մարդկային օվկիանն այդ փըրփրագոռ

Կ’եռա խորքերն իր մըռայլ.

Եվ ալիքներն հառաջ կ’երթան մահադող.

Եվ կը թըքեն իրենց փըրփուրը հորձքի

Պալատներուն մինչև քիվերն, ու մինչև

Ճակատն արփվույն անտարբեր:

Քըրջավո՛ր են, ահավո՛ր են, բայց այսօր

Հանճարներու, դարերու

Ամբողջ մտածումն, ամբողջ վաստակը խըմող

Գաղափարին արծիվի թևն ըսպիտակ

Եկավ դըպչիլ անոնց դեռ կույս ճակատին:

Եվ անոնք ուղխ ճամբաներե հավաքված`

Այսօր ունին վըսեմությունն օվկիանի.

Եվ կը մռնչեն, կը հայհոյեն, կ’աղոթեն,

Կը մըրմըռան բըռնության դեմ ծուփ առ ծուփ.

– Վըրե՜ժ, վըրե՜ժ, Նեմեսի՜ս:

Եվ Նեմեսիսն հո՛ն է, հո՛ն է մխիթարիչ

Քենն երկնային. ձյունափարփառ մարմինն իր

Լուսնակին պես ալիքներն այդ կը քաշե

Դեպի ծոցն իր մայրենի:

Եվ ժողովուրդն արձանին շուրջ կը դիզվի

Հետք հետքի վրա, խուռնախիտ,

Եվ կըզակներ կըռթընցըված ուսերու:

Առջևը վեհ Դիցուհվույն

Ամեն ոք իր վերքը կուրծքին կը բանա.

Պարմանիներ ցույց կու տան

Թևերն իրենց կոտրած` շըղթա կոտրելեն.

Մայրերն ահա վեր կ’առնեն սև-սև քողեր

Անոնց ծալքին մեջ բանալով գանկիկներ

Մանուկներու` այրուձիին տակ ճըզմված,

Եվ պառավներն անոր առջև կը փըռեն

Քըղամիդները կարմիր

Դըրժված մորթված դյուցազնական թոռներու:

Եվ կը բերեն ամենն ալ

Իրենց վերջին հարըստությունը` նըվեր,

Եվ ծընրադիր` անիծախառն աղերսով

Արտասվագին միահամուռ կը գոչեն.

– «Ո՛վ Նեմեսիս, Անվրիպելի՜դ, Վրիժուհի՜դ,

Մեր տառապանքն, անկումը մեր կը տեսնե՞ս.

Մեր արցունքի մեկ շիթին

Օվկիանական անհունությունը արդյոք

Քու ափիդ մեջ կըշռեցի՞ր:

Բա՛վ է փառքերն ու հաճույքներն ապրեցնենք

Մեր արյունին արյուններով ու մինչև

Ոսկորներնուս քըրտինքով.

Բա՛վ է սվինները պատռեն

Մեր արգանդին մեջ հավետ

Լուսաթաղանթն արշալույսի սաղմերուն.

Բա՛վ է անիվը գործատան փերթ առ փերթ

Խըլե մեր միսն և յուղոտե ճըղուղն իր.

Բա՛վ է, բա՛վ է մեր բովանդակ կյանքին մեջ

Խարազանված թիկունքներնուս վրա կըրենք

Մեր շիրմաքարն ու երթանք ա՛յսպես շիրիմ:

Վըրեժի ժամն ա՛լ հասավ.

Նըշկահումի ամպրոպահունչ ժամն հասավ:

Ո՛ւժ տուր մեզի, ոգևորե՛ և մըղե՛.

Դո՛ւ մեզ Աստված, դո՛ւ Տիրամայր, դե՛հ իջիր

Պատվանդանեդ և ձուլե մեզ կամքիդ մեջ,

Եվ օրենքներըդ գըրե

Մեր ճակատին վըրա արյան գըրերով:

Քու ժողովուրդըդ մե՜նք ենք.

Պիտ’ ըսպաննենք մեր աստվածներն հին և նոր

Եվ աճյունին վրա անոնց`

Ատտիկեի և մեհյանեդ ալ հոյակապ

Պիտ’ քու մեհյանըդ կանգնենք

Պիտ’ կործանենք ապարանքներ ու բանտեր`

Եվ քառանկյուն սալքարերովն իրենց հաղթ

Պիտի բագինը՜դ կանգնենք:

Ամեն տարի մահատոնիդ նեմեսյան

Ատելության ի՜նչ նըվագներ պիտ’ հընչեն.

Պիտի զարթնուն ի՜նչ մոռցըված մեռելներ`

Եվ խըմելով արյունախա՛ռըն գինին,

Զոր սափորով իրենց շիրմին պիտ’ դընենք,

Արևուն տակ, զոր կարոտցան, ձեռք ձեռքի

Պիտի պարեն շուրջն արձանիդ ` հանձնելով

Իրենց պատանքը հովին:

Իջի՛ր մեջ, և բընակե լոկ մե՜ր մեջ.

Օ՛հ, ո՜րքան դու չըքնաղ ես

Եվ ո՜րքան ալ սարսափելի. աչքերդ այդ

Արդարաբար կը սպաննեն միշտ, և ձեռքերդ

Աճյուններու մեջ պատրաստ են սերմանել

Շուշան հունտեր շուշանափայլ կյանքերու.

Գանկի մը մեջ բույնն իր դընող տատրակն ես.

Աղբյուր մ’ես դու ըՍտյուքսի`

Որ կը բըխի գերեզմանե մը կանանչ:

Ահա քեզի կր կարկառենք մեր քաղցած

Երեխաները. թող որ քո՛ւ ծոցիդ մեջ

Մըկըրտըվին, և ծըծեն կուռ ծիծերեդ

Կաթը վաղվան վըրեժին:

Օ՛ն, Նեմեսիս, իջիր մե՜ր մեջ. մեզ ըրե

Վահա՛ն լանջքիդ մարմարե,

Սո՛ւրը թևիդ անխընա:

Զի մենք ծարավ ենք արյա՜ն,

Արյա՜ն, արյա՜ն, Նեմեսիս»:

Կ’ըսեն: Իրենց գոռուգոչումն ահավոր

Կը սասանե գահերուն վրա կայս

Link to post
Share on other sites
  • Replies 79
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Կ’ըսեն: Իրենց գոռուգոչումն ահավոր

Կը սասանե գահերուն վրա կայսըրներ,

Եվ կ’օրորե պատվանդանին վրա նընջող

Քերթողին քունն հանդարտիկ:

Կ’ըսեն: Եվ նվե՛ր Աստվածուհվույն կ’ընծայեն.

Անոր առջև արյունլըվա ձեռքերով

Կը սըփռեն վարդ ու հասմիկ:

Կույս աղջիկներ դալկադեմ

Ասեղներե ծակծակված գիրգ մատներով

Կ’հյուսեն անոր գըլխուն համար պըսակներ:

Գյուղացիներ կ’ողջակիզուն վբերջին ուլն

Իրենց թափուր և ցըրտացած փարախին:

Տըղայք կընդրուկ կը ծըխեն.

Իսկ բանվորներն ու ռազմիկները պարման

Թուրերն իրենց, մուրճերն իրենց նվիրական

Կու գան անոր կըռվանին վրա հեսանել:

Եվ ժողովուրդը բովանդակ հանկարծ լուռ

Լուսընկային տակ հանդարտող ծովու պես

Կը խոնարհի աղոթքի…

(Օրհնյա՜լ ըլլաք, հառաչանքի մեջ խեղդված

Ո՛վ արցունքներ, մազերն ի վար կայլակող

Ո՛վ արյունի կաթիլներ.

Ո՛վ աղոթքներ նախատոնին կռիվներու

Մանավանդ դուք օրհնյա՜լ ըլլաք.

Ձեր մեջ է որ Հույսերը մոտ հաղթության

Իբրև ճերմակ աղավնիներ` ամենուն

Ծոցեն արփվո՜ւյն կը սլանան):

Եթերական կրակին խորեն իրիկվան,

Դեմի սարեն զառիվայր

Այն որ կ’իջնե անչափելի քայլերով

Հերո՜ս մըն է, պերճահասակ քըրմապետ

Նեմեսիսին կուսական,

Եվ անձնուրաց նախախնամող մարդկության:

Արևը դեռ չըմեկնած

ճաճանչներն իր ամփոփե է շեշտուղիղ

Անոր կուրծքին կարմրաբորբ,

Ցայտեցնելով զենուզարդեն պաղպաջուն

Ճառագայթներ` նման բամբշի մը գըլխուն

Ծամակալ մեծ ասեղներն:

Արյուն մ’ահա կ’այլակի տակավին

Իր գոտիին արդարադատ կեռ սուրեն:

Կու գա՜,– ճակատն իր արդեն

Շաղկապված դափնիով:

Քայլերը ծանըր` փառքեն,

Եվ բըռնությունը ճըզմելեն` տենդակոխ

Ահավասիկ կ’երկփեղկեն

Ժողովուրդն այն խոնարհած

Ատելության և աղոթքին բեռին տակ:

Նեմեսիսին ձոնելու

Ան իր նըվերը ունի.

Գըխուն շուրջեն կ’արձըկե

Դափնեպըսակը` զոր կույսերն որբացած

Շիրիմներուն նըստած տըրտում շուքին տակ

Իրեն համար հյուսեցին.

Կ’արձըկե զայն և ձախ ձեռքովը բըռնած

Բուրյան ճյուղին մեկ ծայրեն

Մյուսով զայն կը մերկացնե, սըփռելով

Իր սաղարթներն օդապար

Աստվածուհվույն ոտքերուն վրա անարատ,

Որոնցմե հա՛մ’աղվոր տերև մ’արյունոտ,

Կ’երթա, կ’իյնա արձանին տակ քընացող

Քանդակագործ բանաստեղծին ճակտին վրա,

Որ գրավված նո՛ր Տեսիլներով երազի

Այդ հըպանցումը փառքին

Ամենևի՜ն չ’իմանար:

Link to post
Share on other sites

ԲԱԳԻՆԻՆ ՎՐԱ

3. ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈԳԻՆ

Ե՞րբ պիտի գաս. ե՞րբ մեր գետնին ույծքերեն,

Իբր հարությունն հողին խըմած շողերուն,

Պիտի պոռթկան շունչիդ բոցերն երկնապող.

Կամ մեր երկրին արյուն կաթող ո՞ր աստղեն`

Դու պիտ’ իջնես հրդեհել

Զենքի տըրմուղ ժողովուրդդ`

Որուն սըրտեն դարերն հավետ խըմեր են

Թորգոմական արյունն և ո՛ղը պարպեր,

Որուն համար մեր պապերուն ոսկրոտին`

Հովտե հովիտ սըփըռված`

Բաժին են լոկ գայլերու:

Ո՜վ անդրանիկ Աստվածուհի, Իսկուհի`

Հայ ջըրերուն, կըրակներուն և կավին,

Տե՛ս. քու երկիրդ` որ մեր սերմին մայր ըրիր`

Այլազգներու խըժդըժանքին մատնըված,

Այսօր, ավա՜ղ, սուգ ու արյուն կը բըխե.

Իր կործանած քաղաքներուն վրա լըռիկ

Կը նըստի կռո՛ւնկն ողորմուկ.

Հողն` հերկըված միայն սողովն օձերուն`

Իր աղտաղտուկ խավերուն մեջ կը պահե

Պաղլեղ, և իր սև տափերուն վրա` ոքոզ.

Կը մընան մեր այգեստանները` առանց

Շերտափակի, և կարասները` առանց

Հայրենական գինիին.

Եվ մեր խոյերն ըսպիտակ`

Չըգըտնելով խոտնոցներուն մեջ առվույտ`

Նոթութենե մոլեգնած`

Մըսուրներուն դեմ կը ջարդեն եղջյուրնին:

Իսկ որդիները թըշվառ

Կամ հեռացած հորենական երկըրեն

Կը խառնակին ազգերու խորդ արյունով,

Կամ նույն երկրին ծոցին մեջ

Կը մեռնին լուծն ուսերնուն,

Ապրողներուն թողլով մաս

Մերկացում <ն> ողջ հայութենեն, խորդացումն`

Որով կ’ըլլան իրարու դեմ թըշնամի

Եվ թըշնամվույն դեմ` ծառա:

Ո՛չ մեր դաշտերն` եղած արյամբ ճախճախուտ,

Ո՛չ պարիսպներն ու տաճարներ քարուքանդ

Զիրենք կըրնան զայրագնել,

Ո՛չ օտարին ծաղրանքն և ո՛չ անարգանք

Կ’արթընցընեն իրենց հոգվույն մեջ ընթարմ

Հըպարտությունն հայկական:

Կը ծառայեն և կ’ողբան

Եվ ողբալով ըստըրկությունն ավելի՛

Իրենց դեմքին կը հորինեն վայելուչ…

Եկո՜ւր, եկո՜ւր. Ժամանակն ա՛յս է. Եկո՜ւր…

Ահա ցեղեդ մաս մ’ազնիվ`

Գաղափարի, գուպարի մեջ հալումաշ`

Ճամբուդ վըրա կը սըփռե

Իր արյունին հետ նոր վարդեր, կակաչներ…

Եկո՜ւր, եկո՜ւր. Եվ Մասիսի կատարեն

Դյուցազներու, վըկաներու հոգիներ,

Ւբր աստղերու սերմընցան,

Տեղա՛ բոլոր իգության մեջ մեր երկրին,

Մեր սըրտերուն խորունկ խորքերը հոսե

Արյունդ անբիծ, զոր շիթ առ շիթ ժողվեցիր

Վարդաններու ռազմահարդար հետքերեն,

Եվ ըրե մեր օրրաններն

Արշակներու վերածընող շիրիմներ.

Ամեն հայու լանջքին տակ

Իր մեկ հին պապն արթընցուր.

Եվ նվիրական, հավերժական զանգվածով

Զանոնք խառնե և խըմորե և ձուլե

Եվ ըստինքովդ ապրեցուր:

Ա՛յնպես որ` քու մայրենի

Ճաճամչավուխտ թև թռիչներուդ տակ ամփոփ

Տաքնա՛ մեր հողն, և բլուրներուն վրա խայտան

Գարուններն հին, Նավասարդները` լեցուն

Մարտիկներու վահաններուն կոփյունով,

Մեր արծիվներն ու ուրուրները ` թողած

Ճախճախուտները նըվաստ`

Կայծակներու թառերուն վրա կըռընչեն.

Էգ առյուծներն ու էգ վագրերը բոլոր`

Մայրագորով լիզումով`

Ըլլան կայտառ հայկակներու կաթընտու.

Մեր ամպրոպները (լեցուն

Ըստվերներովն երգիչներու գողթական)

Սըրտին մեջ հայ քերթողին

Փոխվին երգի ու չափվին

Կայծակներու շեշտերով.

Բանվորն հեստի՛, հեստի՛ գեղջուկն ու` այգուն`

Երբ իր քայլերն ուղղվին դաշտերն ավերված,

Արշալույսեն արյունի հոտը առնե

Եվ արյունի՛ ծարավի.

Շունչիդ զեփյուռն ու ճառագայթն աչքերուդ,

Նըման գարնան մեր տան շեմերը պըճնող,

Թող ճամբորդեն հյուղե հյուղ,

Բննակարանե բնակարան.

Կանգնի՛ն այրերն ու մայրեր,

Ծերը կանգնի՛, կանգնի՛ տղան.

Ու ամեն ոք Ազգին սիրով լոկ արբշիռ,

Ազգին ոգով հաղորդված

Ա՛յնպես վառի, ապըստամբի, բորբոքի,

Որ Թորգոմա Տունն ըզգա

Թե իր օճախը մարած`

Այսօր հրաբուխ է դարձեր:

4. ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՆ ՄԵՋ

Ա

Ըլլա լացի, համբույրի,

Հիշատակի, մըտածման,

Մըռընչելու համար ըլլա, օ՛ն, մըտնենք.

Մըտնենք հըսկա քաղաքն հըսկա աճյունի,

Մըտնենք Շիրիմն հայության…

Ողջո՜ւյն, Անի, գերեզմնոց,

Ուր կը փըտին ոսկորներն հաղթ Անցյալին.

Ողջո՜ւյն, Անի, օրորան,

Ուր փլուզի տակ, կարիճի սև արյունով

Մեր Ապագան կը մեծնա.

Ողջո՜ւյն, Մեռե՜լ, Մա՜յր, ողջո՜ւյն.

Ահա կու գամ, ես վերջին

Նորաբողբոջ գըլուխը հայ Հիդրային,

Կու գամ կյանքիդ փառքովը մա՛հդ օրորել.

Ըսել, թե մեծ եղար դու,

Կամ մեծ խոստումը մեծության, դու եղար

Լուսակայլակ պողպատ ըստինք մ’որուն դեմ,

Խուժդուժ ցեղերը ծըծելու դեռ անվարժ`

Եկան նոթի լընդերն իրենց ջախջախել.

Ծեր Ասիո շեմին վրա դո եղար

Երեք դարու սիրտն` եթե Հույնն ըղեղն էր,

Սիրտ կենսաբուխ` որուն աչքերն հառած պիշ`

Նենգ Բյուզանդիոնն, այդ բոզորդին Հըռոմի

Քեզ կը դավեր լափլիզելու ախորժով:

Եվ ան դավեց և ան հաղթեց. ու ավա՜ղ,

Երբ դրոշակն իր ցըցված տըխմար արքայիդ

Հովհաննեսի շիրմին վրա`

Վեստ Սարգըսյան կ’ըլլար խըլան խոստացված,

Քու բալլիքներըդ Վոսփորի բանտին մեջ

Երիտասարդ թագավորիդ թևերուն

Կուռ շըղթաներ կըղպեցին:

Բ

Ո՜վ պատուհաս. կորսըվեցար դու այլևս,

Երբ Պարսն և Հույնն, երկու ոսոխ ոսոխներդ,

Իրարու դեմ ըզքեզ ասպար կանգնեցին,

Կամ իբրև որս մ’որ արդեն իր մագիլով

Նախ իր սիրտն է խոցոտեր,

Քեզ անցուցին Մոնոմախոսն ու Տուղրիլ,

Պերոզն ու ժանտ Արփասլան`

Ժանիքներե ժանիք, թաթե ի թաթուլ.

Եվ, դեմ դիմաց կզակներն իրենց ջարդելով,

Հիմնաքարերդ հանեցին`

Որպեսզի սև դամաբանաքարդ հորինեն:

Ա՛լ այն օրեն դու իբրև շենք մ’հոյակապ`

Ուրկե հազար կայծակ մեկեն է անցեր`

Քայքայվեցար մարմար մարմար, ծեփ առ ծեփ:

Ու, ո՛վ ցասում, ո՛վ ամոթ,

Քեզ դեմ առ դեմ բըզքըտողները նենգժոտ

Չեղան արծիվ` այլ գայլե՜ր….

Գ

Արդ քարուքանդ կը հանգչիս

Եվ նըշխարներդ ինը դար է որ կ’ապրին.

Ժամանակին ձեռքը չեղավ այնքան հաղթ

Աճյուններդ այդ մըրրիկներուն հանձնելու.

Բայց ծոցիդ մեջ ալ բընա՛վ

Սըմբատի սոս նըժույգը չի՛ խըրխընջեր,

Այն չի թոթվեր արյունթաթախ բաշերն իր

Քած ձիուն դեմ Ափշինի,

Ու կոչնակներն ու շեփորներն ոսեցոլ`

Որոնց ի լուր թուրը խաչով կը ձուլվեր.

Հոն լըռած են` ապրեցնելով իրենց տեղ

Բուի հազար սերունդներ:

Այդ լըռության չղջիկի լայն թևին տակ

Կ'աճի եղիճն արտասուքովն աստղերուն.

Եվ հոն բաղեղն հայրենասեր թևերով

Կը գըրկե հողըդ տըրտում

Իր պատառիչ կալծքարերով միասին.

Եվ խոտ մ'հազիվ, բարձրացած

Ճամբաներուն վրա անկոխ`

Կը ծածկե սողն օձի մ'արփվույն տակ ճեմող:

Դ

Ի՞նչ մընաց, ի՞նչ. Պարիսպներեն քարակուռ`

Որոնք ըզքեզ գըրկած տըվին կուրծքերնին

Ասիական մըրըրկարշավ ցեղերուն.

Պալատներեդ, ամրոցներեդ, սյուներեդ,

Աշտարակի սըլաքներեդ` ուր ծըփուն

Կարմիր դրոշակ մ'հայկական

Կ'սրբեր քրտինքն արծիվներուն ճամբորդող,

Խոյակներեդ, գըմբեթներեդ` որոնք օր

Մ'ամպին մեջ` շանթն Էին մեջ բախտն հեգնելով`

Ժամանակի բռունցքին դեմ

Կ'ըլլային կումբ ձուլված փառքի հանքերեն,

Զորանոցեդ, տաճարներեդ, այո՛, քու

Հազարումեկ տաճարներեդ` որոնց մեջ,

Դեպի հավատքն ուղղաբերձ

Մինչ բազուկներ կը հոգնեին, կ'հեղգային

Մինչ հին արյունն Արամյան

Իր հեթանոս ռազմիկ թափեն կը սանձվեր,

Եվ մինչ Հիսուսը կը ծըներ արցունքով

Լաստիվերտցին և նենգ Հուդան` Կիրակոս,

Այդ հազար մեկ տաճարներուդ մեջ կ'ըսեմ,

Քանդակ քանդակ, զարդ առ զարդ,

Արվեստ մը նոր, արվեստ մը հայ,

Արվեստն աղջիկ Աստուծո, քույր Բընության,

Արվեստը հարս Տիեզերքին,

Ժող'վուրդներու և Ազգերու վախճանած

Տապանագիրն ու շիրմապսակն այդ վերջին

Իբր աղավնի մ'ոսկեդըրվագ ուրագով

Քանդակված` այդ գըմբեթներուդ ներքև սուրբ,

Բատուցներուդ, խոյակներուդ, մույթերուդ

Մեջեն լըռիկ, գըլուխը դուրս կարկառած`

Դեպի երկինք, աղվոր, վեհ,

Թռիչները լա՜յն կը պարզեր...

Հիմա, ավա՜ղ, ատոնցմե,

Այդ բյուրավորճաճանչներեդ, ո՛վ Անի,

Ըսե՛, ըսե՛, ի՞նչ մընաց...

Ե

Կը պատե շուրջը լըռություն: Լայնարձակ

Դաշտին վըրա, լուսնակի քա՛ղցր շողով

Ավերակները կ'ողողվին: Հեռուեն

Միջոցին մեջ աստղալից

Լոկ կը լըսվի սույլն հովերուն ճամբորդող:

Անի հավե՜տ կը լըռե...

Ոտքըս փըլած քարի մը վրա կը դընեմ,

Եվ ուրիշի մ'հետո, հետո ուրիշի

Մ'ու կ'ելլեմ դե՛պի կիսաքանդ պարըսպին.

Ծերպերն որմին, ժամանակի վերքեր, ինձ

Սանդուխ կ'ըլլան. քայլափոխես փըխըրված

Կը թավալին կոշկոռներ,

Եվ մատերուս տակ ճանկող`

Բաղեղներեն, մորմերեն

Քընաթաթախ մողեզներ վար կը թափին:

Ու ես կ'ելլեմ. հոգիս խոր

Արբշըռության մ'ուժին տակ

Զիս աստղերուն կը քաշե.

Կը շուլլըվիմ, կը մագլիմ.

Կայծքարերուն դեմ կուրծքըս մերկ կ'արյունի,

Կը մնա մաս մ'ըզգեստես

Վարը փուշի մը ճանկին մեջ ավազակ.

Բայց ես կամշոտ, որսին դիմող վագրի պես,

– Եթե ազատ բարձրությունն որսն է հոգվույն –

Կուռ ու տենդոտ խոյանքով,

Մութն ու փլատակն ոտքերես վար թոթափած,

Նախնիներուս բյուր գանկերուն վըրա գոս

Հուսկ ոստումով մը խըրոխտ

Պարիսպներուն հառաչակուլ կը կանգնիմ...

Զ

Ո՜վ բնազդական դու վերելք,

Ո՜վ խոյացման գինովություն` նույնիսկ սև

Դամբանի վրա կամ ոսկրի,

Ո՜վ վեհ բարձունք` որ կը գըգվես ճիղմ հոգիս

Զիս ընելով աճյունին վրա պապերուս

Բողբոջ մ'որ դեռ կը զարդարե կոճղը հին.

Ո՜վ բարձրություն թովչական`

Որ կապույտին և խավարին մեջտեղ զիս

Մըտածումի լազվարթ լարով կ'առկախես.

Կու տաս անցուկ մխիթարությունը սըրտիս`

Որ վարն ոտքիս տակ գըտնեմ

Անիի մեջ ցոլքն երկընքի մեծության,

Ըզգամ թե մեր շիրմին վրա

Մոլորակները դեռ զիրենք կը գըծեն,

Թե խավարն այս` է Խորհուրդին դեմքը վեհ,

Փլատակը` մե՛ղքն Հավերժին.

Անվո փոշին հարդգողն, և կամ աս շըրջմոլ

Փոսուռան աստղ մ'է չըքնաղ.

Սա գանկը հոս լուսին մըն է, ես` Աստված...

Ըլլալ Աստվա՜ծ, ո՛վ հեգնություն, այս ըլլալ

Է միմիայն ծաղրանըկարն Աստուծո,

Քանի որ մեր հոգին հարճն է Բընության,

Եվ սոսկ անոր տաք ծոցին մեջ` բեղնավո՛ր,

Չունենալով նույն ինք իրե՛ն սեփական

Հայրենիքի այս Ոչընչին, բոհին դեմ`

Իբր առաջին սերմընցու

Խո՜սք մ'որ ստեղծե, ներդաշնակե, պոռթկալով

Փոշիներեն Անիի

Քանան մը նո՜ր և ազա՜տ:

Է

Ի՜նչ, ունենալ աչքի ներքև դիակներ`

Որ եղած են ատենով

Արյանդ արյուն, սերմիդ սերմ

Եվ, ո՛հ, առանց հարուցանել գիտնալու`

Այսպես դիտե՜լ ծալապատիկ թևերով,

Ի՜նչ, տեսնել որ խըխունջ մ'այսօր կը չափե

Հըսկա շենքերն այն` երկու թել լորձունքով,

Եվ խորանի խորշին մեջ լոկ կ'ապրի

Բուն, սևազգեստ ճըգնավոր,

Տեսնել, որ լուռ կը փըտին

Ավերներու տակ հերոսի բազուկներ,

Գանկեր, սըրտեր` որոնց արյունը եղավ

Թույն` իժերուն, ա՛յնչափ որ լի էր ոխով.

Տեսնել որ փլած պատվարներու, դըղյակի

Ճեղքերուն մեջ կը մեռնի

Շող մ'արևու, Անուն մը հին, Ազգ մը մեծ,

Եվ գահերու բեկորներուն վրա թափուր

Արծիվն ամպեն կը ծըրտե՜...

Ի՜նչ, մինչդեռ վարը, անդին,

Այս ջընջումին հավասար

Կը ջընջըվին, կ'այլասերին հոգիներ

Խեղդըվելով նույնիսկ իրե՛նց արյան մեջ,

Կամ մալ ու կուրտ եզի պես

Ժուժով մը վատ, յուրաքանչյուրհարվածի

Ներքև ջըլատ կ'ըսեն. – Լըծե՛: – Ո՛հ, ի՜նչ, ի՜նչ,

Առջևը այս ամենուն,

Շուրջիս այս մութ ծըփանքին մեջ դիերու,

Ոսկըրներու, նըշխարներու, արյունի,

Մընալ կանգուն, մինավորիկ, անկարո՜ղ,

Եվ չը կըրնալ այս թոհբոհեն հանել դուրս

Վերածընո՜ւնդ, վերածընո՜ւնդ մ'արփագեղ...

Ո՛վ այպանք, ո՛վ նախատիք,

Ուրեմն ինչո՞ւ ապրիլ, ինչո՞ւ ընդունայն

Հայրենիքի անունն ասա՛նկ մըռընչել,

Երբոր Ողջերը թըմրած

Քեզ չե՛ն ուզեր լըսել, ոստնուլ չե՛ն ուզեր,

Եվ ռազմերգեդ` ահաբեկ`

Ականջներնին ծոցերնուն մեջ ղողած

Երբ գըլխուդ շա՛նթ կը մաղթեն,

Ուրեմն ինչո՞ւ, ինչո՞ւ ապրիլ...

Ը

Վարը, հոս,

Օձ մը հըսկա` գըլուխը փոսեն տընկած դուրս`

Լուսնի շողով կը նայի ինձ. օ՛ն, եկուր.

Դու, որ ունիս այդ աչքերուդ մեջ կանանչ

Մահվան անուշ մխիթարությունն. օ՛ն, եկուր.

Կըրունկս քուկդ է. քուկըս տաք

Երակներս այս. խա՛ծ ու խայթե. թող տապալ

Գըլորիմ վար, Ախուրյանի ողբին մեջ,

Եվ վարը այն որձաքարին վըրա սև

Ջախեմ գլուխս, ու իմ խեղճ

Հայրենիքիս փոշիներուն վըրա սա`

Ըղեղիս խյուսը փըռեմ...

Link to post
Share on other sites

5. ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ

Սովամահ ժողովուրդին

– «Սովէ. հա՜ց, հա՜ց...» –

Ո՞վ կ'հեծե

Շեմին վըրա խըրճիթիս ո՞վ կը հեծե:

Սերըս մարած է օճախիս բոցին հետ.

Մեջս է մոխիր, շուրջըս մոխիր. օ՛հ, ի՜նչ շահ

Մոխիրներու վըրա արցունք սերմանել:

Բան մը չունիմ, բա՜ն մը. այսօր իմ վերջին

Լումայով թույն գընեցի,

Ներսը թույնս իմ կը շաղվեմ:

Վա՛ղը եկուր գերեզմնոց, ո՛վ Անոթի,

Բուքին մեջե, կանուխ, երբոր գյուղին շուրջ

Գայլերը դեռ կը հածին,

Վա՛ղը եկուր… պիտի ես

Շիրմիս մեջեն, իբրև հաց

Քերթողի սիրտս այդ մախաղիդ մեջ ձըգեմ.

Քերթողի սիրտս արյունդ, արյունն որբերուդ

Պիտի ըլլա ո՛րքան որ Վիշտըդ ապրի…

Վաղը եկուր գերեզմնոց, ո՛վ Անոթի:

6. ՄԱՐԱԾ ՕՃԱԽԸ

Այս տունին մեջ` որուն շեմին վայրահակ

Այսօր կու լա ուռենին,

Եռաց զըվարթ կյանք մը թորգոմ գեղջուկի:

Ատեն մ’եղան հոն թարմ հարսեր` որ լույսին

Հետ արթընցած, վարդենիի պես հագված`

Աշխատեցան, կաթ կըրեցին սափորով,

Կամ դույլերով հորը ջուրի գընացին:

Ատեն մ’անոր դըրան առջև նըստեցավ

Ծերուկն, և թո՛ռը ծունկերուն մեջ առած,

Պատմեց զըրույցն Արտավազդի, Վահագնի,

Անոր հոգվույն տեղալով

Վերջին ազնիվ մնացորդը խոնջ օրերուն.

Կամ` իրիկվան` տեսավ անցնիլն առջևեն

Հարուստ հոտին` զոր իր որդին լեռնեն վար

Դեպի փարախ կը քըշեր.

Եվ ծեր ռունգերը բացած

Ոչխարներուն բուրդին բարկ հոտը ծըծեց`

Օրհնելով թիվն ու ընտիր ցեղը անոնց:

Ատե՜ն մ’էր ան…

Այսօր ոչ ոք այդ տունեն

Կ’ելլե կամ ոտքն անոր շեմին կը դընե:

Կոտրած դըրան արյան չորցած կաթիլներ,

Ներսեն ձայներ ագռավի,

Եվ հարատև մլավյուններ

Կը լեցընեն գեղջուկին սիրտը դողով,

Որ անցնելու վայրկենին այդ փողոցեն

Խաչ կը հանե կամ քայլերն իր կ’երագե:

Կոտորածի օրեն (երբ գյուղը բոլոր`

Կյանքն հանձնելով նենգ գայլին քա՛ն թե մարդուն`

Դիմեց դեպի ճերմակ լեռներն հայրենի)

Այս բնակարանն այս սև խորհուրդն է հագած,

Եվ մեռելի մ’անփակ աչքին հանգունակ

Ան` արևուն և կյանքին

Եղած է միշտ բաց, նաև միշտ ալ զրկված:

Ըմբոստ բաղեղն և ուռենին հեզանազ

Կը ծածկեն մուտքն անոր զիրար գըրկելով:

Գավիթին մեջ կա բողբոջումը լըռիկ

Բաղըրջուկին և թավշանման մամուռին,

Որոնց մեջ մերթ կ’երևի

Կըտցահարումն աներկյուղ

Վառյակներուն դըրացի, մե՛րթ ալ հանկարծ

Փախուստն անոնց կարկաչելով դեպի դուրս:

Ի՞նչ կ’ապրի հոն, ի՞նչ գաղտնիք

Կը մեծնա այդ բնակարանին մեջ խոժոռ.

Արդյո՞ք անթաղ դիակներու ոգիներ

Հոն կը ժողվին լալու կամ դափ զարնելու,

Թե վըհուկներ ճերմակ և թավ հոնքերով

Օձ կը կըրթեն կամ կը հյուսեն պատանքներ:

Իրիկուն մ’էր – լավ կը հիշեմ – սիրտ ըրի

Այդ շեմեն ներս մըտնելու:

Գյուղացիները ետևես, գըլխաբաց,

Աղոթեցին հուսակտուր, ա՜յնքան Աստված,

Անոնց հոգվույն մեջ և հոգվույն ի խընդիր,

Սատանային սև պատկերն իր պատկերեն

Մեծ և որոշ էր գըծած:

Մըթընշաղ մ’այն գավիթին մեջ կը տիրեր,

Եվ պատերեն` ուր կը շըրջեր ցողկը մերթ`

Բորբոսանքի և շիրմի հոտ մը կ’ելլար.

Կը լըսվեին գերաններուն ծերպերեն

Ճիչերը սև չըղջիկներուն սըրաթև.

Բոլոր դըռներն հոն բաց էին. չէր լըսվեր

Հավանոցեն կամ գոմեն

Ո՛չ եզներու բարի պոչյունն, և ո՛չ իսկ

Բեղուն կըրկռոց մը հավի.

Ամբողջ մարագը դատարկ էր, դատարկ էր

Մառանը բաց` ուր բուրեցին օր մը մուշկ

Սաթ ողկույզներն հայրենական այգիին:

Այնտեղ ամեն ինչ տըխուր,

Հեգ մնացորդ մ'էր կողոպուտի մը վայրագ:

Ո՛չ մեկ սյունի, ո՛չ մեկ անկյան մը ետև

Կը տեսնըվեր մարդկային ձև, կամ ապրող

Շողյուն մը զույգ բիբերու:

Կը լըսվեին ձայները լոկ հարատև

Թոնրատունեն` ուր սարսուռով մոտեցա,

Ու մըտա ներս... Ո՜վ խեղճ տուն,

Լավ էր դու բանտ կամ գերեզման ըլլայիր,

Այդ հողդ ոսկոր փըտեցըներ. սյուներուդ

Մեջ դագաղներ փորեին.

Լավ էր ըզքեզ հորինող մեն մի կրաքար

Ծովափներուն փոշի փոշի քայքայվեր,

Քան թե կանանչ երդիքիդ տակ ծածկեիր

Մարած օճախ, մեռած սիրտ հայ գեղջուկի`

Որուն համար կանգնելը հարկ չէ այլ ինչ

Բայց թե դամբանն իր և իր հեգ սերունդին.

Ավա՜ղ, շինել իր ձեռքերով... Մըտա, հոն:

Մեջտեղը տան, ըստվերին տակ այն խոնավ

Նըշմարեցի մարդու դիակ մը պառկած,,

Կըռնակի վրա, դեմքը ճերմակ կը հառեր

Լուսամուտին` ուրկե` երդին վրա բուսած

Ճյուղ մ'ոլոռի կարկառուն

Մինչև ճակտին կը հասներ.

Երիտասարդ կուրծքին վրա

Կար վերք մը խոր, և թերաքամ ափին մեջ

Դաշույն մը նույն իր արյունեն ժանգոտած.

Աչքերը, բաց, միապաղաղ, կարծես դեռ

Կը նայեին փախած հոգվույն ետևեն.

Եվ թուխ մազերն իր խառնակ,

Արյութաթախ, շըրջասփյուռ,

Կը մնային պի՛նդ մածանված այն սև գետնին:

Ես հոն կանգուն կը խորհիմ`

Թե սյունն էր ինք այս հարկին, բո՛ցն օճախին,

Որ հաղթվեցավ, որ բիրտ ուժին տակ տեսավ

Ծալլըվումն իր գուճերուն.

Եվ մընաց ա՛յսպես ահավոր և մինակ`

Ըսպասելով ընդունա՜յն

Իրեններուն արցունքին,

Որոնք իր սև բախտին եղան բախտակից.

Մորթըվեցան այրերն, հարսերը բոլոր

Հանվեցան լեռն` հոն լալու

Ճերմակությունն իրենց մարմնույն լըլկըված.

Իսկ ծերուկ հոր հետին մոխիրն արդ գուցե

Թոնիրին մեջ դեռ կը սըրսփա ջերմաջերմ.

Իսկ իր մարմինն երկա՜ր ատեն անտերունջ,

Այսպես առանց շիրմի, առանց աղոթքի,

Կը մընա լուռ, և կեսն արդեն խաթարված.

Միայն կատուն տիրասեր,

Տան գորշ կատուն, նիհար, նոթի, անդադար

Կը մըլավե շուրջն անոր,

Եվ լի գութվ մը կը սպառնա, կը վանե

Չորս դին երամ մ'ագռավներու աղմըկոտ`

Որ դիակին ախորժեն`

Լուսամուտեն կը մըտնե ներս, ու հավետ

Ամայի տան ըստվերին մեջ կը դառնան:

Կը խոնարհիմ ես վայրկյան մ'հոն երկյուղած,

Հին վըրեժ մ'այդ հին մեռելին վրա կ'երդնում.

Հետո առած զայն ուսիս,

Աղիողորմ մլավյուններովը կատվին,

Կը ճեպեմ դուրս:

Դուրսը դեռ

Գյուղացիները գըլխաբաց կ'աղոթեն:

Link to post
Share on other sites

7. ՕՁԸ

Իսկ ապրող Հայերն ալ` այսպես ապրեցան

Լերան կողին, նըման վերքի մը լայնշի

Հեղեղատն այն կը տեսնա՞ք.

Ջուրեն բացված, այսօր ջուրի ծարավուտ

Ան ճամբա մ'է կարմրորակ:

Տըղա կյանքիս, օգոստոսի մ'արևով,

Կ'ելլեի ես անկե վեր,

Դեպի լեռն այն, դեպ իր դաշտերն ընդարձակ`

Ուրկե ինծի դյուրին էր

Քաղել աստղեր ու անոնցմով պըսակվիլ,

Շընչել ամե՛ն երկրի հով,

Եվ հետևիլ արծիվներուն ընթացքին

Մատղաշ հոգիս պարզելով:

Ու կ'ելլեի ես այդ կարմիր ճամբայեն...

Հոն ո՛չ սյուք կար և ո՛չ խոտ.

Թիթեռնիկներն այտեղ ինկած դիպվածով`

Կը փախչեին հևհևկոտ:

Արևն էր լոկ, իմ ուղեկիցս արև՜ն էր`

Որ մըխած գլուխն հըրաբոց

Ավազին մեջ` կը խըմեր հողն, ու հազար

Պատիճներովն ոսկեզօծ``

Կը ճաթեցներ ապառաժները` սնելով

Անոնց ծածկած տամկությամբ:

Ու կ'ելլեի ես այդ կարմիր ճամբայեն

Շուքս ետ թողած, միակ ամպ:

Կեցա՛ հանկարծ, ու արևն հետըս կեցավ

Խարըսխըված գըլխուս վրա.

Վերեն` խրամատ ժայռե մը դուրս սըլացիկ`

Վա՛ր կու գար օձ մը հըսկա:

Ալիք ալիք օղակներով իր ճապուկ

Դահանակի և լալի,

Ու շըչելով` իբրև եղեգ մ'հողմակոծ`

Ան կ'իջներ, ես կ'ելլայի:

Տեսանք զիրար, կեցանք, զիրար չափեցինք...

Իր բոլոր զենքը անի

Բերանին մեջ հավաքեց, ես` աչքերուս,

Ես, դեռ անզեն պատանի:

Ոստում մ'ըրավ նավածքներուս ուղղությամբ`

Զերդ շանթը դեպ լըսնոսկին`

Որուն վախճանն հորն է մաքո՜ւր և նվաճո՜ղ...

Ոստում մ'ըրավ մոլեգին,

Եվ փաթթելով ինքզինք մատղաշ իրանիս

Իբրև բաղեղ` վարդենվույն,

Կուրծքը կուրծքիս դըրավ, ուղղեց շըրթներուս

Կոր գըլուխն իր լիաթույն:

Ես պարուրված ոլորտներուն մեջ իր ցուրտ

Մահվան դողով դողացի.

Մինչդեռ աչքերս իր աչքերուն խըմցուցին

Թովչանքն հոգվույս մըտացի.

Դըրին անոնց բոցերուն մեջ դեղնորակ

Իմաստությունը մարդուն,

Ըղեղին լույսն` որ քընացուց կամ սանձեց

Բընազդը նենգ կենդանվույն:

Խայթն ամփոփեց. ու ես կյանքի, մահվան մեջ,

Կյանքի, մահվան արցունքով

Արտասվեցի: Ան բերանն իր բացած լայն

Կըզակիս տակ, անվըրդով,

Խըմեց շիթ շիթ կաթող արցունքն արտերես,

Քամեց բիբերըս բերրի,

Եվ մարեց մեջն օգոստոսի արևն հուր

Օձն այդ ծարավ արտոսրի:

Հետո շըչաց ու նոր օղակ մ'ընելով

Շուրջը վըզիս` զայն սեղմեց.

Մինչ պոչն իր նո՛ր քաղցով ետևը ճոճուն`

Կը ջախջախեր քար մը մեծ:

Քընթըռնոցներն ամփոփելով իրար մեջ`

Կոկորդըս պինդ պըրկեցին,

Ու ես վայրկյան մ'ըզգացի մեջըս փակված

Չորս ճամբաները կյանքին:

Ու ունչերես ու աչքերես բըխեցավ

Արյունըս դուրս սորսորուն,

Եվ ըզգացին, կարծես, շըրթունքըս դողդոջ

Սըրտիս ամբողջ ջերմությունն:

Իսկ ան հեցած կըզակն ուղիղ կըզակիս

Խըմեց արյունս անդեղյա:

Մեն մի կըլլված շիթ, որ կ'իջներ` կը զգայի

իր մարմնույն մեջ, մարմնույս վրա:

Ինչպես շողերը արևուն կը սուզին

Հին ջըրհորներուն մեջ ցամքած`

Ա՛յսպես կարծես երակներս իմ քամվեցան

Որկորեն վար թըխպամած:

Կըշտացած էր. վիզես, մեջքես, ծունկերես

Լուծեց օղերն համրաբար,

Միշտ հիշատակն իր օձ – ձևին թողելով

Շուրջն իրանիս դալկահար:

Կըշտացած էր իմ արցունքով, արյունով...

Ա՛լ, զերդ ոճիր կենդանի,

Արփվույն ներհակ, միշտ այդ կարմիր ճամբայեն`

Ան կ'ջներ, ես կ'ելլա՜յի....

8. ԹԻԱՊԱՐՏՆԵՐԸ

Պատերազմ է հըռչակված: Թընդանոթի մը պողպատ

Ծանըր սայլին լըծեր են թիապարտներ մերկիրան.

Անհեթեթ բեռը պետք է մինչև գագաթը տանին

Սա դիմացի խրոխտ լերան` որ իր գլուխն է մըխըրճեր

Կապույտին մեջ արևոտ` իբրև հալած կապարի:

Անկե ո՛չ ես, ո՛չ գոմեշ ելավ, և ո՛չ ալ ջորին.

Սեպերեն վար սահեցան պճեղներն անոնց կըրկաճիղ.

Ծալլըվեցան ուժասպառ և դողահար ծունկերնին,

Կամ թե երբուծը անոնց հանկարծակի պայթեցավ

Բուռըն հևքեն զըսպըված թոքրենուն մե տապահեղձ:

Եվ արդ մընաց կըրելու հերոսներո՛ւն մըկնագեղ

Բեռը ձուլված արյունով, բեռը մահվամբ ծանրակիր:

Ետևեն բիրտ զինվորներ կը մըտրակեն անխընա

Թիապարտները բոպիկ, մերկ կըռնակով, գըլխեբաց,

Որոնց մարմինն` որ ուներ անբըծություն մարմարի,

Այսօր թուխ է իբրև պղինձ քուրա մը միշտ հըրամերձ:

Կը տոչորե անդադար սևցած հըզոր ծոծրակնին

Ամրան արևն ու հանկարծ կը կեցընե, կը խըմե

Քըրտինքի շիթ մը մարգրիտ` ողնաշարնեն վար սահող…

Վե՜ր, վե՜ր. Փոկերը ճարպոտ դժնե հարված մըտրակին

Կը շառաչեն կըռնակնունյ, մեջքերնուն շուրջ կ’ոլորտին,

Եվ ուսերնեն վար մինչև պորտերն անոնց սողալով`

Կը գալարվին լըզվըռտվող օձերու պես քըստմնելի.

Եվ թողված հետքը կապույտ, կաղապարով խոտորնակ,

Կամաց կամաց կը սկըսի սրյան ծիլեր դուրս բըխել:

Հոլա՛, վե՜ր, վե՜ր: Ու պարանը անճոռնի, հաստաբեստ,

Մարմինն իրենց կը պըրկե, միսերնուն մեջ կը թաղվի.

Նյարդերու բեկտումին, ոսկորներու փըշըրման

Աղաղակն է` որ կարծես իրենց ճիգեն կը լըսվի:

Դեմքերուն վրա՛ թափված են խառնափընթոր մազերնին`

Որոնց ծայրեն կը թորի առատ քըրտինք մ’հողին վրա:

Շունչերնին դուրս կը պոռթկա ընդհատ ընդհատ ռունգերնեն`

Եվ միացած կուռ սայլին երկրասասան դըղըրդյունին

Վայրենի նըվագը կ’ըլլա աշխատանքին այդ դաժան:

Ահավասիկ կը կաթի խարազանված ուսերնեն

Արյունն արդար, սուրբ գինին մարտիրոսված այդ Ուժին,

Որով խըխում` կ’արբենա ամուլ լերան ճերմակ հողն

Ուրտեղ նույնիսկ չի գըտներգաղտնամես օձը սընունդ:

Ո՛չ ալ կյանքն իր բաշխելու համար արևն հունտ մը էգ:

Այդ կատաղի վերելքեն` անոնց ոտքի տակ լայնշի

Հանկարծակի կը փըրթին լայնաձեռեկ ճեղքվածքով

Ժայռեն մեծղի կըտորներ. և ձորին մեջ թավալող

Պայծառահունչ կրանիդի յուրաքանչյուր կոշտ հարված

Ներբաններուն վիրավոր վարդագույն դրո՛շմը ունի:

Հոլա՛, վե՜ր, վե՜ր: Այդ մահվամբ հըղի հրանոթն ուռնակուռ

Միջօրեի անողորմ ամառնաբորբ տոթին տակ

Ճաթելու չափ տաքցած է, շիկնալու չափ` հրազօծ.

Երբ կ’ընկըղմի մերթ արևն երախին մեջ լայնաբաց`

Ան վիշապի մ’աչքին պես կը ժայթքե թուխ փայլակներ:

Մինչ խարազանն անընդհատ եղեռնաբար կը շաչե`

Թիապարտները կարծես, գլուխնին հակած անմըռունչ

Թանձր ու կախ հոնքերուն տակ մըտասույզ, ինքնամփոփ,

Դեռ կը խորհին լեռներու իրենց ազատ կյանքին վրա,

Ո՜հ, այն լայն կյանքն` ուրկե շեշտ կայծակներու պես անցան

Մահ և փայլակ դրոշմելով ամեն հինցած շենքի վրա.

Ամեն պայծառ կյա՜նքն` որ իրենց կամքին թռիչքովը միայն

Գաղափարին աստղալից խորաններուն կը սուրար:

Ո՛չ մեկ մտածում պահպանող, ո՛չ մեկ հեշտանք, ո՛չ մեկ կույս

Կըրցավ վայրկյան մ’օդին մեջ բըռունցքն իրենց կեցընել,

Որ շեշտակի թագերուն և գահերուն վրա կ’իջներ:

Իրենց ճակտին շողացող երկնային մե՛ն մի ճաճանչ

Սանձակոտոր եռանդի մը փոխվեցավ մրըրկահույզ.

Իրենց մեջ ոսկր ու արյուն դարձավ ամեն գաղափար.

Եվ այսպեսով մկանունքներուն ամեն մեկ բուռն հաղթանակ

Մեկ հայակապ հաղթանակն էր մարդկային մեծ Մըտքին:

Երբոր անոնք կ’անցնեին հորիզոնեն արփամուտ,

Աշխարհ վախով և հույսով տեսավ կարմիր շուքն անոնց.

Եվ արյունի մեջ մեռնող շողերուն տակ լըռավետ

Իրենց զենքերը բահեր կը թըվեին` որոնցմով

Խուզարկելու կ’երթային արշալույսներ նորանոր…

Սակայն հի՞մա. Ա՜հ, հիմա բըռնադատված են քաշել

Կույր հըրանոթն` որ պիտի վաղն արձակվի կույրերե:

Պարանն` որ ձիգ կըռնակնեն կաշկանդումով մը կ’անցնի

Կը պըղծի սուրբ ուսերնին` որոնք էին արժանի

Լոկ փառքը կրել մազերնուն արփվույն շողով սանտըրված:

Հոլա՛, վե՜ր, վե՜ր. Բայց ահա խրոխտ խոյանքով մը վերջին

Թընդանո՜թն այն տըղըդեր լերան կատարն հանեցին

Այն թընդանոթն` որուն շունչը պիտ’ երթա լափլիզել

Կատաղաշարժ բանակներ, կամ քաղաքներ մարմարե.

Խաղաղ գյուղեր` որ ցանված բըլուրներուն լանջքին վրա`

Արեգակին տակ կ’օծվին, կամ լուսնին տակ կ’աղոթեն:

Թիապարտներն ավասիկ հառաչակուլ հևալով

Լերան վըրա լուսողող կոթողվեցան գըլուխնին վեր.

Իրենց աչքերն, որոնց մեջ արյուննին է խըռնըվեր.

Արևուն տակ, պըղինձին մութ ու կարմին փայլին պես,

Ըսկըսան շող մ’արձակել: Անոնք տեսան իրենց շուրջ

Հորիզոններն` որոնց վըրա բերդեր էին կառուցված,

Պատերազմի ճամբաներ` բանակներու իբր ուռկան,

Եվ հասկըցան` որ աշխարհն իրենց թողած օրեն վեր

Մընացեր է միշտ զառամ, միշտ մեղքին տակ կորակոր.

Այն ատեն դող մը անցավ ոսկորներուն մեջ հոգնած.

Սըրտերնուն մեջ հին մոլուցքն ու մըռընչյուններն արթընցան,

Եվ զինվորները մինչդեռ կը սկըսեին վերստին

Դառնակոշկոճ, արյունոտ կրունկներն անոնց շըղթայել,

Անոնք իրենց չհասկըցված, հոգնությամբ լի հոգիով

Երեք անգամ օրհնեցին լերան գագաթը հանած

Ինքնափճացման կույր գործիք, թընդանո՛թն այն եղեռնի:

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

9. ՎԱՂՎԱՆ ԲՈՂԲՈՋՆԵՐ

Երբ արտին մեջ երգելով,

Խաղա՛ղ հոգի, կ’աշխատեր,

Ըսպաննեցին: Տարին եզները ջուխտակ:

Վըկա չըկար: Պիտի վրեժն ո՞վ կըշռե. Դո՛ւ,

Ո՛վ շանթ, անոնց ետևեն շուտ դու հասիր,

Որ լերան վրա ամպամած

Խոժոռադեմ կը հըսկես.

Անշուշտ տեսար ամպի մը մութ բացվածքեն`

Թե ինչպես վարը բըռնի,

Յաթաղանին տակ սըրբազան բահն ինկավ,

Եվ պոռթկաց խոնջ ճակատեն

Արյունը տաք, վարդերուն պես հունիսի:

Գայլի՜ եղեռն: Մըթընշաղին մեջ հիմակ

Ակոսներուն վըրա լուռ

Բըզիկ բըզիկ կը պառկի:

Գյուղացիի խորշոմներուն մեջ աղվոր`

Ուր արեգակն առողջ արյունն եռեփեց

Քըրտինքը ա՛լ սառած է.

Աշխատանքի քըրտինքը սուրբ ու բեղուն

Որ մինչ այսօր, ինչպես արյունը, եղավ

Մըկըրտությունն Արարատյան մշակներուն:

Հերկե խոնջած բազուկներն ա՛լ անգործ են.

Կուրծքը մըռայլ, թավամազ,

Դեպի աստղերը, արձակ,

Շեջ հրաբուխ մ'է որ կ'ուզե բոց երկընքեն

Դեպ Անհունին սև սառնության ժայթքելու.

Կողը տված է հողին

Զոր մըշակեց ամրան դեղին հասկերուն

Երազանքեն ժըպտելով:

Շարժմամբ աճած, աղվոր, զորեղ իր մարմնեն

Արյունը խուլ դըղըչյունով կը հոսի.

– Կարմի՜ր հեղեղ, սըրտի խորեն վար իջած –

Տափանն ու թին ներկելով

Կ'երթա գուղձերն ողողել.

Ակոսներուն մեջ զետեղել լիազոր

Կարողություն մ'արեգակի, անձրևի.

Թափանցել մութ ծոցն երկրին,

Իբրև ըլլար մարգարեի մըտածում,

Եվ հոն ճըռզած հունտերուն մեջ ներշընչել

Ուռչում մ'ատոք և առույգ,

Դարձընելով կյանք մ'իր առջի օրոցքին,

Նոր ծաղկումի մը համար,

Եվ հոն հըծծել նախնիքներու փոշիին

Թե – մինչ ե՞րբ իր արյամբ

Հայ գյուղացին պիտի արտն իր ոռոգե:

Կը լըռե շուրջն ամեն իր:

Լուսնին լացող աչքերուն

Ամպերը թուխ թաշկինակներ կը դառնան.

Խավարն հոծ է, սև պատանք:

Հեռուն կնոջ մ'հոգին տարտամ կասակծով

Գիշերվան մեջ կը սպասե.

Ջուխտ որդիներն ինկած ծունկին գըգվանուշ

Հույսի մը մեջ վաղամահ, զերդ ծիածան,

Հեծկըլտանքնին կը խեղդեն:

... Ահե՜ղ հանգիստ. դիակին քով արյունոտ

Կյանք մը ծաղկի, աստղի առկայծ ճաճանչներ,

Զույգ մը բիբեր, զույգ մ'հոգեվարք կայծոռիկ,

Արտին մեջ շունչ մ'հովերու

Մեռնող սուրբի մ'հուսկ սաղմոսին պես տըխուր,

Խորշոմներուն և իր գեղջուկ լոիկին

Ծալքերուն մեջ արևու

Ջերմություն մ'հուր, երգ մը հովեն սորվեցված,

Քըրտինքի շիթ մը սարսռուն,

Հողի բույրեր, կըծու բույրեր ծոթրինի,

Այլևս անդարձ, անվըրեժ, լուռ կը մեռնի՜ն...

Ո՛չ, հանուն հայ մռունչներուն,

Թափված արյունն անմեղին չի՛ մեռնիր. Ո՛չ...

Վաղն հողը դուրս պիտ’ պոռթկա

Արևուն տակ հասկեր առլի, կյանք մը նոր,

Նոր և հըսկա, հըսկայացած դիակով,

Բողբոջ մ’առույգ, գեղեցիկ,

Վաղն այս բարի արյունեն վեր պիտ’ ելլեն

Խառնըվելով ցորենին

Նոր Սերունդի կարմիր կարմիր կակաչներ,

Որոնց արմատը կը դըպչի, պայթման մոտ,

Վարն հրաբուխի մ’ապագա…

10. ԿԱՐՄԻՐ ՀՈՂԸ

Edited by Katranide
Link to post
Share on other sites
  • 8 months later...
Այստեղ պիտի գրեի հոդվածի հեղինակի անունը` Արշակ Չոպանյան:

Եթե ժամանակ ու հնարավորություն ունենաք, խնդրում եմ տեղադրել նաև Պարույր Սևակի «Դանիել Վարուժան» դիպլոմային աշխատանք- ուսումնասիրությունը: Կանխավ շնորհակալ եմ:

Link to post
Share on other sites

Եթե ժամանակ ու հնարավորություն ունենաք, խնդրում եմ տեղադրել նաև Պարույր Սևակի «Դանիել Վարուժան» դիպլոմային աշխատանք- ուսումնասիրությունը: Կանխավ շնորհակալ եմ:

[/quote

Սիրով կանեմ

Link to post
Share on other sites
7. ՕՁԸ

Պատերազմ է հըռչակված: Թընդանոթի մը պողպատ

Ծանըր սայլին լըծեր են թիապարտներ մերկիրան.

Անհեթեթ բեռը պետք է մինչև գագաթը տանին

Սա դիմացի խրոխտ լերան` որ իր գլուխն է մըխըրճեր

Կապույտին մեջ արևոտ` իբրև հալած կապարի:

Անկե ո՛չ ես, ո՛չ գոմեշ ելավ, և ո՛չ ալ ջորին.

Սեպերեն վար սահեցան պճեղներն անոնց կըրկաճիղ.

Ծալլըվեցան ուժասպառ և դողահար ծունկերնին,

Կամ թե երբուծը անոնց հանկարծակի պայթեցավ

Բուռըն հևքեն զըսպըված թոքրենուն մե տապահեղձ:

Եվ արդ մընաց կըրելու հերոսներո՛ւն մըկնագեղ

Բեռը ձուլված արյունով, բեռը մահվամբ ծանրակիր:

Ետևեն բիրտ զինվորներ կը մըտրակեն անխընա

Թիապարտները բոպիկ, մերկ կըռնակով, գըլխեբաց,

Որոնց մարմինն` որ ուներ անբըծություն մարմարի,

Այսօր թուխ է իբրև պղինձ քուրա մը միշտ հըրամերձ:

Կը տոչորե անդադար սևցած հըզոր ծոծրակնին

Ամրան արևն ու հանկարծ կը կեցընե, կը խըմե

Քըրտինքի շիթ մը մարգրիտ` ողնաշարնեն վար սահող…

Վե՜ր, վե՜ր. Փոկերը ճարպոտ դժնե հարված մըտրակին

Կը շառաչեն կըռնակնունյ, մեջքերնուն շուրջ կ'ոլորտին,

Եվ ուսերնեն վար մինչև պորտերն անոնց սողալով`

Կը գալարվին լըզվըռտվող օձերու պես քըստմնելի.

Եվ թողված հետքը կապույտ, կաղապարով խոտորնակ,

Կամաց կամաց կը սկըսի սրյան ծիլեր դուրս բըխել:

Հոլա՛, վե՜ր, վե՜ր: Ու պարանը անճոռնի, հաստաբեստ,

Մարմինն իրենց կը պըրկե, միսերնուն մեջ կը թաղվի.

Նյարդերու բեկտումին, ոսկորներու փըշըրման

Աղաղակն է` որ կարծես իրենց ճիգեն կը լըսվի:

Դեմքերուն վրա՛ թափված են խառնափընթոր մազերնին`

Որոնց ծայրեն կը թորի առատ քըրտինք մ'հողին վրա:

Շունչերնին դուրս կը պոռթկա ընդհատ ընդհատ ռունգերնեն`

Եվ միացած կուռ սայլին երկրասասան դըղըրդյունին

Վայրենի նըվագը կ'ըլլա աշխատանքին այդ դաժան:

Ահավասիկ կը կաթի խարազանված ուսերնեն

Արյունն արդար, սուրբ գինին մարտիրոսված այդ Ուժին,

Որով խըխում` կ'արբենա ամուլ լերան ճերմակ հողն

Ուրտեղ նույնիսկ չի գըտներգաղտնամես օձը սընունդ:

Ո՛չ ալ կյանքն իր բաշխելու համար արևն հունտ մը էգ:

Այդ կատաղի վերելքեն` անոնց ոտքի տակ լայնշի

Հանկարծակի կը փըրթին լայնաձեռեկ ճեղքվածքով

Ժայռեն մեծղի կըտորներ. և ձորին մեջ թավալող

Պայծառահունչ կրանիդի յուրաքանչյուր կոշտ հարված

Ներբաններուն վիրավոր վարդագույն դրո՛շմը ունի:

Հոլա՛, վե՜ր, վե՜ր: Այդ մահվամբ հըղի հրանոթն ուռնակուռ

Միջօրեի անողորմ ամառնաբորբ տոթին տակ

Ճաթելու չափ տաքցած է, շիկնալու չափ` հրազօծ.

Երբ կ'ընկըղմի մերթ արևն երախին մեջ լայնաբաց`

Ան վիշապի մ'աչքին պես կը ժայթքե թուխ փայլակներ:

Մինչ խարազանն անընդհատ եղեռնաբար կը շաչե`

Թիապարտները կարծես, գլուխնին հակած անմըռունչ

Թանձր ու կախ հոնքերուն տակ մըտասույզ, ինքնամփոփ,

Դեռ կը խորհին լեռներու իրենց ազատ կյանքին վրա,

Ո՜հ, այն լայն կյանքն` ուրկե շեշտ կայծակներու պես անցան

Մահ և փայլակ դրոշմելով ամեն հինցած շենքի վրա.

Ամեն պայծառ կյա՜նքն` որ իրենց կամքին թռիչքովը միայն

Գաղափարին աստղալից խորաններուն կը սուրար:

Ո՛չ մեկ մտածում պահպանող, ո՛չ մեկ հեշտանք, ո՛չ մեկ կույս

Կըրցավ վայրկյան մ'օդին մեջ բըռունցքն իրենց կեցընել,

Որ շեշտակի թագերուն և գահերուն վրա կ'իջներ:

Իրենց ճակտին շողացող երկնային մե՛ն մի ճաճանչ

Սանձակոտոր եռանդի մը փոխվեցավ մրըրկահույզ.

Իրենց մեջ ոսկր ու արյուն դարձավ ամեն գաղափար.

Եվ այսպեսով մկանունքներուն ամեն մեկ բուռն հաղթանակ

Մեկ հայակապ հաղթանակն էր մարդկային մեծ Մըտքին:

Երբոր անոնք կ'անցնեին հորիզոնեն արփամուտ,

Աշխարհ վախով և հույսով տեսավ կարմիր շուքն անոնց.

Եվ արյունի մեջ մեռնող շողերուն տակ լըռավետ

Իրենց զենքերը բահեր կը թըվեին` որոնցմով

Խուզարկելու կ'երթային արշալույսներ նորանոր…

Սակայն հի՞մա. Ա՜հ, հիմա բըռնադատված են քաշել

Կույր հըրանոթն` որ պիտի վաղն արձակվի կույրերե:

Պարանն` որ ձիգ կըռնակնեն կաշկանդումով մը կ'անցնի

Կը պըղծի սուրբ ուսերնին` որոնք էին արժանի

Լոկ փառքը կրել մազերնուն արփվույն շողով սանտըրված:

Հոլա՛, վե՜ր, վե՜ր. Բայց ահա խրոխտ խոյանքով մը վերջին

Թընդանո՜թն այն տըղըդեր լերան կատարն հանեցին

Այն թընդանոթն` որուն շունչը պիտ' երթա լափլիզել

Կատաղաշարժ բանակներ, կամ քաղաքներ մարմարե.

Խաղաղ գյուղեր` որ ցանված բըլուրներուն լանջքին վրա`

Արեգակին տակ կ'օծվին, կամ լուսնին տակ կ'աղոթեն:

Թիապարտներն ավասիկ հառաչակուլ հևալով

Լերան վըրա լուսողող կոթողվեցան գըլուխնին վեր.

Իրենց աչքերն, որոնց մեջ արյուննին է խըռնըվեր.

Արևուն տակ, պըղինձին մութ ու կարմին փայլին պես,

Ըսկըսան շող մ'արձակել: Անոնք տեսան իրենց շուրջ

Հորիզոններն` որոնց վըրա բերդեր էին կառուցված,

Պատերազմի ճամբաներ` բանակներու իբր ուռկան,

Եվ հասկըցան` որ աշխարհն իրենց թողած օրեն վեր

Մընացեր է միշտ զառամ, միշտ մեղքին տակ կորակոր.

Այն ատեն դող մը անցավ ոսկորներուն մեջ հոգնած.

Սըրտերնուն մեջ հին մոլուցքն ու մըռընչյուններն արթընցան,

Եվ զինվորները մինչդեռ կը սկըսեին վերստին

Դառնակոշկոճ, արյունոտ կրունկներն անոնց շըղթայել,

Անոնք իրենց չհասկըցված, հոգնությամբ լի հոգիով

Երեք անգամ օրհնեցին լերան գագաթը հանած

Ինքնափճացման կույր գործիք, թընդանո՛թն այն եղեռնի:

Սա ԹԻԱՊԱՐՏՆԵՐԸ բանաստեղծությունն է, ինչու ՕՁԸ...

Link to post
Share on other sites

11. ՀՈՐՍ ԲԱՆՏԻՆ ՄԵՋ

Դեռ փոքր էի. եկա քեզի մինավոր,

Մութ զընդանիդ մեջ այցի:

Մայրս հիվանդ էր. կը շըրջեի ե՛ս ազատ

Մեջտեղ բանտի և մահճի:

Լուր տըվին քեզ. եկար առջևը դըրան

Վանդակապատ` որ – ոճի՜ր –

Կը բաժներ մեր ողջագուրումը կըղկաթ:

Եկար անխոս, վըշտակիր:

Ո՜րքան նիհար էիր և որքա՜ն աչքերդ

Ծարավ էին արևու.

Մորուքիդ տակ, կարծես ոսկրի վրա բուսած,

Ո՛վ հայր, մեռել մ’էիր դու:

Նըշմարելուդ պես զիս ժըպտիլ ըսկըսար.

Բայց այդ ժըպիտը բարի,

Այդ սուտ ժըպիտն էր նունուֆար մը ծաղկած

Լըճի մը վրա արտոսրի:

Կարկառեցիր սև վանդակին ետևե

Շըրթունքներդ իմ շըրթներուն.

Բայց իրարու անոնք, ավա՜ղ, չհասած`

Մեր համբույրին դողդոջուն`

Նույն ժամանակ եղան օրրան և դագաղ:

Ոհ, պիտի ո՜րչափ քեզի

Բաղձայի տալ ընդգրկումի մը մեջ տաք`

Ազատ աշխարհը դուրսի,

Եվ իմ փոքրիկ բիբերս քու բիբերուդ

Տեղալ երկինքն անսահման,

Սըրտես սըրտիդ պարպել բոլոր օրերս այն

Որ արևու տակ անցան:

Մութ բանտիդ մեջ գարնան վարդերը ամբողջ

Պիտի լեցնել ուզեի,

Կամ ճիղմ հասակս ու ապագան հասակիս

Պիտ’ հոն թաղել ուզեի:

Ո՜վ տըխուր ժամ: Քեզ մի առ մի պատմեցի

Սև վիպակները մեր տան,

Հանիիս մահն ու հիվանդ մորս հազը խուլ

Լըռության մեջ գիշերվան.

Ըսի թե մեր տանիքին վրա, լուսնին տակ,

Բուերը պար կը բըռնեն,

Թե այս տարի մեր վարդնին չորացավ

Գերեզմանատան խորշակեն:

Կը լըսեիր զիս և հարցում կ’ընեիր,

Երբ հըրաման մը վայրի,

Կույր հըրաման մ’եկավ ըզմեզ բաժնելու…

Դարձա՜ր… առանց համբույրի…

Ու ես երկա՜ր ետևեդ պիշ նայելով,

Հա՛յր իմ, մինակ, հոն լա՜ցի.

(Մինչ կուրծքիս տակ բաշ կը թոթվեր ոխ մը նոր)

Սիրտս աչքերես քամեցի:

…Ո՜վ կյանք սիրո, լանջ քըրտինքի, սիրտ փուշի,

Ցեխին նետվա՜ծ սըրբություն,

Արևուն բորբ հոսանքներուն դմ գոցված,

Ո՛վ երակներ ազազուն:

Տեսա` որ ձեզ հետ, ձեզի հետ սուզեցան

Եղեռնի մեջ արտալած,

Սուրբերն ամե՛ն կրոնքի, ամե՛ն շուշաններ

Եվ Հիսուսներ թըքընված:

Link to post
Share on other sites

12. ԿԱՐՈՏԻ ՆԱՄԱԿ

Կը գըրե մայրս. «Ո՛վ իմ որդյակըս պանդուխտ,

Դեռ մինչև ե՞րբ պիտ’ անծանոթ լուսնի տակ

Օրերդ անցնին, դեռ մինչև ե՞րբ հեգ գըլուխդ

Ես չըսեղմեմ լանջքիս տաք:

Հերի՛ք օտար սանդուղներեն ելլեն վեր

Ոտքրեդ` որ օր մ’ափերուս մեջ տաքցուցի.

Հերի՛ք ալ աիրտս` ուր իմ ծիծերս եմ պարպեր`

Դատարկ սըրտես դուրս հյուծի:

Ջահրակին տակ թևերս աշխատ հոգներ են.

Կ’հուսեմ պատանքս ա՛լ ծամերովս ըսպիտակ.

Ա՜խ, քեզ տեսնեն անգամ մ’աչքերս ու փակեն

Թող հոգիս ա՛լ իրենց տակ:

Դըրանս առջև կը նըստիմ միշտ տըխրալիր

Լուր կ’ուզեմ վրադ ամեն կռունկե` որ կ’անցնի.

Այն ճյուղն ուռի` զոր քու ձռքով տընկեցիր,

Վըրաս կ’ընե հովանի:

Իրիկունները զո՛ւր դարձիդ կը սպասեմ.

Կու գան կ’անցնին գյուղին քաջերը համակ.

Մշակը կ’անցնի, կ’անցնի կովարծը վըսեմ.

Կը մնամ լուսնին հետ մինա՜կ:

Ավերակ տան մեջ անտերունջ եմ թողված,

Մերթ շիրիմիս, մերթ օճախիս ծարավի.

Կրայի մը պես` որուն աղիքն իր կոտրած

Պատյանին հետ կը կըցվի:

Եկո՜ւր, որդյա՛կ, հայրենի տունըդ շենցուր.

Դուռն են կոտրեր, մառաններն ո՛ղջ դատարկեր.

Կը մըտեն ներս լուսամուտեն ջարդուփշուր

Գարնան ամբողջ ծիծառներ:

Այն բազմաթիվ հոտեն, գոմին մեջ, եղո՜ւկ,

Մընացեր է խոյ մը միայն քաջարի`

Որուն մայրն օր մ’ – հիշե՛, որդյա՛կ– դեռ գառնուկ

Կերավ ափիդ մեջ գարի:

Թեփով բրընձի և առվույտով պատվական

Սընունդ կու տամ արդ անոր պերճ դըմակին.

Տոսախ սանտրով կը սանրեմ բուրդն աղվական.

Ան զոհ մըն է թանկագին:

Դարձիդ` պըճնած վարդերով գլուխն իր համակ`

Պիտի մորթեմ կյանքիդ համար ծաղկատի.

Իր արյան մեջ պիտի լըվամ, քա՛ղցր որդյակ,

Ոտքերդ հոգնած պանդուխտի»:

13. ԹՈՂԵՔ ՄԵԾՆԱՄ

Սիրտս երազի ծովուն մեջ նո՛ր նետեցի.

Զայն մի՛ փըշրեք եզերքին վրա զերդ խեցի`

Դեռ ամեն վիհ չըչափած.

Թողեք մեծնամ: Ի՜նչ կենսավետ է բնությունն,

Հոգիս թողեք անոր ծոցին մեջ` տրոփուն`

Աստուծո հետ դեմ դիմաց:

Ո՞ւր կը քաշեք զիս, ապրուստի՛ պահանջներ,

Ո՜վ սև երամ ագռավներու, որ հրավեր

Կու տաք կյանքի դեպ կըրկես,

Որ ձեր դժոխքի երգերով երգը քնարի

Խեղդել կուզեք: Հեռո՜ւ, բուեր գիշերի,

Արշալույսի մեջ եմ ես:

Ո՜րքան մութ է. ո՛հ, կյանքն է այս. խո՜ր անդունդ,

Ուր ամեն շող, գաղափարի ամեն հունտ

Ապառաժի վրա կ’իյնա,

Մետաղի՜ հնոց, որուն ծուխին մեջ` ցիրցան`

Լոկ արծաթի ձայնով զիրար կը ճանչնան,

Ծո՜վ` դիմող իր ափը, շահ:

Բայց քաշողն ո՞վ է զիս շողեն` ալիքին`

Բարձրացումեն` ընկլուզումի. ո՞վ լըռին,

Քաշված բախտիս մութին մեջ,

Միշտ կը կոփե – նայվածքն հառած նայվածքիս –

Գերեզմանին քարը մատաղ Մուսայիս

Վըրան գրելով. Քուն անվերջ:

Ո՜հ, աչքերս այս ծածկե կուպրի սևությամբ,

Ո՛վ շիրմի մութ, կամ կարկուտի մըռայլ ամպ.

Ծածկե, ծածկե նայվածքս, ո՛վ

Թանձըր խավար ծընընդական կույրերուն`

Զի ես տեսա ապագայիս մեջ տըմույն

Հա՜յրըս ճերմակ մազերով…

Ես գերին եմ իմ գոյութան պատճառին.

Կը խոնարհի սիրտս իր արյամբ միասին

Զինքը լեցնող սըրտին տա:

Քնարիս լարին մորըս մազերն կառչեցան,

Եվ սիրո մազն երգի լարեն, ա՜հ, ո՜րքան

Զորավոր է և անքակ:

Ինծի կ՚ըսեն. «Չի՛ ամփոփվիր հայ գըրչին

Մեջ հայ գրողին անձնական կյանքն իսկ մըթին.

Քընարն Հայուն չունի բաստ»:

Ինծի կ՚ըսեն. «Աչքերըդ վա՛ր իջեցուր.

Վերացումդ այդ պիտի հասնի մինչև ո՞ւր…

Եթե հաճույ է երազդ`

Հաճույքն իժի թույն պիտ՚ ըլլա քեզ համար.

Երազդ եթե սերմընցան է, ցանքըդ հար

Պիտ՚ կոխոտվի ծըլած կես:

Վա՛ր նայե, վա՛ր. Ալ բավական է` խոկուն`

Գըլուխ գըլխի Անծանոթին հետ տըժգույն`

Կյանքը մոռնաս, մոռնաս քեզ:

Եղծե՛ բնության պատկերն, եղծե՛ հոգվույդ մեջ.

Թռիչքըդ փետե՛. Գըրքիդ ներքև գըրե՛. Վերջ:

Ըստվերին մեջ կը տեսնե՞ս.

Ծնողքըդ ուղղած է թըշնամի շունչն ահա

Այն ջահին դեմ` զոր վառեցիր բագնին վրա

Գաղափարին լուսերես:

Երթա՜նք, երթա՜նք»: – Ո՛չ, ո՛չ, հեռո՞ւ. Թողեք զիս.

Կը ծաղրեմ կյանքն. ի՜նչ կառչեցաք հոգիիս:

Կ՚ուրանամ հա՜յրս. այո՛. – դե՞ռ:

Թողեք մեծնամ, հըսկայանամ մըտքիս հետ.

Կոկորդըս մի՛ թողուք բնության խընկավետ

Կաթն` որ Աստված է կըթեր,

Երբ կը խըմեմ, դըրած կըզակս հոր՚՚զոնին,

Երկընքի լայն դախուրանեն բոց գինին,

Բերք աստղերու ողկույզին,

Ո՛հ, մի՛ ընեք ձեր խոսքերովը լեզի.

Շըրթունքներս հոն կը սուզին:

Երբոր սըրտիս ըսկիհին մեջ լեցուցած

Ճառագայթներ և ծաղիկներ և Աստված

Օվկիանոսներ, հերոսներ,

Երբ այդ տիտան տարըրներով կը շաղվեմ

Մարդուն համար Օրհնըված հացը վըսեմ,

Մի՛խորտակեք, անգութնե՛ր,

Սեղանիս վրա սըրտե սկիհն այդ լեցված`

Տակավին, ո՛հ, առեք կերե՜ք մ՚ իսկ չըսած:

Թողեք աստղե՜րը ափեմ:

Կարկնիս մեկ ծայրն հաստատեցի կորովով,

Հավերժորեն խաչված Սերին վրա` մյուսով,

Որպեսզի Մա՛րդը չափեմ:

Մի՛ վերցընեք – այդ արարք մ՚է անպիտան –

Անոր դողդոջ մեկ սըլաքեն Գողգոթան

Մյուս սըլաքեն Մարդկությունն:

Այսպես արփվույն տակ, Աստուծո հանդիման,

Ըրած Բնությունն ինձ մայր, Անհունն` օրրան,

Թողե՜ք, թողե՜ք զիս խոկուն:

Link to post
Share on other sites

Խոստացել էի Պարույր Սևակի Դանիել Վարուժանի ստեղծագործությանը նվիրված աշխատությունը տեղադրել, այժմ կփորձեմ կատարել խոստումս, բայց քանի որ աշխատությունը բավականին ծավալուն է, ես այն կտեղադրեմ հատվածաբար...

ՎԱՐՈՒԺԱՆԻ ՊՈԵԶԻԱՆ

Խոսել արվեստագետի, տվյալ դեպքում բանաստեղծի մասին, նշանակում է նկատի ունենալ մի աշխարհ` իր ուրույն կերպարանքով, երևույթների և նրանց շարժման իր օրենքներով, անհրաժեշտորեն սկզբնավորված և բնականորեն դեպի ավարտում ձգտող մի ուժ, որի առաջընթացը, վայրիվերումն կամ խանգարումն օրգանապես պայմանավորված է արվեստագետի, տվյալ դեպքում բանաստեղծի պոետական ամբողջ նատուրայի հետ` մի կողմից և նրա ապրած դարաշրջանի և միջավայրի փոխազդեցության հետ` մյուս կողմից:

Յուրաքանչյուր բանաստեղծ, յուրաքանչյուր իսկական բանաստեղծ ինքնին ներփակ մի ամբողջություն է, ինքն իր մեջ յուրահատուկ մի աշխարհ, որտեղ առերևույթ չպայմանավորված, ավելորդ կամ պատահական թվացող ամեն մի երևույթ, ըստ էության, սերտորեն առնչված է այդ յուրօրինակ աշխարհին և գործում է նրան հատուկ օրենքներով:

Այս տեսակետից բանաստեղծական այդ յուրօրինակ աշխարհը նման է մի զարմանալի ամրոցի, որին մոտենալ կարելի ամեն կողմից, բայց նվաճել` միայն մի կողմից:

Խոսել բանասեղծի մասին նշանակում է ըմբռնել հենց այդ աշխարհը, հասկանալ այդ աշխարհի ներքին այն օրենքները, որոնք պայմանավորում են տվյալ բանաստեղծի ստեղծագործության շարժումն ու զարգացումը անպայման ա՛յս և ո՛չ այլ կերպ, անպայման ա՛յս և ո՛չ այլ ուղղությամբ, նշանակում է գտնել այն միակ ուղին, որով հնարավոր է գրավել նրա բանաստեղծական ամրոցը:

Արդ` ո±րն է այն ընդհանուր օրենքը, որով որոշվում և պայմանավորվում է բանաստեղծի ստեղծագործությունը ընդհանրապես առած, իր` թեկուզ և տարբեր էտապների մեջ, իր այլազան արտահայտությունների, առերևույթ իրար հետ չառնչված երևույթների մեջ. այն հիմնական ուժը, որ յուրահատուկ կերպ, տարբեր առանձնահատկություն և որոշիչ բնություն է տալիս այս արվեստագետին մյուսի նկատմամբ:

Դժվար չէ նկատել,, որ աշխարհի, կյանքի և մարդկանց նկատմամբ ունեցած այդ վերաբերմունքով, որպես հիմնական օրենքով են պայմանավորված, ասենք և՛ Իսահակյանի, և՛ Թումանյանի ստեղծագործությունների իրե՛նց համար միայն տիպական առանձնահատկությունները, նրանց բանաստեղծական աշխարհի զարգացման էությունները և այն որոշիչ հանգամանքները, որոնք Թումանյանին տարբերում են Իսահակյանից և ընդհակառակը:

Բացահայտած լինել այդ հիմնական օրենքը, այլ կերպ` կյանքի և աշխարհի նկատմամբ ունեցած նրանց վերաբերմունքը, նշանակում է բռնած լինել այն հիմնական օրենքը, որոփվ շարժվում և պայմանավորվում են նրանց ստեղծագործական ներքին աշխարհները, նշանակում է գտած լինել այն առանձնահատուկը, որը հատուկ է միմիայն նրանց, և որը կազմում է նրանց պոետական բնավորությունը, նշանակում է բռնած լինել ամրոցի նվաճման միակ ուղին:

Այսպիսով` արվեստը, տվյալ դեպքում բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, քան արվեստագետի, ստեղծագործ անձնավորության վերաբերմունքի արտահայտությունը` աշխարհի, կյանքի և նրանց բազմազան երևույթների նկատմամբ:

Այսպիսով` արվեստի ծնունդ ենթադրվում է միայն այն հանգամանքներում, երբ հանդիպակադրված են մի կողմից արվեստագետը, ստեղծագործող, այսինքն վերաբերմունք արտահայտող անձնավորությունը և մյուս կողմից` նրանից` արվեստագետից դուրս գոյություն ունեցող աշխարհը, կյանքը` իր բազմազան երևույթների մեջ, այն հասարակական միջավայրում, որի մեջ ապրում, որի նկատմամբ վերաբերմունք է արտահայտում ստեղծագործողը:

Այսպիսով` արվեստը ոչ այլ ինչ է, քան արվեստագետի, ինքն իր մեջ ունեցած ներհակությունների արտահայտություն, հոգեկան մի վիճակ, երբ ստեղծագործողը պատրաստի հասարակական հողի վրա, լայն ընդգրկումների հնարավորության մեջ կարող է կամ անկարող է դրսևորել իր վերաբերմունքը տիրապետող միջավայրի, հասարակական մտայնության և այլնի հանդեպ:

Այս հանգամանքներում ամբողջ վճռական դերը մնում է իրեն` ստեղծագործողին, նայած ինչ ընթացք և ինչ ուղղություն է ստանում նրա երկպառակտումը «ինքն իր մեջ», նայած թե ինչպես է լուծվում այդ երկպառակտումը, այդ հոգեկան ներհակությունը, ըստ այդմ էլ այս կամ այն բնույթ է ստանում նրա ստեղծագործությունն` իր ամբողջությամբ առած:

Սակայն կյանքի, հասարակական երևույթների, տիրող միջավայրի դերը ոչ միայն այն է, որ նա հիմք է ծառայում իր նկատմամբ վերաբերմունք առաջ բերելու, ոչ միայն արվեստի նախապայմաններից մեկն է իբրև կրող խնդիր, որի նկատմամբ արվեստագետն իր վերաբերմունքն է արտահայտում, այլև հենց նրանով է պայմանավորված և նրանից է բխում այն վերաբերմունքը, որ ցուցաբերվում է արվեստագետի կողմից նրա իսկ նկատմամբ: Այստեղ է, որ ելման և հանգման կետերը նույնանում են: Այլ կերպ ասած` օբյեկտիվ, արվեստագետից դուրս գոյություն ունեցող աշխարհը, հաս[արակական]-քաղաքական միջավայրում ոչ միայն վերաբերմունք արթնացնողներ են, այլև վերաբեմունք ծնողներ:

Այս տեսակետից ելնելով` հայ գրականությանը մոտենալիս երբեք չի կարելի նույն կանխակալ կարծիքը ցուցաբերել, ինչ-որ եվրոպական գրականության նկատմամբ: Կա առերևույթ փոքր, բայց ըստ էության խիստ վճռական մի հանգամանք, որ ճակատագրական նշանակություն է ունենում հայ գրողի կյանքում:

Որևէ եվրոպական հայտնի բանաստեղծի բանաստեղծական ներքին աշխարհը հասկանալու և այն գնահատելու մեջ բավական է նկատի ունենալ այն վիթխարի տեսադաշտը, որի վրա նրանք բարձրացնում են իրենց համամարդկային խորհերն ու ապրումները, որպեսզի պայծառ կերպով դրսևորվի տվյալ բանաստեղծի և՛ տաղանդի բնույթը, և՛ ընդգրկման լայնությունը: Այստեղ ընդգրկման լայնությունը, համամարդկային խոհերի և ապրումների այս կամ այն չափի առկայությունը ոչ այնքան պայմանավորված են բանաստեղծի մեծությամբ և տաղանդով, որքան այն միջավայրի լայնությամբ, որի մեջ ապրել և ստեղծագործել են նրանք:

Մեկընդմիշտ, երբ նրանց ստեղծագործությունը դրված է ռեալ հասարակական հողի վրա, մեկընդմիշտ, երբ նրանք գործում են հասարակայնորեն կայուն և որոշակի միջավայում, նրանց ստեղծագործության համար բնորոշը և վճռականը դառնում է հենց իրենց, որպես անհատականության վերաբերմունքի հարցը` դեպի այդ իրականությունը և միջավայրը: Նայած թե ինքը` բանաստեղծը, ինչպիսի հայացք և վերաբերմունք ունի կյանքի, տվյալ հասարակական միջավայրի նկատմամբ, ըստ այդմ էլ որոշվում է նրա արվեստի բնույթը, նրա բանաստեղծական աշխարհի ինքնատիպությունը ու դեմքը:

Link to post
Share on other sites

Այս հանգամանքների մեջ վճռական դերն ու նշանակությունը պատկանում է հենց իրեն` արվեստագետին, այն իմաստով, որ տվյալ հաս[արակական]-քաղաքական միջավայրի նկատմամբ ցուցաբերած նրա վերաբերմունքը հաստատուն և որոշակի է դառնում այնքանով, որքանով հաստատուն և որոշակի է այդ միջավայրը, այնքանով խոր կամ լայն ընդգրկումով, որքանով այն միջավայրը իր մեջ պահած ունի հակում դեպի համամարդկայինը և լայն ընդգրկումների հնարավորությունը:

Այլ կերպ և ավելի կոնկրետ արտահայտվելու դեպքում այստեղ ամբողջ խնդիրը կախված է բանաստեղծի` ինքն իր մեջ ունեցած ներհակությունների ելքից, նրանց լուծումից. նայած թե ինչպես է լուծվելու այդ ներհակությունը, ըստ այդմ այս կամ այն բնույթ է ստանալու նրա ստեղծագործությունը:

Սակայն որքան էլ հայ գրողը իր ստեղծագործական կարողություններով ընդունակ լինի արտահայտելու համամարդկային լայն ընդհանրացումներ, որքան էլ նա խորապես զգա արվեստի մնայնության և մեծության գաղտնիքը, և աշխատի հասնել դրան, միևնույն է, նա անկարող է հասնել այն բանին, ինչին կարող են հասնել, կամ ավելի ճիշտ հասել են եվրոպական և ռուս հեղինակները:

Տոլստոյի կամ Բալզակի մեծության գաղտնիքը ոչ միայն նրանց տաղանդի մեծության մեջ է թաքնված, այլև այն միջավայրի և այն պայմանների մեջ, որտեղ ապրել և ստեղծագործել են նրանք:

Մի Րաֆֆի, որքան էլ մեծ լիներ իր տաղանդի ուժով և զարմանալի վառ երևակայությամբ, երբևէ չէր կարող հասնել այն վիթխարի ընդգրկումներին, որին հասել են մի Տոլստոյ կամ մի Բալզակ, և այդ ոչ միայն այն պատճառով, որ այստեղ խաթարող հանգամանք է եղել Րաֆֆու ռոմանտիզմը: Եթե երբևէ Րաֆֆուն մտատանջեր Բալզակի կամ Տոլստոյի մեծ ընդգրկումները դրսևորելու իղձը, ապա, անշուշտ, Րաֆֆին շատ ավելի ռոմանտիկ կդառնար, քան մենք գիտենք նրան:

Մի Ռաստինյակ կամ մի Վոտռեն Հայաստանի պայմաններում շատ ավելի անիրական, կամ որ ավելի ճիշտ է, շատ ավելի բացառիկ հերոս կդառնար, քան մի Կարո, Ֆահրադ կամ Ասլան:

Հայ գրողը չէր կարող պատկերել մի երևույթ, որի գոյությունը չէր զգում ոչ միայն այն պատճառով, որ դժվար է անիրականը իրական դարձնել, այլև այն պատճառով, որ հայ գրողը այդ դեպքում կդադարեր արվեստագետ լինելուց, կդադարեր շահագրգռություններ ունենալուց, մի բան, առանց որի հնարավոր չէ արվեստ և ստեղծագործություն պատկերացնել: Մի ժողովուրդ, որը մաքառում էր ոչ միայն իր հոգեկան, այլև իր ֆիզիկական գոյությունը պաշտպանելու համար, մի ժողովուրդ, որին օրըստօրե սպառնում էր իսպառ բնաջնջվելու վտանգը, բնականաբար, չէր կարող թելադրել այլ մի շահագրգռություն, քան պատկերելու մի Ֆահրադի, մի Կարոյի, մի Ասլանի, քան թելադրելու օրհասական խոսքեր ու գործողություններ այդ հերոսներին:

Այդ պարագաներում Րաֆֆու մեծությունը և արվեստագետի խիղճը այլ տեղ էլ հնարավոր չէ երևակայել, քան հենց իր ժողովրդի օրհասական պահը ապրող և այդ ժողովրդի վիճակով տառապող թեկուզև ռոմանտիկ այնպիսի հերոսների պակերմամբ, ինչպիսիք են Րաֆֆու հերոսները:

Եթե հնարավոր լինել երևակայել Րաֆուն Բալզակի ու Տոլստոյի, կամ Բալզակին ու Տոլստոյին Րաֆֆու պայմանների մեջ, ապա դժվար չէ երևակայել, որ մի Րաֆֆին Բալզակին շրջապատող պայմաններում միգուցե մի նոր Բալզակ դառնար, և Բալզակը Հայաստանում` մի նոր Րաֆֆի:

Որքան էլ Թումանյանն իր վառվռուն ու լուսավոր տաղանդով, իր պայծառ ու խորին իմաստությամբ ընդունակ լիներ վերարտադրելու կյանքը` իր բարդությունների մեջ, մարդկանց` իրենց խոր ապրումներով, միևնույն է, նա այդ խոհերն ու ապրումները այլ կերպ չէր կարող պատկերել, քան մի հովիվ Սաքոյի կամ մի Սարոյի կերպարներով, քան մի լոռեցի ծերունու հառաչանքով: Երևակայեցեք «Ֆաուստը» Թումանյանի գրչի տակ, կամ «Անուշը» Գյոթեի մոտ, և ահա պարզ կդառնա տիրապետող միջավայրի և պայմանների վճռական գործոնը պոեզիայի մեջ և բանաստեղծի կյանքում:

Այստեղ է, որ բանաստեղծի ներհակությունները «ինքն իր մեջ» ոչ միայն իրենց լուծումով ամեն ինչ վճռել չեն կարող, այլև նրանցից բացի բանաստեղծի ճանապարհին երևում են այլ հակասություններ` հակասություններ «իրենից դուրս», մի վիճակ, երբ բանաստեղծը խորին երկընտրանք է ապրում ոչ միայն «ինքն իր մեջ», տվյալ երևույթի կամ տվյալ իրականության նկատմամբ իր վերաբերմունքը արտահայտելու գործում, այլև առավել խորին երկընտրանք` «իրենից դուրս» հենց հաս[արակական]-քաղ[աքական] միջավայրի մեջ, որպես այդ միջավայրի մասնակիցներից մեկը:

Եթե առաջին դեպքում (երկընտրանք «ինքն իր մեջ») վճռական գործոնը պատկանում էր հենց իրեն` արվեստագետին այն իմաստով, որ նրանից էր կախված իրերի նկատմամբ իր վերաբերմունքը արտահայտելը, երբ նրանից էր կախված հասարակական այս կամ այն երևույթը պատկերելու վերաբերմունքը և պատկերման խորությունը, ապա երկրորդ դեպքում (երկընտրանք «իրենից դուրս») բանաստեղծը դրվում է ճակատագրական խաղի մեջ, մի տանջալից կացություն, ուր իր սեփական երկընտրանքից դուրս գալուց առաջ և դուրս գալու համար նա ստիպված է սպասել իրենից դուրս և իր հետ չպայմանավորվող խնդիրների լուծմանը:

Փորձենք այս միտքը շոշափելի դարձնել հենց նույն Րաֆֆու օրինակով:

Ինչպես հայտնի է, նա իր գրական գործունեությունն սկսեց ռեալիզմով` տալով իրական կյանքի այնպիսի ռեալ արտադրություններ, ինչպես «Զարհումարը», «Ոսկի աքաղաղը» և այլն, որոնց մեջ ցայտուն կերպով դրսևորվեց գրողի այն վիճակը, որ մենք կոչեցինք երկընտրանք «ինքն իր մեջ» այն իմաստով, որ հեղինակն իր սեփական երկընտրանքից, իր հոգեկան երկպառակտումից դուրս եկավ իբրև կապիտալիստական կարգերը մերկացնող, որ այդ կարգերի նկատմամբ ընդունեց և արտահայտեց իր վերաբերմունքը` նրան տալով գեղարվեստական երանգավորում:

Հարց է ծագում. ինչո±վ բացատրել հապա Րաֆֆու հետագա անցումը ռեալիզմից ռոմանտիզմ, «Զարհումարից» դեպի «Խենթ», և «Ոսկի աքաղաղից» դեպի «Կայծեր»:

Ինչ ասել կուզե` ոչ այն պատճառով, որ դա պայմանավորված էր ռոմանտիզմի հաղթանակով ռեալիզմի նկատմամբ և այն ժամանակ, երբ իսկապես, ճիշտ հակառակը, եվրոպական և ռուս գրականությունների մեջ վերջնականապես ռեալիզմը փայլուն հաղթանակ էր տանում ռոմանտիզմի նկատմամբ:

Դժվար չէ նկատել, որ Րաֆֆու նմանօրինակ անցումը ռեալիզմից դեպի ռոմանտիզմ, «Ոսկե աքաղաղից» դեպի «Կայծեր» ոչ այլ ինչ էր, քան «իրենից դուրս» ունեցած երկպառակտման հաղթանակը «ինքն իր մեջ» ունեցած երկպառակտման նկատմաբ, որ ուղղությունների այս փոփոխությունը պայմանավորված էր և լուծվում էր ոչ թե Րաֆֆու` իբրև անհատ ստեղծագործողի երկընտրանքով, այլ նրանից դուրս և նրանից անկախ գոյություն ունեցող միայլ երկընտրանքով, «իրենից դուրս» եղած երկպառակտմամբ, այսինքն` հաս[արակական]-քաղաքական այն վիճակով, որ այդ շրջանում դարձավ հայ ժողովրդի գոյության հիմնական օղակը, այն իրադարձություններով, որոնք հայտնի են աշխարհին «հայկական հարց» անունով, մի վիճակ,, որն իր կարևորությամբ և ուժով ետ մղելով անհատական ամեն մի նախասիրություն` դարձավ տվյալ ժամանակաշրջանն արտահայտող գրողի համար վճռական իմպերատիվ:

Այս վիճակը խիստ տիպական է հայ գրողին և հայ գրականությանը առհասարակ, և հայ գրականության մասին խոսել առանց այդ հանգամանքը հաշվի առնելու նշանակում է անվերապահորեն սխալ ուղու վրա լինել և թույլ տալ անուղղելի սխալներ:

Հայ գրականության և հայ գրողի այս ճակատագրական վիճակը ամբողջ խորությամբ զգաց իր ժամանակին Վահան Տերյանը:

Նրա հայտնի դասախոսությունը («Հայ գրականության գալիք օրը») հենց այդ ճակատագրական վիճակի օրհասականությունը դրսևորելու և պարզ կացուցանելու խնդրին էր նվիրված, այն փակուղին ցույց տալու, որի մեջ, հիրավի, ընկած էր հայ գրականությունը մինչխորհրդային շրջանում:

Տերյանի հիմնական թեզը «ազգային կուլտուրա» ստեղծելու հարցն էր, որը նա այլ կերպ չէր պատկերացնում, քան «կուլտուրական ազգի» հողի վրա:

«Ազգային կուլտուրա» և «կուլտուարկան ազգ» դիլեմատիկ հարցը նա դնում էր ոչ այլ ինչ, քան իբրև ելք` դուրս գալու նեղ-ազգային, իր տերմինով ասած «սեմինարիստական», «տիրացուական» մտայնությունից դեպի համաշխարհային թատերաբեմը, ոչ այլ կերպ, քան տեղական, նեղ-ազգային գրականությունը հանել համաշխարհային գրականության ասպարեզ, այսինքն` որ հայ գրողիկերտած հերոսը նույնքան հասկանալի ու հարազատ լինի իր ապրումներով, իր հակումներով և խոհերով, որքան հային, նույնքան և այլ ժողովուրդներին, ճիշտ այնպես, ինչպես եվրոպական ամեն մի նշանավոր գրողի հերոսը հասկանալի է հենց մեզ` հայերիս: Ելնելով համաշխարհային գրականության տեսադաշտից և բարձրացնելով միանգամայն ճշմարիտ և հայ գրականության համար ճակատագրական նշանակություն ունեցող նմանօրինակ մի հարց` Տերյանը, սակայն, հասավ ծայրահեղության:

Նա հասավ այնտեղ, որ ժխտեց ամբողջ արևմտահայ գրականությունը այն պարզ պատճառով, որ այնտեղ ավելի ցցուն կերպով, քան արևելահայ հատվածում, երևան էին գալիս նեղ-ազգային հատկանիշները:

Պատահական չէ, որ Տերյանը առանձնապես սուր և հականե հանվանե արտահայտվեց Վարուժանի նկատմամբ` գտնելով, որ Թումանյանի մի «Փարվանա» չի փոխի «հանկարծակի հեթանոսացած» արևմտահայ բոլոր բանասեղծների հետ` առաջին հերթին նկատի ունենալով Վարուժանին:

Խնդիրն այն է, որ Տերյանը այս դեպքում մոռացության էր տալիս հենց այն վճռական հանգամանքը, որ մեր գրականությունը դնում էր ճակատագրական վիճակի մեջ: Բանաստեղծից պահանջելով մեր տերմինով ասած «ինքն իր մեջ» ունեցած երկընտրանքը լուծել համաշխարհային գրականության տեսադաշտը նկատի ունենալով` Տերյանը պահանջում էր անհնարինը այն իմաստով, որ մոռացության էր տալիս «իրենից դուրս» գոյություն ունեցող ահավոր ներհակությունը:

Այնուհանդերձ, հիրավի, Վարուժանի մոտ, իբրև կիզակետում, առավել թանձրությամբ է դրսևորվում հայ բանաստեղծի տրագեդիան իր երկմիասնական պառակտությունների մեջ:

Link to post
Share on other sites
  • 7 months later...

*

* *

Վարուժանի պոեզիայի համար ընդհանուր առմամբ բնաբան կարելի է ծառայեցնել նրա մի բանաստեղծությունը, իր ձեռքով հրատարակած երկերի ամենավերջին ոտանավորը` «Մատյանն ահա զոր խոստացա»...

Նրա պոեզիայի ամբողջ էությունը ամփոփված է իր իսկ երկտողի մեջ.

Ո՛վ բարեկամ, խորհե թե երգս է պատմած

Ցավն հաճույքին և հաճույքները ցավին:

Հիրավի, նրա ողջ պոեզիայի մեջ այս միտքը արտահայտվել է շոշափելի ցցունությամբ:

Մի կողմից` «Հիսուսի պես կարեվեր», «արշալույսի մը երկունքեն բռնված» իր դարի պատկերը, «Ճրագներու պես մարող» սրտերով, «երկաթներուն ու մարդուն» մաքառումներով, որտեղ «ցեխեն կանգնած ոճիրը խեթ կըկմե արյունն անմեղ վարդերուն». մի կողմից` իրենց գոյությունը քարշ տալու համար իրենց մարմինը ծախող կանայք, որ, իրենց ընկեցիկ մանկանը օտարի դռանը թողնելով, «շտապ կը փախչին... սիրտը հոն թողած»,− այլ կանայք, որոնք «զիրենք սիրողը կըսպառեն, և իրենք տան շնիկեն կըսպառին», մի կողմից` ծանրահակ և ծյուրվող մահամերձ բանվոր, դժգույն և հյուծախտավոր բանվորուհի, երկաթի դեմ մարտնչող հազարավորների բանակ, մի խոսքով այն, ինչ բանաստեղծը անվանում է «ցավ» և մյուս կողմից` հին հեթանոսական դարերի.

...Կյանքին երազն անհատակ,

Եվ բագոսի քըրմուհիներ վարդերես

Որ կըպարեն բըլուրին վրա, Լուսնին տակ.

Եվ Աստվածներ` որ կուզեն սիրտն Հոմերին

Դեռ ողջակեզ կամ Մեսալին մ’Հրաչյա

Ուր պատրանքին տեղ կըսըփռե ծիրանին

Սերեն մեռած ասպետներուն մարմնին վրա...

Մյուս կողմից` ասպետական դարեր.

Ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորությունը արբուն

...Ուր մարդիկ հզոր և անկեղծ էին նման գինիին,

Ուր տիրում էին հոլանի (մերկ) տեգերը փոխանակպատենավորված դաշույնների, ուր չէին գործում մեղքերն այնժամ, երբ ննջում էր արեգակը, այլ բացեիբաց, հանուն Գեղեցկության և Զորության, մի խոսքով այն, ինչ բանաստեղծը «հաճույք» է անվանում:

Վարուժանի ամբողջ պոեզիայի էությունը հենց այդ երկու հակադիր ծայրերի միասնական արտահայտությունն է` հաճույքի զգացումը ցավի զգացման հետ և ընդհակառակը: Այս այլ բան չէ, քան արտահայտություն բանաստեղծական երկփեղկված հոգու, քան արգասիք այն երկընտրանքի, որ ապրում է բանաստեղծը «ինքն իր մեջ»և որը, ինչպես քիչ հետո կտեսնենք, բխում է «իրենից դուրս» եղած ներհակություններից:

Այս գիծը Վարուժանի մեջ սկզբնավորվում է նրա առաջին իսկ ստեղծագործություններից` «Սարսուռներ» գրքից (տես «Գեղունի», 1905, առանձին գրքով` 1906 թ. Վենետիկ): Նրա առաջին իսկ բանաստեղծության մեջ («Մուսային») հոգեկան այս երկփեղկումը ցցուն կերպով է դրսևորված: Բանաստեղծը դիմում է Մուսային` ասելով.

Երգե՜լ կ’ուզեմ. թող սարսըռա բընությունն

Մատերուս տակ, ինչպես մոր ծիծն հոլանի`

Մանկան առջի բընազդական դըպչելուն.

Եվ կյանքը թող շըրթունքիս վրա լուծանի:

................................................................................

.

Կ’ուզեմ ծովուն հետ սիրտ սըրտի ես հարիլ,

Իմ անհունիս մեջ այդ անհունը թաղել,

Բուռն իղձն ունիմ մըրըրկին հետ մաքառիլ,

Եվ գլուխս` Էին գաղտնիքներուն դեմ բախել:

...............................................................................

Պիտի այդ քնարը կապե իմ շըրթներուն

Ժողովուրդին շըրթունքը հուր, սիրագին,

Եվ պիտի այդ համբույրն ըլլա բուռն, անհուն,

Համբույրին պես` տըրված ծովեն եզերքին:

Սա բանաստեղծական սրտի իսկական պոռթկումն է, բանաստեղծական հոգու իսկական, անաղարտ ներշնչանքը, միասնական հոգու պաթոսը` դեռ հեռու հոգեկան երկփեղկումից, հեռու երկընտրանքից:

Բայց ահա Մուսան պատասխանում է.

– «Տենչիդ ըզգո՜ւյշ, այս քընարս է շիված, տե՛ս,

Սև նոճիե, փթթում մահվան ավիշի:

Թըշվա՜ռ հոգի, անոր լարերն են բերված

Փետըռտըված գանգուրներեն որբերուն.

Կ’երթան երգերն, հևհևալով, սըրընթաց,

Ուր որ կ’երթա ոտքը բոպիկ` խեղճությունն:

................................................................................

..

Ժողովուրդի՞ն ըլլալ կ’ուզես մո՜րդ չեղած.

Ծնողքիդ արցունքը քու դարձիդ կը սպասե.

Արևմուտքի մեջ ծաղիկներդ ընձյուղած

Պիտի խորշակն Արևելքի ազազե:

Մըտածումի, ըզգացումի այս ճամբուն`

Խընդի արևը չէ սըփռած իր շեկ բաշ.

Հոն կը շըրջի Աբովյանի մ’հեգ ուրուն,

Հոն Դուրյանն է լացած, տըխրած Պեշիկթաշ:

...............................................................................

Ի՛նչ, այս քնա՞րը կ’ուզես, քնար սև փայտե՜.

Այս` վերքերու գործի մըն է, այս է հուր.

Ապագադ է, այս` դագաղդ է, անո՜ւնդ է»:

Link to post
Share on other sites

Ահա այսպես է եղծվում անաղարտը: Ահա այստեղ է սկսվում բանաստեղծի տրագեդիան. այսպես է առաջանում նրա հոգու երկպառակտումը:

Այսպես` Մարդկության մասին երազող, համամարդկային իղձեր փայփայող, բնությունը սարսռեցնել կամեցող, ընդհանրապես ժողովրդին ծառայել կամեցող բանաստեղծը դեմ է առնում ինքն իրեն, կանգնում է, ինչպես Տերյանը կաեր, «ինքն իր դեմ», քարանում է համատարած խեղճության ու որբության առաջ, իր ծնողների արտասուքի հանդեպ, իր բնաջնջվող ցեղի, իր մորթվող հայրենակիցների օրհասի առաջ:

Հետաքրքրականն այն է, որ բանաստեղծը ինքը հենց շոշափելի կերպով զգում է, որ իր սեփական ներհակությունները բխում են նախ և առաջ «իրենից դուրս» եղած ներհակություններից. նա հասկանում է, որ «Արևմուտքի (իմա՛ Եվրոպայի) մեջ ընձյուղված ծաղիկները «պիտի ազազեն» Արևելքի (իմա՛ Հայաստանի) խորշակից:

Այսպես` համամարդկային և ազգայինը, տիեզերականը և տեղականը, ընդհանուրը և մասնավորը, «Մտածումի, զգացումի ճամբան» ընդհանրապես և «Աբովյանի հեգ ուրուն», «լացած Դուրյանն» ու «տխրած Պեշիկթաշը»− ահա այսպես է սկսվում բանաստեղծի հոգու երկփեղկումը:

Եվ հատկանշականն այն է, որ Մուսայի նման պատասխանից հետո, բանաստեղծը, այնուամենայնիվ, համաձայնվում է նրա հետ.

Ես, անհողդողդ, ըսի անոր.

– Ըլլա՛, տո՜ւր:

Հենց այդ քնարն է, որ Վարուժանը այնուհետև, մինչև իր ողբերգական մահը պահեց իր ձեռքում, իր երկփեղկված հոգու մեջ` նրա ամենավառ արտահայտությունները ցուցաբերելով «Ցեղին սրտի» և «Հեթանոս երգերի» մեջ:

Եվ այդ միանգամայն բնական է:

Եթե Վարուժանը փորձեր խուսափել իրեն շրջապատող կոնկրետ միջավայրից, տվյալ դեպքում հայ ժողովրդի օրհասական ճակատագրից, եթե նա հանուն համամարդկայինի մոռանար մարդկայինը (եթե հնարավոր է այսպես ասել), եթե նրան չհուզեր իր ամբողջ կուլտուրական և ազնվական ժողովրդի իսպառ բնաջնջումը, անգամ եթե նա իր սեփական ժողովուրդը չլիներ, մի օրհասական վիճակ, որին արձագանքեցին ժամանակակից բոլոր, նույնիսկ օտար բանաստեղծները (Է. Վերհարն, Բրյուսով, Վեսելովսկի և այլն), ինչ խոսք, նա կդադարեր բանաստեղծլինելուց, հնարավոր չէր լինի նրա մոտ բանաստեղծի դյուրաբեկ և զգայուն հոգին, բանաստեղծի խիղճը, երբ իր հոգու ամբողջ էությամբ նա բանաստեղծ էր:

Հետաքրքրական է, որ Վերհարնը իր աշխարհըմբռմամբ և մտահոիզոնով,անշուշտ, ավելի բարձր կանգնած լինելով Վարուժանից և շատ կետերում նրա ուսուցիչը լինելով, անգամ առաջին իմպ[երիալիստական] պատերազմի տարիներին, երբ գերան[ական]զավթիչները ավերեցին նրա հայրենի Բելգիան, մոռացած իր հակապատերազմական-դեմոկրատական կողմնորոշման մասին, զայրութի քինոտ մարտակոչեր հնչեցրեց Գերմանիայի դեմ ևայդ այն ժամանակ, երբ Բելգիայի ավերումը կամ բելգիական ժողովրդին սպառնացող վտանգը համեմատել չէր կարելի հայ ժողովրդի կրած քստմնեցուցիչ տառապանքների հետ, երբ մի ամբողջ ժողովուրդ փաստորեն մորթվեց սրով կամ խեղդվեց Եփրատի հորձանուտներում:

Ահա թե որտեղ էր Տերյանը սխալվում ևահա թե Վարուժանը ինչպես կարող էր պատասխանել նրան.

Ի՜նչ, տեսնել որ խըխունջ մ'այսօր կը չափե

Հըսկա շենքերն այն` երկու թել լորձունքով,

Եվ խորանի խորշին մեջ լոկ կ'ապրի

Բուն, սևազգեստ ճըգնավոր,

Տեսնել, որ լուռ կը փըտին

Ավերներու տակ հերոսի բազուկներ,

Գանկեր, սըրտեր` որոնց արյունը եղավ

Թույն` իժերուն, ա՛յնչափ որ լի էր ոխով...

........................................................................

Հողն` հերկըված միայն սողովն օձերուն`

Իր աղտաղտուկ խավերուն մեջ կը պահե

Պաղլեղ, և իր սև տափերուն վրա` ոքոզ.

Կը մընան մեր այգեստանները` առանց

Շերտափակի, և կարասները` առանց

Հայրենական գինիին.

Եվ մեր խոյերն ըսպիտակ`

Չըգըտնելով խոտնոցներուն մեջ առվույտ`

Նոթութենե մոլեգնած`

Մըսուրներուն դեմ կը ջարդեն եղջյուրնին:

Իսկ որդիները թըշվառ

Կամ հեռացած հորենական երկըրեն

Կը խառնակին ազգերու խորդ արյունով...

..........................................................................

... Օ՜հ, ի՜նչ. ի՜նչ

Առջևը այս ամենուն

Մնալ կանգո՜ւն, միամորի՜կ, անկարո՜ղ...

Link to post
Share on other sites

Բայց դրանով ամեն բան չի վերջանում. սա ոչ թե վերջ է, այլ սկիզբ: Սա հոգեկան երկպառակտումից դուրս գալու մի այնպիսի ելք է, որ կրկին փակուղու է հանգեցնում: Սա ինքնահաշտեցման մի վայրկյան է, որին անպատճառ հաջորդելու է ինքնահոշոտումը, մի անցողիկ հաճույք (հոգեկան երկընտրանքից դուրս գալը նկատի ունենալով), որին կրնկակոխ հետևելու է ցավը (կրկին անգամ հոգեկան ավելի ծայրահեղ երկընտրանքի մեջ ընկնելու իմաստով):

Իր ավերված հայրենիքից, իր կործանվող ժողովրդից զատ, կամ որ ավելի հավանական է` նրա ասոցիացիայով բանաստեղծին հուզում է մարդու և մարդկության վիճակն առհասարակ, նրան հալածում են որբերը, սովյալներն առհասարակ: Նա արդեն դիմում է սովյալին, հայ լինի նա, թե թուրք, հրեա, թե հույն, կարծես մեղապարտորեն արդարանալով, որ այլևս ոչ մի գրոշ չունի նրան տալու. վերջին լումայով այսօր թույն է գնել, և ապա`

Վա՛ղը եկուր... (ո՛վ անոթի)... պիտի ես

Շիրմիս մեջեն, իբրև հաց

Քերթողի սիրտս այդ մախաղիդ մեջ ձգեմ...

Նրան հետաքրքրում է ոչ միայն հայ նահատակը` իր զարհուրալի տանջանքներով, այլև թիապարտը, աններելի հանցագործը, որին լծել են թնդանոթին` այն լեռան գագաթը հանելու և այնտեղից մարդկանց բնաջնջելու համար: «Արյունով ձուլված» և «Մահով ծանրակիր» բեռը` թնդանոթը, նրանք են լեռն ի վեր հանում, որոնց բռունցքը մի օր «շեշտակի թագերու ու գահերու վրա կիջներ», որոնք

Երբոր անոնք կ’անցնեին հորիզոնեն արփամուտ,

Աշխարհ վախով և հույսով տեսավ կարմիր շուքն անոնց.

Եվ արյունի մեջ մեռնող շողերուն տակ լըռավետ

Իրենց զենքերը բահեր կը թըվեին` որոնցմով

Խուզարկելու կ’երթային արշալույսներ նորանոր…

Նրան հուզում է թշվառ մայրը, որ հայ լինի, թե այլազգի, նա, որի

Սրտին մեջ բորբ հաղթահարել չէ կրցած

Մայրությունն իր կուսության...

Նրա, որ

Մարդը սիրո՛ կհրավիրե, տղան` կաթի

Իր մատղաշ ծոցը բուրյան:

Նա, որը սակայն ստիպված է տքնորեն աշխատել, տների կեղտաջուրը թափել, աղտեղությունները մաքրել, որպեսզի մի կտոր հաց վաստակելով իր մայրական կաթը բեղուն դարձնի և այդ այն ժամանակ, երբ «անդին, մինակ, իր երեխան արթընցած օրոցքին մեջ, անոթի»

Կու լա, ողի՜կ, ողի՜կ կուլա և հուսկ խոնջ

Նույն իր լացով կը խեղդի:

Սակայն բանաստեղծի հոգեկան այս վիճակը ևս երկար չի տևում: Հոգեկան երկպառակտման ժամանակավոր դադարը, փոթորկին նախորդող օվկիանոսային լռության նման, նրան շատ ավելի տրագիկ վիճակի մեջ է նետում, շատ ավելի է խորացնում նրա հոգու երկփեղկումը:

Նրան ներկայանում է բանտի խավարի մեջ խարխափող իր կորաքամակ հայրը, մահվան մահիճ ընկած իր թշվառ մայրը, և ինքը տառապում է «մեջտեղ մահվան և բանտի»:

Թիապարտների փոխարեն նա այժմ միայն իր հորն է տեսնում, նրան, որի քրտինքից է գոյացել իր արյունը, որի հոգնության ծիլն է ինքը. նա չի կարող ամեն ինչ մոռացած` այցելել նրան մութ զնդանի մեջ, բաղձալով նրան

...տալ ընդգրկումի մը մեջ տաք`

Ազատ աշխարհը դուրսի,

Եվ իմ փոքրիկ բիբերս քու բիբերուդ

Տեղալ երկինքն անսահման,

Սըրտես սըրտիդ պարպել բոլոր օրերս այն

Որ արևու տակ անցան:

Եվ այս հոգեկան անխռով հորձանքի մեջ, համամարդկայինի և հայրենականի, տիեզերականի և տեղականի այս տրագիկ տուրևառության մեջ նայեցե՛ք, թե ինչպես է ներկայացնում նա իր սեփական վիճակը, իր սեփական հոգու երկընտրանքը` անզոր լինելով դուրս գալ այդ անելանելի դրությունից.

Սիրտս երազի ծովուն մեջ նո՛ր նետեցի.

Զայն մի՛ փըշրեք եզերքին վրա զերդ խեցի`

Դեռ ամեն վիհ չըչափած.

Թողեք մեծնամ: Ի՜նչ կենսավետ է բնությունն,

Հոգիս թողեք անոր ծոցին մեջ` տրոփուն`

Աստուծո հետ դեմ դիմաց:

...Ո՜րքան մութ է. ո՛հ, կյանքն է այս. խո՜ր անդունդ,

Ուր ամեն շող, գաղափարի ամեն հունտ

Ապառաժի վրա կ’իյնա,

Մետաղի՜ հնոց, որուն ծուխին մեջ` ցիրցան`

Լոկ արծաթի ձայնով զիրար կը ճանչնան,

Ծո՜վ` դիմող իր ափը, շահ:

...Ես գերին եմ իմ գոյութան պատճառին.

Կը խոնարհի սիրտս իր արյամբ միասին

Զինքը լեցնող սըրտին տա:

Քնարիս լարին մորըս մազերն կառչեցան,

Եվ սիրո մազն երգի լարեն, ա՜հ, ո՜րքան

Զորավոր է և անքակ:

Ինծի կ՚ըսեն. «Չի՛ ամփոփվիր հայ գըրչին

Մեջ հայ գրողին անձնական կյանքն իսկ մըթին.

Քընարն Հայուն չունի բաստ»:

Ինծի կ՚ըսեն. «Աչքերըդ վա՛ր իջեցուր.

Վերացումդ այդ պիտի հասնի մինչև ո՞ւր…

...Եղծե՛ բնության պատկերն, եղծե՛ հոգվույդ մեջ.

Թռիչքըդ փետե՛. Գըրքիդ ներքև գըրե՛. Վերջ:

Ըստվերին մեջ կը տեսնե՞ս.

Ծնողքըդ ուղղած է թըշնամի շունչն ահա

Այն ջահին դեմ` զոր վառեցիր բագնին վրա

Գաղափարին լուսերես:

Երթա՜նք, երթա՜նք»: – Ո՛չ, ո՛չ, հեռո՞ւ. Թողեք զիս.

Կը ծաղրեմ կյանքն. ի՜նչ կառչեցաք հոգիիս:

Կ՚ուրանամ հա՜յրս. այո՛. – դե՞ռ:

Թողեք մեծնամ, հըսկայանամ մըտքիս հետ.

Կոկորդըս մի՛ թողուք բնության խընկավետ

Կաթն` որ Աստված է կըթեր...

...Կարկնիս մեկ ծայրն հաստատեցի կորովով,

Հավերժորեն խաչված Սերին վրա` մյուսով,

Որպեսզի Մա՛րդը չափեմ:

Մի՛ վերցընեք – այդ արարք մ՚է անպիտան –

Անոր դողդոջ մեկ սըլաքեն Գողգոթան

Մյուս սըլաքեն Մարդկությունն:

Այսպես արփվույն տակ, Աստուծո հանդիման,

Ըրած Բնությունն ինձ մայր, Անհունն` օրրան,

Թողե՜ք, թողե՜ք զիս խոկուն:

Link to post
Share on other sites

Սա արդեն ԲԱԳԻՆԻՆ ՎՐԱ շարքի շարունակությունն է

14. ԾԵՐ ԿՌՈՒՆԿԸ

Գետափին վրա, կռունկներու շարքին մեջ,

Ան իր գլուխը ծռեց.

Դըրավ կըտուցը թևին տակ, ու ծեր, խոնջ,

Նըվաղկոտ բիբով ըսպասեց

Իր վերջին սև վայրկյանին.

Երբ իր ընկերները ա°լ մեկնել ուզեցին`

Ան չըկըրցավ անոնց թռիչքին միանալ.

Հազիվ բացավ աչքն ու դիտեց օդին մեջ

Խըմբակին չուն` որ կ’երթար

Երդերեն վար կըրկռալով

Հանձնված լուրեր, բարևներ,

Եվ արցունքներ պանդուխտի:

Ա¯հ, խեղճ թըռչուն. Այդ դալկահար գըրկին մեջ

Աշնանային ցուրտ լըռության` կը մեռնի:

Փո¯ւճ է այլևս երազել

Գարուն մ’հեռուն, գաղջ հոսանքները օդին

Ճախրող թևին տակ զորեղ,

Կամ սրունքներով ջըլեբաց

Անցքը պաղուկ առվակներե, մեծ վըզին

Մըխըրճումները շամբերուն մեջ կանանչ,

Փուճ է այլևս երազել:

Թևերը հայ կըռունկին

Ա°լ հոգնած են ճամբորդելե: Ան եղավ

Հավատարի°մ սըրտաճըմլիկ պաշտոնին,

Փոխադրեց շա¯տ արցունքներ.

Ո¯րչափ հարսեր իրենց սըրտերը հըրատապ

Իր քըքշական փետուրներուն մեջ դըրին.

Ո¯րչափ մայրեր և որդիներ բաժնըված

Անոր թևերը բեռցուցին համբույրով…

Արդ սարսուռով մ’օրհասի

Ան վըրայեն կը թոթվե

Մեծ վիշտն Ազգի մը նըժդեհ,

Ուխտեր հանձնված, լացեր գաղտ

Նըշանածի մ’որ տեսավ ա°լ իր հետին

Վարդի թոշնումը դեռ բընա°վ չհամբուրված,

Տըրտում օրհնենք մը մամու,

Սերեր, իղձեր, կարոտներ

Ա°լ վըրայեն կը թոթվե:

Եվ գետափին գորշապատ

Ամայության մեջ բանալով վերջին հեղ

Հոգնած թռիչներն ուղղաբերձ`

Հայ բլուրներուն, գյուղերուն վրա կիսավեր,

Կըրկռոցովն օրհասի

Գաղթումը ան կ’անիծե¯:

Եվ կ’իյնա, լուռ: Խիճերուն վրա գետափին

Կ’որոշե իր գերեզմանն,

Ու մըխելով կըտուցն հիր

Քարի մը տակ, բընակարան դոդոշի,

Քարշ ձգած վիզն իր ճապուկ,

Ալիքներուն երգին մեջ

Դողով մը վեհ կը մեռնի¯…

Հոն օձ մ’որ լուռ, երկա¯ր ատեն կը դիտեր

Այդ ճըգնաժամն ակընկառույց բիբերով`

Գետեզրեն վեր կը սողա

Ու վրեժե մ’հին օրերու,

Վատ ոստումով մ’հապըշտապ

Անոր մեռած պարանոցին կ’ոլորվի…

15. ՀԱՅ ԲԺԻՇԿԸ

Բարեկամիս` տոքթ. Ռ. Պազարճյանին

Իրա՞վ. գիտե՞ս ըսպաննել Մահը, խեղդել

Ոսկըներու, ջըղերու մեջ, զետեղել

Գլուխդ հեգերուն խոթ կուրծքին.

Հանդուգն գործ` ուր կա վըտանգն ահարկու

Խաբված սիրո ըմբոստության դիպելու,

Կամ հյուծախտի մը հորձքին:

Գիտե՞ս համրել բաբախումները սըրտին,

Կյանքին քայլերն` որոնց ներքև կը թափին

Մեռած կրակներն այտերե:

Հին սուրբի պես դու բարի ես ու կարո՞ղ.

Զերդ մանգաղված կակաչներու ինկած շող`

Սիրտըդ վերքե՞ր կ՚համբուրե:

Արդ, եկո՛ւր, ո՜վ եղբայր, ծընած` չըգիտեմ

Արգանդեն ո՛ր հղի վարսամին լուսադեմ:

Եկո՛ւր, թռիչքիս վրա զերդ ճայ`

Քեզ պիտ՚ տանիմ Աշխարհ մ՚անհո՜ւն գերեզման,

Որուն վերև կախված արփին, լուսընկան

Դամբանի միշտ կ՚ըլլան ջահ:

Հոն հյուղե հյուղ տըրտում քալես պիտի դուն`

Բանալով խուլ ողբի դըռները զաղփուն.

Վերմակներե դուրս` նիհար

Թևեր քեզի պիտ՚ երկըննան վերամբարձ.

Պիտի շողա մըրոտ խըրճիթը հանկարծ

Իբրև ոսկվո հանք մ՚ըլլար:

Ու առջևդ հոն պիտի տեսնես մահահոտ

Էակներու գարավող կույտ մ՚հիվանդոտ,

Թաց խորշերու մեջ` տըժգույն

Դեմքեր վըտիտ, բիբեր ջերմի վառարան,

Որ փոխանակ արեգակին կը տեսնան

Հըրդեհն իրենց գյուղերուն.

Լանջքեր վիրոտ, վիրոտ սըրտեր` լի արդար

Վըրեժներով, սարսափներե խելագա՜ր,

Ճակատներ` ուր թըշնամվույն

Անարգ սուրերը կ՚արձակեն բոց և ահ,

Հոն կը գըրեն – ըստ կամքի – կյանք, վաղը` մահ,

Ճակատագիր անկայո՜ւն...

Ջարդված կողեր` որ կը դողդղան սվիներեն`

Ինչպես եզ մ՚իր անդեորդին խըթանեն.

Ցուրտի, սովի մեջ` դեղին

Ծյուրախտ թոքեր, աղիքներ չոր ու ցամքած`

Որոնց միջև Քաղցն, երիզորդ մարմնաքանց,

Կը քաշե մորթը ոսկրին:

...Ահա – ո՜վ վրեժ – եղբայրներուդ այս անվերջ

Քայքայումին առջև` սըրտմիտ հոգվույդ մեջ

Խեղդած պաշտոնդ, ընդվի՜զ, վե՜ս,

Շանթի նըման` որ կ՚երկըննա պողպատին,

Գուցե՛, գուցե՛, ո՜վ եղբայր, դու մոլեգին

Նըշտրակին տեղ սո՜ւրն ուզես:

Link to post
Share on other sites

16. ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀԻՆ

Կոտորածի տարին այրի մընաց ան:

Հասարակաց փոսերուն

Մեջ ամուսինն իր կը հանգչի... կը նիրհե

Տունն իր փոքրիկը սիրուն:

Օտար հարկի տակ, ձյուն ձըմռով, դեռ կանուխ,

Ճրագին մըխոտ լույսին տակ,

Ան կը լըվա, տաշտին առջև, կը լըվա`

Սոթտած թևերն ըսպիտակ:

Դեռ մանկամարդ է և աղվոր. դեռ իր սև

Վարշամակին տակ ունի

Կըրքոտ աչքեր զինված սուգին, ժույժին դեմ,

Պատերազմող մը գաղտնի:

Սըրտին մեջ բորբ հաղթահարել չի կըրցած

Մայրությունն իր կուսության.

Մարդը սիրո՛ կը հրավիրե, տղան` կաթի

Իր մատղաշ ծոցը բուրյան:

Բայց կը լըվա՜: Հանուն պատառ մը հացի

Հանուն միակ իր որդվույն

Ապագային` ան կը դավե հասակին

Վարդերու թարմ հեստությունն:

Առանձին է գետնահարկին մեջ խոնավ,

Իր վըշտին հետ առանձին,

Մազերն արձակ, սանդալներն իր` ոտքերուն,

Մերկ թևին վրա` երկու ծին:

Կաթսային դեմ, կաթսան գըրկող բոցին դեմ,

Փըրփուրն մեջ օճառի`

Ուրիշներուն աղտին ըսպաս կը դընե

Սիրտն որբ, մարմինը` գերի:

Եվ մինչդեռ գորշ շոգիին դեմ լըվացքին

Կը ծծեն թույն իր օրեր,

Եվ գլուխը սև (զոր պսակեցին ամուսնույն

Շիրմին բուսած եղինճներ),

Այդ սևուկ գլո՛ւխը խոնարհած կոնքին վրա,

Մինչ ամբողջ օրը լըռին

Ինք կ՚աշխատի և կ՚ընե կաթը` բեղուն`

Քըրտինքներովը ճակտին:

Անդին, մինակ, իր երեխան արթընցած

Օրոցքին մեջ, անոթի,

Կու լա, ողի՜կ, ողի՜կ կու լա, և հուսկ խոնջ

Նույն իր լացով կը խեղդի:

17. ԱԼԻՇԱՆԻ ՇԻՐՄԻՆ ԱՌՋԵՎ

Ա

Քեզի եկա` իբր ուխտավոր մը հոգնած,

Որ կը գըտնե հուսկ փոխարեն իղձերուն

Շիրիմ մը` հոն ծընրադրելու սիրտը բաց,

Եվ խոկալու, համբուրելու լույս աճյուն:

Հոս կը նընջե՜ս. Քեզ կը պատե լըռությունն.

Օվկիան մ՚ես` զոր կը ծածկե այդ պատրանք.

Կարմիր հըրդեհ մ՚որ մոխրի տակ կ՚առնե քուն.

Հոս կը նընջես. Ինչպես հըրատն ամպին տակ:

Որթի ճյուղերն և ուռիներ տըխրամած`

Դեռ արձագա՛նգը քընարիդ կը պահեն.

Հովեն` կ՚ողբան շիրմիդ չորս դին կամ լըռած

Շեշտեդ մնացորդ մը դարձյալ քեզ կը բերեն:

Շուրջըդ ծավի Ադրիականն հար կու լա,

Ուրկե վիհեր դու չափեցիր մըտածման.

Սուրբ աճյունիդ սափորն է այդ ծովն հիմա,

Մինչ լայն ճակտիդ լայն օորորոցն եղավ ան:

Ո՛՚չ. Մարդըս չէ, լոկ բնությունն է` որ հանճար

Մ՚օրրել կըրնա, վերջը պատրանքն իր ըլլալ.

Տիեզերքն ունի իր մարգարիտը անճառ`

Որուն կու տա մարդ պահ մ՚իր ծոցն հյուրընկալ:

Բ

Վենետիկն իր պալատներով մարմարե

Կը ձըգե վրադ ըստվերն իր լայն, միամած,

Բուրգի մը պես` որուն ներքև կը նիրհե

Արծիվն` ամփոփ` արևն հոգվույն մեջ բանտած:

Քաղաքն այդ խաժ ալիքներուն երեսին

Ցըցված կայմին ծայրն է նավուն ջըրասույզ,

Արյունաթորմ ծըվենն է ան խլայի մ՚հին,

Տոժի մը գանկն է` իր փոսեն ինկած դուրս:

Դու ներշընչված, ա՜հ, այդ անգին ծըվենեն`

Ժողովեցիր ծվենքը Աշխարհիդ խլաներուն`

Փըլուզներու, փոշիներու ներքևեն,

Եվ ծայրերեն քըղանցառու ցախերուն:

Ժողովեցի՜ր, վազք մ՚առնելով դեպ խըլված Փառք,

Բիբդ` արցունքոտ, սիրտդ օվկիան` վիրամած,

Եվ սըրբեցիր` զանոնք ըրած դաստառակ`

Աչքդ ու աչքե՛րը Սերունդին կեղեքված:

Քողեն մութի, մոռացումի, լըռության

Հանեցիր մեր դափնիներու թերթերն հին,

Եվ դընելով զանոնք երգի մը վրան`

Առե՛ք, ըսիր, վիրածոր շողն Անցյալին:

Ծըռած` սըրտին հայ` սերտեցիր ու դարձար

Յուրաքանչյուր խորքն անկյունի և ծալքի.

Իջար անոր անդունդն հըրավառ

Եվ քըրքրեցիր ճընշված խորշն արցունքի:

Ո՛հ – Աստվա՜ծ իմ – ի՜նչ ըղեղ էր ատիկա,

Որ Տիեզերքին քամեց երակը համայն.

Հենած մարդուն, ճառագայթին, խաչին վրա,

Գըրկած Այրին` զար կը կոչեն. Հայաստան:

Գ

Արծի՜վ, որ մռայլ ամպերն հրեղե բիբերով

Խորտակեցիր, մութին սառերն հալեցան.

Արծի՜վ, որ մեր հոգին կարշնեղ ճապուռով

Բարձրացուցիր. չափեցիր մեր ապագան:

Ջինջ հայլի մ՚ես` ուրտեղ ամեն մարդ կըրնա

Գըտնել դիտել պատկերն իր ճիշտ, հարազատ.

Նըվագներուդ մեջ երբեմն ես քրիստոնյա,

Զինվոր երբեմն, երբեմըն մոգ, միշտ Սոկրատ:

Եվ քու կյանքիդ ու երգերուդ մեջ ամեն

Դու բանաստեղծ Նահապետն ես հոգեհմա.

Բորբ Արշալույս մ՚ես որ կ՚ելլա օվկիանեն,

Ամպեն, մութեն` կը սըփռի Մարդուն վրա:

Այն արշալույսն որ իր մտածման հետ անանց

Սև սըքեմով մ՚ամբողջապես պատված է.

Եվ բոցե գլո՛ւխը սև գըտակ մ՚է դըրած.

Գիշերվան մեջ երկինքն և էլ չըքնաղ չէ՞...

Դ

Մինչ այդ կ՚ըլլա օրե օր շիթըդ լույսի

Սա ջուրերեն անդի՜ն, անդի՜ն լեռներեն.

Մինչ սերմիդ հունձքն ալիք ալիք կը նազի,

Եվ արյունով, լացով խայրի կը կապեն:

Դու կը նընջե՜ս, վինըդ` բարձ, փառքըդ` վերմակ,

Ըստվեր կ՚ընեն վրադ դափնիները շուրջի.

Եվ խաղաղ քունըդ հըսկե Հիշատակ.

Դու կը նընջե՜ս, իբրև ծըննդյանդ օրն առջի:

Ամեն նոր դար նոր պիտ՚ բերե քու անուն,

Եվ դու դարձյա՛լ պիտի ծընիս… սըրտի մեջ,

Ո՛հ, ո՛չ. երբեք չըվախճանիս պիտի դուն,

Զի կապեցիր կյանքդ արևո՛ւն հետ անշեջ:

Օր մը, գուցե, նույնիսկ քունե՛դ ալ զարթնուս`

Երբ հայ ճամբորդ մ՚եկած դրախտի Երկրեդ` ա՛լ

Ժըպիտ բերե քեզ` արցունքի տեղ անհույս.

Օր մը, գուցե, զարթնուս նույնիսկ քունեդ ալ:

Եվ իցի՜վ թե. Դեռ պետք ունի Հայը քեզ.

Հայը հյուղին, բանտին, վըշտին, խավարին,

Հայն որ` անգետ` կը սայթաքի աղեկեզ,

Եվ Հայն որ` նենգ` կը սայթաքե մոլեգին:

Տե՛ս, կը սպասենք ամպածըրար, տըխրունակ.

Եթե դու չես կըրնար գալ` գեթ ղըրկե մեզ`

Րաֆֆիեն խոսք մը կազդուրող, լուսարձակ,

Կամ սիրո ցոլք մ՚Աբովյանի սըրտեն հեզ:

Խոսե՛, հոգվույս շողի, հույսի բառ մ՚հետին

Թող ցայտե գանկըդ` որ անհուն աշխարհ մ՚էր.

Միթե սափորը դատարկված վարդաջրին

Բուրումի հետք մ՚իր կողերուն չի՞ պահեր:

Բայց կը լըռե՜ս, ո՛վ մըտածման դու հըսկա`

Որ սփինքս դարձար երազիդ հետ, անձանձիր,

Ա՛լ չես խոսիր, մատը փառքի բերնիդ վրա

Կարծես կ՚ըսես խաղաղ ճակտով. «Հեռացի՛ր»:

Link to post
Share on other sites

18. ՋԱՐԴԸ

(1895-1896)

Ա

Հրամա՜նը, օ՜ն: Քարոզին մեջ Պիլայի

Կը ցըցե Ոխն ահա ցուլի եղջյուրներ.

Մըզկիթներու բակերուն մեջ ժիրաժիր,

Մահակներն ա՛լ կը հըղկըվին, կը հուսվին

Խարազանները թունավոր օձերով.

Յաթաղաններն հատու են.

Եվ Ալիսի ու Ճորոխի, Եփրատի

Ափունքներուն վրա դահիճները կըկզած

Կը հեսանեն կայծքարերով կացիններն.

Հրամա՜նը, օ՜ն: Ալ բավական է մեծցավ

Արծիվներու համբույրով

Թորգոմ վիշապն օրոցքին մեջ Մասիսի,

Եվ բավական է, որ իր վեհ գոռումով`

Սան-Ստեֆանի և Պեռլինի հողին վրա`

Թըմրած սըրտերն համակրության խըթանեց,

Եվ վերքերն իր կորյուններուն շըղթայված

Թըվեց թըվովն աստղերուն:

Արդ կը տեսնե՞ք ճիրաններն իր լուսաբուխ

Որոնց խըրած տեղերն հերձ

Կը ճեղքվին արշալույսներ, արևներ.

Նոճիներուն մեջ Վոսփորին կը լըսե՞ք

Սև մրըրկումները վիթխարի իր պոչին…

Հրամա՜նը, օ՜ն:

Օր մը սև.

(Այն օր աստղերն ամբողջ թույն կաթեցին.

Եվ բուրեցին ոսկրի հոտ

Վարդերն ամեն հովիտներու) – օր մը սև,

Եըլտըզ-Քյոշկի անկյուններուն մեջ սընած`

Սուլթանական գանկե դուրս,

Որջին բերանը լըրտեսող գայլի պես

Այդ սև հրամանը պոռթկա՜ց…

Բ

Լա՛ց, Հայաստա՜ն. ո՛վ թըշվառ կին, ու փետե՛

Վարսերդ սև. Այդ գըլխուդ վրա դըրժըված

Ցանե տաք տաք մոխիրներ:

Լա՛ց ու պատռե ծիծերդ ըզմեզ մեծցընող

Երակներեդ թող հոսե թույն մ՚ոխության

Ու Թեյմըզի, Հըռենոսի, Վոլկայի

Ակերն ամբողջ լեցընե ժահը, սևցընե,

Զի հոն լվացին քեզ դատող

Պիղատոսներն իրենց ձեռքերն ու հոգին,

Երբ հույսերուդ Արշալույսին տակ բոսոր,

Առանց խըղճի, ամոթի,

Քեզ նյութեցին խոր Լըռությո՜ւնը մատնիչ:

Լա՛ց, – ավասի՛կ կը տեսնեմ,

Որ քու սա նեղ վայրկենիդ

Բարեկամներըդ քայլերնին կը դարձնեն.

Եվ ճակտիդ դեմ փակելով

Դեսպանական իրենց դըռները` կ՚ընեն

Սեմերեն ներս, նույն քու մահվանըդ վրա

Ճառեր ծափով ընդունված,

Ծըրագիրներ համակիր

Որոնք հետո տապանագիրըդ եղան:

Քեզ կը թողուն մինավոր

Մինչ կ՚ամպոտին հորիզոնները չորս դիդ,

Եվ լըռության մեջ ճամբաներուն կը լըսվին

Կըճըրտումներ ատամներում թաքթաքուր.

Հազար բուեր ճամբա կ՚ելլեն դեպի քու

Սարերըս սև և գուժկան

Ոգի մ՚իր թուխ թևերը շուրջ կը պարզե,

Եվ Տավրոսեն Մասիս, Մասսեն Չամլըճա,

Մեռելության մը մեջ խոր

Կոտորածի փողը տըխո՜ւր կը հընչե…

Գ

Փակե՛ որջերդ, Հայաստա՛ն,

Արևուն դեմ մի՛ բանար

Դըռները լայն փապարներուդ` որոնց մեջ

Ես կը տեսնեմ դեղին աչքեր գազանի:

Ծոցըդ փակե՛, որ խորթ զավակ մեծցնելու

Եղավ սովոր և հուռթի.

Երկու զեղուն ծիծերդ, Եփրատն ու Տիգրիս,

Թող պահ մ՚իրենց մեջ խեղդեն

Բարբարոս տոհմը շոյխերու, պեյերու:

Օ՜ն, երախներըդ խըցե՛.

Ի՜նչ, չե՞ս տեսեր` որ որդիներդ հարազատ,

Դեռ անպատրաստ և անզեն,

Լոկ մուրճերու, սըղոցի

Ձայնին կ՚ըլլան ունկնդիր.

Տըրեխնուրուն վրա իրենց

Արյունի տեղ կալերու ցեխն է դեղին.

Ի՛նչ, չե՞ս լըսեր` որ սաղմոսի՛ մեջ միայն

Գիտեն կանչել արշալույսներն հեռավոր.

Արորներուն վրա հոգնած

Իրենց կուրծքին մազերը դեռ կը բուրեն

Խո՛ւնկ փոխանակ վառոդի:

Օ՛ն, Մա՛յր իմ, Մա՛յր, սա վայրկենիս խեղդե՛, օ՜ն,

Մեջըդ ամեն խուժդուժ, ամե՛ն դահճապետ…

Բայց չե՜ս ուզեր դու ինձ լըսել, և կամ չե՜ս

Կըրնար վրայեդ ըզգետնել

Քաղաքներուդ ավերակներն` որոնց տակ

Զըմռսաբույր մարմինըդ կես կը թաղվի.

Ու կը թողուս որ ըլլա ժա՛նտ Մահը քեզ

Բազուկներու մեջ Ղուրանի ճետերուն.

Կը թողուս լո՛ւռ, անկարեկի՛ր,

Եվ ես ահա կը նըշմարեմ` որ անոնք

Որջերեն դուրդ ազատ ճամբուն վրա կ՚ոստնուն:

Միսի գըրգռիչ ախորժակեն կանչըված`

Կը հավաքվին ոհմակ ոհմակ, ոռնաձայն.

Իրենց գըլխուն աստղեն ամբողջ կը դեղնին.

Եվ կակաչներն հազարավոր բլուրներու

Սարսափահար բաժակներնին կը փակեն:

Արյունի քաղցն ու հին փափաքն ավերման

Թևերն անոնց կը սոթտե,

Թևերն անոնց կը զինե…

Կը հալածեն Հայորդիներն անպաշտպան,

Հայորդիներն որոնք հազիվ վերցուցած

Իրենց գըլուխն աշխատանքի կարկահեն`

Ըղեղներուն մեջ կ՚ըզգան

Սույլերը տաք գընտակին.

Կը բարձրացնեն ճիչը կյանքի ծարավուտ.

Եվ զոհական եզներու զերդ խումբ մ՚օրհնյալ`

Որոնց մինչև գոմը հասած է հըրդեհն,

Ուղեկորույս, խոլագոչ,

Կըթոտ ծունկով, բիբերով դուրս կըկոցված,

Կը փախչըտին շըփոթ, թասուն, հուսահատ.

Մահվամբ լեցված նայվածքով,

Ծերեր, կիներ, տըղաներ,

Արձակ մազով, ձեռքերուն մեջ սանդալնին,

Փողոցներե փողոց, լեռնե լեռ, մոլոր.

Կյանքի՜ն, կյանքի՜ն, քաղցըր կյանքի՜ն կը վազեն:

Դ

Հոն, կը տեսնեմ քեզ, ո՛վ վայրագ դու Ոգի.

Անզեններուն, տըկարներուն ետևե,

Մըրըրկելով փլատակներուն մեջ փոշին,

Ճերմակ ձիուդ վըրա դեռ քեզ կը տեսնեմ…

Ապարոշիդ մեջ կանանչ,

Իբրև իժի ծըվարում.

Ալփասլանի հոգին ըզքեզ կը պսակե.

Պարեգոտդ այդ պատրանքներուն պատանքն է,

Եվ քու ձիուդ գորշ ըսթարին ծոպերեն,

Հավերժական բըխումով,

Արյուն մը գաղջ կը կաթի…

Եվ դու խնայել չես ուզեր

Բոլոր անոնց` որոնք թախծող թևերով

Ճամբուդ վըրա իրենց արև՜ը կ՚ուզեն:

Անձավներե անձավ միայն, վերևեդ,

Կը հընչե բառն ագռավներու կըռինչով.

– «Հառա՜ջ, հառա՜ջ»:

Եվ քու ճորտերդ ավազակ

Կը հետևին մահ սերմանող արշավիդ…

Կուրծքերե կուրծ լյարդաբորբ կը մըխան

Իրենց սուրեն արյան ակեր բանալով.

Կը թավալեն երիտասարդ գըլուխներ`

Որոնց մազերը սև, մազերը խարտյաշ

Ցեխերու մեջ կը պլըշկին,

Եվ ծերերու կոկորդներն պինդ բըռնած`

Գանկերն անոնց պատերուն դեմ կը ջարդեն.

Կը բանան մեր մայրերուն

Ծոցերը սուրբ` որոնցմե

Կը թափին դուրս եղբայրներ դեռ անանուն,

Հայեր առանց դեռ ձևի.

Կը տըրորեն, կը փըշրեն

Գարշապարի, բիրի, պայտի տակ կողեր,

Գանկե՜ր, գանկե՜ր, անթիվ գանկեր, լեցնելով

Սալհատակի ճեղքըվածքները բոլոր

Ողնածուծով, ըղեղով…

«Հառա՜ջ, հառա՜ջ»:

Ո՜վ բարբարոս դու Ոգի,

Անցքիդ վըրա, ձայներն ոսկրի փըշրումին

Մինչև երկնի խոր անձավներն հըրեղեն

Կը հընչըվին… Անցքիդ վրա կը խեղդե՜ն

Երեխաներն իրենց մոր սև ծամերով,

Ու մեր հարսերն հարաշխատ,

Վավաշ կըրքով մ՚ընդգըճած,

Ջըրհորներու պարաններով կը սպաննեն.

Եվ կը զոհեն ո՜վ գիտե ի՛նչ չար դևի

Տաճարներու ցուրտ սյուներուն փաթտըված`

Սուրբ կուսաններն հերարձակ.

Իսկ արտերուն, ա՜խ, արտերուն մեջ չըքնաղ

Ուր Հայուն կյանքն արև՛ կ՚ըմպե և արևն

Հոգիին մեջ կը մեռնի`

Վաստակաբեկ դիակներով կը կանգնեն

Գողգոթանե՜ր, Գողգոթանե՜ր սըրբազան,

Եվ բոլորն ալ, լի գանկ մ՚իրենց ձեռքին մեջ`

Միահամուռ կը խըմեն

Արյուն ծերի և մանկան,

Արյուն կընոջ, և արյունն

Արարատին վըրա խաչված Հիսուսին:

Ու կը կրկնեն դեռ ագռավներն հարատև.

«Հառա՜ջ, հառա՜ջ»:

Ո՜վ բարբարոս դու Ոգի,

Այս Սասունն, Տավրոսն այս, Պրոպոնտոսն,

Ամենայն տեղն` ուր Հայն հունձքին մեջ կանգուն

Հակճիռըս միշտ գալուստիդ`

Կը խընամե գուցե գարին վաղորդյան

Ձիուդ` որուն սըմբակին տակ կը դառնա

Կյանքն հող և հո՛ղը մոխիր:

Ա՛լ տըրորված` իր վազքին տակ կը կաթեն

Վարդերն արյուն, և ողկույզներն արտասուք.

Իր գոռ դափրերն անտարբեր

Ինկածներուն գանկերուն մեջ կը ճըխան.

Ա՛լ կը մաշին պայտերն ոսկրի փըշրումեն,

Եվ իր բաշին վրա կարմիր

Անգըղներն հիռ կը դառնան…

Այլևս ահա ամեն ինչ

Փըլատակ է, կողոպուտ է, դիակ է,

Որոնց վրա կը փաղփի

Հըրդեհն աչքեն արյուն ու բոց հոսելով.

Հըրդեհն (իսլամ ցեղերու հի՛ն վըրիժակ)

Վարսերը շուրջ կը թոթվե

Եվ վիշապի մըռունչներով կը վազե

Կալերեն գյուղ և գյուղերեն քաղաքներ.

Երկար թևեր բոցերու

Տուն տուներու կը շըղթայեն, կյանք` կյանքի,

Ու ամեն տեղ, մոխրին վրա

Մեր պըղծըված Պատիվը լոկ կը սպառնա.

Բոցերուն մեջ զերդ շեկ Ոգի մը կանգուն

Կը մըռընչե, և մըռունչով կը պոռթկա

Դեպ արևու համբույրին`

Վըրեժի սերմն անդրանիկ.

Մեինչ ոտքերուն ներքևե

Խանձումն ու հոտը մարմնի

Մեր սերմերեն, օրոցքներեն դեպի վեր,

Դեպի երկինք կը ճենճերին` որոնց դեմ

Իրենց պինչերը բացած`

Ալլահն ամպին մեջե, Սուլթանը ցեխին

Հոտոտելով փոխն ի փոխ`

Կը ժըպտին հաշտ իրարու,

Եվ Եվրոպան դեմքն իր ետև դարձուցած

Կոպերը թաց կը շըփե –

Մեր ծուխեն աչքն իր բոզի

Կըսկըծելո՜ւն համար լոկ:

Ե

Կեցի՛ր, կեցի՛ր, ո՜վ բարբարոս դու Ոգի,

Ելլեսպոնտի եզերքին վրա ա՛լ կեցի՛ր.

Սա սև ժայռին` ուր ծովն իր բանտը կու լա,

Թող ձիդ խըրչտած Մեռնողներուն հռընդյունեն`

Գերմարդկային գութի մ՚ահեղ սարսուռով`

Իր պինչերեն, իր բաշերեն, ագիեն

Բոլո՜ր, բոլո՜ր մեր արյունները թոթվե:

Կեցի՛ր ու հեղ մը հետքիդ վրա ընկըրկե՛.

Տե՛ս. ավասիկ ամեն ինչ

Կը գալարվի, կը ճարճատի, կը մեռնի,

Ծուխ է, մոխիր և ավեր:

Արյան ծովու մ՚ալիքներեն կը ծըփան

Մարդու ահեղ դիակներ,

Դիակ կույսի, դիակ աստղի և վարդի,

Դիակը մեր Ազգին և մեր Աստըծույն…

Տե՛ս. Աճյունի, արյունի

Կարմրածուփ լույծ անապատ մ՚է քու առջև,

Որուն մեջե ծանրաբեռնված ավարով`

Ըսպանիչները գազան

Կը հեռանան լիզելով

Արյունաքամ սուրերն` որ լերդ կը հոտին:

Զ

Կու գան ցիները հեռավոր լեռներե,

Եվ անգըղներն հոտառու

Կու գան իրենց ձագերուն կեր տանիլ մեզ,

Հայ դիակին մ՚աչքին կըտուց մըխելու

Կ՚հասնի Արծիվն այն հըսկա

Նոթի Արծիվն այն որ գուցե օր մ՚ամպեն

Վեհաժողովը պիզմարքյան կը հըսկեր.

Շուներն ուրախ պոչերով

Բակերե դուրս դիակե դի կը հածին

Եվ ծույլ լեզվով մը կը լիզեն արյուններն

Մերթ կասկածոտ կենալով

Կիսամեռի մ՚աչքերուն

Հանկարծական բացումեն:

… Հետո կու գան Մայրերը ո՜ղջ մընացած

Ու ողջ հարսերն ու բոլոր

Մեր ողջ քույրերը խելահեղ կանչերով:

Նոճիներուն մեջեն խումբն հեգ կը վազե,

Արձակ կուրծքով ու բոպիկ

Դեպ մեռելներն հոշոտված`

Որոնց արյան տարբեր հոտն

Ըստ սերերու տարբերության կը կանչե

Զիրենք այն մեծ Ջայլին` որուն վըրա դեռ

Ապագաներ պիտ՚ ջայլեն:

Ամեն իրենց մեռելներն հոն կը գըտնեն,

Կ՚իյնան իերնց մեռելին քով ծընրադիր,

Եվ լաչակներն ու կըրկնոցներն ըսպիտակ

Զարթնող սուրբի պատանքին պես ետ նետած,

Մերկ ծոցերով, աղաղակով, ողբանքով

Ծունկերն իրենց կը ծեծեն,

Կը փեթըռտեն մազերնին,

Իրենց կուրծքեն կը ժայթքի բառ մը ոխով,

– Անե՜ծք… ու սև՛ շիրիմներուն մեջ իսլամ

Բոլոր ոսկրերն իրարու դեմ կը ջարդեն.

– Անե՜ծք… ու թո՛ւրք մայրերուն մութ ծոցին մեջ

Բոլոր ոսկրերն իրարու դեմ կը ջարդեն.

– Անե՜ծք… ու վե՛րն, Եըլտըզ-Քյոշկի երդին վրա

Բու մը հըսկա կը դընե բույնն իր հըսկա:

Լացե՛ք, լացե՛ք, ո՛վ հեգ Մայրեր, հեգ հարսեր,

Աստղերե ա՛ստըղ ձեր ողբանքը ձըգած`

Այսօր մեր սև հողին վրա

Սա մորթըված Արշալույսները լացե՜ք…

Թող ձեր բիբերն ինկածներու վրա հազար

Արտասվելեն իրենց լույսեն դատարկվին:

Վերջին լացն է. հա՛պա, խածեք ըստինքնիդ.

Հուսհատորեն դագաղներուն վրա ծըռած`

Թողեք մեկտեղ կափարիչ տակ գամվին

Ծայրերը ձեր մազերուն,

Եվ խոշտանգված ձեր իգությունն իր հետին

Տըկարության մեջ փըշրի:

Օն, հառաչ մ՚ալ, արցունք մըն ալ. վերջի՜նն է.

Զի ավասիկ, ահավասիկ կը տեսնեմ

Արգանդներուն մեջ ձեր լայն`

Նոր Սաղմեր նոր Որդիներու ըստեղծիչ:

Իրենց մըռայլ ձևին ներքև կը պահեն

Հըզոր ճեմքերն Առյուծներու ապագա.

Ձեր աչքերեն իրենց աչքերը փոքրիկ

Կը բացվին պիշ աստղերու հորդ շողերուն.

Եվ մերթ թագչած խորհուրդին մեջ աղիքի

Կը թափառին, մեծնալով,

Ավերին մեջ իրենց վաղվան ժառանգին.

Իրենց շըրթունքն, ո՛վ Մայրեր, ձեր շըրթունքեն,

Կայծակներու ծարավով,

Դեպ ամպերու երակներուն կ՚երկննան,

Կ՚երկննան դե՛պ ի հայկական արյունին

Գերաստվածային հաղորդության` որուն մեջ

Հայրենիքի Սերը վեհ

Կրոնքը կ՚ըլլա հազարավոր կրոնքներու:

Ու վա՜ղը, վա՜ղն, ո՛վ հեգ Մայրեր, լըսեցե՛ք,

Ձեր արգանդե՛ն մի առ մի

Պիտի ելլեն անոնք հըսկա և հերոս:

Մեծ պիտ՚ ըլլան. Մըրրիկն իրենց մազերուն

Պիտի սարսե վերն աստղերուն մեջ Աստված.

Պիտի հագնին արծվի մաշկեղ թըռիչներ`

Շանթերն իրենց վըրա կրելու միշտ պատրաստ.

Գլուխնուն վրա Ազատության արաղչինն

Ուլունքի տեղ պիտի հյուսվի աստղերով:

Օ՛ն, լըսեցե՛ք, լըսեցե՛ք այս, ո՛վ Մայրեր,

Վաղն երբ անոնք թամբեն իրեն նըժույգներն

Ու անոնցմով, զերդ պողպատի ջըրդեղում,

Վըրեժին մեջ մըկըրտվին.

Երբ թուրք արյան բարկ ծարավեն մոլեգնած`

Լեռներուն վրա մըռընչեն,

Ո՛հ, այն ատեն, այս օրվան

Մեր Մեռելները բոլոր

Միահամուռ ոստումով

Պիտի կանգնին գերեզմանին մեջ իրենց,

Ու անհամբեր հեռո՜ւն, հեռո՜ւն ակնապիշ

Պիտի սպասեն վարդահեղեղ գալուստին

Արշալույսի մ՚Արշալույսի մը որուն

(Հավատացե՛ք ինձ, Մայրեր)

Ես ոտնաձայնը կ՚առնեմ…

Link to post
Share on other sites

9. ԴԻԱԿԻ ՍԱՅԼԸ

Իրիկվան դեմ փողոցներեն ամայի,

Սայլ մը կ՚անցնի ճռընչելով:

Ձի մը աշխետ զայն կը քաշե, ետևեն

Կ՚երթա զինվոր մը գինով:

Ջարդվածներուն դագաղն է ան` որ կ՚ուղղվի

Գերեզմանատունը Հայոց:

Արևն հետին իր շողերով կը սըփռե

Վըրան պատանք մ՚ոսկեզօծ:

Ձին նիհար է. Հունձն այդ իր ժա՛նտ տերերուն

Ան հազիվ հազ կը տանի:

Ականջներն իր կախած, կարծես խորասույզ

Կը մըտմըտա թե քանի

Դարեր պետք են ժամանելու համար հուսկ

Մարագն հընձված սուրբերուն…

Եվ շըրջակա պատերուն պոչն իր տատան

Կը սըրսկե մի՛շտ, մի՛շտ արյուն:

Եվ արյունն է որ կը կաթի հարաբուխ

Անիվներուն հեցերեն,

Սայլն իբրև վարդ կըրեր, իբրև թե ըլլար

Արշալույսին կառքն հրեղեն:

Հոն են դիրեն, իրարու վրա, որդին մոր

Գանգուրներով պատանքված:

Մին խըրած է իր ամբողջ բռունցքը մյուսին

Տաք վերքին մեջ լայնաբաց:

Դեռ ծերունի մը ծընոտով ջարդուփշուր

Կ՚հառե աչքերն երկընքին,

Որոնց մեջ սև անեծք մ՚աղոթք մ՚իրարու

Նույն վըրեժով կը խառնեն:

Մեկուն կուշտեն աղիք մը վար սահմըռտկած`

Սայլին ճեղքին կ՚առկախի.

Շո՛ւն մ՚ետևեն կու գա և զայն քաշած դուրս

Լափլիզելու կը զբաղի:

Ո՛չ ձև ունին, կամ ոչ գըլուխ. կը կըրեն

Հազար տեսակ զենքի խոց:

Արդեն իրենց մարմինն եղբայր է հողին.

Կ՚երթան ահա գերեզմնոց:

Անոնց վըրա ո՛չ ոք կու գա արտասվել

Կամ լալ ողջույնը վերջի.

Քաղքին լռության մեջ արյան հոտը միայն

Զեփյուռին հետ կը շըրջի:

Բայց մութին մեջ պատուհանե պատուհան

Ահա մոմեր կը վառին.

Մամերն են որ գաղտագողի կ՚աղոթեն

Վըրան կարմիր դագաղին:

Եվ այն ատեն պատըշգամբի մը վըրա

Կույս մը կ՚ելլե գեղանի,

Ու կը նետե արտասվաթոր բուռ մը վարդ

Սայլին վըրա` որ կ՚անցնի:

10. ՀԱՅՀՈՅԱՆՔ

Լերան վրա, լուսնին տակ,

Հալածվածները նախճիրեն կու լային.

Պառավ մ՚հանկարծ ասոնց մեջտեղ կանգնեցավ,

Ու մեկ ձեռքով հենացուպին կըռթընած`

Մյուսը` ջըղոտ բռունցքով ցըցեց դեպ երկինք.

Հետո ասանկ ըսկըսավ.

– Աստվա՜ծ, Աստվա՜ծ Լուսավորչի, Ներսեսի,

Աստված Նենգո՛ղ, Աստված արյա՛մբ մարմնաբույծ`

Ինչպես Պյութոն մ՚անապատին մեջ պառկած...

Այսօր ահա կ՚ընդվզիմ

Ութսունամյա հավատքիս մեջ ջերմեռանդ,

Եվ մայրությունս ու հայրությունս` որոնց հար

Սրտիս մեջ թո՛ւյն ջամբեցիր,

Իբրև երկու խայթ խըղճի

Կայծակնահյուս կողերուդ մեջ կը մըխեմ.

Դու որ մատղաշ տարիքիս

Հարսանեկան քողս արյունով ներկեցիր,

Եվ թույլ տըվիր` որ թևերուս վրա ջարդեն

Լուրթ քողեքներըս բընիկ հողով թըրծըված,

Դու որ այս ծեր տարիքիս մեջ տակավին

Երիկամունքըս լոկ քաղցով լեցուցիր

Եվ սըրբազան ցուպը մեկնող հասակիս

Թաթախեցիր արյան մեջ,

Դու որ Որդվույդ Խաչն ողբալեն բըլշակնած

Իմ աչքերս այս սահմանեցիր դեռ լալու

Մորթըված յոթը զավակ,

Դու` զերդ Վիշապ երկնածին

Երկու թաթերդ երկու ամպի վրա դըրած,

Ծըռե՛ և տե՛ս. Ողորմությանդ սըտությունն

Հոն վարը, տե՛ս. գյուղե՜ր, գյուղե՜ր և գյուղե՜ր

Կը հըրդեհվին, և բոցն իրենց կը հասնի

Արարատեն բարձըր և բա՛րձըր քեզմե.

Ահավասիկ դաշտերուն մեջ խանձոտած

Հազարավոր խոցվածներ

Իրենց ջարդված կողերն ընդքաշ կը տանին.

Մեր ոսկըրները կրակին մեջ ճերմըկցած

Կը պատրաստեն ալյուրն ահա նշխարքիդ,

Եվ մեր արյունն հորդաբուխ

Կու գա մինչև քու ըսկիհներըդ լեցնել.

Ճամբաներուն վըրայե

Կը լըսվի ճըռի՛նչը թըշնամի սայլերուն`

Որոնց մեջ մեղրն ու կաթը մեր կը կըրեն,

Արյունը մեր արեգակին, կյանքին հողին

Եվ արծաթները Սեղանիդ նըվիրված:

Վար նայե, հո՛ն. մեր թոնիրները բոլոր

Իրենց զըվարթ բոցին վըրա կը փըլչին,

Եվ կը մարի ծուխն հայրենի ծըխանին,

Եվ կը լըռե մըշակներուն երգն հանդարտ.

Ամեն հասկ իր քիստերեն վար կը կաթե

Արյուն, ամեն աղբյուր անցած ճամբուն վրա

Կը լըվա վերք մ’ու ամեն

Հովազ դիակ մը դեպ որջն իր կը քաշե.

Իսկ կիներն հոս իրենց ծունկին վրա կու լան

Երիտասարդ գըլուխներ.

Եվ մանուկներն ահաբեկ,

Երեխաներն անոթի

Չը գըտնելով մոր ծիծերուն մեջը կաթ`

Զերդ նըշենվո ծաղկած ճյուղերը կիսաբեկ`

Կը մեռնին չոր ըստինքներե վար կախված:

Աստվա՜ծ, Աստվա՜ծ Լուսավորչի, Ներսեսի,

Ուրեմն ա±յս էր, փոխարենն ա±յս էր միթե

Մեր աղոթքին, մեղրամոմին, կընդրուկին...

Արդ ունկընդրե՛. Բնության հազար փապերեն,

Սեղաններեն զոհերու

Ջինջ աստղերեն կամ սըրտերեն մանկական`

Ուր քեզ դողով կը պահեն`

Ինձ ունկնդրե՛. Հանո՜ւն այն

Ժողովուրդին` որ քեզ սիրեց և առանց

Քու օգնությանդ խաչվեցավ,

Հանո՜ւն անոր` որ ողջակեզ ըրավ քեզ

Ոչխարներեն ամենեն կույսն, ամենեն

Լըծընկեցն իր ցուլերուն,

Եվ իր գինին խըմորած

Սափորներու մեջ պորփյուր

Քու արյունիդ սահմանեց.

Հանուն անոր` որուն սըրտին վրա, դարեր,

Իբր ադամանդ կըռվանի

Կայծակնացոլ ոտքըդ դըրիր, ուզեցիր

Որ կըրունկիդ տակ փըշրելով

Եղջյուրներն իր դիմամարտ`

Սըրբարանիդ մարմարներուն վրա միայն

Հույսին ձեթերը վառե.

Եվ հետո ա՛լ իր պաշտումեն` կըշտապինդ`

Զայն, իբր Հիսուս մ’ամպերու մեջ թողլըքած,

Է՜լի լամա... ըրիր քացախն իր` թունոտ,

Կողին նիզակն` հաստաբուն,

Հանուն այդ հեգ Ժողովուրդի՛ն կ’ըսեմ ես

Սա մըթընշաղ ժամուն մեջ ո՛ւր որ ըլլաս,

Ո՛ր աստղին մեջ և կամ ո՛ր

Թուխ ամպին վրա շանթ ի բռին,

Իմ կըռուփս ըզքեզ կը գըտնե

Եվ բերանս իմ կ’հայհոյե՜...»:

− Ըսավ: − Իր շուրջը տըղաներն ահաբեկ`

Գլուխնին ծածկած թևերուն տակ իրենց մոր

Ըսկըսան լալ, և կիներն ալ աղոթել.

Իսկ գազանները հեռավոր լեռներեն`

Արարչին սուրբ Անվան համար վրեժխընդիր`

Լուսինն ի վեր եկա՜ր երկա՜ր ոռնացին...

Չը լըսեց ան, կամ չուզեց

Ոչինչ լըսել: Մոտենալով դիվահար

Լայն անդունդի մ’առլեփին,

Մըրթմըրթալով, հուսահատ,

Ինքզինքը վար արձակեց...

11. ԿԻԼԻԿՅԱՆ ՄՈԽԻՐՆԵՐՈՒՆ

Օտարակա՛ն, բարձրանանք սա դիմացի լերան վրա`

Որուն քովեն կը հոսի եղեգներուն մեջ լալով

Սիհոնն` ուր վաղը կարմիր քըղամիդներ պիտ’ լըվան

Մայրերը մեր ցավագին: Օտարակա՛ն, ըշտապե,

Զի մերկ ոտքերըս կ’այրին մոխիրներուն վըրա տաք

Եվ ըսկըսավ քու երկար պարեգոտիդ քըղանցքն ալ

Ճապաղիքի մեջ թըրջիլ: Օտարակա՛ն, ըշտապե՛...

Կիսայրյաց ցուպըս խոսքիս ուղղությամբ ցո՛ւյց կու տա քեզ`

Ահա քաղաքն ու գյուղերն ու արոտներն ու ափերն`

Ուրկե անցավ Կրակի Ցեղն Ատտիղասի ձիուն վրա:

Ծուխերն են հոն և բոցե՜րն` որ տակավին բլուրեն վեր

Հովին շունչով ալեծուփ կը սողոսկին, կ’ամփոփվին,

Հետո նորեն լեզվի պես կատարն ի վեր կ’երկըննան:

Կը վառի հողն իսկ, նայե՛, բորբ հորիզոնը մեր շուրջ

Հըրափողփող պըսակ մ’է` որուն կեդրոնը կանգուն

Մենք կը դողանք սըգավոր ոգիներու պես օտար:

Կը լըսե±ս ձայնն հեռավոր եղեգներուն բըռնըկած`

Որոնց միջև կ’ածխանան հավերժհարսերն անտառին:

Նարընջենի ճյուղերու ի՜նչ խընկաբույր ճարճատյուն,

Ի՜նչ մոխրացող այգեստան, տատրակի ի՜նչ վուվուներ:

Բոցը կ’անցնի, ու քամին գալով անոր ետևեն

Խանձած սեզերը առած սարերեն վեր կը մրըրկե.

Ո՜վ դողահար մերկություն խըլուրդներու խուղերուն`

Որոնք նըման ոզնիի արտերուն մեջ կ’հայտնըվին,

Ո՜վ ավերակը բլրան վըրա շինված հյուղերուն`

Ուրկե կ’ելլեր հայ գեղջուկն առավոտյան աղոթքով

Արարչությունը հողին արթընցնելու բահին տակ:

Օտարակա՛ն, կը տեսնե±ս ինչպես այսօր տնակներն այդ

Փըլա՜ծ ու լո՜ւռ կը սպասեն սուգի առջի գիշերին`

Որ լուսնին տակարտասվեն աճյունն իրենց թանալով:

Տանիքն անոնց փըլցուցին ներսը վառվող ճրագին վրա.

Դըռներն հլու, զոր զեփյուռն իսկ իր շունչով կը բանար,

Ինկան ջախջախ խուժանին բիբերուն տակ արյունոտ:

Եվ արդ պատերը ժոռատ ծընոտի պես կը ցըցվին,

Որոնց մեջեն Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878ս կու տան հոգիներ բույլ բույլ երկինք:

Արտերուն վրա մոխրակո՜ւյտ, իսկ դիակնե՜ր ճամբուն վրա,

Այն ճամբուն վրա ըսպիտակ` ուրկե ժիր ցեղն Արամյան

Արևմուտքի աստվածներն, հարաճուն միտքն Եվրոպին

Ջորիներուն բեռցուցած տարավ բաժնել Ասիո:

Աղբյուրներուն քով զոհե՜ր, ակոսներուն մեջ զոհե՜ր.

Եվ հոն, դիմա՜ցն, ուր ահա արևը մայր կը մըտնե,

Սեպ ժայռին դեմ խաչեր են յոթը այրեր մերկանդամ.

Արյունն իրենց մազերեն (օտարակա՛ն, կ’աղաչեմ,

Փակե՛ աչքերդ ու միայն եղիր ձայնիս ունկընդիր),

Արյունն իրենց ձեռքերեն և ոտքերեն բևեռված

Հողին վըրա կը վազե վիմուտներն այն ներկելով.

Կարծես մեկնող արեգակն հուշիկ հուշիկ կ’ընկըղմի

Մեծ աչքերուն մեջ իրենց` սարսափեն բաց մընացած:

Դահճապետեն հեռացեր են խավարին մեջ արդեն,

Խաղաղությո՜ւն, Օվսաննա՜ բարձունքներուն վրա կարմիր...

Ո՛հ, ծընոտներս ի՜նչ սարսուռ կը կափկափե. դարձիր ա՛ջ,

Եվ տես քաղաքն` որ նըստած դաշտերուն սա սուգին մեջ`

Դեռ իր սըրտեն կը մըխա մարդազոհի հնոցի նման:

Ազատության արշալույսն անոր ճակատը կընճյա

Հազիվ էր դեռ բոսորած` երբոր իր հաղթ հիմերուն

Ներքև վիշապի Համիտյան սասանեց տուտն ու թիկունք.

Բարբարոսներն այն ատեն արևուն դեմ թըքնելով`

Մահվան սերմերը բըռնած մեծախնծիղ արթնցան.

Եվ քաղաքին մեկ կեսն ալ կործանեց կեսը մյուս:

Յաթաղանին, բըրոցին, եղեռնավոր բոցին տակ,

Ինչ որ հանճարն էր կանգներ, զայն մոխրակույտը կըլլեց:

Արդ տաճարները ո±ւր են` որոնց բուրյան գըմբեթին

Ներքև ծիծառն հազիվ հազգարնան աղոթքն էր ըրեր.

Ո±ւր վարժոցներն ու պալատն ապագայի լույսերուն.

Մանուկներու ողջակեզ սըրտեր հոն խունկ կը մըխան:

Ո±ւր բաղնիքները հըստակ, ջինջ մարմարներն որոնց մեջ

Ցոլացին կույս աղջիկներն իրենց լոգցած ժամերուն.

Ո±ւր շիրիմներն հոյակապ, ո±ւր կոթողներն հինավուրց

Որոնց վըրա հեթումներն հաղթանակներ գըրեցին...

Մա՜հ և մոխի՜ր. Թըխայրյաց պատեր միայն ավասիկ

Իրիկվան մեջ կը ցըցվին բվիճակներ կանչելով:

Օտարակա՛ն, հիմակ այս Երկրին անցյալն արթընցուր

Հուշերուդ մեջ, և ուրիշ Ցեղի մը դարը ափսոսա,

Խորհե թե օր մ’ըստորոտը Տավրոսի բնակեցավ

Ժիր ժողովուրդ մ’որ կյանքին աստվածացումը երգեց:

Իր կարավա՜նը անցավ, և Տարսոնի գոհարներն

Աստղերու պես թափեցան բաբիշներուն գոգին մեջ.

Եվ այն ճամբան լեռընդմեջ` ուրկե Գանգես արշավեց

Երիտասարդ Մակեդոնն իր շավղին վրա կանգնելով

Բագիններ` ուր պաշտվեցավ գեղեցիկ Միտքը Հելլեն

Աթենասի արձանին լուսակառույց ձևին տակ,

Այդ ջինջ ճամբան Ռուբինյան զավակներուն շինարար

Տեսավ սայլեր ճըռընչող Արևելքեն Արևմուտք,

Որոնց վրա բեռցուցած էր Հայ վաստակն աննըվաճ

Մարմարն հուռթի լեռներուն, այգիներուն հորդ գինին.

Ո՜վ նախասնունդը երգող և քանդակող ազգերուն:

Անցա՜վ հիմա բոլոր այդ գեղեցկությունը կյանքին.

Կըրակի Ցեղը, ավա՜ղ, ժամանակեն ավելի՛

Եղավ քանդող, ժանտախտեն ևս ավելի կոտորիչ,

Ան կը սիրե սերվիշի պես միշտ նըստիլ գոհունակ

Քարի մը վրա փլատակի և կըրծել ոսկրն իր շոպած:

Լըսե՛, քաղքին պատվարին մեջե ձայներ մեզ կու գան.

Դահիճ Ցեղն ալ կը տոնե իր հաղթանակն արյունռուշտ:

Կիներ, տղաներ մորթելու հաղթանակն իր վատոգի:

Հեգ ոստանին, որուն վրա լուսինն ահա կ’արտասվե,

Մեկ մասն է արդ գերեզման, հանդիսավայր մասը մյուս.

Տաճիկն ահա բըռընկցուց իր խարույկներն հըրճվանքի,

Հեծեծագին կըմախներ հանդիսաբար կը վառին.

Շուրջը սոթտված թևերով խուժանն ուրախ պար կու գա.

Արյունազարդ քըրդուհին հինայագեղ մատներով

Կը զարնե դափ, և Իսլամն, օտարակա՜ն, առջի հեղ

Այսօր գինի կը խըմե մոխիրներուն ի պատիվ:

Կիսայրյացները անդին խավարին մեջ կը հեծե՜ն.

Բայց վիրավոր մ’ավասիկ կը կոթողվի մութին մեջ,

Հետո ծունկի վրա ընդքարշ կը մոտենա խուժանին,

Եվ հեգնորեն, քըքջալիր արյուտողիք կը թըքնե

Խարույկին մեջ տոնական: Կ’անցնին հովերն ողբագին

Դիակներուն վըրայեն և վըրայեն փլատակին,

Եվ արյունի սերմերով, մոծիրներով հըրդեհի

Կ’երթան հեռու աշխարհներ գարուն մ’ուրախ ծաղկեցնել:

Օտարակա՛ն, հովերն այդ ահա ծովուն վրա լուսեղ

Առագաստները նավուդ գոգացուցին փըքուռույց,

Ա՛լ մեկնե սա դառն Երկրեն դեպի խաղաղ ափունքներդ,

Զի տատրակները մեռա՜ն, և դեղձենին խամրեցա՜վ:

Երբ նավդ անհուն սարսափով պատռե ջուրեն ու փախչի`

Հետապընդված միշտ կայտռուն դըլփիններեն` որոնք մեր

Ծովախորշերն արգավանդ եկան փընտռել դիակներ,

Երբ թիկնոցիդ մեջ ծածկած դեռ նայվածքներդ ահաբեկ

Գիրկը հասնիս ոսկիի եղբայրներուդ,– որ չըմոռնա՜ս

Անոնց ըսել թե ինչպես Կիլիկիան մորթեցին

Ազատության դափներուն նըվագին մեջ դավաճան.

Գիտեմ թե այդ եղբայրներըդ մեծագոգ նավերով

Գալ պիտ’ ուզեն… օգնությա±ն… ո՛հ, ո՛չ… մահվան մնացորդին.

Պիտ’ ուզեն գալ լոկ մեր կույս, ատոք լեռները պեղել,

Եվ մեր ծոցվոր հանքերեն կըթել մետաղն հրաշափառ,

Կըթել մետա՜ղն ու իրենց եսին կուռքերը կերտել…

Օտարակա՛ն, ա՛լ մեկնե: Կ’իջնեմ ես ալ ավասիկ

Այս բարձունքեն, ու փաթթված տառատոկիս մեջ տըրտում`

Նորեն կ’երթամ թափառիլ քաղաքին մեջ զոհերուն:

Մեռելներն հարկ է թաղեմ, և ողջակեզն օծանեմ:

Վիրավորի մը գըլուխ որձաքարին կը հեծե՜…

Աղբյուրին քով քույր մը, ո՜հ, կ’ոգեվարի անտերունջ…

Պետք է փորեմ այս գիշեր գերեզմաններ անհամար,

Եվ լուսեղեն պատանքներ հենում մինչև առավոտ.

Պետք է կերտեմ շիրիմներ, հուշարձանները կանգնեմ,

Եվ մարմարին վրա երգերս տապանագիր քանդակեմ:

Link to post
Share on other sites

Հիմա էլ փորձեմ զուգահեռաբար տանել Սևակի աշխատությունը.

Այսպես. մերթ նա կամենում է կարկինի մի ծայրը հաստատել «հավերժորեն խաչված սերին», որպեսզի մյուսով չափի Մարդուն. մերթ նա «իր սերը երազին ծոցին մեջ է նետում»` ամեն վիհ չափելու համար. մերթ նա ձգտում է կենսավետ բնության ծոցի մեջ կանգնել Աստծուն դեմ հանդիման, մերթ նա կամենում է համամարդկային ջահը վառել «գաղափարին բագնին վրա», խուսափել մթին կյանքից, ինչպես խոր անդունդից, ուր ծխի մեջ «լոկ արծաթի ձայնով իրար կըճանչնան», բայց և միևնույն պահին զգումյ է, որ «ես գերի եմ իմ գոյության պատճառին», այսինքն նրանց, ովքեր հղացել, ծնել ու սնել են իրեն` իր ծնողներին. նա զգում է, որ իր ծնողի թշնամական շունչը ուղղված է այն ջահի վրա, որը իր ձեռքով վառվել է «գաղափարին բագնին վրա»: Նա զգում է, որ մոր մազերը իր քնարին են փաթաթվում. նա լսում է այլոց խոսքերը, թե «չի ամփոփիլ հայ գրչին մեջ հայ գրողի անձնական կյանքն իսկ մթին», էլ ո±ւր մնաց վերանալ, հոգու մեջ կնքել բնության և հավերժականի պատկերը. պետք է եղծել այն, փետել թռիչքը և կառչել հողին…

Ահա Վարուժանի ողջ պոեզիայի էությունը, ահա նրա տրագեդիան, որը որոշ առումով հիշեցնում է Նարեկացու ողբերգությունը, նրա հոգեկան ալեկոծությունը, այն ահռելի տարոըբերումը, երբ նա նույն վայրկյանին համոզվելով, թե իր ձայնը հասել է Աստծուն, նույն վայրկյանին իսկ կասկածում է դրանում, նույն վայրկյանին, երբ կարծեք թե հոգեկան երկպառակտումից դուրս է եկել, նույն վայրկյանին իսկ նա խրվում է ավելի խորին երկընտրանքի մեջ: Ավելին. այդ երկփեղկվածությունը ոչ միայն կարելի է բռնել առանձին բանաստեղծությունների մեջ, երբ կարելի է հակադրել մի քառյակը, մի միտքը մյուսին, այլև այդ երկփեղկվածությունը նրա գրքերի մեջ ուղղակի կերպով:

Նրա «Ցեղին սիրտը» գիրքը հենց բաժանված, երկփեղկված է երկու իրար հակադիր, բայց իրար պայմանավորող մասերի` «Բագինին վրա» շարքը և ապա «Կրկեսին մեջ» բաժինը, որին հետևում են նաև «Դյուցազնավեպերը»:

«Բագինին վրա» շարքը ոչ այլ ինչ է, քան, ինչպես ինքն է հայտնում` իր ձեռքով վառված ջահը «Գաղափարին բագինին վրա», քան կարկինի մի ծայրը «հավերժորեն խաչված սերին վրա» բևեռելը, որպեսզի մյուսով «Մարդը չափե»: Այստեղ առավել չափով արտահայտված է նրա հոգեկան երկընտրանքի մի կողմը միայն. այնտեղ ավելի երևում են նրա համամարդկային խոհերը, այնտեղ ավելի հաջողությամբ նեղ-ազգայինը բարձրանում է մինչև համընդհանուրը, ազգային թշվառության պատկերը դառնում է ընդհանրապես մարդկության թշվառության պատկեր և իրեն, ազգային բանաստեղծի դերն ու նշանակությունը` բանաստեղծի կոչմանը առհասարակ, անկախ ազգային պատկանելությունից: Այստեղ նրա երկպառակտությունները` «իր մեջ» և «իրենից դուրս», հանդես են գալիս շատ ավելի երկմիասնաբար, քան հաջորդ շարքում:

Ահա «Նեմեսիսը»: Սա բանաստեղծի հավատո հանգանակն է, Credo-ն:

Անտաշ ու կոպիտ «իր բըրտության մեջ ննջող» մարմարե զանգվածը արվեստագետի մուրճի հարվածների տակ դառնում է Արդարության ու Վրեժի աստվածուհի, դառնում է Նեմեսիսի արձան, նա՛, որ

Եկավ զանգված մ’իր բըրտության մեջ նընջող

Եվ արթընցավ Դիցուհի՜.

Զերթ քարափերթ մ’ըստրուկ ինկավ մուրճին տակ,

Եվ կանգնեցավ Վրիժուհի՜:

Նա «Լուսնակին պես» հարստահարված ամբոխի-մոլեգնածուփ «ալիքները կքաշե դեպի ծոցն իր մայրենի». և հիրավի`

Անո՜ր, անո՜ր կը դիմեն:

Գործատունեն, թիարանեն, բանտերեն

Գըրոհ կու տան: Արյունոտ են ու քաղցած:

Դեռ բեկորներ շըղթայի` զոր ջարդեցին,

Մերկ ոտքերուն հետ ընդքաշ

Սալհատակին շըռինդ շըռինդ կը հընչեն:

…………………………………………………….

Ամեն շըղթա կը բեկտի,

Եվ կը փըլչի ամեն բանտ.

Հրապարակին մեջտեղ կրակի կը տըրվի

Կառափնարանն` հերոսներուն արյունեն

Վարդակարմիր և ճարպոտ,

Եվ իր մեծ բոցն երկնոլոր

Ամբոխներուն գիտակցության կ’ըլլա ջահ:

……………………………………………………

Ուրիշներու դըղյակ շինող ամբոխն է`

Որ ոտքի միակ մոլեգնադռույթ ոտումով

Նույն իր խորունկ գերեզմանին քարին վրա

Ահավասիկ կը կանգնի:

……………………………………………………

… Իրենց գոռուգոչումն ահավոր

Կը սասանե գահերուն վրա կայսըրներ,

Եվ կ’օրորե պատվանդանին վրա նընջող

Քերթողին քունն հանդարտիկ:

Այս գեղեցիկ բանաստեղծության մեջ ոչ միայն պարզվում է Վարուժանի ըմբռնումը բանաստեղծի կոչման մասին, այլև պարզվում է այս ամբողջ ցիկլի էությունը: Ամբողջ հետագա ցիկլը ոչ այլ ինչ է, քան հենց «Նեմեսիսի» այլազան կերպավորումը` գեղարվեստական տարբեր կտորների մեջ: Իզուր չէ, որ «Նեմեսիսը» դրված է ցիկլի սկզում իբրև «Նախերգանք»: Հիրավի, «Բագինին վրա» ցիկլում երևում է ոչ այլ ոք, քան նույն քանդակագործը, որ կերտում է Արդարության և Վրեժի դիցուհու արձանը: Այն, ինչ «Նախերգանքում» քանդակագործ-արվեստագետն է կատարում, նույնը հետագա ցիկլում` բանաստեղծ-արվեստագետը, նա, որի ձեռքով վառվում է «Գաղափարի ջահը» մի բագնի վրա, որը ոչ այլ ինչ է, քան հենց Նեմեսիսի` Արդարության և Վրեժի դիցուհու աղոթատեղին:

Այստեղ ժամանակն է հաշվի առնել մի հանգամանք, որ խիստ որոշակի նշանակություն ունի սմբողջ հայ գրականության և մասնավորապես արևմտահայ գրականության համար:

Դա հայրենասիրության հարցն է:

Մեկընդմիշտ, երբ հայ ժողովուրդը տառապում է օտար և արյունոտ թշնամական կրնկի տակ, սկսած դեռ միջնադարից, մեկընդմիշտ, երբ հայերնիքի գաղափարը, ազգային-անկախության գաղափարը, սեփական պետականության հարցը դամոկլյան սրի պես կախված էր հայ ժողովրդի վրա, մեկընդմիշտ, երբ օրըստօրե ֆիզիկապես բնաջնջման, երկարատև և տաժանելի գաղթերի վտանգը ուրվականի պես հետևում էր այդ անհայրենիք ժողովրդին, հայրենասիրությունը նրա համար և հատկապես հայ գրողի համար ոչ այնպիսի զգացում էր, ինչպես այդ կարելի է տեսնել օտար գրականությունների մեջ:

Հայ գրականության մեջ հայրենասիրությունը դարձել էր գաղափարախոսություն, աշխարհայացք: Եվ այն քննադատները, որոնք հայ այս կամ այն գրողին մոտենում են առանց այս հանգամանքը հաշվի առնելու, անշուշտ, վրիպում են իրենց խնդրից:

Մասնավորապես Վարուժանի մոտ խիստ պայծառ է դրսևորվում հայրենասիրությունը` իբրև աշխարհայացք: Ինչպես կտեսնենք քիչ հետո, «Հեթանոս երգերի» մեջ, այնպես էլ նրա «Ցեղին սիրտի» մեջ բանաստեղծի հայրենասիրությունը իսկապես որ արտահայտվում է մի ամբողջական աշխարհայացքով, և հենց այդ է պատճառը նրա հոգեկան տրագեդիայի:

Առայժմ վերացաբար ընդունելով հայրենասիրության` իբրև աշխարհայացքի գոյությունը, նկատենք, որ այս դեպքում ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե բանաստեղծը որքանով կբարձրանա ինքն իրենից, որքանով կազատագրվի իրազգային հայրենասիրությունից` դրան տալով համամարդկային բնույթ, ըստ այդմ էլ ազգային գրականության մակարդակից որքանով կբարձրանա դեպի համամարդկային գրականության բարձունքները:

Ահա հենց այդ իմաստով է, որ հայ գրողի հայրենասիրության մեջ, իբրև կիզակետում, խտանում են նրա հոգեկան երկսայրի ձգտումները, նրա հոգեկան երկպառակությունները, և բամբողջ հարցը այդ երկպառակություններից ազատագրվելու մեջ է` նրանց երկմիասնական արտահայտության միջոցով:

Այստեղ բանաստեղծի մեզ ծանոթ երկպառակությունները` «իր մեջ» և «իրենից դուրս», իրենցով պայմանավորում են երկկողմանի միայլ օրինաչափություն, որը այս անգամ վերաբերում է ոչ թե բանաստեղծի ներաշխարհին, ոչ թե նրչա հոգեկան վիճակին, այլ հանդիսանում է այդ հոգեկան վիճակի լեզվական արտահայտությունը և, վերաբերելով ավելի կերտողական կողմին, արվեստին, տվյալ արվեստագետի ստեղծագործության առավել կամ պակաս խորության և մնայնության հարցում ձեռք է բերում ոչ պակաս վճռական գործոնի դեր այն պարզ պատճառով, որ հոգեկան ապրումներն ու ներհակությունները այլ կերպ չեն կարող արտահայտվել, քան լեզվական մտածողությամբ:

Այս անգամ հարցը կոնկրետանում այն հանգամանքի վրա, որը կարելի է կոչել արտահայտություն «տողի մեջ» և արտահայտություն «տողից դուրս»:

Փորձենք ավելի շոշափելի դարձնել այս օրինաչափությունը:

Խնդիրը միայն այն չէ, թե ինչի՛ մասին է գրում պոետը, այլև այն, թե ինչպե՛ս է գրում: Շատ հաճախ նա իր նեղանձնական, սուբյեկտիվ ապրումների մասին (ի՛նչը) կարող է արտահայտվել այն ձևով (ինչպե՛ս-ը), որ այդ «ինչը» միանգամայն այլ բնույթ ստանա, դառնա ընդհանուրի օբյեկտիվ ապրումը` դադարելով անհատական լինելուց:

Սակայն գրականագիտության մեջ մի աքսիոմա է, որ հայտնի է բոլորին:

Սակայն շատ հաճախ արվեստագետը, տվյալ դեպքում բանաստեղծը, կարող է իր այս կամ այն բանաստեղծության մեջ իր այս կամ այն հույզը արտահայտելու գործում վիրտուոզության հասնելով հանդերձ շատ ավելի սահմանափակ ոլորտի մեջ մնալ, քան իրոք կարելի էր սպասել նույն հուզը, կամ նույն ապրումը փոքր-ինչ այլ ձևով ներկայացնելու դեպքում:

Հենց բանաստեղծության նմանօրինակ որակն է, որ մենք անվանում ենք արտահայտություն «տողի մեջ»:

Այլ կերպ ասած` բանաստեղծը կոնկրետ, շոշափելի կերպով կարող է կերպավորել մի հույզ, մի զգացում, մի գաղափար, մի երևույթ` այդ հույզը, զգացումը, գաղափարը` երևույթը դիտելով բոլոր կողմերից, բայց դիտելով «տողի մեջ»:

Խնդիրը միայն այն չէ, թե ինչպե՛ս և ի՛նչ է արտահայտում բանաստեղծը «տողի մեջ», այլ, որ ամենագլխավորն է, այն, թե տվյալ դեպքում ինձ ի՛նչ է թելադրում նրա տվյալ ստեղծագործությունը «տողից դուրս», այն, որ ես իբրև ակտիվ ընթերցող ի՛նչ չափով և ի՛նչ ուղղությամբ եմ մասնակցելու նրա ստեղծագործական ներշնչմանը` «տողի մեջ» արտահայտածից բխեցնելու նաև «տողից դուրս» արտահայտածը, ավելի ճիշտ` չարտահայտածը, բայց արտահայտելին, այսինքն` կոնկրետից անցնելու դեպի վերացականը, մասնավորից` դեպի ընդհանուրը, անձնականից` դեպի հասարակականը, ազգայինից` դեպի միջազգայինը:

Ա՛յս իմաստով և միայն ա՛յս ձևով է հնարավոր տալ գեղարվեստապես լիարժեք գործեր, ա՛յս իմաստով և միայն ա՛յս ձևով է հնարավոր բարձրանալ ինքն իրենից, ազատագրվել հոգեկան ներհակ պառակտումներից` նրանց միասնաբար հանդես բերելու իմաստով:

Ավելի պարզ ասած, տվյալ դեպքում հայ գրողի համար անհրաժեշտ է և անխուսափելի գեղարվեստական ստեղծագործության նյութ դարձնել յուր սեփական հայրենիքի, կոնկրետ կերպով յուր սեփական հոր կամ մոր տառապանքը, յուր սեփական ազգի օրհասական վիճակը, առանց որի նա կզրկվեր կայուն հողից և կախված կմնար օդում:

Սակայն ամբողջ խնդիրը այն է, որ այդ ամենը նա արտահայտել կարողանա «տողի մեջ» այնպես և այն ձևով, որ ինձ` ընթերցողիս, «տողից դուրս» թելադրի յուր սեփական հայրենիքի առնչությամբ համայն տիեզերքի, յուր սեփական հոր կամ մոր տառապանքով` առհասարակ հայրության և մայրության, յուր սեփական ազգի վիճակով` համայն մարդկության վիճակը: Այստեղ արդեն, հիրավի, նա արտահայտած կլինի իր հոգեկան երկընտրանքը ու երկպառակտությունը միասնաբար, ինչպես ասում են` մի գնդակով երկու նապաստակ որսալով:

Մեկընդմիշտ, երբ մենք բացահայտել ենք հոգեկան ներհակությունների երկսայրի բնույթը հայ գրողի մոտ առհասարակ և Վարուժանի մոտ մասնավորապես, մնում է խնդիրը տանել այն ուղղությամբ, թե այդ երկսայրի հակասություններն ինչպե՛ս և որպիսի՛ հաջողությամբ է արտահայտում Վարուժանը «տողի մեջ» և «տողից դուրս», որով և մենք պարզած կլինենք նրա ստեղծագործության արժեքն ու նշանակությունը: Հենց այդ տեսակետից էլ պիտի մոտենալ Վարուժանի հայրենասիրությանը, և կրկին պիտի դառնալ «Ցեղին սրտին»:

Այժմ գալով «Բագինին վրա» ցիկլին, նկատենք, որ համեմատած «Կրկեսին մեջ» ցիկլին և առավել ևս «Դյուցազնավեպերին», այստեղ առավել հաջողությամբ են դրսևորվում «տողի մեջ» և «տողից դուրս» հասկացությունները այն իմաստով, որ այդտեղ Վարուժանի հայրենասիրությունը կրում է շատ ավելի ընդհանրական, շատ ավելի համընդհանուր բնույթ և այդ ոչ թե բացասական իմաստով, այլ այն իմաստով, որ այստեղ ազգային տառապանքն ու թշվառությունը «տողի մեջ» փոխարկվում են համամարդկային ապրումների «տողից դուրս»:

Ահա «Ողորմությունը», որին մենք իր ժամանակին անդրադարձել ենք. ահա «Թիապարտները». ահա մեզ ծանոթ «Լվացարարուհին»: Ահա «Հայհոյանքը», երբ պառավ մայրը իր 80-ամյա հավատքի մեջ դառնալով Աստծուն և նշելով իր տեսած ու ապրած բոլոր արհավիրքները` զայրագին բացականչում է.

Դու որ Որդվույդ Խաչն ողբալեն բըլշակնած

Իմ աչքերս այս սահմանեցիր դեռ լալու

Մորթըված յոթը զավակ,

Դու` զերդ Վիշապ երկնածին

Երկու թաթերդ երկու ամպի վրա դըրած,

Ծըռե՛ և տե՛ս. Ողորմությանդ սըտությունն

Հոն վարը, տե՛ս. գյուղե՜ր, գյուղե՜ր և գյուղե՜ր

Կը հըրդեհվին, և բոցն իրենց կը հասնի

Արարատեն բարձըր և բա՛րձըր քեզմե.

…………………………………………………….

Ինձ ունկնդրե՛. Հանո՜ւն այն

Ժողովուրդին` որ քեզ սիրեց և առանց

Քու օգնությանդ խաչվեցավ,

Հանո՜ւն անոր` որ ողջակեզ ըրավ քեզ

Ոչխարներեն ամենեն կույսն, ամենեն

Լըծընկեցն իր ցուլերուն,

Եվ իր գինին խըմորած

Սափորներու մեջ պորփյուր

Քու արյունիդ սահմանեց.

Հանուն անոր` որուն սըրտին վրա, դարեր,

Իբր ադամանդ կըռվանի

Կայծակնացոլ ոտքըդ դըրիր, ուզեցիր

Որ կըրունկիդ տակ փըշրելով

Եղջյուրներն իր դիմամարտ`

Սըրբարանիդ մարմարներուն վրա միայն

Հույսին ձեթերը վառե…

……………………………………………….

Հանուն այդ հեգ Ժողովուրդի՛ն կ’ըսեմ ես

Սա մըթընշաղ ժամուն մեջ ո՛ւր որ ըլլաս,

Ո՛ր աստղին մեջ և կամ ո՛ր

Թուխ ամպին վրա շանթ ի բռին,

Իմ կըռուփս ըզքեզ կը գըտնե

Եվ բերանս իմ կ’հայհոյե՜...»:

Սա բողոքի և հոգեկան ահավոր պոռթկման արտահայտություն է, մի հրաշալի, բայց և սարսափելի նկարեն պատկեր, ուր դրսևորված է մարդկային հոգեբանության մի դրամատիկ անցում, տարիներով ամբարված և վայրկենապես դրսևորված մի հորձանք, որի առաջ կարելի է փշաքաղվել և, անկախ կենսափորձի համընկնումից, զգալ ողբերգական պահի ամբողջ ահավորությունը: Անգիտակցականից գիտակցականի, լռությունից բողոքի անցնելու այս վայրկյանը, նայեցե՛ք, թե որքան է խտանում բանաստեղծության վերջամասի մեջ, երբ սարսափելի, ահավոր բողոքից հետո, իջնում է առավել ահավոր լռությունը.

− Ըսավ: − Իր շուրջը տըղաներն ահաբեկ`

Գլուխնին ծածկած թևերուն տակ իրենց մոր

Ըսկըսան լալ, և կիներն ալ աղոթել.

Իսկ գազանները հեռավոր լեռներեն`

Արարչին սուրբ Անվան համար վրեժխընդիր`

Լուսինն ի վեր եկա՜ր երկա՜ր ոռնացին...

Ակամա կծկվում են ջղերդ, և լսում ես սրտիդ բողոքող բաբախյունը: Իսկ նա`

Չը լըսեց ան, կամ չուզեց

Ոչինչ լըսել: Մոտենալով դիվահար

Լայն անդունդի մ’առլեփին,

Մըրթմըրթալով, հուսահատ,

Ինքզինքը վար արձակեց...

Երկար ժամանակ չի կարելի ազատվել այս տեսարանի տպավորությունից: Կարծես ոչ թե կարդացել, այլ տեսել կամ մասնակցել եք այդ ահավոր արարողությանը:

Նույնպիսի հաջողությամբ բանաստեղծի երկպառակտությունները միասնաբար հանդես են գալիս նաև «Օձը», «Մարած օճախը», «Կարոտի նամակը» և այլ բանաստեղծություններում, որնց մեջ, պահպանելով տեղային կոլորիտը, բանաստեղծը հասնում է խորին ընդհանրացումների:

Ոչ մի կասկած, որ ինչպես այս բանաստեղծությունները, այնպես էլ այս ողջ գիրքը իր անմիջական ստիմուլը առել է հայկական ջարդերից և հայ ժողովրդի օրհասական վիճակն է պատկերում: Սակայն այս բոլորովին խաթարող հանգամանք չի ծառայում բանաստեղծի համար բարձրանալու ազգայինից դեպի համամարդկայինը:

Link to post
Share on other sites

12. ԿԱՐՈՏԻ ՆԱՄԱԿ

Կը գըրե մայրս. «Ո՛վ իմ որդյակըս պանդուխտ,

Դեռ մինչև ե՞րբ պիտ' անծանոթ լուսնի տակ

Օրերդ անցնին, դեռ մինչև ե՞րբ հեգ գըլուխդ

Ես չըսեղմեմ լանջքիս տաք:

Հերի՛ք օտար սանդուղներեն ելլեն վեր

Ոտքրեդ` որ օր մ'ափերուս մեջ տաքցուցի.

Հերի՛ք ալ աիրտս` ուր իմ ծիծերս եմ պարպեր`

Դատարկ սըրտես դուրս հյուծի:

Ջահրակին տակ թևերս աշխատ հոգներ են.

Կ'հուսեմ պատանքս ա՛լ ծամերովս ըսպիտակ.

Ա՜խ, քեզ տեսնեն անգամ մ'աչքերս ու փակեն

Թող հոգիս ա՛լ իրենց տակ:

Դըրանս առջև կը նըստիմ միշտ տըխրալիր

Լուր կ'ուզեմ վրադ ամեն կռունկե` որ կ'անցնի.

Այն ճյուղն ուռի` զոր քու ձռքով տընկեցիր,

Վըրաս կ'ընե հովանի:

Իրիկունները զո՛ւր դարձիդ կը սպասեմ.

Կու գան կ'անցնին գյուղին քաջերը համակ.

Մշակը կ'անցնի, կ'անցնի կովարծը վըսեմ.

Կը մնամ լուսնին հետ մինա՜կ:

Ավերակ տան մեջ անտերունջ եմ թողված,

Մերթ շիրիմիս, մերթ օճախիս ծարավի.

Կրայի մը պես` որուն աղիքն իր կոտրած

Պատյանին հետ կը կըցվի:

Եկո՜ւր, որդյա՛կ, հայրենի տունըդ շենցուր.

Դուռն են կոտրեր, մառաններն ո՛ղջ դատարկեր.

Կը մըտեն ներս լուսամուտեն ջարդուփշուր

Գարնան ամբողջ ծիծառներ:

Այն բազմաթիվ հոտեն, գոմին մեջ, եղո՜ւկ,

Մընացեր է խոյ մը միայն քաջարի`

Որուն մայրն օր մ' – հիշե՛, որդյա՛կ– դեռ գառնուկ

Կերավ ափիդ մեջ գարի:

Թեփով բրընձի և առվույտով պատվական

Սընունդ կու տամ արդ անոր պերճ դըմակին.

Տոսախ սանտրով կը սանրեմ բուրդն աղվական.

Ան զոհ մըն է թանկագին:

Դարձիդ` պըճնած վարդերով գլուխն իր համակ`

Պիտի մորթեմ կյանքիդ համար ծաղկատի.

Իր արյան մեջ պիտի լըվամ, քա՛ղցր որդյակ,

Ոտքերդ հոգնած պանդուխտի»:

Նաիրուհի ջան,դպրոցական տարիներին երբ կարդում էի մեր արևմտահայ բանաստեղծների ոտանավորները "Կարոտ"ի վերաբերյալ,չէի հասկանում իմաստը,իսկ այժմ ապրելով օտարության մեջ,նոր եմ հասկանում այդ ոտանավորների իմաստը:

Շնորհակալություն այդ գեղեցիկ բանաստեղծության համար: :flower:

Link to post
Share on other sites

Նաիրուհի ջան,դպրոցական տարիներին երբ կարդում էի մեր արևմտահայ բանաստեղծների ոտանավորները "Կարոտ"ի վերաբերյալ,չէի հասկանում իմաստը,իսկ այժմ ապրելով օտարության մեջ,նոր եմ հասկանում այդ ոտանավորների իմաստը:

Շնորհակալություն այդ գեղեցիկ բանաստեղծության համար: :flower:

Աստծո կամոք թող բոլոր կարոտյալ հայերի առագաստը հայրենի ափ հասնի... :flag:

Ահավասիկ «Մարած օճախը»: Ավերել են նրա օջախը և իրեն մորթել տան մեջ և այդ «մարած օճախը» «մեռելի մ'անփակ աչքին հանգունակ», «արևուն և կյանքին» հանդեպ եղել է «միշտ բաց, նաև միշտ ալ զրկված»: Եվ այդ մահագիր ու ավեր տան մեջ միակ կենդանի շունչը տիրասեր տան կատուն է, որ պտտվում է դիակի շուրջը և իր մլավոցով վանում «երամը մը ագռավներու»:

Եվ այդ սարսափ ազդող բանաստեղծությունից հետո գրված է «Օձը», որին իբրև բնաբան բերված է «իսկ ապրող հայերն ալ ասպես ապրեցան» խոսքերը: Այս բանաստեղծության մեջ սիմվոլիկ պատկերով տրված է հայ ժողովրդի, որպես վեր բարձրացող, առաջընթաց, կուլտուրական ուժի և մյուս կողմից` սուլթանական Թուրքիայի վար իջնող, հետադիմական և արյունախում բնավորության իսկական հակադրությունը, բայց միաժամանակ, եթե մոռանանք վերոբերյալ բնաբանը, այլևս այնտեղ շոշափելի իմաստով տեսողական, նեղ-ազգային ոչինչ հնարավոր չէ գտնել: Այդ սիմվոլի լեզուն որքան հային, հավասարապես նույնքան հարազատ կարող է թվալ ամեն մի ազգի, իբրև ստեղծագործ ուժի և բնաջնջող ախտի հակադրություն:

Ահավասիկ այդ բանաստեղծությունը քաղվածաբար.

Տըղա կյանքիս, օգոստոսի մ'արևով,

Կ'ելլեի ես անկե [հեղեղատով] վեր,

Դեպի լեռն այն, դեպ իր դաշտերն ընդարձակ…

……………………………………………………….

Կեցա՛ հանկարծ, ու արևն հետըս կեցավ

Խարըսխըված գըլխուս վրա.

Վերեն` խրամատ ժայռե մը դուրս սըլացիկ`

Վա՛ր կու գար օձ մը հըսկա:

Ալիք ալիք օղակներով իր ճապուկ

Դահանակի և լալի,

Ու շըչելով` իբրև եղեգ մ'հողմակոծ`

Ան կ'իջներ, ես կ'ելլայի:

Տեսանք զիրար, կեցանք, զիրար չափեցինք...

Իր բոլոր զենքը անի

Բերանին մեջ հավաքեց, ես` աչքերուս,

Ես, դեռ անզեն պատանի:

Ոստում մ'ըրավ նավածքներուս ուղղությամբ`

………………………………………………………

Եվ փաթթելով ինքզինք մատղաշ իրանիս

Իբրև բաղեղ` վարդենվույն,

Կուրծքը կուրծքիս դըրավ, ուղղեց շըրթներուս

Կոր գըլուխն իր լիաթույն:

Ես պարուրված ոլորտներուն մեջ իր ցուրտ

Մահվան դողով դողացի.

Մինչդեռ աչքերս իր աչքերուն խըմցուցին

Թովչանքն հոգվույս մըտացի.

Դըրին անոնց բոցերուն մեջ դեղնորակ

Իմաստությունը մարդուն,

Ըղեղին լույսն` որ քընացուց կամ սանձեց

Բընազդը նենգ կենդանվույն:

Խայթն ամփոփեց. ու ես կյանքի, մահվան մեջ,

Կյանքի, մահվան արցունքով

Արտասվեցի: Ան բերանն իր բացած լայն

Կըզակիս տակ, անվըրդով,

Խըմեց շիթ շիթ կաթող արցունքն արտերես,

Քամեց բիբերըս բերրի….

……………………………………………………..

Հետո շըչաց ու նոր օղակ մ'ընելով

Շուրջը վըզիս` զայն սեղմեց.

Մինչ պոչն իր նո՛ր քաղցով ետևը ճոճուն`

Կը ջախջախեր քար մը մեծ:

……………………………………………………

Ու ես վայրկյան մ'ըզգացի մեջըս փակված

Չորս ճամբաները կյանքին:

Ու ունչերես ու աչքերես բըխեցավ

Արյունըս դուրս սորսորուն….

………………………………………………………

Իսկ ան հեցած կըզակն ուղիղ կըզակիս

Խըմեց արյունս անդեղյա:

Մեն մի կըլլված շիթ, որ կ'իջներ` կը զգայի

իր մարմնույն մեջ, մարմնույս վրա:

…………………………………………………….

Կըշտացած էր. վիզես, մեջքես, ծունկերես

Լուծեց օղերն համրաբար,

Միշտ հիշատակն իր օձ – ձևին թողելով

Շուրջն իրանիս դալկահար:

Կըշտացած էր իմ արցունքով, արյունով...

Ա՛լ, զերդ ոճիր կենդանի,

Արփվույն ներհակ, միշտ այդ կարմիր ճամբայեն`

Ան կ'ջներ, ես կ'ելլա՜յի....

Սակայն միշտ չէ, որ Վարուժանն իր հոգեկան ներհակություններից ազատվում է նրանց երկմիասնական արտահայտությամբ: Միշտ չէ, որ նա «տողի մեջ» արտահայտածով ենթադրել է նաև « տողից դուրս» արտահայտելին: Շատ հաճախ` մղված գազանային արհավիրքները անմիջաբար պատկերելու ցանկությունից, նա գրում է բանաստեղծություններ, որոնք, «տողի մեջ» զարմանալի պատկերավորությամբ, արտահայտչական դիպուկ միջոցների կիրառմամբ, մտքի զարմանալի թռիչքներով առատ լինելով, այնուհանդերձ, թույլ չեն տալիս, ավելի ճիշտ հիմք չեն ծառայում «տողից դուրս» ընդհանրացումներ կատարելու: Այդպիսի դեպքերում նրա երկպառակտումը «ինքն իր մեջ» լուծվում է այդ երկպառակտման մի կողմը միայն պատկերելով: Այսպիսի դեպքերում նա, հիրավի, կերտում է բանաստեղծություններ, որոնք իսկապես չեն բավարարում Տերյանի, որ նույնն է` նաև լիարժեք արվեստի պահանջները: Այսպիսի դեպքերում նրա բանաստեղծությունները դուրս չեն գալիս տեղական ազգային շրջանակներից`հասկանալի մնալով միայն այն ժողովրդին, որի ծնունդն է ինքը` բանաստեղծը:

Շոշափելի կերպով հայկական, հաճախ պատմական տեղանուններով և անձնանուններով չափից դուրս ծանրաբեռնված նրա այդպիսի բանաստեղծությունները իրենք իրենց կաշկանդում են ազգայինից դեպի համազգայինը, հայկականից դեպի համաշխարհայինը բարձրանալու գործում:

Սիամանթոն շատ ավելի խորությամբ անդրադարձավ իր ժողովրդի օրհասական վիճակին, շատ ավելի երկարատև, շատ ավելի անջնջելի պահեց իր ստեղծագործության մեջ հայկական կոտորածների, հայ ժողովրդի բնաջնջման սարսափը. եթե «Ցեղին սրտից» հետո Վարուժանը գրեց իր «Հեթանոս երգերը», որոնց մեջ ավելի հեռվից անդրադարձավ այդ կոտորածներին,շատ հաճախ ընթերցողի աչքից կորցնելով դրանց հետքերը, եթե «Հեթանոս երգերից» հետո իր «Հացին երգի» մեջ այդ հետքը համարյա իսպառ ջնջեց` տալով հայ շինականի ստեղծագործ խաղաղ շինարարական գործունեությունը, այլ կերպ ասած` եթե Վարուժանն իր պոեզիայում մտցրեց այլազան գույներ և այլազան երևույթների պատկերում` հասնելով մինչև իսկ բանվորական շարժման գաղափարին, ապա Սիամանթոն, ընդհակառակը, իր ողջ պոեզիան ծառայեցրեց նույն սևեռյալ նպատակին` հայ ժողովրդի վիճակը համիդյան ռեակցիայի տարիներին պատկերելուն:

Սակայն չնայած Սիամանթոն իր ողջ կյանքում համարյա ոչինչ չգրեց բացի «կոտորածներից», «ավերումի գիշերներից», այնուամենայնիվ, նրա պոեզիան համեմատած Վարուժանի պոեզիայի այն էտապի հետ, որի մեջ նրանց ստեղծագործությունները գլխավոր մոտիվներով համընկնում են, անշուշտ մի քայլ առաջ է հենց այն իմաստով, որ Սիամանթոն, կրկնում եմ, ավելի խորությամբ ապրած լինելով հայ ժողովրդի տվյալ վիճակը, այնուամենայնիվ, միշտ, կամ համարյա միշտ [հեռանում է] նեղ, տեղական տարրից` իր ստեղծագործությանը տալով ավելի ընդհանրական բնույթ: Եթե մի կողմ դնենք նրա «Հայորդիներ» շարքը, ապա նրամնացած գործերում դժվար է գտնել երևույթներին հականե-հանվանե դիմելու տենդենց, հայոց պատմական անձնավորությունների և տեղանունների զեղման փաստ, ինչպես այդ նկատվում է Վարուժանի մոտ:

Սիամանթոյի այդօրինակ գործերը հասկանալի և այժմեական կարող են լինել բոլոր ժողովուրդների և բոլոր ժամանակների համար` կոտորածների, արհավիրքների, ահավոր պատերազմների, պատմական ամեն տեսակ մռայլ ուժերի սրածությունների ժամանակ` կուլտուրական և ազատատենչ ուժերի բնաջնջման նկատմամբ: Նրա այդօրինակ բանաստեղծությունները նույնիսկ մեր ժամանակներում նույնքան հարազատ կարող էին թվալ մի հաբեշի, մի իսպանացու, մի հույնի` ընդդեմ գերմ[անական]-իտալական զավթիչների և այսօր` ամեն մի խորհրդային քաղաքացու, Հայրենական պատերազմի ժամանակաշրջանում` գերմանական զավթիչների ավերածություններն ու գազանությունները նկատի առնելով:

Այդնույնը չի կարելի ասել Վարուժանի այնպիսի բանաստեղծությունների մասին, որոնց մի մասը ամփոփված են նրա «Կրկեսին մեջ» ցիկլում, «Դյուցազնավեպերի» մեջ և «Ջարդ»-ում:

Այդօրինակ բանաստեղծությունների մեջ ազգային կոխկրտված արժանապատվությունը, վրեժի և ատելության լավան շատ հաճախ, բանաստեղծին հանելով արվեստի սահմաններից, բանաստեղծին գցում են հռետորականության մեջ. այդպիսի դեպքերում շատ հաճախ կորցնելով չափի զագցումը, նա անցնում է մերկ կոչերի, լուտանքների, ու եթե Վարուժանին այդպիսի դեպքերում փրկում է որևէ բան, դա նրա զարմանալի պատկերավոր ոճն է, ամեն կարգի երևույթների մեջ պատկերավորման համապատասխան եղանակը գտնելը, որը, ինչ խոսք, որոշ չափով մեղմացնում է հռետորականության և կոչի դիսոնանսները:

Առանձնապես կարիք չկա նմանօրինակ բանաստեղծությունների վրա երկար կանգ առնել. բավական է հիշել նրա «Ալիշանին շիրմին առջև», «Անիի ավերակներուն մեջ», «Դերենիկ», «Կիլիկյան մոխիրներուն», «Արծիվներու կարավանը», «Առևանգիչը», «Առաքյալը» և այլ բանաստեղծություններ, որպեսզի մեր միտքը մեկընդմիշտ հաստատված երևա:

Այդ ուղղությամբ են զարգանում նաև նրա «Դյուցազնավեպերը», որոնց գեղարվեստական թուլությունը շատ ավելի ակնբախ է դառնում նաև այն պարզ պատճառով, որ նրանց մեջ առկա է ուժեղ սյուժետային տարր, մի բան, որ իրենով ենթադրում է մարդկային հոգեբանության դրսևորում համոզեցուցիչ պարագաների մեջ, գործողությունների ռեալիստական պատկերավորում, խնդիրներ, որոնք լուծված են ոչ միայն գեղարվեստական ռեալ և համոզիչ պրիոմներով, որքան ռոմանտիկական երանգավորումով: Հիշենք «Արմենուհին», «Երկիտ Տոնելը» և այլն:

«Հովիվը» որոշ իմաստով կարող է բացառություն կազմել: Սակայն այս կարգի ստեղծագործությունների մեջ առավել չափով դրսևորված է Վարուժանի կարողությունը` հաս[արակական]-քաղաքական հարցերը, եվրոպական դիպլոմատիայի խաղերը պարզ կերպով հասկանալու ուղղությամբ:

Եթե Սիամանթոն կոչ էր անում իր հայորդիներին` պայքարել այն աստիճան, որ ջրերի վրա լողացող նավերը (իմա´ Եվրոպական երկրների նավերը) նկատեն այդ և օգնության շտապեն, այսինքն լիբերալ բուրժուական մտայնության այն թեզը, թե հարկավոր է արյուն թափելով գրավել Եվրոպայիուշադրությունը, ապա Վարուժանի համար մեկընդմիշտ պարզ է եվրոպական դիվանագիտության էությունը:

Օտարականին մեկ-մեկ ցույց տալով Կիլիկյան բոլոր արհավիրքներն ու ավերները` վերջում բանաստեղծը դիմում է նրան.

Երբ թիկնոցիդ մեջ ծածկած դեռ նայվածքներդ ահաբեկ

Գիրկը հասնիս ոսկիի եղբայրներուդ,– որ չըմոռնա՜ս

Անոնց ըսել թե ինչպես Կիլիկիան մորթեցին

Ազատության դափներուն նըվագին մեջ դավաճան.

Գիտեմ թե այդ եղբայրներըդ մեծագոգ նավերով

Գալ պիտ’ ուզեն… օգնությա±ն… ո՛հ, ո՛չ… մահվան մնացորդին.

Պիտ’ ուզեն գալ լոկ մեր կույս, ատոք լեռները պեղել,

Եվ մեր ծոցվոր հանքերեն կըթել մետաղն հրաշափառ,

Կըթել մետա՜ղն ու իրենց եսին կուռքերը կերտել…

Կամ §Ջարդ¦-ի մեջ դիմելով Հայաստանին` գոչում է.

Լա՛ց ու պատռե ծիծերդ ըզմեզ մեծցընող

Երակներեդ թող հոսե թույն մ՚ոխության

Ու Թեյմըզի, Հըռենոսի, Վոլկայի

Ակերն ամբողջ լեցընե ժահը, սևցընե,

Զի հոն լվացին քեզ դատող

Պիղատոսներն իրենց ձեռքերն ու հոգին…

………………………………………………..

Եվ ճակտիդ դեմ փակելով

Դեսպանական իրենց դըռները` կ՚ընեն

Սեմերեն ներս, նույն քու մահվանըդ վրա

Ճառեր ծափով ընդունված,

Ծըրագիրներ համակիր

Որոնք հետո տապանագիրըդ եղան:

Կամ`

Խանձումն ու հոտը մարմնի

Մեր սերմերեն, օրոցքներեն դեպի վեր,

Դեպի երկինք կը ճենճերին` որոնց դեմ

Իրենց պինչերը բացած`

Ալլահն ամպին մեջե, Սուլթանը ցեխին

Հոտոտելով փոխն ի փոխ`

Կը ժըպտին հաշտ իրարու,

Եվ Եվրոպան դեմքն իր ետև դարձուցած

Կոպերը թաց կը շըփե –

Մեր ծուխեն աչքն իր բոզի

Կըսկըծելո՜ւն համար լոկ:

Ավելին, երբեմն նաև առանձին կտորների մեջ, նա իր հայրենասիրությունը հասցնում է այն առավելագույն աստիճանին, որ դուրս գալով թուրքական ռեակցիայի սահմաններից, կոնկրետ` Սուլթան Համիդից, անցնում է ավելի լայն ընդհանրացումների: Հայ-թաթարական կռիվների առթիվ գրած իր մի բանաստեղծության մեջ (§Վիրավորը¦) նա երազում է ցարի և սուլթանի կամ բռնության կործանումը:

Նույնպիսի պաթոսով է ներկայացնում նա իր խորին հիասթափությունը Աթուրքական սահմանադրությունից, մի հիասթափություն, որ խիստ տիպական էր ամբողջ հայության և մասնավորապես արևմտահայության համար:

Օսմանյան բուրժուական սահմանադրության հրապարակումը մի պահ թվաց ժողովուրդների եղբայրության և ազատության տոն, երբ ժողովուրդները §կանաչին վրա Վոսփորին եղբայրության խրաճանքին նստեցին¦, երբ անգամ §Ավերակներու տիկինը¦- Հայաստանի մայրը, նա, որ դարերով

Քուրձ կը հագվեր, մոխի¯ր կ’ուտեր,

Եվ մայրորեն ծիծերն ափին մեջ բըռնած` Անմահությունն իր անոնց մեջ կ’օրորեր…

անգամ նա, լսելով §Ամբոխների ծովածուփ հրավերը¦ միացավ §եղբայրական հանդեսին¦, գինովցավ նրանց մեջ և հարսնացավ §Մեծ ազգին հետ օսմանյան¦` դառնալով մի մայր`

Որ գիշերվան մեջ հերոսներ կը թաղե,

Առավոտուն կ’ըլլա հարս…

Բայց որքան ուժեղ էր հակումը դեպի այդ սահմանադրությունը, նունչափ զորավոր էր նրան հաջորդող հիասթափությունը, մի բան, որ բանաստեղծն ամբողջ խորությամբ ամփոփում է մի տողում.

Ըսե° Այրի, ըսե° Դըշխո, ըսե° Մայր,

Պիտի հրաբուխդ ա±յսպես լեռն իր պայթեցներ:

Ահա այն ուղին, որով անցել է Վարուժանի հայրենասիրությունը և այն տեղը, որտեղ նա մնաց մինչև §Հեթանոս երգերը¦, որտեղ առավել խորությամբ դրսևորվեցին պոետի հոգեկան ներհակությունները, և որտեղ նրա հայրենասիրությունը, ազգային և համազգային ապրումները ստացան նոր որակ և նոր յուրօրինակ կերպավորումներ:

§Ցեղին սրտի¦ մեջ արդեն, ինչպես տեսնում ենք, հայ ժողովրդի ազատագրությունը, օսմանյան կառավարության ռեֆորմներով կամ եվրոպական կառավարությունների միջամտությամբ Վարուժանի համար անիրագործելի և անհուսալի մի հարց էր. Հայ ժողովրդի կրած տառապանքների, արհավիրքների և ատելության հրաբուխը այդ կերպ չէր կարող բռնակալության լեռը պայթեցնել:

Այդ երանելի ազատագրությունը չէր կարելի նաև սեփական ուժերով: Բանաստեղծը, չնայած իր բարձրացրած կոչերին, չնայած բանաստեղծի կոչման իր հասկացողությանը ¥տես` §Նեմեսիս¦¤, այնուամենայնիվ, ցավոք, համ,ոզված է դրանում, որովհետև իր անիրական հայրենիքի §թշվառ որդիները¦

Կամ հեռացած հորենական երկըրեն

Կըխառնակին ազգերու խորթ արյունով,

Կամ նույն երկրին ծոցին մեջ

Կըմեռնին լուծն ուսերուն,

Ապրողներուն թողլով մաս

Մերկացում ողջ հայութենեն, խորդացումն`

Որով կ’ըլլան իրարու դեմ թշնամի

Եվ թըշնամվույն դեմ` ծառա:

Հայրենիքի այսպիսի վիճակը կամ, ավելի ճիշտ, հայրենիքի բացակայությունը բանաստեղծի մեջ ծնում է խորին նոստալգիա, հիվանդագին կարոտ հայրենիքի նկատմամբ: Այս նոստալգիան իրենով պայմանավորում է մի երկկողմանի պրոցես: Մի կողմից դրա ծնունդն են Վարուժանի պանդխտական երգերը` §Կարոտի նամակ¦, §Ծեր կռունկ¦, §Պատվեր¦, §Հիվանդը¦, վերջապես §Կարմիր հողը¦, որոնցից յուրաքանչյուրը մի-մի գլուխգործոց են իրենց տեսակի մեջ: Մյուս կողմից` այդ նույն պատճառով հայ գրողը բնականաբար հետադարձ հայացք է ձգում Հայաստանի պատմական անցյալը, դեպի այն դարերը, ուր հայ ժողովուրդը զուրկ չէր հայրենիքից, ուր ինքնուրույն պետականության փաստը իրենով պայմանավորում էր տնտեսական և կուլտուրական բարգավաճում:

Իրականում Վարուժանի անցումը §Ցեղին սրտից¦ դեպի §Հեթանոս երգերը¦, դեպի հեթանոսական դարերը ոչ թե միջնադարի գովերգություն էր, ոչ թե ֆեոդալականության փառաբանում, ինչպես դիտել են ոմանք, այլ բնական հետևանք նրա հայրենասիրության, որի համար հենց նույն մարդիկ գովել են նրան:

Link to post
Share on other sites

Նորից դառնամ Վարուժանի ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ ժողովածուին, մի փոքր ուղղում անեմ ԲԱԳԻՆԻՆ ՎՐԱ վրա շարքը ամփոփող բանաստեղծությունները գնացել են սխալ համարակալմամբ, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը. 19. ԴԻԱԿԻ ՍԱՅԼԸ, 20. ՀԱՅՀՈՅԱՆՔ, 21. ԿԻԼԻԿՅԱՆ ՄՈԽԻՐՆԵՐՈՒՆ

ԿՐԿԵՍԻՆ ՄԵՋ

22. ՎԵՐԱԾՆՈՒԹՅՈՒՆ

Ա՛յսպես երգեց Վերածնուհին` երբ բացավ

Թևերն ուղիղ դեպ երկինք,

Երբ մատներն իր մըխըրճեցան մեղմորեն

Կապույտին մեջ լուսածոր.

– «Կ’ելլե՜մ, կ’ելլեմ. նախճիրներու ծընունդ եմ.

Վայրկյան մ’ալ դեռ և ահա

Վարդի թերթե ծընած ոգվո մ’հանգունակ

Ա՛լ կ’ազատեմ ոտքերս արյան քողերեն:

Զիս հըղացող արգանդեն

Եվ այն ծոցեն որ խուճապներս օրորեց

Մեծցած կուսան` կը հառնեմ

Վե՜ր, դեպի վե՜ր, լըվալու,

Գլուխս աստղերու ալիքներուն մեջ հրաբորբ:

Ոտքրես ա՛լ վար կը թոթվեմ մըզանքներս

Եվ խանձարուրս և պորտընկերս և մըթարս

Եվ ամպերն կը դիտե

Զիս իբր աղիք պատող փողերն հրացանին,

Ծո՛վն արյունի դիակներով խարակված`

Որ բուսատպսակ մարմար ճակատս ողորկեց

Եվ օծանեց մայրորեն

Մազերըս լի՛ մըրրիկներու համբույրով.

Կը դիտեմ մեծ հոգիներն հայ Հանճարին,

Որոնք իրենց գանկին թասով ըղեղնին

Ջամբեցին իմ ծըրթունքներուս մանկական.

Կը դիտեմ գոռ պայթած ռումբերն հրակոկոն,

Այդ կըճեպներն իմ սըրտիս

Որոնց բոցերն արյունս հուռթի կ’ընեին.

Կը դիտեմ վարն նաև մեռած եղբայրներ

Նույն արգանդի մեջ սընած,

Որոնց, ինծի հավասար,

Մեր Մայրը կյանք չըտըվավ,

Չը կամեցավ իր սիրտը լայն և աստղերն`

Իրմե զանոնք մոլեբար դուրս վիժելով.

Գուցե մեր Մայրն այդ լավ գիտնար` թե անոնց

Սև սաղմին մեջ կը լայննան

Եղբայրակուլ անդունդներ,

Եվ թագչած իր աղիքներուն խորքին մեջ

Վաղվան համար նենգաբար

Կը դարանին սըղոսկումին մատնըչի:

Մե¯ծ պիտ` ըլլամ, հավերժական պիտ’ըլլամ.

Զիս տաքցընողն, ո°վ Ազգեր,

Ձեզ տաքցընող ճաճանչի նույն թափը չէ±.

Մոխիրն հըսկա պապերուս

Արևու շեջ մընացորդ –

Օր մը նըվա±զ միթե եղավ ահավոր,

Կամ միթե ան` մատյաններու մեջ այսօր

Դեռ չի± սըրսփար, չի± հուսար:

Մե¯ծ պիտ’ ըլլամ, հավերժական պիտ’ ըլլամ.

Զարկիս ներքև կը բաբախե զարկն հուժկու

Մըշեցիի, Վանեցիի.

Մարմարեղեն բազուկներուս թափն ըմբոստ

Փայլակն աչքիս, կույս հոգվույս մռունչն անվեհեր.

Կ’ըսեն թե ներսըս կ’ապրի

Սիրտ մը մատակ առյուծի,

Սիրտ լի պղընձե սիրով, վրեժով քինահույզ,

Որ կը խոտե վարդերն հարսի վավաշոտ,

Եվ հանգըստի անկողնույն մեջ տեսնա

Մեկոնաբույր շըրթունքներով Ցոփությունն

Որ կը խեղդե համբուրելով: Կը ճանչնա¯,

Կը ճանչնա սիրտն այդ` թե հըզոր է ինք միշտ,

Ինչպես Ապրիլն` հըղի ատոք գարունով,

Ինչպես մըրրիկն` ազատությամբ հոլաթև.

Գիտե որ մեջն հաճարե լո°է ծորած.

Բոց է, և է բոց ապագան. Ան գիտե

Որ հավատքով գաղափարին խարըսխված`

Պիտի բանա կայծակով դուռն Դրախտին»:

23. ԱՊՐԻԵԼ

Ո±ր քարայրեն մութ, ո±ր մութ խըրճիթեն

Ելավ, չեմ գիտեր. դեմի հովիտեն

Կը վազե կուգա: Բիբերով հըրձիգ`

Կարծես լի դողով մը նոր եղեռնի,

Ոև մազերն հովին, ոտքերով բոպիկ,

Ամայի դաշտին մեջտեղ կը կանգնի:

Վերածնուհին է, լեռներո°ւ աղջիկ,

Մրըրկին պես զորեղ, վարդին պես գողտրիկ,

Իր հույնով գըծված շըրթունքին աղու

Կա համբույր մ’հուռթի, արևու քըթթում,

Եվ կ’այրի հոգին տենչով մը` տալու

Խոցելով` ծաղիկ, մահով` ըստեղծում:

Կը գոչե. «Հերի°ք սառույցե կըճյա

Գերեզմանը ձեզ արթընցե°ք, ահա

Բերած եմ լազվարթ երկինք, օդ ջերմին,

Կուռ ծիծերուս մեջ ծաղկի անուններ.

Ձյունեն դուրս, ցցուն վիզով դեպ արփին`

Ապըստամբությո°ւն եմ ձեզի բերեր»:

Կ’ըսե: Իր հմայիչ գոռ ձայնեն ըսթափ`

Աղիքներն երկրին նոր կյանքով մ'հրատապ

Կը սըկսին թընդալ. և լուռ կը սողա

Ակոսներուն մեջ շոգի մ'հուր, ծավի.

Մերկ անտառներուն, մերկ բլուրներուն վրա

Կանանչ պատմուճան մը կը ծըրագըրվի:

Հոն, կանգնած գեղջուկն հյուղի թաց շեմին`

Ուր կը մնա ձյունեն մաս մը տակավին`

Կ'աճռե բըժոտ աչքն երկինք նայելով,

Գոմեշներն արբշիռ տաք հողին հոտեն

Մութ գոմերեն դուրս կարկառուն վիզով`

Աղջըկան դեմքին, գոհ, կը պոռոչեն:

Բայց Ան կը խըթե, կու տա կըռուփներ

Անոնց` որոնք ծույլ կը հորանջեն դեռ.

Ամպրոպի մ'հանգույն կ'անցնի անտառեն.

Եվ աչքերեն բորբ, սերմի աղբյուրներ,

Կը տեղա օդին փոշի մ'ոսկեղեն,

Հովերուն մեջ` երգ, սըրտերու մեջ` սեր:

Կոճղեզներուն մեջ և սըրտուկներուն

Կը մըղե ավշի մ'ալիք մընչուն.

Կը ճեղքե ամեն պըտուկ, բուն, դըժնիկ,

Ոստերուն ծիլ ծօլ վառելով բուծին

Եվ իր շունչին տակ, զեփյուռ անդրանիկ,

Թուփեր կը խընկեն, կը ծաղկի նըռին:

Կը լայննա կապույտն. Ամպեր կաթնորակ,

Իբրև կարավան մ'ուղտերու ճերմակ

Կ'երթան տա°ր աշխարհ, դանդաղ, լըրջահոն,

Ու երբ կը մընա երկինքն ազատ` Ան

Կը լեցընե բյուր ծիծեռնակներ հոն,

Օրհներգու մոգերն իր արարչության:

Հետո խոնջ, մըխած իր սև մազերուն

Վարդ մը, առջինե°կը դեռ վարդերուն,

Կ'երթա. Փութալով մարգին մեջե ճոխ,

Հոն վարը հանդարտ ծաղկած նըշիի

Մը լայն շուքին տակ լուռ մունջ երազող

Բանաստեղծի մ'հուր գիրկը կը հանգչի:

Ահա ևս մի կարոտաբաղձ բանաստեղծություն

24. ՊԱՏՎԵՐ

Դրենիկ Ճիզմեճյանին

Ահա քղամիդդ ըզգեցար և ճամբորդի ցուպդ առիր.

Կը բաբախե սիրտդ արդեն հայրենիքի կարոտեն:

Քանի մ’օրեն պիտի մեր հողն համբուրես սիրալիր.

Պիտ’ համբուրես հարսնացող քույրդ իր անեղծ նարոտեն:

Ընկե՛ր, պատվեր մը ունիմ քու հոգիիդ հանձնելու.

Հայրենակոխ ոտքերուդ սիրտ մը ունիմ.

Ճամբուդ վըրա, Ալիսի ջուրերուն մոտ այցելու,

Ուռինազարդ գյուղ մը կա. նե՛րս մըտիր. ան գյուղն է իմ:

Տըղեկ մ’ուշի, և բոպիկ, առաջնորդե պիտի քեզ

Տունս հայրենի` շինված ջինջ զով առվակի մ’եզերքին,

Որուն քիվին կը մընչեն աղավնիներ տարփակեզ,

Եվ պատերուն երկայնքին վառ կակաչներ կը ծաղկին:

Գուցե գըտնես դրան առջև մայրս ըզբաղած կըկոցին,

Եվ քովը մեր ծեր կատուն գաղջ արևին տակ պառկած,

Կամ պարտեզն հոգ կը տանի ան մեղվաշատ փեթկնոցին,

Մեղր շինելու օրինակ տալով իր սիրտն անկասկած:

Ըսե՛ կընկանն այդ դողդոջ, եղած արդեն մոխրագես,

Որ իր պանդուխտ զավակե՜ն կու գաս` զոր ան կը պաշտե,

Եվ մըտիր տունս հայրենի, լվա՛ ճակատդ արփակեզ,

Ուղևորի քու այդ հին փոշոտ թիկնոցըդ թոթվե:

Նըստե տոհմիկ սեղանին առջև շատոնց ամայի…

Սիրակաթ մայրըս քեզի պիտ’ բերե թա՛ն, լավաշ հաց,

Եվ պըղպըջուն հին գինին` որ միշտ զըվարթ կը նայի

Կանանչկուժեն` մեր հըզոր արևուն տակ թըրծըված:

Երբոր ճամբուն տաժանքեն բուժի հոգիդ հեղձուցիկ`

Բաց տարերկրիկ հուշերուդ ծըրարն` որ քու ճոխ գանձն է,

Եվ նամակն այս` զոր կը դընեմ գոտիիդ մեջ ավասիկ,

Պանդուտ օրերս արցունքին շիթովն համրող մո՛րս հանձնե:

Հանձնե մորս իմ և ըսե` որ օրհնե զայն իր ձեռքով.

Զայն թող օծե իր աչքին արտոսրներովն աղոթկեր.

Եվ գըլխուն սև քող առնե, բայց սիրտն առնե թող կորով.

Զի, ընկե՛ր, այդ նամակին մեջ կարմիր Ուխտս եմ գըրեր:

25. ԿՌՎԻ ԵՐԹ

Երթա՛նք, երթա՛նք, Հայուհի՛,

Դու, ո՛վ արծվիկ, հեղեղատին բոմբյունով

Լերան կողին օրորերգված և մեծցած,

Երթանք արդար բախումին:

Անդի՜ն անդի՜ն կը մորթեն

Կյանքն արտին մեջ, և գաղափարը` գանկին.

Դեռ արուն շողը սերմին չըհասած`

Անդի՜ն անդի՜ն կը մորթեն:

Ո՛վ սևաչվի, ավելի բորբ սիրով քեզ

Պիտի սիրեմ եթե ,եկտեղ տըրոփեն

Քու զամբիկդ, իմ խարըստիս:

Կըկոցը թո՛ղ, որուն շաչող ոլորտներ

Ներշնչեցին քեզ երգն հանդարտ աըրտերու.

Ալ թո՛ղ երդիքն` որուն վրա

Կ’ուռճանայիր գարնան արձակ հովերեն,

Մերթ ըլլալով սըրտաթունդ

Վառյակի մ’հեգ ճըվոցեն`

Զոր ցինն արտին մեջ կըտցահար կը խեղդեր:

Հիշե՛ այն լեռն` ուր քեզ առջի հեղ տեսա

Նախ վարդի թուփ կարծելով,

Մենք գիշերվան մեջ անկե վար պիտ’ իջնենք

Նըժույգ հեծած, զուգահետ,

Խավարակուռ դաշտին մեջ

Դաշույնիդ ցուրտ փայլին հետ, ո՛վ մարտկուհիս,

Շանթերն աչքիդ ցայտած վրեժի երկընքեդ`

Ռազմի ճամբան պիտ’ ցույց տան:

Մազերդ արձակ պիտի նետես ուսերուդ`

Թողլով որ գոռ մըրրիկն անոնց երգե

Բարբարոս երգը բնության:

Եվ երբ ասա՛նկ ընթանանք,

Երբ նըժույգիդ ամեն մեկ խրոխտ ոստումին

Մըկանունքներըդ ցունցերեն զորեղնան,

Երբ այն ծաղիկն` որ լանջքիդ վրա պիտ’ բուրեր`

Սըմբակի տակ ճըմլըվի,

Ես այն ատեն գըգվանքի տեղ փափկասուն

Պիտի դիմեմ փոթորկատիպ, կորովի

Եվ մեղրածոր համբույրի՜դ:

Ի՜նչ, երբ տեսար գրասեղանիս միշտ առջև

Այս իմ մըռայլ հոգիս, ով կո՛ւյս, կարծեցիր

Թե պիտի հե՞ղգ մընա միշտ.

Ի՜նչ, կարծեցիր թե չե՞մ կըրնար ես ես ընել

Գըրիչըս դաշույն և կաղամարըս` կարմիր

Սիրտ գազան ոսոխին:

Ես շատ, շա՛տ լավ կըրնամ Երազը փոխել,

Մերկացնելով իր զեփյուռե ըզգեստեն`

Աստղեր ցընցող մըրրիկն անոր հանգցընել:

Երբոր անդին միշտ կու լան

Զի կը մեռնին, ու կը մեռնին զի կու լան`

Ինծմե հեռո՜ւ թուղթ և գիրք.

Տանդեն բոցին ես կը նետեմ,

Գերեզմաննոց կը նետեմ ես

Դուրյանն` որ ա՛յնքան ժամանակ սիրեցի:

Աղվո՛ր աղջիկ, ուրիշներու արցունքին

Գիտե՞ս թե ո՛րչափ աշխարհս է անտարբեր.

Մենք իր քունով չընիրհենք.

Իր վերմակին տակ` տըռփոտ`

Աստղիկն անուշ կը բոզնա, ու լըլկված

Թեմիսը հոն նոր Բագեսներ կը ծընի:

Բըզիք, բըզիք, արյունլվա,

Հոն վարը մեզ կը սպասեն.

Ես կապարճիս մեջ դընելու չըմոռցա

Հրաշեկ շանթերը Արեսի երկընքին.

Հիմա սիրո նայվածքե մ’իսկ ուժեղ եմ,

Եվ անհողդողդ` ճակատագրեն ավելի`

Քանի որ կո՛ւյսն է ընկերս,

Ու սերն հրաթև ռահվիրաս:

Դու, ո՛վ վարդ կույս, հոն լափողբոց պիտ’ ըլլաս.

Դու, ո՛վ տատրակ,կարշնեղ արծիվ պիտ’ ըլլաս.

Քանի որ այրն է ընկերդ,

Ու գաղափարն ռահվիրադ:

Ես թերևս հոն պիտի մեռնիմ, իցի՜վ թե,

Երկա՜ր ատեն բաղձացի

Արյունն ինծի վերմակ ընել, բարձ ընել

Կողը ձիուս` ընկած վերքի խըրխինջով:

Մեռցընելե վերջ վերջ մեռնիլ

Երկա՜ր ատեն բաղձացի:

Լուսնին վըկա նայվածքին տակ, քանի մ’հեղ

Լեցընելե վերջ ոսոխին արյունով

Մեծ սաղավարտը Հայկին`

Հոգ չէ թե ա՛յսպես իյնամ.

Երբ օր մ’հեգիս լայնախոց

Հայրենական հողին մեջե արթընցած

Պիտի տեսնեն որբն հագ և հագն` ապահով,

Մըշակն անվախ արտին մեջ` արտն` անավեր,

Կյանքը ազատ, ազատությունն` հառաջադեմ,

Հոգ չէ թե ա՛յսպես իյնամ.

Գիտեմ որ իմ շիրմիս քով

Պիտի երբեք օձ չըսողա, պիտի միշտ

Կապույտ մընա անմոռուկդ, ո՛վ Հայուհիս,

Եվ հաղթական առյուծ մ’հոն թաթը դըրած

Բորենիի մը կուրծքին

Աստղերն ի վեր, լիաթոք,

Պիտի հավետ մըռընչե՜…

Link to post
Share on other sites

26. ՀԱՅԿԱԿՆԵՐՈՒՆ ՕՐՈՐԱՆԸ

Շինված է ան նոճիով`

Եվ արյունով ներկըված.

Կ’երգեն բուերն իրեն քով.

Կ’օրրե մըրրիկը կատղած:

Կամարեն վար կը կախվին

Կապույտ կապույտ ուլունքներ.

Արցունքներն են երկընքին`

Ինկեր ցուրտեն հոն սառեր:

Խոնավության մեջ, մուրին,

Որով խըրճիթն է լեցուն,

Լուռ կը ճոճի օրոցքն հին,

Հին վրեժին իմ հոգվույն:

Անդունդն է մ’է ան` ուր հայն իր

Վիշապներն հեստ կը ծընի,

Ուր համբույրներն, վարդերն հիր

Կը բուրեն հոտն արյունի:

Ոչ մեկ գիրգ ծոց ծնողական

Հոն կը բանա իր երկինք.

Խավարներն հոն մայր կ’ըլլան,

Եվ կայծակներն ալ` ըստինք:

Ու ճիչերու մեջ, լացի,

Տըժգույն տըղան կը մեծնա

Բարեկամի, դիպվածի

Ձեռքերուն մեջ կը մեծնա:

Եվ գուցե վաղն ան ըլլա

Ռազմիկ մ’հրաչյա, շանթող ամպ.

- Մեզ մսուրն Հիսուս մը կու տա`

Իսկ հայ օրոցքն` Ապըստամբ…

27. ԱՐԾԻՎՆԵՐՈՒ ԿԱՐԱՎԱՆԸ

Է կարավանն արծիվներու. կը ճախրե

Աշտանակված գաղափարի քաջերեն:

Շառաչ մը գոռ թըռիչքի

Կը ճեղքե սև ամպերն ու լայն կը բանա

Կապույտ ճամբա մը ազատ:

Ակընկառույց կը դիմեն

Նըպատակին` իբրև լերան մ’ադամանդ:

Վեհ հոգիներ են անոնք,

Ռազմիկի վեհ հոգիներ.

Անոնք հազար գարուններե ավելի

Են երգեցիկ և կարող:

Իրենց աչքին մեջ, Արեսի՛ ատրուշան,

Երիտասարդ կյանքը առույգ կը ժըպտի:

Սիրողնե՜ր են. և սե՛րն իրենց սովրեցուց

Ըսպանությունն ըստեղծիչ.

Եվ այսպես խրոխտ ու ազատ,

Վարն ետևնին թողուցած

Աղաչավոր մայրեր, հարսեր արցունքոտ,

Կ’երթա՜ն, կերթա՜ն կապույտի մեջ լողալով.

Արծիվներուն լայն թըռիչքի բախյունեն

Աստղերը շեկ կ’արծարծին.

Եվ անոնց դուժ կըռինչներեն, վըհասույզ,

Մըռայլ տարմերն ագռավներուն կը թագչին,

Եվ ռազմիկներն արբշիռ, սարսռուն (ավելի

Գուցե զիրենք Աստուծո մոտ ըզգալեն)

Շարան շարան կը սուրան.

Կ’ըմպեն շիթ շիթ կապույտեն`

Իբր ան ըլլար բանաստեղծի մը հոգին.

Ամպերեն դուրս կը փետեն

Կայծակներն հուր և անոնցմով կը պսակեն

Ճաճանչավուխտ ճակատնին.

Իրենց արյան մեջ կը խառնեն մըրրիկներ.

Կ’ըլլան բնության և վրիժագոռ աղոթքով

- Ըմբոստներու շարական-

Աստված իրենց գանկերուն մեջ կը բանտեն,

Հառա՜ջ, հառա՜ջ:- Բայց կար’վանն ա՛լ կը կենա

Սա ժայռերուն կարմիր, սա սև ժայռերուն:

Կ’ելլե գաղջ հոտ մ’արյունի`

Ծոթրիններու բուրումներեն` հաղթական.

Կը բարձրանա հովիտներեն խեղդուկ լաց

Մ’որուն մեջ լա՛վ կը զգացվի

Մարդու հոգին կապտըված նույնիսկ, ավա՜ղ,

Արտասվելու մեծ բարիքեն կենակից:

Հոն կար’վանն ալ կը կենա:

Եվ արծիվները ճերմակ

Բաբախելով թևերնին`

Կըտուցներով ժայռերը կուռ կը ծեծեն,

Եվ ռազմիկներն, ընձառյուծներ դարանած,

Ըսպասելով ահեղահունչ վայրկյանին

Լերան կողին կը մոլեգնին, կը սպառնան,

Մինչդեռ անդին գիշերվան մեջ, կասկածոտ,

Լուսնին Մահիկը ցըրտադող սարսափով

Տավրոսին վրա կը դեղնի՜:

28. ՀԱՅՐԵՆԻ ԼԵՌՆԵՐ

Լեռնե՜ր, լեռնե՜ր հայրենի, անմահական դըշխոներ`

Որոնց արփին կը դնե թագ և մըշուշն ալ պատմուճան.

Լեռներ սառե ծոցերով, գըլուխներով ձյունահեր`

Զոր կ’օծանե լուսընկան:

Ձեր ճակատները կույս են լոկ Աստուծմե համբուրված,

Թըխակարկառ ուսերնիդ կը լվա կապույտն երկընքին.

Վիհերու մեջ ուր լիճեր կը քնանան մենակյաց,

Աստղերը սոսկ կը ծաղկին:

Քարայրներեն` որոնց մեջ հովը գայլի պես կ’ոռնա`

Գետեր բըխած գարնան դեմ կը գահվիժին փըրփրահեր,

Եվ կ’երթան ձեր ոտքերուն սըփռել գորգեր միշտ ծաղկյա`

Ուր կը նըստին հովիվներ:

Կը սողա շանթն օձի պես ձեր գըլխուն շուրջ կրանիտե,

Որմե բռընկած կը մըխան եղևնիներ օրերով.

Արծիվն այդտեղ աստղերեն միայն իր կուտը կ’ուտե,

Կը խըմե ջուրն ամպեն զով:

Օրհնյա՜լ ըլլաք, ո՜վ լեռներ, օրորոցներ ադամանդ,

Ուր մեր պապերն առջի հեղ իրենց աչքերը բացին,

Եվ վագրի մորթ մ’ուսերնուն իջան դաշտերն արգավանդ,

Կըրթեցին եզը` լուծին:

Փայլակնաբիբ ամպրոպին մեջե (երկնի գոռ գազան)

Մեր արքաներն որսալու ելան փախչող սատրապներ.

Իրենց ձիուն խըրխինջեն` անդունդներուն մեջ սուզան

Ժայռին մրափող վիշապներ:

Օրհնյա՜լ ըլլաք դո՛ւք` որ տվիք գըրկերը ձեր շաղածին

Անակորդվույն, Տըրդատին պատըսպարան և անդույր,

Որոնք քաշված այրերու մեջ` լուսնին տակ կարդացին

Ժամագըրքեր խընկաբույր:

Դո՛ւք որ տեսաք փապարի մեջ կույսերու ոսկըրներ`

Զոր հետո լույս մ’երկնային փոխակերպեց շուշանի,

Դո՛ւք որոնց մեջ ճըգնազգեստ քուրձերով են վախճաներ

Արքաներ նման տիտանի:

Արծաթն, ոսկի՛ն կ’եռան ձեր արգանդներուն մեջ հրագանձ,

Որոնցմով հայ տիկիններն իրենց զարդեր շինեցին,

Հայրապետներն ըսկիհներ, և ասպետներն հերապանծ

Նետերն իրենց մահածին:

Ձեր մայրենի ծոցին մեջ կաթը մարմարն է առատ`

Զոր կըթեցին մեր հայրերն օր մը ձեռքով ժըրաջան,

Ու կերտեցին աստվածներն ու բագիններն անարատ,

Ուր տատրակներ մորթվեցան:

Կառույց Երվանդ իր քաղաքն ու Երվազն ալ իր մեհյանն.

Հըսկա սյուներ խոյագլուխ Մասիսի պես շողացին,

Ու ձեր մարմարն արփացոլ հագավ ձևերը տիտան

Մեր պապերուն հանճարին:

Արշակկապեց կամուրջներ Եփրատին վրա դիվաձայն`

Որոնք այդ խեռ դիցուհվույն ճապուկ մեջքը պարուրող

Եղան գոտի ալեսանձ` որոնցմե վար կախվեցան

Մորմենիներ աղամող:

Քանդակվեցան ձեր կուճով դամբարաններն Անիի

Եվ սափորները լեցուն Արշակունի աճյունով`

Որոնց մեջե ծըլեցավ իբրև ընձյուղ կաղնիի

Բագրատունին մարտախռով:

Լեռնե՜ր, լեռնե՜ր, սև՜ լեռներ, այլևս ավա՜ղ թափուր եք

Շողապըսակ փառքերեն, հերոսներեն հինօրյա.

Դիոսի տեղ ամպ մ’այսօր` զերդ քողն այրի կընոջ մ’հեգ`

Կը նըստի ձեր գըլխուն վրա:

Թող ձե՛զ դառնա նոր Սերունդն, ըլլա դրացի արևուն.

Իրեն դըղյակ թող ընե իր հայրերուն օրորանն.

Արծվի թևերն իր վըրա՛, իր վրա՛ երկինքը անհուն.

Թող շանթերո՛վ զինվի ան:

Փըրկությունն ա՛լ ձեր մեջ է, ձեր փապերուն մեջ մըթին,

Սեպերուն վրա՛ է` ուր այծն ելած վիհին կը նայի

Հոդ ջըրվեժներն` որոնց քով վարդենիներ կը ծաղկին`

Կու տան հրավեր պայքարի:

Թող ձե՜զ դառնա նոր Սերունդն, աստղահամարզ ըլլա զորք,

Թըշնամվույն դեմ բերդ եք դուք, դյուցազներու` ապարանք.

Լոկ քաջերո՛ւն համար ձեր ժայռերը լալ, ջրողորկ,

Կ’ըլլան գահեր ոսկեզանգ:

Եվ թող տրոփեն վեհորեն լոկ քաջերո՛ւն ոտքին տակ

Հըրաբուխներն ըսքողված, ձեր սըրտերն այդ ծըծմբաեռ.

Եվ վաղը թող շինվին ձեր մարմարներեն ըսպիտակ

Հերոսներու արձաններ:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...