-
Posts
253 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Aram_D
-
Սա ընդամենը նախաձեռնություն է: Երեւի շա՞տ ֆանտաստիկ է: Պետք է փորձել այն կյանքնի կոչել սկզբում մեր միջոցներով, հետո դիմել նրանց օգնությանը, ովքեր կարող են միջոցներ տրամադրել: Դժվարը այստեղ այն է, որ պետք է կարողանաք աղոթասեր մարդիկ գտնել, խումբ ստեղծել, այնպես որ ամեն ինչ սիրով լինի, առանց վեճերի: Դժվար է նաեւ այնպիսի քահանաներ գտնելը, ցանկաալի է աբղեա, ովքեր կհամաձայնվեն գոնե մեկ շաբաթ մեզ հետ անցկացնել: Ինչ վերաբերվում է բժշկական օգնությանը, մինչեւ իմ ատամը չի ցավում, ես բժշկի չեմ գնում: Հատկապես աշխտում եմ բժիշկներից հեռու մնալ, երբ հիվանդ եմ լինում: Ճիշտ ասած ես էլ ախորժակից չեմ բողոքում: Վերջերս աշխատում եմ հնարավորինս քիչ ուտել, բայց մեկ էլ տեսար՝ մի լավ ուտում եմ, ուտող-խմող տղերքի նման: Կարելի է փորձել նաեւ ծոմապահությանը դիմել, դա երեւի այնքան էլ ֆանտաստիկ չի լինի: Կարծում եմ, որ առանց այդ էլ Հայաստանում անգործ մարդիկ շատ կան, եւ պետք չէ, որ մենք էլ ավելանանք: Ես առաջարկում եմ դա անել մեր արձակուրդների հաշվին: Չգիտեմ, էլ ինչ կերպ կարելի է վերականգնել վանական կյանքը: Ուրիշ տեղերում ինչպե՞ս է դա արվում: Ըստ էության վանական կյանքը ամբողջ աշխարհում է ավերված, հատկապես Եվրոպայում: Կարծում եմ, որ մեր նպատակը միայն հոգեւոր շահը հետապնդելը պետք է լինի, որը մեր անձերի հոգեւոր վիճակը կբարելավի:
-
Բոլոր այն խնդիրները, որոնք նշվեցին այս թեմայում, մանր խնդիրներ են համեմատ այն մեծ խնդրի, որ մենք ունենք այսօր կանգնած մեր Եկեղեցու առջեւ: Դա վանականության ու վանական կյանքի վերականգնման խնդիրն է: Որոշ անձիք կառարկեն ասելով, որ մենք այսօր ունենք գործող վանքեր ու միաբանություն, եւ թե՝ այս ինչ չհիմնավորված խնդիրներ են առաջ քաշվում այս թեմայում: Ասեմ որ, այսօրվա վանքերը չունեն անգամ հեռավոր նմանությունը այն վանքերի, որոնք կային Հայաստանում IV-ից մինչ XVIII-րդ դարերը: Այդ վանքերում էր պահվում մեր Եկեղեցու կենդանի շունչը եւ այնտեղից էին դուրս գալիս մեր հոգեկիր վարդապետներն ու հովվում մեր ժողովրդին: Այդ վանքերում՝ գիշեր–ցերեկ աղոթքներ էր առաքվում առ Աստված, այնտեղ էին դաստիարակվում հայ մանուկները 7 տարեկան հասակից մինչեւ իրենց կատարյալ հասակին հասնելը եւ դառնում Նարեկացի ու Տաթեւացի, այնտեղ էր ձեւ ու բովանդակություն ստանում Հայ Եկեղեցու վարդապետությունը: Վանքը դա Երկինքն է տեղափոխված երկրի վրա՝ վանականի ընկերները հրեշտակներն են, իսկ նրանց սնունդը՝ Տիրոջ Խոսքը: Երբ մենք ասում ենք, որ Հայ Եկեղեցին է պահել ու պահպանել հայությանը իր մշակույթով ու լեզվով հանդերձ, ապա պետք է նկատի ունենալ, որ մասնավորապես դա արել են մեր հոգեկիր աբեղաները, ովքեր չեն ունեցել իրենց մարմնանվոր զավակները, սակայն ամբողջ ազգին են հայրությնուն արել: Երբ մեկը մյուսի ետեւից փակվեցին մեր վանքերը, դրանից ժողովուրդը որբացավ ու անհավատությունը գլուխ բարձրացրեց: Ամուսնացյալ քահանաները, ովքեր այսօր ծառայում են մեր գյուղերի ու քաղաքների եկեղեցիներում՝ իրականում չեն կարող փոխարինել մեր միջնադարյան վանականությանը, եւ նրանց արածի անգամ մի փոքր մասն անել, այսինքն՝ ե՛ւ օրնիբուն աստվածպաշտությամբ ապրել, ե՛ւ ժողովրդին կրթել ու հոգեւոր սնունդը տալ ժամանակին: Այսօր շատերն են բողոքում, եւ ես էլ մի ժամանակ նրանց մեջ, որ այնինչ գյուղի այսինչ քահանան, այսինչ ծեսը կիսատ թողեց, այսինչ հարցին չպատասխանեց, չքարոզեց եւ այլն: Նախկինում ծխի քահանան ուներ իր որոշակի գործողությունների ոլորտը. դրանք այն ծեսերն էին, որոնք տրված են «Ձեռաց Մաշտոցում», եւ մնացած ամեն ինչ՝ վարդապետությունը, կրթությունը, դավանաբանական խնդիրների քննությունը եւ այլն, վանքերի ու վանականների գործն էր: Այսօր այդ ամենը չկա: Այսօրվա քահանան «Առավոտյան ժամերգությունից» հետո շտապում է տնօրհնեքի, այնուհետեւ՝ թաղման, պսակի, մկրտության, այդ ընթացքում հասցնում է մի քանի անգամ աղ օրհնել, հետո էլի ինչ որ կարեւոր հանդիպումների գնալ, լուծել բենզինի, ավազի հարցերը, եթե հաջողվի կարող է այցելել մի քանի դպրոց, ծերանոց ու մանկատուն, դրանից հետո՝ պսակ, մկրտություն, հոգեհանգիստ, եթե հաջողվի՝ կզրուցի իր խոստովանաորդիների հետ, ապա կհոգա իր անձնական ու ընտանեական հոգսերը, եթե իհարկե կարողությունը ների, եւ այլն: Խոսքս ջանասեր քահանաների մասին է: Սրա հետեւանքը լինում է այն, որ որոշ քահանաների զավակներ տեսնելով իրենց քահանա հոր առօրյան, ոչ միայն չեն ցանկանում իրենց հոր նման քահանա դառնալ, այլեւ եկեղեցի էլ չեն այցելում, եւ դրանով էլ ավելի են դառնացնում իրենց քահանա ծնողի մտածումները: Չեմ կարծում, որ էլ ավելի մեծ ցավ կարող է լինել քահանայի համար, քան այն, որ նա չի տեսնում իր զավակին տաճարում: Միաբանության անդամները համարյա նույն վիճակում են, մի քիչ այլ կտրվածքով ու մաշտաբներով,՝ բացառյալ ընտանեական ու անձնական խնդիրները, գումարած՝ օտար լեզուներ սովորելը եւ եվրոպական համալսարաններում ուսանելը: Այս ամենը այսպես դեռ երկար կշարունակի, քանի դեռ մենք չենք լուծել հիմնական խնդիրը, այսինքն՝ վանականության վերականգնման խնդիրը: Այ աստե՛ղ, մենք՝ աշխարհականներս, կարող ենք մեր մասնակցությունը բերել եւ մեր կարողության չափով օգնել մեր Եկեղեցուն: Կարելի է ստեղծել հոգեւոր ճամբարներ, եկեղեցուն կից, ցանկալի է բնակավայրերից հեռու մի որեւէ վանքի՝ տաճարի բակում: Կարելի է վրաններ խփել բնակության համար, եւ տաճարում, քահանայի գլխավորությամբ, օրվա 9-ը ժամերգությունները կատարել՝ ծայրից-ծայր ու կանոնով նշանակված ժամին: Միաժամանակ բոլոր սրբերի տոներին Սուրբ Պատարագ մատուցել, դրանով նրանց էլ մասնակից դարձնելով այս գործին: Իսկ ժամերգություններից ու այլ կարգերից ազատ ժամանակ, զբաղվել ինքնակրթությամբ ու ճամբարի կենցաղային հարցերով՝ կերակուր պատրաստել եւ այլն: Ազատ ժամերին էլ, կամ քնելու փոխարեն, հոգեւոր զրույցներ ու անհատական աղոթքներ: Կարող ենք միմյանց փոխարինելով, ամբողջ տարին, այդ վանական ծառայությունները անցկացնել եւ, առաջնահերթ, մեր վանքերը լցնել աղոթքներով: Կարելի է գրաֆիկ կազմել, հերթականություն սահմանել, կարգ ու կանոն հաստատել, եւ նախապես որոշված ժամկետով անցնել ծառայության: Ապա ժամկետը լրանալուն պես, տվյալ ժամկետային ծառայողը, իր տեղը կզիջի հաջորին ու կվերադառնա իր նախկին գործերին: Այսպիսով՝ միաժամանակ ե՛ւ աղոթողներ կլինեն վանքերում, ե՛ւ այդ աղոթողների հոգեւոր կյանքի կազդուրումը կսկսվի: Բոլորս ունենք դրա կարիքը: Այսպես ասած՝ հոգեւոր սանատորիա: Այնտեղ մարդիկ իրենք իրենց ավալի լավ կճանաչեն եւ ճշգրիտ կորոշեն մնալ մշտապես ծառայության, թե դառնալ իրենց նախկին գործերին: Կշահենք բոլորս, եւ վանական կյանքն էլ իր սկիզբը կունենա: Եթե այդ գործին լծվեն աշխարհով մեկ տարածված ու մեր Եկեղեցու ավազանից վերստին ծնված եղբայրները, քույրերը եւ հոգեւոր հայրերը, եւ սկզբի համար կարողանանք գոնե մի ճամբար հաստատել, ապա գործը կստացվի: Այսօր Հայաստանում շատ վանքեր կան ուր քահանաների պակասության պատճառով պատարագներ չեն մատուցվում, կարելի է ընտրել ցանկացածը: Իրենց արձակուրդները այստեղ կարող են անցկացնել ճեմարանների սաները եւ օտար երկրներում ծառայող մեր հոգեւորականները, եթե ցանկանան: Կարծում եմ, որ նրանք եւս ունեն կարիքը այս ծառայության: Բացի այդ, ամեն մկը կպատմի իր խնդիրների մասին՝ կքննենք, կասենք, կլսենք ու կմխիթարենք միմյանց: Ինչպես որ կան էքստրեմալ սպորտաձեւեր, այնպես էլ կլինի էքստրեմալ վանականություն: Կարծում եմ, որ սա ավելի լավ է, քան ոչինչ չանելը:
-
Աստված օգնական հայր սուրբ, Այս հաղորդագրությանը կցել եմ Նոր Կտակարանի ֆայլը: [attachmentid=33120]
-
Ես ծնվել եմ Թիֆլիսում, բայց շատ քիչ եմ այնտեղ ապրել, այնուհետեւ տեղափոխվել ենք Երեվան: Վրացերեն մի քանի բառ գիտեմ միայն, չնայած դրան, երբ այդ մի քանի բառերը արտասանում եմ, վրացինարին թվում է, թե ես էլ եմ վրացի: Մի անգամ այսպիսի մի դեպք պատահեց, մոտ 30 տարի առաջ էր: Մայրս ինձ ասաց, որ գնամ Թիֆլիս ու գնեմ մեկ դույլ հոն, մուրաբայի համար: Մայրս բնիկ թիֆլիսեցի էր: Ես գնացի Թիֆլիս, քեռուս տուն, եւ այնտեղից քեռուս որդու հետ գնացինք շուկա: Նա վրացերեն լավ է խոսում, բայց բոլորն էլ գլխի էին ընկնում, որ հայ է ու գինը չէին իջեցնում, իսկ նա անպայման ուզում էր էժան առնել: Հետո շուռ եկավ իմ կողմը ու ասաց. - Դու առեւտուր առա՛, դու վրացու նման ես: Ես ասցի որ լեզուն չգիտեմ: Նա ասաց, որ հիմա կսովորեցնի թե ինչ պեսք է ասեմ: Շատ արագ սովորեցի ու մոտեցա առաջին իսկ պատահած հոն վաճառողին ու ասացի. -Շվինդի ռա ղիս: Նա ինձ պատասխանեց. - Մանեթ նախեվարի: Քեռուս որդին ինձ գլխով արեց, ես էլ գլխով արեցի վաճառողին եւ մի ամբողջ դույլ հոն գնեցի: Իսկ մինչ այդ քեռուս որդուն բոլորը պատասխանում էին. - Օրի մանեթի:
-
Եւս մի ծանր խնդիր ունենք, որը պահանջում է շուտափույթ լուծում: Դա մեր դավանակից եղբայրների հետ հարաբերությունները վերականգնալու խնդիրն է: Հասկանալի է, որ կոմունիստական ռեժիմի տարիներին հնարավոր չէր նման հարց բարձրացնել, բայց այսօր ի՞նչն է մեզ ետ պահում: Եւ դա պետք է սկսել նրանց համար աղոթելուց, մինչեւ որ նրանք էլ կսկսեն մեզ համար աղոթել: Նկատի ունեմ Սուրբ Պատարագի մեջ, ասորինարի, եթովպացիների, ղպտիների ու հնդիկների հոգեւոր առաջնորդների համար աղոթելը: Պատարագի մեջ այսպես ենք ասում. «Գոհութիւն եւ փառաբանութիւն մատուցանեմք Քեզ, Տէր Աստուած մեր, վասն սուրբ եւ անմահ պատարագիս, որ ի վերայ սրբոյ սեղանոյս: Զի սա մեզ սրբութիւն կենդանութեան պարգեւեսցէ: Սովաւ շնորհեա՛ զսէր, զհաստատութիւն եւ զըղձալի զխաղաղութիւն ամենայն աշխարհի, սրբոյ Եկեղեցւոյ եւ ամենայն ուղղափառ եպիսկոպոսաց, եպիսկոպոսապետին մերոյ եւ պատուական հայրապետին Ամենայն Հայոց, տեառն (անունը) սրբազան կաթողիկոսին .....»: Այստեղ մեր հայրապետի համար աղոթելուց հետո անհրաժեշտ է աղոթել նաեւ ասորինարի, եթովպացիների, ղպտիների ու հնդիկների հոգեւոր առաջնորդների համար՝ տալով նրանց անունները: Ճիշտ է՝ մենք վերեւում ասում ենք. « ... եւ ամենայն ուղղափառ եպիսկոպոսաց», եւ դրանով ընգրկում մեր բոլոր դավանակից եպիսկոպոսներին, սակայն եպիսկոպոսապետերի անունները մասնավոր շեշտելու կարիք եւս կա: Մի գուցե նրանք էլ կսկսեն մեր հայրապետի համար աղոթել: Բացի դրանից կա առաքյալի հրամաը, որ աղոթենք միմյանց համար, ինչպես նաեւ սաղմոսի հետեւյալ խոսքը. «Զի՞ բարի կամ զի՞ վայելուչ՝ զի բնակեն եղբարք ի միասին» (Սաղմոս 132.1):
-
Կարծում եմ, որ կա մի հարց եւս, այս թեմայի շրջանակներում, որի շուրջ արժե խոսել: Դա տաճար այցելողների հարցն է: Կան այնպիսի անձինք, ովքեր Եկեղեցուն աջակցում են մղված զուտ ազգային շահերից: Այսինքն՝ նրանք չեն աղոթում, Ավետարան չեն կարդում, տաճար մտնում են հիմնականում տոն օրերին, պատարագներին չեն մասնակցում (դա նրանց համար ձանձրալի ու անհասկանալի արարողություն է), սակայն ամենուր աշխատում են պաշտպանել Հայ Եկեղեցու շարհերը. մեկը դրամական օգնություն է ցույց տալիս, մյուսը խոսքի մեջ է զորավիգ լինում եւ այլն: Երբ այդպիսի անձինք մտնում են տաճար, առաջնահերթ՝ մոմ են վառում, ապա՝ քահանաների հետ մի երկու խոսք են խոսում, եւ եթե նրանցից որեւէ մեկը հասարակության մեջ բարձր դիրք է գրավում, ապա այդ մասին «համեստ» ակնարկ է անում: Հավատացյալներին նրանք միանշանակ համարում են ֆանատիկներ՝ լավագույն դեպքում, իսկ առհասարակ՝ ցնորվածներ (յանը տարածներ): Նրանք համեմատաբար ավելի լավ են հագնված, մաքուր սափրված, իսկ Եկեղեցու մշտական այցելուները, մեղմ ասած, միջինից վատ են հագնվում, ավելի ճիշտ՝ հնամաշ զգեստներ են կրում, եւ քանի որ ամեն օր բաղնիքից օգտվելու հնարավորություն բոլորս չունենք, ջուրը ժամով է տրվում, ապա մի տեսակ հոգնած ու ճմրթված տեսք ենք ընդունում (ես էլ նրանց մեջ): Եւ գիտեք, դա որոշիչ հանգամանք է: Մենք որքան էլ ջանում ենք Սուրբ Պատարագին վայելուչ տեսք ունենալ, միեւնույն է՝ այն չէ: Էլ չեմ ասում, որ տատիկները հիմնականում վատ են հագնված, ավելի շուտ իրենց վրա կրում են այն ամենը, ինչ ունեն, եւ մի խայտաբղետ տեսարան է ստացվում: Երբ այդպիսի մարդը եւ մի տատիկ մոտենան մի հոգեւորականի, անշուշտ՝ նախապատվությունը կտրվի լավ տեսք ունեցողին, նրան հարգանքով եւ ուշադիր կլսեն, եթե անգամ նրանք ասելու բան էլ չունենան, իսկ խեղճ ու կրակներին չեն արհամարի, բայց շատ էլ չեն լսի. լսելը ահավոր դժվար գործ է: Իհարկե, այս երեւույթը ամբողջ աշխարհում է տարածված, բայց Հայաստանում դա ավելի ակնառու է: Այցելուների մեջ կան նաեւ իրապես ցնորվածներ, հոգեկան հիվանդներ, եւ էլի այնպիսի անձիք որոնց տեսքը նման է չընդունված եւ հասարակության կողմից վտարված հանճարի տեսքի: Այդպիսիները աշխատում են իմաստուն բաներ խոսել, սակայն երբեմն հակառակն է ստացվում: Կան եւ այնպիսիները, ովքեր գտնում են, որ միայն իրենք են ճշմարիտ հավատացյալ, իսկ մենք բոլորս կործանված ենք: Այդպիսիները մի ոտով կանգնած են աղանդավորներին հարելու ճանապարհին: Ամեն տեսակի մարդ էլ մտնում է տաճար: Կան որ ամբողջ պատարագին այս ու այն կողմ են գնում, զրուցում աղմկում, հետո հարցնում, թե երբ է վրջանալու պատարագը, քանի որ իրենք մատղ են անելու եւ ժամանակ չունեն սպասելու: Իսկ երբ գալիս է պսակի թափորը, պսպղուն շորերով զարդարված օրիոդների եւ աղմկոտ երիտասարդների ուղեկցությամբ ու լրացնում բաց թողնվածը, մի ուրիշ տեսարան է բացվում: Սարսափելին սկսվում է հաղորդության պահին, երբ այդ օրը՝ պատահականորեն տաճարում հայտնված մարդիկ փորձում են հաղորդություն ստանալ: Երբ նրանց ասում ես, որ հաղորդությանը պետք է մոտենալ ծոմ բերանով, նախապես խոստովանած ու թողություն ստացած, նմանվում ես այն շվեդին, ով ինքն էլ չիմանալով թե ինչպես՝ հայտնվել է արաբական շուկայում, եւ նրան ոչ ոք չի հասկանում: Եւ երբ արգելում ես նրանց մոտենալ հաղորդության, մոտենում են քահանային ու բողոքում, որ ծառայողները իրենց կոպտել են, եւ որ իրենք ծանոթ են սրբազանին եւ էլի ուրշ շատ բաներ: Մի խոսքով ամեն ինչ շատ հետաքրքիր է: Եւս մի բան. տաճար մտնելիս անպայման բջիջային հեռախոսները պետք է անջատել, թե չէ այդ հեռախոսներից երբեմն այնպիսի երաժշտություն է դուրս գալիս, որ ասելու չէ:
-
Վարսի եւ Մուզա Վոյնա, շնորհակալություն այդ նոր թեման ստեղծելու համար: Հույսով եմ երբեւէ կայցելեք:
-
Ես էլ ցանկություն չունեմ վիճելու. Հայ Եկեղեցին ազգից չի անջատվի եւ կշարունակի մինչեւ վերջ մնալ հայության միակ ու հուսալի պահպանը՝ եւ Հայաստանում եւ սփյուռքում: Բայց ինչպես վարվեքն այն դեպքում, երբ այդ մեծ բեռի ճնշման տակ՝ Եկեղեցին զիջում է իր դիրքերը ուրիշներին, ավետարանչության գործում, եւ մեր հայ երիտասարդները նախընտրում են ուրիշ անդաստաններ՝ իրենց հոգեւոր ծարավը հագեցնելու համար: Սա է ցավը: Միթե՞ մենք չունենք այլեւս հոգեւոր ներուժ: Դուք միայն տեսեք թե ինչ են ասում Հայ Եկեղեցու մասին այն հայերը, ովքեր մտել են Ռուս Եկեղեցի: Եւ այդպիսիներ կան անգամ Երեւանում: Եթե մենք հոգու փրկության գործը թողնենք փողոցում թափառողներին, ապա Հայ Եկեղեցին կվերածվի թանգարանի, որի միտումը արդեն կա, եւ ոչ մի ազգապահպանություն այլեւս չի լինի: Հարգանքներով, Արամ
-
Լայն ճանապարհը տանում է դեպի կործանում՝ դժոխք: Խոսքը այն մասին է, որ Հայ Եկեղեցիու զավակների ճանապարհը դարձել է առավել դժվարին, եւ մեր խնդիրն է, այսօր, չեզոքացնել այդ դժվարությունները եւ ոչ թե փնտրել մեկ այլ՝ առավել բարվոք եկեղեցի: Եթե Հայ Եկեղեցին ժամանակին իր վրա էր վերցրել նաեւ հայապահպանության գործը, ապա դա չի նշանակում, որ դա է Եկեղեցու բուն նպատակը: Եկեղեցու բուն նպատակը հոգիների փրկությունն է, եւ ոչ թե մշակույթի, լեզվի ու ազգի պահպանումը: Այո՛, մեր Եկեղեին վերջին 600 տարիեերին ստանձնեց նաեւ այդ պարտականությունները, բայց քանի որ այսօր ունենք պետականություն եւ մշակույթի ու գիտության օջախներ, ապա ժամանակն է, որ Եկեղեցին անցի միայն Իր բուն առաքելությանը, թողնելով մնացածը վերը նշվածներին: Իսկ այն որ դուք ասում եք, թե մեր Եկեղեցին հոգեւոր տեսակետից չի տարբերվում մյուս անթիվ ու անհամար եկեղեցիներից, ապա դա խոսում է մեր թուլացած ու տկար վիճակի մասին միայն, էլ չասեմ, որ անթիվ ու անհամար եկեղեցիներ չեն լինում. «Մի Ընդհանրական եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի», այդպես է ասվում հավատամքի մեջ: Իսկ ռուսական դպրոցների բազմությունը Հայաստանում, դա համատարծ փսիխոզի արդյունքն էր, որը արհեստականորեն տարածվեց Հայաստանում:
-
Դուք դեռ մյուսներին չեք հանդիպել, ես նրանց մոտ միջակություն եմ: Պարզապես Եկեղեցում տաս տարուց ավելի է, ինչ ծառայում եմ, եւ սա էլ դրա հետեւանքն է: Պատկերացնում ե՞ք, թե ժամանակին ինչպիսի հայերենով է խոսել Թադեոս առաքյալը: Իսկ այժմ խոսենք մեր խնդրի շուրջ: Այսօր տարածված է այնպիսի կարծիք, որ դավանաբանական հարցեր քննարկելու ժամանակը անցել է: Մի գուցե այնքանով է անցել միայն, որ այսօր երկու կողմերում էլ բավականին քիչ կարող ուժեր կան, որպեսզի քննարկեն այս հարցը, եւ դրան հակառակ՝ բավականին շատ են նրանք, ովքեր առանց խորանալու հարցի էության մեջ, մի քանի արտահայտություններ անգիր անելով, մեկմեկու հերետիկոս ու հերձվածող են հայտարարում: Դավանաբանությունը երկու կողմ ունի. մի կողմից այն Եկեղեցու տիեզերական ժողովներում հաստատված հավատն է, որը անհրաժեշտ է մեր հոգիների փրկության համար, եւ որին մենք պետք է հավատարիմ մնանք, իսկ մյուս կողմից՝ այն գիտություն է, եւ ինչպես ամեն մի գիտություն պահանջում է լուրջ վերաբերմունք, այսինքն՝ հանգամանալից քննություն ու սահմանումների առաջադրում: Այն ամենը, ինչ մարդու միտքը ի զորու չէ ընկալելու, մարդը ընդունում է հավատով, սակայն, քանի որ մարդը հոգի է ու մարմին, եւ հոգու աչքը միտքն է, հետեւաբար՝ մարդը իր հոգու աչքով պետք է տեսնի հավատով ընկալածը, բայց դա կարող է անել իր տեսողության չափով միայն: Իրենց հնարավորություններից ավելին անգամ հրեշտակները չեն տեսնում: Մի խոսքով մենք պետք է հավատանք այնպես, ինչպես հավատում են առաքյալներն ու հրեշտակները: Դրա համար էլ գումարվեցին Տիեզերական ժողովները. Տիեզերական, այսինքն՝ համընդհանուր մի ժողով ուր կա ե՛ւ Տիրոջ ներկայությունը, ե՛ւ հրեշտակների առկայությունը, ե՛ւ հայրապետերի կամքը՝ սահմանելու համար ճշմարիտ հավատի բանաձեւերը: Հիմա դառնանք 451 թվականի ժողովին: Այդ ժողովը ընդունողները հայտարարում են, որ այն իրապես Տիեզերական ժողով է եղել: Հայերս համամիտ չենք՝ տալով համապատասխան բացատրություններ: Ժողովը ընդունողները գիտակցում են, որ Քաղքեդոնում ընդունված բանաձեւերը հակասում են նախկինում ընդունված բանաձեւերին, որի պատճառով էլ զարգացրել են նոր տեսություններ ու ներմուծել են նոր աստվածաբանական եզրեր, հարթելու համար այս կնճիռը (տեսությունը հիմնականում առաջադրվեց 7-րդ դարում Հովհաննես Դամասկացու կողմից, երկու դար անց միայն): Սակայն այդ նոր տեսությունները բավարար չեղան ժողովը «Տիեզերական» չճանաչող կողմին, այսինքն՝ մեզ, համոզելու համար, որից մղված ժողովը ընդունողները անցան հոգեբանական գրոհի. նրանք նախ պառակտում գցեցին մեր շարքերում եւ մեզանից անջատեցին ու տարան վրացիներին, իսկ մեզ՝ հերետիկոս ու հերձվածող հայտարարեցին: 451 թվականին երկու պատերազմ եղավ, մեկը Ավարայրում, մյուսը՝ Քաղքեդոնում, մեկում հայերն էին նահատակվում, մյուսում՝ ղպտիները անարգվում: Դժվար է ասել, թե որն էր ավելի ահարկու. Հայաստանում չարը փորձում էր վերացնել քրիստոնեությունը ու հեթանոսություն տարածել, իսկ Քաղքեդոնում՝ ջանում էր քրիստոնեական ճշմարիտ հավատը վերածել հեթանոսական առասպելաբանության: Այն օրերին, երբ հայ հոգեւորականները Տիզբոնում դատվում էին ու անարգվում անհավատների կողմից, նույն օրերին Քաղքեդոնում ալեքսանդրացիները դատվեցին ու անարգվեցին թերահավատներից: Հայերին հարցնում էին, թե ինչպե՞ս կարող է տիեզերքի Արարիչը մի պտղի պատճառով մարդուն անիծել ու պատժել, իսկ ղպտիներին հարցնում էին, թե ինչպե՞ս կարող է տիեզերքի Արարիչը հոգնել, չարչարվել ու խաչի վրա մեռնել: Հայերից պահանջում էին, որ կրակ պաշտեն մոգերի օրինակով, իսկ ղպտիներից պահանջում, որ մարդադավան լինեն Նեստորի ուսմունքով: Հայաստանում Վասակ ուրացողին պատվում էր պարսից արքայից արքան ու նրան թագավորական գահ խոստանում, իսկ Քաղքեդոնում, հունաց կայսրը, Նեստոր ուրացողին մեծ պատիվներ ու նախքին փառքն էր խոստանում, սակայն երկուսն էլ չստացան խոստացվածը այլ սատակվեցին՝ միայն իրենց երազների մեջ վայելելով չունեցածը: Հայերի արյունը հեղում էր արքայից արքան, իսկ ղպտիներին անարգում՝ կայսրը: Հայերը ուրախացան, որ իրենց հնարավորություն տրվեց Քրիստոսի անվան համար նահատակվել, իսկ ալեքսանդրացիները ուրախացան, որ Քրիստոսի անվան համար նախատվեցին ու դուրս հանվեցին ժողովարաններից: Բայց հետո բոլորս էլ թշվառացանք, քանի որ այլեւս չենք կարող ասել սաղմոսի խոսքերը. «Զի՞ բարի կամ զի՞ վայելուչ՝ զի բնակեն եղբարք ի միասին» (Սաղմոս 132.1):
-
Ես իհարկե բավարար չափով ռուսերեն գիտեմ եւ իմ ռուս բարեկեամների հետ շփվում եմ ռուսերենով, բայց քանի որ իմ կրթությունը հայկական է՝ դժվարանում եմ հայերի հետ եւս ռուսերենով շփվել: Կյանքի փորձը ցույց է տվել, որ ռուսների հետ ռուսերեն խոսելը շատ անգամ ավելի հեշտ է քան հայերիս: Հայերիս հետ ռուսերենով շփվելիս սխալվելու իրավունք չունենք, իսկ ռուսները ներողամիտ են այս հարցում: Իսկ այս հարցը, որը եւս մեկ անգամ բարձրացրեց հարգարժան Վարսին, ինձ համար դարձել է կյանիքի խնդիր: Մեր Եկեղեցու հայրերից՝ Շնորհայլին ու Լամբրոնացին իրենց ժամանակներում ցանկացան այս հարցի լուծումը գտնել, սակայն Տերը նրանց ավելի շուտ վերցրեց, մինչ նրանք կհասցնեին ճաշակել այն դառնությունը, որը սպասվում է նման խնդրի լուծումը փնտրողներին: Եւ մի անգամ, երբ մի ձեռագիր էի թերթում, հանդիպեցի մի արտահայտության, ըստ որի. նեռի օրերում, երբ նեղությունները շատանան եւ հալածանքը սաստկանա, Եկեղեցու զավակները պիտի մի կողմ դնեն ամեն տարաձայնություն ու միաբանվեն: Այսինքն՝ այս անջրպետը, որ կա մեր եկեղեցիների միջեւ պիտի վերանա, նզովքները պիտի հանվեն եւ հանդիմանության փոխարեն սիրո խոսքեր պիտի լսենք: Երբ այս մասին ես գրեցի մեր ռուս բարեկամներին, նրանցից որեւէ մեկը չարձագանքեց: Նրանց համար այսօր շատ դժվար է կողմնորոշվել, մտածելակերպի իներցիան լուրջ խոչնդոտ է: Չնայծ որ նրանց մեջ կան բավականին համարձակ ու ազնիվ մարդիկ, ովքեր իրենք են առաջադրում նման հարցեր, իրենց իսկ եղբայրների կողմից հանդմանվելու գնով: Հոգ չէ, կսպասենք նեղություններին ու հալածանքներին:
-
Եթե դուք ուշադրություն եք դարձրել. եկեղեցիները, որոնք չընդունեցին քաղքեդոնը հայտնվեցին բավականին դժվարին կացության մեջ՝ ենթարկվելով հարձակման նրանց կողմից, որոնք ընդունեցին այն: Եւ դա շարունակվում է մեր օրերում եւս: Այսօր երկիրը՝ Հայաստանը, թալանված է եւ գտնվում է ծայր աստիճան դժվարին կացության մեջ, ժողովուրդը աշխարհով մեկ ցրիվ եկած, Եկեղեցին՝ սկզբում ցարի, այնուհետեւ՝ կոմունիսների կողմից հասցրած ավերվածությունից հետո դժվարությամբ ու շատ դանդաղ է ոտքի կանգնում: Չկան այլեւս Տաթեւի եւ մյուս վանքերի հզոր վարդապետարանները, վանական կյանքը ...Գործող եկեղեցիները բավարար չեն, իսկ հարուստ եւ օտար պետությունների կողմից առաքված աղանդավորները արդեն բոլորիս ձանձրացրել են իրեն «բարի լուրով»: Եւ այս պայմաններում երբ անհատը մկրտվում է, ոչ ազգային ադաթները պահելու համար, այլ հավատից մղված, կանգնում է լուրջ խնդիրների առջեւ: Ո՞ւմ դիմի, որտե՞ղ կարդա, ինչպե՞ս անի: Այս հարցերը բոլորս էլ տվել ենք: Դրան ավելացրեք եւ այն, որ մեր քույր եկեղեցիները բացահայտորեն Հայ Եկեղեցին հայտարաում են կորսված՝ ընկած Տիեզերական Եկեղեցուց, իսկ մեր դավանությունը հերետիկոսական, եւ որ չկա փրկություն հայերիս համար: Եւ ասում են, որ մեր երկիրի այսպիսի թշվառ վիճակի պատճառը՝ մեր հայրերի հպարտությունն է, որ գոռոզաբար չընդունեցին քաղքեդոնը: Շատերն են դրանից գայթակղվում եւ մոլորված դիմում այս ու այն կողմ եւ երկրորդ անգամ մկրտվելով միանում մեզ հայոյողներին: Իսկ նրանք, ովքեր հավատարիմ են մնում «ի մի մկրտություն» բանաձեւին եւ Հայ Եկեղեցուն, նման հոգեբանական գրոհներից հետո իրենց ամենեւին բարվոք չեն զգում. փորձում են աշխարհին ապացուցել, որ իրենք նույնպես ուղղափառ են, սակայն չեն նկատում, որ խուլ են իրենց քննադատողները, որոնք, ըստ էության, միայն հոգեորսներ են, եւ որ նրանց չի հետաքրքրում մեր հոգիների փրկությունը, այլ միայն՝ մեր դավանափոխությունը: Իսկ մեր հարազատ եղբայները՝ ղպտիները, եթովպացիները, ասորիներն ու հնդիկները նմանապես վատ վիճակում են եւ չեն կարողանում մեզ ձեռք մեկնել, այլ իրենք էլ կարիք ունեն մեր օգնությանը: Այս ամենը լուրջ հետք է թողնում Եկեղեցու յուրաքանչյուր զավակի վրա. հոգեւոր աճը դանդաղում է, աղոթական կյանքը խախտվում, եթե դրան էլ ավելացնեք մարդուն հատուկ կրքերն ու մոլորությունները, որոնք մեզ ամենուր հետապնդում են: Առհասարակ յուրաքանչյուր քրիստոնյայի ճանապարհը փշոտ է ու նեղ, չասեմ միայն մերը, սակայն մերը առանձնահատուկ է նրանով, որ այդ ճանապարհը անցնում ենք միայնակ՝ առանց ընկերոջ:
-
Մենք մկրտվել ենք մեր ծնողների հավատով եւ Աստծու կամոք դարձել Հայ Եկեղեցու զավակներ, իսկ ռուսը՝ Ռուս Եկեղեցու զավակ: Բայց մինչ մեր աշխարհ գալը՝ 451 թվականին տեղի է ունեցել մի իրադարձություն, որի հետեւանքով անջրպետ է գոյացել. մի կողմից մեր՝ հայերիս, ասորինարի, եթովպացիների, ղպտիների ու հնդիկների եւ մյուս կողմից սլավոնական ու հունահռւոմեական կայսրություններին հպատակ ազգերի միջեւ: Անջրպետը խորացել է փոխադարձ նզովքներով ու հանդիմանություններով: Այսօր ընտրելով Հայ Եկեղեցին ընտրում ենք մի նեղ ու փշոտ ճանապարհ:
-
Այս հարցը ինքնաբերաբար կապվում է մի շարք հարցերի հետ եւս, ինչպես օրինակ՝ հաղորդության ու պսակի խորհուրդների: Կարող է արդյո՞ք ռուսը հաղորդություն ստանալ Հայ Եկեղեցում, գիտեմ, որ հակառակը չի թույլատրվում: Կամ խառը ամուսնության դեպքում. ինչպես օրինակ, երբ հայը ամուսնանում է ռուսի հետ, պետք է արդյո՞ք կատարվի պսակը, թե պարտադիր է որ, կողմերից մեկը փոխի իր դավանությունը: Ռուս ասելով նկատի ունեմ այն անձին, ով մկրտվել է Ռուս Եկեղեցում, իսկ հայ ասելով՝ Հայ Եկեղեցում մկրտվածին: Ըստ Եկեղեցու կանոնագրքի՝ պատասխանը հայտնի է, սակայն ինչպիսին է այսօր իրականությունը: Այսօր շատ հայեր են ապրում Ռուսաստանում եւ կարծում եմ, որ նման խնդիրներ ծագել են:
-
Ես լսել եմ, որ Պոլսում կան թուրքեր մկրտված Հայ Առաքելական Եկեղեցում, եւ մկտվելով հայկական անուններ են ստացել՝ Անդրանիկ, Վրեժ, Վարդան: Մի գուցե՞ նրանց նախնիները հայեր են եղել, դժվար է ասել: Բայց նա, ով ինձ ասաց այս ամենը, ասաց նաեւ, որ մղումը հավատքից է եղել:
-
Այս հարցը, կապված Հայ Եկեղեցու հոգեւոր ժառանգության հետ, ամենեւին էլ հայրենասիրական չէ միայն, իսկ իրականում զուտ հոգեւոր նպատակներ ունի: Վերջին ժամանակներս Հայ Եկեղեցու վարդապետությունը եւ դավանությունը ներկայացնող գրականություն շատ քիչ է հրատարակվել, փոխարենը մեծ քանակությամբ այլ կարգի գրականություն է ներմուծվել Հայաստան, եւ ժողովուրդը չունենալով ուրիշ հնարավորություն՝ իր հոգեւոր ծարավը հագեցրել է եւ շարունակում է հագեցնել եղածով, որը շատ հաճախ հակառակության ոգի է ներմուծում Եկեղեցու զավակների մեջ: Վերջին ժամանիակներս շատ հայեր նախընտրում են լինել Ռուս Եկեղեցու անդամ, անգամ երկրորդ անգամ մկրտվելու գնով: Չեմ կարծում, որ նրանք այնքան լավ են հասկացել Հայ Եկեղեցու դավանությունը, որ այնտեղ գտնելով հերետիկոսական տարրեր՝ գերադասել են քաղքեդոնական ուսմունքը, իրենց հոգու փրկության խնդիրը նկատի ունենալով: Համոզված եմ, որ նրանք բացի մի քանի ընդհանուր արտահայտություններից եւ բորբոքված խոսքերից ավելին չեն կարող ասել: Նրանցից շատերը նույնիսկ գնում են ավելի հեռու եւ հակահայկական ելույթներ են ունենում: Երբ ասում եմ հակահայկական, նկատի ունեմ՝ հակառակ Հայ Եկեղեցու: Խոսքերս հաստատելու համար տալիս եմ հետեւյալ հղումները. http://www.rusprav.org/1997/2.htm#a14 Феликс Амбарцумян Воссоединение с «братьями по вере» или измена святому Православию? Секреты Шамбезийской унии Марк Василян Московская Патриархия признала ересь монофизитов? Եւս մի հետաքրքիր եւ ըստ էության հակահայկական տրամադրություն էլ է տարածվում այսօր, այդեն Հայ Եկեղեցում, կապված սուրբ Գրիգոր Տաթեւացու անձի հետ: Ամենամեղմ բառը, որ ասում են այդ եռամեծ սուրբի հասցեին դա ժամանակավրեպն է, այնուհետեւ՝ նա կաթոլիկ է, եւ նույնիսկ. «Հետո ինչ, որ Տաթեւացին այդպես է ասել», եւ այլն: Եւ այս ամենը ասում են Հայ Եկեղեցու զավակները: Հասկանալի է, թէ ինչպիսի ծագում ունի այդ հոսանքը: Շատ ուրիշ խնդիրներ էլ կան այսօր ծառացած Հայ Եկեղեցու առջեւ, որոնք պահանջում են անհապաղ եւ իրական լուծում: Շատ հաճախ մենք փորձում ենք քողով ծածկել մեր ցավոտ հարցերը եւ ցույց տալ, թե ամեն ինչ կարգին է, բայց դրանից վերքերը չեն բժշկվում եւ ցավը չի դադարում: Անհրաժեշտ է ամբողջ ճակատով անցնել հակահարձակման, եւ առաջին հարվածը պետք է հասցնել համատարած տգիտությանը: Մաշտոց ծիսամատյանում գրված է, քահանան պետք է ունենա անձի սրբություն եւ Սուրբ Գրոց գիտություն. այսօր սա բոլորիս է վերաբերվում, քանի որ մենք այնքան քիչ ենք, որ չենք կարող թույլ տալ մեզ այդ շռայլությունը, այսինքն՝ տգետ լինելը:
-
Եթե կարելի է ես հայերեն կպատասխանեմ, մանավանդ որ շատ նուրբ նյութ է շոշափվում՝ առաջին աղոթքը: Իմ առաջին աղոթքները եղել են դեռեւս այն ժամանակներում, երբ ես ինձ հավատացյալ չէի համարում, այլ այնպես՝ անորոշ մի մարդ: Եւ մի օր հանկարծ՝ շատ սուր պահանջ զգացի աղոթելու, մանավանդ որ կարիքը կար: Մի երկու խոսք ասացի եւ միանգամյան հանգիստ, որ աղոթքս լսվեց ու ընդունվեց՝ շարունակեցի ապրել: Եւ իրապես՝ ամեն ինչ այնպես կատարվեց ինչպես խնդրել էի: Մոտ մի տարի անց մի նոր հետաքրքիր բան հետս կատարվեց. այն տանջող մտքերը, որոնք շարունակ ուղեկցում ու հետապնդում են մարդուն, ինձանից անմիջապես հեռացան, եւ ես որեւէ մեկի մասին որեւէ վատ բան չէի կարողանում մտածել, ում հիշում էի բոլորի համար էլ Աստծուց միայն օրհնություն էի խնդրում, անգամ իմ թշնամիների համար միայն բարին էի ցանկանում: Այդպիսի բան իմ հետ երբեք չէր եղել: Այդ ամենը տեւեց մոտ կես ժամ, եւ ես կես ժամ շարունակ միայն բարիքներ էի խնդրում իմ ծանոթների համար: Պատկերացնում եք՝ կյանք առանց բղջախոհության. դա մի երանություն է, որը աշխարհի որեւէ մի հաճույքի հետ չէս փոխի: Դա իմ երկրորդ աղոթքն էր: Իսկ երրորդ անգամ աղոթեցի, երբ շատ լուրջ դժվարության մեջ հայտնվեցի: Անմիջապես հասկացա, որ պետք է դիմել Տիրոջը: Եվ անմիջապես, առանց խոսքերի, պարզապես մտածելով հայտնեցի ու թեթեւացած շունչ քաշեցի: Հաջորդ օրը իմացա, որ ամեն ինչ բարվոք է: Իսկ երբ դարձի եկա շատ ուրիշ հետաքրքիր երեւույթներ էլ տեսա՝ կապված աղոթքների հետ, բայց դա արդեն ուրիշ թեմա է:
-
Ընդհանուր առմամբ հայերս ամբողջ աշխարհում ունենք մոտ 30000 ձեռագիր, որոնցից միայն 15000 է գտնվում Երեւանում եւ մի փոքր մասն էլ Էջմիածնի մատենադարանում: Սա ընդամենը այն փոքր մասն է, որ հաջողվել է փրկել կոտոտածի տարիներին: Նախկինում ամեն մի վանք ունեցել է իր մատենադարանը: Աստվածաբանությունը եւ Եկեղեցու պատմությունը, որը նույն հայ ժողովրդի պատմությունն է, կազմում է ամբողջ զանգվածի մոտավորապես 90%: Բավականին թվով Բժշկարաններ էլ կան, եւ այսօր դրանք ուսումնասիրվում են, չէի ասի մեծ ջանասիրությամբ, բայց աշխատանքներ արվում են: Քանի որ ես միայն աստվածաբանական աշխատություններով եմ հետաքրքրված՝ որեւէ ստույգ բան չեմ կարող ասել մյուս ձեռագրերի մասին: Կարող եմ պարզել ավելի ստույգ ու ասել, մի գուցե եկող շաբաթ: Հետաքրքրական է, որ հայերենով պահպանվել են Ոսկեբերանի որոշ գործեր, որոնք հունարենով այլեւս չկան՝ ոչնչացվել են: Եպիփան Կիպրացու մի գործ էլ կա, որ միայն հայերենով գոյություն ունի, օրիգինալը ոչնչացվել է: Նույնը նաեւ Եփրեմ Ասորու գործերի մասին կարելի է ասել: Կան նաեւ ուրիշ լեզուներով ձեռագրեր՝ արաբերեն, պարսկերեն եւ այլն: Տաթեւացու քարոզների միայն մի մասն է այսօր հրատարակված, մնացածները ձեռագիր վիճակում են դեռեւս: Դավանաբանական արժեքավոր գրականություն էլ կա: Ես միայն մի թեմայով եմ այսօր նյութեր հավաքում, այդ պատճառով էլ շատ բան որոշակի չեմ կարող ասել: Այսօր աշխարին բավարար ձեւով չի ներկայացված Հայ Եկեղեցու աստվածաբանությունը, այդ պատճառով էլ շատերը մեզ գիտեն որպես խեղճ ու կրակ ու ճնշված ժողովուրդ միայն, եւ ոչ աստվածաբանական հզոր դպրոց ունեցող եւ իր սեփական տասակետը արժանիորեն պաշտպանող եկեղեցի: Մեր եկեղեցու դավանաբանությունը ոչ թե հայերիս հուսահատ ճիչն է՝ մյուսներից տարբերվելու համար, եւ ոչ էլ ազգային ինքնությունը վերահաստատելու փորձ է այն, այլ դա իրականում Տիեզերական Եկեղեցու դավանաբանությունն է հայերեով արտահայտված: Սրա շուրջն է ամբողջ վեճը:
-
Կարւղ եմ: Ես մի քանի գործեմ ունեմ, դրանք գրաբարից թարգմանություններ են: Պետք է փնտրել: Մի լավ մտածեմ վաղը կպատասխանեմ: Կարող եմ ֆայլերը ուղարկել ձեզ, խնդիր չէ:
-
Աստված օգնական, հայր սուրբ: Ես չեմ առաջարկում կարդալ միայն հայերեն: Պարզապես ասում եմ, որ մենք մեզ հնարավորություն տանք կարդալ նաեւ հայերեն, ավելի շատ հայերեն: Ինքներդ գիտեք որքան գեղեցիկ է գրաբարը, իսկ աստվածաբանությունը գրաբարով՝ եւս առավել, այսինքն՝ Գեղեցիկը գեղեցիկով: Ե. Գ. Հույսով եմ նորից կհանդիպենք:
-
Շնորհակալություն արագ արձագանքի համար, ուրախ եմ, որ այս խնդիրը ձեզ եւս անհանգստացնում է: Բանը նրանում է, որ ես իմ կարողության չափով օգտվում եմ մատենադարանի գանձերից եւ կարող եմ վկայել, որ մարդու երեւվակայությունը չի բավականացնի պատկերացնելու համար՝ թէ ինչպիսի գրականություն կա այնտեղ: Հեղինակեր կան, որոնց անունը ժողովուրդը չի էլ լսել, եւ ոչ միայն ժողովուրդը՝ անգամ վարդապետները: Կան ձեռագրեր, որ վերջին 100 տարում ընդամենը թերթվել են հետազոտողի կողմից, իսկ նրանցում Աստվածաբանական ֆունդամենտալ խնդիրների քննարկումներ կան: Այսօր հայ աստվածաբանական միտքը վեր է ածվել թանգարանային նմուշի:Մենք այսօր հպարտանում ենք մեր անցյալով, սակայն չգիտենք անգամ, թե այն ինչպիսին է իրականում: Կարելի է այդ ամենը վեր հանել, թարգմանել տարբեր լեզուներով, խնդիր չէ. խանդավառություն կա, կարելի է թիմ հավաքել եւ հատուկ դրանով զբաղվել:
-
Մեր Եկեղեցին այսօր լուրջ խնդիրներ ունի դարերի ընթացքում Իր կուտակած գանձերը Իր զավակներին փոխանցելու գործում: Այսօր մեր Եկեղեցու զավակները փոխանակ օգտվելու մեր եկեղեցու հոգեւոր գրականությունից, հարկադրաբար կարդում են ռուսերենով եւ անգլերենով հրատարակված գրքեր: Բանը նրանում է, որ մեր եկեղեցու հայրերի թողած ժառանգությունը մինչեւ այժմ հիմնականում չի հրատարակված եւ ձեռագիր վիճակում գտնվում են աշխարհի տարբեր մատենադարանների պահոցներում: Իմ խնդրանքն է, որ հնարավորության դեպքում անդրադառնանք այս խնդրին, գտնենք լուծումներ եւ մեր ժողովրդին հնարավորություն տանք վայելելու իրենց ժառանգությունը: Հարգանքներով՝ Արամ