Սուրբ եկեղեցի
Եկեղեցին հավատացյալների սուրբ ժողովն է, և Եկեղեցի անունը ավելի վերաբերվում է Աստծու ժողովրդին, քան տաճարին, սակայն Եկեղեցի է կոչվում և՛ քարեղեն շինությունը, և՛ հավատացյալների բազմությունը՝ ներառյալ հանգուցյալ հոգիների սուրբ ժողովը (Եբր. ԺԲ 23) երկնքում, որը կոչվում է Հաղթանակած Եկեղեցի։
Եկեղեցի անունը առաջին անգամ հիշատակվում է Ղևտացիների գրքում։ Երբ Տերը հաստատում էր Ահարոնի քահանայապետությունը, ասում է. «Ամբողջ ժողովրդին եկեղեցացրո՛ւ, (այսինքն` (հավաքի՛ր) վկայության խորանի դռան մոտ» (Ղևտ. Ը 3)։ Ապա հիշատակվում է Երկրորդ Օրինաց գրքում։ Երբ Տերը հաղորդում էր Իր Ուխտը, կրկին ասում է. «Քո մարդկանց եկեղեցացրո՛ւ (հավաքի՛ր) Ինձ մոտ, որ նրանք լսեն Իմ այն պատգամները, որ սովորեցնելու եմ նրանց, որպեսզի երկնչեն Ինձանից ու դրանք սովորեցնեն իրենց որդիներին» (հմմտ. Բ Օրենք Դ 10)։
Երբ հրեաները խոտորվեցին շնորհներից, Տերը հեթանոսներից երկրորդ Եկեղեցին ստեղծեց՝ քրիստոնեականը, ըստ այն խոսքի, որ ասաց Պետրոսին. «Վեմի վրա պիտի շինեմ Իմ Եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն» (Մատթ. ԺԶ 18)։ Իսկ Պողոս առաքյալը երկրորդ՝ քրիստոնեական Եկեղեցու մասին գրում է Տիմոթեոսին. «Աստծու տունը կենդանի Աստծու Եկեղեցին է, սյունը և հաստատությունը ճշմարտության» (հմմտ. Ա Տիմ. Գ 15)։
Եկեղեցին հոգևոր է ու մարմնավոր, ինչպես Եդեմի պարտեզն է հոգևոր ու մարմնավոր, քանզի այնտեղ Աստված զգալի ծառերի և տունկերի հետ տնկեց նաև իմանալի ծառեր՝ Կենաց և Գիտության ծառերը։ Հոգևորը հավատացյալ ժողովուրդն է, իսկ մարմնավորը՝ քարեղեն տաճարը։ Եթե տաճարը նյութեղեն չլիներ, ապա մարդու համար բնակավայր չէր լինի, իսկ եթե սրբված և օծված չլիներ, Աստված այնտեղ չէր բնակվի, քանզի Աստված սուրբ է, և տաճարը ևս սուրբ պիտի լինի։ Այս պատճառով Եկեղեցին կառուցելուց հետո պետք է սրբել և օծել։ Նախ սրբել, որովհետև մարդու հանցանքների պատճառով անիծվեցին բոլոր տարրերը՝ հողը, քարը, փայտը, ջուրը, և այն ամենը, որոնցով կառուցվում է Եկեղեցին, ապա օծել, որպեսզի Սուրբ Հոգու շնորհները իջնեն Եկեղեցու վրա, ինչպես Պենտեկոստեի օրը իջան Վերնատան վրա։
Հարց է ծագում, թե ինչու անշունչ քարից ու փայտից կառուցված տաճարը և հավատացյալների ժողովը նույն անունով են կոչվում։ Որովհետև նույն Հոգին ունեն։ Եվ սա հայտնի է հետևյալից. երբ Պենտեկոստեի օրերը լրացան, երկնքից հանկարծակի մի ձայն հնչեց և լցրեց այն տունը, ուր նստած էին Տիրոջ աշակերտները։ Ապա երևացին բաժանված լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա, և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով (Գործք Բ 2-4)։ Սկզբում Վերնատունը լցվեց Հոգով, ապա՝ առաքյալները։ Հետևաբար՝ եկեղեցիները նախ իրենք են ընդունում Աստծու Հոգին, ապա ավազանի արգանդից Հոգով ծնում Աստծու զավակներ, ովքեր էլ դառնալով Քրիստոսի մարմնի անդամները՝ կազմում են Եկեղեցին՝ ըստ Պողոս առաքյալի. «Եկեղեցին Հիսուսի մարմինն է, լրումը Նրա, Ով ամեն ինչ լցնում է ամեն բանի մեջ» (Եփես. Ա 22, 23)։
Ինչպես անշունչ փայտից ու քարից պատրաստված տաճարում ամենակարող Աստծու անունն ենք կանչում, Աստծու անունով օծում և Աստծու տուն անվանում, նույնպես և հավատացյալները, ովքեր մկրտվում են Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով և Աստծու անունով օծվում օրհնության յուղով` Ս. մյուռոնով, կոչվում են քրիստոնյա և Աստծու տաճար։ Ինչպես տաճարի օծությամբ զգալի եկեղեցին ընդունում է Սուրբ Հոգին, նույնպես և մարդը Դրոշմի խորհրդով ընդունում է Ս. Հոգին։ Եվ ինչպես զգալի Եկեղեցին քահանայի միջոցով իրենում ընդունում է Քրիստոսի Մարմինն ու Արյունը, նույնպես և մարդը ճաշակմամբ։ Այս պատճառով երկուսն էլ կոչվում են Աստծու սուրբ բնակարան և սուրբ տաճար, քանզի ստուգապես Աստված այստեղ է բնակվում։
Եկեղեցին կոչվում է նաև Աստծու տուն, Տիրոջ տաճար, Սուրբ Թագուհի, Մայր, ինչպես նաև Մի, Սուրբ, Ընդհանրական և Առաքելական։ Եկեղեցին Աստծու տուն է կոչվում, քանզի Աստծու Խոսքը այստեղ բնակվեց ըստ մարգարեության. «Այս է հանգստավայրն Իմ հավիտյանս հավիտենից, այստեղ պիտի բնակվեմ, քանզի հավանեցի սա» (Սաղմ. ՃԼԱ 13,14)։ Եկեղեցին նաև Աստծու փառքի տաճար է կոչվում, սակայն սա հրեական տաճարի նման միայն մի տեղում չշինվեց, այլ գերագույն հրաշագործությամբ կամար կազմեց տիեզերքի բոլոր անկյուններում, որում ոչ միայն փառքերի լույսն է երևում, այլև Ինքը՝ փառքերի Տերն է հայտնվում. «Աստված հայտնվում է Իր տաճարում» (Սաղմ. Է 4)։ Աստծու տաճար է կոչվում նաև մարդը. «Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կոր. Գ 16)։
Եկեղեցին Սուրբ Թագուհի է անվանվում, որովհետև Բանն Աստված սրանում թագավորելով, իբրև ծիրանիով՝ Իր անապական Արյամբ այն շքեղաշուք զարդարեց, պանծալի Խաչը, որպես թագազարդ պսակ, դրեց գլխին և Իր աջում կանգնեցրեց. «Թագուհին կանգնած է քո աջից՝ զարդարված ու պաճուճված ոսկեհուռ զգեստներով» (Սաղմ. Դ 10)։
Դարձյալ՝ «Նրա հետ հարություն տվեց մեզ և Նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով» (Եփես Բ 6)։
Դարձյալ՝ Եկեղեցին Մայր է կոչվում հոգևոր ծնունդների համար, քանզի բազում զավակներ է ծնում հոգևոր առաքինությամբ։ Եվ ինչպես մայրը ծննդաբերելուց հետո իր որդիներին սնում է մինչև կատարյալ հասակի հասնելը, այնպես էլ Եկեղեցին կերակրում է իր զավակներին մինչև նրանց՝ Քրիստոսի կատարյալ հասակին հասնելը (Եփես. Դ 13)։ Եկեղեցին Մի է զանազան իմաստներով։ Այսպես` մի է իր հիմքով, մի է իր հավատքով, մի է իր առաքելությամբ կամ նպատակով (Եփես. Դ, 4 - 5)։ Եկեղեցու միության խորքը Քրիստոսի Անձն է և այն հավատքը Քրիստոսի աստվածության վրա, որով Պետրոս առաքյալը խոստովանեց Քրիստոսին իբրև Աստծո Որդի։
Եկեղեցին Սուրբ է նախ իր գլխով` Քրիստոսով։ Սուրբ է նաև իր բնույթով, որպես աստվածակառույց հաստատություն։ Սուրբ է նաև իր նպատակով կամ առաքելությամբ։ Սրբությունը հավատացյալների ամբողջությանը` եկեղեցուն է ասվում մկրտությամբ` ըստ առաքյալի խոսքի. «Քրիստոս սիրեց Եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար, որ սրբացնի ավազանի մաքրությամբ` խոսքով, որպեսզի նա իր առաջ փառավոր կերպով կանգնեցնի եկեղեցին, որ ոչ մի արատ կամ աղտեղություն կամ նման բաներից ոչինչ չունենա, այլ լինի սուրբ և անարատ» (Եփես. Ե, 25 - 27)։ Եկեղեցու սրբությունը մի հատկություն է, որի ներգործումի ընթացքի մեջ հայտնվող թերությունները չեն ժխտում այն ըստ էության։ Այսպես, Եկեղեցու անդամների մեղավոր կամ մոլոր ընթացքը չի ժխտում այն իրողությունը, որ Եկեղեցին ըստ էության սուրբ է։ Ընդհակառակը, Եկեղեցին ոչ միայն սուրբ է, այլև սրբարար, որի համար էլ մեղավորները չեն կտրված Եկեղեցու անդամակցությունից։ Քրիստոս նրանց համար եկավ, և Եկեղեցին էլ նրանց համար կա։ Եկեղեցու սրբության այս գործնական հանգամանքի դրական փաստերը կարող ենք գտնել մյուս կողմից այն իսկապես սրբակյաց անձերի մոտ, ովքեր դարերի ընթացքում և մինչև այսօր Եկեղեցու փառքի լուսաշող պսակն են կազմում։Եկեղեցին ընդհանրական է կոչվում, որովհետև Քրիստոս ներկայացնում է համայն մարդկությունը։ Եկեղեցին կոչվում է կաթողիկե համաժողով, որովհետև Սրբարար Հոգին լուսարար մկրտությամբ ավազանից երկնեց Աստծուն ժառանգներ և նրանց հնազանդությամբ մի տեղում ժողովեց։
Եկեղեցուն նաև Առաքելական ենք անվանում գլխավոր երկու իմաստներով. առաջին` առաքյալներից է սկիզբ առել իր ծագումը և երկրորդ` առաքյալների հավատքի և ավանդության ժառանգորդն է այն։
Եկեղեցին նաև երկինք է երկրի վրա, որովհետև Աստված մարդացավ, Երկնավորը դարձավ երկրավոր, և մենք, որ մի ժամանակ հեռացած էինք Աստծուց, Քրիստոսի Արյամբ եղանք մերձավորներ։ Քանի որ մարդուն Աստծուց մեղքն է բաժանում, Տերն Իր խաչով քանդեց Աստծու և մարդկանց մեջ եղող այդ միջնորմը, վերացրեց թշնամությունը, մարդուն Աստծու հետ հաշտեցնելով խաղաղություն հաստատեց և մեզ արտոնություն տվեց Աստծուն Հայր կոչելու։ Քրիստոս, Եկեղեցում ծագեցնելով Իր Աստվածային Լույսը, այն լցնում է շնորհներով ու լուսավորում Եկեղեցու մանուկներին։ Իսկ հրեշտակների դասերը, երկնքից իջնելով, անդադար փառաբանությամբ օրհնության երգեր են երգում և մեզ տոնակից լինում, քանզի երկնային Թագավորը եկավ սուրբ Եկեղեցի։ Հետևաբար, մարդը այլևս օտար և պանդուխտ չէ, այլ՝ համաքաղաքացի սրբերին և ընտանի՝ Աստծուն (Եփես. Բ 13-22)։
Նարեկ աբեղա Ավագյան