ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո ասուլիս
Մարտ 12, 2008
Երեկ, մարտի 11-ի երեկոյան ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մամլո ասուլիս էր հրավիրել իր առանձնատանը, որտեղ, ըստ էության, գտնվում է տնային կալանքի տակ: Ստորեւ ներկայացնում ենք նրան ուղղված հարցերը եւ պատասխանները աննշան կրճատումներով:
-Մի քիչ անհասկանալի կլիներ, թե ինչու շուտ չեմ արել ասուլիսը, բայց ես նախ սպասում էի, Սահմանադրական դատարանի որոշմանը, երեք օր էլ սպասեցի, մինչեւ գրավոր ստացա որոշումը: Մինչեւ այդ որոշումը ձեռքիս չլիներ, ես չէի կարող խոսել: Հիմա այդ գրավոր որոշման մասին ես մի հայտարարություն եմ արել:
«Ս.թ. մարտի 5-ին ես Սահմանադրական դատարանի ուշադրությունը հրավիրեցի երկու իրավական հարցի վրա: Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի համաձայն` վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր գրանցվել ՀՀ նախագահի թեկնածու, այն է` եթե ունենար ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակ, եւ քանի որ Սերժ Սարգսյանը այդպիսի կարգավիճակ չուներ, հետեւաբար նրա գրանցումն անօրինական է: Իսկ ըստ ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածի` «ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում»: «Նախագահի ընտրություն» նշանակում է ընտրական ողջ գործընթացը` սկսած առաջադրումից մինչեւ բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է` Սահմանադրական դատարանի որոշումը: Ուստի, քանի որ Սահմանադրական դատարանի նիստերը կայացել են այդպիսի դրության պայմաններում, ապա ընտրությունները վավերական կամ օրինական չեն կարող համարվել:
Իմ կողմից բարձրացված այս հարցերի վերաբերյալ դատարանում իր առարկությունները ներկայացրեց պատասխանող կողմի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
Այսպիսով, Սահմանադրական դատարանն ուներ ընտրական օրենսգրքի 78.1 եւ ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածների վերաբերյալ թեգ դիմող, թեգ պատասխանող կողմի կարծիքները: Ըստ այդմ, դատարանը պարտավոր էր իր վերաբերմունքն արտահայտել դրանց նկատմամբ եւ համապատասխան եզրակացության հանգել, ինչը զարմանալիորեն տեղի չունեցավ:
Սա նշանակում է մեկ բան. Սահմանադրական դատարանը, իրավական փակուղու առջեւ չկանգնելու կամ անհարմար վիճակի մեջ չընկնելու համար, խուսափեց անդրադառնալ անցած ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնող ամենաանառարկելի հիմքերին: Սակայն գերադասելով անտեսել այդ հիմքերը, Դատարանն ընկավ ավելի անպատվաբեր եւ խայտառակ վիճակի մեջ` փաստորեն լռելյայն անվավեր ճանաչելով անցած ընտրությունները եւ ական դնելով Սերժ Սարգսյանի լեգիտիմության տակ»: Ես այս հայտարարությունը վերնագրել եմ այսպես « Սահմանադրական դատարանը ականապատեց Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը»:
Մի երկրորդ տեղեկություն էլ իմ կողմից. ես բազմիցս հայտարարել էի, որ մենք առայժմ հարգում ենք արտակարգ դրության պայմանները, ոչ մի միջոցառում, ոչ մի զանգվածային բողոք չենք կատարել եւ ընդհանրապես մարտի 1-ից հետո մեր կողմից իրադրությունը սրելուն ուղղված բացարձակապես որեւէ քայլ չի կատարվել: Բայց ասել էի, որ արտակարգ դրությունը վերացնելուց անմիջապես հետո մենք պիտի սկսենք մեր հանրահավաքները: Երեկ մենք դիմել էինք քաղաքապետարան` մարտի 21-ին հանրահավաքի իրազեկում տալու համար: Այսօր առավոտյան մեզ մերժել են: Մերժում կա գրավոր, ինձ հետաքիքր էլ չէ դրա հիմնավորումը, բայց փաստ է, այսպիսի բան չի եղել ընդհանրապես; Մերժելու պրակտիկա գոյություն չունի: Կարող էին մերժել ասելով` Թատերական հրապարակը հարմար չէ, մենք ձեզ տրամադրում ենք այլ տեղ: Ուրիշ հիմք չկա: Դա էլ չեն արել` ընդհանրապես են մերժել: Սա շատ կարեւոր բան է:
ՍԴ որոշման մասին: Ի՞նչ է ստացվում: ՍԴ 19 էջանոց որոշումը մանրամասներին է վերաբերվում: Հիմնական մասը կոնստատացիա է` դիմողի եւ պատասխանողի հարցադրումների շարադրանք: Մնացածը` Դատարանի վերաբերմունքը, նորից մանրամասներին է վերաբերվում. ինչ-որ տեղամասերում կատարվածի, մամուլի անհավասարության եւ այլն: Բայց այս ամբողջը նշելուց հետո վերը նշված ամենագլխավոր երկու խնդիրը լրիվ անտեսել են: Լրիվ անտեսված են այս երկու գլխավոր խնդիրները: Ինձ համար դա շատ հասկանալի է: Եթե նրանք անդրադառնային այս երկու հարցին, ապա պիտի անեին մի հեղհեղուկ մեկնաբանություն այն դեպքում, երբ այս երկու հոդվածը մեկնաբանության ենթակա չեն: Ոչ մի դատարան իրավասու չէ մեկնաբանելու այս երկու հոդվածը: Ուրեմն, կատարվել է մի մեկնաբանություն, որ արել է Դավիթ Հարությունյանը: Բայց այնքան հեղհեղուկ է եղել նրա մեկնաբանությունը, որ Դատարանը դա չի ներկայացրել որպես իր կարծիք: Ուղղակի տվել է որպես պատասխանողի կարծիք: Ասենք, կարող էր ասել` մենք համաձայն ենք Դավիթ Հարությունյանի մեկնաբանության հետ, կամ իրենց մեկնաբանությունը տալ: Եթե չեն արել ոչ մեկը, որ մյուսը, եթե իմ հարցադրմանը չեն պատասխանել, դա նշանակում է, որ իմ հարցադրումները ապացուցված են:
- Պարոն Տեր-Պետրոսյան, ՍԴ-ն իր որոշման մեջ այդ նկարագրական մասում նաեւ նշեց, որ ՍԴ-ն չպիտի քննի օրենսդրական վեճերը եւ ասաց, որ դրանք քննության են ենթակա վարչական դատարանում եւ ասաց, որ դա դուք պիտի վիճարկեք վարչական դատարանում: Դա ինչպե՞ս եք մեկնաբանում:
- Գուցե զուտ ձեւական առումով նրանք շատ ճիշտ են, այդպիսի ընթացակարգ կա, որոշ հարցեր վերաբերվում են վարչական դատարանների իրավասությանը: Այսինքն, իրենք այստեղ կարող են շատ ճիշտ լինել: Նույնը Եվրոպական դատարանները, եթե բոլոր ինստանցիաները չեն անցել, չեն բողոքարկել, նրանք չեն ընդունում գործը: Այստեղ ֆորմալ առումով նա կարող էր ասել` սա ինձ չի վերաբերվում: Բայց այս երկու հարցերը միայն իրեն են վերաբերվում, ուրիշ ոչ մեկին: Ինձ համար, ասում եմ, մանրամասները կարեւոր չեն: Դրված են ամենակոնկրետ եւ ամենագլխավոր հարցերը, որոնց ՍԴ-ն չի պատասխանել, չի անդրադարձել, վերաբերմունք չի արտահայտել եւ եզրակացության չի հանգել:
- Պարոն նախագահ, ՍԴ-ն փաստացի այն վերջին իրավական ատյանն էր Հայաստանում, որտեղ կարելի էր բողոքարկել ընտրությունների արդյունքները: Սրանից հետո ի՞նչ իրավական քայլեր եք պատրաստվում անել:
- Չկա: Եվրոդատարանը չի ընդունում նախագահի ընտրության արդյունքները վերանայելու վերաբերյալ գործեր: Բայց կան ուրիշ խնդիրներ, որ կարելի է բարձրացնել, ասենք մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիների իրավունքների, մարդիկ, որոնք ձայն են տվել եւ փաստորեն այդ ձայները գողացվել են նրանցից: Բազմաթիվ այլ հարցերով կարելի է դիմել ԵԴ:
- Պարոն նախագահ, այն, որ մերժեցին հանրահավաքը, արդյոք դա չի՞ նշանակում, որ իշխանությունները ցանկանում են ընդդիմության գործողությունները տանել դեպի փակուղի:
- Իհարկե: Ուրիշ ի՞նչ է նշանակում: Հենց դա էլ նշանակում է: Մենք հիմա կդիմենք հաջորդ օրվա համար` մարտի 22-ի համար, թող էլի մերժեն, կդիմենք մարտի 23-ի համար:
- Իսկ հնարավո՞ր է հանրահավաքները Երեւանից դուրս անել:
- Կա այդպիսի հնարավորություն, բայց հիմա այնպիսի երկրում ենք ապրումգ Մերոնք դիմել էին Էջմիածնում, այնտեղ էլ էին արգելել: Ասացին, որ «Գալան» չի հեռարձակվում, թեեւ արտակարգ դրությունը չի տարածվում Երեւանից դուրսգ:
- Չարտոնված հանրահավաքներ չե՞ք անելու: Եթե անընդհատ մերժեն, ի՞նչ եք անելու:
- Ինչքա՞ն պիտի մերժեն: Չեն կարող այդքան մերժել: Ուրիշ ձեւ կգտնեն: Պարզապես կերկարացնեն արտակարգ դրությունը: Իրենց պետք է —ս 20 օր, որ մինչեւ ապրիլի 9-ը հանրահավաք չլինի: Մենք չենք պատրաստվում չիրազեկված հանրահավաք անել: Իրազեկված կլինի, կանենք:
- Հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը ինչպե՞ս եք մեկնաբանում:
- Շատ ցավալի էին այս վերջին իրադարձությունները սահմանի վրա, որովհետեւ լուրջ էին: Համենայնդեպս, ըստ արտասահմանյան աղբյուրների, զինադադարի 14 տարվա ընթացքում սրանք ամենալուրջ խախտումներն են եղել: Դա արդեն լուրջ բան է: Հիմա մոտիվների մասին չեմ ուզում խոսել: Ակնհայտ մոտիվներ կան: Հնարավոր է, որ Ադրբեջանում, ամենավերին մակարդակներում ինչ-որ մարդկանց թվա, որ Հայաստանը թուլացած է, ներքին քաղաքական լարվածությունը կոտրել է կառավարելիությունը եւ այլն: Հետախուզական բան կա այս ամենի մեջ` թեթեւ հետախուզություն անել, տեսնել, թե ինչպիսի դիմադրություն կլինի: Հնարավոր է: Խոսում են նաեւ հայկական կողմի մոտիվների մասին: Ես չեմ ուզում հիմա չեղած տեղը ենթադրություններ անել: Ասում են, որ միգուցե Հայաստանի իշխանությունները շահագրգռված լինեն` Հայաստանի ներքին խնդիրներից շեղելու համար մեր ժողովրդին: Չգիտեմ որքանով է դա լուրջ: Եթե տեղյակ չեմ, ենթադրություններ ես երբեք չեմ անում: Բայց փաստն արդեն մտահոգիչ է:
- Պարոն նախագահ, կարո՞ղ եք կոնկրետացնել. շարունակելո՞ւ եք պայքարել հանուն նոր ընտրությունների եւ, եթե այո, ապա` ինչ մեթոդներով:
- Ես հիմա մեկ միջոց ունեմ պայքարելու` կլինի հնարավորություն հանրահավաքներ անցկացնելու, մամուլը կբացվի, կօգտագործենք մամուլը, կօգտագործենք հանրահավաքները, բոլոր օրինական միջոցները, որոնցով մենք հնարավորություն կունենանք ժողովրդի հետ շփվելու, խոսելու, այն, ինչ արել ենք 5 ամիս: Հինգ ամիս մեր կողմից որեւէ խախտում տեղի չի ունեցել: Այդքան երթեր եղան, մեծ հանրահավաքներ, որեւէ երթի ժամանակ որեւէ մեքենա չքերծվեց, մի ապակի չկոտրվեց, այդ ի՞նչ պատահեց, որ հանկարծ մեկ օրում ժողովուրդը փոխվեց: Մի բան պատահեց` ժողովրդի վրա մահակ բարձրացրեցին, հետո տարերային բողոքներ եղան, հավաքվեցին Ֆրանսիայի դեսպանատան մոտ, հայտնվեցին պրովոկատորներ, սկսվեց մի պրոցես, որը կառավարելիությունից դուրս եկավ: Բայց, ես վստահ եմ, որ այդ պրոցեսը հրաշալիորեն կառավարվում էր իշխանությունների կողմից: Ես այսօր էլ 100 տոկոսով վստահ եմ, որ եթե լինեն հանրահավաքներ` իրազեկված, թույլ տրված եւ իշխանությունները մահակ չկիրառեն, ոչ մի հասարակական կարգի խախտում տեղի չի ունենա:
Ի՞նչ պիտի ասեմ ժողովրդին, պիտի ասեմ, որ ես չեմ ընդունում այս իշխանությունների լեգիտիմությունը, պիտի բացատրեմ թե ինչու: Եթե նրանք պիտի շարունակեն այնպես կառավարել, ինչպես տասը տարում (չգիտեմ, կարո՞ղ է հրեշտակ դառնան, չգիտեմ), էլի պիտի բացեմ բոլոր նրանց արատները: Եթե կոռուպցիա է` կոռուպցիա, եթե մարդու իրավունքների խախտում է` մարդու իրավունքների խախտում: Քաղաքական պայքար է: Կլինեն նոր հնարավորություններ, չգիտեմ` ընտրություններ` տեղական, պառլամենտական, բոլոր միջոցներով մենք պետք է պայքարենք այս իշխանությունների դեմ` քաղաքակիրթ, հասկանալի, հստակ, անզիջում, մեր կարծիքի կամ կամքի ինչ-որ փոփոխության, պարտադրանքի մենք չենք ենթարկվի, ոչ ոք Սահմանադրությամբ էլ չի կարող ստիպել մեզ փոխել մեր կարծիքը: Դա իմ իրավունքն է: Ինչ վերաբերվում է ոչ քաղաքական լարվածությանը, դրան մենք չենք գնում: Ոչ քաղաքական ես համարում եմ ֆիզիկական կոնտակտը` բռնություններ եւ այլն: Այդպիսի բանի մենք երբեք չենք գնացել եւ չենք էլ պատրաստվում գնալ:
- Պարոն նախագահ, անընդհատ միջազգային կառույցները ներկայացուցիչները այցելում են Հայաստան, հետո մենք ստանում ենք տարբեր հաղորդագրություններ, միջազգային մամուլը բոլորովին այլ բան է ասում, իսկ մեր մամուլը հայտարարում է, որ եկան Սերժ Սարգսյանին շնորհավորեցին եւ գնացին: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ մեր իշխանությունների այդ վերաբերմունքը մեր երկրի համար:
- Դա հավատի խնդիր է, ով ուզում է, հավատում է Սերժ Սարգսյանի պրոպագանդային, ով ուզում է` հավատում միջազգային հանրությանը: Դա, ինձ թվում է, ցույց է տալիս, թե մենք ինչ երկրի հետ գործ ունենք: Իսկապես, մարդկաց անհարմար վիճակի մեջ են դնում; Մարդիկ գալիս են, իրենց հետ մի բանի մասին են խոսում, դուրս են գալիս, այդ մարդու անունից ինչ-որ բաներ են հայտարարում: Նույնիսկ կոնֆլիկտներ են լինում: Դուք այսօրվա Բրայզայի հայտարարությանը ծանո՞թ եք, թե ոչ: Ես չգիտեմ, թե ինչ խոսակցություն է եղել նրանց միջեւ , բայց ես տեսնում եմ ինչ-որ անձնական վիրավորվածության տարր էլ կա այդտեղ: Նրանք մի բան են խոսել, արել են լրիվ հակառակը: Ես անգամ դա եմ տեսնում այս հայտարարության մեջ:
- Իսկ ի՞նչ հետեւանք կարող է դա ունենալ:
- Ի՞նչ հետեւանք կարող է ունենալ: Գալու ենք Բրեւժնեւի շրջանը: Երբ մեր ժողովուրդը պաշտոնական հեռուստատեսության ոչ մի ասածի չի հավատալու: Կամ հակառակն է հասկանալու: Նրանք մի բան են ասելու, իրենք հակառակն են հասկանալու: Գալու ենք այս վիճակին: Այդ վիճակում 70 տարի ապրել ենք, էլի կապրենք, ի՞նչ է եղել:
- Ըստ էության, քանի որ գնում է ուղեղների լվացման պրոցես եւ մարդիկ կամ հասարակության մեծ մասը չունեն ինտերնետի հնարավորություն, տարվում են այդ ինֆորմացիայով եւ հավատում են նրան ինչ տրվում է պետական հեռուստատեսության եթերով: Եւ նաեւ հաշվի առնելով ձերբակալվածների մեծ թիվը, դուք կարծում եք, եթե հաջողվի հետագայում ստանալ հանրահավաքի թույլտվություն, ժողովուրդ կհավաքվի՞:
- Ուղեղների լվացումն, իհարկե, նոր չէ, 10 տարի դրանով էին զբաղված այս իշխանությունները: Ալտերնատիվն էլ շատ թույլ էր: 17 հեռուստաընկերությանը դիմադրում էր ընդամենը 3-4 թերթ` ընդհանուր` 15-20 հազար տպաքանակով: Ալտերնատիվ դարձան մեր հանրահավաքները, մեր CD-ները: Դրանք շատ լուրջ ալտերնատիվ դարձան: Հիմա դա էլ կօգտագործենք, եթե հանրահավաքներ թույլ չտան: Մենք մեր ասելիքը կհասցնենք ժողովրդին: Ժողովուրդն էլ սիրում է, արդեն ճաշակ է ձեւավորվել: Նույնիսկ պահանջում են` բա ո՞ւր է մեր կինոն: Ուղեղների լվանալը երբեք արդյունք չի տալիս: Ուղեղների լվանալով հասարակությանը հնարավոր չէ խաբել: Կարող էին խաբել, եթե այս վերջին 6 ամսվա իրադարձությունները տեղի ունեցած չլինեին: Ես գտնում եմ, չգիտեմ, ինձ հետ համաձայն եք, թե չէ, այսօր մենք ունենք լրիվ ուրիշ հասարակություն, ուրիշ ժողովուրդ, քան ունեինք 6 ամիս առաջ: Ես սա համարում եմ մեր ամենամեծ նվաճումը: Իմ համակիրների, իմ թիմի հետ գործել ենք հրաշք: Մենք ստեղծել ենք նոր հասարակություն, քաղաքացիական հասարակություն, գիտակից հասարակություն, ինտելեկտուալ հասարակություն, որի հետ ուզած-չուզած, պիտի հաշվի նստեն: Այո, ձերբակալություններով կարող է փորձեն չեզոքացնեն մեզ: Այսօր ամենասուր հարցը դա է: Ձերբակալությունները շարունակվում են նույն թափով, ձերբակալությունները բացառապես քաղաքական ռեպրեսիայի բնույթ ունեն, ըստ էության, բախումների ոչ մի մասնակից չի ձերբակալվել, ձերբակալվել են միայն քաղաքական դեմքեր: ՀՀՇ վարչության 70 տոկոսն է ձերբակալված, մի մասն էլ թաքնվում են, իմ կենտրոնական շտաբից 3-ն են ձերբակալված, 3-ը թաքնվում են, իմ տարածքային շտաբների բոլոր ղեկավարները ձերբակալված են, բոլոր այն մադրիկ, ովքեր ակտիվ են եղել այս ընտրությունների ժամանակ, ձերբակալված են: Աշխարհը սա շատ լավ հասկանում է եւ սրա տակից դուրս չեն գալու: Ինչքան շատ ձերբակալեն, այնքան դժվարացնելու են իրենց գործը: Իրենց թվում է, փակելու են աչքե՞րը: Ոչ: Քաղբանտարկյալն այսօր շատ հազվագյուտ կատեգորիա է: Քաղբանտարկյալներ աշխարհի շատ քիչ երկրներում կան: Դարն անցել է, եւ Հայաստանը չունի այն ռեսուրսները: Ասենք, Իրաքը կարող է 20 տարի սահմանները փակել, նավթ ուներ, բրինձ ուներ, յուղ ուներ, կարագ ուներ, ոչ մեկի օգնության կարիքը չուներ, կարող էր դիկտատոր լինել: Հայաստանը չունի այդ ռեսուրսները, որ եգւ քաղաքական հալածանքներ իրականացնի, եգւ մարդու իրավունքներ ոտնահարի եգւ ընտրությունների այսպիսի վայրագ միջոցառում իրականացնի, ու նաեւ կախված լինի ամբողջ աշխարհից, չի դիմանա: Հայաստանը չունի ռեսուրս` դիկտատուրա հաստատելու համար: Կարող է ինչ-որ ժամանակավոր խրախճանք լինի նրանց մոտ: Չեմ կարծում, թե նրանք շատ խրախճանքի մեջ են այսօր: Ես վստահ եմ, նրանք ավելի մտահոգ են, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այսօր շատ ավելի մտահոգ են, քան մեզանից յուրաքանչյուրը, որովհետեւ իրենք հասկանում են, թե ինչ են արել, ինչպիսի պատասխանատվության տակ են մտել: Արյուն է թափվել, մեծ արյուն է թափվել: Այս արյան պատասխանատվությունն իրենք շատ լավ զգում են: Այո, շատ վայրագ ընտրություններ են կատարվել: Դրա գնահատականն արդեն տրվեց ԵԱՀԿ-ի այս երկրորդ զեկույցում: 95-ից մինչեւ 2007-ի ընտրությունները բոլոր զեկույցները եթե գումարեք, այսքան խիստ, այսքան կոշտ զեկույց չի եղել: Սրանք երեւույթներ են, որ չեն կարող անտեսվել: Ինչքան շուտ գիտակցեն այս բանը, իշխանությունները պետք է մտածել ավելի չծանրացնել վիճակըգ: Մարտի 1-ից հետո մենք իրադրությունը սրող որեւէ քայլ չենք կատարել: Իսկ նրանց բոլոր քայլերն անընդհատ գնում են դեպի սրման: Այս ձերբակալություններըգ անընդհատ խոսում են երկխոսությունից, բայց անում են ամեն ինչ, որպեսզի դա խափանեն:
- Պարոն Տեր-Պետրոսյան, ես որքան հասկացա, դուք շատ հավանական եք համարում արտակարգ դրության երկարաձգումը: Կասե՞ք ինչ հիմնավորմամբ:
- Իշխանությունները երբեք էլ չեն հավատացել, որ հանրահավաքներն ինչ-որ վտանգ են ներկայացնում հասարակական կարգը խախտելու տեսանկյունից: Եթե մեզ թույլ չեն տալիս, ուրիշ բանի համար թույլ չեն տալիս: Հիմա Սերժ Սարգսյանը վերջապես ստացավ «օծություն» ՍԴ-ի կողմից: Նա ուզում է թագադրվել ապրիլի 9-ին: Հիմա ի՞նչ կստացվի, եթե հանկարծ մարտի 21-ին նորից 300 հազար մարդ կանգնի հրապարակում, ասի` «Սերժիկ, հեռացիր»: Դա կնշանակի, որ ժողովուրդը չի ընդունում ՍԴ-ի որոշումը: Այսինքն, ժողոուրդը չի ճանաչում այդպիսի նախագահ: Իրեն դա պետք չէ: Գոնե, ասում եմ, հասցներ մինչեւ ապրիլի 9-ը, հետո ինչ կլինի, կլինի: Ես նրանց շատ լավ հասկանում եմ: Աշխարհն այդպես է դատում. ինչ դատարան կուզի վճռի, ինչ դիտորդներ ուզեն` գնահատենգ եթե ժողովուրդը չի ընդունում այդ իշխանությունը, սրա հետ է հաշվի նստում: Ժողովուրդը հավատ չի տածում այս ընտրությունների նկատմամբ: Այս հավատը չկա: Սա ամենակարեւոր հարցն է: Չկա, ժողովուրդը չի ընդունում, ծանր բան է Սերժ Սարգսյանի համար: Ես նրան կարեկցում եմ բարեկամաբար:
- Պարոն նախագահ, այնուամենայնիվ, քրեական գործը, որ քննչական հատուկ ծառայությունում է քննվում, այսպես է սկսվում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այսինքն, ձեր անունը առաջինն է: Ինչքանո՞վ եք հնարավոր համարում, որ այնուամենայնիվ այն խոսակցությունները, որոնք շրջում են ձեզ ձերբակալելու մասին, իրակացվեն:
- Ես չեմ բացառում, որ ձեզ էլ ձերբակալեն: Չեմ բացառում այս կանխավարկածը:
- Պարոն նախագահ, միջազգային հանրությունը կարեւորում է քաղաքական երկխոսությունը: Այս պահի դրությամբ եղե՞լ է որեւէ փորձ` երկխոսություն սկսելու վերաբերյալ:
- Միջազգային հանրությունը լուրջ հանրություն է: Նրանք երբեք դատարկ կոչ չեն արել: Նրանք դրել են օրակարգը` 4 կետ, 5-րդը նոր երկխոսություն: Ես էլ հայտարարել եմ պաշտոնապես ՍԴ-ում, որ այս օրակարգով ես պատրաստ եմ հենց այս պահին, խնդրեմ, սկսենք երկխոսություն: Մեր կողմը ընդունել է, մյուս կողմը չի ընդունել: Ես չեմ տեսնում դա, չկա: Դա դնում են մի կողմ, ինչ-որ ուրիշ վերացական բաներ են ասում` շոու, կլոր սեղան, մյուս կողմից շարունակում են ձերբակալությունները: Մեր դիրքորոշումը շատ լուրջ է: Մենք չենք հնարել, մենք չենք հուշել, Եվրամիության նախագահությունը դրել է, թե ինչ օրակարգով գնալ երկխոսության: Մենք համաձայնել ենք: Հիմա թող Եվրոմիությունը բարի լինի, տեր կանգնի իր առաջարկներին, պնդի շարունակի: Ես անընդհատ հանդիպում են նրանց հետ, ասում եմ, ձեզանից բան չենք ուզում, դուք եք ընկել թակարդը, դուք եք առաջարկել` տեր կանգնեք: Ասել եմ, որ դա ձեզ համար էլ է քննություն: Դրանով մենք կտեսնենք, թե դուք որքան լուրջ եք, որքան եք պնդում ձեր իսկ առաջարկը: Օրակարգի առաջին հարցն է` արտակարգ դրությունը վերացնել, բոլոր ձերբակալվածներին ազատել, ապահովել խոսքի, մամուլի, զանգվածային միջոցառումների ազատությունը եւ անցկացնել մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն: Ոչ մի նշանակություն չունի` ես ընդունում եմ իշանությունների լեգիտիմությունը, թե ոչ: Իշխանությունը կա, դա քաղաքական ֆակտոր է, դա ուժ է, նշանակություն չունի` ընդունում ես, թե չես ընդունում, դու կարող ես նրանց հետ բանակցել: Աշխարհը երկար ժամանակ չէր ընդունում Յասեր Արաֆաթի լեգիտիմությունը, բայց նրա հետ խոսում էր: Աշխարհն այսօր չի ճանաչում Ղարաբաղի նախագահի լեգիտիմությունը, բայց նրա հետ խոսում է: Ոչ մի նշանակություն չունի: Եթե քաղաքական ֆակտոր կա, քաղաքական ֆակտորի հետ պետք է խոսես, պետք է հաշվի նստես: Ես 5 տարի չեմ ընդունելու Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, բայց դա չի նշանակում, որ ես նրա հետ չեմ խոսի: Կա մարդ, իշխանություն ունի, լծակներ ունի, Ո՞նց կարող ես անտեսել: Ինքն էլ ինձ չի կարող անտեսել: Իմ հետեւում էլ ժողովուրդ կա: Առայժմ անտեսում է, ոչինչ, վաղ թե ուշ հաշվի կնստի:
- Այսինքն, այդ եվրոպական եւ ամերիկյան դիվանագետների միջնորդական ջանքերն առայժմ ապարդյուն են:
- Ես չեմ կարող ասել: Բավական բանի հասել են, ինչո՞ւ:
- Արմեն Հարությունյանի մասին Քոչարյանի ունեցած ելույթն ինչպես կգնահատեք:
- Ես չեմ ուզում գնահատել: Դուք գնահատեք: Ռոբերտ Քոչարյանն այսպիսի բնավորություն ունի. մարդը կա, աշխատում է, պաշտոն ունի, երբ իրեն տհաճ մի բան է ասում, 2-րդ օրը նա կարող է գոյություն չունենալ: Ջհանգիրյանը մի հայտարարություն արեց, մի րոպե հետո գործից ազատեցին, մի օր հետո էլ ձերբակալեցին: Տասը դիվանագետ հայտարարություն արեցին, նույն պահին նրանք հեռացվեցին աշխատանքից քիչ էր, Սահմանադրության խախտումով նրանց կոչումներից էլ զրկեցին: Արմեն Հարությունյանը կարող էր 100 տարի էլ աշխատել, եթե այսպիսի հայտարարություն չաներ: Լարիսա Ալավերդյանը դրանից առաջ մի երկու բան ասաց` վերջացավ: Հիմա դուք վաղը մի բան կասեք, դուք էլ կվերջանաք: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանն ամեն օր ապացուցում է այն, ինչ ես 5 ամիս ուզում էի ապացուցել ժողովրդին:
- Այս վիճակի լուծումը դուք ինչպես եք պատկերացնում:
- Երբ որ կստացվի, մենք մեր հանրահավաքը կանենք, կխոսենք ժողովրդի հետ:
- Այսինքն, դուք այսօր խնդիր տեսնում եք միայն հանրահավաքների՞ միջոցով:
- Ուրիշ դուք ասեք, ես ասացի` թերթերի միջոցով, հանրահավաքի միջոցով, կտան հեռուստատեսություն, հեռուստատեսության միջոցով: Ես դա էլ եմ ասել մի անգամ: Միջնորդներին ասացի` չե՞ք ուզում հանրահավաք, խնդրեմ, տվեք ինձ հնարավորություն ամեն օր կես ժամ խոսել ժողովրդի հետ, դա ինձ համար ավելի լավ է: Ամեն օր էլ պետք չէ, ես շաբաթը մեկ կես ժամ ուղիղ եթերով խոսեմ ժողովրդի հետ: Ի՞նչ եք ուզում, ասում եք` չեք ուզում զանգվածներ հավաքվեն: Շատ լավ, ես էլ չեմ ուզում, մեղք է ժողովուրդը, տանը կխոսեմ: Ասել եմ:
- Դուք ասացիք, որ Հայաստանը ռեսուրս չունի բռնապետական երկիր կառուցելու համար եւ նաեւ անդրադարձաք միջազգային դիտորդատական առաքելության միջազգային զեկույցի գնահատականներին: ԵԱՀԿ գործող նախագահն ասաց, որ վերջնական զեկույցն ավելի խիստ է լինելու: Ի՞նչ եք կարծում, դրան կոնկրետ պատժամիջոցներ կարո՞ղ է հետեւեն:
- Բազմաթիվ պատժամիջոցներ կան արդեն: Ուրիշ երկրների հանդեպ կիառված են: Ասենք, Եվրամիությունը, Եվրոպառլամենտը չընդունեց Ալբանիայի ընտրությունները, չճանաչեց Բելառուսի ընտրությունները, նրանց պատվիրակություններին զրկեցին Եվրոպառլամենտում, Եվրախորհրդում ձայնի իրավունքից, մանդատից: Կան ռեզոլյուցիաներ, նույնիսկ վիզաներ: Բելառուսի նկատմամբ վիզաների սահմանափակում կիրառեցին: Եթե ուզեն, ինչ ասես, կարող են անել: Ես չգիտեմ, թե հիմա ինչ կանեն: Ես եվրոպացիների մտադրությունների մեջ չեմ թափանցում: Մինչեւ հիմա, իհարկե, դժգոհություններ արտահայտել եմ, բայց մարդիկ գործ էլ արեցին: Այսինքն, այնպիսի գնահատականներ են տվել, որ դրանից ետ նահանջել չեն կարող: Եթե չավելացնեն քննադատության դոզան, այլեւս ետ գնալու տեղ չունեն իրենք:
- Իշխանությունները փորձում են տարբեր պաշտոնյաների մակարդակով հայտարարություններ անել եւ ասել, որ դրա պատասխանատուն դուք եք, հնարավո՞ր է որեւէ կերպ ձեր պատասխանատվությունն ունենք այդ դեպքերի մեջ:
- Վերագրել ինչ ասես կարող են: Վերագրելով 20 միլիոն Սիբիրում կործանեցին: Բայց ոչ միայն ես, մեր այս ամբողջ շարժումը այս բռնությունների մեջ, այս բախումների մեջ որեւէ պատասխանատվություն չունենք: Դա ամենաէլեմենտար բանն է, որ նրանք պետք է փորձեն, իհարկե, մեզ վրա բարդել: Կհաջողվի, կհաջողվի, դրանից էլ չենք վախենում: Ես ասել եմ, ոչ ոք չի կարող իմ առջեւ որեւէ պահանջ դնի, թե ես որեւէ օրենք եմ խախտել: Հինգ ամիս բացարձակապես չի խախտվել, այո, փետրվարի 21-ից հետո մենք անցկացրել ենք չիրազեկված հանրահավաքներ: Եթե սրա համար պատիժ է հասնում, ես պատրաստ եմ կրել այդ պատիժը: Դրա պատիժը գիտե՞ք ինչ է, 3-400 դոլար տուգանք: Գորբաչովն 88-ին 2 անգամ ինձ տուգանել է:
- Պարոն նախագահ, դուք իրադարձությունների նման ընթացք կանխատեսո՞ւմ էիք մինչեւ հանրահավաքային շարժում սկսվելը:
- Չէ, ես չէի կանխատեսել այսպիսի բան եւ հանրահավանքներից մեկում ասել եմ, հիմնավորել եմ, ռացիոնալ հարթության վրա ես չէի պատկերացնում, որ այսպիսի բան հնարավոր է: Ռոբերտ Քոչարյանը գնացող նախագահ է եւ իրեն բացարձակապես պետք չէր այսպիսի բանի տակ մտնել, իսկ Սերժ Սարգսյանն էլ եկող նախագահ էր, նրան պետք չէր սրանով սկսել իր 5 տարվա իշխանությունը: Ես մոտեցել եմ մեր երկրին ռացիոնալ կատեգորիաներով, այստեղ կարող եք ասել, որ ես սխալվել եմ: Մեր երկիրը շատ ավելի վայրագ է, քան իրեն կարելի էր այդ կատեգորիաներով դատել: Համարեք, որ սխալվել եմ: Ես ավելի լավ պատկերացում եմ ունեցել այս մարդկանց մասին, քան նրանք կան:
- Պարոն նախագահ, մարտի 1-ի իրադարձություններից հետո միջազգային գրեթե բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների աննախադեպ ուշադրությունն ինչով է բացատրվում:
- Որովհետեւ աննախադեպ վայրագություն է կատարվել Հայաստանում: Եթե այսպիսի ընտրություն չլիներ, եթե դրանից հետո էլ այս արյունահեղությունը չլիներ, իհարկե, այդպիս ուշադրություն էլ չէր լինի: Աննախադեպ վայրագություն է կատարվել այս երկում: Ո՞նց կարող է դա չնկատվեր:
- Պարոն նախագահ, եթե 21-ին արտոնեցին ձեր հանրահավաքը եւ նորից դրվեց նույն պահանջը` կամ պահպանության ծառայությունից հրաժարվել կամ տնից դուրս չգալ, դուք ինչ որոշում կընդունեք:
- Այդպիսի պահանջը, նախ, անօրինական բան է: Ոչ ոք այդպիսի պահանջ չի կարող դնել իմ առջեւ: Դա օրենքն է սահմանել, եթե ես անգամ դուրս գամ մենակ, ինձ պիտի ձերբակալեն, բերեն հետ, միայն պահպանությամբ թողնեն: Այդ ինչի՞ համար է օրենքը; Դա ոչ Ռոբերտ Քոչարյանը կարող է այդպիսի առաջարկ անել, ոչ նրա զորքերի հրամանատարը: Օրենքը նրանցից վեր է: Օրենքն ինչի՞ համար են սահմանել` մի քանի պատճառով; Նախ, ես գաղտնիք կրող եմ: Պատկերացրեք, ադրբեջանական հետախուզությունն ինձ վերցնի, ինչքան գաղտնիքի կրող եմ ես: Երկրորդ, լավ, ես դուրս եկա մենակ, ոչ մի քաղաքական բան չէ, մի խուլիգան կամ մի շիզոֆրենիկ մի բան անի, դա պետության հեղինակության խնդիր է: Հետո Ռոբերտ Քոչարյանի, ներողություն, երեսին են թքելու, թե դու ինչպես կարող էիր նախկին նախագահին այդպեսգ Դա երկրի պատիվն է, իր պատիվն է: Ծիծաղելի բաներ են անում, որ չարժեր անգամ մեկնաբանել: Եթե ես ուզեմ էլ անգամ մենակ դուրս գալ, ինձ պիտի ձերբակալեն, թույլ չտան: Ես օրենքի տակ եմ:
- Տասն օր առաջ, երբ օպերայի ջարդն էր տեղի ունեցել, դուք ասացիք, որ 10 օր չեն դիմանա, հրաժարական կտան: Դրան հետեւեցին ավելի վայրագ գործողություններ: Հիմա ի՞նչ եք ասում, հրաժարական կտա՞ն, երբ, ինչ պայմաններում:
- Դա ոչ մի նշանակություն չունի. մի երկու շաբաթ, 10 օր, 20 օր: Ես մի բան գիտեմ, ստեղծվել է մի այնպիսի հասարակություն, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը չեն կարող կառավարել այս հասարակությունը: Չեն կարող: Կարող է, Սադամ Հուսեյնի մեթոդներով, բայց դա էլ ռեսուրսներ է պահանջում: Այդ ռեսուրսները Հայաստանը չունի: Հայաստանը պիտի այս բանն անի: Մյուս կողմից` Հազարամյակի մարտահրավերների ծրագիրն են դադարեցնելու: Չեն տալու այդ փողը: Վաղը չգիտեմ, ամերիկյան օգնություններն էլ կարող են կրճատվել: Չունի ռեսուրս այս երկիրը: Կա'մ, կա'մ:
- Պարոն Տեր-Պետրոսյան, եթե Հազարամյակի մարտահրավերներից զրկեն, եթե նույնիսկ այդ գումարները չտան, ձեր կարծիքով, այդ դեպքում կհրաժարվե՞ն իշխանությունները պաշտոններից, թե էլի կշարունակեն պաշտոնավարել թեկուզ առանց այդ գումարների, թեկուզ ժողովրդի շատ ծանր սոցիալական պայմաններում:
- Բայց մի օր կտրվում է չէ՞ թելը: Կարող է փորձեն դա անել, բայց ինչքա՞ն: Մի օր կկտրվի: Հայաստանում դիկտատուրա չի կարող լինել: Փորձեն, չի ստացվի: Ուղղակի վատ կլինի, որ անշրջելի բաների կարող են բերել: Եթե իրենք էլ ռացիոնալ մտածեին, այսքան չէր խորանա:
- Ձեր աղբյուրների միջոցով որեւէ այլ տեղեկություն ունե՞ք զոհերի մասին:
- Չունեմ: Փորձում ենք ճշտումներ անել: Հիմա ասված է պաշտոնապես: Ութը քի՞չ է: Եւ բացարձակապես անհարկի, ժողովուրդն ի՞նչ էր անում: Միտինգ էր անում: Ես այլ մեխանիզմ էլ առաջարկել էի: Լավ է, Քոչարյանն էլ հաստատեց, որ ես իր հետ խոսել էի գեներալի միջոցով: Կարող է դա էլ չասեր: Շատ պարզ միջոց էր, բայց իրենց պետք չէր այդպիսի մեծ միտինգների պայմաններում Սահմանադրական դատարանի նիստ անել: Սա արեցին, որ արտակարգ դրություն հայտարարվի, ՍԴ-ն այդ պայմաններում վճիռ կայացնի: Եւ հասան իրենց նպատակին: Բայց սա վերջը չէ:
- Դուք զոհերի մասին ե՞րբ իմացաք:
- Միայն դատախազի հայտարարությունից հետ: Այդ գիշեր, երբ Քոչարյանն արտակարգ դրություն մտցրեց, խոսում էր ընդամենը, որ 8 ոստիկան հրազենից վիրավորվել են: Ես 3 անգամ Քոչարյանի հետ բանակցել եմ` գնալ այնտեղ ժողովրդին ցրել հանգիստ: Եթե դա չեղավ, ինձ վերջին անգամ ժամը 22-ի մոտերքն էր, դեռ արտակարգ դրություն չէր հայտարարվել, ինձ տեղյակ պահեցին, որ այլեւս ոչ մի կոմպրոմիս, նրանց պիտի ցրենք, դա հաստատեցին նաեւ 9 դեսպանները, որոնք գնացել էին նախագահական նույն առաջարկով: Ես իմ բոլոր առաջարկները կրկնօրինակում էի դեսպանների միջոցով, որպեսզի նրանք հնարավորություն չունենան հերքելու: Նրանց էլ Արմեն Գեւորգյանն էր ասել` ոչ մի կոմպրոմիս, պիտի ցրենք: Դրանից հետո, երբ լսեցի, որ Քոչարյանն էլ արտակարգ դրություն հայտարարեց, ես կապի մեջ էի, իմացա, որ այնտեղ քիչ մարդ է մնացել` 4-5 հազար մարդ, որ սպասում էին, ես հասկացա, որ մի նոր ջարդ է լինելու: Այդ ժամանակ ես զանգահարեցի այնտեղ, Արամ Սարգսյանին ասացի, որ իմ անունից փոխանցի, խնդրեցի, ժողովուրդը հասկացավ, մեծ մասը գնաց Արամի հետ: Այնտեղ մնացել էր մի 2-300 հոգի, նրանց էլ համոզում էր Նիկոլը, նա էլ միկրոֆոնով ասում էր իմ բառերը, այդտեղ էլ ահագին մարդ պոկվեց, ասում է` մնացել էր 50-60 հոգի, նրանց էլ մեկ առ մեկ համոզել, տարել են:
- Պարոն Տեր-Պետրոսյան, Վեհափառը ձեր մոտ ե՞րբ է եկել, ո՞ր ժամին:
- Կարծում եմ, ժամը 14-ին, 15-ին, երբ արդեն շատ ժողովուրդ էր կուտակված, դեռ բախումները չէին եղել: Բայց կրկեսից մինչեւ Մաշտոց արդեն լիքը լցված են եղել: Մինչեւ իմ դարպասն է եկել:
- Իսկ հնարավո՞ր է, որ եթե ձեր հանդիպումը լիներ, բախումը չլիներ:
- Բայց բախումը մեզ հետ ի՞նչ կապ ուներ: Ժողովրդին բախողն ուրիշն էր: Ժողովուրդն արդեն հավաքվել էր, ես էլ լավ միջոցն առաջարկում էի: Ես ասեմ, թե Վեհափառին ինչու չեմ ընդունել: Շատ պարզ պատճառով, որ սխալ հասցեով էր եկել: Նա պիտի գնար, ով որ բախել էր ժողովրդին, նրա դուռը պիտի գնար բախեր, ասեր` ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես անում, եղբայր: