ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սիրելի հայրենակիցներ.
Ապրիլի 12-ի լույս 13-ի բռնությունները հաստատեցին միացյալ ընդդիմության պնդումները գործող ռեժիմի հակաժողովրդավարական էության մասին: Չընտրված նախագահի հրահանգով ոստիկանական վարչակարգը խաղաղ ցուցարարների դեմ գործադրեց պետական պատժիչ մեքենան իր ողջ դաժանությամբ:
Զանգվածային բռնության գիշերային ոստիկանական վայրի ու ստոր գործողությունը նպատակ ուներ ահաբեկելու մի քանի ամիս շարունակվող սադրանքների, ձերբակալությունների ու կլանային հանցախմբերի ահաբեկումների սարսափը հաղթահարած, ժողովրդի ճնշող մեծամասնությունը ներկայացնող հարյուր հազարավոր քաղաքացիներին, կեղծ մեղադրանքներով ձերբակալել ընդդիմության առաջնորդներին, դրանով կասեցնել երկրում սահմանադրական կարգի վերականգնում և օրինական իշխանության ձևավորում պահանջող համաժողովրդական ալիքը և մինչև 2008 թվականը ապահովել ռեժիմի կենսունակությունը:
Բռնարարքների արդյունքում ֆիզիկապես և բարոյապես տուժել են հազարավոր ցուցարարներ, ոստիկանի համազգեստի տակ քողարկված անհայտ անձանց կողմից դաժան ծեծի են ենթարկվել կանայք, ծերունիներ, լրագրողներ և նույնիսկ ոստիկանության աշխատակիցներ, հոգեկան ցնցման է ենթարկվել երկրի ողջ բնակչությունը:
Բարձրաստիճան ոստիկանապետերի գլխավորությամբ վայրագ հարձակումների են ենթարկվել մի շարք կուսակցությունների գրասենյակներ, ձերբակալվել են կուսակցական ակտիվիստներ: Փչացվել և կողոպտվել է այդ գրասենյակների գույքը, հափշտակվել են կուսակցական փաստաթղթերը, տեսա և ֆոտո խցիկներ, արխիվային նյութեր ու տեղեկատվական բազաներ պարունակող համակարգչային սարքավորում, տեսաերիզներ:
Կեղծված ընտրամարաթոնի հաճույքները վայելող իշխանական կոալիցիան մի քանի ամիս շարունակ ոչ միայն ինքնուրույն քայլեր չձեռնարկեց հակաժողովրդական գործընթացները կանխելու համար, այլև համախմբված ընդդիմության դեմ մի նոր թակարդ լարելով երեսպաշտորեն իր վրա վերցրեց չերաշխավորված երկխոսության նախաձեռնողի դերը, սակայն դավադրաբար հրաժարվեց իր իսկ առաջարկած երկխոսությունից՝ փակելով Ազգային ժողովի դռները ընդդիմության բանագնաց պատգամավորների առաջ և վերածելով խորհրդարանի տարածքը պատժիչ ջոկատների զորանոցի:
Ռեժիմի թելադրանքով կոալիցիայի պաշտոնյաները, մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը և մի շարք անբարեխիղճ մտավորականներ աղավաղում են իրավունքի նորմերն ու երկրի բնակչության իրական ձգտումները, ձայնակցում են ոստիկանական կեղծ ամփոփագրերին, ծաղրում են պայքարի օրինական եւ սահմանադրական եղանակները: Իրավապահ և արդարադատության մարմինները անվերապահորեն կատարում են Քոչարյանի ոստիկանական ռեժիմի բոլոր ապօրինի հրահանգները:
իշերային հայտնի բռնություններից հետո Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ.
Պատռվել է ռեժիմի դիմակը և ժողովրդավարացման վերաբերյալ Հայաստանի վերցրած պարտավորությունների կատարմանը հետևող միջազգային պատասխանատուները երկրի ղեկավարներից պահանջում են դադարեցնել բռնությունները, գործընթացներին մասնակցել քաղաքական հարթությունում: Սեփական ժողովրդին անտեսողներն ու ահաբեկողները ակնհայտորեն ընկրկեցին իրենցից հզորների առջև: Սակայն անհրաժեշտ հետեւություններ անելու փոխարեն նրանք փնտրում են արդարության ձգտող համաժողովրդական ալիքի կասեցման թաքնված միջոցներ: Համախմբվող հասարակությունը նորից տրոհելու համար ռեժիմի ձայնափողները շարունակում են ապակողմնորոշող ու սադրիչ քարոզչությունը, իսկ սադիզմով տառապող բռնարարքների կազմակերպիչները խրախուսվում ու հրահանգավորվում են բռնությունները շարունակելու համար:
Հայաստանի միավորված ընդդիմությունը
• հենվելով համակարգային փոփոխությունների ձգտող հասարակության լայնացող շերտերի հաստատակամության վրա,
• արձանագրելով, որ զանգվածային բռնարարքները ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների մասին ՀՀ կողմից վավերացված միջազգային փաստաթղթերին և հետևաբար դրանց միտումնավոր կիրառումը սեփական ժողովրդի դեմ կազմակերպված հանցագործություն է,
• շեշտելով, որ բռնարարքները չէին կարող և չեն կոտրել ընդդիմադիր առաջնորդների և ժողովրդի կամքն ու վճռականությունը,
• ողջունելով Հայաստանի վերցրած պարտավորությունների շրջանակներում միջազգային հանրության և միջազգային կազմակերպությունների աջակցությունը,
• վարչախմբին սատարող խմբերին ու անհատներին կոչելով սթափության,
• պահանջելով իշխանության բոլոր մարմիններից հետևել իշխանության թևերի տարանջատման սկզբունքին, ցուցաբերել կամք ու արիություն ինքնուրույն գործելու և ապօրինի հրահանգները չկատարելու համար,
• չբացառելով առանց նախապայմանների, բաց, հրապարակային երկխոսությունը որպես հանգուցալուծման միջոց՝ քաղաքական հետապնդումները և բռնությունները դադարեցնելուց, ընտրական և դատաիրավական կեղծիքների կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուց, քաղաքական ենթատեքստով բոլոր ձերբակալվածներին ազատ արձակելուց, երկրի բոլոր քաղաքացիների Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը երաշխավորելուց և պետության անունից ուժ չգործադրելու իրական երաշխիքներ ապահովելուց հետո,
• արձանագրելով, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ օրինականացված վստահության հանրաքվեի անցկացումը թեև ուշացած, բայց գործուն միջոց կարող է լինել ուղղակի ժողովրդավարությամբ քաղաքացիական համաձայնության հասնելու համար,
• կոչելով ընդդիմության նպատակներին սատարող բոլոր շերտերին մնալ ժողովրդի հետ, տուրք չտալ սադրանքներին և չդիմել ինքնագործունեության.
Հայտարարում է՝
• Հայաստանի և նրա ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրների լուծումը այլընտրանք չունի, քան երկրում սահմանադրական կարգի վերականգնումը և օրինական իշխանության ձևավորումը,
• սադրանքներով և բռնություններով անհնար է կասեցնել ժողովրդավարության ձգտող հասարակական ալիքը,
• համակարգային իրական և արագ բարեփոխումները հնարավոր են միայն հասարակության առողջ ներուժի համախմբման պայմաններում,
• ժողովրդավարացման ճանապարհին հիմնական խոչընդոտը հասարակության հետ բոլոր կամուրջներն այրած Ռոբերտ Քոչարյանն է ու նրա կամակատարները, որոնց հեռացման հասարակական պահանջը հնարավոր է իրականացնել և կիրականացվի քաղաքական խաղաղ միջոցներով:
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔ «ԱԶԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ