Ո´չ, բոլորովի՞ն ոչ: Այդ ավելի ուժեղ փաստարկը նույնպես քննադատության չի դիմանում: Հոգեկանում անգիտակցական միտումների գոյության մասին ենթադրությունը բոլորովին էլ չի ապացուցում, որ նրա հակադիր միտումները տիրապետող են հանդիսանում գիտակցական կյանքում: Գուցե հոգեկան կյանքում տեղ կա նաև իրար կողքի գտնվող հակադարձ միտումների, հակասությունների համար: Հետաքրքիր է նաև , որ մղումներից մեկի գերակշռությունը մյուսի անգիտակցական գոյության պայման է հանդիսանում:Այսպիսով՝ ուժի մեջ են մտնում սկզբից ևեթ առաջադրված այն առարկությունները, ըստ որոնց՝ երազների մեկնաբանության արդյունքները ոչ պարզ են և ոչ էլ հաճելի: Դրանցից առաջինին կարելի է պատասխանել, որ պարզության մասին երազելով ՝ դուք երազներին վերաբերող ոչ մի պրոբլեմ լուծել չեք կարող: Դուք պետք է հաշտվեք ենթադրվող բարդ կապերի գոյության փաստերի հետ : Երկրորդ առարկության կապակցությամբ կարող ենք ասել, որ դուք ակնհայտորեն անիրավացի եք, երբ որևէ գիտական դատողություններ գնահատելիս ելնում եք այնպիսի դրդապաճառներից, ինչպիսին ձեր հաճույքն է կամ տհաճությունը: Ի՞նչ նշանակություն ունի, որ երազների մեկնաբանության արդյունքները ձեզ համար հաճելի չեն կամ նույնիսկ ամոթալի ու զզվելի են թվում: Նման դեպքերում՝ դեռևս երիտասարդ բժիշկ եղած տարիներին, ես իմ ուսուցիչ Շարկոյից այսպիսի խոսքեր էի լսում. "Ca n'empeche pas d'exister *" ( ֆր._ Դա չի խանգարում դրա գոյութայնը): Պետք է հաշտվել և ամբողջապես մի կողմ թողնել սեփական համակրանքը, երբ ցանկանում եք իմանալ, թե այս աշխարհում ինչն է իրական: Երբ որևէ ֆիզիկոս ձեզ ապացուցի, որ երկրի վրա օրգանական կյանքը կարճ ժամանակ անց պետք է լիովին դադարի, ապա դուք կհամաձայնվե՞ք հակաճառել՝՝ ասելով . " Դա հնարավոր չէ". կամ "Այդ հեռանկարը չափազանց տհաճ է": Ես կարծում եմ, որ դուք կլռեք և կսպասեք քանի դեռ չի հայտնվել մեկ այլ ֆիզիկոս և ցույց չի տվել նախորդի ենթադրություններում կամ հաշվումներում որևէ սխալ: Եթե դուք ձեզանից հեռու վանեք այն, ինչ տհաճ է, ապա մեծ չափով կկրկնեք երազի կառուցման մեխանիզմների աշխատանքը դրանց բնույթը հասկանալու և հաղթահարելու փոխարեն:
Գուցե դուք այս դեպքում հրաժարվեք ուշադրության առնել գրաքննության կողմից մերժված ցանկությունների զզվելի լինելու հանգամանքը և վերադառնաք այն փաստարկին, ըստ որի, անհավանական է, որ մարդու կառուցվածքում չարությունն այդքան մեծ տեղ գրավի: Բայց արդյո՞ք ձեր սեփական փորձը ձեզ այդպես դատելու իրավունք է տալիս: Ես չեմ ուզում խոսել այն մասին, թե դուք ինքներդ ձեզ ինչպիսին եք թվում, բայց արդյո՞ք դուք ձեր պետերի և մրցակիցների կողմից բարություն եք տեսել, այնքան ասպետականություն ձեր թշնամիների վարքում և այնքան քիչ նախանձ ձեր հասարականության մեջ, որ ձեզ պարտավորված եք զգում հանդես գալ մարդու բնության մեջ եսասիրական չարության առկայության մասին տեսակետի դեմ: Մի՞թե դուք չգիտեք, թե սեռական կյանքի բոլոր հարցերում որքան անզուսպ ու անվստահելի է միջին մարդը: Կամ դուք չգիտե՞ք, որ այն բոլոր ծայրահեղություններն ու անթույլատրելի արարքները, որոնք մենք երազում ենք տեսնում, ամեն օր արթուն մարդկանց կողմից կատարվում են որպես իրական հանցագործություններ: ՈՒրիշ ի՞նչ է անում այստեղ հոգևերլուծությունը, բացի Պլատոնի վաղուց ասված խոսքը հաստատելուց՝ լավ մարդը նա է, ով բավարարվում է երազում տեսնելով այնպիսի գործեր, որ չար մարդը կատարում է իրականում:
Իսկ այժմ ձեր հայացքը անհատականից տեղափոխեցեք այն մեծ պատերազմի վրա, որը դեռ շարունակում է ավերել Եվրոպան, մտածեք այն անսահման դաժանության, կատաղության և կեղծիքի մասին, որոնք ներկայումս այնպես լայնորեն տարածվել են քախաքակրթված աշխարհում: Մի՞թե դուք իրականում հավատում եք, որ մի բուռ անխիղճ կարյերիստներ ու մոլորեցնողներ ի վիճակի են այդքան չարիք սանձազերծել, եթե նրանց միլիոնավոր հետևորդներ հանցակիցներ չլինեին: Արդյո՞ք նույնիսկ այդ պայմաններում դուք պատրաստ եք կռվի բռնվել հանուն մարդու հոգեկան կառուցվածքից չարը բացառելու տեսակետից:
Դուք կարող եք առարկել, որ ես , իբր պատերազմի մասին միակողմանիորեն եմ դատում, որ պատերազմը բացահայտում է նաև մարդկանց գեղեցիկ ու ազնվագույն կողմերը, նրանց հերոսականությունը, անձնազոհությունը, նրանց սոցիալական զգացմունքները: Անկասկած: Բայց մի´ եղեք նույնքան անարդարցի, որքան այն մարդիկ, ովքեր հոգևերլուծությանը շատ հաճախ մեղադրում են այն բանում, թե իբր այն ժխտում է մի բան , մյուսը հաստատելու համար: Մեր խնդիրը մարդու մեջ ազնիվ ձգտումների առկայությունը ժխտելը չէ, և մենք չենք արել ոչինչ, ինչը կարող էր դրանց թերագնահատում նշանակել: ընդհակառակը, ես ձեզ ցույց եմ տալիս ոչ միայն գրաքննության ենթարկված երազային չար ցանկությունները, այլև հենց գրաքննությունը, որը ճնշում ու անճանաչելի է դարձնում դրանք: Մենք մարդու բնության չար կողմերը հատուկ շեշտում ենք այն պատճառով, որովհետև ուրիշները ժխտում են դրանք, որի հետևանքով մարդու հոգեկան կյանքը չի բարելավվում, բայց անհասկանլի է դառնում: Հրաժարվելով միակողմանի բարոյական գնահատակնից՝ մենք իհարկե, կկարողանանք գտնել մարդու չարի ու բարու կապերի ավելի ճիշտ բանաձև:
Այսպիսով վիճակը նույն է մնում: Մենք երազների մեկնաբանության շնորհիվ ստացված արդյունքներից հրաժարվելու կարիք չունենք, եթե նույնիսկ դրանք մեզ օտարոտի են թվում: Գուցե ավլի ուշ այլ ճանապարհով կարողանանք դրանց ճիշտ ըմբռման հասնել: Իսկ առայժմ հիշենք երազում դիտվող աղավաղումները գրաքննության հետևանքներ են, որ ես-ի հայտնի միտումների կողմից օգտագործվում է գիշերը, քնած ժամանակ մեր մեջ շարժվող անպարկեշտ ցանկությունների դեմ: թե ինչի գիշերը և թե որտեղից է հայտնվում այդ դատապարտելի ցանկությունները, այդ ամենի վերաբերյալ դեռ շատ հարցեր կան, և ուսումնասիրություններ են պահանջվում:
Բայց արդարացի չէր լինի, եթե մենք այժմ թերանայինք այդ հետազոտությունների մեկ այլ արդյունք ուսումնասիրելու գործում: Երազում դրսևորվող ցանկությունները, որոնք ուզում են խանգարել մեր քունը, մեզ անծանոթ են, մենք դրանց մասին իմանում ենք միայն երազը մեկնաբանելու շնորհիվ: Այդ պատճառով դրանք կարող են անգիտակցական համարվել տվյալ ժամանակահատվածում և վերը ասված իմաստով: Բայց մենք պետք է ասենք մեզ նաև, որ դրանք ավելին են, քան միայն տվյալ ժամանակ անգիտակցական լինելը: Չէ՞ որ երազ տեսնողը դրանց գոյությունը ժխտում է նաև այն ժամանակ, երբ ինչպես մենք տեսանք մեծաթիվ օրինակներից, երազների մեկնաբանության շնորհիվ իմացել է դրանց մասին:
Այժմ մենք արդեն պատրաստ ենք ընդունել, որ հոգեկան կյանքում կան այնպիսի գործընթացներ, միտումներ, որոնց մասին մարդիկ ընդհանրապես ոչինչ չգիտեն, արդեն շատ երկար ժամանակ անտեղյակ են և գուցե նույնիսկ երբեք չեն իմացել: Դրանով իսկ անգիտակցականը մեզ համար նոր իմաստ է ստանում " տվյալ ժամանակ" կամ " ժամանակավորապես" հասկացություններն անհետանում են նրա բնությունից, այն կարող է նշանակել նաև տևական անգիտակցական, այլ ոչ թե միայն " այժմ թաքուն" հոգեկան: Այդ մասին մենք , բնականաբար , այլ առիթով ավելի մանրամասնորեն կխոսենք: