«Հայոց Աշխարհ» օրաթերթ, շաբաթ, 11 Մարտ 2006, #44/2107
ԱՌԱՋՆՈՐԴՎՈ՞ՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՎ
Հարցազրույց ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ
- Հաճախ կարելի է լսել, թե Երեւանի նոր գլխավոր հատակագծում մեծ տեղ է հատկացվում կանաչ տարածքների զարգացմանն ու ավելացմանը, թե այն բնապահպանական թեքում ունի եւ որ Երեւանում այսօր յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող 4,5 քմ ընդհանուր կանաչ տարածքը 2020թ. կհասնի 19,5-ի... Իրատեսակա՞ն են այս զարգացումները եւ ի՞նչ պիտի անենք, որ հասնենք նման արդյունքի:
-Իհարկե, լավ է, որ գլխավոր հատակագծում ամրագրվել է, թե յուրաքանչյուր մարդու հասնելու է 19,5 քմ կանաչ տարածք, քանի որ Երեւանի ցուցանիշը ամենացածրն է բոլոր քաղաքների մեջ: Ցածր է նաեւ մեր երկրի չափանիշներով. մարզերում եւ այլ բնակավայրերում ավելին է, քան Երեւանում է, իսկ մեր բնակլիմայական պայմաններն ուղղակի ահավոր են: Մենք գտնվում ենք կիսաանապատային գոտում: Նկատեմ, որ այդ ցուցանիշը (19,5) վերաբերում է 26 հազար հա տարածքի վրա գտնվող Երեւանի ողջ մակերեսին, որտեղ պահուստային հողեր կան կանաչների վերածելու համար: Վերջերս հ/կ-ներից մեկի կողմից հանրապետության տարածքում 3 մլն ծառ տնկելու ծրագիր առաջարկվեց, որից 1 միլիոնը, բնականաբար, Երեւանում: Սա, անշուշտ, լավ նախաձեռնություն է, բայց մինչ այդ հարցեր կան, որոնք լուծում են պահանջում: Մասնավորապես Օղակաձեւ այգու հարցը, որի կանաչ տարածքները այժմ զգալի չափով կառուցապատված են: Վերջինս, կարծում եմ, այդ կառույցներից ազատելու խնդիր ունի այսօր, որպեսզի կարողանանք իբրեւ կանաչ տարածք ակտիվորեն զարգացնել, ծառապատել: Այլապես Օղակաձեւ զբոսայգին իբրեւ կանաչ տարածք չենք կարող դիտարկել. այնտեղ կառուցապատումը զգալի տոկոս է կազմում: Ի դեպ, սա ասում են նաեւ նրանք, ովքեր ժամանակին քաղաքային իշխանություն են եղել: Ըստ այդմ, քաղաքի բյուջեն ավելանալուն զուգընթաց Օղակաձեւը հնարավոր էր ազատել անհարկի կառույցներից եւ առավելագույնս կանաչապատել: Տեսեք, այսօր քանի որ քաղաքի կենտրոնում մանրամասն կառուցապատման հատակագիծ չկա, շինությունները մի տեսակ տարերայնորեն են վեր բարձրանում: Հենց որեւէ ազատ տեղ է լինում (կարեւոր չէ, որ այդ ազատ տարածքի վրա կանաչ, ծառ ու թուփ չկա, դրանք ռեզերվային հողակտորներ են, ուր միշտ էլ կարելի է կանաչ օազիսներ ստեղծել), չպլանավորված ինչ-որ կառույց է կյանքի կոչվում:
-Քաղաքի կենտրոնի կառուցապատման վերաբերյալ հաճախ է խոսվում։ Այս առումով ինչպիսի՞ն է ձեր գնահատականը:
-Ոչ միայն Երեւանում, այլ քաղաքներում նույնպես կենտրոնը վերածվում է գործարար, բիզնես կենտրոնի: Մեր քաղաքի յուրահատկությունն այն է (երեւի նրանից է, որ նոր ենք գնում այդ ճանապարհով), որ կենտրոնում հիմնականում կառուցվում են բնակելի տներ: Ընդ որում, առանց ներբակային մակերեսների են այդ բնակելիները: Իսկ եթե ներբակային մակերեսներ էլ կան, ապա դարձյալ կառուցապատվում են: Ճիշտ է, հողը շատ թանկ է, սակայն այն ի հաշիվ ապրողների չպետք է վաճառվի եւ կառուցապատվի: Բնակելի շենքեր են կառուցվում, բայց, ըստ էության, առանց հաշվի առնելու բոլոր այն բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են այդ բնակելիներում ապրող մարդկանց: Կամ՝ Մոնումենտի սարահարթը վերցնենք. նախկինում ասվում էր, թե այստեղ ցածրահարկ բնակելիներ հնարավոր է, որ լինեն, բայց գերազանցողը կանաչը պիտի լինի: Այսօր խիտ բնակելիներ են վեր խոյանում, եւ կանաչը այլեւս չի երեւում:
-Ընդունենք՝ այդ 3 մլն տնկիներից 1 միլիոնը Երեւանում է տնկվելու: Բայց արդյո՞ք հաշվի առնվելու է ձեւավորումը, այն, ինչ կոչվում է լանդշաֆտային դիզայն:
-Դա ամենակարեւոր հարցն է: Ծառատունկը պիտի պլանավորված լինի: Բնականաբար այն հատվածները, որոնք ծառապատվում են, հետո չպետք է կառուցապատվեն: Այս տեսակետից մեզ մոտ ձեւախեղումներ շատ են եղել: Այլապես մենք «Հաղթանակ» այգին աղավաղեցինք. այսօր կոնկրետ սահման ունեցող այգու սահմանները բզկտված են, տարբեր կողմերից կառուցապատում է իրականացվում, մինչդեռ քաղաքի այդ հատվածը կանաչ տարածք պիտի լիներ: Մեկ այլ կարեւոր հատված՝ Զանգվի ձորը, ուր անհարկի կառուցապատումից ազատվելու հարցը առկախ է մնում, թեպետ քաղաքապետարանը եւս խնդրի կարեւորությունը գիտակցում է: Բայց այստեղ փոխանակ կառույցները քանդվեին, շինարարությունն ավելի մեծ թափով է ծավալվում: Եւ այն էլ լանջերի վրա, կիրճի բերանին, ուր պարզապես չպիտի լինեին կառույցներ: Դրանք երկրաշարժավտանգ շրջաններ են եւ պետք է խստիվ արգելվի կիրճում որեւէ կառույց կյանքի կոչելը: Գլխավոր հատակագծում կանաչ է ներկված նաեւ «Կորեայի ձոր» կոչվող տարածքը, ուր ինքնակամ կառույցներ կան, ու մարդիկ ապրում են: Չգիտեմ՝ երբ կվերանան դրանք, բայց հատակագծի համաձայն, այնտեղ բացառապես կանաչ գոտի է: Մեզանում ոչ ճիշտ գործընթացներ են տեղի ունենում. քաղաք մտնող եւ քաղաքից դուրս եկող ճանապարհների բարեկարգմանը զուգահեռ, մարդիկ նոր, նախկինում անուշադրության մատնված տարածքներ են սկսում նվաճել ու կառուցապատել: Տարածքներ (օրինակ, Քանաքեռ համայնքում), որոնք, ըստ գլխավոր հատակագծի, կանաչապատ պիտի լինեն: Ի՞նչ է, կանաչը կառուցապատում ենք, որ վաղը նորից կրկնակի խնդրի առա՞ջ կանգնենք: Թե՞ պատճառաբանենք, որ մարդիկ կառուցել են, ո՞նց քանդենք: Նույն տրամաբանությամբ չկառուցապատվեց Ավանի ձորը, որը նախկին գլխավոր հատակագծով կանաչ պիտի լիներ աջ ու ահյակ կողմերից: Եւ կառուցվեցին միայն ռեստորաններ ու սպասարկման այլ օբյեկտներ: Խոսքը Մյասնիկյան պողոտայի աջ ու ձախ կողմերի մասին է, ուր միայն Ջրաշխարհն է, որի առկայությունը բացատրելի է, մյուսները այդտեղ չպետք է լինեին, այնտեղ չի կարելի շինարարություն անել, այն էլ սարերի հաշվին, կանաչի հաշվին: Պետք է հստակ խնդիր դրվի. այն տարածքները, որոնք այսօր կամ ապագայում՝ մինչեւ 2020թ. կանաչ պիտի լինեն, պիտի բացառվեն ե՛ւ հողահատկացումները, ե՛ւ ինքնակամների ի հայտ գալը: Թե չէ մենք ինքներս նոր գլխավոր հատակագծին հակառակ ենք գնում: Վստահ եմ, դժվար է ընթացող այս պրոցեսը կանգնեցնել, բայց եւ քաղաքաշինական հիմնարար փաստաթղթի դեմ է: Հաճախ կարելի է լսել, թե քաղաքաշինական օրենքների պակաս ունենք, այդ պատճառով են մեզանում այդքան շատ ապօրինություններն այս ոլորտում: Ճիշտ չէ, օրենքները կան, բայց դրանք խախտվում են ամեն քայլափոխի: Գործնականում օրենքը չի պահպանվում, եւ ունենք այն, ինչ ունենք: Երեւանի համար կանաչ տարածքները ուղղակի անհրաժեշտ են, բայց մենք ո՛չ եղածն ենք պահում, ո՛չ էլ մեր իսկ ձեռքով տնկածը պահպանում: Երկու տարի առաջ Մայր տաճարի դիմաց, աստիճանների երկու կողմերում հայոց կաթողիկոսների անուններով եղեւնիներ տնկեցինք (մեկն էլ ես եմ տնկել), գնացեք, տեսեք, ոչ մի տնկի չի պահպանվել: Քաղաքի կենտրոնում, Մայր տաճարի դիմաց փոքրիկ խնամք էր պետք, որ եղեւնիները ապրեին ու մեծանային, բայց...
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ