Պարույրն ինձ հրավիրեց "իր տուն"` միասին դիմավորելու Նոր տարին: 1952 թե՞ 53 թվականն էր: Նելլի Մենաղարաշվիլին էր, Հասմիկ Տարոնյանը և ես: Նելլիին ու Հասմիկին ես գիտեի արդեն: Նրանք մոտիկ ընկերուհիներ էին, երկուսով մի սենյակ էին վարձել և ապրում էին միասին: Նելլին երկար հյուսքերով, շիկահերմի աղջիկ էր, Թբիլիսիից էր եկել, Հասմիկը` Բաքվից: Նելլին Մոսկվայում ավարտել էր ասպիրանտուրան և պատրաստվում էր դիսերտացիա պաշտպանել: Հասմիկը այն կանանցից էր, որոնց մասին ասում են` աչքերով սիրտ է չանգռում:
Չգիտեմ ինչ պարագաներում, բայց Հասմիկն ավելի շուտ էր հանդիպել Պարույրին... Բայց դա այն հանդիումը չէր, որ հավերժություն էր խոստանում... Այդ օրը ես դեռ չգիտեի, որ նրանց հարաբերությունների մեջ, թերթային լեզվով ասած, արմատական բեկում է մտել: Բայց ամեն մի բեկում չէ, որ դեպի վերելք է տանում: Հասմիկը կանացի բնազդով զգում էր, որ օրեցօր, ժամ առ ժամ կորցնում է Պարույրին: Եվ նրան գտնողը ոչ այլ ոք է, քան իր մոտիկ ընկերուհին` Նելլին: Երկուսն էլ շատ լավ գիտեին Պարույրի արժեքը:
Պարույրը արտաքուստ հանգիստ էր. կատակում էր, սրամտում: Բայց դա միայն վարագույր էր ներքին դրաման քողարկելու: Եվ ահա ես ընկել էի այդ դրամայի մեջ որպես մասնակի՞ց թե ականատես,- մինչև հիմա էլ հաստատ չգիտեմ: Համենայն դեպս, Պարույրը, որին առանց երկմտելու կարող եմ կանացի հոգու նուրբ մասնագետ համարել, շատ լավ էր պատկերացնում պահի դրամատիզմը: Իսկ ժամանակի սլաքները անողոքաբար առաջ էին գնում: Կրեմլի կուրանտների զարկերը խառնվեցին ռադիոյի հաղորդավարի ամանորյա շնորհավորանքներին: Բոլորս բաժակներ և շնորհավորեցինք միմյանց Նոր տարին: Խմեցինք և համբուրվեցինք: Չգիտեմ` Պարույրի շրթունքները ինչպես, բայց Հասմիկի ո'չ պակաս թանձր շրթունքները, երևի, միանգամից հրավառվեցին այդ համբույրից... Համբույրի'ց և ո'չ թե օղուց... Այդ շրթունքները հիշեցին ոչ հեռու անցյալը, դողացին ու սեղմնվեցին իրար... Նա առանց մի բառ ասելու` արագ դուրս թռավ միջանցք, որը նաև խոհանոցի տեղ էր ծառայում: Երեքով նայեցինք իրար: Պարույրին ինձ գլխով արեց, ես դուրս եկա: Հասմիկը ամպած էր, բայց ո'չ, դա այն բառը չէր, շիկացած էր, կայծակների խուրձը` աչքերի մեջ, հայացքի մեջ, ձեռքերին... Կանգնած էր փոքրիկ միջանցքում` պատրաստ կռվելու, շառաչելու, ամեն ինչ ոչնչացնելու...
- Ի՞նչ պատահեց, Հասմիկ,- միամտորեն հարցրի ես, չնայած արդեն ինչ-որ բան կռահում էի: Նա մի պահ նայեց ինձ, կարծես առաջին անգամ էր տեսնում, հետո փաթաթվեց բաղեղի նման, ավելի ճիշտ` օձի պես... Սեղմվում էր ինձ, համբուրում: Հետո երկու ձեռքերը անուրի պես օղակեցին վիզս:
Անհուսալի սիրահարված, սիրո անհասանելի քաղցրությունը ճաշակած, բայց դեռ չհագեցած, վաղաժամ լքված կնոջ վի՞շտն էր դրված նրա արցունքների ու համբույրների մեջ, իր սիրած էակից նրա ընկերոջ միջոցով վրեժ լուծելու ցանկությո՞ւնը, վիրավորված ինքնասիրությո՞ւնը և անզորության գիտակցությո՞ւնը, թե՞ դա բողոք էր ճակատագրի դեմ, որ այնպես շռայլորեն պարգևել էր ամենամեծ երջանկությունը և իսկույն էլ անողորմաբար հետ խլել: Գուցե նա օգնություն էր փնտրում իմ մեջ կամ պարզապես ուզում էր ազատվել ինքն իրենից... Գուցե այդ պահը բոլորի խտացնումն էր, բոլորը միասին վերցրած, առանց մնացորդի: Չգիտե'մ:
Ես շատ անհարմար վիճակում էի, որքան էլ աշխատում էի հանգստացնել, ոչինչ չէր ստացվում: Փորձեցի նրան դուրս բերել, թարմ օդը կօգներ, դուր չեկավ: Համբուրում էր ու լաց լինում... Նրա արցունքները թրջում էին դեմքս, ձեռքերս... օ˜, ի˜նչ ծանր են կնոջ արցունքները և ի˜նչ սրտաշարժ...
Ես ներս գցեցի ինձ և օգնություն հայցող հայացքով նայեցի Պարույրին: Նա դուրս եկավ: Նելլին ինձ ոչինչ չհարցրեց: Ես էլ ոչինչ չասացի: Ըստ երևույթին, առանց բառերի էլ նա հասկանում էր ամեն ինչ: Չէ՞ որ նրանք մոտիկ ընկերուհիներ էին: Իսկ ռադիոն մի ուրախ պարեղանակ էր հաղորդում... Տոնական համերգի հնչյունները խլացնում էին միջանցքում տեղի ունեցող բուռն բացատրությունները: Մեր խորհրդավոր լռությունը սենյակում ճչում էր, գոռում... Պարույրին հաջողվեց Հասմիկին դուրս բերել: Ինչքա՞ն անցավ այսպես... Իսկ երբ ներս եկան, Հասմիկի աչքերը կարմրած էին... Նելլին վրաց աստվածուհու իր հաղթական կեցվածքով շարունակում էր լռել:
... Հասմիկը ոչ մի կերպ չէր ուզում հաշտվել դաժան իրողության հետ: Իզուր անցան բոլոր հորդորները, խնդրանքները, միջամտությունները... Սիրո մեջ դրանք գործածությունից դուրս եկած զենքեր են, ո'չ այնքան մարտունակ, մանավանդ ժամանակակից սիո մեջ: Բայց Հասմիկը իր զինանոցում մի ուրիշ զենք էլ ուներ, որը թեև անարժան զենք էր և նրան չպաշտպանեց, բայց զգալի վնասներ պատճառեց դիմացինին: Դա բողոքն էր: նա իր բողոքի դիմումներով հեղեղեց ամենուրեք: Եվ որքան շատ բողոքեց, այնքան շատ կորցրեց Պարույրին...
Հասմիկի այս փոթորկուն սիրուց մնաց մի աղջիկ` Անահիտ անունով, որը կարծես Պարույրի քթից էր թռել...