-
Posts
216 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by MONK
-
Նշածս հոդվածաշարը հենց այդ խնդրի շուրջ էր:
-
Հարգելի Kars, Ձեր հարցին ուղղակի պատասխան տալ չեմ կարող. ոչ թեր և ոչ դեմ: Ձեր շոշափած հարցը շատ նուրբ կողմեր ունի, և ես մտավախություն ունեմ, որ պատասխանս ընթերցողներին չեմ կարողանա ճիշտ կերպով մատուցել: Չեի ցանկանա թյուրըմբռնումների տեղիք տալ: Բայց, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մի 2-3 ամիս առաջ <<Հայոց Աշխարհ>> թերթում նման մի հոդվածաշար հրատարակվեց: Կփորփրեմ թերթի սայթը և գտնելուս պես կտեղադրեմ այստեղ: Գուցե ոչ ամբողջությամբ, սակայն գոնե մասամբ այն պատասխան կպարունակի Ձեր հարցին: Հարգանքներով` MONK
-
Կարելի է իմանալ, թե այս խոսքերի հեղինակն ով է?
-
ԿԱՆԱՅՔ` ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՙՑավերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկվես, եւ նա պիտի իշխի քեզ վրա՚: Աստվածային այս դատաստանից մինչեւ ֆեմինիզմի ու գենդերային քաղաքականության մեր ժամանակները կին արարածը երկար ճանապարհ է անցել: Դժվար է ասել` կանանց իրավահավասարության գաղափարը կնո±ջ, թե± տղամարդու մտքի ծնունդ է: Իրականությունն այն է, որ աշխարհի առաջադեմ կոչված հատվածում ժամանակակից կինը վաղուց վերարժեւորել է իր գոյության իմաստը` դառնալով նաեւ հասարակական ու քաղաքական կյանքի դերակատար: Ի սկզբանե` քրիստոնեական եկեղեցում կինը համարվում է պատվելի: Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսով Սբ. Կույս Մարիամը աստվածային շնորհ ստացավ, եւ քրիստոնյա կինը պատվելի է իր որդեծնությամբ: Առաքելական ժամանակներից ի վեր նա հանդես է գալիս նաեւ իբրեւ համայնքային կյանքի ակտիվ մասնակից: ՙԽտրություն չկա ո’չ հրեայի եւ ո’չ հեթանոսի, ո’չ ծառայի եւ ո’չ ազատի, ո’չ արուի եւ ո’չ էգի. որովհետեւ դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս՚,- քարոզում է Պողոս առաքյալը: Հայ Առաքելական Եկեղեցում եւս կնոջ դերակատարությունը լուսանցքային չէ: Հայ Եկեղեցին մեծագույն հարգանքով ու երկյուղածությամբ իր սրբերի շարքն է դասել եկեղեցանվեր ու բարեպաշտ բազմաթիվ կանանց` Սանդուխտ կույս, Հռիփսիմյան ու Գայանյան կույսեր, Շուշանիկ եւ այլն: Նրանց հիշատակության տոները կանոնավորապես կատարվում են Հայոց եկեղեցիներում, իսկ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու ամենակարեւոր` 5 տաղավար տոներից մեկն է: Եկեղեցական կյանքին կանանց մասնակցության առավել խոսուն վկայություններ են նշանավոր վանքերի, եկեղեցիների, խաչքարերի արձանագրությունները, ավետարանների, աղոթագրքերի ու ծիսական մատյանների հիշատակարաններում գրառված կանանց անունները: Նրանք եկեղեցիների բարերարներ ու շինարարներ են, գրչուհիներ ու շարականագիրներ: Հոյակերտ եկեղեցիներից ու վանական համալիրներից շատերը կառուցված են հայ իշխանուհիների ու թագուհիների մեկենասությամբ, որոնց մասին փաստում են եկեղեցական արձանագրությունները: Անիի հռչակավոր Կաթողիկեն, որ Ղեւոնդ Ալիշանն համարում էր ՙավերակացել քաղաքին թագուհին՚, կառուցել է Գագիկ Առաջին թագավոր կինը` Կատրանիդեն: Ասվում է, թե տաճարի համար բարեպաշտ թագուհին չի խնայել անգամ իր հարսանեկան օժիտը: Աշոտ Գ Ողորմած թագավորի կնոջ` Խոսրովանույշ թագուհու մեկենասությամբ են կառուցված Սանահինի եւ Հաղպատի գլխավոր եկեղեցիները` Ամենափրկիչը եւ սբ Նշանը: Մարիամը` Բագրատունյաց թագավոր Աշոտ Առաջինի դուստրը եւ Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին ուխտել էր 30 եկեղեցի կառուցել: Նրա շինարարական աշխատանքի պսակն է 9-րդ դարում կառուցված Սեւանի վանական համալիրը` Սուրբ Առաքելոց եւ սուրբ Աստվածածին եկեղեցիները: Եկեղեցանվեր իշխանուհու համար էլ եկեղեցում կառուցվել էր առանձին խուց, որտեղից նա հետեւում էր եկեղեցական արարողություններին: Արզու Խաթունը` Հաթերքի իշխանի կինը 1214-ին Դադի վանական համալիրի ամենաշանավոր եկեղեցիներից մեկի մեկենասն է: Իսկ նրա ձեռագործ վարագույրները զարդարել են եկեղեցիների խորանները: Սյունիքի Սմբատ իշխանի կինը` Սոփիա իշխանուհին, կառուցելով Գնդեվանքը, հայտնում է, թե Վայոց ձորի բնությունը նման է մատանու, որ ակ չունի, իսկ ինքն ահա` կառուցել է Գնդեվանքը եւ ակ դրել այդ մատանու վրա: Հրաշակերտ զարդերի են նման նաեւ Տեղերի, Քոբայրի վանքերը, Սաղմոսավանքը, Որոտնավանքը եւ բազմաթիվ այլ եկեղեցիներ, որոնք ամբողջությամբ եւ կամ առանձին հատվածներով կառուցվել են բարեպաշտ իշխանուհիների բարերարությամբ: Եւ վերջապես` Աղթամարի հռչակավոր Սբ. Խաչ եկեղեցին, որի կառուցմանն անմասն չի մնացել նաեւ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու կինը` Մլքե թագուհին, ում անվան հետ է կապվում նաեւ Մլքեի նշանավոր Ավետարանը: Մեծագործ իշխանուհիների եւ կամ պարզ բարեպաշտ հայուհիների անուններ են ամփոփում նաեւ եկեղեցական ձեռագիր մատյանների հիշատակարանները: Մարիամ, Մարգարիտ, Ալիծ, Զաբել, Գոհար, Շուշան Բրաբիոն- անուններ, որոնց գրչության արվեստի գեղեցիկ օրինակները կարելի է տեսնել նաեւ այսօր: Սբ. Էջմիածնի Մայր Տաճարում պահվում է Մարգարիտ Ալեքսանյանցի ձեռագիր Ավետարանը: Գրչուհին կորցնելով տեսողությունը` անավարտ ձեռագիրը 1886թվականին նվիրաբերել է Մակար Առաջին Թեղուտցի կաթողիկոսին: Ձեռագիր մատյանների հիշատակարաններում կան կանանց մասին հետաքրքիր այլ գրառումներ եւս: 1365թվականին Դավիթ գրիչը Բաբերթում մի Ավետարան է արտագրում: Նա իր հիշատակարանում սիրով է խոսում Եղիսաբեթի մասին, ով թանաք է եփել` Ավետարանը գրելու համար: Տղատիկինը եւ պարոն Բռնավորը, չունենալով զավակ, մանրանկարիչ Իգնատիոսին պատվիրում են գրել հոգեմատյան եւ ավանդում Տեկորի վանքին: Այսպես զավակ ունենալու երջանկությունից զրկված ընտանիքներում Ավետարանը դառնում էր հոգեզավակ, որ հետագայում փոխանցվում էր եկեղեցուն: Եկեղեցին բարձր է գնահատել այս կանանց: Այսուհանդերձ, պատմության ընթացքում քրիստոնյա աշխարհն ու մասնավորապես Հայ Եկեղեցին հայտնի են նաեւ կանանց համար սահմանած խստաբարո կանոններով: 12-րդ դարի կաթողիկոս Ներսես Շնորհալին իր ՙԸնդհանրականում՚, ուր ի մի են բերված եկեղեցական կանոններ` բոլոր դասակարգերին ուղղված խրատական կանոններով հայ կանանց խրատում էր. ՙԿանայք պարկեշտ եղեք, զանազան գույներով երեսներդ մի ներկեք, կախարդության եւ չեղատվության հետեւից մի ընկնեք, հապա կատարեցեք ձեր պարտավորությունները սրբությամբ եւ ձեր պարկեշտ վարքով օրինակ եղեք ձեզնից փոքրերին՚: Իսկ Մխիթար Գոշն իր հայտնի ՙԴատաստանագրքում՚ կանանց արգելում էր անգամ դատարանում վկայություն տալ: Հեղափոխական տրամադրություններով լի 20-րդ դարասկիզբը մեծ հեղաշրջումներ էր ենթադրում: Այս տրամադրությունների արդյունք էր նաեւ Եվրոպայում ծնունդ առած ֆեմինիստական շարժումը: Արեւմտյան կանանց համեմատ հայուհիների քաղաքական հավակնություններն առավել քան համեստ էին: Բայցեւայնպես, 2-րդ հազարամյակի նախաշեմին ֆեմինիստական խնդրին անդրադառնում է նաեւ Հայ Եկեղեցին, որ հայ իրականության մեջ ազգային-հասարակական խնդիրների կրողն էր եւ նույնպես տոգորված էր բարեփոխումներ կատարելու շնչով: 1903-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ՙԱրարատ՚ պարբերականի էջերում հոդվածագիրը գրում է. ՙՃշմարիտ է, ինչ որ այսօր չկա, վաղը մյուս օրը կարող է լինել, եւ վաղվա համար նախապատրաստվել պետք է... Այո’, թող կանայք ազատության ու ներքին անկախության ձգտեն, զզվեն կեղծիքից ու հրապուրիչ լինելու համար գործ դրած բոլոր անվայել միջոցներից, աշխատել սովորեն եւ, երբ հարկն ստիպե, երբեք չքաշվեն հրապարակի վրա ազնիվ աշխատանքով ապրուստ հայթայթելուց, բայց եւ կին լինելուց չդադարեն, չերեւակայեն թե տղամարդու նման շարժելն ու տղամարդու գործեր կատարելն ավելի պատվաբեր բան կլինի իրենց համար,- չմտածեն առհասարակ, թե տղամարդու յուր կատարած դերով ու յուր կոչումով բարձր է կնոջից, չցանկանա նորա ձեռքից խլել կարծեցյալ առանձնաշնորհությունները...՚: Հայ եկեղեցին հատկապես կարեւորում է կնոջ դերը կրթական գործում: Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը, որ առանձնակի նշանակություն էր տալիս ազգի դաստիարակության խնդրին իր քարոզներից մեկում ասում է. ՙԱզգի մը դաստիարակության կշիռը վարժարաններու վիճակեն կչափի, իսկ ազգի մը քաղաքակրթության ծանրաչափն աղջկանց վարժարաններն են: Այն ազգը, որ բարեկիրթ մայրեր ունի` բարերարներ, դյուցազունք, հայրենանվեր զավակներ ունի եւ վերջապես` ամեն ինչ ունի, իսկ այն ազգը, որ բարեկիրթ մայրեր չունի, դեռեւս բիրտ, բարբարոս եւ անկիրթ վիճակի մեջ է: Բարեկիրթ մայրերն ընկերությանց զարդն ու գեղեցիկ եւ վեհ առաքինությանց տիպարներ են, ուստի եւ առանց աղջկանց դաստիարակության արական սեռին դաստիարակությունը ոչ միայն իր բարձրությանը չհանգիր, այլ կիշխեմ ըսել, թե միակողմանի մարդոց կնմանի: ...Այս է իմ համոզումս, թե դաստիարակությունը, մանավանդ աղջկանց դաստիարակությունը, հայուն փրկությունն է՚: Այս շրջանում է, որ եկեղեցու դպրաց դասում սկսում է հնչել նաեւ կանանց երգեցողությունը, թեեւ պաշտոնապես նման արտոնություն տրվում է ավելի ուշ: Հայտնի է, որ 8-րդ դարում Հայ Եկեղեցին ունեցել է նաեւ կին շարականագիրներ` Սահակադուխտը եւ Վահան Գողթնեցու քույր Խոսրովիդուխտը: Առաջինն իր մենարանի վարագույրի հետեւից քնար հնչեցնելով երգել ու սովորեցրել է իր մեղեդիները, որոնցից միայն հատուկենտ պատառիկներ են հասել մեզ: Իսկ Խոսրովիդուխտի ողբանվագ շարականը` նվիրված նահատակ եղբոր հիշատակին, այսօր էլ հնչում է Հայոց եկեղեցիներում Վահան Գողթնեցու հիշատակության տոնին: Սակայն 1906թվականին, երբ Պոլսո պատրիարքարանի Սուրբ Աստվածածին մայր տաճարում , առաջին անգամ հնչում է Եկմալյանի եռաձայն Պատարագը, ներկաների վրա հատկապես մեծ տպավորություն է գործում 14-ամյա աղջիկների երգեցողությունը, քանի որ, ինչպես նշում է հոդվածագիրը, երկար տարիներ ի վեր աղջիկների երգեցողություն ՙդադրած էր եկեղեցիին մեջ, թեեւ Կովկասի եկեղեցիներուն մեջ եւ առաջ ալ` մայրաքաղաքի մի քանի եկեղեցիներուն մեջ՚ իգական սեռը մասնակցել է երգեցողությանը: Արդեն 1908-ին Հայ Եկեղեցին սկսում է բարձրաձայնել նաեւ կանանց ընտրական իրավունքների մասին: Այս շրջանում, երբ Հայ Եկեղեցին նախապատրաստվում էր կաթողիկոսական ընտրության, ի թիվս այլ հարցերի առաջարկվում է նաեւ իգական սեռին տալ արականներին հավասար ձայնի իրավունք: Առաջարկը կյանքի է կոչվում շուրջ 10 տարի անց: Դեռեւս 18-րդ դարի 2-րդ կեսից ընտրական իրավունքի համար ոտքի ելած անգլիացի սուֆրաժիստուհիներին անհրաժեշտ եղան պայքարի տասնյակ տարիներ, որպեսզի հասնեին ցանկալի արդյունքի: Անգլիական պառլամենտը Ալբիոնի դուստրերին ձայնի իրավունք շնորհեց միայն 1918 թվականին: Այս իրավունքը հայ կանանց շնորհվում է ավելի վաղ` 1917թվականի ապրիլի 7-ին, խորհրդանշական օր, երբ Եկեղեցին տոնում է իր մեծագույն տոներից մեկը` Սուրբ Աստվածածնի Ավետումը: Հակառակ կանանց իրավունքների նկատմամբ եկեղեցական սահմանափակումների, Ամենայն Հայոց Գեւորգ Հինգերորդի Կաթողիկոսական կոնդակով հայտարարվում է. ՙԱյս օրվանից արտոնում ենք կանացի սեռի իրավունքների վերականգնումը համայնական գործի մեջ: Կանացի սեռի յուրաքանչյուր անհատ իրավունք ունի` տղամարդոց հետ միասին մեր հանրական կյանքի ամեն մի գործի մեջ հանդես գալու, թե ձայնավության եւ թե ընտրության ժամանակ, իրավատեր լինել ե’ւ ընտրելու, եւ’ ընտրվելու, մի արտոնություն, որ մինչեւ այժմ այր մարդոց էր վիճակված եւ նոցա’ իրավունքն էր համարվում՚: Ավելին` Հայ Եկեղեցում ի սկզբանե իշխել է քրիստոնեական եւ համայնական հավասարության ոգին, եւ եկեղեցու յուրաքանչյուր անդամ ազատորեն մասնակցել է հանրային կյանքին, իսկ այդ ոգին մոռացվել է օտար ազդեցությունների հետեւանքով: Այսպես Գեւորգ Հինգերորդ Կաթողիկոսը կարծես բացառում է հնարավոր այն մտայնությունը, թե հայրապետական կոնդակը թելադրված է եկեղեցական բարեփոխումների կամ եվրոպական ֆեմինիզմի հրամայականով` հուշելով նաեւ այն միտքը, որ կանանց տրված այս առանձնաշնորհումը եկեղեցուն` հայ կանանց ծառայությունների գնահատական է: Սակայն, այսպես թե այնպես, եկեղեցին դոգմատիկ կառույց է, եւ կանանց իրավահավասարության հարցը դուրս է եկեղեցու հոգեւոր-վարչական իշխանության տիրույթից: Երբ 1992թ. Լամբեթի ժողովում Անգլիկան եկեղեցին ձայների մեծամասնությամբ ընդունեց կանանց քահանայության հարցը, կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիները միանշանակ մերժեցին այն: Հայ եկեղեցին եւս մերժում է կանանց քահանայությունը, թեեւ եկեղեցական մաշտոցներից հայտնի են նաեւ կին սարկավագուհիների ձեռնադրության կանոններ: Հայ եկեղեցու սարկավագուհիներին նվիրված իր գրքում, Աբել աբեղա Օղլուքյանը, ընդհանրացնելով Հայ Եկեղեցու սարկավագուհիների մասին եղած վկայությունները, նշում է, որ թեեւ ՙմեր եկեղեցում սարկավագուհիներ գոյություն ունեցել են եւ տակավին կա, բայց ընդհանուր հայ եկեղեցու վրա տարածվող կանանց սարկավագության մնայուն մի ավանդության մասին խոսք չի կարող լինել, որովհետեւ այն մեր եկեղեցում ունեցել է եւ ունի պարզապես տեղական բնույթ՚: Չունենալով որեւէ հոգեւոր իշխանություն` հնում նրանք մկրտության էին պատրաստում կանանց, քահանայի պատվերով կատարում կանանց վերաբերյալ հոգացողությունները եւ այլն: Միջնադարում նրանցից շատերը շնորհալի գրիչներ էին: Սակայն առավել հետաքրքիր են հայ սարկավագուհիների մասին ոչ վաղ անցյալի հիշատակումները: Եթե երբեւիցե ուշադրությամբ դիտել եք Սբ Էջմիածնի Մայր Տաճարի մուտքի ավագ դուռը, նկատած կլինեք նաեւ փորագիր արձանագրությունը: Փայտե քանդակազարդ դուռը Թիֆլիսի Սուրբ Ստեփանոս վանքի վերջին միանձնուհու` ավագ սարկավագուհի Հռիփսիմե Թահիրյանցի նվերն է Մայր Աթոռին` 1889 թվագրությամբ: Մայր Աթոռի թանգարաններում պահվում են սարկավագուհիների մասին հիշատակող ուրարներ ու այլ նմուշներ: 20-րդ դարի մայրապետների ու եկեղեցական կյանքին նվիրված կանանց մասին կան նաեւ այլ հիշատակումներ: 1936թ. Պոլսից Անթիլիաս են ժամանում Գալֆայան որբանոցի մայրապետները` Աղավնի եւ Մարիամ քույրերը` Մեռոնօրհնեքին ներկա գտնվելու նպատակով: Մայրապետ Աղավնին ձեռնադրված սարկավագուհի էր, իսկ քույրը` դպիր: Նրանց մասին ՙՀասկ՚-ը հաղորդում էր, որ երկու քույրերն արաբկիրցի են եւ ուխտել են զբաղվել Գալֆայան որբանոցի հայ որբուհիների կրթությամբ ու դաստիարակությամբ, նրանց ամուսնական խնդիրներով: 2007-ի մարտին իր մահկանացուն կնքեց Գալֆայան որբանոցի վերջին սարկավագուհին` Հռիփսիմե Սասունյանը: 1982-ին նրան սարկավագության աստիճան էր շնորհել Կ. Պոլսո Հայոց պատրիարք Շնորհք. արք. Գալուստյանը: 2006թվականին, երբ ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ն այցելեց Պոլիս, եղավ նաեւ Գալֆայան որբանոցում` հանդիպում ունեցավ մայրապետի հետ: Անցյալ դարի կեսերին մեկ տասնյակից ավելի մայրապետներ էին բնակվում նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքարանում: Միջինից բարձր տարիքի այս կանայք ընդունվում էին վանք` ցկյանս վանքին ծառայելու նպատակով: Նրանք հոգում էին միաբանների եւ Ժառանգավորաց վարժարանի սաների կենցաղային հարցերը: Կանայք ձեռնադրություն չունեին: Հագնում էին սեւ վերարկու եւ քող, որը տրվում էր հոգեւորականի օրհնությամբ: Այսօր կրոնական հանդերձով կանանց կարելի է տեսնել նաեւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Սբ Գայանե վանքում բնակվող կույսերը ձեռնադրություն չունեն: Նրանք կոչված են զբաղվելու մանկատան երեխաների խնամքով: Իսկ որբախնամ առօրյայում մոռացվում են նաեւ կանանց իրավահավասարության մասին բոլոր տեսակի աշխարհիկ պնդումները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի աշխատակից Հեղինե Մկրտչյանի այս նյութը հեռարձակվել է <<Շողակաթ>> հեռուստաընկերության եթերում: MONK
-
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 24, 2007 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ապրիլի 24-ին, 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ծիծեռնակաբերդում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակներ զետեղեցին, ապա անմար կրակի մոտ հանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի կատարվեց հոգեհանգստյան արարողություն 1915թ. Եղեռնի անմեղ նահատակների համար: Արարողությանը ներկա էին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, պետական այրեր: * * * Նույն օրը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Պատարագի ավարտին Մայր Տաճարի հարևանությամբ գտնվող Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ կատարվեց հոգեհանգստյան արարողություն: ###
-
ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 92-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ՔԱՂԱՔԱՄԱՅՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ 2007 թ., ապրիլ 23-ին, երեկոյան ժամը 21. 00-ին, Հայոց Մեծ Եղեռնի 92-րդ տարելիցի կապակցությամբ Մոսկվայի նորակառույց առաջնորդանիստ եկեղեցու շրջափակում տեղի ունեցավ հսկման երեկո: Մոսկվայաբնակ հայերի համար ավանդույթ դարձած ապրիլ 23-ի երեկոյան հսկումն այս տարի Մայր Եկեղեցու նախաձեռնությամբ միավորել էր Մոսկվայում գործող համարյա բոլոր երիտասարդական կազմակերպություններին, որոնք ի մի էին հավաքվել` միասնաբար ոգեկոչելու հիշատակը Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի: Սգո հանդիսությունը սկսվեց տերունական ՙՀայր Մեր՚-ով, որից հետո հավաքված երիտասարդությանն օրվա խորհրդով իր օրհնության խոսքն ուղղեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը: Բացման խոսքով հանդես եկավ նաեւ Մոսկվայի ՙՆուռ՚ եկեղեցասիրաց երիտասարդական կազմակերպության հոգեւոր պատասխանատու Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը: Հոգեպարար այս հանդիսության մշակութային մասին իրենց մասնակցությունը բերեցին Մոսկվայի ՙՕվսաննա՚ կամերային երգչախումբը, հանրահայտ ջութակահար Կարեն Շահգալդյանը եւ ուրիշներ: Աղոթական հոգեշեն այս մթնոլորտը տեւեց մինչեւ ուշ գիշեր: Ապրիլի 24-ին, ժամը 12. 00-ին, Ռուսահայոց Տիրախնամ Թեմի նորակառույց Մայր Տաճարի բակում էին հավաքվել մոսկվայաբնակ բազմաթիվ հայորդիք, ովքեր եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915 թ. Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի սուրբ հիշատակին: Սգո հանդիությանը իրենց ներկայությունն էին բերել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, Մոսկվայում Երեւանի Քաղաքապետարանի ներկայացուցչությունը, Ռուսաստանի Հայերի Միութունը, ինչպես նաեւ Մոսվայում գործող բոլոր ազգային, հասարակական ու մշակութային կառույցները: Հավաքված ներկաները նախ ծաղկեպսակներ դրեցին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի շուրջ, որից հետո սկսվեց Հոգեհանգստյան հատուկ արարողությունը: Հանդիսադիր Սրբազան Հայրը Մոսկվայի ՙՍուրբ Հարություն՚ եկեղեցու հոգեւորականաց դասի առընթերակայությամբ հավաքական աղոթք վեր առաքեց առ Աստված` Հայոց Մեծ Եղեռնին զոհ դարձած բյուրավոր հայ նահատակների հոգիների խաղաղության ու հանգստության համար: Հավարտ արարողության ներկաներին իր օրհնության խոսքն ուղղեց Եզրաս Սրբազանը` մասնավորապես ասելով. ՙՀամազգական վիշտն է, որ այսօր համախմբել է մեզ բոլորիս այսօր այստեղ` նվրական այս վայրում, նորակերտ մեր Մայր Տաճարի բակում` միասին աղոթելու, միասին գլուխ խոնարհելու եւ հավատարմության մեր ուխտը նորոգելու մեր անմեղ նահատակների մշտավառ եւ սուրբ հիշատակի առջեւ: Թուրքական հայաջինջ հրեշածին ծրագիրն ամեն ինչ նախատեսել էր իր մեջ. կազմակերպված սրի քաշել եւ բնաջնջել մի ողջ պատմական ժողովուրդ: Սակայն հաշվի չէին առել ամենակարեւորը` հայ ժողովրդի ապրելու եւ իրենց Աստծուն պաշտելու արդար իրավունքը: Հաշվի չէին առել այն, որ Քրիստոսին հավատարիմ, Քրիստոսի հետ բազմիցս խաչված ու չարչարված մեր ժողովուրդը Քրիստոսակերպ Հարություն պետք է առնի: Եվ այսօրվա նորանկախ մեր Պետությունը, ապրող ու արարող մեր ժողովուրդն այդ հարության ապացույցն ու վկայությունն են՚: ՌՈՒՍԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ
-
ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ Հայոց Ցեղասպանութեան 92-րդ տարելիցի ոգեկոչումը Գերմանիոյ Ֆրանքֆուրթ քաղաքին մէջ Գերմանիոյ Հայոց Առաջնորդութիւնը եւ Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը, շարունակելով վերջին տարիներու գործնական եւ արդիւնաւէտ համագործակցութիւնը, այս տարի եւս միասնականօրէն կազմակերպեցին Հայոց Ցեղասպանութեան 92-րդ տարելիցի ոգեկոչման Կեդրոնական Ձեռնարկը, որը տեղի ունեցաւ Կիրակի, 22 Ապրիլ 2007-ին, Գերմանիոյ Ֆրանքֆուրթ քաղաքի Փաուլսքիրշէ կոչուած հանդիսասրահին մէջ: Հայերէնով ՙՍուրբ Պօղոսի Տաճար՚ կոչուած այս հանդիսասրահը խորհրդանշական իմաստ ու նշանակութիւն ունեցող վայր մըն է: Հոս է, որ 1848-ին Գերմանիոյ պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով փորձ կատարուած է ընդունիլ մարդկային իրաւունքներու հիմնարար սկզբունքներու վրայ կազմուած Սահմանադրութիւն մը եւ իբր գերմանական միասնական ազգութիւն ստեղծել պետական ժողովրդավար կառոյց մը: Ներկայիս այս սրահին մէջ տեղի կ’ունենան համագերմանական նշանակութիւն ունեցող յուշ-երեկոներ եւ ոգեկոչման տարաբնոյթ ձեռնարկներ: Ոգեկոչման ձեռնարկին բացումը կատարեց Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդի Ատենապետ Տոքթ. Շաւարշ Յովասափեան: Յանուն կազմակերպիչներու ողջունելէ ետք քաղաքական, պետական եւ եկեղեցական ներկայացուցիչներն ու ձեռնարկին բանախօսները, Տոքթ. Յովասափեան գոհունակութեամբ մատնանշեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման նկատմամբ վերջին տարիներու գերմանական պետական-քաղաքական շրջանակներու հետաքրքրութիւնը եւ առ այդ կատարուած քայլերը: Տոքթ. Յովասափեան նշեց, որ գերմանահայութիւնը հակառակ չէ դէպի հաշտութիւն միտուած երկխօսութեան, բայց բացառեց, որ հաշտութիւն կարելի է գոյացնել ի հաշիւ յիշողութեան հրաժարման, պատմական դառն փորձառութեան անառարկելի իրականութեան մերժումի եւ ճշմարտութեան մոռացման: Այս ճանապարհով կարելի չէ հասնիլ հաշտութեան եւ այսպիսի փորձերուն հայութեան պատասխանը միանշանակ ոչ կրնայ ըլլալ: ՙՀայոց Ցեղասպանութեան պատմութիւնը՚,- նշեց Պրն. Յովասափեան,- ՙԹուրքիոյ համար դարձած է ուրացման պատմութիւն: Ուրացում, որ կը մերժէ ընդունիլ ոճիրը եւ խօսիլ ոճրագործի ու զոհերու մասին: Ուրացում մը, որ զանազան հրատարակութիւններու միջոցաւ փորձեր կ’ըլլայ տարածելու նաեւ Գերմանիոյ մէջ եւ այլուր: …Ուրացման այս քաղաքականութիւնն էր, որ պատճառ դարձաւ նաեւ Հրանտ Տինգի սպաննութեան: ...Ցեղասպանութեան ճանաչման պահանջը կը պահանջէ նաեւ նոր, աւելի մարդկային ու բաց Թուրքիա մը, ուր յիշողութիւնը եւ ինքնութիւններու ու մշակոյթներու զանազանութիւնը տեղ եւ ընդունելութիւն կը գտնեն հասարակութեան մէջ: Այս առնչութեամբ մենք չենք մոռնար թուրք կարգ մը մտաւորականներու վերջին ժամանակներու ջանքերը, որոնք միտուած են Թուրքիոյ ժողովրդավարական փոփոխութեան եւ պատմութեան բաց քննարկման: Մենք կը քաջալերենք այս ուժերը իրենց պայքարին մէջ՚,- եզրակացուց Տոքթ. Յովասափեան: Այնուհետ Տոքթ. Յովասափեան խօսքը փոխանցեց Հայաստանի Հանրապետութեան Գերմանիոյ Դեսպանուհի, ազնուափայլ Տիկ. Կարինէ Ղազինեանին: Տիկ. Դեսպանուհին խօսելով հայ-թրքական պետական շփումներու մասին` մատնանշեց, որ Հայաստանը վերջին տարիներուն միշտ ալ պատրաստ եղած է եւ հիմա ալ է, առանց նախապայմաններու կայուն դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել Թուրքիոյ հետ: Այս մասին կը վկայեն թէ’ ՀՀ Նախագահ Պրն. Ռոպէրթ Քոչարեանի եւ թէ’ Արտաքին Գործոց Նախարար Պրն. Վարդան Օսկանեանի պաշտօնական յայտարարութիւնները: Տիկ. Ղազինեան մասնաւորապէս մէջբերեց ԱԳ Նախարար Պրն. Վ. Օսկանեանին քանի մը օրեր առաջ արտասանած խօսքերը. ՙԻմ կառավարութիւնը կը ցանկայ մեր դրացի Թուրքիոյ հետ իրական ու անկեղծ հաշտութիւն մը: Մենք կը սպասենք ոչ թէ խորհրդանշական քայլերու խաղ մը, որուն նպատակը հաշտութիւնը չէ, այլ ունի միմիայն քարոզչական նպատակաուղղուածութիւն` շեղելու համար միջազգային հանրութեան ուշադրութիւնը՚: Հայաստանը չի կրնար թոյլ տալ, որ նմանատիպ փորձերը ճեղք բանան Հայաստան-Սփիւռք փոխյարաբերութիւններու մէջ: ՙՀայոց պատմութիւնը Հայաստանի սիրտն է՚,- եզրափակեց յարգարժան Դեսպանուհին: Յաջորդ բանախօսը Գերմանիոյ Կանաչներու Կուսակցութեան Խորհրդարանական Խմբակցութեան ղեկավար Պրն. Ֆրից Քուհնն էր, որ Գերմանիոյ քաղաքական կեանքի ծանօթ դէմքերէն մէկն է, մանաւանդ Մարդկային Իրաւունքներու պաշտպանութեան ուղղուած իր գործունէութեամբ: Երկու տարի առաջ ան կարեւոր դերակատարութիւն ունեցած է նաեւ Գերմանիոյ Պունտեսթակի որոշման ընդունման ի նպաստ, որով Գերմանիոյ Խոհրդարանը պաշտօնապէս դատապարտեց հայութեան բնաջնջումը օսմանական կայսրութեան մէջ: Պրն. Քուհն նշեց, որ իր անկեղծ համոզմամբ 90 եւ աւելի տարիներ առաջ կատարուածը կազմակերպուած Ցեղասպանութիւն է եւ գերման արխիւային փաստաթղթերն ալ անառարկելիօրէն կ’ապացուցեն ասիկա: Յարգարժան բանախօսը անդրադարձաւ նաեւ գերմանական պատասխանատւութեան` մէջբերելով այդ օրերու գերմանական քանցլէր Պէթման Հօլվէկի 1915-ին արտասանած յայտնի խօսքերը. ՙՄեր միակ նպատակն է Թուրքիան մինչեւ պատերազմի աւարտը մեզի դաշնակից պահել, բացարձակապէս նկատի չառնելով, թէ հայութիւնը կ’ոչնչացուի կամ ոչ՚: ՙՀայոց Ցեղասպանութեան ժխտումն ու յարաբերականացումը ինչպէս անցեալին, այնպէս ալ այսօր, կը պատկանի ժամանակակից Թուրքիոյ հիմնադրման առասպելին: Ասիկա այնքան առաջ ընթացաւ, որ մինչեւ իսկ փորձեր կատարուեցան Ֆրանսական Խորհրդարանի նմանողութեամբ Գերմանական Պունտէսթակին ալ զրկելու որոշում կայացնելու իրաւունքէն՚,- նշեց Պրն. Քուհն եւ աւելցուց. ՙԻնծի համար խայտառակութիւն մըն է գիտնալ, որ գերմանական դպրոցական դասագիրքերը առ այսօռ դեռ կը լռեն Հայոց Ցեղասպանութեան մասին՚ եւ յոյս յայտնեց, որ մօտ ապագային գերմանական պատասխանատու մարմինները պիտի սրբագրեն այս սխալը: Ծանօթ երաժիշտներ Լուսինէ եւ Սերկէյ Խաչատրեան երկեակի ելոյթէն ետք, որոնք հրաշալի կատարմամբ հրամցուցին Ֆրանց Շուպէրթէն եւ Սերկէյ Ռախմանինովէն դաշնամուրի եւ ջութակի համար գրուած մէկական ստեղծագործութիւններ, Հայոց Ցեղասպանութեան մասին գիտական բարձրամակարդակ բանախօսութեամբ մը հանդէս եկաւ գերման գիտական կեանքի յայտնի դէմքերէն Փրոֆ. Տոքթ. Եօրն Ռիւզէն: Ան ի մասնաւորի նշեց, որ Ցեղասպանութեան ընդունումն ու ճանաչումը անհրաժեշտ է ոչ միայն հայերուն, այլ նաեւ թուրքերուն, որովհետեւ ներկայ թուրք սերունդը գերին է պատմական դառն անցեալի: Ցեղասպանութիւն ու Բնաջնջում կը նշանակեն մերժում մարդկային հաւաքականութեան մը, այս պարագային հայութեան, մարդ ըլլալու իրողութեան: Եւ այս մերժումը յառաջ կը բերէ Սպաննելու Անբարոյութիւն մը, որուն համար դիմացինը կը դադրի մարդ ըլլալէ: Եւ ասիկա այլ բան չէ, եթէ ոչ Ոճրագործութիւն ընդդէմ մարդկութեան եւ մարդկայնութեան: Ցեղասպանութեան մոռացման կամ իմաստափոխման, մերժման կամ ժխտման միջոցով կարելի չէ հասնիլ ներքին խաղաղութեան եւ թեթեւացման: Այս ձեւով կարելի չէ անցեալը չկատարուած դարձնել, ան կը մնայ իբր ծանր բեռ մը բարդուած ուսերուն վրայ յետագայ սերունդներու: Սպաննութիւնը ստուերի պէս կը հետապնդէ պատմական պատասխանատւութենէ խուսափողին: Զանգուածային սպաննութիւնը նաեւ սեփական մարդկայնութեան սպաննութիւնն է եւ կարելի չէ ժխտմամբ կամ մերժմամբ խոյս տալ պատասխանատւութենէ: Եւրոպական Միութիւնը իրաւունք չունի եւ չի կրնար մոռնալ իր պատմութեան նմանատիպ դրսեւորումները, պատմական պատասխանատւութեան գիտակցումը եւ հիմնարար ինքնաքննադատական մօտեցումները: Եթէ Եւրոպական Միութիւնը ինքզինք լուրջ կ’ընդունի, պարտաւոր է նկատի առնել այս հանգամանքը եւ նոյն ինքնաքննադատական մօտեցումը պահանջել իրեն անդամագրուելու ցանկութիւն յայտնող ամէն պետութեան: Փրոֆ. Տոքթ. Ռիւզէնի բանախօսութեան յաջորդեցին Ցեղասպանութեան վերապրողներու յուշերէն հատուածներու ընթերցումներ` գերմաներէն թարգմանութեամբ, որմէ ետք Սերկէյ եւ Լուսինէ Խաչատրեան երկեակը դաշնամուրի եւ ջութակի վրայ հրամցուց Կոմիտասի ՙԾիրանի ծառ՚ եւ ՙԿռունկ՚ ստեղծագործութիւնները: Եզրափակիչ խօսքը արտասանեց Գերմանիոյ Հայոց Առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Գարեգին Արքեպս. Պեքճեան: Առաջնորդ Սրբազանը ի մասնաւորի նշեց. ՙԱնկարելի է քրսիտոնեայ ըլլալ, առանց խաղաղութիւն ու հաշտութիւն քարոզելու եւ առանց գործնականօրէն անոնց իրականացման նպաստելու: …Սակայն առանց ճշմարտութեան, առանց արդարութեան կարելի չէ պատկերացնել իրաւ հաշտութիւն, իրական ու տեւական խաղաղութիւն ո’չ անձերու եւ ո’չ ալ հաւաքականութիւններու եւ պետութիւններու միջեւ: …Պէտք է իրատես ըլլալ եւ խոստովանիլ, թէ այնքան ատեն քանի ճշմարտութիւնը չի ընդունուիր ու արդարութիւնը չի վերականգնուիր, անկարելի կը մնայ հայ-թուրքական հաշտութիւնը: Կարելի± էր պատկերացնել գերման-հրէական հաշտութիւն, առանց ճշմարտութեան ու արդարութեան, առանց ներողութեան ու ներողամտութեան, առանց մեղքի ու պարտականութեան գիտակցութեան՚: ՙՔրիստոնեայ ըլլալ, կը նշանակէ ըլլալ պաշտպան մարդկային կամքի ու տեսակէտի ազատութեան: Սակայն տեսակէտ բառը կ’ենթադրէ ներկայի կամ անցեալի վիճելի իրադրութիւն մը: …Դէպք մը, գործողութիւն մը, ինչպիսին է Հայոց Ցեղասպանութիւնը, որուն տեղի ունեցած ըլլալը աներկբայելի իրականութիւն մըն է, որքան ալ տխուր ու ցաւալի ըլլան հետեւանքները, պէտք է ընդունիլ եւ ճանչնալ, … որովհետեւ միայն այս ճանապարհով կարելի կ’ըլլայ հասնիլ փոխադարձ վստահութեան, որ ծնունդ կու տայ իրական ու տեւական հաշտութեան՚,- եզրափակեց իր խօսքը Գարեգին Սրբազան: Ձեռնարկը իր լրումին հասաւ Հայոց Ցեղասպանութեան բիւրաւոր նահատակներու հոգիներու խաղաղութեան համար կատարուած Հոգեհանգստեան աղօթքով եւ միասնական արտասանուած Տերունական աղօթքով: Ոգեկոչման կեդրոնական ձեռնարկին ներկայ էին պետական, քաղաքական, եկեղեցական հայ եւ օտար բազմահարիւր դէմքեր: Յանուն կազմակերպիչներու` Սերովբէ Վրդ. Իսախանեան
-
ՄԵՆՔ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՆՄԵՂ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԽՆԿԵԼԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌԱՋ ԵՎ ԱՂՈԹՈՒՄ՝ ՆՐԱՆՑ ԼՈՒՍԱՎՈՐ ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ Մամլո հաղորդագրություն Ոգեկոչման արարողություններ՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 92-րդ ամյակին 1915-1923թթ. Օսմանյան կայսրության կառավարությունը ծրագրեց և իրականացրեց հայկական ծագման իր իսկ քաղաքացիների Ցեղասպանությունը: Օսմանյան կայսրության ոճրագործության արդյունքում գազանաբար սպանվեցին ավելի քան 1 500 000 հայեր... Օրացույցի այս օրը աշխարհասփյուռ հայությունը նշում է որպես հայ ժողովրդի, ինչպես և համայն մարդկության պատմության ամենաողբերգական էջ: Ոգեկոչման արարողությունները Թբիլիսիի հայոց հովվությունում սկսվեցին ապրիլի 23-ին: Այդ օրը, Թբիլիսիի Կինոյի տանը ցուցադրվեց Հայոց Մեծ Եղեռնին նվիրված ֆիլմերի շարք, որոնցից էին՝ «Հայ Եկեղեցին Ցեղասպանության տարիներին» («Շողակաթ» հեռուստաընկերություն, ՀՀ) և «Ես մեղադրում եմ» (Երկիր Մեդիա, ՀՀ): Ներկա էր նաև թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ցուցադրության ավարտին, վիրահայությանը, ապրիլ 24-ի միջոցառումներին՝ իբրև յուրաքանչյուր հայի հոգու ու նախնյաց նկատմամբ սրբազան պարտքի ու նաև խորհրդանիշ որպես՝ հանուն Հայոց Արդար Դատի միասնական պայքարի, խոսեց առաջնորդարանի մշակույթի ու երիտասարդության հարցերով բաժնի ղեկավար Լևոն Չիդիլյանը: Նույն օրը երեկոյան, Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ անցկացվեց «Խաղաղական երեկոյան ժամերգություն», որին հաջորդեց եկեղեցու բակում Խարույկի վառման արարողությունը՝ ի հիշատակ անմեղ զոհերի լույս հոգիների: Խարույկի շուրջ հնչեցին հիշատակի խոսքեր, հոգևոր երգեր ու ոգեկոչման ելույթներ: Ավարտին, ժամերգությանը մասնակից երիտասարդները ջահերով շարժվեցին դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, ուր «Հայր մերի», «Տեր Ողորմյաի», «Օ՜վ, Հայոց աշխարհի» հնչեցմամբ, կայացավ բողոքի խաղաղ ցույց: Ապրիլի 24-ի առավոտյան, հանդիսապետությամբ Առաջնորդ Հոր, թեմի հայոց եկեղեցիներում մատուցվեց Ոգեկոչման Սուրբ և Անմահ պատարագ: Արարողությանը ներկա էին Վրաց Ավետարանական–Մկրտական Եկեղեցու առաջնորդ Տ.Մալխազ եպիսկոպոս Սոնղուլաշվիլին, Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ակադեմիայի պրոռեկտոր Սերգո Վարդոսանիձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Վրաստանի խորհրդարանի անդամներ Մելիք Ռաիսյանը, Հենզել Մկոյանը, Համլետ Մովսիսյանը, Վան Բայբուրթյանը, հարյուրավոր հավատացյալներ: Քարոզի իր խոսքում Առաջնորդ Հայրը կոչեց վիրահայությանը միասնական լինել հատկապես այս օրը ու միանալով ազգի այսօրյա պահանջին դատապարտել եւ ճանաչել տալ Ցեղասպանության փաստը ողջ մարդկությանը: Նա երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր հայոց ճակատագրի այս ծանր օրերին հայ ժողովրդի կողքին են եղել ու ապաստան տվել հազարավոր փախստականների: Եկեղեցում բակում կազմակերպվեց Ռոբերտ Ներսեսովի գեղարվեստից ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությունը՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին: Պատարագի ավարտին, հազարին հասնող հայությունը, մոմերով ու Ցեղասպանությունը դատապարտելու ազդերով շարժվեց դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանություն: Նույն օրը Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում անցկացվեց հուշ-երեկո, իսկ սրահում՝ ֆոտոցուցահանդես: Երեկոն բացվեց «Հայր մերի» արտասանությամբ, ապա՝ անմեղ նահատակների հիշատակը հարգելու մեկ րոպե լռությամբ: Զոհերի հիշատակը հավերժացնող խոնարհումի խոսքով հանդես եկան Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանը: Երեկոյին ներկա էր նաև Հայ-վրացական տնտեսական համագործակցության համանախագահ Բեսո Ջուղելին: 1915 թ. նահատակների հիշատակը ոգեկոչող միջոցառումներ անցկացվեցին նաեւ Վրաստանի հայաբնակ շրջաններում եւ գյուղերում: Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում այդօրյա պատարագիչն էր Աջարիայի հոգեւոր հովիվ Տ.Կիրակոս աբեղա Դավթյանը: Բաթումիում անցկացվեց նաև բողոքի աննախադեպ ցույց: Հանրահավաքի ավարտին, հայությունը մասնակից դարձավ տեղի հայ համայնքի կողմից կազմակերպված սգո միջոցառումը: Հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի փոխառաջնորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանի Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ հայոց եկեղեցում, ինչպես նաեւ՝ Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եւ Ախալցիխեի Գրիգոր Լուսավորիչ հայոց եկեղեցիներում: Հավարտ պատարագի կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Ախալցիխեի հայությունը ծաղկեպսակներ դրեց եւ մոմեր վառեց Հայոց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակը հավերժացնող Խաչքար առաջ: Սգո միջոցառումներին մասնակցում էին շրջանային եւ վարչական իշխանության ներկայացուցիչներ: Ապրիլի 24-ին Նինոծմինդայում անցկացվեց սգո հանրահավաք, որի ավարտին մասնակիցները ծաղկեպսակներով զարդարեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքարը: Թեմի Քվեմո-Քարթլիի նահանգի Ծալկայի շրջանում Եղեռնի նահատակների հոգու լուսավորությունը խորհրդանշող խարույկ վառվեց շրջանի Խաչգյուղ և Ղուշչի գյուղերում: ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ Ð²Ú ²è²øºÈ²Î²Ü êàô𴠺κԺòàô ìÆð²Ð²Úàò 弯 ÷áÕ. ê³ÙÕ»µíñá ÃÇí 5, µÇÉÇëÇ, ìñ³ëï³Ý, 0114 лé³Ëáëª 00 995 32 75 41 11 ü³ùëª 00 995 32 75 17 90 ´çç³ÛÇݪ 00 995 99 41 34 74 ¾É.÷áëïª [email protected]
-
22 aprile 2007 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ ԻՏԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ՀՈՎՈՒՈՒԹԻՒՆ Ի ՅԱՐԳԱՆՍ ԱՊՐԻԼԵԱՆ ՆԱՀԱՏԱԿԱՑ Շաբաթ, 21 Ապրիլ 2007-ին, Հայկական Ցեղասպանութեան 92-Ամեակին առիթով տեղի ունեցաւ միջեկեղեցական բանախօսութիւն, իբրեւ 20-րդ դարու առաջին ցեղասպանութիւններու զոհ ժողովուրդը: Բանախօսութեան այս երեկոն կազմակերպուած էր Իտալիոյ Հայոց Հոգեւոր Հովուութեան ու Միլանոյի Քրիստոնէական եկեղեցիներու խորհուրդի համագործակցութեամբ: Բանախօսութեան նիստը բացուեցաւ ատենապետութեամբ Պրն. Տիգրան Երեցիանի, ան իր խօսքին մէջ ըսաւ. թէ Թուրքիոյ ներկայ պետութեան կողմէ եղած ժխտողական ամէն փորձ ու կեցուածք, այսօր եւս կրնանք համարել որպէս շարունակութիւն 1915 թուականին եղած ցեղասպանութեան: Բանախօսութեան առաջին խօսքը նուիրուած էր (20-րդ դարուն եղած առաջին ցեղասպանութիւնը), բանախօսն էր Տ. Դրաեան Վալդման (Միլանոյի Քրիստոնէական եկեղեցիներու խորհուրդի նախագահ) ան իր խօսքին մէջ ըսաւ. թէ ինչպէ՞ս կարելի է այսօր հաշտուիլ պատմութեան այդ էջերուն որոնք կը փաստէն հայ ազգի դէմ կատարուած աղետները, պէտքէ որ Թուրքեան սրբագրէ մարդկութեան դէմ իր գործած անցեալի անուրանալի ոճիրը. Ան իր խօսքին վերջաւորութեան եւս յիշեց Մեծ Եղեռնը եւ կոչ ուղղեց անոր արդար լուծում տալու հրամայականը միջազգայնօրէն ուշադրութեան առարկայ դարձնելու: Բանախօսութեան երկրորդ խօսքը նուիրուած էր (Հայոց Ցեղասպանութեան պատճառներու եւ ընթացքի) հարցի շուրջ, բանախօսն էր Իտալիոյ Հայոց Հոգեւոր հովիւ Տ. ԱռԷն վրդ. Շահինեանը, ան ներկայացուց ցեղասպանութիւնը սկսեալ 1878 թուականէն մինչեւ 1922 թուականը, ցոյց տալով որ հայկական ցեղասպանութեան գործընթացքը շարունակուած է աւելի քան չորս տասնամեակներ եւ գործադրուած է թուրքական տարբեր վարչակարգերու կողմէ, որոնք մէկը միւսին կը ժառանգէիին հայասպանութեան գործը: Ապա, ան կոչ ուղղեց համայն մարդկութեան, որպէսզի պայքարին ժխտողական կեցուածքին դէմ: Բանախօսութեան երրորդ խօսքը նուիրուած էր Հայկական Ցեղասպանութեան հարցին եւ Հռոմեական Կաթողիկէ եկեղեցւոյ կեցուածքին 1915 թուականին: Բանախօսն էր Սրբոց Առաքելոց Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւ Տ. Տարչիզիոյ Բովէ, ան իր խօսքին մէջ յիշեց որ թուրքերը, որոնք գործադրեցին հայկական ցեղասպանութիւնը սկսեալ 1878 թուականէն մինչեւ 1922 թուականը, Կաթողիկէ եկեղեցին դէմ կանգնեցաւ 1915-1918 կատարուած ջարդին եւ դատապարտեց զայն, սակայն ինչպէս անցեալին այսօր եւս թուրքերը ամէն միջոց ի գործ կը դնեն ժխտելու անոր իրողութիւնը եւ մերժելու բոլոր փաստերը: Նիստի աւարտին, մասնակցողներուն առիթ տրուեցաւ իրենց կարծիքն ու առաջարկները ներկայացնելու: ԴԻՒԱՆ ՀՈՎՈՒՈՒԹԵԱՆ
-
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 23, 2007թ. Քրիստոնյաների, հրեաների և մուսուլմանների համաշխարհային կոնֆերանս Կիևում Ապրիլի 25-26-ը Ուկրաինայի Հանրապետության մայրաքաղաք Կիևում տեղի կունենա քրիստոնյաների, հրեաների և մուսուլմանների համաշխարհային կոնֆերանսը` նվիրված խաղաղության համար հոգևոր արժեքների գործադրման և հանդուրժողականության ոգու հաստատման անհրաժեշտությանն ամբողջ աշխարհում: Կոնֆերանսին, որ կազմակերպվել է Ուկրաինայի Հրեաների Միության նախագահ Տիար Վադիմ Ռաբինովիչի հովանավորությամբ, կմասնակցեն նշանավոր քաղաքագետներ, գործարարներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 100 երկրներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կոնֆերանսին կմասնակցի Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ով ներկաներին կփոխանցի նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը: Միջեկեղեցական հարաբերությունների բաժին Պատասխանատու` Եզնիկ Արք. Պետրոսյան Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան Հեռ. 517 155/160 էլ. փոստ` [email protected]
-
Press Release 20.04.2007 Actions, devoted to the 92nd anniversary of Armenian Genocide In 1915-1923 the government of Ottoman Turkey planned and committed genocide of its own citizens of Armenian origin. The Ottoman Empire government crime took lives of more than 1.500.000 Armenians. Turkish government started to realize its cynic plan at night of April 24, 1915. Every year this tragic date is commemorated in a number of countries all over the world in memory of innocent victims of the Armenian Genocide. The Armenian Community of Georgia commemorates this date as the beginning of one of the most tragic events of the whole mankind history. The Armenian Genocide is officially recognized by a number of countries, such as France, Germany, Russian Federation, Argentina, Holy See, Italy, Poland, the Netherlands, Switzerland and others. In connection with this tragic date, the Armenian Community of Tbilisi takes the following actions: April 23, 15:00 - A series of documentary films will be shown at Cinema House Address: Brother Kakabadze st. 2, Tbilisi April 23, 18:00 – ”Light a candle” and evening liturgy at the Cathedral Church Surb Gevorg of the Diocese of Armenian Apostolic Holy Church of Georgia. Address: Samghebros St. 5, Tbilisi. April 24, 11:00-13:00 - A memorial service will be held at the Cathedral Church Surb Gevorg of the Diocese of Armenian Apostolic Holy Church of Georgia. Address: Samghebros St. 5, Tbilisi. April 24, 13:30-15:00 - A peaceful protest action demanding the recognition of the Armenian Genocide will be held at the Embassy of Turkish Republic in Georgia. Address: Chavchavadze Ave. 35, Tbilisi April 24, 16:00 - 17:00 - The commemoration meeting devoted (dedicated?) to the 92nd anniversary of the Armenian Genocide will be organized at the Petros Adamyan s State Armenian Drama Theatre. Address: Ketevan Tsamebuli St. 8 Please, feel free to contact us if you need any additional information related to, the scheduled arrangements dedicated to the 92nd anniversary of the Armenian Genocide. Phone: 899 19 78 25 / 893 31 77 84 Fax: 75 17 90 Contact person: Levon Chidilyan / Karen Elchyan E-mail: [email protected] / [email protected] URL: http://www.armenia.ge/hamayk/anons.php
-
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ ՈՒԽՏԴ Ի ԿԱՏԱՐ, ՈՒԽՏԱՎՈ’Ր Ապրիլի 17-ին Սուրբ Հովհան Օձնեցու ուխտի օրն էր Գուգարաց թեմում ամեն տարի ապրիլի 17-ին հանդիսավորությամբ նշվում է տարածաշրջանի միակ սուրբի` Հովհան Օձնեցի հայրապետի ուխտի օրը: Այս տարի ևս Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպս. Չուլջյանի օրհնությամբ և առաջնորդությամբ հարյուրավոր ուխտավորներներ Օձունում մասնակցեցին սուրբի հիշատակմանը նվիրված Պատարագին և ապա այցելեցին Արդվիում գտնվող սուրբ հայրապետի շիրիմին: Վանաձորից, Սպիտակից, Ալավերդուց, Մարգահովտից մոտ 300 ուխտավորներ իրենց հոգևոր հայրերի առաջնորդությամբ առաջինը հանգրվանեցին Օձունի Ս. Աստվածածին եկեղեցում, ուր հաղորդությամբ մասնակից դարձան սուրբ և անմահ Պատարագին: Արարողության ավարտին կատարվեց ՎՊՄԻ-ի 20 ուսանողների մկրտությունը` կնքահայրությամբ ՎՊՄԻ-ի ռեկտոր, Վանաձորի Ս. Գր. Նարեկացու խաչքավոր Գ. Խաչատրյանի: Ծիսական արարողությանը հաջորդեց ժողովրդական տոնախմբությունը. օձունցիները երգ ու պարով, գյուղապետ Մ. Այվազյանի կողմից մատուցված մատաղով նշանավորեցին տոնական այս օրը: Օձունի դպրոցի սաների պատրաստած զատկական հանդիսությունը, երաժշտական համարները տոնական տրամադրություն և ցնծություն պարգևեցին ներկաներին, իսկ: Օձունից ուխտավորները մեկնեցին Արդվի, ուր ամփոփված է սուրբ Հովհան Օձնեցու աճյունը: Սրբազան հոր գլխավորությամբ և հոգևոր հայրերի մասնակցությամբ սուրբի շիրիմին կատարվեց մաղթանքի արարողություն, և ապա ուխտավորները հայցեցին սուրբի բարեխոսությունը: Թեմակալ առաջնորդ Սրբազան հայրը, իր հայրական օրհնությունը և բարեմաղթանքները հղելով բոլոր ուխտավորներին, ևս մեկ անգամ կարևորեց ուխտագնացությունը` որպես երիտասարդության հոգևոր դաստիարակության և բարոյական կերպարի կերտման լավագույն միջոցառում: Ուխտդ ի կատար, սիրելի’ ուխտավոր: Աստղիկ Ասրյան
-
Կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր թեմաների հեղինակներին: Հրաշալի կտորներ են:
-
Իբրև հավելյալ ինֆորմացիա ասեմ, որ մարդը, ում հետ կապված է այս պատմությունը, Օգոստինոս Երանելին է, իսկ այն իմաստությունը, որ նա ցանկանում էր ըմբռնել, Ամենասուրբ Երրորդության խորհուրդն է:
-
Հարգելի Markos, ես ևս ներողություն պիտի խնդրեմ ուշացումով արձագանքելու համար, սակայն բազում անհետաձգելի հարցեր են անընդհատ մեջտեղ գալիս, և առանց այդ էլ սուղ ժամանակը բոլորովին չի հերիքում: Կաշխատեմ հնարավորինս համառոտ պատասխանել Ձեր հարցադրումներին: Հենց ժամանակս ներեց, կանդրադառնամ նաև այդ գրառմանը: Քրդերին ու հայերին նույն հարթության վրա դնելը ես մի քիչ սխալ եմ համարում: Քրդերը և զարգացման առավել ցածր մակարդակ ունեցող այլ ցեղեր դարձել էին թուրքական յաթաղանի սայրերը, որ օսմանյան կայսրությունն ուղղել էր իր տիրապետության տակ գտնվող հնագույն քաղաքակրթություններ ունեցող ժողովուրդների` հայերի, հույների, հրեաների, ասորիների և ուրիշների դեմ: Ռազմական առումով քրդերն անհամեմատելիորեն արտոնյալ դիրք էին ձեռք բերել (կարելի է թեկուզ իբրև օրինակ հիշել համիդիե ջոկատները): Իսկ այդ պոտենցիալը չեր կարող անհետևանք մնալ: Դրա պտուղները զգացվում են այսօր: Թուրքիան ամբողջական վերահսկողություն չի կարողանում սահմանել քրդաբնակ տարածքների վրա: Այդ հարցում մի քիչ համոզված չեմ, սակայն առաջնահերթը դա չէ, այլ որ մի կողմում մի հսկա կայսրություն է` իր կանոնավոր բանակով ու պետական բազմաբնույթ ռեսուրսներով, իսկ մյուս կողմում` ամենատարրական ինստիտուտներից ու իրավունքներից զրկված ժողովուրդ: 5-րդ դ. թեպեպ կորցրել էին մեր պետականությունը, սակայն կանգուն էին նախարարական հզոր տները, որոնք մինի պետական համակարգեր էին` իրենց բոլոր ռեսուրսներով հանդերձ: Այսինքն եթե մեր հարազատները մահացու վտանգի առաջ կանգնեն, շտապենք ինքներս մորթոտել նրանց? Եթե հետևենք պատմության ընթացքին, կտեսնենք որ, այդ գործողություններն աստիճանաբար տարան ապստամբության նախապատրաստական աշխատանքների: Մուրացկանություն էր դա, թե տվյալ ժամանակում հնարավոր դիվանագիտական քայլեր, ես չեմ փորձի վերլուծել: Ապստամբություն էլ եղավ `մեր պատմության փառահեղ էջերից մեկը, որ Դուք մոռացել էիք, սակայն Դուք հավանաբար մոռացել եք նաև, որ այս դեպքում էլ օգնության չեկան մեզ: Markos ջան, ես ինձ երբեք իրավունք չեմ վերապահի դատել, թե Դուք ինչքանով հարգանք ունեք Եկեղեցու հանդեպ: Նման հարցերում միայն Աստված է Դատավորը, իսկ յուրաքանչյուր անհատ պատասխանատու է միայն Աստծո և սեփական խղճի առաջ: Լիովին համաձայն եմ: Ցավոք մենք միշտ նույն սխալներն ենք կրկնում: Այդ սխալներից մեկն էլ քավության նոխազներ որոնելն է:
-
Կարող ենք շատ հեռու չգնալ: Ահա նման մի բան.
-
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 18, 2007 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հռոմի Պապ Բենեդիկտոս ԺԶ-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Հռոմի Պապ Նորին Սրբություն Բենեդիկտոս ԺԶ-ին ` ծննդյան 80-ամյա տարեդարձի առիթով: ՙՄենք վստահ ենք, որ Ձեր առաջնորդությամբ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցին իր բազմադարյա առաքելության ներկայիս ժամանակագրության մեջ կարձանագրի նոր հաջողություններ, և ջերմ ու եղբայրական հարաբերությունները Հայաստանյայց Առաքելական և Հռոմեական Կաթոլիկ եկեղեցիների միջև կշարունակեն զարգանալ: Մեր աղոթքն է, որ մեր Եկեղեցիների միջև համագործակցությունն ու բարեկամությունը առավել ամրապնդվեն այս նոր դարաշրջանում` մեր հավատացելոց սրտերում քրիստոնեական սիրո և եղբայրության ոգու զորացմամբ՚,- ասված է Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձում: Նորին Սրբությունը մաղթել է 80-ամյա Սրբազան Քահանայապետին քաջառողջություն և արդյունաշատ գահակալություն ի մխիթարություն հավատավոր իր հոտի և ի պայծառություն Կաթոլիկ Եկեղեցու: ###
-
Shnorhakaltyun. Isk mer qnnarkumner@, Markos jan, ksharunakenq. Uxxaki yes hima shtap gorcov Artsaxum em e internet mtnum em miajn zut ashxatanqi het kapvac nex xndirneri hamar. Henc mi qic tetevaca, kmianam qnnarkumnerin. Harganqnerov MONK.
-
ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ԱՎԵՏՄԱՆ ԵՒ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ Ապրիլի 7-ը հռչակված է Մայրության ու գեղեցկության տոն (հեռուստաեթերից երբեմն հավելվում է նաև սիրո տոն արտահայտությունը, ինչին արդեն մի փոքր դժվար է բացատրություն գտնել), և ուրախությամբ կարելի է արձանագրել, որ այս գեղեցիկ տոնը մեծ ընդունելության է արժանացել մեր հասարակության կողմից: Սակայն պիտի նշել նաև, որ հաճախ, մասմաբ նաև ԶԼՄ-ների թերի մատուցման պատճառով, ստվերի մեջ է մնում այն կարևորագույն հանգամանքը, որ այն, ըստ էության, Ս. Կույսի` Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անշարժ կերպով նշում է ապրիլի 7-ին: Տոնին առավել մեծ ժողովրդականություն հաղորոդող ազդակ է հանդիսացել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությունը, համաձայն որի վերջին տարիներին Ավետման տոնի օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ: ՙԱվետել՚, ՙավետիս տալ՚ նշանակում է բարի լուր հաղորդել: Մարդկությանը հաղորդված մեծագույն ավետիսը Ս.Կույսին տրված երջանիկ լուրն է` Աստվածորդու մարդեղացման եւ փրկության ուղու բացման ավետումը: Առաջին մարդկանց` Ադամի ու Եվայի մեղանչումով մարդկությունը զրկվեց Աստծո շնորհից և դատապարտվեց մեղքի ու մահվան իշխանությանը: Սակայն ամենագթածն Աստված մարդուն ընդմիշտ չզրկեց ողորմածությունից, այլ ուխտ կապելով նրա հետ` պատրաստում էր այն մեծ փրկությանը, որ ծրագրել էր: Դարեր ու հազարամյակներ շարունակ մարդկությունն սպասում էր խոստացված փրկությանը` Մեսիային, որ պետք է ծնվեր կնոջից և մարդկանց փրկեր չարի գերությունից: Եվ ահա աստվածաշնորհ մարգարեներն սկսեցին ազդարարել Փրկչի մոտալուտ գալուստը. Եսային մարգարեացավ, որ ՙԱհա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ՚ (Եսայի7:14, Մատթ.1:23): Ղուկասու Ավետարանը բացվում է մի պատմությամբ, ըստ որի Գաբրիել հրեշտակապետն Աստծո կողմից առաքվում է Հրեաստանի քաղքներից մեկը` ավետելու Զաքարիա քահանային նրա որդու` Հովհաննես Մկրտչի ծնունդը, ով պետք է դառնար Աստվածորդու Կարապետը` պատրաստելու մարդկությանը Նրա Գալստյանը (Ղուկ. 1:5-25): Այնուհետև վեց ամիս հետո Գաբրիելը նոր առաքելությամբ ուղարկվում է Գալիլիայի Նազարեթ քաղաքը` Մարիամ անունով մի կույսի մոտ, որը նշանված էր Դավթի ցեղից Հովսեփ անունով մի արդար մարդու հետ: Հայտնվելով կույսին` Գաբրիելը ողջունում է նրան. ՙՈւրախացիր, ով շնորհընկալ, Տէրը քեզ հետ է՚ և ապա ավետում, որ նա կոչված է դառնալու Մեսիայի մայրը. ՙ…ահա դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես: Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի: Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր` Դավթի աթոռը, եւ նա յավիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, ու նրա թագավորութիւնը վախճան չի ունենայ՚ (Ղուկ. 1:31-33): Մարիամի այն հարցին, թե դա ինչպես կարող է պատահել, քանի որ ինքը կույս է, հրեշտակը պատասխանում է.ՙՍուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զորությունը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծո որդի կը կոչուի(Ղուկ. 1:35), ապա հայտնում է նաև նրա ազգականի` Զաքարիայի կին Եղիսաբեթի հղիության մասին: Մարիամը պատասխանում է. ՙԱհաւասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ՚, և ապա հրեշտակը հեռանում է նրանից (Ղուկ. 1:5-38); Մարիամի այս խորին խոնարհությամբ մարդկության համար բացվում է նոր կյանքի արշալույսը: Եվ ՙեղիցին՚ (թող լինի), որ տիեզերքում առաջին բառն է` հնչած արարչության սկզբին Աստծո կողմից, որով էլ եղավ լույսը (Ծննդ. 1:3), երկրորդ անգամ հնչում է մարդու կողմից, իբրև հոգևոր ու բարոյական նոր աշխարհի արաչության և Աստվածային Լույսի ծագման` Հիսուսի Քրիստոսի ծննդյան սկիզբ: Աստված մարդուն երկրորդ անգամ առաջարկում է հավիտենական երանավետ կյանքի սկիզբը, և Մարիամը` մարդկության արժանավոր ներկայացուցիչը, վերացնելով այդ առաջարկը մերժած նախածնողների սխալը, ընդունում է այն` մարդկային ցեղի առջև բացելով կորուսյալ դրախտի փակված դռները: Այս մեծագույն իրողության հիշատակն էլ հենց հավերժացրել է Եկեղեցին` հաստատելով Աստվածամոր Ավետման այս գեղեցիկ տոնը: Այս տոնը կրկնակի ուրախություն է պարունակում բոլոր կանանց համար, քանի որ եթե Եվայի խաբվելով մեղքն աշխարհ մտավ և կինն անեծքի տակ ընկավ, ապա Մարիամի խոնարհությամբ ու սրբությամբ կինն ազատվեց այդ անեծքից և օրհնության արժանացավ:
-
ՙՔրիստոս յարեաւ ի մեռելոց մահուամբ զմահ կոխեաց Եւ Յարութեամբն իւրով Մեզ զկեանս պարգեւեաց՚ Շարական Ապրիլի 8-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին մեծ շուքով նշում է մեր տոնական տարվա թագ ու պսակ Ս. Զատիկը` Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Սա մեր Եկեղեցու հինգ գլխավոր` Տաղավար տոներից մեկն է և շարժական լինելով` միշտ նշվում է գարնանային գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը: Այսպիսով այն տեղաշարժվում է մարտի 21-ից մինչև ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում` ըստ այդմ էլ հիմք դառնալով մեր տոնացույցի մյուս շարժական տոների համար: Զատիկ բառը վերջնականապես ստուգաբանված չէ և տարբեր մեկնաբանություններեշով կապվում է զատել, ազատություն, հատիկ (զհատիկ), զենում և այլն բառերի հետ: Հին Ուխտում Զատիկը նույնանում է հրեական Պասեքի (որ ծագում է եբր. բեսախ` անցում, ելք բառից ) հետ և խորհրդանշում Կարմիր ծովով հրեաների անցնելը և եգիպտական գերությունից ազատագրվելը: Հրեա ժողովուրդն իր պատմության մեջ անչափ վճռորոշ այս իրողությունը ավանդաբար նշում է զատկական գառ մորթելու և բաղարջ հաց թխելու սովորությամբ: Հրեական այս տոնը նախօրինակ եղավ հանուն մարդկության Աստվածորդու սրբարար արյան հեղմամբ ու հրաշափառ Հարությամբ հաստատված քրիստոնեական Զատկի.ՙԱյս բոլորը իբրեւ օրինակ պատահեց նրանց հետ, բայց որպես խրատ գրուեց մեզ համար՚ (Ա. Կորնթ. 10:11), ՙՔրիստոս` մեր զատիկը, մորթուեց՚ (Ա. Կորնթ. 5:7): Մեղանչումով մարդկությունը զրկվեց Աստծու շնորհներից և ընկավ մեղքի ու մահվան իշխանության տակ: Մարդը, որ անմահ էր ստեղծված, մեղքի պատճառով մահկանացու դարձավ` այլևս անկարող լինելով սեփական ճիգով վերականգնվելու իր նախաստեղծ շնորհի մեջ: Սակայն ամենագթածն Աստված մարդուն ընդմիշտ չզրկեց Իր ողորմածությունից, այլ Իր Միածին Որդուն տվեց, որ մարմնացավ, կրեց մարդկային կյանքի բոլոր նեղությունները, մահացավ խաչի վրա և հարություն առնելով` բացեց հավիտենական կյանքի դռները: Իբրև Արդար Դատավոր` Աստված պատժեց մարդու օրինազանցությունը, սակայն իբրև Սիրող Հայր` Ինքը հանձն առավ պատժի ծանրությունը և փրկագնեց մարդուն մահվան գերությունից: Եվ ինչպես հրեաների առջև ճեղքվեց Կարմիր ծովը և բացվեց Ավետյաց երկրի ճանապարհը, այնպես էլ քրիստոնյաներիս առջև ճեղքվեց մեղքի ծովը, և բացվեց Երկնային Արքայության ճանապարհը: ՙԵս իսկ եմ յարութիւն եւ կեանք, ով յավատում է Ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի՚ (Հովհ. 11: 22),- Փրկչի այս խոստումով տոգորված և Նրա Հարությամբ ոգեշնչված է, որ իրենց Վարդապետի մահվանից բարոյալքված, գրեթե ցրված մի խումբ առաքյալներ անխորտակելի վճռականությամբ ելան ի լուր աշխարհի քարոզելու Նրա Ավետարանը: Եվ հենց առաքյալներն էլ հաստատեցին Փրկչի Հարության հիշատակն անմար պահող և մարդու փրկության ավետիսը հռչակող Ս. Զատիկը , որն ըստ ամենայնի յուրացվեց ու հոգեհարազատ դարձավ նաև Խաչյալ և Հարուցյալ Փրկչին մեծապես հետևող մեր ժողովրդի համար: Զատկից առաջ Եկեղեցու վարդապետների կանոններով հաստատված Քառասնօրյա պահքն ու Ավագ շաբաթը լավագույն միջոցն են մեր հավատացյալ ժողովրդին հոդեպես ու մարմնապես պատրաստելու Ս. Հարության արժանավորապես դիմավորման համար: Զատկի նախորդ երեկոյան` Ճրագալույցի խթումի նավակատյաց ընթրիքին Մեծ պահքը մեղմանում է ձկնեղենով, կաթնեղենով ու ձվով: Ավանդաբար զատկական սեղանների զարդն է համարվում կարմիր ներկած և եկեղեցում օրհնված ձուն, որն ըստ ս. Գ. Տաթևացու` խորհրդանշում է աշխարհը. ՙդրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, և սպիտակուցը` ջրին, դեղինն էլ երկիրն է՚: Կարմիր գույնը աշխարհի` Քրիստոսի արյամբ փրկագնվելն է խորհրդանշում: Թող Ս. Զատկի այս տոնը մեզ համար լինի ոչ միայն սոսկ մարմնական, այլ առավել` հոգեկան ուրախության ու ցնծության տոն, քանզի մեր Փրկչի Հարությամբ մահն այլևս պարտված է մեզ համար, ինչպես Պողոս Առաքյալն է ասում.ՙՈւր է, մա'հ, քո յաղթութիւնը, ուր է, գերեզման, քո խայթոցը՚ (Ա. Կորնթ.16:25): Ուստի Սուրբ Հարության լույսով մաքրե'նք մեր հոգին մեղքի խավարից` արժանիորեն մոտենալով Փրկչի Մարմնին ու Արյանը և հոգևոր ուրախությամբ սրտանց միմյանց հաղորդենք այս երջանիկ ավետիսը` ՙՔրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի՚
-
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: ՙԱվագ՚ կամ ՙՄեծ՚ կոչվելու պատճառն այն է, որ այն մեզ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է ՙավագ՚ անվանումն ու իր այլաբանական խորհուրդն ունի: Ավագ շաբաթն սկսվում է Ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով, որի մասին պատմում են չորս Ավետարանները. ՙԵվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա: Առաջից և հետևից գնացող ժողովրդի բազմությունը աղաղակում էր և ասում. ՙՕրհնությո¯ւն Դավթի Որդուն, օրհնյա¯լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո¯ւն բարձունքներում՚ (Մատթ. ԻԱ 8-9): Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ` Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին` ասելով. ՙՕրհնությո¯ւն Դավթի որդուն՚ (Մատթ. ԻԱ 15): ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ՕՐԵՐԸ Ավագ երկուշաբթի-Անպտուղ թզենու չորացում: Նվիրված է աշխարհի` երկնքի ու երկրի արարչագործությանը: Այս օրը մտաբերում ենք այն դեպքը, երբ Հիսուսի անեծքով չորացավ անպտուղ թզենին (Մատթ. ԻԱ 18-22, Մարկ. ԺԱ 12-14, 20-25), և Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը (Մատթ. ԻԱ 12-17, Մարկ. ԺԱ 15-19, Ղուկ. ԺԹ 45-48, Հովհ. Բ 13-22): Բեթանիայից Երուսաղեմ վերադառնալիս Հիսուս քաղց է զգում: Եվ ճանապարհի վրա մի թզենի տեսնելով` մոտենում է նրան և նրա վրա տերևից բացի ոչինչ չգտնելով` թզենուն ասում է. ՙԱյսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի՚: Նույն պահին թզենին չորանում է: Հիսուս անիծելով տերևներով զարդարված, բայց անպտուղ թզենուն` փարիսեցիներին էր ակնարկում, ովքեր արտաքին բարեպաշտությամբ էին զարդարված, սակայն չունեին այդ բարեպաշտության հոգևոր պտուղը` բարի գործերը և ողորմածությունը: Պտուղն այլաբանորեն խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը կպատժվի այս թզենու օրինակով: Ինչպես ասում է ս. Հակոբոս առաքյալը` ՙՀավատքն առանց գործերի մեռած է՚ (Հակ. Բ 20): Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը կատարվեց ի խնդիր հավատի մաքրության: Հիսուսը մտավ տաճար և շրջելով աղավնեվաճառների և լումայափոխների սեղանները` դուրս հանեց նրանց, ովքեր տաճարի մեջ առևտուր էին անում: Եվ ասաց. ՙԳրված է. ՙԻմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք այն դարձրել՚ (Ես. ԾԶ 7, Երեմ. Է 11): Աստծո Տաճարը աղոթքի և պաշտամունքի տուն է, և չի կարելի այն առքուվաճառքի տեղ դարձնել: Իր այս արարքով Տերը մեզ սովորեցնում է սրբությունների հանդեպ պատշաճ վերաբերմունք ցուցաբերել: Ավագ երեքշաբթի - Տասը կույսերի առակը: Ավագ երեքշաբթին մի ներքին ընդհանրությամբ կապված է նախորդ օրվա հետ. ակնարկում է, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես և երկնքի արքայությունից դուրս կմնանք հինգ հիմար կույսերի նման: Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում, եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ` խորհրդանշելով տասը կույսերին և իրենց ձեռքին պահելով մոմեր` հինգը վառվող, իսկ հինգը` հանգած: ՙՄանուկների ձեռքը վառվող մոմ են տալիս, որը խորհրդանշում է հավատքի լույսը, Աստծու պատուիրաններն աչքի առաջ ունենալը և գործելը` ըստ այս խոսքի. ՙՔո խոսքերը ճրագ են իմ ոտքերի համար՚ (Սաղմ. ՃԺԸ 105) (ս. Գրիգոր Տաթևացի, Քարոզգիրք Ձմեռան, էջ 61): Օրվա ավետարանական պատգամն է. ՙԱրթո°ւն կացեք, որովհետև չգիտեք Տիրոջ գալստյան և ձեր բարի կամ չար գործերի քննության ո°չ օրը և ո°չ էլ ժամը՚: Ավագ չորեքշաբթի - Օծում և մատնություն: Այսօր հիշատակում ենք այն մեղավոր կնոջը, ով թանկագին յուղով օծեց Քրիստոսի գլուխը, որ խորհրդանշում էր Նրա մոտալուտ մահը: Առաքյալները մեղադրեցին այդ կնոջը` յուղը վատնելու համար. ՙԿարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին՚: Հիսուս նրանց ասաց. ՙԻնչո±ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց՚ (Մատթ. ԻԶ 6-13, Մարկ. 3-9, Հովհ. ԺԲ 1-11): Օծման այդ դեպքին հաջորդեց Հուդայի` Հիսուսին մատնելու վճիռը. ՙԱյն ժամանակ Տասներկուսից մէկը` Յուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. ՙԻ±նչ կկամենայիք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ՚: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան՚ (Մատթ. ԻԶ 14-15): Ավագ հինգշաբթի-Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա: Առտվոտյան մատուցվում է Ս. Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման, երբ Հիսուս Քրիստոս վերնատանը վերցրեց հացը. օրհնեց, կտրեց և տվեց տասներոկւ աշակերտներին ու ասաց. ՙԱռե°ք, կերե°ք, այս է Իմ մարմինը՚: Ապա բաժակը վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. ՙԽմեցե°ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար՚ (Մատթ. ԻԶ 17-30, Մարկ. ԺԴ 12-26, Ղուկ. ԻԲ 7-14, 21-23, Հովհ. ԺԳ 21-30): Պատարագը իմաստավորվում է մարդկանց փրկության համար Քրիստոսի զոհաբերությամբ` խաչվելով, Իր արյունը հեղելով և Հաղորդության խորհրդի հաստատումով, որը Սուրբ Սեղանի վրա օրհնված և պատարագված հացն ու գինին են: Դրանք Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունն են և հոգևոր սնունդ` հավատացյալների համար. ՙՈվ ուտում է իմ Մարմինը և ըմպում Իմ Արյունը, հավիտենական կյանք ունի՚ (Հովհ. Զ 55): Ոտնլվա: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողությունը: Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ Իր աշակերտների առջև ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը` սրբելով մեջքին կապված սրբիչով (Հովհ. ԺԳ 5)` հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով: ՙԵթե Ես` Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք՚ (Հովհ. ԺԳ 1-20): Ոտնլվայի հիասքանչ արարողության ծիսակարգի ու աղոթքների հեղինակ է համարվում Ընդհանրական Եկեղեցու տիեզերալույս վարդապետներից սուրբ Եփրեմ Խուրի Ասորին (306-373): Ամենայն Հայոց Կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը (1066-1105) ԺԱ դարում այդ կարգը թարգմանել է հայերեն և ներմուծել Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգ: Հետագայում կարգը հարստացել է նաև զուտ հայկական շարականներով ու աղոթքներով, որոնցից են ՙՍիրտ իմ սասանի՚ և ՙՈւր ես, մայր իմ՚ գեղեցկահյուս մեղեդիներն ու Հովհաննես Պլուզ վարդապետի ՙՍիրո մասին՚ խորիմաստ խրատը: Եպիսկոպոսը կամ եկեղեցու քահանան տասներկու մանուկների կամ եկեղեցու սպասավորների հետ բարձրանում է խորան: Հոգևորականը խաչով ու Ավետարանով և ՙԹող օրհնվեն և սրբագործվեն այս յուղն ու ջուրը՚ խոսքերով օրհնում է խորանում դրված ջուրը և յուղը: ՙՊահպանիչ՚ աղոթքից հետո հոգևորականը վերցնում է սրբիչը, ծունկի գալիս և լվանում տասներկուսի ոտքերը և յուղով օծում: Արարողության վերջում կարդացվում է Ավետարան, ուր հիշատակվում է Քրիստոսի ձեռքով կատարված ոտնլվան: Հիսուս աշակերտների ոտքերը միայն ջրով լվաց, իսկ Ոտնլվայի արարողության ընթացքում յուղի օգտագործումը խորհրդանշում է Հիսուսի ոտքերին պոռնիկ կնոջ թափած անուշահոտ յուղը (Հովհ. ԻԲ 3): Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվում է օրհնված յուղ, որը հավատացյալները գործածում են հիմնականում հիվանդությունների դեպքում կամ խառնում տանն ունեցած յուղին: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է մի արարողություն, որը ՙԽավարում՚ է կոչվում: Սա արդեն վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին, սակայն Ավագ հինգշաբթի երեկոյան մութն ընկնելուց հետո է կատարվում: Ավագ Ուրբաթ - Տիրոջ խաչելությունը և թաղումը: Ավագ ուրբաթ օրվա խորհուրդը ծանրացած է խաչելության պատմության վրա: Ինչպես արդեն ասվել է, Ավագ Հինգշաբթի երեկոյան կատարվում է ՙԽավարման՚ արարողությունը: Խավարում: Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին և մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ և խաչափայտի վրա հոգին ավանդեց` մարդկության փրկության և մեղքերի քավության համար: Արարողությունն սկսվում է այսպես. խորանի վրա վառվում են տասներկու հավասարաչափ մոմեր և մեկ հատ մեծ` նրանց միջև: ՙԽավարման՚ ընթացքում ավետարաններից կարդացվում են յոթ հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի` Գեթսեմանիի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնելը, Հիսուսի` ամբոխի ձեռքը հանձնվելը, Աննայի և Կայիափայի առաջ տարվելը, ապտակվելը, անարգվելը և Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ավետարանական ընթերցումներն ընդմիջվում են սաղմոսների ընթերցանությամբ և սուրբ Ներսես Շնորհալու հեղինակած շարականներով: Ամեն ավետարանական ընթերցումից հետո հանգցնում են տասներկու մոմերից երկուսը` յուրաքանչյուր կողմից մեկական, վերջում մնում է միայն մեջտեղի մեծ մոմը: Եվս մի շարականից հետո հանգցնում են եկեղեցու բոլոր լույսերը, և երգվում է ՙՓառք ի բարձունս՚-ը, որն առաջին անգամ ասել են հովիվները. ՙՓա¯ռք Աստծուն` բարձունքներում, երկրի վրա` խաղաղությո¯ւն, և հաճությո¯ւն` մարդկանց մեջ՚ (Ղուկ. Բ 14): Այս երգի վերջին խոսքերից ՙԾագեա՚-ի ժամանակ դարձյալ վառում են լույսերը: Մոմերը հանգցնելը խորհրդանշում է աշակերտների թողնելը և փախչելը, իսկ մեջտեղի մոմը խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր միայնակ: Ավագ Շաբաթ - Դժոխքի ավերում, Ճրագալույցի պատարագ: Ավագ շաբաթ օրը նվիրված է Հիսոսի թաղմանը (Մատթ. ԻԷ 57-61, Մարկ. ԺԵ 42-47, Ղուկ. ԻԳ 50-56, Հովհ. ԺԹ 38-42) և գերեզմանի կնքմանը (Մատթ. ԻԷ 62-66): Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից (Մատթ. ԻԷ 57-60), փաթաթվում պատանքով ու դրվում վիմափոր գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մի մեծ քարով: Եվ քանի որ ըստ հրեական օրենքի հանգստի ժամանակ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն և կօծեն Հիսուսի մարմինը. ՙԵվ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը՚ (Ղուկ. ԻԴ 54): Հիսուս երրորդ օրը հարություն է առնում, ինչպես որ Ինքն էր մարգարեացել իր մասին. (Մատթ. Ի 19): Քրիստոս գերեզման դրվելով` իջնում է դժոխք և ավերում այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին, ինչպես ուսուցանում է մեզ Եկեղեցու վարդապետությունը, այսինքն` ուսմունքը: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Հնում ամեն կիրակի երեկոյան ձեթ էին լցնում կանթեղների մեջ և վառում: Հետագայում, սակայն, ճրագալույց սկսեցին անվանել երեկոյան պատարագը, որը մեր եկեղեցում կատարվում է բացառապես Ծննդյան և Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Զատկի` Ս. Հարության տոնի ճրագալույցի պատարագի ժամանակ, երբ տրվում է Քրիստոսի հարության ավետիսը, այս ավետիսով ավարտվում է Մեծ պահքը: Զատիկ - Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը: Ավագ շաբաթվա երեկոյան մատուցված ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը, իսկ կիրակի օրը Զատկական պատարագով այն վերածվում է համընդհանուր տոնախմբության: Հիսուսն Իր մահով հաղթեց մահվանը մեզ` մարդ արարածներիս փրկության համար: Երբ Զատկական պատարագին լսում ենք ՙՔրիստոս յարեաւ ի մեռելոց՚ ավետիսը, մենք էլ մեր ձայնը բարձրացնենք, ականատեսները լինենք Քրիստոսի հարության` պատասխանելով. ՙՕրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի՚:
-
Հարգելի զրուցակիցներ, ես չեմ անդրադառնա այն խնդրին, որ արդեն առկա են բուն թեմայից շեղումներ. դա մոդերատորների խնդիրն է: Բայց ես պիտի խնդրեմ, որ յուրաքանչյուր ոք չմոռանա քաղաքակիրթ մարդու այն կեցվածքի մասին, որ անկախ դավանական ու գաղափարական տարբերություններից, պարտավոր ենք հարգանքով վերաբերվել դիմացինի նվիրական զգացումների նկատմամբ: Այս թեմայում արդեն սկսում են երևան գալ անգամ աստվածանարգական արտահայտություններ: Փոխըմբռնման ակնկալիքով` MONK Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան
-
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 3, 2007թ. Մայր Աթոռի միաբանները մեկնեցին Երուսաղեմ Ապրիլի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն մեկնեցին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Տ. Թադեոս վարդապետ Զիրեկյանցը, Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը և Տ. Գաբրիել աբեղա Սարգսյանը: Երուսաղեմում Մայր Աթոռի միաբանները կմասնակցեն Ավագ Շաբաթվա և Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի սրբազան արարողություններին: ###
-
ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ՊԱՇՏՈՆ՝ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, Վիրահայոց թեմի, ինչպես և աշխարհասփյուռ առաքելական բոլոր եկեղեցիներում, հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ կյանքից վաղաժամ հեռացած ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում պաշտոնն անցավ հանդիսապետությամբ թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ տեղի հոգևոր դասի: Իրենց ներկայությամբ ու աղոթքով Անդրանիկ Մարգարյանի հիշատակը հարգեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, Վրաստանի Հայերի Միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, բազմաթիվ հավատացյալներ: Հընթացս արարողակարգի, Սրբազան Հայրն իր մխիթարանքը բերեց նորոգ հանգուցյալի ընտանիքին, գործընկերներին ու Հայաստանի կառավարությանը: Նա արժևորեց այն մեծ ներդրումը, որն ունեցավ ազգային, պետական ու քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանը՝ Հայաստանի պետականության կայացման գործում: Վազգեն Սրբազանը երախտագիտությամբ խոսեց վիրահայ համայնքին ու Եկեղեցուն հուզող հիմնախնդիրների նկատմամբ երջանկահիշատակ Վարչապետի կողմից ցուցաբերվող գործուն ուշադրության մասին: Հոգեհանգստյան արարողություններ կատարվեցին նաև Բաթումիի Սուրբ Փրկիչ և Սամցխե-Ջավախքի փոխառաջնորդության հայոց եկեղեցիներում: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում արարողությունն անցավ նախագահությամբ առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանի: Արարողակարգերին ներկա էին տեղական իշխանության մարմինների ղեկավարներ և բազմահոծ հայորդիներ: ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ փող. Սամղեբվրո թիվ 5, Թբիլիսի, Վրաստան, 0114 Հեռախոս` 00 995 32 75 41 11 Ֆաքս` 00 995 32 75 17 90 Բջջային` 00 995 99 41 34 74 Էլ.փոստ` [email protected]
-
Հրատարակութեան խնդրանքով Ամերիկայի Արեւելեան Թեմէն ներս ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ՀՈԳԻԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱՒՈՐ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ՊԱՇՏՕՆ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻՆ ՄԷՋ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Անդրանիկ Մարգարեանի յանկարծական մահը հոգեպէս ցնցեց թէ հայրենի եւ թէ արտերկրի համայն հայութիւնը: Անդրանիկ Մարգարեան Կիրակի Մարտ 25-ին սրտի կաթուածով մահացաւ իր բնակարանին մէջ. ան 56 տարեկան էր: Հայաստանի Հանրապետութեան վարչապետ ընտրուած էր 2000 թուականին« եւ եօթը տարիներ իր ուժերն ու կարողութիւնները ի սպաս դրած էր մեր ազատ ու անկախ հայրենիքի զօրացման եւ բարգաւաճման ի նպաստ: Երբ մահուան լուրը Առաջնորդարան հասաւ« թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան մեծ յուզումով ըսաւ. ՙՎարչապետը հայրենասէր ու ազգասէր անձնաւորութիւն մըն էր. ան Հայ Եկեղեցւոյ հարազատ զաւակն էր: Որպէս նուիրեալ հասարակական գործիչ` ան հետապնդեց նորահաստատ Հանրապետութեան շահերը եւ ժողովուրդին բարօրութիւնը: Երիտասարդ էր. Հայաստանը« Հայ ժողովուրդն ու իր ընտանիքը տակաւին մեծ ակնկալութիւններ ունէին իրմէ. դժբախտաբար անոր հիւանդութիւնը կեանքի ընթացքը կրճատեց:՚ Առաջնորդ Սրբազան Հայրը յատուկ շրջաբերականով Թեմի բոլոր եկեղեցիներուն հրահանգեց որպէս զի Կիրակի Ապրիլ 1-ին Հոգեհանգստեան Պաշտօն կատարեն վարչապետ Անդրանիկ Մարգարեանի հոգիին համար: Հինգշաբթի Մարտ 29« երեկոյեան ժամը 7:15-ին` Առաջնորդանիստ Ս. Վարդան Մայր Տաճարին մէջ տեղի ունեցաւ Հոգեհանգստեան Պաշտօն` նախագահութեամբ թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի եւ ներկայութեամբ Հայաստանի Հանրապետութեան ԱՄՆ-ի արտակարգ դեսպան Տիար Թաթուլ Մարգարեանի« ՄԱԿ-ի մօտ մնայուն եւ լիազօր դեսպան Տիար Արմէն Մարտիրոսեանի« ինչպէս նաեւ շրջանի հոգեւորականներուն« եկեղեցական« ազգային եւ մշակութային կազմակերպութիւններու ներկայացուցիչներու եւ սգակիր հայրենակիցներու: Հոգեհանգստեան արարողութեան երգեցողութիւնը կատարեցին Մայր Տաճարի դպրաց դասի անդամները` ղեկավարութեամբ Խորէն Մէյխանէճեանի եւ դանշամուրի ընկերակցութեամբ Ֆլորէնս Աւագեանի: Իր դամբանական խօսքին մէջ Առաջնորդ Սրբազան հայրը ըսաւ. ՙ Համայն Հայ ժողովուրդը« ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի« խորապէս կը սգայ Հայաստանի Հանրապետութեան կարկառուն վարչապետ Անդրանիկ Մարգարեանի յանկարծական մահը: Երէկ« Մարտ 28-ին« ազգային յուղարկաւորութեամբ Կոմիտաս Պանթէոնին մէջ« եկեղեցական« կառավարական« պետական եւ բազմահազար թիւով հայրենակիցներու ներկայութեան հողին յանձնուեցաւ մեծ հայուն եւ հայրենասէր վարչապետին մարմինը: Այն վարչապետին` որ ամբողջ հոգիով ապրեցաւ ու գործեց Մայր Հայրենիքի այսօրուան եւ պայծառ ու բարգաւաճ ապագային ի նպաստ: Ան սիրուած ու յարգուած քաղաքագէտ մըն էր« որ ազգային կեանքին մէջ մուտք գործած էր 1970-ական թուականներէն: Հայ ժողովուրդի արդար իրաւունքներու պաշտպանութեան համար նոյնիսկ բանտարկուեցաւ սովետական իշխանութեան շրջանին: Բայց այդ բանտարկութիւնը արգելք չհանդիսացաւ որպէս զի ան ոգի ի բռին շարունակէ իր գործունէութիւնը: Իսկ Ղարաբաղեան պատերազմի տարիներուն իր գործօն մասնակցութիւնը բերաւ կամաւորական ջոկատներու կազմութեան« զէնք ու զինամթերք եւ սննդամթերք ղրկելու աշխատանքներուն« ինչպէս նաեւ անձնապէս մասնակցեցաւ պատերազմական գործողութիւններուն: Իսկ անկախ Հայաստանի Հանրապետութեան կերտման համար անխոնջ կերպով գործեց եւ իրագործման աշխատանքին բերաւ իր մեծ նպաստը: Այսպիսի հայրենանուէր ու ազգանուէր վարչապետ մըն է որ կորսնցուց Հայ ազգը: Վարչապետ մը` որ միշտ մնաց իր սիրելի ժողովուրդի կողքին« անոր ցաւերն ու մտահոգութիւնները իր սեփական ցաւերուն եւ մտահոգութիւններուն վերածեց եւ ջանաց լուծումներ որոնել ու գտնել` բարելաւելու համար իր հայրենակիցներուն առօրեայ կեանքը: Անրդանիկ Մարգարեան Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնը ստանձնեց 2000 թուականին: Անոր վարչապետութեան շրջանին Հայաստանի արձանագրած նուաճումներուն եւ յաջողութիւններուն մէջ մեծ բաժին ունեցաւ ան: Հայաստանի պետականութեան զօրացման« բարգաւաճման ու բարօրութեան ի նպաստ ան իր ամբողջական ուժերն ու միջոցները չխնայեց: Ճարտարագէտ« քաղաքագէտ եւ դիւանագէտ Մարգարեան միշտ մնաց համեստ ու բարի նկարագիրով հայը եւ մարդկային արժանիքներու տէր հասարակական գործիչը: Ան երիտասարդ էր« 56 տարեկան« եւ Մայր Հայրենիքն ու Հայ ժողովուրդը մեծ ակնկալութեամբ տակաւին կարիքն ունէին իր խոհեմ առաջնորդութեան ու ղեկավարութեան: Անդրանիկ Մարգարեան Հայ Եկեղեցւոյ հարազատ զաւակն էր. յարգանք ու պատիւ կը տածէր Հայ Եկեղեցւոյ եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հանդէպ: Իր մօտիկ աշխատանքներուն շնորհիւ եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնները աւելի սերտացան եւ աւելի արդիւնաւորուեցան` միշտ բարձր պահելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վարկն ու պատիւը: Հոգեկան գոհունակութիւն մը ունիմ որ Նիւ Եորքի մեր ժողովուրդը Առաջնորդարանիս հանդիսասրահին մէջ առիթը ունեցաւ հանդիպելու վարչապետ Մարգարեանին« ծանօթանալու անոր հետ եւ լսելու իր խօսքերն ու պատգամները: Շատերու ահամար բացառիկ պաետհութիւն մըն էր անձնապէս տեսնել Հայաստանի հանրապետութեան վարչապետը« մօտենալ անոր« ձեռանուիլ եւ բարեկամաբար զրուցել անոր հետ: Հայաստան այցելութիւններուս ընթացքին բախտը ունեցած եմ քանիցս հանդիպելու Վարչապետին հետ« որուն մէջ նկատած եմ հայրենասիրութեամբ ու ազգասիրութեամբ բաբախող սիրտ մը« սիրտ մը` մտատանջ հայրենի եւ սփիւռքի իր հայրենակիցներու ցաւերով ու մտահոգութիւններով: Վարչապետ Անդրանիկ Մարգարեանի յանկարծական մահուան առիթով Արեւելեան Թեմին անունով ցաւակցական նամակներ գրուած են Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Նորին Վսեմութիւն Ռոպէրթ Քոչարեանին« Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին եւ Հայաստանի Հանրապետութեան Պաշտպանութեան Նախարար Սերճ Սարգսեանին: Ինչպէս նաեւ հրահանգած ենք որ Կիրակի Ապրիլ 1-ին` մեր Թեմի բոլոր եկեղեցիներուն մէջ մասնաւոր Հոգեհանգստեան Պաշտօն կատարուի Անդրանիկ մարգարեանի հոգիի խաղաղութեան համար: Աղօթենք որ Տէրը Իր երկնային լոյսերուն մէջ հանգեցնէ վարչապետ Անդրանիկ Մարգարեանի հայրենասիրութեամբ տոգորուած հոգին« եւ Ս. Հոգիի մխիթարութեամբ զօրացնէ Հայաստանի Հանրապետութեան կառավարական« քաղաքական« կրօնական ղեկավար դէմքերը« ինչպէս նաեւ հանգուցեալի հարազատները:՚ Իսկ Հայաստանի Հանրապետութեան ԱՄՆ-ի արտակարգ դեսպան Տիար Թաթուլ Մարգարեան նախ շնորհակալութիւն յայտնեց Առաջնորդ Սրբազան Հօր« ինչպէս նաեւ ներկաներուն` որոնք եկած էին իրենց յարգանքի տուրքը տալու Հայաստանի Հանրպետութեան վարչապետին: Ապա« տուաւ Անդրանիկ Մարգարեանի կենսագրական գիծերը` շեշտելով անոր հայրենասիրական եւ ազգասիրական գործունէութիւնները: Որպէս վարչապետ ան աշխատանք տարած է Մայր Հայրենիքի քաղաքական եւ ընկերային կեանքի բարելաւման« ան եղած է Հայ Եկեղեցւոյ պաշտպան եւ ընտանեկան սրբութիւններու պահպանութեան ջատագով: Դեսպան Մարգարեան հանգամանօրէն անդրադարձաւ Հայ քաղաքագէտի դիւանագիտական բարեմասնութիւններուն մասին եւ ցաւ յայտնեց անոր վաղաժամ մահուան առիթով: Յաւարտ արարողութեան` ներկաները հրաւիրուեցան Առաջնորդարանի Հայկ եւ Ալիս Գավուքճեան հանդիսասրահը` ուր տեղի ունեցաւ ընդունելութիւն` Առաջնորդարանի Հայ Օգնութեան Ֆոնտի հիւրընկալութեամբ: ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ Մարտ 30« 2007