ԱՐԻԱԴԱՒԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Արիութի՛ւն, մեզ պէտք է արիութիւն, այնպիսի,
որը չափաւորելու կարիքն զգայինք:
***
Արիութիւնն է ոստայնանում ազգերի անկախութեան ու հզօրութեան դրօշը: Անարիութիւնը` պատրանքը ազգերի:
Այն օրից, ընթերցո՛դ, երբ Հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագաւորեց Հայաստանում:
Ես տեսայ մեր վարած ճակատամարտերում, տեսայ ամենաընտիրը Հայու - մեռնելու մտքի հետ հաշտուած, ամէն գնով յաղթելու անտեղիտալի վճռականութեամբ դէպ թշնամին խոյացող հայ զինւորը: Ճանաչեցի եւ ամենավատը Հայու - վախկոտութեան յանցանքի մէջ բռնուած անարին:
Առաջինը կը մեռներ ապրեցնելու համար իր ազգն ու նրա զէնքի հմայքը, երկրորդը կ'ապրեր ամէն գնով` ապրեցնելու համար թշնամու փառքը:
Առաջինը ինձ համար աւելի բարձր էակ է քան մարդ:
Երկրորդը` աւելի անասուն քան Հայ եւ մարդ:
Եւ քանի կայ այդ վերջինը - թրքութիւնը իր գոյութեան ապահովութիւնը պիտ փնտռի մեր ժողովրդի չգոյութեան մէջ:
***
Հանգիստ սրտով պիտ մեռնիմ, երիտասա՛րդ Հայ, եթէ քո սերնդի օրով հայօրեն բառը, մեր ժողովրդի բարեկամների եւ թշնամիների կողմից գործածւի քաջօրէն բառի իմաստով: Քանզի գիտեմ, թէ քանի դեռ իր ամբողջութեան մէջ քաջ եւ քաջանուն չէ հայութիւնը, նրա համար անցած չէ դեռ աշխարհի քարտեսից ազգովին անհետանալու վտանքը:
Ժողովուրդ, պետութիւն, անհատ - սրանց իրաւունք է տրւում ապրելու եւ ապրում են, երբ պատրաստ են ամէն վայրկեան ապացուցելու, թէ գիտեն մահւամբ պաշտպանել իրենց գոյութեան իրաւունքը: Այլապէս, սրանք որպէս աւելորդ տեղ գրաւող իրեր, հակադրւում են ազատելու իրենց տեղն արեւի տակ:
***
-Մի՞թէ,- Արաքսի ափին, պահախարոյկի շուրջը կը խօսակցէին հայ զօրավարները,- մի՞թէ անցեալ գիշեր չլսւեցաւ գետնի տակէն խուլ որոտում մը, նման զինուց շառաչման:
Վայրագ տիտանն էր, որ կը զարթնէր ու կը կանգնէր ի վեր:
-Անտեղի է ասածդ: Իրեն մօտ կհանգչի յաղթականն Հայկ ու զինքը սպաննողը: Եթե զարթնու Նեբրովթ` Հայկ չի ննջեր...
Քանի դեռ ամենահամեստ Հայկն իսկ - տղամարդ թէ կին - չի կարող այդ խրոխտ անձնապաստանութեամբ անգիտանալ թրքական վտանքը, քանի դեռ "Քաջ, ահաւոր եւ անողոքելին Հայկ, իբրեւ կայծականց Աստուած" չի արթնացել հայ մարդու մէջ - բախտին, այո՜, անարժանաբար, միայն բախտին կը պարտինք մեր գոյութիւնը եւ ոչ մեր բազկին:
***
Պատժւած անարիութիւն - ահա երկու բառ, որոնցով պիտ բնորոշել մեր արդի քաղաքական տխուր կացութիւնը:
Վաղւայ մեր վիճակը կարելի պիտ լինի բնորոշել վարձատրւած արիութիւն բառերով, եթէ մինչեւ վաղը, հայութիւնը հոգեփոխվելով դառաւ արի եւ արիապաշտ:
Արիութիւն: Գրեթէ ոչինչ արժեն մարդկային բոլոր դրական յատկութիւնները, եթէ պակասում է արիութիւնը: Չկան ներգործօն առաքինութիւններ առանց արիութեան:
Ճշմարիտ է իմաստուն խօսքը, թէ "մեռեալ են անոնց գործերը, որոնք վախ ունեն մահից":
Անհատ թէ ժողովուրդ - սրանք չէն կարող ինքնիշխան տէր դառնալ իրենց կեանքին, ճակատագրին, մինչեւ որ չյաղթահարեն իրենց անասնական վախը եւ նրա պատճառները:
"Ես շատ թոյլ էի",- մի հրեայ ասում է միուսին: Այս խօսքերը, ըստ Հայնէի, կարող են յանձնարարւել որպես moto, հրէութեան մասին գրւելիք պատմութեան:
Արդեօ՛ք, այս երեք բառերի մէջ պէտք չէ՞ փնտռել եւ հայութեան դարաւոր տառապանքի իսկական պատճառը:
***
Անարին - դա խրտւիլակն է, որով կարելի է միայն ճնճղուկներից պաշտպանւել, բայց ոչ եւ անգղներից:
Անարի լինել եւ անկախ հայրենիք երազել - ծիծաղելի չէ՞ դա:
Անմտութիւն չէ՞ ե՛ւ ոչխար լինել, ե՛ւ գանգատւել գայլերից:
Դառար ոչխար` պատրստ են գայլերը:
Արիութեանն է աշխարհն ու անկախութիւնը, քանզի "արիներն են անցնում Աստծոյ ճանապարհով":
Անկախ Հայրենիքը - որպէս Աւետեաց Երկիր - տրւում է մեզ, անապատներում մեր վարած բաղխումներից արիանալուց յետոյ: Իսկ արի է նա, որ իր մէջ սպանել է իր կաշւի համար դողացող անասունը եւ գիտի զինաթափել վտանգն ու մահը, ծիծաղելով նրանց երեսին: Իսկ արի է նա, ով զինակցել է Ամենակարող Ոգու հետ:
Արին նա է, որ գիտի լրիւ կերպով արտայայտել իր մէջ ծփացող անծանօթ ծովը ոյժերի:
Արի է ինքնաճանաչը, նա՛, որ ծիծաղում է թւի, նիւթի, զէնքի գերազանցութեան, ինչպէս եւ գիտութիւնների վրայ, եւ ճանաչում է մի հատիկ հոգեբանական արւեստ միայն - մեռնել, երբ պահանջում է պահը, ինչպէս արեւն է մեռնում:
Արիութիւն, որ իր մէջ կրում է իր վարձատրութիւնը - ներքին ուրախութիւնը` թէ պիտի յաղթի, եւ արտաքին յաջողութիւնը` յաղթանակը:
Հայրենասիրութիւնը միշտ էլ յաղթել է, երբ իր զինակիցը արիութիւնն է եղել:
***
-Հռոմեացիք, պաշարւած հին գաղիացիներից, քաշւում են բերդատաճարը Հռոմի եւ զզւանքով յետ մղում տթշնամու առաջարկը - զէնքը վայր դնել եւ յանձնւել:
Իսկ ծերակուտականները, որոնք չէին կարող զէնքի դիմել, բայց չէին կարող եւ որեւէ կերպով չմասնակցել հայրենի երդիկնեի համար մղւող ճակատամարտին - հագնում են իրենց ամենաշքեղ զգեստները, դուրս գալիս մեծ հրապարակ, ուր դրւած կը մնային իրենց փղոսկրեայ աթոռները, հանդիսաւորապէս կատարում իրենց վերջին աղօթքը եւ վերջ տալիս իրենց կեանքին... Առաքինական այդ օրինակով նրանք հաստատում են թշնամու դէմ ծառացած իրենց որդիներին, թէ որքան քա՜ղցր էր մեռնել Հայրենիքի համար: Եւ յաղթում է Հռոմէական Արծիւը:
***
Լոզենգրադում է: Խռպոտ շեփորները, ռազմադաշտային թմբուկները եւ սուր սուլիչները գրոհի հրամանն են տալիս:
Հուռռա՜, յառա՜ջ... Բուլղար գումարտակները շարժւում են առաջ: Գլխապետ Զաբրանսկին հրաման է ստացել սկսելու գրոհը:
Հրացանաձիգերի մի վաշտի գլուխն անցած` նա խթանում է իր ձին, որ վայրկեանաբար փռւում է գետնին, գլուխը ցրւած` հրանօթով: Սպան ոտքի է թռչում, վերցնում սուրը, քաշում ատրճանակը եւ նետւում առաջ` իր զինւորներին հասնելու համար... եւ գնդացիրային մի համազարկից, փռւում գետնին` ծեծւած ծնօտով:
Նա նորից ոտքի վրայ է արնաթաթախ, բայց դժւարանում է խօսել եւ հրամայել բերանացի, եւ ահա՛, որպպէս զօրավար Marguerite-ը Floing-ի մօտ, նա նշանացի, մի յաղթական շարժուձեւով ցոյց է տալիս ամրութիւնը, որ պիտ գրաւել:
Եւ նա նետւում է առաջ, թաշկինակով սեղմած իր զարհուրելի վէրքը: Սուսերամերկ, անմատչելի ու վեհափառ` նա հասնում է... Նա առաջինը պիտ լինի, բայց ո՛չ... Մի գնդակ փշրում է նրա ծունկը եւ վերստին փռում գետնին: Սակայն ահա, յենւած մի զինւորի, նա նորէն գրոհում է: Ընկնում է եւ այս անգամ, երբ յաղթական աղաղակները, վերջապէս, ազդարարում են յաղթանակը բուլղար առիւծի...
Մի պատգարակի վրայ, կազմւած թրքական սւիններից, զինւորները իրենց հրամանատարին տեղափոխում են հիւնդանոց, կիսամեռ, բայց յաղթական:
***
Ռուս-ճապոնական պատերազմի սկզբի օրերն են: Պէտք է փակել Պորտ Արթուրի մուտքը: Հարկաւոր են հարիւրի չափ կամաւորներ: Ներկայանում են երկու հազար հոգի: Կամաւորները` փոքրիկ խմբակներով նստած շոգենաւերը, թշնամու նավային եւ ծովափեայ մարտկոցների փոթորկային կրակի տակ պիտ հասնին նաւահանգիստ, մուտքի առջեւ պիտի խորտակեն իրենց նաւերը եւ, եթէ կարողացան, պիտ փորձեն վերադառնալ փոքրիկ նաւակներով: ՆԱւապետ Եաշիրան` "Ասամա" զրահաւորի հրամանատարը, ճամբայ դնելով այդ խիզախներին, որպէս հրաժեշտի նշան, տալիս է նրանց խմելու արծաթէ գաւաթից եւ ասում "Եթէ ունենայի հարիւր որդի, պիտ ուղարկէի բոլորին էլ այդ վտանգաւոր ձեռնարկի համար. եթէ ունենայի մէկը, պիտ ուղարկէի եւ նրան:
"Ձեզ ուղարկում եմ դէպ ստոյգ մահ եւ գիտեմ, որ պատրաստ էք մեռնելու: Այժմ վստահէք երկնքին ձեր կեանքը եւ դէպ գո՛րծ...":
Ի՞նչ կայ աւելի վեհափառ, քան ճապոնացի զինւորի այդ արհամարանքը դէպ կեանքը եւ մահը:
Արիները, "Գայ է Նիպոն բանզայ" աղաղակներով, խորտակում են նաւերը, խորտակում են նաեւ իրենց կեանքը, բայց ապահովում հայրենի զէնքի յաջողութիւնը:
***
Բախտ ժպտի խիզախաց:
"Հողմերն ու ալիքները միշտ էլ զօրավիգ են հանդիսանում համարձակ նաւորդներին": Ինչպէս բնութեան գեղեցկութիւնը միշտ էլ զգեստաւորում է մարդկային մեծագործութիւնները - արիութեան գործերը:
Այն գիշերը, ասում է շվէյցարական աւանդութիւնը, երբ որ երեսուներեք հայրենասէրները, հաւաքւած` Լււցերն լճի ափին, կ'երդւէին մեռնել հայրենիքի ազատութեան համար, անսպասելիօրէն քչքչալ սկսեցին երեք առւակներ, հակառակ որ ձմեռ էր եւ երկիրը ծածկած խոր ծիւնով: Այդ առւակները մինչեւ օրս էլ կոչւում են սուրբ աղբիւրներ:
Երբ որ Արնոլդը, ուխտւած շվեյցարական լեռնականներից մէկը, Ալպերի գագաթին, սառցակոյտերի շուքի տակ գրկում է դէպ իրեն ուղղւած աւստրիական սւինների մի ամբողջ խուրձ եւ խրում կրծքի մէջ, որպեսզի պատռի թշնամու շղթան իր ընկերների համար, այն ժամանակ այդ հերոսները իրաւունք չունե՞ն իրենց գործի գեղեցկութեան միացնելու եւ շրջապատի գեղեցկութիւնը:
Ամենաանշուք իրերի շրջանում, ճշմարտութեան կամ հերոսութեան գործը, կարծէս անմիջապես դարձնում է երկինքն իր տաճարը, արեւն` իր կերոնը... "Բնութիւնը մեկնում է իր ձեռքերը` գրկելու մարդը,բաւական է, որ նրա մտածումներն լինեն նոյնքան վեհ որքան իրենը":
երեւակայում եւ օրհնում եմ քաջութիւնը հեթանոս Հայի, որպէս տղամարդու բարձր յատկութիւն: Նախաքրիստոնէական հայութեան մօտ այն աստիճան զարգացած էին քաջութիւնն ու իր պաշտամունքը, որ Վահագն Արքան, ժողովրդի կողմից արձանացած է հեթանոս երգերի մէջ, որպէս գերբնական ծնունդ "երկնի, երկրի եւ ծիրանի ծովի": Նախապատկերները քաջութեան, Աստւածացեալ Վահագն, որ իր անհուն քաջութեամբ կը քաղէր վիշապները Հայոց աշխարհեն: Վիշապաքաղ Արքան Հայոց, որի պատկերը կը պաշտուեր Տարօնի Վահեվանեան մեհեաններում:
Երեւակայում եմ եւ ապրում գեղեցկութիւնը Աւարայրի եւ նրա հերոսների անմեռ գործի, երբ, ըստ Խորենացու, "ամենայն մարդ յանձն իւր եկեղեցի էր, նոյն ինքն քահանայ". երբ հայկական արիութիւնը կը սրբացնէր հայ ռազմիկն ու այն վայրերը, ուր կը թափւեր նրա նւիրական արիւնը:
***
Այսօ՜ր...
Կասկածելի եւ անօգուտ եմ համարում անարի Հայու հայրենասիրութիւնը:
Արիութիւն - սա պիտ լինի քո սերունդի կրօնը, հա՛յ երիտասարդ: Արի եւ արիադաւան, - այսպիսի՛ն պիտ լինի հայութիւնը, եթէ ուզում է որպես ազգ ապրել եւ վա՛ղը: Հա՛յ երիտասարդութիւն, պիտ կարողանա՞ս արտաքին վտանգի ժամանակ ձեռքդ խղճիդ գոչել.- ես քո կենդանի սուրն եմ, Հայրենի՛ք, որ քեզ յաղթութիւն պիտ բերի:
Պիտի չկարողանա՞ս - իզո՜ւր ես ապրում:
Պիտի չարիանա՞ս - վա՜յ քո ժողովրդին...