«ՄԻԱՑՈՒՄ» ազգային նախաձեռնության հայտարարությունը մոսկովյան հռչակագրի վերաբերյալ
«ՄԻԱՑՈՒՄ» ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՍՏՈՐԱԳՐԱԾ «ՄՈՍԿՈՎՅԱՆ» ՀՌՉԱԿԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Միացում» ազգային նախաձեռնությունը խորին վրդովմունքով դատապարտում է սույն թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների համատեղ հռչակագրի ստորագրումը` որպես Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող և տարածաշրջանում 1994 թ. հրադադարի կնքմամբ հաստատված փխրուն կայունությունը խախտելուն միտված վտանգավոր ձեռնարկ:
Հռչակագրի առաջին իսկ կետում կողմերը հաստատում են, որ արցախյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի «միջազգային նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա»: Հաշվի առնելով բանակցային գործընթացի ողջ պատմությունը` ակներևաբար հասկանալի է, որ «միջազգային նորմերի ու սկզբունքների» անվան ներքո ընկալվում է ոչ միայն ազգերի ինքնորոշման, այլև այսպես կոչված «տարածքային ամբողջականության» և «սահմանների անձեռնմխելիության» նորմերը, որոնք 1991-2008 թթ. հայոց դիվանագիտության կրավորական և անսկզբունք կեցվածքի պատճառով մեկնաբանվել և արձանագրվել են բացառապես հօգուտ Ադրբեջանի պաշտոնական տեսակետների: Հայաստանի դիվանագիտությունը «միջազգային նորմերի և սկզբունքների» շրջանակներում պետք է գործի, ելնելով հիշյալ նորմերը մեկնաբանելու և գործադրելու անբռնազբոս և իրավական դիրքերից: Սա ենթադրում է ոչ միայն նախկին Ադրբեջանական ԽՍՀ պետականակերտ ազգերից մեկի` հայերի իրավահաջորդ պետության` ԼՂՀ ներկայիս ողջ տարածքում ինքնորոշվելու անկապտելի իրավունքի ճանաչումը, այլև ԽՍՍՀ իրավական դաշտի նկատմամբ գերակա միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան Հայաստանի Հանրապետության անօտարելի մաս կազմող ԼՂՀ ներկայիս ողջ տարածքի վրա ՀՀ ինքնիշխանության վերականգնումը:
Հռչակագրի առաջին կետի 2-րդ մասը բացահայտում է, որ փաստաթուղթ ստորագրած ՀՀ Նախագահը շարունակում է վարել բանակցային գործընթացը` երկրի և հայության ճակատագրի նկատմամբ պատասխանատվության իսպառ բացակայության պայմաններում: «Միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների» վկայակոչմանը հաջորդած «այդ շրջանակներում ընդունված որոշումների և փաստաթղթերի հիման վրա» արտահայտությունն ակնբախորեն վերաբերվում է ՄԱԿ ի Գլխավոր Ասամբլեայի 62/243 և ԵԽԽՎ 1614 բանաձևերին, որոնցում միջազգային իրավունքի բուն նորմերի կոպիտ խախտմամբ ճանաչվում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» և անվերապահորեն պահանջվում հայոզ զինուժի անվերապահ դուրսբերումը ԼՂՀ սահմանադրորեն մաս կազմող Հայաստանի ազատագրված տարածքից: Այստեղ պատեհ է հիշատակել նաև 1999 թ. ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի ԵԱՀԿ ստամբուլյան վեհաժողովում Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչման արտառոց փաստը:
Հռչակագրի առաջին կետի վերջնամասում երեք նախագահների արտահայտվող լավատեսությունն առ այն, որ հռչակագրի ստորագրումը «բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման և համակողմանի համագործակցության համար» սոսկ պարզունակ կեղծիք է կամ` տարածաշրջանային իրողություններին կատարելապես անհաղորդ լինելու վկայություն:
Հռչակագրի 2-րդ կետը ամբողջապես բացահայտում է առաջին կետում միջազգային իրավունքի նորմերի վկայակոչմամբ քողարկված փաստաթղթի բուն բովանդակային էությունը: Այն խարսխված է «կարգավորման հիմնական սկզբունքների» մադրիդյան փաթեթի վրա, որը ենթադրում է ազատագրված բոլոր տարածքների հանձնում, ադրբեջանցի թուրքերի «վերադարձ», խաղաղապահ ուժերի տեղակայում և հակամարտության գոտու ապառազմականացում (այդ թվում ԼՂՀ Պաշտպանության Բանակի): Փոխարենը, Արցախի հայությանը տրվում է անհայտ ժամանակով հետաձգվելիք «հանրաքվեի» անցկացման անորոշ խոստում:
Ինքնին հասկանալի է, որ «կարգավորման» նման տարբերակի անգամ մասնակի գործադրումը հանգեցնելու է տարածաշրջանային կայունության առանցքային և միակ երաշխիքը հանդիսացող Հայաստանի ներկա պաշտպանական համակարգի ամբողջական փլուզմանը, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման վտանգի կտրուկ մեծացմանը և Հայոց պետականության գոյության մոտալուտ վախճանին: Կարգավորման ցանկացած տարբերակ, որը գեթ տեսականորեն ենթադրում է Հայաստանի ազատագրված տարածքի ամբողջական կամ մասնակի հանձնում ինքնաբերաբար մերժելի է: Հայաստանի որևէ իշխանություն պետք է իսպառ հրաժարվի Հայաստանի ազատագրված տարածքի ամբողջականությունը վտանգելու և երկրի պաշտպանական համակարգը ոչնչացնելու ոտնձգություններից: Հայոց հանրությունը պետք է որդեգրի անհանդուրժողական կեցվածք`երկրի տարածքային և ռազմական անվտանգության նկատմամբ ներքին և արտաքին ցանկացած ոտնձգություն կանխելու, բացառելու և պատժելու ուղղությամբ:
Հռչակագրի 3-րդ կետում «խաղաղ կարգավորման հասնելը պետք է ուղեկցվի դրա բոլոր ասպեկտների և փուլերի իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով» արտահայտությունը հաստատում է , որ հայկական կողմը տեսականորեն համաձայնվել է հիմնախնդիրը «կարգավորել» Հայաստանի ազատագրված տարածքի փուլային հանձնման ճանապարհով, իսկ Հայաստանի անվտանգության երաշխավորումը հայոց զինված ուժերից փոխանցել «իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներին»: Այս մտադրության մասին վկայում է նաև Սերժ Սարգսյանի Ստեփանակերտ կատարած վերջին այցի ժամանակ հնչած հաստատումը` «միջազգային կազմակերպությունների ու առաջատար երկրների Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու» վերաբերյալ: Իշխանամերձ շրջանակների մի մասի հավաստիացումները, որ Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու խոստումները սոսկ հայկական կողմի «մարտավարական հնարք է» անլուրջ են, անհամոզիչ, անհանդուրժելի և մեծապես վտանգավոր: Հայոց Հայրենիքի ազատագրված տարածքի ամբողջականությունը գերագույն պետական արժեք է, որը վեր է և գերակա` քաղաքական պատեհապաշտության, տնտեսական նպատակահարմարության կամ անհատական իշխանատենչության նկատառումներից:
Հռչակագրի 5-րդ կետը վերարծարծում է «կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում վստահության ամրապնդման միջոցների կենսագործման համար պայմանների ստեղծման» Հայաստանի պարտավորությունը: Այն ակնհայտորեն ենթադրում է ԶԼՄ ների և քարոզչական այլ մեխանիզմների համատեղ օգտագործամբ արմատավորել և խորացնել ՀՀ բնակչության անտարբերությունն ու անիրազեկությունը Հայաստանի ազատագրված տարածքի ռազմավարական ու կենսական նշանակության, ինչպես նաև այն փուլայնորեն հանձնելու ներկայիս հռչակագրով ստանձնած պարտավորությունների նկատմամբ:
«Միացում» ազգային նախաձեռնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Հայաստանի ազատագրված տարածքի նկատմամբ պետականակործան զիջումներին ընդառաջ գնալու քաղաքականությունը, արագ և վճռական քայլեր ձեռնարկել ազատագրված տարածքները վերաբնակեցնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը միջազգային իրավունքով պատկանող ԼՂՀ սահմանադրական ողջ տարածքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը վերականգնելու ուղղությամբ:
«ՄԻԱՑՈՒՄ» ազգային նախաձեռնություն
ք. Երևան, 07.11.08
http://hay.do.am