Jump to content

MONK

Forumjan
  • Posts

    216
  • Joined

  • Last visited

Everything posted by MONK

  1. Ես ոչ Ձեր, ոչ էլ ուրիշ որևէ մեկի մեղքերը դասակարգելու կամ հաշվելու միտում չունեմ: Մեղքերի չափն ու մեծություն-փոքրություն չափել կարող է միայն Աստված: Ես սեփական մեղքերիս պարագային նույնպես չեմ համարձակվում դատավոր լինել, թե որն է դրանցից մեծը. մտքերը, խոսքերը, թե գործերը? Ինչ վերաբերում է բան փոխելուն... Եթե որևէ երևույթի շուրջ արված իմ դիտողությունը փոփոխություն չի առաջացնում այդ երևույթի պարագային, փոխարենը մեծ նշանակություն ունի իմ` արտահայտվողիս պարագային: Սրտի ավելացածը խոսվում է բերանով,-ինչպես ասում է Ս. Գիրքը: Պատշաճության սահմանները դիմացիններին հաճոյանալու համար չեն, այլ սեփական արժանապատվությունը բարձր պահելու: Իսկ Ձեր <համոզված չլինելու> հիմքերին մի փոքր չեիք ծանոթացնի մեզ? Կարող եք կոնկրետ օրինակներ բերել և ասել, թե ինչի մասին է խոսքը?
  2. Մոտեցման մեկնաբանությունն անշուշտ հետաքրքիր, ինչպես նաև այն, թե ում ի նկատի ունեիք` պարսավախոսներ ասելով: Սակայն խորքի մեջ դրանք մոդերատորների խնդիրն են: Առաջին հերթին ինձ հետաքրքիր էր միայն իմանալ Ձեր հոգևորական լինել-չլինելը: Շնորհակալություն:
  3. Մայր Տաճարում հոգևորականների հերթապահություն գրեթե միշտ էլ կա: Դեպքի ժամանակ էլ Տաճարում հոգևորականներ կային: Եվ նրանք էլ խախափանել են անկարգությունների հետագա ընթացքը: Երիտասարդը պարզապես օգտագործել է անսպասելության ու արագության գործոնները:
  4. Ձեր դիտողություններն անշուշտ ընդունելի են, սակայն խնդիրն իրականում մի քիչ այլ կերպ է: Նախ` Գերագույն Ատյանի վճռի անարդարության մասին խոսք լինել չի կարող. 1-ին` խնդիրը մանրամասն քննվել է եպիսկոպոսական հատուկ հանձնաժողովի կողմից և 2-րդ` նաև առավել կարևորը` վճիռն արձակվել է տվյալ քահանայի անկեղծ խոստովանությունից հետո: Զղջումով արված խոստովանությամբ էլ նշանակվել է տվյալ ապաշխարհությունը: Եվ մենք որևէ փաստ չենք կարող գտնել, որ քահանան խախտել է նշանակված ապաշխարհությունը, քահանայագործում է կամ նման այլ գործառույթներ է իրականացնում: Համայնքի անդամների կողմից ևս բացասական որևէ քայլ չկա արձանագրված: Նրանք Եկեղեցուց կտրվածության որևէ նշան չեն ցուցաբերել և ապօրինի որևէ արարք թույլ չեն տալիս իրենց: Նրանց պահվածքը մինչև օրս օրինակելի է: Իսկ մարդիկ շարունակում են ապրել նույն հարկի ներքո` իբրև մի մեծ ըտանիքի անդամներ, կարծում եմ որևէ կանոնով չենք կարող արգելել: Իսկ նեղության պահին մարդուն չլքելը ես նույնիսկ դրական եմ համարում: Բայց, իհարկե, պետք է հաշվի առնել էզոթերիկ խզման վտանգները և մի միշտ զգոն լինել` իրավիճակը վերահսկելու համար:
  5. Հարգելի պարոն Դիլանյան Ցավոք, բազմաթիվ խնդիրների ու բազմազբաղության պատճառով նման լուրջ խնդրի առայժմ ի վիճակի չեմ: Եթե ցանկանաք համոզվել, կարող եմ առանձին մի երկու տողով ներկայացնել իրավիճակը: Սակայն հետագայում թերևս հնարավորություն ունենամ լրջորեն ձեռնամուխ լինել Ձեր առաջադրած խնդրին: Ասեմ, որ այն իմ նախասիրությունների ծիրում է, և նման բան նախատեսել եմ: Նախատեսված է նաև միջկրոնական ու միջմշակութային երկխոսությունների հարթություններին անդրադառնալ: Բայց եթե պատրաստի հարմար որևէ նյութ ձեռքիս տակ եղավ, անպայման կտեղադրեմ: Հարգանքներով` MONK
  6. Ձեր նախորդ տողերից հետո միանգամայն անսպասելի է կարդալ վերջին նախադասությունը: Եվ ընդհանրապես, ինչքանով ես հիշում եմ Ձեր նախորդ գրառումները, բոլորովին սպասելի չէր նման կարգի արտահայտություն տեսնելը: Չգիտեմ ով ինչպես է կարծում, բայց իմ կարծիքով նման կարգի արտահայտությունններն առաջին հերթին պատիվ չեն բերում դրանց հեղինակին:
  7. Կներեք, հարգելի Kars, բայց Ձեզ հետ չեմ կարող համաձայնել: Նախ` սխալ է Մայր Աթոռն ու Վատիկանը այս հարցում նույն հարթության վրա դիտարկել: Վատիկանը պետություն է, ուստի կարող է նման ռեսուրսներ ունենալ: Պետական այդ ավանդույթները գրեթե ի սկզբանե խորթ չեն Վատիկանին: Եվ հետո` Մայր Աթոռը մի խումբ հոգևորականների սեփականությունը չէ, այն համազգային սրբավայր է: Ումից պաշտպանենք Մայր Աթոռը, սեփական ժողովրդից? Տեղի ունեցածը ցավալի բացառություն էր, որ խորհդածելու տեղիք պիտի տա ոչ միայն հոգևորականներին: Նույն վտանգը սպառնում է մեր ցանկացած ազգային և եկեղեցական արժեքի, մեր ընտանեկան ու անձնական ցանկացած սրբության: Բոլոր աղանդների ագրեսիայի թիրախը նույնն է-Եկեղեցի, Պետություն, Ընտանիք, Անհատ: Դիտարկեք բոլոր աղանդների գործունեությունը նրանց ընդհանրության մեջ, և հստակ կտեսնեք, իրենց ամբողջությամբ նրանք իրականացնում են մեկ համընդհանուր ծրագիր: Ամենացավալին այն է, որ այդ կացնի պոչը մեր ազգի զավակներն են դառնում: P.S. Իհարկե, Ձեր շոշափած խնդիրը բոլորովին մեկ ուրիշ կողմ ունի. երբեմն Մայր Աթոռ այցելած որոշ <լավ տղեքի> թվում է, թե մեր ուսանողների կամ միաբանների հագած կապաները ինչ-որ ձևով բացասական հետևանքներ են ունենաում նրանց տղամարդկային արժանապատվության վրա: Երբ որ նման տեսակետները չափից դուրս բուռն են արտահայտվում, ստիպված ենք լինում այդ երիտասարդներին երկար ժամանակ չթողնել նման մոլորության մեջ: Բերված փաստարկներն այնքան համոզիչ են լինում, որ անգամ ամենահամառներն այդ հարցում շատ արագ են կողմնորոշվում:
  8. Հարգելի Արամ Ձեր լսած լուրը, պիտի ասեմ, որ այնքան էլ ստույգ չէ: Սուրբ Գայանեում գործում է միայն մեկ կուսանոց` Ձեր առաջին նշածը: Իսկ ինչ վերաբերում է 2-րդին. նախ` հոգևորականը, որ քահանա է, նախկին չէ, քանի որ կարգալույծ չի արվել, այլ որոշակի պատճառներով միառժամանակ փլիոնազուրկ է արված (եթե դեմ չեք` չխոսենք պատճառների մասին և անուններ չշոշափենք, չնայած ասեմ, որ գաղտնիության հարց չէ, այլ պաշտաճության. ուղղակի իմաստ չունի անցած գնացածը նորից մեջտեղ հանել): Եվ երկրորդ` նրա հետ ապրող մարդիկ նրա նախկին համայնքի մի մասն է, որ չի ցանկացել լքել իր հովվին: Այդ հավատացյալները պարզապես ապրում են համայնքային կյանքով, և նրա իգական մասին չի կարելի անվանել միանձնուհիներ, ինչպես որ արական մասին էլ չենք համարում վանականներ: Հուսամ չափից դուրս մշուշոտ չարտահայտվեցի: Հարգանքներով` MONK:
  9. ՓԱԽԱԾ ՍՐԲԱՊԻՂԾԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ Քրիստոնեական հանդուրժողականությունը, որ ուղղակի բանական էակի հատկանիշներից է, նաեւ ամենեւին էլ հատուկ չէ արտաքուստ բարեսեր, իրականում մարտնչողների խմբավորման` ՙԵհովայի վկաներ՚ կոչված աղանդի ներկայացուցիչներին: Նրանց չբավարարեց իրենց գործունեության բավական լայն դաշտը, հասան Մայր տաճարի խորան, ճիշտ է, ոչ բոլորը` նրանցից միայն մեկը, սակայն հազիվ թե դրսեւորած ատելությունը սրբապղծություն իրականացրած անձին ներարկված լինի միայն աղանդի ՙբարձրաստիճանների՚ կողմից: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 24-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի սուրբ խորանի վրա է բարձրացել մի մարդ ու սկսել դեսուդեն նետել այն ամենը, ինչ դրված է եղել սուրբ սեղանի վրա: Հոգեւորականներն, իհարկե, կասեցրել են խուլիգանությունը: Սրբապիղծը հասցրել է փախչել, սակայն նույն օրվա երեկոյան արդեն ձերբակալվել է: Բացահայտվել է անձի ինքնությունը, նա Էջմիածնի հարակից գյուղերից մեկում բնակվող ՙԵհովայի վկաներ՚ աղանդի ներկայացուցիչ է, անուն-ազգանունը, որոշ նկատառումներով, դեռեւս չի հրապարակվում: Սակայն արդեն փաստվել է, որ պատահարի հեղինակը գտնվում է հոգեբանական անհավասարակշիռ վիճակում: Հայ առաքելական եկեղեցին կատարվածի հստակ գնահատականն ունի. ՙԱյն, ինչ կատարվեց Մայր աթոռ Սբ. Էջմիածնում, չեմ կարող այլ կերպ որակվել, քան սրբապղծություն: Նմանօրինակ երեւույթներ Հայաստանի վանքերում ու եկեղեցիներում արձանագրվել են տարբեր ժամանակահատվածներում, երբ տարբեր աղանդավորական խմբերի պատկանող անձինք փորձել են քարոզչություն իրականացնել հենց եկեղեցու ներսում կամ պարզապես իրենց սրբապիղծ արարքներով անարգել են հայոց եկեղեցին՚, ՙԱզգ՚-ի հետ զրույցում փաստեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: Մայիսի 24-ի առավոտյան Մայր տաճարում պատահածը եզակի չէ իր որակով, սակայն տարբեր է բովանդակությամբ մինչ այս դրսեւորված նմանօրինակ դեպքերից ու եւս մեկ անգամ ապացուցում է, որ ամենքս տարբեր աղանդավորական խմբերի եւ կազմակերպությունների քայքայիչ գործնեության մասին մտածելու եւ համապատասխան հետեւություններ անելու խնդիր ունենք: Ի վերջո եկեղեցին բոլորի առջեւ բաց է, որովհետեւ ճանապարհ է դեպի ճշմարտություն եւ Աստված, ու կատարվածի կրկնությունը կանխելու այլ կերպ պետք է գտնվի. ՙԱյն, ինչ կատարվեց, հանկարծակի էր ու անսպասելի: Եկեղեցին իր գործունեությունը իրականացնում է արդյունավետ եւ ավելին պիտի անի, բայց սա չեմ կարող նկատել որպես եկեղեցու քարոզչության թերացում՚, կարծիք հայտնեց տեր Վահրամը, հավելելով, որ Մայր աթոռը դեպքի առնչությամբ արդեն դիմել է իրավապահ մարմիններին: ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ http://azg.am/?lang=AM&num=2007052614
  10. Երեկ առավոտյան բավական տհաճ միջադեպ գրանցվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. միջին տարիքի մի տղամարդ անսպասելիորեն բարձրացավ Մայր Տաճարի Ավագ խորան և սկսեց ցիրուցան անել Ս. Սեղանի վրայի սրբությունները: Տաճարում ներկա մեր հոգևորականներին հաջողվեց իջեցնել նրան , բայց մինչ փորձում էին պարզել նրա արարքի դրդապատճառները, վերջինս օգտվեց ստեղծված խառն իրավիճակից ու փախավ: Բայց նրան արդեն ճանաչել էին թե հոգևորականները և թե հավատացյալներից: Շրջակա գյուղերից մեկի բնակիչ էր և պատկանում էր Եհովայի վկաներ աղանդին: Ներկայումս ձերբակալված է: Մի քանի օր առաջ տեսել էինք այդ երիտասարդին, որ անընդհատ պտտվում էր Տաճարի շուրջը: Իմացանք, որ դրանով նա ուզում է նմանվել Երիքովի շուրջը 7 օր պտտվող իսրայելացիներին, որոնց այդ արարքի 7-րդ օրը Երիքովի պարիսպները քանդվեցին: Եհովայի վկան, տեսնելով, որ Եհովան չի պատրաստվում քանդել Ս. Էջմիածինը, որոշել էր յոլա գնալ առանց Եհովայի օգնության: ԶԼՄ-ները կատարվածը որակել են սրբապղծություն և վանդալիզմ:
  11. Տե’ր, անսասան պահի’ր Դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ՚: Հայրապետական մաղթերգ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի Համբարձման տոնի հետ (այս տարի` մայիսի 17-ին) նշում է նաև պատմական մի կարևոր իրողության` Հայրապետական Աթոռի` Սսից Ս. Էջմիածին տեղափոխվելու հիշատակը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԶԼՄ-ներով գրեթե անդրադարձ չի կատարվում այդ փաստին, ավելորդ չենք համարում երկու խոսքով ներկայացնել այն: Հայ Եկեղեցու պատմությունն անբաժան և միահյուս է հայ ժողովրդի պատմությանը. այն պատմությունն է քրիստոնյա մի ժողորդի, որն իր գոյության գրեթե ողջ ընթացքում շրջապատված է եղել բազմաթիվ թշնամիներով ու մահացու վտանգներով, հաճախ է ստիպված եղել օրհասական պայքար մղել հանուն իր անկախության և անգամ գոյության իրավունքի, ապավինել է իր հավատքին ու Եկեղեցուն` այն զենք ու պատվար դարձնելով թշնամի աշխարհի տարատեսակ սպառնալիքների դեմ: Հայ Եկեղեցին ապրել ու շնչել է իր հավատավոր զավակների ցավերով և ուրախություններով, պայծառացել իր ժողովրդի բարգավաճումով և թուլացել նրա անկումներով: Հայ ժողովրդի ճակատագրի վատթարացումներով հաճախ վտանգվել է նաև Հայ Եկեղեցու սիրտը ` Հայրապետական Աթոռը, որը հայ ժողովուրդն ու հայ հոգևորականները ձգտել են տեղափոխել առավել ապահով վայրեր` այնտեղ, ուր հզոր է եղել աշխարհիկ իշխանությունը: Եվ այսպես, Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով հաստատված հայոց Հայրապետական Աթոռը 484թ., ժամանակի իրադարձությունների թելադրանքով, Հովհաննես Մանդակունի կաթողիկոսի կողմից դուրս է բերվել Միածնաէջ իր սուրբ վայրից և տեղափոխվել Դվին: Այնուհետև, մեր ժողովրդի ճակատագրի վայրիվերումների և աշխարհիկ վարչական կենտրոնի փոփոխման հետևանքով հաստատվել նախ` Աղթամարում (927թ.), ապա Արգինայում (947թ.), Անիում(1001թ.), Սեբաստիայում (1051թ.), Թավբլուրում(1062թ.), Ծամնդավում (1066թ.), Քեսունի Կարմիր Վանքում (1090թ.), Ծովքում (1116թ.), Հռոմկլայում (1149թ.) և ի վերջո 1192թ. հանգրվանել Սսում: 15-րդ դարի սկզբներին ակնհայտ դարձավ, որ բուն Հայաստանից դուրս գտնվող կաթողիկոսական Աթոռն այլևս չի կարող համահայկական նշանակություն ունենալ: Վերացել էին այն բոլոր պայմանները , որոնք կարող էին այս կամ այն չափով արդարացնել Մայր Աթոռի` Հայաստանից դուրս գտնվելը: Փոխարենը առաջացել էին խնդիրներ, որոնք անհետաձգելի էին դարձնում Աթոռի տեղափոխության հարցը: Ինչպես վկայում են ժամանակի պատմիչները` կաթողիկոսական Աթոռը խաղալիք էր դարձել մի քանի անարժան հոգևորականների ձեռքին: Կաթոլիկ Եկեղեցու` հետզհետե սաստկացող ճնշումները լրջագույնս վտանգել էին Հայ Եկեղեցու ինքնուրույնությունն ու գոյությունը: Կիլիկիայում վերացել էր հայկական պետականությունը, Սիսը քանդվել ու թալանվել էր: Կիլիկյան Հայաստանը հայտնվել էր մահմեդական երկրների օղակի մեջ և աստիճանաբար հայաթափվում էր: Մինչդեռ Հայաստանում տիրում էր քաղաքական ու տնտեսական համեմատական կայուն իրադրություն, բարվոք վիճակում էին վանքերն ու վանականությունը, ժողովուրդը զանգվածաբար վերադառնում էր Հայաստան: Աստիճանաբար հասունացավ Մայր Աթոռն իր սկսբնահաստատ վայրը` Ս. Էջմիածին վերադարձնելու գաղափարը: Աթոռի տեղափոխության գաղափարը, որ արտահայտվել էր դեռևս Սյունյաց մետրոպոլիտ Ստեփաննոս Օրբելյանի և եռամեծար վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացու կողմից, սկսեց կյանքի կոչվել նույն Տաթևացու աշակերտների կողմից : 1441թ. Թովմա Մեծոփեցու, Հովհաննես Հերմոնացու և այլոց ակտիվ նախաձեռնությամբ հրավիրվեց ազգային–եկեղեցական ժողով, որի ավելի քան 300 (մեկ այլ վկայության համաձայն` 700) մասնակիցները հավաքվեցին նախ Երևանում, ապա մեծ թափորով ուղևորվեցին Վաղարշապատ: Ժողովը բացվեց 1441թ. մայիսի 25-ին` Համբարձման տոնի օրը: Ժողովին մասնակցում էին Արևելյան Հայսաստանի 4 մեծ վանքերի` Արտազի, Տաթևի, Հաղպատի և Բջնիի վանահայրերը, Աղթամարի, Գանձասարի կաթողիկոսության, Սյունյաց, Արարատյան Միջնաշխարհի և Արևմտյան Հայաստանի հոգևոր առաջնորդներ և բարձրաստիճան հոգևորականներ, իշխանավորներ և ժողովրդի ներկայացուցիչներ: Մինչ այդ արդեն ստացվել էր Կիլիկիայի մի խումբ եպիսկոպոսների ահազանգ-նամակը` Աթոռի տեղափոխության խնդիրը շուտափույթ լուծելու` հաշվի առնելով առկա սպառնալիքները: Ժողովին հրավիրված էր նաև օրվա կաթողիկոս Գրիգոր Թ Մուսաբեկյանը (1439-1441թթ.), սակայն ենթադրվում է, որ նա հրաժարվել է իր պարտավորություններից: Ժողովի որոշումով Մայր Աթոռը Սսից տեղափոխվում է Ս. Էջմիածին, և Ամենայն Հայոց Կաթողիկոս է ընտրվում Կիրակոս Ա Վիրապեցին (1441-1443թթ.): Հայրապետական Աթոռի` շուրջ հազարամյա տարագրությունից հետո վերստին իր աստվածընտիր սուրբ վայրում հաստատվելու իրողությունը Հայաստանյայց Եկեղեցին հայտարարել է ազգային տոն: Ամեն տարի` Համբարձման տոնի Ս. Պատարագից հետո, հայոց եկեղեցիներում կատարվում է Հայրապետական մաղթանքի արարողություն և աղոթք է բարձրացվում առ Աստված, որ անսասան պահի Իր իսկ հիմնած Մայր Աթոռը: Իմ հրատարակված հոդվածներից մեկը: MONK
  12. Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մայիսի 15, 2007թ. Ս/թ մայիսի 7-9-ը Ժնևում տեղի ունեցավ ԵՀԽ էկումենիկ պաշտոնյաների հինգերորդ հանդիպումը, որին մասնակցում էին մոտ 35 ներկայացուցիչներ ԵՀԽ անդամ եկեղեցիներից: Հայ Առաքելական Եկեղեցուց հանդիպմանը մասնակցում էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Հոգեշնորհ Տ. Հովակիմ վրդ. Մանուկյանը: Հանդիպման նպատակն էր ընդհանուր եզրեր գտնել ԵՀԽ-ի և անդամ եկեղեցիների միջև փոխհարաբերություններն ավելի արդյունավետ դարձնելու համար: Մայիս 7-9-ը կայացած հանդիպման ընթացքում ԵՀԽ պաշտոնեության կողմից ներկայացվեցին ԵՀԽ գործունեությունը, ծրագրերը: Հանդիպում տեղի ունեցավ ԵՀԽ-ին կից նորաստեղծ երիտասարդական կառույցի անդամների հետ, ապա բանախոսությամբ հանդես եկավ ԵՀԽ Գլխավոր Քարտուղար Դոկ. Սամուել Կոբիան, որը ներկայացրեց վերջին տարում իր ծավալած գործունեությունը` հիմնականում ներկայացնելով տարբեր Եկեղեցիներ կատարած այցելությունները: Հարց ու պատասխանի ընթացքում Գլխավոր քարտուղարը խոսեց հոգևոր առաջնորդների և պետերի հետ հանդիպումների կարևորության մասին: Հանդիպման մասնակիցներն այցելեցին Բոսեյի Էկումենիկ դպրոց: Էկումենիկ դպրոցի տնօրենը ներկայացրեց դպրոցը, այստեղ կատարված փոփոխությունները և միջոցառումների շարքը: ԵՀԽ-ի ՙՏասնամյակ հաղթահարելու բռնությունը՚ ծրագրի պատասխանատուները ներկայացրեցին առաջիկայում իրենց կատարելիք աշխատանքները և հատկապես խոսեցին 2011 թ. Միջազգային Խաղաղասիրական Քրիստոնեական Բանակումի մասին: Այս ծրագրի շրջանակներում հանդես եկավ ՙԷկումենիկ ուղեկցություն դեպի Պաղեստին՚ ծրագրի քարտուղարը և ներկայացրեց այս տարի հունիսին Ամանում կայանալիք Մերձավոր Արևելքի երկրների հոգևոր առաջնորդների միջկրոնական գագաթաժողովի մասին, որին Հայ Եկեղեցուց մասնակցելու է Արիս Արք. Շիրվանյանը` Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունից: Մերձավոր Արևելքի հոգևոր առաջնորդների գագաթնաժողովի օրակարգում է նաև Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հարցը: Հանդիպման ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ծավալած միջեկեղեցական գործունեությունը և այն ծրագրերը, որոնք իրականացվում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատվիրակները` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ակտիվ գործունեություն են ծավալում միջեկեղեցական և միջկրոնական հարաբերությունների բնագավառում: Նրանցից շատերը տարբեր հանձնախմբերի գործադիր վարչությունների անդամներ են: Ս/թ հունիսի 14-19-ը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի հրավերով, Հայաստանում` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ՙԵկեղեցի և հասարակություն՚ հանձնախումբը կգումարի իր տարեկան նիստը` մշակութային երկխոսության թեմայով: Հանդիպմանը կմասնակցեն ավելի քան 35 ներկայացուցիչներ եվրոպական եկեղեցիներից և բանախոսներ` Եվրախորհրդից: 2007 թ. սեպտեմբերի 25-28-ը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գործադիր վարչությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրավերով Հայաստանում` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, կանցկացնի իր տարեկան հանդիպումը, որին իրենց մասնակցությունը կբերեն նշանավոր աստվածաբաններ և եկեղեցական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից` ԵՀԽ ղեկավար մարմնի հետ միասին: ԵՀԽ-ն ղեկավարող բարձրագույն այս մարմնում Հայ Եկեղեցու ներկայացուցիչն է Գերաշնորհ Տ. Վիգեն Արք. Այքազյանը: Իսկ ս/թ սեպտեմբերի 5-9-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատվիրակությունը` թվով 21 հոգի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ Արք. Պետրոսյանի գլխավորությամբ կմասնակցի Համաեվրոպական Երրորդ Էկումենիկ Համագումարին: Համաեվրոպական նախորդ համագումարը տեղի է ունեցել 1997 թ. Գրացում, Ավստրիա, որին իր մասնակցությունն է բերել և բացման խոսքով հանդես եկել Գարեգին Ա երջանկահիշատակ Կաթողիկոսը: Միջեկեղեցական հարաբերությունների բաժին Պատասխանատու` Եզնիկ Արք. Պետրոսյան Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան Հեռ. 517 155/160 էլ. փոստ. [email protected]
  13. Հարգելի բարեկամ, Ձեր խոնարհ ծառան ոչ միայն հավատացյալ է, այլ նաև հոգևորական: Սակայն ես երբեք դեմ չեմ եղել առողջ քննարկմանը և մտքերի փոխանակմանը: Ես կտրականապես դեմ եմ միայն դիամցինի նվիրական զգացումների նկատմամբ <<ազատ>> արտահայտվելուն և վիրավորանքներ հասցնելուն` անկախ այն բանից, թե արտահայտվողը վիրավորելու միտումով է դա անում, թե ուղղակի իր կարծիքն է արտահայտում: Չեմ կարծում, թե ազատ խոսք դիտարկվի ինչ-որ մեկի ծնողի հասցեին արված <<ազատ>> դիտարկումը...Դուք հասկանում եք, թե ես ինչ նկատի ունեմ: Ազատությունը երբեք չպիտի վերածվի սանձարձակության` ինչ չափի դրսևորումով էլ արտահայտվի: Ինչ վերաբերում է այս թեմային, ապա այն դոգմատիկ խնդիր չէ, այլ պատմական: Իսկ պատմական եղելությունները չեն քննարվկում այն տեսակետից, թե դրանք տրամաբանական են, թե ոչ, այլ որ դրանք համապատասխանում են իրականությանը, թե ոչ? Կոնկրետ այս տեսակետը, իբրև մեր Եկեղեցու և ազգի պատմությանը փոքրիշատե ծանոթ անձ (կներեք անհամեստությանս համար), ես գտնում եմ, որ չի համապատասխանում իրականությանը: Հակառակ կարծիքների շուրջ, եթե դրանք զուտ ինչ-որ մեկի` պատմական եղելություններից հեռու, ուղղակի սուբյեկտիվ էմոցիաների թունդ արտահայտությունները չեն, միշտ պատրաստ ենք քննարկման:
  14. Չէ, անհասկանալի խնդիրներ չկան: Պարզապես միառժամանակ ճամփորդելու է: Երևի արդեն սկսել է, դրա համար էլ չի պատասխանել: Այսքան բան:
  15. Շնորհավորանքներս բոլորին: Ափսոս, որ ծննդավայրիս ազատագրման 15-ամյակին Շուշիում չեմ:
  16. Ցավոք միշտ չէ, որ, թեկուզ հոգևոր հարցերում, ամեն ինչ կախված է հոգևոր դասից:
  17. Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ ողջունում և շնորհավորում ենք համայն մեր ժողովրդին` Հաղթանակի և Խաղաղության Օրվա առիթով: Տոնական այս օրվա խորհուրդը անմահ է պանծալի հիշատակներով, որոնք մեր ժողովուրդը կերտել է Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերում անցած մարտական փառավոր ուղիով, հայ զորահրամանատարների ու հերոսների սխրանքներով և վերածնված նույն քաջարի ոգով մեր օրերում պաշտպանելով Արցախի ազատ ապրելու արդար իրավունքը: Մենք այսօր տոնում ենք 15-րդ տարեդարձը Շուշիի ազատագրության, որը հանուն Արցախի մեր ժողովրդի հաղթական պայքարի խորհրդանիշն է: 1992 թ. մայիսի 9-ի օրհնաբեր օրվա ավետիսով ցնծում էր համայն հայության հոգին և այսօր վերստին ազգս հայոց միավորվել է հայրենի մեր հողի ազատագրության պանծալի խորհրդով: Արցախը այսօր լուսավորված է ազատության կենսաբեր շողերով և ապրում է վերածննդի շնչով` մարմնավորելով նվիրական իղձերը մեր ժողովրդի, արդարության նորոգված հույսն ու հավատը: Մեր ուրախությանը գումարվել է նաև մեր Հայրենիքի` Հայաստանի և Արցախի ազատ ու խաղաղ կյանքի առաջընթացի, ստեղծագործ բազում ձեռքբերումների և նվաճումների ուրախությունը: Գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ կամեցավ պայծառ ու հուսաբեր առավոտը ազգային մեր կյանքի: Աղոթք ենք բարձրացնում երկինք բյուրավոր հոգիների համար Երկրորդ աշխարհամարտի զոհերի և մեր արի զավակների, ովքեր իրենց կյանքը նվիրեցին Արցախի ազատությանը: Հայցում ենք, որ Տերը խաղաղ պահի աշխարհը համայն, մեր Հայրենիքն ու ժողովրդին և օրհնի մեր ջանքերը` ի խնդիր մեր արդար հույսերի իրագործման, և ի սեր հայրենի մեր երկրի բարգավաճման ու բարօրության: Շնորհք և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան: Ամէն: ###
  18. Այս բաժնի ենթավերնագիրն է. <<Կիրակնօրեայ քարօզներ - Հայ եկեղեցականների խրախուսանքի եւ պարսաւանքի խօսքեր>> Կարելի է ենթադրել, որ Դուք Հայ Եկեղեցու հոգևորական եք?
  19. Ինչպես տեսնում եմ, այս թեման բացվել էր գրեթե ուղիղ մեկ տարի առաջ: Հետաքրքիր է իմանալ` այս ընթացքում առաջընթաց եղել է մայրենի լեզվով գրելու գործընթացում? Անձամբ ես երկու ձեռքով կողմ եմ հայերենով գրելուն: Այլ լեզվով կարելի է գրել ծայրահեղ դեպքում` երբ զրուցակիցդ չի հասկանում քեզ: Չէ որ մենք հայ ենք և սա մեր ֆորումն է. ինչու պիտի ուրիշ լեզվով արտահայտենք մեր մտքերը? Ուրիշները մեր լեզվով են զրուցում իրար հետ? Ի նկատի ունեմ մասսայական երևույթները: Հասկանալի է, որ ֆորումի պահանջներից բխում է հնարավորինս մատչելի լինել շատերի համար: Բայց չեմ հասկանում տրամաբանությունը, երբ հայերենին նորմալ տիրապետող մարդիկ միմյանց հետ շփվում են ռուսերենով: Քերականական և այլ սխալներից կարծում եմ վախենալու հարկ չկա, քանի որ այստեղ լեզվից ստուգողական գրավոր չենք գրում, և միայն շատ <<քաղաքակիրթ>> մարդիկ կարող են ծաղրել նման բաները, ինչն էլ կխոսի նրանց մակարդակի մասին: Հայերենով շփվելը մի կարևոր նշանակություն ևս կարող է ունենալ. մեր ժողովրդի աշխարհասփյուռ զավակներին սեփական լեզվին հարազատ պահելու նպաստը: Չէ որ ֆորում են մտնում տարբեր երկրներից հայորդիներ, ովքեր միշտ չէ, որ իրենց առօրյա կյանքում մայրենի լեզվով շփվելու երջանկությունը կարող են ունենալ: Իմ սուբյեկտիվ կարծիքով` հարազատ լեզվով խոսելը նաև ազգային արժանապատվության խնդիր է:
  20. Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մայիսի 4, 2007թ. Մայր Աթոռի ներկայացուցիչները կմասնակցեն ԱՄՆ Հայոց թեմերի տարեկան ժողովներին Մայիսի 4-6-ը Չելմսֆորդում եւ Փասադենայում տեղի կունենան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի թեմական տարեկան ժողովները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Արևելյան թեմում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կներկայացնեն Տ. Խորեն քհն. Կիրակոսյանը եւ Տ. Ադամ քհն. Մակարյանը, իսկ Արեւմտյան թեմում` Տ. Վահրամ քհն. Մելիքյանը եւ Տ. Ղեւոնդ քհն. Մայիլյանը: Մայիսի 2-3-ը արժանապատիվ քահանաները մասնակցեցին նաեւ թեմերի քահանայից ամենամյա ժողովներին: Մայր Աթոռի ներկայացուցիչները կլինեն նաեւ Հյուսիսային Ամերիկայի հայկական համայնքներում ու ծխերում: ###
  21. Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մայիսի 3, 2007թ. Հոգեհանգստյան արարողություն` Երեւան-Սոչի ավիավթարի տարելիցի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մայիսի 6-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Սբ. Պատարագից հետո կկատարվի հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ մեկ տարի առաջ տեղի ունեցած Երեւան-Սոչի ուղերթի օդանավի ավիավթարի զոհերի: Պատարագի սկիզբը` ժամը 11-ին: ###
  22. Հարգարժան Kars, ահա ասածս հոդվածաշարը: <<Հայոց Աշխարհի>> 2006-ի դեկտեմբերի համարներում էր: 3 մասից էր. յունիկոդի վերածելիս միացրեցի, բայց լինկերն էլ եմ տեղադրում: MONK Լույսի ու ստվերի արանքում Եկեղեցու 50-ամյա տագնապը Անցնող տարին Հայ Եկեղեցին հիշարժան խոշոր տարեթվեր չարձանագրեց. մի տխուր բացառությամբ միայն` լրացավ Հայ Եկեղեցու տագնապի 50-ամյակը 50 տարի առաջ, 1956-ին Հայ Եկեղեցին փոթորկվեց տագնապալից իրադարձություններով, որոնք երկու հակառակորդ բանակների բաժանեցին Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունները` խարխլելով Հայ Եկեղեցու միասնության հիմքերը: Եկեղեցական կյանքից ու ավանդույթներից կտրված խորհրդային հայաստանցին, երկաթե վարագույրի հետեւում, հիմնականում անտեղյակ ու անհաղորդ մնաց այդ տագնապին: Մինչդեռ այն, սողոսկելով սփյուռքահայ ընտանիքներ, սերմանում էր անհանդուրժողականություն ու երկպառակություն դրկից ու դավանակից ազգակիցների միջեւ: Տագնապով խորացած անջրպետի հակադիր կողմերում հայեր էին` բաժանված ՙէջմիածնական՚ ու ՙանթիլիասական՚ պիտակներով: Այսօր էլ, փոթորկուն այդ իրադարձություններից 50 տարի անց, չնայած միության բարձրագոչ կոչերին, Հայ Եկեղեցին դեռեւս ձերբազատված չէ տագնապի պառակտիչ միտումներից եւ փորձում է գտնել լույսը ստվերից բաժանող մի սահմանագիծ: Անշուշտ այն, ինչ տեղի ունեցավ 1956թ. ու դրանից հետո երկու աթոռների հակասությունների հանկարծահաս պոռթկում չէր: Տագնապի արմատներն առավել խոր էին ու բազմաճյուղ: Նոր իրավիճակ` խորհրդային եւ անխորհուրդ Հայաստաններ 1928-ին Կիլիկիո Սահակ Խապայան կաթողիկոսը հրապարակում է իր հանրահայտ ՙԿտակը՚: Այն, ըստ էության, կտակ չէր, այլ հայությանն ուղղված դիմում` ՙԻ±նչ պիտի ըլլա Կիլիկիո Կաթողիկոսությունը եւ իր ժողովուրդի ապագան՚ հարցադրմամբ: Ուշագրավ է, որ այս գրության մեջ Խապայան կաթողիկոսը մտորում է նաեւ ոչ պակաս մռայլ իրավիճակում հայտնված Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մասին` առավել լավատեսությամբ գծագրելով նրա ապագան. ՙ...Տարականոն զրկումներուն ու կաշկանդումներուն հակառակ` Ս. Էջմիածնի Հայրապետությունը համեմատաբար ավելի ապահով է, քան Կիլիկիո կաթողիկոսությունը. նախ` որ իր աթոռը Հայաստանի մեջ անսասան կը մնա. երկրորդ` խորհրդային կառավարությունը, հույս ունենք, որ օր մը բարեշրջումով ազգային տիպ ու կերպարն հագնի ու կարմիր քղամիդը մեկ կողմ նետե եւ ցիրուցան հայությունը Մասյաց հովանիին տակ համախմբե. եւ երրորդ` Խորհրդային Հայաստանը անխորհուրդ Հայաստանեն լավագույն է իր խաղաղ ու շինարարական գործունեությամբ. լավագույն է կուշտ փորով ժողովուրդը` անոթի եւ օտար նպաստներու կարոտ եղողներեն՚,- գրում է Կիլիկիո կաթողիկոսն իր ՙԿտակում՚: Շնորհիվ Կիլիկիո Սահակ կաթողիկոսի եւ Բաբկեն արք. Կյուլեսերյանի (աթոռակից կաթողիկոս) մեծագույն ջանքերի, 1930-ին վերակազմակերպվում եւ Անթիլիասում վերահաստատվում է Կիլիկիո կաթողիկոսությունը: Նույն թվականին վերաբացվում է Դպրեվանքը, որ պիտի լրացներ Հայ Եկեղեցուն այնքան անհրաժեշտ հոգեւորականների պակասը: Բացվում է տպարանը, իսկ 1932-ից հրատարակվում է կաթողիկոսության ՙՀասկ՚ պաշտոնական ամսագիրը: Եկեղեցահալած խորհրդային երկրում Սբ Էջմիածինը նման արտոնությունների պետք է սպասեր մեկ տասնամյակից ավելի տարիներ: Խորհրդային կարգերի հաստատումից հետո Խորհրդային Հայաստանում շարունակվում էին փակվել ու ավերվել եկեղեցիներ, անխնա հետապնդումների էր ենթարկվում հոգեւորականությունը: Այս պարագայում Կիլիկիո Աթոռը Ամենայն Հայոց կաթողիկոսության համար կարո±ղ էր հույսի նեցուկ դառնալ: Կարելի± էր բարձրաձայնել հայտնի այն պնդումը, թե ՙՊետք է պահել Սսո կաթողիկոսությունը Էջմիածնա կաթողիկոսության համար՚: Տեսականորեն կարելի էր եւ այսպես կարծել, եթե այս անգամ գլուխ չբարձրացներ ՙԽորհրդային՚ ու ՙանխորհուրդ՚ Հայաստանների պայքարը, որն իր արտացոլումը գտավ նաեւ եկեղեցում: Ի դեպ, Խորհրդային երկրում Հայ Եկեղեցին միակը չէր, որ քաղաքական պայքարի զոհ էր դառնում: 20-ական թվականներին արդեն իսկ պառակտվել էր Ռուս Ուղղափառ եկեղեցին` որի մի հատվածը (հիմնականում` վտարանդիներ) խզելով կապերը Մոսկվայի հետ, իրեն հռչակել էր Արտասահմանի Ռուս Ուղղափառ եկեղեցի: Հայկական Սփյուռքի քաղաքական որոշ շրջանակներում եւս այն միտքն էր արտահայտվում, թե բոլշեւիկյան գերության մեջ Սբ Էջմիածինն ի զորու չէ վերահսկել արտասահմանյան թեմերը: Այս տարիներին է, որ առաջին անգամ հնչում են առաջարկներ Կիլիկիո կաթողիկոսությունը Մերձավոր Արեւելքի եւ կամ ընդհանրապես Սփյուռքի Հայոց կաթողիկոսություն հռչակելու մասին: Նույն այս թվականներին էլ Ամերիկյան թեմը Մայր Աթոռի ենթակայությունից դուրս բերելու եւ Անթիլիասին միացնելու առաջին փորձերն են արվում: Սակայն հակառակ այս խմորումներին, հատկապես Ամենայն Հայոց Գեւորգ Չորեքչյան եւ Կիլիկիո Գարեգին Ա Հովսեփյանց կաթողիկոսները հաջողում են պահպանել համերաշխության ոգի` պահպանելով նաեւ եկեղեցու միասնության հիմքերը: Այսպես մինչեւ 1952 թվականը` մինչեւ Գարեգին Հովսեփյանց կաթողիկոսի վախճանը: Կիլիկիո հաջորդ կաթողիկոսի ընտրությանը Հայ Եկեղեցին պիտի սպասեր 4 տարի: Հայ Եկեղեցու պատմության մեջ հազիվ հնարավոր լինի հիշատակել կաթողիկոսական մի ընտրություն, որն այնքան ժողովրդական հուզումների պատճառ դարձած լինի, որքան 1956 թվականին Կիլիկիո Զարեհ կաթողիկոսի ընտրությունը: Կաթողիկոս, որին այդպես էլ չընդունեց Մայր Աթոռ Սբ Էջմիածինը` անօրեն համարելով նրա ե°ւ ընտրությունը, ե°ւ օծումը: Կաթողիկոս, որի ընտրությամբ երկու աթոռների միջեւ սկսվեց մի նոր ու տեւական պառակտում: Մինչդեռ երկփեղկման բուն պատճառն առավել քաղաքական էր, քան կրոնական: Երկու աթոռների համար ցավոտ այս խնդրին, դեպքերի ու դեմքերի սեփական մեկնաբանություններով, հաճախ են անդրադարձել Ամենայն Հայոց Կաթողիկոսության ՙԷջմիածին՚ եւ Կիլիկիո կաթողիկոսության ՙՀասկ՚ պաշտոնական ամսագրերը: Այդ տարիների մասին հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում նաեւ այսօր արդեն հրապարակված խորհրդային վավերագրերը: ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՙՄոտ 40 տարի է ահա քաղաքական որոշ մարդիկ աշխատում են Սփյուռքում ստեղծել մի տեսակ ՙանհայրենիք պետություն՚ ՙվեղարի եւ եկեղեցու՚ հովանու տակ` գրավել փորձելով Սփյուռքի էջմիածնական թեմերը, ստեղծել փորձելով ՙարտասահմանյան կաթողիկոսություն՚,- երկու աթոռների երկփեղկման առնչությամբ գրում է ՙԷջմիածինը՚1960-ի համարներից մեկում: Իր հերթին Անթիլիասը Էջմիածնին մեղադրում է Կիլիկիո կաթողիկոսությունը քայքայելու եւ այն վանահայրության վերածելու ձգտումների մեջ: Որքանո±վ էին ճշմարիտ այս մեղադրանքները: Իրականում, սառը պատերազմի տարիներին, Հայ Եկեղեցին սեփական հավակնություններով հանդերձ, հայտնվել էր մեծ ու փոքր քաղաքականությունների թատերաբեմին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մերձավոր Արեւելքում իր դիքերն ամրապնդելու նկրտումներ ուներ ինչպես Խորհրդային Միությունը, այնպես էլ հակախորհրդային Արեւմուտքը: Քաղաքական ու տնտեսական ոլորտներից դուրս կարեւոր գործոն էր դիտվում նաեւ եկեղեցին: Չնայած երկրի ներսում կրոնամերժ քաղաքականությանը, Խորհրդային Միությունը եւս փորձում էր գործի դնել եկեղեցական լծակներ: Այս նպատակին էր միտված, օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարքի այցը Մերձավոր Արեւելքի երկրներ: ԽՍՀՄ կառավարությունը այցը կազմակերպելու համար կրոնական առաջնորդին անգամ հատուկ ինքնաթիռ է տրամադրում, իսկ պատրիարքը ոչ միայն վերականգնում է եղբայրական կապերը Անտիոքի եկեղեցու հետ, այլեւ կարողանում է շահել Անտիոքի պատրիարքի վստահությունը կոմունիստական պետության նկատմամբ: Հայրենիքի հանդեպ սփյուռքահայության սերը նվաճելու խորհրդային ձգտումներում եւս որոշակի տեղ է հատկացվում Եկեղեցու դերակատարությանը` այս անգամ Հայ Եկեղեցու: ՙԷջմիածնի կաթողիկոսության հատկապես վերջին 15 տարվա գործունեությունը ցույց տվեց, որ այն սփյուռքահայ աշխատավոր զանգվածների վրա մեր ազդեցության տարածման կարեւորագույն աղբյուրներից մեկն է: ...Կաթողիկոսարանը տարածում է իր ազդեցությունը աշխատավոր հայության շրջանում` քարոզելով մեր ձեռքբերումները, սեր ներարկում Հայրենիքի` Խորհրդային Հայաստանի հանդեպ՚,- 1953-ին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Գ.Մալենկովին ու ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Նիկիտա Խրուշչովին ուղղած ՙհույժ գաղտնի՚ մի զեկուցագրում նշում են Հայաստանի խորհրդային ղեկավարները` Անտոն Քոչինյանն ու Սուրեն Թովմասյանը: Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հեղինակությունը գործի դնելու քաղաքականությունը, վերջին հաշվով, ազգային միասնության տեսակետից միայն դրական երեւույթ կարող էր համարվել: Սակայն այն հանդիպում է հակազդեցության: Բոլշեւիկյան վտանգին հակադիր ուժերը Մայր Աթոռն այլեւս դիտում են իբրեւ եկեղեցակործան ու հայակործան վարչակարգի կամակատար: Դեռեւս 1938-ին ԱՄՆ Հայոց թեմի առաջնորդ Գարեգին եպս. Հովսեփյանը (հետագայում` Մեծի Տանն Կիլիկիո` Գարեգին Ա կաթողիկոս) Գերագույն հոգեւոր խորհրդին ուղղած զեկուցագրում գրում է. ՙԻ նկատի պիտի ունենալ, որ այժմ հատկապես դաշնակցական թերթերը առատ ու չափազանցված աղմկարարությամբ հող են պատրաստում, աշխատանք թափում ժողովրդի միտքը շփոթել եւ համակրությունը նվազեցնել եւ կտրել, եթե հնարավոր է Հայաստանի կառավարությունից եւ Էջմիածնից...՚: Այս խորապատկերի վրա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի 1956թ. ընտրությունը նմանվում է առավել քաղաքական պայքարի` ՙէջմիածնական՚ ու ՙհակաէջմիածնական՚ թեւերի միջեւ: Այսպես քաղաքական պայքարի կիզակետում հայտնվում է Կիլիկիո Աթոռը, որի ՙքաղաքական՚ կողմնորոշումները փորձում են ուղղորդել ինչպես խորհրդային, այնպես էլ հակախորհրդային ուժերը: ՙԿաթողիկոսական ընտրության կապակցությամբ պայքարը քաղաքական պայքար է, որ մղում է անգլո-ամերիկյան բլոկը Սովետական Միության դեմ՚,- սրանք տողեր են Խորհրդային Հայաստանի Մինիստրների խորհրդին կից Հայ Եկեղեցու գործերի խորհրդի նախագահ Հրաչյա Գրիգորյանին ուղղված մի զեկուցագրից: Իսկ դերակատարը Սփյուռքն էր` քաղաքական-հասարակական կառույցների ողջ ներկապնակով: ԱՇԽԱՐՀԻԿ ԿՐՔԵՐ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ 1956թ. Կիլիկիո կաթողիկոսի ընտրության մասին խորհրդային պաշտոնյաների զեկուցագրերը, չափազանց միտումնավոր լինելով հանդերձ, հստակորեն ներկայացնում են շահագրգիռ կողմերի հետաքրքրությունները: Դեռեւս 1951-ին, մինչ Գարեգին կաթողիկոսի վախճանը, ՀՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ա.Կարապետյանին ուղղված զեկուցագրում հետեւյալ պատկերն է գծագրվում: ՙ...Կիլիկիո կաթողիկոսությունը, փաստորեն, գտնվում է դաշնակների ձեռքում: Այդ կաթողիկոսության 5 թեմերից 4-ը (Բեյրութի, Կիպրոսի, Ջեզիրի, Հալեպի թեմերը) գրեթե ամբողջությամբ դաշնակների ձեռքում են (եւ° թեմական առաջնորդները, եւ° թեմակալ խորհուրդները): Կաթողիկոսարանի ղեկավարող պաշտոնների զգալի մասը նույնպես գտնվում է դաշնակների ձեռքին: Այժմ դաշնակները ակտիվ կերպով պատրաստվում են Գարեգին Ա կաթողիկոսի մահվանից հետո ամբողջապես գրավել այդ կաթողիկոսությունը եւ այն վերածել իրենց նախատեսած` արտասահմանում Հայոց եկեղեցու կենտրոնի: Եթե Էջմիածնի կողմից վճռորոշ միջոցներ չձեռնարկվեն, դաշնակներին դժվար չի լինի իրականացնել իրենց ծրագիրը՚: Ակնկալվում է, որ Գեւորգ Զ կաթողիկոսի հորդորով Գարեգին Ա կաթողիկոսը իր կենդանության օրոք կնշանակի Սբ Էջմիածնին ցանկալի աթոռակից կաթողիկոս, որը եւ կդառնա Կիլիկիո Աթոռի հաջորդ գահակալը: Նման բան տեղի չի ունենում: Էջմիածնականներին մնում է ձայների մեծամասնություն ապահովել կաթողիկոսական ընտրություններում` թեմական կառույցների աշխարհիկ անդամների կուսակցական պատկերը վերաձեւելու ճանապարհով: Ուժերի դասավորությունը հօգուտ Էջմիածնի փոխելու ջանքերը չեն իրականանում: Շիկանում են կրքեր` հատկապես Հալեպի եւ Բեյրութի թեմերում, ուր տեղի են ունենում ցույցեր ու անգամ բռնություններ: Վիճարկման նյութ է դառնում հատկապես Հալեպի թեմական մարմինների լիազորության հարցը: Հետագայում, երբ կաթողիկոսական գահ է բարձրանում Հալեպի թեմի առաջնորդ Զարեհ Փայասլյանը, հենց այս թեմի պատգամավորական մանդատներն են անօրեն ու հակականոնական համարում էջմիածնականները: Ինչեւէ, 4-ամյա նախընտրական պայքարն իր վերջակետին է հասնում 1956-ի փետրվարին: Կիլիկիո կաթողիկոսի ընտրությանը մասնակցելու նպատակով փետրվարի 12-ին Անթիլիաս է ժամանում Ամենայն Հայոց նորընտիր կաթողիկոսը` Վազգեն Ա Վեհափառը: Ամեն ինչ արվում է արժանավայել ընդունելության համար: Շուրջ 30 հազար հավատացյալ է դիմավորում Ամենայն Հայոց Հայրապետին: Սակայն Վեհափառի նպատակը մնում է անկատար: Մերժվում է Վազգեն Վեհափառի` կաթողիկոսական ընտրությունը մինչեւ ավելի հանդարտ ժամանակներ հետաձգելու առաջարկը: Չհասնելով ցանկալի համերաշխության` Վազգեն Վեհափառը շուտով լքում է Անթիլիասը` կաթողիկոսական ընտրությունից ժամեր առաջ` փետրվարի 20-ի առավոտյան: Ի նշան բողոքի` ժողովը լքում է նաեւ 12 պատգամավոր` եկեղեցական ու աշխարհիկ: Հետագայում ՙՀասկը՚ պիտի գրեր, որ Վազգեն Վեհափառի այցը ոչ այլ ինչ էր, քան ՙկաթողիկոսական ընտրությունը արգելելու փորձ՚` ակնկալությամբ, որ Սիրիայի կառավարությունը պիտի ապօրինի հայտարարեր Հալեպի պատգամավորականը ժողովը: Ընտրություններն ընթանում են ոստիկանական պահակախմբերի հսկողությամբ: Մայր Տաճարը, ուր ավանդույթի համաձայն կատարվում են կաթողիկոսական ընտրությունները, գրավում են էջմիածնասեր կանայք: Ընտրությունը կատարվում է մեկ այլ շենքում: 7 ամիս անց, սեպտեմբերին կատարվում է նաեւ Զարեհ կաթողիկոսի ձեռնադրությունն ու օծումը` երկու հայ եւ մեկ ասորի եպիսկոպոսների մասնակցությամբ, ինչը եւս հակասում է եկեղեցական ավանդույթին: Արդեն 1957թ. Վազգեն Վեհափառը Հայրապետական կոնդակով հայտարարում է. ՙՀայաստանյայց Եկեղեցիին ու Մայր Աթոռին համար Տ. Զարեհ եպիսկոպոս է եւ կմնա զուրկ կաթողիկոսական իշխանութենե, որ իր հետեւորդներով միասին հերձված մը ստեղծեցին եւ չեն ներկայացներ Տանն Կիլիկիո նվիրապետական Ս. Աթոռը եւ Կիլիկյան հավատացյալ ժողովուրդը՚: Իսկ 1958-ին Անթիլիասում տպվում եւ մեկ տարի անց ԱՄՆ-ի կոնգրեսականներին, եկեղեցական ու պետական գործիչներին, ինչպեսեւ օտար մամուլին է բաժանվում ՙՀայ եկեղեցու տագնապը՚ անգլերեն գիրքը` Էջմիածնի դեմ ամբաստանություններով: Այս նույն թվականին Անթիլիասի միաբան Խորեն եպիսկոպոսը, այցելելով ԱՄՆ, հանդիպում է փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի եւ պետքարտուղար Ֆոսթեր Դալեսի հետ: Առաջին հանդիպման մասին սփյուռքահայ ՙԱզդակը՚ գրում է. ՙԽոսակցության նյութ դարձավ մեր տարած պայքարը համայնավարության դեմ, արտասահմանի մեջ եկեղեցին զերծ պահելու համար բոլշեւիզմի թափանցումեն՚: Կիլիկիո միաբանին ողջունում է նաեւ ամերիկյան պետքարտուղարը: Երկու աթոռների երկփեղկումն այլեւս իրողություն էր: 1937թ. Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արք. Գուշակյանը ՙՍիոն՚ ամսագրում հանդես եկավ մի հրապարակմամբ, ուր ՙանհարկի փութկոտություն՚ էր համարում ՙԸնդհանրական Հայրապետության թեմակական քարտեզին վրա զեղչումներ կամ իրավասությանց մեջ փոփոխություններ կատարելու՚ վերաբերյալ առաջարկները: Նման տրամադրություններ Սփյուռքում կային 30-ականներից ի վեր: Սակայն դրանք իրականություն դարձան միայն 1956թ. Հայ Եկեղեցում սկիզբ առած տագնապով: ԱՆՋԱՏՎԱԾ ԵՎ ԳՐԱՎՎԱԾ ԹԵՄԵՐ Սովորաբար այս անունով է Մայր Աթոռ Սբ Էջմիածինը կոչում 1956թ. հետո Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից էջմիածնապատկան տարածքում հիմնված կամ իր ենթակայության տակ վերցրած էջմիածնական թեմերը: Այսօր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կազմում հաշվվում է 13 թեմ: Սա նույնքան է, որքան կաթողիկոսությունն ուներ մինչեւ 1915 թվականը: Տարբեր է սակայն Կիլիկիո թեմերի ներկայիս աշխարհագրությունը: Հայոց Եղեռնից հետո պահպանվել էր միայն Կիլիկիո Աթոռի Հալեպի թեմը: Աթոռի վերակազմավորման ընթացքում, երկարատեւ բանակցություններից հետո, Կիլիկիո աթոռին են փոխանցվում նաեւ Երուսաղեմի պատրիարքությանը ենթակա Դամասկոսի, Բեյրութի, Լաթաքիայի եւ Կիպրոսի եկեղեցիները: Այսպես 1930-ին վերակազմավորվում է եւս 4 թեմ` Բերիա, Դամասկոս, Լիբանան եւ Կիպրոս: 1956թ. հաջորդած հետագա 2 տարիներին այս թիվը կրկնապատկվում է: 1957 թվականի հոկտեմբերին Կիլիկիո կաթողիկոսությունը, հակառակ Հայ Եկեղեցում ընդունված կարգի, էջմիածնապատկան տարածքում հռչակում է նոր` էջմիածնական գործող թեմին զուգահեռ երկրորդ թեմ: ՙՄայր Աթոռում վրդովմունքով եւ ցասումով իմացվեց ԱՄՆ-ում Ամենայն Հայոց Հայրապետության ենթակա թեմերում եկեղեցական կանոնական իրավասությանց սահմաններից ներս Անթիլիասի գրգռիչ եւ հափշտակիչ ոտնձգությանց փորձի մասին՚,- արձագանքում է ՙԷջմիածին՚ ամսագիրը: Սակայն, թեմական կառույցն ընդարձակելու Անթիլիասի այս քայլը, որ առ այսօր շարունակում է մնալ եկեղեցական տագնապի լուծման գլխավոր խոչընդոտ, կրկին քաղաքական խմորումների հետեւանք էր: Նորակազմ թեմի ենթակայության տակ են անցնում Ամերիկայում գործող 63 եկեղեցիներից 13-ը` ամերիկահայ հավատացյալների շուրջ 15 տոկոսը: Մեկ տարի անց, 1958թ., Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության տակ են անցնում նաեւ ժամանակին Ամենայն Հայոց կաթողիկոսների հրամաններով հռչակված Թեհրանի, Սպահանի, Թավրիզի թեմերը, տարեվերջին` նաեւ Հունաստանի թեմը: 1959թ. Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովն արդեն գոհունակությամբ արձանագրում է այս թեմերի միացումը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, ինչն արդեն պաշտոնապես ամրագրվում է կաթողիկոսության 1965թ. փոփոխված կանոնագրության մեջ: Ավելին, փոփոխված կանոնագրությունը ներառում է եւս մեկ հոդված, որով իրավական հիմք է տրվում թեմերի կազմության այս նախադեպերին: ՙԱյլ թեմեր եւս կրնան կազմվիլ կամ միանալ Կիլիկիո կաթողիկոսական Աթոռին, իրենց ազգային-եկեղեցական պատասխանատու մարմիններու գրավոր դիմումին վրա, ուղղված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին՚: Մինչդեռ թեմական քարտեզի այս վերաբաժանումները Մայր Աթոռն այսօր էլ հայտարարում է հակականոնական: ԿԱՆՈՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ Ավանդաբար Հայ Եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսությունն իր Միածնաէջ խորհրդով ընկալվում է իբրեւ նախամեծար` Մայր Աթոռ, Հայ Եկեղեցու հոգեւոր բարձրագույն կենտրոն: Թեեւ իր հնամյա պատմությանը, Հայ Եկեղեցին, սակայն, այսօր էլ չունի մեկ միասնական սահմանադրություն, որ կկարգավորի Մայր Աթոռի հարաբերությունները նվիրապետական մյուս աթոռների եւ մասնավորապես Կիլիկիո կաթողիկոսության հետ: Այս խնդիրը շրջանցում էին նաեւ Հայ Եկեղեցու համար ցարական Ռուսաստանի կողմից կազմված Պոլոժենիան եւ Օսմանյան Թուրքիայի Ազգային սահմանադրությունը: Իսկ 1945 եւ 1955 թվականներին Մայր Աթոռում ընդունված սահմանադրությունը սահմանում է միայն Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությանը Կիլիկիո կաթողիկոսության մասնակցության կարգը: Նույն խնդիրն է լուծում նաեւ 1941-ին հաստատված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Կանոնագրությունը: Ի±նչ կտա Հայ Եկեղեցում մշակվող նոր սահմանադրությունը, դեռեւս հայտնի չէ: Մայր Աթոռ-Կիլիկիա հարաբերությունները կարգավորող, ըստ էության, միակ փաստաթուղթը, որը կազմվել է երկու աթոռների փոխհամաձայնությամբ, 1651թ. Երուսաղեմի ժողովում հաստատված եւ 13 կետից բաղկացած փաստաթուղթն է: Ըստ այդ փաստաթղթի, յուրաքանչյուր կաթողիկոս միայն իր վիճակի (թեմի) համար կարող է եպիսկոպոս ձեռնադրել, եւ Կիլիկիայում ձեռնադրվածները Էջմիածնի թեմերում վարչական պաշտոն չեն կարող զբաղեցնել: Փաստաթղթի 5-րդ կետն արգելում է նաեւ նույն թեմում երկու եպիսկոպոսի կամ առաջնորդի միաժամանակյա գործունեություն` եթե դրա համար չկան ծանրակշիռ պատճառներ: Թե որքան է գործուն այս փաստաթուղթը, դժվար է ասել: Սակայն թեմական իրավասությունների վերաբերյալ դրույթներն այսօր էլ Մայր Աթոռի պահանջների շրջանակում են: ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՀԱՅՐԵՆԻՔ, ՄԵԿ ԵԿԵՂԵՑԻ Այս կարգախոսը հաճախ է հնչում հոգեւորականների շուրթերից: Սակայն Հայ Եկեղեցու 50-ամյա կնճիռը հարթելու խնդիրը դեռեւս օրակարգում է: 1963թ. Երուսաղեմում Վազգեն Կաթողիկոսի եւ Կիլիկիո Խորեն կաթողիկոսի պատմական ողջագուրումից հետո բազմաթիվ այլ հանդիպումներ ու թղթակցություններ են եղել երկու աթոռների միջեւ: Երբեմն թվացել է անգամ, թե գտնվել է միության բանալին: Փաստենք սակայն. 15-ամյա անկախ Հայաստանում այլեւս չկան եկեղեցական տագնապը ծնող քաղաքական պատճառները: Այդ ընթացքում, 2004-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Գերագույն Հոգեւոր Խորհուրդը եւս մի ողջախոհության կոչ հղեց Կիլիկիո Աթոռին` այս անգամ Կանադայում նոր թեմ հռչակելու առիթով: ՙԵրեւույթն ավելին է, քան հակականոնական եւս մեկ թեմի ծնունդը՚: Իսկ 2006 թ. հունվարի 31-ին, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսության եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակությունները վերստին հանդիպեցին եւ ՙՀայ Եկեղեցու վերանորոգության հրամայականը՚ թեմայի լույսի ներքո ճշտեցին հետագա աշխատանքային գործընթացը: Որքանո±վ է հուսադրող այդ գործընթացը, ցույց կտա ժամանակը: ԳԱՅԱՆԵ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ http://www.hayashkharh.am/archive.php?day=22&month=12&year=2006&lang=_arm#?paperid=1173&pageid=40053&lang= http://www.hayashkharh.am/archive.php?day=23&month=12&year=2006&lang=_arm#?paperid=1177&pageid=40185&lang= http://www.hayashkharh.am/archive.php?day=27&month=12&year=2006&lang=_arm#?paperid=1185&pageid=40477&lang=
×
×
  • Create New...